«Այլ Երևան» Հեղինակ՝ Գրիգոր Բաբաջանյան
- frunz8
- 2 days ago
- 15 min read
973:
Հենց 973:
Այդքան է Կասկադի աստիճանների քանակը:
Մհերը վստահ էր, որովհետև ինքն էր հաշվել: Դեռ երեխա էի, իսկ դուք գիտեք՝ որքան են երեխաները հավատում համընկնումների և տարատեսակ օրինաչափությունների: Հեշտ է, երբ կան օրինաչափություններ, որոնց վրա կարելի է հենվել: Բոլորն ասում էին, թե Կասկադի աստիճանները հենց 1000 հատ են, իսկ Մհերի մոտ աստիճանների այդպիսի հստակ քանակը կասկած էր առաջացնում, և այո, հաշվելուց հետո նա պարզեց որ դրանք ոչ թե 1000 են, այլ 973-ը, սակայն Կասկանը դրանից բացարձակ էլ չտուժեց։
Արևի դիրքից դատելով՝ ժամը չորսը կլիներ: Դա այն սքանչելի ժամն է, երբ արևը քաղաքը ողողում է ջերմագույն շողերի տաք լույսով և ամեն ինչ ոսկեզօծում, դարձնում տաք և թավշյա: Մհերի ամենասիրելի ժամն էր ողջ օրվա ընթացքում, ժամանակն ասես կանգ էր առնում և ամբողջ քաղաքը ջերմանում էր այդ լույսի ներքո: Ընդհանրապես ժամը չորսը առանձնահատուկ տրամադրություն է ստեղծում, ասես հինգշաբթի լինի.... դե դժվար է բացատրել, բայց Մհերը միշտ էդպես էր զգացել:
Իսկ միգուցե... միգուցե 974 կամ 975 հատ են, - մտածեց Մհերը՝ Կասկադի աստիճաններով դանդաղ իջնելիս, - միգուցե նորի՞ց ստուգեմ՝ տաս, քսան, երեսուն, հիսուն... 126․․․ 456․․․ 789․․․ 973, 974, 975, կարծես պիտի ավարտվեր, - նա ուղղեց կաշվե բաճկոնը և շարունակեց. - 986, 987, - ուշադիր ոտքի տակ նայելով՝ իջնում էր ու հաշվում, - 1000, 1001, 1002, - բայց աստիճանները չէին վերջանում: Մհերը հայացքը չէր թեքում աստիճանից ոչ մի ակնթարթ, որ հաշվից չընկնի, չնայած աստիճաններից բացի ամեն ինչ արդեն շաղվել էր, - 1110, 1111, 1112, չի վերջանում... 1197, 1198, 1199, 1200, - հաշվեց և կանգ առավ: Աստիճաններն ավարտվեցին:
Աջ ու ձախ մութ էր, միայն ոտքի տակ սպիտակ աստիճաններն էին նշմարվում: Հետ նայեց և տեսավ Կասկադի հսկայական մարմինը, որը վեր էր սլանում և մխրճվում երկնքի մեջ։ Գետնի տակ էր հայտնվել, բայց վեր նայելիս կիսաթափանց տեսնում էր քաղաքի փողոցների և շենքերի ուրվագիծը։ Կարծես աղջամուղջի միջից երևում էին մայթերը, ծառերը և անցորդները, որոնք ընդհանուր կիսախավարի մեջ կարծես թույլ լույս արձակեին:
Դիմացը խավար դատարկություն էր, բայց հեռվում շրջան կազմած լույսերի խիտ բազմություն էր երևում:
Մհերը առաջ քայլեց և աչքերը քիչ-քիչ մթնշաղին սովորեցին: Դիմացը ամայի փողոց էր: Ուզում էր անցներ՝ ոտքը դրեց առաջ և վեր թռավ:
Ոտքի տակից շարժվեց ու սրտնեղած մի կողմ փախավ ցածրահասակ մի կերպար, որն անհասկանալի լեզվով ակնհայտորեն դժգոհ մի քանի բառ նետեց Մհերի հասցեին:
Հանկածրակիի եկած Մհերը հավասարակշռությունը կորցրեց և քիչ էր մնում երթևեկելի մաս դուրս ընկներ, բայց հանկարծ մի ձեռք իրեն ետ քաշեց, և հենց այդ պահին բոլոր լույսերը վառած մի տրամվայ ահավոր արագությամբ, ձայներ հանելով, դղրդալով ու լուսարձակներով կուրացնելով անցավ դիմացով: Մեջն էլ լիքը աղմկոտ ուղևոր։ Պատուհաններից կախված դուրս էին նայում, երգում, զրուցում, խաղեր խաղում, կատակում ու հռհռում։
- Վերին Երևանի բնակիչները բավական անզգուշ են, հարկավոր է մի փոքր ուշադիր լինել, - ասաց բարձրահասակ անծանոթը:
-Վերին Երևանի? – զարմացած կրկնեց Մհերը
- Այո, միթե՞ դու վերևից չես իջել:
-Այո, - պատասխանեց Մհերը, - վերևից եմ եկել, բայց ուր?
