«Կիսամոռացված լեգենդներ» Հեղինակ՝ Արթուր Առաքելյան
- frunz8
- 3 days ago
- 29 min read
Սենյակում մութ էր: Կինն ընկած էր հատակին ու չէր շարժվում: Սև կերպարանքը նստած էր բացված պատուհանի գոգին: Լուսնի լույսի տակ աղոտ նշմարվում էր նրա մարմինը պատող սև մորթին, փայլում էին գիշատիչ աչքերը: Կերպարանքի թաթերում նորածին երեխա էր: Խոհանոցային դանակով զինված տղամարդը փորձեց կանգնեցնել նրան, բայց գիշերային արարածը պատուհանից դուրս ցատկեց ու անհետացավ խավարի մեջ` իր հետ տանելով երեխային:
ԷՊԻԶՈԴ 1
ՀՐԵՇՈՐՍՆԵՐԸ
Երևանյան ցրտաշունչ գիշերներից էր: Թանձր մառախուղը շղարշել էր գովազդային ցուցանակներով այլանդակված կամարազարդ շենքերը, խորհրդային քարե արկղերն ու դրանց ետևում վեր խոյացող անճոռնի նորակառույցները։ Նախորդ օրվա ձյունն արդեն գորշ ցեխի էր վերածվել։ Փողոցով սլացող հատուկենտ մեքենաների գվվոցն ու հեռվից լսվող շան հաչոցն էր միայն խախտում գիշերվա լռությունը:
Վահանը դուրս եկավ հիվանդանոցից: Հերթապահությունը երկար ու հոգնեցնող էր, եղանակն էլ` մռայլ ու ճնշող: Նրա փոխարեն ցանկացած մեկը հիմա կշտապեր տուն՝ տաք ընթրիքի ու թեյով լի բաժակի մոտ: Բայց Վահանին տունը չէր ձգում: Կես տարի էր անցել, բայց տանն ամեն ինչ դեռ հիշեցնում էր այն հրեշավոր գիշերվա մասին: Կես տարին չափազանց քիչ էր վերքը սպիացնելու համար:
Մտքերը ցրելու համար Վահանը որոշեց մի քիչ քայլել, բայց չէր հասցրել մի քանի քայլ անել, երբ հնաոճ պալտոյով ու լայնեզր գլխարկով մի մարդ կտրեց նրա ճանապարհը:
- Մանր չունեմ, - ասաց Վահանը՝ շտապելով շրջանցել նրան ու շարունակել ճանապարհը:
- Բժիշկ Վահան Դավթյա՞ն, - լսվեց խռպոտ ձայնը գլխարկի տակից:
Վահանը կանգ առավ:
- Կներեք, կարծեցի մուրացկան եք: Եթե իմ պացիենտներից եք, վաղը եկեք։
Փողոցի լապտերների լույսը լուսավորեց անծանոթի դեմքը: Ոչ երիտասարդ տղամարդ էր, վճռական ու խիստ, միևնույն ժամանակ իմաստուն հայացքով: Կարճ մորուքը տեղ-տեղ դեռ սև էր, տեղ-տեղ արդեն սպիտակ: Աջ այտը զարդարված էր երեք սպիներով, որոնք կարծես ինչ-որ գազանի ճանկեր թողած լինեին:
- Չէ, ուրիշ հարցով եմ ուզում խոսել, - ասաց նա: - Ձեր կնոջ ու երեխայի մահվան մասին…
- Չհասկացա … Դուք ո՞վ եք, ի՞նչ գործ ունեք …
- Ես նա եմ, ով ունի հարցերիդ պատասխանները:
- Հարցե՞րի …
- Ուզո՞ւմ ես իմանալ, թե ով սպանեց նրանց …
- Մեր տուն ներխուժած ավազակի մասին բա՞ն գիտեք:
- Ինքդ էլ գիտես, որ ավազակ չէր։ Դու տեսել ես նրան, այնպես չէ՞… Տեսել ես ալքին:
- Չլինի՞ այն աղանդավորներից եք, որ կորուստ ապրած մարդկանց են փնտրում ուղեղը լվալու համար:
- Անունս Գասպար է, բայց ինձ Վարպետ են կոչում, - ներկայացավ տղամարդը: - Եթե մտափոխվես, գտի՛ր մեզ։
Սա ասելով նա ինչ-որ բան խոթեց Վահանի վերարկուի գրպանն ու արագ հեռանալով անհետացավ մառախուղի մեջ։ Թղթի կտոր էր, վրան մի քանի բառ էր խզբզած.
«Հեթումյան փողոց, տուն 5, նկուղային հարկ: Թուր կեծակին»:
***
Վահանը դեն նետեց թուղթն ու փորձեց մոռանալ տարօրինակ հանդիպման մասին, բայց այդպես էլ չկարողացավ գլխից դուրս շպրտել պատահածը: Նրա աչքերի առաջ կրկին ու կրկին հայտնվում էր պատուհանագոգին նստած կերպարանքը։ Քանի անգամ էր փորձել ինքն իրեն համոզել, որ տեսածն ընդամենը ստվերների խաղ էր կամ տեսողական խաբկանք: Որ լուսավորության պակասն էր ստիպել հրեշավոր հանցանքը գործած մարդու փոխարեն իրական հրեշ տեսնել։ Ոստիկանությանը գուցե բավարարում էր այս բացատրությունը, բայց Վահանին՝ ոչ:
Հաջորդ երեկոյան Վահանը նշված հասցեում էր։ Նա զգուշորեն իջավ նկուղային հարկ տանող, կիսով չափ սառցակալած աստիճաններով ու ծեծեց ոչնչով չառանձնացող ժանգոտ դուռը։ Փականի չխկոց լսվեց, դուռը կիսով չափ բացվեց ու ճեղքից մորուքավոր ու քաչալ մի գլուխ երևաց:
- Ի՞նչ ա պետք, - հարցրեց անհյուրընկալ ձայնը:
- Բարև ձեզ, ինձ Գասպարն է հրավիրել:
- Վարպե՞տը, գաղտնաբառը գիտե՞ս:
- Թուր կեծակի՞ն, - պատասխանեց բժիշկը՝ գլխի ընկնելով։
Դուռը բացվեց ու Վահանը ներս անցավ: Ճաղատն իսկական աժդահա էր: Վահանը նկատեց, որ նրա գոտիից զենք է կախված։ Եվ ինչն ավելի տարօրինակ էր, այդ զենքն ատրճանակ չէր, այլ ամենաիսկական թուր: Տարօրինակություններն այդքանով չէին ավարտվում: Կիսամութ սրահը, որտեղ հայտնվել էր, փաբ էր հիշեցնում, միայն թե չգիտես ինչու ամեն տեղ հնաոճ հաստ գրքերով լցված գրադարակներ էին: Դեմքերով ու հագուստով իրարից բացարձակ չտարբերվող երկու երիտասարդ նստած գարեջուր էին կոնծում երկար սեղանի մոտ: Պատերից մեկին քաղաքի մեծ քարտեզ էր կախված՝ վրան մատիտով արված բազմազան նշումներով:
Սրահի խորքի դռնից մի կին ներս մտավ։
- Ո՞վ է մեր հյուրը, - հարցրեց կինը։
- Ասում ա՝ Վարպետն ա կանչել, Աստղիկ տիրուհի, - պատասխանեց ճաղատ աժդահան:
«Տիրուհին» երկար սպիտակած վարսերով, բարձրահասակ կին էր՝ իր տարիքին անհամապատասխան վառվռուն աչքերով: Կարմիր վարդի տեսքով կախազարդ էր կրում։
- Ողջունում եմ, - ասաց նա, - հյուրերն այստեղ հազվադեպ են, բայց միշտ սպասված։
- Կուզեի իմանալ, թե «այստեղն» ի՞նչ տեղ է, - հարցրեց Վահանը:
Կինը չհասցրեց պատասխանել։
«Դմփ, դմփ, դմփ»
Ուժգին բաբախոցն ընդհատեց խոսակցությունը: Ինչ-որ մեկն ամբողջ ուժով դուռն էր ծեծում։ Աժդահան շտապեց բացել և ներս մտավ Գասպարը՝ գրեթե անգիտակից մի երիտասարդ կնոջ ուսից գրկած։
- Տարածք ազատե՛ք, աղջկան օգնության է պետք, - կարգադրեց նա:
- Ի՞նչ է պատահել նրան, - հարցրեց Վահանը:
- ժամանակ չկա բացատրելու, - պատասխանեց Գասպարը։
Երկվորյակներն աղջկան զգուշությամբ տեղավորեցին սեղանի վրա, բռնեցին նրա ձեռքերից ու ոտքերից։
- Մոռացե՞լ ես, որ բժիշկ եմ, - ասաց Վահանը: - Թույլ տուր` օգնեմ։
- Քո իմացած բժշկությունն այստեղ անզոր է, այնպես որ մի՛ խանգարիր։
Աստղիկը սկսեց երգել գրաբարի նմանվող ինչ-որ լեզվով ու ձեռքերը տանել-բերել ջղաձգվող աղջկա որովայնից դեպի կոկորդ: Աղջկա բերանից կանաչավուն թանձր գոլորշի սկսեց դուրս գալ։
- Անոթ տվե՛ք, արագ, - կարգադրեց կինը:
Երկվորյակներից մեկը դատարկեց գարեջրի շիշն ու նրան մեկնեց: Աստղիկը ձեռքերի շարժումով գոլորշին ուղղորդեց շշի մեջ, երբ այն ամբողջությամբ ներս մտավ, խցանով փակեց: Գոլորշին սկսեց խտանալ ու գորտանման մարդուկի տեսք ստացավ:
- Կարծես չի հասցրել վնասել աղջկան, - ասաց Աստղիկը: - Արալեզի թքաթուրմի մի քանի կաթիլ կտանք ու երբ ուշքի գա, կարող է տուն գնալ:
- Գրողը տանի, էս ի՞նչ է, - հարցրեց բժիշկը` ապշահար զննելով շշի մեջ փակված արարածին, որ թաթերով ծեծում էր պղտոր ապակին ու փորձում դուրս պրծնել:
- Չար ոգի է։ Թպղա, նույն ինքը` թեպղ, նույն ինքը` թղպա: Տարբեր բարբառներում տարբեր կերպ են անվանում, - ասաց Գասպարը։
- Ուզում ես սկսեմ չար ոգիների հավատա՞լ:
- Ինքդ տեսար, - թոթվեց ուսերը Գասպարը:
- Հետո ի՞նչ եք ասելու, վամպիրներ ու էլֆեր էլ կա՞ն։
- Վամպիրներն ու էլֆերը մեր տարածաշրջանում հազվադեպ են հանդիպում, - պատասխանեց Գասպարը, - իսկ այ հոգեգեշերը, շիդարները, ընգղաները, քաջքերն ու շվոտները վխտում են քաղաքում:
- Շիդաներ, բընգղեր… էս բառերը նոր հորինեցի՞ր, - ասաց Վահանը։
- Տես էէէ … Վամպիրների ու էլֆերի մասին լսել ա, բայց իրա կողքն ապրող ճիվաղներից խաբար չի, - քմծիծաղ տալով խոսեց ճաղատ հսկան: - Մարդիկ հիմա մենակ հոլիվուդյան ֆիլմերո՞վ են բան սովորում։
- Վերցրո՛ւ այս մատյանն ու ուսումնասիրիր, - ասաց երկվորյակներից մեկն ու գրապահարանից հանած մի հաստափոր գիրք նետեց բժշկի առաջ։
- Մեր գործում շատ կարևոր է թշնամուն ճանաչելը, - շարունակեց նրա պատճենը։
Բժիշկը բացեց գիրքն ու նրա աչքի առաջ հայտնվեցին զարհուրելի արարածների պատկերներով ու ձեռագիր տեքստերով պատված դեղնած էջեր:
- Էս ի՞նչ է, «Նեկրոնամիկո՞նն» է, - հարցրեց նա` զգուշորեն թերթելով հին գիրքը։
- Համարյա, - քմծիծաղ տվեց ճաղատը: - Ստեղ տեղեկություն կգտնես ամենավտանգավոր այլաշխարհիկ էակների մասին։
Հերթական մի էջին պատկերված էր արդեն ծանոթ գորտանմանը: Բժիշկը թերթեց հաջորդ էջն ու նրա մարմնով անմիջապես սարսուռ անցավ: Գրքում զարմանալի ճշտությամբ պատկերված էր գիշերային հրեշը: Միևնույն սև մորթին, միևնույն երկար ճանկերը…
Նա կտրուկ փակեց ու մի կողմ հրեց գիրքը։
- Էս ամենն ինչ-որ խելագարության է նման, - ասաց նա:
- Քեզ ընտրության հնարավորություն ենք տալիս, - հանգիստ ասաց Գասպարը։ - Կարող ես մտածել, որ բոլորս խելագար ենք, գնալ փակվել բնումդ ու շարունակել խղճալ ինքդ քեզ մինչև կյանքի վերջը: Կամ էլ… կարող ես միանալ մեր գործին ու ճիվաղների հախից գալ։ Կնոջդ ու երեխայիդ հետ չես բերի, բայց կարող ես ուրիշներին փրկել նույն ճակատագրից:
Վահանը երկար լռեց.
