top of page
Search

«Քարկտիկ» Հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան

  • Writer: frunz8
    frunz8
  • 5 days ago
  • 27 min read



Он в руки воздух взял, который был осязаемее воска.

И понял, что сидеть в конторе —

неважный метод руководства.

Владимир Уфлянд


Նա բուռը օդ վերցրեց՝

Մեղրամոմից էլ մածուցիկ:

Բայց դե հոգուն կպած էր ցեց.

Որ կյանքը նեղ է, հանց խցիկ:

Վլադիմիր Ուֆլյանդի մոտիվներով


Կենտրոնը դատարկոտ էր դեռ, արտասահմանցի համարյա չկար, սովորական մարդ էլ քիչ էր, չնայած վտարանդի արցախցիների համար իրեր դեռ հավաքում էին Թորգոմի սիրած այգում, բայց էնտեղ էլ մարդ չկար, բացի մի աղջկանից, Թորգոմը բերեց մի քանի սպիտակ գրատախտակը, որ մնացել էր դեռ այն ժամանակից, ինչ ինքը երեխեքի հետ պարապմունքներ էր անցկացնում, հանձնեց աղջկան, դրեցին լիքը այլ ապրանքի կողքը, կտանեն Սյունիք, ինչ-որ դպրոց թե մանկապարտեզ, գնաց Արմանին հանդիպելու: Արմանը, ինչպես սովորաբար, ժամանել էր առանց նախապես իմաց տալու, ու հիմա Թորգոմը քայլում էր հրապարակի կողքերով, որ կես ճամփան ինքն անցնի, կես ճամփան՝ Արմանը, էդպես էին պայմանավորվել, ու մեկ էլ տեսավ Սյոմիկին, նույն հին կաշվե թիկնոցով, սև կեպիով: Բայց հետո նայեց՝ չէ, Սյոմիկը չէր, ուրիշ մարդ էր, հանկարծ հասկացավ, որ Սյոմիկին չի տեսել արդեն քանի ամիս, եթե ոչ տարի՝ պսակաժահրի սկզբից ի վեր: Վերջին անգամ տեսել էր վարսավիրանոց գնալիս, փետրվարի քսանի կողմերը, երբ պսակաժահրն արդեն Հայաստանում կար, բայց տնակալումը դեռ չկար: Վարսավիրանոցն էլ էդ վերջին անգամն էր, հետո արդեն՝ մարտի կողմերը, զանգում էր տարիների իր վարսավիրուհուն՝ հեռախոսն անջատած էր, հետո մի օր վարսավիրանոցի կողքով անցավ՝ փակ էր, մեկընդմիշտ: Շատ բիզնեսներ էդպես փակ կեղտոտ ցուցափեղկ դարձան էդ ամիսներին, տերը մեռնում էր ու՝ պըրծ: Մելինեն վարսավիրանոցի տերը չէր, բայց ուրիշ կոնտակտ Թորգոմը չուներ ու չէր էլ ուզում խորանալ՝ մեռե՞լ է, հեռախոսն ինչի՞ է անջատած: Սկսեց սեփական մազերը փիտրելով, գրեթե առանց հայելում նայելու կտրել, հետո հատակն ավլում էր: Արդեն կարևոր չէր, լավ է կտրած թե ոչ, համ էլ փող էր խնայում, էդ տեսակետից լավ էր, փողի խնայման ամիսներ եկան, գնալու տեղ չկար:

… Սյոմիկը չէր՝ քաղքի հայտնի թափառական Սյոմիկը, իր վաղեմի կուրսընկերը՝ Մոսկվայի սոված հանրակացարանից, որ ասում էր՝ «Մտավորականը պիտի մի քիչ կեղտոտ և հոտավետ լինի», բոյով, նիհար, մազերը՝ թեփոտած, ասես թեփուկապատ, ակնոցը՝ միշտ կեղտոտ, քրտնած, ոնց էր միջով բան տեսնում՝ հանելուկ, էդպես էլ մնացել էր տասնյակ տարիներ, բայց սկզբում այդքան գիժ չէր, որքան հետո դարձավ, մի օր «բանանային երեկո»-ի հրավիրեց Թորգոմին, Արմանին ու Վարդանին, հանրակացարանային փոքրիկ իր խցիկով մեկ բանաններ էր դրել, սեղանին, լուսամուտագոգին, գրապահարանի դարակներին, գրքերի վրա: «Բանանը, - ասում էր, - հետաքրքիր հատկանիշ ունի. բանան ուտելով կարելի ա կշտանալ, ասես ճաշես»: Բանաններ ու մոմեր, մոմերը վառել էր, Բրիգիտն էլ էր այնտեղ, բայց տղերքը, իհարկե, մենակ բանան ու էժան գինով չէին կարող բավարարվել, ինչ էլ Սյոմիկն ասեր, սոված ուսանող, Բրիգիտը հետո պիցցա պատվիրեց իրա դեսպանությունից: Էդ երեկոն էր, երևի, որ Արմանը Բրիգիտին կպցրեց, մինչդեռ Բրիգիտն իրեն՝ Թորգոմին էր սկզբում կարծես հավանել: Մի գիշեր համալսարանի շենքի կենտրոնում, գիշերվա կեսից հետո, խմած մի աղջկա հանդիպեցին, չէր կողմնորոշվում, իր սենյակը ո՛ր մասնաշենքում է, տգեղիկը ռուսերեն էլ համարյա չգիտեր, Թորգոմը մի քիչ ֆրանսերեն գիտեր՝ հետը խոսեց, տարան ճամփու դրին, նա Թորգոմի սենյակի համարը հարցրեց, մի քանի օրից եկավ հյուր, հետաքրքրվեց, Թորգոմն ի՛նչ է հավանում, Թորգոմն էլ, կուլտուրականորեն, թեյ դրեց, իր ֆոկուսը ցույց տվեց, կիսատ իր ֆրանսերենով ասաց, որ Մեգրեի պատմություններն է սիրում, ֆրանսիական մի բան պիտի ասեր, չէ՞, որ սիրում է, բերնից նաև Կամյուի անունը թռցրեց, իբր՝ գիտի, ով է, ինչ է, իրականում՝ չգիտեր, հաջորդ օրն էս աղջիկը գալիս է մի դաստա գիրք շալակը, գնացել Բելգիայի իր դեսպանատան ներքին գրախանութը դատարկել-բերել էր, է՛լ Մեգրե մի տասը հատ, է՛լ Կամյու ինչ կա-չկա… Թորգոմը հրաժարվել չէր կարող, թեև իր ֆրանսերենով հաստատ չէր կարդալու էդքանը երբևէ, տենց էլ էդ գրքերը մինչև հիմա մի տեղ կան դրած տանը, աղջկան էլի թեյ խմեցրեց, էլի ֆոկուսն արեց, շնորհակալություն ասաց, նույնիսկ որոշեց, բնականաբար, հանդիպակաց նվեր անել, մտածում էր՝ ինչ, Մոսկվայում ինքը ոչ փող ուներ, ոչ նվիրելու բան, բացի ֆոկուսի քարերից, էն էլ աղջկան կարծես շատ չէին տպավորել, համ էլ Մոսկվայում դժվար էին գոյանում, ուրիշ տեղեր՝ ցանկացած ուրիշ տեղ, օրը մի հատիկից ավել չէր ստացվում, Երևանն էլ՝ հեռու: Բանանի երեկոյին որ սարքեց, ասցին «մի հատ էլ արա», մոտը չէր ստացվում, բանանի հոտը խանգարում էր, բայց Վարդանի քույրը Կոնդի իրենց այգուց մի երկու հատ խնձոր էր ուղարկել, փոքր ու թթու, բայց հոտավետ, Թորգոմը խնձորը բուռը վերցրեց, բուռը մասսաժ արեց՝ ստացվեց: Արմանը խնձորն առանց ամաչելու կերավ՝ շատ թթու էր, դուրս թքեց փաստորեն, մյուսն էլ Բրիգիտը վերցրեց, դրեց պայուսակը, ու էլ չստացվեց – Թորգոմն էդ մի հատը հազիվ արեց ու անջատվեց-քնեց հենց Սյոմիկի սենյակում: Ուժը Երևանում էլ էր թուլանում, ինչքան օդն ավելի կեղտոտ էր դառնում, բայց դեռ կար: 

… Խղճի հուշումներն ականջի հետև գցեց, Մեգրեի դիմաց աղջկա ինքնասիրությունը չշոյեց՝ «ձեռնձգելով» կամ այլ կերպ, ընկերությունը չզարգացրեց, ինքն աստված գիտի՝ ինչով էր զբաղված այն օրերին, միտքը ծորում էր այսուայն կողմ, չէր կենտրոնանում, բայց Բրիգիտն իրեն առանձնապես դուր չէր եկել, թեև բարի աղջնակ էր, իսկ, ա՛յ, Արմանը և՛ զարգացրեց, և՛ ավարտի բերեց:

Սյոմիկը, դու մի ասա, աչք էր դրել վրան: Գալիս-խռնվում էր հայ տղերքի հավաքույթներին, թե ինչի, Թորգոմը չէր հասկանում, մի քիչ շատ էրուդիտ էր, վզին՝ լիքը հուլունք, ականջներից մեծ-մեծ օղեր կախած, բայց Սյոմիկին գրավել էր, բայց չկպավ, իհարկե. Արմանին գերադասեց, Թորգոմը չիմացավ էլ, իրանք իմացա՞ն, որ իրար հետ մրցում էին, - մի օր, շատ հետո, Բրիգիտը հանկարծ Թորգոմին պատմեց, ոնց էր Սյոման հույսը կտրած իր հետևից թափառում, բանան նվիրում, բայց ինքը նրան չոտկիով ասաց՝ «դե դու ինքդ էլ գիտես, որ դու գժոտ ես, մեր միջև բան չի ստացվի, ես շատ սիրում եմ քո հետ շփվել, դու խելոք ես, պրոլեգոմեններ, բան, բայց դրանից դուրս բան չի լինելու», ու Սյոման քոռ ու փոշման թողեց-գնաց, ու Թորգոմը մտածեց՝ ինչ լավ ա, որ ինքը չփորձեց «քայլ անել», թե չէ իրեն էլ, վայ թե, նույն բանն էր ասելու: Չնայած Մեգրեին: Կարող ա՞ Սյոման դրանից գժվեց:

Երևանում Սյոման մի օր, երբ դեռ ընկեր էին, Թորգոմին իր տուն տարավ, մայրն արդեն չկար՝ միայնակ մայր էր, էլի գժոտ՝ հայտնի պրոֆեսոր տնտեսագիտականում, սոցիալիզմի քաղաքատնտեսության մասնագետ, - կենտրոնի հին հսկա բնակարաններից էր՝ մե՜ծ շուշաբանդով, բակի կողմից առաջին հարկ, ճռճռան փայտե հատակ, ռեմոնտ չարած, Թորգոմը մտածում էր՝ է, թող ծախի, փոքրիկն առնի, ինքն էլ էդ փողով ապրի, թեև ափսոս կլիներ ծախել էդպիսի բնակարանը, մանավանդ էն վախտերով՝ համարյա ձրիով պիտի ծախած լիներ, թե ծախեր: Մի օր Թորգոմի մայրն ասաց «էս թիկնոցը մեկ ա չես հագնում, տանք Սյոմիկին, ձմեռը տկլոր ա ման գալի», - հայրիկը Հնդկաստանից սև կաշվե թիկնոց էր բերել Թորգոմին, երբ վերջինս 18 տարեկան էր, մոդայի էն վերջին պիսկը էն ժամանակ, Թորգոմը մի քանի տարի հագավ, աստառն արագ քայքայվեց, վրան էլ ճաքեր հայտնվեցին գունաթափ, մոդան էլ անցավ, ու մի շատ հարմարը չէր՝ ծանրոտ էր, մի խոսքով՝ Թորգոմը թարգեց այն հագնելը, մի քանի տարի էդպես մնացել էր պահարանում, չհաշված ճաքերն ու աստառը՝ դեն նետելու բան չէր, ու երբ տվեցին Սյոմիկին՝ նա հաճույքով ընդունեց, էն ժամանակ դեռ Թորգոմին շպիոն չէր համարում, ավելին, նոր աստառ կպցնել տվեց, շեկ ճաքերն էլ ինչ-որ հատուկ յուղով պատեց, նոփ-նորիկ տեսք ստացավ հնդկական կաշվե սև թիկնոցը, ու էդ օրերից ի վեր Սյոմիկը հե՜, մինչև Թորգոմի հետ վերջին հանդիպումը՝ 2020-ի փետրվար, ձմեռներն էդ անվերջ թիկնոցն էր հագնում: 

… էդպես էլ Թորգոմը չիմացավ, Սյոմիկն իր ծնողական բնակարանը ծախեց թե ոչ, որովհետև սկզբում եթե դեռ հետաքրքիր բաներ ասում էր Սյոմիկը, պրոլեգոմեններ, մանդիլյոն, բան, գնալով տարօրինականում էր, մոտ 1995-ի կողմերը կամաց-կամաց լրիվ դարձավ դավադրապաշտ ու Թորգոմին հայտարարեց ժողովրդի թշնամի, հոդվածներում ակնարկներով նրա մասին էր գրում, թեև անունը չէր տալիս: Հոդվածների համաձայն՝ Ամերիկան ուզում էր հայությունը վերացներ, հայությանը Ռուսաստանի դեմ տրամադրելով, «միասեռականություն» քարոզելով, Ադրբեջանի հետ խաղաղություն կնքել հորդորելով, և բոլորը, ովքեր դրան համաձայն էին, դավադիր էին ու արտասահմանյան գործակալ: Մի օր ձեռագիր նամակ ստացավ Թորգոմը Սյոմիկից, բա թե «Մենք ընկերներ ենք եղել, բայց եթե դու չթարգես արևմտյան արժեքները պաշտպանելու քո մոլուցքը՝ ես վերջնականապես կեզրակացնեմ, որ դու շպիոն ես»: Թորգոմը մեկ ուզում էր պատասխանել, հին Սյոմիկին հիշելով՝ լուրջ խոհուն նամակ գրել, բայց հետո հետ էր քաշվում. գիտակցությամբ արդեն գիտեր, որ չի օգնի, պատասխանելը սխալ է, բայց զգացմունքները դեռ խանգարում էին դա ընդունել մինչև վերջ: Պատասխանեց, այնուամենայնիվ, ջահելությունից էր թե անխելքությունից, բայց գրեց, որ «քանի որ ինքը չի պատրաստվում իր համոզմունքները թարգել, իսկ Սյոմիկը, լինելով հանդերձ իրեն լավ ճանաչող վաղեմի ընկեր, դավադրապաշտականությունից իրեն կորցրել է, ինքը՝ Թորգոմը, սույնով չի պահանջում Սյոմիկից՝ իր կարծիքները փոխել, քանի որ թքած ունի, ինչ կարծիքներ ունի Սյոմիկը, բայց պահանջում է հետ տալ հնդկաստանյան սև կաշվե իր պլաշչը՝ վերջին բանը, որ իրենց կապում է, բացի հին հիշողություններից, որոնք, սակայն, կարելի է և ջնջել ու ի չիք համարել, իսկ պլաշչն առհավատչյան է նրա, որ Սյոմիկը հնդկական շպիոն է, և եթե նա ուզում է հակառակն ապացուցի՝ պիտի այն հետ տա»: Սյոմիկը պլաշչը հետ չտվեց (տարօրինակաբար. Թորգոմը կարծում էր, որ Սյոմիկը սկզբունքային է և դա կանի. բայց, երևի, սիրտը շատ էր կպած), ի պատասխան գրեց, որ «դա դու չես ինձ նվիրել, այլ քո մայրը, և խնդրում եմ ինձ այլևս Սյոմիկ չասել, այլ՝ Սիմոն, չէ որ ես քեզ Թորիկ չեմ ասում»: Հետո պարզվեց, որ արդեն Թորգոմին շպիոն հայտարարած վախտերովը մեկ-մեկ գաղտագողի, Թորգոմի բացակայության ժամանակ, այցելում էր Թորգոմի մայրիկին, հետը կոֆե խմում, մայրիկն էլի Թորգոմի հին շորերից՝ լավ պահպանված, բան-ման էր տալիս, Թորգոմը պատահաբար իմացավ, մայրն էլ իրեն չէր ասում, վայ թե ոչ թե որովհետև թաքցնում էր, այլ՝ մտքովը չէր անցնում ասել, որ Սյոմիկն իրեն հյուր էր եկել, մի օր երբ պատահաբար ասաց՝ Թորգոմն էդպես իմացավ, իսկ երբ մայրը մահացավ, Թորգոմը նրա թղթերի մեջ Սյոմիկի երկու հոդվածը հայտնաբերեց, թերթերում տպված, որոնց վրա ձեռագիր գրված էր՝ «Թորգոմի սիրելի մայրիկին շնորհակալությամբ՝ խմբագրելու և խորհրդատվության համար», չնայած հոդվածներն էլի լրիվ դավադրապաշտական էին ու էլի Թորգոմին առանց անունը տալու կպնում էին: Թորգոմի մայրը դավադրապաշտ չէր, բայց, երևի, բարեսրտությունից դրդված՝ խմբագրել էր, օգնել: Չէր էլ գուշակել, իհարկե, ում է ակնարկում Սյոմիկը:

Նամակների էդ փոխանակումից հետո Թորգոմը երկար ժամանակ Սյոմիկին չէր հանդիպում, հետո երբ փողոցում հանդիպեց՝ «Բարև, Սյոմիկ», ասաց ու առաջ անցավ առանց կանգնելու, Սյոմիկն էլ ասաց «բարև» ու առաջ անցավ, հետո հանկարծ կտրուկ շուռ եկավ և փայտացած իր վազվածքով վազեց դեպ իրեն, Թորգոմը նույնիսկ մի քիչ երկնչում էր՝ չգա՞ հիմա փողոցի մեջտեղը սկանդալ անի կամ վրաս հարձակվի, Սյոմիկը թափով մոտեցավ, կանգ առավ և ասաց. «Ես արդեն քեզնից պահանջել եմ, որ դու ինձ Սյոմիկ չասես»:

Թորգոմը կարկամեց, հանկարծ հիշեց, որ, ախր, իրոք, նամակում Սյոմիկը դա ասել էր, իսկ ինքը, արի ու տես՝ մոռացել էր, ուշադրություն չէր դարձրել Սյոմիկի համար, գուցե, ամենակարևոր բանին: Անուշադիր է մարդկանց հանդեպ, անտարբեր, արհամարհող. միայն ինքն իրեն է տեսնում: 

- Իհարկե, - ասաց (քիչ էր մնում ասեր «Սյոմիկ ջան», հազիվ զսպվեց), - իհարկե, Սիմոն: Մոռացել էի, կներես: Իմ սխալն է:

(Ուզում էր էլի կատակել, հոգու հետ խաղալ, ասել «Սիմո՞ն ասեմ, թե՞ Սեմյոն», բայց էլի իրեն զսպեց: Սիմեոն պիտի ասեր, սինյոր Սիմեոն:)

- Այ դու հենց էդ ամբողջությունն ես, - ասաց Սյոմիկը, - որ մոռանում ես:

Նա գուցե կուզենար էլի խոսել, բայց Թորգոմը գիտեր, որ դա ճիշտ բան չի լինի, ճիշտ ուղով չի տանի իրադրությունը, ասաց «սրանից հետո չի կրկնվի», թողեց-գնաց:

Էդ օրվանից էլի, երբ հանդիպում էին՝ Թորգոմն ասում էր «բարև, Սիմոն» ու անցնում, նա էլ կեսբերան «բարև» էր ասում, Թորգոմը վախվխելով էր ամեն անգամ ասում, եթե Սյոմիկը հեռու էր՝ աշխատում էր ձև թափել, թե չի նկատում, որ չբարևի, չգիտես ինչից էր երկնչում… Երևի՝ կոնֆլիկտի մեջ լինելու տհաճությունից զուտ, գիտեր, որ կուզի՝ իրեն բոլորը սիրեն, բայց, ահա, այս մարդը որոշել է իրեն թիրախավորել, հնուց, լավագույնը՝ ինքը (ո՞ր մեկը) պարզապես չլիներ, բացակա լիներ, չհանդիպեր: Բացատրվել փորձելն իմաստ չունի: Բայց մի երկու անգամ, երբ այդպես փորձում էր փողոցի հանդիպակաց մայթով աննկատ պլստալ՝ Սյոմիկը, դա նկատելով, հետ էր դառնում ու իրեն հասնում, ասում «Բարև», աչքերի մեջ ագրեսիվորեն նայելով, ինքն էլ պատասխանում էր: Սյոմիկը քայլքը դանդաղացնում, խորասույզ նայում էր, ասես ուզում էր հենց ինքն էլ հարցաքննել Թորգոմին, «չեկիստի ուրվական»: Եթե Թորգոմն ուզում էր հարցնել «ինչ ես ուզում ինձնից, ինչի ես ինձ հետապնդում կամ անտեղի տեղը շպիոն համարում կամ ինչի ես դու դավադրապաշտ դարձել»՝ Սյոմիկը, երևի, ուզում էր հարցնել «ինչի ես դու շպիոն, ինչի շպիոն դառար էս խեղճ ժողովրդի գլխին, չէ որ դու լավ տղա էիր, ոնց ըտենց փոխվար, բա մեղք չի էս ժողովուրդը, որ ուզում եք իրան վերացնեք, ինչ մեղք ա գործել»: Բայց Թորգոմը գիտեր. խոսել փորձելն անիմաստ է, բարևելուց հետո արագ-արագ անցնում-գնում էր, Սյոմիկն էլ մի պահ հապաղում էր, մեջը գցում-բռնում ու որոշում, որ, այո, ինքը զբաղված է, պիտի դեռ ոտքով Օպերայից հասնի Երրորդ մաս ու հետ դառնա Չերեմուշկա, ինքն իր շատ կարևոր գործերն ունի, չարժի էս մարդու «վրա» ժամանակ կորցնել, ու շտապ հեռանում: Սյոմիկի պահի տակվա էդ ցանկությունը՝ էլի սկսել խոսել, բարևելուց բացի, Թորգոմը, ասես վարժեցնող, պիտի հանգցներ նոր ավանդույթ ստեղծելով. ասես նորմալ բան է, որ վաղեմի ընկերներն իրար տեսնեն, բարևեն և իրենց գործերով գնան, ասես ավանդույթը դա է՝ բարևել և անցնել, ինչպես և ուրիշ մարդկանց դեպքում, և ոչ մի աննորմալություն էլ դրա մեջ չկա:

Հենց պատրաստվեց բարևել՝ նոր հասկացավ, որ էս Սյոմիկը չի, թեև թիկնոցը լավ էլ նման էր: Տնակալման ընթացքում սկսել էր նաև վատ տեսնել, բա ի՞նչ կլինի, ամբողջ օրը համակարգչին հակված: Սյոմիկին ուրեմն չի տեսել էսքան ժամանակ, ծանոթ սև ֆիգուրն ու՞ր կորավ, հո իրան էլ չի՞ խփել-տարել պսակաժահրը: Բա ի՞նչ, տեսնես Սյոմիկը դրան հավատացողն էր ու համարում էր, որ Ամերիկայի կամ Չինաստանի դավադրությու՞նն է, թե՞ չէր հավատում ու համարում էր, որ դավադրությունն էն է, որ պարտադրում են դրան հավատալ ու տնակալվել: Բանակ տարած չէին լինի, ազատված էր, գժի թղթով թե ինչպես, բայց եթե փողոցներում այլևս չի թափառում, չի հանդիպում՝ ուրեմն… Այն դեպքերից էր, որ չի գնալու ստուգելու նրա հին տունը, չի գրելու իրեն նամակ իմակով, հեռախոսն էլ չունի, ունենար էլ՝ չէր զանգի, շատ-շատ ընդհանուր ծանոթներից էսպես, իբր շատ հետաքրքիր չի՝ եթե չմոռանար՝ տեղեկանար, տեսե՞լ են, չէ՞: Երկու էդպիսի ֆիգուր կար կենտրոնները, մեկը դերասան տղա, որ ինչ-որ միջնադարյան եվրոպական տրուբադուրի շորեր էր հագնում ու քայլում քաղաքով մեկ, ու Սյոմիկը՝ Թորգոմի նախկին կաշվե թիկնոցով: Դերասան տղան նկատվել էր վերջերս, իսկ Սյոմիկը… 

**

- Հետո՞: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ա լինելու:

Արմանը՝ ձիգ, պարապած, ջահել, ինչպես միշտ՝ թեթև հագնված: Իրար տեսան՝ մի պահ հապաղեցին հետո ողջագուրվեցին, ինչպես նախորդ անգամներին՝ մինչ պսակաժահրը. հիմա էլ հո դիմակ չեն կպցնելու նոր փաթաթվեն: Նստեցին սրճարանում:

- Շնորհակալություն, շատ օգնեցիր:

- Ոնց ա, օգտագործվում ա՞:

- Էն էլ ոնց: Իրանք ամենատարրական բաները չունեին, քո շնորհիվ սկսեցին ինքնականացման լաբորատորիան կազմավորել:

Թորգոմին, որպես նախկին կենսաբանի, տարել էին կենսաորոշարկման կայան, որտեղ, պարզվեց, որոշարկման գլխավոր սարքից չկար: Ռուսաստանյան լաբորատորիան կողքն էր, մերոնք  տղուկների փորձուկները հանձնում էին ռուս բժիշկներին, որ բաղադրությունն իմանան, տղերքի կտորտանքը մնում էր լռված, չստուգված, տղերքի կտորտանքն իրանց ինքնության հետ ոչ մի կերպ չէր նույնականացվում: Փազլի պես՝ սենց էին դասավորում, նենց՝ ու էլի չէր բռնում: Թորգոմին հանկարծ Արմանն էր գրել. բան կա՞ օգնելու: Թորգոմը գիտեր, Արմանից ի՛նչ խնդրել, ի՛նչ չխնդրել, և ո՛ր չափի: Թեև հաճախ սխալվում էր էլի՝ հույսը չէր կտրում: Ասաց՝ միջին ծախսի կոնկրետ բանը – որոշարկման ամենաէժան սարքը՝ հինգ հազար եվրոյով: Գցեց-բռնեց, որ բալանսը դա է. փող չի տալիս, ի՛նքը պիտի առնի, էդ գումարն իր համար հեչ բան է, հետո՝ բանակին ու բժշկությանն առնչվող բան է, զենք չի: Արմանն իսկույն համաձայնեց, մուծեց, բերելը կազմակերպեց, արդեն պատերազմից երկու շաբաթ անց աշխատացրին: 

- Ինչքա՞ն մնացիր:

- Երեք ամիս: Նոր տարուց առաջ զորացրեցին:

- Բա ի՞նչ էիր անում:

- Դե, փորձուկները ստանում էինք, գրանցում էի, տալիս որոշարկման, հետո պատասխանը որ ստանում էինք՝ հաղորդում էի ըստ հասցեի: 

- Գրագրի գործ, մի խոսքով: Բա մտքներովը չանցա՞վ քեզ ավելի իմաստավոր օգտագործել:

- Է՜-է: Ասելու չի: Իմ ամենաիմաստավորը դու էիր ու էդ սարքը: Տղա՞դ ոնց ա:

- Ոչինչ: Բուժում ենք, ոնց կարանք:

Արման-Բրիգիտի ավագը՝ Արտյոմը, արյան քաղցկեղ էր հիվանդ, ներարկումներով և այլ բուժումներով էին յոլա գնում:

- Իրանք որտե՞ղ են, Լոնդո՞ն:

- Չէ, մենք Լոնդոնից տեղափոխվեցինք Աբու Դաբի:

- Յա: Բա ինչի՞:

- Դե, էդ հարկերով հանգիստ չեն տալի, ճնշում են: Արևմուտքը քաք ա դառել:

Ոչ Արմանը, ոչ Թորգոմը կամ, ասենք, Սյոմիկը չգիտեին, երբ Արմանը Բրիգիտի հետ էր ամուսնանում, որ Բրիգիտը Բելգիայում ամրոց ունի: Արմանը մաթեմատիկոս էր, էդ հետո պարզվեց, որ իր թեզի ընդդիմախոսը Բերեզովսկին էր, էն ժամանակ ով գիտեր, Բերեզովսկին ով է: Պաշտպանեց՝ եկան Երևան, մի քիչ ֆռացին-ֆռֆռացին, Արմանը տխեկվոնդոյի կուրսեր ստեղծեց, բայց շուտով չվեց Լոնդոն Բրիգիտի հետ ու Սիթիի մի բանկում սկսեց աշխատել, իսկ մի քանի տարուց ռուսաստանյան մի բանկ առավ երեք գործընկերոջ հետ, եկավ Մոսկվա, իր բանկում էր նստում, քսանհարկանի բանկի վերին հարկն իրենն էր: Նախկին շրջխորհրդի շենքի վրա ևս տասնհինգ հարկ էին ավելացրել ԽՍՀՄ քանդվելուց հետո, դարձրել իրենց բանկ, տեսքից նայեիր՝ չէիր գուշակի, որ հիմքում նախկին շրջխորհուրդ է: Պուտինը հերթական մի օլիգարխ էր բերդ նստեցրել՝ բանկն էժանով ծախել էին, Արմանը երեք հոգու հետ կարողացել էին չանթել-գնել, իսկ հետո Արմանը, ճիշտ կողմնորոշվելով, էդ բանկի մեջի իր փայը ժամանակին իրացրեց ու էլի տեղափոխվեց Լոնդոն, ու էլ ոչ մի տեղ չէր աշխատում, գործի գնալուց զզվել էր, միայն փող էր ներդնում էստեղ-էնտեղ: Բախտը բերեց (ինքն ասում էր՝ հաշվարկը, հոտառությունը), բանկի իր բաժինը վաճառեց՝ բանկը մի քանի տարուց փակվեց, դատական գործերի տակ ընկավ: Գործընկերները տնկվեցին: Փողը դժվարությամբ, բայց տեղափոխեց օֆշոր, էն էլ հիմա, պուտինյան արարքներից հուզված, Բրիտանիան ջղայնացել էր ու ճնշում էր, և ահա՝ Աբու Դաբի: Հայաստան երբ գալիս էր՝ Տիգրան Սարգսյանը, ուրիշ մեծամեծներ, օլիգարխներ ու բանկիրներ իրեն հրավիրում էին, հետը տարբերակներ քննարկում, բայց ինքը պինդ էր ու չկամ. միայն իր ուզած պրոյեկտներին էր մասնակցում, մեկ էլ՝ մանր-մունր բարեգործության:

- Ես մի գիրք էլ ֆինանսավորեցի՝ Արշակ երկրորդի այրուձիու մասին:

Թորգոմն ուզում էր ասել՝ «էլ բան չգտա՞ր ֆինանսավորելու»: Բայց չէր ասելու, համ էլ՝ ասեր-չասեր՝ օգուտ չկար:

- Բայց ի՞նչ ես կարծում, ի՞նչ ա լինելու:

- Ախր ես ինչ ասեմ… Տղերքն էին մեղք:

- Բայց ո՞նց էս ամենը սենց ստացվեց:

Սկզբում Արմանը համարում էր, որ Ռոբի ու Սերժի իշխանությունը նորմալ ա: Իհարկե, թերություններն ընդունում էր, բայց համարում էր, որ ուրիշ բան չի կարող լինել էս վիճակում: Պուտինին էլ էր շատ հավանում: Շատ զարմացավ, երբ մի օր Թորգոմը սկսեց Պուտինին քննադատել: Հետո, երբ 2018-ին Նիկոլը եկավ իշխանության, Արմանն էլի զարմացավ: Բայց սկսեց համաձայնել, որ, երևի, Ռոբի ու Սերժի իշխանությունը էն չէր, եթե Նիկոլին հաջողվեց էդպես բոլորին վեր կացնել ու գալ իշխանության: Նույնիսկ բնակարան առավ Երևանում, ասում էր՝ երևի տեղափոխվեմ էստեղ: Բայց մինչև տեղափոխվեր՝ պսակաժահրը եկավ ու իսկույն էլ պատերազմը: Պուտինի հանդեպ էլ դանդաղ, բայց կարծիքը փոխում էր, եթե առաջ հեչ չէր համաձայնում Թորգոմի ասածներին, հիմա սկսել էր ավելի անորոշ վերաբերվել էդ հարցին:

- Բա դու ինչի՞ Լոնդոնից էկար, եթե Աբու Դաբիում էիք:

- Գործեր ունեի, գնացի ընդե ու էկա: Չվերթ էլ չկար, էս պսակաժահրի պատճառով բոլոր ուղերթները փակ էին: 

- Բա ո՞նց էկար:

- Մասնավոր ջեթ պատվիրեցի:

- Վաու: Բա էդ ի՞նչ արժեր:

- Հիսուն հազար դոլար:

Թորգոմն ինքնաբերաբար հարցրեց, թեև սովորաբար էդպիսի հարցեր չէր տալիս, կիսա-ինքնաբերաբար, իբր՝ սովորաբար ես էդպիսի հարցեր չեմ տալիս, բայց ահա, բերանիցս թռավ, կուզես՝ ասա, կուզես՝ ոչ: Բայց կարելի էր և համարել, որ սպառողական հասարակարգի երկու տղամարդու խոսակցության նորմալ հարց է, ո՞վ գիտի, գուցե գինն իրեն պետք էր, որ երբ պետք լինի, ինքն է՞լ մասնավոր ջեթ վարձի: Չնայած որոշել էր Երևանից քիչ դուրս գալ, որ պուճուր իր հրաշքի ուժը չկորցնի:

Արմանն էլ սովորաբար էդպիսի հարցերի չէր պատասխանում, բայց Թորգոմի նորմալ սահուն հարցն արագ եկավ, ինքն էլ արագ պատասխանեց: Ու մտածեց, որ՝ այո, սպառողական հասարակարգի երկու նորմալ տղամարդու խոսակցության մեջ՝ տեղեկություն է, էլի, ով գիտի, գուցե մի օր Թորգոմին էլ պետք լինի մասնավոր ջեթ պատվիրել, թող կողմնորոշվի, ինչ արժի: 

Մի երկու տարի էդ փողով կապրեի, թե համեստ լինեի՝ երեք տարի, մտքում հաշվեց Թորգոմը, պատկերացնելով, ոնց էր Արմանը դատարկ սպիտակ ջեթում մենակ նստած սավառնում Թուրքիայի վրայով: Բայց չէր ափսոսում, որ ինքը Բրիգիտի հետ չամուսնացավ: 

- Դու չհիվանդացար, չէ՞:

- Չէ: Դու՞:

- Ես էլ: Առայժմ, - քմծիծաղեց Թորգոմը:

- Ձերո՞նք:

- Չէ հլա: Բա Լոնդոնիդ տու՞նն ինչ արիր:

- Ծախեցի:

- Բա Ադու Դաբիում վարձում ե՞ք:

- Վաղուց առել ենք, բայց ռեմոնտը շատ ա ձգձգվում, դե գիտես, ամեն ինչ պիտի իմ ուզածով լինի, ես քթի մազ եմ էդ հարցերում: Առայժմ վարձով ենք ապրում:

Թորգոմը մի անգամ կես տարի սպասեց ու վիզա ստացավ, փառք աստծո, կոնֆերանսը նախօրոք էին պլանավորել, հրավերը շուտ էր ստացել: Վերջին օրն ազատ էր, Արմանը եկավ հյուրանոց ու իրեն տարավ լոնդոնյան իրենց տունը ցույց տալու, որ տասը տարվա ռեմոնտից հետո ավարտել էր: Գնացին հյուսիս՝ համարյա Մարքսի գերեզմանի մոտ, ու մի հսկա ամրոց հառնեց, Վիկտորիա թագուհու ոճի, երևի, - մտածեց Թորգոմը: Երևի, Բրիգիտի բելգիական ամրոցին նմանն էլ էստեղ են գտել, որոշեց: Ուզում էր ճաշակը գովել, բայց չհասցրեց. դարպասը բացվեց, ավտոմեքենան ներս գնաց (երկտեղանի էլեկտրական փոքրիկը՝ քաղաքի համար)՝ Թորգոմը տեսավ, որ սխավել էր. ամրոցը հարևան տարածքն էր, իսկ էս չափարի ներսում սպիտակ գույնի, տափակ տանիքով բունկեր էր, թվում էր՝ հազիվ իր բոյի: Դիմացի պատը՝ ամբողջն ապակի: Ապակին Արմանը սղղացրեց-հետ քաշեց՝ դուռն էր, ներս մտան՝ սպիտակ բունկերը հեչ էլ ցածր չէր, վերևն էլ դեռ հարկ ուներ, իսկ ներքևը՝ մի հսկա սենյակ, սպիտակ պատերով, խոհանոցն էլ մեջը, դատարկ, մի քանի բազմոց ու մեջտեղը՝ փոքր-մոքր Բրիգիտը կանգնած: Միռանդան մի քանի ամսական էր, քնացրել իջել էր: Համբուրվեցին: Թորգոմը միշտ սխալվում էր, թե բելգիուհիները քանի անգամ են խաչուփաչ համբուրվում, երկու, թե երեք, թողեց որ Բրիգիտն առաջնորդի, սա էլ ընդամենը մի հատ թշով հպվեց Թորգոմի թշին ու հետ կանգնեց, անգլիավարի:

- Նվեր չեմ բերել, - ասաց Թորգոմը, - կներեք: Կոնֆերանսի էի եկել ընդամենը: Բայց դե էս միշտ կարող եմ նվիրել:

Ձեռքը պարզեց, օդից քարը դժվարությամբ կթեց բռի մեջ, մեկնեց: Ոտքերը թուլացան, բայց դիմացավ:

- Ձեր տանն ապահովություն:

(Հիմա պարզ դարձավ. չարդարացավ իր մաղթանքը):

Բրիգիտը քարը վերցրեց, դրեց երկար դատարկ դարակի վրա: 

- Ես սրանից մի հատ էլ ունեմ, - խորամանկորեն ասաց, - վերևը պահած է:

Թորգոմի սիրտը ջերմացավ, որ Բրիգիտը հիշում է, դեն չի նետել, չի կորցրել: Երկու հատ, ուզում էր ճշտել, բայց չճշտեց: Չավելացրեց նույնիսկ. «Ես էլ քո Կամյուներն ու Մեգրեներն եմ պահում»: Գոնե մի հատը պահել է ուրեմն:

Հսկա սենյակի մեջտեղի սեղանին աշխարհի ամենաանհամ ուտելիքը դրին – դե Թորգոմն էդպես էլ սպասում էր, - կերան, խոսեցին: Թորգոմը գովեց Արմանի ճաշակը:

- Սաատչիի ոճն ա:

- Հա, էրևում ա: Բայց ես լինեի՝ պատերին նկարներ կկախեի:

- Էս չափսի լավ նկար դժվար ա գտնել:

- «Գեռնիկան» չես կարո՞ղ առնել: Չափսով կբռնի:

Արմանը ծիծաղեց:

- Մտքովս չէր անցել: Բայց շատ դիլխոր ա: Այ, եթե Խանջյանի «Վարդանանքը» վաճառվեր…

- Ես մի էդպիսի նկար գիտեմ, - ասաց Թորգոմը՝ միշտ կառուցողական տրամադրված. – «Անդրանիկը Սարդարապատում», Արկադի Մարտիրոսյանի պաննոն ա, հոյակապ նկարիչ էր, ինքը մահացել ա՝ ընտանիքն ուզում ա վաճառի: Քեզ հաստատ դուրըդ կգա. Խանջյանից լավն ա, թեման՝ համարյա նույնը: Հայրիկս էլ մեջը կա՝ ընկերներ էին. իրա բոլոր ծանոթների պորտրեները մեջը դրել ա՝ որպես հին պատմական հերոսների դեմքեր: Բայց պիտի բերես:

Եվ իրոք. Արմանը հաջորդ անգամ երբ եկավ՝ գնաց Արկադի Մարտիրոսյանենց արվեստանոցը, ժառանգների հետ պայմանավորվեց, պաննոն առավ ու հասցրեց Լոնդոն: 

- Բա նկա՞րն ինչ արիր:

- Բերել եմ, ես հո դրանից չէի հրաժարվելու: (Աբու Դաբի)

Արմանի սիրտը, իրոք, կպել էր այդ նկարին, բայց, իհարկե, Թորգոմին՝ որպես բրոքերի, մաղարիչ անել մտքովը չէր անցել: Երևի, Բրիգիտն ասած կիներ՝ արա՛, հիշեցրած կլիներ, որ նկարի տեղը Թորգոմն ասաց, բայց Արմանն ասել էր «անհարմար ա, ընգեր տղա ա»: 

**

- Դե լավ, հիմա ասա, ինչ ես կարծում, ինչ ա լինելու:

- Ինչ կարծեմ: Հինգ տարի թե տենց գնա՝ լավ ա:

- Բա հետո՞:

- Հետո ռուսական զորքը դուրս կգա ու՝ պըրծ:

- Տենց ե՞ս կարծում:

- Հա: Ես ընդհանրապես զարմացած էի, որ Ալիևը էդ պահին կանգ առավ, հլը ռուսական զորք էլ ընդունեց: Իրա ինչի՞ն էր պետք: Երևի, ուզում էր միջազգային հանրության աչքում լրիվ մոնստրուոզ չերևար, թե չէ պըտի հուպ տար մինչև վերջ: 

- Բա ստե՞ղ ինչ ա լինելու:

- Դե Նիկոլը պիտի գնար, բայց չգնաց:

- Բա ինչի՞ չքշեցիք:

- Դե պատկերացրու էս նեղ մաջալին քշեին, պետությունը դառնար լրիվ անտե՞ր: 

- Ինչի, գային նորմալ մարդիկ, հայտարարեին էդ պայմանագիրն անվավեր…

- Է նորից կհարձակվի: 

- Չի համարձակվի: Ռուսներն ընդե են:

- Բա որ համարձակվե՞ց: Համ էլ կարա Հայաստանի վրա հարձակվի, հեն ա, «Արևմտյան Ազերբայջան» են երգում:

- Ինչի էդքան թույլ ե՞նք:

- Դու, երևի, չես պատկերացնում, որ զորքից համարյա բան չի մնացել: Չորս ու կես հազար կամ ինչքան զոհ, երևի դրանից էրկու անգամ ավել՝ վիրավոր, մնացածն էլ շփոթ, ու էս սահմանն էլ որ երկարել ա… 

- Բա ի՞նչ ա պետք անել, ի՞նչ ես կարծում:

- Ասեմ քեզ մի անկեղծ բան. էդ շփոթն ու խուճապը մարդկանց ուղեղներում ա: 

- Դե հա, Նիկոլը սաղ խառնեց իրար:

- Նիկոլն իրա հերթին: Բայց ինքը ի՛նչ տեսավ. որ պետությունը ներսից փդած ա: Ներսից փդած ա կառուցվել: Հին սովետականի վրա ինչ ավելացրել են՝ եվրոռեմոնտ չէր, սուտ բան էր, ասես դաբաղի վրա պառկետ փռեն, բետոն չանեն: Ինքը էդ ասում էր նույնիսկ պատերազմից առաջ:

- Էլի նախնիներն են մեղավո՞ր:

- Մտածողությունը: Սովետից էկած, հետո ստե ազգայնական էդ համակարգը դառած՝ որ «մենք բանակի ու Արցախի խաթր ենք, ինչ կա-չկա՝ դրա խաթր, մի բողոքեք կոռուպցիայից, մի բողոքեք մեր թալանից, թե չէ Արցախը կկրվենք»: Ու ժողովուրդը սովորել ա, որ տենց են խաղի կանոնները:

- Բա ի՞նչ անենք:

Սա արդեն ֆանդռեյզինգի պահն էր: Թորգոմը չգիտեր, նախօրոք ենթագիտակցորեն ինչպե՛ս է մտքում ֆռցրել, գուցե գիշերը, երազում, որը էլի ենթագիտակցական էր, - ինչպե՛ս է ֆռցրել այս ամենը, սպասվող այս խոսակցությունը, ֆռցրել է, թե ոչ: Արմանն իր ընկերն էր, ու Թորգոմը վաղուց էր սովորել, որ կարելի է ու ճիշտ է Արմանին հանդիպել բաց սրտով ու առանց որևէ պլանի, պարզապես հին ընկերներ են՝ շփվել, բայց կարելի է նաև պատրաստ լինել և փորձել որևէ պրոյեկտ հետը քննարկել, թե առիթ լինի, ով գիտի, գուցեև կպնի: Միաժամանակ պետք էր լինել էդ աննպատակ ու ռազմավարական ռելսերի վրա, որոնք հաճախ տարբեր ուղղություններով էին սլանում, ու ճարպկորեն մեկից մյուսին ցատկել. առիթը կա՝ գաղափար քննարկել, չի ստացվում՝ հետ թռնել պարզապես գյալլաջիի, ասես հեչ պետքդ էլ չի: Ինչը չէր կարելի՝ լրջով ու միայն գաղափար քննարկելու նպատակադրությամբ տրամադրված լինել շփվելու: Որ հետո չհիասթափվես էլ:

- Էն ձիրքդ կա՞:

- Դե հա, ուր պըտի կորի:

- Չես զարգացնու՞մ:

- Դե ես գիդեմ իմ սահմանները, վաղուց, փոքրուց:

- Մի հատ լաբորատորիա ա պետք՝ զարգացնի, կարող ա պետք գա:

- Ուր ա որ ըստե տենց բան:

- Է գնա Եվրոպա կամ Ամերիկա:

Մի պահ… ինչպես, ասենք… Պատկերացնենք, որ մարդը կարողություն ունենար՝ ապրելու բոլոր հնարավոր ճակատագրերը, այսինքն և՛ այս ուղղությամբ ապրեր, և՛ այն, և՛ մյուս: Էդպես՝ իր կյանքը, փոխանակ մի գծով գնալու, կտարածվեր հազար կողմ, և էդ կողմերից մեկում կլիներ Թորգոմի ապրած կյանքի ա՛յս տարբերակը, մյուսում՝ Արգենտինա գնալն ու Կորտասար ու Բորխես ուսումնասիրելը, երրորդում՝ Բայկալ հասնելը, չորրորդում՝ նույնիսկ Անտարկտիդա, հինգերորդում՝ սուզանավով օվկիանոսի հատակն ուսումնասիրելը, ու էդ գծերից մեկն էլ կլիներ էն, որ իրեն կզանգեին մի գեղեցիկ պատահական կեսօր, ու մի գեղեցիկ պատահական աղջկական ձայն…

- Կներեք, ես պարոն Թորգոմի հե՞տ եմ խոսում:

- Այո, լսում եմ:

- Բարև ձեզ, պարոն Թորգոմ, ձեզ անհանգստացնում է Արմենուհի Սևորտյանը՝ ԱՄՆ-ի Դալլաս քաղաքի պարակենսական լաբորատորիաների ղեկավար պրոֆեսոր Ջուլյետ Մորտունիի տեղակալը: Մենք ուզում էինք ձեզ հրավիրել Դալլաս՝ հետազոտվելու: Ձեր ձիրքը մեզ շատ հետաքրքրում է: Բոլոր ծախսերը կհոգանք, իհարկե, և հետազոտության ամեն օրը դուք կստանաք երկու հազար դոլար: Անվտանգությունն ու ապահովությունը մենք երաշխավորում ենք:

- Չէ, - չոր՝ կասեր ինքը: - Թող մեր կենսաորոշարկման լաբորատորիայի պրոֆեսոր Ջիվանյանը հետաքրքրվի՝ ձրի էլ կհամաձայնեմ հետազոտվել:

Չէր ասի՝ «էդտեղ չեմ կարենա օդից քար քամեմ»: Ու կանջատեր սմարթֆոնը:

- Չես հետաքրքրվե՞լ, ով կարող ա դրանով զբաղվել:

- Դե ես իմ սահմանափակությունները գիտեմ…

**

…Բակով մեկ առու էր վազում, գետնի տակ առնված առուն տեղատարափ անձրևից հետո դուրս էր հորդում աստված գիտի որտեղից, բակը ողողում, երեխեքով որոշել էին քարերով դեմը փակել, գյոլ կապել, համ էլ որ էլ բակը չողողի, բայց քար չկար: Բակի կանաչը վերջերս էին ասֆալտել, որ ավտոները հարմար կանգնեն, ծակ չէր մնացել, բացի էն անհայտ ծակից, որից առուն էր լույս աշխարհ հորդում գետնի տակից: Ինչն է լիքը՝ քարը, բայց հենց որ պետք է լինում՝ չկա: Տղերքը գնացին հեռու տեղեր քար փնտրելու, Թորգոմի սիրտը մի քիչ ցավում էր, որ ծառերն էլ չկան, նայեց դատարկ ասֆալտին, բակում առոք-փառոք թառած տհաճաբույր գոնչոգլուխ ավտոներին, դրանց ակների տակից վազող կեղտ դարձած առվին, պատկերացրեց, ոնց է քարը բռի մեջ բռնում, դնում վազող շիթի հե՛նց մեջտեղը, բուռն օդում շարժեց… օդը մի ձևի պնդացավ, ձեռի մեջ քար դարձավ:

- Քար կա՛, կա՛, - գոռաց ընկերներին, սրանք հետ դառան, տեսան ձեռի քարն ու սկսեցին խնդալ.

