top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Դեպի նոր տուն», Հեղինակ՝ Արթուր Առաքելյան





Վառվեցին լույսերը, դանդաղ բացվեցին իրար կողքի շարված կրիոխցիկները, սենյակը լցվեց հորանջող, ձգվող, հնամաշ կոմբինիզոններն անշտապ հագնող մարդկանցով:


«Բարի արթնացում, 26-րդ հերթափոխ», - հնչեց անհաղորդ ձայնը բարձրախոսից։ - «Բժիշկ Նակամուրա, շտապ մոտեցեք 6-րդ բուժխցիկ։ Ինժեներ Ֆաբիո Սանչես, մոտեցեք 4-րդ շարժիչի սեկտոր, խափանվել է սառեցուցիչը…» 


- Qué diablos… Աչքդ չբացած միանգամից գործի են ուղարկում, բա՞ սա կյանք ա, - բողոքեց Սանչեսն իր կողքին նստած կնոջը:


«Ավագ մոլորակագետ Լուսինե Ադամյան, մոտեցեք կամրջակ․․․»


- Ըհը… Էս էլ քեզ են կանչում: Չնայած ձեզ ինչ կա, նստած աստղերին եք նայում, մինչև մենք յուղի ու մոխրի մեջ թաղված փորձում ենք էնպես անել, որ էս մետաղակույտը դատարկության մեջտեղում չհանգի։ Վերջին տեխնոռոբոտն անցած հերթափոխին փչացավ: Մենք ենք, որ դեռ դիմանում ենք: 

- Մի մոռացիր, որ իմ աշխատանքից է կախված, թե երբ վերջապես դուրս կգանք այս «մետաղակույտից», - պատասխանեց կինը: 

- Հա բա չէ… «Դեպի աստղերը, դեպի նոր տուն», - քմծիծաղով մեջբերեց Սանչեսն ու դուրս եկավ սենյակից։


300 տարի առաջ հենց այդ կարգախոսի ներքո «Աստղային հորիզոնն» ու մնացած տապան-տիեզերանավերը հեռացան մեռնող Երկրագնդից ու ցրվեցին տիեզերքի մութ անսահմանության մեջ` մարդկության համար նոր տուն գտնելու հույսով։ Այդ օրից բազմաթիվ մոլորակներ էին հանդիպել ճանապարհին: Մոլորակներ, որ պատված էին լավայի օվկիանոսներով, սառցե հայելիով կամ բազմերանգ ավազե անապատներով։ Այդ բոլոր բազմազան աշխարհները միայն մի ընդհանուր բան ունեին՝ դրանք անկենդան էին: Անվերջ որոնումներից հետո գրեթե բոլորը համակերպվել էին, որ ցմահ փակված են մնալու «Աստղային հորիզոնում» ու ավետյաց մոլորակը գտնելու հույսեր այլևս չէին փայփայում: Այնուամենայնիվ տիեզերանավը շարունակում էր դեգերել մի մոլորակից մյուսը, որովհետև այլ բան չէր մնում։


***

Նավի կամրջակը մի լայն կլոր սենյակ էր՝ զուսպ ինտերիերով, առանց ավելորդ կահավորանքի: Դիմացի պատն ամբողջությամբ զբաղեցնում էր մի մեծ մոնիտոր, որն այս պահին ցուցադրում էր աստղերի անվերջանալի ծովը: Այստեղ տարբեր մասնագետներ էին հավաքված, ովքեր կենտրոնացած աշխատում էին իրենց տերմինալների առաջ: Բոլորը կրում էին միանման կապույտ կոմբինիզոններ, որոնք տարբերվում էին միայն կրողի մասնագիտությունը մատնանշող կրծքանշաններով: Բոլորից առանձնանում էր մոխրագույն զինվորական համազգեստով մի տղամարդ, ով իշխանաբարո փռված էր բազկաթոռին, սինթետիկ սուրճի ծխացող բաժակը ձեռքին: Տիեզերանավի զինված ուժերի գնդապետ Գաբրիել Մոնրոն էր։  