- Կորցնելու բան չունեմ: Չգիտեմ` ինչ եք ծխում, բայց ինձ էլ դրանից տվեք:
- Եվ ուրեմն, Բժիշկ, բարի գալուստ հրեշորսների միաբանություն, - հանդիսավորությամբ ասաց Աստղիկը:
- Արդեն հասցրե՞լ ես ծանոթանալ մերոնց հետ: Սա Գանգուռն է, - ասաց Վարպետը՝ ցույց տալով ճաղատ տղամարդուն:
- Հա, մի զարմացի, էն ժամանակ, որ մականունս կնքեցին, հլը սենց չէի, - ասաց Գանգուռը՝ հարթ գլխամաշկը շոյելով:
- Էս երկուսն էլ Ձախ ու Աջ եղբայրներն են, - Վարպետը ցույց տվեց երկվորյակներին, - իզուր մի փորձիր տարբերել, թե ով ով է։ Մեկ է` խառնելու ես: Դե իսկ Աստղիկը… Աստղիկը մեր…
- Ես էլ այս մանկապարտեզի դայակն եմ, - ասաց կինը:
***
«Թըպղը, ինչպէս նրան կը կոչէին Վասպուրականի հայերը գորտանման չոր ոգի մըն է։ Ան, յղի կանանց արգանդը մտնելով, կը թունաւորէ անոնց սաղմը, այդու նորածինը կամ մեռած կը ծնուի, կամ խիստ սակաւակեաց կ՚ըլլայ։ Ընդունուած է ճահիճներէն գորտեր բռնելով թալիսմաններ պատրաստել եւ յղի կանանց մօտ պահել։ Կը հաւատան թէ այսոցիկ թըպղաները չեն մերձենար յղիներուն։ Թըպղայէն զարնուած կինը թպղոտ կը կոչուի»։
Օքսանա Կարապետեան
«Ոգեղէններու պաշտամունքը Վան-Վասպուրականում»
***
ԷՊԻԶՈԴ 2
ՊՂՏՈՐ ՋՐԵՐ
Չնայած տարածքը բարեկարգելու ջանքերին` Երևանյան լիճն այդպես էլ շարունակում էր մնալ մի մեծ աղբանոց։ Ասում են` նրա ջրերի տակ թաքնված են հին գյուղի մնացորդներ, հին ուրարտական ջրանցք ու էլի չգիտես ինչեր։
Վարպետը կարգադրել էր Վահանին մութն ընկնելուն պես լճի մոտ գալ: Նրա ասելով՝ այստեղ պիտի անցներ նորընծա հրեշորսի առաջին «գործնական քննությունը»: Ժամանելուն պես Վահանը հանդիպեց Գանգուռին: Վերջինս տեղեկացրեց, որ Վարպետը վատառողջ է, ուստի առաջադրանքը ստիպված են լինելու կատարել երկուսով։ Գանգուռն իր հետ կեռիկներով ավարտվող մի ծանր շղթա էր բերել:
- Ու ի՞նչ ենք այստեղ անելու, - հարցրեց Վահանը` նայելով մեղմ օրորվող ալիքներին: - Չլինի ձուկ բռնելու ենք եկել:
- Ըհը, եթե բախտներս բերի, էսօր շատ մեծ ձուկ կբռնենք, - ասաց Գանգուռը: - Վերջին կես տարում էստեղ մուխանաթ բաներ են կատարվում։ Ամիսը մեկ լճի տարածքում մարդ ա կորում, մեկ-մեկ էլ մարդու հոշոտված ոսկորներ են գտնվում:
- Մարդկանց անհետացումը չէր կարող աննկատ մնալ, - առարկեց Վահանը, - ոստիկանությունը հետաքննություն կսկսեր:
- Ո՞վ, Ոստիկանությո՞ւնը, - Գանգուռը սկսեց բարձրաձայն ծիծաղել: - Դրանք սկի տրանսպորտային ջեբկիրների հախից չեն կարողանում գալ: Ասում են` խեղդվել ա, թափառող շներն են հոշոտել ու վերջ: Ոստիկանությունն էստեղ անելիք չունի, էս հրեշորսների գործն ա:
- Լսիր, մի տեսակ ծիծաղե՞լի չի հնչում՝ «հրեշ երևանյան լճում»: Ախր սա հո՞ Լոխ Նեսը չի, սովորական արհեստական ջրամբար է՝ մարդաշատ քաղաքի ներսում:
- Դու որ մարդակեր հրեշ լինեիր, որտե՞ղ կբնակվեիր։ Անմարդաբնակ ինչ-որ տե՞ղ, թե՞ քաղաքում, որտեղ լիքը ուտելիք կա:
Բժիշկը ոչինչ չպատասխանեց։
Նրանք դիրքավորվեցին ափին ընկած մի քարաբեկորի մոտ ու սկսեցին հետևել։ Լիճը հանդարտ էր, լուսնի արտացոլանքների մեջ լողացող շշերից ու տոպրակներից բացի ուրիշ ոչինչ չէր երևում:
- Հիմա ի՞նչ, էս ցրտին ամբողջ գիշեր նստելու ենք ու սպասե՞նք, - բողոքեց Բժիշկը:
- Հա, հենց տենց: Նստելու ենք, աչքներս չորս անենք ու հետևենք: Մեր գործը համբերություն ա սիրում: Ես ու Վարպետն արդեն մի շաբաթ ա ամեն գիշեր ստեղ ենք:
Նա պայուսակից հանեց տաք սուրճով լի թերմոսն ու Վահանին մեկնեց:
Ժամերն անցնում էին, ոչինչ չէր պատահում: Սուրճի պաշարներն արդեն սպառվել էին, բայց Վահանը միևնույն է մի կերպ էր աչքերը բաց պահում: Ալիքների մեղմ խշշոցը օրորոցայինի պես էր ազդում: Մի քանի անգամ արդեն հասցրել էր աչք կպցնել ու Գանգուռը նրան բզելով ուշքի էր բերել:
- Եթե ուզում ես իսկական հրեշորս դառնալ, պիտի կարողանաս կառավարել քունդ, - ասում էր նա: - Այ, ինձնից օրինակ վերցրու: Կարո՞ղ ա գիտես քնելով եմ էս բոլորը վաստակել:
Սա ասելով նա պարանոցից հանեց ու ցուցադրեց անհասկանալի բաներից հյուսված մի տարօրինակ վզնոց:
- Էդ ի՞նչ է, - հետաքրքրվեց Վահանը։
- Իմ թալիսմանն ու իմ կենսագրությունն ա, - ասաց Գանգուռը։ - Էս մեկը տենո՞ւմ ես։ Տասնհինգ տարեկանում սպանածս համբարուի ժանիքն ա։ Երբ Աստղիկ տիրուհին ինձ գտավ՝ հրեշի լեշի կողքին ընկած արնաքամ էի լինում: Մի կերպ ա ինձ հետ բերել: Էդ օրվանից ինձ ընդունեցին միաբանություն: Էս մյուսը քաջքի ատամ ա, էս մի քանիսն էլ՝ խորթլաղի։ Դրանցից շատ եմ սպանել, ուղղակի էդքան կախելու տեղ չկա։ Օրը կգա, ալքի ժանիքն էլ կհայտնվի վզնոցիս վրա:
Գանգուռը երկար-բարակ սկսեց պատմել իր սպանած անհամար հրեշների մասին ու այդպես ժամերը գլորվեցին:
***
- Օգնեցե՜ք…
Վահանը վեր թռավ: Աղջկա ձայն էր:
- Լսեցի՞ր, - դիմեց նա Գանգուռին, - ինչ-որ մեկն օգնության է կանչում:
Պատասխանի փոխարեն լսվեց միայն Գանգուռի խորը խռմփոցը:
- Օգնեցե՜ք, - դարձյալ լսվեց աղերսագին ձայնը:
Չցանկանալով այլևս ժամանակ կորցնել` Վահանը վազեց ափի մոտ:
Կիսախավարի մեջ երևում էր, թե ինչպես է մեկը թպրտում ալիքների մեջ ու հուսահատ թափահարում ձեռքերը: Վահանն առանց վարանելու ջուրը նետվեց: Շունչը կտրվեց մինչև ոսկորները թափանցող սառնությունից, բայց շարունակեց լողալ: Վայրկյաններ անց հասավ խեղդվողին, բռնեց նրա ձեռքն ու սկսեց քաշել դեպի ափը: Հաջորդ պահին զգաց, թե ինչպես է աղջկա ձեռքի մաշկը կոշտ թեփուկներով պատվում: Հիմա ոչ թե ձեռք էր բռնել, այլ հսկայական սողունի թաթ: Բարձրացրեց հայացքը: Խուճապն անհետացել էր աղջկա դեմքից ու փոխարենը չարագուշակ, հաղթական ժպիտ էր հայտնվել: Նրա կիսաբաց շուրթերի արանքից երկարեցին սրածայր ժանիքները, դուրս սողաց օձի երկծայր լեզուն: Դեմքը ևս թեփուկներով պատվեց, փայլեցին դեղին աչքերը…
Վահանը հասկացավ, որ թակարդն է ընկել, բայց արդեն ուշ էր։ Փորձեց ազատվել հրեշի ճիրաններից ու լողալ դեպի ափը, բայց թաթերն անհավանական ուժով քաշում էին նրան սառը ջրերի խորքը։ Հաջորդ պահին ինչ-որ մեկի ձեռքերը բռնեցին հրեշի կոկորդից ու նրա թաթերը թուլացան: Հրեշի ճիրաններից ազատություն ստանալուն պես, Վահանը սլացավ դեպի ափ: Ջրի մեջ ոռնոց ու հեծկլտոց էր լսվում: Ըմբշամարտի բռնված երկու մարմինները մեկ կորում էին ջրի տակ, մեկ նորից հայտնվում:
Ի վերջո ոտքից գլուխ թրջված Գանգուռը անշտապ քայլելով դուրս եկավ ջրից, իր հետ քարշ տալով բերեց ու խճաքարի վրա նետեց ջրահրեշի շղթայակապ անշնչացած մարմինը: Այն կարծես մարդակերպ հսկա կոկորդիլոս լիներ:
- Փաստորեն նհանգ էր, - ասաց նա` ոտքը հաղթական կերպով հրեշի վրա դնելով։ - Սրա ժանիքից դեռ չունեմ:
- Բայց … կին էր… խեղդվում էր…- արտաբերեց Վահանը` դողալով ու ջուր հազալով:
Գանգուռը սկսեց ծիծաղել:
- Կարգին հերոս ես: Չգիտեմ քեզնից ինչ հրեշորս դուրս կգա, բայց խայծի դերը հաստատ լավ ա ստացվում մոտդ:
***
«Զի եթե էր ինչ նհանգն անձնաւոր, ոչ երբեմն ի կնոջ կերպարանս երևէր, և երբեմն փոկ լինէր և լուղորդաց ընդ ոտս անկեալ՝ հեղձուցանէր»։
Եզնիկ Կողբացի
«Եղծ աղանդոց»
***
ԷՊԻԶՈԴ 3
ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Նուբարաշենը Երևանի ամենամեկուսի ու գողտրիկ հատվածներից է` հեռու մնացած քաղաքի աղմուկից ու թոհուբոհից։ Այն կարծես իր ուրույն խաղաղ ռիթմն ունի։ Այստեղ կան այգիներ, ծառաշատ փողոցներ, մի քանի հուշարձան։ Ցավոք, Նուբարաշեն անունը հազվադեպ է կապվում այգիների կամ հանգստության հետ։ Ավելի հաճախ այն ուրիշ բաներ է հիշեցնում։
- Ինչպիսի բուրմունք, - ասաց Ձախը, երբ հրեշորսների խումբն իջավ մեքենայից։
- Բա տեսարանն ինչ հիասքանչ է, - շարունակեց Աջը:
Նրանց առաջ սփռվում էր Նուբարաշենի անծայրածիր աղբավայրը՝ մայրաքաղաքի թափոնների ու մոռացված իրերի վերջին հանգրվանը։ Վերևում շրջաններ գծելով մի քանի ագռավ էր ճախրում: Տեղ-տեղ աղբաբլուրների տակից թանձր ծխի քուլաներ էին դուրս գալիս, որ կարծես խորքում քնած վիշապի շնչառություն լինեին։ Աղբավայրը հերթական անգամ հրդեհվել էր ու թունավոր ծխով էր պարուրում քաղաքը։
- Կարծում էի՝ մեր գործը հրեշներն են, ոչ թե զիբիլը: Ի՞նչ ենք կորցրել այստեղ, - ասաց Վահանը` քթի վրա ուղղելով բժշկական դիմակը։
- Մեր խնդիրը զիբիլանոցը չի, այլ այն, ինչ հարևանությամբ է գտնվում, - պատասխանեց Վարպետն ու ձեռքով հետ ցույց տվեց:
- Նուբարաշենի գերեզմանո՞ցը, - հարցրեց Բժիշկը։
- Ըհը, - երկվորյակները միաժամանակ գլխով արեցին:
- Այնտեղ ոչ բոլոր ննջեցյալներն են ննջած մնում, - բացատրեց Վարպետը: - Տարածքում պարբերաբար գոռնափշտիկների, նույն ինքը` խորթլաղների, նույն ինքը` հոգեգեշերի ակտիվություն է նկատվում:
- Հելնում ու թափառում են զիբիլանոցում, - խոսեց Գանգուռը։ - Ստիպված տղեքով գալիս ենք «շաբաթօրյակ» անելու: Ու գիտե՞ս, թե ինչն ա ամենատարօրինակը: Ամեն անգամ դրանց հայտնվելը զուգադիպում ա զիբիլի վառվելու հետ:
- Զարմանալի չի, այս հոտին մեռածներն էլ չեն դիմանում, - ասաց եղբարներից մեկը։
- ժամանակ չկորցնենք, - ասաց Վարպետը:
Նա բացեց մեքենայի բեռնախցիկը, մի կողմ քաշեց գորգը, որի տակ թաքցված էին մի քանի թուր, տարբեր չափերի ու ձևերի դաշույններ, երկաթե ու փայտե ցցեր, տարատեսակ հեղուկներով սրվակներ ու տարբեր մոգական խորհրդանիշերով մեդալիոններ:
- Էս ի՞նչ միջնադարյան ինկվիզիտորի հավաքածու է։ Սրանցո՞վ ենք որսի գնում, - զարմացավ Բժիշկը։
- Հա, բա դու ի՞նչ էիր սպասում, - ասաց Գանգուռն ու շտապեց վերցնել ամենամեծ թուրը:
- Դե … ատրճանակ, հրացան … Վերջին անգամ, երբ օրացուցին եմ նայել 21-րդ դարն էր նշված։
- Ատրճանակն ու հրացանն աղմկոտ են։ Հետո ոստիկանությանը ո՞նց ես բացատրելու, թե ինչու էիր մայրուղու հարևանությամբ կրակ բացել։ Բացի այդ մեր հակառակորդներին սովորաբար փամփուշտով սպանելը դժվար է, ավելի խոշոր բան է պետք դրանց ջանները խրել, - բացատրեց Վարպետը՝ օդում ճոճելով շողշողուն թրերից մեկն ու այն մեկնելով Բժշկին:
Բժիշկը վերցրեց թուրն ու ինքն իրեն խոստովանեց, որ հնագույն զենքի ծանրությունը ձեռքում զգալը բավականին հաճելի էր: Հղկված մետաղը փայլում էր արևի տակ։ Թրի շեղբի ամբողջ երկարությամբ սեպագրեր էին փորագրված։
- Սրանք հատուկ հմայագրեր են, - ասաց Վարպետը, - մոգական արարածներին խոցելիս նրանց լրացուցիչ վնաս են հասցնում։
- Հիշի՛ր, խորթլաղին կարելի է վերջնական սպանել երկու ձևով - ասաց եղբայրներից մեկը: - Կամ խոցելով նրա սիրտը …
- Կամ էլ կտրելով գլուխը, - շարունակեց մյուսը։
Հրեշորսները երկու խմբի բաժանվեցին ու անցան աղբավայրը խուզարկելու գործին: Գանգուռն ու երկվորյակները մի կողմ գնացին, Վարպետն ու Բժիշկը՝ մյուս: Մոտ կես ժամ թափառելուց հետո այդպես էլ ոչ ոքի չհանդիպեցին, բացի մի քանի շներից, որ տոպրակներ էին քչփորում` սնունդ գտնելու հույսով։
- Հուսով եմ` սրանք մեզ չեն կծի: Հավես չկա պատվաստումներ ստանալու, - ասաց Բժիշկը։
- Հավատա, այստեղ շներից ավելի վտանգավոր բան կարող է քեզ կծել, - արձագանքեց Վարպետը։
- Հաճա՞խ է պատահում, որ մեռածը հոգեգեշ դառնա, - հարցրեց Բժիշկը։
- Ոչ այնքան։ Եթե քայլող մեռելները սկսում են զանգվածային բնույթ կրել, ուրեմն ինչ-որ մոգություն է խառնված։
Մոտակայքում հաչոցներ լսվեցին, որոնք ընդհատվեցին շներից մեկի խեղդված վնգստոցով։
- Գնանք ստուգենք, - ասաց Վարպետը։
Երկուսով բարձրացան բլրակի վրա ու ականատես եղան զարհուրելի տեսարանի: Ներքևում երկու հոգի կռացել էին շան մարմնի վրա, ու չփչփոց արձակելով լափում էին որսը: Նրանց կմախքացած մարմիններից պարկի պես կախված էին մաշկի ու շորերի մնացորդները: Կիսաճաղատ չորացած գանգերին ցցված էին նոսր մազափնջեր:
Վարպետը գլխով նշան արեց, դանդաղ ու անձայն հանեց թուրը պատյանից ու սկսեց մոտենալ նրանց, Բժիշկը հետևեց նրա օրինակին: Մեկ զգուշավոր քայլ, ևս մեկը… Ոտքի տակ ինչ-որ բան խրթաց, խորթլաղներից մեկն արագ շրջվեց ու ոռնոցով նրանց վրա նետվեց: Վարպետը վերջին պահին մի կողմ քաշվեց` ճանապարհ զիջելով գազազած հրեշին, պտտվեց առանցքի շուրջ ու թուրն իջեցրեց հարձակվողի ծոծրակին: Նրա մարմինը շրմփաց աղբակույտի մեջ, իսկ գլուխը մի կողմ գլորվեց:
- Էս մեկ, - ասաց Վարպետը։
Նույն ակնթարթին երկրորդ հրեշը նետվեց Վահանի վրա ու գետնին տապալեց նրան: Բժիշկը բնազդաբար փորձեց ձեռքերով պատսպարել դեմքը: Հոգեգեշը փտած ատամները խրեց նրա արմունկի մեջ: Վարպետը մոտ վազեց ու թրի շեշտակի հարվածով գլխատեց հրեշին։
- Էս էլ երկու, - ասաց նա։
Բժիշկն իր վրայից մի կողմ հրեց անգլուխ մարմինն ու ձեռքը դուրս քաշեց անմարմին գլխի անշարժացած ծնոտներից։
- Հիմա ի՞նչ է լինելու, ե՞ս էլ եմ նրանց պես դառնալու, - հարցրեց նա` ցույց տալով արյունոտված արմունկը:
- Այ մարդ չէ, ուղղակի պետք է վերքն ախտահանել ու … հլը մի կողմ։
