«Ապագայի քաղաքը» Հեղինակ՝ Սաթենիկ Ղազարյան
- frunz8
- 2 days ago
- 15 min read
Աղբավայրը խիտ է։ Այն կազմված է տասնամյակներով լցված, իրար գլուխ հավաքված աղբից։ Որոշ տեղերում պատ է կազմում։ Գարշահոտ է ու ծուխ։ Տարածքը մեծ է, տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել կրակի ու ծխի օջախները մարելու, սակայն այն բաղկացած է հազարավոր տոննա կենցաղային և տարբեր թափոններից և կատարված աշխատանքները չնչին են, անօգուտ։ Հրդեհի ժամանակ կրակը մտնում է խորը շերտեր և ներսում մլմլում, որից և անընդհատ ծուխ է։ Այրման ընթացքում արտանետվում են գազեր։
Համացանցը հուշեց, որ աղբանոցը գործում է 1950թ․-ից և մոտ 52,3 հեկտար տարածք է զբաղեցնում։ Տարիներ շարունակ այն չի տեսակավորվել, չի մշակվել, ոչ էլ գործարան է կառուցվել։ Իսկ այվող աղբը մթնոլորտ է արտանետում մեթան, պոլիարոմատիկ ածխաջրածին, շմոլ գազ, դիօքսին, ցիանիդ։ Բոլորն էլ թունավոր, մարդու համար վտանգավոր։ Եվ այդ ամբողջը տարածվում է քաղաքի վրա, սնուցում քաղաքը։
Ուղեղի մթագնում էր, գուցե, չգիտեմ, բայց և չգիտեր, որ այդպես կքայլի։ Մութը կլանում էր շրջապատը։ Աղբակույտերի այրվող թմբերից առկայծող կրակները գարշահոտ էին տարածում։ Քամի բարձրացավ, որը այս ու այն կողմ ցրեց ծուխը։ Քամին օդում պտտում էր տոպրակներ ու թղթեր։ Իջնող գորշության հետ, կայծկլտող կրակներն ավելի պարզ էին երևում տարբեր կետերում։
«Ես վախենում եմ։ Այո։»
Կրկնեց մտքում, զգույշ, ասես կարող էր ինչ-որ մեկը լսել։ Եվ ինքը դրանից կամաչեր։
Անհանգստությունը թաքնված էր խորը, ներսում, բայց տարածվում էր մարմնով ու նա քայլերն արագացրեց։ Հիշեց․
«Վախն հաղթահարելու լավագույն միջոցը՝ վախի դեմքին նայելն է»:
«Երկրագնդի վրա կան վայրեր, որտեղ մարդիկ անհետանում են, այն ազդում է նրանց ներվային համակարգի վրա:
Մարդը զգում է ողնուղեղով: Ձգում է իրեն և անոմալ երևույթներ առաջացնում»: Միայն այդ էր պակաս՝ մտածեց։
«Հիմա կփսխեմ»,- մտքերը շարունակվում էին, երևի ավելի լավ կլիներ սպասեր տրանսպորտի։ Բայց շտապեց ու քայլեց։ Այս տարածվող հոտը ավելի էր սրում փսխելու հավանականությունը, սակայն նա շարունակում էր առաջանալ։
Հետևից քայլերի ձայն է լսվում։ Պարզվում է միայն ինքը չէ, որ այս ուշ ժամին որոշել է ոտքով անցնել, շրջել աղբակույտերով։
Հետ նայեց։ Հետևում մոխրագույն, բայց ճերմակ առկայծումներով, անորոշ արարած էր քայլում։ Մտածեց՝ վախից է, աչքին է երևում։ Խորը շունչ քաշեց, ապա կրկին շրջվեց։ Չի սխալվել։ Արարածը նույնն էր։ Իրական էր։ Քայլն ավելի շատ սողունի էր ու առաջ էր գալիս դոնդողանման ալիքվող մարմնով։
«Իսկ ինչո՞ւ է ինքը քայլերի ձայն լսում»
«Գուցե ինքը ծնեց իր մտքերով այս պատկերը»։
Մտածեց՝ ավելի լավ է չնայեմ։ Արագացրեց քայլերը։ Գրեթե վազում էր։ Բայց հետաքրքիր է, որ մտքով չանցավ հետ գնալ, հետ՝ ավտոբուսի կանգառ, չէ՞ որ այնտեղ ավելի մարդաշատ էր, այլ շարունակեց առաջանալ դեպի աղբանոցը տանող ճանապարհով։
Թիկունքին հևոց զգաց։ Ասես մեկը շնչում էր ուղիղ ծոծրակին։
«Մի՞թե այդքան մոտեցել է, թե՞ ինքն է իր գերզգայունությամբ մոտեցրել»։ Վախեցավ հետ նայի, իսկ հևոցն ավելի մոտ էր։
«Չէ՛, այսպես չի լինի։ Ո՞վ ես, ինչո՞ւ ես ինձ հետևում։ Դե՛, դե հետ շրջվի, նայի՛ր վախի աչքերին, չէ՞ որ դու այդպես էիր մտածում»։ Դեռ հարցը մտքում, ինքը հարցի հետ միանգամից շրջվեց։ Դեմքը հպվեց դոնդողանման արարածին։ Չհասցրեց այլևս ոչինչ ասել։ Ամբողջովին կլանվեց դոնդողով։
Չկար դեմք, չկար ոչինչ։
«Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ, անասո՛ւն»։ Բղավեց, սակայն սեփական ձայնի արձագանքը խփվում էր անհասկանալի կոր պատերին ու միայն ինքն էր լսողը։ Հսկա շրջանի մեջ մարմինը պտտվեց, այդպես պտտվում են անօդ տարածության ներսում, դա ինքը տեսել է, երբ ցույց են տալիս տիեզերագնացներին։ Ուշքի եկավ պայթյունից, միանգամից ծվեն-ծվեն եղավ շուրջը գոյացած՝ կոր, դոնդողապատյանը և ինքը հայտնվեց միայնակ փողոցի մեջտեղում կանգնած։
