top of page
Search
Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Վիշապը, որը մարդկանցից գլուխ չհանեց», հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան





Երեք պատերազմների մասնակից Գիժը (զինակիցների տված մականունն էր՝

տաքարյուն ու արագ բորբոքվող բնավորությանը միանգամայն համահունչ)

մեքենայի ոնտնակն այնպես սեղմեց, կարծես ուզում էր ճզմեր ոչնչացներ դրան։

Գոռաց։ Լավ էր՝ մեքենայի մեջ ու շրջակայքում մարդ չկար, ոչ ոք գժի տեղ չէր

դնի։ Ոչ էլ հեգնական քմծիծաղով կնայեր դեմքին, ինչպես տարածաշրջանի

ամենահայտնի ու պահանջված, եթե չասենք՝ շուկան մենաշնորհի վերածած

վիշապաորսը՝ Գառնիկը։ Գժի աչքերի առաջ հայտնվեց որսորդի բազուկը, որը

պատված էր վիշապների գլուխների պատկերներով։ Քսան յոթ դաջվածք՝

Գառնիկի կողմից սպանված քսան յոթ վիշապների հիշատակին։ Բայց այս մեկին

Գիժը միայնակ է որսալու, ով ինչ ուզում է թող ասի կամ անի։


Կողքի նստարանին անփութորեն գցած էին քնաբեր փամփուշտներով հրացանն

ու դաշույնը։ Դրանց տակ ճմրթված, սև-սպիտակ տպիչից դուրս եկած մի անորակ

նկարազարդում էր՝ տարատեսակ վիշապների պատկերներով։ Նրանցից մեկը՝

ձկնային հրեշի հիշեցնող մռութով, խռիկներով ու երկար բեղիկներով, առնված էր

կարմիր շրջանակի մեջ։


Ռադիոյի անմիտ, բթացնող երաժշտությունը, եթե դա կարելի էր անվանել

երաժշտություն, ընդհատվեց լուրերի թողարկումով, եթե դա կարելի էր լուրեր

անվանել․


- Այսօր երեկոյան երկու բազմամարդ է ցույց է սպասվում Երևանի

կենտրոնում։ Ազատության հրապարակում Վիշապների պաշտպանության

կոմիտեի անդամները բարձրաձայնելու են վիշապների իրավունքների

պաշտպանության խնդիրները, իսկ Ֆրանսիայի հրապարակում կհավաքվեն

«Հայքն առանց հրեշների» նախաձեռնության և «Վիշապաքաղի որդիներ»

