top of page
Search
Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Վերջին վիշապի ասպետը», հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան





Գլուխ 1

Ոչ այնքան ձանձրալի էքսկուրսիան


Տասնմեկամյա Դավիթը պատրաստ էր երդվել, որ սա իր կյանքի ամենաանհետաքրքիր էքսկուրսիան էր։ Ամառը մոտենում էր վերջին, և մինչև դպրոց վերադառնալը տղան հույս ուներ գոնե մի քանի հիշարժան արկած ունենալ: Սակայն դատելով վերջին արշավների միապաղաղությունից և էքսկուրսավարների անգիր արված տեքստերից՝ ոչ արկածներ, ոչ էլ հետաքրքրություն առաջացնող փաստեր չէին սպասվում: 

Հոգնելով էքսկուրսավարի մոնոտոն ձայնից, Դավիթը անընդհատ հետ էր ընկնում խմբից, նախընտրելով ինքնուրույն ուսումնասիրել տարածքը։  

-Այնպես էլ անուն են դրել <<վիշապաքար>>, - քթի տակ փնթփնթաց տղան։ - Տեսքից` վատ մշակված քարի կտոր։ 

Նա փորձեց կողքից էլ ուսումնասիրել <<քարի կտորը>>՝ մեկ էլ տեսար մի հինավուրց գաղտնի գրվածք գտնի քարի վրա, կարողանա այն կարդալ և վերլուծել։  

Տղան արդեն պատկերացրեց, թե ինչպես է Ինդիանա Ջոնսի նման ճանապարհ ընկնում հնությունների ետևից, և հպարտ ներկայացնում գրության միջոցով գտնված գանձերը դասարանի առաջ: Դասղեկը հիացած հայտարարում է, որ նրա գիտական աշխատանքը պետք է ներկայացվի հնէաբանների ամենամյա հավաքին և նոմինացվի Նոբելյան մրցանակի... 

Սակայն, ինչքան ուշադիր և լարված էր Դավիթը հայացքով փնտրում փորագրված այծի գլխից բացի գրվածքի որևէ նշույլ, այնքան ավելի էր մարում նրա երևակայությամբ ստեղծված վառ պատկերը։ Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց վիշապաքարի հարևանությամբ <<դիրքավորված>> քարի կտորը։  

Հսկա վիշապաքարի ֆոնին մամուռով պատված օվալաձև փոքրիկ քարը գրեթե աննկատելի էր։ Դավիթը երբեք չէր նշմարի այն քաոտիկ աճած խոտի մեջ, եթե հայացքը չկառչեր մամուռից ազատ միակ հատվածին:     

<<Դավիթ 1999>>, - զարմանքի և զզվանքի խառնուրդով կարդաց տղան կավիճով արված գրվածքը։  

Նա չէր ճանաչում վանդալ Դավիթին, բայց միանգամից հասկացավ, որ նրանք միանշանակ չեն ընկերանա։ Տղան օրինակելի աշակերտ լինելու պատրանքներ չուներ. գնահատականները հեռու էին իդեալականից, իսկ ինչպես էր մայրը նրա վրա բղավում վերջին անգամ դասից <<թռնելու>> համար նա մինչև հիմա շատ լավ հիշում էր: Սակայն որքան էլ տղային դուր չէր գալիս վիշապաքարը, նա չէր կարող ընդունել ցանկացած հուշարձանի նկատմամբ անհարգալից արարք։ Դե ֆակտո, գրվածքը վիշապաքարի կողքի քարին էր, բայց Դավիթին այդ փաստը թվաց երկրորդական: Չէ՞ որ հուշարձանին հարող տարածքն էլ պետք է պատշաճ կերպով պահպանվի։ 

Տղան չէր ուզում համակերպվել այն փաստի հետ, որ վանդալը կրում էր իր անունը։ Թարսի պես անգամ տարեթիվն էր համընկնում։ <<Մնում է որ խմբի ավագը տեսնի և մտածի, որ ես եմ գրել>>, - Դավիթի դեմքը սկսեց կարմրել ամոթի ակնկալումից։ Ոչ, նա չի կարող թույլ տալ, որ նման բան պատահի։   

Տղան արագ նայեց չորս կողմը, համոզվելու համար, որ ոչ ոք իրեն չի տեսնում և շտապեց ուսապարկից հանել ջրով շիշը։ <<Ինչ լավ է, որ հետս ջուր բերեցի>>, մտածում էր Դավիթը մի ձեռքով առատ ջրելով գրվածքը, մյուսով`տրորելով քարը։ Գրվածքը կամաց-կամաց մաքրվեց, և Դավիթը վերջապես թեթևացած շունչ քաշեց։ Նրա բարի անունը վերականգնված է, և կարելի է միանալ խմբին, քանի դեռ նրա ձգձգված բացակայությունը չեն նկատել։  

Սակայն երբ տղան արդեն ուզում էր հեռանալ, սպիտակ գրվածքը նորից հայտնվեց քարի վրա: 

-Այ քեզ բաաան, - ասաց Դավիթը աչքերին չհավատալով: 

Հենց այդ պահին նա այրոց զգաց աջ գրպանի տարածքում։ Անսպասելիությունից բաց թողնելով ուսապարկը, տղան արագ ձեռքը տարավ գրպանը։  

Այն ինչ դուրս հանեց գրպանից, տղային ստիպեց ընդունել, որ էքսկուրսիան միգուցե այդքան էլ անհետաքրքիր չէր, ինչքան նա մտածում էր. Դավիթի ձեռքում փայլփլում էր մետաղյա մի ուղղանկյուն տուփ, վրան՝ վիշապի կիսադեմի փորվածք։ Տեսքից դատելով, տուփը ոչ այլ էր, քան կրակայրիչ։ Բացելով տուփի վերևի հատվածը և տեսնելով կրակը Դավիթը հասկացավ, որ ճիշտ է գուշակել։ Տղան որոշեց, որ հետո կմտածի, թե որտեղից է նրա գրպանում հայտնվել այդ կրակայրիչը և ինչպես է նա դա բացատրելու արշավային խմբի ավագին, եթե հանկարծ բռնվի: Հիմա կարևորը հանցանքի վայրից հեռանալն է: 

Դավիթը ուզում էր փակել կրակայրիչը և թաքցնել ուսապարկում, սակայն այն հանկարծ դուրս սահեց տղայի ձեռքից և ընկավ ուղիղ <<Դավիթ>> գրվածքի վրա: 

Գործողությանը հաջորդող վայրկյաններում միաժամանակ պատահեց մի քանի բան. քարի ողջ մակերեսով կրակ բռնկվեց, իսկ երկնքում, որ մեկ վայրկյան առաջ դեռ կապույտ-կապույտ էր, հավաքվեցին ծանր, կապարի ամպեր, և սկսեցին պտտվել, առաջացնելով պտտահողմի խոռոչ։ Գետինը տղայի ոտքերի տակ դղրդաց, ինչից Դավիթը հետ-հետ գնաց և ընկավ խոտին։ 

Պտտահողմի մեջ մանր կայծակներ էին փայլատակում, ասես ուժ հավաքելով հիմնական հարվածի համար։ Եվ այն իրեն սպասել չտվեց. երկնքում կոտրտվելով հսկայական կայծակը շտապեց դեպի ապշած տղան։ Խոտերի մեջ նստած Դավիթը, չհասցնելով վեր կենալ և փախչել, գլուխը թաքցրեց ձեռքերի մեջ:

