
«Եղիցի Լույս» Հեղինակ՝ Տիրայր Մխիթարյան
- frunz8
- 1 day ago
- 15 min read
-Զարթուն ե՞ս։
-Հա, բարձրացի։
-Մենակ ե՞ս։
-Երգարացնըմ ես։
Սևազգեստ, բարձրահասակ անձնավորությունն արագ անջատեց հեռախոսը։ Մի քանի վայրկյան անշարժ կանգնեց մուտքի մոտ՝ սառը, խոնավ գիշերվա օդի մեջ։ Նրա շնչից թեթև գոլորշի էր դուրս գալիս, որը խառնվում էր քաղաքի մշտական մառախուղին։ Ապա խորը ներս քաշեց գարշահոտ, էժանագին ծխախոտի ծուխը թոքերի մեջ, պահեց մի քանի վայրկյան, հետո դանդաղ բաց թողեց։ Ծուխը խառնվեց մառախուղին ու անմիջապես անհետացավ։ Մատների մեջ պահելով դեռ կիսավառ գլանակը, մոտեցավ շենքի ծանր մետաղական դռանը։
Հին կոճակներով կոդային փականը սառն էր ու մաշված։ Տասնյակ տարիների ընթացքում հազարավոր մատներ էին սեղմել նույն թվերը, ու ներկը վաղուց էր մաշվել։ Արագ հավաքեց կոդը՝ գրեթե առանց նայելու, ինչպես մեկը, ով այստեղ այնքան հաճախ էր եկել, որ թվերն արդեն մեխված էին հիշողության մեջ։ Դուռը խուլ ճռռոցով բացվեց, կարծես դժկամությամբ էր ընդունում ուշ գիշերվա այցելուին։
Գործիքներով լի ծանր պայուսակը ձեռքին՝ մեծ-մեծ քայլերով ներս մտավ շենքի մուտքից։ Հոտն անմիջապես հարվածեց քթին՝ խոնավ բետոնի, հին, չմաքրված աղբատարի, կեղտոտ ջրի և հնացած ծխախոտի մի խառնուրդ։ Այդ հոտը Ձորքի աղքատ շենքերի սովորական բույրն էր՝ այնքան սովորական, որ այստեղ ապրողները վաղուց չէին էլ նկատում այն։
Աղբահոտ աստիճաններով արագ բարձրացավ դեպի երկրորդ հարկ։ Յուրաքանչյուր քայլից փոշի էր բարձրանում, իսկ ժանգոտած մետաղական ճաղերը թեթև ճռճռում էին։ Երբ հասավ միջանցք, սենսորային լույսերն ավտոմատ միացան՝ կարճ թրթռալով, հետո կայուն դեղին լույս տարածեցին նեղ, խունացած պատերով միջանցքում։ Լույսը մի պահ ընդգծեց պատերի վրայի գրվածքները, ճաքերը, և մոխրամանների տեղ ծառայող գարեջրի մետաղական բանկաները։
Տան դուռն արդեն բաց էր ներսից։ Նա անաղմուկ հրեց դուռն ու ներս մտավ։
Գործիքներով պայուսակը միջանցքում դնելով՝ միանգամից գնաց խոհանոց։ Զգացվում էր, որ տանը բավականին լավ ծանոթ էր. քայլում էր առանց շուրջը նայելու։
Առանց հարցնելու ջուր լցրեց էլեկտրական թեյնիկի մեջ ու միացրեց այն։
Տունը կիսաթանգարանի ու անհասկանալի շիլաշփոթի խառնուրդ էր հիշեցնում։ Տարատեսակ ու անսովոր իրերով լցված կեղտոտ սենյակներում ամեն ինչ խառնված էր իրար՝ հին սարքեր, հնաոճ պահարաններ, գործիքներ, կոտրված լամպեր, անհասկանալի մեխանիզմներ, ժանգոտ մետաղական դետալներ, հին պաստառներ, տարօրինակ քանդակներ ու պատերին նկարներ։ Տանտերն այդ շիլաշփոթը հաջողացրել էր այնպես դասավորել սենյակում, որ ամեն ինչ շատ բնական ու օրգանիկ թվա։
Խոհանոցում սովորականից ավելի խառնաշփոթ էր երեկվա «թեթև խնջույքից» հետո։
Թափթփված սեղան՝ դատարկ գինու ու գարեջրի շշերով։ Որոշ շշերի մեջ դեռ մի քանի կաթիլ կարմիր գինի էր մնացել։ Սեղանին ու հատակին ուտելիքի մնացորդներ էին՝ չորացած հաց, լավաշ, դատարկ պահածոյի տուփեր, կտրտած մրգի արդեն սևացած կտորներ։
Կեղտոտ բաժակներն ու ափսեները լցված էին լվացարանի մեջ և դրա շուրջը։ Լվացարանի ծորակից ջուր էր կաթում։
Հատակը ճենճոտ էր։ Ջարդված բաժակի բեկորները դեռ փայլում էին լույսի տակ։ Քայլելուց կոշիկները կպնում էին շիրայոտ հատակին։
Մոխրամաններն այնքան լիքն էին, որ նույնիսկ շուրջբոլորը մոխիր ու ծխախոտի գլանակներ էին թափթփված։
Պատերից կախված էին լուսային լարեր, որոնք դեռ թրթռում էին թույլ լույսով, կարծես հիշեցնում էին երեկվա աղմկոտ գիշերը։
Վիքսի տանը տեղի ունեցող փարթիների մասին քաղաքում լեգենդներ էին ֆռռում։
Պարզ էր՝ մենակ չէր։
-Ես ասի արդեն վեր ես կացել, հերիք տեղերիդ մեջ ֆռռաս, -տրորելով դեմքի թարմ սպին՝ ասաց սևազգեստ, բարձրահասակ մարդը՝ նույն ինքը՝ «Գեդնի տակեցի» Ագռավը, փորձելով խոսալ որքան հնարավոր էր ցածրաձայն, որպեսզի չարթնացնի Վիքսի կողքին քնած կիսամերկ, սպիտակամաշկ արարածին, որը ոչ այլ ոք էր, քան հենց նույն ինքը՝ տարատեսակ սնկեր աճեցնող Ջունգլիներցի Ինան, սակայն խռպոտ ու բարձր ձայնն անհնար էր թաքցնել։
