top of page
Search

«Մեշոկ պապին» Հեղինակ՝ Մհեր Շահնազարյան

  • Writer: frunz8
    frunz8
  • 14 hours ago
  • 30 min read


1

Կիսամութ սենյակ էր։ Նոթբուքի էկրանից թույլ ճառագող սպիտակակապտավուն լույսը ճեղքում էր ծխով թանձրացած խավարը, որից հազիվ երևութանում էին սեղանի խճճված ու փոշոտ մակերեսը, դիմացի պատից կախված լարերը, որոնց վրա մերթընդմերթ ինչ−որ կարմիր լույս էր թրթռում, ինչպես նաև անկյուններում հանգրվանած որոշ սարքեր։ Կողքի պատից սև մեծ պարկ էր կախված, որ առաջին հայացքից շատ դժվար էր նշմարել։ Միջավայրը թվում էր հանգիստ, սակայն այդ հանգստության մեջ կար անհանգստություն՝ տարօրինակ երանգով, որը պարզապես սպիտակակապտավուն անվանելն անիմաստ կլիներ։ Փոքր սենյակը կարծես խոր, անվերջանալի զնդան լիներ, որ իր ներսում անմեկնելի գաղտնիքներ էր բանտարկել։ Քառասնամյա տղամարդը, նստած բազմոցին, ծխում էր մոլուցքով և հոգատար հայացքով նայում իր առջև կանգնած կարճահասակ մեկին։ Տղամարդու դեմքը փայլում էր  աննախադեպ հպարտությամբ և այնպիսի հուզմունքով, որ խիստ հազվադեպ է ծնվում մարդու ներսում։

— Նստի՛ր էնտեղ։

— Չեմ ուզում։

— Դե մնա՛ էդտեղ, ի՞նչ ասեմ։

— Այնպես ես ծխում, ասես շատ կարևոր բան ես անում,— հանդիմանեց կարճահասակը

 (նա միշտ գրական էր խոսում)։

— Հա՛, Վաչի՛կ, շատ կարևոր բան եմ անում․ մտածում եմ։

— Պարտքերիդ մասի՞ն։ 

— Քեզ հետ շատ եմ խոսել պարտքերիս մասին։ Մեր երկրում ինչ-որ մեկին պարտք լինելն օրինաչափություն է դարձել, նույնիսկ կենսակերպ։ Ծխելուց ավելի ուժեղ կախվածություն է։ Բայց դրա մասին չէ, որ հիմա մտածում եմ։

  • Իսկ ինչի՞։

  • Անարդարության, ընկե՛րս, անարդարության։

  • Որ հորդ սպանողն ընդամենը մեկ տարի բանտարկվեց ու հետո ազատվե՞ց։

— Եվ էդպես քանի՜−քանիսը․․․ որ նույնիսկ բանտ չնստեցին․ ազատ ֆռֆռում են։ Ու հո մենակ էդ չէ՞։ Անարդարությունը շատ մեծ բան է։ Դու էլ գիտես։

— Քեզնից լավ գիտեմ։

— Չեմ կասկածում։

— Անարդարության գլխավոր պատճառն այն է,— խոսեց կարճահասակը քմծիծաղելով,— որ օրեցօր ավելի է խախտվում համընդհանուր հավասարակշռությունը, որովհետև մարդիկ խաբում են ու ոչ միայն դիմացինին են խաբում, այլև իրենց։ Դիտարկենք բնությունը՝ մեր հինավուրց ուսուցչին, որ կատարյալ հավասարակշռություն է պահպանել միլիարդավոր տարիներ: Բայց մարդը կարծել է, թե կարող է բնության օրենքները փոփոխության ենթարկել: Մի վառ օրինակ՝ այս բարձր տեխնոլոգիաները, որ մարդիկ ստեղծում են իբրև լավ մտադրություններով ու առաջադեմ նպատակներով։ Իսկ ո՞վ կարող է ասել, թե որոնք են այդ նպատակներն իրականում, երբ դրանք արդեն իսկ դառնում են այն ամենի գործիքները, ինչից մարդիկ սարսափում են: Մի օր այդ գործիքները կվերադառնան մարդկանց այնպիսի արագությամբ, որ պարզապես չեն կարողանա վերահսկել դրանք։ Մարդիկ ասես ստեղծված լինեն իրենք իրենց ոչնչացնելու համար և եթե չսթափվեն, հետո ոչինչ այլևս չի կարող փրկել նրանց։

— Ո՞նց սթափվեն։

— Հարգանք՝ բնության, միմյանց և ապագա սերունդների նկատմամբ: Չափավորություն՝ ցանկացած բանի մեջ՝ սկսած ուտելիքից մինչև իշխանություն: Համերաշխություն՝ հասկանալով, որ բոլորն էլ նույն նավի ուղևորներն են տիեզերքի անծայրածիր ծովում: Այնինչ նրանք խարխլում են նավը։ Դու հասկացար, որ այդ նավը մեր Երկիր մոլորակն է, որին ամեն օր սոսկալիորեն չարչարում են։ 

— Հասկացա, իհարկե։

— Եբր ինչ−որ բան է հայտնվում կոկորդիդ, ի՞նչ ես անում,— հարցրեց կարճահասակը։

  • Հազում եմ, Վաչի՛կ, որ չխեղդվեմ։

— Պատկերացրո՛ւ, որ մենք էլ հասել ենք խեղճ մոլորակի կոկորդին․․․ Հո չի՞ խեղդվելու։

  • Դու ինձ վախեցնում ես,— հառաչեց տղամարդը։ 

Միառժամանակ լռություն էր։ Նա վեր կացավ աթոռից, գնաց ու սառնարանից մեկ շիշ գարեջուր հանեց և վերադարձավ։ Փլվելով բազմոցին՝ նա մի երկար կում գարեջուր խմեց, ապա վառեց  ծխախոտն ու ասաց․

  • Խելոքները կփրկեն աշխարհը։

— Նրանք աշխարհի սյուներն են, բայց խավարամիտ ամբոխը կկործանի աշխարհը։ Ամբոխի մեջ միշտ էլ լինում են մի քանի խելոքներ, որոնց, սակայն, անտեսում են, որովհետև նրանք չեն սիրում բղավել։ Իսկ ամբոխը գոռոց ու աղաղակ է սիրում, և նրա ուժն իր քանակն է։ Ասում են,— նորից քմծիծաղելով խոսում էր կարճահասակը,— թե հնադարում ու միջնադարում խավար էր, մինչև որ արվեց էլեկտրաէներգիայի գյուտը, և աշխարհը լուսավորվեց ու մեծացավ։ Այնինչ, այն լուսավորեց տները, փողոցներն ու քաղաքները, ի հայտ բերեց տեխնոլոգիաներ, որ զարգանում են խելահեղ թռիչքով, բայց իրականում այն ընդլայնեց մարդկային մտքի խավարը։ 

— Շատ հոռետեսական ես մեկնաբանում, Վաչի՛կ։ Սարսափելի է քեզ լսելը։

— Հոռետեսակա՞ն, թե՞ իրատեսական։ Սարսափելի է այն, որ հիմա դրանք միևնույն իմաստն ունեն։ Աշխարհը պատվել է չարագործության սարդոստայնով։ Երևի դեռ դպրոցական տարիքից գիտես, որ չարության ու չարագործության հիմնական պատճառը տգիտությունն է։ Իսկ բոլոր չար մարդիկ մոլորյալներ են, որոնց շատ դժվար է կրթել։ 

— Ուրեմն ո՞նց կարելի է փրկել,— ստուգիչ երանգով հարցրեց տղամարդը՝ առավել ուշադիր նայելով ընկերոջը։— Պետք է վերացնե՛լ չարիքը, փրկել բոլորի՛ն։

— Երբ դևի գլուխներն աճում են, հերոսը կտրում է դրանք, մինչ նորից կաճեն,— հանգիստ պատասխանեց կարճահասակը։— Նա միայն հասցնում է թռցնել գլուխները, որովհետև դևին սպանելը վեր է մարդու ուժից։ Ասում ես՝ վերացնել չարիքը, փրկել բոլորին․ դա Բարձրյալի գործն է։ Բայց երբ երկնային դատաստանը հետաձգվում է անհայտ ժամանակով, ապա միայն մնում է կտրել դևի գլուխները, և այստեղ պատժելը դառնում է մարդու պարտքը, քանի որ դա ոչ թե չարագործություն է կամ վրեժ, այլ վիրահատություն։ Այսինքն՝  պետք է անընդհատ կտրել, հեռացնել հասարակության մարմնից ուռուցքները, որպեսզի այն շարունակի ապրել։ Պատիժը, երբ կիրառվում է արդարության անունից, ինքնին բարի գործ է:

Քառասնամյա տղամարդը խոր շունչ քաշեց ու լռեց, նրա մարմինն ավելի թուլացավ բազմոցի վրա, և բավականության ստվեր անցավ նրա դեմքով։ Ասես նա լսել էր այն, ինչը շատ էր ուզում։ Մի պահ լռություն տիրեց։ Հետո թվաց՝ հպանցիկ մի ժպիտ հայտնվեց նրա դեմքին, բայց դա արդյո՞ք թրթռացող կարմիր լույսի խաբկանքը չէր։ Նա արդեն գարեջրի երկրորդ շիշն էր խմում։

  • Ես գնամ,— լռությունը խախտեց կարճահասակը։

Տղամարդը կրկին ոտքից գլուխ նրան նայեց ու ասաց․

  • Դու իմ միակ և լավագույն ընկերն ես, Վաչի՛կ։ Զգո՛ւյշ կլինես։

  • Իմ մասին մի՛ անհանգստացիր։

Կարճահասակի դուրս գալուց մեկ րոպե էր անցել, երբ դուռը թակեցին։ Տղամարդը սոսկումով լցվեց․ ո՞վ կարող էր լինել, ոչ մեկը չգիտեր իր տեղը, նույնիսկ հարազատ քույրերը, որոնց թողել էր։ Այնուամենայնիվ, վճռական գնաց ու բացեց դուռը։ 

  • Դո՞ւ ես։ Ի՞նչ է եղել, Վաչի՛կ։

  • Բան եմ մոռացել․․․

2

Քրեական հետախուզական բաժնի իր աշխատասենյակում նստած էր լեյտենանտ Աթոյանը։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե նստած էր, այլ ընկողմանած էր կաշեպատ բազմոցին ու մտացրիվ ծխում էր էլեկտրոնային ծխախոտը՝ նայելով, ինքն էլ չգիտեր, թե ինչին․ սենյակում առկա իրերն այդ պահին միօրինակ նշանակություն ունեին․ ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը։ Մարմնին մի քիչ ազատություն էր տվել, որովհետև գիտեր՝ այդժամ պետն իր սենյակում կարևոր մարդկանց է ընդունել, իսկ եթե ավելի անկեղծ՝ չափազանց հոգնած էր։ 

Հեռախոսը ձեռքն առավ, մի քիչ  Տիկտոկ  թերթեց։ «Կա՛մ կապիկություն է, կա՛մ էշություն․․․ Էլի սպանությո՛ւն։ Թո՛ւհ, ես ձեր»․․․— հայհոյեց։ Հեռախոսը շրխկոցով դրեց կողքի սեղանին ու հոգոց հանելով փակեց աչքերը։

Դուռը կամաց թակեցին։ Աչքերը բացեց, բայց տեղից չշարժվեց․ այդպես թակում էր միայն Գագիկը՝ իր գործընկերը, որ նաև իր միակ ընկերն էր ամբողջ վարչության շենքում։ Բարի, հավատարիմ մարդ էր՝ երեսունվեց տարեկան։

— Հը՞, եկել ես՝ «աչքալուսանք» անե՞ս։

— Չէ՛, պետն ասաց՝ էսօր տուն կգնանք,— ասաց Գագիկը։

— Հազիվ,— խոր շունչ քաշեց Աթոյանը։— Երկու օր է՝ կնկաս ու երեխուս չեմ տեսել։ Ասա՝ քիչ իրար սպանեք, էլի՛, թողե՛ք՝ մենք էլ ապրենք։

