Ամփոփ՝ Արմկոն 2026 մրցույթի մասին
- frunz8
- 1 day ago
- 6 min read
Օդից քարեր քամելու անօգուտ շնորհը
Լուսինե Շահնազարյան
Արմքոն գիտական Ֆանտաստիկայի և ֆենթըզի մրցույթի այս տարվա հաղթող պատմվածքը մի հատկանշական տեսարան ունի։ Երկու ընկերների միջև առաջացած քաղաքական անդունդն այլևս անհնար է անցնել մանկության ու անցյալի ջերմ հիշողությունների հաշվին։ Գլխավոր հերոսը պետք է որոշի արդյոք վաղեմի ընկերոջը՝ Սյոմիկին, վերջապես կդիմի որպես «Սիմոն»՝ ըստ վերջինիս պահանջի։ Այս լուռ վարանումը մի ամբողջ ներքին բանակցություն է արժանապատվությունից կառչելու ու միմյանց վերջնականապես մերժելու միջև։ Երբ վերջապես «Սիմոն»-ը հնչում է մայթեզրով անցնելիս, մանկության, անմեղության և ընկերության փլուզումն ամբողջական է։ Օտարացումը՝ անվերադարձ։ Էստեղ է երկու ընկերների, երկու աշխարհների քաղաքական անդունդը։ Էստեղ է ծանոթ խորհրդածությունն այն մասին, թե ինչ է նշանակում հարգանք ցուցաբերել մի դիրքորոշման նկատմամբ, որը դու ամբողջ էությամբ քամահրում ես։ Էստեղ՝ պատմվածքի մի մանրապատկերում։
Անանուն գնահատման արդյունքում պարզ էր, որ այն ինչ հաջողվում է Արմքոնի հաղթող գործերին մեծապես բացակայում է մյուսներում։
Հայաստանում միջին վիճակագրական գիտաֆանտաստիկ գործերը, եթե թույլ կտաք նման հարթ կոնստրուկտի մեջ տեղավորել նաև իմ անցյալ նյութերից որոշները, վարժ խոսում են ներկրված ֆենթըզիի և դրա փոխաբերությունների լեզվով։ Բայց դրանք դեռևս գեղարվեստական գրականություն դժվար թե համարվեն։ Ֆիլմերի, գրքերի ու դրանց փոփացված մշակույթի սպառման արդյունքում արդեն բավարար չափով պատկերացում կազմել ենք օրկերի, գայլդարձյակների ու ջեդայների մասին, որպեսզի կարողանանք դրանցով ստեղծած կոկիկ դիստոպիան տեղավորել /հիմնականում/ Բաղրամյանի կամ Կասկադի հարևանությամբ։ Քանի որ այս տարվա Արմքոնը «Քաղաքային» էր, Երևանը մեր հավաքական պատկերացմամբ դարձել էր մի քաղաք, որի փողոցները պիտի շահագործվեին որպես այլ ժողովուրդների առասպելներից ներկրված իմպռտնի արկածների սպառման կետեր։ Ռելոկանտների բիզնեսներ։ Էստեղ ըստ
էության որևէ վատ բան չկա մինչև այն պահը, երբ ասենք պայմանական ՊԵՈՒ-ում ոչ մի բարմեն հետդ հայերեն չի խոսում։
Իհարկե ինչպես և առաջ մրցույթին կային նաև հղումներ տեղական լեգենդներին. ունեինք հորոր մեշոկ պապիկի մասին, ինչպես նաև քաղաքային լեգենդների մինի-հանրագիտարաններ հիշեցնող փորձարկումներ։ Մի շարք գործեր այլընտրանքային Երևան էին պատկերացնում, եվ էլի ինչպես միշտ կային պատմվածքներ, որտեղ Թոլքենյան անսամբլը պարզապես վերակազմավորված էր հայկական անուններով։ Էսպես Երևանյան փողոցներն ու մետրոն լցվում են դրսի նոմենկլատուրայով։ Այս տեսակ ներմուծումը ոչ մի տարբերակ չունի կպնելու, արմատ գցելու և աճելու։ Այն նման է Հոլիվուդյան ֆիլմերի՝ Բոլիվուդյան ինտերպրետացիաների։ Սա աշխատում է ՖԲ մանրապատումի մակարդակում որպես զավեշտ, բայց ոչ որպես գրական գործ։ Սա առաջին բանն է, որից պետք է հրաժարվել։