- Օրիորդ Ադամյան, սա էլ ձեր մոլորակը,- ասաց գնդապետ Մոնրոն ու ցույց տվեց մոնիտորին։ Աստղազարդ երկնքի վրա կարմիր շրջանակով առանձնացվեց հազիվ նշմարվող մի կետ։ -  Ձեր առաջարկով է «Հորիզոնը» այս մոլորակին մոտեցել, այնպես չէ՞։

- Այո, իմ հաշվարկները ցույց են տալիս, որ այս մոլորակում կյանքի համար բարենպաստ պայմանների առկայությունը խիստ հավանական է: Մոլորակն այսպես կոչված «ոսկեծամիկի գոտում» է: Այսինքն իր աստղից օպտիմալ հեռավորության վրա է գտնվում, որպեսզի հարմարավետ ջերմաստիճան ու հեղուկ ջուր ունենա: Մթնոլորտում առկա են թթվածին, օզոն, ածխաթթու գազ, մեթան և, որ ամենակարևորն է, ֆոսֆին: Հայտնի է, որ ֆոսֆին գազն արտադրում են կենդանի միկրոօրգանիզմներն, այնպես որ…

- Այդքան բանը ո՞նց եք պարզել մի հեռու կետի նայելով, - ընդհատեց գնդապետը։ 

- Սպեկտրոգրաֆիայի միջոցով, գնդապետ։ Հասկանում եք, տարբեր քիմիական տարրերը տարբեր կերպ են անդրադարձնում լույսը։ Մոլորակից եկող լույսը սպեկտրի բաժանելով ու ուսումնասիրելով կարողանում ենք հասկանալ, թե որ տարրերի հետքն է այն կրում։ Օրինակ թթվածինը․․․

- Լավ, լավ… Դասախոսություն մի կարդացեք: Հարց տվեցի՝ կրակն ընկա։ Հիմա շատ ավելի մոտ ենք B-236-ին ու կարող եք ճշգրտել տվյալները:

- Նոր Վեդիին…

- Ի՞նչ…

- Ես ուզում եմ մոլորակն անվանել Նոր Վեդի։ Ըստ հին ավանդույթի հայտնաբերողն իրավունք ունի անվանում մտածել մոլորակի համար: 

- Իսկ դա ի՞նչ է նշանակում։

- Վեդին իմ նախնիների քաղաքն է, Հին Երկրագնդի վրա։ 

- Թող լինի Նոր Վեդի։ Արագ վերջացրեք՝ գնանք, - ասաց զինվորականն ու ֆռթոցով մի կում արեց սուրճից։ 


Թանկարժեք խմիչքի բույրը տարածվել էր սենյակով: Այսպիսի մի բաժակը շարքային գիտնականի մեկ ամսվա պարենի արժեքն ուներ: Շշուկներ էին պտտվում, որ տիեզերանավի վերնախավի մոտ ոչ միայն սինթետիկ, այլ նաև իսկական սուրճի պաշար էլ կա: 


Մոնիտորին հայտնվեց մոլորակի ավելի խոշոր ու դետալային պատկերը։ Նոր Վեդին ամպերով շղարշված մի գունդ էր։ Կողքին փոքրիկ մոխրագույն արբանյակ ուներ։ 


«Հմմ… Արբանյակի համար էլ կարելի է մի լավ անուն հնարել», - մտածեց Լուսինեն։ 


Համակարգիչներին մի քանի րոպե պահանջվեց ստացված թարմ տվյալները վերլուծելու համար՝ սրտատրոփ սպասման լարված րոպեներ: 

Մոլորակի պատկերի կողքին թվերի, տառերի ու սխեմաների կույտ վառվեց։


- Տվյալները հաստատվում են, - ասաց Լուսինեն, - մթնոլորտի բաղադրությունը շատ նման է երկրայինին: Թթվածնի այս մակարդակն, ինչպես նաև CO2-ի զգալի քանակը, վկայում են ակտիվ ֆոտոսինթեզող բուսականության մասին։ Առկա են պարզորոշ երևացող ջրային ավազաններ․․․ կենսաբազմազանության նշաններ․․․


