top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Սիրտը», Հեղինակ՝ Լորխան

Updated: Nov 22



Կարմիրն ու Ճերմակը քանդում էին սրտի հյուսվածքները` ավելի ու ավելի մխրճվելով Աստվածային Սիրահարի Իրական Սրտի մեջ: Թանձր արյունը ժայթքում էր վերքերից ու ծորում: Շտապել էր պետք. հարևան խորշում էին Կանաչը, Մանուշակագույնը և Սևը: Մրցակցությունն անողոք էր:


Սրտի մեջ փորված թունելները տարածվում էին բոլոր ուղղություններով: Վերջ չկար: Մետաղյա սղոցներն աշխատում էին անդադար, սիրտը խժռվում էր անընդհատ, հյուսվածքը կտրտվում էր մանր պատառների և տեղափոխվում Կայաններ:


Արդեն մի քանի էոն էր, ինչ Սիրահարի սիրտը հայտնվել էր այս աշխարհում, այս երկնքի տակ, այս ժամանակներում: Երբ հայտնվեց սիրտը, մնացել էր միայն ներկա սերունդը, ու նրանց ուղղորդող չկար:


Նման հասած մրգի՝ սիրտը կախված էր երկնքի և երկրի միջև: Հարյուրավոր մղոններ ձգվելով դեպի վեր՝ այն ծածկում էր գրեթե ողջ երկնակամարը և իր փողփողող լույսով ցրում տիեզերական խավարը: Բնությունը դանդաղորեն արթնանում էր ձմեռվա քնից, և բոլորը մեղուների պես թռչում էին ըմբոխշնելու սրտի քաղցուն: Լուսավոր և աժդահա՝ Աստվածային Սիրահարի Իրական Սիրտը նոր լուսատու էր դարձել սեփական աստղը կորցրած, անդարձ որբացած մոլորակի համար:


Կարմիրն առաջիններից էր, որ մխրճվեց սրտի մեջ: Նա անվախ էր իրեն համարում: Նա իր սերնդի ավագն էր: Նա մեծացել էր աստղազարդ երկնքի տակ: Նա հասունացել էր: Կարմիրին հետևեց իր սերը՝ Ճերմակը:


Աշխատանքը շատ էր՝ անվերջ: Պետք էր հասցնել մանրացնել հյուսվածքները, ամբարել՝ մինչև մոլորակի քուն մտնելն ու կոսմիկ ցրտում նորից հայտնվելը:


Կայանները կյանքի վերջին մասունքներն էին՝ հողի արմատներում ծվարած, անկենդան ապառաժներից անդին: Մեղրահացի պես ձգվող ապաստարանները շնորհ էին, երբ հանգչեց սեփական արեգակը:


Աստվածային Սիրահարը… [աստվա՞ծ, թե՞ բոլցմանյան կոնստրուկտ, կամ էլ բազմաչափության հասած մի ամբողջ քաղաքակրթության հավաքական մտքի ամալգամա]... իր անսահման կարեկցանքից դրդված՝ թույլ էր տալիս, որ Իր սիրտը գաղթի մոլորակից մոլորակ, աշխարհից աշխարհ, կերակրի սովածներին, լույս տա անլույսներին:


Սղոցների ձայները լռել էին: Նույնիսկ դրանց էր պետք դադար: Սիրահարները՝ Կարմիրն ու Ճերմակը, սրտի լույսի ներքո առաջին անգամ տեսան միմյանց ու ճանաչեցին իրար: Սրտի մեջ սեր էր: Լսվում էին միայն սիրո ձայներ: Ու այդ պահին Երկնեց երկիրը: Երկնեց ծովը ծիրանի:

122 views0 comments

Comments


bottom of page