«Անդրաքաղաքը» Հեղինակ՝ Արթուր Առաքելյան
- frunz8
- Mar 25
- 23 min read
«Զգուշացե՛ք, դռները փակվում են․ հաջորդ կայարանը՝ Թագավորության հրապարակ», - հայտարարեց կնոջ ձայնը բարձրախոսից:
Արդեն փակվող դռների արանքից հասցրեց ներս խցկվել երկար վերարկուով ու փողկապով մի տղամարդ։ Գնացքը հետզհետե թափ առնելով առաջ սլացավ դեպի մութ թունել` ավանդական ռիթմիկ ձայնն արձակելով։
Դըդըխ-դըդըխ… դըդըխ-դըդըխ…
Վագոնը լեփ-լեցուն էր Երևաանը բնակեցնող բոլոր խայտաբղետ ցեղերի ներկայացուցիչներով՝ մարդիկ, օրկեր, էլֆեր, թզուկներ, նոխազոտներ: Ոմանք հաջողացրել էին գրավել նստատեղերն ու քիթները խոթել էին մոգաֆոնների մեջ, մյուսները կառչել էին ձողերից կամ հենվել պատերին: Հանկարծ գնացքը կտրուկ արգելակեց։ Ուղևորներից մի քանիսը չկարողացան հավասարակշռությունը պահել ու իրար վրա ընկան։
- Ի՞նչ եեեղավ, ինչո՞ւ կանգնեեեցինք, - մռթմռթաց մի նոխազոտն` սմբակները գետնին խփելով:
- Վայ թաղեմ ձեզ, սրիկաներ, - չգիտես թե ում սկսեց անիծել մի ծեր թզկուհի:
- Երևի էլի քարանձավային տրոլ է հայտնվել թունելում, - ենթադրեց մի կին, - ոչինչ, հիմա մետրոյի պահակազորը նրա սևը կտա ու ճանապարհը կշարունակենք։
- Ամեեեն անգամ նույն պատմությունը… Ախր, ուշանում եեենք, չէ՞ - բողոքեց նոխազոտնը: - Որտեղից էլ հայտնվում եեեն:
Վագոնի հուժկու ցնցումներն ընդհատեցին խոսակցությունը։ Պատուհաններից երևաց հաղթանդամ ու անճոռնի տրոլը, որ ահռելի մահակով ծեծում էր վագոնը։ Մանր ճաքերը սարդոստայնի պես տարածվեցին ապակու վրա, բայց ինչ-որ հրաշքով այն չկոտրվեց։ Մի երիտասարդ էլֆուհի ճչաց ու ուշագնաց եղավ։ Երեխաները սկսեցին լացել։
Թունելի մութ խորքում լապտերներ երևացին, լսվեցին հայհոյախառը մարտակոչեր։ Թզուկներն էին։ Նրանք շրջապատեցին տրոլին ու սկսեցին սակրերով հարվածել նրան։ Վիրավոր տրոլը վնգստալով փախավ։ Քիչ անց գնացքը նորից առաջ շարժվեց։
***
Տղամարդը դուրս եկավ հաջորդ կայարանում։ Աշտարակի ժամացույցը հինգ անգամ զնգաց՝ հուշելով, որ ուշանում է նիստից: Նա շրջանցեց պատկերասրահի կամարազարդ շենքն ու հայտնվեց Հարավային պողոտայում։ Երևաանի ամենամոդայիկ հատվածն ինչպես միշտ բազմամբոխ էր։ Մոգաֆոններով զինված երիտասարդ էլֆուհիները հերթական հոլովակն էին նկարահանում հետևորդների բանակի համար։ Քիչ հեռու, հաշմանդամ ձևացող մի օրկ պղնձադրամ էր խնդրում շտապող անցորդներից։ Այստեղ ու այնտեղ վաճառում էին խաղալիքներ: Ինչ-որ մեկն անցորդներին համոզում էր նկարվել արալեզի ձագի հետ։ Ամեն անկյունից լսվող էլֆական բալլադները, օրկերի կլկլոցներն ու թզուկների հայրենասիրական երգերն իրար էին միախառնվում մի անտանելի աղմուկի մեջ։
Հաղթահարելով պողոտան` տղամարդը հասավ Օպերայի նախկին շենքի մոտ, որտեղ այժմ տեղակայված էր Մոգերի խորհուրդը:
Դահլիճ մտնելուց առաջ տղամարդը հայացք նետեց միջանցքում կախված հայելուն: Ուղղեց փողկապն ու օձիքը, ձեռքով սանրեց գզգզված սև մազերը։ Կարծես մի բան պակասում էր։ Գրպանից հանեց ու կախեց արևի տեսքով արծաթե մեդալիոնը։ Այ հիմա ամեն ինչ կարգին է, կարելի է ներս մտնել:
Կլոր սեղանի շուրջ հավաքված երեք տասնյակ մոգերը մի պահ դադարեցրեցին թեժ քննարկումը: Բոլորի ուշադրությունը սևեռվեց ներս մտնողի վրա։
- Դարձյալ ուշանո՞ւմ եք, հարգելի Զավեն Ֆիադյան, - խոսեց մոգապետը` խռպոտ ձայնով մի ծեր, սպիտակամորուս տղամարդ: Նա տիպիկ կարծրատիպային մոգի էր նման, միայն սրածայր գլխարկն էր պակասում։ Նրանից աջ ու ձախ նստած երկու երիտասարդ մոգերը նախատանքով սկսեցին ճոճել գլուխները: Ֆիադյանը չէր հիշում նրանց անունները։
- Կներեք, պարոն Թալեսյան, տրոլն էլի մետրոյի վրա էր հարձակվել։ Ի դեպ, եթե մոգական վահան չկիրառեի առանց զոհերի չէր ավարտվի։
- Տեսնո՞ւմ եք, սրա մասին էի ասում ձեզ հենց նոր, - ոգևորված խոսեց մի ծեր թզուկ` մոգ Գրիգոր Ոսկունցը: - Ակտիվացել են ուժերը մութ ամբողջ քաղաքում։ Հրեշներ են հայտնվում մեկ այստեղ, մեկ այնտեղ:
- Այդ հարցով քաղաքապետարանի հրեշորսության ծառայությունն է զբաղվում։ Մենք ի՞նչ կապ ունենք, - հակառակվեց մոգապետ Թալեսյանը: Կողքի երկուսը դարձյալ շարժեցին գլուխներն՝ այս անգամ ի նշան համաձայնության:
- Բայց խոսքը նաև մոգական արարածների մասին է, մեծարգո մոգապետ, - արտասանեց ոսկեգույն վարսերով մի երիտասարդ էլֆուհի։ Լուսե Վարդափշունին էր։ - Տրոլը խնդրի միայն մի մասն է: Գիշերը Իսաահակյան փողոցում մարդագայլերի ոհմակ են բռնել, Քոչչարի փողոցում հոգեգեշեր են նկատվել։ Այս ամենից լավ հոտ չի գալիս։
- Ճշմարիտ է, հարևանությամբ Մեծ շուկայի ու Խալդիի եկեղեցու վասիլիսկ էր իսկական թափառում երկու օր առաջ, տեսել եմ աչքովս, - հավելեց մեկ այլ թզուկ՝ Սիմոն Քարհատենցը:
- Լավ, լավ… Որ այդքան պնդում եք, ուրեմն մի մոգի կհանձնարարեմ զբաղվել այս խնդրով, - Այ, օրինակ…- Թալեսյանը հայացքով սկսեց չափչփել հավաքվածներին, - օրինակ մեր սիրելի պարոն Ֆիադյանին: Ի՞նչ կասեք:
- Հա… լիովին համամիտ եմ, - կմկմաց ֆիադյանն, ով մի պահ տարվել էր էլֆուհու գեղեցկությամբ ու չէր էլ լսում, թե ինչի մասին է խոսակցությունը:
- Վերջ, ուրեմն հետաքննությունը ձեզ վրա է, - ասաց մոգապետը: - Անցնենք օրակարգի մյուս թեմաներին:
***
Ֆիադյանը մանկուց ատում էր բոլոր բժշկական հաստատությունները։ Սիրտը խառնում էր դեղերի հոտից: Սպիտակ պատերով երկար միջանցքները տհաճ հիշողություններ էին արթնացնում մանկության տարիներից: Այսօր նրան «բախտ էր վիճակվել» այցելել բժշկական հաստատություններից ամենատհաճը` դիահերձարանը:
- Ի՞նչ եք անում այստեղ, - լսվեց ինչ-որ մեկի ձայնը։
Ֆիադյանն այս ու այն կողմ նայեց՝ փորձելով գտնել ձայնի աղբյուրը։ Խոսողը պահարանի վրա նստած մի աղջնակ էր` հասակով կատվի ձագի չափ, մեջքի հետևում ճպուռի չորս թև:
- Ես Մոգխորհուրդից եմ, - ասաց Ֆիադյանը՝ ցուցադրելով մեդալիոնը, - բժիշկ Արփինեին եմ փնտրում:
- Ով փնտրում է նա գտնում է: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել - ասաց փոքրիկ արարածը, - Հա՜, հա՜, գիտեմ՝ ինչ եք մտածում։ Ինչ գործ ունի փերին դիահերձարանում։ Չէ, որ փերիները պիտի միայն այգիներում ծաղիկ հոտոտելով զբաղվեն։
- Դե չէ… - կմկմաց Ֆիադյանը:
- Ոչինչ, ոչինչ, բոլորս էլ կարծրատիպերի զոհն ենք։ Ես էլ, երբ մարդ մոգերի եմ տեսնում, մտածում եմ՝ ձեր ինչ գործն է մոգությունը: Թողեք էլֆերը դրանով զբաղվեն: Գնացեք ոտնագնդակ նայեք կամ ինչով են մարդիկ սովորաբար զբաղվում։ Ի դեպ, ինձանից առաջ այստեղ մի մարդ էր աշխատում, հետո պարզվեց ծպտյալ գոռնափշտիկ է ու աշխատանքի է տեղավորվել, որ դիակների ուղեղները գողանա ու ուտի։ Պատկերացնո՞ւմ եք։
- Ճիշտն ասած՝ չեմ ուզում պատկերացնել:
- Ինչևէ… Երեկվա դիակների համար եք եկել, չէ՞, - հարցրեց Արփինեն: - Հիմա ցույց տամ։
Նա ցատկեց պահարանի վրայից ու թևերն արագորեն թափահարելով թռավ սավանով ծածկված վիրահատական սեղաններից մեկի մոտ, բռնեց սպիտակ գործվածքից ու մի կողմ քաշեց այն։
Ֆիադյանի առաջ հայտնվեց սև մորթիով պատված մի անճոռնի մարդանման արարած` երկար ձեռքերով ու ոտքերով, ածելիներ հիշեցնող բարակ ու սուր մագիլներով: Անշունչ դեմքին սառել էր գիշատիչ հայացքը։ Հրեշի կրծքի մեջ երկաթե սեպ էր խրված։
- Ալք է, - արձանագրեց Ֆիադյանը, - կարծում էի սրանց վաղուց են բնաջնջել։
- Չէ, Գեղամա սարերում դեռ հանդիպում են, - ասաց փերին, - բայց այս մեկին հենց քաղաքի մեջ են բռնել: Հրեշորսներն իրենց գործը լավ գիտեն, արագ վնասազերծել են, բայց մինչ այդ հասցրել է մի քաղաքացու սպանել։ Սա էլ հենց այդ դժբախտն է:
Սա ասելով՝ փերին բացեց երկրորդ սեղանը ծածկող սավանը։ Մի տղամարդ էր, նրա կոկորդին երկրորդ բերանն էին բացել: Ֆիադյանը մի կերպ զսպեց սրտխառնոցը։
- Կոկորդն էնպես է ճանկռել, կարծես դանակով կտրած լինի, - ասաց փերին: Նրա փոքրիկ ձեռքերում չգիտես որտեղից ծխախոտի գլանակ հայտնվեց, - կրակ կա՞:
- Այստեղ ծխելն արգելվա՞ծ չէ, - զարմացավ Ֆիադյանը:
- Արգելված է, բայց ո՞վ է իմանալու, - պատասխանեց փերին:
Ֆիադյանն առաջ պարզեց ձեռքը, ինչ-որ բառեր արտասանեց ու նրա ափի մեջ կրակ հայտնվեց: Փերին առանց մի բան ասելու կպցրեց իր ծխախոտը: Երևում է մոգական հնարքը նրան ամենևին էլ չտպավորեց:
- Կուզենայի մի քանի հարց տալ այս դժբախտին, - ասաց Ֆիադյանը:
- Մեր պացիենտը մի քիչ մեռած է հարցազրույց տալու համար, - ասաց Արփինեն:
- Դա խնդիր չէ, ես տիրապետում եմ մեռելահարցմանը:
- Մեռելահարցո՞ւմ, բայց դա արգելված չէ՞:
- Իհարկե արգելված է, բայց դե ո՞վ է իմանալու, - քմծիծաղ տվեց Ֆիադյանը:
- Լավ, - ասաց փերին՝ թոթվելով ուսերը:
- Ճիշտ կլինի նախ կապենք նրան, թե չէ կարող է դուրս փախչել: Հավես չկա ամբողջ Երևաանով մեկ դիակ բռնելու:
Սավաններով կապեցին մարմինը վիրահատական սեղանին: Ներսից փակեցին դուռը, որ ոչ ոք չխանգարի ու Ֆիադյանը սկսեց իր ծեսը:
- Հրամայեմ քեզ՝ յարութիւն առ ի մեռելոց եւ խօսեա, - արտասանեց նա։
Ոչինչ տեղի չունեցավ։
- Հրամայեմ քեզ՝ յարութիւն առ ի մեռելոց եւ խօսեա, - կրկնեց Ֆիադյանն ավելի բարձր:
Դիակը բացեց աչքերը, բարձրացրեց գլուխը, սկսեց խռխռոցներ արձակել ու վերջապես խոսեց.
- Ի՞նչ եք ուզում… Թողեք մարդ հանգիստ մեռնի, - լսվեց հանգուցյալի ձայնը:
- Հազար ներողություն, հարգարժան ննջեցյալ, որ խաթարում ենք ձեր հավիտենական քունը, - ասաց Ֆիադյանը: - Երկար չենք զբաղեցնի, ընդամենը մի քանի հարց:
- էս խի՞ ա մունաթ գալիս, - շշուկով հարցրեց փերին:
- Մեռյալների համար վերակենդանանալը նույնքան տհաճ է, որքան ողջերի համար՝ մեռնելը, - բացատրեց Ֆիադյանը:
- Ամբողջ կյանքս մեռելների հետ եմ աշխատում, բայց նոր բաներ եմ իմանում:
- Երկա՞ր եմ սպասելու, - նյարդայնացավ հանգուցյալը:
- Կներեք, ուղղակի ուզում էի ձեր մահվան հանգամանքների մասին պատմեիք, - ասաց մոգը:
- Ի՞նչ պատմեմ, հանգիստ աշխատում էի, մեկ էլ կոկորդս կտրեցին ու մեռա:
- Իսկ ավելի մանրամասն կարե՞լի է, - խնդրեց Ֆիադյանը:
- Լավ, սկզբից սկսեմ, ուրեմն իջել էի Բարեկամության մետրո՝ հոսանքի լարերը փոխելու: Կենդանի ժամանակ ես հոսանքագործ էի, իմ պարտականությունների մեջ էր մտնում շաբաթը մեկ… Խալդին տանի, ինչ տաղտկալի բաներով էի զբաղվում կենդանի ժամանակ, ինչ ա թե ամսվա վերջում մի քանի դրամ ստանամ, ինչ լավ ա մեռա՝ պրծա դրանից… Հա, կներեք շեղվեցի, ուրեմն մալուխներն էի ստուգում, մեկ էլ տեսա երեք հոգի սև թիկնոցներով… Ինձ տեսան՝ խառնվեցին իրար: Ասի տեսնեմ՝ էս ովքեր են, ինչացու են: Էն էլ դրանցից մեկը դանակը հանեց ու հոպ…
- Մի րոպե, - ընդհատեց մոգը, - այսինքն ձեզ ալքը՞ չի սպանել:
- Ասեցի՝ չէ էլի… Ի՞նչ ալք, ի՞նչ բան։
- Ասում եք` սև թիկնոցներո՞վ էին։ Էլ ի՞նչ նկատեցիք, - հարցրեց Ֆիադյանը։
- Մեկ էլ սենց բաներ ունեին կախած, - ասաց սպանվածը ցույց տալով Ֆիադյանի արև-մեդալիոնը, - ուղղակի իրենցը Լուսին էր: Որ էս մի ձեռքս ազատեք, թուղթ ու մատիտ տաք` կնկարեմ։
Փերին զգուշորեն ազատեց հանգուցյալի մի ձեռքն ու նրան նկարելու համար անհրաժեշտ պարագաներ տվեց։ Մի քանի րոպե անց թղթի վրա իսկական գլուխգործոց հայտնվեց