Կամրջակում մի պահ բոլորը քարացան: Մոնրոն կլորացած աչքերով նայում էր մեկ մոնիտորին, մեկ Լուսինեին:

- Ուզո՞ւմ եք ասել, որ…

- Այո…

Սուրճի բաժակը վայր ընկավ գնդապետի ձեռքից ու թանկարժեք սև հեղուկը լղոզվեց նրա շքեղ համազգեստի վրա։

- Ես պետք է զեկուցեմ, - ասաց նա` տեղից վեր թռնելով։


***

Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց տիեզերանավի բոլոր սեկտորներով։ «Աստղային հորիզոնը» սլանում էր դեպի բաղձալի նշանակետը։ Ընդամենը մեկ շաբաթից մարդկությունը կհասներ իր նոր տուն։ Անաբիոզից լրացուցիչ հերթափոխեր դուրս բերվեցին` նախապատրաստական աշխատանքներն արագ վերջացնելու համար։ Վիթխարի տիեզերանավը, որ սովորաբար ամայի էր թվում, վերածվեց կյանքով լի մրջնանոցի։


Կամրջակ տանող միջանցքում Լուսինեն հանդիպում էր ժպտացող մարդկանց։ Անձնակազմը երբեք այսքան խանդավառված չէր եղել։ Նա հանդիպեց նաև Սանչեսին, ով գործիքներով պայուսակը ձեռքին, քթի տակ շվշվացնելով ինչ-որ տեղ էր շտապում։ Լուսինեն հազիվ դիմացավ նրա ուղղությամբ «բա որ ասում էի» նետելու գայթակղությանը։ 


Լուսինեն հասավ կամրջակի ավտոմատ դռներին ու ներս մտավ։ Գնդապետ Մոնրոն իր բազկաթոռին էր, նրա կողքին կանգնած էին մոխրագույն համազգեստներով ևս երկու զինվորական: Բոլորն անհանգիստ ու մտահոգ դեմքերով ինչ-որ բան էին քննարկում։


«Ինչ-որ բան այն չէ», - գլխի ընկավ Լուսինեն։


- Մոլորակից նոր տվյալնե՞ր կան, - անհանգստացած հարցրեց նա։ 

- Նոր տվյալներ կան, բայց ոչ մոլորակից, - ասաց գնդապետը։ Նա մատները սահեցրեց կառավարման վահանակի վրայով ու մոնիտորին հայտնվեց ինչ-որ սիգարաձև օբյեկտի լղոզված պատկեր։ - կռահո՞ւմ եք, թե սա ինչ է։ 

- Ճիշտն ասած՝ ոչ․․․

- Այս օբյեկտը երեկ հայտնվեց մեր տեսադաշտում։ Նավիգատոր Պարկ Լի-Սունգը պնդում է, որ այն անբնական հետագծով է շարժվում, թռչում է Նոր Վեդիի ուղղությամբ, մեզ է հետապնդում։ Հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։

- Ուզո՞ւմ եք ասել․․․ այլ քաղաքակրթության տիեզերանա՞վ է, - ապշեց Լուսինեն։ 

- Հնարավոր է արդյո՞ք, որ նրանք Նոր Վեդիից լինեն, - հարցրեց գնդապետը, - եթե մոլորակն արդեն բնակեցված է զարգացած բանական արարածներով, ուրեմն ամեն ինչ իզուր էր։ Մենք զավթողական պատերազմի համար բավարար ռեսուրս չունենք։ 

- Չեմ կարծում, զարգացած քաղաքակրթությունն անպայման հետք կթողներ մոլորակի վրա։ Մթնոլորտում արդյունաբերական գազեր կլինեին, մակերեսին լուսային աղտոտվածության գոտիներ և այլն։ Այդպիսի ոչ մի նշան չենք ֆիքսել։