-Հանգիստ խոսա, մի լարվի, բոմբ քցես չի զարթնի։ Դու էլ երեկ էտքան խառը մառը հեղուկներ ներս լցնեիր, տեղիցդ վեր չէիր կենա, -հորանջելով ասաց Վիքսն ու նայեց Ագռավի դեմքի թարմ սպիին։
-Մենակ հեղուկնե՞ր, -կիսախավարի մեջ տեսնելով վերմակի տակից դուրս ցցված դաջվածքներով ոտքն ու ճանաչելով Ինային՝ ծաղրաբար հարցրեց Ագռավը:
-Դու ավելի լավ ա, ասա էտ ով ա դեմքդ թենց սիրունացրել, -հարցին հարցով պատասխանեց Վիքսը:
-Երգար պատմություն ա, հետո կպատմեմ, -կարճ կապեց Ագռավն ու վրա տվեց -էրեգ էտքան էլ ասի, շուտ տ’ենք վեր կենա գնանք, քիչ կլակես. էլի էշ-էշ կայֆեր եք չէ՞ արել։
-Հա, էշ-էշ կայֆեր ենք արել, կացին անդեր, ջուրը եռաց, կոֆեդ լցրու, էսա կգամ իմն էլ կսարքեմ -ասաց Վիքսն ու սկսեց հագնվել։
Վիքսը սիրում էր անձամբ սարքել իր սուրճը, երկու բաժին էր լցնում բաժակի մեջ, մի փոքր ջրով երկար ժամանակ խառնում էր ձեռքի փոքրիկ, մեխանիկական հարիչով, հետո նոր բավականաչափ ջուր ավելացնում։ Սուրճ ասվածը տեղական արտադրության ինչ որ անհասկանալի շաքարախառն, սրճանման էժանագին փոշի էր, որը նրանք խմում էին մեծ սիրով և որի մեջ դժվար թե բնական սուրճի պարունակություն լիներ, բայց դե բնական սուրճը շատ մեծ շքեղություն էր այդ ժամանակ և միայն ընտրյալներին՝ քաղաքի վերին շերտերին կամ Կանաչ Բերդի ներսում աշխատողներին հասու։ Միջանցքում գռմռում էր ծանր, մետաղական հնադարյան փայտի վառարանը, որն արդեն այնպես էր շիկացել, կարծես ատոմակայանի ռեակտոր լիներ։
Խոհանոցի դուռը պինդ փակել էին, որ քաղաքի կեղտոտ օդը ներս չլցվի ու «վայելում» էին Ագռավի թունդ ծխախոտի նույնքան գարշելի հոտը, որն ավելի անվտանգ էր քան քաղաքի օդը, և «սուրճ» էին խմում՝ ինչ-որ քաղցր ու էլի անհասկանալի բաղադրությամբ քաղցրավենիքով, որին Վիքսի ընկերները «քաղցր թրիք» անվանումն էին տվել։
-Դե ասա տենամ էտ ինչ կարևոր տեղ տ’ենք գնա, որ զանգել էիր ինձ էրեկ, ու հմի էլ առավոտ քշերհանա զարթնացրել. քեզ չեմ ասել անկապ թեմաներով որ զանգել ես, էտ կեռ քիթդ կջարդեմ, -սուրճը բարձրաձայն ֆրթացնելով ու նայելով ուղիղ Ագռավի անթրաշ ու արդեն սպիոտ դեմքին՝ ասաց Վիքսը։
-Որ կարևոր բան չըլներ, չէի զանգի, -ծուխը փչելով Վիքսի մազազուրկ ու սպիտակ դեմքին՝ պատասխանեց Ագռավն ու շարունակեց, -ուրեմն նայի, նոր, թույն տեղ եմ ճարել, նախկին Խիմզավոդը գիդես, դրանից մի քիչ հեռու, անտառի տակ, հին, կիսաքանդ շենք ա …
-Վատ ե՞ս արա, ի՞նչ Խիմզավոդ, -միանգամից ընդհատեց Վիքսը, - էտ կողմերը ոչ մեկ չի գնըմ, ինչ ասես կարա ըլնի, որ Կարմիրները բռնին, հետևներս փետ են կոխելու կամ նենց են հիշողություններս մաքրելու, տան ճամփեն չքթնենք։
-Վատը դու ես արա, թող խոսամ, մի ընդհատի, -ուրեմն, հին, կիսաքանդ շինություն ա, չես ասի, որ տեսքից կարևոր բան ա ներկայացնըմ, բրախած տեղ ա, քառասուն տարի ա ոչ մեկ չի գնըմ էտ կողմ, անունն ա դուրս էկել ուղղակի, փակ տեղ ա, բայց ես ձևը քթել եմ ներս մտնելու, հին ջրահեռացման թունելն եմ քթել գետի կողմից, դաժե փորձել եմ մտնեմ, գնամ արագի մեջ ֆռռամ, հետ գամ: Էրկուսով հանգիստ կմտնենք, դուրս կգանք, ոչ պահակ կա արդեն, ոչ բան։ Ներսը լիքը լարեր, տրուբա բան կա, կոնկրետ փող ա, Ժեշտի հետ էլ խոսացել եմ, նորմալ գներով կհաշվի էս անգամ։ Ավտոդ խոդի ես տալիս, գործիքները վեր եմ կալել, սղոց բան, սաղ մոտս ա, մի էրկու բան էլ դու ես վեր ունըմ ու հենց հմի գնըմ ենք, քանի մարդ-մուրդ չկա։
-Ասըմ եմ սաղ ստուգել եմ, -Վիքսի հարցը կանխեց Ագռավն ու շարունակեց, -մտել, արագ դուրս եմ էկել էն օրը, նորմալ ա։ Անցած անգամ էլ չտարա՞ քեզ էն սիլիկատների փակված գործարանը, վատ է՞ր, բան էղա՞վ, եքքա փող մնաց, մի ամիս աղի պես լռված էիր։
