top of page
Search

«Կադաստր կամ Չարի Քավարան» Հեղինակ՝ Սիմա Սեդրակյան

  • Writer: frunz8
    frunz8
  • 2 days ago
  • 32 min read

— Բարև ձե․․․

— Սարքից թերթիկ վերցրե՛ք ու հե՛րթ կանգնեք, — առանց Տիգրանի վրա նայելու` ասաց ճղճղան ձայնով կինը։ Տիկնոջ ճակատը թաքնված էր անձրևանոց հիշեցնող մազափնջի տակ, իսկ շպարի շերտն այնքան հաստ էր, որ որոշ հատվածներում արդեն ճաքել էր։ Վագրենավոր վերնաշապիկին ամրացրած մետաղական պիտակի վրա գրված էր «Ռոմելլա»։

— Չէ՛, ես ուրիշ հարցով եմ․․․

— Տղա՛ ջան, բոլորն էլ ուրիշ հարցով են, — Ռոմելլայի ձայնը գրատախտակ քերծող եղունգի պես էր հնչում։ — Հարցերի համար էլ են թերթիկ քաշում։

— Ե-ես այստեղ եմ աշխատում, այսօր իմ առաջին աշխատանքային օրն է, — կմկմաց Տիգրանը։

Կնոջ բարակ, սև ունքերից մեկը կորագծով բարձրացավ։ Չնայած որ Ռոմելլան Տիգրանից մի գլուխ կարճահասակ էր, նրան միևնույն է հաջողվեց վերևից նայել Տիգրանին։

— Անուն-ազգանուն, — հրամայական տոնով ասաց Ռոմելլան։

— Պետրոսյան Տիգրան։

Կինը շղթայով վզից կախված ակնոցը հարմարեցրեց սուր քթի ծայրին ու կրիայի արագությամբ սկսեց երկար եղունգներով պրպտել սեղանին դրված անվանական պիտակները։ Դրանք շատ չէին, երևի մի յոթ հատ, սակայն Ռոմելլային պահանջվեց մի ամբողջ տասը րոպե՝ դրանք ուսումնասիրելու համար։ Ժամանակ առ ժամանակ նա աչքի պոչով նայում էր Տիգրանի հետևում առաջացած հերթին ու ճպպացնում։

— Շատ կա՞ էդտեղ, — հարցրեց Տիգրանին ամենամոտ կանգնած կլորավուն տղամարդը։

Ռոմելլան հոգոց հանեց։

— Դուք երևի սարքից թերթիկ քաշեք, — փորձեց օգտակար լինել Տիգրանը։

— Տղա ջա՜ն, կլինի՞ իմ աշխատանքը քո վրա չվերցնես, — մռնչաց Ռոմելլան՝ Տիգրանի վրա շպրտելով անվանապիտակը։

Տիգրանն ամոթից կծկվեց։ Պիտակի վրա գրված էր «Տիրան», բայց Տիգրանը որոշեց, որ ավելի հեշտ կլինի անունը փոխել, քան Ռոմելլայի հետ թեկուզ մի րոպե ավելի ժամանակ անցկացնել։

— Միջանցքով ուղիղ, աստիճաններով վերև, նորից ուղիղ, ձախից չորրորդ դուռը, — հրամայեց Ռոմելլան ու պտտվեց դեպի կլորավուն տղամարդը։

Տիգրանը վերնաշապիկին ամրացրեց սխալ անունով պիտակն ու հերթում սպասող մարդկանց հայացքների ներքո քայլեց առաջ։

Չլուսավորված անպատուհան միջանցքն իսկական քվեսթ էր։ Ինչ-որ մեկը որոշել էր, որ պոկված մանրահատակի դեմ պայքարելու լավագույն մեթոդը ոչ թե այն փոխելն է կամ նորից տեղում սոսնձելը, այլ հենց պոկվածի վրայից լինոլեում կպցնելը։ Վերջ ի վերջո, ի՞նչ է կյանքն առանց մի փոքր առեղծվածի, երբ հատակը ոտքիդ տակ վերածվում է մի կենդանի էակի։

Տիգրանի ականջում դեռ զրնգում էր հոր ձայնը՝ «այս տանը քեզ այլևս անվճար պահող չկա, ես քեզ տվել էի կես տարի ժամանակ քո այդ անիմաստ մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար։ Դու չգտար։ Հիմա ունես երկու տարբերակ` կա՛մ վրձիններդ հավաքում ես ու ազատում ինձ ու մորդ քո ներկայությունից, կա՛մ գլուխդ կախած գնում ես Օնիկ հոպարի դասավորած գործին»։

Տեխնիկապես Օնիկը բոլորովին էլ Տիգրանի հորեղբայրը չէր, ուղղակի ընտանիքի ընկեր էր։ Ասում էին՝ Օնիկը պատերազմի մասնակից էր, բայց թե կոնկրետ որ պատերազմի՝ ոչ ոք չէր համարձակվում հարցնել։ Միակ ապացույցը, որ Օնիկն իսկապես արկածներով լի կյանք էր ունեցել, նրա աջ ականջից դեպի ձախ աչք ճակատով անցնող անճոռնի սպին էր ու փայտացած ոտքը։

Երեկվա ընթրիքի ժամանակ Օնիկը մենակով ոչնչացրեց Տիգրանի մոր պատրաստած հնդկահավը, ներս շնչեց երկու շիշ օղի ու հետ տվեց Տիգրանի նոր բոթասների վրա։ Հետո նա գրպանից հանեց ճմրթած թղթի կտոր, որի վրա հավի չանչերով ինչ-որ բան էր գրված։

«Առավոտ իննին կգնաս էս հասցեով, ամեն ինչ արդեն ասած ա․․․»,- ասաց Օնիկը, գղտաց ու անջատվեց բազմոցին։

Ռոմելլայի նշած դուռը բացվեց ու Տիգրանի աչքերն արցունքոտվեցին։ Ծխախոտի բուրումնավետ մառախուղի միջից ձայն լսվեց։

— Ո՞վ ա, նե՛րս արի։

Մի քանի ակնթարթից Տիգրանի աչքերն արցունքաբեր մշուշի մեջ նշմարեցին մի քանի սիլուետ։ Ցեցը կերած բազմոցին, որի ոտքերից մեկի փոխարեն մի կապոց գիրք էր շարած, քնած էր մի տղամարդ։ Նրա դեմքին բաց գիրք էր դրված։ Ամեն խռռոցի հետ գրքի տակից ծխախոտի ծխի հերթական չափաբաժինն էր լցվում սենյակ։

«Էդ գիրքը ո՞նց չի կպնում»,- ապշեց Տիգրանը։

Սենյակի անկյունում՝ հնադարյա համակարգչի դիմաց, կծկվել էր խուճուճ մազերով մի լղար երիտասարդ, որն անընդհատ ինչ-որ բան էր փնթփնթում քթի տակ ու խաչբառ լուծում։

Իսկ Տիգրանի դիմաց, ոտքերը սեղանին հենած, նստած էր երիտասարդ աղջիկ։ Նրա ամեն ինչը սուր էր՝ սուր դիմագծեր, անկյունաձև ուսեր, ոսկրոտ մատներ՝ ողջ մարմինն ասես հավաքած լիներ լուցկիներից։ Երկար, սև խոպոպների արանքից փայլում էին հայելու պես սառը կապույտ աչքերը։ Նրա սև կաշվից կոշիկներից մեկը շրխկալով իջավ սեղանից ու դատարկ աթոռը հրեց դեպի Տիգրանը։

— Դու երևի Տիրանն ես, — ասաց աղջիկը։

— Տիգրան։

— Ես Աստղիկն եմ, էն անկյունի դողացողը մեր այթիշնիկն ա՝ Գարենը։

Տիգրանն ակամայից հայացքը թեքեց դեպի խռռացնող տղամարդը։

— Սա Չըխկն ա՝ մեր թիմի առաջնորդը։ Ընկերական խորհուրդ՝ երբեք չհարցնես՝ էդ մականունը իրան որտեղից։ Մենք զբաղվում ենք անօրինական շինություններով։

Տիգրանը դեռ չէր տեսել մեկին, ում աչքերը փայլեին անօրինական շինությունների մասին խոսելիս։ «Երևի աչոնը մի քիչ կտցրած ա»,- մտածեց նա։

— Անօրինական շինություննե՞ր, էդ առևտրական բուդկանե՞րն են, — հարցրեց Տիգրանը։

— Բուդկա՞, ախ հա՜ բուդկա, պարիսպ, առաջ տված բալկոն, տենց բաներ․․․ — ասաց Աստղիկը և աչքով արեց․ կարծես ասածի տակ ինչ-որ թաքնված իմաստ կար, որը Տիգրանը պետք է իմանար։ — Դու ո՞ր զենքին ես տիրապետում։

— Զե՞նք։

— Թու՞ր, կացի՞ն, նետ ու աղե՞ղ, — բացատրեց Գարենը՝ համակարգչի գլխին բռունցքով խփելով։

«Չէ, սրանք հաստատ կտցրած են»,- մտածեց Տիգրանը։

— Չեմ հասկանում, դու քննություն չես տվե՞լ, — պահանջեց Աստղիկը։

Տիգրանը շփոթված գլուխը թափ տվեց։

— Իմ համար հորեղբայր Օնիկն էր ասել։

Աստղիկը վեր թռավ, մոտեցավ ու ուշադիր նայեց Տիգրանի աչքերի մեջ։

— Գեներալը քո հորեղբա՞յրն ա, — Աստղիկի ձայնում միախառնվեցին հիացմունքն ու վախը։

Տիգրանը գլխով արեց՝ ենթադրելով որ «Գեներալը» Օնիկի աշխատանքային մականունն է։

— Էդ ճի՞շտ ա, որ Օնիկը մի գիշերում տասը հատ անօրինական խանութ ա ոչնչացրել, — հարցրեց Աստղիկը՝ աչքերը նեղացնելով, կարծես գաղտնիք էր պոկում Տիգրանից։

— Ես․․․ չգիտեմ․․․

— Ճիշտ ա՞, որ ինքը անձամբ Պարիս Հերունու հետ ա աշխատել։

— Հերունին ի՞նչ կապ ուներ կադաստրի հետ։ Ինքը ֆիզիկոս չէ՞ր, — հարցրեց Տիգրանը։

— Հերունին հանճար էր, — մրմնջաց Գարենը։ — Հանճար, որը մենակ ֆիզիկայով չէր զբաղվում, այլ նաև… ունիկալ կառույցներ էր նախագծում։

— Իսկ ճի՞շտ ա, որ ինքը անցյալ դեկտեմբերին երեսուն կեղծ Ձմեռ պապ ա գտել, — Աստղիկը նենց խանդավառությամբ էր խոսում, կարծես դա հերոսություն էր։

— Ասում են՝ ինքը մենակով մաքրազերծել ա օպերայի ու բալետի թատրոնը, — միացավ Գարենը։

— Մաքրազերծել ինչի՞ց, — Տիգրանն ավելի շփոթվեց։

— Մոծակներից իհարկե, — պատասխանեց Աստղիկը, ասես գիժը Տիգրանն էր։

— Լա՜վ,լա՜վ, հերիք տղային ճնշեք հորեղբոր սխրանքներով, — ձայնը գալիս էր գրքի տակից։

Սխրանքներո՞վ։ Տիգրանի գլուխը սկսեց ցավալ։

— Սկսենք պարզ բաներից, գնա՛ պադվալ, կարգի՛ հրավիրի արխիվը, — ասաց Չըխկը ու շարունակեց խռռացնել։

Տիգրանը սպասում էր հավելյալ հրահանգների, բայց փոխարենը Աստղիկը նրան տվեց մի քանի էջանոց տեքստ, ուսապարկ ու բանալի։

— Իջի՛ ամենաներքևի հարկ, կարդա՛ սա ու հետևի՛ր ամեն քայլին, դա շատ կարևոր ա, — Աստղիկն այնպես էր խոսում, ասես Տիգրանի կյանքն էր դրանից կախված։

Տիգրանը գլխով արեց ու դուրս եկավ։ Ծուռ աստիճաններով իջնելուց մտածում էր, որ նման գժերի հետ ամեն օր շփվելը չի կարող լավ անդրադարձ ունենալ իր հոգեկանի վրա։ Պետք էր արագ նոր աշխատանք գտնել։

Ներքևում անասելի ցուրտ էր, Տիգրանի արտաշնչած գոլորշին պար տվեց աչքերի առաջ։ Նա մտցրեց բանալին դռան մեջ ու պտտեց, այնուհետև շունչ քաշեց ու հրեց դուռը։

Ծխնիների հառաչանքը նախազգուշացման պես արձագանքեց դատարկ դահլիճում։

Դուռը շրխկոցով փակվեց Տիգրանի հետևից։ Նետվելով դեպի բռնակը՝ Տիգրանը փորձեց այն բացել, բայց դուռը քարից էլ ծանր էր։ Տիգրանի մարմնով սարսուռ անցավ։ Ներսից դռան մակերեսը պատված էր խորը քերծվածքներով, որոնք միայն կարող էին լինել շատ, շա՛տ մեծ ճանկերի հետքեր:

