top of page
Search

«Խնձորենիների Կղզի» Հեղինակ՝ Լևոն Մկրտչյան

  • Writer: frunz8
    frunz8
  • 1 day ago
  • 16 min read

We passed upon the stairs

We spoke of was and when

Although I wasn't there

He said I was his friend

Which came as a surprise

I spoke into his eyes

I thought you died alone

A long long time ago


Դեվիդ Բոուի



- Երեխանե՜ր։ Դիմավորե՜ք ձեր նոր համադասարանցուն։ Անունը Գայ է։ Գայ Միրդինյան։


Ընկեր Բաբայանը մեր մաթեմի դասատուն ու նաև դասղեկն էր։ Գիրուկ, քառասունն անց կին էր, մազերը՝ սպիտակող, հումորով, էներգիան ու խարիզման՝ տեղը։


- Լավ կնայեք, չէ՞։ Չիմանամ նեղում-մեղում եք, հա…


Դասարանում միակ ազատ տեղը իմ կողքին էր։ Գայը վտիտ նիհար տղա էր, ակնոցը հաստ ապակիներով, մի քիչ քնկոտ տեսքով։ Նեղելու են սրան, մտածեցի։ Վատով նեղելու են։ Ու ինչ-ինչ պատճառներով որոշեցի տիրություն անել, չնեղեն։ Գայը ինչ-որ բանով հիշեցրեց եղբորս, ում կորցրել էինք անցած տարի։ Լեյկեմիա։


- Անունս Արթուր ա, - ասացի զանգից հետո,- քեզ տոշնի պահի, ու սաղ դուզ կլինի։


- Տոշնի էդ ո՞նց,- հարցրեց Գայը։


- Կսովորես, բռատ։ Դեմից կողս լռվի, մարդ ես, վեցի բ-ում տեղացիք գիշատիչ են։ Տենց կտենան կողս ես, բան չեն ասի։


- Լավ… Էլի ինչ-որ բան կա՞, որ լավ կլիներ իմանամ։


- Բան չէ։ Ոնց ասի, կմերվես, կսովորես։ Ուրդու՞ տղա ես որ։


- Երևան եմ ծնվել։ Բայց Ռուսաստան եմ մեծացել… մերոնք որոշին հետ գալ…


- Հաաա, առավոտ փաստորեն ձեր աֆտոն էր պադյեզդի մոտ… Հարևան ենք, աչքիս։ Ակցենտիցդ էլ էրևումա, որ հայերենը երկրորդտ ա, ախպեր ջան։ Խնդիր չի, սաղ դուզ կլինի։ Էսօր թե հավես անես, տղեքով բլոտ ենք խաղում բեսեդկա, իջի ներկայացնեմ, տենաս ում հետ ես քուչեն կիսում։ Դե իրանք էլ իմանան ուրիշ մարդ չես, մերոնքական ես, հարևանական վերաբերմունք ցույց տան։


- Լավ։ Բայց ես բլոտ խաղալ չգիտեմ։


- Կնայես կսովորես, բարդ չի։



***



Ինչպես արդեն ասացի, Գայը էն տղաներից էր, որոնց ավելի ուժեղ, դիմացկուն ու կյանք տեսած հասակակիցները ուղղակի չեն կարող չենթարկել ծաղրի ու կտտանքների։ Կարծես նախնադարից եկող բնազդ լինի։ Այն էլ մութ ու ցուրտ քաղաքում, ինչպիսին էր Երևանը իննսունականներին։ Պատերազմի պատճառով մութ ու ցուրտ դարձած քաղաքը թերևս այն տեղը չէր, որտեղ արժեր մարդկանց պատմել փերիներից, էլֆերից, մարդկանց արյունը խմող բարի վամպիր Դախանավարից, Արթուր արքայից ու զանազան այլ ալքերից ու քաջքերից։ Գայի սիրած թեման էր, պատրաստ էր ամեն պատահած մարդու հետ ժամերով դրանից խոսեր։ Ամենաշատը տարված էր Արթուր արքայի լեգենդներով ու մոգական կղզի Ավալոնով։ Խնձորենիների կղզով, ասում էր։ Վայրով, որտեղ դեռ կենդանի է վաղեմի ժամանակների մոգությունը, բայց որը թաքնված է մահկանացուների աչքից ու բացվում է մենակ արժանիների առջև։


Ու հավանաբար այդպես էլ լիներ, ու Գայի տնից դուրս, թաղային ու դպրոցական կյանքը շատ թեթև չանցներ, եթե մերոնք Գային մեր խումբ չընդունեին։ Իհարկե, որոշակի բարի ծաղր պահպանվել էր, բայց որպես մերոնքականի, Գայը իր հեքիաթներն էր պատմում, ասում-խոսում, ուրախանում էինք, Գայն էլ բոլորիցս շատ։ Գայ, ու՞ր են փերիներդ։ Տղեք, չէ, դուք չեք հասկանում, կան։ Գայ, ե՞րբ ես գնում Ավալոն։ Տղեք, էդ նենց տեղ չի, որ կարանաս հելնես գնաս։ Գայ, իսկ վիշապներ կա՞ն։ Տղեք, հաստատ կան։ Ձև չի չլինեն։ Գայ, բա Արթուր արքան, կարո՞ղ ա ինքը ստե նստած մեր լավ ախպեր Արթուրի տեսքն ուներ, իրա խորթ ախպեր Կայն էլ քո տեսքը…


Բայց երբ հարևան թաղի տղաները փորձում էին Գային նեղացնել, բոլորով կանգնում էինք թասիբին ու այնպիսի պատասխան տալիս, որ էլ երկար ժամանակ բան ասել չկարողանային։ Բոլորիս ընկեր էր դարձել, այլ կերպ հնարավոր չէր, այն էլ այդ տարիներին։


***


- Գայ, ակնոցդ ո՞ւր ա։


Կայարանցիք էին ջարդել։ Գայը առաջին հարվածից պոկվել, փախել էր։ Ֆիզիկապես շատ ուժեղ կամ խոշոր չէր, բայց շատ արագ էր վազում։ Երևի էլի բնազդային պահ էր։