-Հա, բան չասի, թույն էր, -հեգնեց Վիքսը, -ուղղակի ըտեղի հոտից նենց վատ էի, մի էրկու օր անընդհատ հետ էի տալիս ու քեզ քֆրտըմ։ Դու էլ քու փողերի մաման նենց լացացրիր, մի շաբաթ չանցած ինձանից էիր փող ուզըմ, հմի էլ էկել ասըմ ես Խիմզավոդ։ Ամեն հաջորդ ռեյսը ավելի վատ ա էղնըմ…
-Վատի բան չկա, վեր կաց, դուս ենք գալի։
-Չգիդեմ ախպեր, եթե բռնին, քու վզով ա։
-Հա, հա, դիմակը քաշի ռեխիդ, գնացինք։
Թե ի՞նչ էր Քիմգործարանը, կամ ինչպես տեղացիներն էին անվանում՝ Խիմզավոդը, Ձորքում արդեն քչերն էին հիշում, թե ի՞նչ գործարան էր և ինչեր էր արտադրում։ Տարիների ընթացքում տարբեր լեգենդեներ ու պատմություններ էին ստեղծվել նախկին գործարանի մասին ու իրականությունը վաղուց խառնվել էր լեգենդների հետ։
Մի մասն ասում էր, որ տարածքը «շնչում է»։ Ասում էին՝ եթե ուշ գիշերով կանգնես գործարանի ցանկապատի մոտ ու մի քանի րոպե լուռ լսես, կարող ես տարբերել շնչառության նման ձայն։
Խորը։Ծանր։Կրկնվող։
Կարծես հսկայական ինչ-որ բան ներսում դանդաղ շնչի։
Ոմանք պնդում են, որ այդ ձայնը գալիս է գործարանի տակ գտնվող հսկայական ռեակտորից, որը երբեք ամբողջությամբ չի անջատվել։
Մյուսները վստահ են՝ դա մեքենա չէ։
Կային «սխալ ժամանակի տեսության» կողմնակիցներ, ովքեր երդվում էին, որ այնտեղ ժամանակը ճիշտ չի աշխատում։ Պատմությունը սկիզբ էր առել պահակներից մեկից, ով իր ասելով մի անգամ պարապությունից ձանձրանալով մտել էր ներսի սենյակներից մեկը, սակայն դուրս գալուց հետո պարզվել էր արդեն քանի օր է՝ տնեցիներն իրեն էին փնտրում։ Նա նաև երդվել էր, որ լսել էր սեփական լապտերի ընկնելու ձայնը՝ նախքան լապտերի գետնին ընկնելը։ Պահակին արագ հեռացրել էին աշխատանքից և քաղաքում նրան էլ ոչ ոք չէր տեսնում։
Կային նաև «գիշերային ձայների» կողմնակիցներ, ովքեր նույնանման համառությամբ պնդում էին, որ գիշերները (դե իհարկե էլի գիշերները) գործարանի ներսից տարօրինակ մեքենաների աշխատանքային ձայներ են լսվում այն դեպքում, երբ գործարանը վաղուց չի աշխատում։ Կարծես ինչ որ մեխանիզմ դանդաղ պտտվի։ Պահակներն ասում էին, որ ստուգել են, սակայն նման բան չկա։ Այդ պատճառով ձայների տեսության կողմնակիցները սկսեցին ասել, ձայները լսվում են միայն այն ժամանակ, երբ ոչ ոք չի նայում։
Որոշներն էլ վստահ էին, որ գործարանի տարածքում տարօրինակ ստվերներ էին տեսնում ամեն ամսվա վերջին գիշերը։ Ըստ պատմածների՝ ստվերները երբեմն քայլում են պատերի վրայով, երբեմն՝ կանգնում, բայց անհետանում են, երբ նրանց վրա լույս է ընկնում։
Ինչևէ լեգենդները երբեք չէին դադարում Խիմզավոդի շուրջ, սակայն փաստն այն էր, որ նախկին արդյունաբերական հսկան այլևս չէր աշխատում, կիսախարխուլ ու հսկա շինությունն ուրվականի պես կանգնած էր արդեն քանի տասնամյակ։ Ու չնայած կիսախարխուլ վիճակին՝ միշտ խստորեն հսկում էին շինությունը, սակայն ժամանակի հետ քանի գնում՝ հսկողությունը թուլանում էր։
Ագռավին ընդհանրապես չէին հուզում այդ լեգենդները։ Նրան չէր հետաքրքրում՝ մարդիկ հիշողությո՞ւն են կորցնում, թե ստվերներ են տեսնում, գործարանը շնչում է՞, թե՞ արտաշնչում, պատերի վրայով ստվերներ ե՞ն քայլում թե իրական մարդիկ։ Ավելին՝ նա քամահրանքով էր վերաբերվում այդ պատմություններին, հատկապես՝ պահակի մի քանի տարի առաջվա պատմությանը, նրան համարելով Ինայի հաճախորդներից մեկը։ «Երևի սխալ դոզա ա տվել, ոչինչ, հլա նոր ա սկսըմ աղջիկը», ծաղրաբար ասում էր Ագռավն ամեն անգամ այս թեմայի մասին խոսակցությունները լսելիս։
Նրան ավելի շատ հուզում էին պղնձի և այլ գունավոր մետաղների մասին լեգենդներն ու, թե որտեղից կարող էին ճարել (ճարել ասելով հասկանում ենք բոլոր հնարավոր և անհնար միջոցները) ու վաճառել սև շուկայում։ Այս բոլոր լեգենդների հետ մեկտեղ, կար նաև մեկ այլ լեգենդ, որը նրան ամենաշատն էր հետաքրքրում. գործարանի փակվելուց հետո ներսում տոննաներով մետաղներ էին մնացել, հաստ պղնձե մալուխներ, ծանր խողովակներ, հին ռեակտորների մասեր և այլ դետալներ։ Տարիների ընթացքում դրանց մի մասն իհարկե, արդեն անհետացել էր, բայց իր պես գործ անողները վստահ էին՝ դեռ շատ բան կար ներսում։
