top of page
Search

#Աստղային_հորիզոն «Վերադարձ», Հեղինակ՝ Սերգո Մխիթարյան

Writer's picture: frunz8frunz8

                         

Գլուխ 1

-          Պրոֆեսոր Իսիկամի, Գործակալության ներկայացուցիչ Այզեկ Դիրակը պատրաստ է Ձեզ ընդունել։ Խնդրեմ, ներս անցեք։

-          Ա՞յզեկը,- զարմացավ պրոֆեսորը,-ոչ պարոն ֆոն Բրաունն անձա՞մբ։ Ես խնդրել էի,- նա մի պահ լռեց, կարծես մտքերն էր ուզում հավաքել ու նորից շարունակեց,- հասկանո՞ւմ եք, հարցն այնքան անձնական է, որ ես խնդրել էի, որ նա անձամբ ինձ ընդունի։

-          Օ, հասկանում եմ Ձեզ, պրոֆեսոր Իսիկամի,- հնարավորինս քաղաքավարի սկսեց պատասխանել քարտուղարուհին, սակայն վերջինիս ձայնի մեջ ինչ-որ մի բան հուշում էր, որ Գործակալությունն է կանոնները սահմանում,- բայց պարոն ֆոն Բրաունը շտապ մեկնել է Քնարի համաստեղություն, պարոն Դիրակն է հիմա փոխարինում նրան, նա Ձեզ հիմա սպասում է․․․ խնդրեմ, ներս անցեք։

Պրոֆեսոր Ակիրա Իսիկամին հասկացավ, որ ընտրության հնարավորություն չունի․ ստիպված պետք է խոսի Այզեկի հետ։ Այնպես չէ, որ նա Այզեկին չէր ճանաչում կամ չէր վստահում, բայց վերջնական որոշում կայացնողը ֆոն Բրաունն էր, ու ամեն ինչ կախված էր նրանից, թե Այզեկն ինչ անկյան տակ նրան կներկայացնի իր խնդրանքը։

-          Պրոֆեսոր Իսիկամի, ես սպասում էի Ձեզ, խնդրեմ, ներս համեցեք, նստեք։ Ի՞նչ կցանկանաք։ Թե՞յ, սո՞ւրճ։

-          Պարոն Դիրակ, շնորհակալ եմ ընդունելության համար,-չնայած որ Այզեկ Դիրակն իրենից շուրջ երեսուն տարով երիտասարդ էր, և իրենք միասին աշխատել էին Մեծ նահանջի առաջին իսկ տարիներից, Իսիկամին սիրում էր դիմացինի հետ Դուք-ով խոսել, լիներ նա առաքիչ, թե կայսր,- Ձեր ժամանակը չչարաշահելու համար ես կուզեի միանգամից անցնել գործին։ Դուք երևի գիտեք, որ ես խնդրել էի Գործակալությանը հանդիպում կազմակերպել անմիջապես պարոն ֆոն Բրաունի հետ․․․

-          Այո, այո, բայց, ցավում եմ, պարոն ֆոն Բրաունը ստիպված էր շտապ մեկնել Քնարի համաստեղություն, խնդիր էր առաջացել Կեպլեր 442 մոլորակի վրա։ Մենք հիմա այնտեղ փորձում ենք․․․

-          Գիտեմ, գիտեմ,- ընդհատեց նրան Իսիկամին, որն ուզում էր հնարավորինս շուտ շարադրել իր խնդրանքն ու գնալ,- Առաջնային արգանակ եք փորձում պատրաստել։

-          Օ, տեսնում եմ՝ Դուք տեղեկացված եք, պրոֆեսոր։

Իսիկամին նայեց նրան այնպիսի հայացքով, ինչպես դասախոսը կնայեր քննությանը վատ պատրաստված ուսանողին։

-          Պարոն Դիրակ, ես առաջիններից էի, որ Գործակալությանը ներկայացրել էի Առաջնային արգանակի վերարտադրման գաղափարը։

