#Արմկոն2021 «Հեքիաթ գորգագործի մասին», հեղինակ՝ Լիանա Խաչատրյան
- frunz8
- Oct 12, 2021
- 12 min read
Updated: Feb 13, 2025
Պատմությունը սկսվում է մութն ընկնելուն պես… Փսփսոց: Քամու ետևից քարշ եկող ստվերներ: Բամբասում են` Արևելքից Աստված է գալիս: Քայլում է դեպի Արևմուտք... Լճի ափին վանակատուները լսում են գիշերվա բամբասանքը: Սպասում են լիալուսնին: Արևի հայելին է: Նրա կաթի մեջ արտացոլվում են աշխարհի բոլոր բշտիկները: Քամիները նրանց համար սուլոցով հաշվում են օրերը, թռչունները կռկռում են աշխարհի անեծքներից, կույր որդերը պատմում են դիակների համից: Վանակատուները լուռ են: Սրում են աչքերը: Լսում են: Սպասում են:
Ասում են` կան վանակատուներ, որոնք երկու աշխարհ են տեսնում: Դրանից է, որ աչքերի գույնը տարբեր է: Դեղին աչքով վանակատուն տեսնում է արևից խանձված հողեղեն աշխարհը: Կապույտ աչքով հետևում է երկնքի ու ալիքների խուլ ընթացքին: Դեղին աչքով չափում է ավազի մեջ սուզվող մարմինների ծանրությունը: Կապույտ աչքով նկատում է մարդու շնչի թափանցիկ թրթռոցը: Վանակատուն երկու բնություն է տեսնում: Վերև է նայում:
Շնորհքով է լուսինը: Սփրթնած լույսի թելիկներից հարսի քողի պես թափանցիկ գորգ է հյուսում: Փռում է ալիքների վրա: Գորգը գլորվում, ձգվում է դեպի ափը:
Վանակատուները շարժում են ականջները, լիզում դնչիկները և ջուրը մտնում: Լողալով հասնում են լուսնի փռած փայլուն ճանապարհին: Դուրս են գալիս ջրից ու արդեն մարդ դարձած քայլում, վազում են ալիքների վրայով, տրորում լուսնային թափանցիկ գորգը: Գեղեցիկ են` ցորենագույն մաշկ ունեն, երկար ճերմակ մազեր, նշաձև աչքեր` մեկը դեղին, մյուսը կապույտ: Դուրս են գալիս ափ, ուրախ թռչկոտում…
Հետո, երբ գալիս է ժամը, նորից տրորում են ալիքներին փռած շողերը, հասնում ծովի խորքերը, ջուրը մտնում ու նորից կատու դարձած լողում են դեպի ափ:
Լիճը մնում է մենակ: Շրջապատում միայն խշշոց է, Աստված ու գույներ…
Կանաչ
Լճի ափին իրար ետևից բորբոսնած տները հեռվից գյուղ էին հիշեցնում: Այստեղ մարդիկ ծնվում, մեծանում, ձկնորս էին դառնում:
Գյուղում մի տուն կար, որտեղ Աստծուց ու աշխարհից թաքնվում էր ծեր գորգագործը: Նա փարթամ այգի, ժայռաքանդակ հիշեցնող տուն ու մեծ վարպետի համբավ ուներ: Ծերունու գորգերի մասին պատմում էին ոչ միայն Վանա, այլ նաև աշխարհի բոլոր լճերի ափերին նստած մարդիկ: Ասում էին` թագավորները, նրա նախշերը տեսնելով, իրենց հարստությունը բաժանում էին աղքատներին, իսկ մարգարեները հավերժ լռում էին: Բայց ծերունին իր գորգերը չէր սիրում: Նրա վարպետ-աչքը նկատում էր` ինչ-որ բան թերի է: Կատարյալ չէ:
Միակ բանը, ինչով վարպետն իրոք հիանում էր, իր այգին էր: Հաճախ քթի տակ մրմնջում էր` եթե մի օր Էդեմը ծակվի, այն կարելի է իմ այգով կարկատել: Այստեղ ծառերը բարձր էին, խոտը փարթամ ու այրող կանաչ: Քամին ամեն առավոտ լիճը տրորելով վազում, գալիս, փունջ-փունջ հավաքում էր այգու ծաղիկների բույրը և շնչակտուր տարածում աշխարհով մեկ:
Քամուց բացի ոչ-ոք ծերունու այգի չէր մտնում:
Մարդիկ փսփսում էին:
Հաստ պարիսպների ետևում թաքնված այս դրախտը հսկում են հազարավոր վարժեցրած առնետները:
Մարդիկ վախենում էին:
Ծեր գորգագործի այգու ծառերը ամառ-ձմեռ ծաղկում էին, բայց երբեք բերք չէին տալիս: Խոտը չէր չորանում: Իսկ առնետներն արմատ չէին կրծում, մարդ էին կրծում: “Չէ, այդպես չի լինում” վախեցած շշնջում էին մարդիկ:
Ծերունին գիշերներն իր այգում նստած լսում էր հարևանների բամբասանքը, ծիծաղում էր քթի տակ ու շվշվացնելով խուզում էր իր առնետների մոխրագույն մազերը:
Երկնագույն
Գյուղում մի ձկնորս էր ապրում: Նա օր ու գիշեր իր միակ որդուն փորձում էր իր պես ձկնորս դարձնել: Չէր ստացվում: Տղան անուշադիր էր` միշտ սուզված սեփական մտքերի մեջ: Ձկան շարժին հետևելու փոխարեն նայում էր լճի ալիքների համաչափ խաղին: Եղանակը գուշակելու փոխարեն, ամպերի նկարած նախշերն էր գուշակում: Դժգոհ հայրն ամեն գիշեր հիասթափված գլխարկը գետնովն էր տալիս, պառկում էր թախտին ու մտքերով ընկնում: Ամբողջ գիշեր ձկնորսն Աստծուն հարցնում էր` էս ինչ արեցիր: Իսկ տղան կուչ էր գալիս սենյակի անկյունում: Պինդ փակում էր աչքերը: Հանդարտություն: Ականջներում խշշում էր Վանա աղմուկը:
Արծաթագույն
Օրերն անցնում էին` ծույլ աշակերտի պես մեկը մյուսից արտագրելով կյանքի ընթացքը: Հայրը չէր հանձնվում: Տղայի մոտ ոչինչ չէր ստացվում: Եվ մի օր էլ, երբ ժամեր շարունակ լճում օրորվելուց հետո, տղան ոչինչ չբռնեց, հայրը ապտակեց որդուն, վռնդեց տնից` գնա, մինչև մի բան չորսաս, տուն չգաս:
Գյուղացիները պատմում են` նեղացած տղան գնաց նստեց լճի ափին: Այստեղ այնքան լաց եղավ, որ թուլացավ, աչքերը փակեց, ընկավ: Բայց հանկարծ Լուսնի լույսը խուտուտ տվեց` վեր կաց, տես ինչեր եմ քեզ ցույց տալիս:
Տղան արթնացավ, տրորեց աչքերը և տեսավ լճի ափին թրթռացող հրաշք փերիներին: Մազերը ճերմակ, մաշկը ցորենագույն...
Շունչը պահեց: Վախից անգամ սիրտը սկսեց շշուկով զարկել: Այդ պահին փերիներից մեկն իր կողմ նայեց: Կապույտ-դեղին աչքերում հետաքրքրություն կար, սարսափ կար: Տղան ուզեց մի բան ասել, բայց չկարողացավ:
Հաջորդ պահին մյուս փերիները ջուրը նետվեցին: Անհետացան լճում: Տղան նայեց անհանգիստ կապույտ-դեղին աչքերի մեջ ու հասկացավ` կփախչի:
- Սպասիր,-շշուկով կանչեց ձկնորսի որդին:
Փերին ժպտաց, շրջվեց, վազեց լճի ալիքների վրայով: Տղան, սա տեսնելով, սարսափեց: Մի պահ քարացավ: Ընկրկեց: Հետո ինքնամոռաց սկսեց վազել ափով` այս կողմ, այն կողմ: Ալիքները տրորող, լուսնի գծած արահետով վազող աղջիկը հեռանում էր ու լճի գրկում փոքրանում: Բայց տղան չէր ուզում, որ իր տեսածն անհետանա: Նայեց շուրջը, գիշերվա մշուշի մեջ նկատեց հեռվում իրար գրկած ծառերի մի փունջ: Նրանք զգաստ կանգնել էին պարիսպի ետևում:
Խենթացած տղան հասավ ծառերին, բարձրացավ պարիսպի վրա, մագլցեց առաջին պատահած ծառը ու երկարացրեց վիզը: Նայեց: Ո՞ւր հասավ աղջիկը: Բայց արդեն ուշ էր: Լուսնային գորգը քորքոտվել էր: Ալիքները միմյանցից նեղացած իրար էին դաղում: Երա՞զ էր: Կասկածեց: Իսկ գիշերը երկմտողներին չի սիրում: Լիճը թաքուն ծիկրակողներին չի ներում: Փքված ալիքների կրծքից քամու մի սառը հոսանք հարձակվեց ափի վրա: Մտրակեց ծառերը: Թափ տվեց երկար, ծերացած ճյուղերը: Տղան ընկավ:
Միայն տնքոց լսվեց: Սիրտը կանգնեց: Լռություն: Վրդովված ծառերի խշշոց:
Այգին լցվեց մանր ծղրտոցով: Ծերունու մարդակեր առնետները հազար կողմից վազեցին: Նրանք քերում էին դիակի մաշկն ու ծամում նրա կաշին: Հետո ոտնաձայներ լսվեցին: Ծերունին էր: Նա շալակեց անմաշկ դին ու հեռացավ:
Մոխրագույն
Գորգագործի սենյակը լցված էր ծաղիկների, գույների բույրով:
Նա դին դրեց սեղանի վրա: Արյունը հոսում էր, կաթկթում հատակին: Ծերունին լիզեց արյունը: Քմծիծաղ:
Երկար ժամեր առանց հաց ու ջրի, առանց հանգստի աշխատեց ալեհեր գորգագործը: Նա եղունգներով բացեց տղայի կուրծքը: Նայեց հանդարտված սրտին: Մտածեց:
Երբեմն այն, ինչ չես զգում, կարևոր է դառնում: Հոգին հեռանում է, երբ լռություն է լսում: Վարպետը գիտեր` ինչպես խաբեր, ետ կանչեր ճամփա ընկած հոգուն: Պոկեց տղայի սիրտը: Կրծքի մեջ բուրդ լցրեց , “թող ամեն դեպքում փափուկ լինի”, իսկ հետո սիրտը ձեռքի մեջ ճզմեց: Քամեց: Արյունը ծորաց մատների արանքով:
«Վերադարձիր»,-գռմռաց:
Դըմփ-դըմփ-դըմփ: Ստամոքսից ներքև, սրտի փոխարեն բաբախեց կույրաղիքը:
Դարչնագույն
Ծեր վարպետը ջրաշուշանների թերթիկներով պատեց տղայի մարմինը: Մի ամբողջ հավերժություն անցավ մինչև թերթիկներն ամուր կպան իրար, կամաց-կամաց հաստացան…դարձան մաշկ:
Օրեր, ամիսներ…ժամեր …
Տղան բացեց աչքերը: Նայեց գորգագործի մաշված դիմագծերին: Դեպի Աստված տանող իր բոլոր ճանապարհները ալեհեր մարդը փորագրել էր դեմքի քարտեզին: Կնճիռներից ժամանակի գորգ էր հյուսել:
Ձկնորսի տղան ժպտաց: Հավանեց ծերունուն:
Վարպետն ասաց` դու պետք է մնաս այստեղ: Նոր մաշկ ունես, բայց լիալուսինը քեզ չի սիրի: Եթե տեսնի քեզ, ամեն ինչ կկորչի: Մաշկդ նորից կվերածվի շուշանի թերթիկների: Թույլ չտաս, որ կաթնագույն շողերը կլպեն մարմինդ:
Եվ տղան ծերունու հետ միասին թաքնվեց պարիսպների ետևում:
Շուտով նրա մատները զգացին գորգի տաք նախշերի համը: Տղան սկսեց գորգեր հյուսել:
Սև
Տղայի օրերը դանդաղ էին սողում` լպրծուն մանր խխունջների պես, որոնց նա շարում էր իր մարմնի վրա և պառկում ծառերի տակ: Խխունջները մերսում էին մաշկը: Հանգստանում էր: Մտքում գորգի նոր նախշեր էր նկարում:
Լինում էին օրեր, երբ տղայի կույրաղիք –սիրտը ուռչում էր: Ցավից չէր կարողանում հարթ շնչել:
Այդ ժամանակ նա մոռանում էր նախշերը: Նստում էր սենյակի անկյունում, հետևում էր ծեր վարպետի աշխատանքին: Նրա մատների շարժից տղայի աչքերը թմրում էին: Մտովի տուն էր գնում:
Հպարտությունից փրփրող լճի ալիքների պես հեռվից մռայլ նայում էին հոր աչքերը: Այդ նույն հայացքը տարիներ առաջ քարկապ գցեց տղայի երազը, երբ հայրը տեսավ նրան հարևանի աղջկա հետ համբուրվելիս: Ապտակեց: Ամոթ չունե՞ս: Ես նրա հորն ի՞նչ պատասխան եմ տալու: Սենյակի դուռը բանտի երկաթի պես փակվեց, ծանր զնգաց: Ջահել էր տղան, բայց չլացեց: Չարությունը թաքցրեց կոկորդում, թքի հետ կուլ տվեց:
Բայց հետո ամեն օր լուսաբացից առաջ նրան արթնացնում էր բերանում դառնացած վրեժի համը: Ամեն առավոտ, քանի դեռ հայրը քնած էր, որդին թաքուն թքում էր նրա կոշիկների մեջ...
