#Արմկոն2021 «Անքուն գիշեր», հեղինակ՝ Գրիգոր Բաբաջանյան
- frunz8
- Sep 20
- 10 min read
Քնել չի լինում...
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ -
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:
Եղիշե Չարենց «Անքուն Գիշերին», հատված
ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐ
Առավոտ էր, իմ բնակարանի լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ:*
Ու՞մ եմ խաբում… դիմացիս բարձրահարկի հետևից Արագածը երբեք էլ չի երևացել, դե, միգուցե մի փոքր, եթե պատշգամբից շա՜տ կախվեմ, բայց, այ Մասիսը, ամեն առավոտ հենց Րաֆֆու գրածի պես էլ երևում է իմ պատուհանից: Ամե՛ն առավոտ նա դիմավորում է ինձ և ես զմայլվում եմ նրա...
-Էէէէ՜... Միի՜ րոպե... ո՞նց, չհասկացա... ուուու՞ր ա: Արարատն ու՞ր ա: Ախր, դե, էսքան ուշ քնել չի լինի, առավոտյան խելքդ քոնը չէ, ինչ ասես աչքիդ կերևա, - մտածեցի ես, - գնամ, լվացվեմ, խելքի գամ:
Սառը ջրով երկու անգամ լվացվեցի, բայց Արարատը չհայտնվեց: Այն իսկապես անհետացել էր: Ամբողջ օրվա ընթացքում շատ անգամ թեքեցի գլուխս հարավ, այնտեղ, ուր սովորաբար Արարատն էր երևում, բայց այն չհայտնվեց: Իրավիճակն ինձ ծայրահեղ անհեթեթ էր թվում... Մի՞թե ես միակն եմ, որ նկատել եմ այդ բանը: Եթե Մասիսը իրոք անհետացած լիներ, բոլորը՛ դա կնկատեին: Ուզում էի փողոցում մոտենալ անցորդներին և հարցնել, տեսնո՞ւմ են նրանք, արդյոք, Արարատը, թե՞ ոչ, բայց մտածեցի, որ ինձ խենթի տեղ կդնեն, էն էլ ոնց կդնեն: Պատկերացնում եմ նրանց զարմանքը, երբ ես մոտենամ և դեմքի հանգիստ արտահայտությամբ հարցնեմ. «Կներե՜ք, միհատ կնայե՞ք՝ Արարատը տեղում ա՞, թե՞ չէ»: «Այ քեզ հիմար... կատարյալ հիմար», - կմտածեն նրանք կամ բան էլ չեն մտածի, միգուցե չեն մտածի և չեն էլ պատասխանի, հայացքը կգցեն ժամացույցին ,ցույց տալով, թե իբր ուշանում են և կշտապեն իրենց գործերով: «Իսկ դա ավելի վատ է»,- մտածում էի ես և չէի մոտենում:
Շարունակեցի զբաղվել իմ առօրյա գործերով և Մասիսի անհետացման փաստի ճնշումն զգալի թուլացավ ու, կարծես թե նահանջեց: Օրն էլ անցավ: Ժամն արդեն ուշ էր, բայց քնել չէի ուզում: Oրվա ընթացքում շատ էի հոգնել, սակայն ոչ մի կերպ չէի ուզում հրաժարվել արթուն վիճակիցս և որոշեցի մի փոքր զբոսնել քաղաքով: Զբոսնում էի իմ սիրելի նեղ ու մեղ փողոցներով, ճանապարհ չէի ընտրում, ոտքերս իրենք էին ինձ տանում: Ի՛նչ խոսք, հարազատ քաղաքս էր, որ դեռ մանուկ հասակում վերից վար չափչփել էի: Մի պահ նայեցի շուրջս և չհասկացա, թե քաղաքի ո՞ր մասում եմ գտնվում, շատ զարմացա, նման բան դեռ հետս չէր պատահել: Շենքերն ուրիշ էին, շատ հարազատ և ծանոթ, բայց միևնույնն է՝ ուրիշ, կարծես՝ իմ քաղաքի շենքերի բեկորներից կազմված գույնզգույն մի խճանկար լինեին: Խճանկարի բեկորները փոփոխում էին միմյանց և ասես փողոցն ինձ հետ միասին էր քայլում: Ուզում էի շենքերի վրայի հասցեները կարդալ, բայց հենց մոտենում է՝ տառերը մշուշի մեջ հալվում էին, ուշադրությունս էլ շեղվում էր: Որոշեցի քայլել աջ, չգիտեմ, թե ինչու հենց աջ, բայց կարծում էի, թե դա է ճիշը, և իսկապես, ճանապարհը ինձ բերեց սիրելի գինետան դռանը:
Զարմացա. այս գինետունը ասես պոկվել էր տեղից և հայտնվել խճանկարի մեջ: Հաճախ էի այցելում այն, ընկերներիցս գոնե մի քանիսին միշտ կարող էի հանդիպել այնտեղ: Հիշեցի սեղանի շուրջ երկար զրույցները, մինչ լուսաբաց կարող էինք զրուցել: Հաճելի հիշողություններվ առաջնորդված՝ մոտեցա դռանը: Բայց այս երեկո շրջակայքումոչ ոք չկար, ո՛չ ընկեր, ո՛չ ծանոթ, ո՛չ անծանոթ: Ներս մտա: Գինետունը մութ էր և դատարկ՝ բացի անկյունի ամենամեծ սեղանից, որի շուրջ անծանոթների խումբ էր նստած: Ես էլ նստեցի կողքի սեղանին և ինձանից անկախ՝ սկսեցի լսել կողքիններիս զրույցը:
- (Վ) Ուրեմն... էս պարսիկները...
- (Դ) Էլի՛ դու քո պարսիկներով, բավ է, մարդիկ լրջամիտ բան են ասում, իսկ դու քո պարսիկներով:
- (Վ) Հա, ինչ էի ասում, գլուխս բարձրացնեմ, տեսնեմ՝ վրաս մեծ փիղ ա գալիս, թուրս հանեցի ու...
- (Դ) Էլի սկսեց, հարբած փղեր, էլ չգիտեմ ինչ: Ձիս քեզանից լավ ա կռվում:
-(Վ) Մենք քրիստոնեությունը ընդունած առաջին ազգն ենք, մենք պետք է համախմբվենք և ձգտենք դեպի սուրբ ազատագրական պայքար:
- Կներեք, որ խառնվում եմ, – չդիմացա ես, - բայց դե չեմ էլ կարող չխառնվել: Ամենը այն բանից է գալիս, որ մեզ ասում են՝ համբերե՛ք, մի՛ պայքարեք, հանգիստ ապրե՛ք, իսկ այ մահվանից հետո, միգուցե...