Վարպետը թուրը նետեց Վահանի ուղղությամբ։ Պտտվող շեղբն անցավ Բժշկի ականջի կողքով ու մխրճվեց նրա ետևում կանգնած խորթլաղի ճիշտ կրծքին։
- Էս էլ երեք, - եզրափակեց Վարպետը։
Շուտով կռվի ձայների վրա հասան երկվորյակներն ու Գանգուռը։
- Թուուու… ուշացա: Ինձ բան չթողեցիք, - բողոքեց Գանգուռը` տեսնելով գլխատված մարմինները։
- Սրանք տարեցտարի ավելի կատաղած ու արագաշարժ են դառնում, - ասաց Վարպետը։
- Չէ, ուղղակի դու ես ծերանում, - խնդաց Գանգուռը։
Աղբաբլուրներից մեկը սկսեց դղրդալ։ Հսկայական օձ հիշեցնող ինչ-որ էակ դուրս սողաց ու գալարվելով սկսեց փաթաթվել բլուրի շուրջը։ Հասնելով գագաթին` նա բազմեց բլուրի վրա ու երևաց իր ողջ զարհուրելի ու անբնական արտաքինով։ Գոտկատեղից վերև այն մարդու էր նման, իսկ ներքևից ձգվում էր օձի երկար պոչը։
- Շահապետ վայրաց, - կիսաձայն ասաց Վարպետը։
Հրեշն իր գիշատիչ աչքերի ուղղահայաց բիբերով զննում էր հրեշորսներին։
- Ո՞վ եք դուք, որ ներխուժում եք իմ կալվածքներն ու վնասսսում իմ ռազմիկներին, - խոսեց նա սարսռացնող անմարդկային ձայնով։
- Քո կալվա՞ծք, էս զիբիլանո՞ցը, - ասաց Գանգուռը։
- Ձեր շշշնորհիվ է հիմա աղբանոց… Կար մի ժամանակ երբ ամեն ինչ ուրիշ էր … Այդ ժամանակները շշշուտով կվերադառնան։ Թունավոր քամիներն ու մեռյալների իմ բանակը կսսսրբեն քաղաքը աշխարհի երեսից։
- Հանգիստ թող մեր քաղաքն ու ննջեցյալներին, շահապետ, ու մենք այլևս քեզ չենք անհանգստացնի, - դիմեց նրան Վարպետը։
- Ձեր քաղաքը… Ես այսսստեղ էի, երբ ձեր քաղաքի հետքն էլ չկար։ Հիշշշում եմ, թե ինչպես այն բլրի վրա հայտնվեց փոքրիկ ամրոցը։ - օձակերպը ձեռքով ցույց տվեց Էրեբունու կողմ, - բնակիչները երկրպագում էին ինձ ու իմ պաշտպանությունն աղերսսսում։ Հիշշշում եմ, թե ինչպես քաղաքը սկսեց աճել ու տարածվել վարակի պես, մինչև որ ներխուժեց իմ կալվածքներ։ Ինչպես իր գարշշշելի արտաթորանքներով պատեց այս բլուրները … Ես ընդամենը քաղաքին եմ վերադարձնում իր արտադրած թույնը։ Եվ սա դեռ միայն սսսկիզբն է։ Իմ բանակն աճում է օր օրի ու շուտով կսկսվի ճակատամարտը։
- Կարծո՞ւմ ես թույլ կտանք, - ասաց Վարպետը։
- Մի քանի մարդուկներ չեն կարող հասսսեցնել ինձ, - ասաց շահապետը։
- Ճիշտ է ասում, շահապետը մեր ուժերի բանը չի, - ասաց Վարպետը: - Լավ կլինի հեռանանք այստեղից։
Մի քանի խորթլաղ դուրս սողացին հողի ու աղբի տակից, այնուհետև ևս մի քանիսը, հետո էլի մի քանիսը։ Նրանց թիվը սրընթաց բազմապատկվում էր։ Մեռյալները բոլոր կողմերից շրջապատեցին հրեշորսներին` սպառնալից կրճտացնելով ատամների մնացորդները։
- Այդքան հեշշշտ չեք ազատվի, - սպառնաց օձակերպը։
Հանկարծակի մթնեց։ Բլուրների վրա սպիտակ մշուշ իջավ։ Մինչ այդ պարզ երկինքը, պատվեց չգիտես որտեղից հայտնված ամպերով։ Երկնքից մի քանի կաթիլ ընկավ։
- Չի կարող պատահել, - շփոթված ասաց շահապետը, - մի՞թե ձեզ ջրի դիցուհին է օգնում։
Խորթլաղների վրայից սկսեցին ծխի թելեր բարձրանալ, կարծես ընկնող կաթիլներն այրում էին նրանց։
Մշուշի միջից դանդաղ քայլելով մոտենում էր Աստղիկը։ Նրա ձեռքերը պարզված էին վեր` դեպի երկինք։ Աչքերը լուսարձակում էին, իսկ գլխավերևում լույսի պսակ էր երևում։
- Բաց թող նրանց, շահապետ, - ասաց նա։
- Ինչո՞ւ ես մարդկանց կողմից, չէ որ դու մեզանից մեկն եսսս, - խոսեց օձակերպը, - չէ որ դու էլ ես մոռացվող հին աշխարհի մի մասսսը։ Դու էլ ես ինձ պեսսս։
Բժիշկը նայում էր այս տեսարանին` չհասկանալով, թե ինչ է կատարվում։
Անձրևը սկսեց ուժգնանալ։ Այրվող խորթլաղները խուճապահար սկսեցին այս ու այն կողմ փախչել։ Ոմանք փորձեցին գետնի տակն անցնել։ Սպիտակ մշուշից քուլաներ էին առանձնանում, պարուրում նրանց ու ծխացող ոսկրակույտերի վերածում։
Մեռյալների բանակն անհետացավ։ Շահապետը միայնակ մնաց։ Նա առաջ նետվեց, պոչով այս ու այն կողմ շպրտեց հրեշորսներին ու սլացավ Աստղիկի վրա։ Խտացած մառախուղից Աստղիկի ձեռքերում նյութականացավ մի սառցե նիզակ, որով նա խոցեց հարձակվող օձակերպին։ Հրեշը գալարվելով ետ սողաց:
- Սսսա դեռ վերջը չէ, - արտաբերեց վիրավոր շահապետն ու աղբակույտերի տակ սուզվելով անհետացավ։
Մշուշը ցրվեց, անձրևը դադարեց նույնքան արագ, որքան սկսվել էր։ Աստղիկն ուժասպառ ընկավ, բայց Վարպետը հասցրեց բռնել նրան։
- Նա նրանցից մե՞կն է, - ապշած հարցրեց Բժիշկը, - այսքան ժամանակ մեզ հետ այլաշխարհիկ էակ է եղե՞լ։
- Նա պարզապես հերթական այլաշխարհիկը չէ, Բժիշկ, - ասաց Վարպետը։
- Նա Աստղիկ դիցուհին է, - հանդիսավոր հայտարարեցին երկվորյակները։
- Հենց ինքը Աստղիկ Դիցուհի՞ն, - Բժիշկը լսածին չէր հավատում։
- Մի չափազանցրեք, - թույլ ձայնով խոսեց Աստղիկը, - Այդ ամենը վաղուց անցյալում է։ Հիմա ուղղակի ծեր կին եմ, որ ուժասպառ է լինում մի փոքրիկ կենարար անձրև արարելու պատճառով։
***
«Նոյնպէս՝ և զոր շահապետ վայրաց կոչեն, ոչ մերթ մարդ երևէր և մերթ աւձ, որով և զաւձապաշտութիւնն հնարեցաւ յաշխարհ մուծանել»։
Եզնիկ Կողբացի
«Եղծ Աղանդոց»
Աբազանց (Աբովենց) Գիքորը (65 թվին) քարից ընկել էր-տեսան՝ կենդանության նշաններ են երևում-կրծքին իլիկ են զարկում, այնպես թաղում։ Դրանից հետո գերեզմանը բարձրացավ-հանեցին (թաքուն) գլուխը կտրեցին-նորից թաղեցին (գլուխը դնում են տակին)։
Զորագեղցի Բոզոայանց Ներսեսի պաշտոնն էր, որ բհիր խփի խորթլամիշերին։ Որովհետև ձեն են տալիս— ամեն մարդ չի դիմանում։
Հովհաննես Թումանյան
«Դեպի անհունը» պոեմի հետ կապված գրառումներից
***
էՊԻԶՈԴ 4
ԵՐԵԽԱՅԱԿԱՆ ՎԱԽԵՐ
Հաջորդ մի քանի ամիսներն առանց պատահարների անցան: Վահանը վերադարձել էր իր աշխատանքային առօրյային: Քաղաքում գարուն էր, որը ոչ միայն բնության զարթոնքի, այլ նաև տարատեսակ հիվանդությունների սրացման շրջան էր, ուստի բուժկենտրոնում աշխատանքի պակաս չկար: Հերթական պացիենտին ճանապարհելուց հետո, Վահանը պատրաստվում էր հաջորդին կանչել, երբ լսվեց հեռախոսի զանգը:
- Բժիշկ, գործ կա, - ասաց խռպոտ ձայնը խոսափողի միջից: Վարպետն էր։ - Այսօր 16:00-ին, Բուսաբանական այգի:
Վահանը երկար նայեց կնոջ ու որդու լուսանկարին, որ դրված էր սեղանին, այնուհետև դուրս եկավ աշխատասենյակից:
***
Նախանշված ժամին Վարպետն արդեն սպասում էր այգու մուտքի մոտ: Գունատ ու հյուծված տեսք ուներ: Նրա մոտ երկու երկարավուն պայուսակ կար, որոնց մեջ սովորաբար թենիսի ռակետներ են պահում: Վարպետն առանց ձգձգելու սկսեց ներկայացնել իրավիճակը.