Նույն հետևողականությամբ՝ կրկնվող թեմատիկ զանցանքերի կողքին են նաև կրկնվող կառուցվածքային թերությունները։ Երկխոսությունները գործի են դրված ոչ թե կերպարներ կամ իրավիճակներ բացահայտելու, այլ լավագույն դեպքում սյուժեն մի ձև առաջ բրդելու համար /տես՝ հայ մանկագիրների մոտ նույն սխալը, օրինակ «Ճապիճուկներ» գրքում/։ Վատագույն դեպքում, երկխոսությունները դառնում են դասախոսություններ։ Երբեմն դիալոգը մի ամբողջ բանախոսություն է պարունակում, բարոյախրատական նստավածքով, քվանտային ֆիզիկայի ու կոսմոլոգիայի շուրջ հոգեփիլիսոփայական թանձրուկով, որով գրողը չի համբերում կիսվել հենց առաջին տողից /տես՝ Միջաստղային Ճամփորդության՝ Interstellar-ի տխրահռչակ երկխոսությունը սիրո մասին/։ Սա երկրորդ բանն է, որից պետք է հրաժարվել։
Ընթերցողն իսկապես զգում է գրողի անկեղծ էնտուզիազմը կոնկրետ թեմաների ու ժանրի շուրջ։ Ընթերցողը նաև հասկանում է, որ սա մրցույթ է որտեղ մասնակիցների մի ստվար զանգված ոչ-գրող-գրողներն են, ժանրի նկատմամբ ոչ անտարբեր բայցև անփորձ նորեկները, հետևաբար կարելի է շատ ավելի թեթև տանել նման երևույթները։ Միևնույնն է, դժվար է տարեց տարի անտեսել գործերում մշտապես առկա գիտակցության բացը. Այն է՝ գեղարվեստական գրականությունը պետք է մարմնավորի իր թեմաները, դրանք մեկնաբանելու, ծանոթագրելու կամ դասախոսության վերածելու փոխարեն։
Այս և մի շարք այլ տենդենցների վերհանումը ենթադրում է, որ գրաքննիչը վեր է սրանցից, սակայն խոստովանում եմ, որ սրանց սուր գիտակցումը առաջին հերթին գալիս է նույն սխալներն արած լինելուց եւ հետո միայն դրանց կտրուկ գիտակցումից։ Ամենակարևորը, լեզվական խնդիրների հետ մեկտեղ վերը նշվածներն ինչքանով իրական են, այնքանով նաև բուժելի են։ Այստեղ ժանրը երիտասարդ է։ Ավանդույթը՝ թույլ, և այս պատմությունները տուժում են ոչ թե երևակայության, այլ գրական կրթության ձախողումից։ Դրան գումարած այն, որ չգրող-գրողները սովորաբար կարդում են որպես սպառող, այլ ոչ թե որպես աշակերտ կամ առաքյալ։ Այդ դեպքում մենք ծուլորեն խլում ենք ժանրի ձևանմուշ-կաղապարը՝ առանց յուրացնելու այն արհեստը, որով այն կառուցվել է մարդկային ճշմարտություններ պարունակելու համար։
Դրան հակառակ, երբ մրցույթի որոշ պատմություններ այդուհանդերձ հաջողում են, ապա հենց այն պատճառով, որ դրանց հեղինակները շատ լավ հասկանում են ներկրման գավառականությունը, դրամայի ու երկխոսության դինամիկան և հետևաբար պատմությունները հյուսում են համապատասխանաբար։
Եվ ուրեմն՝
Չորրորդ Տեղ՝ Կադաստր կամ չարի կացարան
Սիմա Սեդրակյան
Չորրորդ տեղը գրաված աշխատանքը գրական հավակնություններ չունի։ Այն լրիվ խաղարկային անեկդոտ է, որն ինքն իրեն լուրջ չի ընդունում։