Որ տղեքով սկսեցինք հարցնել եղածը, ասաց անցած լինի, կպնողական մոտեցել էին, ինքն էլ կոպտել, բան էր ասել, տակից դուրս չէր էկել։ Ես գիտեի, որ նման բաները անցած երբեք չեն լինում, ու եթե բան չձեռնարկեինք, էս մեկը Գայի առաջին կորցրած ակնոցը չէր լինելու։


- Ու դրա համար, տղեք, պիտի էդ մախավիկ անբարոյականի զավակներին աբառոտկա ֆռանք։ Կոշտով։ Մարդա մի ձող, լոմիկ, բան վեկալեք։ Դրանք հիմա իրանց թաղ բեսեդկա են լռված։ Դեմից ես կեթամ, Գայն ու Ճուտը։ Իբր գաղափարով ճշտով ռազբիռատ անելու։ Դրանք կտենան շատով չենք, իրանց վստահ կզգան, լիքը պռապուսկատ կանեն։ Հենց տենաք կեպկես հանիմ, Վաչ, ուրեմն վսյո, հեսա խփում եմ, դու գառաժների կոմից կգաս տղեքով, Խաչ, դու էլ բախչեքի կոմից, որ դրանք չփախնեն։ Մինչև ձեր գալը կդիմանանք մի կերպ։ Գայը սաղիս փոքր ախպերա գալի։ Փոքր ախպերների համար պիտի դախազ ուզել։ Հարցեր կա՞ն։


Հարցեր չկային։ Խաչատուրն ու Վաչագանը ժպտում էին։ Եղբայրներ էին, մեկը ըմբիշ, մյուսը բռնցքամարտիկ։ Նման էին հետևի ոտքերի վրա կանգնած զույգ երիտասարդ արջերի։ Սիրում էին կռիվ անել, ու ուրախանում էին, որ առիթ կա։


- Տանձիդ չդնես, Գայ ջան, - Վաչը խառնեց Գայի մազերը,- դրանք քեզ տենալուց պապենական աղոթք ինչ ունես, սաղ հիշելու են։


- Հա, փոքր ախպեր,- Խաչը գրպանից հանեց բիլյարդի՝ կապած գուլպայի մեջ քցած գնդակը,- էսօր ուրախ ա լինելու։ Մաղարիչ բայց հետո կանես։ Մարդա մի հատ բուլկի։


***


Գային մեր շրջապատում բոլորն էին սիրում։ Տարօրինակ, անբնական լույս կար մեջը, խայծ։ Բայց բոլորից ես էի ամենամոտը իր հետ։ Միգուցե, պատճառն այն էր, որ մեր թաղի տղեքից եզակին էի, որ ամենասկզբից գնահատում ու սիրում էր Գայի ֆանտաստիկ երևակայական պատմությունները։ Բոլոր այլոց համար դրանք անիմաստ հեքիաթներ էին, առջևում սպասվող դժվար ու առանձնապես անհեռանկարային կյանքում խանգարող մի բան։ Գայն էլ մեր ընկերն էր, բայց իր տարօրինակությունն ուներ։ Տանելի տարօրինակություն էր, բայց տարօրինակություն։ Ինձ համար այդպես չէր։ Ինձ համար Գայի պատմությունները լույսի ճրագ էին շրջապատող ցուրտ խավարում։


Ավելի հասուն տարիքում ես տեսա ու սիրեցի Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը»։ Սև ու սպիտակ այս ֆիլմի դրվագներից մեկում համակենտրոնացման ճամբարում սպանդի ֆոնին քայլող աղջնակի թիկնոցը վառ կարմիր է։ Դժվար է բառերով փոխանցել էն ազդեցությունը, որ էդ տեսարանը կարա ունենա։ Ինչպես գրեթե անհնար է փոխանցել Գայի հեքիաթների, պատմությունների ու հետագայում կարդալու համար ինձ տված գրքերի ազդեցությունը՝ դրանք իրենց վառ երևակայական գույներով ներխուժում էին իմ ամբողջությամբ անգույն աշխարհը։ Անգույն աշխարհը գույների կարիք ունի։


***

- Էս ի՞նչ գիրք ա ձեռդ, Գայ ախպեր։


- «Մատանիների տիրակալ» ա կոչվում, Արթ։ Աշխարհի ամենալավ գիրքն ա։


- Յաաա, դու էլ ասիր… Կտա՞ս կարդամ։


- Ռուսերեն ա։


- Ախպեր, ես ռուսերեն մի բան էլ քեզնից լավ գիտեմ, հա ի՞նչ անենք Ռուսաստան ես մեծըցե… Յա վաս լյուբիլ, լյուբով յեշյո բիծ մոժետ, վզռաշոննիյ վ նեվոլյե արյոլ մալադոյ։ Հըմի ոնց ասիր, կտա՞ս կարդամ։


- Հա, իհարկե։ Բայց հարյուր դրամ պիտի տաս։ Իմ գիրքը չի, Երիտասարդականի անցումի տակից եմ վերցնում։ Ամեն շաբաթը հարյուր դրամ։ Հետո տանում փոխում եմ, որը կարդացի։


Ես Երիտասարդականի տակի գրքի շուկան տեսել էի։ Բայց չգիտեի, որ էդպիսի համակարգ էր գործում՝ վիդեոպռակատի նման, բայց գրքերով։ Ինչ-որ ժամանակ ուղղակի կողքից օգտվում էի Գայի վերցրած գրքերից, հետո որոշեցի ես էլ կպնեմ, ու իմ ֆանտաստիկ ճաշակը սկսեմ ինքնուրույն ձևավորել։ Շատ անգամ մեզ նույն բաներն էր դուր գալիս, բայց գնալով ավելի ու ավելի տարբեր։ Տենց, ես «Մատանիների տիրակալի» սիրահար էի, Գայը` Ուրսուլա Լե Գուինի։ Պատրաստ էինք ժամերով վիճել, ով է ավելի լավը։