Իր ողջ կյանքի ընթացքում Դավիթը չէր լսել նման ուժգնության ամպի գոռոց: Մի քանի վայրկյան տղան մտածում էր, որ էլ երբեք չի կարողանա ոչ տեսնել, ոչ էլ լսել: Հանդգնելով բացել մի աչքը Դավիթը թեթևացած արտաշնչեց: Առաջին հայացքից ամեն ինչ լավ էր. երկինքը նորից պարզ էր և, ամենակարևորը, Դավիթը ողջ էր և անգամ անվնաս։ Երկրորդ հայացքից, տղան պարզեց, որ ֆիզիկայի բոլոր օրենքներին հակառակ, կայծակը հարվածել էր ոչ թե ծառին, կամ հսկա վիշապաքարին` այլ այրվող կլոր քարին: Վերջինս շուրջը ամեն ինչ սևացել էր, իսկ ինքը քարը պատվել էր ճաքերով։ 

Հետագայում, փորձելով հիշել, թե ինչու արեց այն ինչ արեց, Դավիթը չէր կարողանում գտնել պատասխանը։ Հավերժություն թվացող մի քանի վայրկյան տղան ուղղակի փորձում էր կարգավորել շնչառությունը։ Ստացված ցնցման հետևանքները դեռ մի քանի տարի հետապնդելու էին նրան երազներում։ Չոքեչոք մոտենալով քարին, և զգալով նրանից ճառագայթող ջերմությունը, տղան ձեռքը դրեց քարի կենտրոնին, որտեղից և տարածվում էին ճաքերը։ Քարը դղրդաց, և Դավիթը վախեցած հետ քաշեց ձեռքը, ապահովության համար մի քիչ հետ սողաց և նստեց խոտին:

Քարը վերջնականապես քանդվեց և դրա կտորների տակից ճկուն, կարմիր մարմինը թափ տալով դուրս եկավ թևավոր մողես հիշեցնող, աղավնու չափ մի կենդանի։  

-Դե վերջապես արթնացա, - մաքուր, ժամանակակից հայերենով փնթփնթաց սողուն-թռչունը, շարունակելով դարերի փոշին թափ տալ կաշվենման թևերից և կատվի պես ձգվել, ասես երկար ժամանակ քնել է անհարմար դիրքով։ 

Դավիթը ուզեցավ ինքն իրեն ապտակել իր հիմար մտքերի և հետևությունների համար. <<Ախր երեխային էլ պարզ է, որ վիշապ է։ Ինչ մողես, ինչ թռչուն։ Ամենաիսկական ՎԻՇԱՊ>>։  

Տղան չէր հասկանում ինչ աներ ոգևորությունից։  Նրա մի մասը ուզում էր կանչել բոլորին, բղավել՝ <<նայեք, նայեք, վիշապ>>, իսկ մյուսը, ավելի պրակտիկ և եսակենտրոն  մասը` վիշապի գաղտնիքը իրեն պահել։  

Էքսկուրսիան վերջնականորեն դադարեց ձանձրալի լինելուց։ Հիմա սա պաշտոնապես Դավիթի տասնմեկամյա կյանքի ամենահետաքրքիր էքսկուրսիան էր։  



Գլուխ 2

Ընդհատված քունը


-Բարև, - ընդհատեց վիշապը Դավթի մտքերի շղթան և մի քանի քայլ արեց տղայի ուղղությամբ։ Դավիթը, իր հերթին, նստած տեղից մի փոքր հետ սողաց՝ հայացքը վիշապից չկտրելով։ 

-Բ...բարև, - մի կերպ ստիպեց իրեն արտասանել Դավիթը։ Կատարվելիքը ոչ մի կերպ չէր դասավորվում գլխում։ Այրվող քար, կայծակ, քարից դուրս եկած ԽՈՍԱՑՈՂ ՎԻՇԱՊ։ 

-Ինչի՞ց էս այսպես վախեցել: Մի՞թե չէիր ուզում ինձ արթնացնել: 

Դավիթը թարթեց աչքերը։  

-Դե, այսօրվա ծրագրիս մեջ հաստատ չէր մտնում, - նյարդային ծիծաղեց տղան։ 

-Իսկ ես երբեք ծրագրեր չեմ կազմում, - ասաց վիշապը ետևի թաթով ականջը քորելով։ - Նախընտրում եմ գործել ըստ իրավիճակի։ 

-Ըհը, - Դավիթը ուղղակի չգիտեր թե ինչ պետք է ասի և անի։ Ի՞նչ է իրենից սպասում այս զարմանահրաշ, ասես լեգենդից դուրս եկած փոքրիկ վիշապը:

-Եվ հիմա իրավիճակը թելադրում է արագ հեռանալ, քանի դեռ մեզ չեն տեսել, - շարունակեց վիշապը, էլ ավելի մոտենալով տղային:  

Դավիթը վերջապես գնահատեց պատահարի մասշտաբը։ Վիշապաքարը անվնաս էր, բայց շուրջը ամեն ինչ սևացել էր կայծակի հարվածից, իսկ կլոր քարից միայն փշուրներ էին մնացել։ 

Հավանականությունը, որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չի տեսել պտտահողմը և կայծակը, շատ ցածր է։ Ինչքա՞ն ժամանակ պետք կգա իր խմբին աղետի էպիկենտրոն հետ գալու համար: Ինչպե՞ս բացատրի կատարվածը և թաքցնի փոքրիկ վիշապին, և արդյո՞ք վերջինս թույլ կտա իրեն թաքցնել: Բացի դրանից, ինչպե՞ս է ստացվել, որ վիշապը ոչ միայն գոյություն ունի, դեռ մի հատ էլ խոսում է իրավիճակից:  

Լսելով մոտեցող մարդկանց ձայներ, Դավիթը հասկացավ, որ շտապ պետք է մի բան նախաձեռնել, իսկ թե ինչը կարող է և չի կարող գոյություն ունենալ՝ հետո կմտածի: 

-Արագ, թաքնվիր իմ ուսապարկում, քանի դեռ քեզ չեն տեսել։  

Վիշապը գլխով արեց՝ ի նշան համաձայնության տղայի առաջարկության հետ և մեկ-երկու վայրկյան ուսապարկը ուսումնասիրելուց հետո՝ արագ կորեց մեջը։  

Դավիթը ուսապարկի կայծակաճարմանդը երկու կողմից քաշեց, մեջտեղի մասում բավական տեղ թողնելով, որ վիշապիկը կարողանա անհրաժեշտության դեպքում գլուխը դուրս հանել։ Ուսապարկը հագնելուց հետո տղան շտապեց թաքնվել թփերում։ 

-Ձևացրու, թե դու էլ ես աղմուկի վրա մոտեցել, - շշնջաց վիշապը Դավիթի ականջին մի պահ կարմիր գլուխը դուրս հանելով ուսապարկից։ Եվ Դավիթը հենց այդպես էլ արեց:


***


Անվտանգության նկատառումներից ելնելով էքսկուրսիան ժամանակից շուտ ավարտվեց, և ոչ ոք չկասկածեց, որ մնացածի հետ դեպքի վայր մոտեցած Դավիթը պատահարի մեջ որևէ դեր չի ունեցել: 

