#Արմկոն2013, «Վերջին Միաեղջյուրը» հեղինակ՝ Ruby Rue
- frunz8
- Jun 4, 2021
- 10 min read
(կամ Ծեր ձիու պատմությունը)
- Սելլի՛, ինչու՞ ես միայնակ նստել այստեղ, ե՛կ մեզ հետ խաղալու
-Չեմ ուզում խաղալ, Սի՛րիուս: Մի՛ խանգարիր ինձ: - - Իսկ ի՞նչ ես անում
- Սելեստիա նշանակում է. «եկել եմ աստղերից»: Զարմանալի չէ, որ այդքան երազկոտ ես: Իսկ կասե՞ս, թե ինչի մասին ես երազում, եթե իհարկե գաղտնիք չէ: - Գաղտնիք չէ, սակայն մի քիչ երկար պատմություն է, ուզու՞մ ես լսել: - Ուզում եմ, - գրեթե միաձայն բղավեցին Սիրիուսն ու նրա խաղընկերները` տեղավորվելով Սելեստիայի կողքին: - Կար ժամանակ, երբ երկրագունդը ամբողջովին ծածկված էր ծովերով և կուսական բնությամբ: Իրենց համար հատկացված վայրերում ապրում էին առասպելական և սովորական կենդանիները: Սակայն Օլիմպոսի աստվածներին չի գոհացնում այդ կենդանական աշխարհը, և նրանք որոշում են ստեղծել մեկ այլ ժողովրդի` մարդկանց, որոնք իրենց տեսքով ու մտքով նման կլինեին աստվածներին: Օլիմպոսի բնակիչներից մեկը ` Պեգասը, որոշում է ինքն էլ իր նմանությամբ ժողովուրդ ստեղծել: Ու քանի որ Պեգասը բոլոր աստվածների սիրելին էր, Պեգասի խնդրանքը չի մերժվում:
Սակայն աստվածները մի պայման են դնում. քանի որ մարդիկ չեն կարողանում ճախրել աստվածների պես, Պեգասի ժողովուրդը նույնպես թևեր չպիտի ունենար: Պեգասը, արարելով իրեն նման կենդանիների, չի գոհանում նրանց տեսքով և որոշում է նրանց մի զարդ նվիրել` ճակատին շողշողացող եղջյուրը: Օլիմպոսի աստվածներին հիացնում է Պեգասի ստեղծագործությունը , և նրանք այս չքնաղ արարածներին անվանում են Միաեղջյուր` ի պատիվ նրանց բաշի և պոչի գույնին համապատասխանող չքնաղ եղջյուրի:
- Սելլի՛, բայց այս պատմությունը մեզ մեր տատիկներն ու պապիկներն էին պատմում,- զարմացած բացականչեց Էլլան` թափահարելով վարդագույն եղջյուրը:
- Իրոք մենք մեր ուսուցիչներից ու ծնողներից լսել ենք, որ Պեգասը մեր արարիչն է, սակայն դա ի՞նչ կապ ունի քո երազանքի հետ,- շարունակեց մյուսը: - Դե՛, Սելլին էլ երևի սպասում է այստեղ, որ Պեգասին տեսնի: Սելլի՛, եթե իրոք ուզում ես հանդիպել Պեգասին, ապա մի՛ սպասիր Պիրենայի աղբյուրի մոտ, բարձրացի՛ր Հելիկոն լեռան գագաթ և սպասի՛ր Հիպպոկրենա աղբյուրի մոտ: Ըստ ավանդության, Պեգասը ծնվել է Հելիկոն լեռան գագաթին, իսկ աղբյուրն էլ գոյացել է, երբ նա գլխով քարին է հարվածել: Նույնիսկ մուսաներն են այդ աղբյուրից ջուր խմում: Այնպես որ, եթե Պեգասը հյուր չգա, ապա ինը մուսաներից գոնե մեկի հետ կհասցնես ծանոթանալ, – քմծիծաղով ավելացրեց Սիրիուսը:
- Սի՛ր, ես ոչ միայն կտեսնեմ Պեգասին , այլև նա կսիրի ինձ և իր հետ երկինք կտանի:
- Սելլի՛, վերջ տուր: Մենք նույնիսկ չգիտենք Պեգասը գոյություն ունեցել է, թե ոչ:
-Ես գիտեմ, որ Պեգասը գոյություն ունի, – Սելլիին օգնության եկավ վառ երկնագույն բաշով ու գեղեցիկ աչքերով մի փոքրիկ,- Պապիկս մի ընկեր ունի մարդկային ցեղից, ով պատմել է, թե ինչպես իր պապը` Բելլերոֆոն անունով մի երիտասարդ հենց այս աղբյուրի մոտ այնքան է սպասել Պեգասին , մինչ վերջինս ցած է իջել և միասին ճախրել են չար վիշապին հաղթելու:
-Դե՜, ավելի հավանական է, որ Պեգասը մարդուն կօգնի հաղթել չար վիշապին, քան սովորական միաեղջյուրին Օլիմպոս կտանի, – շարունակեց համառորեն Սելլիին ծաղրել Սիրիուսը: Սելեստիան արդեն չէր լսում Սիրիուսի ձայնը. նա արցունքն աչքերին արշավում էր լեռն ի վեր` փախչելով Սիրիուսից և բոլոր-բոլոր միաեղջյուրներից:
***
Ինչ հեռացել էր իր ընկերներից, երբեք ցած չէր իջել: Խմում էր Հիպպոկրենա աղբյուրի անմահական ջուրը, ուտում երփներանգ ծաղիկները, վազվզում և ննջում զմրուխտյա խոտերում: Նրան հետ բերելու համար Հելիկոն էին բարձրացել և՛ հարազատները, և՛ ընկերները, սակայն Սելեստիան միշտ թաքնվում էր միայն իրեն հայտնի անձավներում: Իսկ անծանոթներից այնքան էլ չէր խորշում: Բազմաթիվ միաեղջյուրներ էին հաղթահարել Հելիկոնը , որպեսզի արժանանան լեռնային գեղեցկուհու սիրուն: Նույնիսկ հպարտ կենտավրոսներ ու ինքնագոհ գրիֆֆոններ էին եկել նրա եղջյուրը խնդրելու, սակայն Սելեստիան բոլորին մերժել էր` ասելով թե այստեղ սպասելու է այնքան ժամանակ, մինչև կա՛մ ձյունաճերմակ Պեգասը, կա՛մ մահվան աստված, սաթի պես սև թևավոր ֆեստրալը կգա իր հետևից: Տեսնելով Սելեստիայի վերաբերմունքը և՛ հարազատներն ու ընկերները, և՛ նրա եղջյուրը խնդրողները արդեն դադարում էին հաղթահարել Հելիկոնի բարձունքը և այցելել նրան:
Բայց Սելլին ամենևին էլ դժգոհ չէր, ոչ էլ միայնակ. Հիպպոկրենա աղբյուրի միջից միշտ իրեն էր հետևում խոշոր սադափե աչքերով, կաթնագույն նրբիրան մարմնով, ոսկեթել բաշով և պոչով և… և, ցավոք սրտի, ոչ թե զույգ չքնաղ թևերով, այլ լոկ մի հիասքանչ ոսկե եղջյուրով չքնաղ կերպարանքը: Գեղեցկուհի միաեղջյուրը միշտ հրճվում էր իր գեղեցիկ արտացոլմամբ և էլ ավելի համոզվում, որ եթե Պեգասն իրեն տեսնի, ապա անտարբեր չի անցնի:
- Գիտե՞ս, առասպելական Նարցիսը հենց այս աղբյուրի մոտ սիրահարվեց ինքն իր արտացոլմանը: Միթե՞ մի բազմամյա մենությունը հպարտ Սելեստիային մոռացնել է տվել Պեգասին և դարձրել Նարցիս:
Իրենով զմայլվելով` Սելեստիան չէր նկատել, որ ինչ-որ մեկը մոտեցել է իրեն: Եթե հյուրը ադամանդափայլ եղջյուրի փոխարեն ճերմակ թևեր ունենար, ապա կարելի էր կարծել , որ հենց ինքը` Պեգասն է եկել:
- Սիրիու՜ս… Ո՞ր քամիներն են քեզ այստեղ բերել:
- Ես արդեն Սիրիուս չեմ, այլ Կախարդական Անտառների Տիրակալ Նորին Մեծություն Ա դամանդափայլ Սիրիուս Առաջին:
- Դու արդեն թագավո՞ր ես: Իսկ ու՞ր են ծնողներդ:
- Մի տարի առաջ հայրս մեկնեց վիշապների դեմ պատերազմելու և զոհվեց կռվում: Մի ամիս առաջ էլ վշտից մայր վախճանվեց:
- Ցավակցում եմ Սի՛ր, բայց ես ինչո՞վ կարող եմ օգնել:
- Դե ՛, չափահաս դառնալուց հետո ես պետք է երեք լիալուսնի ընթացքում հարսնացու գտնեմ, որպեսզի օծվեմ թագավոր և ստանձնեմ հորս գահն ու տիտղոսները: Երկու օր արդեն անց եմ կացրել քեզ փնտրելով, այսօր արդեն երրորդ լիալուսինն է լինելու: Արի՛ գնանք, քանի դեռ ուշ չէ:
- Ես ճանաչում էի մանուկ Սիրիուսին` զվարթ, չարաճճի, խելացի, կամակոր արքայազնին, որը միշտ ծաղրում էր ինձ ու իմ զգացմունքները: Իսկ դու անծանո՛թ ես ինձ, արքա՛:
- Սելեստիա՛, իսկ դու ինձ համար ամենահարազատ էակն ես: Ես սիրել եմ առաջին հայացքից ու սիրում եմ մինչ այժմ: Արի՛ ինձ հետ և կդառնաս Կախարդական Անտառների և իմ թագուհին: Այստե՛ղ թող առասպելներն ու լեգենդները և արի ինձ հետ:
Պատասխան չկար… Սելեստիան ծնկի էր եկել աղբյուրի մոտ և լուռ արտասվում էր:
- Ինձ քե՛զ հետ մի տար, Սի՛ր, չեմ ուզում քո դժբախտության պատճառը լինել,- հեկեկալով հազիվհազ արտաբերեց Սելին:
-Չէ՛, Սելլի՛, ես հույս ունեի, որ դու այստեղ ապրելով թևաթափ կլինես ու մոռացության կմատնես Պեգասին: Սակայն հասկացա, որ դու իրոք սիրում ես առասպելական աստծուն, ուստի ես մենակ հետ կգնամ: Ինձ առաջին պատահած աղջկան հարսնացու կդարձնեմ, որպեսզի թագավորությունս չանցնի ուրիշի ձեռքը:
- Բարին ընդ քեզ, սիրելի՛ Սիրիուս: Դու հրաշալի երիտասարդ ես դարձել ու համոզված եմ, որ կդառնաս Կախարդական Անտառների ամենալավ թագավորը:
Այս խոսքերն ասելով Սելեստիան խոնարհվեց արքայի առաջ և մեղմաքայլ հեռացավ:
- Ցտեսու՜թյուն , Սելե՜ստիա…
- Մնաս բարո՜վ, Սի՜րիուս…
Եվ Սիրիուսը գլխիկոր սկսեց իջնել սարն ի վար: Պետք էր շտապել, որպեսզի մինչ երեկո հարսնացու գտներ և հասներ կեսգիշերին տեղի ունեցող արարողությանը:
- Բարի օ՛ր , միաեղջյուրների՛ արքա:
- Բա ՛րև,- աչքերը բարձրացնելով ասաց Սիրիուսը:
Նրա դիմաց կանգնած էր երկար եթերային զգեստ հագած մի կին: Նրա սև գանգուրները ջրվեժի պես թափվում էին մեջքին, իսկ գեղեցիկ կանաչ աչքերը ժպտում էին խիտ արտևանունքների ներքո:
- Սիրիու՛ս, ես Ագանիպպեն եմ, այն մուսան , որը կյանք է տվել Պեգասին:
- Նմա՞ն եմ խեղկատակի:
-Ես լրիվ լուրջ եմ խոսում: Ես գիտեմ, որ ամբողջ կյանքիդ միակ սիրելին` Սելեստիան սպասում է Պեգասին: Բայց տղաս հոգնել է ծառայությունից, անվերջ թռիչքներից և որոշել է այլևս չլքել օլիմպոսյան խաղաղությունը: Իսկ ես հալիկոնյան իմ ապաստարանից հետևելով ձեզ` որոշեցի օգնել և՛ քեզ, և՛ Սելեստիային:
- Ինչպե՞ս կարող ես օգնել մեզ:
- Դու ինձ տալիս ես քո եղջյուրը,իսկ ես քեզ տալիս եմ թևեր: Հետո դու դառնում ես «Պեգաս» և գրավում ես Սելլիի սիրտը: Դե՜, եթե ցանկանում եք, ես էլ դառնում եմ ձեր կնքամայրը: Ի՞նչ կասես:
- Հիանալի է, կարո՞ղ ենք հենց անել այդ ամենը:
- Իհարկե՛, ծնկի՛ արի ու փակի՛ր աչքերդ: Ծնկաչոք արքան զգում էր մուսայի մեղմ հպումները և լսում նրա տարօրինակ կախարդանքները: Սիրտն ինչ-որ վատ բան էր կանխագուշակում, բայց մյուս կողմից էլ վստահ էր, որ ստանալով թևերը, կարող է վերջապես ամուսնանալ Սելեստիայի հետ:
- Ա՜խ, – բացականչեց Սիրիուսը` սուր ցավ զգալով նախ գլխում, ապա սրտի մոտ:
- Դիմացի՛ր միաեղջյուրների արքա ու ոչ մի դեպքում աչքերդ մի՛ բացիր: Հիշի՛ր, որ այս ամենը քո սիրո համար է և քեզ ավելի լավ կզգաս:
- Փաստորեն, սերը ոչ միայն կուրացնում է, այլև չի թողնում զգալ մարմնական ցավը:
Սելեստիայի մասին մտածելիս ես միանգամից ինձ ավելի լավ եմ զգում:
- Վերջ, կարող ես բացել աչքերդ:
- Ագանիպպե՛, ես պիտի հավերժ ծնկի գամ քո առաջ,- հիացած բացականչեց Սիրիուսը` զմայվելով իր վեհ կերպարանքով: Ճերմակ թևերը նրան անչափ գեղեցկացնում էին, ու չնայած իր ճերմակ ճակատին ադամանդե եղջյուրի փոխարեն մի արծաթագույն աստղաձև սպի էր մնացել, սակայն Սելեստիան, իր Սելեստիան թևավոր Պեգասին էր սպասում , ոչ թե միաեղջյուրի:
- Ինչպե՞ս հատուցեմ քո բարությունը, ո՛վ մուսա:
- Ես կցանկանայի որպես նվեր վերցնել քո արքայական եղջյուրը:
- Իհարկե՛, վերցրու՛, թևավոր Սիրիուսի ինչի՞ն է պետք եղջյուրը: Էլ ոչ մի նվեր չե՞ս ցանկանում:
- Դե , եթե դեմ չես, կարող եմ զբաղվել քո հարսանիքի հարցերով, մինչ դու բերես քո գեղեցկուհուն:
-Վստահ եղի՛ր, որ ժողովուրդդ ապահով ձեռքերում կլինի: Իսկ եթե ուշանաք և չհասցնեք մինչև լիալուսին, ես խորամանկ եմ, մի բան կմտածեմ:
- Դու ուղղակի հրաշք ես, բարի՛ Ագանիպպե: Գնա՛ թագավորություն, իսկ ես թռչեմ իմ ոսկեբաշ գեղեցկուհու մոտ:
Սիրիուսը ճախրում էր դեպի Հելիկոնի գագաթը: Գլուխը պտտվում էր, սակայն ավելի շատ սիրուց և երջանկությունից, քան թռիչքից ու կախարդանքներից:
- Սելեստիա՜, ես այստեղ եմ սիրելի՛ս:
- Կրկին ինչ-որ հիպպոգրի՞ֆ կամ հարպիա՞ է այստեղ թռչում,- լսվեց Սելիի քնքուշ, բայց դժգոհ ձայնը:
- Ոչ մի նման բան, անուշի՛կս: Եթե բարի գտնվես ու շրջվես, ապա կտեսնես թե ով է:
- Ձայնդ շատ ծանոթ է, գիտե՞ս,- պատասխանեց Սելեստիան ` այդպես էլ չշրջվելով :
- Դե՛, ինչ, եթե դու չես գալիս, ապա ինքս կգամ,- ասաց Սիրիուսը` վայրէջք կատարելով ուղիղ Սելեստիայի դիմաց:
- Ես չեմ հավատում իմ աչքերին: Սա երազ է, ես գիտեմ… Ամեն գիշեր դու գալիս ես աղբյուրի մոտ, սակայն երբ ես մոտենում եմ, անհետանում ես: Զարմանալի է, բայց առաջին անգամ եմ լսում քո ձայնը, բայց այն ինձ այնքա՜ն քաղցր ու հարազատ է թվում: Բայց ես չեմ մոտենա քեզ: Ուզում եմ քիչ ավել զմայվեմ: Գիտե՛մ, հենց մոտենամ, անէանալու ես, չքվելու…
-Սելլի՛, ես իրական եմ:
Սելեստիան մոտենում էր դանդաղորեն ու վախվորած, իսկ Սիրիուսը` զվարթորեն ոստոտալով: Երկուսն էլ դեռ մանկուց այս ակնթարթն էին փափագում. Սելեստիան իր Պեգասին էր սպասում, իսկ Սիրիուսը Սելեստիայի մասին էր երազում:
Փաստորեն, երազանքները իրականանում են… Ընդամենը մի փոքրիկ խաբկանք, սակայն առանց դրա Սիրիուսը չէր կարող շոյել Սելեստիային, իսկ վերջինս չէր կարող այդքան երջանիկ լինել:
- Ես քե՛զ սիրում եմ , Պեգա՛ս: Ես հավատում էի , որ դու կգաս:
- Ես էլ քեզ եմ սիրում, Սելեստիա՛: Եվ ես եկա, որ հավերժ քեզ հետ լինեմ:
- Ինձ հետ լինե՞ս, իսկ ես հուսով էի, որ կտանես ինձ: Ես այլևս չեմ կարողանում ապրել այստեղ: Ամեն քար, ամեն թուփ ու ծաղիկ ինձ ծանոթ է: Էլ չեմ կարողանում ապրել քո ծննդավայր Հելիկոնի գագաթին:
- Ավելի լավ, արի՛ իջնենք Միաեղջյուրների Թագավորություն և ապրենք այնտեղ: Նրանց արքան հեռացել է, և մենք կարող ենք թագավորել Միաեղջյուրների անտառում:
- Իսկ ու՞ր է Սիրիուսը:
-Գնացել է պանդխտության, բախտ որոնելու: Ասում են, որ իր սիրելիի մերժումից հետո չի ցանկանում լսել ո՛չ գահի, ո՛չ տիտղոսների մասին:
- Խե՜ղճ տղա, նա այնքա՜ն լավն էր: Գիտե՞ս Պեգաս, դու մի քիչ նման ես Սիրիուսին:
- Սելլի՛, թագավորները համարվում են աստվածների շառավիղ, իսկ Սիրիուսը ազնվարյուն թագավոր էր: Դե՛ ինչ, գնացի՞նք ներքև:
- Գնացինք… Սակայն ես այնպես էի ուզում գոնե մեկ անգամ լինել վերևում… Պե՛գ, սիրելի՛ս, դու աստված ես չէ՞:
-Իհարկե՛,- փոքր ինչ շփոթվելով` ասաց Սիրիուսը:
-Դե՛, եթե աստված ես, ուրեմն ամեն ինչ կարող ես, չէ՞:
-Իհարկե՛:
-Եթե ամեն ինչ կարող ես, ուրեմն կարող ես նաև ինձ թևեր տալ, չէ՞:
-Իհարկե՛,- պատասխանեց Պեգասը` արդեն լրջորեն հուզված:
-Դե ուրեմն, ու՞մ ես սպասում,- ծիծաղեց Սելեստիան,- Օլիմպոսից ինձ համար մի զույգ ոսկեգույն թևեր կբերե՞ս: Մենք կարող ենք մի քիչ ճախրել կապույտ երկնքում, ապա իջնել Միաեղջյուրների Արքայություն ու թագավորել այնտեղ:
-Լա՛վ,Սելլի՛, ես հենց հիմա կճախրեմ քո թևերի ետևից: Իսկ եթե աստվածները մերժե՞ն իմ խնդրանքը:
-Առանց թևերի չվերադառնաս,- չարաճճիորեն կատակեց Սելեստիան:
Սիրիուսը փարվեց Սելեստիային և հեռացավ: Ու, բնականաբար թռավ ոչ թե Օլիմպոս, այլ Միաեղջյուրներ Արքայություն` բարի Ագանիպպեին գտնելու:
Զարմանալի է, բայց բացատում դեռ ոչ ոք չկար` չնայած կեսգիշերն արդեն մոտենում էր:
- Ագանի՜պպե, Ագանի՜պպե, որտե՞ղ ես:
Ոչ մի պատասխան: Սիրիուսը վայրէջք կատարեց և սկսեց ավելի բարձր կանչել.