խմբավորման անդամները, որոնք պահանջում են սահմանափակել

վիշապների տեղաշարժը երկրում, մասնավորապես՝ արգելել մուտքը

Երևան և հանրապետության այլ քաղաքներ։ Օրինագծի քննարկումները

տեղի են ունենալու ԱԺ այսօրվա նիստի ժամանակ։ Հիշեցնենք, որ երեք

տարի առաջ այս օրը դեռևս մինչև վերջ չճշտված հանգամանքներում,

Հայաստանի տարածքում գտնվող «վիշապաքար» կոթողների մեջից

սկսեցին դուրս գալ իրական վիշապները, որոնց՝ ըստ առասպելների,

հազարամյակներ առաջ քարի էր վերածել Վահագն Վիշապաքաղը։ Ըստ

որոշ տվյալների, հրեշների վերակենդանացումը հնարավոր էր դարձել

Վահագի Վիշապաքաղի հետնորդների՝ հնագետներ Նիկողայոս և Անահիտ

Մադոնցների արյան շնորհիվ։ Այնուհետև, Աժդահակ լեռան գագաթում

քարացած՝ իրեն Վիաշապաց Վիշապ հռչակած Աժդահակը, փորձել էր

համախմբել վերածնված վիշապներին և հարձակում գործել

հանրապետության մայրաքաղաք Երևանի վրա, որի արդյունքում․․․


Գիժը չդիմացավ, փոխեց ալիքը։ Մտովի դեպի հեռավոր 90-ականներ տանող,

ոչինչ չպարտադրող ռաբիզը՝ երկար սինթեզային սոլոներով ու կրքոտ

կլկլոցներով, շատ ավելի ներդաշնակ էր իրավիճակի հետ։


***


Ձկնակերպ վիշապ Թորգոմը սիրում էր ժամանակ առ ժամանակ վերադառնալ

այնտեղ, ուր դարեր առաջ նրան խոցել էին Վահագն Արքայի զինվորները՝

օբսիդիանից պատրաստված ու կախարդական հեղուկի մեջ թաթախած նետով․

այդպես խոցվել ու քարի էին վերածվել Հայքի գրեթե բոլոր վիշապները, մարդիկ

հաղթանակ էին տարել ու մոռացել նախկին թշնամիների մասին։


Թորգոմը դանդաղեցրեց թևերի շարժումը, կարծես հրաժարվեց պայքարել երկրի

ձգողականության հետ։ Ներքևում վիշապին սպասում էր քարքարոտ հողը կտրող

վառվռուն գետակը, որ ձնհալից հետո դարձել էր մի ամբողջ լուրջ գետ։ Թորգոմը

դանդաղ հասավ ջրի մակերևույթին, հետևի թաթերով զգաց դրա պաղությունը․

մարմնով հաճելի դող անցավ։ Վայրկյաններ անց նա արդեն ամբողջությամբ ջրի

տակ էր։ Մի պահ պառկեց գետի հատակին ու նայեց երկնքին՝ ջրի մեկերևույթի

միջով։ Ամպերի սպիտակն ու երկնքի կապույտը դողդողում էին ջրի ալիքների

հետ, երբեմն երկնքով մանր ձկնիկներ ու շերեփուկներ էին անցնում։


Ջրից լիցքավորվելուց հետո, Թորգոմը տեղավորվեց ափին, ճիշտ այնտեղ, որտեղ

նա անցկացրել էր մի քանի հազարամյակ՝ քարացած վիճակում։ Մինչ արևը

խուտուտ էր տալիս վիշապի պարանոցի լողակները, նրա պոչը խաղում էր ջրի

հետ, կարծես մարմնի այդ մասին դեռ մի քիչ էլ էր պետք գետակի հետ շփումը։


Քարե բանտարկությունը, որին Վահագն Արքան դատապարտել էր բոլոր

վիշապներին, տարօրինակ կերպով էր անցել։ Մի կողմից, Թորգոմը քարացել էր,

բառացիորեն վերածվել քարի։ Այն աստիճանի, որ ընդամենը մի քանի սերունդ

անց մարդիկ մոռացան, որ դրանք իրական են եղել ու սկսեցին վերաբերվել

որպես իրենց նախնիների կերտած կոթողների։ Մյուս կողմից՝ բանտարկյալի

գիտակցությունը, կարծես ամբողջությամբ չէր անջատվել, նա պարզապես

մրափում էր՝ լսելով, ընկալելով ու կլանելով մոտակայքում հնչող խոսքը ու

կատարվոր իրադարձությունները։


Չնայած, որ ի տարբերություն շատ այլ վիշապների, քարացած վիճակում Թորգոմը

չէր եղել մարդաշատ ավաններում, բայց մարդկային տեսակի հետ այդուհանդերձ

որոշ շփում ունեցել էր։ Հենց այս գետակի մոտակայքում, օրինակ, մի քանի խոշոր

և արյունալի ճակատամարտ էր տեղի ունեցել։ Իր քարե կապանքների մեջ

Թորգոմը զարմանքով զգում ու լսում էր, որ մարդիկ են մարդկանց դեմ կռվում։

Երբեմն մարդկանց լեզուն էր փոխվում՝ շատերն էին ոտնատակ անում Հայքը։


Թորգոմի վիշապային հուշերից ոչ մի կերպ չէր վերանում այն ջահել զինվորի

ձայնը, որն աղաչում էր թշնամուն՝ խղճալ իրեն, որ ինքը չէր էլ ուզում կռվել այս

պատերազմում, որ նրան քշել տարել են իր դաշտերից, հա նա զենքը վայր է գցել

և պարզապես ուզում է վերադառնալ իր տուն․․․ Հանկարծ զինվորի ձայնը

կտրուկ դադարել էր։ Քարե պատյանի մեջ Թորգոմը չէր կարող զգալ, բայց

միևնույն է, հուշերն այնպես էին տպվել իր ուղեղում, կարծես նա իր սեփական

թեփուկների վրա էր զգացել իր կամքին հակառակ մարտի դաշտ նետված, ապա

թշնամու ձեռքն ընկած խեղճ երիտասարդի արյունը։


«Հետաքրքիր է, քանի՞ մարդու արյուն է թափվել այս հողի վրա, մինչ ես

բանտարկված էի», - հանկարծ մտածեց Թորգոմը։ Քանի որ այս հռետորական

հարցին պատասխանող չգտնվեց՝ ո՛չ իրականում, ո՛չ Թորգոմի մտքում, վիշապը

իր նույն ձկնանման գլխում հնչեցրեց մյուս կարևոր հարցը․ «Տեսնես՝ երբ

Վահագնը վիշապներիս տապալեց ու վերածեց քարի, նա մարդկության համար

մի՞թե այսպիսի ապագա էր կանխատեսում։ Մի՞թե մարդիկ իրար հետ ավելի լավ

են վարվում, քան Աժդահակն էր ծրարգում։ Մի՞թե ավելի քիչ մարդկային արյուն

է թափվել մարդկացն ձեռքով, քան վիշապների հետ հակամարտությունից․․․»

Թորգոմը դառը քմծիծաղ տվեց․ «Էհ, Վահագն Վիշապաքաղ ջան, մենք քար

էինք, բա ու՞ր է ձեր անվիշապ, բարեկեցիկ ու համերաշխ մարդկությունը․․․»