- Գուցե՞ նրանք էլ են անտուն թափառականներ ու մեր մոլորակի վրա են աչք դրել, - հարցրեց գնդապետը։ - Ստացվում է՝ մրցավազքի մեջ ենք մտել։

- Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այլ տարբերակներ էլ կարող են լինել, - պատասխանեց Լուսինեն։

- Herr գնդապետ, կարծում եմ խելամիտ կլինի, եթե նրանց դիտարկենք, որպես պոտենցյալ սպառնալիք։ - մեջ ընկավ զինվորականներից մեկը՝ երկար բեղերով ցնփոր մի տղամարդ։

- Անշուշտ, մայոր Շնայդեր, - համաձայնվեց Մոնրոն։

- Պետք է անաբիոզից հանել ամբողջ ԶՈւ անձնակազմը, - առաջարկեց երկրորդ զինվորականը՝ ձիգ կապված ոսկեգույն մազերով, խիստ հայացքով մի կին:

- Առայժմ մեկ գունդը բավարար է, մայոր Կովալսկա։ Կարգադրեք, որ ստուգեն մարտագլխիկների սարքինությունը։ 

- Դեռ ոչինչ չգիտենք նրանց մտադրությունների մասին, բայց դուք արդեն պատերազմի եք պատրաստվում, - ասաց Լուսինեն:

- Մի՛ խառնվեք, Ադամյան, - սաստեց նրան գնդապետը, - Ձեր գործը մոլորակներ ուսումնասիրելն է, մերը՝ «Հորիզոնի» ու 15․000 ուղևորների անվտանգությունն ապահովելը: Ավելորդ զգուշավորությունը դեռ ոչ մեկի չի վնասել, իսկ դրա պակասը կարող է կործանարար լինել։


***

Հաջորդ օրերին նոր մոլորակի մասին ուրախ զրույցները փոխարինվեցին օտար նավի մասին անհանգիստ փսփսոցներով։ Մարդիկ փորձում էին կռահել, թե ինչ տեսք կարող են ունենալ այլմոլորակայինները։ Ոմանք կարծում էին, որ նրանք պիտի մարդկանց կամ երկրային որևէ այլ արարածի նման լինեն, քանի որ էվոլյուցիան միշտ միևնույն օպտիմալ ճանապարհներով է գնում։ Ուրիշները պնդում էին, որ անծանոթ մոլորակի վրա կյանքը կարող էր աներևակայելի ուղղություններով զարգանալ ու մեզ համար անհասկանալի հրեշներ ստեղծել։ 

Տեղեկատվության պակասը անձնակազմին ստիպում էր տարատեսակ վարկածներ, երբեմն էլ դավադրության տեսություններ հորինել։ 


Լուսինեն վճռեց առանց հրավերի գնալ կամրջակ ու պարզել, թե հրամանատարությունն ինչ է պատրաստվում ձեռնարկել։ 


Այս անգամ կամրջակում զինվորականներն ավելի շատ էին:


- Օբյեկտը չափերով մի փոքր զիջում է «Աստղային հորիզոնին», բայց ավելի արագ է տեղաշարժվում: Այս պահին մեզանից 2 լուսարոպե հեռավորության վրա է ու շարունակում է մոտենալ, - զեկուցում էր մի սևամորթ սպա:

- Եթե շարունակեն մոտենալ, ապա ստիպված կլինենք կիրառել մարտագլխիկները, - վճռական տոնով ասաց Մայոր Շնայդերը։

- Տեղեկություն չկա, թե ինչքան հեռահար են այլմոլորակայինների զինատեսակները, - խոսեց մայոր Կովալսկան, -  Եթե բավական մոտենան ու առաջինը կրակ բացեն, ապա կորած ենք։ Մեր հին տաշտակը գրեթե ոչ մի պաշտպանություն չունի։ Խիստ կարևոր է, որ առաջինը մենք հարված հասցնենք։ 