- Նորքում երեխաների առևանգման դեպքեր են գրանցվել։ Գանգուռը հետաքննություն էր սկսել ու ինչ-որ հրեշի հետքի վրա նստել:
- Ալքի՞, - հարցրեց Բժիշկը:
- Շատ հնարավոր է:
- Իսկ հետո…
- Հետո… Հետո նա անհետացավ։ Վերջին անգամ կապի է դուրս եկել երեք օր առաջ` այգու մոտակայքից։ Հենց այստեղից էլ կսկսենք որոնումները:
- Կարծո՞ւմ ես նա…
- Կարծում եմ արդեն ողջ չի, բայց հույս ունեմ, որ սխալվում եմ։
Վարպետը Վահանին տվեց պայուսակներից մեկը: Ծանրությունից դժվար չէր կռահել, որ ներսում թուր է պահված: Այգու դարպասները փակ էին։ Մյուս կողմում նստած էր պահակը`մի մորուքավոր կուզիկ ծերուկ։ Վարպետը նրան ցույց տվեց տոմսերը:
- Տոմսի QR-ը մոտեցրեք սկաներին, - հուշեց պահակը:
- Ախ հա, հիմա ամեն ինչ էս գրողի տարած քառակուսիներով է աշխատում, - փնթփնթաց Վարպետը:
Դարպասն արձագանքեց չխկոցով ու բացվեց։ Վարպետն ու Բժիշկը ներս մտան:
Առջևում ծառերի ճյուղերով հյուսված կանաչ թունելն էր իսկ հետո ծառուղիների լաբիրինթոսը: Տարվա այս եղանակին այգին հիասքանչ էր: Ամենուր զգացվում էր ծառերի յուրահատուկ բույրը։ Ճյուղերի վրա մեկ երևում, մեկ անհետանում էին արագաշարժ սկյուռիկները: Մեկ անգամ բախտ վիճակվեց տեսնել աղվեսներից մեկին: Այգու այցելուները շատ չէին: Մի կին սիրավեպ էր կարդում կաղնու ստվերի տակ: Երկու զբոսաշրջիկ ուսումնասիրում էին հազվագյուտ ծառերի մոտ տեղադրված ինֆորմացիոն ցուցատախտակները, մեկ ուրիշ զույգ լուսանկարվում էր ֆուտուրիստիկ թռչող ափսե հիշեցնող հսկա ջերմոցի ֆոնին: Դժվար էր պատկերացնել, որ այս գողտրիկ ու խաղաղ վայրում կարող է մարդակեր հրեշ թաքնվել:
Հրեշորսները որոշեցին սպասել մինչև մութն ընկնելը: Ստվերներն աստիճանաբար սկսեցին խտանալ, վերջին այցելուները շտապեցին դեպի ելքը, օդը լցվեց խոտի մեջ թաքնված ծղրիդների երգով: Գիշեր իջավ: Այգին առաջվա պես խաղաղ էր ու ոչ մի արտառոց բան չէր նկատվում:
- Մերոնցից ի՞նչ կա, - հարցրեց Բժիշկը:
- Աստղիկը ուժերն է վերականգնում շահապետի հետ բախումից հետո։ Երկվորյակները գարնանային շվոտահանության ծեսերով են զբաղվում։
Շվոտահանությա՞ն…
- Այդպես էլ չկարդացի՞ր տվածս գրքերը։ Գարնանը շվոտներին պետք է…
Վարպետը կիսատ թողեց խոսքը։ Կտրուկ գունատվեց:
- Ի՞նչ եղավ, լա՞վ ես,- հարցրեց Բժիշկը:
Վարպետի դեմքը ծռմռվեց, նա ձեռքը տարավ կրծքին, հենվեց ծառի բնին ու սկսեց ներքև սահել: Բժիշկը բռնեց նրան, փորձեց խոսել հետը, բայց Վարպետն արդեն չէր լսում, ուշագնաց էր: Արագ ստուգեց շնչառությունն ու սրտի աշխատանքը, պատրաստվեց առաջին բուժօգնություն ցույց տալուն:
Այդ պահին ծառերի արանքում ստվեր անցավ, տերևների խշշոց լսվեց: Սա հաստատ ոչ սկյուռիկ էր, ոչ էլ աղվես։ Բժիշկը լարեց աչքերը, փորձեց ինչ-որ բան տեսնել խավարում, բայց ապարդյուն: Հանկարծ լապտերի լույսը ծակեց մութն ու ընկավ ուղիղ նրա աչքերի մեջ։
- Ստեղ ի՞նչ եք անում, ժամին նայե՞լ եք: Չգիտե՞ք, որ այգին վեցին ա փակվում, - լսվեց ինչ-որ մեկի մունաթը։
- Ըըը … դե բնության գրկում ժամանակն արագ է անցնում, չնկատեցինք ինչպես մութն ընկավ, - փորձեց արդարանալ բժիշկը։ - Հիմա դա կարևոր չէ, ընկերս վատացել է, նրան օգնություն է պետք:
Խոսողը դուրս եկավ ստվերից: Այգու պահակն էր: Նա անշտապ քայլերով մոտեցավ ու կռանալով սկսեց զննել Վարպետին: Կռանալու պահին օձիքի տակից մի բան կախվեց: Վզնոց էր՝ տարատեսակ ատամներից հյուսված:
Պահակը նկատեց Վահանի հայացքը: Անվերջություն թվացող մի քանի ակնթարթ նրանք իրար էին նայում: Բժիշկը հասցրեց սուրը կիսով չափ դուրս քաշել պայուսակից, երբ անսպասելի ուժեղ հարված ստացավ դեմքին ու ետ շպրտվեց։ Հարվածից ականջների մեջ զնգում էր, աչքերի առաջ ամեն ինչ լողում:
Ծերուկը չորեքթաթ իջավ: Նրա կուզը հետզհետե ուռչում էր, կարծես ինչ-որ բան փորձում էր դուրս գալ մեջքից։ Վերջապես շապիկը չդիմացավ ճնշմանն ու գործվածքը ճռռալով պատռվեց` ազատություն տալով մեջքից դուրս եկող լպրծուն պարկանման զանգվածին։ Այժմ նա ինչ-որ դժոխային մարդախխունջի էր նմանվել: Հսկա սապատի վրա շնաձկան երախ հիշեցնող ճեղք բացվեց, որը սպառնալից փակվում ու բացվում էր։ Հրեշը կանգնեց ոտքերի վրա և կիսակռացած վազեց բժշկի ուղղությամբ։
Բժիշկը հասցրեց մի կողմ գլորվել ու անճոռնի հրեշն ամբողջ թափով ծառին բախվեց։ Նա մի քանի թանկարժեք վայրկյան շահեց: Հայացքով հասցրեց գտնել թուրը, որն ընկած էր խոտերի մեջ՝ մի քանի մետր այն կողմ։ Ցատկեց դեպի զենքը, բռնեց կոթից ու սայրն առաջ պարզելով արագ ետ շրջվեց։ Հրեշն արդեն ցատկել էր բժշկի վրա ու չհասցրեց կանգ առնել։ Բժիշկը զգաց ինչպես է մետաղը մսի մեջ խրվում: Խոցված հրեշի ոռնոցը տարածվեց անտառով մեկ: Նա ընկավ ու սկսեց գալարվել: Վահանը ոտքի կանգնեց ու իրար ետևից սկսեց թրով հարվածներ հասցնել, մինչև որ հրեշն անշարժացավ։ Այդ պահին նա հազիվ էր զսպում սրտխառնոցը։
Թողնելով անշունչ հրեշին` Վահանը վազեց Վարպետի մոտ։ Նա արդեն ուշքի էր եկել ու ծանր շնչելով ոտքի էր կանգնում։
- Վախտ գտա անջատվելու, - ասաց նա` ծանր շնչելով։ - Տեսնում եմ` առանց իմ օգնության էլ կարողացար սրա հախից գալ: Օրորոցագող էր փաստորեն, նույն ինքը՝ «Մեշոկ պապի»
- Մեշոկ պապի՞… որով տատիներն էին մեզ վախեցնո՞ւմ երեխա ժամանակ, - զարմացավ Բժիշկը։
- Հա, հենց ինքը։ Տեսնո՞ւմ ես մեջքին ինչ է։ Սա հենց նրա «մեշոկն» է, որով զոհին կուլ է տալիս ու դանդաղ մարսում։
- Նրա մոտ սա գտա, - ասաց Բժիշկը՝ ցույց տալով Գանգուռի վզնոցը։
Պարզ է, - հոգոց հանեց Վարպետը։ - Ասում էի՝ պետք չի մենակով գնալ որսի, չլսեց, շատ ինքնավստահն էր:
Երկուսով մի քանի րոպե լռեցին։
- Կասե՞ս, թե քեզ ինչ պատահեց, - հարցրեց բժիշկը։
- Հեչ, հոգնածությունից էր: Համ էլ արդեն մի քիչ ծեր եմ այս գործի համար:
- Մոռացե՞լ ես, որ բժիշկ եմ: Այդքան հեշտ չես խաբի:
Վարպետը չուզենալով հանեց վերնաշապիկը: Նրա ուսին սևացող մեծ վերք էր։ Վերքի կողքին, մաշկի տակ մեծ ասեղ էր խրված:
- Ալքը, որին փնտրում ես… Ես էլ նրա հետ հին հաշիվներ ունեմ։ Այն նույն գիշերը, երբ… դարանակալեցի նրան։ Այս վերքը նրա թողած նվերն է։ Ալքի ժանիքները թունավոր են: Աստղիկի թուրմերն ու երկաթե ասեղը կանգնեցնում են պրոցեսը, բայց վերջերս արդեն դա էլ չի օգնում։
Հաջորդ առավոտյան ոստիկանությունը հայտնեց, որ անանուն զանգի շնորհիվ Բուսաբանական այգու պահակի տնակում անհայտ նյութից պարկի մեջ փաթաթված երկու երեխա են գտել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պահակի որոնումները դեռևս անարդյունք են։
***
«Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն։
Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող»:
Հովհաննես Թումանյան
«Օրորոցագող»
***
ԷՊԻԶՈԴ 5
ԴԱՎԱՃԱՆ ՈՒ ԴԱՇՆԱԿԻՑ
Երևանյան անողոք ամառներից էր: Փողոց դուրս գալուն պես տաք օդը խանձում էր դեմքդ։ Քայլելիս կրունկներդ խրվում էին փափկած ասֆալտի մեջ։ Պուլպուլակների մոտ հերթեր էին գոյանում մի կում ջրի համար: Իր այրող, փոշով ծանրացած շնչով Երևանը կարծես ինքը մի մարդակեր հրեշ լիներ, որ կոկորդդ բռնում էր ու չէր թողնում շունչ քաշես։
Չնայած դժոխային եղանակին՝ «Վերնիսաժը» մարդաշատ էր: Առևտրականները սեղաններին էին փռել իրենց բազմազան գանձերն ու անցնող զբոսաշրջիկների մեջ հերթական զոհին էին փնտրում: Չկար մի բան, որ երևանցիներն ու քաղաքի հյուրերը չկարողանային գտնել Վերնիսաժում: Այստեղ խաչերի ու սրբապատկերների կողքին կարելի էր տեսնել քրեական խորհրդանիշերով թզբեխներ, թուրքական կտորից կարված հայկական ավանդական գլխարկներ ու պայուսակներ, Արարատի պատկերով հուշանվերներ՝ արտադրված Չինաստանում ու էլի տարբեր բաներ:
Տաղավարներից մեկում մի աղմկոտ վաճառական իր ձեռագործ ապարանջաններն էր գովերգում։ Նա կարճահասակ ու երկարամորուս էր, արևային սև ակնոց էր կրում։