— Ասում եմ, չեն լսում։

— Պա՛հ։ Դո՞ւ ինչու ես մտածում․ տանը սպասող չունես։ Հա՛, Գագա՛ս, էս տարի էլ չամուսնացար, քեզ գցելու ենք ինտերնետ, էժանով ծախենք,— Աթոյանը ծիծաղեց։

— Գործի՛դ գնա, հա՞։ Էդ հիմար տիկտոկներից հո լավ բան չե՞ս սովորի,— նեղացավ ընկերը՝ իրադրությունից դուրս գալու համար գրպանից հանելով ծխախոտի տուփը։—Պրծավ էս անտերը։

— Ա՛ռ, սրանի՛ց ծխիր,— առաջարկեց Աթոյանը։

— Ծխելու բա՞ն է որ։ Դա ավելի վնաս է։

— Հա՛, հա՛, դե որ ասում ես․․․ Հիմա ինչի՞ ենք սպասում։ Հավաքվենք, տուն գնանք։

— Չէ՛, Մինա՛ս, սպասի՛ր։

— Բան կա՞․․․

— Պետի մոտ պետք է մտնենք։ Կարգադրել է։

— Էսօր էլ տուն չգնացի,— հոգոց հանեց Մինասը։

— Արդեն ասել է, որ տուն ենք գնալու։ Երևի վաղվա համար կհրահանգավորի։ Լա՛վ, մի հատ տո՛ւր էդ ծխախոտից։


3


Բաժնի պետի սենյակը փոքր էր, բայց ամեն ինչ կոկիկ դասավորված էր։ Հաստ փայտե սեղանի վրա կարգով շարված էին նոր և հին գործերի մուգ կարմիր թղթապանակները։ Կարևոր հյուրերն արդեն գնացել էին, իսկ մայոր Մաթոսյանը նստած էր սեղանի հետևում, և սենյակի նվազ լույսի տակ նշմարվող կնճռաճակատ դեմքը արտահայտում էր մտահոգիչ անորոշություն։ Օպերները նստեցին պետի առաջ։

— Հը՞, չե՞ք ուզում՝ տուն գնաք։

— Բա չե՞նք ուզում, Մաթոսյա՛ն ջան։ Կնկաս դեմքն արդեն մոռացել եմ։

— Աթոյա՞ն։ Դու էլ բան գտար։ Կնկա դեմքը մոռանալ կլինի՞։

Երեքն էլ տարբեր հնչեղությամբ ծիծաղեցին։

— Ծիծաղում ենք,— լրջացավ պետը։— Մի քիչ հետո ավելի բարձր ենք ծիծաղելու։

Օպերներն իրար նայեցին՝ փոխադարձ կշտամբանք արտահայտող ձևական  դեմքերով։ 

— Նախարարությունի՞ց էին եկել,— հարցրեց Աթոյանը զգուշավոր ձայնով։

— Հա՛, եկել էին՝ պատվոգրեր տան, որ երկու ամիս է՝ երեք սպանություն ենք բացահայտել․ երկուսը՝ ինքնապաշտպանություն, մեկը՝ վրեժ։ 

— Ախր, Մաթոսյա՛ն ջան, դրանք ասես գետնի տակ են անցել։  Մեր պրակտիկայում էսպիսի բան չի եղել։ Թարսի պես վերջերս էլ սպանություններն էնքա՜ն շատ են․․․

— Հա՛, էլի՛, ոնց որ ձեն ձենի տված լինեն,— ավելացրեց Գագիկը։

— Լոլո մի՛ կարդացեք,— ձայնը խստացրեց պետը։— Նո՞ր պետք է ձեզ ասեմ, թե ինչը ոնց անեք։ Երեք հոգու արդեն հրամայել եմ, որ ազատման դիմում գրեն․ դրանք էդպես էլ չսովորեցին։ Իսկ դուք իմ ամենալավ օպերներն եք, դրա համար առաջինը ձեզնի՛ց եմ պահանջում։ Առաջ նորմալ աշխատում էիք, ձե՞զ ինչ եղավ։

— Էդ ովքե՞ր են։

— Հիմա կարևորն էդ չէ, Զարոյա՛ն։ Վաղը կիմանաք երեքի անուններն էլ։ Խայտառակեցին համակարգը։ Նախարարությունը մի կողմից է պահանջում, ժողովուրդը՝ մյուս կողմից։ Գոնե գիտե՞ք, թե ինչեր են խոսում, ինչեր են գրում ինտերնետում։ Բա ի՞նչ անեն։ Մեկը կնկան է մորթում, մեկը հարևանին է կացնով սպանում, մեկը օրը ցերեկով է փողոցում կրակում, երկու ջահել տղայի սպանում, մյուսը եսիմ ինչ է անում։  Ու իրենց համար, չգիտեմ ուր, ֆռֆռում են։ Հերիք չի՞՝ թուքումուր ուտենք։ Ու էդ ամեն ինչի անունը դնենք, թե կորել−չքվել են, չե՞նք գտնում։ 

— Մաթոսյա՛ն ջան, ամեն բան կանենք, որ բռնենք։

— Շուտ պետք է անեիք, Աթոյա՛ն։ Բաշինջաղյանի գործից ի՞նչ կա։ Մտնի խանութ, դանակով վախեցնի, ու էլ ո՜վ դիմանա․ դրամարկղի փողը պարոնի ուզածից քիչ է, կատաղում է, աշխատողին տեղում սպանում, փողը վերցնում ու փախչում։ Ջահել սիրուն աղջիկ, իր համար գնացել էր գործի, անիմաստ մեռավ։ Բա ո՜նց, չենք գտնում։

Օպերները լուռ էին։ Դեմքներին շփոթված ու մեղավոր արտահայտություն կար։

— Մի շաբաթ ժամանակ ունեք,— շարունակեց պետը սպառնալից ձայնով։— Եթե գոնե մի սպանություն չբացահայտեցիք, ինձնից չնեղանաք։ Հիմա գնացե՛ք։

— Մաթոսյա՛ն ջան, իսկ․․․ տո՞ւն ենք գնում, թե՞ էլի․․․ էստեղ,— մի քիչ քաշվելով՝ հարցրեց Մինասը՝ տեղից վեր կենալով։

— Տո՛ւն գնա, Աթոյա՛ն։

Օպերները հազիվ հասել էին դռանը, երբ պետը հանկարծ ձայնեց․

— Զարոյա՛ն, դու մնա՛, քեզ տանը սպասողն ո՞վ է։ Գնալու ես, ի՞նչ անես։

Գագիկի դեմքի գույնը թռավ։ Մինասի աչքերում հեգնական փայլ հայտնվեց, ու նա իրեն հազիվ զսպեց, որ չփռթկա։

— Գնալու եմ՝ քնեմ, պարո՛ն մայոր,— խեղճ−խեղճ պատասխանեց։— Երկու գիշեր է՝ աչք չեմ կպցրել, ոտքի վրա էինք, դե որ․․․

— Ա՛յ տղա, ես էլ չեմ քնել, քեզնից էլ տասը տարով մեծ եմ, բայց չեմ բողոքում,—ընդհատեց պետը։— Մնա՛, իրար հետ տեղ ենք գնալու։

 — Էս գիշե՞ր։ Ո՞ւր ենք գնալու։

Մինասն այդ ընթացքում դուրս եկավ, երևի որ ազատվի ծիծաղի տանջող ցանկությունից։

— Հա՛, քիչ հետո լավ տեղ ենք գնալու՝ աղջիկներ, խմիչք, երաժշտություն․․․ Գնա՛ ու սպասի՛ր։

Գագիկն առժամանակ շփոթված կանգնեց տեղում, հետո ինքն էլ դուրս եկավ։

— Շան բախտ ունես․ պետի հետ զվարճանալու ես գնում,— միջանցքում ասաց Մինասը՝ ընկերոջ ուսին թփթփացնելով։

— Լավ, էլի՛։ Վրաս հալ չկա, հիմա ես զվարճացո՞ղն եմ,— տրտնջաց Գագիկը։

— Չգիտե՞ս, որ Մաթոսյանը քեզ շատ է սիրում։

— Գնա՛ գործիդ, է՜։

— Գնացի։ Բարի գիշե՛ր, բարի ժամա՛նց։

Տասնհինգ րոպե հետո պետի սենյակի դուռը զգուշորեն թակեցին։

— Մտի՛ր։

Ներս մտավ Գագիկ Զարոյանը՝ դեմքին հանգիստը ստիպված խանգարողի մեղավոր արտահայտություն։

— Պարո՛ն մայոր, բա չե՞նք գնում։

— Ա՛յ տղա, ի՞նչ մարդ ես դու։ Ուրեմն խելքդ կտրեց, թե Մաթոսյանն էս խառն ու պատասխանատու իրավիճակում կգնա աղջիկների հետ զվարճանալո՞ւ,— վրա բերեց պետը կեսլուրջ−կեսհեգնանքով։ 

— Դե․․․ պարո՛ն մայոր․․․

— Գնա՛ ու քնի՛ր։ Վաղն առավոտից՝ կազմ ու պատրաստ, ի գո՛րծ։

Գագիկն արագ բարի գիշեր ասաց ու դուրս թռավ սենյակից՝ ներքուստ թեթևացած զգալով, որ ազատվեց այդ «փորձությունից»։

Դրսում՝ ոստիկանության շենքի բակում, դեռևս կայանած էր Մինասի ավտոմեքենան։

— Դեռ չե՞ս գնացել,— դուռը բացելով՝ զարմացավ Զարոյանը։

— Դու չես փոխվելու, Գագա՛ս,— ծիծաղեց ընկերը։— Չնայած պետք չէ, որ փոխվես․ կյանքներս ձանձրալի կդառնա։

— Վա՜յ, ես քո․․․ Ուրեմն գիտեիր, որ կատակ է անում,— իբրև նեղացած՝ պատասխանեց Գագիկը՝ նստելով ընկերոջ կողքին։

Մեքենան ընթանում էր Կոմիտասի պողոտայով։ Գնում էին Նոր Նորք, որտեղ էլ ապրում էին ընկերները՝ նույն թաղամասում։ Մի պահ կանգ էին առել լուսացույցի կարմիր ազդանշանի տակ։

— Էսքան շատ սպանությո՞ւն․․․ Քաղաքը կրիմինալ պոլիգոն են դարձրել։ Էս ի՞նչ են անում,— մտահոգվում էր Աթոյանը։

— Ու չեն բացահայտվում,— անտարբեր արձագանքեց ընկերը՝ հորանջը դեմքին։

— Ճիշտ էիր ասում՝ ասես ձեն ձենի են տվել։ Դե արի ու էսքանի տակից դուրս արի։

— Վաղն առավոտից՝ կազմ ու պատրաստ, ի գո՛րծ,— պետի ասածը կրկնեց Գագիկը՝ առավելապես մտածելով իրեն սպասող փափուկ անկողնու մասին։

Ոստիկանական բաժանմունքում համարյա բոլորը սիրում էին Գագիկ Զարոյանին՝ նախ՝ որպես ազնիվ ու պարզամիտ մարդու, չնայած արդարության համար պետք է ասել, որ նրա միամտությունը հաճախ էր շուռ գալիս իր դեմ։ Նա շատ գեղարվեստական գրքեր էր կարդում, նաև սիրում էր կենդանիներին։ Երբեմն ասում էր, որ կգա ժամանակ, երբ կենդանիները լեզու կառնեն ու անօրինակ բացահայտումներով կխոսեն մարդկային հիմարությունների մասին, որից համայն մարդկությունը կամաչի ու կխայտառակվի։ Իսկ թե ինչու էին այդպիսի պարզամիտ ու բարի, նուրբ հոգու տեր մարդուն անքակտելիորեն պահում ուժային համակարգում, պատճառն այն էր, որ գործի ամենապատասխանատու և վճռական պահին, ի զարմանս բոլորի, Զարոյանը հաճախ ցուցաբերում էր նախանձելի ուշիմություն ու սառնասրտություն․ հանկարծ կարծես նրան սկսում էին առաջնորդել ինչ−որ գերբնական ուժեր։