- (Գ) Ես միշտ ասել եմ՝ մեռնել արժե միայն այն բանի համար, որի համար արժե ապրել:
- (Դ) Բայց էն անգամ ասիր, որ ապրել արժե միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել:
- (Գ) Այո՛, դա՛ էլ է նույնը: Եկ՛, եղբայր, նստիր մեզ հետ, մի փոքր ուշ մեր ընկերը կայցելի մեզ, քո խոսքերը նրան ծանոթ կթվան: Նա էլ չէ՛ր սպասում Աստծո ողորմությանը մյուս կյանքում, և չէր հապաղում գործել:
Խոսքն ավարտեց, թե չէ՝ գինետան դուռը բացվեց և շեմին հայտնվեց լայնաթիկունք մի տղամարդ: Բոլորն իսկույն ոտքի կանգնեցին, ես էլ նրանց հետ: Տղամարդը ներս մտավ: Նա բարձրահասակ էր, ձիգ կեցվածքով և հստակ դիմագծերով: Անծանոթը մոտեցավ և լուռ նստեց սեղանի մոտ: Նրան իսկույն գինի մատուցեցին:
- (Գ) Ամենից շատը նրա՛ համար եմ ցավում, նա ամբողջ կյանքը նվիրեց մեր ժողովրդին ծաղկունք բերելուն, իսկ նրան մոռացության մատնեցին: Ինչու՞, կհարցնես դու:
- Եվ իսկապես, ինչու՞,- շշուկով հարցրի ես:
- (Գ) Խ՛աչ չուներ: Փրկչի կղմից գործելու օրհնություն չէր ստացել:
- (Դ) Ա բայց ես էլ էդ փրկիչին ոչ տեսել եմ, ոչ էլ լսել:
- (Գ) Բա աջ բազկիդ ի՞նչ է: Միթե խաչ չի՞պատերազմի:
- (Դ) Ա հա էլի... բայց մեկա չեմ ճանաչում:
- (Գ) Մենք այսօր հյուր ունենք, արքա:
- (Տ) Հյու՞ր,- ասաց արքան՝ հայացքն իմ կողմ թեքելով, - մենք հյուրեր հազվադեպ ենք ունենում: Ի՞նչն է քեզ բերել էստեղ:
- Ճիշտն ասած՝ հանկարծակի եմ ձեզ այցելել, ոտքերս ինձ բերեցին, ես այստեղ հաճախ եմ լինում, բայց այսօր ինձ քաջ ծանոթ այս գինետունը անծանոթ է թվում, ընկերներիցս ոչ ոք չկա, ձեզ էլ երբևէ չեմ հանդիպել: Քունս չէր տանում, մտատանջ թափառում էի քաղաքով և ահա, այստեղ եմ:
- (Տ) Վստահ եմ, որ նույնիսկ եթե չես հանդիպել, ապա գոնե մի քանիսի մասին լսել ես, – աննկատելի ժպիտը դեմքին արտաբերեց արքան: - Իսկ ի՞նչն էր քեզ այդպես տանջում, որ անքուն թափառում էիր:
- Գիտեք, այսօր մի տարօրինակ բան տեղի ունեցավ: Միգուցե ասածս ձեզ խենթություն թվա, ես ինքս հասկանում եմ, որ այդպես լինել չի կարող... բայց ահա... այսօր առավոտյան ես արթնացա և տեսա... որ Արարատն անհետացել է... գիտեմ, անմիտ բան եմ ասում բայց...
- (Դ) Ես ասում էի՝ էդ օրը գալու ա,- բարկացած բղավեց նա՝ գետնին նետելով ձեռքի մետաղական գավաթը:
- (Գ) Իսկապե՞ս: Դու վստա՞հ ես, որ ոչ մի բան չես շփոթում:
- (Տ) Եկա՜վ այդ օրը, – մտազբաղ ասաց արքան:
- Ես չէի սպասում, որ ասածս Ձեզ այդքան կմտահոգի, և նույնիսկ կզայրացնի, ես կարծում էի, որ դա ընդամենը հոգնած ենթագիտակցությանս չար կատակն է կամ էլ պարզապես աչքիս խաբկանքը:
- (Տ) Ո՛չ, դա ոչ կատակ չէ՛, և ո՛չ էլ խաբկանք: Դու հո՛ւյժ կարևոր լուր ես մեզ բերել: Ասում ես, այսօր առավոտյան...