- Ի՞նչ արժե սա, - հարցրեց Ձախը՝ ցույց տալով թևնոցներից մեկը, որ մեծ արնագույն բյուրեղաքարով էր զարդարված։
- Ընդամենը 5000 դրամ, ձեռքի աշխատանք է, շատ կսա… - սկսեց վաճառականը, բայց խոսքը կիսատ թողեց, երբ ճանաչեց իր առաջ կանգնած գնորդին:
- Բա հին ծանոթների համար զեղչ չկա՞, եղբայր դրուժ, - հարցրեց Ձախը ժպտալով:
Զարդավաճառը ապարանջանների խուրձը շպրտեց նրա դեմքին ու փորձեց ճողոպրել, բայց մյուս եղբայրն արդեն փակել էր նահանջի ճանապարհը: Կարճլիկն իրեն չկորցրեց ու ճարպկորեն շարունակեց փախչել վաճառասեղանների վրայով` սեղանից սեղան ցատկելով, շուռ տալով կավե սափորներն ու փայտե արձանիկները: Աղմուկ-աղաղակ բարձրացավ, նրա հետևից երեքհարկանի հայհոյանքներ ուղարկվեցին: Եվս մի քանի վայրկյան ու նա կանհետանար ամբոխի մեջ, բայց Բժշկի բռունցքը ճիշտ ժամանակին հանդիպեց նրա դեմքին ու կարճլիկը մեջքի վրա փռվեց ասֆալտին: Կոտրված արևային ակնոցը մի կողմ թռավ՝ ի ցույց դնելով ուղղահայաց բիբերով դեղին աչքերը:
- Ինչ-որ տեղ էիր շտապո՞ւմ, - ասաց Բժիշկը՝ նրա վրա կռանալով:
***
Մեկ ժամ անց հրեշորսներն իրենց գերու հետ քաղաքի արվարձաններից մեկում էին: Թաղամասն ամբողջությամբ բաղկացած էր խորհրդային անդեմ շենքերից, որոնք բազմազան ապօրինի կցակառույցների շնորհիվ անհատականություն էին ձեռք բերել ու սկսել տարբերվել միմյանցից: Այստեղ էին գտնվում նաև քաղաքի արդյունաբերական անցյալի մասին հիշեցնող մի քանի լքված գործարան, որոնք տարածքին պոստապոկալիպտիկ դիստոպիայի տեսք էին տալիս։ Լքված գործարաններից մեկի նկուղը հրեշորսները այլաշխարհիկ էակների համար նախատեսված զնդանի էին վերածել։ Այստեղ բանտարկվում էին այն արարածները, որոնց հրեշորսները չէին ցանկանում սպանել, բայց չափազանց վտանգավոր էին համարում ազատ թողնելու համար:
Այժմ վանդակախցերի մեծ մասը դատարկ էր: Վերջին վանդակում ինչ-որ մեկը քնած էր վերմակի տակ: Մի անկյունում արդեն ծանոթ թեպղն էր, որին այդպես էլ թողել էին շշի մեջ փակված: Երկվորյակները դրուժին քարշ տալով հրեցին նախավերջին վանդակի մեջ ու կողպեցին դուռը:
- Դուք ոչ մի իրավունք չունեք ինձ այստեղ փակելու, - հեծկլտաց դեղնաչքը:
- Գոհ եղիր, որ վանդակն ենք գցում, - ասաց Ձախը:
- Ոչ թե էն աշխարհ ուղարկում - շարունակեց Աջը:
- Այստեղ կմնաս, մինչև որ մի լավ մտածես արարքներիդ համար։ Նախորդ անգամ քեզ զգուշացրել էինք, չէ՞, որ արգելված մոգական իրերի վաճառք չենք հանդուրժելու, - ասաց Բժիշկը:
- Ես ոչինչ չեմ արել, ազնիվ առևտրական եմ, - արդարացավ բանտարկյալը:
- Ազնիվ դրուժ… չէ մի չէ՝ տաք սառույց, - ծիծաղեցին եղբայրները։
- Հլը, պատմի’ր, թե ինչո՞ւ էիր մարդկանց զոմբիացնող զարդեր վաճառում, - ասաց Բժիշկը՝ հմուտ քննիչի տոնայնությամբ:
- Ազնիվ խոսք, չեմ հասկանում ինչ եք ասում:
Եղբայրներից մեկը գրպանից հանեց ու ցուցադրեց ապարանջաններով տոպրակը: Բոլորի վրա մեծ կարմիր բյուրեղներ էին շողշողում:
- Այս փայլփլուն բյուրեղիկները ոչ այլ ինչ են, քան շիդարաքարեր, - ասաց Աջը:
- Սրանք կրողները զրկվում են կամքից ու դառնում քարերի տիրոջ հնազանդ ստրուկները, - խոսեց Ձախը:
- Առաջին անգամ եմ լսում դրա մասին, - ասաց դրուժը, - Դրանք իմը չեն, ես ընդամենը վերավաճառող եմ: Եթե իմանայի, ոչ մի դեպքում…
- Ի՞նչ աղմուկ է, - հարևան վանդակից լսվեց ինչ-որ մեկի երգեցիկ ձայնը: Վերմակի տակից հորանջելով դուրս սողաց մի երիտասարդ կին: Ազնվական դիմագծեր ու մեծ արտահայտիչ աչքեր ուներ, հագին հնաոճ երկար զգեստ էր, գլուխը նախշազարդ գլխաշորով էր ծածկված: - Քիչ է՝ կնոջը փակել եք այս ժանգոտ վանդակում, մի բան էլ աղմկում եք ու նրա քունը խանգարում: Ինչպիսի բարբարոսություն։
- Դու կին չես, հրեշ ես, - ասաց Աջը:
- Ե՞ս եմ հրեշը, - պատասխանեց կինը: - Այդ ձեր ձեռքերն են մինչև արմունկներն արյան մեջ:
Կնոջ հայացքը կանգ առավ Վահանի վրա:
- Քեզ նախկինում չեմ տեսել, - ասաց նա: - Նոր մարդու եք ներքաշե՞լ ձեր կեղտոտ գործի մեջ: Գուցե՞ ծանոթանանք: Ես Լիգեան եմ, կուզե՞ս քեզ համար երգեմ:
- Չփորձես, - բացականչեց եղբայրներից մեկն ու քաշեց նրա գույնզգույն գլխաշորից: Կնոջ գլխին վարսերի փոխարեն ձյութի պես սև փետուրներ էին:
- Ինչպիսի անպատկառություն, - բացականչեց կինը՝ շտապելով նորից թաքցնել գլուխը:
- Մեր թռչնակը հուշկապարիկ է, Բժիշկ, - ասաց Ձախը: - Իր երգով կարողանում է հիպնոսացնել մարդկանց: Մի քիչ լսում ես, հետո ուշքի գալիս ինչ-որ չոլում` առանց հագուստի ու դրամապանակի։
- Մի՛ ստիպիր, որ ապահովության համար նորից կապենք բերանդ, - սպառնաց Աջը։
- Դու նման չես այս անտաշ բարբարոսներին, - շարունակեց խոսել հուշկապարիկը՝ դիմելով Վահանին: Ինչո՞ւ որոշեցիր այլասպան դառնալ: Ընկերներդ քեզ բժիշկ են կոչում, քո գործը պետք է կյանքեր փրկելը լիներ, ոչ թե՝ խլելը։
- Պարզվեց` գաստրիտից ու բրոնխիտից ավելի մեծ չարիք կա քաղաքում, - ասաց Բժիշկը:
- Չարի՞ք … կարծում ես այլածինները չարի՞ք են, միայն նրա համար, որ ծնվել են ինչպիսին որ կան: Բոլոր էակներն էլ ուրիշի կյանքեր խլելով են գոյատևում, դուք էլ բացառություն չեք: Մենք գոնե չենք ձևացնում, որ ավելի լավն ենք, քան կանք իրականում։ Մեզանից շատերն իշխել են հին աշխարհում, իսկ հիմա, երբ մարդիկ աշխարհն իրենցն են դարձրել, ստիպված ենք մի կերպ գոյություն քարշ տալ՝ անընդհատ վախենալով ու թաքնվելով: Ձեր ջանքերով շուտով ի սպառ կվերանանք ու ոչինչ չի մնա, բացի կիսամոռացված լեգենդներից:
- Սրա ծակ փիլիսոփայությունները բանի տեղ մի դիր, - ասաց եղբայրներից մեկն ու բացեց ճռճռան կպչուն ժապավենը։ - Բեր բերանը կպցնեմ՝ գլուխներս չտանի:
Բժիշկը ձեռքով կանգնեցրեց նրան:
- Եվ ուրեմն, ինչո՞ւ որոշեցիր այլասպան դառնալ, - շարունակում էր հուշկապարիկը: - Սպասիր գուշակեմ, վրե՞ժ ես լուծում, մերոնցից մեկը հարազատիդ է տարե՞լ։ Ո՞վ էր, համբարո՞ւ, շահապե՞տ…
- Ալք, - ասաց Վահանը:
- Ա՞լք,- զարմացավ Լիգեան: - Ալքեր շատ չեն մնացել, բոլորին հասցրել եք սպանել: Երևանում միայն մեկը կա:
- Դու գիտե՞ս նրան, - հարցրեց բժիշկը՝ մոտենալով Լիգեայի վանդակին:
Չէի ասի, որ մոտ ընկերուհիներ ենք: Իրականում ուրախ կլինեի նրան մեռած տեսնել: Արի գործարք կնքենք: Բաց թող ինձ ու ես կասեմ, թե որտեղ գտնել նրան: Ալքը հազվադեպ է դուրս գալիս բնից, բայց, ինչպես գիտեք, շուտով Նավասարդ է:
- Գժվե՞լ ես, - բացականչեց դրուժը կողքի վանդակից, - նրանց ոչ մի բան չասես:
- Նավասարդի օրը Երևանի այլաշխարհիկ էակների մեծ հավաք է լինելու, ալքն անպայման այնտեղ կլինի, - շարունակեց Լիգեան՝ ուշադրություն չդարձնելով դրուժի աղաղակներին:
- Դավաճանի մեկը, կարծում ես կմարսե՞ս, գիտես մեզ ինչ կա… ուուոււ … - Ձախը կպչուն ժապավենով փակեց դրուժի բերանը:
- Ես նույնպես հրավիրված եմ, - շարունակում էր Լիգեան: - Խնդրել են, որ մի քանի երգ կատարեմ: Դե գիտեք, ոչ բոլորն են սարսափում իմ տաղանդից, ոմանք կարողանում են այն գնահատել ըստ արժանվույն։
- Կարճ կապի՛ր, - ընդհատեց եղբայրներից մեկը:
- Որտե՞ղ է լինելու հավաքը, - հարցրեց մյուսը:
- Ահա՜, փաստորեն հետաքրքրվեցիք, - հուշկապարիկը ժպտաց: - Ուրեմն ինչո՞ւ եմ դեռ վանդակում:
- Ինչո՞ւ ես ուզում մեզ օգնել, - հարցրեց Բժիշկը:
- Պատճառները շատ են, նախ դու ինձ դուր ես գալիս, հետո ես իմ հին հաշիվներն ունեմ ալքի հետ։ Նա սպառնալիք է, ոչ միայն մարդկանց, այլ նաև մեզ՝ այլաշխարհիկների համար։ Բացի այդ, ես անվճար չեմ օգնում։ Փոխարենը ինձ բաց կթողնեք ու ապագայում աչք կփակեք իմ փոքրիկ չարաճճիությունների վրա։
***
- Հո դուք խելառ չեք - ասաց Վարպետը՝ լսելով նորությունները:
- Սա ալքին վերացնելու մեր միակ հնարավորությունը կարող է լինել, - ասաց Բժիշկը: - Դու շատ լավ գիտես, թե որքան եմ սպասել դրան:
- Թույլ մի տուր, որ վրեժի ծարավը կուրացնի քեզ, - ասաց Վարպետը: - Վստա՞հ ես, որ ուզում ես հրեշների որջը մտնել:
Վարպետը դիմեց հուշկապարիկին.
