top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի վեր», հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան

Մայիս, 2121թ.


Վաղը գիշերը սպասվում է վերջին 20 տարվա ընթացքում Պերսեիդների ամենահզոր հոսքի գագաթնակետը: Այդ մասին ինձ հայտնեց տղաս` հիացմունքով ցույց տալով հյուրասենյակի վիրտէկրանին1. NewDiscovery ալիքն իր ամենասիրելիներից մեկն էր:


Պատկերը մի փոքր դողում էր. անցյալ ամիս կինս մի վայրկյանով շրջվեց, և մեր կրտսերը հասցրեց իր շիշը նետել հոլոպրոյեկտորի վրա: Մենք այն խելամտորեն ամրացրել էինք առաստաղին՝ նման ճակատագրից խուսափելու համար: Նուրբ տեխնիկան չկարողացավ դիմակայել չկոտրվող հակաբակտերիալ շշի (բոլոր մայրիկների երազանքը) հարվածին: Վարպետն ասաց, որ նորը գնելն ավելի էժան կլինի՝ մոդելն արդեն հնացել է, պահեստամասեր գտնելը դժվար ու թանկ կլինի: Մենք չէինք շտապում գնել նորը՝ միևնույն է, հազվադեպ ենք օգտագործում հյուրասենյակի վիրտէկրանը, յուրաքանչյուրն իր սենյակում ունի իր սեփականը:


-Պապ, պապ, արի՛ գնանք աստղադիտարան: Ասուպային անձրևներն այնտեղից ուղղակի չտեսնված են,- Դավիթը հուզմունքից ցատկոտում էր տեղում կանգնած: Նրա աչքերը փայլում էին սպասումից, նա արդեն պատկերացնում էր իրեն աշտարակի վրա, արդեն տեսնում էր երկինքը հատող «աստղերի» հոսքը:

Դավիթին միշտ դուր է եկել տիեզերքի հետ կապված ամեն ինչ: Ամեն անգամ, երբ նա դա ցույց էր տալիս, ես հիշում էի մեկ ուրիշ Դավիթի: Դավիթի, որն իմ անցյալից էր:

-Իհարկե, կգնանք,- ժպտացի ես:

Որդիս անմիջապես փայլատակեց:

-Եթե մաման թույլ տա,- մի փոքր ուշ ավելացրեցի ես:

Դավիթի ժպիտը տեղը զիջեց հիասթափությանը:

-Դե պա՜պ:

-Պապան լիովին կողմ է: Մամային համոզես՝ իմաց տուր,- աչքով արեցի տղայիս ու դուրս եկա պատշգամբ՝ ծխելու:

Մինչ դուռը կփակվեր իմ ետևից, ականջի ծայրով լսեցի «մա՜մ»: Դատելով Դավիթի ձայնի վճռական երանգից՝ գործի կեսը արված էր:

***

Այսօր, չգիտեմ ինչու, անցած օրերի Դավիթը հատկապես հստակորեն էր հայտնվում իմ հիշողություններում: Ծիծաղելի է, երբ հիշում ես, որ որդիդ նույն անունն է կրում: Ճիշտ է, մենք նրան անվանակոչեցինք կնոջս պապի անունով, այնպես որ՝ դա ընդամենը զուգադիպություն է: Բայց հաճելի զուգադիպություն:

Միացնելով վիրտծխախոտը2 (տարվա նորություն, բացարձակապես անվնաս մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար)՝ ես ներշնչեցի և արձակեցի «ծխի» մի քանի օղակ:

Չգիտեմ՝ դա լույսի ու ստվերի խաղն էր, թե՞ վիրտուալ ծխախոտն այնքան էլ «անմեղ» չէր, ինչպես հավաստիացնում էինսերտիֆիկացված բժիշկները և գովազդը, բայց ինձ թվաց, որ իմ ընկեր Դավիթը կանգնած է կողքիս: Հենված բարձր ճաղավանդակին՝ նա սովորական ծխախոտ էր ծխում և նայում երկնքին:

Ամենահետաքրքիրն այն էր, որ դա ինձ ընդհանրապես չզարմացրեց: Ինչքան հիշում էի Դավիթին, նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի վեր:

***

Մայիս, 2090թ.