- Երևան. ինչ վերևում է, այն էլ ներքևում, դա բոլորին է հայտնի, մի՞թե ձեր քաղաքում այդ մասին մոռացել են: Առաջին անգա՞մն ես էստեղ:
- Այո:
- Igneos vapores inhalans
Terrae et creationis mundialis – չէ հա, - տարակուսում էր անծանոթը:
Մհերը գլուխը այս ու այն կողմ թափահարեց:
- Երևում է, որ առաջին անգամն ես էստեղ, – եզրակացրեց նա: - Հողեղեն աշխարհը հրեղենի արտացոլանքն է, Վերին Երևանը ներքևինի արտացոլանքն է, պարզապես կան վայրեր, ուր հողեղենի և հրեղենի սահմանները մաշվում-բարակում են և հնարավոր է անցում կատարել, միայն թե հետ վերադարձի ճանապարհը պիտի գտնես։ Մեր քաղաքների միջև շատ կածաններ կան:
- Ես դեպի լույսերն էի գնում, ամեն դեպքում ուզում էի գնայի...
- Հրապարա՞կ ես ուզում գնալ: Լավ միտք է, կուղեկցեմ քեզ, – ասաց անծանոթը, և նրանք ճանապարհ ընկան:
- Ասում ես՝ սա ներքևի՞ Երևանն է: Որտեղի՞ց հայտնվեց:
- Հայտնվե՞ց: Միշտ էլ կար, իսկ այ դու՞ ոնց այստեղ հայտնվեցիր:
- Ոտքերս բերեցին, սանդուղքներն էի հաշվում և հանկարծ գետնի տակ հայտնվեցի, երկրի ընդե՞րքն եմ ընկել:
- Վիշապի՞ն էիր ուզում տեսնել, - հարցրեց անծանոթը:
- Ո՞ր վիշապին:
- Իհա՛րկե Երևանի, մի՞թե չգիտես, որ Օղակաձև զբոսայգու տակ նիրհում է Երևանի Վիշապը: Գլուխը պոչին է դրել, հայացքն էլ ուղղել է հարավ։
Մհերը զարմացած նայեց:
- Երկրի ընդերքում, – շարունակեց անծանոթը, - նիրհող շատ վիշապներ կան: Դարեր առաջ քաղաքները հիմնելիս վիշապներ էին փնտրում։ Նրանք գալարված ննջում են երկրի խորքում: Իմաստուն մարդիկ դարեր առաջ նրանց մեջքին միջնաբերդի պատեր են կառուցել, որպեսզի վիշապը քաղաքին պահապան լինի։ Բայց միջնաբերդի պատերը ծանր էին և արդեն այդքան էլ պիտանի չէին, շատ քաղաքներում քանդել են և փոխարենը այգի կառուցել... մեր քաղաքում էլ միանգամից այգի կառուցեցին: Ասեմ, որ տեղին գաղափար էր: Այդ օրվանից հնամյա մեր քաղաքը ծաղկեց:
Շատ քաղաքներ են վիշապների մեջքին կառուցվել՝ Լոնդոնը, Փարիզը, թե կուզես, շա՜տ և շատ այլ քաղաքներ: Վիշապները սնվում են զորությամբ, դրա համար փնտրում են զորեղ վայրեր և այդտեղ հիմնավորվորմ, մարդիկ էլ այդ զերող վայրերը շեշտոլու համար տաճարներ են կառուցում։ Եռագլուխ մի տաճար էլ մեր քաղաքի տիրակալ վիշապին է պսակում:
Պատահել է, որ իմաստուն արքաները այդ պատճառով նույնիսկ քաղաքներ են տեղափոխել։ Եղել է, անգամ, նիհրող հսկա ջրային վիշապի համար ճահիճներում քաղաք են հիմնել, - պատմում էր անծանոթը:
Նրանք անցնում էին լայն ճեմուղիով, որտեղ բազմաթիվ արձանային կերպարներ կային։ Դրանք շարժվում էին, կամ միգուցե՝ քամուց ճոճվում, դեպի միմյանց էին թեքվում, շշնջում ինչ-որ բան և հետ ուղղվում:
Մհերին թվում էր, թե իրեն են քննարկում: Երբ մեջքիդ հետևը զրույց ես լսում, միանգամից ենթադրում ես, թե դու ես քննարկման առարկան: Բայց այս անգամ նա իրավացի էր. դիտորդ արձանները շատ վաղուց հյուրեր չէին տեսել և նոր այցելուին զարմացած քննարկում էին:
Մի խումբ ձուլածո եղնիկներ ցատկոտելով կտրեցին Մհերի դիմացը՝ զրնգուն սմբակները գետնին հարվածելով։ Վերջին եղնիկը մի պահ շփոթվեց և կանգ առավ, գլուխը Մհերի կողմ թեքեց, եղնիկի անհուն խորունկ աչքերով երկար նայեց նրան, հետո ականջը թափ տվեց և մի ցատկով անհայտացավ:
Աստիճաններով ինչ-որ կերպարներ միմյանց հանդիման թե իջնում, թե բարձրանում, հետո էլի բարձրանում և իջնում էին, մեկի գլուխը քառակուսի էր, մյուսինը՝ եռանկյուն: Մի հսկա կատու պոչը խաղացրեց և մեղմ ժպիտով ճանապարհեց անցորդներին։
- Հասանք, - քայլերը դանդաղացնելով՝ ասաց անծանոթը և ի վերջո կանգ առավ:
Օդում սավառնող խավարը մի կողմ ցրվեց, և դրա միջից սկսեց երևալ պառկած Վիշապի հսկայական մարմինը: Ահռելի մեծ էր, այնքան մեծ, որ մեջքի հատվածից բացի այլ բան չէր երևում:
- Չէիր՞ հավատում:
Մհերն ապշել էր։ Զարմանքով մոտեցավ վիշապի զորեղ, շառագույն իրանին: Այն շարժվում էր, քաղաքի կիսաքնած տիրակալի շնչառությանը համահունչ՝ բարձրանում և իջնում, ուժեղ ջերմություն էր ճառագում։ Զրահանման թեփուկներով պատված մեջքը բոսոր էր՝ մուգ կարմիր փշերով զարդարված, իսկ որովայնը՝ սպիտակ:
- Վիշապը զորեղ է, բայց պետք է զգոն լինել և նրա քունն անդադար պահպանել: Թե արթնանա՝ երկիրը կսասանի իր հզոր մարմնով և հսկայական ավերածություններ կբերի: Վիշապի քունը պահպանելու համար դարեր առաջ մի միջոց են գտել՝ երաշտությունն է: Այդ հսկա էակները անչափ նուրբ լսողություն ունեն և մեղեդիների նկատմամբ շատ զգայուն են։ Երգը միայն կարող է նրան հանդարտեցնել, ոչ մի այլ բան նրան չի դիմակայի: Մեր քաղաքում ամենագեղեցիկը շատրվաններն են երգում, քանի որ յուրաքանչյուրին հայտնի է՝ որքան մեղմիկ և հոսուն է ջրի երգը: Գնանք, ես քեզ ցույց կտամ, Հրապարակում են երգում:
- Երգող շատրվան մենք էլ ունենք, - որոշ հպարտությամբ ասաց Մհերը՝ քանի որ մինչ այդ տեսածների նմանակը իր հարազատ քաղաքում գտնելը դժվար հաջողվեր:
- Համոզված չեմ... - թույլ ժպտալով՝ ասաց ուղեկցորդը: - Դեպի հարավ պիտի ուղևորվենք, Հյուսիային պողոտայով:
- Հարավ՝ Հուսիսային պողոտայո՞վ, - կասկացածքով ճշտեց Մհերը:
- Իհարկե, հարավ հասնելու համար միշտ էլ հյուսիս ես գնում, դա ամենավստահելի ճանապարհն է։
- Այո, իհարկե, այստեղ ամենը թարս է,- քթի տակ մրթմրթաց Մհերը:
-Ամենևին, - առանց բարկության պատասխանեց անծանոթը՝ ասես երեխայի բացատրեր, – ես կասեի, որ մեզ մոտ է շիտակ:
Մհերն արդեն սովորել էր Ներքևի Երևանի մթնշաղին: Տարօրինակն այն էր, որ չնայած համատարած խավարին՝ ամեն շենք, ամեն բնակիչ և ամեն բան պարզ էին երևում, խավարը օդում էր, և լրիվ կարելի էր գիշերային զբոսանաքի սա նմանեցնել, եթե ամեն անգամ գլուխը վեր բարձրացնելիս կիսաթափանց և մշուշոտ, ասես ծովի հատակի տակից, չերևար Վերին Երևանի շենքերի ուրվագիծը:
Այս Երևանն ինքն իր կյանքով էր ապրում: Քայլերի ձայնը խուլ էր, կարծես փողոցի քարերը իրենց մարմնով կլանում էին ամեն հնչյուն՝ թողնելով միայն այն, ինչը բարձրաձայնելու արժանի էր: Քաղաքի շենքերը թույլ ճոճվում էին վիշապի շնչառությանը համահունչ։ Հետաքրքիրն այն էր, որ անցորդները բազմազան էին, սակայն ոչ մեկի դեմքը չէր հաջողվում տեսնել: Մհերին թվում էր, որ եթե շատ ուշադիր նայի՝ կտեսնի դրանք: Նա փորձեց, բայց ոչինչ էլ չստացվեց: Ամեն անգամ, երբ փորձում էր տեսնել որևէ մեկի դեմքը, հայացն ասես սայթաքում, փախնում էր՝ թույլ չտալով դա անել: Սակայն դրա փոխարեն նա կարողանում էր պարզ տեսնել, թե դիմացինը ով է, ու հասկանալի դարձավ՝ ինչու այստեղ անուններ չեն գործածում։ Խոսելն էլ հաճախ ավելորդ է։ Առանց այդ էլ շատ բան է պարզ երևում։ Մհերը համոզված էր, որ եթե ծանոթ հանդիպեր՝ առանց դեմքին նայելու՝ կճանաչեր, նույնիսկ երևի ոչ թե կճանաչեր, այլ կզգար նրա ներկայությունը՝ առանց հայացքով գտնելու։
Խավարի միջից դիմացները հսկա շինության ծավալ երևաց։ Անցորդները մոտենում էին հսկայական ապառաժներից հավաքած ամրոց հիշեցնող շինությանը։ Այն չէր դիպչում գետնին, այլ կարծես գետնից քիչ վեր սավառնում էր, կամ նույնիսկ եթե դիպչում էր՝ միայն մի կետով։ Տարօրինակ էր, որ անցորդները չէին փորձում այն շրջանցել, այլ քայլերը ուղղում էին հենց դեպի դրան։ Մհերի ուղեկիցն էլ բացարձակ չէր փորձում քայլերի ուղղությունը փոխել, և Մհերն էլ, հետևելով նրա օրինակին, ուղիղ շարունակեց։ Շինության ապառաժները մոխրագույն և կապտասև էին։ Պատերը, պատուհանները, քիվերը և վրայի քանդակները կարծես նույն նյութից լինեին՝ կոպտատաշ, ճաքճքաց կամ միգուցե ծալծլված։