Չնայած նախկինում պղնձի և այլ գունավոր մետաղների տարածվածությանը քաղաքում, հիմա պղինձը լավ գին ուներ Ձորքում, քանի որ արդյունահանումը գնալով դժվարանում էր, պաշարները գրեթե սպառված էին հանքերում, իսկ պահանջարկը՝ միշտ ավելանում էր։ Այն դարձել էր սև շուկայում ամենապահանջված ապրանքներից մեկը։
Իսկ թե ինչո՞ւ Վիքսը համաձայնվեց. մի կողմից փողի անվերջ պակասությունը՝ հիմնական աշխատանք չուներ (և չէր էլ փորձում ունենար), միշտ պարտքերի մեջ էր և անընդհատ փողի կարիք ուներ. մեքենայի վառելիքը, խմիչքն ու անդադար խրախճանքներն անվճար չէին, մյուս կողմից՝ ի ծնե հետաքրքրությունն ամեն տեսակի արկածներին, չնայած միշտ աշխատում էր զգույշ լինել և չընկնել Կարմիրների ձեռքը՝ ի տարբերություն Ագռավի։
Փողի անվերջ պակասությամբ ու կուտակած պարտքերով Ագռավը ոչնչով չէր զիջում Վիքսին, ավելին, ի տարբերություն Վիքսի՝ մեծ ընտանիք ուներ, որին պետք էր կերակրել, բայց քանի որ ընտանիքին կերակրելու սուրբ գործից առավել սիրում էր վիճակախաղեր ստեղծողներին կերակրել ու հարստացնել, փողի պակասությունն ավելի կատաղի կերպով էր զգացնել տալիս։
Ժամն առավոտյան գրեթե 5-ն էր, երբ դուրս եկան տնից։ Վիքսն արդեն դրել էր գլխարկը, դիմակը լավ ամրացրել, որ կեղտոտ օդը չթափանցի թոքերն ու դրել լուսակառավարվող ակնոցները, որն իր տան մշտական այցելու աղջիկներից մեկն էր նվիրել ծննդին։ Բարձրացնելով բաճկոնի օձիքներն ու ձեռքերը դնելով թեթև, կիսասպորտային տաբատի գրպանները՝ քայլեց դեպի մեքենան։
Ագռավը կարծես թքած ունենար դիմակի գոյության վրա, գրեթե երբեք չէր դնում ու անհասկանալի էր մնում, թե ինչպես էր հաջողացնում ծխելու ու քաղաքի կեղտոտ օդը շնչելու հետ միաժամանակ ողջ մնալ։ Տաք տնից հետո առավոտվա ցրտից սրթսրթացնելով՝ փաթաթվեց կաշվե մաշված բաճկոնի մեջ, գլխարկը քաշեց գլխին ու ծխախոտը բերնին՝ երկու ձեռքով գործիքները բռնած, երկար հասակը ճոճելով, մեծ-մեծ քայլերով գնաց արագաշարժ Վիքսի հետևից։
Բակում լռություն էր, մարդ չկար։ Շենքի դիմացի փողոցի փոքրիկ խանութների աղոտ, գիշերային լույսերն էին թեթև լուսավորում տարածքը։ Մի փոքր այն կողմ, դատարկ խաչմերուկում լուսակիրներն էին փոխում լույսերը։ Հեռվում ինչ որ մեկը, հավանաբար լավ հարբած, ճոճվելով անցավ դիմացի մայթով։ Գործիքները տեղավորեցին մեքենայի մեջ, ևս մեկ անգամ ստուգեցին, որ ամեն ինչ տեղում լինի՝ լապտերներ, մարտկոցային սղոց, փոքր կացին, մուրճ, ձեռնոցներ և նստելով մեքենան, արագ հեռացան։
Ինչպես միշտ թույլ անձրև էր գալիս ու ծանր, հավերժական մառախուղն էր կանգնած Ձորքի վրա։ Կանաչ Բերդի հսկայական աշտարակները գոլորշի էին արձակում։
Շոգեգոլորշային շաղախով հյուսված այս քաղաքում, որն ամբողջովին մեկուսացված էր մնացած աշխարհից, Ձորքը վերածվել էր մի քանի հարկանի ժանգոտ լաբիրինթոսի՝ միլիոնից ավել բնակչությամբ (հստակ թիվը ոչ ոք չգիտեր)։ Բնակչության մեծ մասն ապրում էր գետնի երեսին կամ ինչպես տեղացիներն էին անվանում՝ «գեդնի էրեսին», մի մասը լեռների մեջ փորված փոքրիկ քաղաքներում կամ՝ ըստ տեղացիների՝ «քարի միչին», մի մասն էլ ստորգետնյա քաղաքում կամ՝ «գեդնի տակ»։
«Գեդնի էրեսին» ապրում էր բնակչության մեծ մասը. աշխատողներ, բանվորներ, առևտրականներ։ Այստեղ էին գտնվում խանութները, գործարանները, դպրոցները, ուսումնական հաստատությունները։ Էրեսին ապրողները համեմատաբար ավելի լավ վիճակում էին գտնվում ներքևում ապրողների համեմատ։
«Քարի միչինը» նախկին հանքերն էին՝ փորված լեռների ու անտառների մեջ, որոնք թունելներով իրար էին կապված։ Բնակչությունն այստեղ սկզբնապես ձևավորվել էր նախկին հանքափորներից, հետագայում արդեն բնակվելու էին եկել տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ ինժեներներ, տեխնիկներ, գիտնականներ։ Բավական աշխատանքներ էին կատարել՝ նախկին հանքերի տարածքները մաքրելու, լայնացնելու, կարգավորելու վրա և հիմա այդ տարածքներն ապրելու համար բավականին հարմարավետ տեղ էին դարձել։ Օդն այստեղ համեմատաբար մաքուր էր, քանի որ անընդհատ մաքրվում էր օդի հսկայական ֆիլտրներով։ Ներկա պահին «քարի միչինը» դարձել էր Ձորքի ամենաբարեկեցիկ շրջանը։