Իմ ընկերը կարող էր ժամերով նայել երկնքին՝ հատկապես, երբ այն շաղախված էր աստղերով, ինչպես հիմա:

-Մի օր ես կհասնեմ այնտեղ,- ասաց Դավիթը,- և նորմալ ասուպային անձրև կկազմակերպեմ:

Մեր դասընկերները վաղուց քնել էին, երբ երկուսով գաղտնի դուրս եկանք ճամբարի հանրակացարանի տանիք:

-Այս մեկը չհավանեցի՞ր,- հարցրեցի ես՝ հարմարավետ տեղավորվելով արևային մարտկոցների մոտ:

-Լու՞րջ,- հայացքը երկնքից կտրելով`ընկերս ապշած նայեց ինձ,- էլ ի՞նչ «հոսք», եթե ընդամենը 13-15 ասուպ է երևացել,այն էլ՝ մոտ մեկ ժամվա ընթացքում:


Ինձ համար, որ շատ չէի տարբերում ասուպային հոսքը երկնաքարային անձրևից և Պերսեիդները՝ ցանկացած այլ «իդ»-ներից, անկեղծորեն, մեկ էր: Մենք ամբողջ դասարանով եկել էինք բնության գիրկ, գիշերում էինք գրեթե լեռներում: Հանրակացարանի տանիքից անտառը ավելի հրապուրիչ տեսք ուներ: Վաղը առավոտյան մենք պատրաստվում էինք այնտեղ զբոսնել: Հետաքրքիր է` կկարողանա՞նք անցյալ աշնանից մնացած կաղիններ և սոճու կոներ գտնել: Էլ ի՞նչ է պետք հինգերորդ դասարանցուն երջանկության համար:


-Ինձ թվում է, որ Պերսևսը պարզապես ծուլացել է,- քանի որ ես չէի պատասխանում՝ մտովի ուտելով հավաքած կաղինները, Դավիթը շարունակեց իր միտքը,-մի ամբողջ համաստեղություն կոչել են նրա անունով, իսկ նա չի կարողանում մեզ մի նորմալ ասուպային անձրև ցույց տալ: Մեկը լիներ, մի լավ քացի տար, նոր կիմանար: Թե չէ մի երկու քար նետեց և պտտվեց մյուս կողքի վրա, իր աստղային երազի շարունակությունը նայելու:

- Ոչինչ,- փորձեցի մխիթարել իմ լավագույն ընկերոջը:- Քունը կառնի և հաջորդ տարի ավելի լավ իրեն կդրսևորի:

Բայց հաջորդ տարի մենք, այդպես էլ, չկարողացանք դիտել ասուպային հոսքը: Քաղաքից դուրս մեկնել չստացվեց, իսկ քաղաքի երկնքում, որը միլիոնավոր լույսեր է արտացոլում, ոչինչ չես կարող տեսնել: Անգամ արհեստական ​​արբանյակները միշտ չէ, որ տեսանելի են:

***

Մայիս, 2121թ.


Ես վերջացրեցի ծխախոտը, և «ծխի» հետ միասին անհետացավ նաև տեսիլքը: Վերադառնալով սենյակ՝ դարձա կնոջս բարկության զոհը.

- Այդքան հեռու մեկնել մի երկու ասուպի համա՞ր:

- Մամ, շատ-շա՜տ կլինեն:

Ես թեթևացած արտաշնչեցի. որդիս համարձակորեն վերցրեց կրակն իր վրա:

- Իսկ ո՞վ է նստելու քո կրտսեր եղբոր հետ:

-Սաշային էլ վերցնենք մեզ հետ: Նրան դուր է գալիս այն ամենը, ինչ փայլում է, իսկ ասուպները վառվելու են կարմիր, սպիտակ, կապույտ լույսերով:

- Դավիթ,- կինս հուսահատորեն փորձեց դիմել երեխայի խղճին,- ասում ես՝ո՞ր ժամին է գագաթնակետը լինելու:

- Գիշերվա տասներկուսից մինչև առավոտվա երեքը,- վարժ պատասխանեց տղաս,-լի՜քը հոլոգրաֆիաներ3 կանենք:

-Ի՞նչ ես կարծում, մեծ ու առողջ մեծանալու համար ի՞նչ պետք է անի քո երեք տարեկան եղբայրն այդ ժամանակ:

- Քնի,- դժգոհ, բայց համակերպված պատասխանեց Դավիթը՝ հասկանալով, թե ուր է տանում խոսակցությունը մայրիկը:

-Ահա: Եվ եթե ​​քեզ համար կարող ենք բացառություն անել մեկ գիշերվա համար, ապա Սաշան դեռ պետք է մեծանա ու մեծանա:

-Այդ ժամանակ կարո՞ղ ենք միայն ես և հայրիկը գնալ: Խնդրու՜մ եմ:


Աննան նայեց ինձ «խստապահանջ և պատասխանատու» ծնողի ձանձրացած հայացքով, որը հոգնել է միշտ սաստել երեխաներին՝ ի հակադրություն ամեն ինչ թույլ տվող հայրիկի: Գիտեմ, որ նա էլ դեմ չէր լինի աստղադիտարան գնալ. վերջին անգամ նրա հետ այնտեղ մեկնել էինք Սաշայի ծնվելուց մի քանի տարի առաջ: Բայց տանը երկու անկառավարելի տղաների առկայությունը զրոյի է հասցրել գիշերակացով ինչ-որ տեղ դուրս գալու մեր հնարավորությունները:


-Լրիվ քեզ է քաշել,- ամփոփեց Աննան:


Ուսերս թոթվեցի, թե բա՝ «ի՞նչ կարող եմ անել»:


Լավագույն լուծումը կլիներ երեխային թողնել տատիկ-պապիկների մոտ: Մեր ծնողները պաշտում էին իրենց թոռներին, բայց ցավոք՝ ապրում էին մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Եվ եթե հեռավորությունն այժմ առանձնապես խնդրահարույց չէր, ապա արագընթաց պարկուճային գնացքների հերթերը բոլորովին այլ պատմություն էին...

