top of page
Search

«Երևանի գիշերներում» Հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան

  • Writer: frunz8
    frunz8
  • 6 minutes ago
  • 24 min read

Գլուխ 1 

Ինչ զով գիշեր է*


Գարուն էր: Այն բացառիկ գարուններից, երբ դանդաղ վայելում ես եղանակի փոփոխությունը, ոչ թե ձմեռային վերարկուից միանգամից անցնում կարճաթև շապիկի: Եվ Հարությունը փորձում էր հնարավորինս օգտվել եղանակի կարճատև շռայլությունից: Ցերեկը չէր կարողանում՝ աշխատում էր գրասենյակում: Բայց երեկոյան, երբ երկինքը նմանվում էր կապույտ թավշի, որի վրա Անահիտ աստվածուհին գոհարներ էր սփռել, Հարությունը վերջապես վայելում էր գարնան զովը: Հագնում էր թեթև վերարկուն, դուրս գալիս գրասենյակից, որտեղ առավոտվանից կորում էր կոդի մեջ՝ երբեմն հայտնաբերելով, որ ուղղակի շշմած նայում է մոնիտորին: Հանում էր ծխախոտի տուփը, հիշում, որ ուզում է թողնել, նորից դնում էր գրպանը և զբոսնում՝ առանց որևէ նշանակետի:

Ռեստորանների լույսերը մարում էին, բայց երիտասարդը դեռ չէր ուզում տուն գնալ։ Մեկ է՝ մոտիկ է, կգնա էլի։ Իսկ հիմա ավելի լավ է մտածել, թե ինչ է անելու երկու շաբաթ պարտադիր արձակուրդի** ընթացքում: Անցյալ տարի աշխատանքի ծավալը այնքան մեծ էր, որ արձակուրդ գնալու ժամանակ չկար, իսկ հիմա արդեն ստիպված է:

«Միգուցե և լավ է։ Ռելիզը հանձնել ենք, կարելի է շունչ քաշել: Կարելի է մի քանի օրով գնալ Բյուրական, եթե մոտակա օրերին սպասվում է որևէ ասուպային հոսք», — մտածում էր Հարությունը՝ Կասկադի աստիճաններով իջնելով: — «Մնացած ժամանակ կարելի է… քաղաքով զբոսնել»:

Հարությունը մի պահ շեղվեց չսպասված արձակուրդի մասին մտքերից, կանգնեց տեռասին և նայեց ներքև՝ այնքան ծանոթ, բայց միևնույն ժամանակ անդադար փոփոխվող տեսարանին: Բնակելի շենքերի լույսերը մեծ մասամբ արդեն հանգել էին, ինչն էլ ավելի էր ընդգծում Կասկադի համալիրի գոտին և Օպերայի շրջանը:

Հարությունը կարծում էր, որ գիշերային Երևանը անփոխանցելի չքնաղություն ունի: Ասես անտեսանելի ձեռք մթության մակերեսին լույսով փորագրում է ծանոթ ուրվագծերը՝ շեշտելով շենքերի յուրահատկությունները:

«Կամ էլ վերջապես լուսանկարչության կուրսերի գնամ», — Հարությունը շարունակեց աստիճաններով վայրէջքը և ազատ ժամանակի տնօրինման խնդրի մասին մտորումները, — «Կասկադը նկարել չեն թողնում, գոնե մյուս շենքերը նկարեմ, թե չէ վաղը-մյուս օր դա էլ կարգելեն»:

Հասնելով Թամանյանի արձանի մոտ, երիտասարդը մի պահ շրջվեց, հայացքը ուղղելով արձանի կողքի հատակագծին:

— Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի***, — կամաց ասաց Հարությունը, իր զարմանքին հիշելով Չարենցի բանաստեղծությունից հատված, որ գնահատական ուղղելու համար անգիր էր սովորել ավարտական դասարանում։

«Հետաքրքիր է, ինչի՞ եմ այսօր այսքան ցրված: Երևի արդեն տուն գնալու ժամանակն է», — եկավ եզրակացության Հարությունը և շարժվեց դեպի անցում:

Փոքր կենտրոնում ապրելու բոլոր առավելություններից Հարությունը ամենաշատը սիրում էր մի կետից մյուսին առանց տրանսպորտի հասնելու հնարավորությունը: Պետք չէ մեքենայի համար կայանատեղի փնտրել, կամ ժամերով սպասել ավտոբուսին, մտովի կոպեկ գցելով. կգա՞, չի՞ գա: Իսկ գիշերը զբոսնելը Հարությունի համար առանձին հաճույք էր՝ փողոցում գրեթե մարդ չկա, լուսամփոփները ապահովում էին փողոցի տեսանելիությունը: Եվ ամեն ինչ կլիներ սովորականի պես, եթե Հարությունը չտեսներ, թե ինչպես է Մոսկովյանով վազող տղամարդու հետապնդում մի երևույթ, որը Հարությունը հետագայում նկարագրեց որպես «խավարի կույտ՝ կարմիր աչքերով»:

Առաջին միտքը, որ այցելեց Հարությունի գլուխը, այն էր, որ հոգնածության ֆոնի վրա տեսիլքներ է տեսնում։ Միգուցե կարողանար համակերպվել այդ մտքի հետ և շարունակել քայլել դեպի տուն, սակայն կասկածում էր, որ տեսիլքները կարող են բղավել «Գիտես թե բռնելու ես, հա՞»՝ վազելով դեպի Բաղրամյան։

Վախը և արկածախնդրությունը կարճ պայքար ունեցան երիտասարդի ուղեղում։ Երկրորդի հաղթանակով պայմանավորված՝ Հարությունը միացավ վազքին։




*Հատված «Սա Երևանն է» երգիցԽոսք և երաժշտություն՝ Ռուբեն Հախվերդյան

** ՀՀ օրենք ամենամյա վճարովի արձակուրդների վերաբերյալ 

***Հատված Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունից, նվիրված Ալեքսանդր Թամանյանի հիշատակին 


Գլուխ 2 

Որ Երևանն իրոք արտասովոր է*


Հարությունը չգիտեր, ինչից է սիրտը կատաղած բաբախում՝ վախից, ոգևորությունից, թե նրանից, որ ծխելը պետք էր դեռ մեկ տարի առաջ թողնել և զբաղվել սպորտով: 

Բարեբախտաբար, վազքը ավարտվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մոտ: Տղամարդը կանգնած էր թանգարանի մուտքից մի քանի մետրի հեռավորության վրա, իսկ խավարի կույտը դանդաղ մոտենում էր, կամաց-կամաց ձեռք բերելով ահռելի չափերի սև շան ուրվագիծ: Հարությունը զգաց, թե ինչպես մարմնով սարսուռ անցավ՝ տեսիլք թե ոչ, ավելի զարհուրելի բան կյանքում չէր տեսել: 

Սակայն տեսիլքի զոհը ընդհանրապես վախեցածի տեսք չուներ: Լուսամփոփի թրթռացող լույսի տակ Հարությունը տեսավ, թե ինչպես էր անծանոթը ժպտում ու դանդաղ շարժվում դեպի ձախ, թողնելով կարմրաչյա կենդանուն մոտենալ այնքան, մինչև որ հայտնվի իր և թանգարանի դռան առաջ: Անծանոթի ձեռքերում ինչ-որ բան փայլփլում էր, բայց Հարությունը հեռավորության և թույլ լուսավորության պատճառով չէր կարողանում հասկանալ, թե ինչ: 

— Վերադարձիր խավար, — բացականչեց անծանոթը լույսի շիթ ուղղելով գռմռացող «տեսիլքի» վրա: Վերջինս ոռնաց, երբ լույսը դիպչեց սև մառախլապատ մարմնին և քայքայվեց, հալվեց օդի մեջ: 

Լուսամփոփը վերջապես դադարեց թրթռալ և Հարությունը հասկացավ անծանոթի ձեռքին եղած առարկայի բնույթը՝ ակումուլյատորային դեղին լապտեր էր: Իսկ անծանոթը, Հարությունի գնահատմամբ, իրենից մի քանի տարով էր մեծ՝ երեսունի մեջ նոր էր մտել: 

Անծանոթը, որ մինչ այդ չէր նկատել Հարությունին, անջատեց լապտերը և սկսեց ուսապարկում տեղավորել, երբ հասկացավ, որ ականատես ունի: Մի պահ սառեց, ասես ուզում էր ստուգել, հաջորդական տեսիլքն է, թե իսկական մարդ։ Հետո` ուսապարկը գցեց ուսին և մոտեցավ Հարությունին։ 

Երիտասարդը միանգամից խեղդեց մտքում ծագած փախչելու ցանկությունը. «Փախչելուց պետք էր այլմոլորակային շնից փախչել, ոչ թե իրեն ոչնչացնողից»: 

— Տեսար, — եզրակացրեց անծանոթը, և Հարությունին ձեռք մեկնեց, — Վարդան։ 

— Տեսնելը տեսա, բայց… էտ ի՞նչ էր — մի կերպ արտասանեց երիտասարդը և Վարդանի ձեռքը սեղմելով ավելացրեց, — Հարութ։ 

— «Մթնշաղային որսաշուն»։ Կեսգիշերին հայտնվում են, դուրս գալիս քաղաք որսի՝ մինչև արևածագ:  

Հարությունը փորձում էր մարսել լսածը:

— Ու՞մ են որսում, ու ի՞նչ կլինի, եթե որսին հասնեն: 