-          Ներեցեք․․․ Վերադառնանք Ձեր խնդրին, պրոֆեսոր Իսիկամի։

-          Ինչպես ասացի,- սկսեց պրոֆեսորը,- պարոն Դիրակ, խնդիրը նեղ անձնական է։ Խնդրում եմ ինձ լսել մինչև վերջ, այնուհետև թող Գործակալությունն ինքը որոշի։ Ես Ձեզանից շատ ժամանակ չեմ խլի։

-          Անհոգ եղեք, պրոֆեսոր, լսում եմ Ձեզ։

-          Ես հետևում եմ նորություններին ու գիտեմ, որ ռուսների կիրառած ջերմամիջուկային հարվածից հետո Երկրի վրա առաջացել է որդնախոռոչ։ Ու գիտեմ նաև, որ Գործակալությունն այն հետազոտելու համար ուզում է արշավախումբ ուղարկել։ Ես կցանկանայի մասնակցել այդ գիտարշավին։

Մի պահ տիրեց ծանր լռություն։

-          Բայց, ախր, Ակիրա,- փոքր-ինչ շփոթված սկսեց Դիրակը,-․․․ներեցեք, պրոֆեսոր Իսիկամի, Դուք իննսունհինգ տարեկան եք, Ձեզ ոչ մի արշավախումբ չի վերցնի։ Նույնիսկ եթե Ձեր օրգանիզմը դիմանա հիբերնացիային, ինչը շատ քիչ հավանական է, այդ տարիքում այն չի հաղթահարի ռադիացիան։ Դուք լավ գիտեք, թե ռուսներն ինչ են առաջացրել Երկրի վրա։

Իսիկամին ծանր հոգոց հանեց։

-          Այ հենց սրա համար էլ ես ուզում էի Էրվինի հետ անձամբ խոսել։ Լսիր, Այզեկ,- Ֆուձիյամայի պես անվրդով Իսիկամին կարծես սկսեց փոքր-ինչ նյարդայնանալ,- ես իննսունհինգ եմ, դու ճիշտ ես, ու այս պարագայում դա թերևս առավելություն է։ Ես կորցնելու ոչինչ չունեմ, հասկանո՞ւմ ես։ Ես այլևս չեմ կարող սերունդ թողնել, իսկ մարդիկ Լեմի վրա հաշված են։ Մենք չենք կարող ռիսկի գնալ և սեռահասուն մարդկանց ուղարկել ուսումնասիրելու մի շրջան, որտեղ ռադիացիան միլիոն անգամ գերազանցում է նորման։ Եթե նույնիսկ հատուկ հանդերձանքը նրանց օգնի, ու նրանք չմահանան ճառագայթային հիվանդությունից, մենք չենք կարող վստահ լինել, որ նրանք նորմալ սերունդ կտան կամ սերունդ կտան ընդհանրապես։

Կրկին տիրեց ծանր լռություն։

-          Ակիրա,- խոսակցությունն այնքան թեժ էր ընթանում, որ երկուստեք մոռացվել էին քաղաքավարության նորմերն ու նրանք անցել էին դու-ի,- ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես, բայց հասկացիր՝ որոշում կայացնողը ես չեմ։ Մենք կարող ենք, զոհելով մի քանի առանձնյակների ռեպրոդուկտիվ պոտենցիալը, հետազոտել այդ գրողի տարած հատվածն ու, եթե դա իրոք որդնախոռոչ է, կարողանալ շատ ու շատ անգամ ավելի արագ կազմակերպել մեր այցերը Կեպլեր 442՝ խնայելով և՛ ռեսուրս, և՛ ժամանակ։ Իսկ դու, ամենայն հարգանքով․․․