Նրանք քայլ առ քայլ մոտենում էին շինությանը, և ոտքի տակի սալերը սկսեցին ավելի զրնգուն արձագանքել քայլերին։
- Քաղաքի սիրտն է, - հուշեց անծանոթը:
Արդեն մոտեցել էին, մեկ քայլ էր մնում, որ Մհերը խփվեր այդ շենքին, բայց հենց դիպավ, հանկարծ պարզեց, որ դա քարե ապառաժ չէր, այլ օդում կախված հովանի՝ կիսաթափանց հյուսվածքների բազմաթիվ շերտերից հավաքված, քողի պես բազմաշերտ հսկայկան վեղար, որը վերևից կախված էր վարագուրյրներից հավաքված գմբեթարդ զանգի պես:
- Քաղաքը քեզ ընդունում է և սիրտը բացում քո առջև:
Մհերը ձեռքով վարագույրը քաշեց-բացեց և ներսում հայտնվեց։
Կախարդական տեղ էր։ Քարե հատակին բազում տարբեր զարդանախշեր էին փորագրված: Ներսը մութ էր, միայն ներքևից վերև՝ դեպի վեղարի գագաթ ձգված էին կապտամանուշակագույն լարերի պես լույս արձակող մեղեդիներ։ Մհերը զգուշորեն քայլում էր դրանց միջով, այդպես էին անում նաև մնացած այցելուները, նրանք շրջում էի մեղեդիների մեջ՝ երբեն թույլ դիպչելով դրանց: Ձեռքերի հպումից ձգված մեղեդիները թրթռում էին և սկսում արձագանքել:
Մհերը մոտեցավ սպիտակ լույս ճառագող մի մեղեդու և ձեռքի թույլ հպումով մեղմ դիպավ նրան, լարը ենթարկվեց և զրնգուն մեղեդին հնչեց։ Մեղեդու արձագանքը լարով բարձրացավ, հասավ դեպի վեր, որտեղ վեղարի տակ հանդիպեց այլ մեղեդիների և երաժշտական բազմահնչյունով հետ իջավ։ Տարածությունը լցվեց ձայներով։ Մթությունից այլ մեղեդիներ սկսեցին արձագանքել: Ձայնը կլանում էր ներկաներին, որոնք ամբողջ մարմնով կարողանում էիր այն ընկալել։ Այն որովայնի հատվածից սկսվելով տարածվում էր, դանդաղ հանգչում։
- Ո՞վ է այս մեղեդիների հեղինակը, որտեղի՞ց են, - հարցրեց Մհերը:
- Որտեղից չեն, դրանք մեզ են արձագանքում: Յուրաքանչյուրի հպմանը այլ կերպ կարձագանքեն:
Ճանապարհը շարունակելով՝ հայտնվեցին լայն պողոտայում։
Չնայած քաղաքի անցուդարձի կատարյալ զարմանավոր լինելուն՝ Մհերը բացարձակ հուզմունք չէր էլ ապրում, ոչ էլ՝ վախ կամ անհանգստություն։ Շուրջ բոլորը՝ անսովոր և ոչ առօրեական էր, բայց միշտ այդպես է լինում, երբ անծանոթ քաղաքում ես հայտնվում։ Աննկարագրելի հաճույք է մոլորվել նոր քաղաքում և խառնվել դրա անցուդարձին։ Իսկ այս Երևանը միևնույն ժամանակ թե օտար էր, թե ծանոթ և հասկանալի։
Մհերի վրա իջել էր այն տարօրինակ հանդարտությունը, որն ի հայտ էր եկել և չէր լքում իրեն այս քաղաքում։
Նա քայլում էր պողոտայով, որի աջից և ձախից իրեն շրջապատող շենքերը էին վեր խոյանում՝ հատելով օվկիանոսի հատակ հիշեցնող երկինքը: Չնայած պատուհաններում լույս չէր վառվում, սակայն ներսը լուսավոր էր, նման էր, որ պատուհանները դրսի թույլ լույսը ներս էին քաշում։ Բնակիչների մարմիններն էլ նույն՝ ավելի թույլ լույս էին արձակում։
-Վերևի լույսը մեզ քիչ է հասնում, - ասես կռահելով Մհերը մտքինը՝ ասաց անծանոթը, - մենք այստեղ ավելի շատ ներքին լույսին ենք ապավինում։
-Դու իմ անունը չհարցրիր, սակայն կարո՞ղ եմ քոնն իմանալ, – հարցրեց Մհերը:
-Մենք սովորաբար անուններ չենք գործածում․․․ մեզ մոտ առանց դրա էլ ամենը պարզ է,- պատասխանեց անծանոթը: - Վերևում անունները հարմար են, - շարունակեց նա, – դրանք հստակ ձև են տալիս, բայց անունները մեղեդիները լռեցնում են:
Պողոտան լայն էր, չափազանց աշխույժ ու շատ աղկմոտ: Ոչ մի ազատ տեղ չկար, ասես ամբողջ քաղաքն այստեղ էր հավաքվել։ Քաղաքի զանազան բնակիչներն իրենց ընտանիքներով, ընկերներով, բարեկաներով և օգնականներով լցրել էին այն։ Ամենուր տարատեսակ փողոցային ուտելիքներ էին սարքում, տապակում, խաշում, թխում, բազմազան հոտերը օդում տարածվում էին և հմայում՝ քաղցր, թթու, կծու, հյութեղ ու գունեղ... Ոմանք շուրջպար էին բռնում և պտտվում, ոմանք՝ մեծ քայլերով առաջ ընթանում, ուրիշներն իրենց գործերով էին փորձում շտապել, համենայնդեպս այնքանով, ինչքանով դա հնարավոր էր: Անցորդները զանազան էին և տարատեսակ, ոմանք՝ բարձրահասակ կիսաթափանց ստվերանման մարմիններով, ոմանք՝ ցածրահասակ և պնդակազ, ոմանք ամենևին էլ հստակ ձև չունեին՝ տարօրինակ և տձև, ոմանք էլ մեզանից գրեթե չէին տարբերվում: Պողոտայի մի հատվածում գետնին հսկայան շախմատ էր դրված, և մանուկները իրենցից զգալի մեծ ֆիգորները դժվարությամբ շարժում էին ու իրենց իսկ փոքրիկ սխրագործությամբ հրճվում։ Մյուս հատվածում գետնին ինչ-որ գունավոր նախշեր էին պատկերված, և երեխաները թռվռալով անցնում էին դրա վրայով ու բարձր-բարձր ծիծաղում։ Մի կռացած սև ֆիգուր անցորդներին զամբյուղի միջից ինչ-որ բան էր բաժանում։ Մհերը հայացքը լարեց՝ փորձելով տեսնել նրա զամբյուղի պարունակույթունը։ Կարծես ծաղիկներ էին։ Մի տղա մոտեցավ նրանց և ձեռքի կուժից ջուր լցրեց Մհերին և անծանոթին։ Ջուրը մուգ էր, սառը և հաճելի։ Զույգեր էին քայլում, որոնց ստվերները երբեմն տեղերով փոխվում էին, իրար խճճվում և հետ վերադառնում։ Մհերի ստվերն էլ հանկարծ կծկվեց, երկարեց, կարճացավ և ճկվեց, իսկ երբ Մհերը փորձեց կռանալ և ուղղել այն՝ թևեր առավ, ճախրեց, գնաց։ Երեխաների բերաններից թափվում էին ծիծաղի ոսկե կայծիկներ և դիպչում գետնին։
Փողոցում շատ երաժիշտների կային։ Նրանց ուրախ նվագի մեղեդիները բազմաթիվ գույնզգույն ժապավենների պես ճախրում էն օդում՝ մերթ ընդ մերթ միմյանց խառնվում, մեկ-մեկ էլ քարկապ ընկնում։
Քաղաքը խաղում է իր բնակիչների հետ։ Լսում նրանց, մեկ-մեկ էլ՝ արձագանքում։
- Ինչքան էլ բնակիչ կա, - նկատեց Մհերը:
-Մեզ մոտ ժամանակը այլ կերպ է հոսում, մենք էստեղ բոլորս միաժամանակ ենք ապրում, – պատասխանեց անծանոթը, - իսկ դուք ստիպված եք հերթով ապրել, հողեղեն աշխարհի մեծագույն թերություններից է, - ասաց նա: - Շատերին չես կարող հանդիպել, միայն քո ժամանակակիցներին: Էստեղ քիչ այլ է, շատ շատերին կտեսնես, թե ցանկանաս:
- Միայն թե այս թոհուբոհի մեջ գտնել է պետք - ասաց Մհերը՝ փորձելով իր համար գոնե մի փոքր ճանապարհ բացել։ Նա խառնվեց տարաբնույթ բնակիչների հոսքին և իրենց համընթաց քայլեց: Անծանոթը ուղեկցում էր նրան՝ առանց ոչ մի քայլ ետ մնալու, երևում էր, որ սովոր է այսպիսի բազմությանը: Ոմանք երգում էին, ոմանք պարում, ոմանք մոտենում և ինչ-որ բան առաջարկում համտեսել, ոմանք էլ ուղղակի ոտքի տակ էին ընկնում՝ փորձելով ամեն ազատ տեղով սողոսկել։ Շատերը բարձր-բարձր հռհռում էին, ինչ-որ բան պատմում, խոսում, ծամում և ուրախանում: Կատարյալ իրարանցում էր, բայց բոլորը ուրախ էին և զվարթ։
Մարդաշատ ամբոխի միջով Մհերը հազիվ էր առաջ շարժվում՝ փորձելով որ մեկին չդիպչել։ Աչքերը շլանում էին այսպիսի բազմությունից, ուրիշների ստվերներն էլ ոտքի տակ խաղում էին՝ էլ ավելի շփոթեցնելով Մհերին։ Աչքին անընդհատ նորանոր կերպարներ էին ընկնում, բոլորը յուրօրինակ էին, շարժուձևը տարբեր, լեզուն ու խոսքը ուրիշ, արտաքինն էլ՝ իր հերթին, բայց բոլորը մեկի պես ընկղմվել էին ընդհանուր հոսքի մեջ, ու միմյանց գրեթե չխանգարելով՝ մասնակցում էին համախառն միասնական շարժմանը։
Հանկարծ այդ բազմամարդ ամբոխի միջից մի մանուկ մոտեցավ Մհերին:
Աղջնակ էր, երևի 5 տարեկան կլիներ, եթե էստեղ տարիներով չափելն ընդունված լիներ:
Նա մոտեցավ Մհերին և բռունցք արած ձեռքը պարզեց նրան:
- Անար, - ասաց նա ծիծաղկոտ ձայնով:
- Ներիր, չեմ հասկանում, - պատասխանեց Մհերը:
- Անար, – անկեղծ ժպիտով ավելի բարձր կրկնեց երեխան՝ բռունցքը Մհերի դեմքին մոտեցնելով։ Մանուկը բռունցքը բացեց. ձեռքի մեջ նռան չորս հատիկ էր...
- Անար.....