— Ով ճանապարհին պատահի: Իրենց չտեսնողներին խնայում են, էներգիան մինչև վերջ չեն «հոշոտում»: Բայց տեսնողներին հետապնդում են ու մինչև վերջ «քամում»: 

Հարությունը թուքը կուլ տվեց: Չէր ուզում մտածել, թե «քամելը» ինչ է, և ինչ է լինում մարդու հետ դրանից հետո: 

— Ուզում ես ասել, կան մարդիկ, որ այդ… «երևույթներին» չե՞ն տեսնում:

— Ավելի ճիշտ կլինի ասել, որ կան մարդիկ, որ տեսնում են: Մենք անհամեմատ ավելի քիչ ենք, քան չտեսնողները: 

— Բայց ո՞նց կարելի է այդ ահռելի գազանին չտեսնել:

— Հեշտ ու հանգիստ՝ աչքից վրիպում են: Մարդ կարող է ուղիղ նայել գազանին, ու չտեսնել: Գիշերային Երևանում այնքան տարօրինակ բան կա, որ շատերը չեն տեսնում: Անտեր ստվերներ, մառախուղային չղջիկներ, շատախոս ջրահարսներ…

Ամեն մի նոր անուն լսելուց Հարությունի դեմքը փոխանցում էր իր զգացմունքների ողջ սպեկտրը։ 

— Անտեր ստվերնե՞ր:

— Հեչ չի եղել, որ գիշերով քայլես, ստվերի շարժում տեսնես, բայց հենց շրջվես՝ էլ բան չլինի: Հենց դա էլ անտեր ստվեր է: Աջ ու ձախ մարդկանց կպնում է մակաբույծի նման, հասցնում անեմիայի, դեպրեսիայի… Կարճ ասած, — որոշեց եզրափակվել Վարդանը, ինչ-որ ուղղանկյունի մեկնելով Հարությունին, — վաղը օֆիսում կխոսենք: Աշխատի մութն ընկնելուց հետո դրսում չլինել։ Իսկ ես գնացի, դեռ գործեր կան։

— Մի րոպե՛, — ասաց Հարությունը ավելի բարձր, քան ուզում էր: — Մենակ տնից դուրս չգալով հո հարցեր չեն լուծվում: Որտեղի՞ց է այդ «շունը» եկել: Ինչի՞ լույսից սատկեց։ 

— Չգիտեմ, սատկեց, թե իրոք հետ գնաց խավար՝ ուժ հավաքելու ու վերադառնալու, — հոգնած պարզաբանեց Վարդանը, — իսկ թե որտեղից և ինչու… Արդեն չորս տարի է, ինչ «Ամբերդում» եմ աշխատում, բայց մեկ է չեմ հասկանում էս զիբիլը որտեղից է հայտնվել Երևանում ու ինչ անենք, որ վերջնականապես վերանա։ 

— Ամբերդու՞մ, — չհասկացավ Հարությունը։ 

— «Ամբերդ ՍՊԸ», — ասաց Վարդանը, մատնացույց անելով փոխանցած այցեքարտին, — առավոտյան արի՝ կաշխատենք բացատրել: Իսկ հիմա իրոք պիտի վազեմ: 

Վարդանը արագ քայլով հեռացավ՝ թողնելով Հարությունին ապշած նայել այցեքարտին:  





*Հատված «Զբոսանք Երևանով» երգիցԿատարող՝ Ֆորշ


Գլուխ 3

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել*


Հարությունը մտածում էր, թե պատահարից հետո չի կարողանա գիշերը քնել: Եվ նա չէր սխալվում: Անգամ տուն հասնելուց հետո տագնապի զգացումը չէր հեռանում, ընդհակառակը՝ գնալով աճում էր: 

Երիտասարդը լուսաբացը դիմավորեց համակարգչի մոնիտորի առաջ նստած: Որոնման պատմությունը ողողված էր «լապտերներ Երևանում», «հզոր ակումուլյատորային լապտեր Երևանում», «մթնշաղային շներ», «կեսգիշերային շներ», «անտեր ստվերներ», և այլ նմանատիպ հարցումներով, որոշները՝ նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Մի քանի տեսահոլովակ դիտելուց հետո անիծեց անկապ բլոգերներին և վերադարձավ տեքստային որոնմանը: Վերջին հարցումը՝ «Ամբերդ ՍՊԸ»-ն, ուղղորդեց Հարությունին նույնանուն ՏՏ ընկերության կայք: 

— Մի բան այն չէ, — մրթմրթաց երիտասարդը, — տեսքից հասարակ սոֆթ ընկերություն է, ի՞նչ կապ ունեն գիշերային Երևանի «անակնկալների» հետ:

Անգամ ChatGPT-ն չէր կարողանում պատասխանել Հարությունի հարցերին՝ չորրորդ հարցից հետո սկսեց պատմություններ պատմել հզոր Ամբերդցիների մասին, որոնք դարերով պաշտպանում էին Հայաստանը չար ուժերից: 

— Հետո էլ ասում են մի վիրավորի ԱԲ-ին, — հոգոց հանեց երիտասարդը, հոգնած աչքերը տրորելով:

Դրսում արդեն լուսացել էր: Հարությունը որոշեց այլևս չսպասել: Արագ ցնցուղ ընդունեց, հագնվեց, սրտխառնոցը անտեսելով մի կերպ նախաճաշեց և ճանապարհ ընկավ դեպի «Ամբերդ ՍՊԸ»-ի գրասենյակ։

***

Հարությունը չէր սպասում, որ առավոտյան ութից գրասենյակում մարդ կլինի, երբ սեղմում էր դռան զանգը: Սակայն մի քանի վայրկյանից դուռը բացվեց, և նրան դիմավորեց միջին տարիքի տղամարդ՝ կիսով չափ ալեհեր, կանաչավուն աչքերը արյունով լցված: Հարությունը միանգամից հասկացավ՝ նա էլ է գիշերը մոնիտորի դիմաց անցկացրել: 

— Բարև Ձեզ, ինձ Վարդանն է ուղարկել, — իրեն հանկարծակի անհարմար զգալով ասաց Հարությունը: 

— Հարու՞թ, — ճշտեց տղամարդը: 

Երիտասարդը արագ գլխով արեց:  

— Ներս արի, ներս արի, — տղամարդը մի կողմ քաշվեց, Հարությունին ներս թողնելով, — այդպես էլ գիտեի, որ շուտ ես գալու՝ Վարդանը ասել էր, որ շատ անհամբեր ես: 

Հարությունը իրեն թեթև վիրավորված զգաց. «Երեկվանից հետո մարդ ինչպե՞ս պետք է համբերատար լինի»:

— Ես Վաղարշակն եմ, — ասաց տղամարդը, Հարությունին ձեռքով բարևելով, — բոլորը ուղղակի Վղո են ասում: 

Հարությունը կասկածեց, որ կարող է իրենից մոտ քսան տարով մեծ մարդուն դիմել «Վղո»-ով և ուղղակի մրմնջաց. «Ըհըն»: Վաղարշակը շարունակեց խոսակցությունը: 

— «Ամբերդ»-ի հիմնադիրն եմ ու… ծրագրային ապահովման առաջատար ինժեներ, — վերջին բառերը Վաղարշակը ասաց վեր նայելով և մտաբերելով: Զգացվում էր, որ սովոր է անգլերեն պաշտոնը անվանել, բայց ինչպես Հայաստանում ՏՏ ոլորտի շատ մասնագետներ (R&D աշխատանքներում ներգրավված աշխատողների համար հարկային արտոնությունների ծրագրին դիմելուց հետո), սովորում է պաշտոնը հայերեն մեկնաբանել: 

— Ես էլ «ԱռմՌոբոտիկս»-ում որակի ապահովման գլխավոր ինժեներ եմ, — ժպտաց Հարությունը, մտածելով, որ իրեն էլ շատ ավելի հեշտ է ուղղակի ասել «Քյու-Էյ ինժեներ»**: 

— Հետաքրքիր է, — մտածկոտ ասաց Վաղարշակը, հետո ավելացրեց, — սուրճ կամ թեյ կուզենա՞ս:  

— Չէ, շնորհակալ եմ, — Հարությունը հիշեց գիշերը խմած երեք հատ սուրճը, և մտածեց, որ չորրորդից հետո հաստատ կմնա  հանդիպումների սենյակ տանող աստիճանների վրա:

— Դե ասա, ի՞նչ հարցեր ունես, — ասաց Վաղարշակը, երբ Հարությունի հետ միասին տեղավորվեցին հանդիպումների սենյակի ոչ այնքան հարմար բազկաթոռների մեջ: 

— Չգիտեմ, որտեղից սկսեմ, — Հարությունը հայացքը հառեց ձեռքերին՝ անհանգիստ տրորում էր մատները, եղունգների մոտ մաշկը պոկում, — մինչև հիմա չեմ հասկանում, թե երեկ ինչ տեսա: Ու չեմ հասկանում Ձեր ԱյԹի ընկերությունը այս ամենի հետ ի՞նչ կապ ունի:

— Հասկանում եմ, Հարութ ջան, ես էլ էի քո վիճակում, երբ յոթ տարի առաջ առաջին անգամ էտ զզվանքներին տեսա, — ասաց Վաղարշակը սենյակում ինչ-որ մեկի մոռացված բաժակին նայելով, — թե ոնց այդ օրը ողջ մնացի՝ չգիտեմ: Երևի բախտս բերեց, որ զանգի կնոպկի տեղը մատս ֆանարիկի կնոպկին կպավ և ոհմակը լույսից վախեցած փախավ: Բայց տուն որ հասա, մազերս սպիտակել էին: Ոչ ոք չէր հավատում պատմածիս՝ մտածում էին. «կամ մի բան խմել-ծխել ա, կամ էլ գժվել»: Մի պահ ես էլ սկսեցի մտածել, որ գժվել եմ: Մինչև որ նորից դրանցից մեկին չհանդիպեցի, — Վաղարշակը նայեց Հարությունի աչքերի մեջ:  

— Եվ ի՞նչ եղավ, — բազկաթոռի մեջ մի քիչ առաջ գալով հարցրեց Հարությունը:

— Առաջին դեպքից հետո ֆանարիկ էի հետս ման տալիս՝ մեծ, ուժեղ: Մտածում էի, անգամ եթե չվախեցնի, գոնե լավ կտեսնեմ ինչն է ինձ ուզում սպանած լինել: Կարապի լճի մոտ էի, երբ «մթնշաղային որսաշունը» մոտեցավ: Հիշում եմ, ոնց էին ձեռներս դողում: Ու ամենավախենալունն էն էր՝ մարդիկ կողքով անցնում էին ու չէին տեսնում: Իսկ արարածը մոտենում էր: Վերջապես կարողացա միացնել ֆանարիկը ու լույսը գցեցի դուզ մռթին: Էս անգամ էլ բախտս բերեց՝ լճի մոտի հայելին տեսե՞լ էս:

Հարությունը արագ գլխով արեց: 

— Արարածը իմ ու հայելու միջև էր կանգնել: Ու լույսը որ գցեցի վրան, մի տեսակ միջով անցավ ու հայելուց արտացոլվեց: Էս անգամ փախնելու տեղը օդի մեջ հալվեց: Այդպես էլ հասկացա, որ դրանց դեմ կարելի է պայքարել: Դրա համար էլ «Ամբերդ»-ը հիմնեցի, բոլոր տեսնողներին ընկերություն կանչելով: Արդեն վեց տարի է, ինչ համադրում ենք քաղաքի պաշտպանությունը աշխատանքի հետ, — Վաղարշակը հետ նստեց բազկաթոռում և գրպանից հանեց սև կրակայրիչ, վրան՝ «Ամբերդ»-ի լոգոն: 

— Իսկ որտեղի՞ց են հայտնվել այդ «շները», «չղջիկները», «ստվերները» և այլ… բաները, — ընդհանրացրեց Հարությունը, — ու ուզածները ի՞նչ է:

— Թե որտեղից են հայտնվել և երբ՝ չգիտենք: Մեկ-մեկ մտածում եմ, որ Շեքսպիրը, որ գրել էր. «Դժոխքը դատարկ է. Բոլոր դևերն այստեղ են», — սա ի նկատի ուներ, ո՞վ գիտի: Իսկ թե ուզածները ինչ է, — Վաղարշակը պտտացրեց կրակայրիչը ձեռքում, հետևելով թե ինչպես է լույսը արտացոլվում պլաստմասսի մակերևույթի վրա, — ուզածը երևի թե խավարն է: 

Հարությունը մի պահ լռեց, փորձելով հասկանալ, թե ինչ է կարծում դրա մասին: 

— Դե ինչ, — Վաղարշակը վեր կացավ, — եթե ուրիշ հարցեր չկան, գնա՞նք, թիմի հետ ծանոթանաս:

— Ինձ ուզում եք ընդունել գործի՞, — զարմացավ Հարությունը: 

— Մենակ եթե դու ուզես, — ուսերը թոթվեց Վաղարշակը, — բոլոր տեսնողները մեզ մոտ ողջունվում են։ Անգամ եթե չեն ուզում մեր մոտ աշխատել, ինթերնշիփի են գալիս, որ իմանան ինչպես պաշտպանեն իրենց: 

— Իսկ աշխատանքային փո՞րձ, ռեզյումե՞, ինտերվյու՞, — հետաքրքրվեց Հարությունը՝ հիշելով ներկայիս աշխատանքի համար անցած երեք փուլից կազմված հարցազրույցը:

— Հարցազրույցը նոր անցար, իսկ մնացածը ընթացքում կանենք, եթե որոշես, որ ուզում ես մնալ: 

— Մի հարց էլ, — լուրջ դեմքով ասաց Հարությունը, — եթե այդ շները կեսգիշերին են հայտնվում, ինչի՞ եք «մթնշաղային» անվանում, ոչ թե «կեսգիշերային»։

Վաղարշակը ծիծաղեց: 

— Այ, էդ հարցին հաստատ կարող եմ պատասխանել՝ որովհետև Աստղը ասեց «Ինձ այդպես է դուր գալիս»: 







*Հատված «Սա Երևանն է» երգիցԽոսք և երաժշտություն՝ Ռուբեն Հախվերդյան

** Quality Assurance Engineer, (QA Engineer) 


Գլուխ 4

Մենք բոլորով մեր դերն ենք խաղում*


Հարությունը հետևեց Վաղարշակին ընդհանուր աշխատանքային սենյակ: Ինտրովերտի դժոխքը երևի հենց այս տեսքն ունի՝ պարագծով շարված սեղաններ, պատերի և պատնեշների լիովին բացակայություն: Հարությունը չէր սիրում, երբ դիմացինի հայացքից կարելի էր թաքնվել միայն մոնիտորի կամ սեղանին դրված բույսի հետևում: Սակայն, որքան երիտասարդը հասկացավ, ներկա գտնվողների հոգնած դեմքերից՝ չէին դժգոհում սենյակի նախագծից: Մի հոգի ընդհանրապես քնել էր՝ գլուխը ստեղնաշարի վրա դրած: 

— Ժողովուրդ, — ասաց Վաղարշակը, աշխատողների ուշադրությունը գրավելով, — Վրդոն մեզ տեստիրովշ… որակի ապահովման ինժեներ է գտել: 

Հարությունը հնարավորինս ցածրաձայն բարևեց, փորձելով չարթնացնել քնած աշխատակցին: Ապարդյուն: Վարդանը՝ ինչպես պարզվեց, արդեն արթնացել էր Վաղարշակի ձայնից: 

— Ե՞ս, — շշմած հարցրեց Վարդանը, — թե՞ քանի քնած էի ուրիշ Վրդոյի ես գործի ընդունել: 

— Դու, դու, — հաստատեց Վաղարշակը ու ծիծաղեց. ստեղնաշարը հետքեր էր թողել Վարդանի դեմքին:  

— Վղո, գնա քնի, — մրթմրթաց Վարդանը ձգվելով, — ես ոչ մեկի չեմ գտել: 

— Գտել ես, էս ա, — Վաղարշակը գլխով արեց դեպի Հարություն: 

Հարությունը հասկացավ, թե ինչ են զգում ցուցահանդեսի էքսպոնատները, երբ հաճախորդները իրենց ուշադիր զննում են: 

— Քյու-Էյ ե՞ս, — վերջապես հարցրեց Վարդանը, մոտենալով:

— Հա, — կարճ պատասխանեց երիտասարդը: 

— Մէնյուալ, թե՞ ավտոմատ, — Վարդանը քիչ թեքեց գլուխը՝ հայացքը Հարությունից չկտրելով:  

— Երկուսն էլ:

— Հմմ, — ասաց Վարդանը: 

— Լավ, ես գնացի հանդիպման, իսկ դու, — Վաղարշակը մատնացույց արեց Վարդանին, — որպես մենթոր, ինթերնին ծանոթացրու ժողովրդի ու գործի հետ:

— Ինչի՞ ես, — միանգամից արթնացավ Վարդանը, ասես մի մեծ բաժակ սուրճ խմած լիներ, — ես կես տարի առաջ էի մենթոր, ասեցիր մյուս անգամ Արտակին կնշանակես: 

— Ինձ մի խառնի, — ձայն տվեց Արտակը սենյակի վերջից, — մյուս շաբաթից արձակուրդ եմ: 

— Ուրեմն՝ Աստղը, — առաջարկեց Վարդանը:

— Դե բարև ձեզ, — ասաց Աստղիկը, տեղից վեր կենալով, ինչով միանգամից ստիպեց Վարդանին զղջալ ասածի համար, — եթե դեռ դեկրետ չեմ գնացել, պիտի վրես ավել գործ կապե՞ս: Մի մոռացիր, որ միաժամանակ երկու պրոյեկտի համար, — տեսքից երեսուն տարին չբոլորած Աստղիկը մի պահ կանգ առավ, հայացք նետեց մոնիտորի անկյունում փակցված դեղին թղթիկին, — օգտատիրոջ միջերեսի և փորձառության դիզայն** եմ անում: 

— Կներես, մոռացել էի, — մրմնջաց Վարդանը, ամոթից հայացքը իջեցնելով, — լավ, ես, ուրեմն՝ ես:  

Հարությունը չգիտեր, թե ինչ ասեր: Վերջին անգամ այսպիսի անհարմար դրության մեջ իրեն զգացել էր տաս տարի առաջ՝ Վերջին զանգի ժամանակ, երբ ելույթի բառերը մոռացել էր: Վարդանը լուռ դուրս եկավ սենյակից, իսկ Հարությունը, ավելի լավ բան չմտածելով՝ լուռ հետևեց նրան:

Հանդիպումների սենյակ հասնելուն պես Հարությունը սկսեց հարցային գրոհը՝ Վարդանի հետ իրեն շատ ավելի անկաշկանդ էր զգում, քան Վաղարշակի հետ:  

— Ինչի միանգամից չասեցիր, որ ցերեկը ԱյԹի ընկերության աշխատակից ես, իսկ գիշերը` քաղաքի պահապան: 

— Առաջինը՝ «ՏՏ» ընկերություն, երկրորդը՝ մի չափազանցրու, — Վարդանի տոնայնությունը ցույց էր տալիս, թե ինչ է մտածում նորից ուղղորդող դառնալու մասին, — քաղաքի պահապանները մենք չենք: Մենք ընդամենը գտնում ենք խավարի արարածներին ու վերացնում: 

— Իսկ ո՞նց եք դրանց գտնում, — աշխուժացած հարցրեց երիտասարդը, — կամ, սպասի, մի ասա, ես գիտեմ: Վաղարշակը ապագան է տեսնում, այդպես իմանում եք, թե որտեղ են հայտնվելու: Դու լապտերով վառում ես, կախարդական բառերով ուղարկում խավարի մեջ, Աստղիկը վիրավորվածներին է բուժում, Արտակն էլ… Արտակն ի՞նչ է անում: 

— Արտակը օգտատիրոջ միջերեսի մշակմամբ է զբաղվում, — հեգնանքով ասաց Վարդանը, —  չգիտեմ ինչ աստիճան անորակ ֆիլմեր ու սերիալներ ես նայել, բայց մեզնից ոչ մեկն էլ ոչ մի գերբնական ուժ չունի: Բոլորս էլ հասարակ մարդիկ ենք: 

— Ո՞նց թե հասարակ, — չհավատաց Հարությունը, — ո՞նց պիտի հասարակ մարդիկ խավարի դեմ կռվեն: 

— Լուռ ու առանց հաճույքի, — մրթմրթաց Վարդանը: 

— Բա եթե հետապնդման ժամանակ վիրավորվե՞ք:

— Գնում ենք բժիշկի մոտ: Ապահովագրությունը մեզ տանել չի կարողանում, և դա փոխադարձ է։ 

— Դաժան է, — եզրակացրեց Հարությունը: 

— Բա դու ի՞նչ էիր մտածում՝ խաղ ու պա՞ր է: 

— Չէ, բայց մտածում էի՝ գոնե մի բոնուս պիտի լինի տեսնողների մոտ, թե չէ մի տեսակ… անարդար է: 

Վարդանը ծիծաղեց: 

— Եթե որակով ստեղծագործությունների հետ ծանոթանայիր, կիմանայիր՝ կյանքը անարդար է***:   





*Հատված «Հենց այսպես էլ ապրում ենք» երգիցԿատարող՝ Ֆորշ 

**User Interface / User Experience Design (UI/UX Design) 

***Ակնարկը վերաբերվում է Վիլյամ Գոլդման «The Princess-Bride» գրքին 


Գլուխ 5

Լքված քաղաքի պահակները դարձած*


Հաջորդ մի քանի ժամը Հարությունը և Վարդանը անցկացրեցին խառը խոսակցությունների շուրջ՝ երբ է Հարությունը սկսելու փորձաշրջանը, ինչպես են կարողացել մութ էներգիայի տատանումները հայտնաբերող ծրագիր մշակել, քանի աշխատող ունեն, մյուս խավարային կենդանիներին ինչպես են վերացնում, ով ինչով է զբաղվում, արդյոք մառախլապատ չղջիկների արյունը կարող է մարդուն գերբնական ուժեր հաղորդել…

Հարությունը ուրախացավ իմանալով, որ ընկերությունը թեև գաղտնի է, բայց ստվերային բնույթ չունի, և աշխատակիցները զուգահեռ աշխատում են մի քանի ծրագրերի մշակման վրա, ինչի շնորհիվ էլ ստանում են աշխատավարձ և մուծում հարկեր: Վարդանը ցրեց Հարությունի կասկածները նաև աշխատակիցների քանակի վերաբերյալ՝ շատերը տնից են աշխատում, հեռավար: Այդպես շատ ավելի հեշտ է քաղաքի տարբեր հատվածներին ժամանակին հասնելը:

— Արի հանգստի սենյակը ցույց տամ, — ասաց Վարդանը, զգալով, որ Հարությունը սկսում է բաց աչքերով քնել:  

— Իսկ եթե դուրս գանք, ծխենք, թարմանա՞նք — առաջարկեց Հարությունը: 

— Թարգել եմ, ու քեզ էլ եմ խորհուրդ տալիս, — ասաց Վարդանը, — լավ է քնես, երբ հնարավորություն է լինում՝ գիշերը աշխատելու համար գլուխդ պիտի տեղը լինի: 

***

Հարությունը չէր սիրում ցերեկը քնել` արթնանալուց հետո մի քանի ժամ ապակողմնորոշված էր լինում։ Սակայն հիմա, կանգնած Կարապի լճի մոտ, ստիպված էր համաձայնվել` մի քանի ժամ քնելուց հետո թարմացած էր և զգոն:

— Վրդո, — սկսեց երիտասարդը, — ի՞նչ ենք անելու:  

— Երեկ արարածները սովորականից շատ էին: Սովորաբար իրենց ուղեծրերի մեջ ոչ մի մոդել չենք տեսել, բայց երեկ ոնց որ կոնկրետ նշանակետի ուղղությամբ շարժվեին: Այսպիսի բան դեռ չէինք տեսել: Սենսորներն էլ ծրագրի վերջին թարմացումից հետո գժվել էին, չէին աշխատում: Ստիպված հերթապահներով փողոցից փողոց էինք վազում, հավելվածով ստուգում:   

— Իսկ այստեղ եկել ենք... — սկսեց Հարությունը: 

— Լուռ ականատեսների հետ խոսելու, — շարունակեց Վարդանը:  

— Ու՞մ: 

— Հեսա կտեսնես, — ասաց Վարդանը, գրպանից հանելով կրակայրիչը:

— Բա ասում էիր թարգել ես, — մի քիչ հեգնանքով ասաց Հարությունը: 

Վարդանը չպատասխանեց։ Փոխարենը միացրեց կրակայրիչը և բարձրացրեց, ասես ջահ։ Հետո սկսեց շարժվել դեպի աջ, կորով, կամաց-կամաց թեքվելով, և կանգ առավ, երբ ամբողջ շրջան գծեց, ընդգրկելով արձանը և Հարությունին շրջանի մեջ:  

— Գիշերային քաղաքի պահապան, արթնացի՛ր, — ասաց Վարդանը: Հետո իջեցրեց կրակայրիչը, ձախ ձեռքը պահելով կրակի առաջ, որ չհանգի:  

— Ինչ ես ան…, — Հարությունը չհասցրեց վերջացնել նախադասությունը: 

— Ախխխ, մեջքս…, — ասաց արձանը ձգվելով, — բարով ես եկել, Վարդան ջան: 

— Բարի լույս, Առնո Հարությունովիչ։ Կարո՞ղ է երեկ գիշեր տարօրինակ բան եք տեսել։ 

— Հա, պատուհանների ապակիների մեջ տեսա մի ալ-կարմիր ալիք, ու շրջակայքի լույսերը մի քանի րոպեով մարեցին։ Լույսի աղբյուրի ուղղությունը հաստատ չեմ ասի: Ափսոս, Արամ Իլյիչին փակել են ռեստավրացիայի: Փորձիր Ալեքսանդր Հովհաննեսովիչին դիմել, ավելի ճիշտ կգնահատի որտեղ էր օջախը: 

Հարությունը, որ տեղում սառել էր, սկսեց անհանգիստ աջ ու ձախ նայել: Առնո Բաբաջանյանի արձանը շարժվում և խոսում էր, սակայն մարդիկ կարծես թե չէին տեսնում, թե ինչ է կատարվում: Ասես սյուրռեալիստիկ երազի մեջ լիներ, բանտարկված հսկա, անտեսանելի օճառե պղպջակի մեջ…

«Էլի լավ է մենակ չեմ, թե չէ կմտածեի, որ լրիվ ցնդել եմ», — մտածեց Հարությունը. «Չնայած…», — շարունակեց նա միտքը՝ նայելով Բաբաջանյանի արձանին, որ ակտիվ երկխոսություն էր վարում Վարդանի հետ, — «մի քիչ հաստատ ցնդել եմ»: 

— Մի բան հստակ կարող եմ ասել, — ասաց արձանը, — ալիքի անցնելուն պես զգացի… «Մթագնումը» մոտիկ է: 

— Շնորհակալ եմ տեղեկության համար, — ասաց Վարդանը հանգցնելով կրակայրիչը, — բարի գիշեր քաղաքի պահապանին:

— Գիշերը բարի լինի, — ասաց Բաբաջանյանի արձանը, ընդունելով սկզբնական դիրքը։ Հետո` քարացավ։

— Դե ֆսյո, գնացինք, — ասաց Վարդանը, կրակայրիչը գրպանը դնելով։ Հարությունը չպատասխանեց։ Դեռ շշմած էր։

— Ի՞նչ ես քարացել: Գնացինք Թամանյանից ուղղություն ճշտելու: 

— Ուզում ես ասել բոլոր արձանները այսպես կարո՞ղ են, — հարցրեց Հարությունը, վերջապես մտքերը հավաքելով:

— Բոլորը չէ: Ամբողջ քաղաքում մի քանի արձան։ Քարտեզի վրա նայես, կհասկանաս: Հերիք է մեկ-երկու արձանի տեղը իմանաս, մնացածն էլ կգտնես: 

— Բայց ո՞նց, — չէր կարողանում հաշտվել նորության հետ Հարությունը։ 

— Հաստատ ոչ ոք չգիտի։ Վաղարշակը ենթադրում է, որ քաղաքով անցնող էներգետիկ գիծն է պատճառը: Աստղն էլ թե՝ քանդակագործները իրենց հոգին չափից դուրս դրել են գործի մեջ, իսկ էներգետիկ գիծը երկրորդական գործոն է: Ո՞վ կարող է հստակ ասել, — Վարդանը կարճ հոգոց հանեց: — Էլի հարցեր կան, թե՞ կարող ենք մանրից շարժվել։ — Հազարից ավելի…




*Հատված «Երևանյան վալս» երգիցԿատարող՝ Ֆորշ 


Գլուխ 6

Երեկոն այնքան խաղաղ լուսավոր է*


— Արի երեքով սահմանափակվենք, մի օրվա համար տեղեկությունը շատ է, չէս ընկալի, — պատասխանեց Վարդանը, համակերպվելով բացատրական աշխատանք վարողի իր դերի հետ, — ու ընթացքում քայլենք դեպի կասկադ, թե չէ էսօր օֆիս չենք հասնի: Իսկ բեքենդը ինքն իրեն չի ծրագրավորվի: 

— Լա՜վ, — համաձայնվեց Հարությունը, — ասենք՝ որոշ արձաններ «արթնացնում» ես կախարդական կրակայրիչով, չնայած ասում էիր, թե ոչ մի կախարդական իրեր չունեք: Բայց մնացած մարդիկ ո՞նց չեն տեսնում, թե ինչ է կատարվում: Էլի նույն դե՞պքն է, ինչ մթնշաղային շների հետ: 

— Մոտավորապես: Նախ, հասարակ կրակայրիչ է, կախարդական չի: Բայց էներգետիկ գծի մոտակայքում կրակի շրջան գծելիս ներսում կատարվելիքը դրսից ոչ ոք չի տեսնում և չի լսում, քանի կրակը վառ է:  — Պարզ է, — մտածկոտ ասաց Հարությունը, կասկածով լի հայացք գցելով Արամ Խաչատրյանի՝ «ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ» պաստառներով փակված արձանի վրա: Ոչինչ էլ պարզ չէր: Կասկադ հասնելուն մնացել էր մոտ հինգ րոպե, իսկ Վարդանի ամեն պատասխան նորանոր հարցերի առիթ էր տալիս: 

«Ախր ո՞նց են պարզել, որ կրակայրիչով այդպիսի բաներ կարելի է անել: Ո՞նց են ընդհանրապես իմացել, որ «կենդանացող» արձաններ կան, ինչպե՞ս պետք է արթնացնեն, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ էներգետիկ գիծը, որտեղո՞վ է անցնում», — մտածեց Հարությունը, բայց բարձրաձայն ուրիշ հարց տվեց.

— Իսկ «մթագնումը» ի՞նչ է: 

— «Մթագնումը»…, — Վարդանը մի քանի վայրկյան լռեց, ասես փորձում էր ճիշտ խոսքեր գտնել, — դժվար է բացատրել: Հեչ եղե՞լ է, որ երազում տեսնես այնպիսի մթություն, որ մտածես, թե աչքերդ փակ են, բայց ինչքան էլ փորձես աչքերդ բացել, որ լույսի մի նշույլ տեսնես, հասկանաս ինչ է կատարվում՝ չստացվի: 

— Չեմ մտաբերում, — անկեղծ պատասխանեց Հարությունը, — եղել է, որ վախենալու երազից արթնանամ, բայց քո նկարագրածից տարբերվում է: 

— Իսկ ինձ մոտ եղել է: Չէի հասկանում ողջ եմ, թե մեռած, վախից խեղդվում էի, մինչև անկողնու մեջ վեր չէի թռնում, սրտիս՝ գժի նման բաբախումից բացի ուրիշ ոչ մի ձայն չլսելով: Մինչև մթության մեջ աղոտ չէի տեսնում ծանոթ սենյակ, ու հասկանում, որ երազ էր: Միայն այդ ժամանակ էի կարողանում հանգիստ արտաշնչել և թեթևանալ: 

Եկավ Հարությունի հերթը՝ լռության մեջ ճիշտ խոսքեր փնտրելու: Վարդանը շարունակեց.

— «Մթագնումը» նման մի բան է: Բայց առանց արթնանալու և թեթևանալու, — ամփոփեց Վարդանը:  

— Այսի՞նքն, — չհասկացավ Հարությունը: 

— Անբացատրելի վախի, տագնապի, անանց մթության մեջ թափառելու զգացմունքը, երբ ելքը չի երևում և ինչ էլ անում ես, չես կարողանում արթնանալ, որովհետև քնած չես: 

— Հիվանդությու՞ն է, վարա՞կ, — Հարությունը փորձում էր մի ծանոթ կերպարի մեջ տեղավորել ստացված տեղեկությունը, մարմնավորել թշնամուն: 

 — Երևի այդպես էլ կարելի է ասել: Ավելի շուտ ներշնչանք, որից չի կարելի ազատվել: Եթե «մթագնումը» գա, արևի մայր մտնելուց հետո քաղաքում գտնվող բոլոր մարդիկ կընկնեն խավարի ծուղակը: Կապ չունի, ինչքան լույսեր վառված կլինեն՝ մարդիկ չեն տեսնի: Ոնց որ հիմա չեն տեսնում խավարի արարածներին: 

— Բայց ու՞մ է պետք «մթագնումը» տարածել Երևանում, — հարցրեց Հարությունը, միևնույն է մինչև վերջ չպատկերացնելով այդ երևույթը:  

— «Մթագնումը» ավելի շատ հետևանք է, քան նպատակ, — ասաց Վարդանը, — Ոչ ոք չգիտի, թե ով է կամ ինչ է այն էակը, որ կանգնած է այս ամենի ետևում: Միգուցե և էակ էլ չի, այլ անդրաշխարհի ֆենոմեն, ո՞վ գիտի: Միակ բանը, ինչում համոզված ենք՝ ինչ-որ մի ուժ քամում է Երևանով անցնող էներգետիկ գիծը, և երեկվա կարմիր լույսը դրա հետ անմիջական կապ ունի:  

Հարությունը չհասցրեց տալ հաջորդ հարցը՝ հասան Կասկադի համալիր: 

*** 

Թամանյանի արձանը հաստատեց՝ անձրևից հետո թաց պատվանդանի վրա տեսել է  կարմիր ալիք և ալ մառախուղի մեջ կորած Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանի հսկա սյունը:  

— Փաստորեն, պիտի բարձրանանք «Վերածնված Հայաստանի» մոտ, որ մի բան տեսնենք, — եզրակացրեց Վարդանը, կրակայրիչը անջատելուց հետո:  

— Ըհը, — մեքենայաբար պատասխանեց Հարությունը, փորձելով մտքից ջնջել Թամանյանի նկարագրությունից հետո ծագած Սաուրոնի աչքի պատկերը: 

— Բայց ինձ մոտ դեռ մի հարցի իրավունք է մնացել, — հիշեցրեց երիտասարդը: 

— Դավայ, կրակի, — պատրաստակամ ասաց Վարդանը:  

— Կասկադի կատուն է՞լ է «արթնանում», — Հարությունը մտովի ապտակեց ինքն իրեն. «Շատ ավելի կարևոր հարցեր ունեի տալու, ու հենց այս մե՞կը պետք է մտքիս գար»:  

Վարդանը հայացքը հառեց գիշերային երկնքին. 

— Լավ, ինչի՞ ես: Ինչի՞: Ո՞նց Արտակը իրա արձակուրդով պլստաց: Ինչի՞ հենց իմ բախտը պիտի չբերեր։ 

— Հա լա՜վ, Վրդո, չափազանցնում ես, — Հարությունը ձեռքը դրեց Վարդանի ուսին, — ես այդ աստիճան ահավոր ինթերն չեմ:

— Հա ո՞ր, — հարցրեց Վարդանը, ձախ ունքը բարձրացնելով: — Տեսնենք, տեսնենք։ 




*Հատված «Զբոսանք Երևանով» երգիցԿատարող՝ Ֆորշ 


Գլուխ 7 Դու անխավար լույսի տուն*  


Տարածքի հետազոտությունները՝ թե գրպանի հայելիով, թե առանց դրա, ոչ մի արդյունք չտվեցին: Կարմիր մառախուղը չէր երևում: Ամեն ինչ հանգիստ էր:

Հաջորդ առավոտ Վարդանը Արտակի հետ միասին տեղադրեցին և հավելվածով ակտիվացրեցին մի քանի սենսոր՝ տարածքի մագնիսական դաշտը ծրագրով հեռավար վերահսկելու համար: 

Սակայն հաջորդ չորս շաբաթվա ընթացքում ոչ մի տարօրինակ ակտիվություն այդպես էլ չդիտվեց: Այդ ընթացքում Հարությունը հասցրել էր հին աշխատատեղում գործերը հանձնել և լիարժեք կենտրոնանալ «Ամբերդում» փորձաշրջանի վրա: 