-          Ուզում ես ասել՝ ես այլևս բալա՞ստ եմ․․․

-          Ակիրա, խնդրում եմ․․․

-          Այզեկ, քեզանից շատ բան է կախված։ Քեզանից ու էրվինից շատ բան է կախված։ Նայած թե դուք ինչպես կներկայացնեք իրավիճակը։ Գործակալությունը Ձեզ կլսի։ Այո, ես ծեր եմ, բայց ես բալաստ չեմ։ Ես այն քչերից եմ, որ ապրել եմ Երկրի վրա։ Ձեզանից շատերը ծնվել են Լեմի վրա, իսկ ես Երկիրը բոլորիցդ լավ գիտեմ։ Ես կարող եմ օգնել արշավախմբին,- պրոֆեսորի ձայնի մեջ լսվում էին խնդրանքի նոտաներ։

-          Ակիրա, ոչինչ չեմ կարող խոստանալ։ Ալիչեից հետո․․․

-          Այզեկ,- գրեթե գոռալով նրան ընդհատեց պրոֆեսորը,- չհամարձակվես նրա անունը տալ։ Դու դրա իրավունքը չունես, ոչ մեկը դրա իրավունքը չունի։

Դռան հուժկու շրխկոցը բավականին պարզ նկարագրեց, թե ինչպես անցավ խոսակցությունը։

 

 

Գլուխ 2

 

-          Պատկերացնո՞ւմ ես, Ալիչե, նրանք ինձ համարում են բալաստ,- դեռ տուն չմտած՝ սկսեց բարձրաձայն խոսել Իսիկամին,- ինձ՝ Ակիրա Իսիկամիին, ով առաջինն է առաջարկել մարդկության փրկության ու վերարտադրության համար պատրաստել Առաջնային արգանակ, ով առաջարկել է մոլորակների ցանկը, որտեղ կարելի է վերարտադրել Փորձը: Իսկ հիմա նրանք ինձ համարում են բալաստ միայն նրա համար, որ իննսունհինգ տարեկան եմ։ Աբսուրդ։

Պրոֆեսորը միացրեց գազօջախն ու սկսեց սուրճ պատրաստել։ Սուրճ պատրաստելը նրան հանգստացնում էր, իսկ ըմպելը, ի տարբերություն այլ մարդկանց, արագ վրա էր բերում քունը։ Նա հիմա շատ լարված էր, իսկ բժիշկները խորհուրդ էին տալիս ավելորդ չնյարդայնանալ ու չափավորել սուրճի քանակը։ Այսօր նա նրանց երկու պատվիրաններն էլ խախտել էր։ Պրոֆեսորը փոխեց ծաղիկների ջուրն ու, առաջ քաշելով սուրճի սկուտեղը, խորասուզվեց բաժակի սև պարունակության մեջ։

-          Սև խոռոչ, ամեն ինչ սև խոռոչ է հիշեցնում։ Գրողը տանի։

Սև խոռոչի ու անհաջող հանդիպման մասին պրոֆեսորի մտքերն ընդհատեց հեռախոսի զանգը։

-          Ողջույն, Ակիրա։

-          Աա՜, Էրվին, դո՞ւ ես, ինձ թվում էր՝ այսօր քեզ տեսնելու եմ։

-          Կներես, կապն այստեղ վատն է, լսո՞ւմ ես ինձ։

-          Խոսիր, Էրվին, ես քեզ շատ լավ եմ լսում։

-          Չէի ցանկանա քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին այսօր էիր։ Խեղճ Այզեկ։ Չեմ նախանձում նրան։

-          Գիլյոտինը համարվում է մարդկային ոճրագործության ամենահումանիստական գործիքը։ Եթե զանգել ես, որ մերժես, միանգամից գլխատիր հույսս։ Չեմ սիրում անորոշություններ։

-          Երբեք չես կարողացել սպասել, Ակիրա։ Ալիչեն քո հակապատկերն էր։ Ես էլ չեմ սիրում անորոշություններ։ Ինչո՞ւ ես ուզում մասնակցել գիտարշավին։

-          Ես Այզեկին արդեն ասել եմ, ես այլևս կորցնելու բան չունեմ։ Գոնե օգտակար կլինեմ իմ նոր հայրենի մոլորակին։