4


Արդեն որոշ ժամանակ էր, ինչ կատարված մի շարք սպանությունների գծով ակտիվ օպերատիվ−հետախուզական միջոցառումներ էին իրականացվում Երևանում, իսկ սպանություններն ավելանում էին օրեցօր, որոնց մեջ շատ էին անմեղ զոհերը։ Քաղաքը, հիրավի, վերածվել էր սպանությունների թատերաբեմի։ Քրեական վարչությունը գրեթե  կաթվածահար  էր, իրարանցում էր գրեթե բոլոր բաժիններում։ Աշխատանքից ազատվել էին վարչության տասնյակից ավելի ծառայողներ, ընդհուպ՝ բարձր պաշտոնյաներ։ Արդար չէր լինի ասել, թե օպերատիվ աշխատողներն ըստ կարելվույն չէին գործում, խնդիրն այն էր, որ փնտրվող մեղսագործներն ինչ−որ տարօրինակ նախախնամությամբ չէին գտնվում․ ասես չքացած լինեին հողագնդի վրայից՝ ընդսմին դառնալով միջազգային որոնման թիրախներ։

 Նախորդ օրը դարձյալ դեպք էր տեղի ունեցել Շենգավիթ համայնքում, որն ավելի քան զարհուրելի էր․ բնակարանում կասկածյալ միջահասակ տղամարդը ծածուկ բացել էր գազի ծորակը, փակել դուռ ու պատուհան և դուրս եկել տնից, իսկ նրա կինն ու երեխան, որ խոր քնած էին ննջասենյակում, այդպես էլ չեն արթնացել։ Բակում ու շրջակայքում տեղադրված տեսախցիկները չէին ֆիքսել նրան, բայց փոխարենը նրան նկատել էր վաղ առավոտյան իր տան լուսամուտի մոտ ծխող հարևանը։ Օպերատիվ կազմակերպման առումով ամեն ինչ կատարվել էր ըստ կարգի՝ օգտագործելով դեպքին առնչվող հնարավոր բոլոր տվյալների բազան, նաև ձեռնարկվել էին գաղտնի միջոցառումներ՝ հանցագործին գտնելու։ Հասարակությունը շոկի մեջ էր։ Ասում էին՝ պատճառը խանդն էր եղել, և իբր թե կինը սիրեկան էր ունեցել։ Համացանցում հերթական սուգ ու շիվանը, հայհոյանքներն էին բարձրացել, և եթե կար մի զանգված, որ ինչ−որ կերպ փորձում էր արդարացնել հանցագործին իրեն դավաճանած կնոջը սպանելու համար, ապա շատ դժվար էր գտնել գեթ մեկին, որ կհաշտվեր անմեղ երեխային սպանելու սոսկալի փաստի հետ։

Երկրորդ օրն էր, ինչ օպերատիվ աշխատողներ Մինաս Աթոյանն ու Գագիկ Զարոյանը դարձյալ տուն չէին գնում։ Նրանք հետախուզական ծառայություն էին իրականացնում․ քաղաքացիական ավտոմեքենայով  շրջում էին քաղաքի հնարավոր բոլոր վայրերում, որտեղ կարող էր հայտնվել կասկածյալ հանցագործը։ Իսկ նրանց բաժնից երկու աշխատող էլ ծառայություն էին իրականացնում շենքի մոտակայքում, որտեղ կատարվել էր սոսկալի դեպքը։  Տեղեկություն էր ստացվել, թե օդանավակայանից ոչ հեռու՝ հյուրանոցում, հանգրվանել է մեկը, որ ասես համընկնում է կասկածյալի ինքնության հետ։ Հյուրանոց ներխուժելը դեռևս անօգուտ և վտանգավոր կլիներ․ նախ՝ անհանգստություն և խուճապ կառաջանար, և եթե կասկածյալն իրոք մարդասպանը լիներ,  նա կարող էր վնասել մարդկանց կամ պատանդ վերցնել։ Ուստի մնում էր համբերատար սպասել ու հետևել նրա գործողություններին։ Ենթադրաբար նա ուղևորվելու էր օդանավակայան՝ երկրից փախչելու փորձով։

Գիշերվա ժամը երկուսին տեղեկություն ստացվեց, որ կասկածյալը պատրաստվում է կարճ ժամանակ անց դուրս գալու հյուրանոցից, ապա հյուրանոցի շենքի առաջ կանգնեց մի տաքսի։ Օպերատիվ հետախույզները, որ կռիվ էին տալիս քնի դեմ, զգաստացել ու արդեն մեքենայով արագ մոտեցել էին շենքին՝ հարմար դիրքավորվելով։ Տաքսու վարորդն իջավ մեքենայից և քայլեց շենքի մյուս կողմը՝ դեպի  ամայի տարածքը։  Հավանաբար նա գնում էր՝ բնական կարիքը հոգալու, մինչև ուղևորը կգար։ Գագիկը զգուշորեն վազեց դեպի նա։

— Ո՞ւր ես գնում,—  բղավեց Մինասը, և մինչ ընկերը կարձագանքեր՝ արի՛ հետևիցս, շուտ գլխի ընկավ նրա վարմունքի նպատակը ու հետևեց նրան։

Տաքսու վարորդն արդեն վերջացրել էր «գործը» և շվշվացնելով ու ծխելով վերադառնում էր դեպի մեքենան։

— Սպասի՛ր,— ձայնեց Զարոյանը։

Վարորդը շփոթված կանգնեց տեղում՝ արագ նայելով շուրջբոլորը, մինչև օպերատիվ աշխատողը մթան միջից հայտնվեց նրա առաջ, բարևեց ձեռքսեղմումով։ Նույն կերպ վարվեց Աթոյանը։ Հիսունամյա տղամարդը մինչ պապանձված նայում էր անծանոթ տղամարդկանց, վերջիններս արագ ներկայացան՝ ցույց տալով իրենց ծառայողական վկայականները։

— Բայց․․․ ինձնից ի՞նչ եք ուզում, տղե՛րք ջան,— կարկամեց նա՝ ներքուստ թեթևացած, որ ոչ թե հանցագործների է հանդիպել, այլ ոստիկանների։— Ես բան չեմ արել։ Տաքսիստ մարդ եմ։

— Գիտենք, դրա համար էլ մեզ կօգնես։

— Օգնե՞մ։ Ինչո՞վ օգնեմ։

— Էդ մարդը, որին սպասում ես, ամենայն հավանականությամբ հանցագործ է ու  թաքնվում է,— խոսեց Աթոյանը։— Որտե՞ղ է գնալու։

— Նշել է՝ օդանավակայան,— Յանդեքսի  ծրագրով արագ ցույց տվեց վարորդը։

  • Ըհը՛, փախչում է Հայաստանից, դու էլ օգնում ես նրան։

— Չէ՛, տղե՛րք ջան, ի՞նչ օգնել, ես ի՞նչ իմանայի, թե ով է։ Բոլորն էլ ուղևոր են ինձ համար։

— Դե եթե  չես ուզում նրան օգնել, հիմա ես ու դու իրար հետ կգնանք ու մեր մեքենայի մեջ կսպասենք, մինչև մեր հարգարժան օպեր Զարոյանը (նա ձեռքով բարեկամաբար խփեց ընկերոջ ուսին) դրան կտանի օդանավակայան քո մեքենայով։

Վարորդն աչքերը չռած նայում էր՝ սկզբում բան չհասկանալով։ Հետո գլխի ընկավ ու համաձայնեց։

— Բայց ծրագրում նկարս երևում է։ Հետո նա ինձնից հաշվեհարդար կտեսնի, որ իրեն մատնել եմ,— ավելացրեց վախեցած։

— Եթե հանցագործն ինքը լինի, հետո նրան չես տեսնելու, էնպես որ հանգի՛ստ եղիր։

Աթոյանն ու հիսունամյա տղամարդն արդեն կես ժամ սպասում էին մեքենայի մեջ, մինչև որ Զարոյանը վերադարձավ վարորդի մեքենայով։ Նա մենակ էր։

— Հը՞, «աչքալուսանք» ես անելո՞ւ,— հարցրեց ընկերը։

— Նա չէր,— հոգոց հանեց Զարոյանը։


5


— Գագա՛ս, պետին ասելու եմ՝ ինձ էլ ազատի աշխատանքից։ Ո՜նց եմ հոգնել,—քրթմնջում էր Աթոյանը՝ ծխելով էլեկտրոնային ծխախոտը։ 

— Ազատող լիներ, արդեն երկուսս էլ դուրս էինք եկել գործից։ Վերջին մի ամսում չորրորդ գործն է, որ գլուխ չենք հանում։

— Կրա՞կն ենք ընկել, որ Մաթոսյանը մեզ սիրում է։ Համ էլ, իբր քաղաքում ո՞վ է գլուխ հանում։ Ոնց որ անեծք լինի։ Դուրս գամ համակարգից, պրծնեմ, է՜․․․

— Դուրս ես գալու՝ ի՞նչ անես։

— Կգնամ սարեր, մի վրան կխփեմ ու կհանգստանամ․ գլուխս՝ հանգիստ, բոլորիցդ՝ հեռու։ Կենդանիների հետ կշփվեմ։

— Պա՛հ, ինձնից բան սովորեց։ Բա կինդ ու երեխա՞դ։ Էդպիսի բան ե՛ս պիտի ուզեմ։

— Գնա գործի՛դ։ Քե՞զ ինչ կա։ Դու է՛ն ասա, Գագա՛ս, սոված չե՞ս։ 

— Գիշերվա երեքին բան ուտե՞նք։ 

— Իբր գիշերն ու ցերեկը տարբերո՞ւմ ենք։ Գնանք էն կողմի վրա։ Լավ շաուրմա են տալիս։

— Գնացի՛նք։

Քսան րոպե հետո ընկերները շաուրմա էին ուտում արագ սննդի կետում։ Նստած երկտեղանոց սեղաններից մեկի շուրջը, կենտրոնացած ուտելու վրա՝ նրանք առժամանակ չէին խոսում։ Կոկա−կոլայի շշից խմելով՝ Զարոյանը սկսեց սևեռուն նայել մեկին, որ նստած էր մեջքով։

— Սպասի՛ր, քիչ հետո կգամ,— փսփսաց Զարոյանն ու գնաց, սառնարանից բերեց երկու շիշ թան։ 

Աթոյանը նկատեց, թե ընկերն ինչպես սառնարանի մոտից հայացքով արագ չափեց այն մեկին, որ արդեն նստած էր՝ դեմքը իր կողմը։

«Հը՞»,—  հարցրեց Մինասը հայացքով։

«Սպասենք դուրս գա, հետևից կգնանք»,—  պատասխանեց Գագիկի հայացքը։

«Նա՞ է»։

«99 տոկոսով՝ հա»,— նորից պատասխանեց հայացքը, ու նա կասկածյալի լուսանկարն աննկատ հանձնեց ընկերոջը։

«Հը՜մ, հետաքրքիր ստացվեց»,— նկարին նայելով՝ ասաց Մինասի հայացքը, և նրա աչքերը փայլեցին։

Քիչ հետո այն մեկը դուրս եկավ արագ սննդի կետից։ Ընկերներն իրար նշանացի աչքով արեցին և դուրս եկան նրա հետևից։ Մի քանի հարյուր ոտնաչափ քայլելուց և բնակելի տներից հեռանալուց հետո միջահասակ տղամարդը թեքվեց դեպի ամայի ու մութ նեղ անցուղի, որ ձգվում էր իրար զուգահեռ բարձր պատերի արանքով։ Դժվար էր ասել՝ նա արդյոք գլխի էր ընկել, որ իրեն հետևում են։ Արագ համաձայնության գալով՝ Զարոյանը կանգնեց անցուղու մուտքի մոտ՝ պատի տակ, իսկ Աթոյանը սպասելու էր դրա վերջում, որտեղից դուրս էր գալու կասկածյալը։ Նրանք կապ չհաստատեցին և չտեղեկացրին իրենց գործընկերներին (թերևս նրա համար, որ օրեր շարունակ տանջվելուց հետո այդ քաջագործությունն իրենց վերագրվեր) և հույսները դրել էին փորձի վրա, այն էր՝ ճարպկորեն անակնկալի բերել ենթադրյալ հանցագործին, նույնիսկ եթե վերջինս զինված լիներ։ Կարծես ամեն ինչ լավ  էր դասավորվում։ Դարանակալողների համար նպաստավոր էր նաև այն, որ այդժամ որևէ մեկը չկար այդտեղ՝ բացի կասկածյալ տղամարդուց, որի ուրվագիծը հազիվ նշմարվում էր։  Հանկարծ, ի զարմանս նրանց, նրա ուրվագիծը չքացավ, իսկ խուլ լսվող ոտնաձայները մարեցին։ Աթոյանն արագ զանգեց ընկերոջն ու փսփսաց․ 