- Ախպեր, կարող ա՞ էդ տղեքին ինձ ներկայացնես, ես էլ իմ գրքերը սկսեմ վերցնել։


- Ոնց ասես, Արթ։ Էսի կարդա պրծի, իրոք լավն ա, հետո միասին կեթանք փոխելու։ Համ էլ կծանոթացնեմ Երևանի ֆանտաստիկ ժողովրդի հետ։


***


Իմ հետագա կյանքում քիչ գիրք է այնպես ազդել ինձ վրա, ինչպես «Մատանիների տիրակալն» ազդեց։ Կյանքում ավելի արագ կարդացած չկայի, հետո երկրորդ ու երրորդ հատորներն էլ։ Տարիներ անց, տեսնելով ֆիլմը, հիացած մնացի, բայց ինչ-որ բան ֆիլմում պակասում էր։ Ինչ-որ բան, ինչ միշտ գտել եմ` վերադառնալով գրքերին, անկախ տարիքից։


Գայի տարվածությունը գիտական ֆանտաստիկայով ու ֆենթըզիով վարակիչ էր։ Մինչ այդ ես այնքան էլ չէի սիրում կարդալ, կարդում էի, որովհետև կամ դպրոցում էին հանձնարարել, կամ ուզում էի տեսնել, ինչ են մարդիկ կարդալու մեջ գտել, կամ կարդում էի զուտ գրքեր պատմության, գիտության կամ համակարգիչների մասին։ Երեք մեծ սերերս էին։ Պարզվեց գիտական ֆանտաստիկան ու ֆենթըզին չորրորդն են, առաջին երեքից անհամեմատ ավելի ուժեղ ու ամենակուլ։ Բյուջեիս զգալի մասը փոխվեց ծխախոտից ու ծամոնից դեպի Այզեք Ազիմով, Ռոբերթ Հովարդ, Ռոջեր Ժելյազնի…


Երիտասարդականի անցումն էդ առումով հարմար էր։ Գնում էիր, հանձնում կարդացածդ գիրքը, որն իր տեղն էր զբաղեցնում վաճառվող տեսականու մեջ, վերցնում դեռ չընթերցածը, վճարում։ Մեկ կամ երկու շաբաթից կրկնում։ Առավել վստահելի ընթերցողներին անցման բնակիչ գրքավաճառները թույլ էին տալիս մեկից ավելի գիրք տանել։ Ամենավստահելիներին տանում էին մոտակա բնակարանում գտնվող գրքերի պահեստ, որ կարողանան ընտրեն ողջ վիթխարի տեսականուց։ Ես էդ ժամանակ կարծում էի, որ դրախտը այդպիսի մեծ ու անծայրածիր պահեստի տեսք ունի, որտեղ կան բոլոր երբևէ գրված ու նույնիսկ այդպես էլ չգրված գրքերը։


***


Մինչդեռ կյանքը շարունակվում էր։ Գայը դարձել էր մեր փոքրիկ խմբակի թալիսմանը։ Սիմվոլիկ ու վերացական չէ։ Շատ ռեալ։ Այն, ինչ այլ թաղերում փողոցում ժամանակի զգալի մասը անցկացնող երեխաների համար առօրեական ռիսկ էր, մեզ համար փափկեցված էր, գրեթե չկար։ Մերոնցից կրիմինալ հակումներ ունեցողները գրեթե չէին բռնվում խանութներից կամ տոնավաճառներից մանր-մունր գողությունների վրա, իսկ երբ բռնվում էին, հաջողացնում էին անվնաս փախչել։ Բազառներում, բազառներին հետևող ծեծկռտուքներում ու նմանատիպ այլ տերիտորիալ վիճաբանություններում շատ հազվադեպ էինք պարտվում։ Այլ թաղերի տղաների հետ իրական խաղադրույքներով թղթախաղում նույնպես։ Ու դե այլ մանր կենսական թեմաներում էլ, բոլորս ավելի հաջողակ էինք, քան մյուս թաղերի հասակակիցները։ Կարծում եմ, երևակայական գույները երբեմն կարող են բերել լրիվ իրական փոփոխությունների անգույն աշխարհում։


Գայը ոչ միայն ազդում էր մեր խմբակի վրա, այն դարձնելով, ո՞նց ասեմ, ավելի լուսավոր ու լավը։ Նույնիսկ հին ու բարի ուլտրաբռնության հանդեպ ջերմ սեր ունեցող Վաչին ու Խաչին։ Մեր խմբակն էլ իր ազդեցությունն ուներ Գայի վրա` նրան ավելի դիմացկուն ու ադապտացված դարձնելով։ Ժամանակի հետ էլ մեր պաշտպանությունը նրան պետք չէր։ Պահպանելով ներքին լույսը, Գայը սովորել էր ձևացնել, թե սովորական տղա է, տարբերությունները ի ցույց ավելի քիչ դնել ու միայն վստահելի շրջապատում։ Այն էլ ոչ միշտ։


***


Նստած էինք բակի տաղավարում։ Անձրև էր։ Մնացած տղեքը արդեն տներով էին, մենք էլ էինք հավաքվում, որ գնանք։


- Արթուր,- ասաց Գայը` վառելով ծխախոտը, որ հատիկով գնել էինք, մեկը երկուսիս համար,- հեչ մտածե՞լ ես, որ Վալինոռը կարա իրական լինի։


- Ախպեր ջան, սենց ասեմ,- քմծիծաղով պատասխանեցի,- եթե իրական ա, իրական ա մեր գլխում։ Մեր գլխից դուրս մեր բակն ա իրական, մեր տները, քաղաքը։ Փողը, զենքը, իշխանությունը։ Իսկ երկնային արքայությունը մեր մեջ ա, բռատ,- ասացի, չէ՞, հասակակիցներիս համեմատ կարդացած էի։


- Իսկ ես կարծում եմ, որ ինքը հենց ֆիզիկապես իրական տեղ ա,- ասաց Գայը - Ուղղակի բացվում ա մենակ արժանիներին։ Նրանց, ովքեր Վալինորը, Շամբալան, Ավալոնը արդեն սրտում են պահում, հա։ Բայց դե ինքը մենակ սրտում չի։