- Ագանի՜պպե, ու՞ր ես մեր սիրո չքնաղ մուսա:
- Մուսա՞,- անտառը լցվեց վայրի ու սարսափեցնող ծիծաղով,- Որտե՞ղ ես մուսա տեսել:
- Այսօր Ագանիպպեն` Հելիկոնում բնակվող մուսաներից մեկը իմ եղջյուրի փոխարեն ինձ թևեր տվեց: Հիմա իրեն եմ փնտրում:
- Իսկ ինչու՞ ես համոզված, որ հենց Ագանիպպեին ես տեսել,- հարցրեց ձայնը:
- Դե ՜,ինքն այդպես ներկայացավ:
- Բայց ի՜նչ հիմար են այս միաեղջյուրները:
Ծառերի միջից դուրս եկավ հենց Ագանիպպեն, սակայն գեղեցիկ ժպիտի փոխարեն նրա աչքերում վհուկային սարսռեցնող ծիծաղ էր խաղում:
- Ես ամենևին էլ Ագանիպպեն չեմ: Ես Հեկադեն եմ` սև մոգության ու կախարդության աստվածուհին:
- Եթե դու վհուկ ես, ապա ինչու՞ օգնեցիր ինձ:
-Որ ասում եմ այս միաեղջյուրները ամենահիմար ու միամիտ կենդանիներն են, ոչ ոք ինձ չի հավատում: Ես ամենևին էլ չեմ օգնել քեզ:
- Իսկ թևե՞րը, որ տվեցիր ինձ:
- Դրա փոխարեն դու ինձ նվիրեցիր քո ադամանդե եղջյուրը, ինչպես նաև թույլատրեցիր, որ այսօր ղեկավարեմ քո հարսանիքի պատրաստությունը և քո ժողովրդին` մինչև վերադարձդ:
Դե եթե նաև ավելացնենք, որ կախարդանքի ընթացքում ես հասցրել էի նաև վերցնել քո երկնագույն արյունից. եթե հիշում ես, մի պահ սրտիդ շրջակայքում սուր ցավ զգացիր և պոկել մի քանի արծաթե մազ քո բաշից, ապա նույնիսկ քո նման հիմար միաեղջյուրը կարող է հասկանալ, որ…
- Որ ես ինքնակամ հանձնել եմ իմ տիտղոսն ու թագավորությունը:
- Եվ քո ժողովրդին… Այժմ աստվածները չեն կարող ինձ ոտնձգության մեջ մեղադրել: Հենց ինքը Կախարդական Անտառների Տիրակալ Նորին Մեծություն Ադամանդափայլ Սիրիուս Առաջինն է ինձ թույլատրել ղեկավարել իր ժողովրդին:
- Ու՞ր են իմ միաեղջյուրները:
- Արի՛ իմ ետևից և քո աչքով կտեսնես:
Ավելի լավ էր Սիրիուսը կուրանար, որ չտեսներ ու խլանար, որ չլսեր ու անզգայանար, որ չզգար: Իր վեհապանծ ու ազատասեր միաեղջյուրների շողշողուն եղջյուրները կտրված էին. նրանց ճակատին կային լոկ աստղաձև դրոշմներ: Կտրված էին նաև մետաքսափայլ պոչերն ու բաշերը: Եվ դա դեռ չարյաց փոքրագույնն էր: Նրբիրան միաեղջյուրները աշխատում էին մարդկանց համար, աշխատում էին կեղտոտված և փոշոտ: Ոմանց վրա էլ ինչ-որ տարօրինակ սարքեր էին հագցրել և նստել ճկուն մեջքին: Մոլորակի ամենաազատասեր և ուրախ կենդանիները ստրուկ էին դարձել հենց իր` «արքա» Սիրիուսի պատճառով:
- Էլ հետ դարձ չկա՛, Սիրիու՛ս: Վայելի՛ր քո թևերը, սերը և անմահությունը…
Վհուկային ծիծաղը կրկին ողողեց անտառը:
***
- Շատ դարեր ու տարիներ են անցել այս օրերից: Հիմա մարդիկ այլևս չեն հավատում ո՛չ աստվածներին, ո՛չ միաեղջյուրներին, ո՛չ առավել ևս Պեգասին: Սակայն մենք ` միաեղջյուրների դժբախտ շառավիղներս մինչ այժմ էլ գոյություն ունենք և շարունակում ենք հնազանդորեն ծառայել մարդկանց: Այժմ մեզանից շատ քչերն իրենց ճակատը զարդարող աստղ ունեն և երևի նույնիսկ չգիտեն, որ այդ աստղը մի սպի է, որ մնացել է դեռ այն հին ու բարի ժամանակներից, երբ մեր նախնիները` ազատատենչ ու վեհ միաեղջյուրները զրկվեցին իրենց եղջյուրներից,- վերջացրեց պապիկը ` հպարտորեն բարձրացնելով աստղ ունեցող իր ճերմակ գլուխը:
- Պապի՛կ, իսկ ի՞նչ եղավ Սիրիուսի հետ,- հարցրեց անհամբեր Աշխետը:
-Ասում են , որ Սիրիուսը մինչ այժմ աստվածների կացարանն է փնտրում, որպեսզի աստվածներից իր ժողովրդի համար ազատություն և իր Սելեստիայի համար թևեր խնդրի:Սակայն երբեք ոչ մի օտարական Օլիմպոսի դարպասներից ներս չի մտել, ուստի արդեն մի քանի դար է, ինչ Սիրիուսը գիշեր-ցերեկ թափառում է երկնքում:
- Իսկ ինչու՞ չի վերադառնում Սելեստիայի մոտ,- մտահոգվեց Սևուկը:
- Դե՜, հիշու՞մ ես, Սելեստիան կատակեց, որ Սիրիուսը առանց թևերի չվերադառնա: Դե խեղճն էլ վախենում է առանց զույգ ոսկեփետուր թևերի Հելիկոն թռչել և կրկին մերժում ստանալ Սելլիի կողմից:
- Իսկ Սելեստիան ո՞ղջ է,- հարցրեց ձյունաճերմակ Աստղիկը, որ պապիկից ժառանգել էր ճակատի աստղը:
Ասում են, որ Սելեստիան անվերջ արտասվում է իր անվերադարձ հեռացած սիրո համար: Արդեն անքան է արտասվել, որ Հիպպոկրենայի աղբյուրից քիչ այն կողմ զարմանալիորեն աղի լիճ է գոյացել:
Երևի Սելեստիան շա՜տ է զղջում, որ բաց թողեց «Պեգասին»: Հիմարիկ Սելլին նույնիսկ չգիտի, որ ինքը միակ միաեղջյուրն է, որ իր ճակատին եղջյուր է կրում: Իսկ եթե նա ողջ ճշմարտությունն իմանար, ապա այնքան լաց կլիներ, որ շատ մեծ օվկիանոս կառաջանար, և Կախարդական Անտառները ջրի տակ կանցնեին,- համարյա լացակումած եզրակացրեց Աստղիկը:
Պապիկն ինչ-որ բան էր ուզում պատասխանել, երբ Սևուկը բացականչեց.
- Նայե՜ք, Սիրիուսը ճախրում է երկնքում:
Բոլորը արագորեն բարձրացրեցին իրենց գլուխները, սակայն Սևուկի ցույց տված տեղում միայն մի պայծառ աստղ տեսան:
- Հիմարի՛կ, զգացվում է , որ նախնիներդ միաեղջյուր են եղել: Սա ուղղակի աստղ է, ոչ թե Սիրիուսը,- քմծիծաղեց Աշխետը:
- Պապի՛կ, իսկ ի՞նչպես են անվանում այս գեղեցիկ ու փայլուն աստղը,- հետաքրքրվեց Աստղիկը:
- Սա գիշերային երկնքի ամենապայծառ աստղն է ` Սիրիուսը…
Comments