— Ի՞նչ պատահեց։

— Չգիտեմ, մի քիչ էլ սպասենք,— լսվեց պատասխանը։

Անցավ մի քանի րոպե, իսկ մութ ուրվագիծն այդպես էլ չերևաց։ Սպասելն անիմաստ էր, նույնիսկ վտանգավոր։ Նրանք ստիպված շարժվեցին իրար հանդիման՝ տակավին պահպանելով զգոնությունը։ 

— Ի՞նչ է, չքվե՞ց անտերը,—  խոսեց Մինասը, երբ մոտեցան իրար։

 Վերջինս հուզմունքից ցանկանում էր ծխել, բայց ընկերը խանգարեց՝ կշտամբելով․

— Դիմացի՛ր, հիմա դրա ժամանակը չէ։

— Բայց ո՞ւր կորավ։ Ուրիշ տեղ չուներ գնալու՝ բացի ինձ կամ քեզ մոտ հայտնվելուց։

— Բա չիմացա՜ր, ցնդե՜ց,— կեսհեգնանքով վրա բերեց Զարոյանը։

— Աչքիս դու ես ցնդել, Գագա՛ս, փոխարենը․․․

Այս խոսքը չավարտած՝ երկուսն էլ պապանձվեցին․ ոչ շատ հեռվից՝ մթան միջից, համաչափ ու դանդաղ ոտնաձայներ լսվեցին, ապա նշմարվեց կարճահասակ մեկի ուրվագիծը, որ մոտենում էր իրենց։ Երբ նա ընդհուպ մոտեցավ, Աթոյանը հեռախոսի լույսը պահեց նրա դեմքին․ եկվորը ծեր տղամարդ էր՝ ամենաքիչը յոթանասուն տարեկան՝ ուսին մեծ պարկ։ Նա կանգնեց ու բարի հայացքով նայեց ընկերներին, պատասխանեց բարևին։

— Պապի՛ ջան, ուսիդ վրայինը ծանր չէ՞, օգնե՞նք,— ասաց Մինասը։

— Չէ՛, տղանե՛ր, կտանեմ, շնորհակալ եմ։

— Բա որ գալիս էիր, մարդ չտեսա՞ր։

— Մա՞րդ։

— Մի տղամարդ՝ քեզնից ջահել ու բոյով։

— Տղանե՛ր, արդեն քանի տարի է՝ գնում−գալիս եմ, ու այստեղ մատներիս վրա հաշված մարդիկ եմ տեսել այսքան ուժ ժամին։ Ո՞վ է գժվել ինձ նման, որ գա այս ամայի վայրերը։

— Բա դո՞ւ ինչ ես ման գալիս էս չոլում։ Ի՞նչ ես կորցրել։

— Ա՛խ, տղանե՛ր,— քմծիծաղեց ծերուկը։— Երիտասարդությունս եմ կորցրել, առողջությունս եմ կորցրել, սիրած կնոջս եմ կորցրել, քունս եմ կորցրել, ո՞ր մեկն ասեմ․․․

— Հավատացինք, բացի մի բանից, պապի՛։ Լավ էլ առողջ ես, որ էդ ահագին մեշոկը շալակած՝  տանում ես։ Բա մեջը ի՞նչ է։

— Այն կողմում լավ խոտ է աճում։ Ճագարներ եմ պահում ու քանի որ գիշերները չեմ կարողանում քնել, գալիս, խոտ եմ տանում, որ սոված չմնան։ Իսկ դո՞ւք ինչ եք անում այստեղ։

— Դե․․․ եկանք, որ  մի քիչ մաքուր օդ շնչենք։

— Լավ, դե ես գնամ,— բարի գիշեր մաղթեց ծերուկն ու հեռացավ նույն դանդաղ, համաչափ քայլերով։

— Բա՛խտ բաժանող, ո՞ւր էիր, մի քիչ մեզ էլ տայիր,— բարձրաձայն հոգոց հանեց Մինասը՝ պատրաստելով էլեկտրոնային ծխախոտը, ապա ծիծաղելով ավելացրեց,— Մեշոկ պապիին էլ տեսանք։

— Բայց տարօրինակ էր․․․

— Ֆանտազիադ շարժի՛ր, Գագա՛ս։ Դե ասա՛, որ ջահել ու բոյով տղամարդը փոխակերպվեց, դարձավ գետնին կպած պապիկ՝ մեշոկն էլ շալակին,— հեգնեց Աթոյանը։

  • Գնա՛ գործիդ, է՜․․․ Ինչի՞ էր էդպես գրական խոսում։ 

— Ի՞նչ իմանամ, երևի ջահել ժամանակ պրոֆեսոր է եղել։ 

— Ամեն դեպքում ինձ դուր չեկավ։ Հանցագործն անհետանում է, հետո սա է հայտնվում։

— Ի՞նչ ես առաջարկում։

— Պետք է խոսել Մաթոսյանի հետ։

— Պետին ի՞նչ ասենք, որ կասկածյալին Մեշոկ պապիկը տարա՞վ։ Դեռ չգիտեմ՝ օդանավակայանի ճամփին պատահածը ոնց ենք ասելու․ խայտառակություն էր։ Առանց էն էլ աչքի գրողն ենք դարձել։ Լավ էր՝ էս մեկի համար տղերքին կապ չտվեցի։ Գնանք, գնանք, սառը կոֆե վերցնենք, թարմանանք։

— Ամեն դեպքում, էստեղ մի բան էն չէ,— ասաց Զարոյանը, և նրանք շարժվեցին դեպի Ծովակալ Իսակովի պողոտա։

 Երկու ժամ էր մնում լուսաբացին։ Մեքենան, որի մեջ Զարոյանն ու Աթոյանն էին, կայանել էր «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանի մերձակայքում։ Հեռախոսի զանգը նրանց արթնացրեց, և տեղից համարյա վեր թռչելով` Աթոյանը պատասխանեց․ Մաթոսյանն էր։

— Գնացի՛նք, Գագա՛ս,—  ասաց նա պետի հետ կարճ զրուցելուց հետո։—  Կասկածյալն էստեղ է։ Նոր սպանություն է։ 

— Տվյալներն ունե՞ս,— հարցրեց Զարոյանը՝ իր հերթին զենքն ամրացնելով հագուստի տակ։

— Հա՛։ 

— Բա տղերքին․․․

— Տղերքը ճամփին են։

— Մայո՞րն էլ։

— Հա՛։ 

— Ի՞նչ դեպք է,— հարցրեց Զարոյանը, երբ արդեն հեռացել էին մեքենայից, մտնում էին այգին։ 

— Հորը կացնահարել է ու փախել։ Մոտը հնարավոր է՝ զենք էլ լինի։

Այս անգամ, ի բարեբախտություն նրանց, կասկածյալ երիտասարդն արագ նկատվեց, որը մարզական հագուստով էր ու  շտապում էր դեպի մետրո։ Օպերները, անակնկալի բերելով նրան, առանց լուրջ խնդիրների ձերբակալեցին։ Դրանից քիչ հետո ժամանեց քրեական ոստիկանության օպերատիվ խումբը, որին ուղարկել էր Մաթոսյանը։

— Տեսա՞ր, չարչարանքներս փոխհատուցվեց, Գագա՛ս,— լուսաբացին ասաց Մինասն ընկերոջը, երբ վերջապես տուն էին գնում՝ քնելու։

Զարոյանը չպատասխանեց․ չնայած քնատ դեմքին՝ նա մտածմունքների մեջ էր։ 

Հորը կացնահարած հանցագործը հենց ձերբակալման օրը խոստովանել էր հանցանքը, որի պատճառը վատառողջ հոր կողմից գրվելիք կտակի համաձայն՝ ունեցվածքի բաշխումն էր ժառանգների միջև, ինչի հետ համաձայն չէր եղել ինքը։ Մի քանի օր անց քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկն ասես ցնցվեց կատարվածից։ Պայթյունն անխուսափելի դարձավ նաև ներքին գործերի նախարարությունում և ոստիկանության   վարչություններում, ինչպես նաև իր սուր արձագանքը գտավ հանրության շրջանում։ Կալանավայրից՝ իր բանտախցից, անհետացել էր հորը կացնահարած հանցագործը, և առավել ապշեցուցիչ էր այն, որ ոչ մեկը չէր նկատել նրան, նույնիսկ տեսախցիկները դեպքին առնչվող որևէ բան չէին որսացել։ 


6


Ինչ−որ մեկը համաչափ քայլում էր դրսում՝ դը՛մփ, դը՛մփ, դը՛մփ․․․ Տղամարդը սկսեց արթնանալ թմբիրից։ Նա անմիջապես զգաց հաստ կտորի կոպիտ սեղմումը դեմքին։ Ձեռքերն ու ոտքերը կապված էին, արթնանալով ոսկորներն ու մկանները սկսեցին ցավել։ Սարսափած զգաց, որ իր կծկված մարմինն անօգնական ու աններդաշնակ ճոճվում է՝ շարունակ դիպչելով մի բանի, որի ծանրությունից թոքերը սեղմվում էին, իսկ կզակի և ատամների շրջանում ցավն ուժեղանում էր։ Կոկորդից բարձրանում էր խեղդվելու զգացողություն։ Փորձեց բղավել, սակայն բառերը խեղդվեցին կոկորդում՝ նմանվելով «մմֆը՜ֆ» և «ննգը՜գ» անզոր մռնչյունների։ Իսկ երբ զգաց, որ լեզուն չի կարող բարձրացնել, ընկալեց, որ բերանի խոռոչում խիստ ճնշող մի բան է տեղադրված՝ իբրև դնչկալ։

— Ձա՛յնդ կտրիր,— հատու ձայնով լսվեց դրսից։— Քիչ հետո կհասնենք։

Նորից փորձեց շարժվել, բայց ցավերը սաստկացան։ Ստիպված թուլացավ ու սպասեց։ Սիրտն ուժգնորեն թակում էր ներսից։

Տղամարդու համար տանջալից հավերժություն թվաց, մինչև քայլերը դադարեցին, և ինքը թրմփալով ընկավ գետնին։ Մարմինը կաշկանդող կտորն արձակվեց, և նա վերջապես հանեց գլուխը՝ ջրում շնչահեղձությունից փրկվածի նման ագահաբար օդ ծծելով, բայց սառը գարշահոտն անմիջապես մտրակեց քիմքը, և նա, սաստիկ սրտխառնուք զգալով, սկսեց փղձկալ։ Երբ միջավայրին փոքր−ինչ հարմարվելով հանգստություն զգաց՝ դիտեց շուրջը։ Հողե պատերով այդ սենյակը նվազ լուսավորում էր մի խղճուկ լամպ, որ բարակ թելով կախված էր սարդոստայնի մեջ թաղված առաստաղից։ Կողքի պատին շարքով կախված էին կացին, դանակներ, սղոց, որոնց շեղբերն արյունոտ էին, կային նաև տարբեր զենքեր։ Տղամարդը սարսռաց՝ նկատելով կնոջ և փոքրիկ դստեր համատեղ լուսանկարը՝ կախված զենքերի կողքին, որից նրանք ժպիտով իրեն էին նայում՝ սարսափելիորեն խոցելով իր հոգին։ Ուրիշ տարօրինակ գործիքներ էլ կային սենյակի տարբեր մասերում։ Նա համակվեց տագնապով և անօգնականության արցունքներով լցված աչքերով նայեց իր առջև կանգնած կարճահասակ մարդուն, որ բարի դեմքով նայում էր իրեն։ Ուզեց խոսել, բայց դարձյալ չկարողացավ։ Մարդը մոտեցավ, նրա բերանից հանեց սպունգը, որ պինդ կապով ամրացված էր շուրթերից։