- Մի՞թե բախումից խուսափելու տարբերակ չեք դիտարկում, - հարցրեց Լուսինեն։


Համազգեստավորները շրջվեցին անկոչ հյուրի կողմ։ Լուսինեն սպասում էր, որ գնդապետն ուր որ է կհրամայի իրեն հեռանալ կամրջակից, բայց նա սկսեց խոսել հանգիստ տոնով։

- Իրավիճակը հետևյալն է, օրիորդ Ադամյան։ Մենք չգիտենք, թե ում հետ գործ ունենք։ Եթե նրանց թշնամի համարենք, բայց պարզվի, որ բարեկամներ են, շատ բան չի փոխվի։ Եթե բարեկամ համարենք, բայց պարզվի թշնամի են, ապա թանկ կվճարենք։ 

- Հասկանում եմ, ասաց Լուսինեն, - դեռ քարի դարից եկած բնազդները հուշում են, որ խոտերի մեջ խշշոց լսելիս, ավելի ապահով է մտածել, որ վագր է դարանակալել, բայց առավել հաճախ խշշոցի պատճառը պարզապես քամին է: Չե՞ք մտածում, որ անզգույշ քայլերի դիմելով կարող եք մեզ պատերազմի մեջ ներքաշել գերազանցող քաղաքակրթության դեմ։ Ռիսկը չափազանց մեծ է։ 

- Մենք արդեն վաղուց ենք խուզարկում գալակտիկայի այս հատվածը։ Եթե այս կողմերում զարգացած քաղաքակրթություն լիներ, նրանց հանդիպած կլինեինք, - ասաց Կովալսկան։ - Օտարները հավանաբար շա՜տ հեռու են իրենց մոլորակից։

- Հասկանում եք, օրիորդ Ադամյան, «Աստղային հորիզոնը» 250 տարվա համար էր նախատեսված, իսկ մենք արդեն 300 տարի ենք ճանապարհին: Պարենը սպառվում է, սարքավորումները շարքից դուրս են գալիս։ Այս նավն ինչ-որ հրաշքով կարող է ծառայել ևս մի քանի տասնամյակ, որից հետո մեր ռասայի մնացորդների համար դագաղ կդառնա: Այս մոլորակը… Նոր Վեդին մեր վերջին հույսն է։ Եթե անգամ մի փոքր վտանգ կա, որ օտարները կարող են խանգարել մեզ մոլորակ հասնելու ճանապարհին, ապա պետք է չեզոքացնենք այդ վտանգը։ Պիտի դիմենք բոլոր միջոցներին, գնանք ցանկացած ռիսկի, այլ տարբերակ չկա:

- Ըըը․․․ Գնդապետ,- վեճն ընդհատեց կապի մասնագետը, - կարծում եմ պետք է լսեք սա։

- Ի՞նչ է պատահել, Յանկովիչ։

- Մենք ձայնային ազդանշան ենք որսում, - հայտնեց Յանկովիչը, - կարծում եմ՝ օտար նավն է ուղարկում։ 


Բարձրախոսներից դուրս հորդաց խշշոցի, սուլոցի ու կտկտոցների մի անհասկանալի խառնուրդ: 


- Լսո՞ւմ եք այս կտկտոցները, նրանց լեզուն է, - ասաց սպաներից մեկը, - տեսնե՞ս ինչ են ասում: 

- Բավականին ագրեսիվ է հնչում։ Շան որդիները երևի սպառնալիքներ են ուղարկել, - ենթադրեց Կովալսկան։ 

- Verdammt!, անջատեք արդեն, - խնդրեց Շնեյդերը` փակելով ականջները։

- Ձայնագրությունն ուղարկեք մեր լեզվաբաններին, - կարգադրեց գնդապետ Մոնրոն, - թող պրոֆեսոր Մացումոտոն զբաղվի դրանով։ Գուցե ստացվի մի օգտակար բան պարզել։ 