«Գեդնի տակ»ն իրենից ներկայացնում էր քաղաքի ստորգետնյա շերտը՝ հսկայական թունելների մի ցանց, որը ժամանակին նախատեսված էր քաղաքի, գործարանների թափոններն ու ջրերը հեռացնելու համար, սակայն ժամանակի ընթացքում թունելների մի մասն այլևս իր նպատակին չէր ծառայում՝ կապված որոշ գործարանների փակվելու հետ։ Մի մասը սակայն դեռ աշխատում էր և անտանելի գարշահոտ էր միշտ տիրում «Գեդնի տակ»։
Թունելների ցանցն աստիճանաբար վեր էր ածվել բնակության տարածքի՝ հասարակության ստորին շերտերի համար։ Այստեղ հանգրվանում էին հանցագործներ, մարդասպաններ, օրենքից դուրս գտնվողներ և այլն։ Շատ մութ պատմություններ էին այնտեղ կատարվում և շատերն էին անվերադարձ անհետանում այնտեղ մտնելուց։ Այն մի առանձին հասարակարգ էր, իր օրենքներով, կարգ ու կանոնով, այստեղ վերևներից սովորաբար չէին գալիս, միայն ծայրահեղ դեպքերում՝ ոստիկանությունը։
Ձորքի երկու կողմից վեր էին խոյանում բարձրաբերձ, անտառոտ, ձյունապատ գագաթներով լեռնաշղթաները, բնական պատնեշ դառնալով քաղաքի համար։ Քաղաքի արևմտյան ծայրում, լեռների միջև նեղ գոգահովտում, որտեղով հոսում էր գետը, գործարաններ էին։ Գետը սկսում էր Աստված գիտի որտեղից, անցնում էր գործարանների միջով և հոսում դեպի քաղաք։ Մեծ, լայն ասֆալտապատ ճանապարհը դեմ էր առնում գործարաններին և վերջանում։ Ոչ ոք չգիտեր, ինչ կար գործարաններից այն կողմ։
Ձորքի մյուս՝ արևելյան ծայրից, ամենատես աչքի պես հսկայական, բարձր, հինավուրց Կանաչ Բերդը չարագուշակ հետևում էր քաղաքում կատարվող ամեն մի շարժին։ Բարձր գեղեցիկ աշտարակները պատրաստված էին գրանիտից ու մետաղից։ Միջնաբերդի ճակատային մասում մեծ, պղնձե գեղեցիկ ժամացույցն էր։ Բերդն ամբողջությամբ զբաղեցնում էր երկու լեռնաշղթաների միջև գտնվող միջանկյալ բարձրավանդակը և տարածում էր երկու թևերը մինչև հյուսիսային և հարավային լեռնաշղթաները, բացարձակորեն իշխելով ամբողջ արևելյան կողմի վրա։ Կանաչ անունն ստացել էր տարիների ընթացքում առաջացած մամռակալած պատերից ու բերդի խողովակներից բարձրացող կանաչավուն ծխի պատճառով։ Ոչ ոք չէր կարող անցնել քաղաքի այդ ծայրով առանց բերդի հսկիչների գիտության։ Գրեթե ոչինչ չէր վրիպում Ձորքի կառավարությունը հանդիսացող Կանաչ Բերդից, ամեն շարժից, ամեն գործողությունից տեղյակ էին այնտեղ։ Կարմիր ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով զեկուցում էր քաղաքի դրության մասին։ Թե էլ ինչեր էր կատարվում այդ հսկայական բերդի ներսում, շատ քչերին էր հայտնի։
Ոչ ոք ներս չէր մտնում Ձորք։ Ոչ ոք դուրս չէր գալիս Ձորքից։
Քաղաքը՝ կառուցված մոռացված բանաձևերի ու արդյունաբերական երազանքների ոսկորների վրա՝ ինքն իրեն կերակրում էր ու ինքն իրեն թունավորում։ Այստեղ անձրևը մետաղի հոտ ուներ, իսկ օդը՝ խելագարության։ Արևն այստեղ հազվադեպ երևույթ էր, ու նրա աղոտ, դեղնակարմիր լույսը մառախուղի միջով՝ շատերը համարում էին Կանաչ Բերդի ստեղծած արհեստական լույսի աղբյուր ու չէին հավատում արևի գոյությանը։ Մետաղական գմբեթների տակ, մրով ծածկված ճանապարհների մեջ, շենքերը բորբոսնել էին և այդ բորբոսնած շենքերից մեկում էլ գտնվում էր Վիքսի՝ ժառանգություն ստացած տունը։
Վիքսի մեքենան (եթե իհարկե այդ տուփին կարելի էր մեքենա անվանել) դղրդոցով սլանում էր Ձորքի նեղլիկ փողոցներով։ Ամենատարբեր տեսակի ճռճռոցներ, կտկտոցներ ու խզխզոցներ էին գալիս յուրաքանչյուր փոսից անցնելիս, իսկ շարժիչն այնպես էր շնչում, կարծես թոքախտավոր հիվանդ լիներ։ Նախորդ դարավերջի արտադրության փոքրիկ տուփ էր մեքենան, դիմացը՝ խփված, ներկը՝ գրեթե ամբողջությամբ թափված, տեղ-տեղ՝ ժանգոտված։