***


Հիշեց մարդկային արատներից իր ամենասիրելին՝ մեծամտությու՜նը։ Թեպետ,

արդարության համար, դա բնավ ոչ միայն մարդկանց հատուկ արատ էր։

Աժդահակն էլ, եթե ուղիղ խոսենք, մեծամտությունից հռչակեց իրեն Վիշապաց

Վիշապ ու համոզեց վիշապներին, որ նրանք ավելի խելացի ու բարձր են

մարդկանցից, որոնց հետ հազարամյակներ համերաշխ գոյատևել էին (երբեմն

նույնիսկ համագործակցել ու բարեկամություն արել)։ Աժդահակի

մտահոգությունն անհիմն չէր, բայց մեծամտությունն ու հակառակորդին

թերագնահատումը ի վերջո կործանեցին վիշապներին։ Աժդահակի ու իր

զինակիցների մտքով (այո, Թորգոմն էլ նրանց թվում էր) չէր կարող անցնել, որ

այդ մանրամիտ մահկանացուները կկարողանան դիմակայել նրանց զորությանը

ու ոչ միայն չեն հանձնվի ու հետ կմղեն հարձակումը, այլև կբացահայտեն

վիշապներին վերջնականապես տապալելու գաղտնիքը։ Բայց գաղտնիքն

իմանալն էլ դեռ ամբողջը չէր․ պետք էր անսահման քաջություն ու

նվիրվածություն՝ այդ գաղտնիքով զինված Աժդահակին հաղթելու համար, այդ

քաջասիրտը Վահագն Արքան էր․․․ Բայց ի՞նչ եղավ հետո։ Վիշապների

նկատմամբ տարած այդ հաղթանակն էլ իր հերթին մարդկանց մեջ ծնեց արդեն

իրենց մեծամտությունը․․․


Վիշապների անկումից անցել էր արդեն հինգ հազարամյակ, իսկ մարդկությունը

թևակոխել էր իր նոր թվարկության 20-րդ հարյուրամյակը։ Թորգոմը մարդկանց

մի քանի տասնամյակ կլիներ, որ չէր էլ լսել։ Հետո, արդեն վարածնվելուց հետո,

հասկացել էր, որ գուցե մոռացվել էր, ծածկվել հողով, թաքնվել բոլորի աչքից։

Ենթադրաբար, պարարտ սև հողի տակ էր մնացել, քանի որ քարացած վիշապին

հայտնաբերել էր հողը մշակող մի գյուղացի։ Եզին լծված գութանը հողի մեջ

խրված բախվել էր քարին, եզը մնացել էր տեղում։ Գյուղացին փորել էր, տեսել,

որ քար է։ Մտածել էր՝ փորեմ, հանեմ, դեն նետեմ, գործս շարունակեմ։


Փորել էր, փորել, տեսել էր, որ լուրջ ժայռաբեկոր է։ Պարանով կապել էլ էր, կցել

նույն եզին, որ դուրս հանի հողից, չխանգարի հողի մշակմանը։ Եզը մի կերպ

քաշել, քարի մի ծայրը դուրս էր հանել։ Այդժամ գյուղացին տեսել էր

փորագրությունը, բացականչել էր՝ «Վիշա՜պ եմ գտել, վիշա՜պ»։ Իհարկե, այդ

տարօրինակ քսաներորդ դարում մարդիկ արդեն մոռացել էին վիշապների

գոյության մասին և կարծում էին, թե սրանք վաղնջական ժամանակներից

մնացած մարդակերտ կոթողներ էին, վիշապի դիմագծերն էլ, փաստորեն, ըստ

նրանց, այդ հին ժամանակների մարդիկ էին ձեռքով փորագրել։ Ինչևէ, խեղճ

գյուղացին, որ նույնիսկ սեփական եզ ու հող չուներ, հիացավ իր գտածոյով,

ուրախացավ, լուրը տարածեց։ Լուրը հասավ գյուղի գլխավորին, որքան Թորգոմն

է հիշում, այդ օրերին գլխավորին կոչում էին «Կոլխոզի նախագահ», բայց թե այդ

ինչ խոզ էր, ու ինչու էր նրան հատկապես նախագահ հարկավոր այդպես էլ

չիմացավ․ քսաներորդ դարի Հայքում իրավիճակը չափազանց արագ էր

փոփոխվում ու խճճվում, դժվար էր հասցնել հետևել ամեն ինչին։


Ինչևէ, կոլխոզի գերագույնը, լսելով լուրը, եկել էր տեսնելու։ Եթե ճիշտ էին

ընկալել քարացած Թորգոմը այդ օրն իր շրջակայքում հնչած խոսքերը, ապա

խոզերի այդ տիրակալը շատ էր հավանել գտածոն, կարգադրել էր մի բեռնատար

մեքենա բերել, մեջը դնել, տանել ու պահել, որ իր մեռնելուց հետո քարը դրվի իր

գերեզմանին։ Մի քանի ամրակազմ երիտասարդ շրջապատել էին քարը, երկուսը

բարձրացել բեռնատարի թափքի մեջ, մյուս չորսը թեքահարթակով բարձրացրել

էին քարը, մի կերպ հասցրել վիշապի մռութը թափքին, բայց դեռ կեսից մեքենայի

հետև անվադողը չէր դիմացել, պայթել էր, փայտյա թեքահարթակը կոտրվել էր,

քարն ընկել էր երիտասարդներից մեկի ոտքին, ղալմաղալ էր բարձրացել,

խոզատերը զայրացած բղավել էր, թե ինքը «չլինի Կոլխոզի նախագեն, թե չտանի

էս վիշապին» ու իր գերեզմանին չտեղադրի, քանի որ իրենից բացի ավելի

արժանի մարդ էս սարերում չկա։


Ինչպես հաճախ պատահում է այս կողմերում մարդկանց հետ, կոլխոզաց արքան

այդպես էլ այստեղ չերևաց։ Այդուհանդերձ, Թորգոմի տապալված քարն արդեն

ճանաչված էր դարձել․ մարդիկ գալիս էին վիշապին տեսնելու, աչքերը փակելու

ու երազանք պահելու։ Ինչպես պարզվեց այդ զրույցներից, որոնց մասունքները

հասնում էին Թորգոմի կիսախավար գիտակցությանը, խոզերի վարչապետին

բռնել տարել աքսորել էին՝ չարաշահումների համար։ Ասում էին (շատ ցածր,

փսփսալով)՝ մատնության նամակը գրվել էր կողքի գյուղից, որի կոլխոզի

վեհափառը խիստ վիրավորվել էր նրանից, որ առաջարկել էր իր աղջկան

ամուսնացնել այս մի նախագահի որդու հետ, բայց այս մեկը մերժել էր, ասելով,

որ այդ գյուղը իր գյուղին հավասարը չէ։ Վիրավորված հարևան նախագահն էլ

նամակ էր գրել թագավորին (թե կուսակցությանը, թե բյուրոյին՝ Թորգոմն արդեն

խճճվել էր այդ նորամուծությունների մեջ), թե՝ եկեք հասեք, էս մարդը փոխանակ

խոզի գործերով զբաղվի, իր մառաններն է լցնում, հարստություն դիզում, ու «հլա

պամտամշակութային կոթողները գրպանում»։


Որոշ ժամանակ անց էլ լուր հասավ, որ աքսորվածը մահացել է հեռավոր ձնոտ

տափաստաններում, որտեղ վիշապներ չկան։ Նախագահի որդին մի օր՝ արդեն

մեծ մարդ, եկավ վիշապաքարի մոտ, նստեց, նայեց, գետին, հետո պատմեց՝ իր

կարծքով ջրին, իսկ իրականում՝ քարացած վիշապին, որ երանի հերը հայրենի

գյուղում մահկանացուն կնքեր, հարազատ երնքի տակ ու դրվեր հարազատ,

ծանոթ հողի մեջ, ոչ թե մնար անծայրածիր Հյուսիսի սառույցների ու ձների մեջ,

էդ դեպքում տղան էլ կկատարեր հոր իղձը՝ վիշապը կտեղադրեր

գերեզմանին․․․


Մեծամտությունը, փաստորեն, ժառանգաբար էր անցնում, ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ

մարդիկ․․․


***


Հուշերի այս հորձանուտի մեջ՝ Թորգոմն արդեն մրափում էր սեփական մտքերից

ու ջրի ձայնից դմբրած, երբ օդը լցվեց ահավոր մի ձայնով։ Վիշապը չէր հիշում

ինչպես է կոչվում այս ձայնային զենքը, որ Հայքի բնակիչները հորինել էին

վիշապների քարացած ժամանակ, բայց գիտեր, որ երկար չի կարող դիմանալ այդ

զվռնոցներին ու կլկլոցներին, որ մարդիկ կոչում էին երաժշտություն («Դեհ,

հարգելի Վահագն Արքա ջա, սա էլ քո հետնորդների մշակութային մակարդակը,

վայելի՛ր»)։


Թորգոմը ցատկեց տեղից, բայց ոչինչ անել չհասցրեց․ քիչ հեռվում կայանած

ավտոմեքենայի գլխին ամրացված հսկայական բարձրախոսերից հորդացող

երաժշտությունը զրկում էր նրան ուժերից, մտածելու ու գործելու

կարողությունից, ցավը կարծես հոսեր երակներով ու տարածվեր ամբողջ

մարմնով մեկ՝ երախից մինչև պոչի ծայրը։ Կիսափակ աչքերով Թորգոմը հասցրեց

նկատել ռազմական համազգեստով մորուքավոր տղամարդուն։ Վերջինս մի քանի

մեծ ցակտով հասավ Թորգոմին ու ճարպկորեն հեծեց վիշապին։ Թորգոմը

հուսահատ շարժումով փորձեզ ազատվել, բայց ապարդյուն։ Նույն պահին

պարանոցին՝ ջրի տակ շնչելու համար նախատեսված խռիկների տակ (ձկնակերպ

վիշապները դրանով տարբերվում էին մնացածից) ուժեղ ծակոց զգաց ու մի քանի

ակնթարթ անց անջատվեց։


***


Թորգոմը մի կերպ բացեց աչքերը։ Կոպերն այնքան էին ծանր, կարծես ծանր

քարերից լինեին։ Բայց ոչ, վիշապը նորից չէր վերածվել վիշապաքարի։ Բայց

շարժվել ամեն դեպքում չէր կարողանում։ Աչքերի առաջ դեռ մշուշոտ էր, բայց

աստիճանաբար հնարավոր եղավ տարբերել գտնվելու վայրը։ Վիշապը ի

տարբերություն իր ծանոթ ցեղակիցներից ոմանց ժամանակակից մարդկանց հետ

քիչ էր առնչնվել և Աժդահակի տապալումից հետո միանգամից հեռացել էր

լեռներում ապրելու։ Ուրիշ բան, որ այդ լեռներում պարբերաբար հանդիպում էին

լքված մարդկային գյուղեր։ Դրանք շատ չէին տարբերվում հին Հայքի գյուղերից,

միայն թե ձիասայլերի փոխարեն հիմա այստեղ կարելի էր հանդիպել լքված

ավտոմեքենաներ՝ «զիազուրկ սայլեր», ինչպես դրանք իր համար բնութագրում էր

Թորգոմը։ Եվ ահա այդ մեքենաների համար մարդիկ ունեին առանձին գոմեր՝

«ավտոտնակներ» («լավ է, որ գոմն էլ չեն կոչում կովատնակ», - մի անգամ ինքն

իրեն մտքում հեգնել էր Թորգոմը, քանի որ ինչպես միշտ՝ միայնակ էր իր մտքերի

հետ)։ Մի խոսքով, անհայտ չարագործը անզգայացրել էր նրան ու բերել, կալանել

այս նեղ ու մութ ավտոտնակում։


Թորգոմի ամբողջ էությունը լցվեց կատաղությամբ։ Ահա սրա համար էլ

հազարամյակներ առաջ Աժդահակը վիշապներին համախմբեց, ասելով, որ պետք

է նախահարձակ լինել, այլապես վաղ թե ուշ մենք մեր մաշկի վրա կզգանք

մարդկանց իրական էությունը։


Այդ պահին վիշապի տեսադաշտում հայտնվեց Գիժը (վիշապը, իհարկե, չէր կարող

իմանալ այդ մականունը)։ Թորգոմը նույն վայրկյանին որոշեց որ լուծումը մեկն է՝

այրել սրան, այրել այս ավտոտնակը, այրել դրան կցված տունը ու այլևս երբեք

չխղճալ դրանց․․․ Բայց անցավ մի ակնթարթ, երկու, նույնիսկ երեք, իսկ

ռազմական համազգեստով տղամարդը հանգիստ կանգնած էր ավտոտնակի մյուս

կողմում ու անտարբեր նայում էր Թորգոմին։ Թորգոմից որոշ ժամանակ

պահանջվեց հասկանալու, որ տղամարդն ու ավտոտնակը չեն բռնկվում մի պարզ

պատճառով․ նրա երախը կապանքված է հաստ մետաղյա շղթայով։ Մյուս

շղթաները գամել էին նրա չորս թաթերն ու պոչը հատակին։


Թորգոմը կատաղած շարժեց պարանոցը, գլուխը մի քանի անգամ ուժեղ

հարվածեց հատակին և կարողացավ վերջապես թուլացնել երախի շղթան։ Մի

վայրկյան էլ՝ ու նրա գլխավոր զենքն ազատված է։ Զարմանալիորեն՝

պատվազուրկ մահկանացուն նույնիսկ տեղից չի շարժվում։ Դեհ, թող այդպես

տեղում կանգնած էլ խորովվի։ Միայն թե․․․ Ո՞րտեղ է կրակը, ինչու՞

կրակագեղձերn իր ներքին հրահանգներին չեն արձագանքում ․․․


Տղամարդը սպասեց, որ Թորգոմը գիտակցի իր իրավիճակի անելանելիությունը,

ապա անշտապ շրջվեց, գետնից վերցրեց պատին հենած հրացանը, պահեց

վիշապի վրա ու կրակեց։ Թորգոմը նորից պարանոցի մասում ծակոց զգաց։ Ու

նորից անջատվեց։


***


Թորգոմը չգիտեր՝ քանի ժամ էր անցկացրել անջատված վիճակում։ Համենայն

դեպս, նորից արթնացել էր նույն ավտոտնակում։ Ամբողջ մարմինը ցավում էր,

որտեղ չէր ցավում՝ պարզապես անզգայացած էր։ Երախը, զարմանալիորեն

ազատ էր։ Բայց կրակ միևնույն է չկար։ Տղամարդը ավտոտնակի մյուս կողմում

կանգնած էր սեղանի մոտ։ Առանց վիշապին ուշադրություն դարձնելու նա ինչ-որ

կտրող, ծակող ու նման այլ գործիքներ էր շարում իրար կողք, մեկումեջ՝ նայելով

սեղանի ծայրին դրված ինչ-որ թղթերի։


- Ինչու պարզապես չես սպանում, - խռպոտ ձայնով խոսեց Թորգոմը:


Այս անգամ ազատվելու կամ առավել ևս հարձակվելու փորձ չարեց, զգաց, որ

անիմաստ է։ Գիժը չարձագանքեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց։