Այն ճակատագրական գիշերվանից հետո Հարությունը վախենում էր մենակ երեկոյան դուրս գալ քաղաք, անգամ Վաղարշակի տված լապտերով։ Սակայն նոր պատվիրված գերուժեղ լապտերը ստանալուն պես ասես թևեր առավ. «Դե բռնվեք, խավարի զավակներ, ես զինված եմ և վտանգավոր»: 

Վարդանի տրամադրությունը զգալի բարձրացել էր՝ ինթերնը հարցերի մեծ մասին պատասխաններ ստանալուց և ուղղորդողի հսկողության տակ մի քանի չղջիկ ու որսաշուն խավար ուղարկելուց հետո դարձել էր «Ամբերդի» ամենահուսալի աշխատակիցներից մեկը: Հարությունը առանց տարակուսանքի վերցնում էր բարդ առաջադրանքները, բաց չէր թողնում վերջնաժամկետները, և անգամ անքուն գիշերներից հետո գործից չէր ուշանում: 

Միակ հարցը, որ անհանգստացնում էր Վարդանին՝ ինչքա՞ն կհերիքեն Հարությունի ուժերը՝ հաշվի առնելով աճող զբաղվածությունը և պատասխանատվությունը:

***

Հարությունը չէր կարողանում արթնանալ: Գիշերը հաջողացրել էր Երևանը մաքրել երկու անտեր ստվերից և չորս մառախլապատ չղջիկից՝ սա իր անձնական ռեկորդն էր: Առավոտը մոտենում էր, և տուն գնալու փոխարեն Հարությունը որոշեց գնալ գրասենյակ: 

Առավոտյան թիմային հանդիպմանը մնացել էր մեկ ժամ, և երիտասարդը՝ հետևելով ուղղորդողի խորհրդին, որոշեց ննջել, քանի կա հնարավորություն: Հանդիպումների սենյակում խորասուզվեց բազկաթոռի մեջ և աչքերը փակեց: Մի քանի րոպե ամեն ինչ նորմալ էր: Հետո զգաց, որ ընկնում է: 

Լուսնի մահիկը գնալով բարակում էր, մինչև լիովին չկորչեց մի պահ կարմիր ներկված գիշերային երկնքում: Հարությունը տեսավ իրար հետևից մարող լույսեր՝ մի ամբողջ քաղաք ընկղմված լպրծուն, ջրիկ խավարի մեջ։ Տեսավ մթագնած քաղաքի ուրվագիծը, և այդ տեսիլքը սառցե ասեղի նման ծակեց նրա ողջ էությունը, ստիպեց պահել շունչը։ Հարությունի մարմինը սառած մնացել էր բազկաթոռի մեջ։ Իսկ գիտակցությու՞նը: Չէր կարող, չէր ուզում, թե՞ վախենում էր արթնանալ: Նա էլ չգիտեր։ 

«Մի՞թե սա է սպասվում Երևանին։ Ախր Երևանը հազարավոր լույսերի քաղաք է՝ կապտավուն սպիտակից — բաց դեղին և մինչև ջերմ ծիրանագույն, հալած ոսկու պես։ Եվ այս քաղաքը պետք է ընկղմվի մթության մե՞ջ»։ 

— Ասեցի, զարթնի՛ր, — Հարությունը արդեն լավ էր ճանաչում Վարդանի բռնկվող բնավորությունը՝ ծանոթ ձայնը լսելուն պես շտապեց աչքերը բացել, քանի գլխին չի ստացել: 

— Դե վերջապես, — մրթմրթաց Վարդանը, հետևելով ջրից հանած ձկան նման օդ կուլ տվող Հարությունին: Ձկան հետ նմանություն էր տալիս նաև դեմքի թացությունը՝ Վարդանին առաջինը Աստղիկն էր հայտնաբերել և դեմքին ջուր շփել՝ փորձելով արթնացնել: 

— Ո՞նց ես, — անհանգստացած հարցրեց Վաղարշակը։

— Տեսա, — ասաց Հարությունը, դեմքը սրբելով, — «մութը»… որ ասում էիր… տեսա, — մանրամասնեց երիտասարդը՝ ապարդյուն փորձելով կարգավորել շնչառությունը և հանգստացնել սրտխփոցը: 

— Պարզ է, — արտաբերեց Վարդանը: 

Մի քանի վայրկյան լռությունից հետո Վաղարշակը հարցրեց:

— Ու ի՞նչ էս մտածում։

Հարությունը չէր մտածում։ Դա այն ապագայի պատկերը չէր, որի մասին կարելի էր մտածել, հասկանալ և առավել ևս ընդունել։ 

Միակ բանը, որ Հարությունը հասկանում էր՝ «Ամբերդը» թույլ չի տա, որ այդ տեսիլքը իրականանա։ Կարևոր չէ, ինչ գնով։ Երիտասարդը նայեց պատուհանից դուրս, պատկերացնելով, թե ինչ հերթականությամբ են երեկոյան վառվում քաղաքի լույսերը: 

— Ի՞նչ անենք, — հարցրեց Հարությունը: 

— Հը՞ն։

— Ինչպես կանգնեցնենք…, — երիտասարդը հասկացավ, որ վախենում է բարձրաձայն ասել «Մթագնում» բառը։ Երբեք սնահավատ չէր եղել, բայց հիմա զգաց, որ եթե անունը տա՝ ավելի կմոտենա, իրականություն կդառնա: 

«Մթագնու՞մը», — ճշտեց Վարդանը: 

Հարությունը վճռականորեն գլխով արեց: 

Վաղարշակի անհանգստացած դեմքի արտահայտությունը փոխվեց թեթև ժպիտով։ 

— Այ սա մոտեցում եմ ասել։ Ի՞նչ ես ասում, Վրդո, Հարութի փորձաշրջանը համարենք ավարտվա՞ծ։ 

— Հլը է, — ընկճված ասաց Վարդանը, — ինձ ու Արտակին երեք ամիս մարինադ էիր դրել: 

Մտքերով ընկած, Արտակը իր անունը լսելով արագ գլխով արեց, թե համաձայն է Վարդանի ասածի հետ: 

— Է օրենքով երեք ամիս ա, — փորձեց արդարանալ հիմնադիր տնօրենը: 

— Դե հա, մենք հեչ, Հարութը՝ մեջ, — փնթփնթաց Աստղիկը, բայց ժպիտը դավաճանաբար ասում էր՝ համաձայն է Վաղարշակի հետ: Եթե ամեն ինչ պարզ է, էլ ինչի՞ ձգձգել ընդունելությունը:

— Փորձաշրջանը մի կողմ, — մեջ մտավ արդեն մի քիչ հանգստացած Հարությունը, — ո՞նց պիտի կանգնեցնենք: 

— «Մթագնումը» լրիվ կանգնեցնելու ձևը ոչ ոք չգիտի, — հիասթափեցրեց երիտասարդին Վաղարշակը, — հլը որ պիտի մոտեցումը հնարավորինս հետաձգենք: Ինչքան շատ խավարային վերացնենք՝ այնքան ավելի շատ ժամանակ կհաղթենք քաղաքի համար:   




*Հատված «Այստեղ եմ ծնվել» երգիցԽոսք՝ Վլադիմիր ՀարությունյանԵրաժշտություն՝ Առնո Բաբաջանյան  

Գլուխ 8


Լույսերի մեջ շողում ես դու* 


Օրվա մնացած մասը անցավ շշմած Հարությունի կողքով: Տեսիլքի մեջ ինչ-որ բան հանգիստ չէր տալիս երիտասարդին, բայց հենց ուզում էր բռնել մտքի թելից՝ կծկվում էր, մատների արանքով փախչում: 

Արևը մայր էր մտնում: Վաղարշակը հիշեցրեց ոչ հերթապահ աշխատողներին, որ՝ «Работа не волк, в лес не убежит, շարժվեք տներով»: 

Հարությունը չէր ուզում գնալ: Մտածում էր, որ եթե տուն հասնի ու իրեն զգա պաշտպանված և հանգիստ՝ վերջնականապես բաց կթողնի տեսիլքի «հաղորդագրությունը»: 

— Հարութի՜ն, — կանչեց Վաղարշակը, — քեզ հատուկ հրավե՞րա պետք: 

— Գնացի-գնացի, — բողոքեց Հարությունը: Համակարգիչը անջատեց և սեղանից բաժակը վերցրեց՝ գոնե սուրճը վերջացնի, նոր գնա:

Կում անելուց առաջ մտածեց, որ առաստաղի կլոր լամպի արտացոլանքը սուրճի մակերեսին ասես լուսին լինի գիշերային երկնքում. միայն աստղերն են պակասում:

Սուրճը կանգնեց երիտասարդի կոկորդին: Հազալով, Հարությունը հետ գցվեց համակարգչի մոտ՝ ստուգելու իր ենթադրությունը: 

— Դե միացիր, միացի՜ր, — Հարությունը անգամ չնկատեց, որ բաժակը սեղանի ծայրից ընկավ և կոտրվեց: 

— Հարու՞թ, — անհանգստացած ձայն տվեց Վարդանը:

— Մի րոպե, — արագ պատասխանեց Հարությունը, միաժամանակ թխկթխկացնելով ստեղնաշարի կոճակները: Հետո ավելացրեց, — Համընկավ… 

— Ինչը համընկավ, — չհասկացավ Վարդանը: 

— Արի, ցույց տամ, — ասաց Հարությունը, պտտացնելով մոնիտորը, որ Վարդանին հարմար լինի նայել:

— Լուսնային օրացույցը ինչի՞դ է պետք:

— Հիշու՞մ ես Թամանյանը երբ էր տեսել կարմիր մառախուղը:

Վարդանը գլխով արեց: 

— Այդ օրը նորալուսին էր, — ասաց Հարությունը: Տեսնելով Վարդանի շփոթված դեմքի արտահայտությունը՝ ավելացրեց, — իմ տեսիլքում էլ էր նորալուսին: 

— Այսի՞նքն, — մեկ է չհասկացավ Վարդանը: 

— Իսկ ինչ եթե հուշարձանին հասնելով չտեսանք մառախուղը, որովհետև արդեն նորալուսին չէր: Կարող է մառախուղը մենակ նորալուսնի ժամանակ է լինում: 

— Մի տեսակ շատ չի՞ համընկման համար, — կասկածով հարցրեց Վարդանը: 

— Իսկ եթե ասեմ, որ հենց վաղը կարող ենք ստուգել՝ ենթադրություն է, թե՞ փաստ, — ինքնագոհ ժպտաց Հարությունը: 

— Կասեմ, որ լավ էլ համընկել է՝ վաղը հերթապահ ես: 

— Եթե ճիշտ եմ, ուրեմն սովորական քանակի հերթապահներով չենք կարող սահմանափակվել… 

***

Մի օրը շատ քիչ ժամանակ է մթության ուժերի դեմ պայքարին զրոյից պատրաստվելու համար, անգամ եթե անգիր հիշում ես տեխնիկայի մատակարարների համարները: 

Լավ է, որ «Ամբերդում» երբեք կարիք չէր լինում պատրաստվել զրոյից՝ պահոցը միշտ լիքն էր տարատեսակ զինամթերքով. գրպանի լապտերներ, ձեռքի լապտերներ, լարային լապտերներ, կրակայրիչներ, դյուրավառ ջահեր, հայելիներ, շիկացող ծայրով ձողեր (դրանցով հարմար էր ստվերներին գետնին մեխելը, որ չփախչեն) և անգամ տարբեր հզորության լուսարձակներ։ Վերջիններս Հարությունին ամենաշատն էին հետաքրքրում։ 

Մինչ երիտասարդը «թալանում» էր Վաղարշակի հոգեպահուստը, Վարդանը փորձում էր թիմի հետ ստուգել Հարությունի առաջ բերած տեսությունը՝ ուսումնասիրում էր այլ նորալուսինների ամսաթվերին պատահած անոմալիաները: 

— Հըն, փորձը ի՞նչ ցույց տվեց, — հետաքրքրվեց Վաղարշակը, թեյի բաժակը ձեռքին, մոտենալով մի մոնիտորի շուրջ հավաքված փոքրիկ գրասենյակային թիմին: 

— Ինչքան էլ չեմ ուզում ընդունել, որ մենք հիմարավարի երբեք չենք փորձել լուսնի ֆազաների հետ կապված ստուգում կատարել, — ասաց Արտակը, — բայց փաստ է։  

— Բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ բոլորը եղել են էներգետիկ գծի տարբեր հատվածներում, — ավելացրեց Աստղիկը, — «Վերածնված Հայաստանից» սկսած մինչև Թեյշեբաինի փողոց:

— Հաստա՞տ, — կասկածով հարցրեց Վաղարշակը: 

— Հաստատ-հաստատ, — մի քիչ դժգոհ պատասխանեց Վարդանը, — հիմա պիտի Հարությունին նոր բաժակ առնեմ՝ գրազը կրվեցի: Կոնկրետ «բագ»** է բռնել մեր վրա:   

Պարզվեց, որ անցյալ տարվա ապրիլից սկսած ամեն նորալուսին մի տարօրինակ բան եղել է՝ լույսերի անհիմն անջատում, լուսամփոփների լամպերի համատարած կոտրում, անգիտակից վիճակում մարդկանց հայտնաբերումներ՝ տարբեր աստիճանի հյուծվածության:  

— Բայց ո՞նց ենք նման ակտիվություն բաց թողել, — չէր կարողանում համակերպվել նման ոչ պրոֆեսիոնալ սխալի հետ Վաղարշակը։ 

— Մագնիսական դաշտի տատանում չի գրանցվել, — հնչեց մոնիտորի բարձրախոսներից: Տիգրանն էր՝ հեռավար աշխատող ներկառուցված համակարգեր նախագծողը: — Այ նման դեպքերի համար պիտի տեսախցիկներ դնենք՝ մենակ սենսորներով տեղեկություն հավաքելը քիչ է: 

— Էտ էլ ես ճիշտ ասում, պիտի զբաղվենք դրանով, — համաձայնվեց Վաղարշակը, — խավարայիններին չեն նկարահանի, բայց գոնե ոչ պլանային լուսանջատումների մասին կիմանանք: 




*Հատված «Երևան, Երևան» երգիցԽոսք՝ Արամայիս Սահակյան

Երաժշտություն՝ Արմեն Մանդակունյան

**bug՝ սխալ (տվյալ կոնտեքստում)


Գլուխ 9 

Աստղերից էլ վառ, արևից անմար*  


 Հարությունը շուռ ու մուռ էր գալիս հանգստի սենյակում: Պատրաստությունների մեծ մասը արված էր, «Ամբերդի» բոլոր աշխատակիցները տեղեկացված էին և հաստատել էին իրենց մասնակցությունը Աստղիկի կողմից «Տերևաթափ» անվանված գործողությանը: Վերջինիս թողեցին գործողությանը անվանում տալ միայն մեկ պայմանով՝ նրա հետագա մասնակցությունը կլինի հեռավար: 

Լուսարձակները, բենզինային գեներատորները, հայելիները, ջահերը և դրանց հետևելու համար տեսախցիկները տեղադրվել էին դեռ առավոտյան՝ արևի առաջին շողերի հետ աշխատանքի դուրս եկած աշխատակիցների շնորհիվ:  

Բայց երիտասարդի սիրտը և միտքը անհանգիստ էին. «Անգամ եթե ճիշտ եմ, ու այս գիշեր կարմիր մառախուղը հայտնվի… Բա ո՞ր ոչինչ չկարողանանք անել հետը: Ի՞նչ անենք, եթե անգամ մի քանի անգամ հզորացված լուսարձակները և հայելիներով արտացոլված լույսը չկարողանա դեմը առնել: Ի՞նչ անենք, եթե տասներկուերորդ նորալուսինը վերջինը լինի մեր իմացած Երևանի համար: Արդյո՞ք փորձը փորձանք չի դառնա»: 

— Կարևորը փորձելն է, — ասաց Վաղարշակը առավոտվա թիմային հանդիպմանը, — ինչ իմացել ենք խավարի զավակների դեմն առնելու մասին, իմացել ենք փորձելով: Անգամ ամենախելագար մտքերը…

— Աստղի երազում տեսած կրակի շրջա՞նն ի նկատի ունես — ձայն տվեց Վարդանը:

— Թե՞ Վրդոյի հարբած վիճակում հայտնաբերած խոսացող արձանները, — պարտք չմնաց Աստղիկը: 

— Զատո դրանից հետո թարգեցի, — ընդգծեց իրավիճակի դրական կողմը Վարդանը:

Հարությունը ծիծաղեց և սիրտը մի քիչ թեթևացավ. «Վերջի-վերջո, նման թիմի հետ ընկերովի մահը՝ հարսանիք է»:

***

Ոսկե տերևը փայլփլում էր մայրամուտի ներքո: Կարծես թե ծիծաղում էր իր բարձրությունից մրջյունների չափի մարդկանց վրա:  

Հարությունը կուզենար ասել, որ սա իր կյանքի ընթացքում տեսած ամենագեղեցիկ մայրամուտն էր: Սակայն, դա ամենևին այդպես չէր՝ ամենահասարակ, ոչնչով չառանձնացվող և չհիշվող մայրամուտ էր: «Նույնիսկ ինչ-որ տեղ վիրավորական է, — մտածեց Հարությունը՝ թարս հայացք գցելով հեռացող արևի վրա, — մենք կարող ենք այլևս ուրիշ մայրամուտ չկարողանալ նորմալ գնահատել, իսկ ի՞նքը»: 

— Կամաց-կամաց դիրքերը ընդունեք, — ասաց Վաղարշակը, — չգիտենք էլի տասնմեկին կսկսվի, թե ավելի շուտ: 

«Ամբերդ ՍՊԸ»-ի աշխատակիցներից տասներկուսը դանդաղ, քաոտիկ հերթականությամբ մտան հուշարձանի շուրջը կավիճով գծված մեծ շրջանի մեջ՝ կորելով տեսադաշտից: Եվս վեցը դիրքեր ընդունեցին աստիճանների վրա՝ շրջանից դուրս: Չորս հոգի պաշտպանում էին պարագիծը համալիրի հաճախորդների կողմից հատումից, մնացած երկուսը զբաղված էին կրակին հետևելով:  

Վաղարշակը ճիշտ որոշում էր կայացրել շուտ տեղակայման վերաբերյալ՝ որքան էլ նախապատրաստվեին, վերջին պահի կարգավորումները հնարավոր էր իրականացնել միայն երբ շրջանի ներսի երեք մակարդակի վրա գործող բոլոր անդամները կանգնած էին իրենց տեղերում: Լուսարձակ-հայելի, լուսարձակ-հայելի, լուսարձակ-հայելի՝ երեք շրջան մեկը մյուսի մեջ, բաժանված 3-3-6 սխեմայով: 