-          Դու ուսանողական տարիներից շատ վատ էիր ստում։ Իսկ ինձ թվում է, թե քեզ պես լավ բժիշկները պիտի որ լավ ստել իմանան։

Հեռախոսի երկու կողմում ծանր լռություն իջավ։

-          Պատճառը Ալիչե՞ն է,- առաջինը խախտեց ֆոն Բրաունը։

Ու նորից լռություն։

-          Լսիր, Ակիրա․․․

-          Արի առանց քարոզի։ Ես դրան դատապարտված եմ շաբաթական երկու անգամ հոգեբույժին այցելելով։ Հիշո՞ւմ ես, տարիներ առաջ դեռ Երկրի վրա մի ինչ-որ կոնֆերանսի ժամանակ խոսք գնաց Քոբի էֆեկտի մասին։

-          Փաստորեն, Քոբի էֆեկտ,- տառերը հատ-հատ արտաբերելով՝ պատասխանեց ֆոն Բրաունը,- փաստորեն, Ալիչեին ես ուզում տեսնել։

-          Ուզում եմ փորձել։

-          Դու խենթ ես, Ակիրա։ Քոբի էֆեկտը տեսական ֆենոմեն է։ Ոչ մեկը գործնականորեն այն չի ապացուցել, դու դա ինձնից էլ լավ գիտես։

-          Դա նրան տեսնելու իմ միակ հույսն է։

-          Դու նրան չես տեսնի, դու կտեսնես քո հիշողության մարմնացումը։ Դա նա չի լինելու, դա քո հիշողությունն է լինելու։

-          Դա ավելի լավ է, քան հենց այնպես օրերս մսխելը։

-          Դու որոշե՞լ ես պահը։

-          Այո,- դադարից հետո պատասխանեց պրոֆեսորը։

-          Դու գիտե՞ս, որ քո ամբողջ էությունը այդ պահով պիտի ապրի։ Հակառակ դեպքում բան չի ստացվի։

-          Գիտեմ։

-          Դու գիտե՞ս, որ այնտեղ միջաստղային գրավիտացիոն կապ չի լինելու։

-          Լսիր, Էրվին, ես կարծես թե ասացի, որ կողմ եմ գիլյոտինային ամպուտացիային։ Հիմա պարզ է, թե ինչու, ունենալով քո պոտեցիալը, դու գիտնականի լուրջ կարիերա չես արել ու հիմա ստիպված ես զբաղվել Գործակալության բյուրոկրատիայով։ Քեզ մոտ տակտի զգացումը պաթոլոգիկ շատ է։ Դա արգելակում է սեփական հանճարին։ Եթե Միքելանջելոն սկսեր քեզ պես երկար-բարակ խոսել, Սիքստինյան կապելլայի առաստաղի որմնանկարչությունը չէր ավարտի։

-          Այո, որովհետև ես չեմ կարող ուղիղ ասել, որ այս գրողի տարած խոսակցությունը կարող է մեր վերջինը լինել։

-          Ոչ թե կարող է, այլ հենց վերջինը կլինի, եթե թողնես, որ մասնակցեմ գիտարշավին։

-          Դու այնքան հանգիստ ես արտաբերում բառերը, Ակիրա։

Լռությունը տևեց մոտ երկու րոպե, ու ոչ մեկը չէր համարձակվում այն խաթարել։ Համարձակությունն իր վրա վերցրեց պրոֆեսոր Իսիկամին։

-          Լսիր, Էրվին, մենք արդեն ծեր ենք ու գնալով ավելի հազվադեպ ենք իրար տեսնում։ Ժամանակներն են այդպիսին։ Երկուսս էլ խիստ զբաղված ենք․ դու ամեն շաբաթ մի մոլորակի վրա ես, իսկ ես ուսումնասիրում եմ հին Հոլիվուդի կինոաշխարհը։ Վերջին տարվա մեջ մենք ընդամենը երկու անգամ ենք տեսնվել։ Իսկ ինձ շատ չի մնացել։ Յոթանասուն տարի մենք միասին ենք. միասին սովորել ենք, միասին աշխատել Երկրի վրա, ռուսների պայթյունից հետո միասին փրկել ենք մարդկության մի որոշ մասին, միասին դեգերել ենք Տիեզերքում, հիմա նոր մոլորակի վրա ենք։ Ես հոգնել եմ, Էրվին, հոգնել եմ։ Ես էլ չեմ հավատում մարդկությանը։