- Մա՛րդ արարած, այդքան հարգանք ունեցիր, գոնե հարցերս անպատսխան

մի թող, - մռնչաց Թորգոմը։


Տղամարդը դադարեց գործիքների հետ աշխատանքը ու նայեց վիշապին։


- Չեմ սպանում, որովհետև մտադրություն չունեմ, - ցածրաձայն, բայց

չափազանց վստահ ու հանգիստ ձայնով ասաց նա ու նորից անցավ իր

գործերին։


- Եվ չես վախենում, որ ես մյուս շղթաներից էլ կազատվեմ ու քեզ մի

ակնթարթում կփոշիացնե՞մ։


Գիժը հառաչեց, կարծես հեչ խոսելու ժամանակը չէր, բայց ստիպված պետք էր

պատասխանել նվնվան էակին։


- Ոչ, ոչ էլ վախենում եմ, որովհետև ամեն ինչ հաշվարկել եմ ու նախորոք

պատրաստվել։


Տղամարդու քամահրական պահվածքն ու ինքնավստահությունը նորից

կատաղեցրին Թորգոմին և նա կրկին ապարդյուն փորձ արեց տեղից պոկվելու։

Չարագործը չէր ստում․ վիշապի ուժերը գրեթե չքացել էին, իսկ մնացած ուժերով

նա չէր կարողանում ազատվել շղթաներից։ Տղամարդը տեսավ, որ Թորգոմը չի

հանձնվում ու ամեն դեպքում բարի գտնվեց որոշ պարզաբանումներ անելու։


- Իզուր մի թպրտա, ոչինչ չի ստացվի, ուժերդ մի քանի ժամից նոր

կվերականգվեն։ Բայց էդ ժամանակ ես արդեն էստեղ չեմ լինի, քեզ էլ

չգիտեմ՝ ինչքանով դա կօգնի։


Վիշապը բացեց երախը, բայց չհասցրեց խոսել։


- Առաջին հերթին, իհարկե, կրակագեղձերն եմ չեզոքացրել, - ասաց

տղամարդը։


- Ի՞նչ ես անելու, - նվաստացած հարցրեց Թորգոմը։


Գիժը մտածեց, կարծես փորձում էր ճիշտ բառեր ընտրել՝ իր պատանդին

սպասվելիքը բացատրելու համար։


- Մի փոքր վիրահատություն, ընդամենը։


Թորգոմը վերջապես սկսեց գլխի ընկնել։


- Օ՜, իհա՜րկե, դու այն նզովյալ չարագործներից ես, որոնք որսում են

վիշապներին, մասնատում ու վաճառում ձեր սև շուկաներում, այդպես չէ՞։

Մի քանի ընկեր արդեն կորցրել եմ այդպես․․․ Ի՜նչ ճիշտ էր Աժդահակը,

ի՜նչ ճիշտ էր․․․

- Եթե ես լինեի քո նշած նենգաորսներից, դու վաղուց սատկացրած ու

մասնատված կլինեիր, - կարծես հնչած մեղադրանքից վիրավորված

պատասխանեց Գիժը՝ հատուկ կամ պատահականորեն ինքը վիրավորելով

զրուցակցին։

- Սատկում են սառնարյուն մայաղէզները, իսկ հրաշունչ վիշապները

ճախրում ու նահատակվու՜մ են, - մռնչաց վիշապը, այնքան ուժգին, որ

տղամարդը անսպասելիությունից հետ քայլ արեց ու գետնից վերցրեց

հրացանը։ Բայց այն կիրառելու կարիք չեղավ։

- Քեզ վիրավորելու միտք չունեի, - հանկարծ ասաց տղամարդը։


Թորգոմը քմծիծաղեց․


- Ճանաչում եմ մարդ տեսակին․ վիրավորելու միտք չունեն, բայց

նենգաբար հետևից հարձակվելու, տապալելու, կապանքելու ու մորթազերծ

անելու միտք միշտ ունեն, - ասաց նա ու նույնիսկ մի քիչ ծիծաղեց։


Գիժը քարացավ տեղում, սկսեց ծանր շնչել, հոնքերը կիտեց։ Երևում էր, որ նա

պայքարում է արտաքին հանգստությունը պահպանելու համար։ Լարված

լռության մեջ լսվեց բջջային հեռախոսի զանգը։ Տղամարդը շտապ, գրեթե

դողացող ձեռքերով գրպանից հանեց սարքն ու պատասխանելով շտապ դուրս

եկավ ավտոտնակից։ Թորգոմը միայն հասցրեց լսել «Մի քիչ էլ համբերեք, շուտով

կվերջացնեմ․․․» խոսքերը ու արձանագրել տղամարդու անսպասելի շփոթված

ձայնը։ Տղամարդը վերադարձավ մի քանի րոպեից։ Վիշապը նկատեց, որ այժմ նա

ոչ այքան սառնարյուն ու հանդարտ էր, որքան գրգրռված ու լարված։ Չէր

կանգնում տեղում՝ քայլում էր այս ու այն կողմ, անընդհատ ժամին էր նայում։


