
Ճանապարհը
«ԱրմԿոնի» պատմությունը սկսվում է 2007 թվականից, համաշխարհային ճանաչում ստացած, ֆենթզի ժանրում ստեղծագործող Նիք Պերումովի ինտերնետային հարթակից։ Արցախյան արմատներով ռուս գրող Պերումովը և նրա շուրջ հավաքված սկսնակ ստեղծագործողները կազմակերպում էին ժամանակի ընթացքում ավանդական դարձած գրական մրցույթներ։ Այստեղ է, որ պատահաբար «հանդիպեցինք» Ստեփան Սմբատյանի հետ: Ստեփանի և ինձ համար ակամայից պարզ դարձավ, որ երկուսս էլ երազում էինք միավորել մեր երկրում ստեղծագործող սկսնակ հեղինակներին։
Գտանք համախոհներ և 2008-2009 թթ․ կազմակերպեցինք առաջին «ԱրմԿոն» մրցույթը։ 17 մասնակիցներ էին, որոնք ներկայացրել էին 27 պատմվածք։
2012-2013 թթ․ կայացած երկրորդ «ԱրմԿոնի» նշաձողն ավելի բարձր էր: Ձգտեցինք, որպեսզի ֆանտաստիկայի ժանրը ներկայացվի հավուր պատշաճի։ Այս անգամ մրցույթն ուներ մասնակիցների ավելի մեծ թիվ և անվանի ժյուրի, որոնց շարքում էին հայ ֆանտաստներ Էդուարդ Սարգսյանը և Ռուսլան Սաղաբալյանը:
Մեր խորհրդատուն երջանկահիշատակ Կարեն Ա. Սիմոնյանն էր, իսկ մասնակիցներին ուղերձով դիմեց աշխարհահռչակ ֆանտաստ գրող Գայ Գևրիել Քեյը։ Կազմակերպեցինք կլոր սեղան և բազմաթիվ քննարկումներ։
Արդյո՞ք մեզ հաջողվեց գոնե որոշ չափով հասնել մեր նպատակին։
Ավաղ, մենք հասկացանք, որ պարբերաբար կազմակերպվող գրական մրցույթները բավարար պայման չեն։ Հարկավոր է ամենօրյա տքնաջան աշխատանք։ Ինչպես Կարեն Ա․ Սիմոնյանն էր ասում՝ պետք է ստեղծել «աշխատանոց», որտեղ սկսնակ ստեղծագործողները կստանան համակարգված աջակցություն։
Այս անդրադարձը կուզեի ավարտել Գայ Քեյի ուղերձից մի հատվածով՝
«Կցանկանայի հաջողություն մաղթել գրական մրցույթի մասնակիցներին: Հաճախ ասվում է, որ գիտաֆանտաստիկան և ֆենթզին «փախուստի» ոճի գրականություն են: Հնարավոր է, որ դա իրոք այդպես է, սակայն իմ կարծիքով՝ ամենահաջող աշխատանքներն այս ոճում հենց այնպիսիններն են, որոնք փախուստի միջոցով ետ են վերադարձնում տուն:
Նմանօրինակ աշխատությունները լուսավորում են մարդկության ճամփան: Մենք ճանապարհորդում ենք պատմվածքներից ներսուդուրս և արդյունքում ավելի լավ ենք հասկանում մեզ ու մեր կյանքը:
Գուցե ձեր հեղինակներից որևէ մեկը հենց այդպիսի ստեղծագործող դառնա»:
Ֆրունզ Հարությունյան
համահիմնադիր, կազմակերպիչ

«Դեպի վեր» ժողովածու
2021
Լուսավոր ու տարբերվող էր երրորդ «ԱրմԿոնի» հայտնվելը։ Ինձ դիմեց մեր նախկին մրցույթների մասնակից, հարազատ ընկեր Արսեն Թավադյանը և առաջարկեց նորից անցկացնել այն՝ հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտը... Վերջ ի վերջո, նման մրցույթները երևակայության տոն են, թույլ են տալիս ամպերից վեր բարձրանալ։ Իսկ ամպերը շատ էին և մութ. պատերազմ, որ մեզ կրկին նետեց պատմության մութ զնդանը, որտեղից ելք միևնույն է կա, համաճարակ՝ լի մահերով՝ թե՛ մտերիմների, թե՛ բարոյական ազատությունների։ Դրա համար ընտրեցինք խորագիր` «Դեպի վեր»։ Խորագիր, որն այլընտրանք չունի՝ հատկապես այս դժվարին ժամանակներում։ Ձևավորվեց էներգիայով լի կազմակերպչական խումբ, և անցանք գործի:
Ժողովածուում զետեղվել են ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները։
«Դիցային» ժողովածու
2023
Նախագիծը երկար տարիներ փափագած նպատակի իրականացում էր՝ ճանապարհորդելու հայկական Դիցային լանդշաֆտ՝ վկայակոչելով այն, հարստացնելով և հարստանալով դրանով:
Այն բազում գրական և մասնագիտական քննարկումների առիթ տվեց, որի արդյունքում կազմվեց համապարփակ գրականության ցանկ, ձայնագրվեցին դասախոսություններ, կազմվեեց Դիցային բառարան և հրատարակվեց ժողովածու:
Ժողովածուի նախաբանը գրեց հնագետ Միքայել Բադալյանը, իսկ շապիկի ձևավորման համար հիմք է հանդիսացել «Արշալույս 5» հինգգլխանի վիշապաքարը, որի վրա պատկերված է մեր լեռնաշխարհի թերևս ամենահին ծեսերից մեկը:


Այլ նախագծեր
Վերջին տարիներին իրականացվել են մի շարք այլ կարևոր նախագծեր, որոնք թեև առանձին ժողովածուով չեն հրատարակվել, սակայն մեծ նշանակություն ունեն։ Դրանցից են, մասնավորապես, ժամանակակից Հայաստանում քաղաքային ֆանտաստիկային նվիրված «ՔԱՂԱՔ» նախագիծը (ամփոփվել է 2026 թ․) և «Գիտուժ» նախաձեռնության հետ համատեղ 2024 ու 2026 թվականներին անցկացված և անցկացվող «Հորիզոններ» խորագրով կարճ պատմվածքների մրցույթները։