- Դու էլ ասիր, ախպեր…


- Չէ, լսի, Արթ։ Քսաներորդ դարում քանի հատ էքսպեդիցիա ա էղել, Արգենտինայից Գրենլանդիա, Տիբեթից Արկտիկ տափաստաններ… Սաղ տենց մի բան էին փնտրում։ Մի էրկուսը վայ թե տենց էլ կորան, Երկրորդ համաշխարհային էր, նեմեցներն էլ արդեն պարտվում էին, ու համարվում ա, որ սրանք բիթի գտնվան ու դասալքեցին Վերմախտի շարքերը։ Բայց պապս պռառաբ էր գերմանացի գերիների մոտ, որ Երևան Հաղթանակի զբոսայգին էին սարքում, բան… Ասում ա մեկը կար, տենց էքսպեդիցիայի անդամ էր։


- Ախպեր, օղորմածիկ պապդ իհարկե սաղիս հարգանքն ա վայելում, բայց քեզնից բեթար հեքիաթասաց էր, հա ի՞նչ անենք հարյուրը կարացավ անցնի։ Հիշո՞ւմ ես ոնց էր սաղիս վախացնում, թե Անտարկտիդայի սառույցի տակ ինչեր կա։ Կամ օվկիանոսի հատակին…


- Սպաս ավարտեմ, ախպեր։ Հետո կխնդաս։ Նեմեցը պապիս ասել էր, որ աշխարհում տեղեր կան, որտեղ սահմանը բարակ ա։ Որտեղ մեր եռաչափ աշխարհից երևում ա քառաչափը, ու որտեղ մոգությունը ծորում ա մեր աշխարհ։ Կարա բարի մոգություն լինի, կարա չար, բայց սովորաբար իրան զգացող ու մոգական գծին լինիա մտած մարդիկ են իրան բարի կամ չար սարքում։ Ու բարակ տեղերը նաև հնարավոր ա անցնել էս կողմից էն կողմ։ Դառնալ էն կողմի քաղաքացի, էս կողմի համար` աստվածություն։


- Ցավդ տանեմ, Գայ ջան, դառնաս կխոսանք, ախպոր պես։ Համ էլ եթե տենց խելացի էր պապիդ նեմեցը, խի՞ ինքը աստված չէր դառել, այլ պապիդ մոտ բանվոր գերի էր քար կրող։ Իսկ մինչ էդ վաղը դոմփած ստուգողական ունենք, ես էլ մաթեմից, գիտես, վատ եմ։ Մի հատ էդ լոգարիթմերի պահը պիտի գյոզերով բացատրես, վաղը չխայտառակվեմ։ Գիտես, հերս էդ առումով խիստ ա։


- Դե երևի արժանի չէր։ Ավալոնի դարպասները մենակ արժանիների դիմաց են բացվում, սաղ լեգենդները էդ մտքին են։ Մի օր կտենաս, բռատ։ Մի օր կտենաս։ Հըմի հելանք տներով, վաղը ստուգողական չկա։ Ընկեր Բաբայանը հիվանդացել ա էսօր, փոխարինող էլ չեն գտել, վաղը կայֆերով-կայծերով ենք։


Երբ Գայը նմանատիպ ինչ-որ բան էր ասում, ակամայից հավատում էիր։ Ի տարբերություն Ավալոնի ու Շամբալայի մասին հեքիաթների` ապագան կանխագուշակելուց նա երբեք չէր սխալվում։


***


Երևակայությունը իր տեղն ուներ նաև ընկերական զրույցներում։ «Մատանիների տիրակալի», Մելնիբոնեցի Էլրիքի ու Ամբերի արքայական տոհմի երևակայականը չէ։ Ամենօրյա, մաշկին մոտ երևակայականը։ Ինչ-որ մեկի հորեղբայրը ՉԹՕ էր տեսել, ինչ-որ մեկի մորաքրոջը ՉԹՕն առևանգել էր ու տիեզերքով ման տվել։ Կոյուղու մեջ գլխի չափ առնետներ էին, Ալիկն էր տեսել։ Առնետներից մեկը, ամենամեծը, կարծես, հրամաններ տար մնացածին։ Մետրոն գաղտնի կայարաններ ուներ, իսկ բոլորի հեռուստացույցից մերթընդմերթ երևացող պոպուլյար երգչուհին` պոռնկագրական վիդեոկասետ։ Հարևանի տղան էր Մոսկվայում տեսել։ Համակարգչային խաղերով կրպակ ունեցող Վալեռը (մենք այդպիսի կրպակներին ասում էինք կամբուդռանոց, ու տաս-տաս րոպե ֆուտբոլ էինք խաղում ու մորթալ քոմբաթ) նկուղ ուներ, որտեղ պահում էր ամենահազվագյուտ, ոչ մեկի չխաղացած խաղերը։ Այդ խաղերում տեղի էր ունենում այն ամենը, ինչ կարար տեղ գտներ մեր ընկերական միջավայրի կոլեկտիվ անգիտակցականում։


Էս երևակայական ամֆիթատրոնում իր ուրույն տեղն ուներ Մանկական երկաթուղին։ Այդ տարիներին այն լքված էր ու չէր աշխատում։ Ցերեկը այստեղ կարելի էր հանդիպել գարեջուր խմող երիտասարդների, գետակի մոտ արևային բաղնիք ընդունող պապիների ու էլ ում ասես։ Գիշերը… Գիշերը կարող էր տեղի ունենալ ինչ ասես։ Մոլագար մարդասպանները կարող էին քեզ գողանալ, խորովել ու ուտել։ Այլմոլորակայինները բռնել ու ուղեղիդ մեջ ճիճու մտցնել, որը բոլոր մտքերդ կփոխանցեր նրանց, ու ամենավախենալուն այն էր, որ դու այդ ինվազիվ վիրաբուժության մասին չէիր հիշելու։ Ամենաշատ կրկնվող լեգենդը Ցանկություններ Կատարող Երկաթուղու լեգենդն էր։