- Քեզ վստահելու ոչ մի պատճառ չունենք։ Դու գիտես, թե ով է մեզ օգնում։ Եթե փորձես խաբել կամ ծուղակը գցել, նա կգտնի քեզ ու այդ ժամանակ պատիժդ հաստատ ավելին կլինի, քան վանդակում նստելը։
Հուշկապարիկը գլխով արեց:
- Դիցուհու հետ թշնամանալը շատ անմիտ կլիներ իմ կողմից, - ասաց նա՝ մի փոքր վախվորած:
- Ո՞նց ենք պատրաստվում միանալ հրեշների խրախճանքին, - հարցրեց Վարպետը: - Մենք նհանգի ու խիպիլիկի հեչ էլ նման չենք, իսկ մարդիկ կարող են այդտեղ հայտնվել միայն ուտեստի կարգավիճակով:
- Հենց այդ կարգավիճակով էլ ներս կմտնեք, - պատասխանեց Լիգեան։
Հրեշորսները զարմացած հայացքներով փոխանակվեցին։ Լիգեան ժպտաց ու ասաց.
- Այդպես էլ գլխի չընկա՞ք, թե մեր ընկերն ինչի համար էր շիդարաքարեր բաժանում:
***
«Պարսից կամ մոգերի կրոնում հիշատակվում են դրուխսը և տերուճը։ Մեր լեզվում դրուժ֊ը և դրուժան֊ը հասարակ բառեր են, բայց սրանք կարգվել են դևերի դասում։ Հին բառգիրքը դրուժ֊ը մեկնաբանում է «Դեւ Վնասին»․ մեկ այլ գրվածքի մեջ էլ ասված է․ «Ո՜վ Չարադեւ Դրուժան այր, թշնամի արդարութեան»։
«Փիլոնի գրվածքների մեկնիչը պարիկների (Syrenes) երգը այսպես է բացատրում․ «Յուշկապարիկն է, որ մինչեւ ի պորտն կնոջ պատկեր է, և անհնարին քաղցր ձայն ունի, և պարտրէ զլսողսն»։ Մեկ ուրիշը գրում է․ «Յուշկապարիկ՝ Համբարու է․ կէս անձինն կնոջ է և կէսն թռչնոց, և յոյժ քաղցրաձայն է, և ի ծովու բնակէ․ ոմանք ասեն՝ հաւ է քաղցրաձայն անապատասէր, կամ դեւ մարդատեսիլ․ ոմանք Յուշկապար, պորտի վերն մարդոյ է, անդի վայրն՝ իշոյ»։ Եպիփանոս բարոյախոսն էլ ասում է․ «Վասն Յուշկապարկաց, թե մահաբերք են, և ի ծովու են, և երգեն երգս քաղցրաձայնս»։
Ղևոնդ Ալիշան
«Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց»
***
ԷՊԻԶՈԴ 6
ԱԼՔ
Կոնդի թունելը կարծես մեկ այլ աշխարհ տանող կախարդական պորտալ լիներ: Սկզբում դու աղմկոտ քաղաքի կենտրոնում ես, հետո անցնում ես խայտաբղետ գրաֆիտիներով պատված երկար ու կիսամութ քարանձավով և հայտնվում ես անտառապատ ձորում։ Ցավոք, կախարդանքն աղճատվել էր: Քաղաքի մի մասը ներթափանցել էր թունելից այս կողմ՝ ռեստորանների ու սրճարանների տեսքով։
Թունելից ոչ հեռու մանկական երկաթուղին էր, որը լքված դեկորացիա էր հիշեցնում: Աստիճանների բետոնը կիսով չափ քայքայված էր, մետաղական մասերը դուրս ցցված։ Փայտե հատակը ճռճռում էր ու թվում էր, թե ուր որ է կկոտրվի։ Անկյունում ինչ-որ կեղտոտ դույլեր էին շպրտած։ Պատերին տեղ-տեղ գրաֆիտիներ էին խզբզած։
Երբ Լիգեան ու հրեշորսներն այստեղ հասան, կայարանի դիմաց մարդիկ էին հավաքված։ Նրանք անշարժ էին, կիսաքնած տեսք ունեին, սառած հայացքներով գետնին էին նայում։ Բոլորի ձեռքերին շիդարաքարով թևնոցներ էին։ Նրանց հետ խառնվելու համար հրեշորսները նույնպես թևնոցներ էին կրում, բայց սովորական ապակիներով։
- Գրողը տանի, - բացականչեց Բժիշկը` ձեռքը մարդկանցից մեկի դեմքի առաջ թափահարելով։ - Իրոք որ, լրիվ անջատված են։
- Այստեղից ո՞ւր պիտի գնանք, - հարցրեց Վարպետը հուշկապարիկին։
- Միգուցե 9 ¾ պլատֆորմը փնտրենք ու գլխով պատի մեջ մտնենք, - ասաց Վահանը։ Բոլորը տարակուսած նրան նայեցին։ Երևում է ոչ ոք չհասկացավ հղումը։
- Մարդիկ այնքան անհամբեր են, - ասաց հուշկապարիկը: - Շուտով կտեսնեք։
Հեռվում մի գնացք երևաց։
- Ահա և ժամանեց մեր փոխադրամիջոցը, - ասաց Լիգեան։
Գնացքը դանդաղ մոտեցավ ու կանգնեց կայարանի դիմաց։ Մեքենավարն արտաքինից մարդ էր թվում, բայց դժվար էր ասել, թե իրականում ով է: Զոմբիացածները լուռ ներս մտան ու տեղավորվեցին վագոնի նստարաններին։ Հուշկապարիկը նշան արեց ու հրեշորսները, նրանց շարժումները կրկնօրինակելով, ներս մտան։ Բոլորով մի կերպ տեղավորվեցին փոքրիկ վագոնում ու գնացքն առաջ շարժվեց։ Ճանապարհի կեսից գնացքը հանկարծակի թեքվեց չգիտես որտեղից հայտնված ռելսերի ճյուղավորումով ու մտավ ժայռի մեջ փորված նեղ թունել։ Մի քանի րոպե նրանք կատարյալ խավարի մեջ էին, հետո դուրս եկան հնաոճ լապտերներով լուսավորված մի գետնափոր սրահ, որտեղ էլ գնացքը կանգ առավ։
Այծի ոտքերով ու կոտոշներով մի արարած դիմավորեց ժամանողներին։ Նա հնաոճ կոստյում ու փողկապ էր կրում։ Ձեռքին թղթեր էին։
- Ձեր անունն ու ցեղը, - դիմեց նա Լիգեային։
- Լիգեա , թռչնակերպ հուշկապարիկ, - պատասխանեց նա։
Այծամարդը քիթը խոթեց թղթերի մեջ։
- Ահա, տեսնում եմ, կարող եք ներս անցնել, բարի ժամանց, - սիրալիր ասաց նա, հետո շրջվեց մարդկանց կողմ, - Իսկ դուք գնացե՛ք խոհանոց: Խոհարարը ձեզ է սպասում։
«Զոմբիները» հնազանդ առաջ քայլեցին, հրեշորսները հետևեցին նրանց։
Խոհարարը մի ցմփոր անճոռնի կիկլոպ էր։ Նա բազմել էր յուղի ու արյան մեջ կորած սեղանի առաջ ու իրար քսելով երկու մեծ դանակ էր սրում։ Մռութի կենտրոնում տեղադրված խոշոր աչքը թեքվեց ներս մտնողների կողմ։
- Էս անգամվանները ինչ նիհար են, կարգին միս չկա վրեքները, - փնթփնթաց նա։ - Դու, պառկի՛ր ստեղ։
Վարպետը հնազանդ առաջ եկավ ու պառկեց սեղանին։ Կիկլոպը բարձրացրեց մսագործի ծանր կացինն ու պատրաստվեց երկու կես անել նրան։ Վերջին պահին Վարպետը կողքի գլորվեց ու կացինը խրվեց սեղանի մեջ։ Մինչ խոհարարը կհասկանար, թե ինչ է կատարվում, Աջն ու Ձախը կաշվե գոտի գցեցին նրա պարանոցին ու երկու կողմերից սկսեցին ձգել։ Հրեշը փորձեց օգնության կանչել, բայց նրա կոկորդից միայն խռխռոց լսվեց։ Վահանը կեղտոտ լաթ խրեց նրա բերանի մեջ։ Կիկլոպն ուժեղ էր, բայց չորս մարդու միաժամանակ հաղթել չկարողացավ։ Վայրկյաններ անց գործն ավարտված էր։
«Զոմբիներն» ամբողջ ընթացքում լուռ ու անհաղորդ կանգնած էին մի անկյունում։
- Գուցե՞ ուշքի բերենք նրանց, - առաջարկեց Վահանը։
- Դեռ չէ, խուճապի մեջ կնկնեն ու կմատնեն մեզ, - ասաց Վարպետը։
Խոհանոցը հանդիսության սրահից բաժանվում էր մի վարագույրով։ Մյուս կողմից խառը ձայներ էին լսվում։ Հրեշորսները վարագույրի արանքից զգուշորեն ներս նայեցին։ Այն ինչ տեսան, հիշեցնում էր Իերոնիմ Բոսխի կտավներից մեկը։ Դժոխային խնջույքն արդեն թափ էր հավաքել: Սրահը լցված էր մարդանման ու ոչ այնքան մարդանման տասնյակ արարածներով։ Որոշներին Վահանը կարողացավ նույնականացնել, ուրիշներին` ոչ։ Մի տեղ սեղանի շուրջ նստած հռհռում էին չորս գորտանման խդոդուշներ։ Մի ուրիշ սեղանի մոտ կոտոշավոր մողես հիշեցնող արարածներ ճպճպացնելով հում մսի կտորներ էին ծամում: Քիչ հեռու, ստվերում միայնակ նստած մի գիշերամայր մեծ գավաթից գորշ հեղուկ խմելով՝ խեթ հայացքներ էր նետում այս ու այն կողմ: Սկուտեղները ձեռքներին մի սեղանից մյուսն էին վազվզում կարճահասակ աճուճ-պաճուճները։ Սրահի հատակին իրար հետ կռվում էին շվոտն ու տանդովլաթը՝ միմյանց ականջներից ու պոչերից քաշելով։
Ալքը ոչ մի տեղ չէր երևում…
- Վայ քու… Տես` ով է նստած էն մեջտեղի սեղանի գլխին, - ասաց Ձախը։
- Ո՞վ է… Վայ քու … Ասում էի չէ՞, պետք չի դրա օգտին քվեարկել, - ասաց Աջը։
- Շշշշ… սո՛ւս մնացեք, - սաստեց Վարպետը։
Բեմահարթակ դուրս եկավ մի այծամարդ։ Կարծես այն նույնն էր, որ դիմավորեց գնացքը, կամ էլ նրան շատ նման մեկն էր։
- Այժմ մեծապատիվ հյուրերի համար ելույթ կունենա հյուսիսից ժամանած սիրված երգչուհի Էլվիրա Զլատովան։
- Ես գիտեի սա վաղուց մեռել ա, - տարակուսած ասաց Աջը։
- Այդպես էլ կա, աչքիս նեկրոմանտիայի հետ գործ ունենք, - ենթադրեց Ձախը։