Կողքից մեխանիկական սարք անցավ։
«Մեկին էլ բերին ու բաց թողին հրապարակում։ Անցյալի հիշողությունն ապագայում։ Կարոտն ու զարմանքը միասին անհավանական զգացմունքների ծնունդ են դառնում»։
Քրիստը զարմացած նայեց ու մտածեց․
«Ինձ դիմե՞ց։ Բայց ես ինչպե՞ս հասկացա, չէ՞ որ սարքը չէր խոսում»։
«Ո՞վ ասաց, որ չեմ խոսում, հետո ինչ, որ սովորական հավաքող ռոբոտ եմ»։
Սարքն արագ կուլ տվեց դոնդողանման հրեշից մնացած ծվեններն ու գլորվեց։
«Նեյրոաղբն է։ Մոլորված մարդկանց է անցյալից բռնում ու բերում ներկա»։ Լսվեց սարքից։
-Ներկա՞։
«Այո՛, հետո քայքայվում է, որ նորից ծնվի»։
Շուրջը նայեց։ Աղբանոցից հետք չկար։ Ամենուր երազային մաքրություն էր։
«Ո՞ւր չքվեցին այրվող աղբակույտերը։ Որտե՞ղ եմ։ Անծանոթ ներկա է»։
«Քայլի՛ր մայթի սալիկներով»։ Հուշեց սարքը։
Մայթին հավաքված մարդիկ կային։ Նրանց կանգնած տարածքում սալիկները լուսավորված էին։
Ոտքը դրեց սալիկին, այն լուսավորվեց ու անմիջապես երևաց տեքստը։
-«Քեզ սպասում են։ Հիմա քո սալիկին կցված նեյրոբիլը կմոտենա»։
-«Ո՞վ է սպասում։ Որտեղ եմ»։
Նեյրոբիլը մոտեցավ։
Բարձրացավ։ Ներսում տեղավորված մարդկանց դեմքերը երջանկություն են ճառագում։
Մտածեց՝ սխալվում եմ։
Բայց, եթե անգամ սխալվեր, միևնույն է, նրանք անկեղծ ժպտում էին։ Իր սովորույթի համաձայն հետևեց դիմագծերի ընթացքին․ նրանք անփոփոխ էին, անհոգ ու ժպտացող։ Հիշեց, ինչպես էր դիմացի մարդկանց դիմագծերի խաղով փորձում հասկանալ՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ են ապրում, հոգնած են, գոհ, թե՝ բարկացած։
-Վաղուց չեմ տեսել անհոգ ժպտացող մարդկանց, այն էլ հասարակական տրանսպորտում։
-Դու նորեկ ես,- լսվեց նեյրոբիլից։
-Նկատելի՞ է։
-Ոչ միայն։ Դու զարմացած ես։
-Այո՛, շատ։ Իսկ մի՞թե զարմանալի չէ խոսող մեքենան, հսկայական աղբակույտերի փոխարեն մաքուր մայթերը և մտածող ռոբոտ մաքրողը։
-Հը՜մ։ Հետաքրքիր նորույթ ես։ Կանցնի։ Որքան վաղուց էր աղբակույտերը, նույնիսկ մոռացել ենք դրա մասին։
-Կանցնի՞․․․ Պարզվում է ձեզ ծանոթ երևույթ է։ Իսկ ո՞ւր են աղբակույտերը։ Երազո՞ւմ եմ։
-Ո՛չ, երազում չես, աղբակույտերը վաղուց ենք մաքրել։ Գործարանը հզոր թափով գործում է, և նույնիսկ չենք հասցնում աղբով ապահովենք։ Այո՛, բոլոր նորեկներն էլ այդպես են արձագանքում։
-Դուք միայն ի՞նձ եք լսում, թե՞ նրանց էլ․․․
Ասաց Քրիստն ու գլխով ցույց տվեց լուռ նստած մարդկանց կողմը։
-Ինչո՞ւ ես հարցնում։ Մի՞թե կարևոր է։ Դու նույնպես պետք է հանգիստ լինես։ Մի՞թե չես ուզում երջանիկ ժպտալ։
-Ապուշի նմա՞ն։
-Ո՛չ։ Նրանք խելացի են։
-Չեմ հասկանում։ Դուք բարձր խոսում եք, բայց նրանք կարծես չեն լսում։ Կամ էլ լսում են, բայց անտարբեր են։
Շրջապատող մարդկանց անտարբերությունը, որից Քրիստը զարմանում էր ու բարկանում, իհարկե պարզ է, որ արհեստական բանականության միջամտության արդյունք է, որով նրանք հանգիստ են ու կառավարելի, իրենց կարծիքով նաև՝ երջանիկ։ Նոր էր այս միտքը արթնացել ու պտտվում մտքում, երբ բոլորը միանգամից նայեցին իր կողմը։ Այո՛, նրանց հայացքներն ուղղվեցին իրեն և ինքը անհարմարությունից շարժվեց ու կրկին տեղավորվեց նստատեղում։ Հետաքրքիր զգացում էր՝ անհարմարություն թե՞ մեղադրանք, ինչո՞ւ, անկախ կամքից նայեց իրեն՝ ոտքից գլուխ, որ տեսնի՝ հո որևէ թերություն չկա իր հագուստի վրա, սակայն ամեն ինչ կարգին էր, սովորական, այնպես, ինչպես սիրում է հագնվել՝ գեղեցիկ և միշտ սիրում է հայելու առջև շտկել թերություններն անգամ արդուկի ծալքերը կամ որևէ չնկատված ճմրթված հատված, այնպես որ այս հայացքներն ուղղված չէին իր հագուստին․ նրանք օտար էին տեսել, վերջապես, այո՛, վերջապես, որովհետև սկզբում նրանց ահավոր անտարբերությունը զարմացրեց իրեն, բայց ինչո՞ւ է զարմանում, ինչո՞ւ պետք է նրանք իմանան, որ ինքն օտար է։
-Այսպես լա՞վ է,- լռությունը խախտեց նեյրոբիլի ձայնը։
-Չափազանց է։
-Չափազանցը չես տեսել,- հեգնեց ձայնը։