Փոշու և խոնավ թղթի հոտից խեղդվելով՝ նա զգուշորեն առաջացավ։ Շուրջբոլորն անթիվ-անհամար թղթերով ու պիտակավորված տուփերով լցված դարակներ էին, ոտքի տակ գրենական պիտույքների հին, ժանգոտ կույտեր էին:

Բայց նկուղում միայն գրասենյակային պարագաներ չէին: Դակիչների արկղում Տիգրանը գտավ տարբեր ոճերի ու չափերի խաչեր, ոմանք՝ նոր, մյուսները՝ տարիներից խունացած։ Սեղանի վրա դարսված էին հնագույն զենքեր՝ դաշույններից մինչև լայն թրեր։ Անկյունում՝ հատակին, փոշու հաստ շերտով էր պատված զրահների մի ողջ հավաքածու։ Ջրի հին դիսպենսերի վրա մեկը գրիչով գրել էր՝ «սուրբ ջուր»։

Տիգրանը շունչը պահեց, երբ մի ստվեր իրեն հետևելով շարժվեց սենյակի մի անկյունից մյուսը: Այն չափազանց արագ էր ու չափազանց անճոռնի՝ Տիգրանի ստվերը լինելու համար։ Տիգրանի մեջքով դող անցավ, ձեռքերի մազերը բիզ-բիզ կանգնեցին, իսկ աչքերն այնքան էին լարվել, որ ուր որ է ուղեղում մազանոթ կպայթեր: Տիգրանի հետևում ինչ-որ բան քերծեց հատակի փայտերը։ Նա կտրուկ շրջվեց։ Ոչինչ։

Տիգրանը շտապեց բացել կոկիկ տպագրված հրահանգները․ դրանք իրենց պարզությամբ ծաղրանք էին թվում։

Քայլ 1. Պայուսակից վերցրու՛ կավիճը և հատակին շրջա՛ն գծիր:

Տիգրանի հայացքն ուղղվեց դեպի սև ուսապարկը։ Նա կռացավ ու դողացող ձեռքերով բացեց այն: Առաջին բանը, ինչին նրա մատները հպվեցին, հարթ ու սառն էր՝ ոսկոր: Ոչ թե փոքրիկ ոսկոր, ինչպիսին ասենք հավի թևիկն է, այլ երկար մի բան, որն անհանգստացնելու աստիճան մարդու մաս էր հիշեցնում։ Տիգրանը բղավեց և այն հետ նետեց ուսապարկի մեջ:

— Լավ, լավ, — մրթմրթաց Տիգրանը, կարծես բարձրաձայն խոսելը կարող էր զսպել խուճապի աճող ալիքը: Նա նորից բացեց պայուսակը՝ ստիպելով իրեն անտեսել ոսկորը և վերջապես գտավ կավիճի կտորը։

Տիգրանը ծնկի իջավ և փոշոտ հատակին շրջան գծեց։ Նրա շարժումները անփույթ էին, և ստացված պատկերը մանկական խզբզոցի էր նման։ Երբ կավիճը պոկվեց հատակից, սենյակը մթնեց: Թղթերը խշխշացին, զենքերը դղրդացին դարակների մեջ, և ստվերի խորքից լսվեց ցածր, ողբալի կաղկանձ: Տիգրանը քարացավ․ ձայնը մոտենում էր։

Քայլ 2. Կանգնի՛ր շրջանի ներսում:

Հենց այդ պահին ստվերները միաձուլվեցին՝ կլանելով ողջ սենյակը, բացի կավիճով խզբզած շրջանից: Տիգրանի ոտքերը թուլացան, նա սայթաքեց ու տապալվեց կավճյա շրջանագծի կենտրոնում։ Կաղկանձը վերածվեց ահեղ ոռնոցի, և մթության միջից դուրս եկավ մի հրեշավոր շուն, կամ այն, ինչ նախկինում շուն է եղել:

Նրա թափանցիկ, մշուշապատ մարմինը շողշողում էր, սակայն ատելությամբ լի կարմիր աչքերը, որ վառվում էին դժոխային փայլով, չափազանց իրական էին: Անհավանականորեն երկար ու սուր ժանիքներից կաթում էր ինչ-որ բան, որը գոլորշիանում էր՝ նախքան գետնին հասնելը։ Կատաղի էակը ցատկեց դեպի շրջանը։

Ինչ-որ տեղ կարծես մի աղջնակ ճչաց․․․ ոչ, այդ սարսափահար ճիչը Տիգրանինն էր։ Ծնկի գալով՝ նա ներքուստ արդեն պատրաստվում էր զոհ գնալ ուրվական-շանը, երբ տեսավ՝ ինչպես է այն բախվում կավճե շրջանի անտեսանելի պատնեշին: Ամեն անգամ, երբ ուրվական-շունը խփվում էր պատնեշին, օդում ալիքներ էին տարածվում:

Աչքերը տրորելով ՝ Տիգրանը հայացք նետեց թղթին։

Քայլ 3. Ոսկորը նետի՛ր Շարիկին:

— Շար-րիկի՞ն, — Տիգրանի ձայնը երերաց։ — Սա նույնիսկ անուն ունի՞։

Ուրվական-շունը նորից մռնչաց։ Տիգրանը զգաց նրա գարշահոտ շնչառության քամին իր դեմքին։ Նա ձգվեց դեպի ուսապարկը, ձեռքերն այնպես էին դողդողում, որ երկրորդ փորձից հազիվ բացեց այն։ Վերջապես մատները գտան ոսկորը։

Ոսկորը տեսնելուն պես Շարիկի պահվածքը փոխվեց։ Գազանը դադարեց մռնչալ և գլուխը կողքի գցեց՝ հսկա ականջները բարձրացնելով: Պոչը թափահարելով՝ նա հուզված նվնվաց։

Տիգրանը սառեց, նրա սարսափը միախառնվել էր զարմանքի հետ։ «Իսկապե՞ս»,- մտածեց նա։

Շարիկը նորից հաչաց, բայց այս անգամ դա հնչեց գրեթե... ժիր։ Գազանը կռացավ, նրա փայլուն աչքերը գամված էին ոսկորին։ Այդ պահին նա նվնվացող հսկայական քոթոթ էր հիշեցնում, որ տեսել էր իր սիրելի խաղալիքը:

— Լա՜վ, — մրմնջաց Տիգրանը: — Գնա՛, բե՛ր։

Նա որքան հնարավոր էր հեռու նետեց ոսկորը։ Շարիկը թռավ ոսկորի հետևից՝ ուրախ կլանչոցով անհետանալով մթության մեջ։

Սենյակում լռություն էր՝ չհաշված Տիգրանի տանջված շնչառությունը։ Նա նստեց հատակին՝ ճակատից սրբելով քրտինքը։

Շունչ առնելուց հետո Տիգրանը կանգնեց ու հայացքը գցեց ճմրթած թերթիկին։

Քայլ 4․ Կողպի՛ր գրականությունը։

Տիգրանը շփոթված թարթեց։ «Սա ի՞նչ է նշանակում»։

Դարակներից մեկի խորքից, օդը ճեղքելով, Տիգրանի գլխին գահավիժեց կարմիր կազմով մի գիրք։ Հաջորդն ընկավ ուղիղ ոտքի թաթին։

— Ա՜խ, ո՞վ էր, հերի՛ք գրքեր շպրտեք, — բղավեց Տիգրանը։

Ոչ ոք չէր նետում գրքերը, որովհետև Տիգրանին հարվածելուց հետո առաջին գիրքը ռազմական ինքնաթիռի պես գվվացնելով սլացավ վերև, բացեց կազմն ու սուրաց երկրորդ հարձակման համար։

— Չէ, սա հաստատ մղձավանջ է, — ինքն իրեն ասաց Տիգրանը՝ ընկնելով գետնին ու ձեռքերով գլուխը պաշտպանելով։

Գրքին միացան պահարանի՝ գրավոր խոսքի մնացած դրսևորումները՝ տետրեր, մատյաններ ու նույնիսկ մի երկու հանրագիտարան։ Ծանր հատորներից մեկը բռնեց Տիգրանի ձախ կրունկն ու կատաղած շան պես թափ տվեց։ Տիգրանը զգաց՝ ինչպես են զարմանալիորեն սուր ատամները խրվում մաշկի մեջ։ Ցավից գալարվելով ու հիշելով մանկության տարիների բակային ֆուտբոլի հմտությունները՝ Տիգրանը ամբողջ ուժով աջ ոտքով հարվածեց հատորին։ Գիրքն ընկավ գետնին՝ բացվելով «Անասուն» բառի բացատրության վրա։

— Անասունը դու՛ ես, — ճվաց Տիգրանը՝ ոտքի կանգնելով։

Ակնհայտ էր, որ կավիճով գծած պատնեշը գրականության վրա չէր ազդում։ Նկուղով մեկ վազելով՝ Տիգրանը փորձում էր ճիշտ ռազմավարություն մշակել, սակայն հետևից սլացող կատաղած գրքերի երամը չէր թողնում կենտրոնանալ։

— Դե՛, Տիգրա՛ն, եթե գիրք լինեիր, ինչի՞ց կվախենայիր, — մրթմրթաց նա ինքն իրեն։

Լուծումը հանճարեղ էր իր պարզությամբ։ Գրպանում մի քանի վայրկյան փորփրելուց հետո նա վերջապես գտավ ինչ փնտրում էր, արագ շրջվեց ու վառեց կրակայրիչը։ Գրքերն իսկույն սառեցին օդում։

— Ահա՜, — բղավեց Տիգրանը՝ կրակը դիմացը թափահարելով։ — Հե՛տ, հե՛տ գնացեք, դժոխքի ծնունդնե՛ր։

Մի ձեռքով պահելով կրակը, մյուսով բացելով մետաղյա դուռը՝ Տիգրանը գրքերին հետ մղեց իրենց տեղն ու կողպեց պահարանը։ Գրքերը դեռ շարունակում էին թփրտալ դռների հետևում։ Ծանր շնչելով՝ Տիգրանը հենվեց պատին ու նայեց թղթին։

«*Արտակարգ իրավիճակում գրքերին կարելի է սպառնալ կրակով»։

— Տո լա՛վ, է՜։

Հինգերորդ և ամենավերջին քայլը կասկածելիորեն պարզ թվաց։

Քայլ 5․ Փոխանցի՛ր Քնարի լանչը։

Տիգրանը փորփրում էր ուսապարկը՝ փորձելով գտնել որևէ սնունդ։ Ձեռքի տակ ընկան սղոց, բացովի նիզակ, սուրբ ջրով սրվակ, ինչ-որ կասկածելի տոպրակ, որի վրա գրված էր «գերեզմանափոշի», սատկած աքաղաղ․․․ միգուցե սա՞ էր Քնարի լանչը՝ չնայած թռչնի դիակը դեռ փետուրներով էր պատված։

Ծանրության տակ հառաչող փայտի ճռռոցը խախտեց լռությունը։ Տիգրանը քարացավ։ Նա նայեց աջ: Ոչի՛նչ։

Նայեց ձախ։ Կրկի՛ն ոչինչ։

Ձայնը նորից եկավ, այս անգամ ավելի մոտ: Բայց ճռռոցը հատակից չէր: Ավելի բարձր էր, ավելի․․․ վեր։Սարսափը կուտակելով սրտում ու դողացող ծնկներում, Տիգրանը նայեց վերև՝ առաստաղին։

Այնտեղ նա տեսավ, փայլն էր՝ երկու պայծառ դեղին գունդ, որոնք զույգ լապտերների պես կտրում էին մթությունը: Նրանք թարթեցին։

Հետո Տիգրանի մթագնած ուղեղն ընկալեց մնացածը: Իր գլխավերևում առաստաղից կախված էր մոտ ութսունամյա տատիկ։ Նրա բարակ վիզն անբնական անկյան տակ ոլորված էր, սուր եղունգները խրված էին առաստաղի քարի մեջ։ Սարդոստայնից կախված սարդի պես նա անթարթ, դեղին աչքերով նայում էր շունչը պահած Տիգրանին։

Իսկ ամենասարսափելին նրա չափազանց լայն ժպիտն էր: Այն ձգվում էր ականջից ականջ՝ ի հայտ բերելով շողշողացող սուր ժանիքները։

— Գտա՞ր, բալա՛ ջան, — հարցրեց վամպիր-տատը՝ սարսուռ անցկացնելով Տիգրանի ողնաշարով:

Տիգրանը փորձեց գոռալ, բայց նրա ձայնալարերը կապ էին ընկել կոկորդում։ Նա դողդոջուն մատներով շրջեց ուսապարկը՝ դատարկելով ողջ պարունակությունը։ Հատակին գլորվեց կնքված շիշ, որի վառ կարմիր պիտակին գրված էր՝ «Առաջին խմբի դոնորի էթիկապես հավաքված արյուն – կիսաքաղցր»:

Տատիի հայացքը թեքվեց դեպի շիշը։

Տիգրանը վերջապես գտավ իր ձայնը և ճչաց։ Սայթաքելով ու բախվելով պատերին՝ նա սլացավ առաջ՝ հեռու անիծյալ նկուղից, հեռու արյան շշին սպասող վամպիրից, կատաղած գրքերից ու ուրվական գազանից։