- Լավ ա ստացվում, չէ՞, - հարցրեց ողորմածիկը, - թե խի՞ կենդանի ժամանակ նկարիչ չդարձա։
- Շնորհակալություն օգնության համար, - ասաց Ֆիադյանը։ - Իսկ հիմա դարձիր ի աշխարհ մեռելոց եւ ննջեա խաղաղութեամբ։
Սպանվածը հետ ընկավ սեղանին և դարձյալ անշարժացավ։
- Լուսնի տեսքով մեդալիոն… Տեղյա՞կ եք, թե սա ինչ կարող է նշանակել, - հետաքրքրվեց փերին։
- Չէ, բայց մի ծանոթ թզուկ կա, ով հաստատ կիմանա, - պատասխանեց Ֆիադյանը։
***
Ժամանակակից թզուկներն արդեն վաղուց ստորգետնյա քարանձավներում չեն բնակվում, բայց հին սովորույթները դեռ զգացնել են տալիս կեցավայր ընտրելու հարցում: Աբգար Մոխրունցն էլ բացառություն չէր: Նա ապրում էր Էրեբունու շենքերից մեկի նկուղային հարկում:
Մոխրունցը, ինչպես բոլոր թզուկները, կարճլիկ, ամրակազմ ու երկարամորուս էր: Փարթամ մորուքին հակադրվում էր բոլորովին ճաղատ գլուխը: Նա խոշոր ակնոցներ էր կրում, որի ապակիները կարծես երկու խոշորացույց լինեին։ Նրա աշխատասեղանի վրա հնամաշ գրքերի բլուրներ էին գոյացել: Այնքան, որ թզուկի գլուխը հազիվ էր երևում դրանց հետևից։ Սեղանի անկյունում մի հին համակարգիչ էր դրված, որի վրա նույնպես գրքեր էին դարսած: Նրա ամբողջ աշխատասենյակն էր պատված գրապահարաններով՝ բացի պատի մի փոքր հատվածից, որտեղ պապերից ժառանգած սակրն էր կախված։
- Ի՞նչ է պատահել, մոգ ընկեր։ Հիշել ես ինձ դարձյալ։ Հաստատ մի փորացավ ունես - ասաց թզուկը` հյուրին ոտքից գլուխ չափչփելով։
- Պիտի խոստովանեմ, որ ճիշտ ես, - ասաց Ֆիադյանը, - ինձ դարձյալ քո գիտելիքներն են պետք: Հին բաների մեջ քեզնից լավ ոչ ոք չի հասկանում:
- Կա նման բան, - հպարտորեն համաձայնվեց Մոխրունցը։
Սեղանին լցված գրքերից մեկը սահեց ու գետնին ընկավ։ Ֆիադյանը բարձրացրեց այն։ Կազմի վրա գրված էր «Երևան», ընդամենը մեկ ա-ով։
- Սա ի՞նչ է, - հարցրեց նա։
- Գիրք է այլընտրանքային Երևաանի մասին պատմող, - ասաց թզուկը, - պատկերացրել է հեղինակը, թե ինչպիսին կլիներ մեր քաղաքը, եթե մոգությունը գոյություն չունենար ու բնակիչները մարդիկ լինեին բացառապես։
- Շատ տխուր քաղաք կլիներ, - արձանագրեց Ֆիադյանը:
- Այդպես էլ կա, գիրքը հիմար ու ձանձրալի է, - ասաց Մոխրունցը, - բայց դու կարծես եկել էիր գործով։
Ֆիադյանը գրպանից հանեց թուղթն ու պարզեց թզուկի առաջ: Ժպիտն անմիջապես անհետացավ Մոխրունցի դեմքից:
- Մեդալիո՞ն լուսնի, որտեղի՞ց, - հարցրեց նա:
- Այս նշանը կրող ինչ-որ մարդիկ սպանություն են գործել:
- Պատահել չի կարող, ախր տարիներ են անցել հազարավոր, - շփոթված ասաց թզուկն ու սկսեց փորփրել գրքերի կույտը: - Պետք է ուսումնասիրեմ այս հարցը մի լավ: Եթե այն է, ինչ մտածում եմ, լուրջ վտանգ է սպառնում քաղաքին մեր։
- Ինչի՞ հետ գործ ունենք։
- Չեմ հասկանում, պատմություն չե՞ն սովորեցնում ձեզ դպրոցներում մոգության, - վրդովվեց թզուկը:
- Դե, երևի այդ մի դասից թռել եմ, - ասաց Ֆիադյանը: - Հիմա ասելո՞ւ ես, թե՝ չէ:
- Ժամանակներում վաղնջական, երկու խումբ կար մոգերի` Միաբանությունն Արևի ու Միաբանությունը Լուսնի: Սկզբում համերաշխ էին նրանք, բայց հետո ինչ-որ վեճ ծագեց դավանաբանական։
- Ու ինչպե՞ս լուծվեց այդ վեճը։
- Արյունահեղությամբ իհարկե, արյունահեղությամբ սաստիկ ու չլսված։ Պատերազմը մոգերի աղետ է սարսափելի։ Թե պարզվի, որ վերադարձել են լուսնականները, ձերոնք պատերազմ կսկսեն դարձյալ։
***
«Առանց մի կում սուրճի չեմ կարող այսքանը մարսել» - մտածեց մոգը` Մոխրունցի տանից դուրս գալուց հետո։
Սուրճ պատրաստող մոտակա ապարատի մոտ օրկեր էին խմբված։ Թղթե բաժակներն ու ծխախոտները ձեռքներին ինչ-որ լուրջ թեմաներ էին քննարկում։ Վերջապես նրանք ցրվեցին ու Ֆիադյանը հանգիստ մոտեցավ սարքին։ Մետաղադրամը գցեց անցքի մեջ, սեղմեց կոճակն ու սկսեց սպասել։ Շուտով լսվեց կենարար սև հեղուկի պատրաստ լինելն ազդարարող բաղձալի ծնգոցը։ Բաժակի մեջ միայն ջուր ու շաքար էր։
- Խալդին տանի, այսօր հաստատ իմ օրը չի, - հիասթափված բացականչեց մոգը։
Ֆիադյանը վերցրեց մոգաֆոնն ու հավաքեց մոգապետի համարը։ Եթե քաղաքում ինչ-որ ապօրինի միաբանություն է գործում, ապա Մոգխորհուրդն անպայման պիտի տեղեկանա դրա մասին:
«Բաժանորդն անջատել է մոգաֆոնը կամ գտնվում է մոգական ցանցից դուրս» - լսվեց խոսափողից:
ֆիադյանը բավարարվեց հաղորդագրություն ուղարկելով։
Հաջորդ քայլը դեպքի վայրն անձամբ ուսումնասիրելն էր։ Մոգը որոշեց տաքսիով գնալ՝ շառից-փորձանքից հեռու։
- Էս նոր քաղաքագլուխը չի՞ տեսնում քաղաքն ինչ օրի ա հասցրել, - սկսեց խոսել տաքսիստը, հենց որ մոգը մեքենան նստեց: - Ճամփեքը սաղ քարուքանդ ա: Մեկ ջուրն են անջատում, մեկ՝ հոսանքը: Բա խեղճ ջրահարսերն ի՞նչ ասեն: Երևաանյան լիճը լրիվ զիբիլանոց ա դարձել: Ձախափնյակի մետրոն էլ անընդհատ խոստանում են սարքել ու չեն սարքում: Երեկ էլ պարզվեց քաղաքի պատմության թանգարանն են կողոպտել: Սենց որ գնա, մեր վերջն ի՞նչ պիտի լինի։
Ֆիադյանը տաքսիստի էքզիստենցիալ հարցերին ի պատասխան միայն ուսերը թոթվեց։
- Էն «Կուկուռուզ աշտարակը» տեսնես խի՞ քանդեցին, - շարունակում էր վարորդը։ - Հաստատ մի մութ պատմություն կա էստեղ։
Մինչ այդ տաքսին հասավ Բաղրաամյան պողոտա։ Ճանապարհը փակ էր։
- Թո՜ւ, աչքիս փոխարքայի նստավայրի մոտ էլի ցույցեր-մույցեր են, - սրտնեղեց վարորդը։
- Չէ, կարծես ուրիշ բան է, - ասաց մոգը: - Այստեղ պահե՛ք։
Ֆիադյանը հրաժեշտ տվեց վարորդին ու իջավ մեքենայից։
Փողոցում ինչ-որ իրարանցում էր: Մոգությունների ազգային ակադեմիայից քիչ վերև ոստիկանական մեքենաները փակել էին խաչմերուկն` առաջացնելով վարորդների բուռն դժգոհությունը:
- Ապե, հա ի՞շշ կլինի, որ մի րոպե քշենք, - չէր համոզվում Նիվայի վարորդը:
- Հարգելիս, ախր ասացի չէ՞, որ պողոտան փակ է, - անհույս բացատրում էր պարեկային էլֆը:
Ոստիկանական մեքենայից դուրս եկավ մի բարձրահասակ ամրակազմ օրկուհի ու մահակը ձեռքում ճոճելով մոտեցավ նիվայի պատուհանին,
- Ոնց-որ ուզում եք բռնության կիրառմամբ բերման ենթարկվել, հա՞, - խոսեց նա։
- Չէ, քուր ջան, նորմալ ա, - ասաց վարորդն ու ապակին բարձրացնելով շտապեց հեռանալ
- Սրանք լավով չեն հասկանում, - ասաց օրկուհին էլֆ կոլեգային:
Օրկուհին իր ցեղին բնորոշ կոպիտ դիմագծերով էր, բայց այնուամենայնիվ զուրկ չէր հմայքից: Երկար ու փարթամ սև մազերը ուսերին էին թափվում բերետի տակից։ Ոստիկանական կոկիկ համազգեստն ընդգծում էր նրա մարզված կազմվածքը:
Ֆիադյանը մոտեցավ օրկուհուն, ցուցադրեց մեդալիոնն ու ներկայացավ:
- Ավագ լեյտենանտ Ուրսա Սրաժանիքյան, - ի պատասխան ներկայացավ օրկուհին:
- Ի՞նչ է պատահել, է՞լի տրոլն է, - հարցրեց Ֆիադյանը։
- Չէ, ավելի վատ - ասաց ոստիկանը, - եկե՛ք, ինքներդ տեսեք:
Քիչ այն կողմ` Սիրահարների այգու մայթին փռված էին հսկա չղջիկներ հիշեցնող երկու արարած:
- Արնախումնե՞ր, - զարմացավ Ֆիադյանը, - ինչ որ մեկին կծե՞լ են:
- Հա, երեք հոգու, - պատասխանեց Ուրսան։ - Շտապ օգնությունը նրանց տարավ վամպիրախտի դեմ պատվաստելու։
- Արնախումների մեծ պանդեմիայից ի վեր ոչ ոք սրանց չի տեսել։ Կարծում էի` վաղուց վերացել են։
- Հրեշորսները խուզարկում են տարածքը, գուցե էլի արնախումներ լինեն թաքնված, - ասաց օրկուհին։
Ուրսան չէր հասցրել ավարտել խոսքը, երբ այգուց դուրս թռավ արնախումների մի մեծ երամ: Օրկուհին դուրս քաշեց ատրճանակն ու սկսեց կրակել նրանց վրա։ Կրակոցները դիպուկ էին, բայց փամփուշտներն արծաթից չէին ու գրեթե ոչ մի վնաս չէին հասցնում հրեշներին։ Արնախումները միայն ավելի կատաղեցին ու նետվեցին նրանց վրա։ Ֆիադյանը հասցրեց մոգական վահանով փակել իրեն ու Ուրսային։ Հրեշներն անընդհատ գրոհում էին պատնեշը, ինչպես պատուհանի ապակու հետևում հայտնված ճանճերը:
Հանկարծ օդում կայծակներ ճայթեցին: Շանթահարված հրեշները թափվեցին գետնին, մի քիչ թպրտացին ու անշարժացան:
Ֆիադյանը տեսավ իրենցից քիչ հեռու կանգնած Լուսեին: Նրա աչքերը լույսով էին վառվում, պարզած ձեռքերում նետելու պատրաստ էլեկտրական կծիկներ էին ճտճտում: Համոզվելով, որ այլևս վտանգ չկա, էլֆուհին հանգցրեց կայծակները, աչքերը մարեցին ու սովորական երկնագույն երանգը ստացան:
- Հասարակ արնախումների հախից էլ չե՞ք կարողանում գալ, Ֆիադյան, - ասաց նա` մեղմ ժպտալով։
«Խալդին տանի, խայտառակ եղա նրա մոտ», - մտածեց Ֆիադյանը։
- Հետաքնությունն ինչպե՞ս է գնում, - հարցրեց էլֆուհին։
- Արագ տեմպերով, - հպարտացավ Ֆիադյանը, - Լուսնի միաբանության մասին լսե՞լ եք:
- Հա, պատմության դասերից նման մի բան հիշում եմ, - ասաց Լուսեն, - բայց դա ի՞նչ կապ ունի ձեր գործի հետ:
«Իրոք որ, ի՞նչ կապ ունի, - մտածեց Ֆիադյանը: - Ինձ հանձնարարել են հրեշների ակտիվության պատճառը գտնել, իսկ ես ինչ-որ չստացված նկարչի սպանությունն եմ հետաքննում»:
- Ոչինչ չի կարելի բացառել, ես զգում եմ, որ այստեղ մի կապ կա, - ասաց նա։ - Իսկ դուք այստեղ ի՞նչ էիք անում:
- Մտածեցի, որ հետաքննության գործում ձեզ օգնությունը չի խանգարի, - ասաց էլֆուհին։ - Սկզբի համար ցանկացա հրեշների ակտիվության վայրերն այցելել։ Բաղրաամյանն էլ է այդ ցանկում։ Ահա՝ դարձյալ հարձակում:
Ֆիադյանը կրկին մտքերի մեջ խորացավ.
«Պարզ է… Լուսեն ինձ չի վստահում: մտածում է, որ գործից գլուխ չեմ հանի ու ինքնուրույն է հետաքննություն սկսել: Ճիշտ էլ մտածում է: Ինձանից ի՞նչ խուզարկու: Թե ինչի՞ էս հանձնարարությունն ինձ տվեցին: Լուսեն հազար անգամ ավելի լավ կաներ: Համ ինձանից ավելի ուժեղ մոգ է, համ ինձանից խելացի է, համ էլ․․․ շատ գեղեցիկ է… Թե դա ի՞նչ կապ ուներ»:
- Ի՞նչ եք պատրաստվում անել, - հարցրեց էլֆուհին՝ նրան դուրս հանելով մտքերից։
- Դե, նախ մտածեցի Թալեսյանի հետ խորհրդակցեմ, բայց անհասանելի էր:
- Այո, ես էլ երեկվանից չեմ կարողանում գտնել նրան, - ասաց Լուսեն: - Ասեմ ավելին՝ նրանից բացի էլի մի քանի մոգ է անհետացել:
- Հրեշներ, անհետացած մոգեր… Տարօրինակ բաներ են, - կողքից խոսեց Ուրսան:
Մոգաֆոնը սկսեց զնգզնգալ Ֆիադյանի գրպանում:
- Ըհը, երևի մոգապետն է հետ զանգում, - ասաց նա:
Զանգողը Մոխրունցն էր։
- Զավեն եղբայր, ինձ մոտ արի շտապ, - լսվեց թզուկի ահաբեկված ձայնը, - բաներ եմ պարզել անհավանական:
- Իմ ինֆորմատորներից մեկը հետաքննության համար կարևոր տեղեկություն է գտել, - ասաց Ֆիադյանը` լուրջ կեցվածք ընդունելով: - Կներեք ինձ, օրիորդներ, բայց պետք է գնամ:
- Ես նույնպես կգամ, - ասաց Լուսեն՝ առարկություն չհանդուրժող տոնով։ - Հիմա տաքսի կանչեմ:
- Կարիք չկա, հարգարժան մոգեր, - ասաց օրկուհին: - Ես ծառայողական մեքենայով ձեզ արագ տեղ կհասցնեմ։
***
Կարճ ժամանակ անց նրանք արդեն Մոխրունցի նկուղում էին։ Մի քանի ժամվա մեջ նրա կեցավայրը հասցրել էր փոխվել։ Գրքերն ավելի շատ էին թափրտված։ Երևում է մի լավ քրքրել էր անձնական գրադարանը անհրաժեշտ տեղեկությունները գտնելու համար։ Գրքերից բացի սեղանին էին հայտնվել նաև ինչ-որ քարտեզներ։