-          Իսկ Փո՞րձը, Ակիրա։ Դա մեր փրկօղակն է։ Մենք կարող ենք Կեպլերի վրա ստեղծել Առաջնային արգանակ, վերարտադրել էվոլյուցիան, բայց տանել մեր ուղղությամբ՝ վերացնելով Չարը ու ստեղծելով նոր մարդկային ռասա, որը նման կլինի մեզ, բայց բացարձակ չի հասկանա, թե ինչ է Չարը։ Մենք կուղղենք մարդու գենոմը, կշտկենք նրա սխալները։

-          Դու անուղղելի ես, Էրվին։ Այդ նոր ռասան ոչ մի կապ չի ունենա մարդկության հետ։ Հնարավոր չէ պատկերացնել մարդուն՝ առանց Չարի։

-          Բայց մենք գոնե կփորձենք, ինչպես ասվում էր մեր սիրելի ֆիլմում։

-          Ես հոգնել եմ, Էրվին։

-          Ուրեմն վե՞րջ։

-          Արի առանց սենտիմենտների։ Գոնե մի պահ միացրու գիտնականի քո մտածողությունը։ Ես ֆիզիկապես կամ, թե չէ, դա էլ կապ չունի։ Դու ունես հիշողություն ու քո հիշողության մեջ ես ավելի լավն եմ, գեղեցիկ ու խելացի, քան հիմա։ Ես չեմ ասում՝ վերջ, ես ասում եմ՝ ցտեսություն, որովհետև մի օր դու էլ ես գալու այնտեղ։ Բայց քանի որ դու քո ամբողջ կյանքը մենակ մսխեցիր, դու ստիպված ինձ ես ընտրելու։ Լավ պահ կընտրես, խնդրում եմ, 98-ի Ֆրանսիա-Բրազիլիա խաղը կամ մեր համատեղ զբոսանքը Պրահայում՝ Վլտավա գետի վրա։

-          Հա, Ակի․․․ լսում եմ։ Թռիչքը երեքշաբթի է՝ առավոտյան ութին։ Ժամը վեցին կլինի հիբերնացիայի պրոցեդուրան։

-          Շնորհակալ եմ, Էրվին։

-          Անկախ ամեն ինչից՝ սա հիանալի կյանք էր, Ակի, լի վերելքներով ու վայրէջքներով։ Ես հավատում եմ, որ Տիեզերքը նորից կսեղմվի ու նորից կպայթի, ու մենք միասին կապրենք նույն կյանքը։ Միգուցե ես հազար անգամ արդեն ասել եմ քեզ այս խոսքերը։ Ցտեսություն, Ակի, մինչ նոր հանդիպում նոր կյանքում։

-          Դու անուղղելի ես, Էրվին։

 

Գլուխ 3

 

-          Պրոֆեսոր Իսիկամի, խոսում է Eco U-1932 քվանտային համակարգիչը, մենք մտնում ենք Արեգակնային համակարգ, սկսում ենք Ձեզ արթնացնել։ Դուք լսո՞ւմ եք ինձ։

-          Ա՜, Eco, դո՞ւ ես։ Գլուխս պայթում է, կարծես նախօրեին մի շիշ վիսկի դատարկած լինեմ։

-          Աշխատեք չխոսել, պրոֆեսոր, որպեսզի ավելորդ էներգիա չծախսեք։ Լիարժեք ռեբիոզը կտևի մի քանի ժամ։