Աստիճանների վրա նա բախվեց գրանցամատյանների նոր կույտ բերող Ռոմելլային։ Մատյանների հետ գետնին հայտնվեց Ռոմելլայի կեղծամը՝ մերկացնելով տիկնոջ գլխին ծվարած օձերի կույտը։ Դրանք չվարանեցին ֆշշացնել Տիգրանի վրա։

— Զգույշ, տղա՛ ջան, հո պաժա՞ռ չի․․․ — մռնչաց Ռոմելլան՝ կեղծամը գետնից վերցնելով ու թափ տալով։

Վերջնականորեն որոշելով , որ իր մոտ շիզոֆրենիայի դրվագ է , Տիգրանը ոռնոց արձակեց ու լույսի արագությամբ սլացավ առաջ։

Երբ մտավ սենյակ, որտեղ Աստղիկն ու մյուսներն էին, Տիգրանը կողպեց դուռը, հետո մոտակա սեղանը ճռնչալով քարշ տվեց դրա դիմաց։

— Քեզ ի՞նչ պատահեց, — շիվարած հարցրեց Աստղիկը։

— Իրանք գալիս են իմ հետևից։ Ուրվականը․․․ դև գրքերը․․․ վամպիր տաաաատը․․․ — հևաց Տիգրանը։

Աստղիկն ու Գարենը շփոթված իրար նայեցին։

— Վա՞տ ես, ո՞վ ա գալու հետևիցդ, — հարցրեց Աստղիկը։

— Գլուխդ ես խփե՞լ, — հարցրեց Գարենը։

Բազմոցին պառկած Չըխկը թռավ ոտքի։

— Մի կո՛ղմ քաշվեք, — ասաց նա՝ հրմշտելով Աստղիկին ու Գարենին։ — Հլը պատմի՛, տենամ ինչ ա էղել, ա՛յ բալա։

Տիգրանը բացեց բերանը, որ խոսի, բայց բառերի փոխարեն միայն ճչոց արտաբերեց, որովհետև Տիգրանի հայացքը հանդիպեց Չըխկի աչքերին… աչքին․․․ միակ, ճակատի մեջտեղում ծվարած մեծ, կապույտ աչքին։

Տիգրանը տեղյակ չէր, որ իր ձայնալարերն ընդունակ են վերցնել այդքան բարձր նոտա։ Ձեռքերը թափահարելով ու գոռալով՝ նա հեռու սլացավ անճոռնի ցիկլոպից ու ողջ ծանրությամբ բախվեց պահարանի դռանը։ Աշխարհը մթնեց։

Ձայները գալիս էին հեռվից՝ ասես ջրի տակից։

— Էս հիստերիկին հաստա՞տ Օնիկն ա ուղարկել։

— Պա՜հ-պա՜հ, Գարե՛ն տղա, գոնե դու սու՛ս։ Դու առաջին աշխատանքային օրը տակդ թացացրիր։

— Հա հիմա ներվերից մի քիչ թույլ ա տղեն։ Հեսա մի հատ շաքարաջուր կտանք, սաղ կընկնի տեղը։

Տիգրանը բացեց աչքերը, ամեն ինչ պտտվում էր։

— Ըհը՜, տեսեք ով արթնացավ,- ժպտալով ասաց Աստղիկը։

— Էս ի՜նչ անկապ երազ էր․․․,-ասաց Տիգրանը նստելով։

— Տենց կտրուկ մի՛ նստի, — Չըխկը կիտել էր միակ ունքն աչքի վերևում։

Տիգրանը հեկեկոցով հետ քաշվեց։

— Դա երազ չէ՞ր, դու․․․ դու ցիկլո՞պ ես։

— Իհարկե երազ չէր, — ասաց Ռոմելլան, Տիգրանին բաժակով ջուր տալով։ Նրա գլխի օձերը ուշադիր, համարյա մտահոգված նայում էին Տիգրանին։

— Աաաաա՜, — բղավեց Տիգրանը՝ աչքերը փակելով։ — Ինձ մի՛ քարացրու։

— Վատ չի, վատ չի, դիցաբանությունից գաղափար ունի, — լսվեց Չըխկի ձայնը։ — Աչքերդ բա՛ց, Ռոմելլան շուտվանից ոչ մեկին քար չի սարքում։

Շատ դանդաղ Տիգրանը բացեց մի աչքը։ Ռոմելլան փնչացրեց ու բաժակն առաջարկեց իրեն։ Դողդղացող ձեռքով Տիգրանը վերցրեց ու խմեց։

— Տղա՛ ջան, քեզ Օնիկը գործի դասավորելուց ոչինչ չէր բացատրե՞լ,

— հարցրեց Չըխկը։

Փորձելով խուսափել միակ աչքի հայացքից՝ Տիգրանը գլուխը թափահարեց։

— Իհարկե, Գեներալը դժվար գործը բարդեց մեր ուսերին։

Ռոմելլան կանգնեց հայելու առաջ՝ կեղծամը ձեռքին, նրա գլխի օձերը ֆշշացնելով փորձում էին խուսափել դրա տակ հայտնվելուց։ Ռոմելլան մի երկուսին թաթալոշ հասցրեց։

— Մենք կադաստրն ենք, — ասաց Չըխկը։

— Գիտ-տ-տեմ, — կակազեց Տիգրանը։

— Քո իմացածը չէ։ Մոռացի՛ր էդ բոլոր քաղաքացիական գործարքները, անօրինական շինությունները, էդ սաղ շիրմա ա, իրականում Հայաստանում բոլոր պետական կառույցները հնադարյան միաբանություններ են, որոնք պայքար են մղում չարի ուժերի դեմ։ Կադաստր նշանակում է՝

Կախարդական Արարածների Դիցական Արխիվացման Ստանդարտ Տեղեկատու Ռեեստր։

— Կադաստր ր-ով ա գրվում, — ասաց Տիգրանը։

— Օրիգինալ հապավում կազմողը ռուսախոս էր, понятно? — բացատրեց Ռոմելլան։


— Չէ՛, չէ՛, չէ՛։ Ես հաստատ շիզոֆրենիա ունեմ, իսկ դուք բոլորդ իմ հիվանդ երևակայության արդյունքն եք։ Հերս ասում էր՝ գնա՛ տնտեսագիտական․․․ բայց չէ՜, ես պիտի նկարիչ դառնայի։ Դառա՞ր, Տիգրա՛ն տղա, Վան Գոգի պես վերջին օրերդ գժանոցում կանցկացնես։ Ինձ օգնություն ա պետք, ո՞ւր գնամ․․․ պոլիկլինիկա՞։

—Պոլիկլինիկաները դևերի դեմ են պայքարում, այնտեղ գնացողներին հիմնականում դիվաթափություն ա պետք, իսկ դևերն այս աշխարհում ամենաշատը զզվում են հերթում սպասելուց, — ասաց Գարենը։ - Իսկ դու դիվահար չես։

— Ի՞նչ։

— Դևերն առաջացնում են առողջական խնդիրներ, բայց նրանք նաև շատ քցիպ են ու ատում են հերթի մեջ սպասել։ Դրա համար պոլիկլինիկաներն անվճար են, ու այնտեղ միշտ հերթ ա։ Իհարկե, եթե դու շարքային քաղաքացի ես, ով չի կարող իրեն թույլ տալ վճարովի բուժօգնություն, պետք ա դիսկոմֆորտ ապրես, որովհետև քեզ մնացած դիվահարների հետ ժամերով կսպասեցնեն հերթում։

Տիգրանը անկախ իրենից սկսեց ճոճվել հետ ու առաջ։

— Բա քեզ ի՞նչ էր թվում, — ասաց Չըխկը, — պետական կառույցներն իսկապես էդքան վատ են աշխատու՞մ։ Դրանց հիմնական գործառույթն աշխարհը փրկելն ա, իսկ էն մնացած հարցերը՝ անձնագրեր, թղթեր, դիմումներ, էդ սաղ երկրորդական են, քողարկում։ Սովորական մարդկանց աչքերին թոզ փչելու համար են։ Բայց դե հո չէինք կարա շենքի վրա գրեինք՝ «Մենք այստեղ չարքերի դեմ ենք պայքարում»․ խուճապ կառաջացներ։ Ստիպված հորինել ենք կիսախարխուլ պետական կառույցներ, որոնք ամենահեշտ ու թեթև գործը շաբաթներով ձգձգում են, իսկ կուլիսների հետևում իսկական պայքարն ա, կենաց ու մահու պայքարն ա վամպիրների, չարքերի ու դևերի դեմ։

— Ձեր նկուղում վամպիր կա, —Տիգրանը մատնանշեց հատակը։

— Ո՞վ, Քնար տատը՞, — փռթկաց Աստղիկը։

— Դաս առաջին՝ բոլոր դիցական էակները չէ, որ չարիք են, — ասաց Չըխկը՝ տրորելով միակ աչքը։ — Մեր պարագայում Քնար տատը ոչ միայն չարիք չի, այլ նաև մեր մարդկային ռեսուրսների մասնագետն ա՝ կադրավիկը։

Չըխկը մատնացույց արեց առաստաղը։ Այնտեղ՝ գլխիվայր ամրացված սեղանի դիմաց, նստած էր Քնար տատը։ Նա դանդաղ, քթի տակ փնթփնթալով ինչ-որ բան էր տպում հնադարյան գրամեքենան տկտկացնելով։

— Էս նոր տեխնոլոգիաները նյարդերս քայքայեցին, — մրթմրթաց նա՝ նայելով գրամեքենային։ — Լավ էր առաջ, փետուրով գրում էինք...

Տիգրանը այլևս չհարցրեց, թե ինչպու Քնարի սեղանին շարած թղթերը չէին թափվում իրենց գլխին։

— Հիմա Տիրանի պայմանագիրը պե՞տք ա, թե՞ չէ, — հարցրեց արնախում տատը։

— Տիգրանի, — ուղղեց Տիգրանը։ — Ու ոչ, պետք չի։ Գրողի ծոցը գնա ձեր հարյուր հազար դրամը, ես գնում եմ տուն։

— Որոշողն, իհարկե, դու ես, — ասաց Չըխկը։ — Բայց մեկ զրոյով սխալվեցիր, աշխատավարձը հարյուր հազար չի՝ մեկ միլիոն ա։

— Որտե՞ղ եմ ստորագրում, — հարցրեց Տիգրանը՝ դռնից հետ դառնալով։

***

Հաջորդ մի քանի շաբաթը Տիգրանը մասնակցեց երիտասարդ մասնագետների վերապատրաստման կուրսերին։ Դասընթացը վարում էր անձամբ Օնիկը։

— Տեսնում եմ՝ արդեն հարմարվել ես, — ասաց նա՝ Տիգրանին մեկնելով աչքի կաթիլներով փոքրիկ շիշ։ — Կաթացրու՛, սա մարդկանց իրական դեմքերը տեսնելու համար ա։ Կադաստրում երկար չես ձգի, եթե չիմանաս՝ ով ով է։

Տիգրանը հոտ քաշեց կապտավուն, կասկածելի հեղուկից, ապա զգուշորեն կաթացրեց աչքերի մեջ։ Աշխարհը պտտվեց, իսկ լորձաթաղանթը սկսեց այրվել, ասես վրան հալեցրած պղինձ էին լցրել։

Ցավից մռնչալով՝ Տիգրանը ձեռքերով ծածկեց աչքերը։ Երբ վերջապես զգաց, որ կարող է թարթել, բացեց մի աչքն ու նայեց Օնիկին։

Նրա դիմաց կանգնած էր կնճռոտ, թիկնեղ ու մորուքոտ էակ՝ Տիգրանից երկու գլուխ ցածր, բայց և ավելի թիկնեղ, մեջքին հարմարեցրած կացինով։ Էակի մաշկը քարացած սպիերի քարտեզ էր։

— Դու մի ասա՝ դու թզուկ ես… — ասաց Տիգրանը։

— Թզուկը տատուդ այգուց ելակ գողացող մատնաչափիկն ա, անգրագե՛տ, — մռնչաց էակը՝ փնչացնելով լայն քիթը և գետնին խփելով կացնի կոթը։ — Ես առնվազն մետր ու կես եմ։ Ինձ մի անգամ էլ թզուկ ասա, գլուխդ կտամ զնդանին, զնդանն էլ՝ գլխիդ։ Ես դվերգ եմ։ Քո համար՝ Գեներալ։

— Դվե՞րգ։

— Դվերգ։ Դվորֆ։ Թեկուզ հին ու բարի քզուխ, — բղավեց Օնիկը։ — Բանական ժայռերից պոկված, քարուգենը մաքուր պահած դարբինների հպարտ ազգ։ Մեզ կանչել են քարածին, դարբնացեղ, նույնիսկ երկարամորուք։ Բայց թզուկ՝ երբեք։

Նա թքեց հատակին։

— Շնորհավորում եմ, անհաջողա՛կ։ Մեկ բառով վաստակեցիր Գեներալի անմար ատելությունը։ Սա համաշխարհային ռեկորդ է, — քմծիծաղով հայտարարեց Աստղիկը։

Նույնիսկ մրի հաստ շերտը չէր կարող թաքցնել Գեներալի դեմքի կարմրությունը։

— Հիսուն հատ գետնից հրում, ռասաները չտարբերելու համար, — մռնչաց Գեներալը։

Հաջորդ ամիսը կարելի էր նկարագրել որպես անվերջ մղձավանջ՝ առանց զարթուցիչի։ Օնիկն ուներ գիտելիքը ֆիզիկական տանջանքի հետ համատեղելու սադիստական ձիրք։ Առավոտները սկսվում էին «մարզանքով», որն ավելի շատ պատերազմ էր հիշեցնում։

— Ծանրաքարը բարձրացրու՛։ Ամեն իջեցման ժամանակ ասա՛ մեկ չարք ու իր թուլությունը։

— Գոբլիններ... թուլությունը՝ կրակ... հըըը... վամպիրներ կամ արնախումներ... սուրբ ջուր կամ խաչ... ու՜ֆֆֆ... — հևաց Տիգրանը՝ քրտինքը ճակատից սրբելով։

— Բա՛րձր, լավ չի լսվում։

— Ուրվականների դեմ՝ աղ...