- Իրավացի էի ես, - ասաց թզուկը, - գործ ունենք Լուսնի միաբանության հետ: Պատմահայր Խովսես Մորացու գրքում գտել եմ նրանց մասին տեղեկություններ հետաքրքիր։ Ասվում է, որ լուսնականները ծառայում էին մեկին, ում կոչում էին «Աստված խավարի»։ Ծեսեր էին պիղծ իրականացնում հանուն նրա անունի։ Մոգերն Արևի՝ Արգիշտոս զորավարի ղեկավարությամբ, հաղթում ու զնդանն են նետում աստծուն այդ, իսկ լուսնականներին կոտորում մարտում։ Ասվում է, որ քաղաքը մեր կառուցվել է ճակատամարտի վայրում այդ։
Մոխրունցը գրքի մի էջ ցույց տվեց, որտեղ իրար հետ կռվող բանակներ էին պատկերված։ Մի կողմում արևի պատկերով դրոշներ էին, մյուս կողմում՝ լուսնի։ Մեկ այլ էջին պատկերված էր Արգիշտոսը՝ ինչ որ անհասկանալի հսկա հրեշի դեմ կռվելիս։
- Նախնադարյան հեքիաթներ են, - ասաց օրկուհին։ - Ինձ թվում է արևականներն ուղղակի վերացրել են մրցակիցներին, հետո ճոխ հեքիաթներ հորինել նրանց սևացնելու ու իրենց փառավորելու համար։
Լուսեն խեթ նայեց օրկուհուն։
- Ո՞վ իմանա, - ասաց Մոխրունցը։ - Բայց վերադառնանք օրերին մեր։ Սպանված հոսանքագործը լուսնականներին տեսել է Մետրոյում, այնպես չէ՞ - հարցրեց թզուկը։
- Դե հա… - ասաց Ֆիադյանը:
- Այստեղ նայեք հիմա, - թզուկը հյուրերի առաջ փռեց քաղաքի քարտեզը, որի վրա հասցրել էր ինչ-որ խառը նշումներ անել: - Մարդագայլերի ոհմակը երևացել է փողոցում Իսաահակյան, հոգեգեշերը`փողոցում Քոչչարի, վասիլիսկը`պողոտայում Մեծն Տիգրանեսի, հարևանությամբ Խալդիի եկեղեցու ու Մեծ ֆիլմաթատրոնի։
- Նկատի ունե՞ս Մեծ շուկայի, Ֆիլմաթատրոնը վաղուց չկա, - ուղղեց Ֆիադյանը։
- էական չէ այդ, - ասաց թզուկը: - Նկատո՞ւմ եք օրինաչափությունը բացահայտ։
- Բոլոր դեպքերը մետրոյի կայարանների հարևանությամբ են տեղի ունեցել, - ասաց Լուսեն:
- Արնախումների այսօրվա հարձակումն էլ Մարշալ Բաաղրամյան կայարանից ոչ հեռու էր, - նկատեց Ուրսան:
- Այո, ընդ որում ակտիվությունը միայն այն կայարանների մոտ է, ստորգետնյա են որոնք։ Կայարանում Դավիթ Սասունցու օրինակ հանգիստ է ամեն բան, - շարունակեց թզուկը։
- Ուզո՞ւմ ես ասել՝ բոլոր այս հրեշները մետրոյի ստորգետնյա թունելներից են դուրս գալիս քաղաք, - Ֆիադյանը սկսեց քորել կզակը: - Այդ դեպքում մետրոյում որտեղի՞ց են բուսնում:
- Անդրքաղաքից, - խորհրդավոր տոնով ասաց Թզուկը:
- Անդրքաղաքի՞ց… էլ մի սկսեք, դրանք պառավ թզուկների հնարած հեքիաթներն են, - խոսեց Ուրսան։
- Ոչ, իրականություն է դա, - փրփրաց Մոխրունցը, - Երևաանի տակ քաղաք կա ստորգետնյա, որտեղ հրեշներն են բնակվում: Այնտեղ նրանք ապրել են դարերով, իսկ հիմա դուրս են սողում:
- Եթե այդպես է, ուրեմն մետրոյի թունելներից մեկը կապված է այդ «Անդրքաղաքի» հետ, - ասաց Ֆիադյանը։ Գուցե՞ Ձախափնյակի կայարանը կառուցելու ժանանակ չափից խորն են փորել ու … Խալդին տանի, գուցե դրա համար էլ խոստացված կայարանը մինչև օրս չի կառուցվում։ Իշխանություններն ինչ-որ բան են թաքցնում այնտեղ։
- Իսկ Լուսնի միաբանությո՞ւնը, ո՞րն է նրանց դերն այս ամենի մեջ, - հարցրեց Լուսեն։
- Պարզ չէ, ոչ մի բան, - Մոխրունցը թոթվեց ուսերը։
- Պարզ է այն, որ այստեղ նստելով ու լեզու թրչելով ոչ մի բան էլ չենք իմանա: Պիտի իջնենք էդ Խալդու տարած թունելները, - վճռական ասաց օրկուհին։
- Կարծում եմ սա արդեն մոգերի գործն է, օրիորդ լեյտենանտ, - ասաց էլֆուհին։
- Ավագ լեյտենանտ, - ուղղեց Ուրսան: - Քաղաքում կարգուկանոն հաստատելն իմ գործն է։ Հետո՞ ինչ, որ մենք` օրկերս, մոգական կարողություններ չունենք։ Ինչ-որ լուսնամոգեր, ստորգետնյա հրեշներ… Իմ հերթափոխին թույլ չեմ տա նման բաներ։
- Ի՞նչ կապ ունի՝ էլֆ, օրկ, թե թզուկ։ Երևաանցի ենք բոլորս էլ ու քաղաքի համար մտահոգ, - ասաց Մոխրունցը։ - Գալիս եմ ես նույնպես:
- Ներքևում շատ վտանգավոր է լինելու, Աբգար, - ասաց Ֆիադյանը։
- Հետո՞ ինչ, մտածո՞ւմ ես գիրք կրծող եմ ու չե՞մ կարող քոթակել ալք մի քանի: Թզուկ եմ ես, իմ արյան մեջ է քարանձավներում կռիվ տալը հրեշների դեմ ստորգետնյա, - հպարտացավ Մոխրունցը։
- Չլինի՞ պատրաստվում ես լեգենդար սակրը իջեցնել պատից, - հարցրեց Ֆիադյանը։
- Սակրը՞, ինչի՞ս է պետք այդ սակրը հին: Հարյուրամյակն է 21-րդ վաղուց, - ասաց թզուկն ու սեղանի տակից մի ծանր հրացան հանեց: - Ե՞րբ ենք շարժվում:
***
Ձախափնյակի մետրոն կառուցելու խոստումը Երևաանի հին ավանդույթներից մեկն էր։ Յուրաքանչյուր նոր քաղաքագլուխ թագադրման արարողության ժամանակ իր ճառը սկսում էր այդ խոստմամբ։
Անավարտ կայարանը գտնվում էր Հաալաբյան փողոցում` Ռազդանի կիրճի հարևանությամբ։ Հենց այստեղից մարդը, էլֆը, օրկն ու թզուկը ներքև իջան ու հայտնվեցին մութ ու խոնավ թունելում: Ամեն տեղ ժանգոտած շինարարական գործիքներ, ռելսերի հատվածներ ու անհասկանալի մետաղական իրեր էին թափված: Առաստաղը տեղ-տեղ փլված էր։ Վերևից անընդհատ ջուր էր կաթում։
- Ես, թզուկ որպես, գետնատակում կողմնորոշվելու ձիրք ունեմ բնատուր, - ասաց Մոխրունցը: - Այնպես որ, կգնամ առջևից ու կառաջնորդեմ ձեզ։
Թզուկը հրացանն ուսին գցեց, վառեց լապտերն ու համարձակ առաջ քայլեց։ Չէր հասցրել մի քանի քայլ անել, երբ ոտքի տակ ինչ-որ բան կոտրվեց ու նա կեղտաջրով լցված հորի մեջ հայտնվեց։ Ուրսան ու Ֆիադյանը մի կերպ դուրս հանեցին նրան։
- Լապտերը վնասվեց, - տխրությամբ արձանագրեց թզուկը` մարած սարքին անհույս տմբտմբացնելով։
- Դրա մասին մի անհանգստացիր, - ասաց Ֆիադյանը։ Առաջ պարզեց ձեռքն ու արտասանեց։ - Եղիցի լոյս, եւ առաջնորդեսցէ զմեզ։
Նրա ձեռքից լուսարձակող մի գունդ պոկվեց, մի քանի մետր առաջ թռավ, մի քանի անգամ թարթեց ու մարեց:
Լուսեն քթի տակ ինչ-որ բան մրթմրթաց, առաջ անցավ Ֆիադյանից ու կրկնեց.