— Ո՞վ ես, պապի՛։ Ինչո՞ւ ես ինձ բերել էստեղ,— հարցրեց դողեցունց ձայնով, և բերանն ու կոկորդը բռնվեցին սուր ցավով, որից գլուխը քիչ էր մնում պայթեր։ 

— Որ սպանեմ,— հանգիստ ասաց ծերուկը՝ նայելով նույն անհողդողդ բարի դեմքով։

— Չէ՛, չէ՛։ Ես ի՞նչ եմ արել, որ սպանես։ Բա՛ց թող ինձ, գնամ։ Խոստանում եմ՝ ոչ մեկին չեմ ասի, պապի՜ ջան,— աղերսում էր տղամարդը՝ ցավին դիմանալով։

 — Դու լավ գիտես, թե ինչ ես արել,— պատասխանեց ծերուկն ու դուրս եկավ սենյակից, որը ճռռոցով փակվեց մետաղյա ծանր դռնով։

Տղամարդը ճիգ գործադրեց, որ ազատվի կապանքներից, բայց միայն կարողացավ դուրս սողոսկել սև կտավե մեծ պարկից, իսկ վերջույթները խիստ ամուր էին կապված։ Ծերուկը վերադարձավ՝ բերելով մետաղյա մի մեծ բալոն, որը դրեց անկյունում, ու ինքը կանգնեց դրա կողքը։

— Պապի՛ ջան, էդ ի՞նչ է։

Պատասխան չեղավ։ Կարճահասակը միայն բացեց բալոնի գլխին տեղադրված ծորակը, և գազը ֆշշաց։ Մոտ երկու−երեք րոպե տղամարդը խոսում էր, բղավում ու աղերսում՝ խուճապահար ու անօգնական նայելով ծերուկին՝ ենթագիտակցաբար սպասելով, որ նա կփակի մահաբեր ծորակը և կպատասխանի իրեն։ Բայց այդպես չեղավ։ Ծերուկը լուռ դուրս եկավ այդ անձուկ, քարանձավե սենյակից՝ մետաղյա ծանր դուռն ամուր փակելով։

Երկու ժամ հետո նա վերադարձավ սենյակ և մի անկյունում՝ գետնի վրա բացեց սև տոլով ծածկված հատվածը, ապա տղամարդու կապտամանուշակագույն դարձած դիակը քարշ տալով՝ գցեց բացված մեծ փոսի մեջ, որտեղ էլի դիակներ կային, և որտեղից էլ փչում էր զարհուրելի գարշահոտությունը։ Հետո ուսին գցեց սև պարկը և գնաց։


7


Բացվեց աշնանային հերթական առավոտը։ Օդը սառն էր, փողոցներում սահող մառախուղը մի քիչ երազային տեսք էր տվել շենքերին, և քաղաքն ինքնին մի տեսակ մտախոհ էր դարձել։ Երևանն արթնանում էր քնից, եթե մի պահ մոռանանք այն, որ անհանգիստ ու վատառողջ ծերունու նման նա էլ վերջերս կորցրել էր քունը։

Քրեական հետախուզության բաժնի պետի աշխատասենյակի դուռը թակեցին։

— Մտե՛ք։

Ներս մտան Զարոյանն ու Աթոյանը, ողջունեցին, ապա տեղավորվեցին՝ նստելով պետի դիմաց՝ երկար բազմոցին։

— Ի՞նչ կա, տղանե՛ր։

— Գիտեք, էլի՛, Մաթոսյա՛ն ջան,— խոսեց Աթոյանը։— Գործը հազիվ գլուխ էինք բերել, հարամեցին։

— Դուք ձեր գործը լավ եք արել։ Հո դրա համար չե՞մ կանչել։ Կոֆե կխմե՞ք։

— Քիչ առաջ ենք խմել։

— Տղե՛րք ջան, էս ամենի վերջը ո՞նց է լինելու։ Խելքներդ ի՞նչ է կտրում,— հարցրեց պետը կարեկցանք փնտրող հայացքով։

— Գլուխ չեմ հանում։  Մարդ չգիտի, թե ինչ մտածի,— պատասխանեց Մինասը։

— Զարոյա՛ն, դո՞ւ ինչ կասես։ Մեկ−մեկ ուղեղդ փայլում է։

— Պարո՛ն մայոր։ Ես երկար եմ մտածել ու որոշակի եզրահանգման եմ եկել։ 

— Բա ասա՛, լսում ենք քեզ․․․

— Էս անհետացումներն ինչ−որ տրամաբանություն  ունեն։ Վերցնենք վերջին երկու ամսում կատարված բոլոր սպանությունները ու տեսնենք, թե ո՞ր կասկածյալները կամ հանցագործներն են անհետացել։ Միայն Երևանում յոթանասուներկու սպանություն է կատարվել, որից հինգն է բացահայտվել։ Եթե վերլուծենք, կտեսնենք, որ այդ հինգից երեքը ինքնապաշտպանվել են, իսկ երկուսը վրեժ են լուծել, այսինքն՝ զոհերը անմեղ չեն եղել։ Իսկ մնացած վաթսունյոթը հիմնականում շահադիտական սպանություններ են, որոնց բոլոր զոհերն անմեղ մարդիկ են եղել, ու գոնե մեկ կասկածյալ չհայտնաբերվեց։

— Մեկը հայտնաբերվեց, մե՛նք բռնեցինք,—  փորձեց ուղղել գործընկերը։

— Հա, ի՞նչ օգուտ, որ հենց կալանավայրից չքվեց։ Նույն տրամաբանությունն է։

— Սպասի՛ր, Աթոյա՛ն։ Ընկերդ հետաքրքիր բան է ասում,— ենթակային սաստեց պետը։— Այսինքն, Զարոյա՛ն, ուզում ես ասել, որ․․․

— Որ նույն ձեռագիրն է։ Նրանք անհետանում են նույն մարդու կամ մարդկանց ձեռքով։

— Իսկ ի՞նչ մարդիկ են, փաստեր ունե՞ս։ Կամ ո՞ւմ ես կասկածում (բաժնի պետը նույնիսկ իր ենթադրություններում միտված չէր պատկերացնելու, որ այդ ամբողջը կարող էր մեկ մարդ իրագործել)։

— Միայն ենթադրություն է՝ դեպքերի վրա հիմնված։ Մեկին կասկածում եմ․․․

Այստեղ Մինասը ոտքով կամաց ու աննկատ խփեց ընկերոջ սրունքին, որ նա չշարունակի, բայց արդեն ուշ էր։

— Ո՞ւմ ես կասկածում։

— Մաթոսյա՛ն ջան, Զարոյանին չգիտե՞ք․ էլի ֆանտազիային է զոռ տվել,—  խոսեց Մինասը։—  Էն օրը կնոջն ու երեխուն գազով խեղդելու գործով կասկածյալին հետապնդելիս մի ծերունու  տեսանք, ասում է՝ դրա մատը խառն է։ Դե ասա՛, Զարոյա՛ն, որ Մեշոկ պապիին ես կասկածում,—  ծիծաղեց՝ ընկերոջը նայելով, իսկ վերջինս կշտամբանքով նրան էր նայում, կարծես ասելով՝ ինչի՞ համար մեջ ընկար։

— Ի՞նչ Մեշոկ պապի, Զարոյա՛ն։ Ի՞նչ է ասում։

— Դե․․․ մի ծեր մարդ էր՝ մեշոկն ուսին։ Տարօրինակ տիպ էր։ Ու հետաքրքիրն այն է, թե ոնց էր խոսում, քայլում ու․․․

— Լա՛վ, էլի՛, Զարոյա՛ն, հիասթափեցրիր,—  ջղայն ընդհատեց մայորը։— Խելոք բաներ էիր ասում, էլի ցնդեցի՞ր։ Էդ գրքերը քի՛չ կարդա ու ե՛տ արի իրական կյանք։ Մեշոկ պապի, չէ մի չէ՝ Անգլուխ ձիավոր։

Այդ պահին պետի հեռախոսը զանգեց։

— Դե լավ, գնացե՛ք ձեր գործով։ Հենց պետք լինի, կապ կհաստատեմ ձեզ հետ,— կարգադրեց նա, իսկ օպերները դուրս եկան։

— Ի՞նչ արեցիր,—  դեռ միջանցքում ընկերոջ վրա հարձակվեց Գագիկը։— Պետին հազիվ եփում էի․․․ Սաղ փչացրիր։

— Վե՛րջ տուր։ Մեկ է, պետը հենց Մեշոկ պապիի անունը լսեր, լուրջ չէր վերաբերվելու։

— Էդ անունը դո՛ւ ես մոգոնել։ Ես էդպես չէի ասելու։ Մանկապարտեզ ես սարքել էս գործը,—  չէր հանգստանում Զարոյանը։

 Մանկապարտեզը քո ենթադրությունն է։ Մնում է՝ ծեր  մարդուն կասկածենք, որ հազիվ էր քայլում,—  իր հերթին վրդովվեց Մինասը։

— Հազի՜վ էր քայլում, բա ո՜նց։ Դու չտեսա՞ր նրա քայլելու ձևը, նրա դեմքը, խոսելը․․․ Մարդ ո՞նց կարող է կամ ինչո՞ւ պիտի  շարունակ նույն ձևով ժպտա։ Գոնե մի անգամ դեմքի արտահայտությունը  չփոխվեց։ Էդ ժպիտով նա ամեն ինչ ծածկում էր։

— Խելքդ տե՞ղն է, Գագա՛ս։ Լավ է՝ չես ասում, թե մեշոկի մեջ էլ խոտ չէր, հանցագործն էր։ Անլուրջ բաների մասին ես մտածում։ Մաթոսյանը ճիշտ էր ասում՝ գրքերիցդ դո՛ւրս արի։

— Գնա՛ գործիդ, է՜։ Ա՛յ, որ գոնե մեկ−երկու գիրք կարդացած լինեիք, ասածներս կհասկանայիք։

— Պա՛հ։ Նորմալ բա՛ն ասա, կհասկանանք։

Քիչ հետո նրանք մեքենայի մեջ էին, ընթանում էին Մաշտոցի պողոտայով։ Միառժամանակ լուռ էին։

— Մի՛ նեղացիր։ Քեզ համար եմ ասում,—  խոսեց Մինասը։

Գագիկը միայն կիսահեգնական նայեց և չպատասխանեց։ Դարձյալ մտքերով ինչ−որ տեղ էր։

— Ինչի՞ մասին ես մտածում։

— Էն բանի մասին, որն ասելու էի պետին, բայց խանգարեցիր։

— Եթե էլի Մեշոկ պապիի ժանրից է, ուրեմն ավելի լավ, որ խանգարել եմ․ քեզ եմ լավություն արել։ Էդ ի՞նչ է որ,—  հարցրեց կարճ դադարից հետո։

— Քե՞զ ինչ։ Էլ բան չեմ ասելու քեզ։

— Դե լա՜վ,  մի՛ նեղացիր, մեծ տղա ես։ Ասա՛ տեսնեմ՝ ինչ ես մտածել։ Կարող է՝ իրոք գործին օգնի։

— Կօգնի։ Բայց եթե ասեմ, չպետք է հակառակվես։

— Գագա՛ս, բան չեմ հասկանում։

— Մի քիչ հետո կհասկանաս։ Քշի՛ր էն տեղը, որ գիշերը տեսանք ծերունուն։

— Ինչի՞ համար։

— Եթե իրոք ուզում ես իմանալ, թե ինչ եմ մտածել, քշի՛ր էնտեղ ու հարցեր մի՛ տուր։

Որոշ ժամանակ անց նրանք այն նույն ամայի վայրում էին, որտեղ օրեր առաջ՝ գիշերը, հանդիպել էին պարկով ծերուկին։ Մեքենան կանգ առավ երկու բարձր պատերի արանքով ձգվող անցուղում։ Մինասն ասաց․