Եվ հենց այդ պահին, հանգիստ նստած մարդիկ վեր կացան և անթարթ, սևեռուն հայացքներով մոտեցան։ Նրանցից մեկը ձեռքը մեկնեց և բռնեց իր ձեռքը։ Արագ ոտքի կանգնեց ու շնչակտուր մոտեցավ դռանը։ Մարդիկ ավելի էին սեղմվել իր շուրջը և դժվարացնում էին իր քայլը, բայց արագությունն օգնել էր հասնել և հենց ոտքը դրեց աստիճանին ու մատները դիպան դռանը՝ նեյրոբիլը կանգնեց, դուռը բացվեց։ Աղջիկը դուրս նետվեց ու վազեց։ Քիչ հետո որոշեց հետ նայել։ Հոգնել էր։ Իրեն ոչ ոք չէր հետևում։ Նեյրոբիլը չկար։
Մեր Երկիրն աչքի է ընկնում առանձնահատուկ բնությամբ։ Ժայռեղեն անհամաչափություններն ու բնության անեզր գեղեցկության ներդաշնակությունը՝ ազդել են և ինքնատիպ լուծումներ պահանջել հայ մարդուց։ Այս քարեղեն գոտում, նվազ հողային տարածքով երկրում, անվերջ ձգվող լեռներում իշխում է ներդաշնակությունը։ Մարդը բնազդով է զգում պատսպարվելու, նաև բնությունից օգտվելու հնարը։ Քաղաքը տարածվել է ֆանտաստիկ, կենաց ծառ հիշեցնող շենքերով, որոնք ունեն և լեռների պահպանման, և սեյսմիկ տեղանքի, և մարդկային շփման ու կյանքի ապահովման խնդիրների լուծումը։ Այլմոլորակային աշխարհ հիշեցնող քաղաքի շենքերը հաղորդակցվում են ներքին լուծումներով։ Շենքերը բարձր են այս տարածքի լեռնաբլուրներից։ Այս տարածքում նրանք միջին բարձրության են։ Լեռները չեն քանդվել, հավասարեցվել, այլ քաղաքը կառուցվել ու գործում է բնությունից վեր, հենված լեռներին։ Շենքերի միջև կապը գործում է խաղահրապարակների, այգիների, ծաղկապատ, կախովի կամրջակների և վերելակների միջոցով։ Ահա այսպես ապահովելով մարդ-բնություն ներդաշնակությունը։ Քաղաքի ամենամեծ աղբավայրի փոխարեն ծնված ծաղկաքաղաք։
Որքան ժամանակ էր անցել, այն պահից, երբ ինքը քայլում էր աղբավայրում։ Ինչպե՞ս կարող էր մի քանի ժամվա ընթացքում, անգամ օրերի․ ծնվեր այս հսկա քաղաքային միջավայրը․ քնա՞ծ է, ուշաթափվե՞լ է, թե կա՛ր, ուղղակի այլ իրականություն էր, որ ապրում է հենց միևնույն ժամանակում և միայն անցում էր հարկավոր։ Հիշեց Վան Խաչատուր ճարտարապետի թանգարանը, որում եղել էր ընդամենը մեկ անգամ։ Այո, անմոռանալի պատկերը մնացել էր հիշողության մեջ՝ «Ապագայի քաղաքը»՝ շենքեր, որոնք բարձրանում են մեկ ոտքի վրա և միմյանց հենվում հարկերով։ Այժմ քայլում է այդ պատկերի իրական կրկնության մեջ։
Հիշողությունն արթնացրեց Վարպետի ձայնը, որ ոգևորված բացատրում ու պատմում էր իր երազած «Ապագայի քաղաքի» մասին։ Նա իր տունը դարձրել էր փոքրիկ թանգարան։ Հիշեց, ինչպես էր իր տարիքի համեմատ առույգ տղամարդը ոգևորված պատմում, բացատրում պատերին ամրացված ճարտարապետական գծագրերի վրա, ցույց տալիս հնարավոր լուծումները, որոնք կօգնեն լեռնային երկրում համեմատաբար քիչ ծախսերով բնակելի շենքեր կառուցել։ Երիտասարդ տանտիկինը սուրճ էր դնում, իսկ տանը խաղում ու վազվզում էր նրա, Վարպետի տղուկը»։
Շենքերի մի համալիրը հիշեցնում է մեղվափեթակ, բնակարանները հենված են լեռան լանջին, որոնք ամբողջապես սնվում են արևի լույսով։ Ձմռանը ներքին շերտով պաշտպանվում ցրտից։ Երկրաչափական կառույց, որի մի մասը ցածր է մակերևույթից և որի շնորհիվ շենքը դառնում է ցածրահարկ, թեև այն բարձրահարկ կառույց է։
«Անցյալի հիշողությունը ապագայում։ Կարոտն ու զարմանքը միասին անհավանական զգացումների ծնունդ են տալիս»,- հիշեց մաքրող սարքի ասածը։ Ապագայո՞ւմ․․․
Քրիստը դուրս եկավ անորոշ մտքերից։ Ի՞նչ պետք է անի, որտե՞ղ է, ինչպե՞ս պետք է վերադառնա։ Եթե ինքը քնած չէ, ուրեմն ինչ-որ կերպ պետք է գտնի հետդարձի ճանապարհը, չէ՞ որ մայրը սպասում է, կանհանգստանա, հայրը չի էլ հասկացել, որ մենակ է թողել։
Միևնույն է, պետք է քայլեր, որ հասներ ինչ-որ տեղ։ Չգիտեր ո՞ւր, բայց որքան հասկացավ, ինքն այստեղ ապրում է ինչ-որ ժամանակում, գուցե, կասկածում է, թեև նույնիսկ չի հասկանում այս ինչպե՞ս է այստեղ հայտնվել։ Հոլոգրաֆիկ պատկեր է, որը տեսնում է տարածության մեջ, թե՞ իսկապես տեղափոխություն է իրականացել ժամանակի մեջ, պատճառը՞, երևի ինքն այդ փնտրում էր, ձգտում էր, փախչում էր սեփական իրականությունից։ Դոնդողանման արարածը դո՞ւռ էր այլաշխարհ։