- Եղիցի լոյս, եւ առաջնորդեսցէ զմեզ։
Այս անգամ ավելի կայուն լուսագունդ հայտնվեց, որը դանդաղ սկսեց առաջ գնալ` լուսավորելով առջևում ընկած թունելը։ Քառյակը քայլեց լույսի հետևից:
- Կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա ենք, - ասաց Ուրսան: - Գետնին նայեք:
Առաջին հայացքից լքված թվացող թունելի ցեխոտ հատակը պատված էր զանազան արարածների ոտնահետքերով:
- Հանցանքի վայրեր զննելով ահագին հմտացել եմ հետքեր ճանաչելու հարցում, - ասաց Ուրսան, - Սրանք մարդկանց թարմ հետքեր են, նրանցից մեկը գավազանով է քայլում: Սրանք էլ տրոլն է թողել իր մեծ դանդալոշ ոտքերով: Էս մեկն էլ՝ երկար ճանկերով ինչ-որ խոշոր երկոտանի:
- Ալքը, - հուշեց Ֆիադյանը:
Լուսեն հանկարծակի ճչաց:
- Կարծես առնետ էր, - ասաց նա տարակուսանքով իրեն նայող ուղեկիցներին, - ոտքիս վրայով անցավ:
- Մի՛ վախեցիր, ոսկեծամիկ, - փոքրիկ առնետը քեզ հաստատ կուլ չի տա, - ծիծաղեց Ուրսան։
Նրանք քայլում էին Բարեկամություն կայարանի կողմ։ Թվում էր թունելն անվերջ է: Լույսի կծիկն արդեն երկու անգամ մարել էր և Էլֆուհին նորն էր արարել: Վերջապես որոնումներն արդյունք տվեցին: Թունելի պատին մի հսկայական ճեղք գտան: Բոլոր հետքերը վերջանում էին այս ճեղքի մոտ: Տպավորություն էր, որ այս նոր քարանձավի ներսն ավելի սև է, քան թունելը որով նոր քայլում էին։
- Սա է անկասկած մուտքն Անդրքաղաքի, - հայտնեց թզուկը:
- Բա ո՞ւմ եք սպասում, - ասաց Ուրսան ու նետվեց խավարի մեջ:
Մի քանի ակնթարթ հապաղելուց հետո մյուսները հետևեցին նրա օրինակին:
Քարանձավը գնալով ներքև էր իջնում: Մեկ լայնանում էր, մեկ նեղանում: Հետո այն սկսեց ճյուղավորվել ու քառյակը հասկացավ, որ ստորգետնյա լաբիրինթոսում է հայտնվել: Ֆիադյանը նշաններ էր անում պատերին, որպեսզի գտնեն հետդարձի ճանապարհը:
Հանկարծ քարանձավի պատերը սկսեցին ցնցվել: Ներքևից ինչ որ մեծ բան էր բարձրանում: Թզուկն առաջ պարզեց հրացանը, օրկուհին կրակային դիրք ընդունեց իր ատրճանակով: Լուսեն ու Ֆիադյանը պատրաստվեցին մարտական մոգություն կիրառելու: Աղմուկն ուժեղանում էր, վտանգը մոտենում էր: Ամենաանհարմար պահին լույսի կծիկը կրկին մարեց ու քառյակն անթափանց խավարի մեջ հայտնվեց: Լուսեն չհասցրեց նորը կախարդել: Ֆիադյանը զգաց ինչպես կոշտ մորթիով պատված ինչ-որ բան բախվեց նրան ու գետնին տապալեց: Մոխրունցի հրացանը ճայթեց մթության մեջ, վնգստոց ու ծվծվոց լսվեց: Կրակոցը մի ակնթարթ լույս տարածեց ու Ֆիադյանը հասցրեց նկատել իր կողքին գալարվող երկար անմազ մի պոչ:
- Եղիցի լոյս, - լսվեց Լուսեի ճիչը:
Քարանձավը լուսավորվեց: Գետնին ընկած էր կովի չափեր ունեցող մի հսկա առնետ: Մոխրունցի կրակոցն ուղիղ նրա գլխին էր կպել:
- Առնետների մասին խոսքերս հետ եմ վերցնում, - ասաց Ուրսան։ Ոտքով հրեց կենդանուն` համոզվելով, որ սատկած է։
- Ինձ թվաց, թե մի քանիսն էին, - ասաց Ֆիադյանը, - մյուսները կողքներովս անցան ու վերև վազեցին։
- Դեպի քաղաք, - արձանագրեց Լուսեն։ - Երևաանին միայն մուտանտ առնետներ էին պակասում: Իզուր այստեղ իջանք, պետք էր ուղղակի փակել թունելի ճեղքն ու վերջ։
- Ու հրաժարվե՞լ Անդրքաղաքի գաղտնիքը բացահայտելուց, - ասաց Ֆիադյանը։
- Ուղղակի մեզ այստեղ կարող են ուտել, նախքան կհասցնենք ինչ-որ բան բացահայտել, - ասաց Լուսեն։
- Դե վերջացրե՛ք նվնվալը, - ասաց Ուրսան: - Սկսել ենք ուրեմն պիտի ավարտենք:
Քառյակը գոտեպնդվեց ու շարունակեց էջքը։ Որքան խորն էին իջնում, այդքան տարօրինակ էր դառնում շրջապատը։ Ճանապարհին հանդիպում էին տարատեսակ անճոռնի արարածներ` անհայտ տեսակի օձեր, կարիճներ ու դոդոշներ։ Առաստաղի վրա մեկաչքանի ութոտնուկներ էին սողում։ Քարերի արանքներում աճում էին լուսարձակող սնկեր ու լպրծուն լիաններ։ Հանդիպում էին նաև հսկա չափերի հասնող սարդեր, որոնց հյուսած կպչուն սարդոստայնը երբեմն փակում էր քարանձավի մուտքն ու անցնելու համար կարիք էր լինում այրել այն։
Լուսեն պատրաստվում էր մոգական կրակով այրել այդպիսի մի սարդոստայն, երբ Ֆիադյանը կանգնեցրեց նրան։
Սարդոստայնի մեջ ինչ-որ թևավոր կենդանի էր խճճված
- Տեսե՛ք, սա արալեզի ձագ է, - ասաց Ֆիադյանն ու փորձեց ազատել կենդանուն։
- Կարծո՞ւմ ես լավ միտք է, - կասկածանքով ասաց օրկուհին։
- Մի՛ անհանգստացեք, - հանգիստ ասաց մոգը, - ես մանուկ հասակից արալեզներ եմ պահել, գիտեմ ինչպես վարվել նրանց հետ։ Արալեզները հատուկ սուլոցների են ենթարկվում։
Ֆիադյանը զգուշորեն ազատեց կենդանու թևերը, հեռացրեց նրա գլխին փաթաթված թաղանթն ու միայն այդ ժամանակ նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Արալեզի մռութն անսովոր անճոռնի տեսք ուներ, աչքերն անկենդան էին ու սպիտակ փառով էին պատված։ Թևերը սովորականից կարճ էին, բայց ավելի սրածայր փետուրներով։
- Սա նոր ցեղատեսակ է, - ասաց Լուսեն։ - Մշտական խավարի մեջ ապրելու հետևանքով առաջացած մուտացիա։
Կույր արալեզը հոտոտեց օդն ու սկսեց մռնչալ`ցուցադրելով երկար ժանիքները։ Ֆիադյանը սկսեց մի մեղեդի սուլել նրան հանդարտեցնելու համար, բայց թևավոր շունն ավելի կատաղեց։ Նա սկսեց ոռնալ, ձայնն արձագանքելով տարածվեց գետնատակով մեկ։ Թունելների խորքից լսվեցին ուրիշ ոռնոցներ։
- Զավեն, ծլկել եմ առաջարկում, քանի դեռ ոհմակն իր չի կանչել քոթոթը քո, - ասաց Մոխրունցը։
Քառյակը դանդաղ սկսեց հետ գնալ, հետո վազել։ Ձայներից ենթադրելով` տասնյակ արալեզներ էին նրանց հետապնդում։
- Հոտն են մեր զգում, - շնչակտուր ասաց Մոխրունցը, - կհասնեն մեզ հիմա:
Լուսեն կանգ առավ, ափերի մեջ էլեկտրական կծիկներ հավաքեց ու նետեց առաստաղին։ Քարանձավը դղրդաց, խոշոր քարաբեկորներ թափվեցին ու փակեցին ճանապարհը։
- Սա մի քիչ կբարդացնի ետդարձի ճանապարհ գտնելը, բայց այդ գազանները մեզանից կպոկվեն, - ասաց նա։
- Ինչ է արել այս վայրն այդ ազնվական կենդանիների հետ, - տխրությամբ ասաց Ֆիադյանը։
***
Քառյակը շարունակեց ճանապարհը։ Նրանք վերջապես դուրս եկան քարանձավից ու ընդարձակ կամարազարդ սրահում հայտնվեցին։ Բարձր առաստաղը հենված էր հաստ սյուների վրա: Սյուներից մի քանիսը տապալված էին: Պատերի երկայնքով երևում էին կամարաձև խորշեր, որոշներում կոտրված կավե անոթներ: Հանդիպում էին կիսով չափ մաշված որմնանկարներ:
- Անդրքաղաքը… - հպարտորեն ասաց Մոխրունցը: - Ո՞վ էր ասում, թե հորինվածքն է թզուկ պառավների:
- Տեսեք` ինչ եմ գտել, - կանչեց Լուսեն։
Սյուներից մեկի տակ երկու կմախք էր ընկած։ Երկուսի ձեռքերում էլ բրոնզե թրեր էին։ Նրանցից մեկի հագին լուսնի պատկերով լանջապանակ էր, իսկ մյուսի կողքին արևի պատկերով վահան էր ընկած։
