top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Թագավորի փոքր տղան և սպիտակ դևը», հեղինակ՝ Նարինե Մանուկյան

Updated: Apr 26




Կար-չկար մի թագավոր կար: Այս թագավորը ունենում է երեք որդի: Օրերից մի օր  թագավորի աչքերը կուրանում են: Հավաքվում են աշխարհի բոլոր բժիշկները, իմաստունները: Բժիշկները ճարը չեն գտնում, իսկ իմաստուններից մեկը ասում է.


-Թագավո՛ր ապրած կենա, հեռու-հեռավոր լեռների այն կողմ մի խնձորի ծառ կա, անմահական խնձորի ծառ: Թե այդ խնձորներից ուտես, աչքերիդ լույսը կբացվի: Քո միակ փրկությունը  անմահական խնձորն է: Մարդ ուղարկիր, թող բերի: Միայն իմացիր, որ ծառը հսկվում է դրերի կողմից: Գտի՛ր թագավորությանդ մեջ ամենաանվախներին ու ազնիվներին, և գործդ կհաջողի: Մեծ տղան լսելով ասում է.


-Հայ՛ր ես  կգնամ, կբերեմ: Միայն օրհնի՛ր ինձ:


Ստանալով հոր օրհնանքը` սկսում է ճամփի նախապատրաստությունը: Հագնում–կապում է իր զենք ու զրահը, նստում է իր ձին ու օրեր շարունակ վարգելով` գտնում է ծառը: Ծառ մի ասա մի  հրաշք ասա: Շուրջբոլորը լցված էր մաքրամաքուր լույսով, որը աչք էր շլացնում: Զմրուխտյա կանաչի վրա շողում էին ջրի կաթիլները, կապույտ քչքչան առվակում լողում էին ոսկեգույն ձկները: Գույնզգույն ծաղիկները ժպտում էին նայողի դեմքին: Քամին անուշ մի երգ էր շշնջում ու մրափ էր բերում բոլոր նրանց աչքերին, ովքեր կհայտնվեին մարդկանց կոցմից չհայտնաբերված այս վայրում: Խնձորները կախվել են ճութերից, ասես կանչում են ուտողին: Թագավորի տղան շփոթված ու արբած մի քանի խնձոր է ուտում, քունը տանում է, պառկում է ծառի տակ ու քնում: Քնում է, որպեսզի հետո արթնանա ու քաղի պտուղը` հորը տանելու  համար: Քնում–արթնանում է, տեսնում է` ծառը դատարկ է: Դու մի ասա այդ ընթացքում մի դև է եկել ու խնձորները սրբել-տարել է: Գլուխը կախ հետ է վերադառնում տուն:


Միջնեկ տղան տեսնում է, որ մեծը դատարկաձեռն  եկավ, ինքն է հորը համոզում  գնալ ու խնձորները բերել: Թագավորը համաձայնում է: Հայրական օրհնանքներով ճանապարհում է միջնեկ տղային: Միջնեկ տղան անցնում է սարեր ու ձորեր, կռվում է քամիների ու փոթորիների դեմ ու գտնում է դրախտավայրը, ուր աճում է ծառը: Սա  էլ  հիացած սկսում է ման գալ այգում: Խոտերը զնգում էին ոտքերի տակ, ծաղիկները անուշ շշնջում ու ժպիտով, հետո բարձր ծիծաղով փռվում տղայի ոտքերի տակ: Տղան աշխարհում մոռացել էր ամենքի և ամեն ինչ: Ոտքը դրեց սառը ջրի մեջ ու սթափվեց, խնձորներով հիացած` մի երկուսը կերավ` մտածելով, որ քնի - արթնանա, նոր  հավաքի ու տուն դառնա: Արթնանալուց հետո տեսնում է, որ ծառը դատարկ է`չհասկանալով` ինչ է կատարվել: Հետո գլխիկոր բռնում է տան ճանապարհը: Տեսնելով միջնեկ ախպորը` փոքրը ասում է.


-Հա՛յր, ես կգնամ ու կբերեմ:

Թագավորը  ասում է.