Ավտոբուսի վերջին շարքում նստած Դավիթը շշմած նայում էր մի կետի: Նա չէր շտապում խոսակցություն սկսել վիշապի հետ, սակայն զգում էր, որ հազարից ավել հարցեր ունի: Տղան չէր հասկանում ինչու է ինքն իրեն հանգիստ զգում այն ամենից հետո ինչ կատարվեց: Միգուցե նրան հանգստացնում էր ուսապարկի մեջ նստած վիշապի տաքությունը: Վիշապը նույնպես զարմանալու չափ հանգիստ էր իրեն պահում ծնկներին դրված ուսապարկում՝ միայն ժամանակ առ ժամանակ փոխում էր դիրքը: 

Ավտոբուսից իջնելուն պես տղան շտապեց տան մոտակայքում գտնվող այգի՝ վիշապին ուսապարկից դուրս թողնելու: 

-Դուրս արի, այստեղ ապահով է, - ասաց Դավիթը ամբողջովին բացելով ուսապարկը:

Այգին արդեն մեկ տարուց ավել է ինչ փակ էր՝ մի հատվածում շինարարություն էր բացվել, և այդպես էլ կանգ առել: Ոչ ոք չէր հետևում այգուն, և խոտերը թփերի հետ միասին վայրի աճ էին տվել, ամբողջովին փակելով ցանկապատից այն կողմ տեսանելիությունը:

Վիշապին երկու անգամ պետք չէր կրկնել: Նրա ճարպիկ մարմինը արագ դուրս թռչեց ուսապարկից և մեկ-երկու օղակ օդում կատարելուց հետո նստեց խոտերի մեջ:

-Օ, ինչ լավ է ազատության մեջ լինելը, - թևերը ծալելով ասաց վիշապը: 

-Իսկ դու... ո՞վ էս – հանդգնեց հարցնել Դավիթը: 

-Ես Հուրն եմ՝ հայոց լեռնաշխարհի վերջին վիշապը, - գլուխը խոնարհելով ներկայացավ վիշապը, - Քուն եմ մտել դեռ 4-րդ դարում, երկիրը ջրհեղեղից փրկելուց հետո:

-Ըըը... Ես Դավիթն եմ, - մրմնջաց տղան վիշապի օրինակով խոնարհվելով, - ոչ մի նշանակալից բանով չեմ կարող պարծենալ: 

-Ինչու ո՞չ: Դու էլ Հայոց լեռնաշխարհի վերջին վիշապին արթնացնողն ես, - մխիթարեց տղային Հուրը: Դավիթը թույլ ժպտաց, հետո արագ լրջացավ.

-Բայց Հայաստանում էլի վիշապաքարեր կան, ինչու՞ ես վերջինը: 

-Վիշապաքարերը ձեռակերտ արձաններ են, ոչ թե քնած վիշապներ, - պարզաբանեց Հուրը: - Մարդիկ դրանք կերտում էին քնած վիշապների կողքը, որպեսզի չխառնեն մեզ հասարակ քարերի հետ։ 

-Իսկ ի՞նչ կլինի, եթե խառնեն, - հարցրեց Դավիթը:

-Քարի քուն մտնելու վայրը հանկարծակի չի ընտրվում. առնվազն երեք ստորգետնյա էներգետիկ հոսանքներ պետք է հատվեն մի կետում, որպեսզի վիշապը կարողանա քարի քուն մտնել: Եթե քարացած վիշապին շարժեն, նա կկորցնի էներգետիկ հոսանքների հետ կապը և... կդառնա հասարակ մի քարի կտոր: Ես վերջինն եմ, ով կարող էր արթնանալ։  

Հուրը լռեց և ասես ընկղմվեց մտածմունքների մեջ: Դավիթը ափսոսաց, որ ընդհանրապես նման հարց բարձրացրեց: <<Երևի շատ տխուր է արթնանալ և զգալ, որ քո բոլոր ցեղակիցները քնել են հավերժական քնով>>, - մտածեց տղան: 

Ցանկանալով փոխել երկխոսության թեման, Դավիթը հարցրեց. 

-Բայց եթե 4-րդ դարում ես քնել, ո՞նց եմ քեզ այսքան լավ հասկանում: 4րդ դարի հայերենը ժամանակակից հայերենից պետք է որ շատ տարբերվի:  

Վիշապը ծիծաղեց, ծուխ և կայծեր բաց թողնելով քթանցքներից։ 

-Ես խոսում եմ վիշապների լեզվով, բայց ինձ արթնացնողի համար այն հասկանալի է դառնում։ Մենք կապված ենք. ես և դու։ 

Դավթի սիրտը նորից սկսեց կատաղած բաբախել:

-Այսքան դարերի ընթացքում մենակ ե՞ս եմ կարողացել քեզ արթնացնել:

-Ուրիշ ոչ մեկի մտքով չէր անցել իմ ննջաքարին կրակ մոտեցնել։ 

Հիշելով առեղծվածային կրակայրիչը, Դավիթը շտապեց հարցնել.

-Այդ դու՞ էիր կրակայրիչը ինձ փոխանցել:

-Ի՞նչ է կրակայրիչը, - թարթեց վիշապը:

Տղան ձեռքը տարավ գրպանը, որպեսզի հանի կրակայրիչը և ցույց տա, բայց հետո հիշեց, որ այն ընկնելուց հետո չէր էլ փնտրել: Դավիթը երկու բառով բացատրեց վիշապին, թե ինչ է կրակայրիչը և ինչպես էր այն անսպասելիորեն հայտնվել իր գրպանում: Սակայն վիշապը ոչինչ չգիտեր դրա մասին:

-Իսկ ինչպե՞ս են փորձել արթնացնել վիշապներին, - հետաքրքրվեց Դավիթը: Նա միշտ սիրել էր պատմություններ հին մոգական արարողությունների մասին:

-Մեծ մասամբ՝ զոհաբերած կենդանիների արյամբ։ 

Դավիթը թեթև սրտխառնոց և ոչ թեթև զզվանք զգաց։ Տեսնելով տղայի դեմքի արտահայտությունը, Հուրը շարունակեց. 

-Այո, դարից դար մարդիկ մոռանում էին վիշապների բնույթը և ինչպես է պետք մեզ արթնացնել։ Եվս մի քանի դար և մարդիկ ընդհանրապես մոռացան վիշապների մասին: 

-Մարդիկ մոռացան վիշապների մասին, - կամաց կրկնեց Դավիթը, ասես ինքն իրեն։  - Դա՞ է պատճառը, որ այդքան փոքր ես:  

Վիշապը թարթեց.

