«Կայծեր» Հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան
- frunz8
- 3 days ago
- 34 min read
У Корбюзье то общее с Люфтваффе,что оба потрудились от душинад переменой облика Европы.Что позабудут в ярости циклопы,то трезво завершат карандаши.Иосиф Бродский
Իսկ Կորբյուզյեն՝ ուրիշ տեսակ Լյուֆտվաֆֆե.
Աշխատասեր երկուսն էլ ուշ-ուշի՝
Կտրած քթով կերպար ստացավ Եվրոպան:
Թե քար թողեց քարին միաչք ցիկլոպը՝
Էն տքնաջան մատիտը կհուշի:
Հովսեփ Բրոդսկի
**
-Չես աշխատու՞մ:
Ես մասնագետ չեմ: Ես ընդամենը միջնորդ եմ: Իմ աշխատանքից շատ բան չի կախված: Եվ, ճիշտ ասած, էսօր աշխատելու հեչ հավես չունեմ: Ես երկատված եմ: Մարդու ուղեղը երբ երկատվում է, շիզոֆրենիայի սկիզբ չէ՞: Չեմ կարողանում շեղվել Երևանի վիճակից. հիմա էլ Օպերան են թիրախավորել:
-Աշխատի, աշխատի: Լավ լուր ունեմ ասելու,- ասում է Նոյը:
-Օպերան են ուզում քանդել:
-Ես հայրենիք չունեմ,- ասում է Նոյը:- Ես աշխարհի մարդ եմ: Սիրտս ոչնչից չպիտի կպնի:
-Հեշտ ես ասում: Պապս էլ ա ասում. «Իմ քաղաքն էլ չկա՛, ես վերջին մոհիկան եմ»:
-Դե հիմա տենց ա: Բայց լավ լուրըդ չես ուզու՞մ իմանաս:
-Գտա՞ք ձևը:
-Չէ: Քեզ ա վերաբերում:
-Օպերան չեն քանդելու՞:
-Չէ: Պատմությունդ գաղտնազերծված է: Արդեն մի տասը մեդիա հերթ են կանգնում:
-Ո՞նց պատահեց:
-Ըտենց: Որպես նվեր քեզ՝ պապիդ օրագրի էն գաղափարի դիմաց. քանի որ ստացվեց էներգիան փոխադրելը:
-Պապիս չէ, քանի անգամ ասեմ, ապուպապուպապիս:
-Դե գնա, գնա պատրաստվի՝ որ ելույթ ունենաս: Բայց հետո, խնդրում եմ, շարունակի պրպտել: Հա, ամբողջը չի գաղտնազերծված, տետրակներից կտորներ չկարդաս աշխարհով մեկ:
Ելույթ ունենալն էլ այլ քննություն է: Կարծում են՝ տասը տարվա (թե՞ հարյուր) պատմությունը կապակցված պատմելը հեշտ է: Միացնում եմ բեյֆոնս. ի՞նչ տասը – տասնյակներ են ինձ գրած մեդիաները: Լիքը բան եմ, ուրեմն, բաց թողել. դու մի ասա, առանց ինձ ասելու Կենտրոնն արդեն ռելիզ է տարածել, բա թե՝
«Ընդլայնման էներգիայի անկորուստ փոխանցման էքսպերիմենտը, ինչպես նաև ամբողջ Արմենկոսմ ծրագիրը, ինչպես հայտնի է, տեղի է ունենում շատ առումներով Նելսոն Սիմոնյանի հետազոտությունների շնորհիվ: Էքսպերիմենտի հաջողությունը նշանավորում ենք Նելսոնին ուղղված խնդրանքով՝ պատմել իր հետազոտությունների պատմությունը»:
Լավ է, գոնե խնդրում են, թեև լավ կլիներ՝ սկզբի՛ց ինձ հարցնեին: Վաղուց էի զարմանում, որ տետրակները հույժ գաղտնի են, իսկ հիմա զարմանում եմ, որ մասամբ գաղտնազերծում են: Ու՞մ տամ հարցազրույց: Պրես-կոնֆերա՞նս անեմ:
-Ես ընդամենը միջնորդ եմ: Տեքստ վերծանող: Հաջողությունը մեր թիմի գիտնականներինն է: Մի բան է՝ առանձին մտքեր հասկանալը, վերարտադրելը, ուրիշ բան է՝ տեխնիկապես հարցը լուծելը:
Ժուռնալիստուհիները, բացի մեկից, լինում են վատը կամ շատ վատը: Այս աղջնակը լավն է՝ ընդամենը վատն է: Բան չգիտի՝ բայց բոյկի շաղակրատում է:
-Արմենկոսմի հերթական հաջողությունը ցնցում է աշխարհը. դուք այդ գործի կարևոր օղակն եք: Պատմեք, խնդրեմ, ո՛րն է ձեր դերը, ինչպե՛ս հաջողվեց էներգիայի անկորուստ փոխանցումն իրագործել:
-Էդ երկրորդը, էլի եմ ասում, մեր տեխնիկական կազմին պիտի հարցնեք: Լավ, ասեմ, ինչ գիտեմ: Ուրեմն… Պապս Երևանում է ապրում: Իր ընկերը ձեռնարկատեր էր: Մի օր նա մի կտոր հող է առնում, հանրային զբոսայգու մի մաս… Անիրավորեն, իհարկե, էթիկական տեսակետից, կոռռումպացիոն, թեև թղթերով՝ իբր ամեն ինչ ճիշտ… Սկսում է փորել, որպեսզի ռեստորան տեղադրի այնտեղ: Շերտ առ շերտ փորում է ու, բնականաբար, ինչ-որ փլատակների է հանդիպում: Այնքան խիղճ ուներ, որ գործը սառեցնում է, հրավիրում մասնագետների, որ տեսնեն, ինչ փլատակներ են: Ղանթար հին շուկայի տարածքն էր: Մասնագետներն ասում են, որ փլատակները մասամբ են արժեքավոր, բայց, մի խոսքով, չեն արգելում շինարարությունը: Դե, երևի «յուղում» էլ է: Բայց փլատակները հետազոտելիս ի թիվս այլ իրերի գտնվում է կողպված փոքրիկ մի սնդուկ: Հույս ունեին, որ մեջը թանկարժեք իրեր են: Բայց գտավ մի քանի դեղնած ընդհանուր տետր ու լուսանկարների կտորտանք: Ձեռնարկատերը տետրերից մեկը բացում է ու տեսնում, որ այն մակագրված է, թանաքով գրածը լավ երևում էր. «Նելսոն Տէր-Սիմոնեանցի տետրերից»: Եվ զանգահարում է իրեն ծանոթ Նելսոն Սիմոնյանին՝ պապիս: Պարզվում է, որ պապիս պապի ձեռագրերն են:
-Ո՞ր թվերի մասին է խոսքը:
-Սնդուկը հայտնաբերվեց 2024-ին, իսկ տետրերում Նելսոն Տէր-Սիմոնեանցը գրառումներ էր անում 1910-ից սկսած մինչև իր բանտարկվելը՝ 1947-ը:
-Նա բանտարկվե՞լ է:
-Եվ գնդակահարվել: Նա և կինը մեղադրվել են, որ, իբր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել են նացիստների հետ: Պատերազմը երբ սկսվեց՝ 1941-ին նրանք Խերսոն քաղաքում էին: Նելսոնը գործուղվել էր այնտեղ հանրակրթական դպրոցներ կազմակերպելու գործով: Երբ Խերսոնը գրավվեց՝ Նելսոնն արդեն այնտեղ չէր, ռազմաճակատում էր: Գերի ընկավ: Պատերազմից հետո ազատագրվեց և 1947-ին վերադարձավ Երևան: Մի քանի ամսից իրեն բռնեցին, այն ժամանակ գերի ընկածներին աքսորում էին: Հետո բռնեցին նաև իր կնոջը՝ Աիդային, իբր՝ նացիստների հետ համագործակցելու մեղադրանքով: Գործ սարքեցին, իբր Աիդան Նելսոնին էր հաղորդում տվյալներ Խերսոնի ընդհատակի մասին: Բայց գնդակահարեցին Նելսոնին, իսկ Աիդան հետ եկավ:
-Կներեք, եթե ձեր ընտանիքի պատմության տխուր էջերն ենք փորփրում: Իսկ տետրակներն ինչպե՞ս նպաստեցին էներգիայի փոխանցմանը:
-Նելսոնի տետրակները պապս, որ նույնպես Նելսոն է, երբեք ուշադիր չկարդաց. իր կյանքն էլ էր դժվար. սկզբում փլվեց ԽՍՀՄ-ը, Հայաստանն անկախացավ, պատերազմ, ծանր կենցաղ… Մի քանի անգամ, ասում է, փորձեց կարդալ, բայց իր ուժերից վեր էր բան հասկանալը: Գուցեև շուտ էր: Հետո դրանք փոխանցեց ինձ: Հայրումայրս էլ այդպիսի բաներով չէին զբաղվում: Ես մի քիչ վերծանեցի, փորձեցի դրանցով հետաքրքրել ինչ-որ գիտնականների, սկզբում՝ ապարդյուն, հետո Նոյ Բլզուբյանը հայտնվեց: Ամերիկայում էի՝ կապվեցի հետը, հանդիպեցինք, ցույց տվեցի: Շարունակեցի վերծանել և ի թիվս այլոց հանդիպեցի այն գրությանը, որի իմաստն էր, որ գոյություն ունի այսպես կոչված օնթո-ճառագայթում…
-Ի՞նչ է դա, կարո՞ղ եք կարճ բացատրել:
-Ոչ: Ես մասնագետ չեմ: Կարող եմ ասել՝ ինչպես եմ ես մեկնաբանում:
-Խնդրեմ:
-Օնթո-ճառագայթումը պարզ բան է. ամենը, ինչ ալիք-մասնիկային բնույթ ունի՝ օժտված է այդ ճառագայթմամբ: Հինգերորդ Ուժը: Եվ, քանի որ օնթո-ցանցը միավորում է ամեն ինչ, նրանով, ասես մայրուղով, նաև էներգիան կարող է փոխանցվել որոշակի ուժգնացուցիչների գործարկման դեպքում: Ինժեներական այդ լուծումները, որոնք էլ հենց մեր հաջողության հիմքն են, ես չեմ կարող ներկայացնել:
-Ուրեմն ձեր նախնին օնթո-ճառագայթման հայտնագործո՞ղն է:
-Ոչ: Նա միայն հղում էր մեկ այլ գիտնականի՝ Էքթրեյնի գյուտին:
-Եվ ով է Էքթրեյնը՞:
-Մաքսիմիլիան Էքթրեյնը գերմանացի էր, որը հրեաներին պատսպարելու համար ուղարկվեց համակենտրոնացման ճամբար և մահացավ 1941-ին:
Ինչպես որ ինձ հրահանգված էր, ես չկարդացի տետրակից այդ կտորը բառացիորեն: Իրականում այն բավական խճճված միտք էր արտահայտում.