Պրոֆեսորն արդեն կամաց-կամաց սկսում էր ադապտացվել նոր միջավայրին, բայց Eco-ն, որ նավավարի պաշտոնն էր զբաղեցնում, չէր էլ թողնում, որ նա շարժվի՝ լարած պահելով անշարժացման համար նախատեսված գոտիները, փոխարենը միացրեց ինֆուզամատը՝ ապահովելով պրոֆեսորի ներերակային սնուցումը։ Միայն հաջորդ օրը մասնակիցները կարող էին բերանով սնվել։

-          Հարգանքներս, պրոֆեսոր։ Ձեզ է՞լ Eco-ն չի թողնում վեր կենալ։ Ոչ մի հարգանք մեծերի նկատմամբ։

-          Ինձ թվո՞ւմ է, թե՞ ես լսում եմ Սթիվենի ամերիկյան ակցենտը։ Լեմի մթնոլորտի՞ց է, որ դու սկսել ես ամերիկյան ակցենտով խոսել։ Բարդախչյանն է՞լ է արթուն։

-          Իհարկե, պրոֆեսոր։

-          Պարոնայք, խնդրում եմ քիչ խոսել,- լսվեց Eco-ի ձայնը։

-          Օօօ, սկսվում է,- բողոքական ձայնով արձագանքեց Սթիվենը,- ի դեպ, հրամանատար, դու հանձնե՞լ ես Թյուրինգի թեստը, քեզ կարելի՞ է արդեն մարդ կոչել։

-          Թյուրինգի թեստն արդեն պատմության գրկում է, պարոն Սթիվեն Թորն, ժամանակակից քվանտային համակարգիչներն արդեն հիսուն տարի է՝ արտադրվում են անտրոպոփսիխոտիկ հատկություններով։

-          Թյուրինգը քեզանով կհպարտանար,- հառաչեց պրոֆեսորը,- ո՞վ կմտածեր, որ մի օր մենք ենք համակարգչին ենթարկվելու ու վստահելու մեր կյանքերը։

-          Որովհետև մարդը սխալական է, պարոն Իսիկամի,- պատասխանեց Համակարգիչը։

-          Օօօ, եթե մեր կապիտանն արդեն փիլիսոփայում է, ուրեմն ամեն ինչ լուրջ է, պարոնայք,- պատասխանեց ինժեներ Սեմ Բարդախչյանն ու, աչքերը հառելով առաստաղին, կոպերի շարժումով միացրեց երաժշտական համակարգը։ Տիեզերանավով մեկ տարածվեց Խաչատրյանի հայտնի վալսը «Դիմակահանդես» սյուիտից։

-          Մեր տիեզերական ոդիսականը նմանվում է Կուբրիկի ֆիլմերին,- հայտարարեց պրոֆեսորը՝ հայացքն ուղղելով դեպի թափանցիկ առաստաղն ու հիանալով աստղերի փայլով։

-          Eco,- նորից լսվեց պրոֆեսորի ձայնը,- որտե՞ղ է առաջացել որդնախոռոչը։

-          Որդնախոռոչ AT2020-ը, որը դասակարգմամբ համարվում է միկրոորդնախոռոչ, առաջացել է Ռուսաստանի կողմից ջրածնային հիպերռումբի օգտագործումից հետո Հայաստանի տարածքում՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Մուտքը գտնվում է այն հատվածում, որտեղ նախկինում, ըստ հայկական պատմության, գտնվել է Ցլիկ Ամրամի բերդը։

-          Ո՞ւմ,- հազիվ ծիծաղը զսպեց ֆիզիկոս Սթիվեն Թորնը։

-          Ցլիկ Ամրամի,- Համակարգչի փոխարեն պատասխանեց Բարդախչյանը,- նա եղել է միջնադարյան հայ իշխան, որի կինը պարբերաբար նրան դավաճանել է հայոց արքայի հետ։

-          Պատմություն, որը տիեզերքի պես հին է,- հառաչեց պրոֆեսորն ու որոշեց քնել։

 

Գլուխ 4

 