Բոլորը ծանոթ ունեին, ով տղայի էր ճանաչում, որ աչքերը փակ քայլել էր երկաթուղով, ծայրից ծայր, առերեսվել սեփական ամենաահարկու վախերին, դիմացել ու աչքերը չբացել, ու վերջում արժանացել ցանկության կատարմանը։ Ու հիմա առոք-փառոք ապրում էր Դուբայում, Նյու Յորքում կամ Մոսկվայում, կախված պատմողից։ Քննարկման հաճախակի առարկա էր, թե ով ինչ ցանկություն է պահելու։ Հիմնականում աղջիկներ, փող, իշխանություն, պայծառ ու անամպ ապագա։ Գայը նման քննարկումների ժամանակ լուռ էր։


Ցանկության կատարման կանոնները բավականին պարզ էին։


Գիշերը լիալուսնին գնալ մանկական երկաթուղի։ Աստիճաններով իջնել երկաթուղու մոտ։ Փակել կամ կապել աչքերը, ինը անգամ բռունցքով հարվածել գետնին ու սկսել զգուշորեն և դանդաղ քայլել երկաթուղով։ Չնայած աչքերը կապած լինելուն, սկզբից լսելու ես, իսկ հետո նաև տեսնելու ես սեփական վախերը։ Չվախեցողը ու մինչև վերջ անցնել հաջողացնողը հնարավորություն կստանա ցանկությունը ասել։ Վախեցածը… կարծիքները տարբեր էին, բայց հիմնականում վախին մատնվածի վախճանն արագ էր ու դաժան։ Ասում են, մեկի մաշկը քերթած գլուխն էին գտել մի անգամ։ Ատամները ստուգելով իսկությունը հասկացել։


Իմ իմացած երեխաներից ոչ ոք չէր փորձել՝ չնայած լեգենդը թաղից թաղ փոխանցվող պատմությունների առաջատարն էր։ Երեխաները մութ ու ցուրտ քաղաքում արագ են մեծանում, իսկ հեքիաթները մնում են հեքիաթներ։


Բայց ոչ Գայի համար։


***


Ես իմացա, որ Գայը պատրաստվում է փորձել, երբ երեկոյան կարդալու վերցրած գրքերից մեկն էի վերադարձնում։ Ջին Վուլֆի «Նոր Արեգակի Գրքի» հին ռուսական հրատարակության առաջին հատորը, այսօրվա պես հիշում եմ, մուգ մանուշակագույն կազմով։ Մնացած երեքը ես նույնքան հիացած կկարդամ տարիներ անց միայն, Գայի մոտ դրանք չկային։


Գայն ինձ ասաց, որ մոտակա լիալուսնին ուզում է փորձել։ Ասաց, որ մեջքին կանգնող է պետք, մարդ ես, վախենա, ընկերոջ կարիք ունի, ով կպահի երկաթուղու վրա ու չի թողնի կապոցը հանել։ Դե իմ քյարն էլ այն էր, որ ես էլ կկարողանամ ցանկությունս ասել։ Ի՞նչ ունեմ կորցնելու, թե չաշխատեց, ամենաշատը ուղղակի մյուս օրը դպրոցում քնկոտ կլինենք։ Համաձայնվեցի ոչ թե որովհետև հավատում էի, որ Մանկական երկաթուղին կկատարի ցանկությունս, այլ ավելի շատ մտահոգվելով, որ իրոք բան չպատահի։ Մանկական երկաթուղին միգուցե և ցանկություններ չի կատարում, բայց էն մաշկը քերթած գլխի պահը հաստատ դուզ էր։ Գային արդեն երկար էի ճանաչում, որ մի բան մտքին լիներ, չէի կարող համոզել, որ չանի։ Համաձայնեցի, որ հետը կգամ։ Կարծես մի բան զգայի։


Լիալուսնին ծածուկ դուրս եկանք տներից ու գիշերային քաղաքով կողք-կողքի քայլեցինք դեպի երկաթուղի։ Լուռ էինք։ Չգիտեմ Գայը ինչի մասին էր մտածում, իսկ իմ մտածածը մոռացել եմ։ Խառը մտքեր էին։


Մանկական Երկաթուղի տանող թունելը նույնիսկ օրը ցերեկով էր մռայլ։ Մեր մանկության ժամանակ այն չէր լուսավորվում, ու գիշերը թունելով բացարձակ խավարի միջով էլեկտրական փոքրիկ լապտերներ վառած անցնելը փոքրոգի մարդու բան չէր։ Քթիս տակ ինչ-որ բան էի երգում, որ ինքս ինձ քաջալերեմ։ Գայը լուռ էր, բայց դեմքին այն ժպիտն էր, որ սովորաբար ունենում էր, երբ գիտեր, որ հաստատ ճիշտ է, ու ընդամենը սպասում էր, որ ես էլ մի քիչ մտածեմ ու իր ճիշտ լինելն ընդունեմ։


Թունելից դուրս եկանք, հանեցինք կապիչները ու աստիճաններով իջանք երկաթուղու մոտ։


- Հըն, պատրա՞ստ ես,- հարցրեց Գայը։


- Ի՞նչ ա էղել որ,- ասացի` դեն նետելով կիսատ ծխախոտս,- էդ ի՞նչ պետք ա տենամ, որ տակս անեմ։ Հելանք, ախպեր, ցանկություններս իրանք իրանց չեն կատարի։


Երբևէ փորձե՞լ եք աչքերը փակ քայլել։


Մի քանի քայլից ցանկություն է առաջանալու աչքերը բացել։ Այն գնալով ուժեղանալու է` ուղեկցվելով մոտալուտ վտանգի զգացողությամբ։ Ինչ-որ պահի ցանկությունը այնքան ուժեղ է դառնալու, որ աչքերը բացելու ես։


Կխաբեմ, եթե ասեմ, որ դա այն ամենն էր, ինչ մեզ բաժին ընկավ Երկաթուղով քայլելուց։ Այն, ինչ լսել էինք վախերի մասին՝ ճիշտ էր։ Բայց վախերը անձնականացված չէին։ Սարդեր չէին, ուրվականներ ու զոմբիներ չէին, պատերազմ չէր, սեփական ընտանիքին ապագայում սպասող արհավիրքներ չէին։ Վախը համամարդկային էր, տիեզերական։ Կարծես եռաչափ աշխարհը երկչափ դառնար, ու այդ երկչափ պաստառի հետևում թառած լիներ այն, ինչ մարդկությունը փորձել է անտեսել, մոռանալ, թաքցնել քաղաքակրթության բարալիկ շղարշի հետևում։