-Տե՜ր Աստված, ես քեզ ի՞նչ վատություն էի արել։ Հիմա ի՞նչ անեմ։ Ես այստեղ ապրո՞ւմ եմ, թե մտապատկեր եմ միայն։
Ոտքը դրեց սալիկին, այն անմիջապես լուսավորվեց։ Մտքում առկայծեց՝ «Այդ ինչպես է կատարվում այս սալիկների լուսավորումը, ինչպես են զգում իր ներկայությունը՝ ծանրության ուժի՞, թե այլ բան կա, որն ինքը չգիտի, նրանք կարդում են իր միտքը, ցույց տալիս ուղղությունը, կանչում անհրաժեշտ տեղափոխման միջոցը։ Չէ՛, սա կառավարման մեխանիզմի է նման»։ Դեռ նոր էր ոտքը դրել իր ներկայությունը ֆիքսող սալիկին, երբ մեկը քաշեց թևքից։ Վախից հետ քաշվեց։ Երիտասարդը համառեց և ձգեց թևքը։
-Ի՞նչ ես անում, սխալ տեղում ես կանգնած։ Դուրս արի այդ սալիկից։
-Բաց թո՛ղ։ Ի՞նչ է, պիտի ամեն քայլս հարցնե՞մ։
-Դո՛ւ գիտես, քե՛զ համար եմ ասում, բայց բոլորը գիտեն, որ կան սալիկներ որոնց վրայով քայլել չի կարելի, դրանք դեպի լաբորատորիա տանող մուտքերն են։
-Մուտքե՞ր։ Ինչու է լաբորատորիայի մուտքը փողոցներում և ինչո՞ւ է տարբեր տեղերում։ Այ քեզ բան։ Հնարավոր չէ՞ր շենքի մուտքով ներս մտնել, ի՞նչ է, շենքը դուռ չունի՞։
Քրիստը ծիծաղեց։ Իրեն թվաց, թե հանդիպել է հիմարության, մտածեց՝ իհարկե երազում եմ, միայն երազում կարելի է այսպիսի հիմարություն տեսնել։
Մինչ այդ շուրջը հավաքված անցորդներից մեկը միջամտեց,
-Մի՛ խանգարի, թող գնա՛, այդ իր ճանապարհն է։
Ապա մյուսը․
-Երիտասարդ, գնա՛ գործիդ, դու ո՞վ ես։
-Չես հասկանո՞ւմ, եթե նորեկը չհասնի վերջնակետ մեզ կանհանգստացնեն, իսկ մենք հանգիստ ապրում ենք։
Քրիստը շփոթված լսում ու նայում էր խոսողներին։
-Այո՛, այդպես նրանք բռնում ու իրենց մոտ են հավաքում մարդկանց, անսպասելի պատասխանեց անցորդը և Քրիստի դեմքին սառեց ժպիտը։ Վախեցած ոտքը հետ քաշեց։ Նա մի ոտքով դեռ կանգնած էր սալիկի վրա, որը լուսավորված սպասում էր մյուս ոտքին։ Ոտքը վերցրեց։ Լույսը հանգեց։
-Արտակ։
Երիտասարդը դեպի իրեն մեկնեց ձեռքը։
-Հատուկ սալիկներ լաբորատորիա ընկնելու համա՞ր։ Սարսափելի է։ Երևի մութ, քարքարոտ ճանապարհ է, կամ, գուցե ա՞ղբ է տակը։ Լավ, իսկ ինչո՞ւ են սարքել այդ սալիկե ճանապարհը։
-Չգիտեմ։
-Չե՞ք հետաքրքրվել։
-Ո՛չ, միայն տեսել ենք թե ինչպես են մարդիկ անհետանում այս բացված խոռոչներում և ավելի շատ նրանք, ում բերում է նեյրոարարածը։
-Ուրեմն միայն ես չեմ, ուրեմն երազ չի։ Հետաքրքիր է ու ոչ ոք չի ցանկացել իմանալ ո՞ւր են չքվում մարդի՞կ։
-Վախենում են, ապրել են ուզում։ Ես գիտեմ։
-Իսկ դու, չե՞ս վախենում, ապրել չե՞ս ուզում։
-Ե՞ս․․․ Ուզում եմ, բայց կարողանում եմ այնպես ապրել, որ գլխի չընկնեն։
-Լավ։ Դե հիմա ասա ինչ անեմ։ Ես արդեն մի քանի ժամ է պտտվում եմ ինձ անծանոթ այս քաղաքում և կարծես քնած լինեմ, բայց արթուն եմ։ Ինձ լսում են մեքենաները, խորհուրդ են տալիս, փրկում մարդկանցից կամ հենց իրենք էլ ուղղորդում ինձ վրա։ Ոչինչ չեմ հասկանում։ Որտե՞ղ եմ, ո՞ւր չքվեց այն հսկա աղբակույտը այդքան կարճ ժամանակում, ինչպե՞ս կառուցվեց այս քաղաքը։ Կխելագարվեմ։
-Իրականում ոչ մի նոր քաղաք էլ չի, սա մեր քաղաքի շարունակությունն է, Էրեբունի վարչական շրջանի տարածքում է, գործարան կառուցվեց և ամբողջ աղբը մշակվեց ու մաքրվեց և շենքերն էլ կառուցվեցին իրենց հատկացված ժամանակում։ Ոչ մի հրաշք չկա։ Այդ դու ես սխալ ժամանակում հայտնվել։
-Սխա՞լ։ Ես քայլեցի սխալ ժամանակում։ Նեղացա հորիցս, սրտխառնոց ունեի։ Վախեցա։ Վախը նոր շունչ ստացավ՝ նայեցի հետ․․․ և իմ ժամանակից ոչինչ չմնաց։
-Այստեղ գալիս են մոլորվածները։ Իսկ մոլորվածներին տանում են լաբորատորիա։
-Ինչո՞ւ։
-Շատ քիչ բան գիտեմ դրա մասին։ Ասում են միացնում են արհեստական բանականության նեյրոցանցին։
-Մարդո՞ւն։
-Հա։
-Չի կարող պատահել։ Մարդը արժեք չունի՞։ Սարսափելի է։ Ես չեմ ուզում։