-Որ մեծ  ախպերներդ  չբերեցին, դու  ինչպ՞ես պիտի  բերես:

-Հա՛յր, օրհնի՛ր  ճանապարհս , ես  կբերեմ:


Թագավորը օրհնում է որդուն: Սա հագնում է իր երկաթյա զգեստները, վերցնում է  զենքերը և  գիշեր- ցերեկ սարեր-ձորեր անցնելով` գտնում է ծառը: Մի երկուսը ուտում է, զգում է քունը տանում է: Թուրը քաշում է ձեռքի վրա փոքր վերք անում, աղ է ցանում վրան, որ մրմռա, քունը չտանի: Հասկանա, թե ինչ է լինում խնձորների  հետ` հիշելով  եղբայրների պատմածները: Քիչ հետո ինչ տեսնի: Դևը սողալով գալիս է ծառի կողմը: Ուզում է խնձորները  կուլ տալ, թուրը քաշում է, վիրավորում դևին: Սա  սողալով հեռանում է: Հավաքում է խնձորները  պարկի մեջ ու բռնում տունդարձի  ճանապարհը:

Թագավորությունում լուր է տարածվում, որ թագավորի կրտսեր տղան գալիս է ` բերելով  անմահական խնձորները: Հայրը ուտում է խնձորները, աչքերը լավանում են: 

Փոքր տղան պատմում է բոլորին դևի մասին և առաջարկում է գնալ սպանել: Եղբայրները  համաձայնվում են ու զենք ու զրահ վերցնելով` ճանապարհ են ընկնում: Հասնելով խնձորի ծառին` գտնում են արյան հետքերը ու հետևելով դրանց հասնում են մի խորը  փոսի: Երեք եղբայր որոշում են, թե ով է մտնելու վիրապի մեջ: Մեծ  եղբորը պարանով կախում են փոսի մեջ: Վիշապների ջերմությունը այնքան շատ է լինում, որ մեծ տղան չի դիմանում ու կանչում է.


-Էրվամ, վառվամ, հանեք:

Եղբայրները պարանը ձգելով հանում են իրենց  ավագ եղբորը:

Հերթը հասնում է միջնեկ  եղբորը: Սրան են իջեցնում: Կեսից կանչում է.

-Էրվամ, վառվամ, հանեք: Եղբայրները քաշում են պարանը և հանում: Հերթը հասնում է փոքր եղբորը: Վերջինս ասում. 

-Ինչքան ասեմ էրվամ, վառվամ, հանեք, չհանեք: Կիջեցնեք մինչև վերջ:

Եղբայրները այդպես էլ անում են: 

 

Փոքր  եղբայրը հասնում է փոսի  հատակը և ինչ տեսնի: Լայն միջանցքներ, որոնք  կորել էին գոլորշու և բուղի  մեջ: Հերթով սկսում է անցնել միջանցքներով: Բացում է առաջին դուռը  և տեսնում. վիշապը  գլուխը  դրել է մի գեղեցիկ աղջկա ոտքերին ու  քնել է: Աղջիկը հասկացնում է, որ տղան հեռանա: Թագավորի տղան չի  համաձայնում: Արթնացնում է դևին և սկսում են մենամարտել: Հաղթելով նրան և  ազատելով  աղջկան` գնում են առաջ:

Անցնում են երկրորդ միջանցքով և հանդիմում երկրորդ դևին: Սա  էլ գլուխը դրել է մի  գեղեցիկ  աղջկա  ոտքերի  ու քնել է: Սրան էլ է արթնացնում: Մենամարտում են: Տղան  հաղթում և ազատում աղջկան: Աղջիկները  ասում են, որ կա մեկ ուրիշ` ամենագլխավոր դևը: Տղան որոշում է նրա հետ  էլ մենամարտել: Անցնում են ամենալայն միջանցքով և տեսնում է, որ մի հսկա վիշապ  գլուխը դրել է մի շատ  սիրուն աղջկան  ոտքերին ու քնել է: Աղջկա գեղեցկությունից կարելի էր մարդ  շլանալ: Աղջիկը, տեսնելով նրանց, պատվիրում է հեռանալ, քանի դեռ դևը քնած է: Տղան չի  համաձայնում:

 

-Արթնացրո՛ւ, այդ  հրեշին,- դիմում է տղան:

-Իմացի՛ր, որ անպայման մեջտեղի գլխին խփես: Թե չէ, չես կարողանա հաղթել:  

Դևն արթնանում է և մարդկային լեզվով սկսում խոսել.