Այնուհետև բարձրանում էր ծովի ալիքը ու շռնդոցով մաքրում էր բոլոր հիշողությունները: Մառախուղի մեջ ալիքները տարուբերում էին, իսկ հետո ափ էին նետում հոր մաշված կոշիկները: Իսկ ափին կանգնած նայում էր աղջիկը` մի աչքը կապույտ, մի աչքը դեղին: Թերության զգացումից ճմռթվում էր կույրաղիք-սիրտը:
Կողքից ալիքների պես խշշոցով մեկ մոտենում, մեկ փախչում էր ծերունու ձայնը: Նա պատմում էր գորգերի մասին: Միշտ պատմում էր գորգերի մասին… և Աստծո մասին:
Ոսկեգույն
«Տիեզերքի գիրքը հաստ է: Կազմը` թափանցիկ: Էջերը գորգերն են: Նախշերը` տառերը»:
Վարպետը սովորեցնում էր` արհեստավորի մատները աշխարհի գաղտնիքը գիտեն, բայց միտքը ձեռքերին չի հասնում:
...Եվ Տղան հարցնում էր.
-Ճշմարիտն ասա, վարպետ, ինչո՞ւ ենք մենք օր ու գիշեր աշխատում, գորգ հյուսում... Միևնույն է կատարելությանը չես հասնի:
Վարպետը ժպտում էր.
- Հիսուսն ասաց` Թող նա, ով փնտրում է, չդադարի փնտրել այնքան ժամանակ, մինչև չգտնի, և, երբ նա գտնի, նա կցնցվի, և եթե նա ցնցվի, նա կզարմանա, և կիշխի բոլորի վրա[1]:
- Ճշմարիտն ասա, վարպետ, ինչո՞ւ եմ ես իմ տունը թողել: Մտածում եմ քեզ պես ու տեսնում քո աչքերով: Մենք ջրի փոխարեն կարմիր ներկ ենք խմում, հացի փոխարեն գորգի փոշի ենք կուլ տալիս: Մի՞թե քո ստվերն եմ դարձել, կամ մարմնիդ մի մասը:
-Հիսուսն ասաց` Երանի այն Առյուծին, որին մարդը կուտի, և առյուծը մարդ կդառնա: Եվ անիծված է այն մարդը, որին առյուծը կուտի, և առյուծը մարդ կդառնա :
-Ճշմարիտն ասա, վարպետ, ի՞նչ կլինի մեզ հետ, երբ վերջին գորգը գործենք:
-Աշակերտները հարցրեցին Հիսուսին` ասա մեզ, ինչպիսի՞ն կլինի մեր վերջը: Հիսուսն ասաց` բացահայտե՞լ եք արդյոք սկիզբը, որպեսզի վերջը փնտրեք: Քանզի այնտեղ, ուր սկիզբն է, այնտեղ է նաև վերջը: Երանի նրան, ով սկզբում կկանգնի, և նա կբացահայտի սկիզբը, և մահը չի համտեսի:
-Ճշմարիտն ասա, վարպետ, ինչի՞ նման է Աստծո արքայությունը:
-Հիսուսն ասաց` Հոր Արքայությունը նման է այն մարդուն, որն ուզում է ուժեղ մարդու սպանել: Նա հանեց թուրն իր տան մեջ, մտցրեց այն իր պատի մեջ, որպեսզի իմանա, արդյոք իր ձեռքը պինդ կլինի: Այդ ժամ նա սպանեց ուժեղին:
-Ճշմարիտն ասա, վարպետ, Աստված, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, արդյոք նա՞ է ստեղծել գիշերային հրաշքները ու ձայները, որոնք բոլորը չէ, որ տեսնում են ու լսում:
- Հիսուսն ասաց` Ինչո՞ւ եք դուք մաքրում գավաթի մեջը և չեք հասկանում, որ Նա, ով ստեղծել է ներքին մասը, ստեղծել է նաև արտաքինը:
Մի օր էլ, երբ տղան այնքան հմտացավ, որ նկատեց, թե որքան կատարյալ են իր հյուսած գորգերը, ասաց:
-Դու ինձ այլևս սովորեցնելու ոչինչ չունես, վարպետ: Ես ամեն ինչ տեսա, և մատներս ամեն ինչ գիտեն: Այլևս ազատ եմ: Այլևս քո կարիքը չունեմ:
Պատասխանեց վարպետը:
-Հիսուսն ասաց` Նա, ով գիտի ամեն ինչ և ինքն իր կարիքն է զգում, ամեն ինչի կարիքն է զգում:
Վարդագույն
Մի օր տղան սիրտ առավ ու հարցրեց:
-Ասա ինձ վարպետ, ինչպե՞ս կանչեմ վանակատվին: Ի՞նչ ուռկան հյուսեմ, ինչպե՞ս որսամ:
Լուռ էր ծերունին: Հետո խոսեց թույլ շշուկից արթնացած մարդու ձայնով:
-Մենք Տիեզերքի տառերն ենք հյուսում: Աստված մատը դրած գորգի նախշերին վանկ առ վանկ Աշխարհն է կարդում:
Հառաչեց:
-Հրավերի նախշերը կգործես: Ծովից էլ կապույտ մի գորգ: Երկար, ինչպես ճառագայքը: Այնպիսի մի գորգ, որ բոլորն էլ երազեն քայլել դրա վրայով: Անգամ քամին ոռնա, գանգատվի, թե ինչու ոտքեր չունի: Կգնաս լիալուսնին, բայց զգույշ կմնաս, որ քեզ իր շողերը չդիպեն: Թող ամպամած լինի: Կթաքնվես ամպերի շողքի տակ:
Կապույտ
Լիալուսին էր: Վանակատուները դնչիկները լիզեցին: Աչքերը ձգեցին` ասես պաշտպանվում էին անապատի ավազից: Ջուրը մտան:
Տղան ծովից էլ կապույտ փաթաթած գորգը դրեց ափին: Նայեց լույսի հյուսած արահետին: Ինքնագոհ ժպտաց` իմ նախշերն ավելի գեղեցիկ են: Հետո ոտքով հրեց ծանր, երկար կապույտը: Գորգը գալարվելով ծաղկի պես բացվեց, ձգվեց ալիքների վրայով, ծածկեց լույսի շողերը:
Երկար սպասեց տղան: Ցուրտ էր: Բրդոտ ամպերն իրար տրորելով ընկան լուսնի ետևից`ասես երկնքում մետաղադրամ էին գտել: Լճի, տղայի դեմքին սկսեցին թմբկահարել մանր կաթիլները: Անձրևի խշշոցը թանձր էր:
Տղան նայում էր ու չէր հասկանում` կաթիլները վերից վար էին թափվում, թե հակառակը: Ասես մեկը ավազե ժամացույցի պես շուռումուռ էր տալիս աշխարհը: Գլուխը պտտվեց: Մաշված պարանի պես մարմինը ոլորվեց, ընկավ ափին: Լիճը մոր նման տղային ծածկում էր հաստ ալիքներով: Փրփուր վերմակները նահանջում էին: Լիճը կրկին համառում էր:
Առավոտյան ձկնորսի որդուն արթնացրեց թռչունների կանչը: Վեր կաց գորգագործ, մատներդ կսառչեն: Տղան փակ աչքերի ետևում գլորեց մտքերը, լարեց մարմինը: Մատները չէր զգում: Վախից վեր թռավ:
Շուրջ բոլորը սպիտակ էր: Մառախուղը քաղցկեղի պես տարածվել էր օդի մեջ, աչքին ճամփա չէր տալիս: Ամենուրեք լսվում էր լճի մեղավոր, խուլ մռնչոցը: Տղան ոտքի կանգնեց: Դողը էլեկտրական հարվածի պես նրան գամել էր ափին: Ատամների կտկտոցից ականջները ներսից խլանում էին:
Հանկարծ առջևում մառախուղը սկսեց մաշվել: Վարպետն ասում էր` կաթը սեր ունի, օդն էլ սեր ունի: Մառախուղը օդի սերն է, որդիս: Տղան տեսավ` ինչ-որ մեկը լիզեց օդի սերը: Սպիտակ թանձրության մեջ նկատեց իր փռած երկար կապույտը: Գորգն օրորվում էր ալիքների վրա, ասես խարիսխ գցած նավ լիներ: Քայքայվող ճերմակի միջից, գորգի վրա զգույշ քայլերով մոտենում էր աղջիկը: Աչքը կապույտ, աչքը դեղին:
Վարպետն ասել էր` թե տեսնես նրան, ձեռքդ մեկնիր: Նա կգա քեզ հետ: Նա արդեն ընդունել է հրավերդ:
Դեղին