-Արժեք ունեն նրանք, ովքեր այստեղ ապրում են և իրենց ենթարկվում։
-Իսկ դո՞ւ։ Դու չե՞ս ենթարկվում։
-Ենթարկվում եմ։
-Ուրեմն ինչպե՞ս ես այդ ինձ ասում։ Չե՞ս վախենում։ Թե դրա համար պատասխանատվություն չկա։ Փաստորեն ապրում եք լրիվ հսկողության մեջ, վախի ու հիմարացման․ ու ոչինչ չեք ձեռնարկում։ Թե՞ հնար կա։
-Իհարկե կա։ Ես գիտեմ նեյրոցանցից անջատվելու ձևը։ Այն պահին, երբ պետք է՝ անջատում եմ միտքս։ Ինքս երբեմն ծրագրեր եմ մշակում, այնպես որ խնդիր չէ։ Եվ հետո ի՞նչ ձեռնարկեն մարդիկ ովքեր չգիտեն՝ ինչն ինչոց է, ի՞նչ է կատարվում։ Նրանք ապրում են օրվա խնդիրներով։ Լավ են։ Ուրախ են։ Ուտում են, պարում, երգում, ինչո՞ւ պետք է անհանգստանան, թե ի՞նչ է կատարվում ինչ-որ ներքնահարկում, որը չի երևում ու չի էլ խանգարում, ինչ-որ պահերի անծանոթ մարդիկ են կուլ գնում, անհետանում, կամ թե որևէ անհնազանդ, ով ցանկանում է խաթարել իրենց հանգիստ կյանքը․․․ մի՞թե նրանք կբողոքեն, կամ կփորձեն վերացնել այն։ Սխալվում ես։ Նրանք այդպես ապրել սովորել են։ Նույնիսկ կարող են այդ անծանոթին զոհաբերել իրենց բարօրության համար։
-Ուրեմն հերթն ի՞մն է կուլ գնալու։ Ես չեմ ցանկանում։ Ի՞նչ անեմ։
-Հեռացիր այդ սալիկից։ Որոշ ժամանակ նրանք քեզ չեն փնտրի։ Կսպասեն։ Իսկ մենք այդ ընթացքում կփորձենք միջոց գտնել։ Ես ծրագիր ունեմ։
-Երևի դու ճիշտ ես։ Տե՜ր Աստված․․․Դե, այնպես արա չիմանան իմ գալը։ Բայց և չհասկացա, ինչպես իմացան, իմ ներկայությունը․․․
-Նրանք ընդունում են քո մարմնի լուսարձակումը քվանտային մակարդակում։
-Ես այստեղ էի․․․ մենակ․․․ շուրջս ոչ ոք չկար․․․ միայն աղբ․․․ ես այն․․․ իմ, չէ՛, իմ ժամանակում էի․․․ հիմա, այստեղ իմ ժամանակը չկա, ես օտար եմ, մենակ․․․ ես երբևէ կվերադառնա՞մ․․․ մորս կտեսնե՞մ․․․
-Հանգստացի՛ր, իհարկե կվերադառնաս, կօգնեմ, չեմ թողնի կուլ գնաս։ Թեև ուշացել ենք, արդեն գիտեն։ Մնում է թաքցնեմ քեզ։ Ես քեզ կարող եմ ժամանակավորապես ինձ մոտ թաքցնել։ Գնացի՛նք։
Որոշ ժամանակ լուռ քայլեցին։ Քրիստը հույսով հետևում էր տղային։ Կանաչն ամենուր էր։ Մշակված գազոններում ուրախ ժպտում էին ծաղկած վարդերի թփերը։ Հրապարակում շատրվանը լրացնում էր գեղեցկությունը և զովացնում օդը։ Շատրվանի շուրջը սալիկները երկնագույն լուսարձակում էին։ Արտակը մի ոտքը դրեց սալիկին, ապա բռնելով Քրիստի ձեռքը՝ քաշեց դեպի իրեն։ Ամուր գրկեց մեջքն ու հպեց մարմնին։ Քրիստը չհասցրեց դիմադրել։ Հոսանքն անցավ ամբողջ մարմնով, ապա ծվարեց սրտում ու սկսեց տրոփել։ Երկուսի աչքերը հանդիպեցին ու․․․ սևեռվեցին հասնելով միմյանց հոգու խորքերը։
-Ի՞նչ ես անում,- շշնջաց Քրիստը։
-Փրկում եմ,- շշունջով պատասխանեց Արտակը։
Երկուսի մարմինները սեղմվեցին միմյանց, ասես ձուլվեցին, նման համբուրվող շուրթերի և նույն ակնթարթում էլ սալիկը բացվեց և նրանք հայտնվեցին բնակարանում։ Ապշած, բերանը բաց նայեց շուրջը։ Սենյակ, որում 4 պատերի ազատ տարածության մեջ երևում էին լուսային տարբեր էֆեկտներ, թվեր, օդում լողացող հաշվարկներ։
Դեռ նոր էին հայտնվել բնակարանում, երբ սենյակի խորքից, առաջ, իր տիրոջ դիմաց վազեց՝ փոքրիկ, ճերմակ շնիկը։ Բարձրացավ հետևի ոտքերին և ուրախ թափահարեց պոչը։ Շնիկը չէր հանգստանում, պոչը խաղացնում ու լիզում էր տիրոջ ձեռքերը։ Արտակը մոտեցավ կերամանին։
-Ա՜․․․ա՜․․․ քաղցա՜ծ ես․․․ հիմա՛, հիմա՛, ես քեզ կերակրե՜մ․․․․ ճստի՜կս․․․
Արտակը պահարանից հանեց փաթեթն ու նրանից կերը լցրեց կերաման։ Փոքրիկ Ճերմակիկը նստեց ու սպասեց մինչ տերն ասաց․
-Դե, մոտ արի՛, կե՛ր։
Շնիկն ուրախացած սկսեց խրթխրթացնել չոր հատիկները։
-Ների՛ր։ Ես խանգարեցի օրդ, հայտնվեցի քո կյանքում այսպես, հանկարծ, միանգամից։ Ների՛ր,- ասաց Քրիստը։
-Կարող ես հանգիստ լինել, հարմավի՛ր, զգա ինչպես քո տանը։ Դու ինձ չես խանգարել, կարիք չկա ներողության։ Հիմա։ Ես շուտով թեյ կդնեմ։
Երիտասարդն առանձնացավ լոգարանում։ Քիչ հետո սենյակում բուրում էր բուսական թեյի անուշ հոտը։
-Ուրց։ Մորս զգացի։