Ռոբո-դայակ վարձելու մասին անգամ մտքեր թույլ չէի տալիս ինձ. Աննան նրանց տանել չէր կարողանում: Ասում էր, որ այդ անհոգի մեքենաները չափից դուրս են մարդկանց նման, և դրանից նա փշաքաղվում է:

-Գնացեք, ի՞նչ կարող եմ ասել,-հանձնվեց կինս: - Մեկ է, վաղը ուրբաթ է, ևս երկու օր կունենաք դպրոցից և աշխատանքից առաջ հանգստանալու համար:

-Յե՛ս,- Դավիթը ձեռքով հաղթական ժեստ արեց:

-Այ սրանով լրիվ քեզ է քաշել,- ծիծաղեցի ես հնաոճ շարժման վրա:

-Չէ մի չէ,- փնթփնթաց Աննան, բայց ժպտալով աչքով արեց՝ այնպես, որ որդիս չտեսնի:

Գիշերը չէի կարողանում քնել: Հիշողությունները գլխումս միանում էին, ասես երկար տարիներ չաշխատած լապտերներ՝ նոստալգիա առաջացնելով ու քունը քշելով…




***

Մայիս, 2095թ.


16-ամյա Դավիթը ինձ ծխախոտ տվեց՝ մի իսկական հազվագյուտություն այն բանից հետո, երբ գրեթե ամբողջ աշխարհում անցան էլեկտրոնայիններին: Ասաց, որ թռցրել է իր հոր հավաքածուից:

-Միևնույն է՝ ծխելը թողել է,-Դավիթը թոթվեց ուսերը,-իսկ մենք գոնե կիմանանք, թե ինչ էր ծխելը մինչև էլեկտրոնային ծխախոտների առաջանալը:

Դպրոցի տանիքում ոչ ոք չկար, ուստի ուսուցչի կամ դասղեկի կողմից բռնվելու վտանգը բացակայում էր: Ինչը չէր կարելի ասել խաղահրապարակի ետևի մասին:

Ծխախոտը վառելով ու մի լավ քաշելով՝ մենք գրեթե միաժամանակ հազացինք: Բայց հերոսաբար որոշեցինք դիմանալ մինչև վերջ: Որքա՜ն վատ էինք մեզ զգում հետո... Երևի այդ ծխախոտի պիտանելիության ժամկետը անցել էր մինչև մեր ծնվելը:

Ծխելուց և թոքերը հազալ-մաքրելուց հետո մենք պառկեցինք հատակին՝ վախենալով, որ գլխապտույտը կարող է մեզ ստիպողաբար բերել հորիզոնական դիրքի:

-Դավիթ,- ասացի ես մի քանի րոպե լռությունից հետո, որի ընթացքում, համոզված եմ, նա հիանում էր ամպերով, մտքերը՝ հեռու-հեռու դպրոցի կանաչ տանիքից,- Ի՞նչ ես մտածում, երբ վերևես նայում:

Ես գիտեի պատասխանը, բայց հաճախկրկնում էի այդ հարցը՝ ամեն անգամ սպասելով ճշմարտության մեկ այլ բեկոր գտնելու:

-Որ հաստատ կհասնեմ այնտեղ,-մի փոքր երկմտելուց հետո պատասխանեց նա:

-Դե, ուրեմն, գնա, գրանցվիր որպես կամավոր դեպի Մարս թռիչքի,- կատակեցի ես:

-Իմ թեկնածությունը մերժել են,- հառաչեց ընկերս, - Ասացին, որ իրենց ֆիզիկական նորմերին չեմ համապատասխանում:

-Ո՞նց թե,- կտրուկ նստեցի, ինչին դժգոհ գլուխս պատասխանեց ցավով,-իրո՞ք դիմել էիր:

-Հա: Առաջիններից մեկը, ինչպես ասացին:

-Բայց ինչու՞:Չէ, ես հասկանում եմ քո սերը տիեզերքի հանդեպ և նույնիսկ կիսում եմ զգացմունքներդ գիտաֆանտաստիկ ժանրի նկատմամբ, բայց Մարսնինչի՞դ է պետք: Այն էլ, որ ոչ տիեզերագնացների առաջին թռիչքն է լինելու:

-Ուզում եմ ամեն ինչ իմ աչքերով տեսնել:

-Ընտելացիր հիասթափությանը,- ծիծաղեցի ես,- Անգամ ֆիզկուլտի քննությունը առաջին փորձից չհանձնեցիր:

-Միայն այն պատճառով, որ առաջին քննությանը չէի ներկայացել,- փնթփնթաց Դավիթը, - Գրանցվելու եմ երկրորդ թռիչքին:

Երկրորդ թռիչքի ամսաթիվը չէին հայտնել: Լուրեր էին պտտվում, որ իշխանությունները հաճելիորեն զարմացած էին տիեզերական բեռնախցիկի անվտանգ վերադարձի փաստով, բայց դա բավարար չէր «Մարսի նվաճում»4 նախագիծը կրկնելու համար:

***

Մայիս, 2121թ.


Առավոտյան կինս անհանգիստ հայացքներ էր նետում վրաս.

- Լավ չես քնե՞լ:

-Կարելի է ասել,- մրթմրթացի ես: Մի ձեռքով ծորակից բաժակի մեջ ջուր լցնելով, մյուսով՝ մերսելով քունքս՝ մտածեցի, թե ինչ օրհնություն է, որ ուրբաթը հանգստյան օր է: Եվ ինչպե՞ս էինք մենք գոյատևում մինչև 90-ականների վերջը՝ ընդամենը երկու օր հանգստով: Կարծես, երրորդ արձակուրդային օրվա մասին օրենքը ընդունեցին, երբ ես ու Դավիթը զորակոչվեցինք բանակ:



***

Մայիս, 2096թ.


Մինչ ես բողոքում էի, որ մենք կրկին գիշերային հերթապահության ենք, Դավիթը նորից լուռ նայում էր աստղերին: Այդ գիշեր երկինքը հատկապես պարզ էր. Ծիր Կաթինը միլիարդավոր փոքրիկ լուսատուներով մեզ աչքով էր անում:

-Եվ սա գիշերային տեսողության բարելավված վիրտխցիկների5 դարաշրջանում,-ես գունագեղ ամփոփեցի բողոքս: Պատասխանը լռությունն էր:

-Դավ, այնտեղ ինչ-որ բան տեսնու՞մ ես,-ես չէի կարող դիմակայել՝նորից տվեցի իմ սիրած հարցը:

-Ի՞նչ,- ընկերս շրջվեց ձայնիս ուղղությամբ, և դեմքի արտահայտությունից պարզ դարձավ, որ ո՛չ նվնվոցս էր լսել, ո՛չ էլ վերջին հարցը:

-Ասում եմ՝ այնտեղ ինչ-որ բա՞ն է կատարվում,- կրկնեցի և պատրաստվեցի լսել «տիեզերական հրաշքների» նոր բաժինը՝ ընկերոջս կատարմամբ:

Դավիթը ժպտաց.

-Իհարկե կատարվում է: Միայն առանց մեզ: Աստղեր են ծնվում, մահանում, գուցե և ամբողջ գալակտիկաներ: Հնարավոր է հենց հիմա ինչ-որ հսկայական աստղ է պայթում՝ միայն սև անցք դառնալու և իր սեփական գալակտիկան կուլ տալու համար: Բայց մենք այդ մասին երբեք չենք իմանա:

Դավիթն այնպիսի տխրությամբ արտասանեց վերջին նախադասությունը, որ ինքն էլ զգաց՝ ողբն այստեղ այդքան էլ տեղին չէ:

-Հա լա՜վ,- ես, ինչպես միշտ, սկսեցի մխիթարել ընկերոջս,- ահա, վերջերս մերոնք թռան Մարս: Արի ու տես, մի երկու տասնամյակ հետո հարևան գալակտիկա կկարողանանք այցելել: Այդպես էլ կիմանանք, թե ինչը ոնց է տիեզերքում:

-Դա հասկանալու համար այնտեղ պետք է ծնվես: Որպես աստղ, երկնաքար, մութ նյութ, ինչ էլ որ լինի, բայց այնտեղ, ոչ թե այստեղ,- ծիծաղեց Դավիթը, և ես, ուրախացած ընկերոջս տրամադրության փոփոխությամբ, անցա իմ սիրած թեմային՝ ճանապարհորդություն ժամանակի մեջ:

Մենք գնացինք ծառայելու դպրոցից անմիջապես հետո, բայց պատրաստվում էինք ընդունելության, այցելում դիմորդների լրացուցիչ դասընթացներ:

Որոշել էինք ընդունվել նույն համալսարանը: Դավիթը աստղաֆիզիկայի ֆակուլտետ, ես՝ օդատիեզերական համակարգերի ճարտարագիտության: Մեր ընկերները կատակում էին, որ ես եմ նախագծելու այն գերժամանակակից տիեզերանավը, որով Դավիթը թռչելու է դեպի աստղեր: Ես, մինչ այդ, դեռ երազում էի ժամանակի մեքենայի մասին:

-Բայց քեզնից լավ էլ Դոկ Բրաուն6 կարող է դուրս գալ,- ասում էր Դավիթը և ծիծաղում:

***

Մայիս, 2121թ.