Օրը վաղվա կզակին է նայում, սպասում իր հերթին: Տղայի կույրաղիքը երջանկությունից ուռչում էր, թունդ գինու պես այրում: Հազար ու մի նախշ կար մտքում նկարված, բայց չէր գործում: Վախենում էր փերուն միայնակ թողնել: Երբ աղջիկը մենակ էր, նստում էր բարձր պարիսպի գլխին, հեռվից նայում ծովի ալիքներին: Անհանգիստ էր տղան: Մի օր հարցրեց: Ի՞նչ ես անում: Պատմություններ եմ լսում, պատասխանեց աղջիկը: Կապույտ աչքն ավելի էր կապտում, կամաց-կամաց սևանում էր:
-Ալիքներն են պատմում:
-Ի՞նչ են ասում:
-Ասում են` ժամանակին երկվորյակ եղբայրներ էին այս կողմերում ապրում: Երկուսն էլ գորգ էին գործում: Երկուսն էլ լավ վարպետներ էին: Մի օր եղբայրներից մեկին աղքատ հարևանն ասաց` մանուկ է ծնվել իմ տանը, գետինը սառն է, շատ եմ խնդրում, մի գորգ հյուսիր և նվիրիր ինձ, հետո մանչս երբ մեծանա քեզ աշակերտ կդառնա: Վարպետը սա պատմեց եղբորը: Բայց եղբայրը չհավանեց աղքատին: Եղբայր- Վարպետն ասաց` նա չի հասկանա ոչ քո նախշերը, ոչ էլ արվեստը, ժամանակդ իզուր մի վատնիր: Մյուս Վարպետը, սակայն, խճով էր:
Նա իր խղճի պես մի պարզ կարպետ գործեց աղքատի համար: Նվիրեց: Իսկ երբ տեսավ, թե ինչպես է փոքրիկն առաջին անգամ քայլում իր հյուսած գույների վրայով, մտածեց` կարևորը գորգը չէ, կարևորը այն տրորող ոտքերն են:
Վարպետը տեսավ, որ դա բարի է: Վաճառեց իր տունը, ճամփա ընկավ: Ասում են` աշխարհի տարբեր ծագերում նա տաքուկ գորգեր է գործում ու հազարավոր աշակերտներ ունի: Նրա նախշերը պարզ են մանուկի առաջին քայլի պես:
Վարպետի երկվորյակ եղբայրը շատ զայրացավ: Իր տան շուրջ բարձր պարիսպներ կառուցեց, որ ոչ-ոք իրենից ոչինչ չխնդրի: Եղբայրը սկսեց դեպի կատարելություն տանող իր ճանապարհը, որով քայլում էր մենակ: Ամենահրաշալի նախշերը նա գծում էր իր մութ սենյակներում, ամենաչքնաղ գորգերը պահում էր ոլորած, իր մութ պատերի տակ: Նա գիտեր` մարդիկ, եթե տեսնեին այդ նախշերը, գեղեցկությունից կխենթանային: Բայց ինքը չէր խենթանում, որովհետև դեռ չէր տեսնում կատարելությունը...
-Ուրիշ ի՞նչ են ասում ալիքները:
-Պատմում են մի մարդու մասին: Նա ամեն օր լաց է լինում լճի ափին: Որդուն է փնտրում…
Տղան չէր լսում: Հարցեր էր տալիս ու պատասխանի փոխարեն գլխում նախշեր էր հյուսում: Աղջկա սպիտակ վարսերից ոգեշնչված նրա մատները քոր էին գալիս: Ուզում էին աշխատել, նկարել իր կյանքի հրաշքը, պատմել դրա մասին: Բայց վախենում էր աղջկան թողնել միայնակ: Կփախչի:
Մի օր էլ չդիմացավ ու հարցրեց ծերունուն: Ի՞նչ անեմ:
Նա ամբողջ օրը լճին է նայում, ուզում եմ գորգ հյուսել, բայց վախենում եմ, որ ինձ չտեսնի, ջուրը կկարոտի: Կանհետանա:
Վարպետը պատասխանեց:
-Հիսուսն ասաց` երանի այն մարդուն, ով աշխատեց: Նա գտավ կյանքը:
Նարնջագույն
Երկար մտածեց տղան ու որոշեց, որ իր փերուն պետք է գորգ գործել սովորեցնի: Գնաց վարպետի մոտ:
«Ոչ»,- բարկացավ ծերունին: Լիճն ու լուսինը կատվին դարձրեցին փերի, դու դարձրեցիր նրան կին, բայց որպեսզի նա գործի, պետք է մեր պես տղամարդ դառնա: Դու դա չես կարող անել:
-Այդ ինչպե՞ս,- զարմացավ տղան:
Ծերունին ժպտաց.