Երգչուհին բարձրացավ բեմ։ Նրա անբնականորեն գունատ մաշկն ու սառած աչքերը հուշում էին, որ իրոք դագաղից է դուրս եկել։ Նա սկսեց մի դանդաղ հուզիչ երգ երգել։
- Կենդանի ժամանակ էսքան լավ չէր կարողանում երգել, - նկատեց Աջը։
- Համերգ լսելու համար չենք եկել, - ասաց Վարպետը: - Մեր ընկերուհին պետք է որ հաջորդը ելույթ ունենա։ Պատրաստվե՛ք։
Հանկարծ սրահում լռություն տիրեց: Բոլոր էակների հայացքներն ուղղվեցին դեպի սրահի մուտքը, որտեղից բարձրահասակ, երկար սև մազերով մի կին ներս մտավ: Լռության մեջ լսվում էր միայն նրա բարձրակրունկների կտկտոցը: Նույնիսկ վարագույրի հետևում թաքնված հրեշորսները զգացին օդում կախված լարվածությունը։ Կինը ինքնավստահ քայլերով մոտեցավ սեղաններից մեկին ու զբաղեցրեց իր տեղը: Սեղանի մոտ նստած այլ արարածները շտապեցին ավելի հեռու տեղափոխվել:
- Նա է, - ասաց Վահանը` պատրաստվելով սրահ ներխուժել։
- Սպասի՛ր, դեռ ժամանակը չէ։ - Վարպետը մի կերպ հետ պահեց նրան, - Ուզո՞ւմ ես մենակով կռվել մի ամբողջ դահլիճ հրեշների դեմ։ Մոռացե՞լ ես ծրագիրը։
- Մեր թռչնակն իր երգով թմրեցնում է բոլորին, - հիշեցրեց եղբայրներից մեկը։
- Հետո մենք մտնում ենք, ալքի վերջը տալիս ու ծլկում, քանի դեռ ոչ մեկ ուշքի չի եկել, - շարունակեց մյուսը։
Հրեշորսները զինվել էին ձեռքի տակ եղածով։ Թրերը ներս անցկացնել չէր հաջողվել, ուստի դրանք փոխարինվեցին մսագործ կիկլոպի ահռելի դանակներով ու կացիններով: Վարպետը ձողին մի դանակ հարմարեցնելով ինքնաշեն նիզակ ստացավ:
- Միսը ե՞րբ կլինի, Արգո, - ասաց ինչ-որ մեկն ու վարագույրից ներս մտավ։ Արդեն ծանոթ այծամարդն էր։
Նա մի քանի վայրկյան քարացած նայում էր մեկ գետնին փռված կիկլոպին, մեկ մինչև ատամները զինված մարդկանց ու նրա աչքերը գնալով ավելի ու ավելի էին կլորանում։
Նա շրջվեց ու «այլասպաններն այստեղ են» բղավելով վազեց դեպի սրահ։ Վարպետը կացինը նետեց նրա ուղղությամբ։ Այծամարդը բղավելով ներս ընկավ սրահ ու փռվեց գետնին` կացինը մեջքից ցցված։
Սրահում քաոս սկսվեց։ Այլաշխարհիկները սկսեցին աջ ու ձախ վազել։ Սեղանները շրջվեցին, գավաթներ շուռ եկան։ Մի մասը իրար հրելով փորձում էին փախչել դեպի ելքը, ուրիշները մարտական կեցվածք ընդունելով կռվի էին պատրաստվում։ Թոհուբոհի պահին ինչ-որ մեկը շուռ տվեց մոմակալը։ Կրակի բոցերը սկսեցին տարածվել պատերից կախված գորգերի վրայով։
Վարպետը նիզակը խրեց իրենց վրա վազող մի գայլամարդու կուրծքը։ Երկվորյակները մահակներով մի շիդարի վերջ տվեցին։
Վահանը կացինն ու դանակը ամուր բռնած առաջ էր շարժվում։ Նրան միայն մի բան էր հուզում` գտնել ալքին։ Խանձված մազերով մի արարած ճչալով վազեց նրա կողքով։ Թեփուկներով պատված ինչ-որ մեկը կտրեց նրա ճանապարհը։ Վահանը կացնով հարվածեց ու մի կողմ գցեց նրան։ Մեկ ուրիշը նրան տեսնելով շտապեց այլ կողմ փախչել։
Հրդեհն արդեն տարածվել էր մինչև առաստաղ: Ստորգետնյա սրահը ծխով էր լցվում:
Կրակի, ծխի ու աղմուկի քաոսից անվրդով քայլերով առաջ եկավ սևահեր կինը: Կրակն արտացոլվում էր նրա անհուն աչքերում: Նա կանգնեց հրեշորսների առաջ։ Մկաններն ալիքվեցին նրա մաշկի տակ, հագուստը պատառոտվեց, մարմինը սև մորթիով պատվեց: Մատները երկարեցին ու դաշույնների պես երկար մագիլներ դուրս թողեցին։ Առաջ եկած ծնոտից զույգ ժանիքներ երկարեցին։ Ալքը հայտնվեց հրեշորսների առաջ իր ողջ ահարկու հմայքով:
- Հիշո՞ւմ ես ինձ, - բղավեց Բժիշկը։
- Կողքերից շրջանցեք, - կարգադրեց Վարպետը:
Հրեշորսները շրջապատեցին հրեշին: Առաջին հարվածը հասցրեց Վարպետը: Նրա ինքնաշեն նիզակը խրվեց ալքի ուսի մեջ ու կոտրվեց: Այնուհետև գրոհեցին երկվորյակները: Նրանց շարժումներն արագ ու հղկված էին, բայց ալքն ավելի ճարպիկ գտնվեց: Ձախը հասցրեց խուսանավել նրա մագիլներից, իսկ Աջը մի փոքր ուշացավ: Հրեշի թաթը պատռեց նրա կուրծքը, արյունը դուրս ցայտեց: Ձախը հեռու քաշեց վիրավոր եղբորը: Ալքը դուրս քաշեց ուսի մեջ խրված սայրը: Սև արյունը սկսեց հոսել նրա մորթու վրայով: Վահանը կացինն ամբողջ ուժով իջեցրեց հրեշի գլխին, բայց ալքը թաթով բռնեց այն ու հեշտությամբ կոտրեց կոթը։ Վահանը մի հարվածով հետ շպրտվեց հատակին։ Ալքը մագիլները պարզած նրան էր մոտենում։ Վարպետը կանգնեց նրանց միջև։ Պատռեց ու դեն նետեց շապիկը: Այնուհետև ուսից դուրս քաշեց ասեղը: Նրա դեմքը ծռվեց անասելի ցավից: Ուսի սևացող վերքի շուրջ սև մորթի հայտնվեց, որ սկսեց տարածվել ողջ մարմնով: Վարպետը ծնկների վրա ընկավ, նրա կոկորդից պոկվեց կիսով չափ մարդկային ճիչ, կիսով չափ գազանի ոռնոց: Երբ վերջապես ոտքի կանգնեց, կերպարանափոխությունը լիովին ավարտված էր:
Երկու ալքերն իրար վրա նետվեցին: Մագիլներով ու ժանիքներով սկսեցին պատառոտել իրար: Թվում էր` ամբողջ դահլիճը դղրդում է նրանց հարվածներից։ Վերջապես կատաղի պայքարն ավարտվեց։ Ալքերից մեկը դուրս սողաց ախոյանի անշնչացած մարմնի տակից ու կաղալով սկսեց մոտենալ Վահանին: Նրա մորթին ու ճանկերը հետ քաշվեցին, աստիճանաբար մարդկային արտաքինին վերադարձավ: Վարպետն էր:
- Ամեն ինչ վերջացա՞ծ է, - հարցրեց Վահանը:
- Դեռ ոչ, մի հրեշ էլ կա, որին պետք է սպանես, - պատասխանեց Վարպետը` ծանր շնչելով: Նա ամբողջովին պատված էր արյունահոսող վերքերով։
- Մի ասա, մենք անպայման մի բուժում կգտնենք: Ես բժիշկ եմ չէ՞, մի բան կմտածեմ:
- Մեկ անգամ կերպարանափոխվելուց հետո, հետդարձի ճանապարհ այլևս չկա: Սա անխուսափելի էր։ Ես նախընտրում եմ մեռնել որպես մարդ, ոչ թե ապրել որպես հրեշ, - Վարպետը բռնեց Վահանի ձեռքից, որում նա մինչև հիմա սեղմում էր դանակն ու ուղղեց այն իր կրծքին։ - Վե՛րջ տուր այս ամենին, հիմա՛:
Վահանի ձեռքը դողում էր։
- Հիմա՛, - բղավեց Վարպետը։ Նրա դեմքը սկսեց ջղաձգվել, ժանիքները սկսեցին երկարել, դարձյալ ալքի էր վերածվում։
Բժիշկը խոցեց նրա սիրտը։
Գրեթե ամբողջ դահլիճն արդեն կրակի մեջ էր։ Ծխի միջից դահլիճի մյուս կողմում երևաց Լիգեան։ Նա սարսափած իր շուրջն էր նայում։ Ամենուրեք արնաշաղախ ու այրված մարմիններ էին թափված։ Լիգեան ցավով լի մի հայացք գցեց Վահանի կողմ, ինչ-որ անլսելի բան ասաց, հետո հսկա թռչունի վերածվեց ու դուրս ճախրեց։
- Ուշքի՛ արի, պիտի դուրս գանք այստեղից քանի դեռ ուշ չէ, - գոռում էր ինչ-որ մեկը։ Ձախն էր։
Նա գրկած պահում էր վիրավոր եղբորը։ Նրա հետ էին նաև թևնոցներից ազատված մարդիկ, մոլորված ու ահաբեկված էին։ Վահանը գրկեց Վարպետի մարմինն ու քայլեց դեպի ելքը։
***
«Որք ի ջուրս եւ ի ծնունդ կանանցն՝ Ալք կոչեցան. զի գէջ ախտիւն՝ զհոգիս կորուսանեն, եւ ի ծնունդս՝ զմարմինս եւ զհոգիս»
Գրիգոր Տաթևացի
***
Վաղ առավոտ էր։ Քամու սուլոցն էր միայն խախտում գերեզմանադաշտի քարացած լռությունը։ Լիլիթը քայլում էր խաչքարերի ու տապանաքարերի խայտաբղետ անտառով։ Նա կանգ առավ մի բազալտե տապանաքարի առաջ։ Պոկեց քարի կողքերից դուրս եկած փշոտ բույսերն ու զգուշությամբ ծաղիկներ դրեց գերեզմանին։ Մի քանի րոպե լուռ կանգնեց, հետո պատրաստվեց հեռանալ։
- Լիլի՞թ, - ձայն հնչեց նրա թիկունքից։
Կինը շփոթված շրջվեց։
- Այո՞, - ասաց նա՝ փորձելով ճանաչել անծանոթին։
- Անունս Վահան է, բայց յուրայիններն ինձ Բժիշկ են կոչում, - ներկայացավ տղամարդը։ - Ես գիտեմ, թե ով է սպանել ձեր եղբորը։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, եկեք այս հասցեով։
Նա թղթի մի կտոր տվեց ու հեռացավ:

Comments