-Պապ, թերմոսով կակաո վերցնե՞մ:

-Ինչի՞ համար, - դուրս եկա եսհիշողությունների միջից և միանգամից չհասկացա, թե ինչի մասին է գնում խոսքը:

-Ո՞նց թե «ինչի համար»,- իր հերթին զարմացավ տղաս, - Որ հանկարծ չքնենք:

-Այո, վերցրու, իհարկե:

-Իսկ ինչքա՞ն դնեմ ջերմաստիճանը,- Դավիթը մի պահ տարակուսեց՝ ձեռքում թերմոսը պտտելով:

-45-ը Ցելսիուսով: Պետք է որ լավ լինի:


***

Մայիս, 2097թ.


Ուսանողական հանրակացարանում տեղավորում էին ըստ ֆակուլտետների, ուստի Դավիթի հետ տարբեր հարկերում հայտնվեցինք: Ազատ ժամանակը հիմնականում անցկացնում էինք իմ սենյակում. հարևանս ապրում էր համալսարանից ոչ հեռու և հանրակացարանի մեր սենյակում հայտնվում էր ոչ ավելի հաճախ, քան ինտրովերտն է գնում քեֆերի:

Ամեն անգամ Դավիթի սենյակ այցելելիս նախ գնահատում էի վիրտպաստառները7: Ի՞նչ է լինելու նրանց վրա այսօր`Սատուրնի օղակնե՞րը, թե՞ Ձիու Գլուխ գալակտիկան: Դեռ երբեք ճիշտ չեմ գուշակել:

***

Մայիս, 2101թ.


Ինձ արթնացրեց գիշերային ռեժիմի վրա դրված վիրտֆոնի8 նուրբ ձայնը:

-Հե՛յ, գալի՞ս ես վաղը քշենք Արխիզ9,- միանգամայնառույգ ձայնով առաջարկեց Դավիթը:

-Ի՞նչ, որտե՞ղ - քնկոտ մրմնջացի ես,- ինչի՞ համար:

-Ասուպային անձրև նայելու: Մի ամբողջ խումբ հավաքվեց: Տեղակայվելու ենք սարերում՝ թափանցիկ կիսագնդաձև վրաններում, և ողջ գիշերը հետևելու ենք երկնքին: Այս տարի կանխատեսողները խոստացելեն շատ ավելի մեծ խտություն, քան մենք դպրոցում տեսանք,- Դավիթը այնպիսի ոգևորությամբ էր խոսում, որ մեկ րոպե մոռացա, որ մենք վաղուց արդեն ավարտել էինք դպրոցը:

-Գիտե՞ս ժամը քանիսն է,- սկսեցի նվնվալ ես:- Թող քնեմ, վաղը առաջինը պատմության դասն է լինելու:

-Ի՞նչ դաս:- Դավիթը միանգամից չպատասխանեց: Երևի ասածիցս ուղեղը կախել էր:

Գլուխս թափ տալով՝ թեթևացած հիշեցի, որ «իսկապես, ի՞նչ դաս: Չէ՞ որ մենք բակալավրիատի վերջին կուրսում ենք»:

-Ես գիտեի, որ դպրոցը մի օր ինձ կխենթացնի,- մրթմրթացի տրորելով աչքերս,- Դավ, մնա հաջորդ անգամ: Դեռ երկու քննություն ունեմ վերահանձնելու, թե չէ չեմ ավարտի:

-Լավ,- ծիծաղեց ընկերս,- Տեղը տեղին քունդ առ: Ես ձեզ լիքը հոլոգրաֆիա կուղարկեմ այնտեղից: Բարի գիշե՜ր:

-Բարի՜,- արձագանքեցի ես ու քնով տարվեցի:


***

Դավիթն Արխիզից չվերադարձավ:

Նա անհետացավ այն գիշեր, երբ Պերսեիդների հոսքը պետք է գագաթնակետին հասներ:

Առավոտյան ինձ զանգահարեց տիկին Անահիտը՝ Դավիթի մայրը: Խումբը հատուկ փրկարար ջոկատի հետ միասին ամբողջ գիշեր փնտրում էր Դավիթին, բայց՝ ապարդյուն: Հետքեր չէին մնացել:

Ոչ ոք չհասկացավ, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դեռ մի քանի րոպե առաջ խմբակային հոլոգրաֆիաների համար ծիծաղելի դեմքեր էր անում: Իսկ հետո անհետացավ:

Խմբի գլխավերևում ճախրող դրոնը իր ջերմային տեսությամբ և 360 աստիճան տեսադաշտով չէր կարողացել բռնացնել նրա անհետացումը:

Օպերատորը, պատասխանելով ոստիկանների հարցմանը, տրամադրեց Դավիթի վիրտֆոնի գտնվելու վայրի կոորդինատները և դրանից ստացված ազդանշանի դադարեցման ժամանակը՝ 03:13: Ընկերոջս մասնակցությամբ վերջին հոլովակը նկարելուց մի քանի րոպե անց:

Մեր 22 տարվա ընկերության ընթացքում սա միակ ճանապարհորդությունն էր, որին նա մեկնեց առանց ինձ:

***

Ես չէի հավատում դրան: Դավիթի ծնողների հետ միասին Արխիզից շտապեցինք փնտրելու նրան ամբողջ Չերքեզիայում: Քանի անվտանգության վիրտխցիկ էր ստուգվել, որքան տեղեկություն վերցվել շրջակա սարքերի սև արկղերից, քանի ժամ հոլովակ էր դիտվել: Անգամ հոլոգրաֆիաների ճանաչման վերջին տեխնոլոգիայով զինված արհեստական բանականությունը ոչ մի տեղ չէր կարողացել հայտնաբերել Դավիթին:

Դավիթը պարզապես անհետացավ: Մնացին միայն նրա ուսապարկը և պատկերը հոլոգրաֆիաներում՝ հետին պլանում մի խումբ սառը աստղերի հետ:

Ես հրաժարվում էի հավատալ դրան: Դավիթը չէր կարող այդպես անհետանալ:

Առաջ էին քաշվել ամենավայրի վարկածները՝ ուրվականների կամ այլմոլորակայինների կողմից առևանգվելուց մինչև ինքնասպանություն: Վերջին ենթադրությունից ներաշխարհս տակնուվրա եղավ: Զայրույթից: Մենք ընկերներ էինք մանկուց: Ե՛վ դպրոցում, և՛ բանակում, և՛ համալսարանում մենք լավագույն ընկերներ էինք:

Դավիթը չափազանց շատ էր սիրում երկինքը իրեն երկրին հանձնելու համար:

Հասնելով ինձնից մի փոքր առաջ քայլող համակուրսեցուս՝ շրջեցի նրան ու ամբողջ ուժով հարվածեցի դեմքին: Դավիթը նրա համար չէր ապրում աստղերի տակ, նրանցից մեկը լինելու փոխարեն, որպեսզի նրա անհետանալուց հետո ինչ-որ հիմարներ ծիծաղելով քննարկեն, թե ինչ ճանապարհով կարող էր ինքնասպան լինել: Չեմ հիշում՝ ինչ էի գոռում այդ տխմարին հարվածներ հասցնելու ընթացքում, բայց երբ ընդհանուր ընկերները բաժանեցին մեզ, նա այնպիսի եռանդով փախավ, որ պարզ դարձավ՝ վախը գերակշռեց ցավին:

Իմ դեպքում նույնիսկ կատաղությունն ու զայրույթը չէին կարող ծածկել կորստի ցավը:

***

Անհնարության աստիճան նրբանկատ՝ Դավիթը առաջին ժամանակները նույնիսկ չէր հայտնվում իմ երազներում: Ասես չէր ուզում անհանգստացնել, ևս մեկ անգամ հիշեցնել իր անհետացման մասին:

Իսկ ես այնքան հարցեր ունեի... Ի՞նչ պարամետրերով էր այդպիսի զիլ հոլովակ նկարել ասուպների արագացված թռիչքի ժամանակ: Ո՞ր պատկերներն է գցելու իր վիրտպաստառների պատկերասրահը: Վերջապես՝ ինչո՞ւ է նորից կայանել մեր ընդհանուր ուսքառը10 արգելված տարածքում: Մեզ կրկին տուգանքներով խեղդելու են:

Անհեթեթություն, իհարկե: Բայց ես շատ էի ուզում նորից խոսել նրա հետ նշանակություն չունեցող նման անհեթեթությունների մասին:

***

Օգոստոս, 2102թ.