«Կյանքի ծագումը. 1930-ականներին Էքթրեյնն էքսպերիմետներ էր անում մասնիկ-ալիք տեսության շուրջ, ու հանկարծ հայտնաբերեց, որ նոր մասնիկները, երբ առանձնանում են, որոշակի դեպքերում ունենում են ինչ-որ ճառագայթում: Սկսում է չափել ու գալիս եզրակացության, որ դա ճառագայթում է նույն ձևի, ինչ մարդկանցից, կրիաներից ու նման էակներից եկողը՝ կենդանի էակներից: Հետո հայտնաբերում է դա նաև բույսերի մոտ: (…) Մասնիկի մոտ այն կա ու ուժգնանում է որոշակի մասնիկների հետ միավորվելիս ու թուլանում՝ այլ մասնիկների հետ միավորվելիս: Ես կարծում եմ, որ կյանքը դա է. որ մասնիկը երբ ձեռք է բերում իմպուլս՝ մյուս մասնիկների հետ միավորվելու, նրանց մեջ թաղվելու, դա կյանքն է, իսկ երբ միավորվում, թաղվում է՝ մահն է. նա կորցնում է իր ճառագայթումը: Որ կյանքը դա առանձնյակի ձգտումն է «մագնիսական»՝ միավորվել այլ նյութերի հետ, իսկ մահը՝ միավորման ավարտը: Եվ դրանից՝ որ առանձնյակը ինքնություն է ձեռք բերում՝ երբ առանձնանում է ու սկսում այդ միավորմանը ետ ձգտել... Եվ որ ինքնությունը հենց դա է, ու ամբողջականությունը հենց դա է՝ առանձնացվելն ուժով ու ետ ձգտել տենչալը... ու որ դա անխուսափելի է... ու որ այդպիսով արհեստական կյանք(եր) կարելի է բուծել... Էլան վիտալ…»:
Կյանքի մասին դատողությունները Նելսոն Տեր-Սիմոնյանցինն են, իհարկե, ոչ թե Էքթրեյնինը:
Նելսոնն Էքթրեյնին ճանաչում էր դեռ Հեյդելբերգից, միասին էին ուսանել:
-Շնորհակալություն: Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս է ընթանում Էքսպերիմենտը:
-Մենք դեռ փնտրում ենք գլխավոր խնդրի լուծումը: Հուսով ենք, որ կգտնենք:
-Ձեր նախնու տետրակները ձեզ մո՞տ են:
-Այո: Ես մաս-մաս վերծանում եմ դրանք:
-Դրանք երբևէ կհրապարակվե՞ն:
-Առայժմ նպատակահարմար չէ:
Նոյը դժվար մարդ է, բայց մի ուժեղ կողմ ունի. պետություններին յան է տվել: Ինքն իր փողով, իր թիմով, իր էքսպերիմենտներով: Դրա շնորհիվ կարողացավ կառուցել Արմենկոսմ կոչվող այս տիեզերակայանը յոթ տարում: Գնեց ջրածնից հելիում ստանալու տեխնոլոգիան և ստացավ խոշոր էներգիա արտածելու հսկայական հնարավորություն: Քանի որ հոտառությունը տեղն է, ճիշտ գիտնականներ գտավ, հավաքագրեց, նրանք կառուցեցին արտածվող այդ էներգիայի ուժով աշխատող շարժիչը: Բայց դա շատ թանկ տեխնոլոգիա է: Աշխարհի հարցը չի լուծում:
-Հարգելի հանդիսատես: Պարոն Սիմոնյանը մեզ բացատրեց, որտեղից է եկել օնթո-ճառագայթումը որպես էներգիայի փոխանցիչ աշխատեցնելու գաղափարը: Իհարկե, գլխավոր խնդիրը մնում է՝ ճարել այդ էներգիան, որն անսպառ կլինի: Թե չէ ինչի է պետք փոխանցման մեխանիզմը, եթե փոխանցելիք չկա կամ քիչ է, այնպես չէ՞: Պարոն Սիմոնյանն ասում է, որ Արմենկոսմի թիմը՝ Երկրագնդի շուրջ պտտվելով, անխոնջ փնտրում է գլխավոր խնդրի լուծումը: Պարո՛ն Սիմոնյան, եթե վերադառնանք ձեր նախնուն… Մեր հանդիսատեսը հետաքրքրվում է շատ հարցերով… Կարո՞ղ եք ավելին պատմել:
-Ես, ճիշտն ասած, հոգնած եմ (չեմ ասում): Ես, ճիշտն ասած, զբաղված եմ: Մեկ ուրիշ անգամ: Համոզված եմ, որ մեր աշխատակիցները ձեզ թույլ կտան կապվելու գիտնականների թիմից որևէ մեկին, որն ավելի լավ կբացատրի, ինչպես է օնթո-ճառագայթման ցանցով տեղափոխվում էներգիան:
Դե արի ու կյանքդ պատմիր, ապուպապիդ, պապիդ ու քո:
**
-Խոսում էիր:
-Պապո, ոնց ես, է:
-Մանրամասներից խուսափեցիր:
-Դու ինձ մանրամասն ես տվե՞լ: Դու մանրամասնը ասա՝ ես նախ մեծ հաճույքով ինքս իմանամ:
-Ասել եմ, ոնց չեմ ասել: Որ գնացի կագեբեի արխիվ ու պապիս գործը գտա՝ ասել եմ: Որ տեսա Լանդաուի նամակը, Կառալյովի նամակը, որ խնդրում են, որ Նելսոնին բաց թողեն…
-Իրան ճանաչում էին:
-Քսանականներից, Արևելքի ժողովուրդների ֆիզիկայի համաշխարհային կոնգրեսից՝ Բաքվից: Լանդաուն գրում էր, ուրդեղ ա ծանոթացել: Թե չէ Նելսոնը շատ հրապարակում չուներ էլ:
-Էրկու հոդված, հա՞: «Մարքսիզմ և ֆիզիկալիզմ» ու մյուսը:
-Հա:
-Բայց ինչի՞ էին իրան շպիոնության մեջ մեղադրում:
-Շպիոնությունը տիպական մեղադրանք էր: Էդ պահին սկսվեց հայրենամերժ կոսմոպոլիտների դեմ շարժումը: Քննիչը գործի մեջ դրել ա լեզվաբան Բերենցի թուղթը, իբր Նելսոնը ելույթներ է ունենում հայոց լեզվի դեմ:
-Հա, որ ասում էր՝ ամեն բառ, որը հասկանում ես, հայերեն ա՞:
-Որ ամեն բառ, որը մարդ գիտի՝ իրա մայրենի լեզվի բառ ա: Հայոց լեզվի ու մարքսիզմի դեմ մահացու մեղք ա համարել դա Բերենցը:
-Իսկ դու գոնե երբեմն տնից դուրս գալիս ե՞ս:
-Ոչ: Էս քաղաքն ինձ օտար ա: Դուրս գամ՝ բան չեմ ճանաչում: Դուրս գամ ի՞նչ անեմ: Համ էլ հակագազ հագնելու հավես չունեմ, դպրոցում արդեն հագել եմ լիքը:
-Գոնե գնաս քաղաքից դուրս, ման գաս, օդ շնչես:
-Որ շատ ուզեմ՝ կգնամ: Հավեսըս տեղը չի:
Պապը Երևանում իր բնակարանում փակված է, ճիշտ է, ներսն ամենը կա, բայց դուրսը… Սկզբից կարծում էինք, դա հայկական հիվանդություն է, հետո, երբ Էյֆելյանը որոշեցին քանդել, պայթեցրին Նոտր-Դամը, Կոլոնի տաճարը, պարզ դարձավ, որ մենք ուղղակի առաջինն էինք վարակվել, աշխարհը մեր ուղով է գնում: Ի՜նչ հնություն սիրող Եվրոպա, ի՜նչ եգիպտական դամբարաններ – ամենը, ամենը սկսեց մարդկությունը քանդել, հողին հավասարեցնել: Էն, որ ադրբեջանցիք սկզբում Նախիջևանը, հետո Արցախը տափակացրին՝ կարծում էինք, մեր դեմ է թշնամանքը, հետո պարզ դարձավ – բոլորին կպած նույն ձևի հիվանդություն է, համաշխարհային: Թուրքիայում Կապադովկիայի քարանձավներն ու Անիի փլատակները վերացրին: Իսկ Երևանը… Առանց էդ էլ բան չէր մնացել, բայց ինչը որ մնացել էր՝ դա էլ վերացրին - «Հայրենիք» կինոթատրոնը, երկաթուղայինը, մանկական երկաթուղին` էլ չեմ ասում, հետո հրապարակը վերակառուցեցին, փոսը՝ կենտրոնում թողած մինչև հիմա, հիմա էլ արդեն Օպերան են նախանշել, որ պիտի քանդվի: Պապիս ասում եմ՝ քեզ ուղարկենք որևէ հանգիստ տեղ, ասում է՝ չէ, ես տեսել եմ սկիզբը և կտեսնեմ վերջը:
**
Նավասրահում գլխավոր պատին Նելսոն Տեր-Սիմոնյանցի մեծացրած լուսանկարն է: Տակը նստած է Արմենկոսմի գլխավոր մաթեմատիկոս Հարություն Բերենցը, սեխ է ուտում:
-Խոսեցի՞ր:
-Քո հետևից չեն ընկե՞լ:
-Ընկել են: Ես էլ եմ խոսելու:
Հարությունը Նոյի ընկերն է: Նա՛ է հայտնաբերել, որ էներգիան օնթո-ցանցով կփոխանցվի ինքնաբերաբար: Հարությունը պիտի անընդհատ բան ուտի, որ ուղեղը լավ աշխատի: Իսկ ես ամաչում եմ ուտելուց: «Ինչի՞ բոլորի ներկայությամբ զուգարան գնալն ամոթ է հայտարարվել, ուտելը՝ ոչ: Ինչի՞ ներս թողնելն ամոթ չէ էս դեպքում, էն մի դեպքում՝ ամոթ է: Ներս թողնելն ամոթ չէ, դուրս թողնելը՝ ամոթ է», մի տեղ տետրակում գրել է Նելսոն Տեր-Սիմոնյանցը, ես էլ՝ խնամքով վերծանել: Նոյը երբեք բոլորի հետ ճաշարանում չի ուտում, իր սենյակում ինչ է ուտում՝ անհայտ է: Բայց զուգարան էլ բոլորի աչքի առաջ չի գնում:
Բեյֆոնս ուղեղս ծակում է:
-Մաշտոցի արձանը հանեցին,- ասում է Զառան:- Ես կմեռնեմ:
-Պատկերացրու, որ դատարկ տիեզերքում ես, վակուումում, ու, քեզնից ու քո սկաֆանդրից բացի, շուրջդ բա՜ն չկա: Ոչ մի բանի հետ գործ չունես, բացի քո կոնկրետ գործից:
-Չեմ կարող:
-Դե վեր կաց-գնա:
-Չեմ ուզում:
Ամեն անգամ, երբ հերթական հին շենքն են քանդում՝ Զառան դիմացը կանգնած ջութակ է նվագում: Նա առաքելություն ունի. նվագել ջութակ, մինչև բոլոր հին ու հպարտ շենքերը քանդեն-վերջացնեն: Հետո կսկսի հաջորդ փուլի հին շենքերը քանդելուն նվագել: Հաջորդ փուլի հին շենքերը վայ թե էդքան գրավիչ չեն լինելու, երբ հնանան, էսօրվա եղածն էդքան հավես չի հնանալու, ու էստեղ ևս կա խնդիր, թե ինչի: Զառան քանդվող ամեն շենքի դիմաց ջութակ է նվագում, իր կլիպերն աշխարհով մեկ սփռված են, իրեն հարգող ամեն համաշխարհային մեդիա հրապարակում է, օգու՞տը: Քանդողները լսում են ու, շրթունքները լիզելով՝ շարունակում քանդել:
-Ո՞վ ա քանդում Օպերան:
-Չգիտեմ,- ասում է Զառան:
Չի ուզում ինձ վատ լուր տալ: Օպերան քանդում է գործընկերուհուս ու դեռ մի բան էլ ավել-ի՝ Նաիրայի հայրիկը:
**
Իմ ու Զառայի զրույցը
-Ես չեմ հասկանում, ինչի եմ ես՝ անցյալն ատող, սիրտս ապագային կպած, էդքան հուզվում, - ասում եմ:
-Դու անցյա՛լը չես ատում, դու ատում ես հորինված, անստույգ, գաղափարախոսականացվա՛ծ անցյալը:
Ե -Լավ: Նույնիսկ ճիշտ ու իրական անցյալը – ինչի՞ս ա պետք: Հոգեբանապես՝ ես պարզապես սովոր եմ էդ կողմնորոշիչներին, ուղեղը սիրում ա կրկնվող գործողություն, երբ մտածել պետք չի. տնից դուրս էկա, ուղիղ գնացի՝ Կարապի լիճ, հետո՝ Պապլավոկ, հետո՝ Հրատարակչությունների շենք, հետո՝ Մատենադարան… Եթե այդ ամենը չկա՝ անսովոր ա: Բայց չէ որ դա զուտ հոգեբանության հնար է. մենք անընդհատ նորին պիտի պատրաստ լինենք:
Զ -Ուղղակի հինը տգեղ չի լինում:
Ե -Ինչ ա տգեղը, ինչ ա գեղեցիկը:
Զ -Այո: Տեսնես էն, որ պապս, տատս, հերս, մերս, ես, դու սիրել ենք մեր քաղաքը, իրա սիրուն մասերը, զուտ նրանի՞ց ա, որ սովոր ենք էղել դրանց փոքրուց: Գուցե դա զուտ սուբյեկտի՞վ է:
Ե -Լավ կլիներ դրա էությունը հասկանալ. Թամանյանը, ասենք, նեոկոլոնիալիստական ճարտարապետություն էր ներս բերում, բայց ինչի՞ էր ու դեռևս է՛ դա սիրուն: Որովհետև մենք դրա մե՞ջ ենք մեծացել: Օպերայի պես շինություն աշխարհում չկա – ձևը՝ մի քիչ կա, ամբողջն իրար հետ՝ չէ:
Զ -Քարի գույնի ու ձևի միավորումն ա, ժուժկալ, հարթ, նուրբիկ բրուտալիզմի: Ու կոնտեքստը:
Ե -Տես Նելսոն ապուպապն ինչ ա գրում. «Գյուղացին պայքարում է բնության դեմ. բնությունը նրա թշնամին է և ռեսուրսը»:
Զ -Հայտնի միտք ա: Բայց մեզանում հո բնության դեմ չի պայքարում. ծառերն առանց էդ էլ սաղ կտրել են: Պայքարում է արհեստական՝ մարդածին, նորմալ, գեղեցիկ ճարտարապետության դեմ: Ու՝ քաղաքացին:
Ե -Որովհետև, գալով քաղաք, ինքը էղած քաղաքն ընկալել ա որպես բնություն. այսինքն Կորյունի արձան կա՝ ծառ է, պետք ա գլխի մեջ ձյուվել խփել, պարան կապել, որից՝ գունավոր էլեկտրական լույսեր, որ «սիրուն» լինի:
Զ -Բայց ախր նախ՝ սկզբում էդ քաղաքը քաղաք են դարձրել՝ ծառ տնկելով, արհեստականորեն, մի տեղ, որտեղ բնական բերրի հող գրեթե չկար, խնամելով, դրախտապարտեզ հանրային տարածքներ, գրավիչ շինություններ, մի տեղ, որտեղ բացի մասնավոր տներից գրեթե բան չկար: Հա, թեկուզ էդ մասնավորն էլ էր սիրուն, դա քանդել են, բայց տեղը քաշող ու ինչ-որ խորք ունեցող բաներ դրել: Էդ նույն մարդիկ չէի՞ն:
Ե -Թե՞ հանճարը վտառներով ա գալիս, վտառներով էլ գնում. հեն ա, Նելսոնը՝ գրեթե անհայտ գիտնական՝ Լանդաուն ու Կառալյովն էին իրա ընկերը:
Զ -Հիմա կգաս էն հարցին՝ ինչի ա հանճարը հանճար հռչակվում:
Ե -Ինքն էլ ա գրել, գիտե՞ս. ասում ա. «Անելանելիության մեջ գցելով լուծումներ գտնելը հայտնի հնար է, բազմիցս տեսել եմ դրա արդյունավետությունը: Նույնն է, ինչ՝ հանճարների բուծումն արհավիրքների շնորհիվ - շառաշկա»: Էս գրածը որ գտնեին՝ կրկնակի կգնդակահարեին: Մարդը վերջանում է կյանքի խզմամբ: Ինքը դրա մասին էլ էր գրել. «մահվան ճամփան այլ է, կյանքինը՝ այլ»:
Զ -Մահվան ճամփա: Ինձ սպանում են պարզապես:
Ե -Բայց էդ «գեղեցիկը» դու շատ մի՛ թմբկահարի, ճաշակին ընկեր չկա:
Զ -Չես ասի, թե հին հայկական կոլոնիալիստական առանձնատունը՝ 19-րդ դարի, տգեղ էր, թեկուզև վատ վիճակում լիներ: Տիպական ռուսա-ավստրիական ոճի՝ տեղական նյութերով: Չես ասի, թե տիպական երևանյան բակը՝ բաղդադե պատուհատակով տներով, լայն պատշգամբով, մութ ու ցածր կամարաելքով՝ դեպ նեղլիկ, փոշոտ փողոց, ծառապատ ու խաղողապատ բակով, աղբյուրով՝ բակում, պապիս վախտ արդեն՝ թենիսի սեղանով, - տգեղ էր: Աղքատ, մաշված, կտուրը՝ ծակ, անձրևը ներս կաթող, բայց՝ ոչ տգեղ: Իսկ տիպական երկնաքերը, որ սկսեց կառուցվել 70-ականներից, նույնիսկ եթե մի քիչ տուֆապատ էլ էր՝ սկսեց ավելի ու ավելի տգեղանալ, իսկ հետո, երբ էկավ բլոկային մասշտաբային, մասսայական կոլոնիալիստական, թուրքա-ռուսական շինարարությունը՝ էլ գեղեցիկ չմնաց:
Ե -Ճարտարապետներն են մեղավոր. էնքան վիճեցին, որ գեղեցիկն իրանց համար կատեգորիա չի, որ իրանք ուրիշ կատեգորիաներով են առաջնորդվում՝ որ սովորական մահկանացուն էլ կորցրեց գեղեցիկը սիրելու կարողությունը: Ճաշակի հարց ա. մեկի համար գեղեցիկը բնությունն ա՝ բնականի տարր ունեցողը, մյուսի՝ արհեստականը՝ ուղղանկյունը: Փլատակը ես ավելի եմ սիրում, քան մեր տիեզերակայանը: Թեև վերջինս չեմ ատում՝ ես նրա մեջ եմ, ինքը ֆունկցիոնալ ա: Բայց էն գեղեցիկի հետ կապ չունի: Իսկ մարդ կա՝ գործարանն ա գեղեցիկ համարում, լաբորատորիան, տիեզերանավը: Բնության մեջ ուղիղ անկյուն գրեթե չկա, երբ ինքը գերիշխում ա՝ գեղեցիկը փախնում ա: Գիտես, չէ՞, Նելսոնն ինչ էր գրել. «Բնության մեջ ուղիղ անկյուն և ուղիղ գիծ գրեթե չկա. ուղիղ անկյունը միայն հանդիպում է, եթե հեռանկար է. երբ պատահաբար հորիզոնական ճյուղն ուղղահայացի հետևից է երևում: Հանճարեղ երկրաչափներն աբստրահեցին ուղիղ անկյունը, ուղիղ գիծը, կետը և կառուցեցին ժամանակակից քաղաքակրթությունը»:
Զ -«Ճարտարապետներն են մեղավոր». էն օրը Միհրանի հետ խոսում էի, ասում եմ՝ «իրականում դու՛ք եք իշխում բոլորիս, որոշում, ոնց ենք ապրելու», խնդմնդում ա. և՛ ընդունում ա, և՛ չի ընդունում:
Ե -Վայ թե մտածում ա «դու ինձ մերկացրիր, մեր գաղտնիքն իմացար, հախիցդ պետք ա գալ, որ չտարածես»: Մեր ճարտարապետն էլ Ռուբինան ա: Նա՛ ա որոշել, ինչպիսին է տիեզերակայանի դիզայնը: Կանաչեղենի տեղ գրեթե չէր թողել, հազիվ Նոյը ստիպեց, որ մի քիչ տեղ բացի:
-Ես մենակ եմ,- ասաց Զառան:- Արի կողքս կանգնի:
-Ես նվագել չգիտեմ:
-Թմբուկ խփես:
-Տամտամ ա պետք, տամտամ: Տետրակները վերծանեմ-վերջացնեմ՝ գամ:
Երբ աղջկան պետք է սփոփել՝ «բարի սուտ» կարող եմ ասել, իրենք էլ համաձայն են դրան: Բայց գալըս կլինի գրավիտացիային տրվել ու դեպ մահ շարժում: Ես ինձ դուրս եմ թքել շա՜տ հեռու՝ էլան վիտալ, ինչքան ավելի հեռվանամ՝ էնքան մահըս հեռու է:
-Ում են պետք էդ փնտրտուքներդ, Նոյդ, աբստրակտ բանաձևեր, գրավիտրոն-մովետոն, մահվան ճամփա, աշխարհը փլվում ա՝ դու փախել ես, ինձ մենակ թողել: Ծակ ուղեղից ծլած բաների հետևից ընկած…
-Ես ապրումակցում եմ ապուպապուպապուս, - որ փնտրում էր աշխարհը հասկանալու ու աշխարհին օգնելու ձև՝ լրիվ մենակ, քեզնից էլ մենակ, մենակ՝ ոչնչացվելու դեմ, քեզ գոնե հո ճարտարապետները չե՛ն ոչնչացնելու: Գոնե դեռ:
-Դու նիհար աբստրակցիա ես, ուղեղի հիվանդություն, զգայախաբություն: Իսկական պայքարն էստե՛ղ ա, Օպերա՛ն են քանդում:
-Ուղեղի մորմոք եմ, երազախաբություն եմ, բան… բայց դե ապուպապուպապուս թղթերը ո՞վ վերծանի:
-Միշտ պատասխան ունես,- ասում է Զառան նեղված:- Հետ չգաս:
**
Միջանցքում աղմուկ է: Նավախելից գալիս է ժողովուդը՝ ոգևորված.- Ապրի՛ ապուպապդ:
-Է՞լ ինչ ա էղել:
-Հաստատվեց: Գրավիտացիոն դաշտը երբ վերանում ա՝ շփումը սկսվում ա: Որովհետև օնթոն ոչ թե նյութի հետ ա փոխգործակցում, ոչ էլ՝ սև նյութի, այլ՝ տիեզերքի ընդլայնման: Ամենաուժեղ շփումն ըդտեղ ա:
Ինչու ենք մենք այստեղ.
«Մենք գիտենք, որ տիեզերքն ընդլայնվում է հսկայական արագությամբ: Միայն այն տեղերում, որտեղ գրավիտացիոն ուժ չկա: Այսինքն մեզ մերձ իրերի մասնիկների միջև տարածությունը չի ընդլայնվում, որովհետև այդ դեպքում մենք չէինք էլ նկատի, որ ինչ-որ բան ընդլայնվում է (…) Բայց փաստն այն է, որ տիեզերքն ընդլայնվում է այն տարածքներում, որտեղ գրավիտացիոն ուժը չկա կամ շատ նոսր է: Օնթո-ուժն է ազդում: Էլան վիտալ: Ինչը ինչին հաղթեց՝ դա էլ լինում է: Օնթո-ուժը՝ կյանք է լինում, գրավիտացիան՝ մահ:
Հինգ վայրկյանը համեմատական է այդ ընթացքում տիեզերքի ընդլայնմանը՝ երկու տիեզերական իրի (ասենք, աստղի) միջև հեռավորության աճին՝ շնորհիվ տիեզերքի ընդլայնման (էստեղ պետք է հաշվման կենտրոն, բայց ընդունենք, որ դա Երկրագունդն է տվյալ պահին): Տիեզերքն ընդլայնվում է, իսկ նրա մեջ եղած «ոչ-տիեզերական» իրերը նրա համեմատ՝ ոչ: Առաջանում է… շփում:
Այդ դեպքում իրերի «նախատիեզերական» արագությունները հավասար են անցած «նախատիեզերական» հեռավորությունը, որ նրանք անցան, բաժանած տիեզերքի անցած «ճանապարհին»: Իսկ տիեզերականների արագությունը (այն բաների, որոնք ենթակա են տիեզերքի ընդլայնմանը)՝ տիեզերական հեռավորությունը, որ նրանք անցան, բաժանած այդ ընթացքում տիեզերքի անցած «ճանապարհին» (…)»:
Սկզբում սա բարբաջանք համարեցին: Նոստրադամուսի պես, ասացին գիտնականները, ամեն ինչ մեջը ճխտել է, ինչ էլ կատարվի՝ կասի «ես ասել էի, չէ»: Անհերքելի կոնցեպցիա է, գիտություն չի: Բայց Նոյն այս գաղափարը որսաց: Չնայած ծուռտիկ գրված լինելուն, չնայած «նախատիեզերական» բառին, որ մի քանի ամիս էի վերծանում, թվում է՝ անճշգրիտ, անկապ…
-Ի՞նչ նկատի ունի: Չտարածվող տիեզե՞րք: Կամ՝ օնթո-ճառագայթումն ու տիեզերքի ընդլայնումը նույն բա՞նն են: Էդ արդեն տելեոլոգիկ աշխարհ կլիներ:
-Օնթո-ճառագայթում, օնթո-ուժ լինի թե տիեզերքի ընդլայնման ֆենոմեն,- ասաց Նոյը,- դրա հանդիպադրումը գրավիտացիային հետաքրքիր է: Եթե կա երկու (կամ ավելի) տարբեր արագություն իրար եկող՝ ուրեմն կա շփում, իրոք:
-Հարություն, ի՞նչ կասես:
-Իմ հաշվարկները ցույց են տալիս, որ շփում կա: Բայց թե գրավիտացիայի ու օնթոյի շփումից է, թե գրավի-ի ու տիեզերքի ընդլայնման՝ չգիտեմ: Էնտեղ մեծուփոքր ուժերի հարց էլ կա, ժամտարածքի, օրգանիկի մեջ՝ բրոունյան շարժում, բան… Բայց հանգում ա, չի ազդում: Հիմա մնում է հասկանալ՝ ինչպես կուտակել:
-Դե, ո՛ր երկուսից ա գալի, օնթոյի թե ընդլայնման՝ մի՛ հարց ա, գիտական, - ասաց Նոյը: -Գլխավորը շփումն ա, փորձենք օգտագործել որպես միկրոսկոպ, որով ընկույզ կոտրենք, էներգիա որսանք: Էն մի հարցով մյուս թիմը կզբաղվի:
Եվ այդ օրվանից ընկույզ ենք կոտրում, Երկրագնդից ոչ շատ հեռու Արմենկոսմ կայանում:
-Ոնց կարող ենք մենք էդքան ուժեղ լինել՝ ու էդքան թույլ: Արեգակներ ենք շպրտում երկինքն ի վեր: Ու չենք կարենում վար բերել երկինքներից արեգակներ:
-Ապուպապուդ ցիտելով ես, էլի, կյանքդ ապրում, - Նոյը վրաս է ֆռռում:
Ինչ արած: Տասը տարի է՝ իր տետրակներն եմ վերծանում: Միշտ չէ, որ խելոք բան է ասում, բայց կորիզը կա: Պարզապես պետք է դուրս սեղմել:
-Գնա, գնա դասերդ արա:
-Համարյա բան չի մնացել, մի հիսուն էջ:
-Էդ էլ պետք կգա: Գնա, վերծանիր ու զեկուցիր:
Վերջին տետրակի վերջի գրառումները խիտ ու բազում են, երևում է, բանտարկվելուց առաջ Նելսոն Տեր-Սիմոնյանցի մուսան եկել էր, տարբեր մտքեր ի մի էին գալիս: Մի մասը վերծանել եմ, մի մասը դժվարանում եմ. պետք է մտնել Նելսոն ապուպապի մտածողության մեջ, փորձել հասկանալ, ի՛նչ է գրել, ինչու՛: Իր ապրած օրերի մեջ՝ գրել է, բայց թե ինչու՛ հենց այդ ու այդ պահին՝ դե արի ու հասկացիր: Մի հատ էլ գծագիր կա, չեմ հասկանում, ինչ է:
**
-Ո՞նց ես:
-Եսիմ, պապո: Մնաց մի հիսուն էջ վերծանեմ: Իհարկե, լիքը միտք կա՝ որ նորից ու նորից կօգտագործվեն, համ էլ մտքի վրա՝ միտք, մտքի մեջ՝ միտք. անհայտ լեզվով սեպագրից բարդ ա: Խիտ, մանր, իրար գլխի… Ասես էդ հինգը տետրից բացի ուրիշ բան չուներ ու գիտեր, որ էլ չի լինելու: Դե մի բան էլ դու պատմի: Երևանից ի՞նչ ես սիրում:
-Ինչ պատմեմ: Ես երբ ծնվեցի՝ մի քանի տարի դեռ նորմալ քաղաք էր. բարեբախտաբար, «ցուրտի ու մութի» տարիներն էին, քաղաքում քիչ մարդ կար, քիչ ավտո, բնությունը կատաղել հուպ էր տալի, կիսաշին լիքը բան էր մնացել սովետից հետո՝ ծածկվում էին թփերով, մեջը՝ ծտեր, կատուներ… սոված մարդիկ ինչքան որսում էին՝ ծտերը չէին քչանում, էդ հետո էր, երբ թփերը խուզեցին ու պարզվեց, որ ճնճղուկ չի մնացել, բոլորին որսացել են: Զիբիլը գիտե՞ս ոնց էին հավաքում. բեռնատարը գալիս էր, վարորդը զանգ ուներ՝ զանգը հանում սկսում էր խփել, բոլորը վեդրոներով զիբիլը բերում էին, վարորդը՝ թափքի զիբիլի մեջ կանգնած, դույլն ընդունում էր, ոտքերի տակ դատարկում, հետ տալիս: Նույնիսկ փահլևաններ էին գալիս՝ բակում պարան կապում, պարում… Հետո՝ ժավել ծախողը. «Ժավե՜լ եմ ծախում, ժավե՜լ»… Պապաս ասում էր՝ իրա ժամանակ ջուր ծախող էլ կար, քաղաքով քայլում ու երգում էր. «Ջուր եմ ծախուում, սաառը ջու՜ր»… Իսկ ես՝ չէ, չտեսա, իմ ժամանակ արդեն չկար, քանի որ սովետը ժամանակին բավական շատ պուլպուլակներ էր դրել. ճիշտ ա, «ցուրտի ու մութի տարիներին» դրանք չաշխատեցին… բայց հետո աշխատեցին: Եթե չքանդվեցին: Հրապարակի հազար ու մի շատրվանի մեջտեղի հավերժ կրակը հանգավ – գազ չկար: Չէի հասկանում, ոնց կարող ա կրակը հավերժ լինել ու հանգել: Հավերժությունը վե՞րջ ունի:
-Լավ միտք ա: Նելսոնին հարիր: Պետք ա մտածել: Նոյին ասել:
-Հա, ասա: Իսկ, այ, ինչը որ տեսել եմ՝ դանակ-մկրատ սրողին. գալիս էր, «դանակ մկրա՛տ սրեմ, դանակ-մկրա՜տ», սրիչ անիվով ծանր սարքն ուսին բեռնած, դնում բակում, կանայք դանակ-մկրատ հավաքած գալիս էին, սրում էր, կայծերը շաղ էին գալի: Մեկ էլ՝ բուրդ էին ցփխում ամառները կանայք ճիպոտով, ես էլ էի ուզում ցփխեի, ճիպոտը դուրըս գալիս էր: Օդում ճիպոտի շըվվոցի էդ ձենն ականջիս մեջ ա: Էլ չասած՝ էն մարդը, որ գալիս էր բան-ման հավաքելու. «Հին շո՜ր, հին կոշի՜կ»:
-Էդ ամենը պետք ա հավաքագրել, դա էլ չի լինելու, պետք ա թանգարան ստեղծել: Մի հատ էս գծագիրը նայի, պապո, ի՞նչ կլինի:
-Հլա՞:
Պապոն դեմքը մոտեցնում է էկրանին:
-Ուղարկի, էլի, չեմ տեսնում:
Ես ուղարկում եմ նրան էջի նկարը: Նա քիթը մոտեցնում է լուսանկարին, երկար նայում:
-Տակը ինչ ա գրա՞ծ:
-Հենց գրավիտացիայի մասին էդ գլխավոր կտորն ա:
-Հա՜: Լսի, իմ կարծիքով՝ հենց էն դանակ-մկրատ սրելու սարքին ա նման: Հաստատ: Մենակ կայծերը չկան: Թե՞ թանաքի էս ցայտը հենց կայծն ա: Տե՞ս: Բայց գիտե՞ս ամենաշատն ինչն եմ կարոտում:
-Ի՞նչը:
-Էն շենքերի պատերը որ խարխուլանում էին, ծռվում՝ ստոլբեր էին դնում թեք, որ պահեն: Ա՛յ էդ ստոլբերի տակով անցնելը: Ոնց որ ծիածանի տակով անցնես, ուժ ստանաս: Էդ ստոլբը հիմա որ դեմըս դուրս գար՝ կպաչեի:
**
-Լավ, ասենք թե տիեզերքի ընդլայնման քամին հանդիպում է օնթո-ճառագայթմանը: Բայց ո՞նց անենք օգտագործենք դա:
Երբ նրանք քարկապի մեջ են, նրանք քայլում են այս ու այն կողմ նավասրահում, մտախոհ: Իրար վրա ֆռռում: Հարությունը բան է ուտում: Շատ ավելի, քան իր սովորական շատը: Նաիրան մեղավոր հայացքով փորձում է որսալ ամեն մեկի հայացքը, բայց նրանք հայացքները փախցնում են: Նրա հայացքը վերջերս միշտ մեղավոր է: Ազնիվը մազափնջի ծայրն է կրծում: Կարինան քայլում է ետուառաջ այնպես, որ ընդգծվի, որ իր բարեմասնությունները պակաս ձգող չեն, քան Նաիրայինը: Ես թքած ունեմ, կստացվի որևէ բան, թե ոչ: Նոյը մտախոհ է, դեմքը կնճռոտում է, ինչը հաճախ չի պատահում:
-Թե ձևը արագ չգտանք, բաժնետերերի հարցը բարդանալու ա: Բենզիններս պրծնի՝ քոռ ու փոշման հետ դառնանք:
«Բա էլ խի եք ստե լռվել, - մռթմռթում եմ մտքումս: - Ամեն ինչից հուզվեն, մենակ թե տռուլյալյա: Ասենք… Ինձ ինչ: Բան չստացվի՝ գնամ Զառայի կողքը կանգնեմ: Ռենոմես վերականգնեմ»:
-Դե հիմա մի հատ նորից պատմի, - ասում է Նոյը:
Թե ինչին ա իրանց պետք նորից… Փոխանակ գնային իրանց քարկապով զբաղվեին՝ ֆընդըխ պատմություններս նորից լսեն, անիմաստ, անբան, մեկ ա չեն ապրումակցելու: Ժամանցի արկածներ, рОманы точить, ինչպես ամեն բանտախցում, ասես սաղ աշխարհի ժամանակն իրանցն ա, ասես Տիեզերքը չի ընդլայնվում անամոթ արագությամբ: Բայց դե՝ Նոյն է, ես ոնց իր ասածը չանեմ:
-Պապուս հայրն իրան քիչ բան էր պատմում, բայց էդ պատմում էր. մի օր 1947-ին մտավ սենյակ ու տեսավ, որ մայրն ալբոմներից հանում ա լուսանկարներն ու մկրատով դրանց միջից կտրում ինչ-որ մարդկանց դեմքեր:
-Էս ի՞նչ ես անում:
Աիդան կտրուկ կին էր: Չէր համարում, որ որդուց բան է պետք թաքցնել:
-Հայրիկիդ տարել են: Ինձ էլ կտանեն: Ես կտրտում եմ էն մարդկանց նկարները, որ կարող են քեզ վնասել:
Տեսնես ով էին: Վերնադսկի, Հեյզելբերգ, Դիրակ, բան… Գուցե գործ տվողն էլ մեջները… Այդ պահին, ասում է, եկավ մայրիկի ընկերուհին՝ Էմիլիա Գարսևանյանը: Նրանք ծնվել էին նույն տարվա նույն օրը (որտե՞ղ - անհայտ), երկուսն էլ բարձրահասակ, եռանդուն, անկախ բնավորությամբ: Տասը տարեկան Մանվելին եփած կարտոլ տվեցին, իրենք վարագույրի հետևը տաք-տաք քչփչում էին: Մանվելը չգիտեր, որ նրանք գիտեին, զգում էին, օնթո-ճառագայթումից երևի, որ մի քանի ժամ է մնացել, մինչև գան տունը խուզարկելու, մորը տանելու, իրեն դուրս գցելու: Մանվելը չգիտեր, ինչ պայմանավորվեցին ընկերուհիները: Հիմա կա՞ն էդպիսի ընկերուհիներ: Ես ունե՞մ էդպիսի ընկեր: Նելսոն պապը համարում է, որ Աիդան կտրտած լուսանկարները և տետրակները տվել է Էմիլիային: Պայմանավորվե՞լ են, որ Էմիլիան դրանք կդնի սնդուկն ու կթաղի, թե՞ Էմիլիան ինքն է որոշել: Աիդան հրահանգել է այրել, Էմիլիան չի՞ արել: Ի՞նքն է վճիռ կայացրել, համարձակվե՞լ է: Տեսնես Նելսոն Տեր-Սիմոնյանցին չի՞ խանդել Աիդան դեպ իր ընկերուհի Էմիլիան, և հակառակը, և հակառակը: Տեսնես երբևէ երջանկություն զգացե՞լ են, տեսնես ոնց էին ապրում, գլուխները՝ բարձր, էլանները՝ վիտալ, վախտերի միջով խուլ:
Աիդային տարան, Մանվելն ապրեց Էմիլիայի էն տանը, մայրը վերադարձավ 1955-ին, բայց ո՛չ Էմիլիան, ո՛չ Աիդան իրեն երբևէ չասացին, թե ինչ եղավ լուսանկարների կտորտանքը և մանավանդ՝ որ կային նաև տետրակներ, ու թե ուր են դրանք այժմ: Քար լռություն: Նելսոն պապոն իր Մանվել հայրիկից պահանջում էր, երբ նա դեռ կար. – Պատմի՛ ծնողներիդ կյանքը: Չէր պատմում: «Իմ կյանքն անհետաքրքիր ա էղե. քոնը թող լավը ըլնի»: Չխոսկան էր, դե, նկարիչները չխոսկան են: «Ախ, - ասում էր պապոս, - գոնե սնդուկը քթնված լիներ մինչև հայրիկիս մահը, գուցե ցույց տայի հայրիկիս, բան հիշեր»… Մանվելը գնաց 2018-ին: Սնդուկը գտնվեց 2024-ին: Էմիլիան և Աիդան մահացան գրեթե միաժամանակ, 1967-ին. երկուսն էլ՝ քաղցկեղից: Ձե՜ն չհանեց, չհանին, մի կեսբերան էդպես էլ չասցին՝ որ սունդուչոկն էստեղ ու էստեղ ա, գիտես… Ինչի՞: Էն ժամանակ չէ որ կարող էին, Նելսոնին արդեն հետմահու ռեաբիլիտացրել էին…
Նաիրան (ենթատեքստորեն).
- Մանվելն ուրեմն երկու մայր ուներ, հարուստը: Ո՞նց են առաջացել, ո՞նց են գոյատևել կյանք խլող գրավիտացիոն էդ դաշտում, մեկին ծնել՝ էրկուսով պահել, մեկին ամուսնացել…
Կարինան՝ է՛լ ավելի պաթոսախեղդամայրոտ.
-Հերոսիզմ. ի՜նչ գեն են ստացել, է՜, կոտորածության մեջներով, հազար քուր ու ախպեր թաղած ու անթաղ կորած, ո՛վ ա էդպիսիներին կերտել, ի՛նչ անհայտ հզորագեն նախնի…
-Պապոն ասում ա՝ Մանվելին խղճում էին, որ էրկուսին պիտի մահվան մահճում պահի, խնամի, իսկ ինքը չէր տրտնջում: Ուզում էին կզցրած ապրացրած լինել, չստացվեց: Էրկուսով նկարները՝ 1955-ից ի վեր, մի քանի հատ կան. Աիդան՝ պառաված, բայց ատամները դրեց՝ դեմքը տեղն էկավ, պապոն ասում ա (դե հայրը՝ Մանվելն ա պատմել)՝ Աիդան Էմիլիային սովորացրեց արաղ խմել ու քրֆել, ասում ա՝ էրկուսով գնում Կոմայգում նստում էին, գլուխները՝ բարձր, թատրոն էին գնում, ասում ա՝ հետևներից կոտորածների պատճառով կոլոտ տղեքը շվարած նայում էին, «ասես թագավորական կառքի երկու նժույգ ճեմեն», ասում էր պապոյի հայր Մանվելն ու ջուխտ սպիտակ նժույգ նկարում:
Իրանց մտքով չէր անցնում, մայրիկներ, տատիկներ, ատուտատուկներ, ձեր մտքով չէր անցնում, որ ձեր ծոռանծոռը Նոյի հետ գալակծիչկայի ծերին մարդկության գլխավոր հարցն է լուծելիս լինելու՝ շնորհիվ ձեր ամուսնու բարբաջանքի ու ձեր անկզցվել ջանքի: Թող քանդեն, թող հողին հավասարացնեն, չէ՞: «Հուշն էլան վիտալ չէ, էլան վիտալը հեծանիվ հայտնագործող է, ամեն անգամ՝ զրոյից, հուշը գրավիտացիոն գերեզման է՝ կքցնում է ու շնչել թույլ չի տալիս, նորը ստեղծել, միակ հուշը, որ պետքական է՝ հավերժ շարժիչի գծագիրն է»,- գրում է Նելսոն ապուպապուպապը: Բայց որ հուշ չունենաս, ինչի՞ց պիտի նորը ստեղծես: Նյութ ա պետք, չէ՞:
Էմիլիան՝ պայուսակի մեջ հինգը հատ ընդհանուր տետրը, դուրս է գալիս Աիդայի խցից. գուցե էնկավեդեն հետևում էր անցուդարձին, գուցե ոչ. գնում է իր սենյակը՝ ընդհանուր բնակարանում՝ Կիրովի այգու դիմացի, Զաքյան փողոցի ծայրի՝ կոնստրուկտիվիստական շենքում, որն այլևս չկա, ուր չկային խոհանոցներ, առաջին հարկը ճաշարան էր բոլորի համար, անամոթաբար իրար աչքի առաջ էին ուտում, ինքը՝ կարտոլ, էնկավեդեշնիկը՝ խորովա՞ծ: Դատարկում է փոքրիկ կաղնե սնդուկը, մեջը երևի իր օժիտն էր բերել Երևան, երբ եկել էր Թիֆլիսից: Անօգուտ. տենց էլ մնաց, ըստ համբավի՝ պառավ աղջիկ: Դնում է մեջը տետրակները, կողպում, գիշերով դուրս գալիս, բահն ու սնդուկը ձեռքերում՝ գնում Կիրովի այգի: Ոչ ոք իրեն չի՞ տեսնում, չի՞ հարցնում, էդ ուր ես գնում բահը ձեռիդ, էդ ինչ սնդուկ ա: Թե՞ ուներ օգնող, գուցե տղամարդ-ընկեր: Այգու պահակը ծանո՞թ էր: Բայց եթե մեկնումեկն իմանար՝ Աիդայի խնդրանքը չէր կատարվի. իրեն, այո, բռնելու էին, բայց գլխավորն էր, որ որդուն ձեռք չտան, մանուկ-արտասահմանյան գործակալ, վտանգավոր բան չգտնեն խուզարկելիս: Վակուում: Ոչ մեկի հետ չի կարող կիսվել: Սկաֆանդրի մեջ: Սրտում՝ ահ չկա. Նելսիկի բարբաջանքը պետք է պահպանել: Սիրում էր զուտ որպես ընկերուհի կամ ընկերուհու ամուսնու՝ գործը պիտի աներ: Մենք սիրել գիտե՞նք ընդհանրապես, որևէ պես: Իսկ ես անու՞մ եմ իմ պարտքը, ապուպապուպիկ:
Գնում է Կիրովի այգի: Հպարտը՝ գաղտագողի, շուրջը նայելով: Կզցրած էին փորձում ապրեցնել, չէր ստացվելու: Շպիոն: Հետ է քայլում մթության միջով: Կողքով մարդ է անցնում՝ ցնցվում է: Կոմերիտական զնաչոկը՝ բարձր դոշին, կատարած պարտքի զգացումը՝ խորը դոշի մեջ:
Նոյ.