-Այո: Ես ոչ մեկի չեմ ասել, կարծում էի՝ խելապակասի տեղ կդնեն կամ կծաղրեն, ամեն դեպքում՝ այսքան լուրջ արձագանք միանգամայն չէի սպասում:
- (Գ) Արքա՛, միգուցե ժամանակը եկել է: Միգուցե ա՞յժմ նա դուրս կգա: Մենք բոլորս եռանդով լեցուն ենք, իսկո՛ւյն վեր կկենայնք, մի՛ վայրկյան էլ չէինք հապաղի, բայց ավաղ մեր ժամանակն արդեն անցել է:
- (Տ) Ցավոք՝ մեր բոլորի ժամանակն է արդեն անցել: Միգուցե՝ դուրս կգա, իսկ միգուցե՝ ոչ... Եկ տղաս, մենք պետք է գնանք:
Ես ընդհանրապես չէի հասկանում՝ ո՞ւր պետք է գնամ, ո՞վ պետք է դուրս գա և որտեղի՞ց, բայց արքայի խոսքն ու կեցվածքը այնքան վստահություն էին ներշնչում, որ իսկույն հնազանդվեցի՝ առանց իմանալու, թե այդ ո՞ւր ենք այդքան շտապում: Լավ է, երբ վստահություն ունես քեզ ճանապարհ տանողի հանդեպ:
Մեկ ակնթարթում մենք հայտնվեցինք ընդարձակ ջրի ափին, ջուրն այնքան պարզ էր և հանդարտ, ասես ապակի լիներ:
- (Տ) Նայի՛ր Գեղամա ծովի խորքը, - ասաց արքան: - Ի՞նչ ես տեսնում նրա ջրերում:
- Արտացոլանքս եմ տեսնում, արքա, և ո՛չ մի այլ բան:
- (Տ) Պա՞րզ ես տեսնում արտացոլանքդ, տղա՛ս, թե՞այն մշուշով է պատված:
Ես հայացքս ուղղեցի ջրի խորքը.
- Պա՛րզ եմ տեսնում, արքա, հայելու մնան պարզ, ասես ջուր չլինի, - ասացի ես:
- (Տ) Գիտե՞ս... ասում են, որ Գեղամա ծովը յուրաքանչյուր հայի հոգու հայելին է,- ասաց նա և մենք շարունակեցինք ճանապարը:
Ճանապարհը դեպի արևմուտք բռնեցինք: Քայլում էի, հանկարծ ոտքս քարի դիպավ, սայթաքեցի: Հողին փռված՝ հենվեցի ձեռքիս, փորձեցի վեր կենալ և աչքիս մի հողաշեն մրջնաբույն ընկավ: Մրջյուները աջ ու ձախ էին անում՝ գործից ոչ մի վայրկյան չկտրելով, բեռներ էին տանում, բեռներ էին բերում, շարժում իրենց բազմաթիվ ոտքերը, ձեռքերը, բեղիկները: Մոտեցա, որ ավելի պարզ տեսնեմ և նկատեցի, որ դրանք մրջյուններ չէին, այլ մարդիկ էին: Աջ ու ձախ, ձախ ու աջ, առաջ, հետ: Խլվլում էին, բաներ տանում, բաներ բերում, անասելի իրարանցում ստեղծում, վիճում և, իրար քսմսվելով, այս ու այն կողմ քայլում: Աջքերս տրորեցի՝ նորից մրջյուններ էին: Ուշադրություն չդարձրի, վեր կացա և շարունակեցի ճանապարհս: Քիչ անց արդեն Արագածի ստորոտին էինք հասել:
- (Տ) Պիտի բարձրանանք, - ասաց արքան:
Հնազանդվեցի, և մենք լուռ սկսեցինք մեր վերելքը: Արքան առջևից էր գնում, մեծ և վստահ քայլերով, ես էլ փորձում էի հետ չմնալ: Երկինքը մռայլ էր, ամպամած և ծանրաբեռ, սակայն լեռան լանջը ամպերից ներքև գոյացած թույլ լույսով էր լուսավորված:
Վերելքի ճանապարհին մեզ մի գյուղացի հանդիպեց:
- (Տ) Հարցրու նրան ամենաառաջի՛նը, ինչ մտքիդ կգա, - ասաց արքան:
Ես մտքերս հավաքեցի և արդեն ուզում էի հարցնել, թե ո՞ւր է տանում մեր բռնած արահետը, և, ի զարմանս ինձ, փոխարենը...