Հանկարծ տղամարդը կանգ առավ ու զայրացած նայեց վիշապին։


- Դու ինձ չե՛ս ճանաչում, - սեղմած ատամների արանքով ասաց նա։


Այժմ երկու զրուցակիցներից հանգիստը վիշապն էր։


- Դե ծանոթանանք։ Պատմիր՝ իմանամ՝ ՞նչն է քեզ ստիպել գնալ սարերում

գտնել քեզ անծանոթ վիշապի, թունավորել, կապկպել ու նետել այս խավար

զնդանը, - հարցրեց նա, կարծես հիմա տղամարդն էր բանտարկյալը։


Գիժը չդիմացավ։ Սեղանից վերցրեց մեծ մուրճն ու ամբողջ ուժով նետեց պատին։


- Ես խոսալու ժամանակ չունե՜մ, ես ժամանակ չունեեեեմ։


Սա բղավելով նա վերցրեց հրացանն ու սպառնալից պահեց Թորգոմի ուղիղ

ճակատին, բայց ակնթարթ անց գցեց այն ցած ու ինքը նստեց գետնին։ Երկու

ձեռքով բռնեց գլուխն ու սկսեց քթի տակ կրկնել՝ ժամանակ չունեմ, ժամանակ

չունեմ, ժամանակ չունեմ․․․


Չգիտես ինչու, Թորգոմը խղճաց այս թշվառականին («Շատ հակասական էակներ

են սրանք՝ համ ուզում ես տեղում փոշիացնես, համ էլ ուզում ես կարեկցել», -

բազմիցս ինքն իրեն արձանագրել էր Թորգոմը՝ դեռ վիշապների ու մարդկանց մեծ

պատերազմից առաջ, ու համոզվել դրանում քարացած եղած երկար դարերի

ընթացքում)։


- Համենայն դեպս, կարծում եմ, որ դահիճը պետք է ճանաչի իր զոհին, ուստի

ներկայանամ՝ Թորգոմ, Գեղամա գետերի ձկնակերպ վիշապ, -

պաշտոնական ձայնով, - եղել եմ Վիշապաց Վիշապ Աժդահակի զորախմբի

մեջ, Վահագն Արքայի հետ պատերազմում կրել եմ պարտություն և

պատվով կրել պատիժս՝ հինգ հազար տարվա քարացում։ Երբ ձեր

ժամանակակիցը Վահագն Արքայի հետնորդների արյամբ ազատագրեցին

վիշապներիս այդ կալանքից, ես հետ քաշվեցի, չցանկանալով կրկին

անմիտ կռվի մասնակիցը դառնալ։ Ինձ խորթ էր այն միտքը, որ այսքան

դարեր ու հազարամյակներ անց մենք կրկնում ենք նույն քայլերը՝ առանց

առաջ գնալու։


Թորգոմը լռեց, ժամանակ տվեց զրուցակցին, որ վերջինս միանա

խոսակցությանը։


- Դու հետ քաշվեցիր, բայց շատ ուրիշ վիշապներ՝ Աժդահակի հետ միասին

հարձակվեցին մարդկանց վրա, - անհաղորդ ձայնով արտաբերեց

տղամարդը։

- Այդպես է, բայց նաև իմ ցեղակիցներից ոմանք օգնեցին Վահագն Արքայի

հետնորդ Մադոնցներին կանգնեցնել Աժդահակին, այդպես չէ՞։


Տղամարդը գլխով արեց։


- Այդպես է, այո, բայց հիմա դա կապ չունի․․․

- Ինչի՞ հետ կապ չունի։ Գուցե վերջապես․․․

- Մինչ դուք քարացած էիք ու մարդիկ չունեին իրենցից տարբերվող հրեշներ,

որոնցից կարելի էր վախենալ, նրանք իրենք ստեղծեցին իրենց հրեշներին։

- Իրենք դարձան հրեշներ, - ուղղեց Թորգոմը։


Գիժն անորոշ թափահարեց ձեռքով, իբր՝ թե կուզես, թող էդպես լինի։ Նա իր կարճ

կյանքի օրոք երեք պատերազմի էր մասնակցել, դրանցից ոչ մեկում մարդիկ

վիշապների դեմ չէին կռվում։ Այնպես որ Թորգոմը ըստ էության ճիշտ էր։


- Ես մարդկության հետ կապված պատրանքներ չունեմ, - շարունակեց

վիշապը, - բայց կոնկրետ դու, կոնկրետ մարդ, դու՞ ինչ ես ուզում։


Գիժը նայեց ձեռքի ժամացույցին, կարծես չհավատաց սլաքներին, դրա համար մի

անգամ էլ ստուգեց ժամը՝ նայելով հեռախոսի էկրանին։


- Ես ուզում եմ հաջորդ քառասուն րոպեն շուտ անցնի գնա, ես անեմ

անելիքս, չքվեմ էստեղից, - հոգնած ձայնով ասաց նա։


Վիշապը հոգոց հանեց։


- Լսել եմ՝ սև շուկայում շատ թանկ են վաճառվում վիշապների կաշին,

թեփուկները, եղջյուրները, կարծեմ՝ կրակագեղձերը, չէ՞, - հարցրեց նա, -