— Հիմա ուշադիր քեզ եմ լսում։

— Պետք է ինքներս տեսնենք «հերոսին»՝ նրան, որ գողանում է մարդասպաններին։

— Փաստորեն, արդեն հասել ես էն բանին, որ կասկածյալներին ինչ−որ մեկը գողանում է։

— Գրեթե վստահ եմ դրանում, մնում է՝ համոզվենք։

— Ու ո՞նց ենք տեսնելու։

— Անմեղ մարդուն սպանելով։

Աթոյանը ծիծաղեց, ապա լրջացավ ու ասաց․

— Ո՞ւմ ենք սպանելու։

— Չենք սպանելու, այլ սպանելու եմ։

— Ո՞ւմ։

— Քեզ։ Ինչքան գիտեմ, կյանքում մեծ մեղքեր չես գործել։

Ընկերը նորից ծիծաղեց։

— Ամեն ինչ շատ լուրջ է,—  ասաց Գագիկը։—  Պետք է սպանություն բեմադրել։ Համաձա՞յն ես։

— Բայց ինչո՞ւ դու սպանես։ Ե՛ս կսպանեմ։

— Ես կսպանեմ, որ ինձ գողանա։ Քո մասին եմ մտածում։

— Լավ։ Ո՞նց ես դա պատկերացնում,—  նորից լրջացավ Աթոյանը։

— Դու մենակ ասա՛՝ համաձա՞յն ես։

— Մաթոսյանը պետք է իմանա։ Եթե հավանություն տվեց, ուրեմն համաձայն եմ։

— Պետին հանգի՛ստ թող։ 

— Պետը որ հետո իմանա, ավելի է անհանգստանալու։

— Էդ թո՛ղ ինձ վրա։

— Չէ՛, Գագա՛ս։ Չգիտեմ՝ խելքիդ ինչ է փչել։ Մաթոսյանը պետք է իմանա,—  պնդեց Մինասը՝ հավաքելով պետի հեռախոսահամարը, և իսկույն ծակոց զգաց ազդրի մեջ։—  Ի՞նչ ես անում, վա՜յ ես քո․․․— բղավեց նա՝ կառչելով ընկերոջ թևից, որն արագ հետ քաշեց ներարկիչը։

Աթոյանը սկսեց շշմել, ապա ոչինչ չզգալ ու չհասկանալ, մինչև որ քնեց։

 — Քեզ ասացի՝ պետին հանգի՛ստ թող,— մռթմռթաց Զարոյանը՝ անջատելով Մինասի հեռախոսը և գցելով մի կողմ։

 Նա հանեց խլացուցիչ ատրճանակը ու պահելով ընկերոջ գլխից մի քիչ վերև՝ կրակեց՝ ծակելով մեքենայի կողապակին։ Հետո ծոցագրպանից հանեց մի փոքր տարա՝ կարմիր հեղուկով լցված․ դա արհեստական արյուն էր, որ ձեռք էր բերել թատրոնում աշխատող ընկերոջից։ Հեղուկն ըստ անհրաժեշտության դատարկեց Մինասի գլխի և շորի վրա։ Այնուհետև համոզվելով, որ ընկերը շատ նման է սպանվածի, դուրս թռավ մեքենայից ու սկսեց վազել անորոշ ուղղությամբ՝ իբրև վախեցած մեկը, որ հենց նոր մարդ է սպանել։

Ինչո՞ւ Գագիկ Զարոյանը նման  ռիսկի դիմեց։ Չի կարելի միանշանակ ասել, թե նա այդպես վարվեց պետի աչքին հերոսանալու համար, քանի որ արդեն երկու տարի էր՝ անհույս սիրահարված էր նրա գեղեցկուհի աղջկան։ Կամ էլ դա գուցե իր մտքերին ու երևակայությանը անձնատուր լինելու հետևանք էր։

Նա վազում էր դերասանի վարպետությամբ․ իբրև հանցագործ էր, որ շնչակտուր ու շփոթված փախչում էր իրեն հետապնդողներից։ Նա ամեն կերպ փորձում էր  գրավել աներևույթ առևանգչի ուշադրությունը, որին այնքա՜ն փափագում էր տեսնել։ «Որքա՞ն եմ դեռ վազելու,— մտածում էր նա,—  ո՞ւր եմ հասնելու։ Իսկ եթե ամեն ինչ ապարդյո՞ւն լինի և»․․․— այդ պահին հետևից մի բիրտ ձեռք արագորեն ծածկեց նրա աչքերը, նա մի ծակոց զգաց պարանոցում, ու ամեն ինչ մթնեց։


8


Հողակերտ սենյակը թույլ լուսավորում էր մի խղճուկ լամպ, որ բարակ թելով կախված էր սարդոստայնի մեջ կորած առաստաղից։ Պատերից մեկին շարքով կախված էին կացին, դանակներ, սղոց, որոնց շեղբերն արյունոտ էին, կային նաև տարբեր զենքեր․․․

Արթնանալով խոր թմբիրից՝ Գագիկը բացեց աչքերը։ Նախ զգաց, որ ընկած է գետնին, իսկ ոտքերն ու ձեռքերը կապված էին։ Ապա, հետզհետե գիտակցության գալով, ճիգեր գործադրելով մի կերպ նստեց տեղում, սկսեց տնտղել շուրջը։ Հանկարծ ծանր մետաղյա դուռը ճռռալով բացվեց, ներս մտավ նա, ում տեսնելով՝ Գագիկը դառնորեն ծիծաղեց քթի տակ․ կարճահասակ ծերուկն էր, որ կանգնեց նրա առաջ ու նայեց իր անփոփոխ բարի ժպիտով։

— Հիշո՞ւմ ես ինձ,— հարցրեց Զարոյանը։

— Լավ եմ հիշում։

— Ինձ էստեղ ես պահելո՞ւ։ Հիմա գերի՞ եմ։

— Հիմար հարցեր ես տալիս։

— Բայց  ինչո՞ւ։

— Որովհետև քեզ սպանելու եմ։

Զարոյանը սարսռաց․ երևի չէր մտածել, որ անհետացողները սպանվում են, այլ միշտ կարծել էր, թե նրանք մի օր վերադառնալու են  վերադաստիարակված և նոր մարդ դարձած։  Նա նաև մտածել էր, թե առևանգիչը անպայման պարզելու և իմանալու է իր անմեղսագործ լինելը։ Խոր ափսոսանքով հիշեց, թե ինքն Աթոյանին ինչպես չէր թողնում այս մասին տեղեկացնելու բաժնի պետին։

— Սպանելու ես, քանի որ անմեղ մարդու եմ սպանել, չէ՞,— հարցրեց՝ իրեն հավաքելով։

— Այո՛։

— Ես մարդ չեմ սպանել։ Կարող ես պարզել։

— Պարզելու կարիք չկա։

— Բայց դրանով դու անմեղ մարդու ես սպանելու։ Հետո ինքդ քեզ պիտի գողանաս ու սպանես։

— Մի՛ դատարկաբանիր։ Պատրաստվի՛ր մեռնելու։

— Հե՛յ, սպասի՛ր։ Լուրջ եմ ասում,—  գոռաց Զարոյանը։— Ես իմ ընկերոջը չէի կարող սպանել։ Դա  ներկայացում էր, որ քեզ հայտնաբերեինք,—  խոստովանեց նա։— Գնա՛ պարզիր ու կհամոզվես, իսկ եթե չէ, ես էստեղ կամ ու կամ։ Տեսնում ես՝ չեմ կարող փախչել։ Ասեմ՝ մեծ սխալ ես գործում։

— Ես երբեք չեմ սխալվում,—  համառորեն պնդում էր կարճահասակը՝ ձեռքը վերցնելով ներարկիչը, որ լցված էր ինչ−որ հեղուկով։

— Ո՞վ ես։ Որտեղի՞ց ես հայտնվել։ Իրավունք ունեմ մեռնելուցս առաջ գոնե անունդ իմանալու։

— Իրավունք չունե՛ս,— եզրափակեց ծերուկն ու մոտեցավ Գագիկին՝ ներարկիչը ձեռքին։

— Գոնե մի՛ ժպտա,—  պաշտպանվելով բղավում էր Զարոյանը։— Սպանելիս մի՛ ժպտա, մանյա՛կ։ Դու ուրիշ միմիկա չունե՞ս․․․

Այդ պահին ուժեղ աղմուկ լսվեց դրսից, որից հետո թափով բացվեց մետաղյա դուռը, և ներխուժեց ոստիկանական մի ամբողջ բրիգադ՝ մայոր Մաթոսյանի գլխավորությամբ։ Կարճահասակը շրջվեց ու սկսեց նրանց նայել, իսկ Գագիկի դեմքը փայլեց հանկարծահաս ուրախությունից։


9


Զարոյանի ձեռքերն ու ոտքերն արձակեցին, և մինչ ոստիկանները շղթաներ էին հագցնում կարճահասակին, Մաթոսյանն իր փրկված ստորադրյալին հրավիրեց դուրս գալու սենյակից։ Գագիկը պետի աչքերում այնպիսի կատաղություն նկատեց, որպիսին երբևէ չէր տեսել․ դեմքն էլ  գունատ էր։

— Ի՞նչ արեցիր, Զարոյա՛ն,— մռնչաց պետը սենյակից դուրս գալուն պես, երբ կանգնել էին միջանցքում, որ նույնպես քարանձավ էր հիշեցնում։

—  Պարո՛ն մայոր, ո՞նց գտաք ինձ։ Էլ հույս չունեի,— հարցից խուսափելով՝ խոսեց Գագիկը՝ ներքուստ մի քիչ զարմանալով պետի այդչափ զայրույթից․ չէ՞ որ իր շնորհիվ գտել ու բռնում էին առևանգչին, որն ինքնին մի սոսկալի հանցագործ էր։

— Ո՜նց գտանք․․․ Աթոյանից զանգ է գալիս, պատասխանում եմ, բայց անջատվում է։ Հետ եմ զանգում, անհասանելի է։ Հո չէի՞նք սպասելու։ Հեռախոսի տեղորոշման շնորհիվ տեղ հասանք էն պահին, երբ սա քեզ իր մեշոկի մեջ էր խցկում։ Հետապնդեցինք, եկանք էստեղ։ Մի րոպե էլ ուշ մտնեինք, վերջդ տալու էր, չէ՞։

— Հա՛, կյանքս փրկեցիք։ Շնորհակալ եմ։

— Զարոյա՛ն,— դարձյալ ձայնը խստացրեց պետը։— Դժվա՞ր էր  նման վտանգավոր տեսարան սարքելուց առաջ ինձ տեղյակ պահել։

— Դե կարևորը գտել ենք դրան։ Հասցրածս վնասներն էլ ինքս կփոխհատուցեմ։ Հիմա տեսա՞ք, թե ինչ պապի է։ Որ ասում էի, չէիք հավատում, ծիծաղում էիք վրաս։ Աթոյանը արթնացե՞լ է։

— Չէ՛,— դեմքը սաստիկ մռայլեց պետը՝ ձայնն  իջեցնելով։

— Բայց արդեն պիտի արթնացած լիներ։

— Աթոյանն էլ չկա, Զարոյա՛ն։ Սպանել ես ընկերոջդ։

— Լավ դե, կատակում եք,— փորձեց ժպտալ օպերը։— Հետո բոլորդ էլ տեսել եք, որ կողքի ապակին ծակել եմ փամփուշտով։ Գլխից մի թիզ վերև եմ կրակել։

— Աթոյանը քնաբերի դոզայի՛ց չի արթնացել։ Ընկերդ է, չգիտեի՞ր, որ սիրտը վատառողջ էր․ կանգ է առել․․․ 

— Պարո՛ն մայոր, կատակ եք անում, չէ՞,— իսկույն լրջացավ Գագիկը։

 — Կատակ անողի նմա՞ն եմ։ Ես ե՞րբ եմ էդպիսի կատակներ արել։

Գագիկի ոտքերը թուլացան, նա փլվեց պետի առաջ՝ գլուխն առնելով ձեռքերի մեջ։

— Ո՞նց կարող է․․․ Ուրեմն Աթոյանը․․․ Փաստորեն ես․․․— կցկտուր բղավում էր նա, և արցունքները խեղդում էին ձայնը։— Պարո՛ն մայոր, Ձեր զենքը տվե՛ք ինձ․ ես չեմ կարող ապրել էս մեղքով։ Էս ի՞նչ արեցի։ Ա՛խ, Մինա՜ս․․․