— Յոդացված աղ, — բղավեց Օնիկը ուղիղ ականջի մեջ։ — Եթե յոդացված չլինի, ինքդ ուրվական կդառնաս, ճպու՛ռ։ Սխալիդ համար՝ ամեն կողմից երկուական կիլոգրամ ավելացրու՛։

— Խնդրում եմ... հերի՛ք է... ազատվե՛ք ինձանից։ Ես տապալեցի փորձաշրջանը... գրե՛ք՝ չդիմացա... — ծանրաձողի տակ հևաց Տիգրանը։

— Կադաստրի փորձաշրջանից երկու ելք կա, լղա՛ր, — մռնչաց Օնիկը։ — Կա՛մ կրտսեր մասնագետի որակավորում ստացած, կա՛մ՝ պարկի մեջ։

Ամսվա վերջում Օնիկը հայտարարեց, որ Տիգրանը, Աստղիկն ու Գարենը անհույս են, բայց թույլ տվեց արդեն դուրս գալ աշխատանքի՝ ավագ մասնագետի հսկողությամբ։

— Ուրեմն լսի՛, եթե այցելուն կախարդական էակ է, սպասարկում ես։ Եթե սովորական մարդ է, այնքան թուղթ լրացնել տուր, որ փոշմանի, որ էկել ա, — ասաց Ռոմելլան։

— Բայց իմա՞ստը։

— Բյուրոկրատիան ամենահին կախարդանքն ա, տղա՛ս։ Մահկանացուների տանջանքը սնում ա գերբնական աշխարհը, առանց այդ սնունդի բոլոր գերբնական էակները կվերանան։ Համ էլ երբ ստիպված ես 15-րդ անգամ լրացնել ձևաչափ 4Ա-ն, այլևս ուշադրություն չես դարձնում, որ հերթում կողքդ գոբլին ա կանգնած։

Տիգրանի առաջին այցելուն շփոթված տատիկ էր, ով ընդամենը ուզում էր օրինականացնել 1975 թվին իր այգու շուրջ կառուցած պարիսպը։ Տիգրանը խորը շունչ քաշեց ու սկսեց։

— Պարսպի օրինականացումը 1975-ի հիմքով հնարավոր է, բայց մի քանի նախապայման կա։ Նախ, պետք է լրացնեք ձևաթուղթ Բ-17-ը, որն արձանագրում է անշարժ գույքի նախնական ոչ ֆորմալ զավթման հանգամանքները։ Էդ ձևը պետք է համընկնի քաղաքաշինության գլխավոր պլանի 1970–1980թթ. ներդաշնակեցված շերտաքարտեզի հետ, որը պահվում է միայն ազգային արխիվում, արխիվից այն ստանալու համար պետք է երկու շաբաթ առաջ դիմում գրեք ու իրենց ձևաթուղթը լրացնեք։

Դրանից հետո պետք է ներկայացնեք տարածքի գեոդեզիական վիճակի փաստաթղթավորված ռետրոսպեկտիվ գնահատական՝ ստորագրված երկու անկախ փորձագետի կողմից, որոնցից մեկը պարտադիր պետք է ունենա անտառապահի լիցենզիա։ Սա անհրաժեշտ է՝ պարզելու համար, թե պարիսպն արդյոք ծառի ստվեր չի՞ գողանում հարևանից։

Բացի դրանից, պահանջվում է մնացորդային նորմերի համապատասխանության վկայագիր առ այն, որ քայքայման աստիճանը չի գերազանցում թույլատրելի շեղումը 0.73 միկրոնով։

Ապա պետք է կից ներկայացնեք՝

Պարիսպի կադաստրային 3D պատկերը՝ լազերային սկավառակի վրա,

Բոլոր փաստաթղթերի հայերենից ռուսերեն և ռուսերենից անգլերեն պաշտոնական թարգմանություններ՝ նոտարական հաստատմամբ,

Նախկին տանտիրոջ կամ նրա ժառանգի ստորագրությամբ համաձայնություն։

Երբ սրանք կունենաք, պետք է հերթագրվեք հատուկ հանձնաժողովի մոտ, որը նիստ է անում ամեն ամսվա երրորդ հինգշաբթի օրը, եթե ամսաթիվը կենտ թիվ չէ․․․

Տատիկը մի պահ քարացավ։

— Բա որ չանեմ սրանք, ի՞նչ ա լինելու, բալա՛ ջան։

— Որ չանեք, երեք աշխատանքային օրվա մեջ բրիգադ կուղարկենք ու ձեր պարիսպը կապամոնտաժեն, — ինքն իրեն ատելով՝ ասաց Տիգրանը։

— Բայց եթե արխիվի թղթերը երկու շաբաթից նոր կլինի, ես ո՞նց երեք աշխատանքային օրվա մեջ էդ ամենը հասցնեմ։

— Այդ դեպքում պետք է հետաձգելու դիմում լրացնեք։ Դա արվում է միայն նոտարական գրասենյակում, նոտարի կնիքի ու քաղաքաշինության համար տասնվեց կոմիտեի անդամի ստորագրությամբ, եթե ապամոնտաժման օրը գարնանը չէ, իսկ եթե գարնանն է՝ նոտարի ստորագրությամբ ու քաղաքաշինության համար երեսուներկու կոմիտեի անդամի կնիքով։

— Թու՜, ես ձեր․․․ — փնթփնթաց տատն ու հեռացավ։

Տիգրանը տեսավ՝ ինչպես է հեռացող տատիկից դեպի առաստաղի ջահն ուղղվում ոսկեգույն էներգիայի ճառագայթ։

— Ապրե՜ս, — ասաց Ռոմելլան։

Աչքի կախարդական կաթիլների շնորհիվ Տիգրանը միանգամից հասկացավ, որ հաջորդ հաճախորդը սովորական մահկանացու չէր։

Կապտավուն մաշկով ու սուր մորուքով ջինը (իսկ նա հաստատ ջին էր, որովհետև ոտքերի փոխարեն ծխի պոչ ուներ) հին մետաղական լամպը թրխկացրեց Տիգրանի սեղանին։

— Ես ցանկանանում եմ գրանցել այս լամպը՝ որպես բնակելի անշարժ գույք, — հայտարարեց ջինը։

— Դե նախ սա շարժական է, հետո էլ բնակելին չի կարող երեք քառակուսի սանտիմետր լինել, — ասաց Տիգրանը։

Կեսժամանոց վեճից հետո լամպը ստացավ ժամանակավոր կացարանի կարգավիճակ։

Հաջորդը պատմահնագիտական արգելոց-թանգարանի սֆինքսի արձանն էր․ նա պահանջում էր իր տեղը փոխել, որ արևն աչքերին չընկնի։

Ժամը վեցին Տիգրանը վերջապես շունչ քաշեց։ Սպասասրահը լռեց։

— Դե գոնե ոչ ոք չպայթեց, չկերպարանափոխվեց ու չկծեց ինձ։ Կարելի է ասել… հաջող օր էր, — տնքաց Տիգրանը։

Երեք աթոռ այն կողմ Տիգրանին նայեց Աստղիկը, ով ոտքից գլուխ պատված էր կանաչ լորձով։

— Ոչ ինձ համար, — մռնչաց նա՝ քայլելով դեպի լոգասենյակը։

Տիգրանը հավաքում էր իրերը, երբ սեղանի մյուս կողմում մեկը կոկորդը մաքրեց։ Երբ Տիգրանը նայեց, սեղանի այն կողմում ոչ ոքի չտեսավ։ Այնուհետև Տիգրանի հայացքն ընկավ ներքև։ Աղջնակը սեղանից մի գլուխ ցածր էր, դրա համար երևաց միայն, երբ Տիգրանը կռացավ։

— Ըըը՜, ինչո՞վ կարող եմ օգնել, — հարցրեց Տիգրանը։

— Բարև, ես Գաբին եմ, մեր մանկապարտեզը կուլ է տվել իմ եղբորը, — առանց վայրկյան անգամ վարանելու՝ ասաց աղջնակը։

— Ի՞նչ, — Տիգրանը տրորեց աչքերը։

Աղջնակը հազիվ հինգ տարեկան լիներ, ամեն առումով սովորական երեխա էր, բայց ասածները նույնիսկ կադաստրի մասշտաբներով էին ֆանտաստիկ։

— Այս անչափահաս մահկանացուն ի՞նչ գործ ունի այստեղ, — հարցրեց Ռոմելլան։

— Ես պաշտոնական բողոք ունեմ, համար 35բ մանկապարտեզը կուլ է տալիս երեխաներին, — ասաց Գաբին։

— Դերվիշային համար 138/Բ պայմանագրի համաձայն, ցանկացած մահկանացու անչափահասի բողոք՝ անկախ նրանից, թե որքան անհավանական է այն, պետք է քննվի քառասունութ ժամվա ընթացքում,— արտասանեց Ռոմելլան՝ օձը մատին փաթաթելով։

Հաջորդ առավոտ Տիգրանն իրեն գտավ Աստղիկի և Չըխկի արանքում սեղմված, կանաչ ժանգոտ «Երազ»-ի մեջ, որը նման էր 1983 թվականի ջարդոնի։ Կողքին գրված էր «պեր ասպերա ադ աստր» ։ Ներսը յուղի, սուրբ ջրի և հուսահատության հոտ էր գալիս։

Տիգրանը երևի շատ վախեցած տեսք ուներ, որովհետև Չըխկը հարվածեց վահանակին ու ասաց։

— Մի՛ անհանգստացիր։ Նա միայն զույգ օրերին է փչանում։

Շարժիչը գղտաց, հայհոյեց ռուսերեն և միացավ։

Աստղիկը թերթում էր գործի նյութերը՝ «Թեմա՝ կորած երեխաներ, թիվ 35-Բ մանկապարտեզ»։

— Այսպիսով, — մտորեց նա, — հնարավոր չարքեր՝ III տիպի որկրամոլության ոգի, հսկայական երեսփոխուկ կամ անիծված գյաջ։

— Կամ, — տրտնջաց Տիգրանը, — պարզապես շատ վառ երևակայություն ունեցող հինգ տարեկան երեխա։

— Երբեք մի՛ թերագնահատիր նախադպրոցական երեխաների ինտուիցիան, — զգուշացրեց Չըխկը։

Մանկապարտեզը գերադրական աստիճանի նորմալ տեսք ուներ՝ գույնզգույն պատեր, պլաստիկ վահանակներ և ժպտացող արջերի որմնանկար, որն ակնհայտորեն չէր թարմացվել 1987 թվականից ի վեր: Երեխաները խաղում էին բակում. նրանցից մեկը՝ ամենայն հավանականությամբ Գաբիի եղբայրը, գնդակ էր խաղում, ինչպես ցանկացած այլ երեխա։

— Գործը փակված է, — հայտարարեց Տիգրանը: — Եղբայրը գտնվել է, պատերի արանքում աղեստամոքսային տրակտ չի հայտնաբերվել։

Աստղիկը կկոցեց աչքերը:

— Ավելի մոտիկից նայի՛ր, Շե՛րլոկ, — հորդորեց նա։

Տղան կրկին հարվածեց գնդակին․ շարժումը նախորդ շարժման կատարյալ կրկնօրինակն էր՝ դանդաղ, մեխանիկորեն, լարած տիկնիկի նման: Նրա շուրջը մի քանի այլ երեխաներ շարժվում էին նույն անբնական ռիթմով, կրկնվելով՝ չափազանց լայն ժպիտներով, չափազանց հազվադեպ թարթելով։ Ասես ողջ տեսարանն անընդմեջ կրկնվող վատ ձայնագրություն լիներ։

— Ինչո՞ւ են բոլորը… կրկնվում, — շշնջաց Տիգրանը։

— Ինչ-որ բան կերել է բնօրինակներին ու դուրս թքել ցածրորակ, սահմանափակ օպերատիվ հիշողությամբ պատճեններ, — ասաց Աստղիկը։