-Ինչ իմանար, որ այգին էլ են քանդելու, լավ ա գոնե ութսուն տարուց:
Հարություն.
-Էն ժամանակ Ղանթարը քանդել այգին էին սարքել, հետո այգին քանդել՝ ռեստորան:
Ես.
-Տեսնես հերոսությունից բացի որևէ ուրիշ բան, գոնե որևէ տգեղ արարք արած կա՞ր կյանքում:
Ազնիվ.
-Հո սուրբ չէ՞ր:
Ես.
-Վայ թե իր «ամենատգեղ» արարքն էր՝ որ ընկերուհու մարդուն էր սիրահարվել: Էն էլ՝ դե կողքը ուրիշ մարդ չկար, սաղ օրը աչքի առաջ, հանճարեղ… Էն վախտ սիրահարվում էին, չէ՞, հանճարեղներին, հիմիկվա պես չի: Էն վախտ կային հանճարեղներ, ու բոլորը գիտեին՝ կողքինդ հանճարեղ ա: Քիչ էին՝ դրա համա՞ր: Բայց էսօրվանից շատ: Թե՞ դու ես տենում հանճարին քո աչքերով, թե չէ՝ չկա: Փոխհատուցեց, Մանվելին մեծացնելով: Ուրիշ ընկերուհիներ իրանց ընկերուհիներին իրա՛նք էին մատնում, դանոս գրում, էրեխու տենչից, որ էրեխուն տիրանան:
Տետրակները… փոշոտ, թանաքը՝ գունաթափ, ծայրերը՝ միջատները կրծոտած, միջատակեղտածածկ… Բա ձեռագիրը, էլ դու սուս: Քուրմ, Բաբելոն, Մավեռռանախռ: Բայց կաղնե սնդուկը պինդն էր եղել, Աիդա-Էմիլիայի որակի, միջատից բացի ոչ ոք չէր սողոսկել: Վերևն՝ այգի, տակը՝ Ղանթար, երեք քառորդ դար: Հոտը… Փտող թղթի: Գրավիտացիայի ու էլան վիտալի խաղի արդյունք: Չհասցրեց տիեզերքն ընդլայնվել՝ բռնինք: Իննսունվեց էջանոց, հաստ ստվարաթղթե դեղին կազմ, կազմերին համարյա բան չէր եղել: Նոյն օգնեց, մանրէազերծեցինք, խնամքով կրկնօրինակեցինք: Ես գերադասում եմ բնօրինակները, եթե ինձ են հասել՝ պիտի օգտագործվեն հենց տետրակները: Հետո կհանձնեմ Մատենադարան: Եթե չքանդեն:
**
-Պապոն ասում ա՝ Երևանն անընդհատ շինում ու քանդում էին, շինում ու քանդում, եթե առաջ աղքատության պատճառով էին հիմնական թերությունները, ֆասադը՝ գեղեցիկ, շենքի հետնամասը՝ մի կերպ, անսվաղ քարապատ, ապա իր օրոք էկավ ամենայն թագավոր կոռռումպացիան, մարդիկ ջոկեցին, որ բռնվելու դեպքում կաշառք կտան կամ շատ-շատ՝ կգնան բերդ, իսկ իրանց ընտանիքը կհարստանա, ու սկսվե՜ց. անորակ շենքեր, անգեղ բրուտալիզմ: Ասում ա, 1975-ին էկավ Դեմիրճյանն ու ուզում էր պատմության մեջ մնալ որպես «Կարեն Շինարար», հսկաների կառույց նախաձեռնեց, «Ռոսիա» կինոթատրոն, Երիտասարդական պալատ, Մարզահամերգային դահլիճ, «Զվարթնոց» օդանավակայան: Որպես նախագիծ հետաքրքիր էին, մոդեռն, բայց կառուցվելիս արդեն վատորակ էին կառուցվում: «Գլխավոր պողոտայի» բրուտալիստ շատրվանների բետոնն էնքան վատն էր, որ կառուցվելուց հետո իսկույն սկսեց թափել: Մինչև էդ, մինչդեռ, բետոնե հրաշքներ էին խոյացել, քիչ. Ամառային կինոդահլիճը, Տիկնիկային թատրոնի շենքը:
Ասում է ինքն անհայրենիք կոսմոպոլիտ է (Նոյը), բայց անձնակազմը հայերից է հավաքել: Անծանոթ լինեին՝ վեջըս չլիներ, ապուպա՛պն ով էր, ի՛նչ էր անում-արել: Չնայած… գերմանացի լինեին՝ էլի հարցեր էին ծագելու:
Ի՞նչ անեմ ես: Նաիրայի հայրն է քանդում Օպերան: Երբեմն ես Նաիրայի անկողնում եմ գիշերում: Երբեմն էլ՝ Նոյը: Ես նրա(նց) հետ շարունակում եմ շփվել, ասես բան չի եղել: Ես կամ, չկամ՝ մի հաշիվ է: Ես զուտ վերծանող եմ: Թարգման: Թառջուման:
Հարությունի ազգանունը Բերենց է: Ես չեմ հարցնում, ով էր նրա ապուպապը և այլն: Ձուկը ջրից հեռու է ընկնում: Երբ որսված է: Աշխարհը՝ մի փոքրիկ կծիկ, տիեզերք անծայրածիր:
Նելսոն ապուպապուպապը գոնե մի բան գրու՞մ է դրա մասին: Ստալինն էր ասում՝ «Որդին հոր արածի դիմաց պատասխան չի տալիս»: Տնազ: Ֆեյք նյուզ: Էդ հաշվով տետրակները լուռ են:
«Իմ անունը նոյեմբեր բառից է, ոչ թե Տապանի Նոյի: Նոյեմբերին եմ ծնվել»:
Հայրը հարուստ կոմունիստ է: Էնգելսի պես: Անունը՝ Կեսար: Որովհետև պապը միաչքանի պիռատ էր: «Ցեղակոտորից մազապուրծ» կեսարիացի ընտանիքի պատանի թոռն Ամերիկայից փախավ Քենիա, միացավ ծովահեններին, սպանեց մյուս առաջնորդներին, ինքը դարձավ գլխավոր ծովահեն: Էնքան ուժեղ էր մի պահ, որ Թրամփն իրեն առաջարկեց դառնալ իր ներկայացուցիչը Քենիայում: Բոլոր իր գործընկեր պիռատներին փուռը տվեց, է՛լ ավելի հարստացավ, Քենիան դարձրեց Աֆրիկայի մարգարիտը՝ ամբողջությամբ՝ աշխարհի կենդանիների արգելոց: Հարստության մի մասը բերեց Հայաստան, Երևանը կարգի բերելու փող տվեց, հետո կռվեց, դիվոտեց, փասա-փուսեն հավաքեց թողեց-գնաց՝ քաղաքի կենտրոնում թողնելով մի հսկա փոս, որը, գիտեր, եթե ինքը թույլ չտա՝ ոչ ոք չի լցնելու: Որպես խորհրդանիշ իր խաբված հույսերի: Ու շուտով մեռավ պսակաժահրից:
Զառան մի օր ասաց՝
-Նոյին ասա, թե հավես անի, զգա՝ մատները կչռթացնի ու Երևանի քանդի հարցը կլուծի:
-Նայած ինչ իմաստով: Իրա պիռատ պապը չկարեցավ, ինչի ես կարծում, որ ինքը կարա: Չէ, Զառա ջան, Երևանը քանդողների դեմն առնելու համեմատ աշխարհի էներգիայի հարցը լուծելը խաղուպար ա:
Նոյն իր պիռատ պապի մասին ամենը գիտի, բայց չի երկնչում, պապն արդարանում էր՝ թե «մենակ թուրքական ու իսրայելյան նավեր եմ թալանել», սուտ, իհարկե, բայց գուցե դա էր շարժառիթը, որ որոշեց անընդհատ մեծացող իր հարստությունը նվիրել էներգիայի բանալին գտնելուն: Ինդուլգենցիա: Ես սեղմում եմ պիռատի թոռան ձեռը, աշխատում նրա հետ, նա իմ ընկերն է, ինձ հարգողը, իմ ու բոլորի բարերարը: Ես քնում եմ աշխարհս քանդողի դստեր հետ, իսկ ապուպապուպիս վրա դանոս գրածի ծոռանծոռն աշխարհն է փրկում իր բանաձևերով: Ես ապրում եմ սկաֆանդրում, նույնիսկ Նաիրայի հետ քնում եմ սկաֆանդրով, ես նրանց հետ շփվում եմ՝ ասես վակուումում, նրանց հետ շփվելիս ես ես չեմ, Զառայի հետ՝ ուրիշ, այն էլ՝ դժվար է անընդհատ դիմանալ ջութակի դագաղային վնգստան ռիթմին, ես ես եմ միայն՝ Նելսոն Տեր-Սիմոնյանցի տետրակները վերծանելիս, երբ վերջանան՝ շիզոֆրենիաս կհաղթի՝ ինքնասպան լինեմ, չեմ զբաղվի էլ ո՛չ Տեր-Սիմոնյանցի առաջադրած՝ ժամանակի խնդրով, ո՛չ նրանով, ինչու ուրիշների ներկայությամբ ուտելն ամոթ չէ, իսկ զուգարան գնալը՝ է, ո՛չ նրանով, ինչ են գեղեցիկը, հիշողությունը, սուտը, դավաճանությունը, հայուգենը, ճաշակը, ինչու եմ ափսոսում Երևանը: Սունդուչոկում գտնված ծակ դեմքերով լուսանկարների կտորտանքներում թե ով է՝ չեմ վերծանի, միլիոնավոր քաղաքի բոլոր ներկա ու նախկին ապրողների ճակատագրերը մի հայացքով, ասես սիմֆոնիան մի վայրկյանում ըմբռնել՝ չեմ փորձի, կգժվեմ:
Պիռատի թոռը: Էս պրոյեկտի փողը տալիս են հարուստները Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից ու Գվինեա Բիսսաուից: Հայերից շատերը մեզ շպիոն են համարում: Ես զարմանում եմ, որ իմ վերծանածին հավատում են: Իսկ գուցե՞ ես իրոք շպիոն եմ: Սուտ եմ վերծանել: Մեր վատն եմ ուզում: Երազումս տեսնում եմ, որ շպիոն եմ, փախնում եմ, չեն բռնում՝ բայց շպիոնությունը մեկ է մեջս ուտում է, այն՝ որ ինձ չեն սիրում, որտև շպիոն եմ, մեկ էլ տեսնում եմ՝ բուլդոզերն եկավ-վերացրեց սունդուչոկը, շպիոնությունս մնաց օդում, անմարմին: Անշպիոնություն մնացած շպիոն: Գար-փշրեր՝ էս սաղ չլիներ,Երևանում համեստորեն ցույցի դուրս գայի, Զառայի կողքին տամտամ խփեի, մեզ միասին քարշ տային քաղմաս: Իր յուբկեն քշտած, ոտքերն ասֆալտին սղղըցնելով:
-Քո անմիջական անցյալը վերացնում են,- ասում եմ Նոյին:- Նորը, լավը թե վատը, ի՞նչ ա. անսպասելիություն, խճճոց. նորից պիտի դրան սովորես: Ռուտինդ քանդվեց: Դա ինչի՞ ա բերում: Ավելի շատ էներգիա ես ծախսում, քան կծախսեիր, ծանոթ միջավայրի և կենդանի հիշողությունների մեջ եթե լինեիր ընկղմված: Մարդու ուղեղն անսպառ չի: Կանտը զուր չէր տաղտուկ կյանքով ապրում – որ տեղ մնա, բան հասկանա: Պատկերացրու, որ մեր տիեզերակայանն ամեն օր փոխվեր: Ու Հարությունը ամեն առավոտ չիմանար, ճաշարանը ո՛ր կողմում ա: Չիմանայինք, ո՛նց մեր սենյակից հասնենք կառավարման բաժին: Արդյունքում՝ ավելի վատ ես որոշումներ կայացնում:
-Շատ էլ ճիշտ ա,- ասում է ցինիկ (կամ ցինիկ խաղացող) Նոյը,- բա ուրիշ ո՞նց մարդկանց հախից գաս, թող շփոթվեն, անկապ նորի վրա ուղեղները ծախսեն, հինը չհիշեն, որ կարևոր նոր բան չստեղծեն, հեշտ լինի իշխի բանը:
-Հա, էլի, քարոզեն փտահոտ, կեղծված, անհավանական իրադարձություններ՝ իբր ճշմարտություն, որ ուղեղումդ տեղը գրավի՝ էդ կալկաներով առաջնորդվես, է՛լ ավելի խորացնեն քո՝ ճիշտ որոշում կայացնել չկարողանալը, որ պարտվես: Քո անմիջական անցյալը վերացնեն, առասպելականը պարտադրեն՝ դառնաս լրիվ ստրուկ:
Հասկանալ ներսից: Ես չեմ ապրումակցում գթասիրտ Տիգրան Մեծին, որ միայն իր որդուն սպանեց, իսկ նրա ժողովրդին՝ չկոտորեց, ու դա իբր իշխավորի մեծ վարք ու պատասխանատու ազգասիրություն էր: Ոչ էլ Սամվելի հորն ու մորը կամ Սամվելին: Ես չեմ ապրումակցում Գրիգոր Լուսավորչին, որ հորում էր նստած, կամ խոզացած Տրդատին: Շա՜տ հեռու է: Ես կարող եմ ապրումակցել իմ պապոյին, որին հանձնել էին սնդուկը, և նա մտածում էր՝ ինչ անի, ու գնաց կագեբե ու կարդաց «գործը»՝ «դոսյեն», կարող եմ ապրումակցել նույնիսկ, թեև գրեթե ոչինչ չգիտեմ նրա մասին, Նելսոն Տեր-Սիմոնյանցին, որովհետև կան նրա տետրակները, ձեռագիրը, մտքերը, որոնց կարելի է ապրումակցել կամ ոչ, որոնք ակնառու փաստ են, իր մտքի դաջվածք, նույնիսկ եթե իր կյանքի մասին քիչ բան է հայտնի: Որովհետև տեքստը, որպես իրական բան, հնուց եկած՝ հենվելիք է, նույնիսկ եթե հեղինակի մասին բան չգիտես էլ: Դրա համար՝ ես ապրումակցում եմ Ագաթանգեղոսին, ո՛չ թե իր հերոսներին: Չնայած գուցե ինքը չե եղել))) Բայց՝ մի՛ մոգոնիր բաներ հեղինակի մասին տեքստի հիման վրա, եթե չգիտես: Պատկեր՝ ստեղծիր, բայց որպես իսկություն մի՛ ներկայացրու: Ես կարող եմ ներսից հասկանալ, ինչ է զգում մարդը, Պատկերասրահ կամ Մատենադարան մտնելիս, կյանքի պատմություններ ունեմ դրա հետ կապված, «Մոսկվա» կինոթատրոնը, Օպերան: Նույնիսկ եթե ես ներսում չեմ եղել ինքս, նույնիսկ եթե անձամբ պատմություն չունեմ՝ ինչպես հրապարակի, ասենք, նախկին ԱԳՆ շենքի, ես կարող եմ պատկերացնել, որ կան դեռ մարդիկ, որոնց համար այդ շենքի վերացումը ուղեղի վերացում է, ինչպես ինձ համար՝ Օպերան:
-Ես սկեպտիկ եմ,- ասում է Նոյը:- Հավատում եմ մենակ էն բաներին, ինչ ինքս իմ աչքով կտենամ. պլանավորում եմ մենակ էն, ինչ կարող եմ իրագործել ինքս իմ միջոցներով: Երազանքներ չեմ մոգոնում: Ուրիշի ոչ մի ասածի նախապես չեմ վստահում, մինչև չստուգեմ: Ես ստոիկ եմ: Ես պրագմատիկ եմ. ես ընդգրկվում եմ միայն էն բախումների մեջ, որոնց դեպքում նախապես հույս ունեմ, որ ոնց էլ վերջանա՝ շատ դժգոհ չեմ լինի: Ես պատմությունը կերտում եմ իմ ամենօրյա ծրագրերի իրագործման միջոցով, ո՛չ թե հնի հետևից ընկած՝ հավատում պատրանքների:
Սաղ իրար ա խառնել ու տենց էկլեկտիկ ապրում ա, հաջողակ շան որդին:
-Բայց քաղաքը գոնե մի քիչ փրկելը կօգներ, չէ՞, որ ուրիշներն էլ լինեին քո պես, դառնային, որ խամաճիկ չլինեին, ունենային իրական հուշեր, ո՛չ թե աբստրակտ ու կեղծ, կարողանային ճիշտ որոշումներ կայացնել: Թե՞ քեզ մրցակից շատ կլիներ:
-Ես մրցակից չունեմ: Մարդը, որ ինձ հասկանում ա, իմ պես ա՝ արժեք ա – ես և նա՛ միայն կարող ենք համագործակցել: Եթե, իհարկե, դյութիչ կին չի, որից ես նաև այլ բան եմ ուզում:
-Քանդը,- ասում է Նաիրան, որպես դյութիչ կին՝ ճոճելով ախորժաբեր կոները սևի տակ,- նույնարմատ է շինելուն: Չէ, էն իմաստով չէ:- Մխիթարում է: Ինձ թե իրեն թե երկուսիս էլ: - «Քենդ» արմատը, «կերտ» արմատը: Տաշ-քենդ, Ստեփանա-կերտ: Կոնդ: Դու լեզվաբանություն սիրում ես, չէ՞: Քանդ-ակ: Տունըդ չքանդվի կամ տունըդ շինվի՝ նույնն է:
-Քանդն ու շենը նույնարմատ են, շեն ու քանդը նույնարմատ են,- երգում է Կարինան:- Օնթո-գրավի, գրավի՝ օնթո: Բալանս:
-Բայց ինչու՞,- ասաց Նոյը:- Այդ ի՞նչ տարօրինակ ջրբաժան է՝ 1975: Այդ տարի «Սոյուզը» և «Ապոլլոն» միավորվեցին, և սկսվեց ռազմաթափումը ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ միջև…
-Պայմանական տարի է, կոռռումպացիան-խռումպ-խռումպացիան ահագնանում էր մինչ այդ էլ, հասկանում ես… Բայց այդ օրից և՛ տաղանդները սկսեցին աղտոտվել ու նահանջել առանց երգի, և՛ բռիները՝ վեռխ վեկալել:
-Դա քո սուբյեկտիվ պատկերացումն է: Ոնց պիտի տաղանդը վերանա, մանավանդ՝ թե չեն գնդակահարում (մարդ էդքան չեն սպանում հենց էնտեղ, բայց ծառուշենք են սպանում,- չեմ ասում): Հա, 1975-ից փաստորեն տիեզերքի նվաճումը դադարեց մինչև 2040-ը, երբ օպերացիոնալիզացրին ջրածին-հելիում էֆեկտը: Բայց դե հո տաղանդներն էլ չվերացա՞ն: Մի՞թե չկան հեղինակություններ:
-Չգիտեմ: Ո՞վ ա հեղինակություն: Ըհը, ես ձեզ մեկին քթել եմ՝ Տեր-Սիմոնյանց: Կենդանի՝ չկա կամ գրեթե չկա, կամ՝ մի բանում հեղինակություն ա, մյուսում՝ ծակ բարբաջող: Իսկ էն ժամանակը կոչվեց «լճացում»: Հետո՝ պատերազմ, անկախություն, ցուրտ ու մութ, հետընթաց, նորից պատերազմ, ու անընդհատ՝ քանդ, քանդ, քանդ: Արդեն հայրիկիս օրոք քանդեցին 1940-ին բացված Օսոբտորգ Ունիվերմագը, հետո կոչվել էր «մանկական»: Մեռգելյանը: Հին թաղերի մնացած մասերը՝ Կոնդը, Նորագյուղը: «Չուլաններ»՝ դա էր գլխավոր փաստարկը, իրականում՝ ագահռուշտ էին ուղղակի: Քանդելուն սովոր ժողովուրդ ու իշխ, անզսպիչ, գրեթե ոչ ոք չէր ուզում, որ Երևանը պահպանվի, մի քանի հարյուր հոգի շատ-շատ, էն էլ մեջները չկար հեղինակություն, բացատրող, լսող, ինչի ա դա պետք: Մի հատ շարժում կար՝ Արմկոն, էն էլ հենց տեսան թափ ա հավաքում՝ գլխին տվին-վերացրին: Ռնդալով-քանդելով գալիս են, էկան-հասան Օպերային: Իսկ կառուցում են՝ մեծ մասամբ ծուռմռտիկ, անխնամ, անորակ, հնացած ստանդարտ գծագրերով, ծյապ-լյապ: Անմարդկային:
-Է, բողոքեք քաղաքագլխարանին:
-Իբր բան ասցիր: Ընդե նստածներն ավանդաբար, երևի, 1967 թվականից մենակ ու մենակ գռփիկ են՝ անգրագետ, սուտասան ու անասելի: Եթե մեջները լավն էլ կա՝ ձեն չունի, ավարա ա, կողքից նայող, կոոպտացվում ա համակարգի մեջ ու իրա բաժին մեղքը զխտկվում: Բայց չկա: Հետո դուրս ա գալի՝ ու սկսում փնովել նոր էկածներին, իբր ինքն անմեղ ա:
-Ու ոչ մի ելու՞յթ: Ժողովուրդն էլ չի ուզում ապստամբե՞լ,- ասում է Կարինան:
-Ժողովուրդը քնած ա: Մեծ մասը թքած ունի, ինչ ուզում ա՝ լինի, իրական, մոտիկ հինը չեն գնահատում, իմաստը չեն տենում: Մենակ սուտ կամ աղոտ հինը: Միֆացած, աղացած՝ իրանց բերանը դրած: Կենացային: Որ հեշտուպարզ ըլնի:
Իրենց խնայելով եմ, իբր, խոսում (թե՞ ինձ – դեռ էն աստիճան չեմ հասել, որ իրենց հետ շփումս կտրեմ: Կտրեմ՝ ի՞նչ լինեմ), իբր, սա աբստրակտ զրից է, իրենք, իբր, ժողովուրդ չեն:
-է, դու՛ ապստամբի: Թե չես ապստամբում՝ ի՛նչ ես մեծ-մեծ խոսում: Այ, ես չեմ ապստամբում ու մեծ-մեծ չեմ խոսում: Չես ապստամբում՝ մեղքը քո վիզը:
-Իրավազուրկը մեղավո՞ր ա որ: Եթե իրա կյանքը խնայում ա: Միայնակը գրեթե զինվոր չի: Սոլիդարություն ա պետք:
-Միավորման սիմվոլիկ ակտեր են պետք, կոչեր:
-Հեն ա, Զառան ջութակ ա նվագում:
-Ի՞նչ իմաստ,- ասում է Հարությունը, ծամելով:- Արդյունքում ավելի վատ բան ա ստացվում:
Էդքան ուտում է ու էդքան նիհար է: Երևի, նիհար է, դրա համար էլ պիտի էդքան սնվի:
-Մենակ աուտոդաֆե՞ն ա սիմվոլ: Տեսել եմ. էլի բան չի փոխում, մոռացվում ա իսկույն: Մեռնեի՝ Տեր-Սիմոնյանցի օրագրերը չվերծանեի: Հիմա ստե նստած չըլնեինք:
-Ես ատում եմ այդ քաղաքը,- ասաց գյումրեցի Ազնիվը՝ 20-ը նոր լրացած ինտերնը, մազափնջի ծայրը ծամելով:- Երեք տարի ապրել եմ, սենյակ վարձել: Զզվանք է: Ոչ մարդ կա նորմալ, ոչինչ:
Սիրտս ճմլվեց: Հա, Գյումրին, իհարկե, ազնվազարմ քաղաք է: Բայց ինչու՞ էիր դու եկել Երևան: Հա, քաղտնտեսությունն է կանչել: Եվ մի՞թե այնտեղ ավելի անլուր չէր: Իմ իմացած գյումրեցիների ասածով՝ դաժան է: Ի՞նչ է մայր քաղաքը՝ հրեշ, միլիոնների տժտժոց, սիրունությունը՝ մեռած թանգարանի փլատակի կտոր՝ էստեղ-էնտեղ, աչքիդ չի գալիս, ամենադաժանը սիրունության մեջ գայլերի ոհմակում մենակությունն է: Մնացածը՝ անլուր:
Ազնիվն էն աղջիկներից է, որ կարծում են, որ աշխարհն իրենցը պիտի լինի, ու դա մեծամտության ամպով է կարծես իրենց պարուրում, ու իրավունք ունեն, թեև աշխարհը հենց սկզբից հեչ իրենցը չի եղել ու չի էլ պատրաստվում լինել, բայց իրենք ինչ-որ տեղ գործ են անում (ինքը՝ Հարությունի թիմում) ու իրենց գործը, կարծում են, շատ կարևոր է, թեև ով գիտի, բայց երևի՝ հա: Տիեզերակայանում բոց թեմա կա քննարկվող, շինվել է արդյոք նա արդեն վերջապես, թե դեռ ոչ, երևի՝ ոչ:
Ուզում էի ասեի՝ քոպեսների պատճառով է վիճակը՝ սա, գնա քո Գյումրի, թե էնտեղ բան ա պահպանվել՝ էնտեղով զբաղվի: Բայց հանկարծ մտածեցի՝ իսկ չէ որ ես էլ եմ այն ատում… Տարբերություն կա՞ դառը կորստյան իմ զգացումի վերսուս նրա անտարբեր բացասման միջև: Աղջնակը եկել է, անփորձ, իր կյանքի առաջին մեծ քաղաքը, հայրենի մեծ իբր մայրաքաղաքը ու՝ միայն յախկը տեսել, աղբն ու քըխը, միայն բորենիներ, չնայած խեղճ բորենին ինչ մեղք ունի՝ անունն է դուրս եկել, - միայն թանկությունը, համակարգերի չաշխատելը: Մեղադրե՞լ: Ինչի՞ պիտի նա սիրի դա: Մյուս կողմից՝ ատելով թե սիրելով՝ մենք այն տանուլ ենք տալիս: Տվել:
Աչքերիս նեղացած հրակնատից նայում եմ ես նրանց. հեռու՜-հեռու են:
Հիվանդանամ՝ գործս կանգնի: Առանց ինձ էլ կանեն: Իրավունք ունե՞մ դեպրեսիայի: Քիչ է: Տետրակներում էլ գրեթե բան չմնաց, որ կարող էր իրենց պետք գալ: Եթե քանդել՝ ապա քանդել. փշրեմ Արմենկոսմը, ես էլ մեռնեմ բոլորի հետ՝ ի ցույց: Որ չմիացաք: Գործ եմ անում, էս ինչ պարտքի մարդ եմ ես, էս ինչ պարտքի մարդիկ ա հավաքել Նոյը: Գործն աշխարհ է շուռ տալիս ու տաղտուկ է, մարդուն դարձնում է գլյանցևի, եթե հաջող է, էդքան բան: Սիրուն Նաիրան իր մեջ զգում է՝ դեռ ջահել, գործին նվիրված, մայր լինելուց ոչ պակաս գործ է, մայր կլինի թե չէ՝ կարևոր չէ, օգնելու իր առաքելությամբ… «Սիրուն եմ՝ կարևորն էդ ա, կրծքերս դեռ կախ չեն: Պապան ինչ որ անում ա՝ իմ հետ կապ չունի, Նելսը դիվոտում ա՝ իսկ ես էրկուսին էլ քնքուշ եմ վերաբերվում: Էրկուսն էլ լավն են, էրկուսն էլ, երեքն էլ լավն են»: Կարինան՝ նույնը, լավ է՝ չգիտեմ, իր պապան կամ պապն ով է, մի քիչ էլ՝ կանացի բարի նախանձ ու միշտ պատրաստ՝ Նաիրայի դրոշը վերցնել, դոշերով մրցել: Ազնիվը… Այ, նա կարող էր վրիժառու լինել, շահիդ, բայց դե երեխուն ուղուց շեղելը մանկապղծության պես բան է… Շահիդ կաց… Հարությունը՝ միշտ զխտկվող… Դավաճանի սերունդ, հա՞: Իսկ գուցե չէ: Դանոս գրեմ՝ շատակեր է… Նոյը դանոսը չի առնի: Նոյի վրա դանոս գրեմ՝ վատնում է բաժնետերերի փողը… Զենք լիներ… Բլաստեր, գոնե ատրճանակ: Դանակ՝ կա: Ավելի ազնվազարմ է: Է՛լ ավելի ազնվազարմ է՝ «մերկ ձեռքերով» խեղդել: Նիհար Հարութին նույնիսկ ես կհաջողացնեի: Քնած ժամանակ: Կացին էլ պետք չի: Հայտարարեի՝ նախնու դավաճանության մուռն եմ հանում: Վարի գնաց էքսպերիմենտը, Նոյը տակ մնաց: Ռազ ուժ անտարբեր եք: Հերոս-հերոստրատ: Չէ, Հերոստրատը Նոյի դեպքում: Մի հատ տաճար արժի, պատարագի չափ կա… Ուժըս չի պատի, ինքը ուժըս ուժեղ ա, բլաստեր ա պետք: Էմիլիան էլ կարար, ասենք, ռայկոմի մի որևէ քարտուղար բռներ-սպաներ, չէ՞: Ասալայաբար: Փսևդո-Կապլան: Չէ, նա ահաբեկիչ չէր՝ մահաբեկիչ էր – Նելսոն Տեր-Սիմոնյանցի մահը բեկեց: Մասամբ: Սաղ զարմանում էին, որ Ստալինին չեն սպանում, այսինքն ի վերջո սպանեցին – միասնական ուժերով՝ ինքը, իրանք ու կյանքը սպանեցին: Հետո՝ որ Պուտինին, հետո՝ որ Միրկինին, հետո՝ որ Բարսեղին, հետո՝ որ Սուքիասին… Չի՛ կպնում, չի՛ փրկի, արդեն ուշ ա: Սեր չկա, կայծ, կիրք չկա, բախում, շփում չկա՝ շերտեր, բազում, խո՜րը շերտեր, տակը՝ Ղանթար, ու զուգահեռ, չհատվող գծեր, ընդամենը էվկլիդյան, հանգի՜ստ, անցյալն՝ անցած է, ներկան՝ անցած է, սունդուչոկից բացի՝ մեզ բան չհասավ, ի գո՛րծ, ի ազնվազարմ գո՛րծ, ի ապագա՛… սարքել ու քանդել: Հերոստրատն իրականում իրենք են: Սաղ աշխարհում՝ համարյա միակ հակահերոստրատ ես ու Զառան: Ես՝ թաքուն, ինքը՝ ջութակաբար: Հարձակվեին վրես՝ էս ցինիկ, հոգատար, անտարբեր ռեմարկների փոխարեն, էրիխ-մարիա, ջեզուս-մարիա, դիվոտեի, սկանդալ անեի: «Անտարբերությունը, այո, մեղք է, բայց հազար անգամ լավը՝ քան ակտիվ մեղսակցությունը», գրել էր Նելսոն Տեր-Սիմոնյանցը: Ապլոմբ: Իր ամենախելոք միտքը չի բնավ: Զառան ա ներքևը, թող համախոհ փնտրի: Երբ բան չեմ կարում անեմ՝ հույսս դնում եմ, որ ինձնից դուրս ուժերը մեկ էլ հանկարծ կկազմակերպվեն ու կանեն, ես էլ կողքից դամ ու մոմ պահեմ, արթնանամ՝ հարցը լուծված:
-Իսկ ճարտարապետնե՞րն ինչ են ասում,- ասաց Նոյը: Թքած ունի Երևանի ճակատագրի վրա, բայց հարգում է ինձ, ուրեմն՝ իմ խնդիրները: Հեռվից հեռու, կուլտուրական:
-Ճարտարապետները ի՞նչ կապ ունեն: Համակարգն է այդպիսին: Ինստիտուցիաները,- խելքին զոռ է տալիս Հարությունը:
-Մարդ կարա դանոս գրի՝ կամ չգրի,- ասում եմ,- ծառը կտրի՝ կամ չկտրի, Կոնյակի գործարանը քանդի՝ կամ չքանդի:
Հատուկ չեմ ասում «Օպերան», որ Նաիրան իր վրա (չ)վերցնի:
-Դու չէի՞ր ասում՝ «իրավազուրկը մեղավոր չի»:
-Որոշում ընդունողն իրավազուրկ չի, հարմարվող ա:
Դասակարգային պայքարում հաղթեց ուրիշը, ես ոչնչացա: Թափառաշրջիկ եմ, աննյութ, անբեռ, թռի-վռի պրոլետար, հարդագող պանդուխտ՝ նախկինում «սեփական» քաղաքից, որ չունի ոչինչ, բացի իր շղթաներից: Կոկորդիս կանգնածը կուլ տամ, բավարարվեմ, ինչպես մինչև հիմա, ինչպես «լավ» ճարտարապետ:
-Գոնե նոր բան իմացա՞ր պապիցդ:
-Չէ: Մենակ՝ որ դանակ-մկրատ սրելու սարքի նման բան ա նկարել Նելսոնը տեքստի վերևում:
-Ցույց տուր:
-Հես ա: Էդ էլ՝ իբր կայծերն են, պապոս ասում ա:
-Էդ ի՞նչ ա:
-Էսպիսի մե՜ծ սարք էր՝ տարբեր չափսերի շուշաքարերով, իրար հաղորդակցվող կլոր, մարդը շալակած քարշ էր տալի, գալիս բակում կանգնում էր, «դանակ-մկրա՜տ սրեմ, դանակ-մկրա՜տ», կանանոնք գալիս էին դանակներով, ինքը ոտի պեդալով շուշա-քարը պտտում էր, դանակը մոտեցնում՝ շչալով սրում: Ու կայծեր էին թռնում:
-Հա, դե շփումից:
-Կայծե՞ր,- հանկարծ ասաց Հարությունը, բերանի կտոր հացը ծամելով:
-Կայծեր:
-Կայծե՛ր,- ասաց Հարությունը, դժվար կուլ տալով: Քիչ էր մնում կոկորդին կանգներ: Ջուր խմեց:
-Ի՞նչ՝ կայծեր:
-Շփումից առաջանում են կայծեր:
-Հետո՞ ինչ:
-Ժողովուրդ ջան: Կայծերը բռնելը հեչ դժվար չի: Դեմը մեմբրան ես դնում՝ ու կլանեց: Եթե կայծեր կան՝ ըսենց մի հատ ղֆիլ ա պետք՝ բռնիչ, կուտակիչ, հաղորդիչ: Հաղորդիչը կա:
Հարությունը, սեղանից ևս մի կտոր հաց թռցնելով, դուրս վազեց նավասրահից:
**
Նավասրահից խրախճանքի ձայներ են լսվում: Քնաթաթախ գնացի էնտեղ: Հրճվում են, թիմի հերթական հաղթանակն է տոնվում, ես ճոճվում եմ ձեռնունայն: Էլ քարկապ չկա իրենց համար, մենակ իմ գորդյանը մնաց, ու չի էլ կորի:
-Անցյալն իմաստուն է,- ասում է Կարինան:- Քո ապուպապը քեզ օրինակ:
-Չգիտեմ: Մեկ իմաստուն ա, մեկ՝ ոչ: Ֆասադը խնամքով ա արած, հետևը՝ վերնակուլյար: Դե աղքատ են էղել: Նելսոն Տեր-Սիմոնյանցն էլ. էնքան խելոք էր, որ գրեթե չէր գրում հասարակական պրոցեսների մասին: Երևի, զգուշանում էր: Բայց մեկ ա տակից դուս չեկավ: Իսկ որ գրում էր՝ հաճախ սխալ էր. ոչ թե միտքը մտքի վրա էր, այլ՝ միտքը մտքի փոխարեն: Օրինակ՝ հենց դա. որ անտարբերությունն էդքան էլ մեղավոր չի: Նրա արժեքավոր մտքերն աշխարհի բանին են վերաբերում ավելի շատ: Մտքի բանին:
-Անհնարին շղթա է,- ասում է Նաիրան ու ազատ կուրծքերը սև շորի տակ դես ու դեն անում.- ուրեմն պապիդ ծանոթը պիտի սնդուկը դուրս փորեր, ատուտատուտատիդ ընկերուհին իրան վստահվածը չոչնչացներ, սնդուկի մեջ դներ, տաներ-թաղեր, ապուպապդ Էքթրեյնի հետ ծանոթ լիներ կամ իրա գործերից տեղյակ լիներ, որոշեին, որ հենց էդտեղ են ռեստորան կառուցելու, պապիդ ծանոթը պապիդ ծանոթ լիներ, մտքովն անցներ զանգել, պարզվեր՝ ճիշտ բան էր մտքովն անցել, սնդուկը տար, պապդ դրանով չզբաղվեր, հորըդ տար, հայրդ չմոռանար, չկորցներ՝ հեռատեսաբար քեզ փոխանցեր, դու կարողանայիր վերծանել, Նոյին հանդիպեիր, Նոյը հետաքրքրվեր, Արմենկոսմը ստեղծեր, դու վերծանեիր, չհասկանայիր, էդ նկարն ինչ ա, պապդ պատմեր դանակ-մկրատ սրելը, կայծերը նկատեիք, պատմեիր Նոյին ու Հարությունին, որ Հարությունը «կայծեր» բառից հանկարծ տեղը բերեր, թե ինչ անի:
-Եվ՝ ի նվեր քեզ՝ քո պատվից՝ որոշեն Օպերան չքանդել,- խայթում եմ:
-Հիմա, էներգիայի անսպառ պաշար եթե կա, կարող ենք վերականգնել ամենը, ինչ ուզենք,- ուզում է լավը լինի, մխիթարում է:
Կիսված է իմ ու հոր միջև: Բայց կիսված չէ իմ ու Նոյի միջև: «Եթե Նոյը քեզ էդքան չհարգեր՝ ես քեզ չէի տա»: Ձրի տվող է: Իմ վճարն այն է, որ Նոյն ինձ հարգում է: Լավ եմ դասավորվել: Ուղղանկյուն եռանկյունների սիմետրիա: Աիդա քառակուսի պլյուս Էմիլիա քառակուսի հավասար է Նելսոն Տեր-Սիմոնյանց քառակուսի հավասար է Նոյ քառակուսի պլյուս ես քառակուսի հավասար է Նաիրա քառակուսի: Արհեստական քաղաքակրթություն: Պարեիդոլիա: Էնտեղ սեր կար հավատարիմ (հավատամ), էստեղ՝ չոր անտարբերություն, եթե ոչ շպիոնություն: Բազմավեկտո՞ր: Կարծում են՝ հանկարծ ու իրոք ահաբեկիչ դառնամ, հետևող ա պետք: Վակուում: Ոչ մեկի հետ չենք կարող կիսվել: Ասում ենք՝ ասածներս փոշիանում ա, ասես ասված չի եղել: Սկաֆանդրի մեջ:
-Էլ քանդի պատճառ էլ չկա,- շարունակում է:- Թող գնան որևէ մոլորակ՝ ինչքան ուզում են իրանց ճաշակով բան կառուցեն: Հիմա ուր ուզեն, ինչ ուզեն՝ կկառուցեն: Շուկայի հարց էլ չկա:
-Չէ, հա: Մինչև վերջ խժռելու են՝ նոր գնան: Իրանք հո կառուցելու կամ շուկայի համար չեն քանդում:
-Բայց որ չքանդեին, ապուպապուդ սունդուչոկն էլ չէին գտնի: Չկա չարիք առանց բարիք:
-Ես համաձայն եմ, թող էս բոլոր հայտնագործությունները չլինեին, Հարությունը ստիպված անձամբ հայտնագործեր, բայց Երևանն էլ չքանդեին:
-Լուդդիստ: Լավ, ասա, ի՞նչ լավ բան կար քաղաքում, որ հիմա չկա:
Լեզուս կապ է ընկնում: Էկոլոգիա-մեկոլոգիա… Սաղ նորից պատմե՞մ: Կարճ ինչ մտքիս գալիս է՝ տրիվիալ տափակություններ են: Մարդու չափսով իշխաքաղաք… Քաղաքը հանելուկ է միշտ, չես բացատրի, մարդու համար իր ինչն է լավ, ինչը՝ չէ, ու՝ ինչի: Ում համար՝ ինչը:
Որ վերջին խոսքն իրենը մնա՝ Նաիրան կտրուկ դուրս է գալիս նավասրահից: Թե վերջը համոզի, ամուսնանամ՝ էրեխու անունը դնեմ Աիդա-Էմիլիա, փրկեք ինձ:
-Նոյչիկ,- ասում է Կարինան,- դու էներգիան ձրի կտաս, չէ՞, աշխարհին:
-Հը՞,- ասում է Նոյը մտազբաղ:- Արդեն պատենտավորել ենք:
-Բայց քեզ ինչի՞ն ա պետք շահագործելը: Դու սոցիալիստ ես:
-Ես պարզապես սոցիալիստ չեմ, ես սպեցիֆիստ եմ,- ասում է Նոյը:- Ձրի՝ գուցե, բայց ինչ-որ վերահսկում պիտի լինի ամեն դեպքում: Համակարգ կստեղծենք: Ոմանց՝ ձրի, ոմանց՝ վարձով: Մեկ ա պիտի բաժնետերերի փայը տանք:
Ըհը, Թուրքիայի համար էժան էներգիա ստացանք: Հես ա ժուռնալիստները կհասկանան-կհասնեն՝ ու քաշվանք: Բայց իրա վեջն էլ չի:
-Բայց դա պարտություն չի՞: Ոչ թե խելքի միջոցով մարդիկ ճիշտ վարվեն, այլ՝ բնության օրենքով:
-Ինչ որ ա յա: Մարդն ազատ ա այսուհետ: Արհավիրքներ պետք չեն, ապահովություն ա պետք, որ մարդ խելոքանա: Էներգիան բոլորին՝ անսպառ ու ձրի: Եվ թող ոչ ոք քոռ ու փոշման չհեռանա:
-Դա էլ ա Նելսոնը գրի առել:
-Ի՞նչը:
-Ինչի դա տեղի ունեցավ:
-Ինչի՞:
-Որովհետև, ասում է, «Բնությունը, որպեսզի թույլ չտա վերջնական անհնարինը (արգելված արարքը), իրականությունը ծռում է այնպես, որ անհավանականն իրագործվում է»: Հեյզելբերգի հակառակը:
-Բայց ինչի՞ ա Օպերայի քանդելն անհնարին արդյունքի տանում:
-Չգիտեմ: Երևի, կա ևս մեկ գործոն, որը մենք չգիտենք:
-Դե՛ռ,- ասում է ինքնավստահ Նոյը:- Ապուպապուպապդ էդ է՛լ կբացատրի: Դու ու տղերքով (աղջկերքին էլ նկատի ունի/ունի՞) հարցը կլուծենք:
Հարությունը միացնում է բազմատեսիլը: Նավասրահի էկրանին Երևանն է, քաղաքագլխարանի նիստն է, Օպերան են քննարկում: Ես ծամածռվում եմ:
Հարությունը.
-Չե՛ս ուզում, է՛լի, որ հարևանդ, ազգակիցդ լավ ապրի:
-Դու էլ իմը չես ուզում: Ու քո թոռներինը: Աիդան ու Էմիլիան սպասում էին Տեր-Սիմոնյանցին, քանի դեռ հաստատ չէր, որ գնդակահարել են, սպասում էին, փորձում մտքով ապրումակցել: Ո՛նց էին իրան գնդակահարում, ի՛նչ էր զգում: Գիտե՞ս ոնց: Պապոն ասում ա՝ իրա պապան իրան պատմում էր, որ սպանվողը, իբր, բան չի զգում… Կամ չպիտի զգա… էդ թվերին արդեն «հումանիստական» էին սպանում: Տեսնես ի՛նչ գիտեր, իրա ծոծրակին էլ էի՞ն կրակել: Երկա՜ր միջանցք. մարդը չգիտի, իրան ուր են տանում: Իբր: Գիտի՞ թե չգիտի: Հետո ասում են «մտի էս սենյակ», սենյակում դռան հետևը կանգնած ա մարդը՝ «մակարով»-ով: Մարդը մտնում ա՝ մարդը հետևից ծոծրակին կրակում ա: Հետ թռավ, որ արյունը վրեն չթռնի: Ի՞նչ պիտի զգա, ո՞նց ապրումակցես, երբ ուղեղդ պայթում ա: Մարդը մարդ չի: Արդեն մինչև կրակոցը, միջանցքով քայլելի՞ս, ու հատկապես՝ երբ ուղեղը պայթու՞մ ա: Տեսնես ո՛վ էր կրակողը, հետո ի՛նչ էղավ: Ու՛մ ծնեց: Ո՛ր հանճարին: Հարվարդում ուսանած:
Ազնիվ.
-Ուղեղս պայթում ա: Հիմա գոնե շենք են սպանում, ոչ մարդ:
Հարություն.
-Շենք ա, էլի, հո մարդ չի՞, որ էդքան հուզվում ես:
Կարինա.
-Շե՞նքն ինչ ա զգում, որ իրան քանդում են: Ծա՞ռն ինչ ա զգում, որ իրան կտրում են: Օնթոն որ ոչնչացվում ա, դա էլ ա՞ տեսնես էներգիա արտածում: Գուցե էդ էներգիայից է՞լ օգտվենք,- պայծառացած է խոսում, իբր՝ էլի, չկա չարիք առանց բարիք, ահա, վարկած արտադրեց:
-Չսպանեին՝ մի հատ է՛լ Վիկտոր Համբարձումյան ունեցած լինեինք, չէ՞,- ասում է Ազնիվը, տակնիվեր նայելով ինձ ու Նոյին:
-«Գործում» սատարող նամակ չկա հայերից, Կառալյովը՝ քիչ առաջ զեկ, կիսաանհայտ ինժեներ, բայց արդեն Բերիայի կողմից գնահատված՝ գրել ա, հայերից՝ չէ: Բայց, այո, կան Վիկտոր Համբարձումյանի աշխատակցի՝ Սարգիս Վարդանյանի հուշերը՝ 60-ականներին գրած, բա թե՝ 1947-ին մարդիկ վախենում էին միջամտել, գիտնականներն իրար մեջ որ խոսում էին՝ ասում ա մեկը կար՝ հայտնի գորձ տվող, ասում էր երևի իրոք գերմանական շպիոն ա («կռիսանոց», ասում է ճարտարապետը քաղաքագլխարանի նիստում), քանի որ անհայրենիք կոսմոպոլիտ ա («դարն անցած», ասում է փոխքաղաքագլուխը), ծպտյալ հրեա եղած կլինի («մաքրենք քաղաքը հին, օտար մշակույթի շենքերից», ասում է «հանրության ներկայացուցիչը»), «մեր սուրբ լեզվի դեմ է ելել, մարքսյան լեզվաբանության» («ախոռ է», - ասում է դասականի հանդերձներ վրան քաշած ճարտարապետը, «որ Քրիստոսը ծնվեց՝ մսուրն էլ էր ախոռ», մտքումս պատասխանում եմ պայթած ուղեղիս կեսով - շիզոֆրենիա), «մաքրե՛նք հանրապետությունը դեռևս հանդիպող մոլախոտերի առանձին դեպքերից» («բնակարանների կարիքը մեծ է, քաղաքն աճում է, պետք է հնի քոքը տալ, նորը սարքել՝ ըստ մեր հների սուրբ պատգամի», ասում է քաղաքագլխության պլանախողման բջջի իշխի տեղավարի գործակուլը): Վայ, էդ անջատի, է՛լի: Ազգանունը մոռացա:
-Դե քաղաք ա, աճում ա, բնական պրոցես ա,- խաղաղարարաբար ասում է Բերենց Հարությունը, ինչ-որ բան ծամելով ու մեծահոգաբար, թեև դժկամորեն, անջատելով բազմատեսիլը:
-Իսկ դու մենակդ չէիր կարա՞ գուշակեիր, որ եթե շփում կա՝ կայծեր պիտի լինեին:
-Չէ:- Ինչի՞:- Եսիմ: Մտքովս չէր անցել:- Բա ի՞նչ էր անցել:- Շփման կողմից ինչքան ա դանդաղացնում շարժումը: Էդ ուղղությամբ էինք շարժվում:- Վայ թե քիչ էիր կերել էն օրը, հա՞:- Չէ, նորմալ:- Ուրեմն էդքան պլոճիկ չունեիր, հա՞, 150 տարի առաջվա խզբզանքն էր պետք, որ գլխի ընգնեիր:
Ապուպապուպապիդ մտքովն էլ չէր անցնում,- չեմ ասում: Ուղեղը բարդ բան է: Մի բանում մարդ հանճար է, մյուսում՝ բութ ու շատակեր:
Նաիրան հայտնվում է նավասրահի շեմին, էն բաները ճոճելով.
-Հայրիկս ուզում է քեզ հետ խոսել:
Աստված իմ: Նոր պատուհաս:
Մոտենում եմ բազմատեսլին: Նաիրայի հայրիկը, իր դստեր պես, կապուտաչյա է: Ֆռցնում է կապույտ իր աչքերը: Ֆռցնում է կապույտ աչքերով: На голубом глазу: Նա երևի հույս ունի, որ եթե ոչ Նոյը, ապա ես, եթե ոչ ես՝ ապա Նոյը դեռ կամուսնանանք իր դստերը: Դստեր էն բաների խաթր: Նոյը չի ամուսնանա:
-Բարև ձեզ, պարոն Սիմոնյան: Շնորհավորում եմ հայտնագործության առթիվ:
-Հայտնագործությունն իմը չի:
-Ամեն դեպքում: Ես ձեր փոխարեն հպարտ կլինեի, որ այդպիսի նախնի ունեմ:
Ձեր աղջկան ասեք:
-Ուզում եմ ձեզ միացնել Երևանի քաղաքագլխի գրասենյակին:
Երևում է էսպես կոչված քաղաքագլուխը: Տո նա՛ ինձ ինչիս ա պետք:
-Պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ: Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանի ավագանու որոշմամբ դուք պարգևատրվում եք Երևանի պատվավոր քաղաքացու կոչմամբ:
Գնա գաղթի, արի սիրեմ:
-Ի՞նչ ցանկություն ունեք Երևանին վերաբերող:
-Օպերան որ չքանդեն:
Մեջ է ընկնում Նաիրայի հայրը.
-Օպերան վաղուց էր պետք քանդել: Այդ հնոտի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից քաղաքի կարիքներին, պահանջներին ու դիզայնին: Բա որ իմանաք՝ տակը ի՜նչ կարևոր հնություններ կան… Մատուռ գետակը… այսինքն Մամուռ գետակը… Դուք տեսե՞լ եք մեր հոյակապ նախագիծը: Ֆանտաստիկ բան ենք անում քաղաքում…
-Դե, դուք հարցրիք՝ ես էլ պատասխանեցի:
Բազմատեսիլն անջատում եմ փութով:

header.all-comments