-Վերցրու, - հուշեց անծանոթը, - նա նկատեց, որ դու այստեղից չես և դժվար կգտնես ետդարձի ճամփան։
Մհերը վերցրեց նռան հատիկները և ձեռքի արագ շարժումով գրպանը դրեց։ Աղջնակը ուրախացավ, ժպտաց և թռչկոտելով հետ վերադարձավ՝ միանալով գույնզգույն ամբոխին։
Բնակիչների բազմատեսակ ամբոխը Մհերին ողողեց և սահուն հրապարակ հասցրեց։ Հրապարակը լայն էր, ընդարձակ՝ երզված հզոր կամարաշար, որի մեջտեղում շատրվանն էր։ Պարագծով լուսավոր կամարակապ սյուներ էին, որոնք տարբեր դիրքերից նայելիս մեկ զուգահեռ էին թվում, մեկ էլ ասես բեկվեին, թեքվեին և հակառակ կողմով երևային։ Շենքերի պատերը տաք էին, ինչպես երկար արևոտ օրվանից հետո։ Շուրջբոլորը քար էր, բայց տաք, հպմանը հաճելի, շոշափելուց թավշյա ջերմ տպավորություն թողնող քար, ասես դա ամենևին էլ քար չլիներ։ Նման էր ծանր բեմական վարագույրի, որն իր հաստ ծալքերով՝ սյուներով, պարփակում էր հրապարակը՝ հանդիսատեսին պատրաստելով այդքան սպասված ելույթին։ Հանկարծ հրակարակը մի պահ ճոճվեց, մեկ ակնթարթ դղրդաց և կանգ առավ։ Վիշապի հզոր մարմնի շարժման արձագանքն էր։
Բոլորն արդեն հավաքված էին և անհամբեր սպասում էին, նստած էին շատրվանի եզրաքարերին, կանգնած պատերի տակ, հենված արձաններին, թիկնած քարե նստարաններին, կախված պատուհաններից: Ասեղ գցելու տեղ անգամ չկար։ Գվվոցը գնալով ուժեղանում էր, շատերը շշնջում էին, շարժվում և փսփսում:
- Հիմա կսկսվի, քիչ մնաց...
- Ահ՛ա հիմա, այ հիմա...
- Շշշշշշ...
- Լռոււթյո՜ւն...
Հանկարծ հրապարակի բոլոր լույսերը մարեցին ու հանդիսատեսը կատարյալ մթության մեջ հայտնվեց։ Լռություն տիրեց։ Մի քանի ակնթարթ սպասումով լի լարված մթություն էր: Առաջին լուսարձակը միացավ, և դրա ներքո վեր խոյացավ մենակատարը՝ երգող շատրվանը: Եվ այն երգում էր, իսկապես երգում.... Շատրվանը վեր էր խոյացել և օպերային երգչից ավելի կատարյալ, անհավանական ելևէջներ էր կատարում՝ ամենաբարակ մետաքսյա ձայնից մինչև թավ որովայնային հնչյուններ: Ընթացքում նրա մեղեդուն միացան և շարունակեցին նաև մնացած շատրվանները, որոնք մենակատարի շուրջ օղակ կազմելով՝ կրկնում էին հիմնական մեղեդին:
Շատրվաններն իսկապես երգում էին, և իհարկե նաև պարում, բայց երգում էին գեղեցիկ, հնչեղ և հմայիչ ձայներով, ամեն մեկը իր ուրույն ձայնն ուներ, նույնիսկ հնարավոր էր տարբերել. թե որ ձայնը որ շատրվանին է պատկանում։ Հիմնական շատրվանների հետևում պարելով հայտնվեցին փոքր շատրվանիկներ, որոնք երգչախմբի պես երգում էին, բայց ավելի շատ պարում և մեղեդուն համընթաց շարժվում։
Տա դա դա դա դա դա դա՜մ,
Տա դա դա դա դա դա դա՜մ,
Տա դաաաա դամ, տամ տա դաաաա տամ......
Բոլորը կլանված լսում էին:
Վերջին ստեղծագործության ընթացքում մենակատարին միացան հետևի հինգ շատրվանները և բոլորով կատարեցին և շարունակեցին վեց ձայնով երգել ...... Մհերն ապշած էր. այդքան հուզիչ և աննյութական երաժշտություն երբեք չէր լսես:
- Շատրվանները շնորհալի են, բայց բավական մեծամիտ ու կամակոր, - բացատրեց անծանոթը, - իրենց գործը ամենից կարևորն են համարում, ինչում իրականում իրավացի են, բայց միմյանց միջև էլ միշտ վիճում են, թե ով է ամենաշնորհալին և ով պիտի մենակատար լինի: Մեր մենակատարը այնքան ինքնահավան է, որ նույնիսկ մնացած շատրվաններն են դա չափազանցնություն համարում։ Իհարկե, իրենց գործը իսկապես կարևոր է, մեծամիտ են, թե չէ, Վիշապն այսքան ժամանակ է հանգիստ նիրհում է։ Վերջին անգամ վեց շրջան առաջ էր արթնացել։
- Վեց շրջա՞ն:
- Ձեր ժամանակով մոտ երեսուն տարի կլինի։
Մեծ բավականություն ստացած՝ նրանք քայլեցին և դանդաղ հեռացան հրապարակից։
Մհերը շարունակում էր քթի տակ մռմռալ շատրվանների երգը ...