Առաջին իսկ քայլից ուժգին տարակուսանք ու սրտխառնոց։ Կասկած, թե արդյո՞ք ճիշտ ուղղությամբ եմ գնում։ Ուժգին զգացողություն, որ երկաթուղով չեմ քայլում, այլ ընկել եմ հավերժ մի դամբարան, որտեղ նիրհում են մարդկության բոլոր հրեշները, ու ես հենց նոր լուցկի եմ վառել, ու հրեշները արդեն շուռումուռ են գալիս` պատրաստ դարերով փակ աչքերը լուցկու պայծառ լույսից կկոցելով ուղղել դեպի ինձ։


Դա միայն սկիզբն էր։ Ես դեռ կարող էի անվանել այն, ինչ տեսնում ու զգում եմ։ Օվկիանոսի հատակին նիրհող ութոտնուկի ու մարդու անիրական ու անիրավ խառնուրդ հիշեցնող մեռյալ սարսափին։ Տիեզերքի խորքերում շուռումուռ եկող անմիտ գիշատիչ քաոսը, շրջապատված այնպիսի հրեշներով, որոնց տեսնելուց ուզում էիր աչքերդ հանել, որ էլ երբեք ոչ մի բան չտեսնես։ Հեռավոր սև աստղերով շրջապատված մոլորակը, ու այդ մոլորակի, ու բոլոր այլ մոլորակների` դեղին ծալքերով վար ընկնող քերթած մաշկ հագած արքային։ Այն, ինչ սկսեցի զգալ հետո, արտահայտել հնարավոր չէր։


Մեջներիս քաջը Գայը դուրս եկավ։ Երբ ես սկսում էի դողալ, դանդաղեցնել քայլքս, քթիս տակ բարբաջել, սեղմում էր ձեռքս, հիշեցնում` ով ենք, ինչու ենք քայլում։ Տարիներ անց ես իմ առաջին ռեյվին ԼՍԴ ներս կանեմ ու ծայրահեղ վատ փորձառություն կունենամ՝ նորովի վերապրելով Երկաթուղով քայլելուց փակ աչքերով տեսածը։ Կողքիս, բարեբախտաբար, փորձառու սիթեր կլինի, ու ձեռքս բռնած ականջիս շշնջալով կհանի փորձառությունից՝ այն մեղմելով, այլ ճանապարհով ուղղորդելով դուրս, դեպի արթուն իրականություն։ Այդ հեռավոր գիշերը Գայի արածը նման էր տարիներ անց սիթերի արածին. հենց ես չափից խորն էի սուզվում տիեզերական անելանելիության, սարսափի ու հուսահատության ճահիճը, Գայն ինձ այդ տիղմից հանում էր, ու շարունակում էինք քայլել։


Երբ հասանք վերջին, նման էր սառը ջրից ցուրտ քամու դեմ դուրս գալուն։ Երկուսս էլ ուժասպառ էինք։ Երկուսս էլ դողում էին։ Շունչներս կտրվում էր, կարծեմ` շրթունքներս այնքան ուժեղ էի կծել, որ զգում էի արյան բարալիկ առվակի խուտուտ տալը։ Բայց վախն էլ չկար։ Կար պարզ տեսնելը, թե ինչ է իրենից ներկայացնում Իրականությունը, ու կար հասկանալը, որ այն, ինչ հիմա ենք ասելու, կատարվելու է։


- Ուզում եմ դառնամ աշխարհի ամենահաջողակ մարդը,- ասացի։ Առանց մտածելու, առաջինն ինչ եկավ մտքիս։


- Ուզում եմ տեղափոխվել Խնձորենիների կղզի,- ասաց Գայը։ Ու այլևս կողքիս չէր։ Մի ակնթարթ առաջ սեղմում էր ձեռքս։ Ու անհետացավ։ Հանեցի կապոցը, խենթի նման սկսեցի փնտրել ընկերոջս հետզհետե լուսավորվող երկաթուղում, գոռալ անունը։


Գայը չկար։


Ինձ գտան երեկոյան։ Ես դա չեմ հիշում, ասում էին զբոսնում էի երկաթուղով ու արտասվում։ Հիվանդանոց, բուժզննումներ։ Երբ ուշքի եկա, պարզեցի, որ Գայի մասին բոլորը մոռացել են, կարծես նրան մեկը կտրած լիներ իրականության կտավից։ Հայրը, մայրը, քույրը։ Բոլոր ընկերներս։ Կարծես այդպիսի մարդ երբեք չէր էլ եղել։ Միայն ես էի հիշում։ Մնացածը կարծում էին, թե երևակայական ընկեր եմ հորինել։


Ես խելացի երեխա էի։ Արագ տեղի բերեցի, որ Գային հիշատակելը անիմաստ է, ու թեման փորձեցի գոնե արտաքնապես մոռացության տալ։ Կյանքս վերադարձավ բնականոն հունի, ու միայն գիշերներն էի սառը քրտինքով վեր թռչում` զգալով Գայի ձեռքն ուսիս ու հիշելով այն դժոխային վախը, որի միջով անցել էինք երկուսով։


Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչ էր տեղի ունեցել։


Գայն ինձ մի անգամ ասել էր, որ իրականությունը տեքստ է։ Եթե այդպես է, ու եթե Խնձորենիների Կղզում տեքստը խմբագրելու հնարավորություն ես ստանում… Գայը գթասիրտ տղա էր ու, որքան էլ անհավանական չթվա, իրեն դուրս խմբագրեց այդ տեքստից, որ անիմաստ ցավ չպատճառի մոտիկ մարդկանց։ Գային մոռացան, նրա երբեմնի գոյության ապացույցները նույնպես խմբագրվեցին։ Իրականությունը վերակառուցվեց՝ փակելով այն վերքը, որտեղ նախկինում Գայ անունով հեքիաթներ սիրող տղան էր։ Գայի հետ կապված ամեն ինչ տիեզերքում նոր տեղ գտավ։ Այդպես, նորաստեղծ իրականության ներքո Գայի կրտսեր քույր Մարիամն էր սիրում գիտաֆանտաստիկ գրականություն, ու Գայի ողջ գրադարանը պատկանում էր նրան։ Մարիամին զգուշորեն հարցուփորձ անելուց հասկացա, որ նա մանրամասն հիշում է, թե որ գիրքը երբ է գնել, իսկ որոշ գրքերում նրա ձեռագրով նշումներ կային։ Գայի ցանկությունը կարծես թե նաև խմբագրել էր բոլորիս անցյալը։