- Թորիկը քար ա գտել, էն էլ ինչ քար՝ Տորք Անգեղի քար, էն որ նավերի վրա էր շպրտում:

Քարը, իրոք, փոքր էր, դժբախտ ու դժգոհ: Ինքը այն դրեց ջրի մեջ: Ջուրը քարը ծածկեց, վարար առաջ հոսաց: Թորգոմը մի հատ էլ բուռը շարժեց՝ օդը մի հատ էլ պնդացավ, քար դարձավ, էլի փոքրիկ:

- Էդ ո՞րդից ես քթնում:

- Օդից եմ սարքում:

- Պա՛հ: Դե մի հատ է՛լ սարքի:

Թորգոմը սարքեց: 

- Էս կտա՞ս ինձ:

Թորգոմը տվեց:

- Ինձ էլ:

Մի հինգ հատ քար սարքեց Թորգոմն ու հոգնեց: Թողեց-գնաց տուն ու քնեց, տղաները հետո առանց իրեն առվի բուկը փակեցին:

Ոչ միշտ էր հաջողվում օդից քար սարքել, հատուկ վիճակ էր պետք, բայց ինքը հետո սովորեց, բուռն օդում շարժում էր, որքան կարող էր շատ օդ հավաքում, սեղմում՝ քարը բսնում էր բռան մեջ: Բայց ամեն անգամ հոգնում էր, հալից ընկնում, դրա համար օրը մի անգամից ավել չէր անում, երբ հասկացավ, ինչից է հոգնում: Իր ընկերուհի Նվարդի համար քարկտիկի հինգ հատ քար սարքեց, նվիրեց: Էդպես: Տանը ծնողները զարմացան, երբ ցույց տվեց, ու մոռացան: Մեկ-մեկ մենակ, երբ հյուրեր էին լինում, հայրն ասում էր «Դե մի հատ շնորհքդ ցույց տուր», Թորգոմը քարը սարքում տալիս էր հյուրերին, նայում էին, ծպպցնում: Հայրը մի պահ սկսեց Թորգոմի սարքած քարերի վրա բան նկարել, մտքին կար՝ վաճառել, զառ սարքեց, թզբեհ, բան, մի քանի տարի նույնիսկ Վերնիսաժում մեկը ծախել էր փորձում, առնող չեղավ, հետո էլ հայրը հիվանդացավ, գնաց: 

- Աստված մի բան խառնել ա իրար, - ասում էր, - պիտի օդից փող քամեիր, քարից՝ հաց, բայց սաղ-սաղ օդից քար ա քամել տալի:

Հոր ընկերը շինարար էր, Թորգոմից մի քանի քար վերցրել, ներկել ու մոզայիկում էր օգտագործել, գիտահետազոտական նոր ինստիտուտ էր կառուցում, դրա պատի մեջ՝ Անանիա Շիրակացու բլուզի մաս էին: Մի քանի ռուբլի հոնորար էր տվել: Թորգոմը երբեմն գնում թաքուն նայում էր իր քարերին, մենակ ինքը տեղերը գիտեր, ներկած էին. մեկը՝ կապույտ, մեկը՝ կանաչ, մեկը՝ ուլտրամարին: Սովետից հետո ԳՀԻ-ն քանդեցին, ինքը տենց էլ չաշխատեց, Սովետից հետո իմաստ չուներ, հիմա տեղը մոլլ ա:

…Որ Մոսկվայից եկավ, Վարդանի հորաքրոջ աղջիկը սրճարան էր բացել, տորթ էին թխում-ծախում, մի օր թույլ տվեց՝ Թորգոմը գնաց այնտեղ, ֆոկուսը ցույց տվեց մի հինգ անգամ, հալից ընկավ, գլխարկ էր հետը տարել, գլխարկի մեջ մի քիչ ռուբլի դրեցին: Մեջները մի խմբագիր կար, մյուս օրը տպվող միակ թերթերից մեկում գրել էր. «լույսի հովհարային անջատումներից օգտվելով՝ էժան աճպարարությամբ հաճախորդներից փող են հավաքում»: Վարդանի հորաքրոջ աղջիկը կրակն ընկավ, կաֆեն էլ փակվեց բավական շուտով, կարծես թե ոչ թե այդ պատճառով, այլ Վանոյի, բայց դե ամեն դեպքում: 

Հիմա ամբողջ կյանքը չի պատմելու, երբեմն-երբեմն այդ հարցին անդրադառնում էր, կենսաբանական այդ պատճառով էր ընդունվել, բայց ոչինչ չպարզաբանվեց, տենց բաներ չէին սովորեցնում: Երեսուն տարի է՝ էդ լաբորատորիայում մուկ էին մորթում, ոնց Սովետի վախտ մորթում էին՝ էդպես էսօր էլ: Հիմա քանակապես ավելի քիչ, բայց մեկ է, ուրիշ բան չկար, որակապես՝ լավ էլ վարակում ու մորթում էին, պորտա-, այսինքն մակաբույծներ հետազոտում: Երբ կարող էր՝ բռով օդ էր որսում, քար մակաբերում, շատ՝ չէր կարող, սիրուն քար՝ չէր կարող, Երևանից դուրս՝ շատ քիչ էր կարող: Ինչ-որ ժամանակ հետաքրքրվում էր, էդպիսի հատկություն որևէ ուրիշ մարդ ունի՞, բայց այլ նման դեպքի վերաբերյալ տեղեկություն չգտավ: Ոչ մի գրքի մեջ տենց բան չկար գրած, որ մարդ ձեռի մեջ քար բուսցնի՝ ու ուրիշ ոչինչ: «Քար ա, էլի, սաղ, - ծաղրում էր Սյոմիկը, երբ դեռ լրիվ գժված չէր: - Քարի երկիր: Գոնե ծառ բսնցնեիր»: Միակ անգամը, որ պետք էր եկել՝ մանր մեխ էր պետք խփել փափուկ տախտակի մեջ, որ Նվարդի նկարը պատից կախեն, ու ոչ մի հարմար բան չկար. ինքը քարը ծնեց ու խփեց, թեև էլի հարմար չէր: Տափակ կողմ գրեթե չուներ, անկապը: Երբեմն որ նվիրում էր՝ առաջարկում էր ջրի մեջ դնել, մի քիչ սիրունանում էին, գետաքարի պես: Մինչև էլի չորանալը:

**

- Ոնց ես, է, անում:

- Ձեռդ առաջ պարզի՝ կզգաս, ոնց ա օդը մեջը քարանում: Չես զգու՞մ:

- Կարող ա պաշտպանության համար պետք գար…

- Բայց ո՞նց:

- Եսի՞մ: Եթե հետազոտեին՝ գուցե սովորեին արագ օդից քար սարքել, պատնեշներ շարել: Ինչն ա շատ՝ օդը:

- Մի ասա: Քարն էլ պակաս չի: Իսկ օդը, գիտես, նայած որտեղ ա շատ: Երևանում, օրինակ, էդքան էլ չէ:

- Լավ, բա ի՞նչ անենք:

- Դե, օրինակ… - Թորգոմը գնաց մյուս ռելսով, - միտքն է, ասում եմ, խնդիրը: Պետք է միտք բուծել:

- Բայց ո՞նց:

- Դե նայի. դու գիրք ես ֆինանսավորել, չէ՞: Ու լավ ես արել, որովհետև հայերեն գիրքն աշխարհում քիչ է: Համացանցում գիտե՞ս ինչքան քիչ ա հայերենը:

- Պատկերացնում եմ:

- Դե ուրեմն պետք է արագ թվայնացնել հայերեն բոլոր տեքստերը: Պետք է մարդիկ նստեն ու ինչ կա-չկա՝ լցնեն համացանց:

- Իսկ դա չի արվու՞մ:

- Արվում ա, մի կերպ, կիսատ-պռատ, անկանոն: Համակարգային մոտեցում է պետք:

- Իսկ դա ի՞նչ կարժենա:

- Եսի՞մ: Մի տասնհինգ հազար դոլարի հեռանկար որ լինի՝ կարելի ա սկսել:

- Ինչի՞: Տեքստ սքան անելու համար էդքան փող ա՞ պետք:

- Մենակ սքանը չի: Հենց բուն համացանցի մեջ ընդգրկելը: Հետո՝ ստանդարտները: Ու հազար ու մի ուրիշ խնդիր: 

- Դրանով միտք կբուծե՞ս:

- Հետո կարելի ա հետազոտել, վերլուծել, կոմբինացնել… Արհեստական Բանականությունն էլ հայերեն կզարգանա… Նաև թվայնացնել, տեքստայնացնել բոլոր բանավոր խոսքը…

- Նենց ես ասում, ոնց որ մի խելքը գլխին բաներ են ասում բանավոր: Ես լսում եմ, չկարծես: Սիվիլնեթ, Հանրային, բան… Դրանից ի՞նչ միտք: 

- Միտքը նույնիսկ հիմարությունը վերաիմաստավորելով ա ծնվում:

- Էն, ինչ ինքնըստինքյան պիտի արվի, պետության կողմից, համալսարանի, ակադեմիայի՝ ուզում ես, որ ես անեմ:

- Դե էդ ա: Իրանք չեն անում կամ կիսատ-պռատ են անում: 

«Ինչի սարքը պետության կողմից չպիտի գնվե՞ր», չասաց:

- Համ էլ՝ պաշտպանությանն էդ ի՞նչ օգուտ: Ես, օրինակ, Մեծամորում դռոնի արտադրության պրոյեկտ եմ ֆինանսավորում:

Չկպավ: Թորգոմն իրեն ենթագիտակցաբար մխիթարեց, որ ինքը նախօրոք գիտեր, որ չի կպնելու:

- Լավ, բա դու՞ ինչ ես կարծում, վերջն ինչ պիտի լինի:

- Դե պիտի մի կերպ տակից դուրս գանք, զարգանանք, հզորանանք ու գնանք-հողերը հետ վեկալենք: Բա էլ ո՞նց:

- Քանի՞ տարուց կպատկերացնեիր, որ դա հնարավոր ա:

- Դե եթե լավ աշխատենք՝ մի հինգ-յոթ:

- Բայց ո՞նց պիտի հետ վերցնենք:

- Դե ոնց որ իրանք՝ հարձակվենք ու գրավենք:

- Քանի՞ մարդու կյանք կնվիրես: 

- Դե առանց դրա հնարավոր չի:

- Տաս հազար կնվիրե՞ս:

- Դե հա, - Արմանը նայեց Թորգոմի աչքերի մեջ:

- Ասում ես Արտյոմը ոնց ա՞:

- Ոչինչ, շնորհակալություն, արյան մյուս ներարկումը երեք ամսից ա:

- Իսկ Միռանդա՞ն:

- Շատ էլ լավ ա, դպրոց ա գնում, նկարում ա:

- Որտեղ, Դուբայու՞մ:

- Չէ, Աբու Դաբիում: Մենք Դուբայում չենք, Աբու Դաբիում ենք:

-Հա՜, մոռացել էի: Իրարից հեռու ե՞ն:

- Էնքան էլ չէ:

Ձեռքերը դմբուզ արած՝ սեղանի ներքևը, որ չնկատվի, Թորգոմը սեղմել էր շալվարին, զգում էր, որ ձախը խլրտում է, մի քիչ թուլացնի՝ մեջը քար է բուսնելու, բայց կարիք չկար: Օդը զով էր համեմատաբար, պսակաժահրի շնորհիվ մի քիչ մաքրվել էր: Սրճարանը դատարկ էր, իրենցից բացի մարդ չկար, ամաչելուց չէր, որ Թորգոմը չէր ուզում քար ծնել կրկին: Պարզապես չէր սիրում, երբ ինքնաբերաբար էր դա լինում, ոչ իր ցանկությամբ: Հիմա, գուցե պսակաժահրի շնորհիվ, այդ դեպքերը շատացել էին, էլի չգիտեր, օդի մաքրվելուց է թե ինչ. եթե ուշքը գլխին չէր պահում, շաբաթը մի երեք անգամ ինքնաբերաբար ծնվում էին փոքրիկ քարիկներ: Ձախ ձեռքում: Աջն այդ ունակությունը չուներ: Տարիների ընթացքում սովորել էր, որ օրական եթե երեք հատ ծնեց՝ հետո մի տասը ժամ պիտի քնի, որ ուշքի գա. բուն ծնելու պահն ուժ, թվում է, չէր պահանջում, բայց հետո հանկարծ ամբողջ մարմինը քնկոտանում էր: «Մենակ թե Էրևանից դուս չգամ՝ օդասեքսուալ ուժս դեռ տեղում է», ինքն իրեն մխիթարում էր, «նույնիսկ պատուհասները գուցե կազդուրեցին:»: 

- Մերոնցի՞ց ինչ կա:

Թորգոմը չէր հասկանում, ինչու է Արմանը հին ընկերներից իրեն ընտրել առանձին հանդիպումների համար, կարար, չէ՞, Սյոմիկին ընտրած լիներ, հետո ինչ, որ գիժ է: Գուցե իրոք գիտեր, որ վախտին Բրիգիտի վրա է փորձել ֆռռալ… Թորգոմն Արմանին չէր ասել, որ Սյոմիկի հետ այլևս չի շփվում, բացի բարևից: Որ ասե՞մ ինչ: Նենց էր ասում «մերոնցից», ասես իր ու Սյոմիկից բացի էլի մարդ կա, հո Վարդանին նկատի չունի, երբ մեռելը չկա՝ էլ արդեն իրա մասին չես հարցնում, ինքը էլ հաշիվ չի, կինոյից դուրս ա, չնայած ֆոտոները հրեն ամեն դպրոցի պատին: Չնայած ով գիտի Արմանին:

- Ռուս մի ժուռնալիստուհի հաղորդում էր արել Սյոմիկի մասին: Ես պատահաբար յություբում տեսա: Ասում էր՝ «չեկիստի ուրվականը Երևանում»:

- Հա, ռուսները սիրում են, հենց որ տենում են՝ հետը նկարվում են: Ուսպեխ Սյոմիկը:

- Ո՞նց ա:

- Եսիմ: Չեմ հանդիպել վերջերս:

- Կարաբալա ա դառել գլխներիս:

- Հա:

- Բայց դե ծաղիկ չի նվիրում աղջկերքին:

- Սյոմիկը շատ կուլտուրական ա: Հենց որ աղջիկ ա տենում՝ կեպին հանում գլուխ ա տալի:

- Էդ ուրեմն պըտի կեպին ընդհանրապես գլխին չդնի – սաղ քաղաքը աղջիկ ա, տղա ա՞ մնացել որ:

«Միռանդային քար ուղարկե՞մ նվեր: Չարժի»:

- Մյուս անգամ ե՞րբ կգաս:

- Իմաց կտամ: 

- Գալուց ընտանիքիդ հետ արի, Միռանդային կարոտել եմ:

Վեր կենալուց Թորգոմը սուրճը մուծեց, Արմանն ուզում էր հաշիվը ձեռից առներ, Թորգոմը թույլ չտվեց.

- Առանց էն էլ փող ծախսելու առիթ չի լինում:

Քայլեցին դեպ հրապարակ: 

**

- Թորգոմ, կպավ, կպավ, - ասաց Արմանը:

Բայց հույսները չկորցնելով՝ փոխանակ թողնեն, Թորգոմն աղջկան մինչև իր սենյակ հասցնի՝ չորսով գնացին: Դռան մոտ աղջիկը հապաղեց: Կանգնած ճոճվելով իրենց էր նայում, երևի մտածում էր՝ «որին ընտրեմ», կամ մտածում էր՝ «սաղով չգան լցվեն սենյակս»:

- Լավ, Թորգոմ, մենք գնանք, - ասաց Վարդանը կիսա-հարցական:

- Սաղս էլ կգնանք, - ասաց Թորգոմը:

- Բայց խի՞: Կպել ա, լեզուն էլ գիդես: Անջախ քար ես կթում: Հես ա, ռեալ…

- Համենայն դեպս՝ ես կգնամ:

Աղջիկը նորից նրանց աչք ածեց, հետո ձեռքը տարավ պայուսակի մեջ, բանալին հանեց, դուռը բացեց: Ներս չմտնելով՝ էլի իրենց նայեց:

- Մերսի:

Էդ ժամանակ էր, որ թուղթ ու գրիչ հանեց, Թորգոմի անունը և սենյակի համարը գրեց, հետո սենյակ մտավ:

- Հարամ արինք Թորգոմի կայֆը, - ասաց Արմանը գոհունակորեն:

- Սենյակի համարը բայց գրեց, - ասաց Սյոմիկը:

- Գրազ գա՞նք, որ չի գա, - ասաց Վարդանը:

- Ես գրազ չեմ գալի, - ասաց Սյոմիկը:

- Կգա, - ասաց Արմանը: - Ու՞ր պիտի կորի:

Եվ իսկապես: Ու՞ր պիտի կորեր:

**

Վարդանն էր, որ լուրջ հետաքրքրվում էր Թորգոմի քարով, էն էլ չհասցրեց մի բան անի: Խորիմաստ կերպով ասում էր. 

- Օդը թթվածին է և ածխաթթու գազ: Ածխաթթու գազն ածխածին է: Ադամանդն ածխածին է: Եթե դու կարողանում ես օդի բաղադրությունը մասերի բաժանել ու ածխածին ստանալ՝ ուրեմն դու ադամանդ ես քամում: 

Բայց չէ. սովորական անլի-անտեսք քարի կտոր էր:

- Հեչ բերանդ դրել ե՞ս, - ասում էր Վարդանը:

- Հա:

- Հետո՞: Չի հալվու՞մ:

- Խի պըտի հալվի:

- Պապըս ասում ա՝ Ղազախստան բերդում իրանց որ գործի էին տանում՝ ղազախները իրանց վրա քար էին շպրտում, դե իրանք էլ կարծում էին նորմալ ա, ղազախներն իրանց թշնամի են համարում: Սենց մանր սպիտակ քարեր: Մի օր էլ, ասում ա, քայլելուց ընգավ, էրեսը խփեց էդ քարերին՝ մեկ էլ մածունի հոտ առավ: Դու մի ասա չորացրած քուրթ էր: Ասում ա դրանից հետո ադամանդի պես շնորհակալ էինք ղազախներին: Պետք ա մանրացնել, փոշին հաբ սարքել, տալ մարդիկ խմեն, տեսնենք ինչ էֆեկտ կտա: 

- Ո՞վ պըտի խմի:

- Կասենք վիտամին ա: Հլը լավ կծախվի էլ: Հետ գամ՝ անենք:

Բայց հետ չեկավ: Մազալու բեղերը վեր ծալեց, հոր երկփողանի որսորդականն ուսին՝ գնաց պատերազմ: Թորգոմը հետո՝ թաղմանն իմացավ, որ օֆիցիալ դաշնակ էր: Գեոպոլիտիկ դաշնակ: Գեոպոլիտիկ դաշնակ էին ինքը, իր հայրը, մայրը, պապը, հորեղբայրը, հորեղբոր տղան, սանիկը, մի խոսքով՝ բոլորը: Գեոպոլիտիկ դաշնակ չէր միայն Վարդանի հորաքրոջ աղջիկը: Դե սովորաբար բոլորն էին գեոպոլիտիկ դաշնակ, Արմանն էլ, Սյոմիկն էլ, բայց Սյոմիկն ասում էր՝ «ես անցողիկ գեոպոլիտիկայի զինվոր չեմ, այլ՝ ճշմարտության»: Վարդանենք սասունցի էին, Վարդանն էր Թորգոմին ժամանակին տարել հարիսա ուտելու ծեսը ցույց տվել Մուսալեռում: Թորգոմը երբ գնաց կենսաբանության լաբորատորիայում աշխատելու՝ Վարդանն ասում էր «ու՞մ փողով ա էդ ծրագիրը, Ամերիկայի՞», - «հա», - «դե էդ ա, էլի, մեր թշնամու հետ ես համագործակցում, իրա ձեռից հաց ես ուտում», էն վախտերով Թորգոմը դեռ վեճի բռնվում էր երբեմն, ասում էր «ինչի՞, Ամերիկան ուզում ա, որ նորմալ զարգացած ժողովրդավար երկիր դառնանք», «չես հասկանում, - ասում էր Վարդանը, - մեր վիճակն էն ա, որ մենակ ոչ ժողովրդավար երկրները, մենակ ամենապահպանողական ուժերն են, որ մեզ աջակից են, Ամերիկային նավթն ա պետք, Ռուսաստանին թուլացնելը», «ուրեմն ի՞նչ, հույս չունենա՞նք, որ նորմալ երկիր կդառնանք», «զզվում եմ էդ «նորմալ երկրից», քեզ նորմալ երկիր ա՞ պետք, թե՞ Ղարաբաղը», «լավ, ասենք՝ Ղարաբաղը պահեցինք, բա Ջավա՞խքը», «հետո էլ Ջավախքը, հետո էլ Նախիջևանը», - «Վրաստանի հետ էլ ե՞ս կռվի գնալու», «նայի. Աջարիան արդեն համարյա Վրաստանից դուրս ա, Հարավային Օսիան ու Աբխազիան լրիվ դուրս են, մնաց Ջավախքն էլ պոկենք՝ ի՞նչ Վրաստան, թող մնա Թիֆլիսը, մեկ ա ինքը հայկական քաղաք ա:  Մառնեուլին էլ տանք թուրքերին՝ Ղարաբաղի փոխարեն, հարցը լուծվի»:

«Բայց ախր ժողովրդավարությունը հաղթում ա աշխարհով մեկ»: «Է, կհաղթի, կհաղթի՝ ու կչորանա, ինքը ուժ չունի հաղթելու, իրանց երեսպաշտ կոռումպացված լիբերալիզմը մեկ ա կզցվելու ա: Կսպասենք, մինչև մերոնք գան»: «Բայց ախր էդ մութ ուժերը որ գան իշխանության՝ մեզ կուտեն»: «Դե դրա համար էլ պետք ա էսօրվանից պատրաստվել, հետները կապերը զարգացնել: Բա ես հատուկ գնացի Մոսկվա, որ Կուրղինյանին հանդիպեմ, բա ինչի՞ համար»: «Հետաքրքիր մարդ ա՞»: «Չէ հա: Բայց մի հատ տարօրինակ թատրոն ունի՝ Յուգո-զապադում: Գնացի պիեսին, բան չհասկացա»: Թորգոմը ծիծաղեց. «էդ նորմալ ա. ես էլ գնացի էստեղ Քիքիի հեփփենինգին, էլի բան չհասկացա: Հիմա մոդա ա տենց պիեսներ բեմադրելը: Բայց Կուրղինյանը բան նշանակում ա՞, որ»: «Էսօր չի նշանակում՝ վաղը կնշանակի: Ընդհանրապես, պետք ա ամեն խաղի մեջ մտնել, ոչ մի խաղից չհրաժարվել, մենակ թե՝ սեփական ատաղձն ունենալ: Դրա համար ես չեմ արգելում (ասես կարար արգելեր), որ էդ լաբորատորիայում աշխատես: Որտև գիտեմ, որ թեև ապոլիտիկ ես՝ բայց իսկական հայ ես, հայուգենըդ պինդ ա, սիրտըդ մերն ա»: Մխիթարեց: «Մենակ թե զգույշ էղի ու ուշադիր»: Թշնամու տարածք Թորգոմի գնալը փաստորեն օրհնեց, ձգվեց՝ կոլոտ էր, թմփթմփացրեց Թորգոմի ուսը և ի՛նքը գնաց: Թորգոմը նրան լավ էր վերաբերվում՝ թույլ տվեց, մանավանդ որ նա գնում էր:

«ժողովրդավարություն» բառը թարմ էր, Թորգոմը հատուկ էր ընդգծում: Մինչ այդ ասում էին դեմոկրատիա, բայց ինչպես պրեզիդենտին նախագահ վերանվանեցին, այսինքն՝ պրեդսեդատել, դեպուտատը՝ պատգամավոր, այսինքն՝ դելեգատ, էդպես էլ, քանի որ ռամկավարները ռամկավարություն բառն արդեն օկուպացրել էին, ժողովրդավարություն մտցրին:

Կամավոր գնաց ու առաջին իսկ օրերին խփվեց, լավ ա էս մի պատերազմում չխփվեց՝ դիլխոր մնար, էն հաղթականում խփվեց, որպես հաղթող: Խմբակիցներն ասում էին ամենաարդարն էր՝ մառաձյոռության դեմ էր պայքարում, ասում էին՝ ամենաքաջերից էր, «առաջ էր նետվում, որ մեզ դուխ տա, հետևից տանի», մի քիչ կասկած կար՝ քանի որ թիկունքից էր խփվել, բայց խմբակիցները բացատրում էին, որ շուռ է եկել որ քաջալերի՝ էդ ժամանակ ա թուրքը խփել: Ինչևէ: Նայում էր Թորգոմը դագաղի մեջ Վարդանին՝ Վարդան կար ու էլ չկա, տեսնես ինչ զգաց վերջին պահին, լավ է, շատ չտանջվեց: Ի տարբերություն ուրիշների՝ Թորգոմը սեփական քարը սարքեց ու գցեց դագաղի վրա: Սյոմիկը լավ էլ գնաց քելեխին և հետո կապը Վարդանի ընտանիքի հետ պահպանում էր, Արմանը հանկարծ հրաժարվեց գնալ, ներողություն խնդրեց, մի կերպ ծլկեց, Թորգոմը գնաց, Սյոմիկին սատար (էն ժամանակ դեռ դոստ էին, էն ժամանակ դեռ Սյոմիկը քաղքի թափառականներից չէր), մի քիչ կողքը նստեց, մի երկու թաս խմեցին, հետո Սյոմիկին ասաց «չես նեղանա՞, թե ես թռնեմ», «չէ», ասաց Սյոմիկը, ուտում-խմում էր, հոգով-սրտով քելեխի մեջ էր, գլխավոր խոսողներից էր, Վարդանի ճոճվող ծնողներին իբր մխիթարողներից, - Թորգոմը չսպասեց՝ Վարդանի Մոսկվայի ընկերների կենացը խմվի, նոր գնա, մենակ սեղանից հեռու նստած կույր նամռութ պապին գրկեց, ուզում էր հասկանար, մածունի հոտ գալիս ա, թե չէ: Գալիս էր: Գլուխը շոյեց, փախավ:

**

- Մի հատ փող հանեմ, - ասաց Արմանը բանկոմատի տունիկի մոտ, մտավ ներս:

Թորգոմը կանգնած սպասում էր:

Արմանը դուրս եկավ՝ 

- Դե լավ, լավ խոսեցինք, թե Աբու Դաբի գաս՝ իմաց տուր:

- Դու էնտեղ ե՞ս գնում, թե Լոնդոն:

- Լոնդոնով՝ էնտեղ:

- Էլի ջեթո՞վ:

- Տեսնենք:

- Քանի՞ օր ես դեռ մնալու:

- Մինչև ուրբաթ:

- Դե թե ազատ երեկո լինի՝ զանգի: Ես մենակ վաղը երեկոյան եմ զբաղված:

- Անպայման:

Բայց գիտեին, որ էս անգամ էլ չի զանգի:

- Լսի, - ասաց Թորգոմը, - էն տասը հազարը… Ես քեզ երեքն ուղարկեցի…

- Հա, ստացա, մերսի:

- Էն յոթն էլ պըտի էս ամիս ուղարկեի, բայց կլինի՞ մի քիչ էլ ձգեմ, միանգամից շատ ա: Չեմ ուզում մաս-մաս ուղարկեմ, մի երեք ամսից լրիվը միանգամից ուղարկեմ:

- Իհարկե, - հեշտ ասաց Արմանը: - Խնդիր չկա:

Գիտեր. Թորգոմը չուղարկողը չի:

Իրար ձեռք սեղմեցին, նորից ողջագուրվեցին, Արմանը գնաց դեպ Աբովյան փողոց, Թորգոմը նրա հետևից նայում էր, հետո մտավ բանկոմատի տունիկը, չնայած անելու բան էնտեղ չուներ: Որ պահկվի: Հականեխիչ մածուկի տարա էր պատից կախած: Թորգոմը կոճակը սեղմեց, լիքը հոտավետ մածուկ վերցրեց բռան մեջ, աջ բուռը լավ մաքրեց, հետո ձախը, ձախ թուշը, հետո էլի մածուկ կորզեց տարայից, շորի վրայից քսեց ուսի կողմերը, հետո՝ ամբողջ թրաշին ընդհանրապես – էն բոլոր տեղերին, որ Արմանի հետ ողջագուրվելիս Արմանին դիպած կլինեին: 

Հոտը քիթը մտավ, էդքան էլ հաճելի հոտ չէր, արհեստական մոնպասյեի ու ինչ-որ պլաստմասի՝ խառը: 

Դուրս եկավ բանկոմատի տունիկից  ու քայլեց. ձախ ձեռը ջղաձգվում էր, փորձեց հանգստացնել՝ չստացվեց, դեռ ախտահան մածուկը լրիվ չչորացած՝ իրենից անկախ՝ բռում օդ հավաքեց, սեղմեց, բռան մեջ ծնվեց լռության պես փոքր քար: 

Հանկարծ ում տեսնի՝ դեպ իրեն էր գալիս, իր մշտական թռվռան քայլվածքով: Жив курилка! Ուրեմն չի մեռել: Դեռ հեռու էր, ահա անցավ հավերժ կրակի մոտով, որն այլևս վաղուց չէր վառվում, ինչ անկախացան, չշատրվանող շատրվանների կողքով սկսեց մոտենալ, փառապատ իր ակնոցով տեսնես տեսե՞լ է Թորգոմին, թե՞ չէ, վայ թե տեսել էր ու հատուկ ուզում էր դեմը դուրս գալ: Ափսոս, Արմանը դեռ այստեղ լիներ՝ միասին հանդիպեինք: Զանգե՞մ հետ կանչեմ: Իհարկե, Սյոմիկը մեռնողը չի, պսակաժահրն ինչ ա, որ Սյոմիկի հախից գա: Պատերազմն ինչ ա, որ…

Թորգոմը սրտնեղած՝ ձեռքի քարը գցեց հազար ու մի շատրվանների, որ այժմ չէին աշխատում, տարածք: Քարը թույլ կտկտաց ու լռեց/լռվեց: Թորգոմը զինվորի պես զգաստացավ, ասես կողքից պալկովնիկ էր անցնելու՝ պըտի չեստ տար:

Սյոմիկը մոտենում էր:

- Բարև, Սիմոն, - ասաց Թորգոմը ճիշտ ժամանակին:



 
 
 

Comments


  • Facebook

© ARMCON 2025

bottom of page