Մինչ նրանք կհասցնեին հետաքննել, նրանց դիմաց հայտնվեց մանկապարտեզի աշխատակցուհին։

— Ի՞նչ եք անում այստեղ։

Չըխկը ցույց տվեց տեսչական մարմնի լամինացված վկայականը։

— Ըըը, պետական ​​ստուգում։

— Կադաստրի՞ց։

— Ահազանգ ենք ստացել, որ շենքը չի համապատասխանում շինարարական նորմերին, — փորձեց իրավիճակը շտկել Տիգրանը։

— Ըստ նորմատիվի՝ շենքն իրավունք չունի կուլ տալ երեխաներին, — ասաց Աստղիկը։

Կինը կկոցեց աչքերը։

— Եթե չհեռանաք, ես ոստիկանություն կկանչեմ։

— Հիանալի է, — ասաց Աստղիկը։ — Մենք ոստիկանության հետ չենք համագործակցել վերջին ուրվականների դեպքից ի վեր։

Տիգրանը քաշեց նրա թևից։

— Կլինի՞ դու սուս մնաս։

Դաստիարակչուհու խիստ հայացքի տակ նրանք ստիպված էին նահանջել դեպի «Երազը»։ Միկրոավտոբուսի դուռը փակվեց, և հին շարժիչը տնքտնքաց։

Չըխկը մրմնջաց. «հըմմ, կիսա-երեխաներով լի մանկապարտեզ»։

Լուսաբացին ժանգոտ «Երազը» վերադարձավ մանկապարտեզի մոտ։ Ամեն խաչմերուկին մեքենան դուրս էր թքում ինչ-որ մետաղական մասնիկներ․ թե որտեղից էին դրանք ու ուր էին անհետանում՝ ոչ ոք չգիտեր։

— Սա «Երազ» չի, սա մղձավանջ ա, — մրմնջաց Աստղիկը։

— Մի՛ վիրավորիր Զինաիդային, — ասաց Չըխկը։ — Նա ավելի մեծ է, քան հին աստվածները և շատ ավելի վրեժխնդիր։

Քանի որ Զինաիդայի շարժիչը ասթմա ունեցող վիշապի պես խռխռում էր, նրանք ստիպված էին կայանել շենքի ետևում և մի քանի րոպե սողալ թփերի միջով։

— Ըստ Ռոմելլայի՝ մանկապարտեզի աշխատակիցները պետք է գան ժամը յոթին, — շշնջաց Տիգրանը։

— Հիանալի է, — ասաց Աստղիկն ու բացեց առաջին հարկի պատուհաններից մեկը, — մենք ունենք մեկ ժամ։

Հետո միացրեց ձեռքի էլեկտրամագնիսական ցուցիչը, որը նա պատրաստել էր վարսահարդարիչից և հին մոդելի «Նոքիա» հեռախոսից։ Ամեն անգամ, երբ ցուցիչն ուղղվում էր հատակին, ազդանշանը զնգում էր։

— Կախարդակա՞ն է, — հարցրեց Տիգրանը։

Չըխկը հոտոտեց մանրահատակը , «Չէ՛, սովորական մաստիկա է, ուղղակի հայկական մաստիկան բաղադրությամբ շատ նման է դևի արյանը»։

— Դևի արյունն ավելի քիչ թունավոր է, — ասաց Աստղիկը։

Մուտքի դուռը ճռռաց։

Նրանք սառեցին տեղում, հետո Աստղիկը Տիգրանին քաշեց պահարանների շարքի հետևը։ Չըխկը սահեց սեղաններից մեկի տակ։

— Ռոմելլա, հողե՛մ օձոդ գլուխդ, ինֆոն սխալ էր, — ֆշշացրեց Աստղիկը։

Մանկապարտեզ ժամանած հինգ դաստիարակներն առաջին հայացքից լրիվ նորմալ տեսք ունեին, սակայն Աստղիկը մատով ցույց տվեց պատին ամրացված հայելին։ Այնտեղ արտացոլված էակներն ունեին երկար, ծամածռված դեմքեր, դեղնած ճանկերով ոսկրոտ մատներ, իսկ աչքերը կարծես հալած մոմ լցված լինեին։

Ամենաբարձրահասակը՝ առաջնորդը, համատեղությամբ՝ մանկապարտեզի վարիչը, խռպոտած ձայնով մրմնջաց․ «Ժամանակն է ստամոքսը դատարկել»։

Ամբողջ շենքը դղրդաց։ Հատակի տախտակները շարժվեցին՝ շունչ քաշող կենդանի արարածի պես։ Ապա լինոլեումը պատռվեց, և առաջացած ճաքից կարմիր լեզու հիշացնող գորգի վրայով մի քանի երեխա դուրս եկան՝ բոլորը մի տեսակ սառած վիճակում։

Կախարդուհիները գույնզգույն պարաններով կապեցին երեխաներին իրար․ երեխաները չէին դիմադրում։

Երբ պարանները կանաչ փայլեցին, գլխավոր կախարդը հայտարարեց՝ «Դարպասը բաց է»։

Կանայք սառած երեխաներին դուրս տարան այգի՝ դեպի թթենու տակ ծվարած ժանգոտ, կանաչ տաղավարը։ Կախարդներից մեկը մոտակա ցայտաղբյուրի ծորակը երեք անգամ պտտեց ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, և ջուրը սևացավ։ Տաղավարը կարծես տնքաց, իր մետաղյա շրջանակը դողաց, հատակը եռացող ջրի մակերևույթի պես ալիք տվեց։

— Չարտոնագրված բացօթյա պորտալ, հինգից յոթ տարի, տուգանք՝ մինիմալ աշխատավարձի վեցապատիկի չափով, — ասաց Չըխկը։

Մեկը մյուսի հետևից դաստիարակ-կախարդներն ու նրանց գերիները մտան պորտալ։

Աստղիկը քայլեց առաջ․ — Երեք ույու՜․․․

— Ո՛չ, ո՛չ, բացարձակապես ո՛չ երեք, ո՛չ էլ ույու, — շշնջաց Տիգրանը։ — Դուք պատրաստվում եք մտնել անհայտ պորտալ, իսկ եթե այն տանում ա Սիբի՞ր։

Չըխկը քաշեց նրա օձիքը․

— Ուրեմն ցուրտ կլինի։

Աշխարհը գլորվեց անդունդը, Տիգրանը գլորվեց դրա հետևից։ Երբ նորից շունչ քաշեց, ոտքերի տակ ոչ թե ալֆալտ էր, այլ հող։

— Ո՞ր ջհանդամում ենք, — հարցրեց Աստղիկը՝ թափ տալով փոշոտված տաբատը։

— Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի մոտ, — բացատրեց Չըխկը՝ մատնանշելով մշուշի մեջ նշմարվող քարի և ժանգի կույտը։ Հսկայական ափսեն բզզում էր․ նրա շուրջ ամեն ինչ ասես մի փոքր սառած լիներ, նույնիսկ թռչուններն էին խուսափում վրայով թռչել։

— Մի րոպե, ես այստեղ դպրոցական տարիքում եմ եղել, սա Սովետի ժամանակներից մնացած աստղադիտակ է, — ասաց Տիգրանը։

— Դե, — մրմնջաց Չըխկը, — աչքիս կախարդներն այն «ափգրեյդ» են արել։

Չըխկը ստիպեց, որ առաջ շարժվեն միայն սողալով։ Մի քանի տասնյակ մետր փոշի շնչելուց հետո նրանք վերջապես հասան կառույցի եզրին։

Հսկայական սկավառակի մեջտեղում՝ ալեհավաքի տակ, օդում սավառնում էր թափանցիկ գունդ, որի մակերեսը փայլում էր հիվանդագին մանուշակագույն լույսով։

Գնդի ներսում լողում էին տասնյակ երեխաներ։

Նրանց աչքերը փակ էին, մարմինները՝ թուլացած, ասես քնած լողային օդում։ Նրանց փոքրիկ մարմիններից ծիածանի պես լույսեր էին հոսում վերև՝ դեպի ափսեի կենտրոնը։

մանկապարտեզի կախարդները։ ինչ-որ բան մրմնջացին, ու իրենց հետ ժամանած երեխաների նոր խումբը համալրեց օդում սավառնողների շարքերը։

— Չարտոնագրված ծիսակարգ՝ անչափահաս մահկանացուների մասնակցությամբ՝ վեցից ութ տարի, կախարդական գույքի առգրավմամբ ու մոգական լիցենզիայի բեկանմամբ, — շշնջաց Չըխկը։

— Իսկ մարդավարի՞, — մրթմրթաց Տիգրանը։

— Նրանք օգտագործում են երեխաների երևակայությունը՝ ափսեն կախարդանքով լիցքավորելու համար։ Մահկանացուների տանջանքը մի տեսակ էներգիա ա, երևակայությունը՝ ուրիշ տեսակ։ Կախարդները, օրինական բյուրոկրատիայի ուղիները թողած, ավելի «մաքուր» վառելիք են գտել… — Չըխկը ցույց տվեց երկնքում տեղակայված էներգիայի ցուցիչը, որին գրված էր՝

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԻ ԼԻՑՔ՝ 53%

— Բայց ինչի՞ համար, — հարցրեց Տիգրանը։

— Այ հենց դու էլ հես ա կիմանաս՝ ինչի համար։ Ես ու Աստղը սրանց կշեղենք, գնա՛ մոտիկ, տես՝ ի՛նչ կարող ես պեղել, — հրամայեց Չըխկը։

— Սպասե՛ք, ես ախր չգիտեմ ոնց․․․ ախր ես գլուխ չեմ հանում, — մրմնջաց Տիգրանը, բայց կոլեգաներն արդեն չափազանց հեռու էին։

Քիչ անց օդը դղրդաց։

Վհուկների մոտակայքում ծխի սյուն բարձրացավ, որն ուղեկցվում էր հայկական էժանագին ռաբիս երաժշտության ելևէջներով.

«Դարդս դարդիդ դարման անեեեե՜մ... Սիրտս սրտիդ մատաղ անեեեեը՜մ...»

Վհուկները շրջվեցին։

— Ներխուժում, — նրանցից մեկը ֆշշաց։ Մի քանիսը շրջվեցին, մյուսները վազեցին ձայնի հետևից:

Տիգրանն օգտվեց հնարավորությունից։

Սողոսկելով փլուզված կառույցների և կոտրված վահանակների արանքով՝ նա հասավ հոլոգրաֆիկ ցուցիչին, որի ներքևի մասում մանր տառերով գրված էր՝

ԱՂԲՅՈՒՐ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՆՊԱՏԱԿ՝ ԼՈՒՍԻՆ

ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ՝ Զ.Զ.

ԺԱՄԱՆԱԿ՝ 18 Ժ․

— ԶԶ-ը՞, — շշնջաց Տիգրանն ու քարացավ։

Նևա մեջքին էր հպվել ինչ-որ սույր բան, հավանաբար զենք։

— Սրան խաշե՞նք, թե՞ ժարիտ անենք, — հարցրեց դաստիարակուհիներից մեկը։

— Զ-զգուշացնում եմ, ե-ես մենակ չեմ, իմ հետ հզոր մարդիկ կան, — խաբեց Տիգրանը, այնուհետև դանդաղ պտտվեց ու առերեսվեց իր վրա կախարդական փայտիկ պահած վհուկի հետ։

Կախարդները միաձայն քրքջացին։

Մշուշի միջից առաջ եկան երկու ծանոթ սիլուետ: Աստղիկն անեծքներ էր թքում, իսկ Չըխկի դեմքը ճանկռած էր։

Խռպոտ ձայնով կախարդն առաջ քաշեց Տիգրանի օձիքից։

— Էդ հզոր մարդիկ չլնի՞ սրանք են, սիրու՛ն տղա։

— Դուք խախտում եք միասնական կախարդանքի կիրառման ակտի չորրորդ կետով նախատեսված Ա և Գ արգելքները, ինչպես նաև առանց կադաստրի կոմիտեի գրավոր թույլտվության հանրային վայրը օգտագործում որպես մահկանացուներին չարաշահելու հարթակ, — ասաց Աստղիկը։

— Վույ ամա՜ն, վաղը առավոտ անպայման դիմումս կներկայացնեմ ձեր կենտրոնական մասնաճյուղ, — հռհռաց կախարդը։ — Ուղղակի դուք երեքդ էլ աշխատանքի դուրս չեք գա վաղը, որովհետև մի քիչ մեռած կլինեք․․․

Կախարդներից մեկը գրպանից հանեց դանակ, մյուսը սկսեց մրմնջալ մոգական բառեր: Հանկարծ երկինքը ճաքեց տարօրինակ ձայնային ազդանշանից, ու կախարդների շարքերը խախտելով՝ առաջ սլացավ Զինաիդան՝ ասես Սովետից մնացած մղձավանջ։