-Այո, սիրում եմ ուրցի հոտը։ Ասեմ որ, դու այստեղ երկար չես կարող մնալ։ Նախ, որ դու ապրում ես եռաչափ տարածության չափումներում, իսկ այստեղ ավելին է։ Քո էներգետիկ դաշտը չի գոյատևի։ Իսկ վերադառնալու համար պետք է ընկնես նեյրոսենյակ, որտեղից կբացվի դեպի քո ժամանակի դարպասը տանող ուղին։ Դժվար կլինի, բայց կփորձեմ որպես նեյրոկենտրոնի աշխատակից ընդունվել աշխատանքի։
Քրիստը մոտեցավ պատուհանին։
Նորից ինքն իր հետ պայքարում էր, հարցերը հանգիստ չէին տալիս։ Պատահակա՞ն․․․
«Արդյո՞ք պատահական էր իր այստեղ գտնվելը, իր հետ կատարվածը։ Ո՛չ, բոլորովին այդպես չէր, իր բնավորության անհանդուրժողականությունը, ինքնագլուխ, խոսքն առաջ տանելու ընդունակությունը բերեցին այս ճանապարհին»։
«Բայց ես չէի ցանկանում»
«Դու չէիր ցանկանում, սակայն ոչ էլ քայլ էիր անում այդպիսին չլինելու, նման իրավիճակում չհայտնվելու»։
«Ճակատագի՞ր է»։
«Չգիտեմ, ինչպես դու ես ասում․ ամեն մարդ ինքն է գծում իր ճակատագիրը»։
«Ինչո՞ւ, ինչու՝ես, Տեր Աստված, ի՞նչ եմ արել, որ պիտի այս փորձությունը ինձ հասներ․․․»
Պատուհանից երևում էր երեկոյան լույսերով ողողված քաղաքը։ Թվում էր արևը մայր չի մտել։ Շենքերը նման էին ծառերի։ Վան Վասպուրականի երազանքների քաղաքը․․․ Ծառանման շենքեր․․․ ծաղկած։
Քաղաքն ասես երկհարկանի առանձնատուն լիներ, որի առաջին և երկրորդ հարկերն ապրում էին իրենց կյանքով, միմյանցից անկախ, սակայն հյուսված, ներծծված միմյանց ներքին անտեսանելի թելերով, որոնք լրացնում և միացնում էին այդ երկու հարկերը և սնուցում, խառնում մեկի կյանքը մյուսին։ Վերին հարկը ապրում է ու երբեք չի մտածում, թե այդ ինչպե՞ս են գործում իրեն անհրաժեշտ խելացի սարքերը։ Իսկ առաջին հարկը միլիոնավոր ներքնուղիների նեյրոցանց է, որը գալիս ու միանում է կենտրոնում նեյրոսենյակին։ Իհարկե նրանք գիտեին քաղաք մտնող նոր մարդու մասին և արդեն սպասում էին։ Անմիջապես, երբ դոնդողանման արարածը կլանում էր մարդուն․ նա հաղորդում էր կենտրոն իր բեռի մասին։ Եվ արդեն մնացած ճանապարհը իրականացվում էր նեյրոնային ցանցի թրթռումներով։
Լինում էին դեպքեր, որ քաղաքային մայթերի սալիկներին էին հայտնվում բնակիչներից սխալմամբ և այդպես անհետ դառնում հարազատների համար։
Նեյրոսենյակ
Արտակը քայլում էր մաքուր, խիստ վերահսկվող ջերմաստիճանով ու խոնավությամբ սենյակում։ Բացարձակ մաքրությունն օգնում էր պահպանել քվանտային միջավայրի կայունությունը, որը կարող էր խաթարվել ցանկացած փոշեհատիկի կամ ջերմաստիճանի տատանումից։ Սենյակում լույսը փափուկ էր, երբեմն մետաղական փայլով, կապտավուն։ Հսկիչ մոդուլներն ու մատակարարման բլոկները լրացնում էին սենյակի մի կողմը։ Սենյակն ամբողջովին ներծծված էր քվանտային խողովակներով, որոնք անտեսանելի ցանց էին կազմում վակուումում, մագնիսական որևէ ազդեցությունից զերծ, և անմիջապես, որևէ հրամանի դեպքում ստեղծելով կապող կամուրջներ հիմնական սառեցման մոդուլի հետ, որը գտնվում էր հողում, ավելի խորը։ Սա մեկուսացված, մագնիսական դաշտերից մաքուր, վակուումային միջավայր էր, որտեղ ազատ գործում են միկրոալիքները և քվանտային բիթերը կարողանում են պաշտպանել իրենց քվանտային վիճակները։
Հատուկ պաշտպանիչ հագուստը գրեթե ձուլված էր մաշկի հետ և արտաքինից չէր առանձնանում, չուներ ծանրություն, հաստություն, որը կխանգարեր մարդու շարժմանը։ Այն ջերմամեկուսիչ էր և պահպանում էր մարդու նորմալ ջերմաստիճանն անգամ 0,01 Կելվինի հասնող ջերմաստիճանում, բացարձակ միջավայր քվանտային մասնիկների պահպանման համար։
-Սենյակը լի է հազարավոր ատոմներով և մենք լուսային ազդակներով տատանում ենք դրանք։
Գիտնականը, որը ծանոթացնում էր միջավայրին, արդեն վաղուց էր մասնակցում փորձերին։ Նա մոտեցավ ապակե պատվարում պատսպարված արարածին։