- Երևում է իրար են սպանել, - ասաց Ուրսան։
- Ով գիտի քանի դար են այստեղ ընկած մնացել։ Պետք է պատշաճ կերպով հուղարկավորել նրանց, - առաջարկեց Լուսեն։
- Էս բոլորի՞ն - հարցրեց Ֆիադյանը։
Լուսագունդը խավարից ազատել էր սրահի մյուս մասն ու երևան հանել այստեղ ու այնտեղ ընկած անհաշվելի կմախքներ։
- Դաշտ է ճակատամարտի, - եզրակացրեց Մոխրունցը։
Քառյակը շարունակեց ուսումնասիրել սրահը։ Տարբեր ուղղություններով հեռացող թունելներ կային, որոշները վերև էին տանում, որոշները` ներքև։ Սրահի ամենավերջում պատվանդանի վրա սեպագիր արձանագրությունով մի քար էր տեղադրված։ Արձանագրության երկու կողմերում թևավոր առյուծների քանդակներ էին։
- Որտե՞ղ եմ տեսել էս գազաններին, - հարցրեց Ուրսան, - մի տեսակ ծանոթ են։
- Երևաանի զինանշանի վրա, - հուշեց Ֆիադյանը։
Մոխրունցը խնամքով սրբեց ակնոցի հաստ ապակիներն ու սկսեց զննել գրությունը։
- Հին էրեբուներեն է սա, - ասաց նա, - ասվում է, որ հիմնադրվել է քաղաքը մեր ի պաշտպանություն աշխարհի։ Հիշատակվում է «աստվածը խավարի»։ Անվանվում է նա «աշխարհակործան»։ Ասվում է` փակված է չարիքը զնդանում Անդրքաղաքի, քանի դեռ ապրում է քաղաքն Արգիշտոսի հիմնադրած։ Գրված են էլի բաներ… Պահապան արալեզներ… Թակարդ մոգական` զնդանը պաշտպանելու համար… Մեռյալների բանակ…
Մինչ Մոխրունցը վերծանում էր տեքստը, սրահում ինչ-որ շարժում սկսվեց։ Կմախքներից մեկը դանդաղ վեր կացավ, հետո էլի մի քանիսը։ Հոդերը ճռճռացնելով ու զրահները զնգացնելով նրանք բոլոր կողմերից սկսեցին մոտենալ քառյակին։
- Դարձէք ի աշխարհ մեռելոց եւ ննջեցէք խաղաղութեամբ, - արտասանեց Ֆիադյանը։
Կմախքները ոչ մի կերպ չարձագանքեցին ու շարունակեցին մոտենալ։
Լուսեն էլեկտրական շանթեր ուղարկեց նրանց ուղղությամբ։ Կմախքներից մի քանիսը գետին փռվեցին, բայց շատ չանցած` նորից վեր կացան։
- Բանը բուրդ է, - արձանագրեց Ֆիադյանը։
Մոխրունցը կրակոցով ցրիվ տվեց կմախքներից մեկի գանգը։ Ուրսան նրանց վրա դատարկեց իր ամբողջ փամփշտատուփը։
- Հա-հա, սա՞ է ձեր գովերգած մոգությունը, - բացականչեց օրկուհին, - մեր ձևով ավելի լավ է ստացվում։
Սպառելով փամփուշտները` նա գետնից մի ժանգոտ թուր վերցրեց ու կատաղի մարտակոչով հարձակվեց մեռյալների վրա`աջ ու ձախ հարվածներ հասցնելով ու ոսկորներ ջարդուփշուր անելով։ Այդ պահին նա հին ֆիլմերի կին ռազմիկներին էր նման։ Ֆիադյանը կոտրված սյան մի ծանր բեկոր նետեց հարձակվողների ուղղությամբ ու փշրեց նրանցից երկուսին։ Լուսեն ու Մոխրունցը քշտեցին թևերն ու ձեռքի տակ եղածով միացան ձեռնամարտին։
Կռիվը երկարում էր։ Կմախքները դանդաղաշարժ ու փխրուն էին, բայց յուրաքանչյուր տապալվածի փոխարեն մի քանի նորերն էին հառնում։ Շուտով կմախք-ռազմիկների մի ամբողջ բանակ հավաքվեց։
Անմեռները բոլոր կողմերից շրջապատել էին։ Նահանջի ճանապարհ չկար։ Ֆիադյանը մոգակամ վահան ստեղծեց քառյակի շուրջը։
- Որքա՞ն երկար է պահվում էս բանը, - հարցրեց Ուրսան։
- Ամենահզոր մոգերը կարող են մի քանի ժամ պահպանվող վահան արարել, - ասաց Ֆիադյանը։
- Իսկ դո՞ւք - հարցրեց Մոխրունցը։
- 10 րոպե, - պատասխանեց Վահանը։
- Ես կարող եմ ներսից վահանի երկրորդ շերտ արարել, - ասաց Լուսեն։ - Երբ առաջին շերտն անհետանա, Ֆիադյանը ներսից մի հատ էլ կավելացնի։ Այդպես հերթով կպահենք պաշտպանությունը։
- Այո, բայց մի քանի ժամ անց մեր մոգական ուժը կքամվի ու այդ ժամանակ…
- 10 րոպե էս կողմ, 10 րոպե էն կողմ, - ասաց Ուրսան, - վաղ թե ուշ սրանք մեզ կտոր-կտոր կանեն։
- Երևում է այստեղ է ավարտվելու ճանապարհը մեր, ընկերներ սիրելի, - ասաց Մոխրունցը։
- Վերևում չեն էլ իմանա, թե ինչ է պատահել մեզ հետ: Կգրանցեն որպես անհետ կորած, - ասաց Լուսեն։ - Տարիներ անց գուցե ինչ-որ մեկը դարձյալ այստեղ կիջնի ու կգտնի մեր անանուն կմախքներն ուրիշ կմախքների կույտի մեջ։
- Այդքան հեշտ մի հանձնվեք, - ասաց Ֆիադյանը, - դեռ ժամանակ կա մի բան մտածելու։
Ժամանակն անցնում էր, վահանները փոխարինվում էին մեկը մյուսով։ Կմախք-ռազմիկների խիտ շարքերը չէին նահանջում ու սպասում էին իրենց ժամին։
- Կարծում եմ սա վերջինն է, - ասաց Լուսեն ուժասպառ, - հաջորդ վահանի համար էլ ուժ չկա։
Վահանն արդեն թրթռում էր ու ուր որէ կանէանար։ Ֆիադյանը, վերջին ուժերը լարելով, փորձեց ևս մեկը կախարդել, բայց ոչինչ չստացվեց։ Կմախքներից մեկը թրով ձեռքն անցկացրեց թուլացած վահանի միջով ու քիչ էր մնում Մոխրունցի դեմքին հասներ։ Ուրսան թրի մի հարվածով կոտրեց նրա արմունկը։ Ուրիշ ձեռքեր սկսեցին ներս սողոսկել։
- Անէացե՛ք, - ինչ-որ մեկի ձայնն արձագանքեց սրահով մեկ։
Մոգական ալիքը փոթորիկի պես տարածվեց ողջ սրահով: Կմախքները կտոր-կտոր եղան ու ցիրուցան ոսկրակույտերի վերածվեցին:
Սրահի մյուս ծայրին գավազանը ձեռքին կանգնած էր մոգապետ Թալեսյանը, իր երկու լռակյաց ուղեկիցների հետ։
Ֆիադյանը երբեք չէր մտածել, որ այսքան ուրախ կլինի վերադասին տեսնելու համար:
- Պարոն Թալեսյան, ճիշտ ժամանակին հասաք, մի քիչ էլ ու արդեն… - խոսեց Լուսեն։
- Դե, ինչպես մի հայտնի մոգ էր ասում` հրաշագործները երբեք չեն ուշանում ու երբեք վաղ չեն գալիս։ Գալիս են հենց այն պահին, երբ անհրաժեշտ է, - ասաց Թալեսյանն ու սկսեց ծիծաղել։ Նրա երկու ուղեկիցները նույնպես ծիծաղեցին։
- Ինչպե՞ս գտաք մեզ, - հարցրեց Լուսեն։
- Ֆիադյանը մի քանի տասնյակ հաղորդագրություն է ուղարկել։ Երբ ստացա դրանք, հասկացա, որ այստեղ եք իջնելու։
Ֆիադյանը թուրը պահեց մոգապետի կոկորդին։
- Գժվե՞լ ես Ֆիադյան, - ասաց Թալեսյանը, - ի՞նչ ես անում, հեռո՛ւ տար, էս ժանգոտ…
- Օրիորդ ավագ լեյտենանտ, - դիմեց մոգը Ուրսային, - ճիշտ կլինի, որ ձերբակալեք այս մարդկանց։
- Ի՞նչ է կատարվում, - Մոխրունցը շփոթված էր։
- Նրանք ստում են, ասելով, թե մեզանից հետո են Անդրքաղաք իջել, - ասաց Ֆիադյանը։ - Հիշո՞ւմ եք ոտնահետքերը, մեկն էլ գավազանով էր… Վստահ եմ` խուզարկելու ժամանակ նրանց մոտ լուսին-մեդալիոններ կգտնեք։
- Կեցցեք ֆիադյան, - ասաց Թալեսյանը ծիծաղելով, - գրեթե բացահայտեցիք գործը։ Միայն մի բան հաշվի չեք առել։ Ձեր խղճուկ քառյակը չի կարող ինձ հետ մրցել։
Մոգապետը գավազանով շարժում արեց։ Ֆիադյանի ու Ուրսայի ձեռքում թրերը փշուր-փշուր եղան։ Եվս մի շարժում` մոգական էներգիայից հյուսված կապերը պարուրեցին քառյակին, այնպես որ չէին կարող շարժել ձեռքերը։
- Ինչի՞ համար է այս ամենը, - բղավեց Լուսեն։
- Չեք էլ պատկերացնի, թե ինչի մեջ եք քիթներդ խոթել, - ասաց մոգապետը։ - Հետաքննությունը ձեզ հանձնարարելիս մտքովս էլ չէր անցնում, որ այսքան հեռուն կհասնեք։ Ո՞վ կմտածեր, որ Երևաանի ամենաանհաջողակ մոգն այսքան ջանասեր կգտնվի։