- Զարդանուշ... շառամո՜ւշ... սքարամո՜ւշ․․․․
- Ինչո՞ւ ես hենց այսօր այստեղ հայտնվեցի, կամ ինչո՞ւ հենց ես, - պատասխան էր որոնում Մհերը:
- Հստակ պատասխան չունեմ, - ասաց անծանոթը - շատ բան մեզանից կախված չէ, հաճախ ուղղակի պիտի ճանապարհին վստահես։ Եթե ճանապարհորդությունդ անվերջ ծրագրես՝ երբեք ճանապարհ էլ չես ընկնի։ Չե՞ս կարծում, որ ժամանակն է վերադառնալ:
- Կարծում եմ, - պատասխանեց Մհերը, չնայած այս քաղաքը նրան գերել էր, և նա կցանկանար երկար դեգերել դրա փողոցներով: Վստահաբար այս քաղաքը իրեն պատմելու շատ ու շատ բան ուներ, բայց ինչ-որ բան նրան հուշում էր, որ այս անգամ վերադառնալու ժամանակն է։
- Իսկապես, ժամանակն է վերադառնալ, - հաստատեց անծանոթը, - ես կօգնեմ քեզ, – և նրանք շարունակեցին ճանապարհը: - Վերադարձի բազմաթիվ արահետներ կան, դրանցից մեկի մոտ քեզ կլքեմ։
Երբ հրապարակի աղմուկից մի քանի քայլ այն կողմ հեռացան, հայտնվեցին գետնի մեջ փորված վարդյակի մոտ: Վարդյակի թերթիկները հովհարների պես շարժվում էին, բացվում-փակվում, իսկ մեջը լույս էր վառվում, դղրդոց և անցուդարձ էր գալիս երկրի խորքից:
- Այստեղ ես քեզ հրաժեշտ եմ տալիս, - ասաց անժանոթը, - իջիր և ձեր Քաղաքում կբարձրանաս:
Մհերը բարձրանալու համար արդեն պատրաստ էր իջնել։
- Բայց զգուշացնեմ, որ ամենը կմոռանաս, – ավելացրեց ուղեկիցը։
- Կմոռանա՞մ, – հանկարծակիի եկավ Մհերը, - ինչպե՞ս թե՝ կմոռանամ:
- Այո, կմոռանաս։
- Ես այդպես համաձայն չեմ, - հակառակվեց նա, - իսկ ի՞նչ, եթե ես չեմ ուզում մոռանալ, այլապես իմասը ո՞րն է ճանապարհորդության, մի՞թե ոտքերս ինձ իզուր են այստեղ բերել։
- Եթե չես ուզում մոռանալ, – մտորելով դանդաղ արտաբերեց ուղեկիցը – ապա այո, կա մի այլ ճանապարհ, – այն բարդ է, ամեն մեկը չի անցնի դրանով։
- Թող, - պատասխանեց Մհերը:
- Լավ, ես քեզ այն ցույց կտամ:
Ուղեկիցները պտտվեցին և հակառակ կողմ գնացին՝ քայլերն ուղղելով դեպի հարավ-արևմուտք, ուր Վերին Երևանում արևն է իր ճանապարհը ավարտում՝ քաղաքը մթին հանձնելուց առաջ բոլորին երկար ստվերներ պարգևելով։
- Էլ իմասը ո՞րն էր, որ պիտի մոռանամ, - ամբողջ ճանապարհին մտածում էր Մհերը։ - Որ մոռանալու էի, էլ ինչո՞ւ էի էստեղ հայտվում, իսկ եթե եկել եմ, ուրեմն չպիտի մոռանամ: - Մհերը փորձում էր արդարացնել իր ընտրությունը։ Բարդ ճանապարհը ընտրելիս պետք է գոնե մի բացատրություն կամ հիմնավորում լիներ, այլապես կստացվեր, որ անիմաստ է ավելի բարդ ճանապարհն ընտրել։ Ամեն դեպքում Մհերը զգում էր մոռացության հեշտ ճանապարհն ընտրելու սխալ լինելը, նույն իսկ ոչ թե սխալ, այլ ուրիշ, իրեն համար չնախատեսված: Դրանից Մհերի ներքին հանգստութունը խախտվում էր, իսկ այդ հանգստությունը իրեն չէր լքում այստեղ հայտնվելու պահից։ Մոռացությունը ընտրելով՝ կստացվեր, որ նրա առջև բացված այս ամենը միգուցե ավելի արժանիին պիտի բացվեր, նրան, ով դժվարություններից խուսափելու հրապուրանքին այդքան հեշտ չէր հնազանդվի։ Մհերը փորձում էր հասկանալ, թե ում առջև է արդարանում, կամ ընդհանրապես ինչի համար է պարտադիր արդարանալ, և վերջ ի վերջո եկավ այն եզրակացությոան, որ ինքն իր։ «Իսկապես, եթե ինքս ինձ որոշեմ, որ այդ ճանապարհն է ճիշտը, այլևս այլ կարծիքի կարիքի չեմ ունենա»։
Մտքերով ընկած՝ լուռ, անցան ողջ ճեմուղին և հասան ժայռի:
- Ահա, - ժայռի մեջ երկու հսկայական ընդանցք մատնացույց անելով՝ ասաց անծանոթը։
- Այս ընդանցքները դեպի գետ են տանում, մյուս ափին քո Երևանն է: Միայն թե մի բան հիշիր, այս ճանապարհը միայնակ պիտի անցնես և լուռ, ոչ մի խոսք չպիտի արտաբերես, ես կուղեկցեմ քեզ աջ ընդանցքով, իսկ դու ձախով գնա, չեմ լքի և կողքիդ կլինեմ, բայց հիշիր. ոչ մի խոսք:
Մհերի դիմաց բացվել էին երկրի ընդերքում փորված երկու հսկայական հորատանցք: Նա առանց վարանելու ոտքը դրեց խավարի մեջ, որը կամաց-կամաց սկսեց ետ նահանջել: Հենց ոտքը գետնից պոկեց, խավարը նորից իր տեղը գրավեց՝ դատարկությունն իր մարմնով լցնելով:
Քաղաքի լույսերը, եռուզեռն, աղմուկն ու երաժշտությունը մնացին հետևում: Լռությունն այնքան ծանր էր, որ նույնիսկ ոտնաձայներն էր կլանում: Այնպիսի լռություն էր, որ սկսեցին մտքերը հնչել։ Ոչ մի ձայն այլևս չկար, միայն Մհերի մտքերը...