Իսկ ես, քանի որ թե՜ գտնվում էի խմբագրման կիզակետում, թե՜ խմբագրում էի իմ փոքրիկ հաջողակ իրականության կղզյակը, այդ ազդեցությանը կարծես թե չէի ենթարկվել։ Այդ էր պատճառը, որ հիշում էի։ Ու այսուհետ պետք է ապրեի՝ մեր տիեզերքում երբևէ չապրած ընկերոջս մասին այլևս կեղծ դարձած հիշողություններով։


***


Մանկական երկաթուղում ասված ցանկությունս կատարվեց։ Ես աշխարհի ամենահաջողակ մարդը դարձա։ Բոլոր իմաստներով։


Ես ներքին ձայն ստացա։ Այն միշտ կողքիս է, ու միշտ հուշում է, որ քայլն է ճիշտ։ Կազինոներ, թղթախաղ, սպորտային խաղադրույքներ… Դրանք պարապ մարդու խաղալիքներ են, ինձ համար վաղուց ձանձրալի դարձած։ Ես գիտեմ` ուր է շարժվելու շուկան վաղը։ Գիտեմ ինչ գնել, երբ, ինչ վաճառել ու ինչ գնով։ Ես կարող եմ հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ ֆինանսական որոշումներ ընդունել։ Ես օրեցօր ավելացնում եմ ունեցվածքս, դեմքս կարելի է տեսնել ամենուր, լրագրողների համար սովորական է դարձել հարցնելը, որն է գաղտնիքս։ Ես չեմ խաբում։ Ասում եմ, որ մի գիշեր ցանկություն եմ պահել, կատարվել է։ Պատասխանս հիմք է դարձել ցանկությունների ու նպատակների կարևորության մասին մի քանի մոտիվացիոն գրքի համար։


Ես միայն ֆինանսապես չեմ հաջողակ։ Ներքին ձայնս հուշում է բոլոր ճիշտ քայլերը։ Անխտիր բոլոր։ Այն չի պարտադրում, բայց երբ փորձել եմ այլ կերպ վարվել՝ ամեն անգամ հասկացել եմ, որ ձայնը ճիշտ էր, ես՝ սխալ։ Բացառությամբ մեկ անգամվա:


Մարիամին ամուսնական առաջարկություն անելու նախորդ օրը այն լռում էր, ինչպես լռում էր մեր հարաբերությունների ողջ ընթացքում՝ կարծես ի զորու չլինելով իմ փոխարեն որոշում կայացնել։ Չգիտեմ, ինչն է ազդել որոշմանս վրա։ Հնարավոր է` այն, որ չնայած Մարիամը չէր հիշում Գային, նորովի խմբագրված տիեզերքում հիշում էր ինձ, որպես մոտիկ ծանոթի, ում հետ նույն գրական ճաշակն ունի։ Հնարավոր է` այն, որ Գայի խմբագրված աշխարհում միակ կապող օղակն էր մնացել ընկերոջս հետ, ու ես չէի ուզում այդ կապը կորցնել։ Հնարավոր է, որ իրոք Մարիամին սիրում էի, կամ սկսեցի սիրել, չգիտեմ։ Սկզբից մի քիչ վախենում էի, որ աշխարհում, որտեղ իմ փոխարեն որոշումներս ընդունում է ներքին ձայնս, իմ միակ ինքնուրույն որոշումը կարող է շեղի հաջողակ կյանքիս կանոնավոր ընթացքը, բայց կարծես թե ամեն ինչ լավ է։


Մարիամի հետ ենք արդեն քառասուն տարի։ Երեխաներս վաղուց արդեն մեծացել են, սեփական կյանքն ունեն։ Թոռներս առողջ են, կայտառ, խելացի ու սիրում են այն գրքերը, որոնք սիրում եմ ես։ Կրտսերը առաջին անգամ բացել էր «Մատանիների տիրակալը»։ Նախանձում եմ։


Աշխարհն իմն է, կյանքը՝ հիանալի։


Բայց ամեն առավոտ նայում եմ հայելուս մեջ ու ինքս ինձ հարցնում, ինչ կլիներ, եթե սպասեի, լսեի Գայի ցանկությունը, ու միգուցե նույն ցանկությունն ասեի։ Չփոխեի Խնձորենիների Կղզին հաջողակ լինելու հետ։ «Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ»: Մինչ այսօր ես փորձում եմ գուշակել, ինչպիսին է Գայի կյանքն այնտեղ, որտեղ գույները մեր մոխրագույն աշխարհում այլ աշխարհի հազվագյուտ շողքը չեն։ Ինչպե՞ս է նա այնտեղ ու արդյո՞ք հիշում է ինձ։ Ինչպիսի՞նն է ողջ իրականությունն ու ժամանակը խմբագրած մարդու կյանքը, ու արդյո՞ք նա դեռ մարդ է։


Ժամանակի հետ ես գնեցի Երկաթուղին ու մերձակա ամբողջ տարածքը։ Փակեցի ու մարդկանց վարձեցի, որոնք ջանասիրաբար ու շատ մեծ վարձատրության դիմաց գիշերուզօր հետևում են, որ ցանկապատից այն կողմ մարդ չանցնի։ Բոլորի համար շինարարական պրոյեկտ է, որն այդպես էլ չեն ավարտում ինչ-ինչ պատճառներով։ Ասում են, ներկա կառավարության հետ կռված եմ։ Կռված չեմ, բոլորի հետ էլ լավ եմ։ Վաչը պատգամավոր է ու իմ մարդը մեր պետական այրերի որջում։ Խաչը, եթե հետաքրքիր է, կյանքը տվել է սպորտին, աշխարհի չեմպիոն է ու վայելում է ծերությունը որպես իմ թիկնազորի պետ։ Եթե այսօր փորձեք Երկաթուղի գնալ, ձեզ բարեհամբույր կերպով կկանգնեցնեն Խաչի մարդիկ ու քաղաքավարի խորհուրդ կտան այլ ճանապարհով գնալ։