-Գնա՛ այստեղից, քանի կարող ես:

Եկել եմ մեր  թագավորությունը ազատել հրեշներից:

Սկսում են մենամարտել: Փոշին ու դումանը բարձրանում է վեր: Լսվում է  հարվածների ձայնը:

-Մի հատ էլ զա՛րկ,-  գոռում է դևը…

-Մի հատ էլ զա՛րկ,-  կանչում է տղան:

Քիչ հետո դևը թափ  է տալիս իրեն: Մեջտեղի  գլուխը  պոկվում է ու ընկնում:

Տղան ազատում է աղջիկներին ու մոտենում է այն անցքին, որտեղից  իջել էին: Շարժում են կախ ընկած պարանը ու եղբայրները սկսում են քաշել պարանից: Քաշում – քաշում  են ու հանում մի սիրուն աղջիկ: Մեծ եղբայրն ասում է.

-Սա  ինձ  կին:

Նորից  են քաշում ու  հանում մեկ ուրիշ սիրուն աղջիկ: Միջնեկ եղբայրն ասում է.

-Սա էլ ինձ կին:


Պարանը  քաշում են  և հանում են մի  ավելի  գեղեցիկ  աղջկա: Եղբայրները  որոշում են  փոքր եղբորը փոսից չհանել: Բաց են թողնում պարանը: Աղջիկներին համոզում են, որ պարանը օդից կտրվել է ու տղան մահացել է:

Վերցնելով  աղջիկներին` գնում են տուն: Պատմում են թագավորին տղայի  պատմությունը: Թագավորը  որոշ ժամանակ անց վշտից մահանում է: 

Սրանց թողնենք  իրենց հետ ու գնանք մեր տղայի կողմը: 


***


Տղան ուշքի  է գալիս ու սկսում է քայլել միջանցքով: Շատ  է գնում թե չէ, հանդիպում է  մի  անցքի: Դուրս է գալիս ճեղքից լույս  աշխարհ ու գնում է թագավորության հեռավոր գյուղերը: 


-Չէ՛, իմ  հոր  տուն չեմ գնա, իմ  եղբայրների  երեսները  չեմ  կարող տեսնել, կապրեմ աշխարհում  ինձ  համար` իբրև  ռամիկի որդի,- խոսում է ինքն իրեն ու քայլում է աչքը տեսած կողմը: Շատ է քայլում թե  չէ,  հասնում է մի գյուղ: Աշխարհից կտրված մի տեղ  է սա  գտնում հոր թագավորություն մեջ: Պատառոտված  հագուստներով ծեծում է   առաջին պատահած  դուռը: Դուռը  բացում մի ծեր կին:

-Ես քեզ որդի, դու ինձ մայր:

-Դու ինձ որդի, ես քեզ մայր: Բայց…


Այս պառավը մի խորթ աղջիկ էլ է ունենում: Տարօրինակ, չխոսկան ու մարդկանցից  խուսափող: Պառավը շարունակ տղային փորձում է համոզել, որ հեռանա տնից, իրենց գյուղից գնա: Տղան հասկանում է պառավի խոսքերի իմաստը, բայց չի ցանկանում  լքել խեղճ կնոջը: Հասկանում է, որ նրա աչքերը օգնություն են խնդրում, հասկանում է ու  որոշում օգնել: Շուտով տղայի ականջն է ընկնում, որ գյուղում շարունակ  կենդանիներ  են պակասում: Առավոտները  մարդիկ  այս ու այն կողմ ոսկորներ  են  գտնում: Ոչ ոք չունի պատասխան, թե ուր են կորում իրենց կենդանիները: Սարսափը ընկնում է մարդկանց մեջ: Մարդիկ չգիտեն` ինչ անեն: Որոշում են մեծ միջոցներ հավաքել և տալ այն մարդուն, ով կբացատրի առեղծվածը: 