-Մարդկանց հավատը և հիշողությունը վիշապների վրա ազդեցություն չունի, մենք աստվածներ չենք։ Անձրևը ամենևին չի դադարի, եթե մարդ չհավատա նրա գոյությանը։ Բանն այն է, որ քարի քուն մտնելուց առաջ մենք միշտ էլ… փոքրանում ենք, - փոքրիկ վիշապը ասես թե մտածմունքների մեջ ընկավ:

-Իսկ ինչու՞ էին փորձում ձեզ արթնացնել:

-Տարբեր նպատակներով: Մի թագավոր ուզում էր դեղին վիշապ՝ Բոցի օգնությամբ հաղթել պատերազմում: Մի մեծահարուստ ուզում էր ոսկու պաշարները ավելացնել սև վիշապ՝ Ածխի օգնությամբ: Մեկ ուրիշ պաշտոնյա երազում էր գահընկեց անել թագավորին, և մտածում էր, որ արծաթագույն վիշապ Շանթը կապահովի իրեն ուժով և բավական իշխանությամբ: Նրանցից ոչ ոք չկարողացավ հասնել ուզածին. միայն նա, ում նպատակները ազնիվ են, կարող է բացահայտել վիշապին արթնացնելու գաղտնիքը: 

Դավիթը մի պահ իրեն կարևոր զգաց, բայց հետո հիշեց.

-Բայց ես չունեի ոչ մի նպատակ... Քեզ արթնացնելը հանկարծակի ստացվեց: 

-Հանկարծակի՞, - զարմացած գլուխը թեքեց Հուրը: - Դու կարողացար ինձ արթնացնել, քանի որ մենք շատ կարևոր առաքելություն ունենք։ 



Գլուխ 3

Առաքելությունը և ասպետը


-Առաքելությու՞ն, - Դավիթը ասես ամբողջությամբ վերածվեց համակ լսողության:

Վիշապը գլխով արեց:

-Շուտով լինելու է վերջին մի քանի դարերի ընթացքում ամենաուժեղ արևի խավարումը, և իրենց բանտից ազատագրված գիշերային վհուկները անպայման կփորձեն կլանել արևը։ 

-Գիշերային վհուկնե՞րը, - զարմացած վերահարցրեց տղան: - Երբեք չեմ լսել նրանց մասին:

-Նրանք շատ անուններ ունեն. գիշերամայրեր, օձերին հմայողներ: Սակայն կարևորը ոչ թե անունն է, այլ էությունը: Այդ պառավ վհուկները խավարի զավակներ են: 

-Բայց ինչպե՞ս պետք է արևը կլանեն: Ախր արևը մի մեծ աստղ է, մեզնից միլիոն, ըըը, կամ հարյուր միլիոն կիլոմետր հեռավորության վրա։  

-Գիշերային վհուկների սև մոգության համար հեռավորությունը դեր չի խաղում։ Բռնելով արևի վերջին շողը, մինչև լուսինը այն ամբողջությամբ կփակի, նրանք կկարողանան արևի ողջ լույսը կլանել, մոլորակը ընկղմելով մթության մեջ։ Խավարի զավակների միակ երազանքն է երկրագնդի վրա հաստատել անվերջ գիշեր, թաղել այն քաոսի մեջ, ողողել Անդունդքի արարածներով: Եվ մենք ամեն գնով պետք է կանգնեցնենք նրանց։  

Դավիթի աչքերը փայլատակեցին: Փրկել աշխարհը... մի՞թե մարդ դրանից ավելի գրավիչ առաջարկ կարող է ստանալ:

-Ում պատմեմ՝ ոչ ոք չի հավատա, - շշնջաց տղան, ասես ինքն իր հետ էր խոսում:

-Պետք էլ չի պատմել: Կա ճշմարտություն, որ պետք է պահել միայն սրտում, - պարզաբանեց փոքրիկ վիշապը:

Դավթի ժպիտը մի պահ մարեց.

-Բայց ես... ես ոչ մի ուժ չունեմ աշխարհը փրկելու համար, - ստիպված էր ընդունել արկածասեր տղան:

-Ինչպե՞ս թե: Չէ՞ որ դու ինձ արթնացրել ես:

-Ուրեմն, դու ի՞մ վիշապն էս, - ապշեց տղան։ 

-Ավելի շուտ դու իմ տղան ես, - ծիծաղեց Հուրը: 

-Գոնե <<ասպետ>> ասեիր: Չնայած, ասպետները սպանում էին վիշապներին, - հիշեց Դավիթը և շտապեց ավելացնել, - չէ-չէ, ոչ մի ասպետ։ Լավ է <<տղա>>։ 

Հուրը չհասկացավ, թե ինչ ի նկատի ուներ Դավիթը և տղան պատմեց, որ հեքիաթներում ասպետները ոսկու կամ արքայադստեր ազատելու համար սպանում էին վիշապներին։ 

-Ոսկին հլը կհասկանաի, բայց թե արքայադստրեր մեզ ինչի՞ն են պետք: Ինչ ասես չեն հորինի երկոտանիները, - Հուրը մտածմունքների մեջ ընկնելով թեքեց իր փոքրիկ գլուխը, և ոչ պրոպորցիոնալ մեծ ականջները անյպես կախվեցին, որ Դավիթը հազիվ զսպեց ծիծաղը։ 

-Մի մտածի, Դավիթ: Նրանք ասպետներ չէին, այլ պարզապես ինքնակոչներ, - ավելացրեց վիշապը: - Իսկական ասպետը երբեք չի համարձակվի վիշապին վնասել։ Վիշապները բնության պարգևն են։ Մեզ հարգում և երկրպագում են, իսկ մենք օրհնում և պաշտպանում ենք երկիրը։ 

Դավիթը չպատասխանեց: Նա փորձում էր հասկանալ թե ինչքան սխալ պատկերացում էր կազմել վիշապների մասին գրքերից և ֆիլմերից:

-Դե ի՞նչ կասես: Ուզու՞մ ես քեզ կոչեն վերջին վիշապի հավատարիմ ասպետ: 

-Այո՛, - բացականչեց Դավիթը: Բա դա հա՞րց է: Ո՞ր մի իրեն հարգող տղան կհրաժարվի նման առաջարկից: - Ի՞նչ պետք է անեմ: Ծնկի՞ իջնեմ:  

-Չէէէ, ընդհամենը պիտի չվախենաս կրակով փորձությունից։ 

-Կրակով փորձությու՞ն:  

-Այոոո, -  առեղծվածային ասաց վիշապը, ասես արդեն կուտակում էր կրակը, որ մի լավ այրի տղային։ 

-Ինձ վրա կրա՞կ ես բաց թողնելու... – մի քիչ ավելի բարակ ձայնով, քան կցանկանար, հարցրեց Դավիթը։  

-Միիի վախեցիիիր, - շարունակելով ձգել ձայնավորները, ասեց Հուրը։ - Մենք կապվաաաած ենք, իմ կրաաաակը քեզ ոոոոչ մի դեպքում չիիիի վնասի։  

-Հաստա՞տ, – թուքը կուլ տալով հարցրեց Դավիթը։ 

Վիշապը գլխով արեց, նայելով ուղիղ տղայի աչքերի մեջ։ Դավիթը արդեն որ երրորդ անգամ մտածեց, որ Հուրի հայացքը է խոցում է նրա սիրտը, և կարծես նայում ուղիղ հոգու մեջ: 

-Համաձայն եմ, - ասաց Դավիթը, հավաքելով իր ողջ խիզախությունը, որ չփակի աչքերը:

Հուրը ժպտած։ Դավիթը արդեն հասկանում էր երբ է վիշապը ժպտում` մռութը շատ չէր փոխվում, բայց աչքերը փոքրանում էին, իսկ կոպերի կողքերը կնճիռներ հայտնվում։ 