— Դավայ-դավայ, շուտ արե՛ք, —բղավեց ղեկին նստած Գարենը։

Տիգրանը հրեց իրեն ամենամոտ գտնվող կախարդին ու Աստղիկի ձեռքից քաշելով՝ սլացավ Չըխկի հետևից։ Զինաիդայի հետևի դուռը լիովին չէր փակվում, կախարդներից մեկը հաջողացրեց կախվել եզրից, մյուսները կպան նրան՝ փորձելով իրենց կոլեկտիվ քաշով կանգնեցնել մեքենան։ Զինաիդայի ակերը անօգուտ պտտվում էին ցեխի մեջ, սակայն «Երազը» չէր հավաքում անհրաժեշտ արագությունը։

— Մի բան արե՛ք, — բղավե՛ք Գարենը՝ ոտքը գազին սեղմելով։

Զինաիդան ժանգոտ գազանի պես վնգստում էր։ Տիգրանը ոտքով հարվածեց մեքենայից կառչած կախարդի քթին, որի հետևանքով ծուռ քիթն ուղղվեց ու նույնիսկ սիրունացավ։ Աստղիկը ձեռքի տակն ընկած առաջին իսկ իրը՝ 50 համարի կլյուչը, շրխկացրեց մյուս կախարդի ճակատին։

— Մի կո՛ղմ, — մռնչաց Չըխկը՝ հրելով Տիգրանին ու Աստղիկին։

Նա ձեռքը տարավ դեպի իր միակ աչքն ու բղավեց․

— Արտակարգ իրավիճակի պրոտոկոլն ակտիվացված է։

Չըխկը հանեց իր միակ աչքն ու շպրտեց այն կախարդների վրա։

— Հե՛տ քաշվի, — բղավեց Աստղիկը՝ Տիգրանին քաշելով դեպի մեքենայի հետևի նստարանը։

Լսվեց պայթյուն, կախարդներն ընկան աջ ու ձախ։ Ծուխ։ Ճիչեր։ Գարենը կառավարման վահանակը քաշեց հետընթաց դիրք, ոտքը սեղմեց գազի ոտնակին, ու Զինաիդան սլացավ հետ։

Բայց պայթյունը վնասել էր պորտալը, ու այն թարթում էր փչացած հեռուստացույցի պես։

— Ու՜պս, — մրմնջաց Գարենը։

Հանկարծ․․․ ՉԼԸՄՓ։

Զինաիդան բախվեց սառը ջրին, կտրուկ պտտվեց կողքի ու կանգ առավ ուղիղ Կարապի լճի մեջ՝ վախեցնելով մի խումբ զբոսաշրջիկների։ Առնո Բաբաջանյանի արձանի մոտ դուդուկ նվագող փողոցային երաժիշտը կանգ առավ և տրորեց աչքերը։

Երեք կարապներ զայրացած ճչացին և լողացին Զինաիդայից հեռու։

Տիգրանն օգնեց կուրացած Չըխկին դուրս գալ մեքենայից, նրանք երկուսն էլ մինչ գոտկատեղը ջրի մեջ էին։

— Այո՛, Գարենը փրկում է բոլորին, — ուրախ գոռաց Գարենը։

— Թո բա թե փրկել։ Ես աչքս կորցրեցի, իսկ Զինաիդան զոհվեց, — մրթմրթաց Չըխկը։

— Քո աչքը հետ կաճի, իսկ Զինաիդային նույնիսկ ատոմային ռումբը չի սպանի, ուր մնաց մի քիչ ջուրը, — ասաց Աստղիկը՝ դուրս գալով մեքենայից։

— Բա երեխաներին ո՞վ ա փրկելու, — հարցրեց Տիգրանը։

— Մենակով դա գլուխ չենք հանի, մեզ օգնություն ա պետք, — ասաց Չըխկը։

***

Կարապի լճից մինչ կադաստրի դռներ թաց ոտնահետքերի շղթա թողնելով՝ նրանք վերջապես հասան գլխամաս։ Ռոմելլայի գլխի օձերից մեկը կեղծամի տակից գլուխը դուրս հանեց, ոտքից գլուխ չափչփեց նրանց ու ճպպացրեց։

— Էս ի՞նչ ա ձեր վիճակը, տղա՛ ջան, — ասաց Ռոմելլան՝ անտեսելով իրեն սպասող գերբնական հաճախորդների շարանը — Չըխկ, աչքդ ու՞ր ես մոռացել։

Կույր Չըխկը կառչել էր Տիգրանի ուսից, Աստղիկի մազերի մեջ ջրիմուռներ կային, իսկ Գարենի կոշիկները շլմփոց էին հանում։

— Ժամանակ չկա, — բղավեց Տիգրանը, — պիտի անմիջապես զորք տրամադրեք․․․ Մանկապարտեզի կախարդները երեխաներին պատանդ են պահում աստղադիտակի ուժեղացուցիչը լիցքավորելու համար, նրանք մոգական ճառագայթ են ուղարկելու դեպի լուսին։

— Շնչի՛, բալա՛, — ասաց Ռոմելլան, — ի՞նչ զորք, մենք նոր լվացարանի բյուջե անգամ չունենք։

Դուռը ճռռաց, ու ներս մտավ Գեներալը։

— Ի՞նչ ա էղել, որտե՞ղ ա պաժառ, — փնթփնթաց նա։

— Հերունու աստղադիտակում, — Նրանք... նրանք այն վերածել են... լազերի։ Չգիտես ինչու լուսինն են թիրախավորել: Կա կախարդական գմբեթ, որի ներսում օդում լողում են երեխաներ։ Ու ճառագայթի տակ գրված էր՝ «ԱՂԲՅՈՒՐ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ՆՇԱՆԱԿԵՏ՝ ԼՈՒՍԻՆ, Զ.Զ.»։

Գարենը, աջուձախ ջուր ցանելով, գլխով արեց։

Կարճատև լռություն տիրեց։

Միակ ձայնը Քնար տատու գրամեքենայի գլխիվայր թխկթխկոցն էր։

Գեներալը հառաչեց, հետո քորեց մորուքը։

— Դուք իհարկե նկարներ ունե՞ք,— վերջապես հարցրեց նա։ — Լավ, գոնե վիդեո՞։

Տիգրանը բացեց բերանը, հետո փակեց։

Աստղիկը նայեց հատակին։

Գարենը հազաց։

— Դե, — սկսեց նա, — մենք իսկապես ունեինք Զինաիդայի տեսախցիկը, բայց հետո պատահաբար կանգնեցրինք նրան Կարապի լճում, այնպես որ…

— Լսի՛, տղա՛, Կադաստրն ինչի՞ համար ա պատասխանատու, — հառաչեց Օնիկը՝ ունքերը քորելով։

— Հողային ռեգիստրի՝ կառույցների, անշարժ գույքի, անօրինական շինությունների․․․

— Հենց էդ ա, լուսինը մեր լիազորության տակ չի, իսկ առանց երեխաների մասին ապացույցի գրասենյակն անզոր է։ Վկաների խոսքերը՝ հատկապես Տիգրանի, Աստղիկի ու Գարենի պես փորձաշրջան չանցած դեղնակտուցների, ապացույց չի համարվում։ Մեզ պետք ա առնվազն լիցենզավորված մասնագետի գրավոր եզրակացություն։ Եթե գոնե Չըխկի կախարդական աչքը տեղում լիներ, կարող էինք վերծանել նրա տեսածները:

— Լավ, բա լուսնով ո՞վ ա զբաղվում, — հարցրեց Տիգրանը։

— Աստղային նախարարությունը, — վերևից ասաց Քնարը, — բայց իրանք սփյուռքի նախարարության անունով էին գործում, ու իրանց լուծարեցին։

— Սփյուռքի նախարարությունը լուսնի հետ ի՞նչ կապ ունի, — հարցրեց Տիգրանը։

— Քեզ թվում ա՝ հայկական սփյուռքը Երկիր մոլորակով ա՞ սահմանափակվում, — նկատեց Ռոմելլան։

Աստղիկն ապշած նստեց աթոռին։

— Բայց հո չե՞նք թողնի՝ երեխաները տենց մնան։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ԶԶ-ն ինչ ա։

— Այ էդ հարցում Չախկալից լավը չկա, — Օնիկը գրպանից հանեց այցեքարտ ու այն տվեց Աստղիկին:

Քարտի վրա գրված էր «Չախկալի գառաժ — Խադավիկ/Ռազվալի սխաժդենի/ Թուղթուգիր»։

— Մեր կախարդը խադավի՞կ ա, — հարցրեց Տիգրանը։

— Մյուս տարբերակն ատամնաբույժ էր, բայց ինքը շատ թանկ ա վերցնում, — ասաց Օնիկը, — Իսկ Չախկալը․․․ Սենց ասեմ ժամանակին մի քիչ «ստեղծագործ» էր, ավտոների մեջ Իռլանդիայից բերած մաքսանենգ փերիներ էր մտցնում, որ ներսից սարքեին։ Հա, արագ էր, բայց անօրինական։ Մենք իրան ընտրություն տվինք՝ կամ օրինական գրանցում ա դրանց, կամ մեկ-մեկ մեզ օգնում ա կախարդական հարցերում։ Գարե՛ն, դու գնա էնտեղ, մինչև Չըխկը կվերականգնվի, իսկ Տիգրանն ու Աստղիկը Զինաիդային կհանեն լճից։

***

Երբ էվակուատորը իջեցրեց Զինաիդայի ժանգոտ մարմինը Չախկալի գառաժի դիմաց, արևն արդեն մայր էր մտնում։

Ներսում՝ «յամա»-ի մոտ կանգնած էին երկու տղամարդ, մեկը ոտքից գլուխ սև հագած, մյուսը՝ «ADIBAS» մարզահագուստով կապուտաչյա երիտասարդ։

— Ու հիշի՛, ախպե՛րս, հենց ժամը տասներկուսը խփի, «Բենթլիդ» էլի կդառնա «Օպել», մազերդ կթափի, փորդ էլ հետ կաճի, — ասաց Չախկալը՝ սևազգեստ երիտասարդին տալով մեքենայի բանալիները։

Տղամարդը սեղմեց Չախկալի ձեռքը, նստեց կախարդված «Բենթլին» ու գնաց։

Չախկալը ձեռքով ուղղեց ժելեոտ չոլկան ու մոտեցավ Աստղիկին։

— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել քվորս։ Ծառայությունների ցանկը տատանվում ա ավտոյի յուղը փոխելուց մինչև կիսուրին նավսելը։ Որպես ալտեռնածիվ կարամ ավտո նավսեմ ու կիսուրի յուղը փոխեմ։

Աստղիկը հոգոցով ցույց տվեց կադաստրի վկայականը, — մերը աշխատանքային այց ա։

— Հաաա՜, ձեր կոլեգան մի ժամ առաջ էր էկել, ես իրան ուղարկեցի թուրմի բաղադրիչների հետևից, — ասաց Չախկալը։

Շուտով վերադարձավ Գարենը՝ մի կասկածելի տոպրակ ձեռքին։

— Ամեն ինչ բերե՞լ ես, — հարցրեց Չախկալը։

— Ահա, — ասաց Գարենը՝ հերթով հանելով բաղադրիչները։ — յոթ պուլպուլակից հավաքած ջուր, «Զապի» մատոռի յուղ, հոլ…

— Աչքիդ տակն ինչի՞ ա կապույտ, — հարցրեց Տիգրանը։

Գարենը հոգոց հանեց ու հանեց հաջորդ բաղադրիչը։

— Մառշռուտկի շոֆեռի ձեռի մազ․․․

—Պարզ ա, — շշնջաց Տիգրանը։

Գարենը շարունակեց.