Թագավորի տղային շատ է հետաքրքրում միջադեպը: Որոշում է գտնել մեղավորին և  մարդկանց ազատել վախից: Որպեսզի քունը չտանի, նորից թրով կտրում է մատի ծայրը:Աղ  է լցնում վրան, որպեսզի մրմուռից քունը չտանի: Պառկած է պառավի  տանը  իր  անկողնում, տեսնում է պառավի  խորթ աղջիկը քնից արթնանում  ու  սողոսկելով  դուրս է գալիս  խրճիթից: Տղան հետևում է նրան: Աղջիկը գնում- գնում է մի  դասշտ է հասնում: Հովիվն ու հոտը  քնել էին, մի գոլորշի է արձակում և տիրում է  համատարած  լռություն: Թե շները քնած  չէին, սրանք էլ են ընկնում Մորփեոսի  գիրկը: Քնում է նաև թագավորի տղան` ընկնելով  խոտերի  մեջ: 

Առավոտյան, երբ ծագում է արևը, ու շողերը սկսում են վազվզել խոտերի վրայով, լսվում է մարդկանց սարսափած  ձայները: Տղան աչքերը  բացում է ու տեսնում ոչխարի  հոտ, որի  միջով, թվում է, թե գայլի ոհմակ է անցել: Ցաքուցրիվ ոսկորներ ու  քնկոտ  աչքերով  հովիվներ: Ոչ ոք չուներ պատասխան: Տղան աննկատ հեռանում է  ու  վերադառնում խրճիթ: Պառավը անհանգիստ  է, աղջիկը  քնած: Ամբողջ  օրը նրան հանգիստ չէին տալիս  զանազան մտքեր: Ինչ  եղավ աղջկա հետ: 

Մինչ  մտամոլոր նստել ու նայում է քնած աղջկան` վերջինս  արթնացավ, իր  տաք անկողնում նստեց ու երջանիկ դեմքով նայեց  տղային: 


՞նչ լավ գիշեր  էր,- ասաց նա:

Տղան գլխով  արեց ու  տեսավ, որ  աղջկա  աչքերը  կրակներ  են: Նրան թվաց  թե շուտով էլի կքնի: Եվ իրոք կքներ, եթե պառավը ձայն  չտար:

-Որդ՛ի, աշխարհը զարմանալի է, լի է առեղծվածներով: Ե՛լ, քո սիրած կերակուրը  օջախին է: Դու  էլ  վե՛ր կաց, թե  չէ մենակ կոկորդիցս պատառ չի գնա:

-Դուք  կերե՛ք, -ասաց աղջիկը ու շուռ եկավ պատի կողմը:


Պառավն ու թագավորի  տղան միմյանցից թաքցնում էին, ու  ամեն ինչ կարգին էր թվում: Ուտում էին, բայց պատառը կուլ չէր գնում: Երկուսն էլ գիտեին դեպքի մասին, բայց  երկուսն էլ համառորեն լռում էին, փախցնում էրն հայացքները իրարից, իսկ  խոսակցությունը ոչ մի ձև չէր ստացվում:  

Տղան գիտեր, որ աղջկա մատ խառն է այս դեպքերին: Բայց ո՛չ կարող էր ժխտել, ո՛չ էլ հաստատել: Մոտեցավ հերթական գիշերը: Նրանք արդեն հասկացել էին, որ գիշերը  իրենը  տանելու է: Մութը իր շղարշը  պատեց գյուղի վրա: Ամեն բան կորավ մթության  մեջ: Ձայները դարձան ավելի լսելի, ու մթությունը ավելի տեսանելի: Զնգաց լռության ձայնը: Բոլոր լույսերը հանգան: Ամեն մարդ դարձավ իր ընտանիքի ու գյուղի ապավենը: 