-Clostridium perfringens. Հին աղբանոցից մնացորդ է, վերցրել ենք հետազոտելու համար։ Վերցրել ենք աղբավայրի ուսումնասիրության ժամանակ, թեև արգելված էր։ Այս տեսակի բակտերիայի համար աղբավայրը հիանալի միջավայր է։ Նրա քանակը հասնում է չափազանց բարձր մակարդակի և անգամ բազմացման ակտիվությունն է չափազանց։ Արտադրում է թունավոր նյութեր, արագ փոխազդում շրջապատի հետ։ Արդեն քանի տարի տանջվում ենք այս արարածի վրա։ Սկզբում սատկում էր։ Վերջապես հարմարվեց։ Ներբեռնում ենք մարդու ԴՆԹ-ի տեղեկությունը, որից ժամանակի ընթացքում ձևափոխել է կենսաբանական կառուցվածքը։ Մարդու և միկրոօրգանիզմի տարբերությունը տեսանելի է սովորական աչքով, բայց մարդու գիտակցության հյուլեն նույնիսկ ավելի փոքր է քան միկրոօրգանիզմը, որը և թույլ է տալիս փոխանցելու, տեղավորելու հյուլեն միկրոօրգանիզմի մեջ։ Տարիներ շարունակ կրկնելով և ավելացնելով քանակը կարողանում ենք փոխանցել և նա հասկանում է ամբողջական միտք։ Այս արարածը բազմանում է սպորներով,
որոնք երկար տարիներ դիմանում են ամենածանր պայմաններում։ Ահա և սպորը։ Չգիտեմ լսել ես թե ոչ, կարծում եմ ժողովրդի մեջ կան այդ շշուկները՝ մոլորված մարդկանց գողանալու և լաբորատորիա տեղափոխելու մասին։ Ահա մեր հերոսները։
Արտակը լուռ լսում էր, երբեմն գլխով համաձայնության նշան անելով, սակայն երբ հերթը հասավ սպորներին․ նա լարվեց, մարմինը ձգվեց և հայացքը ավելի կենտրոնացավ նմուշի վրա, որն ապակե պատվարի տակ, շրջանաձև տեսքով, հանգիստ տեղավորված էր։ Այդպես թվաց Արտակին, թեև գիտեր, ու ոչ միայն լսել էր շշուկները։
-Կարծեմ ինչ-որ բան լսել եմ, բայց համարել եմ անհեթեթ հնարումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, չէ՞ որ մարդիկ սիրում են չափազանցնել, հնարել։
-Դե իհարկե, հնարել սիրում են, բայց այս դեպքում կրակն առանց ծուխ չի։ Նրանք ինչ-որ կերպ ստացել են իրականությանը համապատասխանող տեղեկությունը։ Սա գլոստրիդիումի սպորն է, որը մենք ստանում ենք նեյրոցանցային պայմաններում։ Սա այն կարևոր փոխադրամիջոցն է, որը մեզ օգնում է մոլորյալներին տեղափոխելիս։
-Չէի ասի, որ փոխադրամիջոցի նման է,- քմծիծաղ տվեց Արտակը։
-Նման չի։ Երբ հարկավոր է, այն ստանում է անհրաժեշտ մշակումն ու վերածվում դոնդողանման հսկա որդի, որի նեյրոնները ենթարկվում են մեր կողմից տրված հրամաններին։
-Ուրեմն գիտակցությո՞ւն ունի։
Քմծիծաղ։
-Գիտակցություն չունի։ Գիտակցությունը ներարկվում է։ Նրան հագեցնում ենք մարդկային ուղեղի նեյրոններով, որոնք հետո կարողանում են ընդունել հրամանները։
-Արհեստակա՞ն․․․
-Ինչու արհեստական։ Բնական, մարդկային։
-Լավ, կռահեցի, մահացած մարդկանցից եք հյուսվածքները ստանում։
-Ահա և ինքը՝գեներացվածը։ Սպորն ուռճացնում ենք նեյրոնների անհրաժեշտ քանակով հագեցնում, բեռնված քանակը բավական է, որ այն կատարի սահմանափակ հրամաններ։ Ենթարկվի, ուտի և շարժվի, իսկ վերջում՝ ինքնաոչնչանա։
Արտակը զգույշ, իր հարցերը մոտեցնում էր հիմնական մտքին՝ ինչպես առանձնացնել դոնդողանման արարածն ու օգտագործել։ Թեև գիտեր, դեռ վաղուց էր տեղյակ այս նեյրոկենտրոնի աշխատանքներին ու արդյունքներին, իր անհատական որոնումներով, ծանոթ էր այս գաղտնի հետազոտությունների ընթացքին ու հիմա անմեղության ու չիմացության պատկեր ստանալն իր համար կարևոր էր։ Որքան հասկանում էր իր ուսումնասիրություններն ավելի առաջ էին անցել, ինքը կարողանում էր փակվել ու պատսպարվել հիմնական գեներատորի ճառագայթների հետախուզում-ընկալումից։ Եվ դա իրեն օգնեց հանգիստ թափանցել նեյրոկենտրոն, առանց կասկած հարուցելու ընդունվել որպես նեյրոհերթապահ։ Այսուհետ երկար ժամեր ինքը մենակ կլինի կենտրոնում և կկարողանա իրագործել մտահղացումը։
Նայեց հսկա ապակե վահանակի հետևում պատսպարված արարածին, որն իրեն շատ հարկավոր էր։ Այն արդեն պատրաստ էր խնդիրն իրագործելու։ Մնում էր միայն ուղղություն տալ։ Ինչպես պետք է այստեղ բերեր Քրիստին, պիտի կարողանար անցկացնել հարյուրավոր քվանտային մոդուլների կողքով, անտեսանելի, որ չֆիքսեն օտար մարդու ներկայությունը։ Արտակի հոգին փոթորկվեց։ Չէ՞ որ հենց ինքը՝ իր օգնությամբ հետ կուղարկի Քրիստին։