-Սիմոն Պետրոսն ասաց նրանց` Թող Մարիամը հեռանա, քանի որ կանայք արժանի չեն կյանքի: Հիսուսն ասաց` Տեսեք, ես կուղղորդեմ նրան, որպեսզի նրան տղամարդ դարձնեմ, որպեսզի նա նույնպես կենդանի հոգի դառնա, ձեզ պես: Քանի որ ամեն կին, ով կդառնա տղամարդ, Երկնային արքայություն կմտնի:
Տղան երկար լռեց: Շունչը պահեց: Հետո ասաց:
- Չհասկացա քեզ վարպետ:
Ծերը լուռ էր:
Հետո տղան հանկարծ ոգևորված բացականչեց, ճիշտ այն աղքատի պես, ով իր անապատի քարերից մի օր նավթի հոտ առավ:
-Ես էլ կարող եմ այդպես: Ես աշխարհի գաղտնիքները խառնում եմ կարմիրի, կապույտի, ոսկեգույնի հետ ու գործում եմ: Ես կուղղորդեմ նրան իմ գործում, ինչպես Աստված Մարիամին, ու նա էլ կդառնա գորգագործ:
Վարպետը բարկացավ և գոռաց:
-Հիսուսն ասաց` եթե կույրը կույրին է ուղեկցում, երկուսն էլ ընկնում են հորը:
Հետո ավելացրեց:
-Եթե լույս տեսնեիր , տուն դարձի ճանապարհները կհյուսեիր: Իսկ դու կապույտ գորգ ես հյուսել: Դու չես կարող վեր քաշել նրան քո ամբողջ ուժով, հանել նրան իր միջից: Դու տեսնո՞ւմ ես, որդիս:
Լուռ էր տղան:
-Չես կարող: Քո սեռը հոգուդ մեջ է: Դա է պատճառը, որ գործածդ գորգերը կատարյալ են: Դու տեսնում ես դա ու տանջվում ես: Եվ դա է պատճառը, որ շնչիդ համար կարևոր չէ, թե ինչը կբաբախի` սիրտը, թե կույրաղիքը: Կարևորը ձայն լսվի:
Չէր լսում տղան: Ինքն իր մեջ էր:
Այլևս ոչինչ չասաց ծերունին: Մտավ իր արհեստանոց: Դուռը փակեց:
Բրոնզագույն
Տղան երկար նայեց ծերունու փոշոտ դռանը: Հետո զգաց, որ իր վրայից ջրի մեջ
ազատված ձկան հոտ է գալիս: Մաշկը թմրացնող ծովի սառնությունը զգաց: Երևի, այդպիսին է ազատությունը: Այդ ճանապարհով է փախչում վանակատուն: Սենյակում ու աշխարհում կատարյալ մենության զգացումից մի այնպիսի ճնշող զորություն զգաց տղան, որ թանձր օդը երկաթյա գնդերի պես սկսեց գլորվել կոկորդով: Նա որոշեց, թե ինչ կանի: Զգաց, որ կյանքում առաջին անգամ այդ որոշումն այնքան ինքնուրույն էր, որ ամենևին էլ կարևոր չէր, թե ինչպիսին կլինի արդյունքը: Առջևում միայն նրա միտքն էր և կատարյալ դատարկությունը ...որոշումից հետո:
«Դա կլինի իմ ամենագեղեցիկ գորգը»,-խեղդվելով շշնջաց երիտասարդ գորգորագործը:
Նա մտածեց` եթե կարելի է Աստծո խոսքերը լսել և հասկանալ, ապա դրանք կարելի է նաև գործել: Այն ժամանակ, երբ դու կգործես Աստծո յուրաքանչյուրը և կդառնաս համահեղինակ, կկարողանաս փոխել ամեն ինչ, անգամ Նրա բառերը: Ճիշտ ճանապարհը կողքի ճանապարհն է: Այն, որ անգամ արահետի նման չէ:
Սրճագույն
Աշուն: Արևի փոխարեն երկնքից բորբոսնած պանիր էր կախվում: Փերին նստում էր պատուհանագոգին ու ձկնորսի որդուն անվերջ պատմում իր ջրերից, լուսնից, ազատությունից…Տղան երբեմն գլխով էր անում:
Ձմեռ: Աղջիկը կուչ էր գալիս պատուհանագոգին ու անվերջ դողացնում: Այլևս չէր խոսում: Սենյակում փսփսում էին միայն տղայի մատները: Գործում էր:
Գարուն: Աղջիկը կուչ էր գալիս պատուհանագոգին: Դեղին աչքով նայում տղային, կապույտ աչքով հետևում ամպերի քայլերթին: Երբեմն դուրս էր գալիս զբոսանքի, հետո նորից վերադառնում էր, կլորանում պատուհանի առջև:
Տղան հյուծվել էր: Նա գրեթե չէր ուտում, ոչինչ չէր լսում, միայն գործում էր: Գործում էր…
Կատարյալ գորգը:
Որդան Կարմիր