— Գիտեք չէ՞, որ միացնելուց հետո հերիք է մի քանի սանտիմետր վերև-ներքև թեքենք ու թշնամուն խփելու տեղը իրար ենք քոռացնելու, — զգուշացրեց Արտակը, — ու ոչ մի սև ակնոց էլ չի փրկի:  

— Բա, պատկերացնու՞մ եք, այսքան պատրաստություններից հետո վերցնի ու չհայտնվի, — նյարդային ծիծաղեց Հարությունը: 

Արդեն ժամը տասն էր: Լուսա-հայելային համակարգի երրորդ թեստավորումից հետո ամբերդցիները սկսեցին զգալի անհանգստանալ:

— Իսկ դու պատկերացնու՞մ ես քանի աշխատավարձ մինուս կմտնես, եթե մառախուղը չհայտնվի ու պարզվի, որ ամեն ինչ անիմաստ էր, — սպառնաց Վարդանը: 

— Եթե «մթագնումը» չհետաձգենք, էլ նշանակություն չի ունենա: 

— Բայց եթե հետաձգենք՝ գնալու ենք նշելու, — որոշեց իրենը բաց չթողնել գրասենյակում շատ հազվադեպ հայտնվող և այդ պատճառով տեղական մասշտաբի տոնախմբությունների չմասնակցող Տիգրանը: 

— Աչքիս վրա, — բարձրաձայն խոստացավ Վաղարշակը, և հետ վերադարձավ շրջանից դուրս գտնվող աշխատակիցների հետ ականջակալով խոսակցությանը: 

— Ժողովու՜րդ, — անհանգստացած բարձրաձայնեց Արտակը՝ մատնացույց անելով հայելիներից մեկին, — սկսվեց... 




*Հատված «Իրիկնային Երևան» երգից

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյան

Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյան

Գլուխ 10

Երբ աստղերն առաջին փայլում են*  


Եվ իրոք, սկսվեց: Առաջին մի քանի վայրկյանը հայացքը քարե սյանը հառած Հարությունը զարմացավ կարմիր մառախուղը չտեսնելով: Հետո, ինքն իր անուշադրությունից հիասթափված, հիշեց՝ կարմիր մառախուղը միայն արտացոլման մեջ էր տեսանելի: 

Մինչդեռ մառախուղը միայն թափ էր հավաքում։ Պտտվելով՝ այն մագլցում էր սյան վրա, ասես հսկայական, անձև օձ, շրջապատի օդը պտտեցնելով, ասես մրրիկ ստեղծեր: Հարությունը զգաց, ինչպես է մարմինը վախից քարացել: 

«Աստղը այստեղ լիներ, մի ալաֆռանկի անուն կհորիներ օձի համար», — մտածեց Հարությունը, փորձելով հումորի միջոցով խիզախություն հավաքել, — «ասենք՝ «Մթնշաղային ալ անակոնդա», «Կարմիր մրրկային օձ» կամ նման մի բան»։ 

Նմանությունը ավելի շեշտվեց, երբ ոսկե տերևին հասած մառախլապատ զանգվածի «գլուխը» բացեց զարհուրելի «բերանը»: Վերջինի մեջ կարմիր լույս էր հավաքվում: Հարությունը հասկացավ, որ գրոհը այլևս չի կարելի հետաձգել: Երիտասարդը միակը չէր, որ եկել էր նման եզրակացության: 

— Ակնոցները պատրաստ, — հրամայեց Վաղարշակը, հետո ավելացրեց, — մեկ, երկու, միացրի՛նք: 

Միաժամանակ միացրած տասներկու լուսարձակների ուղղորդված և հայելիներից արտացոլված լուսային շիթերը հարվածեցին քարե սյանը տարբեր բարձրությունների վրա: 

Խավարային կենդանու երախում հավաքված լույսը կորչեց, իսկ կենդանին այնպիսի ուժգնության մռնչյուն հանեց, որ գետինը դղրդաց Հարությունի ոտքերի տակ, իսկ ականջները՝ փակվեցին: 

Երիտասարդը աղոտ լսեց, թե ինչպես էր Վարդանը բղավում, որ կարգավորեն դեպի սյան հիմնային մաս ուղղված լույսերի ուղղությունը՝ համաձայնեցնելով «օձի» ներկայիս դիրքի հետ: Նորանոր լուսային շիթերի՝ մառախուղին հասնելուն պես, մռնչոցը ուժեղացավ, հետո սկսեց բարակել: 

— Մնում է անցնի ուլտրաձայնի ու չղջիկներին կանչի, — բղավեց Հարությունը:

— Մենակ դա է մեզ պակաս, — ի պատասխան բղավեց Տիգրանը: 

— Հարութ տղա, դու ու՞մ կողմից ես, — լսվեց Վարդանի բորբոքված ձայնը, — ինչի՞ ես խավարին մտքեր տալիս: 

Չնայած Վարդանի կասկածներին՝ Հարությունը Երևանի կողմից էր: Իսկ բախտը՝ լինելով քմահաճ, բայց ընտրողական աղջիկ՝ Հարությունի: 

Մառախուղային կենդանու մարմնում լույսի շիթերի հարվածների կետերում սկսեցին փոքր ծակեր ձևավորվել: Անցքերը աճելով միավորվում էին, և այդ հատվածներում մառախուղը լիովին վերանում էր: Օձի բարձրացրած քամին սկսեց թուլանալ:

Եվս մի քանի րոպե, և բոլոր շիթերը կարողացան կենտրոնանալ արարածի գլխի վրա: Վերջինիս բարակ ճիչը հասավ գագաթնակետին, և զրնգոցով մարեց: Կարմիր մառախուղի վերջին պատառները հալվեցին տերևի արտացոլած ոսկեգույն լույսի մեջ: 

Մի քանի վայրկյան կատարյալ լռություն էր: Հետո սկսեցին լսվել ամբերդցիների հաղթական ձայները: 

***

Վերջնական էր հաղթանակը, թե ոչ՝ ոչ ոք չգիտեր: Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում գիշերային Երևանի փողոցներում խավարի զավակների բացակայությունը հուսադրող էր: 

Այնուամենայնիվ, «Ամբերդը» չէր թուլացնում զգոնությունը: Ինչպես և առաջարկել էր Տիգրանը, զբաղվում էին ռազմավարական կարևորություն կրող կետերում տեսախցիկների տեղադրմամբ, ընդլայնում էին սենսորների ծածկման դաշտը, շարունակում էին զգոն լինել հերթապահությունների ժամանակ:  

— Գիտե՞ս, ինչ մտածեցի, — հարցրեց Հարությունը, Կասկադի վերջին տեռասին նստած, նայելով գիշերային Երևանի գույնզգույն լույսերին:

— Ի՞նչ, — մի քիչ կասկածով հարցրեց Վարդանը՝ այս ինթերնից ցանկացած հնարք կարելի էր սպասել: 

— Հիշու՞մ ես, որ ասում էիր, թե գերբնական ուժեր չունենք: Պարզվեց, որ ունենք: 

— Վայ, լավ էլի, — ասաց Վարդանը դեմքը ծռմռելով, — մենակ չսկսես քաղցր ճառեր ասել ինքնազոհաբերության, քաջության և թիմային աշխատանքի մասին։ Տոնելու ժամանակ կենացներից դեռ հետ չեմ եկել: 

— Ուզում ես ասել դեռ չես հասկացել ինչ ուժեր ունե՞նք, — զարմացավ Հարությունը:  Նա անկեղծ չէր հասկանում, թե այսքան տարվա մեջ ինչպես չեն պարզել: 

— Հիմա ասելու ես, թե՞ պիտի գուշակ-Մանուշակ պարապեմ, — անհամբեր հետաքրքրվեց Վարդանը:

— Քեզ պարապել պետք չի, — մի կերպ ծիծաղը զսպելով ասաց երիտասարդը, — էհ, Վրդո, Վրդո: Մարդ էլ արձան կարողանա խոսացնել, ու չջոկի, որ ուղղակի տարօրինակ երազներ չի տեսնում, այլ՝ մարգարեական:

— Ինչակա՞ն, — չհասկացավ Վարդանը: 

— Ինքդ մտածի, — ասաց Հարությունը, — դու հարբած, կիսագիտակից վիճակում տեսել ես ոնց արձաններին արթնացնես, Աստղը՝ ոնց անտեսանելի շրջան անել, ես՝ նորալուսինը: Հիմա որ մի քիչ էլ փորեմ, կպարզվի, որ հեչի պես մի տասը աշխատակից նման բաներ տեսել է, բայց ուշադրություն չի դարձրել՝ մտածելով, թե հոգնածությունից է: 

Վարդանը չպատասխանեց։ Փորձում էր հիշել` իրոք եղել են այլ նմանատիպ երազներ նրա կամ այլ թիմակիցների մոտ։ 

— Մեկ էլ, գիտե՞ս ինչ, Վրդո, — խորիմաստ հայացքով հարցրեց Հարությունը։ 

— Ինչ, — արդեն վախով հարցրեց Վարդանը։ 

— Ինչ ուզում ես ասա, բայց ես՝ գժական Քյու-Էյ եմ։

 


*Հատված «Զբոսանք Երևանով» երգիցԿատարող՝ Ֆորշ 


ՎԵՐՋ



 
 
 

Comments


  • Facebook

© ARMCON 2025

bottom of page