Մտքում պատկերացրեց աղջկա դեմքը։ Շոշափեց դիմագծերը, մատների ծայրերով ընդգծեց շուրթերն ու մտածեց․ «սիրահարվել եմ, ինչպես եմ առանց նրա ապրելու»։ Լսեց սեփական սրտխփոցը։ Ես կուզեի, որ մենք միասին ստեղծեինք մեր պատմությունը, որ խառնվեին մեր ժամանակներն ու հնչեին միասին, ինչպես տիեզերական սիմֆոնիա։ Ափսոս, որ դու պետք է հետ վերադառնաս։ Բայց, ախր ես գիտե՛մ, որ ժամանակ գոյություն չունի և այդ ինչպե՞ս կարող է գոյություն չունեցող ժամանակը բաժանի մեզ։
․․․
-Դու կհասնես կենտրոն։ Հիմա դու դուրս կգաս տանից, կգնաս այնտեղ, որտեղ լուսավորվող սալիկներն են։ Կկանգնես այն սալիկի վրա, որը հենց քեզ համար է նախատեսված։ Չմտածես, հենց մոտենաս․ նա ինքը քեզ կգտնի, որովհետև սպասում է, այն արդեն լիցքավորված է քեզ կլանելու հրամանով։ Չվախենաս խնդրում եմ։ Ես քեզ կդիմավորեմ կենտրոնում։
Քրիստը վախենում էր անորոշությունից։ Բայց վերադառնալու ցանկությունն ավելի շատ էր։ Հիմա իրեն փնտրում են, մայրը լալիս է։ Ամենաշատը չէր ցանկանում արցունքներ տեսնել մոր աչքերում, բայց այն ինչ կատարվեց անսպասելի էր։ Լավ կլինի, ես հավատում եմ Արտակին։ Հավատում եմ, որքա՞ն ժամանակ է ճանաչում եմ, թվում է հարատևություն, սակայն երևի մի քանի ժամ կամ օր։ Չգիտեմ, միայն երբ կվերադառնա այնտեղ, իր սովորական կյանք, միայն այդ ժամանակ կիմանա որքան է անցել։ Հիշեց ծառուղին որով եկել էր, ահա, հիմա այնտեղ է։ Մայթը սալիկապատ է։ Լուսավորվում են այն սալիկները, որոնց վրա դնում է ոտքը։ Սրանցից ո՞րն է այն, այն ամենակուլը։ Ոտքը դրեց կապտագույն լույսով տարբեվող սալիկին։ Երբ արդեն բարձրացրեց մյուս ոտքը քայլը փոխելու․․․ սալիկը բացվեց, Քրիստը չհասցրեց մտածել կամ որևէ բան որոշել, միանգամից կլանվեց դեպի անցուղի և քիչ անց հայտնվեց նեյրոկենտրոնում։ Արտակը սպասում էր։
-Ես չեմ ուզում դու վերադառնաս։ Մնա այստեղ, մնա։
Բառերը հնչում էին ջերմ ու հատ-հատ։ Քրիստը չգիտեր ինչ պատասխաներ։
-Մայրս սպասում է,- հնչեց սրտից։
Արտակը բռնեց Քրիստի ձեռքից և շրջվեց դեպի դոնդողանման արարածը։
-Արի, ինձ հետ։
Նրանք քայլում էին լուռ։ Նրանց մատները միմյանց ագուցված դողում ու շնչում էին միառիթմ։ Նեյրոխողովակներով լիցքավորված սենյակի օդը թրթռում էր, ասես երաժշտություն էր հնչում։ Մեղմ։ Տիեզերքը լարերի սիմֆոնիա է, երբ տատանվում են լարերը գործում է քիմիան։ Տիեզերական սիրո քիմիան։ Նրանց շուրջ առաջացած գույների ծիածանը շողարձակվում էր։
-Հիմա ես նրան առաջադրանք կտամ և նա քեզ կկլանի։ Չվախենաս։ Հետո միանգամից կտեղափոխվես ժամանակում և կհայտնվես այնտեղ, որտեղից եկել ես։ Այս արարածը քեզ բաց կթողնի այնտեղ, որտեղ կլանել է։ Հետո կքայքայվի։ Չմոռանաս։ Անմիջապես կվերցնես նրանից թողած կտոր։ Երբ քո ձեռքում լինի այդ մասնիկը դու կլսես այն նույն երաժշտությունը, որը պտտվում է հիմա մեր շուրջը։ Տիեզերական սիրո էներգիան կթևածի մեր միջև անկախ ժամանակի և տարածության։ Եվ մենք կզգանք միմյանց։
Հետո ամեն ինչ կատարվեց այնպես ինչպես որոշվել էր․ դոնդողանման արարածը կլանեց Քրիստին ու անհետացավ սենյակից։ Արտակը մնաց մենակ կանգնած, ականջներում դեռ հնչում էր երաժշտությունը։
Քրիստը ուշքի եկավ ճանապարհի եզրին, որից այն կողմ հորիզոնը զբաղեցնում էր գարշահոտ աղբանոցը։ Մշուշ էր։ Ծուխը բարձրացել ու տարածվել էր քաղաքի վրա։ Շուրջը թափված էին դոնդողանման արարածի փրթիկները։ Քրիստը կռացավ, վերցրեց մի փրթիկ ու ամուր սեղմեց ափում, ափն այրվեց տաքությունից, արագ բաց արեց․ ափում քար էր՝ լուսարձակվող, ճյուղավորված երակներով։ Հոգին լցված էր տիեզերական սիրո զգացումով և այն ձգտում էր դեպի տիեզերք։
Մարմնի շուրջն առաջացած ծիածանագույն եթերը թրթռում ու մեղմ մեղեդի էր արձակում։
Հեռվում երևում էր Էրեբունի թանգարանի բլուրը։ Քրիստն իր քայլերն ուղղեց դեպի թանգարանի կանգառ, այնտեղ հավաքված էին ավտոբուսի սպասող մարդիկ։

Comments