Թագավորի տղան պառկեց իր անկողնու մեջ` ձևացնելով իբր քնքած է: Պառավը  շուռումուռ  էր գալիս  իր  անկողնու մեջ, անուշ քնով քնած էր միայն խորթ աղջիկը: Գիշերը գնալով ծանրանում  է, կախվում մարդկանց աչքերից ու քունը դառնում է  քաղցր, ինչպես  սիրեցյալ: Վերջապես, թվում է` քունը հաղթել է բոլորին, աղջիկը  նորից  վեր է կենում անկողնուց ու քայլերն ուղղում է դռան կողմը: Տղան ամուր սեղմել էր  ձեռքի վերքը: Ցավից սարսուռը անցնում էր մարմնով, սառը թրջոցները   դրել էր ոտքերի տակ, որպեսզի քունը չտանի: Դուրս եկավ ու քայլերն ուղղեց   աղջկա  կողմը: Քնած էին  բոլորը: Հանկարծ  աղջիկը գոլորշի արտաշնչեց բերանից: Գոլորշին խառնվեց մթությանը: Ամեն շնչավոր առարկա անշնչացավ: Թագավորի տղան փակեց աչքերն ու խոնավ շորով փաթաթելով գլուխը փորձեց հաղթահարել քունը: Ամեն ինչ ստացվում է, բայց գոլորշու ուժը  ավելի  զորեղ էր: Քունը հաղթեց տղային: Վերջինս ընկավ այն թաքստոցի մոտ, որտեղ պատսպարվել էր:

Լույսը  բացվեց: Ինչպես մարդիկ են ասում, թող բարին էլ հետը գա: Մարդիկ նորից  գտան կենդանիների ցաքուցրիվ ոսկորներ: Սարսափը բոլորի մեջ էր, ամեն մարդ մտածում էր իր անձի փրկության մասին: Տղան արթնացավ իր անկողնում, զարմացած ու ահաբեկված: Շփոթմունքը պատել էր նրան, նայեց  պառավին ` պատասխան ակնկալելով: Բայց  պատասպանը ուշանում էր:


-Նա է,- շշնջում էին պառավի շուրթերը:

-Նա …


Տղան ահնհամբեր  սպասում էր  հերթական գիշերվան: Ամբողջ ցերեկը պտտվեց  աղջկա շուրջը`զննելով և ուսումնասիրելով նրան: Փորձեց  թափանցել աղջկա  աչքերի  մեջ: Կրակներից սկսեց այրվել: Գլուխը հանկարծակի թեքեց պատի կողմը և  անհագ  ծարավ զգաց: Վազեց  աղբյուրի մոտ ու մտավ ջուրը: Նրան հետաքրքրում էր`ով  էր  իրեն բերել տուն :Մի՞թե աղջիկը: Ամբողջ օրը թափառեց դաշտերում, փորձեց  հասկանալ ու ընկալել քամու ձայնը, լսել բնությանը ու գտնել ո՞վ է և ինչո՞ւ  հարցերի պատասխանը:  

Երեկոյան  հոգնած  հասավ տուն`բնությամբ լցված: Աղջիկը արև տեսավ տղայի  աչքերի առաջ: Ծակծկեց աչքերը աղջկա, ու երկու կաթիլ արցունք կաթեց  աչքերից: Կաթեց ու կաթացած տեղը այրվելով անցավ հողի տակ: Հողը փափկեց:

Տղան  մտածում էր  հերթական գիշերվա մասին: Ի՞նչ կլինի: Էլ հնար չգիտեր չքնելու համար: Ամեն բան փորձել էր ու ամեն ինչ տապալել:

Գյուղացիներից  շատերը որոշել էին լքել գյուղը: Սարսափը համատարած էր:

Եկավ  հերթական գիշերը` խորհրդավոր ու տանջալի: Ոչ ոք չէր քնել գյուղում: Վառվում էին բոլորի  լույսերը, լսվում էին բոլորի  աղաղակները: Աղջիկը անահնգիստ էր. չէր  քնել: Ամբողջ  մարմնին պատել էր անորոշ խլրտուքը: Նա դուրս եկավ  խրճիթից: Տղան` անշտապ  նրա  հետևից: Պառավը կուչ էր  եկել անկյունում ու քթի  տակ ինչ-որ անորոշ բան էր մրմնջում: Աղջիկը մտավ հրապարակ, ու գոլորշին  արտաշնչեց: Վայրկյանական բոլոր ձայները լռեցին: Տղան բղավեց.