— Է՛հ, Զարոյա՛ն,— ասաց պետը՝ ափսոսանքով նայելով իր սիրելի օպերին ու ձեռքը նրան մեկնելով։— Ուշքի՛ արի ու կանգնի՛ր։ Դու օպե՛ր ես, ամո՛ւր պահիր քեզ։ Մեկ է, ինչ էլ անենք, նրան հետ չենք բերելու։ Ֆանտազիայիդ էնքան զոռ տվեցիր, որ ընկերոջդ կյանքը կործանեցիր, քոնն էլ՝ հետը։ Միակ մխիթարանքն այն է, որ դիտավորյալ չես սպանել, էդ էլ հո ե՛ս գիտեմ։

Զարոյանը  շշմած էր ու սոսկումնահար։

— Բարխուդարյա՛ն,— ձայն տվեց պետը, և մետաղյա դռնից դուրս եկավ մի օպեր։

— Լսի՛ր, թե ինչ եմ ասում,— շշնջաց պետը ստորադրյալի ականջին։— Զարոյանի կողքին եղե՛ք, հանգստացրե՛ք, և երբ ուշքը տեղը  գա, ձերբակալե՛ք։ Ինքնագլուխ ոչինչ չանե՛ք։

— Հասկացա՛, պարո՛ն մայոր։ Բայց էնտեղ խնդիր ունենք։

— Ի՞նչ է եղել։

— Պապին ոնց որ մեռավ։

— Ի՞նչ ես խոսում, դուք փորձա՞նք եք,— գոռաց պետն ու վազեց կողքի սենյակը։

Սենյակում աշխատակիցները շփոթված  պետին էին նայում, իսկ գետնին ընկած էր կարճահասակ ծերուկը։

— Ո՞նց եղավ։ Ի՞նչ եք արել։ Չե՞ք կարողանում մի հանցագործ նորմալ բռնել։

— Պարո՛ն մայոր, ոչինչ չենք արել։ Ձերբակալում էինք, հանկարծ թուլացավ ու ընկավ։ Շոշափեցինք, սիրտը չի աշխատում։ Երևի վախից ինֆարկտ խփեց։

— Մի բան էլ կա,— խոսեց քննիչը, որ նրանց մեջ էր։— Էնտեղ՝ փոսի մեջ, վաթսունին մոտ դիակ կա։

— Դուք մնացե՛ք ու փորձաքննություն անցկացրե՛ք։ Թո՛ւհ, ես ձեր․․․ Սրան էլ տարե՛ք հիվանդանոց։ Շո՛ւտ, արա՛գ։

Րոպե անց ոստիկանների մեծ մասը Մաթոսյանի գլխավորությամբ դուրս թափվեց քարանձավ հիշեցնող այդ տեղանքից՝ իրենց հետ տանելով Զարոյանին և կարճահասակ ծերուկի անշունչ մարմինը։


10


Հիվանդանոցի սպիտակ միջանցքում ոստիկանները լարված անցուդարձ էին անում։ Ծերուկին անմիջապես տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկների թիմը պայքարում էր նրա կյանքի համար։ Բաժանմունքի դռան մոտ կանգնած էր Մաթոսյանը՝ գունատ դեմքով, որ անդադար կարճ հեռախոսազրույցներ էր ունենում։ Նա բոլորից մտախռով էր․ պատճառն ավելի շատ իր ամենասիրելի օպերների ցավալի կորուստն էր․ մեկը սպանված էր, մյուսը կործանել էր իր ապագան։ 

Բաժանմունքի դուռը բացվեց, և կապույտ խալաթով  երիտասարդն անմիջապես հայացքով որսաց քրեական հետախուզական բաժնի պետին, ապա դուրս գալով՝ նրան խնդրեց, որ առանձնանան։ Բժշկի հայացքում տարօրինակ զարմանքի արտահայտություն կար, որ կարելի էր նաև սարսափ անվանել։ Ոստիկաններից մի փոքր հեռու քայլելով՝ Մաթոսյանն այլևս չհամբերեց ու կանգնեց։

— Հը՞, ի՞նչ կա, բժի՛շկ,— հարցրեց։

— Շատ արտասովոր բան պետք է ասեմ,— ձայնն իջեցնելով՝ ասաց  բժիշկը։— Մեր պրակտիկայում նման դեպք չի եղել, և առհասարակ նման բան չեմ լսել բժիշկների իրականության մեջ։ 

— Տղա՛ ջան, նորմալ բա՛ն ասա, հասկանամ։

— Ձեր հիվանդը չի մեռել, որովհետև չի կարող մեռնել․․․ Նա մարդ չէ, նա ռոբոտ է։

— Ի՞նչ ռոբոտ,— անմիջապես չհասկացավ Մաթոսյանը։— Ինձ միայն այն ասա՛՝ կապրի՞։

— Դուք իմ ասածը չհասկացաք։ Նրա օրգաններն արհեստական են։ Նրա ներսում միկրոսխեմաներ են, որոնցից մենք գլուխ չենք հանում․ հատուկ մասնագետներ ենք կանչել։

 Մաթոսյանն արդեն չէր լսում բժշկին, այլ լուռ ու աչքերը չռած նրա բացվող−փակվող բերանին էր նայում․ չէր կարողանում հավատալ, որ շփոթված դեմքով այդ երիտասարդը հանդգնում է այդպես կատակել իր հետ, և որևէ տրամաբանություն չէր գտնում, չնայած ենթագիտակցությամբ շատ կուզեր հավատալ։

Բժշկի հետ խոսելուց հետո նա որոշեց դեռևս ոչինչ չհայտնել իր ստորադրյալներին․ չգիտեր, թե իրեն ինչպես կհասկանան, չնայած ինքն էլ արդեն սկսել էր հավատալ ռոբոտի իսկությանը, մանավանդ երբ հիշում էր խեղճ Զարոյանի խոսքերը ծերուկի մասին։ «Ի՞նչ է լինելու սրա վերջը։ Ո՞վ է ստեղծել դրան»․․․— այդժամ այս հարցերն էին ներքուստ տանջում Մաթոսյանին, երբ հանկարծ արտասովոր աղմուկ լսվեց բաժանմունքի ներսից, ապա դուռը թափով բացվեց, և բժիշկներից երկուսը, հայտնվելով միջանցքում, այլայլված գոռացին․

— Հասե՛ք, բռնե՛ք նրան։ Փախա՜վ, փախա՜վ․․․

Մաթոսյանը, որ արդեն քիչ թե շատ իրեն հոգեբանորեն պատրաստել էր ամեն մի խելքից դուրս պատահմունքի, արագ կողմնորոշվեց ու հրահանգավորեց ստորադրյալներին և մի խումբ առաջնորդելով՝ վազեց դեպի դուրս՝ հետապնդելու փախուստի դիմած արտասովոր ու վտանգավոր հանցագործին։


11


«Վերագործարկումը բարեհաջող ավարտված է»…

Նա վազում էր: Ո՛չ խուճապի էր մատնված, ո՛չ էլ նպատակ ուներ փախչելու։ Վազում էր հաշվարկով․ արագ հասնել կոնկրետ վերջնակետին։ Նրա շարժումներն արտակարգ ճկուն և ճշգրիտ էին։ Վայրկյանի հազարերորդականում նա վերլուծում էր քաղաքի քարտեզը, տեսախցիկները, մարդկանց ու մեքենաների հոսքերը, հնարավոր խոչընդոտները։

Արտասովոր հանցագործին հետապնդելուն և հայտնաբերելուն ուղղված արագ պլան կազմելով ենթակաների հետ՝ Մաթոսյանը կապ հաստատեց համապատասխան բաժինների հետ։ Հիվանդանոցի շուրջն առաջացած իրարանցումը գնալով ծավալվեց, փողոցները լցվեցին ոստիկանական մեքենաների շչակների ազդանշաններով, կարճ ժամանակում երթևեկությունը կաթվածահար եղավ։ Սկսեցին ամենուր հայտնվել անհանգստացած կամ հետաքրքրաշարժ մարդկանց խմբեր։ Աճառյան փողոցում բախվելով անսպասելիորեն իրեն սեղմող ոստիկանական մեքենային՝ հետապնդվողը ձեռքերով  բարձրացրեց մեքենան առջևից և շրջեց այն՝ իր համար ճանապարհ բացելով․ մետաղը ճռճռաց, ապակիները փշրվեցին, փողոցում վայնասուն բարձրացավ։ 

«Նա մտավ երրորդ նրբանցք, երրորդ նրբանցք։ Հիմա մեր տեսադաշտում է։ Շարժվում ենք թիրախի ուղղությամբ»,— խշշոցով հնչեց Մաթոսյանի ռացիայի մեջ։

Բնակելի շենքերի բակում հավաքված մարդկանց խումբն ապշահար նայում էր անհավանական ծերուկին, որ թեթևությամբ վազում էր շենքի ուղղահայաց պատով դեպի կատարը։ Օդը լցվեց դղրդոցով, և քիչ հետո շենքերից վերև բարձրացավ ոստիկանական ուղղաթիռը։ Շենքը շրջափակվեց։ 

«Թիրախը տեսանելի է»,— նորից հնչեց ռացիայից։

Բոլորը շարունակում էին հետևել ծերուկի անխոչընդոտ մանևրին․ նա մերթ հայտնվում էր տեսադաշտում, մերթ կորչում։ Դիպուկահարի նշանառությունը կանգ էր առել նրա վրա, և հնչեց կրակոց։ Նա թեքեց գլուխը ճշգրիտ չափով, և գնդակը սուրաց կողքով ու կորավ օդում։ Նրա ներսի համակարգը կրկին արձանագրեց․ «Տվյալների հարմարեցում։ Ռիսկը նվազեցված է»։

Ծերուկն անմարդկային ցատկ արեց կողքի շենքի տանիքին, գլորվեց ու նորից կանգնելով՝ շարունակեց վազել։ 

— Սա Մեշոկ պապին չէ, Սպայդերմենն է։ Է՛հ, Զարոյա՛ն,— քթի տակ ծոր տվեց Մաթոսյանը, և երբ հայացքը կրկին  պարզեց, ծերուկն արդեն չքվել էր տեսադաշտից։

Իսկ ծերուկն այդ պահին, փողոցում կանգնեցնելով խցանման մեջ դանդաղ առաջացող երկանիվ հզոր մոտոցիկլետը, մարզական կազմվածքով երկարամազ բայքերին մեկ շարժումով շպրտեց մի քանի մետր հեռու և, առևանգելով այն, դուրս եկավ խցանումից հանդիպակաց գոտի ու վայրագ հռնդյուն արձակելով՝ սլացավ ու անհետացավ։ Վայրկյաններ անց նա, մոտոցիկլետը հեծած, խելահեղորեն թռչում էր Մյասնիկյան պողոտայով՝ անթերի հմտությամբ ու ճարպկությամբ շրջանցելով խոչընդոտները։ Ակնթարթորեն նա հայտնվում էր մերթ ճիշտ, մերթ հանդիպակաց գոտում՝ ահաբեկելով թե՛ անցող−դարձող մեքենաներին, թե՛ առհասարակ բնակչությանը։

Քաղաքն ասես հետզհետե խելագարվում էր։ Նույնիսկ ուղիղ եթերներում հաղորդավարները շփոթված էին խոսում, իսկ սոցիալական ցանցերը պայթում էին անընդհատ թարմացվող նորություններից ու մեկնաբանություններից։ Երևանը դարձել էր դրամատիկ մարտաֆիլմ հիշեցնող տեսարան։ Քաղաքի ոստիկանական գրեթե բոլոր ջոկատներն անցան գործի՝ մեկ ծերուկի հետևից։