Չնայած բազմաթիվ վերանորոգումներին և ինքնաշեն լուծումներին՝ մեքենան դեռ շնչում էր և որոշել էր հնարավորինս երկար դիմանալ տիրոջ ձեռքին։ Այն հազիվ էր տեղավորում Վիքսին ու Ագռավին, սակայն փառավոր անցյալ ուներ. ինչ աղբ ասես լցրել և տեղավորել էին մեքենայի մեջ, իր քաշից բազմաթիվ անգամներ ծանր, ուր ասես գնացել էին և չնայած իր խղճուկ տեսքին՝ երբեք չէր դավաճանել։ Միգուցե հենց դրա պատճառով էլ Վիքսը չէր հրաժարվում նրանից։ Ու հենց տեսքի պատճառով էլ մեքենան աչքի շատ չէր զարնում և Կարմիր ոստիկաններն առանձնապես ուշադրություն չէին դարձնում դրան։
Անցան աղքատ թաղամասերով։ Փողոցի երկու կողմերում տգեղ, ծխից սևացած հին բարձրահարկերն էին՝ գունատված տուֆից սարքված ու անկանոն, փնթի բալկոններով։ Հենց բալկոններից դուրս էին ցցված փայտի վառարանների ժանգոտ խողովակները։
Անցան շուկայի մոտով. այն գրեթե դատարկ էր։ Մի քանի վաճառականներ արդեն սկսել էին կարգի բերել իրենց մշտական տաղավարները։ Փայտե արկղերով կարտոֆիլ էին դրել գետնին ու կշեռքն էին տեղավորում։ «Կարտոշկես պրծել ա, հիշեմ էսօր մի քիչ առնեմ», նայելով կարտոֆիլի արկղերի կողմը՝ մտածեց Վիքսը։
Փողոցները դեռ դատարկ էին այս ժամին, հատուկենտ մարդիկ էին երևում։ Ոստիկանական մեքենայի թույլ, կապտավուն լույս երևաց հեռվում։ Առանց խոսելու Վիքսը մի փոքր թուլացրեց արագությունը, հետո կտրուկ ձախ թեքվեց խաչմերուկից՝ փոխելով ճանապարհը։ Ընդհանրապես ցանկություն չկար հանդիպելու ոստիկաններին, հետն էլ այս կասկածելի ժամին։
Ոչ միայն Վիքսը, Ձորքում ոչ-ոք չէր ցանկանում հանդիպել ոստիկաններին, կամ ինչպես քաղաքի բնակիչներն էին անվանում՝ Կարմիրներին։ Երկար, սև, վերարկուներով, հաստ ներբաններով կաշվե ճտքակոշիկներով, անթափանց ապակե դիմակներով, որոնք խողովակներով միանում էին թիկունքում ամրացված զույգ բալոններին, նրանց տեսքն առանձնապես ցանկություն չէր առաջացնում հանդիպելու այդ սառը, անմարդկային կերպարանքներին։ Ապակե սև դիմակների տակից ոչ մի դեմք չէր երևում, աչքերի տեղում միայն կարմիր, հորիզոնական լույս էր ճառագում (որից էլ նրանք ստացել էին Կարմիր անվանումը) և անհասկանալի էր դիմակների տակ ընդհանրապես մարդկային դեմք կա՞, թե չէ։ Նրանց բոլորի ձայնը նման էր իրար, սառը, անբնական։ Նրանց հետ խոսել, բանակցել գրեթե անհնար էր։ Կարմիրները տեղակայված էին Կանաչ Բերդում և ենթարկվում էին միայն Բերդի իշխանությանը։
Ձորքում լեգենդներ էին պտտվում նրանց դաժանությունների մասին և թե ինչեր էին անում իրենց ձեռքն ընկածների հետ՝ Կանաչ Բերդում։ Ագռավն իր մութ անցյալում մի անգամ «բախտ էր ունեցել» նրանց ձեռքն ընկնելու, անհետացել էր որոշ ժամանակով և վերադառնալուց հետո ոչինչ չէր պատմում։ Ըստ Վիքսի՝ Ագռավն այդ դեպքից հետո ավելի մռայլ էր դարձել, քչախոս և գլխի ու թևի վրա սպիներ էին ավելացել։
Հասան հին, սև նախկին եկեղեցուն, որը վաղուց արդեն եկեղեցի չէր, այլ մի մամռակալած շինություն՝ պարուրված գոլորշապատ խողովակների մեջ և ծառայում էր որպես սոսինձների ստացման արտադրամաս։ Հին խաչը դեռ մնացել էր գմբեթի վրա՝ կիսակոտրված։
Ներսում այլևս աղոթք չէր հնչում։
Հասան կամրջին, որի տակ մի անօթևան ընտանիք էր տնավորվել. բրեզենտից ծածկոցանման մի բան էին սարքել և թույլ կրակ էին արել։ Ներքևում գետն էր հոսում, քիմիական արտահոսքերից և քաղաքի կեղտաջրերից գույնն արդեն վաղուց կորցրած ու կեղտոտ։ Ոչ ոք չէր հիշում՝ այն որտեղից էր սկսվում և ուր էր թափվում։ Գետի կողքով արդեն լայն, հարթ ճանապարհն էր. արագությունն ավելացրեց։ Ճանապարհի ձախ կողմում սկսեցին երևալ քիմիական գործարանի հսկայական բետոնե խողովակները, որոնցից ժամանակին թանձր, դեղնավուն ծուխ էր դուրս գալիս և տարածվում ամբողջ քաղաքի վրա։
Լուռ, առանց մի բառ խոսելու սլանում էին գետի կողքով։ Լռությունն առաջինը խախտեց Ագռավը.