Ձկնորսը երազ տեսավ: Իբր առավոտյան արթնացել էր քնից, իսկ իր կոշիկների մեջ արնագույն ներկ էր լցված: Եվ երբ հագավ, քայլելիս հատակն այնքան փափուկ էր թվում, ասես ամենատաք գորգն էր տրորում: Սիրտը ուժգին բաբախեց, թվում էր, թե մի քիչ էլ ու կրծքավանդակը կփշրվի: Վեր թռավ հայրը: Ճակատին աղի քրտինքը մրմռացնում էր: «Տուն արի, որդիս»:
Ծերունին երազ տեսավ: Կարմիրը հոսում էր գորգի նախշերի լաբիրինթոսով…ու կաթում գետնին: Գորգը փչանում էր:
Սարսափած արհեստանոցից դուրս թռավ: Տղայի սենյակի դուռը բաց էր: Ճռռոց: Ներս մտավ: Ընկրկեց: Պատից կախված էր կատարյալ գորգը: Ծերունին հասկացավ`այլևս որքան էլ ապրի, միևնույն է այդ գորգից գեղեցիկ ոչինչ չի գործի:
Տղան կուչ էր եկել պատուհանագոգին: Մենակ էր:
-Ավարտեցի,-անտարբեր ասաց նա:
Ցուրտ էր: Խոսելիս բերանից գոլորշի էր դուրս գալիս:
Ծերունին ոգևորվեց:
-Սա պետք է թաքցնել աշխարհից, որ ոչ-ոք չկարդա այս նախշերը:
Հետո միանգամից լռեց:
-Փերիդ հեռացա՞վ:
Հոգնած սենյակի առաստաղից քրտինքի նման անձրևի կաթիլներն էին ընկնում: …Կըտ…կըտ…
-Ես նրա համար եմ սա հյուսել…եթե տեսներ այս նախշերը կվերափոխվեր,բայց …գնաց…Ես անգամ չտեսա, թե ինչպես…վերջացրի գործս, շրջվեցի…չկա…
…Կըտ…
-Նա շատ հեռու չի գնացել,-մրմնջաց ծերունին, կսպասի քեզ լիալուսնի շողերի տակ: Բայց այլևս չի ընդունի քո հրավերը: Դու պարտվել ես, տղաս: Չկարողացար նրան դարձնել քեզ հավասար: Հերթը քոնն է: Դու պետք է լուսնային գորգով քայլես դեպի իր աշխարհ: Բայց դու չես կարող, հիշո՞ւմ ես` ինչից եմ հյուսել մաշկդ: Լուսինը քեզ չի սիրի:
Տղան փակեց աչքերը:
-Հարմարվիր…,-հառաչեց ծերունին: Շոյեց տղայի գլուխը,- Որդիս, Դու նրան չէիր սիրում…Դու չգիտես սերն ինչ է:
- Կոշիկներ է,-մրմնջաց տղան:
-Հը՞ն,- ծերունին աչքը գորգից չէր կտրում: Նա չէր լսում տղային:
Լռություն:
Ձկնորսի որդին սառեց:
-Ասում եմ` ճշմարիտ, ճշմարիտ ես ասում, վարպետ…
Փիրուզագույն
Գիշեր: Բացեց պատուհանները: Պտտվեց հայելու առջև: Անհանգիստ էր: Ականջներում թրթռում էին պատառիկները հոր բղավոցից` Ամոթ չունե՞ս: Ես նրա հորը ինչ պատասխան եմ տալու:Ամոթ չունե՞ս:
Հարդարեց մազերը, հանեց շորերը: Հրաշալի է:
Դռան ճռռոց…
Ծերունին վեր թռավ: Քամուց թեթևակի ուռչում էր պատից կախված գորգի կուրծքը: Ոտքի կանգնեց: Պատուհանները, դուռը զգուշացնող ճռռում էին:
Փողոց վազեց: Թուլությունից անընդհատ սայթաքում էր:
-Տուն արի, որդիս …
Ճերմակ
Լիալուսնի շողերը գորգ էին հյուսել կապույտ ալիքների վրա:
Ափին կարոտից կուչ էր եկել ծեր ձկնորսը: Անհանգստությունից նրա մատները դողում էին, իսկ ստամոքսը կծկվում էր:
Ալիքները վիրավոր առյուծի պես մռնչում էին: Սրածայր քամին սուլոցով կտրում էր օդը:
Հաստաբուն ծառերի խշշոցն էր լսվում:
Հեռվում պարելով երկինք էին բարձրանում ջրաշուշանների հազարավոր թերթիկները:
Պտույտ…պտույտ…պտույտ…
[1] Այստեղ, և հետագա նման պատասխաններում հատվածներ Թովմասի պարականոն Ավետարանից:





Ողջույն բոլորին։ Ես երկար ժամանակ վախենում էի նոր բան փորձել, բայց վերջապես որոշեցի տեղադրել 1win բջջային հավելված։ Իմացա դրա մասին ընկերոջս միջոցով, ով միշտ ուրախությամբ խաղում է։ Սկզբում մի քիչ անհանգստանում էի, բայց երբ տեսա ինտերֆեյսը, անմիջապես հանգստացա։ Հատկապես հաճելի էր, որ ամեն ինչ հասկանալի է հայաստանցի օգտվողների համար։ Հիմա արդեն խաղում եմ հանգիստ, առանց ավելորդ մտահոգությունների։