Հաջորդ պահին  Հուրը բաց թողեց կրակի մի մեծ շիթ, որը ակնթարթորեն պատեց տղային ոտից գլուխ։ Դավիթը մոռացավ ինչպես է պետք շնչել, և մի քանի միլիվայրկյան ուղղակի բերանով օդ էր քաշում։ Կրակը մարեց նույն պահին, երբ տղան արտաշնչեց։ Փորձելով կարգավորել շնչառությունը, Դավիթը նստեց ուր կանգնած էր:

-Հպարտությամբ կրի իմ պարգևը, - ասեց վիշապը օդ բարձրանալով և նստելով տղայի ուսին։ - Վերջին վիշապին արթնացրած ասպետ, վառ պահիր սրտիդ կրակը: Միայն այն կպաշտպանի քեզ խավարից։  


Գլուխ 4

Վիշապ պահելու նուրբ արվեստը


Տանը ոչ ոք չզարմացավ Դավթի երկար բացակայությանը: Տղան ուրախացավ, հասկանալով, որ էքսկուրսիայի կազմակերպիչները ոչ միայն իրենց գործից չեն հասկանում, այլև անպատասխանատու են. նրանք հարկ չէին համարել զանգով տեղեկացնել ծնողներին էքսկուրսիայի նախատեսվածից շուտ ավարտվելու մասին:

Հասկանալով, թե ինչքան սխալ պատկերացում ուներ վիշապների մասին, Դավիթը այլևս համոզված չէր, որ գիտի, թե ինչ են ուտում վիշապները: Տղան անհանգստանում էր, որ չի կարողանա Հուրի ճաշակին համապատասխան ուտելիք գտնել։ Սակայն պարզվեց, որ Հուրը ամենևին արքայադստեր նուրբ միսը նախընտրող գուրման չէ։ Նա մեծ հաճույքով ուտում էր տապակած բանջարեղենը իսկ կոտլետները հափշտակում էր հաճույքից մռնչալով։ Դավթի մայրիկը երջանիկ էր՝ վերջապես ուտելիքի նկատմամբ անտարբեր որդու ախորժակը բացվել էր: Տղան իր հերթին փորձում էր հնարավորինս աննկատ փոխանցել իր ուտելիքը Հուրին: 

Այսպիսով ուտելիքի հարցը լուծված էր, մնում էր որոշել, թե որտեղ Հուրը պետք է ապրի։ Սակայն երբ Դավիթը առաջարկեց վիշապին իր սենյակում թաքնվել, Հուրը միայն քմծիծաղ տվեց, տղային կայծերով խուտուտ տալով։  

-Ես չեմ կարող մարդկանց կացարանում ապրել, ինչքան էլ հյուրընկալ լինես։ Վիշապը ընտանի կենդանի չէ։  

-Ես քեզ ամենևին էլ ընտանի կենդանու տեղ չեմ դրել, - վրդովված պաշտպանվեց տղան։  

-Գիտեմ, Դավիթ, գիտեմ։ Սակայն վիշապները պետք է բնության գրկում ապրեն, ուժ ստանալով հողից, կայունություն` քամուց, համբերություն՝ լուսնից և ջերմություն` արևի առաջին ճառագայթներից։ Միայն այդպես ես կարող եմ վերականգնել ուժերս և մեծանալ:

-Պարզ է, - անհավես ընդունեց տղան։ Նա հասկանում էր Հուրին, բայց չէր ուզում հրաժարվել իր երևակայության նկարած պատկերից. նա քնած է իր անկողնում իսկ կարմիր վիշապը կողքը՝ բարձին: 

-Մի տխրիր, ես ամեն օր կսպասեմ քեզ այգում: 

-Իսկ ինչու՞ լուսնից հենց համբերություն,- հետաքրքրվեց Դավիթը: Վիշապի բացատրությունները և պատմությունները հմայում էին նրան: Մինչև Հուրին հանդիպելը Դավիթը նման պատմություններ միայն իր հնէաբան պապիկից էր լսել: 

-Լուսինը ամեն օր  համբերատար սպասում է իր ժամին։ Միայն թե մեկ-մեկ համբերությունը հատում է, և գոնե մի քանի րոպեով փորձում է ծածկել արևը։ Հենց այդտեղից էլ <<ծագում>> է մեր խնդիրը։  

-Դե, նրան էլ կարելի է հասկանալ։ Բարդ է միշտ երկրորդը լինել, - ասաց Դավիթը, հիշելով, թե ինչպես են նրան անընդհատ համեմատում մեծ եղբոր հետ:

Դավթի եղբայր Վարդանը արդեն համալսարանում էր սովորում: Տղան հույս ուներ, որ գոնե հիմա համեմատությունները կդադարեն, բայց սխալվում էր. <<Վարդանը երբեք հինգից ցածր գնահատական տուն չի բերել, անգամ կրթաթոշակ է ստանում համալսարանում գերազանց սովորելու շնորհիվ: Դու ու՞մ ես այսպիսին քաշել>>, <<Վարդանից օրինակ վերցրու>> և այդպես անվերջ: Հայրիկը անգամ մեքենայի բանալիներն էր վստահել Վարդանին, որ հարկ եղած ժամանակ կարողանա քշել ուր իրեն պետք է: 

Դավիթը թափ տվեց գլուխը, ասես քշելով վատ մտքերը: Միգուցե Վարդանը ամեն ինչով իրենից լավն է, բայց որպես վիշապի ասպետ ընտրել են հենց իրեն՝ Դավթին: Եվ նա ամեն գնով պետք է արդարացնի փոքրիկ վիշապի սպասումները: 

Օրեցօր այցելելով վիշապին այգում, Դավիթը չէր դադարում զարմանալուց, թե ինչ արագությամբ է Հուրը աճում: Իրենց հանդիպման առաջին օրը նա աղավնու չափ էր, իսկ հիմա, յոթ օր անց՝ Դավթի տեսած ամենամեծ շնից էլ մեծ: 

<<Անգամ Ցերբերը կնախանձեր Հուրի չափերին: Լավ է, որ թփերը ծառերի հետ միասին ամբողջովին ծածկում են նրան անցորդների աչքից>>, - մտածեց Դավիթը մի կողմ դնելով <<Հունական առասպելներ>> անունով գիրքը: 

-Այստեղ էլ չեմ գտնում ոչ մի տեղեկություն գիշերային վհուկների մասին: Մոյրաները լրիվ ուրիշ առաքելություն ունեին, - բողոքեց Դավիթը մինչ պառկած վիշապը ախորժակով ուտում էր տղայի ընթրիքը և շուկայից գնված կաղամբի գլուխները:

-Սպասելի է, - մրթմրթաց Հուրը: - Մարդիկ մոռացել են անգամ վիշապներին, ինչու՞ պետք է հիշեն գիշերամայրերին:

-Հուր, իսկ ինչպե՞ս պետք է նրանց խանգարենք երբ սկսվի արևի խավարումը:

-Ես պետք է այրեմ նրանց, իմ վերջնական մարմնավորման մեջ գտնվելով - պատասխանեց վիշապը, կաղամբը առանց ծամելու կուլ տալով: 

-Վերջնական մարմնավորու՞մ, - զարմացած վերահարցրեց Դավիթը: - Դա ի՞նչ է:

-Դա վիշապի ամենաուժեղ տեսքն է: Հայտնվելով կանչի կրակի մեջ, վիշապը ընդունում է իր վերջին մարմնավորումը, որպեսզի կարողանա կատարել իր առաքելությունը:  

-Իսկ ես ինչպե՞ս պետք է քեզ օգնեմ, - Դավիթը ուզում էր խնդրին մոտենալ ողջ պատասխանատվությամբ: 

Հուրը վերջացրեց ընթրիքը և նստեց. 