— Հին կասետի ծամած պլյոնկա, կիպիծելնիկ ու խոզի շաուրմա՝ առանց սոխ։

— Խոզի շաուրմա՞, — հարցրեց Աստղիկը։

— Էդ մեկը իմ համար ա, — ասաց Չախկալը, խլեց շաուրման Գարենի ձեռքից ու կծեց այն։

— Էս ի՞նչ տարօրինակ թուրմ ա, — նկատեց Տիգրանը։

— Դե կա՛մ սա էր, կա՛մ պետք ա լատիներենով հմայություն կարդայի․․․ բայց լատիներեն խոսալուց դեմքիս տարօրինակ ցան ա լինում, — բացատրեց Չախկալը՝ բոլոր բաղադրիչները լցնելով մետաղյա դույլի մեջ ու կիպիծելնիկը միացնելով։

— Իսկ կախարդին կախարդական փայտիկ պետք չի՞, — հարցրեց Աստղիկը։

— Իմ փայտիկն իմ հետ ա, — ժպտաց Չախկալը․ թուրմի մեջ ընկղմվեց նրա ճկույթի չափից դուրս երկար եղունգը։

— Ալա բալանիցա, դուս կաբանիցա, հեյ գիտի պանչո, ռաս կապիտանչո, փա-լան-չո։ Միասի՛ն․․․

Աստղիկն ու Գարենը լուրջ դեմքերով միացան Չախկալի հմայախոսությանը։ Աստղիկն արմունկով բշտեց Տիգրանին, որ նա էլ ասի կախարդական բառերը։

— Ալա բալանիցա, դուս կաբանիցա, հեյ գիտի պանչո, ռաս կապիտանչո, փա-լան-չո։ Փալանչոն էլ մի բան չի, գնա Մարոյին կանչի, Մարոն տանը չիիիիիիի՜․․․

Վերջին բառն արտասանելիս Չախկալի մոտ ցնցումներ սկսվեցին։ Թուրմը սկսեց արտազատել գարշահոտ մի գոլորշի։

— Արա՛գ, շնչե՛ք դա, — հրամայեց Չախկալը։

Փչացած ձվի ու թևատակի հոտի խառնուրդ հիշեցնող բույրը ներխուժեց Տիգրանի քիթը, նրա աչքերն արցունքոտվեցին։

Տիգրանն աչքերը բացեց մութ միջանցքում։ Նրա ձեռքում նվաղոտ մոմ կար, որը հազիվ էր լուսավորում։ Ճաքած պատերով միջանցքում չկային ո՛չ դռներ, ո՛չ պատուհաններ․ Հեռվում լսվեց ծիծաղ։ Համենայն դեպս սկզբում Տիգրանին թվաց՝ դա ծիծաղ է։ Բայց մի բան սխալ էր։ Այն չափազանց լարված էր, չափազանց երկար։ Այդ ծիծաղից հետո չկար դադար կամ թեթևացում։ Այն շարունակվում էր, թափ առնում, ասես մեկին ստիպեին, որ ծիծաղեր։

Տիգրանը չգիտեր՝ ինքը շարժվում է դեպի ձայնը, թե փախչում դրանից, բայց որ կողմ էլ գնում էր, ձայնն աստիճանաբար ուժեղանում էր, մինչև վերածվեց մղձավանջից հյուսված ճղճղան հեկեկոցի։

— Զիլ Զուլա․․․ Զիլ Զուլաաաա․՜․․ — ճչում էր ձայնը։

Տիգրանը սկսեց վազել, ձայնը չէր դադարում: Ձայնին միացան արագացող ոտնաձայներ։ Վերջին բանը, որ տեսավ Տիգրանը մինչև մոմի հանգելը, փտած ատամներով անբնական լայն ժպիտ էր՝ ուղիղ դեմ-դիմաց։

— Աաաա՜, — գոռաց Տիգրանն ու աչքերը բացեց Չախկալի գառաժում։

— Գրողը տանի — մրթմրթաց Չախկալը։ — Նրանք պարզապես ճառագայթ չեն լիցքավորում։ Նրանք այն կարգավորում են Զիլ Զուլայի հաճախականության վրա։

— Զիլ Զուլա՞, — կրկնեց Գարենը։ — Բայց դա զուտ լեգենդ է։

— Զիլ Զուլան լուսնային ծաղրածուն է, — ասաց Չախկալը։ — Մակաբույծ մղձավանջ, որը բանտարկված է լուսնի կեղևի տակ։ Այժմ այն ծիծաղում է մարդկանց երազներում։ Բայց երբ ազատ արձակվի, կծիծաղի մարդկանց բերանով։

Նա սրբեց ճկույթի եղունգն անձեռոցիկի վրա և պահարանից հանեց մաշված հաստափոր մի գիրք ու կարդաց։

— Դարեր առաջ, երբ լուսինը դեռ կարմիր էր, և աստղերը չէին գտել իրենց տեղը երկնքում, ծնվեց մի երեխա՝ Զուլա անունով։

Զուլան ծնված օրվանից ծիծաղում էր։ Դրա համար գյուղում նրան սկսեցին կոչել Զիլ Զուլա։

Գյուղացիները դա զվարճալի էին համարում։ «Ուրախ երեխա», ասում էին նրանք։ Բայց ծիծաղը երբեք չէր դադարում:

Զուլան ծիծաղում էր, երբ սոված էր, երբ մրսում էր, երբ ընկնում էր։ Ասում են, որ նա ծիծաղում էր նույնիսկ իր մոր մահվան օրը։

Նրա ձեռքերն ու ոտքերը չափազանց երկար էին, նրա դեմքը՝ չափից դուրս գունատ, իսկ կատակները՝ չափից դուրս դաժան։ Զուլան ասես սնվում էր ուրիշների ծիծաղով, բայց ոչ թե սովորական զվարճանքով, այլ անողոք՝ ուրիշներին ցավ պատճառող ծիծաղով։ Նա միշտ այնտեղ էր, երբ մեկն ընկնում էր ու ցավից գալարվում կամ երբ ծաղրում էին մեկի արտաքինն ու վիշտը։ Դա էր Զուլային սնում ու ուժ տալիս, և դրան էր նա դրդում իր շրջապատի մարդկանց։

Մի ձմեռ դպրոցի ուսուցիչը եկավ դասի ու տեսավ, որ երեխաները դաս անելու փոխարեն ծիծաղում են։ Բայց ոչ ոք չէր նայում իրար։ Ասես ամեն մեկը փակված էր իր սեփական, անհասկանալի կատակի մեջ։ Իսկ Զուլան կանգնած էր անկյունում՝ սառած ժպիտը դեմքին։ Մինչև գարուն գյուղի բոլոր երեխաներն այլևս լաց չէին լինում։ Հետո նրանք դադարեցին խոսել։ Ամռանը նրանք միայն ծիծաղում էին, նույնիսկ քնած ժամանակ։

Իսկ Զուլան, ծաղրածուի հագուստը հագին, գնում էր դռնից դուռ, գյուղից գյուղ՝ հիվանդության պես տարածելով իր չար ծիծաղը։

Երբ ծիծաղի տենդը հասավ մայրաքաղաք, ոչ ոք չգիտեր ինչ անել՝ ո՛չ հեքիմները, ո՛չ էլ քուրմերը։ Հայրերը վերջին ունեցածը զոհաբերում էին աստվածներին, իսկ մայրերը կրծքին էին սեղմում հռհռացող երեխաներին։

Մինչև մի օր ալեհեր այրերը բարձրացան Արագած լեռն ու աղաչեցին հին աստվածներին, որ փրկեն իրենց։ Այդ ժամանակ Աստղիկ աստվածուհին խղճաց նրանց։ Նա արծաթե թելերով կապեց Զուլային ու հրամայեց լուսնին, որ կուլ տա մղձավանջ-ծաղրածուին։

Զուլային բանտարկելուց դարեր անց նույնիսկ մեծերն ասում էին՝ «երբեք մի՛ ժպտացեք լուսնին, թե չէ Զիլ Զուլան ի պատասխան կժպտա»։ Կամ երբ մեկն այնքան էր ծիծաղում, որ չէր կարողանում հանգստանալ, ասում են «շշշ՜… Զիլ-Զուլան կտանի քեզ»։

— Երբ այդ ճառագայթը հարվածի լուսնին, Զիլ Զուլային փակի տակ պահող կողպեքը կկոտրվի։ Սկզբում անեծքը կհասնի մանկապարտեզի երեխաներին, հետո՝ ողջ քաղաքին։

— Բ-բայց կախարդների ինչի՞ն է դա պետք, — ասաց Տիգրանը։

— Զիլ Զուլայի ծիծաղը կախարդական էներգիա է, — բացատրեց Չախկալը։ — Նրանք ուզում են էդ էներգիայից մի կտոր խլել, անգամ եթե ողջ քաղաքը մղձավանջի մեջ ընկնի։

***

Կես ժամ հետո նրանք Օնիկին ներկայացրեցին Չախկալի պաշտոնական գրավոր եզրակացությունը՝ որպես ապացույց։

— Այ էս ուրիշ հարց, — ասաց Գեներալը՝ հավաքելով գլխամասի հեռախոսահամարը։ — Այ հիմա մեզ զորք կտրամադրեն։

Տիգրանը, Աստղիկն ու Գարենը թեթևացած շունչ քաշեցին։

— Ինչքա՞ն ժամանակից, — բղավեց Գեներալը, — երեսուն օ՞ր՝ չհաշված շաբաթ կիրակիներն ու պետական տոնե՞րը։ Դուք վա՞տ եք։ Ճառագայթի վրա գրած էր տասնութ ժամ, որից ութն արդեն անցել ա։

Օնիկը հեռախոսն այնպես շրխկացրեց, որ սեղանի վրա ճաք գոյացավ։

— Այլ տարբերակ չկա, պետք ա գնանք մեր ուժերով, — վերջապես ասաց Օնիկը։

— Մենք բոլորս կմեռնենք, — շշնջաց Տիգրանը։

Ոչ ոք նրան չհակադարձեց։

***

Արդեն մութ էր, երբ նրանք հասան տաղավարին։

Հին խորհրդային տաղավարը, ինչպես և միշտ, կռացած էր թթենու տակ, ցայտաղբյուրից ջուր չէր գալիս։ Չախկալը ճտտացրեց մատները՝ ուսումնասիրելով դրա վրայի անվերջության նշանը։

— Պորտալը փակ է մյուս կողմից, ես կփորձեմ նորը բացել, բայց գառանտիա չկա։

Չախկալը քյառթու դիրիժորի պես բարձրացրեց ճկույթի երկար եղունգն ու սկսեց մրմնջալ։

Տաղավարի հատակը դղրդաց։ Ճաղավանդակի ներսում օդը դողաց, մի պահ մգացավ, ապա բացվեց պորտալը։ Սակայն այն հազիվ մի քսան սանտիմետր լայնություն ուներ։

— Սա էնքան փոքր ա, միջով հազիվ կատու անցնի՜, — նկատեց Տիգրանը։

Չախկալը սրբեց ճակատի քրտինքը։

— Էդքան էլ փոքր չի, նորմալ չափերի պորտալ ա, էղա՞վ։ Համ էլ ստեղ ցուրտ ա։ Հլը դու փորձի՛ պորտալ բացես, երբ վրեդ էսքան մարդ ա նայում․․․

Ռոմելլան հոգոց հանեց, ապա հանեց կեղծամը։ Նրա գլխի օձակույտը դժգոհ ձայնով ֆշշաց։

— Աղջիկնե՛ր, գործի՛ անցեք, — հրամայեց Ռոմելլան։

Նրա գլխի օձերը սահեցին դեպի պորտալի եզրերը ու, կենդանի հովհարի պես բացվելով, լայնացրին այն այնքան, որ միջով մարդ կարողանար անցնել։

— Գնացե՛ք, քանի աղջիկները չեն հոգնել, —հորդորեց Ռոմելլան։

Չախկալը ճկույթն ուղղեց դեպի պորտալը՝ հաստատուն պահելով կախարդանքը։

— Եթե ես բաց թողնեմ, դուք հետ գալու ճանապարհ չեք ունենա, Ռոմելլան էլ կստանա կյանքի ամենաարյունոտ սանրվածքը, որովհետև պորտալը կփակվի ու օձերը կգլխատվեն։ Շտապե՛ք։

Օնիկը մոտեցավ պորտալին։

— Բոլորդ գիտեք՝ ինչ անել, — ասաց նա հանգիստ։

Տիգրանը չգիտեր ինչ անել։ Բայց միևնույն է, նա գլխով արեց և հետևեց Աստղիկին, Գարենին և կիսակույր Չըխկին, ում աչքը սովորականից դեռ փոքր էր, բայց արդեն ֆունկցիոնալ էր։

Աշխարհը գլխիվայր պտտվեց։

Հերունու աստղադիտակը մշուշով պարուրված տիեզերանավ էր հիշեցնում։ Գլխավոր ափսեի մեջտեղում՝ թափանցիկ գնդի մեջ, սահում էին կորած երեխաները, նրանցից շատերն արդեն ծիծաղում էին երազում։ Տիգրանը նրանց մեջ ճանաչեց Գաբիին՝ իր վառ գազարագույն բաճկոնով։ Օդը բզզում էր դանդաղ կուտակվող կախարդանքից։

Աստղադիտակի ալեհավաքրի մոտ թարթում էր հոլոգրաֆիկ նշան:

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԻ ԼԻՑՔ՝ 97%

Կախարդները անվտանգության ձանձրացած աշխատակիցների պես շրջում էին ափսեի շուրջը։ Սև ունքերով շիկահեր կախարդը, ով ցերեկը մանկապարտեզի տնօրենն էր, իսկ գիշերը՝ գլխավոր չարագործը, ստուգում էր լազերի ինդիկատորը։

Մի պահ ամեն բան լուռ էր։

Հետո երկնքով անցավ տարեց կնոջ ձայնի ու բյուրոկրատական թղթաբանության խառնուրդ հիշեցնող զարհուրելի մի ճիչ։

Քնար տատը ճեղքեց երկինքն ու «հողե՜մ գլուխդ» բղավելով ցած նետվեց շիկահեր կախարդի վրա։ Քնարի ետևից կախարդների գլխին թափվեց մարդասպան գրքերի ու մատյանների մի ամպ։ Կախարդները արագ վերադասավորվեցին ու սկսեցին կրակե գնդեր բաց թողնել երկինք, սակայն Քնարը զայրացած գրադարանավարուհու պես առաջ էր մղում իր թղթե զինվորներին։

«ԽՍՀՄ աշխատանքային գրքույկի հիմունքների» փոշոտ հատորն իր ողջ քաշով բախվեց վհուկներից մեկի գլխին՝ կազմն ու էջերը ժանիքների պես խրելով քունքի մեջ։