Սկզբում կարծես վստահ առաջ էր գնում, բայց հետզհետե քայլերը դանդաղեցին և սկսեցին դժվարությամբ տրվել: Ամեն քայլ ավելի ու ավելի ծանր էր, մթությունը մարմինն էլ էր կաշկանդում և ամեն հոդ անսահման ծանրությամբ էր լցվել:
«Չեմ հասկանում՝ քանի քայլ եմ արել, քանի վայրկյան է անցել, կամ օր ու ժամ։ Պարզ է դառնում, որ նույն տեղում եմ, միգուցե թունելն է շարժվում, իսկ ես անշարժ եմ: Ժամանակն էլ այստեղ կորցնում է իր ձևը և ձգվում, ասե դադարում է գոյություն ունենալ։ Խոսել չեմ կարող, փոխարենը մտքերս են ինձ հետ խոսում՝ բազմաթիվ, հարյուրավոր, հազարավոր մտքեր: Մտքերից էլ բացի վախերն են ձայն առել: Այն վախերը, որոնք ամենօրյա աղմուկի մեջ չէին լսվում, իսկ հիմա, երբ լռություն է՝ ամեն մի վախ, ամեն մի կասկած, որ սովորաբար լռում է լույսի մեջ, այստեղ իր գլուխն է բարձրացնում: Ինչի՞ց եմ վախենում։ Ի՞նչն է, որ ինձ հանգիստ չի տալիս: Ո՜չ ես չեմ վախենում զանազան վտանգներից: Հասկացա, սա մեկ վախի տարբեր երեսներն են: Հարյուրավոր, հազարավոր երեսներ, նենգ և ստոր բազում երեսներ: Մարդն իրականում մեկ վախ ունի, ընդամենը՝ մեկ։ Ամենահին, ամենամշտնջենական, նախնադարյան... դա մահվան վախն է:
Դո՛ւ ես՝ մահանալու, վերանալու, անէանալու վախը, որ ինձ կաշկանդում ես, որքերս գետնին գամում և չես թողնում քայլ անել, մարմնիս անդամները լցնում ծանրությամբ և զրկում շարժումից: Ի՞նչ է մահը, եթե ոչ անշարժություն։ Ամենավատն այն է, որ ուղղությունն եմ կորցրել, աջ եմ գնում, թե ձախ, միգուցե հետ եմ շրջվել: Ես պիտի ինք ինձ հրամայեմ, ու կհրամայեմ»:
Մհերը հավաքեց բոլոր ուժերը և առանց ուղղությունը հականալու՝ ոտքը աննկարագրելի դժվարությամբ պոկեց գետնից և առաջ դրեց։ Հենց ոտքը կրկին գետնին դիպավ՝ խավարը չքվեց։
Դուրս եկավ թունելից և հայտնվեց կիրճում՝ գետի ափին: Անծանոթն արդեն այստեղ էր: Գետը սև ջուրը հանդարտ տանում էր իր հունով, իսկ գլխավերևում աստղազարդ երկինքն էր: Թույլ քամի էր փչում, իսկ ծանրությունով և վստահությունբ լի գետի ջրերը հանդարտ հոսում էին:
- Այստեղ վերևում արտացոլանք չկա, - զարմացավ Մհերը, - այստեղ գլխավերևումս ազատություն է և աստղազարդ երկինք:
- Իհա՛րկե, - պատասխանեց ուղեկիցը, - գետը չի կարող արտացոլանք ունենալ, քանի որ երկու Երևանների միջև է հոսում: Այժմ ես քեզ իսկապես հրաժեշտ եմ տալիս:
Igneos vapores inhalans
Terrae et creationis mundialis
Vapor ex cineribus ortus est
Et perspicacia fulminis celerrima
Sicut fulgur nos illuminavit
Անձանոթն արտաբերեց հմայքի խոսքերը՝ մոտենալով գերի ջրերին և գետը, կարծես հնազանդվելով, մի փոքր դանդաղեցրեց իր հոսքը:
Մհերը մոտեցավ ջրին և ինքնաբերաբար ձեռքը գրպանը տանելով՝ շոշափեց նռան չորս հատիկնեի հատույթավոր մակերեսները: Արագ դրեց դրանք բերանը և ոտքը դրեց ջրի մեջ: Պատկերացրածին հակառակ նա չսուզվեց, ոտքը ջրի թափանցիկ հաստությամ մեջ նշմարվող հարթության դիպավ, որը ապակյա կամրջի պես հատում էր գետը՝ ձգվելով դեպի մյուս ափը: Խավարը ցրվել էր, և արևի շողերն էին փայլում, դժվար էր գուշակել՝ առավոտ է, թե երեկո, բայց շողերը ապակյա կամջի մեջ բեկվում էին, լույսի խաղ ստեղծում և արտացոլվում բազմաթիվ մեծ ու փոքր ծիածաններով։
Գետի մյուս ափին Երևանն էր, իրեն ծանոթ Երևանը։

Comments