Արխիզիդեպքերից հետո առաջին անգամ Դավիթին երազում տեսա միայն հաջորդ օգոստոսին: Մենք նորից տանիքի վրա էինք: Ես, ճաղաշարքից կախված, նայում էի հազարավոր լույսերի շողերով ողողված գիշերային քաղաքին: Դավիթը, ինչպես սպասելի էր, արբանյակների բազմազանության մեջ փորձում էր աստղ հայտնաբերել:

Դեպի Մարս հաջող թռիչքից հետոմերոնք վերջապես հանգստացան և սկսեցին կարգի բերել Երկրագունդը և մասնավորապես՝ պետությունը:

Բարելավեցին թափոնների վերամշակման համակարգը, թարմացրեցին ջրի մաքրման համակարգը: Բայց որոշ, ըստ իրենց, «փոքր» հարցեր դեռ օրակարգում էին: Օրինակ՝ փողոցային լուսավորությունը: Հենց դա էի ուզում քննարկել ընկերոջս հետ:

-Գիտես՝ եթե լուսադիոդային լամպերը փոխարինեին նոր լազերայիններով, կկարողանայինք հիանալ աստղերով նույնիսկ քաղաքի կենտրոնում: Սինգապուրում և Միացյալ Կորեայում արդեն անցել են այդ տեխնոլոգիային և վայելում են:

-Ճապոնիայում էլ են սկսել փոխարինման աշխատանքները,-նշեց Դավիթը:

-Ո՞նց, արդե՞ն: Ապրե՛ն իրենք: Միայն երեկ չէ առաջի օրը հայտարարեցին լազերային լամպերի՝ երկիր ներկրման մասին:

-Նրանք արագ են, մերոնց նման չեն:

-Դե հա, մեր դեպքում բախտավոր կլինենք, եթե մինչև Նոր տարի փոխեն:

-Հաջորդ Նոր տարի,- թերահավատորեն ճշտեց Դավիթը:

Մի փոքր էլ զրուցելուց հետո մենք գնացինք ամենքս իր հարկ, որտեղ ես հրաշքով խուսափեցիդևի նման ջղային փոխդեկանի հետ բախվելուց: Թե ի՞նչ էր անումնա հանրակացարանում գիշերվա կեսին՝ գաղտնիք էր:

***

Արթնանալով՝ քնկոտ ձգվեցի դեպի վիրտֆոնս, որ զանգեմ Դավիթին և զգուշացնեմ, որ վաղը ավելի լավ է տանիք չբարձրանանք՝ փոխդեկանը կբռնացնի: Ձեռքս ճանապարհի կեսին սառեց: Դավիթն անհետացել էր մեկ տարի և երեք ամիս առաջ: Նա չի պատասխանի զանգին:

Վիրտֆոնը հայացքով ապակողպելուց հետո մտա պատկերասրահ՝ նորից նայելու Դավիթի՝ ինձ ուղարկած վերջին հոլոգրաֆիաները: Ես արդեն հուսահատվել էի նրանց մեջ թաքնված հաղորդագրություն գտնել, գաղտնի ծածկագիր, որը միայն երկուսիս հայտնի կլիներ: Կարծես թե, ընկերս ինձ չափից դուրս գերագնահատել էր. ես շատ հեռու էի նրա պես խելացի ու հնարամիտ լինելուց:

Պատկերները նայելուց, ձայնային և տեքստային հաղորդագրությունները վերընթերցելուց հետո հարցերի ամպը նորից պարուրեց գլուխս:

Ի՞նչ կլիներ, եթե մեկնեի նրա հետ: Կկարողանայի՞ կանխել նրա անհետացումը: Կկարողանայի՞ վերջապես հասկանալ նրա ձգտումը դեպի աստղերը:

Միգուցե... Միգուցե նա վերջապես հասե՞լ է այնտեղ, ինչի մասին երազել էր այդքան տարի:

Ես չգիտեի այս հարցերի պատասխանները: Միակ բանը, որ գիտեի, այն էր, որ եթե ինչ-որ հրաշքով վիրտֆոնի ձայնը գիշերը նորից արթնացներ ինձ, և Դավիթը հարցներ. «Հե՛յ, գալի՞ս ես վաղը քշենք Արխիզ», ես ուրախ կպատասխանեի. «Իհարկե՜: Ե՞րբ ենք մեկնում»:

***

Մայիս, 2121թ.


-Պա՜պ, տեսա՞ր դա: Տեսար, չէ՞:

-Դե իհարկե,-քմծիծաղ տվեցի ես,-միաժամանակ երեք «աստղ» թռավ:

-Եվ մեկը նույնիսկ կապույտ շղարշով, վե՜րջն էր:

-Ըհը՜,- համաձայնեցի ես՝ մտքում ափսոսալով, որ անհնար է վիրտֆոնով հոլովակ նկարել և ուղարկել անցյալ: Դավիթին շատ դուր կգար: Ի տարբերություն ինձ, նա կարող էր գնահատել այս գեղեցկությունը: Եվ նա հաստատ իմ որդու համար ամենալավ զրուցակիցը կլիներ:

***

Օգոստոսից հետո Դավիթը հաճախ էր հայտնվում իմ երազներում: Ամեն անգամ ես վերապրում էի այն առավոտը, երբ իմացա նրա անհետացման մասին: Բայց ցավի, դառնության, դժգոհության և զայրույթի պոռթկումների հետ միասին կամաց-կամաց հայտնվեց երախտագիտությունը: Երազներում նրա հայտնվելն այնքան բնական էր, կարծես ոչ մի առանձնահատուկ բան չի եղել: Ասես նա վաղը կրկին կներխուժի համալսարանի իմ սենյակը և կասի, որ մենք պետք է գնանք Հյուսիսափայլը դիտելու: Ասես ներել է ինձ, որ իր հետ չեմ գնացել այդ անիծյալ Արխիզը...