Տիգրանն ընդունվում է կադաստր պետական աշխատանքի՝ ծանոթի /հորեղբոր/ միջոցով։ Շատ արագ պարզվում է, որ կադաստրը գաղտնի գերբնական սպառնալիքներին արձագանքող ստորաբաժանում է։ Հայկական քաղաքացիական կյանքի ու ամենատարբեր ճիվաղների դեմ պայքարող թիմի միջև բախումը կարգավորվում է ֆանտաստիկ ժանրի կոնվենցիաներով։ Ամենակարևորը Սիմա Սեդրակյանը դա անում է այնպիսի շարժունությամբ, որն այս մրցույթի շատ ավելի «լուրջ» պատմություններում բացակայում էր։ Հեղինակը նաև հստակ գիտակցում է մի բան. կատակերգությունը ստրուկտուրալ արվեստ է։ Զավեշտը հենց բուն իրավիճակում չի, այլ իրավիճակի ու դրա մեկնաբանության արանքում ստեղծված ճեղքերի։
Առաջին իսկ պարբերություններից արդարացվում է մեր բոլորի կենսափորձը. պարզ է, որ հայկական բյուրոկրատական մշակույթը սարսափազդու թվալու համար գերբնական ուժի կարիք չի որ ունի։ Հետևաբար ստեղծվում է այստեղ աշխատող թիմի ընդհատակյա առաքելությունը, որպեսզի երկու աշխարհներում գործող նույնական տրամաբանությունն ավելի ակնհայտ լինի. անհասկանալի լիազորություններ, կամայական ու չնորմավորված խառը ընթացակարգեր և փորձագիտության կամ հմտությունների տոտալ բացակայություն ու մերժում։
Աշխարհը ձևավորված է, ու չնայած նաև ներմուծված կերպարներին /եթե ներկրում, ապա գոնե այս ձևաչափով/, դրանք ուրվագծված են խնայողաբար ու սրամտությամբ։ Սյուժետային լուծում չկա, բայց նման գործը այնքան անլուրջ է, որ ինքն իրենից մեծ պահանջներ չունի։ Սիմա Սեդրակյանի ձայնը կայացած է, կատակերգական բնազդները՝ հուսալի։
Երրորդ տեղ՝ Մանուշակագույն Աղավնիներ
Արևիկ Կոստանյան
Հենց սկզբից պիտի խոստովանեմ, որ այս պատմվածքն անհամեմատ ավելի սահուն է ընթերցվում բնօրինակով՝ ռուսերենով։ Թարգմանության արդյունքում այն մի փոքր կոշտացել է։ «Մանուշակագույն Աղավնիների» գրական նախադրյալն այս տարվա մրցույթում ամենահնարամիտն է։ Նոյի աղավնու ոգին տեղափոխվել է Ամեթիստ մոլորակ, իսկ հետո մարտյան անձրևոտ Երևան Տ.Տ-ի ձեղնահարկ-բնակարան, որտեղից էլ սկսվում է տիեզերականի և բյուրոկրատական երկրայինից արանքում բռնկված էկոլոգիական սատիրան։
Այլմոլորակային-այցելուի կերպարը ծանոթ է։ «Վարպետը և Մարգարիտա»-ի տոհմածառը դժվար է ճանաչելուն չտալ։ Բայցևայնպես սրանք տեղական հնչեղություն ունեցող դիցաբանության ու մոգական ռեալիզմի տարրերի վրա փափուկ են նստում՝ հատուկ ջերմությամբ, ազգային ինքնաճանաչմամբ, հետևաբար նաև ինքնաքննադատությանբ։ Արդի Երևանի ճարտապետաշինարարական աղետը, քաղաքական էլիտաների զոռբայությունն անզորության կողքին, հեղինակի ձայնն ու օրակարգը հավաստի են, թիթիզություններից զերծ։
Գործը նվիրված է ճարտարապետ Արթուր Թարխանյանի հիշատակին։ Կատարումն իր ներկայիս տեսքով շատ մոտ է ավելի երկար գործի նախնական տարբերակին։ Որոշ խմբագրական միջամտություններից հետո Արևիկ Կոստանյանի «Մանուշակագույն աղավնիներ»-ը հեշտությամբ կարող է առանձին վիպակ դառնալ։
Երկրորդ Տեղ. Խնձորենիների Կղզին
Լևոն Մկրտչյան
«Խնձորենիների Կղզու» կենտրոնական գաղափարը 90-ականների ցուրտ ու մութ տարիների ընթացքում մեծացող երկու ընկերների երազանքների ու երևակայության շուրջ է պտտվում։ Հեղինակը փորձել է փայփայել իննսուկնականների նյութն առանց առանձնակի սենտիմենտալության. Երիստասարդականի տակի գրքերի շուկան, Ֆանտաստիկայի պռակատը, թաղային տղերքի կանոնակարգված բռնությունը։ Սրանց ֆոնին տղաների խումբը արագ կողմնորոշվում է իրենց շարքերի մեջ ներառել Գային։ Վերջինս իրենցից խիստ տարբերվող «դրսից» եկած մի նոր տարր է, որն արագ դառնում է խմբի թալիսմանը։ Այս դյուրահավատ պատանու սերը ժանրային ավանդույթի նկատմամբ հեղինակի սիրո խոստովանությունն է Թոլքինից Լե Գուին ու Ժելյազնի։
Պատմողը՝ այժմ արդեն ծեր ու երազանքն իրականցրած՝ ստացել է հենց այն, ինչ ուզում էր, և իր կյանքն անց է կացրել Կիերկեգոնյան դիլեմայի հարցականի մեջ բանտարկված։ Արթուրի ներքին ձայնը, որը կատարյալ ճշգրտությամբ առաջնորդում է իր ներդրումային որոշումները, և՛ նվեր է, և՛ նսեմացում. դրա շնորհիվ Արթուրը մեքենայաբար փոխարինում է մարդկային դատողությունը կանխակալ վստահությամբ, ինչի արդյունքում նրան չի լքում ապամարդկայնացումից ու անսխալականությունից բխող մելանխոլիան։ Հենց այս որոշակիությամբ էլ նա ամուսնանում է Գայի քրոջ հետ՝ մասամբ սիրուց, մասամբ էլ անհետ կորած ընկերոջ հետ ներքինը կապ բաց չթողնելու, այսպիսով նաև սեփական եսի ինչ-որ երեսակից ամբողջովին չհրաժարվելու, այն մոռացության չմատնելու համար։
Պատմության հետահայաց հատվածները որոշակի տոնային դիսոնանս ունեն: Տարեց մեծահարուստի ձայնը մեկ սահուն է, մեկ խորդուբորդ։ Տղաների աշխարհից մեծահասակների աշխարհ անցումը կատարվում է կտրուկ՝ թողնելով երեսուն տարվա հուզական թվաբանությունն ինչ-որ տեղ կիսաեփ։ Ամենակարևորը փակ աչքերով զբոսանքը երկաթուղում, տղաների բախումը տիեզերական սարսափի լավքրաֆտյան հյուսվածքին թեպետ վառ է նկարագրած, բայց պահանջում է ավելի մեծ ու մանրակրկիտ լարում (требуем!):
Սրանք, կրկին, խմբագրական նշումներ են։ Սյուժեն տեղում է։ Հավակնություններն ամբողջովին արդարացված։
Իսկ հուզիչ վերջաբանը տանում է ամբողջ պատմության բեռը, ինչն ամենադժվարն է։
Առաջին տեղ՝ Քարկտիկ
Գևորգ Տեր-Գաբրիելյան
Օդը քարի վերածելու գերբնական ունակությունը Թորգոմն ունեցել է դեռ մանկուց։ Փորձել է այն պահել գաղտնի։ Հետո օգտագործել մեկ ջրահեռացման խողովակներ խցանելու, մեկ փոխանակման ծրագրով բելգիացի ուսանողուհի տպավորելու, մեկ էլ բանակի նույնականացման լաբորատորիային օգնելու նպատակով։ Այս շնորհը դեկորատիվ չէ։ Այն պատմության բարոյական ու հուզական նյարդային համակարգն է։ Այն իր գինն ունի ու արժի ինքն իրեն։ Այն լավագույնս աշխատում է Երևանում ու թուլանում է ճամփորդելիս։ Այն ոչ կարող է զենք դառնալ, ոչ դրամայնացվել։