-Կամացացրու, էսա հասնըմ ենք։ էն բարդիներն անցնես, քաշի աջ, ըտեղ լույսը թույլ ա, ավտոն չի էրևա։
-Էտքան ֆայմդ հասնըմ էլ ա, հա՞ - ծաղրական ասաց Վիքսն ու մեքենայի արագությունը թուլացնելով՝ կանգնեցրեց նշված վայրում։ Ագռավն արհամարհական նայեց Վիքսի դեմքին ու բան չասաց, ձեռքը տարավ մաշված կաշվե բաճկոնի գրպանն ու սկսեց ծխախոտ փնտրել։
-Ավտոյի մեջ չծխես այ անասուն, առանց էն էլ շնչելու օդ չկա - Ագռավի միտքը հասկանալով ասաց Վիքսը։
-Լավ, էսա իջնըմ ենք, դրսըմ կծխեմ։
-Դրսի կեղտոտ օդը քեզ հերիք չի՞ թոքերդ ես լցնըմ, մի հատ էլ վրից ծխըմ ե՞ս։
-Երգարացնըմ ես - Վիքսի պես պատասխանելով ասաց Ագռավն ու իջավ մեքենայից։
Գիշերվա թանձր խավարի մեջ երկու ստվերներ անցան ճանապարհից աջ, իջան ներքև դեպի գետը, քայլեցին դեպի հին, ժանգոտած խողովակը, որը ժամանակին Քիմիական Գործարանի ջրահեռացման թունելներից էր եղել և ամբողջովին կորել էր մամուռի մեջ։ Մուտքը հազիվ գտան։ Անաղմուկ մտան ներս։ Բավականին լայն էր խողովակը, լապտերները միացրած, կիսակռացած քայլելով բավականաչափ գնացին, մինչև Ագռավը ձեռքով նշան արեց, որ հասնում են։ Դուրս եկան ինչ-որ դիտահորանման տեղից ու հայտնվեցին կիսաքանդ շինության կիսաթաղված դարպասների առաջ, Ձորքի՝ քիմիական կայսրության երբեմնի ամենակարևոր գործարաններից մեկի, այժմ՝ փտած, մահացած մնացորդի, որի մասին ասում էին, թե փակվել է «պարունակման միջադեպից» հետո՝ շատ տարիներ առաջ։ Բետոնե կլոր, գորշ ծխնելույզները վեր էին խոյանում՝ ինչպես երգեհոնի փողեր։
-Ոչ մի շունչ, ոչ մի պահակ, ոչ մի դրոն։ - մրմնջաց Վիքսը՝ տեղանքն արագ աչքի անցկացնելով ու հիշելով լամպերի գործարանի դրոններին, որոնցից հրաշքով էին մազապուրծ եղել։
Ասըմ էի չէ՞, - իրանից գոհ ժպտաց Ագռավը՝ ծխախոտը վառելով։ Վիքսն ուշադրություն չդարձրեց ու անաղմուկ քայլեց դեպի շենքի կիսափտած դարպասները, որտեղ օրեր առաջ լինելով, Ագռավն արդեն հասցրել էր դրանք բացել ու ներս մտնել։
Միջանցքները խոնավ էին՝ խտացված գոլորշուց ու դեղնականաչ քիմիական արտահոսքից։ Ներսում գործարանը լուռ էր, կարծես չէր հիշում, որ երբևէ կենդանի է եղել։ Մի պահ թվաց, թե գործարանի լամպերը թույլ լույս են արձակում։ «Երևի մեր ձեռի լույսերից ա» -մտածեց Վիքսը։
Հասան մի շախմատաձև հատակով սրահի՝ մրոտ վառարաններով, տարօրինակ կաթսաներով ու հաստ, խունացած խողովակներով, որոնք վերջին անգամ ո՞վ գիտե երբ էին աշխատել։ Փողի հանք էր՝ նրանց պես աղբահավաքների համար։
-Վայ բ** ըլնեմ, էս սաղ պղինձ ա՞ - Վիքսի շունչը կտրվեց։
-Հա, բա ինչ ա, սաղ ստուգել եմ էն օրը, ասըմ էի չէ՞, ըհըն, լա տես ինչքան բան կա, -Ագռավն ուրախ էր, որ Վիքսին կարողացավ գոհացնել, - անցանք գործի, լավ, ժամանակ չկա, գործիքները հանի։
Մոտ մի ժամ քրտնաջան աշխատեցին ապտերների լույսի տակ, հնարավորինս անաղմուկ (ինչքան որ հնարավոր էր) կտրելով պղնձե խողովակներն ու էն ամենը, ինչը հնարավոր էր արագ կտրել, արդեն մետաղները լցրել էին իրենց ուսապարկերն ու մտածում էին ինչպես են քարշ տալու թունելի միջով։
Վիքսը մտքում հաշվում էր, թե քանի կիլոգրամ կլիներ, դեռ քանի անգամ կգային-կգնային ու ամեն անգամ քանի կիլոգրամ կհանեին, ինչքանով կծախեին գունավոր մետաղներ ընդունող Ցալկուտեցի «Ժեշտի» մոտ ու ինչքան պարտք կփակեր, քանի բալոն թթվածին կառներ տան համար, քանի մահացու փարթի կկազմակերպեր վերջերս ծանոթացած ծտերի հետ և այլն, երբ լսեց Ագռավի ձայնը։