***

20 տարի է անցել այն ժամանակից, երբ իմ ընկեր Դավիթը կորավ: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ11 այդ ժամանակը բավական կլիներ ոչ միայն Կենտավրոսի ալֆային հասնելու համար, այլ նույնիսկ Գորգոնայի Գլխին:

-Հավես է, որ եկանք, չէ՞,- հորանջը զսպելով՝ասաց որդիս:

-Իհարկե, հոյակապ է:

-Այնքա՜ն հոլովակներ եմ նկարել: Մամային և Սաշային ցույց կտանք, թե ինչպիսի «հրավառություն» էր կազմակերպել Պերսևսը:

Ես ժպտացի: Կարծես, ինչ-որ մեկը պահել է իր խոստումը և իսկապես մի լավ քացի տվել Պերսևսին: Ահա, թե ինչքան ուժ էր գործադրել՝ մեկ րոպեում 12 ասուպ էր թռչում:

Լուսանում էր: Ընտանեկան քառը12 նստելուց առաջվերջին անգամ հայացքս բարձրացրեցի վերև.

-Հը՞ն, լավ հասա՞ր:


ՎԵՐՋ




ՆՇՈՒՄՆԵՐ


1. Վիրտէկրան՝ հոլոգրաֆիկ պրոյեկտորի միջոցով աշխատող վիրտուալ էկրան, որ արդեն իսկ 21-րդ դարի կեսերին ողջ աշխարհում փոխարինեց հեռուստացույցներին:

2. Վիրտծխախոտ՝ սարք, որ առաջացնում է ծխելու խաբկանք՝ ստեղծելով ծխի ինտերակտիվ եռաչափ հոլովակ: Փոխարինեց էլեկտրոնային ծխախոտներին 22-րդ դարի առաջին տասնամյակի կեսերին:

3. Հոլոգրաֆիա՝ հոլոգրաֆիկ եռաչափ պատկեր: 21-րդ դարի վերջում գրեթե ամբողջովին փոխարինեց գրաֆիկական երկչափ պատկերներին՝ ֆոտոնկարներին:

4. «Մարսի նվաճում»՝ նախագիծ, որի շրջանակներում Մարս առաջին անգամ պետք է թռչեին հասարակ մարդիկ, ոչ թե տիեզերագնացները: Քանի որ դեպի Մարս տիեզերագնացներիթռիչքով արդեն ոչ ոքի չես զարմացնի, կառավարությունը որոշեց առաջինը լինել դեպի կարմիր մոլորակ քաղաքացիական թռիչքների ցուցակում:

5. Վիրտխցիկ՝ ի տարբերություն հին տեսախցիկների, վիրտխցիկը թույլ է տալիս նկարել եռաչափ հոլոգրաֆիկ հոլովակներ:

6. Դոկ Բրաուն՝ Դոկտոր Էմմետ Բրաուն, «Վերադարձ դեպի ապագա» եռագրության գլխավոր հերոսներից մեկը: Հենց նա էր ԴեԼորիան մակնիշի մեքենան վերածել ժամանակի մեքենայի:

7. Վիրտպաստառներ՝ վիրտուալ պաստառներ: Նախագծված բարակ ապակե թելերից՝ այս պաստառները վիրտէկրանի ամենապարզ անալոգն են, բայց աշխատում են առանց հոլոպրոյեկտորի՝ կարդալով տեղեկատվությունը ներկառուցված նանո-չիպից: Վերջինս հավելվածի միջոցով կապված է օգտատիրոջ վիրտֆոնի8 հետ:

8. Վիրտֆոն՝ սմարթֆոնների հաջորդ, առավել կատարյալ սերունդ:

9. Արխիզ (Архыз)՝ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Զելենչուկսկայայի շրջանի կազմում։

10. Ուսքառ՝ ուսանողական մեքենա, որը կարելի է վարձակալել (սիմվոլիկ գումարի դիմաց) այն համալսարանից, որտեղ սովորում ես:

11. Լույսի արագությունը հաղթահարվել է դեռ 21-րդ դարի վերջում:

12. Ընտանեկան քառ՝ մեքենաընտանիքով ճանապարհորդությունների համար: Հագեցած է բոլոր հարմարություններով, այդ թվում նաև նստատեղերով, որ վերածվում են լիարժեք մահճակալների:

279 views0 comments
bottom of page