-Չհամարձակվե՛ս ինձ քնեցնել, ես  գիրեմ, որ դա դու ես: -Չհամարձակվե ՛ս,- ու իրեն նետեց  աղբյուրի մեջ: Աղբյուրի մեջ խորը քուն է իջնում տղայի աչքերին:


Աղջիկը քմծիծաղ տվեց, ու սկսվեց կերպարանափոխությունը: Եղունգները դարձան  ծանկեր, մաշկը պլոկվեց ու դուրս եկավ, երկար վարսերը դարձան կոշտուկներ  մեջքին: Գլուխը դարձավ եռագլուխ: Աչքերը դարձան կրակներ, ու կրակ արտաշնչեցին նրա ռունգերը: Նստեց ջիր վրա ու փակեց դեպի գյուղը գնացող ջրի հոսքը:

Մարդիկ սարսափից, վախից չգիտեին` ինչ անել: Պառավին էին  մեղադրում, նրան անիծում` տանը վիշապ պահելու համար: Իսկ խեղճ կինն ի՞նչ աներ: Վիշապը ջուր չէր տալիս նրանց: Պայման էր դրել. ամեն օր մի կենդանի  արարած էր ուզում, ուտելու համար: ժամանակավորապես նրանք համաձայնում են: Ամեն օր մի  ընտանիք իր անասուններից մի գլուխ առանձնացնում էր ու գյուղի մեծերը այն տանում էին հրեշի մոտ: Կապում էին աղբյուրին մոտիկ մի քարից ու ահաբեկված փախնում էին: Վիշապ աղջիկը գլուխը բարձրացնում է, բերանից գոլորշի է արտաշնչում ու մի բերան է անում խեղճ կենդանուն: Որոշ ժամանակ անց վիշապը պահանջում է, որ մարդ բերեն իրեն` ամենասիրունին ու ամենախիզախին: Մի օր, երկու օր , մի շաբաթ բնակիչները ջուր չեն ունենում: Լուր են ուղարկում թագավորին` իրենց օգնելու և երկիրը վիշապից ազատելու համար: Թագավորը զորք է հավաքում  ու ուղարկում վիշապի դեմ մենամարտի: Մեկ- երկու և վիշապը մի բերան  է անում զորքի մի  մասին: Մյուսն մասն էլ ահաբեկված փախչում է այն ճանաարհով, որով եկել էր: Թագավորը ավելի մեծ զորաբանակ է ուղարկում, բայց սա էլ կիսատ-պռատ ետ է վերադառնում: Թագավորը որոշում է անձամբ գլխավորել զորքը` վախը սրտում և ահաբեկված: Աչքերի առաջ անցնում անմահական  խնձորի ծառը, հրեշները, մտաբերում է  եղբորը ու աչքերը թացացնելով` որոշում հաղթել իր վախերին ու  հրեշին: Հարազատ եղբոր ձայնը լսելով` ջրից ելնում է փոքր եղբայրը: Բացում է  աչքերը, ու ճանաչում արդեն թագավոր դարձած եղբորը: Եղբայրը նրան չի ճանաչում, ջրից հանում է անծանոթին ու նրա աչքերին նայելով` ակամա հարազատ բան է գտնում:


-Քո աչքերը,- ասում է թագավորը, - քո աչքերի նման աչքեր ես թողեցի խորը փոսի մեջ: Բայց դու նա չես: Նուրբ ու գեղեցիկ էր, լույս էր արևի պես, խանձված չէր քո պես: Խիզախ էր, բայց խիզախությանը խառնել է միամտությունը, դրա  համար էլ  կործանվեց, կործանեցի՜նք…

՛ մ աչքերի, ի՞նչ եք խոսում, տեր արքա- հետաքրքրվեց թագավորի տղան` աչքերը խոնարհելով,- իմ աչքերը էնքան տխուր են: Ես աշխարհում չունեմ ոչ մի հարազատ, թափառական մարդ  եմ: Ինձ անգամ վիշապը չկերավ: 

-Աչքերիցդ խիզախությունդ հորդում է: Դարձի՛ր  զորքիս հրամանատարը, օգնի՛ր  ոչնչացնել այս հրեշին:  


Տղան համաձայնում է: Շատ էր ուզում իմանալ` ինչ է անում այն աղջիկը, որին ինքը փրկեց: Բայց չգիտի` ինչպե՞ս հարցնի, ո՞ւմ հարցնի: 

