top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Հայեցողի աչքը», հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան

«Դեկավիրոն» շարքից

Գյուղատնտեսությունից Ոսկանն էր հասկանում, հիշեց Գուրգենը, որոշեց զանգահարել, մի տասը տարի չէին հանդիպել, հեռախոսի համարն էլ իր հի՜ն նոթատետրում գտավ՝ էն իրանց վարձովի բնակարանի, - իրանց մայրական բնակարանինն անգիր հիշում էր՝ 345678, դպրոցական ժամանակներից, բայց դե դա վաղուց էին ծախել:


- Այո՞, - մի քնքուշ ձայն:

- Կներեք, կարող ե՞մ խոսել Ոսկանի հետ:

- Ոսկան, քեզ Գուրգենն է կանչում:

- Սառա, դու ե՞ս:

- Դե իհարկե:

- Տասնհինգ տարվա արանքից ձայնս ո՞նց ճանաչեցիր:

- Մենք քո ձայնը միշտ ենք ճանաչում:

- Ես էլ քոնը ճանաչեցի, բայց վստահ չէի, ասացի գուցե դուստր ունեք: Շա՜տ ջահել է:

- Դե էդպես, ջահելանում ենք:

**

- Գուրգենի հե՞տ եմ խոսում, - կռկռան մի ձայն:

- Այո:

- Բարև, Գուրգեն, ես ձեր դպրոցի նոր ջոկատավարն եմ, անունս՝ Սառա: Վաղը շաբաթօրյակ կա, ժամը տասին բոլորս հավաքվում ենք դպրոցի բակում:


Կարճահասակ ուսանողուհի, հաստաքամակ, ոտները՝ ծուռ ու անթրաշ: Վերևի պռոշին՝ բեղի հետք: Մազերը՝ սև, ինքը՝ ռոզովի գույնի բլուզկով, վրայից՝ կարմիր վզկապը կապած, գոռգոռում էր բակում, փորձում կազմակերպել, ձայնը՝ խզված:

Էդպես Գուրգենը ծանոթացավ ռայկոմի ուղարկած նոր ջոկատավարուհուն:

Հետո մի օր դպրոցից տուն էր գնում, արդեն տասներորդում կլիներ, Կարապի լճի նստարանին նստած էր մի զույգ: Առաջինը, ինչին Գուրգենի աչքը հառվեց՝ հաստ, համարյա կլոր կարճլիկ աղջիկն էր, դեմքին՝ բեղ: Կողքը պարթև տղա էր նստած, աղջկա ուսերը գրկած, աղջիկը՝ տղային հակված: Գուրգենը տառապեց այդ տեսարանից: Առաջին անգամ տղա-աղջիկ որոշել էին, կա՛մ իրար սիրահարված էին, կա՛մ՝ «ման էին գալիս», աղջիկը համաձայնել էր՝ բացառիկ դեպք, ու բայց՝ տե՞նց աղջիկ… Գուրգենը դեռ առաջին անգամ - և ոչ մի անգամ – աղջկա հետ տենց նստած չկար, և չգիտեր՝ ուզի թե չուզի, նախանձի թե ոչ, թե աղջիկը տենցն է լինելու: Մի՞ թե Երևանի աղջիկների մեջ չկան, քիչ են ուրիշները, մի՞ թե մեծամասամբ այնպիսին են՝ որ ինքը կամաչեր գրկած նստել, պարթև տղան, բայց, չէր ամաչում, այդպիսի աղջկա ուսերն էր գրկել, սա էլ՝ իրեն հակվել:

Հեռվից էր անցնում, և միայն երբ արդեն իրենց նստարանը ետևում էր մնացել՝ հասկացավ, որ Ոսկանն է: Իրենից մեծ ջոկատավարուհու հետ գրկված նստած էր: Լավ է, չտեսնելու էր տվել, անցնելիս դեմքը մի կողմ արել: Չնայած իրենք իրեն չնկատեցին էլ, վայ թե:

Առաջին դասարանում Գուրգենը երբ դասի եկավ՝ Ոսկանի կողքը նստեցրին, այդ օրվանից հարազատ ընկեր էր:

Ոսկանի մայրն աշխատում էր տպարանում, Ոսկանը լավ չէր սովորում առանձնապես, մենակ հայ ժողպատմից էր հինգեր ստանում, միասին զվռնում էին, Գուրգենենց տուն գալիս-հաց ուտում, Օպերայի բացօթյա կաֆեում Գուրգենի՝ հայրիկին խանութից հետո չվերադարձրած մանրով սուրճ խմում պաղպաղակով, Գուրգենը սուրճը լցնում էր պաղպաղակի վրա, անվանում «կոֆե-գլասե», մայրիկից էր սովորել, Ոսկանը շատ հավանեց:

Համալսարան-բան իհարկե գոյություն չուներ Ոսկանի դեպքում, տասը ամիս մայրիկի հետ տպարանում աշխատեց, հետո մի քանի ամիս՝ Ամիրյանի վրայի նկուղային ռեստորանում՝ կուլինառնի տեխնիկում, խնդում էին, էդ վախտ Խազանովն էր շատ մոդա, - բանակից առաջ մասնագիտություն էր պետք: Գուրգենը նրա հետ կանգնած էր, մինչև գնացքը շարժվեց, եղբոր, Սառայի ու մայրիկի հետ, շուրջը շուխուռ էր, եղբայրը նոր էր բանակից տուն դարձել, գնացքը գնաց երկու տարով:

Կորածն եկավ մի քանի լավ բան պատմեց, մայրիկն ասում էր «դե մի բան պատմիր բանակիցդ», ասում էր «մամ ջան, չեմ կարող, պատմելիքս բանակային ռուսերեն է», տղեքով ծիծաղում էին: Զենիտնի բատարեա՝ Ուկրաինայում, աղջկերքը լավն էին, գոհ էր, հետո մեկ էլ մի օր՝ Սառայի հետ իրենց տուն եկան, ու պարզ էր ո՛չ միայն որ զույգ են՝ եղել են ու կմնան, այլև որ ամուսնացած են, անկարևոր է, ինչ ծեսով:

Երկրաշարժի օրերն էին, Սառան թարգմանչուհի էր աշխատում, Ոսկանը՝ գյուղատնտեսական ինչ-որ գործեր, Շարժում, բան, - Գուրգենն արդեն դրանից հետո իրենցից լրիվ կտրվեց:

Մյուս ընկերը Սերիկն էր՝ չաղ ու դանդաղ, կինո «Պիոների» աֆիշի մոտի լուսանկարչական ստուդիայով բակից, չորրորդ դասարանից շախմատ սիրեց, գնում էին իրենց տուն մեկ-մեկ, դասերից հետո խաղում, մի ոսկերիչ հատուկ քարերից շախմատ էր սարքել, Սերիկի հայրիկին նվիրել, - Գուրգենը սկսեց հրաժարվել, «Ախր դու միշտ կրում ես, ինչի՞դ է պետք հետս խաղաս», - «Դա նշանակություն չունի», ասում էր Սերիկն ու իր մեծ գլուխն օրորում: Լուսանկարել էր սիրում, հայրիկն իր «Կիև»-ն էր նվիրել, գնացքով գնում էր Սևան, գալիս, նկարները երևակում մութ սենյակում, լույսի տակ նայում ու ջղայնացած ճղում:

- Նկարը տափականում է, - սրտնեղում էր, - նայում ես՝ Սևանը տարածական դաշտ է, չխկցնում ես՝ մի գիծ է ստացվում, համարյա չկա:

- Դե պարզ է, - ասում էր Գուրգենը, - եռաչափը հարթության վրա ես փոխադրում:

- Չէ, - ասում էր, - էդտեղ մի ուրիշ խնդիր կա. տեսողությանդ շրջանակը երբ չկա՝ տեսադաշտն ուռուցիկանում է, երբ կա՝ աղքատիկացնում է տեսանելիքը: Աչքդ, ասես, դեմքիցդ դուրս գա, շրջի Սևանի վերևներում, թռչնի բարձրությունից, միշտ դեպի վեր, միշտ դեպի վեր, իսկ ֆոտոխցիկի աչքը չի սավառնում: Մարդու աչքի էֆեկտն էդ ա՝ պերսպեկտիվան վերականգնում ա, ուղեղն օգտագործելով: Անգլերեն ասում են՝ the eye of the beholder. դիտողի աչքը:


- Հայեցողի, - ասում էր Գուրգենն ու գործին դառնում.

- Շա՛խ:


Սերիկը յոթերորդից սկսեց ֆիզիկայի խնդիրներն արտասովոր արագ լուծել, հանկարծ դպրոցը փոխեց ֆիզմաթ թեքումովի, աչքից կորավ: Կինո «Պիոների» աֆիշի բակի տներն էլ որ քանդեցին՝ լրիվ անհետացավ:

Չորրորդը Կուտոն էր, լավ նկարում էր, հաստաքամակ, որ քայլում էր՝ քամակը ետևը խաղում էր, իրենց տանն էլ էին հաճախ շախմատ խաղում՝ Թումանյան-Սայաթ Նովա-Խանջյան խաչմերուկի գեղեցիկ շենքում բնակարան ունեին առաջին հարկում, էն կորացող մասում, էն որ հիմա բանկ է:

Ավարտելուց հետո դեռ հանդիպում էին, կամաց-կամաց՝ ավելի քիչ, համալսարանում Գուրգենն ուրիշ շրջապատի մեջ էր, չէր ասի, թե շատ երջանիկ էր, գնաց Մոսկվա հայցողանտուրա (բառեր սիրում էր հորինել-հայացնել), կապը կտրվեց հին շրջապատների հետ:

Երբ վերադարձավ՝ իննսնամյա տատը մահացավ: «Ցուրտի ու մութի» օրերն էին: Չորս ամիս պառկած էր, վեր չէր կենում: Հայրն էլ այդ պահին թարսի պես աշխատանքի էր՝ Ավան, կինոարխիվ, հեռախոս էլ չկար: «Հանգիստ», ասաց մայրիկին, ամեն ինչ կանենք: Ոսկանին կանչեց, լավ է՝ Երևան էր արդեն, իսկույն վազելով եկավ, թեև՝ Տասնհինգ կվարտալից, միասին տատի տակի կեղտոտ սավանով տատի դին դժվարությամբ բարձրացրին, դրեցին շտապ օգնության պատգարակի վրա, շտապ օգնության մեռելի մեքենան միայն վարորդ ուներ և բժշկուհի, վարորդը հրաժարվում էր օգնել: «Առաջին անգամ կյանքումս եմ մեռել բարձրացնում», մտածեց Գուրգենը. դագաղ՝ տարել էր, բայց այսպես, սեփական մեռել առանց դագաղի՝ գրկած չկար: Տատի դին տարան, հետո լուր եկավ՝ թե իրենց դասարանի Մարինեի «ձեռքն է ընկել». Մարինեն մոռգում է աշխատում, որպես դիմահարդար, ա՛յ քեզ զարմանք, ա՛յ քեզ ճակատագիր, «առաջին անգամ մոռգում համադասարանցուհի ունեմ»: Մարինեն էլ մի ուրիշ պատմություն՝ սիրունիկ էր, բայց ձայնն էնքան բամբ, մի անգամ որ լսեիր՝ էլ սիրունությունից բան չէր մնում: «Էդ ինչի ռուս աղջիկները էդպիսի կանչող ձայնով են խոսում, մեր հայերը՝ անկանչ», մտածում էր Գուրգենը, երբ Մոսկվա էր: Մարինեի մասին դպրոցն ավարտելուց հետո չէր մտածել, երբ իմացավ, որ նա, դու մի ասա, յոթերորդում իրեն սիրահարված է եղել՝ շատ զարմացավ, չգիտեր էդ ինֆորմացիայի հետ ինչ աներ: Էն ժամանակ էլ որ իմանար՝ չէր իմանալու, ինչ աներ, հպարտություն չէր զգալու, որովհետև Մարինեի ձայնն ամենը խլացնում էր:

Դասարանը, ով կար, ով իմացավ, հավաքվեց, դե հեռախոսներն էլ համարյա չէին աշխատում, բայց բավական լիքը մարդ եկավ: Մի երկու օրից՝ դասարանի Սուրոն զանգեց, բա թե «Կուտոն մահացել է», ոնց թե մահացել է, յոթը տարի է անցել, ինչ դպրոցն ավարտել են, արդեն մահացել է՞, «առաջին մահը մեր դասարանում, այժմ կյանքումս այնպիսի պերիոդ է, ամեն ինչ առաջին անգամ է, առաջին ամուսնություն, առաջին երեխա, առաջին տատիկի դի քարշ տալ, առաջին համադասարանցուհի՝ մեռելների դիմահարդարուհի, դասարանցու առաջին մահ», «Չէինք իմանա, - ասաց Սուրոն, - եթե Մարինեն մոռգում աշխատելիս չլիներ»: Մարինեն մոռգում նստած է, և նրա մոտ բերում են իր դասարանի Կուտոյին՝ «հարդարելու», Գուրգենը պատկերացնում էր, ինչպես է Մարինեն հաստ գրիմ քսում Կուտոյի սառած դեմքին:

Մոռգում՝ հիվանդանոցի բակում, մոռգի բժիշկը, դագաղները, բանը, կողքը՝ Մարինեի սենյակը, Մարինեն՝ դիմակը դեմքին, հետո դուրս եկավ, երբ Կուտոյին դուրս էին տանում, դիմակը հանեց, մի երկու խոսք ասաց, - ձայնն այլևս էդքան բամբ չէր, տարօրինակաբար, - բայց ամենահետաքրքիրը կողքի մութ սենյակն էր, որտեղ լուսանկարներն էին բազմացնում, և այնտեղից դուրս եկավ Սերիկը: Բժշկական խալաթով, դեմքին՝ դիմակ, ձեռքերին ռետինե ձեռնոցներ: «Դու էլ ե՞ս էստեղ»: «Այո, - ասաց Սերիկը, - ես այստեղ եմ աշխատում»: Տեսնես ինչ է անում: «Առաջին անգամ երկու համադասարանցի ունեմ, որ մոռգում են աշխատում», արձանագրեց Գուրգենը: «Կարելի՞ է քո բաժինը մտնել»: «Արի գնանք, ցույց տամ»: Մտան կիսամութ սենյակ, որ ապարատներ էին դրված, հետևը՝ վիրահատականի մահճակալ, լուսանկարչական ապարատներ էլ կային, կինոապարատներ էլ, պատին՝ սպիտակ էկրան: «Էս ի՞նչ ես անում»: «Հետազոտություններ»: «Մահացածների վրա՞»: «Հա, բայց անվնաս, չենք մորթում, փայծաղ չենք վաճառում, մի վախիր», ծիծաղեց Սերիկը: «Բայց ի՞նչ եք անում»: «Ուղեղի աշխատանքն ենք հետազոտում մահից հետո»: «Եվ ստացվու՞մ է»: «Տեսնենք, որ ստացվի՝ կասեմ»:

Կյանքն էնպես դասավորվեց, որ իրենցից ոչ մեկին Գուրգենը տարիներով չէր հանդիպում, ոչ էլ՝ զանգում, միայն մի անգամ էլի փողոցում, էս անգամ Երևանում, Ոսկանին հանդիպեց, սա, թե՝ «Գնանք մեր տուն, Սառան կուրախանա», մի հոյակապ Բորիկ ունեին, մեկ էլ Սառայի մեծ տղա Վարդանը, Սառան ուրեմն մի տղա էր ունեցել մինչև Ոսկանի հետ ամուսնանալը, իսկ Բորիկը՝ փոքրիկ, մեկ տարեկան, մեկ էլ մի հսկայական շուն ունեին՝ դոբեռման պինչեռ, շագանակագույն, մի քանի բեժ զոլ, որ կանգնում էր պատի կողքը՝ ասես շագանակագույն էկրան տեղադրեին, Գուրգենը սիրում էր շուն և դոբեռմաններին հատկապես, իր փոքր ժամանակ իր հարևանն էլ ուներ, գիտեր, որ ամենաբարի շներից են, բայց այս մեկը կատաղած էր, Գուրգենն ուզում էր շոյել՝ քիչ մնաց հարձակվեր, էկրանի քառանկյունը նյարդայնությունից աղավաղվում էր, հազիվ պահեցին, փակեցին խոհանոցում:

Գուրգենը շատ զարմացավ:

- Որ Մոսկվա էինք, - ասաց Ոսկանը, - ընկերոջս խնդրել էի, որ նայի, տանի ման տալու՝ չէր տարել, կես տարի շունը տանը մենակ փակված ա եղել, դրանից հիվանդացել ա: Մեզ ընդունում ա, ուրիշներին՝ չէ:

Գուրգենը սնիկերս-բան էր առել ճանապարհին, Բորիկն ուրախ-ուրախ ընդունեց, ծնողները ձեռից չառան: Բնակարանն էն սիրուն տներից մեկում էր՝ Կոմպոզիտորների տան կողքերը, նախկին Կոզեռն թաղամասում, որը չկար այլևս:

- Էս ինչ փառահեղ բնակարան ա, ձերն ա՞:

- Չէ հա, վարձում ենք:

- Բա ձե՞րն ինչ եղավ:


Պարզվեց, երբ Ոսկանի մայրիկը մահացել էր, Տասնհինգ կվարտալի իրենց բնակարանը վաճառել էին, իսկ հետո կատաստրոֆն էր եղել:


- Փողը թղթի մեջ փաթաթած դրած էր դաշնամուրի վրա, - ասաց Ոսկանը: - Տուն մեզնից բացի ոչ ոք չէր եկել, կամ՝ մեզ էդպես էր թվում:

- Հետաքրքիր է, - ասաց Գուրգենը, - դաշնամուրի վրա դրած փողը կորցնելը կարծես գալովի է, խորհրդանշական է՝ որ մեր կյանքում էլ է էդպիսի բան եղել:


Էն դժվար տարիներին Գուրգենի կնոջ մայրը մեկ տարով գնաց Ամերիկա՝ մի համալսարան իրեն հրավիրել էր, և այնտեղից մի չորս ամիս հետո հարյուր դոլար ուղարկեց ինչ-որ մեկի հետ: Հսկայական փող էր, մի քանի ամսվա ապրուստ: Գուրգենն աշխատում էր չորսը տեղ, կինը նորածնին էր նայում, փող չէր հերիքում, բնականաբար: Գուրգենն աշխատավարձն ամիսը մեկ ցանցատոպրակով՝ սետկով էր տուն բերում, հերթ կանգնելուց հետո, հինգռուբլիանոցների հաստ կապուկներ, հաջորդ օրը սպառվում էր: Թղթի մեջ փաթաթած հարյուրնոցը դրին դաշնամուրի վրա, հետո նայեցին՝ չկար: Կարծես օդում տարրալուծվեր: Տուն մարդ չէր եկել, բացի հարևան Գոհար մորքուրից, իսկ կարծել, որ Գոհար մորքուրն է վերցրել՝ անհնարին էր: Երևի առաջին էդքան խոշոր կորուստն էր, նայեցին տատի նվիրած դաշնամուրի տակ, հետևը, ստուգեցին աղբամանը, - արդեն, իհարկե, տարել փողոց դատարկել էին, մինչև կորուստը հայտնաբերելը, - գուցե, մտածում էր Գուրգենը, մեկնումեկս ավտոմատ կերպով կարծել է ավելորդ թուղթ է՝ դեն է նետել: Իջավ նույնիսկ աղբարկղի շուրջն ու մեջը նայեց, շատ չխորացավ, մի քիչ ամաչում էր, թեև էդ տարիներին աղբ՝ ինչքան ուզես, մեջը քչփորող էլ՝ լիքը:

Էդպես կորավ, ոչ մեկին չասեցին, որ տրամադրություն չփչացնեն:

Էդ էր ու էդ: Ամենամեծ կորուստները կարևոր բաների: «Առաջին անգամ եմ հարյուր դոլար կորցնում»: Մի կերպ խնայեց, հաշվեկշիռը վերականգնեց ինչ-որ կերպ, և հետո, երբ խնայելով մի կերպ տեղը բերեց՝ զարմանքով նկատեց, որ այնքան էլ պետք չէր այդ հարյուր դոլարը կարծես, յոլա գնացին առանց:

Ոսկանի դեպքում խնդիրն ուրիշ էր, շատ ավելի մասշտաբային, տրցակներով փողը, լավ փաթաթած՝ խորանարդաձև սպիտակ փաթեթ, դաշնամուրին դրած:


- Մարդ եկե՞լ էր տուն:

- Եկել էր, բայց ոչ մեկը վերցրած չէր լինի, կապ էլ չունեին: Եղբայրս էր եկել կնոջ հետ:


Ոչ մեկի հետ չէին կռվել, մնացել էին ձեռնունայն, այդպես գնաց Ոսկանի Տասնհինգ կվարտալի բնակարանը, որ մայրը ստացել էր, երբ հոր մահանալուց հետո իրենց դուրս էին վռնդել Սվերդլովի իրենց թաղից, տունը քանդել, որի նկուղում գինետունն էր, որտեղ, Գուրգենի հայրը պատմում էր, Հրաչյա Ներսիսյանն ամեն օր գինի էր խմում: Դրա համար էլ Ոսկանը հեռու էր ապրում, չնայած սովորում էր կենտրոնի դպրոցում, դպրոցը չէր փոխել, ու դրա համար էր դասերից հետո զվռնում Գուրգենի հետ, մինչև մայրը գործն ավարտի՝ միասին ճամփա ընկնեն տուն, ու դաս չէր անում, իսկ Գուրգենը, թեև զվռնում էր, նաև անում էր, - և այժմ, առանց ոչ մեկի հետ կռվելու, առանց իրար նավսելու, իրենց դժվարությունները գրկած՝ Ոսկանն ու Սառան Բորիկ ունեին, այս բնակարանն էին վարձում արդեն քանի տարի, Վարդանն էլ շուտով բանակ էր գնալու, - հետո մեկ այլ բնակարան վարձեցին, հետո՝ մեկ այլ, և այդպես անվերջ, - Սառան՝ տգեղիկը հաստաքամակ, սակայն հավաքվել էր, սիրունացել, որքան կարող էր, բեղի հետք չկար դեմքին, ոտներին մազ չկար, ձայնն ավելի քիչ կռկռան էր, - էդպես իրար կպած ապրում էին, նույնիսկ հիվանդ Ջինա շանը չէին ուզում զոհաբերել, - Գուրգենը տնից դուրս գալու վրա էր՝ Ջինան հաջողացրեց, դուրս պրծավ խոհանոցից, ծնոտներով բռնեց Գուրգենի ձեռքը, սկսեց սեղմել ուժեղ, ավելի ուժեղ, Գուրգենը հասկացավ. հիմա կոտրելու է, - հազիվ համոզեցին, որ բաց թողնի, - ձեռքին խորը հետք մնաց, ափերեսի մանր ոսկորները մի քանի օր ցավում էին, - պարզ է, որ Գուրգենն այլևս շատ չէր ուզենա իրենց տուն գալ, - իր մանկիկին ու Բորիկին ծանոթացնելու գաղափարն ու պլանը՝ որ քննարկում էին մինչ իր գնալը, - չեղարկվեց, իրենք էլ երևի հասկացան: Ախ, թե էն գողացողի ձեռը բռնած լիներ ժամանակին, - բայց էն ժամանակ Ջինան դեռ չկար, դեռ Ոսկանենց շունը չէր:

**

Հիմա՝ Սառայի ձայնը՝ է՛լ ավելի թովիչ դարձած, Ոսկանից գյուղատնտեսական խորհուրդներ ստացավ Գուրգենը՝ մեկին պետք էին, ասաց, որ կկապի իր այդ ընկերոջը Ոսկանի հետ ուղղակիորեն, նաև պայմանավորվեցին հանդիպել, բայց, իհարկե, չհանդիպեցին, իսկ Ոսկանը, այո, ինչ-որ գործ արեց այդ ընկերոջ համար: Հետո Գուրգենի ճակատին խալ բուսնեց, պետք էր գնալ հետազոտության, մոռգի հիվանդանոցը գնաց և միջանցքում հանդիպեց Սերիկին: «Արի գնանք մոտս, բան ցույց տամ»: Գնացին մութ սենյակը (արդեն ուրիշ, հիվանդանոցի վերին հարկերից մեկում), վրան գրված «экспериментальная, профессор Серик Арутюнович Врамян, постороним вход запрещён», - Գուրգենն ուզում էր սրբագրական և ոճական ուղղում առաջարկել, հետո որոշեց ձեռնպահ մնալ, - Սերիկն ասաց, ուզու՞մ ես քեզ նկարեմ, «պրոֆեսոր լուսանկարիչ ե՞ս», կատակեց Գուրգենը, երեխա ժամանակից ինչ իրար գլխի կատակում էին՝ թարգելը հնարավոր չէր, հենց իրար հանդիպում էին՝ էլի նույն երեխան էին դառնում, - «Էդ էլ», ասաց Սերիկը լուրջ, «բայց ես ուրիշ նկարներ եմ անում», կանգնեցրեց Գուրգենին ռենտգեն անելու կրպակ հիշեցնող սարքի մեջ, կզակը դնել տվեց դարակիկին, ինչպես երբ աչքերն են նկարահանում: Սերիկը ֆիզմաթն ավարտելուց հետո Մոսկվայում հայցողանտուրա էր գնացել, հետո՝ բժշկականը, ասում էին, իր թեկնածուականին դոկտորական էին ուզել միանգամից տալ, բայց չէին կարողացել համաձայնել, և այդ պատճառով երկար տարիներ անաստիճան էր, ի վերջո խղճուկ թեկնածուականն էին դեմը շպրտել, որպես շան փայ, բայց իր հեչ պետքն էլ չէր, ասում էր «դե էդպիսի հանձնաժողով աշխարհում չկա, որ իմ թեզը կարողանա գնահատել, հաստատել, որ սա գիտություն է», և սակայն այս ամենակարևոր հիվանդանոցներից մեկում՝ կարծեմ Ռոբի տղու վարորդի կնոջ սիրածին պատկանող, ահա, տվել էին լաբորատորիա, աշխատում էր, արդեն պրոֆեսոր էր՝ առանց դոկտորականի, աշխարհով մեկ ման էր գալիս կոնֆերանսների, մի քանի միջազգային մրցանակ էր ստացել, պատվավոր պրոֆեսոր էր նաև Բոլոնիայի համալսարանի ու էլի մի երկու տեղ, ներառյալ՝ Սեուլի, համաշխարհային մեծություն, - բայց ահա հին լուսանկարչական սարքեր էին դրված իր լաբորատորիայում, ասես հնավաճառի բուծիկ՝ Վերնիսաժում, հին կինոապարատ՝ լարովի, ճապոնական, - ինչպիսին Գուրգենի հայրն ուներ, որով նկարում էր Գուրգենին, հետո սպիտակ էկրանին իր ծննդյան օրերը, երբ դասարանցիները հավաքվում էին, ցույց տալիս, մուլտիկներին զուգահեռ, - նաև մի մեծ կինոապարատ, - ««Հայֆիլմ»-ը քանդում էին՝ դեն էին գցել, անսարք էր, բերեցի-սարքեցի: Էստեղ ինչը կա՝ գրեթե ամեն ինչ իմ ձեռքով եմ հավաքել», «Բայց սա հերի՞ք է քո էքսպերիմենտների համար», «Իհարկե», «Իսկ ժապավեն դեռ ճարու՞մ ես», «Ես միայն ժապավենի եմ սովոր, տեղերը թե գիտես՝ խնդիր չէ, ինձ «Կոդակն» անձամբ է ուղարկում հատուկ պատվերով», «Դե մի հատ ցույց տուր ինչ ես նկարում գոնե», «Հիմա ցույց կտամ, գլխավորը, հասկանում ես, այս սարքերը չեն, գլխավորը սա է», - և ցույց տվեց մի քանի «Այբիեմ» համակարգիչ, պատները քանդած, իրար լարերով կպցրած:

Չը՛խկ:


- Սևանի ուռուցիկության հարցը լուծել ե՞ս:

- Հեսա, հեսա, մի քանի րոպե սպասիր... Դու մի հատ ծխիր, հեսա կտեսնես: Կոֆե ուզու՞մ ես:


Ասիստենտուհին կոֆե բերեց, մոխրաման էլ կար ճմռթված, ոտը ոտին գցած՝ մաշված պաստառով պատված, իր սիրելի՝ յոթանասունականների թեթև բազկաթոռի մեջ նստած՝ Գուրգենը նայում էր պապու թայ լուսանկարչական սարքերին, «Թանգարան չե՞ս ուզում սարքել», «Դա էլ կլինի», Սերիկն աշխատում էր վարագույրի ետևը, հետո դուրս եկավ, մի մե՜ծ լուսանկար ձեռքին՝ սև ու սպիտակ, կարտոնե շրջանակի մեջ արդեն կպցրած: Ինչ-որ կնոջ դեմք էր, մի քիչ աղոտ, հսկայական աչքեր:


- Սա ի՞նչ է:

- Աչքիդ միջի պատկերը:

- Աչքիս միջի՞: Բայց կին է:

- Դե հա: Դու իրեն ես տեսել քիչ առաջ:

- Ե՞ս: Իրե՞ն:

Հետո հասկացավ. բժշկուհին էր, որ, իր դեմքին հակվել՝ իր ճակատի խալն էր հետազոտում, մինչև Սերիկին հանդիպելը:

- Էս ո՞նց ես անում:

- Աչքիդ մեջ պատկերը մնում է, - ասաց Սերիկը: - Հենց էդ ա իմ գործը:

- Կուտոյի աչքի միջինն է՞լ նկարեցիր:

- Չէ, - ասաց Սերիկը: - Իր կինը չհամաձայնեց:

- Բայց ախր Կուտոն մեռած էր, - ասաց Գուրգենը, հանկարծ հասկանալով: - Իսկ ես՝ չէ:

- Հենց էդ ա, - ասաց Սերիկը: - Մեռածի աչքում էլ ա մնում վերջին պատկերը:

- Դա սուտ ա: Պառաժ: Էդ հնարած բան ա: Ես էլի եմ լսել:

- Բանից պարզվում է, այնքան էլ հնարած չէ, - ասաց Սերիկը:

- Բայց ախր ես սաղ եմ դեռ:

Գուրգենին թվաց, թե Սերիկը կասի «ով գիտի, ով գիտի», և իր սովորությանը համաձայն՝ գլուխը կօրորի: Բայց Սերիկը՝ ոչ: Ինչպես իրեն էր հատուկ՝ «Դա նշանակություն չունի», ասաց իր պաղ տոնով:

**

Սառան հանկարծ պրոյեկտ էր կպցրել Գուրգենի համար, զանգահարեց, Գուրգենը կապվեց, իրոք ստացվեց, միջից փող դուրս եկավ: Գուրգենը զանգահարեց, ասաց, որ գալիս է, ե՛րբ է հարմար, ասացին «Միշտ», և ահա նա նրանց հերթական վարձած բնակարանում էր, Երրորդ մաս արդեն, առաջին հարկ, լուսամուտին՝ ճաղեր, առաստաղը՝ ցածլիկ, սենյակները՝ կիսաերկու, և ապրում էին այնտեղ չորսով գումարած Վարդանի կինն ու երկվորյակները, որ նույն տարիքի էին, ինչ մանկիկ Բորիկը, երբ Գուրգենն այցելեց նրանց Կոզեռնում: Շատ համով էին, սնիկերսը Գուրգենը բերել էր, հետները խաղաց, ինչպես նաև բերել էր ծրարի մեջ՝ մի համեստ գումար, դրեց Սառայի առջև, սա ասաց «Պահիր քեզ, գիժ ե՞ս», «Միջնորդության համար», «Չէ մի չէ էդ էր պակաս քեզնից ատկատ վերցնենք», «Դե պետք կգա, երեխեքը փոքր են», «Պահի քեզ ասցի», չորով հրաժարվեց, Գուրգենին դա դուր եկավ, որոշեց լավ-լավ նվերներ առնել մյուս անգամ, հաճելի մթնոլորտ էր, Ջինան վաղուց, իհարկե, չկար, Գուրգենը պատմեց, որ Սերիկին է համեմատաբար վերջերս տեսել, էքսպերիմենտը նկարագրեց, խելոք Բորիկն ասաց, որ համացանցում Սերիկի մասին լիքը նյութ կա, Գուրգենը որոշեց հետո նայել, Սառան է՛լ ավելի էր գեղեցկացել, եթե կարելի է այդպես ասել, իսկ հարսիկը՝ լրիվ կուկլա էր, ապրի՛ Վարդանը, որն ինքն էլ էր սիրուն՝ երկրաշարժի ժամանակների կյաժ ամերիկացու պտուղ, Սառայի դեմքը քսած էր, հագուստը՝ գեղեցիկ, աչքերը՝ փայլուն, նույնիսկ մարմինն ասես է՛լ ավելի էր բարեկազմ դարձել վերջին անգամվա՝ Ջինայի կծելու հանդիպման համեմատ, «Ինչպես են կանայք գեղեցկանում լավ ընտանիքում, լավ ամուսին ունենալուց», մտածեց Գուրգենը, նկատել էր դա արդեն մի շարք անգամներ, դժվար էին ապրում բայց՝ երջանիկ ու համերաշխ, Գուրգենը հիշեց, ինչպես տեսավ նրանց առաջին անգամ միասին՝ Կարապի լճի նստարանին գրկված, մինչ այդ՝ ինչպես էր Սառան իրենց ղեկավարում, որպես ջոկատավար, ինչ անհույս էր ինքն այն ժամանակ, ինչ տգեղ էին այն ժամանակվա աղջիկները, իսկ թե մի քիչ սիրունը կար՝ իր վրա ոչ մի ուշադրություն չէր էլ դարձնում, ինչպես նա հեռուստացույցով մի անգամ տեսավ ռուսական ժողովրդական պարի մի անսամբլի աղջիկների պարն ու ապշեց. խոշոր համաչափ մարմնի ինչ հարստություն էր, հավատը չէր գալիս, որ այդպիսի իրական կենդանի աղջիկներ են լինում, հետո մի օր իրոք հանդիպեց՝ Նալչիկում, գործուղման էր, տեղացի հյուրընկալը բանկետ կազմակերպեց և ժողովրդական պարի անսամբլ բերեց, հենց ռեստորանում էին ելույթ ունենում, համույթը ռուսական էր էլի, ոչ տեղական, չնայած նալչիկությանը, և, քանի որ տեղը նեղ էր՝ աղջիկները ելույթների միջև հենց միջանցքում նստած թե կանգնած էին, երբ Գուրգենը ներսուդուրս էր անում՝ իրենց կողքով պիտի անցներ, և իրենց բույրը, չափսը, բոյը, այն, որ կուրծքն ու կոնքն արհեստական չէին, մերկ ոտքի համաչափությունն ու երկայնքն արհեստական չէր՝ շշմելու էր, մարդու գլխին խփում էր, ինքն իրեն փոքրի՜կ, անօգնակա՜ն էր զգում այդ իգության դեմ, չէր էլ համարձակվի նրանց մոտենալ, հետները խոսել, իսկ կարճլիկ հյուրընկալը գալիս, ձեռքը նրանց ուսին էր գցում, ականջին ինչ-որ բան շշնջում, նրանք ծիծաղում էին, խլրտում, խարտյաշ մազը երկար մատներով ականջից մի կողմ մղում, - մեծանում ենք՝ այլ գեղեցկություն ենք տեսնում, մտածեց Գուրգենը, եթե Սառան այսպիսին լիներ, ինչպես հիմա, երբ ծանոթացան՝ գուցե ինքն էլ մի քիչ հմայվեր, թեև էլի, իհարկե, տգեղիկ էր, բայց ահա, զավակները՝ մեկը մեկից պարթև, ամուսինը՝ պարթև, ինքն էլ տարեցտարի գեղեցկացող, - էս ինչ շնորհքով ու բախտավոր կին է, - մեծանում ենք՝ այլ գեղեցկություն ենք տեսնում, եթե մարմին չես տեսնում այլ ինչ-որ ուրիշ բան, եթե ուշքն ու միտքդ էդ մարմնի մեջ թաղվելը չէ՝ գեղեցկությունն այլ է դառնում, դժվար ձևակերպելի, - դժվար ձևակերպելի էր և՛ էն ժամանակվա իր չափանիշը, և՛ այժմվա, - բայց սիրտը հանգիստ էր, իր կինը, գուցե, այդ աղջիկների պես ուտելու բան չէր, բայց նորմալ հաճելի համաչափ դուրս եկավ, իրեն սիրող, - երբ դեռ նոր էր հետը ման գալիս՝ «Ի՞նչն ես մեջն ամենաշատը հավանում», ասաց Ոսկանը, - «Ոտքերը», առանց մտածելու ասաց Գուրգենը, և Ոսկանը, որ Սառայի հետ արդեն ամուսնացած էր, վիրավորվեց, դիվոտեց, դա, երևի, միակ անգամն էր, որ քիչ էր մնում կռվեին, «բերանդ կարգին բաց, արա՛, ես իրան լուրջ բան եմ հարցնում, ինքը տես ինչ ա ասում», էդ պահին ինքը շշկռեց, չհասկացավ էլ, իր անկեղծ պատասխանի մեջ ի՛նչը դուր չեկավ Ոսկանին էդքան, հետո էլ չգիտեր, բայց առաջին անգամ հասկացավ, որ նույնիսկ ամենամոտիկ ընկերոջ հետ ամեն ինչում անկեղծ լինելն էդքան էլ ճիշտ չէ, - միակ անգամն էր, որ մի քիչ սառը բաժանվեցին, - և էն վերջին անգամներից էր, Գուրգենն էն ժամանակ մեծամիտ էր, քաղաքականությամբ էր զբաղվում, իսկ դասարանից ոչ ոք՝ ոչ, խելոք Սերիկն էլ իրենցից հեռացել էր ու կորած էր, դասարանի բոլորը հայհոյում էին իրադրությունը, Գուրգենը մի քիչ ավելին գիտեր, դրա համար շատ չէր քրֆում Ղարաբաղ կոմիտեին, համենայն դեպս՝ դա այն մակերեսային քֆուրն էր, որ արդեն իմաստ չուներ տալ, ավելի խորքային հարցեր գիտեր ինքը, որ ասելու բան չէր համարում, քանի որ արդեն տարբեր լեզուներով էին խոսում ինքն ու համադասարանցիները, ներառյալ Ոսկանը, թեև մինչ այդ, - և կարծես թե հիմա, - Ոսկանի հետ կարելի էր խոսել ամեն ինչից, և նա հասկանում էր, ներառյալ՝ Սառայի, «տես, հաջողակ ամուսնություն, երջանիկ ընտանիքի մայր՝ և ահա արդյունք», հետո էլ ասում են՝ մարդիկ չեն փոխվում: Ոսկանն ասաց, որ վիճում է Բորիկի հետ, որն ուզում է գնալ աշխատելու մի գրասենյակ, որը զբաղվում է սուտ լուրեր տարածելով, պահվում է Ռոբին մոտիկ կանգնած մի օլիգարխի կողմից, - ինքն ասում է «չեմ թողնի, որ իմ տղան տենց տեղ աշխատի», Վարդանն ասում է «Դու ինչի՞ ես հասել էսքան տարի քո ազնիվ աշատանքով», «Ես բանի չեմ հասել գուցե, - ասում էր Ոսկանը, - բացի նրանից, որ հոգիս մաքուր է, էդքան բանի եմ հասել», Գուրգենից խորհուրդ հարցրին, ինքը մտածեց, որ ասի իր կարծիքը՝ վայ թե Բորիկը նեղանա, ցրեց, կարծիք չասեց, անեկդոտ պատմեց փոխարենը, իսկ իր ներսում մտածեց՝ մազալու կլինի, որ մի քանի տարի հետո չուզենա Բորիկի ձեռք սեղմել, տեսնես կկարողանա՞, էս երեխեքը ե՛րբ մեծացան, իրանց սերնդի աղջիկները՝ բոյո՜վ, սիրու՜ն, մեջքները՝ կարա՜պ, քթները՝ քիթի՜կ, ատամները՝ ասես երբևէ ատամնաբույժի կարիք չունենան, մարգարտե, խոշոր և փայլուն, միշտ ժպտերես, - էս անկախությունը ոնց որ մի հսկա բազմամյա հիպնոսացնող ծառ լինի, կեսը՝ խորը, մահացու էտած, մյուս կեսը՝ ըզգըլխիչ, - հիմա արդեն իրե՛նց խիղճն է, բայց ախր չեն հասկանում լիքը բան, վատ ժամանակ են սովորել, իրերի հիմքը չեն հասկանում երբեմն, անեկդոտ պատմեց խուսափողաբար, «Դու իրեն ասա, ինքը քեզ շատ է հարգում», - ասաց Սառան, «Լավ, թե ձև գտնեմ՝ կասեմ, ոչ հիմա», պետք էր դա էլ չմոռանալ, անելիքների մեջ ֆիքսել, մի օր առանձին հանդիպել Բորիկին, հետը խոսել, նաև իր փայփայած պլանների հաշվով. ուզում էր գնալ Պետերբուրգ՝ Պուտինի անվան քաղաքագիտական վարժարան: Բայց ինքն առաջարկելու բան իրեն ունե՞ր փոխարենը: Իր որդին էլ էդպես էլ չծանոթացավ Բորիկին, ինքն էլ իր խնդիրներն ուներ, ես իմ որդուն օգնեմ՝ հերիք, - բայց ո՛վ կմտածեր, որ Սառան երբևէ իր համար պրոյեկտ է կպցնելու, ահա թե ինչպե՛ս են փոխվում ժամանակները, Սառայենք իրենք հազիվ են մակերևույթին լող տալիս՝ բայց ուրիշին իշմար տալու առիթը բաց չեն թողնում, - իհարկե, եթե իրոք խնդիր լիներ՝ պիտի ինքն էլ Բորիկին օգներ, և այս երկու հոյակապ բալիկի հայր Վարդանին ու հարսիկին, ճարն ինչ: Տենդերների խնդիրն էր սուր դրված, մի կողմից՝ պետության տենդերին որ մասնակցում էր Ոսկանը՝ ամենաէժան գինն էր առաջարկում, որ հաղթի, բայց գործ անելուց էլ ավանս չէին տալիս, հետո էլ մուծումն էնքան էին երկարաձգում, որ Ոսկանենք միայն ավելի ու ավելի էին պարտքի մեջ խրվում, - փաստորեն Սառայի անգլերենի շնորհիվ էին յոլա տանում մեկ էլ մասնավոր պատվերների, էն էլ էս անգամ գործը երկարաձգվել էր մի մասնավոր առանձնատուն նորոգելիս, ոչ իրենց մեղքով, բայց տանտերը որոշել էր, որ մեղքն իրենցն է, ասել էր «փողը չեմ տալու», հիմա որ կիսատ թողնեին-գնային՝ հաստատ ոչ մի կոպեկ չէր տա, որ անեին մինչև վերջ՝ հանկարծ ու չտար, - «Տենց բան ո՞նց կանի, - ասաց Գուրգենը, - տենց բան որ փորձեց անել՝ կտանք-կսպանենք, տղերքով կգանք», հանգստացրեց Ոսկանին, սա ներվայնանում էր, հատկապես Վարդանի հաշվով, պիտի մուծվեր երկվորյակների վիրահատության գինը, շիլ էին ծնվել, չնայած շատ սիրուն էին, հիմա տարիքն եկել էր վիրահատության, Գուրգենը մտածում էր ինքը լիներ՝ չէր վիրահատի, շատ համով էին մռութիկները, բայց ով գիտի, մեկը աղջիկ՝ մյուսը տղա, գուցե որ մեծանան՝ էլ համովությունը չընդունեին որպես փաստարկ, իրեն էլ այնպես էին սիրում, այնպես գալիս-կպռճկվում, ոտքերն ի վեր մագլցում, պաչվում՝ էլ դու սուս:

Էդ էր ու էդ, հետո եկավ պսակաժահրը, Գուրգենը լուռ սպասում էր, թե իր շրջապատից ով է առաջինը կպնելու, ինքը թե ուրիշներ, «առաջին անգամ պսակաժահր», իրենց աշխատակազմից մի աղջիկ կարանտինում էր, մի երկու ծանոթ էլ աշխարհի տարբեր կողմերում, ֆեյսբուքյան իր հսկա շրջապատից ոչ մեկից առայժմ վատ լուր չկար, հետո մի լավ ծանոթ կնոջ մոտ հայտնաբերեցին, բայց երկրորդ թեստը ցույց տվեց, որ առաջինը սխալ էր, հետո Սուրիկը զանգեց, Գուրգենը չվերցրեց հեռախոսը, հավես չուներ էլի բոթ լսելու կամ թե՝ էսինչ-էնինչի հալուկացը, հետո զանգեց Մարինեն, էլի չվերցրեց, բայց արդեն ամեն ինչ պարզ էր, մինչև որ Վարդանը զանգեց, ու էդտեղ արդեն Գուրգենը հեռախոսը վերցրեց:

... Գյուղում էր մնացել՝ իրենց հողակտորում, իրենց հնոտ ծածկի տակ, զանգում-ասում էր «Ես չեմ հասկանում, գրիպից ամեն տարի լիքը մարդ ա մահանում, էս ինչի՞ են կարանտին անում հանկարծ», մահացողների թվեր էր բերում, Գուրգենը հակաճառում էր, ասում էր որ աշխարհում մարդու արժեքը փոխվել է, մարդու գինն ավելին է քան տնտեսությանը, նույնիսկ տնտեսագիտաբար, բացատրում էր, թվեր էր բերում, սա չէր համոզվում, կամ համոզվում, հետո մոռանում նորից էր զանգում, «առաջին անգամ համաշխարհային վարակ է, - ասում էր, - առաջին անգամ համաշխարհային գիտությունը միասնաբար է հաղթում», - բայց դա Ոսկանին չէր սփոփում, «թքած ունեմ ես քո գիտության վրա, չեմ հավատում, չիպ՝ չէ, բայց սուտ ա սաղ», հո չի ծերանում, մտածում էր Գուրգենը, «ես, օրինակ, վտանգի տակ եմ», ասում էր, «դրա համար հանգիստ սթրվել եմ տեղս», «Իսկ ես՝ գյուղական մաքուր օդի՜ն, խի ես ե՞րբ ա եղել, որ ձեռքերս չլվանամ», «Դե հա՛, դու՝ հաղթանդամ, սիրուն, պնդուկ, առողջ, ապրես, ազիզ ջան, տենց էլ քեզ պահի», հետո դադարեց, Գուրգենն օրերի հաշիվը կորցնում էր, որոշեց մորուք թողնել, բայց ասացին, որ բացիլը մորուքին հատկապես է կպնում, թրաշվեց տաս օրից, մազերն էին շատ աճել, իսկ ինքն էլ, կինն էլ ճիշտ մկրատ չունեին, հետ էին սովորել սեփական մազ անձամբ կտրելուց «բարգավաճման» վերջին տասը տարիներին, զանգում էր իր վարսավիրուհուն՝ սա չէր վերցնում, հեռախոսն անջատած էր, մի տասը տարի այդպիսի բան չէր եղել, դադարեց զանգահարել, ուրիշ վարսավիրի մոտ էլ ռիսկ չարեց գնալ, - տեսնես ինչ էր եղել վարսավիրուհուն, ոչ էլ վարսավիրանոց զանգեց, ով գիտի ինչ էր եղել, մազերն անասելի աճում էին, վերցրեց տան եղած մկրատով մի քիչ էստեղ-էնտեղ խուզեց, ավելի ճիշտ՝ փիտրեց, ոչինչ, կարանտին է, կդիմանա:

Ինչով որ պետք էր, ինչով որ կարող էր՝ իհարկե, օգնեց, փողը հանեց, Սառայից թաքուն տվեց Վարդանին: Պսակաժահրից չէր մեռել տնաշենը, բայց ի վերջո մեռել էր, ապուշը, Սերիկը թե չլիներ, շա՜տ դժվար էր լինելու ամեն ինչը, Սերիկն արագ կազմակերպեց, հարցերը լուծեց, «Քովիդ չէր», ասաց Սերիկը, այսինքն ժանտախտի ժամանակ ոչ էլ ժանտախտից էր մեռել անզգամը, ասում են ընդհակառակը, օրհասական պահին ինֆարկտները դադարում են, բայց արի ու տես, - թույլ տվեցին, ինչ-որ գերեզմանոցի ամենա՜ծայրին, որտեղ դեռ ոչ մի թաղված մարդ չկար, տղերքն էլ, իհարկե, գործունյա էին, Գուրգենը միայն ավտոմեքենան կազմակերպեց, վարորդին վարձեց, որ տղերքն իրենց ավտոյով չգնան-գան, թեև փողոցները դատարկ էին, բայց դե ավելի ճիշտ է մեկը ղեկին լինի, մյուսը՝ գործերով: Տուն էլ մտան, իրենց վարձած տունը, որ վերջերս մտածում էին՝ արդեն փող չի հերիքելու, պիտի արդեն ուրիշ տուն վարձեն, Սառան կարկանդակ էր պատրաստել, սև հագած՝ թռվռում էր սենյակից սենյակ, թոռնիկները չկային՝ եղբոր հարսի մոտ էին, ախր շա՛տ անժամանակ էր, գրողը տանի, հետո արդեն մոռգում էին, Ոսկանը պառկած էր դագաղի մեջ՝ Շառլի մուզիկայի տակ, Ոսկանը մի առիթով Սառային ասել էր. «թե ես մեռնեմ՝ թաղմանս մենակ Շառլ կդնեք», տնաշենը, ուրեմն, հեռատես էլ էր, Գուրգենը հիշեց Ոսկանի պատմածներից՝ ինչպես էր իր մայրիկը գնում, դեռ էն հեռու բնակարանում՝ Տասնհինգ կվարտալ, էն վատ օրերին. քաղցկեղ էր, վերքը դուրս էր եկել մարմնից ու բաց էր, շատ տանջվեց, Գուրգենն էդ ամեն ինչից խաբար էլ չէր, Մոսկվա էր էդ ժամանակ, - դասարանի աղջկերքը հավաքվել էին, կատակել չէր լինում, բայց անընդհատ լրջություն պահել էլ չէր լինում, «ավելի եք սիրունացել», - ասաց, - «Սառայից սիրունը չկա», - ասացին, - որդիների, հարսիկի հետ կանգնած էր Սառան միակ պսակի կողքը, որ դասարանն էր պատվիրել-բերել, «առաջին անգամ ամենամոտիկ ընկերս մահացավ», դեռ մի կես ժամ կար մինչև դուրս բերելը, Սերիկն ասաց «Արի մի հատ ներս», ինքը գնաց Սերիկի էն հին արհեստանոցը՝ մոռգին կպած, ուրեմն սա էլ կար պահպանած, Սերիկն ասաց «Նստիր», նստեցրեց էկրանի առջև ու հի՜ն էդ կինոսարքը միացրեց, ճռճռացող: Էկրանին գունավոր մի ֆիլմ էր, մի աղջիկ էր, կապույտ հագած, պարում սենյակից սենյակ, մի գեղեցկուհի, Գուրգենը նայում էր, բան չէր հասկանում, հետո նայեց մթանը մեջ իր կողքը պպզած Սերիկին:


- Էս ի՞նչ ա:

- Սառան թույլ էր տվել, - ասաց: - Ես համաձայնեցրի:

- Այսինքն դու կինո էլ ե՞ս նկարում: Բա ինչի՞ ա գունավոր:

- Ով ոնց տեսնում ա վերջին պահին:


Կապույտ, փերու փայլփլուն շորով աղջիկը՝ բարալի՜կ, աչքերը՝ ափսեի չափ, արտևանունքը՝ թավ, մազերն էլ կապույտ՝ ասես Մալվինա, փերի աղջիկը թռվռում էր վատ երևացող սենյակից վատ երևացող սենյակ, կապույտ բոցիկ, հետո մի պահ գեղեցկուհի դեմքը մոտեցրեց ապարատին, Սառան էր, ինչ-որ բան էր ասում շարժվող շուրթերով, հետո թաց թաշկինակը դրեց ապարատի ճակատին, ֆիլմն ավարտվեց:


297 views0 comments
bottom of page