դա՞ ես կտրելու հանես։ Երևի շտապ ոսկու կարիք ունես։ Մարդիկ դեռ է՜ն

ժամանակ էին փողի մասին չափից շատ մտածում, ինչ արած․․․

- Ես սև շուկայի ու նենգաորսերի հետ կապ չունեմ, - կտրեց տղամարդը։

- Չէ, իհարկե չունես, պարզապես նենգորեն որսացիր ինձ, թե չէ նենգաորս

չես․․․


Տղամարդը կանգնեց տեղից՝ կարծես նորից հավաքեց բոլոր ուժերն ու

վերականգնեց ինքնատիրապետումը։


- Ես կարող էի պատմել քեզ իմ կենսագրությունը, բայց դա ոչ մի իմաստ

չունի։ Միակ բանը, որ դու արժի՝ իմանաս էն ա, որ էս ամեն ինչ ես չեմ

անում իմ համար, կամ փողի համար, կամ փառքի համար, կամ վիշապների

ատելու համար։ Ինձ էս կյանքում ոչինչ պետք չի, առավել ևս՝ փող։

Վիշապներին էլ երբեք չեմ ատել, նույնիսկ երբ հարձակվեցին Երևանի վրա։

Որովհետև վաղուց հասկացել եմ, որ ատելությունը երբեք ոչ մի հարցի

լուծում չի տալիս, մենակ նոր խնդիրներ ա առաջացնում։ Իմ կյանքում կա

մենակ մի կարևոր բան։ Իմ տղան։


Թորգոմը հազիվ նկատելի բարձրացրեց հոնքերը։


- Տաս տարեկան, խարտյաշ, խելացի փայլուն աչքերով։ Չգիտեմ՝ վիշապների

մոտ էդ հարցերը ոնց են, չգիտեմ՝ պատկերացնում ես, թե չէ՝ էդ ինչ

զգացողություն ա՝ ժառանգ ունենալ, փոքր մարդ, որը գոյություն ունի քո

շնորհիվ ու որի հետագա գոյության համար էլ դու ես

պատասխանատվություն կրում, որ պատերազմներում կռվելուց՝ մտածում

ես, մենակ թե փրկվեմ, հետ գնամ երեխայիս մոտ, մենակ թե հուսախաբ

չանեմ, մենակ թե մենակ չթողնեմ էս աշխարհում․․․

- Չէ, մեր ծագումն ու հայտնությունը մի փոքր այլ հանգամանքներում են

եղել, էնպես որ մենք ժառանգներ չենք ունենում, - ամեն դեպքում ճշտեց

Թորգոմը ու ինքն իր ձայնի մեջ զարմանքով ափսոսանքի երանգներ

նշմարեց։

- Ամենադժբախտ արարածն աշխարհում էն մարդն ա, որը գիտակցում ա, որ

չի կարող հոգ տանել իր սեփական զավակի մասին, - դառնությամբ ասաց

տղամարդը, - ու հիմա ես էս ամենով, - նա թափահարեց ձեռքերը՝ կարծես

մատնանշելով ավտոտնակը, կապանքված վիշապին ու ընդհանրապես այս

հանգամանքները, - փորձում եմ հոգ տանել իմ լույս տղայի համար։


Վիշապը չարձագանքեց, թեև դեռ չէր հասկանում կապն իրեն պատանդ վերցնելու

ու տաս տարեկան տղայի միջև։


- Հիվանդ ա տղաս, - հոգոց հանեց տղամարդը, - անբացատրելի,

անհասկանալի, անիմաստ, անբուժելի․․․ Ամեն ինչ արեցինք, ամեն ինչ

ծախեցինք, հազար տեղ զանգեցինք, կնոջս հետ ինչ ասես իրար չասեցինք՝

մեղադրեցինք իրար, աշխարհին, բնությանը, վերին ուժերին, բայց լուծում

չգտանք։ Իսկ հետո հայտնվեցին վիշապները, հարձակվեցին մարդկանց

վրա, պարտվեցին, խաղաղություն կնքեցին, ցրվեցին Հայոց լեռնաշխարհի

տարբեր ծայրերում։ Հետո մարդիկ սկսեցին որսալ ձեզ, ուսումնասիրել,

փորձեր անել։ Գիտեմ, դաժան էր շատ, ես ինքս երբեք էդպես չէի անի, ես

սովորական որսի նույնիսկ երբեք չեմ գնացել։ Մենակ թե մի օր, երբ

տղայիս հերթական անգամ տարանք հիվանդանոց, բժիշկներից մեկը

ասեց, որ արժի փորձցել վիշապաբուժություն։

- Էստեղ էլ մեզ հանգիստ չեն տալիս․․․, - չդիմացավ Թորգոմը։

- Պարզվեց, որ մի քանի անգամ արդեն փորձված տարբերակ կա՝ ձկնակերպ

վիշապների թիակների միջև, էնտեղ, թռչելու թևերն են միանում իրար, էդ

մասում մաշկի տակ, ողնաշարին շատ մոտ մի նյութ կա, որ Երկրի վրա, էլ