- Ինչ՞ գույնի է Հայաստանը, - հարցրի ես նրան: Եվ ինքս իմ հարցից ապուշ կտրեցի: Ա՛յ քեզ անիմաստ հարց, մտածեցի, իրոք որ խենթի տեղ կդնեն:
- (Տ) Մի՛ զարմացիր և հարցիդ բացատրություն մի՛ փնտրիր: - ասաց արքան, –Սրտի խորքում ծագածը միտքը բացատրել անզորէ, - ցածրաձայն շարունակեց նա՝ հայացքը դեպի ինձ թեքելով:
- Հայաստանը ոսկեգո՜ւյն է,- պատասխանում էր գյուղացին, ասես հարցս նրան բացարձակ չէր էլ զարմացրել, - ոսկեգույն է՝ ամռան արևի պես, խարտյաշ է՝ քամուց ծածանվող ցորենի դաշտերի և աշնան մեղրահամ բերքի պես:
- Իսկապես որ, - մտածում էի ես: Շա՛տ եմ սիրում արևի ոսկեգույն շողերով ողողված քաղաքը: Մայրամուտի նախաշեմին ոսկեզօծ շողերը անասելի ջերմությամբ էին պարուրում այն, ու ասես՝ շենքերի պատերը մեղմ երաժշտությամբ էին հնչում: Այդ ժամին ամեն դժվարություն նահանջում է և երջանկության զգացումը աննյութական ծածկոցով պարուրում է քեզ:
Շարունակցինք ճանապարհը և քիչ անց հանդիպեցինք զրահավոր մի զինվորի՝ սաղավարտը գլխին:
- Ինչ՞ գույնի է Հայաստանը, – նույն հարցը ուղղեցի ես զինվորին:
- Հայաստանը ա՛լ է՝ազատատենչ, արդար պայքարի պես, բոսո՛ր է, ինչպես այրվող սրտերը, շառագո՛ւյն է՝ կույր կատաղության նման և կա՛ս-կարմիր է՝ եղբայրներիս արյունից, - պատասխանեց նա:
- Եվ իսկապես, հողը մեր արյան համը լավ գիտե:
Վերելքը շարունակեցինք, և ճանապարհին դեպի մեզ մի աբեղա դուրս եկավ:
- Ինչ՞ գույնի է Հայաստանը,–նույն հարցը տվեցի ես աբեղային:
- Սև՛ է Հայաստանը...կրոնավորի հնամյա փիլոնի նման, ածխգո՛ւյն է՝ դարավոր վշտերից... մթագո՛ւյն է նրա թշվառացած հոգին:
«Թե ինչո՞ւ թշվառացած», – քայլում էի ես ու մտածում: – Իհարկե, հեշտ չի՛ եղել, բայց մթագույնն արդեն չափից ավել է»:
Քիչ էլ վեր բարձրացանք և ապառաժի եզրին տեսա անշարժ նստած երկրամորուս ալեհեր մի ծերունու:
- Ինչ՞ գույնի է Հայաստանը, – հարցս ուղեցի ես ալևորին:
- Հայաստանը ճերմա՜կ է... – հանդարտ ձայնով, դանդաղ պատասխանեց նա -ճերմա՛կ է՝ Մասիսի սպիտակափառ գագաթի պես:
Մնացած ճանապարհը լուռ էի: «Երփներա՛նգ է հայրենիքս, - մտածում էի ես, - ամենից էլ պես-պես գույնզգույն: Աշխարքիս գույները վրձնի հարվածների պես գունավորել են օրրանս»: Մտորումներս ընդհատեց արքաի ձայնը:
- (Տ) Հասա՛նք, - արտաբերեց արքան:
- (Տ) Գիտե՞ս, - ասաց նա, երբ մենք կանգնեցինք մի վիթխարի ապառաժի դիմաց,– մեր ժամանակն արդեն անցել է, իսկ նրանը՝ դեռ չի եկել: Նա՛ կարող է օգնել: Ո՛չ մենք, մենք այլևս խառնվելու իրավունք չունենք:
- Այստե՞ղ էինք գալիս, - հարցրի ես արքային՝ դիմացիս ժայռին նայելով:
- (Տ) Այո՛,- ասաց արքան: Իր աջը մեկնելուն պես ժայռը բացվեց և մենք ներս մտանք:
- Տ) Բարև՛, ընկե՛ր իմ, – ասաց արքան, և արձագանքը որոտով կրկնեց նրա խոսքերը:
- (Տ) Լո՛ւր եմ բերել քեզ աշխարհքից: Լո՛ւր, որ ժամանակն արդեն եկե՛լ է, դո՛ւրս եկ, բա՛վ է փախչես մարդկանցից և թաքնվես:
- (Մ) Ես չեմ փախչում և ոչ էլ թաքնվում եմ,- հնչեց ժայռի տիրակալի պատասխանը,-երկար եմ մարդկանց կողքին եղել և կվերադառնամ:Կվերադառնամ, ինչպես և ուխտ եմ արել, դուրս կգամ ժայռից և կվերադառնամ մարդկանց մոտ, մարդկանց, ում որ ես պետք եմ: Մարդկանց, ովքեր իմ կարիքն ունեն, բա՛րձր մարդկանց մոտ, ո՛չ նրանց,ովքեր միջատի պես սողում են փոշու մեջ՝ որովայնը գետնին քսելով, առանց գլուխը վեր՝ դեպի երկինք բարձացնելու,ովքեր դրժո՛ւմ են խոստումը և լոկ մետաղադրամի համար արյուն են թափում:Այդ մարդկանց մենք պետք չե՛նք, նրանք մեր կարիքը չունեն: Արարատն էլ արդեն մերթընդմերթ է երևում:
- Տ) Գիտե՞ս, եղբայր իմ, այս պատանին մեզ լուր է բերել:
- (Մ) Ի՞նչ լուր:
- (Տ) Այսօր Արարատն արդեն ընդհանրապես չէր երևում:
- (Մ) Մի՞թե... Ամբողջ ազգն իրար կգար, եթե այդպես լիներ: Դրսում, երևի, սահմռկեցուցիչ իրարանցում է տիրում, ամբողջը տակն ու վրա է եղած: Մարդիկ իրենց տեղը չեն գտնում:
- Ոչ, - ասացի ես, - Արարատն իսկապե՛ս չի երևում, բայց ամենը նույնն է, մարդիկ գլուխները կախ իրենց գործերով են շտապում: Ամեն բան սովորականի պես է, կարծես՝ ոչինչ էլ չի պատահել:
- (Մ) Տեսնո՞ւմ ես, արքա, իսկ դու ինձ մեղադրում ես, ասում ես՝ թաքնվել եմ, պատսպարվում եմ, որ ուխտս եմ դրժել: Վերադառնա՛մ նույն այս պահին, իսկո՛ւյն ևեթ վերադառնամ, բայց ո՞ւմ մոտ, մարդկանց, ովքեր կորցրին և ի՛մ, և քո՛, մեր բոլո՛ր աջակիցների կյանքի նպատա՞կը, մե՛ր ջանքեով ստեղծա՞ծը: Մարդկանց, ովքեր մոռացել են, թե ո՛վ են իրենք, ովքեր էլ չե՛ն տեսնում Արարատը, և քիչ է՝ չեն տեսնում, նույնիսկ չգիտեն, որ չեն տեսնում:Եվ դա նրանց չի էլ հուզում:
- (Տ) Ներողամի՛տ եղիր նրանց նկատմամբ, եղբա՛յր իմ, դեռ ամենը կորած չէ, - հավելեց արքան, - սիրտս վկայում է. թեկուզ միայն այս պատանին, ով մեզ լուր բերեց, միգուցե նա միակը չէ:
- (Մ) Միգուցե... միգուցե միակը չէ, բայց ես անարժաններից եմ երես թեքել և անարժանի մոտ այլևս չեմ վերադառնա:
- (Մ) Ես կվերադառնա՛մ... – երկար լռելուց հետո՝ ավելացրեց նա, - դո՛ւրս կգամ և իսկո՛ւյն կվերադառնամ, երբ մարդիկ ապացուցեն, որ արժանի են:Անարժանին ես աջակից չե՛մ լինի,- իր խոսքն ավարտեց ժայռի տիրակալը:
Ժայռը փակվեց, և ես ու արքան դրսում հայտնվեցինք: Գիշերն արդեն սկսել էր լուսանալ, ժայռերի գագաթներին նկատելի էին արեգակի առաջին վարդագույն շողերը, որոնք ասես մարող ածուխների բոցեր լինեին:
- (Տ) Նա չօգնեց մեզ, - ասաց արքան: Նրա ձայնը, ինչպես միշտ, հանդարտ էր:
-Միգուցե դա ճշմարիտ որոշում էր. հին հերոսների ժամանակն արդեն անցել է, իսկ նորերինը դեռ չի եկել:
- (Տ) Գիտե՞ս, տղաս... – ավելացրեց արքան՝ աջը դնելով թիկունքիս: - Արարատը լոկ քարեղեն լեռ չէ, դա բոլորիս միասնական կեցությունն է, մեր մտքերի, հայրենիքի, մտերիմների նկատմամբ արդար սիրո դրսևորումն է: Դա մեր հավատն է դեպի բարին և ամեն լուսավոր բան:Երբ կորցնում ես հավատն ու նպատակը, երբ հոգուտ հայելին անազնվությամբ կամ շահամոլությամբ է պղտորվում, երբ մոռանում ես առաքինությունդ և միտքդ նիրհում է, այն դադարում է երևալ:
Ես հիշում եմ՝ վաղնջական ժամանակներում Արարատը մեծ էր, ահռելի՛ մեծ: Նայում էիր հարավ և էլ ոչինչ չէիր տեսնում՝ Արարատից բացի: Մասիսի գագաթը, նույնիսկ ամենապարզ եղանակին, ոչ ոք չէ՛ր տեսել, այնքան բարձր էր այն մխրճվում երկնային բարձունքի մեջ: Պարզ եղանակին հաջողակները միայն Փոքր Մասիսի գագաթն էին հաջողացնւմ տեսնել:
-Ես հասկացա՛, արքա՛,հասկացա՛:Հին հերոսերի ժամանակն անցել է, իսկ նորերինը դեռ չի՛ եկել: Իսկ մինչ այդ՝ժամանակը մերն է, մարդկանցը: Ես չե՛մ սպասելու, ես գործելո՛ւ եմ, արքա՛, թյուր արժեքները չե՛ն պղտորի հոգուս հայելին: Այս գիշեր ինձ բացվածը բավարար էր, ես արդեն զգում եմ Արարատն իմ սրտում, այն կառաջնորդի ինձ:
- (Տ) Այո՛, զգո՛ւմ ես, - ասաց արքան,և մեղմ ժպիտը պայծառեց նրա խիստ դեմքը: -Իսկ հիմա գնա՛, ժամանա՛կն է...
- Տեսածս ինձ հանգիստ չի տալիս, շատ հարցեր ունեմ անպատասխան, ինչպե՞ս թողնեմ և գնամ ...
- (Տ) Գնա՛... Կգա՛ դեռ օրը, Արարատն էլ բոլորին ավելի մե՛ծ կերևա, քան երբևէ, ավելի պայծա՛ռ կփայլի բյուրեղյա ձյունը նրա սպիտակափառ լանջերն: Իսկ հիմա հրաժեշտի ժամանակն է, գնա՜...
******************************
Առավոտյան արևածագի հետ բացեցի աչքերս: Տանն էի, անկողնուս մեջ պառկած: Ոչմի կերպ չէի կարողողանում հիշել, թե ինչպե՞ս եմ տուն վերադարձել: Դուրս եկա պատշգամբ:
Առավոտ էր, իմ բնակարանի լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով, որ աչք էին շլացնում: **
Այդ առավոտ Արարատն ինձ ավելի մեծ երևաց:
2017-2021





Comments