Հեռու չէ այն գիշերը, որ ես տուն կուղարկեմ Մանկական երկաթուղու պահակներին, կապիչով կփակեմ աչքերս, ինը անգամ կթակեմ գետինը ու ևս մի անգամ կքայլեմ երկաթուղով։


Ու եթե միայնակ դիմանամ առջևումս բացվող անծայրածիր դժոխքին, եթե ծեր սիրտս դիմանա անդնդային սարսափին, այս անգամ կասեմ լրիվ այլ ցանկություն։ Այն, որն ասել է Գայը։ Ուրախալի կլինի այսքան տարիներ անց տեսնել վաղեմի ընկերոջս ու նրա արկածների մասին պատմություններ լսել գունավոր, կենդանի, այդքան իրական աշխարհում։


***


- Գայ, ըստ քեզ ո՞վ ա էս մեր թեմաների լավագույն գրողը։


- Դու ասա քոնը ով ա, կասեմ։


- Էէէէ, չեղավ, առաջինը ես եմ հարցրել։ Բայց լավ, ասեմ։ Ինձ թվում ա ամենալավը էդ սաղից Թոլքինն ա։ Նրա պատճառով չէ, որ վախտին առաջին կարդացածս էր, էն որ մեր ծանոթության առաջին վախտերով տվիր։ Էդ չի պատճառը։ Ուղղակի իրա նմանը չկա, ինքը նենց ա գրում, որ կարում ա քեզ իրա հետ քաշի իրա աշխարհ։ Իրա աշխարհը դարձնում ա քոնը։ Ամեն լավ գրող էլ տենց կարա ինչ-որ չափով։ Բայց Թոլքինի մոտ էդ պահը անգերազանցելի ա։


- Հա, դուզ ես ասում, Արթ։ Բայց ես կարծում եմ, նեղանալ չլինի, Թոլքինը չի։


- Բա ով ա, եթե Թոլքինը չի, ախպեր։


- Ուրսուլան…


- Էհ, չասեց ինձ տենց էլ Ուրսուլադ։ Ի՞նչ ես մեջը գտել, էն գեյսկի թեմաները, թե ֆեմինիզմը։


- Չէ, Արթ ջան, էդ չէ։ Ինքը իրա կարծիքները ունեցող կին էր, եսիմ։ Պարզ ա որ իրա կարծիքները տեղ են գտել իրա գրքերում, ու շատերը իրան դրա համար են սիրում։ Բայց ես իրան դրա համար չեմ սիրում։


- Բա ինչի՞, բռատ։ Էդ դաոսական փիլիսոփայական պահերի՞, թե՞ որ հոգեբանություն ա մեյդան խոդում, ստվեր, բան…


- Չէ, Արթ, չէ։ Սպասի, վրա մի տուր։ Տես, ասում ես Թոլքինը քեզ կարում ա իրա աշխարհ տանի, չէ՞։ Ու ցանկացած լավ գրող դա կարա անի, ասենք Սթիվեն Քինգ ես կարդում, իրա հերոսների հետ անցնում ես էդ սաղ սարսափով ու մաքրված մյուս կողմից դուրս գալիս։ Եսիմ, որ չասես մենակ մեր ֆենթըզին ա, Սելինջերի հետ էդ տղու ներաշխարհով էքսկուրսիա ես անում, իրա աչքերով սաղ տենում, համեմատում մեր հիմիկվա էղած չեղածի հետ։ Ուրսուլան էլ տենց կարա, իրա հետ էլ ես ուրիշ մոլորակներով ճամփորդում, վիշապների հետ զրուցում, եսիմ, էն քո ասած սեռ փոխելու պահերն էլ վրադիր… Բայց Ուրսուլան մի բան ա ամենալավը անում, որը ոչ մի ուրիշ ֆանտաստ տենց էլ չի կարա իրա մակարդակի անի։ Ուրսուլան աննկատ սովորացնում ա, թե ոնց ուրիշներին սեփական աշխարհ քաշել, ոնց սեփական երազներին նենց ազատություն տալ, որ կարանան ընդարձակվեն դեպի ուրիշների երազներ։ Ու դա էրևում ա, երբ համեմատում ես Թոլքինի ու Ուրսուլայի էսսեները։ Հա, էն որ չկարդացիր տենց էլ։ Թոլքինի մոտ դու հասկանում ես, որ ինքը Ավալոնում տուրիստ ա։ Ավալոնը շատ լավ ճանաչող, տեղ շատ էղած, կացության իրավունքով ու քեզ Ավալոնը ցույց տալ կարողացող, բայց՝ տուրիստ։ Ուրսուլան Ավալոնի քաղաքացի ա, ինքը մեր աշխարհում ա կացության իրավունքով, մեր մոտ ա տուրիստ։ Ու եթե իրան ուշադիր կարդալ, կարաս դու էլ Ավալոնի ճամփեն գտնես։ Քո ճամփեն, իրանը չէ։ Էն մեկը չէ, որով քեզ տանում ա։ Քոնը, քո միջինը։ Կարող ա իրա գրածում, հարց չի, կարող ա ուրիշների։ Կարող ա քո գրածում։ Կարող ա մեզ շրջապատող լեգենդների ու միֆերի։ Կամ էլ կարող ա ուղղակի առավոտ հայելու մեջ քեզ նայելուց հասկանաս, որ էլ ստեղ չես։ Ավալոնում ես։ Վալհալլայում։ Շամբալայում։ Ու նույնիսկ մի ակնթարթ ըդտեղ անցկացնելով, ուզենալու ես վերադառնալ։



 
 
 

Comments


  • Facebook

© ARMCON 2025

bottom of page