ոչ մի տեղ չի հանդիպում։ Մի վիշապից ստացված նյութը, կարծեմ դեռ

անուն չեն որոշել դրա համար, ինչ որ է, էդ նյութը կհերիքի մի անբուժելի

հիվանդին ոտքի կանգնացնելու համար։ Ես, իհարկե, միանգամից գնացի

սև շուկա, խոսեցի մարդկանց հետ, բայց էդ հղպացածներն էնպիսի գներ

էին կրակում, որ ես ինձ էլ ծախեի, կամ ամբողջ կյանքս օր ու գիշեր

աշխատեի էլ՝ երբեք չէի հավաքի։ Մի խոսքով, մնաց մի տարբերակ՝

սեփական ուժերով որսալ ձկնակերպ վիշապին ու ստանալ նյութը։

- Բայց մեկ է՝ չհասկացա, թե ինչու չես սպանում ու հանգիստ գործդ անում։

- Գիտե՞ս ինչի էր էդքան թանկ հրաշագործ նյութը։ Խնդիրը ոչ միայն քիչ

քանակն էր, դե վիշապներն էդքան շատ չեն, իսկ ձկնակերպերը՝ էլ ավելի

քիչ, այլ էն, որ նյութը պիտի հանվի վիշապի մարմնից, երբ նա դեռ

կենդանի ա։ Թարմ, շնչող, նյութ։ Հասկացա՞ր։

- Լավ, դա հասկացա։ Բայց չհասկացա՝ ինչու դեռ չես անցել գործի։

- Մինչև նյութի արտահանումը վիշապի օրգանիզմի մեջ պիտի ներարկվի

փշակնի հեղում, ներարկելուց երեք ժամ հետո նոր կարելի ա կարատել

վիրահատությունը։


Տղամարդը նայեց վիշապին՝ Թորգոմին թվաց, որ խղճահարությամբ ու

մեղայկանով, բայց ակնթարթ անց այդ երանգները չքվեցին․ տղամարդը փրկում

էր իր ձագին, դա հակակշռում է ցանկացած այլ բան։


- Իսկ ի՞նչ է սպասում վիշապներին այդ վիրահատությունից հետո, -

հարցրեց Թորգոմը։


Լսվեց զարթուցչի նյարդային զրնգոցը։ Գիժն անջատեց այն, առանց բառ ասելու

մոտեցավ սեղանին, հագավ բժշկական ձեռնոցները, վերցրեց գործիքների

հավաքածուն՝ մուրճ, սղոց, հերձադանակ, ներարկիչ, ու դանդաղ քայլեց դեպի

վիշապը։


- Գաղափար չունեմ, - վերջապես պատասխանեց Թորգոմին՝ շրջանցելով

վիշապին ու մոտենալով նրան կողքից, այնպես, որ հնարավոր լինի

բարձրանալ նրա մեջքին ու բացել մաշկը թիակների կողմից։


Զնգաց հեռախոսը։ Արդեն վիշապի մեջքին տեղավորված, տղամարդը դրեց այն

ականջին ու ասաց․


- Մի ժամից կլինեմ հիվանդանոցում, հա, հենց հիմա դրանով եմ զբաղված, -

ասաց նա խոսափողի մեջ ու անջատեց։


Տղամարդը սպիրտով մշակեց այն հատվածը, որտեղ պետք է կտրում կատարեր։


- Հույս ունեմ՝ տղադ կապրի ու չի ատի վիշապներին, - ճակատագրի հետ

համակերպված արտաբերեց Թորգոմը։


Ավտոտնակի դրսի կողմից կտրուկ արգելակող մեքենայի ձայն լսվեց, որին

հաջորդեցին վազքի ձայներ։ Տղամարդն ու վիշապն ինքնաբերաբար նայեցին

նույն ուղղությամբ։ Դուռը շրխկոցով բացվեց ու ներս վազեցին մի քանի

զինյալներ։ Գիժը ճանաչեց դրանցից մեկին, որը կարծես գլխավորն էր՝

հռչակավոր որսորդ Գառնիկն էր, որի ձեռքին փայլում էին ոչնչացրած քսանյոթ

վիշապների թվով արված դաջվածքները։


- Էս մեր ախպերը առանց մեզ ասելու վիշապ-միշապ ա բռնում, ջոգի՞ք, -

լսվեց զինյալներից մեկի բղավոցը։


Թորգոմի մեջքին նստած Գիժը տարակուսած նայեց Գառնիկին․


- Մի րոպե ինձ տվեք, մնացածը ինչ ուզում եք․․․


Գառնիկը ձեռքով նշան արեց․ զինյալները բարձրացեցին հրազենը։ Կրակոցների

տարափ հորդաց։ Գլխավոր որսորդն իր հերթին աղեղնազենից նշան բռնեց

Թորգոմի խռիկներին՝ պարանոցի ամենաանպաշտպան մասն էր, ու արձակեց

նիզակը։


«Էս մարդկանցից գլուխ հանել չի լինի», հասցրեց մտածել վիշապ Թորգոմը՝

նախքան անթափանց խավարի մեջ խորտակվելը։

108 views0 comments

Comments


bottom of page