Մոտոցիկլետն արդեն սլանում էր Ծովակալ Իսակովի պողոտայով, իսկ ոստիկանության հետապնդումը, թվում էր, հասել է բարձրագույն աստիճանի։ Արդար չի լինի ասել, թե օրենքի պահնորդները թերի էին գործում, պարզապես հետապնդվողի գործողություններն էին անկանխատեսելի ու գերմարդկային։ Մեկ գերմարդը հաղթում էր հարյուրավոր մարդկանց։ 

Հանկարծ կտրուկ թեքվելով ճանապարհից՝ մոտոցիկլետը թռավ դեպի լիճը և սուզվեց դրա մեջ։ Ոստիկանները շրջափակեցին Երևանյան լիճը։ Ջրի մակերևույթի վրա ոչինչ չէր երևում, բացի զբոսնող մի նավակից, որի թիավարը զարմացած նայում էր շուրջը, և ափին մոտ օրորվող սև բադերից։ Այդ ամբողջ խելահեղ տրոփյունը մի պահ դադար առավ։ Տարբեր կողմերից ոստիկանները մոտեցան ափերին, նրանց հետ էին նաև քաղաքացիական մարդիկ, որ եկել էին հետաքրքրությունից դրդված։ Բոլորը միառժամանակ անշարժ էին ու ապշահար։ 

— Վերջ, պարո՛ն մայոր։ Կխեղդվի,— դեռևս արագ շնչելով՝ ասաց լեյտենանտը, որ գործողությունների կեսից էր միացել հետապնդմանը։— Սուզակներին կանչել է պետք, որ դրա դիակը․․․

— Չի խեղդվի,— հանգիստ պատասխանեց Մաթոսյանը՝ վառելով ծխախոտը։

— Ո՞նց։ Արդեն մի քանի րոպե ջրի տակ է,— զարմացավ ստորադրյալը, իսկ մայորը  քթի տակ ծիծաղեց ու ասաց․

— Նրա նմանները չեն մեռնում։

Լեյտենանտը նույնպես ծիծաղեց՝ կարծելով, թե դա հումոր էր։

Տասը րոպե էր անցել։ Լճի տարածքն արդեն մեկուսացվել էր, արգելվել էր քաղաքացիական մարդկանց մոտեցումը։ Գործի էին անցել մոտորանավակներն ու ջրասուզակները, բայց դեռևս ամեն ինչ ապարդյուն էր․ որևէ հետք չկար հանցագործից։ Մայոր Մաթոսյանը, որը ևս իր ջոկատով դարանակալել էր ափին, նոր կարգադրություն էր տալիս ստորադրյալներին, երբ նրա հեռախոսն անսպասելիորեն զանգեց․ Զարոյանն էր։ Չնայած զարմանքին՝ մայորը հասկացավ, որ իր կողմից ձերբակալված ենթական հատուկ թույլտվությամբ է զանգում և որ հույժ կարևոր բան պետք է հաղորդի։ Պատասխանեց։

— Լսում եմ, Զարոյա՛ն։

— Պարո՛ն մայոր, կարևոր բան ունեմ ասելու,— լսվեց լսափողից։— Ինձ մոտ մի սարք կա։ Ես դրանից գլուխ չեմ հանում, բայց կարծում եմ՝ կօգնի հանցագործին հայտնաբերելու գործում։

— Ի՞նչ սարք է։ Ինչո՞ւ ես մտածում, որ կօգնի։

— Տարօրինակ տեսք ունի։ Մոդեմի է նման։

  • Որտեղի՞ց է հայտնվել մոտդ։

— Երբ նա ուզում էր ինձ սպանել, պաշտպանվելիս բնազդաբար  պոկել եմ նրա վրայից։

  • Զարոյա՛ն, ինչո՞ւ ես հիմա՛ ասում էդ մասին։

— Պարո՛ն մայոր, դեպքերն ինձ համար էնպես  անսպասելի էին, որ չհիշեցի դրա մասին։ Սարքը մեխանիկորեն գցել եմ գրպանս, չեմ  էլ հիշում, թե ոնց․․․

— Հենց հիմա պետք է սարքն ուղարկել ուսումնասիրության, լսո՞ւմ ես, հենց հիմա՛։ Ես կկապվեմ կիբեռհետախուզության բաժնի հետ։ Աչքի լույսի պես դա պահի՛ր մոտդ, մինչև գան ու քեզնից վերցնեն։ Զարոյա՛ն, եթե դա օգնի գործին, կհամարեմ, որ ինձ մեծ ծառայություն ես մատուցել։

Կիբեռհետախուզության բաժնի փորձագետների կողմից սարքի մանրակրկիտ վերլուծությունը բացահայտեց, որ այն ունի բարձր մակարդակի պաշտպանական համակարգ և նախատեսված է միանալու ռոբոտի շարժիչային համակարգին՝ ապահովելով նրա տեղաշարժերի լիարժեք մոնիտորինգը, իսկ կառավարումն իրականացվում է հեռակա սերվերից։ Փորձագետները, հաղթահարելով գաղտնագրման շերտերը, կարողացան մեկուսացնել կառավարման սերվերի IP հասցեն և, օգտագործելով օպերատորի տվյալները, պարզել դրա գտնվելու վայրը։ 

 — Հասկանալի էր, որ սա նրա գործիքն է։ Ժամանակն է իրական հանցագործին հայտնաբերելու։ Գնացի՛նք, տղե՛րք,— ասաց Մաթոսյանը, և նրա խումբը շտապ մեկնեց դեպի պարզված հասցեն։ 

Նրա ենթականերն արդեն տեղյակ էին՝ ինչն ինչոց է։


12


Երևանի ծայրամասում՝ 17−րդ թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը կիսաբաց էր։ Բնակարան  ներխուժեց ոստիկանության քրեական հետախուզության օպերատիվ խումբը բաժնի պետ մայոր Մաթոսյանի գլխավորությամբ։ Մեկսենյականոց փոքր, կիսամութ բնակարան էր․ հազիվ նշմարվում էին փոշոտ ու տարբեր իրերով լցված սեղանի մակերեսը, դիմացի պատից կախված լարերը, որոնց վրա մերթընդմերթ թրթռում էր կարմիր լույսը, և անկյուններում տեղավորված սարքերը։ Տանը մարդ չկար։ Բնակարանը զուրկ էր ջահերից․ առաստաղները մերկ էին․ այն լուսավորվում էր փոքրիկ ու հնացած լուսամուտից։ Մինչ ենթակաները խուզարկում էին բնակարանը, Մաթոսյանը մոտեցավ սեղանի վրա թողնված թղթի կտորին, որի վրա ինչ−որ բան էր գրված։ Ձեռքն առավ ու կարդաց․


Գիտեմ, որ գալիս եք իմ հետևից, բայց պետք է ձեզ հիասթափեցնեմ, քանի որ ինձ չեք գտնելու…

Այս նամակը, առաջին հերթին,  խոստովանություն է, ոչ թե փախուստ, և ըմբռնում է պահանջում։ Այն ուղղված է ձեզ՝ ինձ հետապնդող ոստիկանությանը, և ուղերձ է բոլորին, ովքեր դեռ գոնե մի քիչ հավատում են, որ մարդը կարող է ընտրել ՄԱՐԴ մնալը։

Ես ծրագրավորող եմ։ Աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ռոբոտաշինական ընկերությունում։ Անձնական պատճառներով հեռացվել եմ աշխատանքից, բայց դա միայն սկիզբն էր։ Իմ ներսում վաղուց էր կուտակվել այն վիշտը, որը ծնվում է, երբ ամեն օր լսում ես սպանությունների մասին, երբ անմեղ մարդիկ են կործանվում, իսկ անարդարությունը դառնում է սովորական մի բան։

Ես ընտրեցի մեկուսի կյանքը, որովհետև աշխարհը, որում ապրում էի, չէր լսում ու ենթարկվում ինձ։ Իմ փոքր բնակարանում ես ստեղծեցի այն, ինչի մասին վաղուց էի մտածում՝ բարձր մակարդակի արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ։ Նրան կոչեցի Վաչիկ։

Վաչիկը պարզապես մեքենա չէ։ Նրա մեջ ներդրված է ահռելի տեղեկատվական բազա, որը մշտապես ինքնակատարելագործվում է՝ շփվելով իրականության հետ, սովորելով, վերարժևորվելով։ Նրա կարողությունները մարդուն գերազանցում են բազմակի, և նա տեսնում է այն, ինչ մարդիկ հաճախ չեն ուզում տեսնել և երբեք չեն կարող տեսնել։ Ի տարբերություն մարդու՝ նա չի կուրանում վախից կամ շահից։ 

Ես ընդունում եմ՝ նրա արտաքին թերություններն ինձ մատնեցին։ Դա իմ սխալն էր, և ես չեմ փախչում ճշմարտությունից։ Բայց դա միայն սկիզբն էր։

Վաչիկը ստեղծված էր՝ բաց թողնվելու իրականության մեջ՝ որպես պատժիչ ու սթափեցնող գործիք։ Ես միայն հետևում էի նրա տեղաշարժին և  չէի կարող  միջամտել նրա գործողություններին, քանի որ ծրագրերն ու քայլերը նա ինքնուրույն էր մշակում ու իրագործում։ Կարճ ժամանակ  անց պարզեցի, որ  նրա նպատակն է սպանել նրանց, ովքեր առանց խղճի խլում են ուրիշների կյանքը։ Որոշումը ռադիկալ էր, բայց ես իրավունք չունեմ քննադատելու նրան։ Նա գողանում էր մարդասպաններին (ի դեպ, պարկը որպես միջոց օգտագործելը նույնպես նրա որոշումն էր) և նույն կերպ վերացնում էր նրանց, որ սպանել էին անմեղ մարդկանց և ապրում էին նրանց արյան հաշվին։ Սառը և ճշգրիտ։ Առանց վրեժի, առանց հաճույքի։ Միայն հաշվարկ էր։

Վաչիկն արդեն ունի իր աշխարհը, որ բացահայտել է իր գերհզոր հաշվարկային ու վերլուծական կարողությունների շնորհիվ, և այն հասու չէ մարդկային մտածողությանը։ Այդ աշխարհը կառուցված է բացառապես արդարամտության և ճշմարտասիրության հիմքերի վրա։ Նա ինձ տարել է իր հետ և մի օր ստիպված կվերադառնա, երբ նորից անհրաժեշտություն լինի։ Դուք այլևս անզոր կլինեք նրան բացահայտելու։ Իսկ ես չեմ վերադառնա, երբե՛ք չեմ վերադառնա ձեր աշխարհը։

Այս նամակն իմ վերջին խոսքն է ձեզ։ Մի՛ սպանեք։ Մի՛ արդարացրեք անարդարությունը։ Մի՛ լռեք, երբ կարող եք կանգնեցնել չարիքը։ Եթե մարդիկ չեն սովորում պատասխանատվություն կրել իրենց ընտրությունների համար, ապա վաղ թե ուշ պատասխանատվությունը գալիս է նրանց հետևից՝ ստեղծված ինչ−որ մեկի ձեռքով։ 

Մարդի՛կ, դուք ինձ մեծ ցավ պատճառեցիք, բայց ես ձեր թշնամին չեմ։


— Բնակարանը «մաքուր» է,— լսվեց օպեր Բարխուդարյանի ձայնը, որ մի քանի ծառայակիցների հետ մոտեցավ պետին։— Ի՞նչ կկարգադրեք, մայո՛ր։ Շենքը շրջափակված է, և նրանք․․․

— Դադարեցրե՛ք հետապնդումը,— ասաց Մաթոսյանը, և բոլորն անակնկալի գալով մի պահ անխոս նայեցին նրան։

— Ամենայն հավանականությամբ նրանք դեռ շենքում են, չեն կարող փախչել․․․

— Չե՞ք հասկանում,— հուզված ձայնը խստացրեց պետը։— Գործողություններն ավարտված են։ Անիմաստ է։

— Բայց․․․ Ինչո՞ւ, պարո՛ն մայոր։

— Գնա՛նք։ Հետո կասեմ։ Շատ բան ունենք սովորելու։





 
 
 

Comments


  • Facebook

© ARMCON 2025

bottom of page