Նա ընտրեց այն պահը, երբ Միջերկրական ծովի վրա էին։ Երկրագունդը դեռ կար, ու ոչինչ չէր խաթարում մարդկանց խաղաղ անդորրը։ Ալիչեն երեսունհինգ էր, ինքը՝ երկու տարով փոքր։ Այդ օրը նրանք մոտորանավակ վերցրին ու մեկնեցին ուսումնասիրելու ծովի գեղեցկությունները։ Ալիչեն սիրում էր ծովը, նա ժամերով կարող էր նայել ծովի փոթորկվող ալիքներին կամ հանդարտ մակերևույթին ու ստանալ ֆիզիկական հանգստություն։ Կարծես ոչինչ չէր կարող կտրել նրան այդ տեսարանից։ Նա, կանգնած լինելով տախտակամածի առջևում, զմայլվում էր արևամուտով։ Նրա մազերը ծածանվում էին աղի քամուց, իսկ նա, աչքերը հառած դեպի բոսորագույն արևը, վայելում էր պահը։ Հետևից նայելով Ալիչեին, որը երբեմն գլուխը փոքր-ինչ կողք էր պտտում՝ պաշտպանվելով քամուց, նա երբեք չէր մտածի, որ տասնամյակներ անց ինքը հենց այդ պահը կօգտագործի նրան կրկին հանդիպելու համար։ Նա երբեք չէր պատկերացնի, որ կնախընտրի սեփական կյանքի արևամուտն անցկացնել այդ մոտորանավակի վրա՝ հետևից զմայլվելով իր Արեգակով։ Նա այդ օրը Նրան առաջարկություն արեց։ Ալիչեն վայելում էր ծովը, քամին ու մայրամուտը, իսկ նա, հետևից գրկելով նրա իրանը, խոսքեր էր շշնջում։ Քամին խլում էր խոսքերն ու տարածում ծովով մեկ, իսկ Ալիչեն ժպտում էր՝ առանց նրան նայելու։ Ալիչեն երջանիկ էր։ Ո՞վ կամ ի՞նչն էր պատճառը․․․ ծո՞վը․․․ քամի՞ն․․․ մայրամո՞ւտը․․․ մատանի՞ն․․․

-          Eco, պրոֆեսորը չի պատասխանում, չնայած դեռ կես ժամ առաջ պիտի կապի դուրս գար,- խուճապահար զեկուցեց Բարդախչյանը,- մեր վերադառնալու ժամանակն է, բայց չենք կարող նրան այստեղ թողնել։

-          Պարոն Բարդախչյան, պարոն Թորն, պրոֆեսոր Իսիկամին հետ չի գալու,- հանգիստ ձայնով փորձեց բացատրել Համակարգիչը։

-          Ի՞նչ է դա նշանակում, կապիտան, այսինքն ո՞նց հետ չի գալու,- սկսեց բղավել Թորնը,- ի՞նչ է այստեղ կատարվում։

-          Խնդրում եմ, մի նյարդայնացեք, պարոնայք, մենք կավարտենք չափումներն ու հետ կգնանք առանց պրոֆեսորի։ Նա ինքն է այդպես ցանկացել։

-          Ի՞նչ գիտես,- չէր հանգստանում Թորնը։

-          Պարոն ֆոն Բրաունն է ասել, պարոնայք։

-          Բայց․․․ պատճա՞ռը․․․ ես չեմ հասկանում, պատճառը ո՞րն է։

-          Քոբի էֆեկտը, Սթիվ․․․ Քոբի էֆեկտը, ես կարծես սկսում եմ հասկանալ,- դանդաղ արտաբերեց Բարդախչյանը։

-          Բայց դա գիտականորեն դեռ ապացուցված չէ, դա զուտ տեսական հիպոթեզ է։

-          Դա պրոֆեսորի միակ շանսն էր։

-          Ինչքա՞ն թթվածին ունի պրոֆեսորը,- Համակարգչին հարցրեց Թորնը։

-          Կբավականացնի մոտ երկու ժամ, որը նրա համար որդնախոռոչում հավերժություն կթվա։

 

293 views0 comments

Comments


bottom of page