Այս շնորհն ամբողջական է պատմասացության մեջ։ Տեղական superpower. փխրուն, սիրուն, չհետազոտված, ուժասպառ ու, ի վերջո, մեծ հետևանքներ պարտադրող ուժերի դեմ լրիվ անօգուտ։
«Քարկտիկը» ծավալվում է համավարակի ու Արցախյան պատերազմի ստվերների տակ, Թորգոմի և երեք տղամարդկանց միջև։ Արմանը, որը դրսում հարստացել է ու այժմ պարբերաբար վերադառնում է բարեգործական նվիրատվություններ բաժանելու անկեղծ հետաքրքրվում է՝ ինչ է պետք անել Հայաստանի հետ ու համար։ Սա անում է այնպիսի մարդու կտրվածությամբ, որը պատասխանը լսելու կեսից արդեն երկրում չի լինելու։ Սյոմիկը, որը մի ժամանակ Մոսկվայի հանրակացարաններում համալսարանական մտերիմ ընկեր էր, այժմ ամբողջ դրույքով դավադրապաշտությունների տեսաբան է։ Նա նաև վաղեմի ընկերոջը՝ Թորգոմին հայտարարել է արևմտյան գործակալ ու կարծես հետապնդում է վերջինիս։ Եվ Վարդանը, որը մահանում է պատմության սկսվելուց առաջ։ Միակը, ով լուրջ էր վերաբերվում Թորգոմի ստեղծած քարերին։ Վարդանը գնում է պատերազմ ու կրակոց ստանում հետևից, երբ գրեթե շրջվել էր ընկերներին խրախուսելու համար։
Պատմվածքի սկիզբը հեշտությամբ առաջ չի գնում ու չունի իր մեջ այն խոստումի կեսը, որն արդարացվում է վերջում։ Նաև հեշտ կլիներ ասել, որ հեղինակը փորձել է այս չորս տղամարդկանցով ժամանակակից Հայաստանի (տղա)մարդկայնության տիպաբանությունն ամփոփել. ձուլված կոսմոպոլիտ, պարանոիդ ազգայնական, ընկած իդեալիստ ու անհետևանք ստեղծարար։ Բայց հեղինակը յուրաքանչյուրին մշակում է այնպիսի ճշգրիտ հեռավորությամբ, անաչառությամբ ու առանց ավելորդ գնահատականների, որ նրանց արքետիպացումը միայն թեթև հետևանք է։
Սա շատ ուշագրավ է այս մրցույթի համատեքստում, որտեղի աշխատանքներում հաճախ դերերն ու սյուժեները չափազանց հստակ են տիպավորված. չարն ու բարին, վատն ու լավը միանշանակ են, ինչպես հայկական սերիալներում, քաղաքական դիսկուրսում, և բոլոր այն միֆերում որոնց մեջ այդքան սիրում ենք թմրել։
***
Այսպիսով, չնայած հայկական գիտական ֆանտաստիկայում շնորհն ու գավառական նմանարկումը դեռևս ոչ միայն գոյատևում են իրար կողքի, այլև երբեմն նույնիսկ հայտնվում են նույն պարբերության մեջ, այդուհանդերձ ամեն տարի հայտնվում են գործեր որոնք գիտակցում են այս հակումն ու անցնում դրանից առաջ։ Արմքոն 2026-ի «Քաղաք» նախագիծը հերթական անգամ հաստատում է այս ախտորոշումը՝ ինչպես միշտ զարմացնելով հատուկենտ գործերով, ուրախացնելով բոլոր մնացած աշխատանքներով և մասնակից գրողների ջանքով։
Հայկական գիտական ֆանտաստիկան/ֆենթըզին դեռևս հստակ չի կողմնորոշվել՝ ինչ է ուզում դառնալ, բայց արդեն ունի որոշակի ձայն՝ ինքն իրեն հետաքրքրելու համար։ Իսկ դա, ի վերջո, փոքր բան չէ։



Comments