-Վերջին մարմնավորումը շատ ուժեր է պահանջում. ոչ մի վիշապ չի կարող այն երկար պահպանել: Սակայն քանի դեռ այրվում է նրա կանչի կրակը, վիշապը անհաղթահարելի է: Պառավները կփորձեն մարել իմ կրակը, որ զրկեն ուժերից: Դու պետք է վառ պահես իմ կանչի կրակը, որ ես կարողանամ վերացնել վհուկներին: 

-Պարզ է, - ասաց Դավիթը, սակայն ամենևին այդպես չէր մտածում: Ի՞նչ կլինի, եթե չկարողանա կանչել Հուրի վերջին մարմնավորումը: Ի՞նչ կլինի, եթե նրա պատճառով գիշերային վհուկները հաղթեն: Արդյո՞ք կարող է նման բարդ հանձնարարությունը կատարել ինչպես որ պահանջվում է:

-Իսկ եթե…, - Դավիթը չէր ուզում այդ հարցը տալ, բայց սիրտը ընկած կասկածը ստիպում էր, - եթե ես չկարողանա՞մ: 

-Գլուխդ մի կախի, ասպետ, - ասաց վիշապը: - Դու անպայման կկարողանաս պահպանել իմ կանչի կրակը, մինչ ես դիմադրում եմ վհուկներին: Մեր հանդիպումը պատահական չէր: Այդպես պետք է լիներ, հավատա ինձ, - խնդրեց Հուրը:

Եվ Դավիթը հավատաց իր վիշապին:



Գլուխ 5

11.08.99 խավարումը


Դավիթը անհանգստությունից իր տեղը չէր գտնում: Երեք օրվա ընթացքում նա պատրաստել էր մի քանի փայտյա ջահեր, որպեսզի Հուրը կարողանա վառել կանչի կրակը, իսկ Դավիթը՝ այն վառ պահել: 

Հեռուստացույցով հայտնել էին, որ ըստ նախնական գնահատման սպասվող արևի ամբողջովին խավարումը տևելու է 2-3 րոպե: 

<<Իհարկե, նրանց համար մեկ րոպե ավել-պակաս՝ դեր չի խաղում: Իսկ իմ և Հուրի համար յուրաքանչյուր րոպեն շատ կարևոր է>>, - դառնորեն մտածեց Դավիթը, հայացքը հառելով սեղանին: Մի քանի վայրկյան տղան առանց թարթելու նայում էր քարտեզի վրա Հուրի նկարած կարմիր նշանին՝ Թումանյան քաղաքի վրա: Դավթի համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչպես վիշապը կարողացավ քարտեզի վրա թաթը դնելով կանխագուշակել վհուկների հայտնվելու վայրը: Երբ հարցրեց Հուրին այդ մասին, կարմիր վիշապը միայն քմծիծաղ տվեց.

-Թող մի քանի գաղտնիք էլ ինձ պահեմ:

Կար ևս մեկ խնդիր, որ Դավիթը պետք է լուծեր. ինչպե՞ս հասնել Թումանյան քաղաք: Տղան մտածում էր, որ հեշտորեն կարող է դա անել, չէ՞ որ ընկերություն է անում մի իսկական վիշապի հետ: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. 

-Ես մեծ հաճույքով կթռցնեի քեզ Դեբեդի մոտ, սակայն ավելի լավ է դու երկաթե կառքով... չէ, ավտոմեքենայով գաս: Իսկ ես քեզնից առաջ կհասնեմ քաղաք, և նշան կթողնեմ, որպեսզի իմանաս որտեղ թաքնվես վհուկներին հետևելու համար: Ցավոք, ետ գալուց ինձանից ոչ մի օգուտ չի լինի: 

-Ինչու՞, - հարցրեց տղան, բայց հետո հասկացավ. - Երևի շատ հոգնած կլինես կռվից հետո, հա՞: 

Հուրը գլխով արեց, հաստատելով տղայի կասկածները. 

-Կռվից հետո, ես պետք է վերադառնամ իմ ննջաքարի մոտ... ուժերս վերականգնելու համար, - մի փոքր դադարից հետո ավելացրեց կարմիր վիշապը:  

-Բայց ինչպե՞ս կկարողանաս այդքան հոգնած վիճակով հասնել քո ննջաքարին, ախր այն Արագածում է: 

-Դրա համար մենք պետք է դիմենք քո եղբոր օգնությանը, Դավիթ, - ասած Հուրը: 

-Վարդանի՞ն, - Դավիթը զարմանքից բաց թողեց քարտեզը ձեռքերից: – Ախր նա մեզ ի՞նչ օգնական: Ինչպե՞ս եմ բացատրելու նրան այս... ամենը:

-Եվ հետո, գնալուց առաջ ես բավականին կփոքրանամ, և հանգիստ կտեղավորվեմ ավտոմեքենայի մեջ, - շարունակում էր համոզել վիշապը: - Մի քիչ վստահությունը չի խանգարի. քո եղբայրը նույն դու ես, բայց միիիի քիչ ուրիշ: Ոչ ոք այս աշխարհում քեզ չի հասկանա և չի օգնի այնպես, ինչպես քո եղբայրը: 

-Ըհը, բոլոր մարդիկ էլ իրար եղբայրներ են, չէ՞, - քմծիծաղ տվեց տղան: 

-Այո: Ցավոք, նրանք դրա մասին էլ են մոռացել, - ընդունեց Հուրը: 


***


Նրանք հայտնվեցին այն վայրկյանին, երբ լուսինը հատեց արևի սկավառակը. երեք թիկնոցավորներ կախված էին օդում, գետից մի քանի մետր բարձրության վրա: Վհուկները բացեցին դեմքերը և Դավիթը, վախից սառած, չկարողացավ անգամ բղավել: Տղան երբեք նման արարածների չէր տեսել. վհուկների դեմքերը անընդհատ փոխվում էին ընդունելով ամենասարսափելի արտահայտություններ, ընթացքում երիտասարդանալով և պառավելով: Նրանց աչքերի տեղում սև անդունդներ էին և անգամ մեկ հայացքը հերիք էր, որ Դավիթը սարսափից քարանար:

Տղան հասկացավ, թե ինչ ի նկատի ուներ Հուրը նրանց <<խավարի զավակներ>> անվանելով: Անգամ իր ապահով թփային ապաստարանում թաքնված տղան զգում էր գիշերամայրերի արձակած վտանգը և մթությունը. նա հեշտությամբ պատկերացրեց, թե ինչպես է խավարը սև օձի պես պարուրում իր սիրտը:

<<Ոչ, չի կարելի հիմա թուլություն ցուցաբերել>>, - մտածեց Դավիթը գլուխը թափ տալով, և մոտեցնելով կրծքին Հուրի կրակով այրված ջահը: 

Կողք-կողքի կանգնած վհուկները ձեռքերը մեկնեցին արևի ուղղությամբ և սկսեցին հմայախոսքեր շշնջալ:

-Հու՛ր, հիմա՛, - բղավեց Դավիթը իր թոքերի ողջ ուժով և, դուրս գալով  ապաստարանից, վեր բարձրացրեց այրվող ջահը: Նույն վայրկյանին բոցավառված ահռելի կրակի միջից հայտնվեց հինգ գլխանի կարմիր վիշապը և սլացավ երկինք՝ իր հզոր մարմնով փակելով արևի շողը վհուկների տեսադաշտից: 

Բռնկված կրակը փոքրացավ, վերադառնալով սկզբնական չափերին, և Դավիթը շտապեց մեջքով պտտվել վհուկներին, մարմնով պաշտպանելով կրակը հանգչելուց: 

Կատաղած վհուկները օձերի կերպարանք ընդունած անեծքներ էին նետում վիշապի և տղայի ուղղությամբ, բայց Դավիթը անկոտրում էր: Նա հավատում էր՝ վիշապի հրեղեն պարգևը իր սրտում կպաշտպանի ցանկացած սև մոգությունից: Ինչ էլ պատահի, նա պարտավոր է կատարել Հուրի հրահանգը և չթողնել, որ վհուկները հանգցնեն կրակը: 

Վիշապը նույնպես ետ չէր մնում. կրակի շիթերը հերթով դուրս էին գալիս Հուրի հինգ բերաններից, օդի մեջ անգամ հետք չթողնելով գիշերամայրերի սև մոգությունից: Հասկանալով, որ չեն կարողանում վնասել տղային, վհուկները իրենց ջանքերը ուղղեցին վիշապի դեմ: Սակայն նրանց հմայախոսքերի արձագանքները թույնի նման ողողել էին տարածքը.

<<Հանգցրու՜, հանգցրու՜, հանգցրու՜>>, - լսվում էին վհուկների շշնջոցները քամու մեջ հազարավոր տարբեր ձայներով: - <<Թող մարի կրակը, թող մարի՜>>, - ասես խոսում էր ինքը հողը: 

Սակայն Դավիթը ոչ մի վայրկյան չէր մոռանում Հուրի խոսքերը՝ քանի վառվում է կանչի կրակը վիշապը անհաղթահարելի է:  

Տղան վախենում էր շրջվել և ստուգել, թե ինչքան է մնացել խավարման ավարտին. հերիք է մի միլիվայրկյան հայացքը կտրել կրակից, և այն վտանգավոր կերպով բոցկլտում էր, ասես ուզում էր հանգչել: 

-Խնդրում եմ, խնդրում եմ, մի՛ մարի, - շշնջում էր տղան: - Վերցրու իմ ամբողջ կրակը, միայն թե օգնիր Հուրին հաղթել, - կրակը կրծքին մոտ պահելով, կրկնում էր նա, ասես փորձում էր իր սրտի կրակով կիսվել ջահի հետ:  

-Ոոոոոոոչ, - որոտացին աղավաղված ձայները, և տղան չկարողացավ չշրջվել, հասկանալու համար, թե ինչ կատարվեց:

Հուրի բոլոր հինգ գլուխների արձակած կրակի շիթերը միավորվել էին մի հսկա խարույկ ստեղծելով, որի մեջ գիշերամայրերի թիկնոցները անգամ չէին երևում: Եվս մեկ-երկու վայրկյան, և Հուրը ավարտի հասցրեց կռիվը. վհուկներից մոխիր անգամ չմնաց: 

-Կեցցե՛ս, Հուր, - շշնջաց տղան, ուժասպառ ընկնելով խոտերի մեջ. կանչի կրակը թույլ, բայց դեռ վառվում էր: – Կեցցես...



Գլուխ 6

Քնել՝ արթնանալու համար


Դավիթը չգիտեր թե ինչքան ժամանակ է անցկացրել անգիտակից վիճակում. մի քանի վայրկյա՞ն, րոպե՞, ժա՞մ: Նա արթնացավ ջերմության զգացողությունից, և առաջինը ինչ տեսավ՝ Հուրի կրակն էր, որ պատել էր նրան ոտքից գլուխ: 

-Հու՞ր, - կանչեց տղան:

-Այստեղ եմ, - կրակը դադարեցնելով ասաց վիշապը, և մոտեցավ տղային: Նա նորից մի գլխանի էր, և զգալիորեն փոքրացել էր:

-Ի՞նչ պատահեց, - հարցրեց Դավիթը նստած դիրք ընդունելով, - ամեն ինչ լա՞վ է: Ստացվե՞ց, - մեկը մյուսի ետևից հարցրեց տղան:

Վիշապը գլխով արեց.

-Դու օգտագործեցիր քեզ պաշտպանող կրակը, որպեսզի իմ կանչի կրակը չմարի, - պարզաբանեց Հուրը: - Դա շատ խիզախ, բայց ոչ խելամիտ արարք էր. պաշտպանելով ինձ, դու խոցելի դարձար գիշերային վհուկների մոգության համար, և նրանց հմայախոսքերից մնացած թույնը վնասեց քեզ:

-Թու՞յնը, - մի փոքր վախեցած հարցրեց Դավիթը:

-Մի անհանգստացի, ես այրեցի ողջ թույնը իմ կրակով, - շտապեց հանգստացնել իր ասպետին վիշապը և Դավթի աչքերի դիմաց մի քիչ էլ փոքրացավ:

-Հուր, մենք պետք է շտապենք քո ննջաքարի մոտ, - Դավիթը վեր թռավ տեղից, ինքն իրեն անիծելով մոռացկոտության համար: 

-Այո, - գլուխը իջեցրեց Հուրը: - Բայց նախքան, ես ուզում եմ քեզ հրաժեշտ տալ: 

-Հրաժե՞շտ: Ի՞նչ հրաժեշտ, - վերահարցրեց տղան: - Հու՞ր:

Վիշապը էլ ավելին կախեց գլուխը, ասես սխալ էր կատարել, և զղջում էր:

-Ես քեզ չեմ ասել ողջ ճշմարտությունը, - շշնջաց կարմիր վիշապը: - Ուժերը

վերականգնելու համար ես նորից պետք է քարե քուն մտնեմ...

Ճշմարտությունը հարվածեց Դավթին ասես կայծակը. ինչպե՞ս էր կարող այդքան հիմար և կույր լինել: Մի՞թե չէր կարող գլխի ընկնել թե ինչ ի նկատի ուներ Հուրը, երբ ասաց, որ քարի քուն մտնելուց առաջ վիշապները միշտ էլ փոքրանում են: Իսկ վիշապները փոքրանում են միայն երբ շատ ուժ են կորցնում...