- Բայց ո՞րն է ձեր նպատակը, Երևաանն Անդրքաղաքի հրեշներով լցնելով ի՞նչ եք շահելու, - հարցրեց Ուրսան։
- Հիմար կանաչամորթ, մեր նպատակը դա չէ, - բղավեց Թալեսյանը։ - Մենք այստեղ ենք մեր տիրակալին զնդանից ազատելու ու Լուսնի եղբայրության փառքը վերադարձնելու համար։ Քաղաքը մեր եղբայրների արյան վրա է կառուցված, մեր տիրակալի զնդանի վրա է կառուցված։ Իսկ այդ մանր-մունր գազաններն ուղղակի սարսափահար վերև են փախչում, որովհետև կանխազգում են տիրակալի վերադարձը։
- Հիմա սրանց հետ ի՞նչ ենք անելու, մոգապետ, - հարցրեց Թալեսյանի ուղեկիցներից մեկը։ Ինչի՞ համար փրկեցիք մեռյալներից։
- Տիրակալն անկասկած քաղցաց կլինի դարերի բանտարկությունից հետո։ Այս չորսին կարժանացնենք նրա առաջին զոհերը դառնալու մեծ պատվին։
***
Մոգապետն ու իր երկու մանկլավիկները գերևարված քառյակին ուղեկցեցին ներքև տանող ոլորապտույտ աստիճաններով։ Որքան ավելի խորն էին իջնում, այդքան ավելի էր զգացվում ինչ-որ մութ ուժի ներկայությունը։
- Դուք էլ եք զգո՞ւմ, - հարցրեց Ֆիադյանը։
- Այո, ասաց Լուսեն, - օդը կարծես չարությամբ ու վախով ներծծված լինի։
- Ինչ-որ բան տհաճ ես նույնպես զգում եմ, - ասաց Մոխրունցը։
- Ի՞նչ պիտի զգամ, - հարցրեց Ուրսան: - Էս տականքների գլուխը ջարդելու ցանկությում եմ միայն զգում։
- Մեր տիրակալի աուրան է, - ասաց մոգապետը: - Որքան թուլանում է զնդանի պատնեշն, այնքան նրա ուժը տարածվում է դեպի վեր ու ստիպում ցածրածին էակներին սարսափահար փախչել։
Աստիճաններն ավարտվեցին ու խումբը բարձր գմբեթավոր ստորգետնյա սրահում հայտնվեց։ Գմբեթի տակ մոգական էներգիայից հյուսված հսկայական մի գունդ էր ճախրում։ Գնդի ներսում անդադար ալեկոծվող սև ծուխ էր երևում։ Առաստաղն ամբողջությամբ պատված էր կլոր անցքերով, որոնցից շողացող էներգիայի կծիկներ էին դուրս գալիս ու միաձուլվում գնդի հետ։
- Հետևեք նոր դարաշրջանի սկզբին - ասաց մոգապետն ու գերիներին ծնկի իջացրեց սրահի մուտքերից մեկի մոտ։
Սրահում սև թիկնոցներով ու լուսնամեդալիոններով բազմաթիվ մարդիկ, էլֆեր, թզուկներ ու նոխազոտներ էին հավաքված։ Նրանք մոնոտոն երգելով ինչ-որ ծես էին իրականացնում։
- Սա նման է մոգական վահանի, - ասաց Լուսեն, - միայն թե հակառակ է աշխատում։ Թույլ չի տալիս, որ ներսում փակվածը դուրս գա։ Ո՞վ կարող էր այսպիսի հզորության պատնեշ կառուցել ու ինչպե՞ս է այն դարերով պահպանում իր ուժը։
- Կարծում եմ Արևի միաբանության մոգերը միացյալ ուժերով են այն արարել։ Տեսնո՞ւմ ես վերևից իջնող էներգիայի կաթիլները։ Կարծում եմ պատնեշը սնվում է Երևաանի բնակիչների կենսաուժով։ Ահա, թե ինչու էր գրված, որ Երևաանը պաշտպանում է աշխարհը ու չարիքը զնդանում կմնա, քանի դեռ քաղաքն ապրում է։
Թալեսյանն ու այն երկուսը կախեցին իրենց մեդալիոններն ու միացան ծեսին։ Նրանք շրջան էին կազմել, որի կենտրոնում սեպագրերով պատված մի քառակուսի քար էր դրված։
- Սա գողացված արձանագրությունն է, - շշնջաց Ուրսան։ - Երկու օր առաջ Էրեբունիում անհայտ անձինք ներխուժել են քաղաքի պատմության թանգարան ու գողացել Երևաանի հիմնադրման մասին Արգիշտոսի թողած արձանագրությունը։
- Ահա և գլուխկոտրուկի վերջին դետալը, - ասաց Ֆիադյանը։ - Զնդանի ու քաղաքի անխափան մոգական կապն ապահովելու համար մեր նախնիներին մի հզոր արտեֆակտ էր պետք։ Կարծում եմ Արգիշտոսի արձանագրությունը հենց այդ արտեֆակտն է։
- «Արգիշտոսը՝ Մենուայի որդին, կառուցեց այս բերդը հոյակապ․․․ ի սարսափ թշնամիների», - Մոխրունցը հիշեց արձանագրության տեքստը։ - Ահա թե ով էր «թշնամին» այդ։
- Եթե լուսնականները չեզոքացնեն արտեֆակտը, վահանը կդադարի սնուցվել ու չարիքը դո՞ւրս կգա, - հարցրեց Լուսեն։
Նրա հարցի պատասխանը չուշացավ։
Սեպագիր արձանագրության վրա ճաք հայտնվեց։ էներգետիկ գունդը սկսեց ցնցվել։ Սև ծխի քուլաների մեջ ինչ-որ բան շարժվեց։ Հսկայական գալարվող շոշափուկներ երևացին։ Լուսնականներն ավելի եռանդով սկսեցին երգել։ Ֆիադյանի ականջները զնգում էին մութ աուրայի սաստկացող ալիքներից։
- Փորձե՞լ ես ազատվել կապող մոգությունից, - հարցրեց ֆիադյանը էլֆուհուն։
- Այո, բայց չի ստացվում, իմ ուժը դեռ չի վերականգնվել։
- Մտածել է պետք… մտածել, մտածել, մտածել, - մրթմրթում էր Մոխրունցը։
Հանկարծ Ֆիադյանը սկսեց ինչ-որ մեղեդի շվշվացնել։ Նա փորձում էր հնարավորինս բարձր սուլել, որպեսզի մեղեդին լուսնականների երգից բարձր լսվի։
- Ի՞նչ ես անում, - հարցրեց Ուրսան։
- Վստահեք ինձ, - ասաց Ֆիադյանը, - եթե սուլել գիտեք, կրկնեք իմ հետևից։
Քառյակի միասնական շվշվոցը տարածվեց գետնատակով մեկ` արձագանքելով սրահում ու թունելներում։
- Էդ ի՞նչ եք անում, Խալդին տանի, սսկվեք, - բղավեց լուսնականներից մեկը։
Սուլոցը չէր դադարում։
Թալեսյանը գլխով նշան արեց։ Նրա երկու ուղեկիցները հանեցին դաշույններն ու մոտեցան քառյակին։
- Տեսնենք, առանց շուրթերի ո՞նց եք շվշվացնելու, - ասաց նրանցից մեկն ու դանակը մոտեցրեց Լուսեի դեմքին։
Այդ պահին սրահը հաչոցների ու մռնչոցների ձայներով լցվեց։ Գմբեթի անցքերից անհամար արալեզներ էին դուրս թռչում։ Թևավոր գազանները հարձակվում էին լուսնականների վրա, պատառոտում թիկնոցները, մսի կտորներ պոկում նրանցից։ Մոգապետը բարձրացրեց գավազանը կախարդանք հյուսելու համար, բայց չհասցրեց։ Միանգամից մի քանի գազան գետնին տապալեցին նրան ու սկսեցին հոշոտել։
Նույն պահին քառյակին պահող կապերն անհետացան ու նրանք շտապեցին փախչել արյունահեղության վայրից։
***
Երևաանում խաղաղ երեկո էր։ Ոչինչ չէր հուշում քաղաքի ընդերքում տեղի ունեցած արյունալի ու վճռորոշ դեպքերի մասին։
- Կցնցվի քաղաքը, երբ հայտնի դառնան բացահայտումներն այսօրվա, - ասաց Մոխրունցը։ - Շատ բան կունենան լրագրողները գրելու։
- Ոչ միայն լրագրողները, - հոգոց հանեց Ուրսան։ - Ոստիկանապետն ինձանից գրավոր հաշվետվության մի քանի հատոր է ակնկալում։ Գնամ գրելու, բարով մնաք։
Մոխրունցն ու Ուրսան հրաժեշտ տվեցին մոգերին ու հեռացան։
- Թերագնահատում էի քեզ, Զավեն, - ասաց Լուսեն ժպտալով, - Ամբողջ Երևաանը պարտական է քեզ։
- Դեռ ոչինչ ավարտված չէ, - ասաց Ֆիադյանը։ Ինչ-որ տեղ քաղաքի ընդերքում հրեշը դեռ սպասում է իր ազատմանը։ Հայտնի չէ, թե Մոգխորհրդում ու կառավարությունում էլ ովքեր են ծառայում նրան։
- Ճիշտ եք, միասին դեռ շատ գործ ունենք անելու, - ասաց էլֆուհին։ Բայց այդ ամենով վաղը կզբաղվենք։ Իսկ հիմա … Միգուցե՞ գնանք միասին ընթրելու։

Comments