Զանգի ազդանշան հնչեց։ 

- Վերևից է, - ակնածանքով ասաց Մոնրոն ու ժեստով լռության կոչ արեց բոլորին։

Նա զգաստացավ, ուղղեց համազգեստն ու զգուշորեն վերցրեց կոմունիկատորը:

- Լսում եմ,-  ասաց նա կարճատև խոսակցության ավարտին ու տեղը դրեց կապի սարքը։

- Գնդապե՞տ, - հարցական հայացքով ասաց Կովալսկան։

- Մեզ հրամայված է, անհապաղ կրակ բացել, - հայտնեց գնդապետը։ 

- Հրթիռները վաղուց պատրաստ են, herr գնդապետ, - զեկուցեց Շնայդերը։


Մոնրոն հեռացրեց կառավարման վահանակի հատուկ կափարիչը, որի տակ թաքնված էր մեծ կարմիր կոճակը։ Նայեց հավաքվածների դեմքերին, սպասեց մի քանի վայրկյան, այնուհետև բռունցքն իջեցրեց կարմիր կոճակի վրա։ 


Մոնիտորը ցույց տվեց, թե ինչպես է հրթիռների երամն անջատվում «Հորիզոնից» ու սլանում օտարների նավի ուղղությամբ։ 

4, 3, 2, 1, վերջ․․․  Հետապնդողների առեղծվածային նավն անհետացավ։


- Դե ինչ, -  ասաց Մոնրոն՝ խորը շունչ քաշելով, - հայտարարեք անձնակազմին, որ վտանգը չեզոքացված է։ Հաջորդ կանգառը՝ Նոր Վեդի։ Բոլորն ազատ են։ 


Նա վեր կացավ ու պատրաստվեց լքել կամրջակը, երբ դռան շեմին հայտնվեց սպիտակ մորուքով մի ակնոցավոր ասիացի՝ պրոֆեսոր Մացումոտոն էր։ Նրա դեմքը փայլում էր ուրախությունից։ Հուզմունքից դողացող ձեռքերում պլանշետ էր պահում։ 


- Գնդապետ․․․ Ձեր ուղարկած ազդանշանը…-  սկսեց խոսել նա։

- Ազդանշանը ի՞նչ…

- Մենք կարողացանք այն վերծանել։

- Այսքան կարճ ժամանակում կարողացաք այլմոլորակային լեզու վերծանե՞լ, - զարմացավ գնդապետը։ 

- Դա այլմոլորակային լեզու չէր, գնդապետ, Հին Երկրագնդում կիրառվող կոդերից մեկն էր` Մորզեի այբուբենը։ Մերոնք են, գնդապետ…


Մոնրոն ընկավ բազկաթոռին։


- Հաղորդում էին հետևյալ տեքստը, - պրոֆեսորը սկսեց կարդալ պլանշետի էկրանից, - «Տապան-տիեզերանավ «Փյունիկը» ողջունում է մեր երկրագնդացի քույրերին ու եղբայրներին: Անչափ ուրախ ենք այլ փրկվածների հանդիպելու համար։ Կտեսնվենք նոր մոլորակում»։ 

- Եթե մի քանի րոպե սպասեինք, -  շշնջաց Մոնրոն։


***

Լուսինեն կանգնած էր բլրակի վրա ու հետևում էր, թե ինչպես են հերթով վայրէջք կատարում մարդատար մոդուլները։ Ամեն ինչ նոր ու անսովոր էր։ Նեղ միջանցքների ու խցիկների փոխարեն՝ բարձր երկինք ու անծայրածիր դաշտ, մետաղյա սառը հատակի փոխարեն՝ փխրուն ու խոնավ հող։ Քամին օրորում էր արծաթագույն ծաղիկներն ու առագաստանման հսկա տերևներ ունեցող ծառերը։ Գլխավերևում քառաթև գույնզգույն արարածներ էին ճախրում։ Ամպերի մեջ երևում էր մոլորակի արբանյակի մահիկը։ Այդ արբանյակն այսուհետ Փյունիկ կկոչվի։ 


29 views0 comments

Comments


bottom of page