— Օգնեցե՜ք...— բղավեց մյուս կախարդը, երբ թռչող «Քաղաքացիական օրենսգիրքն» ընկավ նրա ոտքին:

— Հալալ ա կադրերի բաժնին, — ֆշշաց Քնարը:

Կախարդները ճչում էին, գրքերը՝ այրվում՝ վերածվելով երկնքից տեղացող մոխրի, աստղադիտակը դողում էր շուրջբոլորը տիրող քաուսից։

—Գնացի՛նք, — մռնչաց Օնիկը՝ Չըխկի հետ միասին հարձակվելով գլխավոր շենքի դռան մոտ հերթապահող կախարդներին։

Աստղիկը, Գարենն ու Տիգրանը սողոսկեցին կառույցի ներս։ Կառավարման վահանակի մոտ դեռ կանգնած էին մի քանի կախարդ։ Ինչ-որ բան թրխկոցով վայրէջք կատարեց ուղիղ այդ կախարդների ոտքերի տակ։

— Եթե գլխիս էիր ուզում խփել, փուստ տվիր, — հռհռաց ծուռ քթով բարձրահասակ կախարդը։

Աստղիկը ժպտաց։

Կախարդներն իրենց թիկունքում ինչ-որ տաք շունչ զգացին։ Երբ պտտվեցին, միայն հասցրին տեսնել դիվային կրակով լցված ուրվական-շան աչքերը։

— Վայ մամա՜, — շշնջաց կախարդներից մեկը։

— Ֆա՛ս նա կալբաս, — ճչաց Աստղիկը։

Շարիկը նետվեց առաջ:

Մշուշից բաղկացած մահվան մեքենայի պես նա պատռեց կախարդների շարքերը։ Ամեն անգամ, երբ նրանք փորձում էին կախարդել, Շարիկը մռնչում էր՝ խախտելով հմայքի հաճախականությունը։

Օգտվելով առիթից՝ Աստղիկը, Գարենն ու Տիգրանը վազեցին առաջ։

Շրջանցելով ափսեի եզրը, սողոսկելով ոլորված մետաղական ելուստների տակով ու սահելով կիսախարխուլ վահանակների ետևում, նրանք վերջապես հասան գլխավոր վահանակին։

Լուսնի գունատ սկավառակի պատկերը կախված էր որպես թիրախ։ Ներքևի անկյունում փայլում էր հետևյալ տեքստը։

ՆՊԱՏԱԿ՝ ԼՈՒՍՆԻ ԿԵՂԵՎԻ ՄԱԿԵՐԵՍ

ԶԻԼ ԶՈՒԼԱ

ԺԱՄԱՆՈՒՄ

— Ի՞նչ ենք անելու, — հարցրեց Գարենը։

— Իմպրովիզացիա, — պատասխանեց Տիգրանը։— Ուրեմն սենց, Աստղի՛կ, մեր համար ժամանակ շահի՛ր, Գարե՛ն... արա՛ քո համակարգչային կախարդանքը։ Ես կզբաղվեմ լուսնով։

Գարենը վազեց դեպի գլխավոր համակարգիչը, Աստղիկը հանեց արբալետը ու տեղավորվեց դռան դիմաց՝ պատրաստ կրակելու ցանկացած ներխուժողի վրա։

Վահանակը հին էր, դրա աշխատանքային սկզբունքը՝ պարզունակ։ Մի փոքր զննումից հետո պարզ դարձավ, որ թիրախը ոչ թե կոորդինատներով էր ֆիքսված, այլ թղթային պատկերի միջոցով։

Տիգրանը փորձեց պոկել պատկերը, բայց այն չափազանց լավ էր ամրացված։

— Լավ, — մրմնջաց Տիգրանը՝ գրպանից հանելով սև գրիչը։ — Չես կարում փոխարինես, փոփոխի՛ր․․․

Տիգրանի ձեռքը շարժվում էր համարյա աննկատ՝ թղթին սկսեցին հայտնվել լրացուցիչ գծեր․․․ Հանգստության ծովի խառնարանը վերածվեց մուգ ակնախոռոչի, ու լուսնի պարզ սկավառակը սկսեց փոխակերպվել։

— Ի՞նչ ես անում, — գոռաց Աստղիկը։

— Լազերին նոր թիրախ եմ տալիս, — պատասխանեց Տիգրանը։

Այդ պահին կախարդների առաջնորդն ու երեք կախարդ, ճեղքելով Շարիկի պաշտպանությունը, սլացան ուղիղ դեպի վահանակը։ Աստղիկի նետը մխրճվեց նրանցից մեկի ուսի մեջ, մեխելով նրան պատին, սակայն առաջնորդին ու ևս երկուսին հաջողվեց ներս մտնել։

Գլխավոր էկրանին վառվեց նշան՝

Լազերի լիցք՝ 99%…

Գարենը լույսի արագությամբ տպում էր, երբ կախարդների առաջնորդի անեծքը պայթեց նրա գլխավերևում։ Մյուս կախարդն ինչ-որ բան մրթմրթաց, ու համակարգչի ստեղնաշարը դառավ շիկացած երկաթ։

— Աաա՜յ, — Գարենը հետ քաշեց մատները։

Այդ պահին ներխուժեց Օնիկը։ Գեներալի կացնի կոթը վայրեջք կատարեց կախարդի ծոծրակին, ու նա ուշաթափվեց։ Գլխավոր կախարդը փայտիկն ուղղեց Օնիկի վրա, կախարդանքը հարվածեց նշանակետին, ու Օնիկի փոխարեն հատակին հայտնվեց երկար մորուքով թմբլիկ նապաստակ։

— Գեներա՜լ, — բղավեց Աստղիկը, նետվելով գլխավոր կախարդի շալակը։

— Ա՜խ, ռևմատիզմս, — բղավեց վհուկը՝ փորձելով ազատվել Աստղիկից։

Սենյակի մեջտեղում նստած մորուքավոր նապաստակն ասես ոչ ոքի չէր ճանաչում։

Առանց վայրկյան անգամ վարանելու՝ Գարենն ուսապարկից հանեց լափթոփն ու միացրեց գլխավոր համակարգչին։

— Համակարգը բլոկած է, — բղավեց Գարենը՝ լափթոփի հետ սահելով սեղանի տակ։ — Ես չեմ կարող նոր հրաման գրել…

— Ուրեմն․․․ եղածի հետ մի բան արա՛, — առաջարկեց Տիգրանը՝ մի ձեռքով նկարելով, մյուսով արագ հանգցնելով վառվող տաբատը, որին կպել էր վերջին կախարդի փայտիկից արձակած կրակը։

— Ըհը, ոչ թե «կեղևի մակերես», այլ «ուժեղ երես»․․․, իսկ ահա՛ մյուս բառը․․․ աաաաա՜, — Գարենը դիվահարի պես նայում էր էկրանին, երբ առաջնորդ-կախարդը բռնեց նրա ոտքից ու քաշեց սեղանի տակից։

— Բա՛ց թող, — ճչաց Աստղիկը, ողջ մարմնի ծանրությամբ կախվելով կախարդի վզից։ Նրանք գլորվեցին մի կողմ։

Լազերի լիցք՝ 100%

— Ոոոո՜չ, — գոռաց Աստղիկը։

Համակարգը կարծես տնքաց, աստղադիտակի ալեհավաքի եզրին հայտնվեց կարմիր լույս, ու էկրանը դղրդաց։ Սակայն լիցքավորված լազերը կտրուկ փոխեց անկյունն ու ֆիքսվեց Չըխկի վրա։

Թիրախ կատեգորիայի տակ նկարած լուսնի սկավառակի փոխարեն Տիգրանը նկարել էր Չըխկի ճաղատ գլուխը։

— Ի՞նչ արեցիր, ա՛յ ապուշ։ Հիմա լազերը կսպանի Չըխկին, — բղավեց Աստղիկը։

— Կրակի՛ր, գոնե իրանց ապուշ ընկերոջը կսպանենք, — բղավեց վհուկների առաջնորդը վահանակի հետևում կանգնած կախարդին։

Միանգամից մի քանի բան տեղի ունեցավ։

Գարենը սեղմեց վերջին հրահանգը։

Աստղիկը նետվեց դեպի մյուս կախարդը։ Սակայն նա, հրելով Տիգրանին, սեղմեց կրակի կոճակը։

Չըխկի միակ աչքի առաջ անցավ իր ողջ կյանքը։ Նրա գլխի կատարը տաքացավ ու

․․․

Ու պայթելու փոխարեն պատվեց աշխարհի ամենաշքեղ մազերով։

— Հը՞ն, — ասաց կախարդը՝ տեսնելով առյուծի բաշ ձեռք բերած Չըխկին։

— Նու, մենք փոխեցինք ոչ միայն թիրախը, այլ նաև մի քիչ վերադասավորեցինք հրամանի տառերը, — ժպտաց Գարենը։

Երբ կախարդը նայեց գլխավոր համակարգչի էկրանին, հին հրահանգն արդեն խամրել էր։


ՆՊԱՏԱԿ՝ ԼՈՒՍՆԻ ԿԵՂԵՎԻ ՄԱԿԵՐԵՍ

ԶԻԼ ԶՈՒԼԱ

ԺԱՄԱՆՈՒՄ


Փոխարենը հայտնվել էր նորը։


ՆՊԱՏԱԿ՝ ԼՈՒՍՆԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ

ՈՒԺԵՂ ԵՎ ԶԻԼ ՄԱԶԱԿԱԼՈՒՄ


— Ապրե՛ս, Գարե՛ն, էդքան խաչբառ լուծելը վերջը օգուտ տվեց, — հևաց փրչոտ Չըխկը։

Կախարդների առաջնորդը փորձեց վերջին անեծքն ուղարկել դեպի Տիգրանը, բայց նրա գլխին ընկավ «Կադաստրային նորմատիվներ» գրքի երրորդ հատորը։

Հեռվում լուսնի մակերևույթով թեթևակի դող անցավ, ասես ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկն ուզում էր դուրս գալ, բայց չկարողացավ։ Կախարդները հերթով փայտիկները վայր գցեցին։

Կես ժամ անց Քնարն ու գրքերը բարեհաջող կերպով իջեցրին երեխաներին իրենց ծիծաղաշատ թռիչքից, Չախկալի թեթև ձեռքով իր օրիգինալ կերպարին վերադարձած Օնիկը կապկպեց իրենց հոժար կամքով հանձնված կախարդներին, իսկ Աստղիկն օգնեց Չըխկի ճոխ վարսերը հյուսել, որ չընկնեն ոտքի տակ։

Երբ բոլորն անցան պորտալով, Չախկալն անձամբ հետազոտեց բոլոր երեխաներին ու համոզվեց, որ նրանց երևակայությունը վնասված չէ։ Այնուհետև բեռնեց նրանց Զինաիդայի մեջ։

Գարենը մանկապարտեզի համակարգչից վերծանեց երեխաների հասցեները, ու նրանք քշեցին Զինաիդային հերթով բոլոր հասցեներով։ Քանի դեռ տնեցիները քնած էին, Քնարն աննկատ պատուհանից հատ առ հատ բաժանեց երեխաներին իրենց տներով։

— Բա կախարդների կեղծ երեխաներն էնտեղ չե՞ն, — հարցրեց Տիգրանը։

— Դրանք կչքանան, երբ օրիգինալը տուն հասնի, — բացատրեց Աստղիկը։

Վերջինը Գաբին ու նրա եղբայրն էին։

— Ապրես, որ եղբորս ու ինձ փրկեցիր, — ասաց Գաբին՝ Տիգրանին մեկնելով իր խաղալիք արջուկը։

Տիգրանը ժպտաց ու վերցրեց նվերը։

— Կարծում ես՝ Զիլ Զուլան իսկապե՞ս էլ դուրս չի պրծնի, — հարցրեց Տիգրանը՝ նայելով՝ ինչպես է Քնարը Գաբիին ներս խցկում պատուհանից։

— Զիլ Զուլայի պես չարքը միշտ էլ փորձելու է մի կերպ դուրս պրծնի, բալա՛, — ասաց Օնիկը։ — Բայց դե դրա համար էլ գոյություն ունի Կադաստրի պետական կոմիտեն։

Տիգրանը նայեց երկնքին․ այս գիշեր լուսինը մի փոքր ավելի Չըխկին էր հիշեցնում։ Իսկ Չըխկը հիշեցնում էր մոռացված սովետական ռոք խմբի մենակատարի։

Երբ Տիգրանը հասավ տուն, արդեն առավոտ էր։ Նա գտավ հորը՝ քնած հեռուստացույցի առաջ։ Էկրանից հաղորդավարը ոգևորված ձայնով հայտնում էր վերջին լուրերը․

— Այլ թեմաներից․ Երևանում մի քանի քաղաքացի հանկարծակի ծիծաղի նոպաներ են ունեցել լիալուսնի ժամանակ, որոնք շուտով անցել են։ Մասնագետների գնահատմամբ, դա պայմանավորված է սթրեսով կամ մագնիսական փոթորիկներով․․․



 
 
 

Comments


  • Facebook

© ARMCON 2025

bottom of page