Սև հրեշը, քանի որ կուլ էր տվել թագավորի զորքի մեծ մասին, տռզած փորով քնեց  օրերով: Տղան օր ու գիշեր պտտվում էր նրա շուրջը, հաշվում հարվածները, որ  անիմաստ  անցնում էին  նրա գլխով: Ոչ մի ելք չկար: Պետք է գործի դներ  արքայական սուրը: Բայց վերջինիս գործածությունը կմատներ իր ով լինլը: Այլ ելք չկար: Սուրը պահել էր պառավի տան տանիքին, խոտերի մեջ: Փնտրեց և գտավ, գտավ և արտասվեց, արտասվեց և ներեց եղբայրներին ու հիշելով հայրական վերջին օրհնանքները` թուրը համբուրեց ու գնաց հրեշին ընդառաջ: Դաշտը կորել էր  գոլորշու մեջ, բոլորի աչքերին քուն էր բերել գոլորշին: Անգամ թագավորն էր  ննջում իր ձին նստած: Տղան հասավ ու ձայնեց  հրեշին.


-Արթնացի՛ր, մա՛հդ եկել է: 

Հրեշը բարձրացրեց գլուխը, բացեց աչքերը և կրակ արտաշնչեց: Թագավորի տղան վահանով  պաշտպանվեց: Կրակը անդրադարձ կատարեց ու դիպավ դիմացի ծառին: Ծառը սկսվեց այրվել: Հերթը թագավորի տղայինն էր, պիտի հարվածեր, բայց ո՞ր գլխին: Որին  խփում էր, էլի վայրկյանական աճում էր, ու կրակ արտաշնչում: Աղմուկ – աղաղակից բոլորը արթնացան: Թագավորի աչքից չվրիպեց թուրը: Հասկացավ, հավատաց, որ արյունը երբեք չի ուրանիա: Հավատաց, որ մենամարտող խիզախ  երիտասարդը իր հարազատ  եղբայրն է: Հավատաց ու ամաչեց իրենց արածի համար: Կանչեց զինվորներից մեկին ու պատվիարեց գնալ և մյուս եղբորը կանանց հետ  բերել: Իսկ ինքը թուրը վերցրեց և նետվեց առաջ:


-Եղբա՜յրս, հեռո՜ւ,- հարվածն  իմն է: Ու սկսում են երկու եղբայրներով մենամարտել հրեշի դեմ: Ամեն ինչ և ամենն կորում են  փոշու մեջ: Միայն լսվում է թրերի ձայնը և կրակն է անհետանում փոշու մեջ:

-Մեջտեղի գլուխը, -կանչում է  փոքր  եղբայրը: -Մեջտեղի  գլուխը, ճիշտ  ու …,- հիշում է աղջկա խոսքերը և հարվածում է` կտրելով վիշապի մեջտեղի  գլուխը: 


Ջրի ակը բացվում է, գոլորշին վերանում է և դևի մարմինը դղրդոցով ընկնում է  գետնին:Մարդկանց աղաղակը սար ու ձոր է հասնում: Ուրախությունից խենթացած  մտնում են ջուրը ու սկսում են խաղալ ջրի հետ:

Շուտով  հասնում է նաև միջնեկ եղբայրը կանանց հետ: Երկու եղբայրները  ներողություն են խնդրում փոքր եղբորից, իրենց կանանցից: Թագը տալիս  են նրան` ըստ իրենց հոր կամքի: Նրան են հանձնում  իր փրկած աղջկան` ամենասիրունին, որը միշտ էլ հավատացել ու սպասել է փոքր տղային: 

Փոքր  եղբոր  սրտում չարություն չի լինում, այլ միայն սեր ու կարոտ: Համաձայնում  է: Վերցնում է հոր գավազանն ու համբուրելով` երկինք բարձրացնում: 

Երկար տարիներ  թագավորում են նրանք հաշտ ու համերաշխ: Ունենում են   զավակներ` դևերի նման անվախ ու ուժեղ: Ոչ ոք թագավորությունում այդպես էլ չի  իմանում, որ սիրուն աղջիկները` թագավորի որդիների կանայք, դևերի ցեղից են  լինում, սպիտակ դևերի, որոնք միշտ ընկերանում են մարդկանց հետ: Իսկ սրանց սերունդներից միշտ անվախ դևեր  են ծնվում:


83 views0 comments
bottom of page