-Լա արի, ստեղ աջի վրա էլի դուռ կա, անցած անգամ չեմ տեսել։
-Էտ երկար քիթդ որ ըստեղ ընդեղ չխոթես, չի ըլնի չէ՞, բրախի, դրա վախտը չի, մյուս գալուց կնայենք, ստեղ մի քանի օրվա բան կա, արի լա էս էլածը կրենք ավտոն։
-Ախպեր, չէ, լույսը վե’կալ, գնանք նայենք, կարող ա էլի հարմար բաներ ըլնեն։
-Արա դե թարգի էլի, դրա վախտը չի, հետո։
-Վախըմ ե՞ս այ տավար, ես կգնամ։ -Ագռավը լապտերը վերցրեց, ծխախոտի ծուխը փչեց դուրս ու քայլեց դեպի աջի դուռը։
-Այ կացին անդեր, հետ արի, հետ արի ասըմ եմ, դրա վախտը չի, -Վիքսն ակնհայտորեն նյարդայնանում էր։ Ագռավը բանի տեղ չդրեց, ծանր քայլերով արդեն հասել էր դեպի դուռը, նայեց կիսաջնջված «NRG - V5, Նեյրոռեակտիվ Գազային Համակցություններ» նշանին, դուռը բացեց, երկար նայեց ներս, բան չասաց, ծխախոտը վերջին անգամ քաշեց թոքերը, ծուխը փչեց ու քայլելով դեպի սենյակի ներսը՝ մնացորդը նետեց գետնին։ Ծխախոտի մնացորդը կայծեր արձակելով գլորվեց դեպի աջ, հետո ինչ-որ անցքի, թե խողովակի մեջ ընկավ։ Հետո մի քանի վայրկյան լռություն տիրեց տարօրինակ, այնուհետև գետինը սկսեց գվվալ, Վիքսի սիրտը տագնապ ընկավ։
-Սենց բանի տիրոջ մերը … -Վիքսը թողեց ուսապարկն ու գործիքները, արագ վերցրեց լապտերն ու ձայն տվեց Ագռավին։
-Էտ ի՞նչ արիր այ անասուն, արագ սիկտիր էղանք, արագ։ -Ու չսպասելով Ագռավին, վազեց դեպի մուտքը։ Ու մինչ Ագռավը կհասցներ հասկանալ, թե ինչ արեց ու մինչ կհասցներ հետ շրջվել վազելու համար, ձայնն աստիճանաբար ուժգնացավ ու …
-Վայ ես քու լավը … -Վիքսի վերջին խոսքերը կիսատ մնացին։
Հաջորդ վայրկյանին օդն ասես ճեղքվեց։ Պայթյունն այնպես ցնցեց Ձորքը, կարծես ամբողջ քաղաքը մեկ ակնթարթով պոկվեց իր հիմքերից։ Քիմգործարանի բետոնե աշտարակները դղրդացին, ճաքեցին ու մեկը մյուսի հետևից փլվեցին՝ ծանր, խուլ աղմուկով։ Երկաթե խողովակները ճռճռացին, գոլորշին ու գազը պայթյունի ալիքով դուրս թռան օդ։
Քաղաքի մյուս ծայրում՝ մշուշի մեջ խրված Կանաչ Բերդի անսասան հիմքերը մի պահ ցնցվեցին։ Բերդի գլխավոր ժամացույցը խուլ զնգաց ցնցումից, հետո սկսեց խելագարի պես հարվածել՝ դանդաղ, ծանր ...
Զնգոցը տարածվեց ամբողջ քաղաքով մեկ։
Սկզբում կրակը երևաց, հետո՝ ավերակների միջից վեր խոյացավ անբնական, կապտականաչավուն հսկա ծխի ալիքը։ Այն չափազանց խիտ էր, չափազանց պայծառ, կարծես ներսում լույս լիներ։ Ծխի հսկա ալիքն արագ բարձրացավ վեր, հետո սկսեց տարածվել քաղաքի վրա՝ լցնելով փողոցները, տանիքները, կամուրջները։
Պայթյունի ձայնը դեռ մի քանի վայրկյան էլ դղրդաց օդում, արձագանքեց շրջակա անտառներում ու սարերի լանջերում ու վերադարձավ դեպի քաղաք՝ խուլ, հեռավոր հարվածներով։ Ու մինչ մարդիկ կհասկանային ինչ կատարվեց՝ ծխի միջից լույս իջավ, ոչ սովորական, ծանր, խտացած, կուրացուցիչ Սպիտակ Լույս։ Այն իջավ քաղաքի վրա այնպես, կարծես բացվել էր երկինքն ու ամբողջ պայծառությունը թափել Ձորքի վրա։
Շենքերի ստվերներն անհետացան, մառախուղը դարձավ սպիտակ, գետը փայլեց սառը, անբնական փայլով։ Մի պահ թվաց՝ աշխարհը դադարեց շնչել։
Ու հետո՝
Լռություն
Խորը, ծանր, անբնական լռություն
Լռություն, որը տևեց երկար, շատ երկար ...

Comments