-Ներիր ինձ, Դավիթ, ես չէի ուզում քեզ տխրեցնել ժամանակից շուտ, - բացատրեց

Հուրը: 

Տղան չէր ուզում հավատալ կատարվելիքին։ Նա չի կարող այսպես կորցնել իր խիզախ ընկերոջը։ Բայց Հուրը շարունակում էր փոքրանալ, և թուլանալ։ Հիմա ամենևին ներողությունների ժամանակը չէր: Ամեն րոպեն անչափ կարևոր էր:

-Արագ, գնացինք Վարդանի մոտ, նա մեզ կտանի, - հրահանգեց տղան:

Հուրին պետք չէր երկու անգամ կրկնել. հավաքելով վերջին ուժերը, նա շտապեց տղայի ետևից: 

Վարդանը բավականին հեռու էր կանգնեցրել մեքենան, ի զարմանք Դավթի՝ առանց որևէ հարց տալու: Տղան չէր հասկանում ինչով է պայմանավորված սովորաբար հետաքրքրասեր եղբոր լռությունը և նրա բոլոր ցանկությունների կատարումը առանց որևէ հարցերի: Իհարկե, Դավիթը նախօրեին ստիպված էր խաբել, թե Թումանյան պետք է մեկնի կարճ արշավի մասնակցելու, և լավ կլինի, եթե եղբայրը սպասի մեքենայի մոտ: Սակայն Վարդանը ոչ մի ճշտող հարց չտվեց ո՛չ խավարման նախօրեին, ո՛չ էլ այսօր՝ Թումանյան մեկնելու ճանապարհին: 

Դեռ մեկ ժամ առաջ Դավթի սիրտը փորն էր ընկնում երբ մտածում էր, թե ինչպես պետք է խնդրի եղբորը իրեն ՎԻՇԱՊԻ հետ միասին տանել Արագած, սակայն հիմա նա այդ հարցում հանգիստ էր և վստահ՝ Վարդանը հարցեր չի տա: Հուրը խնդրել էր Դավթին վստահել իր եղբորը և Դավիթը այդպես էլ կանի:

Վիշապը շարունակում էր փոքրանալ և թուլանալ: Վազելով, նա առաջ էր ընկել Դավթից, բայց թուլություն զգալով կանգ էր առել: Հիմա Հուրը արդեն այնքան էր փոքրացել, որ տղան կարող էր գրկել նրան: 

Վարդանը, տեսնելով հանգչող վիշապին վազող Դավթի ձեռքերում, արագ բացեց մեքենայի դուռը և օգնեց եղբորը տեղավորել Հուրին: Այնուհետև միացրեց շարժիչը և ճանապարհ ընկավ՝ կրկին առանց որևէ հարց տալու: 

-Ու՞ր ես քշում, ես դեռ չեմ ասել ուր պիտի գնանք, - ասաց Դավիթը ցայտնոտից դուրս գալով:

-Արագած, - կարճ պատասխանեց Վարդանը:

-Բայց... Ո՞րտեղից ես իմացել, - չհավատալով ականջներին հարցրեց ապշած Դավիթը:

-Հուրը ինձ ասել էր ինչ պետք է անեմ, - բացատրեց ավագ եղբայրը: 

-Հուրին է՞լ գիտես, - Դավիթը նման զարմանք չէր ապրել անգամ վիշապի հետ առաջին հանդիպման ժամանակ: 

Վարդանը միանգամից չպատասխանեց: Մի քանի րոպե նրանք քշում էին կատարյալ լռության մեջ.

-Այո, - վերջապես ընդունեց երիտասարդը: - Նկատել էի, որ շատ ես բացակայում տանից, ուտելիք ես տանում հետդ և...

-Որոշել էիր ինձ հետևե՞լ, - ընդհատեց Դավիթը եղբորը: Նա աննկարագրելի շնորհակալ էր Վարդանին օգնության համար, բայց վերջին բացահայտումը դառնություն թողեց տղայի բերանում: 

-Մի շտապիր դատել ինձ, - ասաց Վարդանը: - Ախր ի՞նչ անեի, եթե անհանգստանում էի: Որ հարցնեի, թե ու՞ր ես գնում, ի՞նչ ես անում՝ երբեք չէիր պատասխանի:  

Դավիթը ստիպված էր համաձայնվել ավագ եղբոր հետ՝ նա հենց այդպես էլ կաներ: Կամ էլ ստիպված մի սուտ կհորիներ, միայն թե եղբայրը հանգիստ թողնի իրեն: 

-Ես չէի կարող պատմել Հուրի մասին: Ոչ մեկին, - ասաց տղան: 

-Ուզում էիր ավելացնել <<առավել ևս՝ քեզ>>, չէ՞, - քմծիծաղ տվեց Վարդանը: 

Դավիթը չպատասխանեց. իհարկե ուզում էր: Բայց հիմա նման խոսակցությունների ո՛չ ժամանակն էր, ո՛չ էլ տեղը: Տղան ամուր գրկեց Հուրին, կիսվելով իր ջերմությամբ փոքրիկ վիշապի հետ:

-Հասկանում եմ, - կամաց ասաց Վարդանը: - Հետո կխոսենք ամեն ինչի մասին, արի հիմա կենտրոնանանք շուտ տեղ հասնելու վրա: 



***

Վիշապաքարի շուրջը տարածքը մնացել էր նույնպիսին, ինչպես հիշել էր Դավիթը՝ սևացած: Միայն ժապավեններ էին ավելացել պարագծով, որ մարդիկ չափից դուրս չմոտենան պատահարի վայրին: Դավիթը առանց մի վայրկյան վարանելու անցավ ժապավենի վրայից և գրկից իջեցրեց աղավնու չափի հասած կարմիր վիշապին: 

-Հուր, մենք հասանք, - շշնջաց նա, օգնելով ծայրահեղ թուլացած ընկերոջը գտնել իր ննջավայրը և պառկել: 

-Դավիթ, - կամաց կանչեց Հուրը մի կերպ բացելով աչքերը, վերջին անգամ տղային նայելու համար:

-Հա, Հուր, ասա, - Դավիթը մի կերպ էր զսպում իրեն խեղդող արցունքները:

-Մենք անպայման... կհանդիպենք... նորից, - շշնջած Հուրը քարով պատվելով:

-Ես կսպասեմ, որքան էլ որ պետք լինի, - պատասխանեց Դավիթը, և վերջապես ազատություն տվեց արցունքներին: 

Բայց Հուրը նրան չլսեց. Հայոց լեռնաշխարհի վերջին վիշապը նորից քարե քուն էր մտել: 


Գլուխ 7

Քսան տարի անց


Դավիթը հոգնած տրորեց ուսը։ Այսօրվա դասախոսությունը սովորականից էլ վատ անցավ։ Լսարանի կեսը կլանված էր հեռախոսներով, մյուս կեսը միայն ձև էր թափում, թե լսում է՝ անջատված նայելով գրատախտակին։  

<<Եղածը ստուգարք է կիսամյակի վերջում, հո քննություն չի>>, անտարբեր ասաց ուսանողներից մեկը ուստարվա սկզբին, երբ Դավիթը հարցրեց, թե ինչու նշումներ չի անում։   

<<Ընդհամենը ստուգարք>>, - կրկնեց Դավիթը մտքում։ Դե հա, ու՞մ է հիմա հետաքրքրում հայոց հուշարձանների պատմությունը: Ու՞մ է պետք, թե իրենց պրոֆեսորը հինգ տարվա ընթացքում մասնակցել է <<Վիշապ>> պրոյեկտին*, իսկ տասնմեկամյա տարիքում ընդհանրապես օգնել է փրկել աշխարհը խավարից:

Ամբիոնը տարեց տարի գնալով դատարկվում է։ Մի քիչ էլ, և նա կմնա ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգման ամբիոնի վերջին պրոֆեսորը։

Դավիթը ժպտաց, հիշելով թե ինչ հպարտությամբ էր Հուրը կոչում իրեն <<Հայոց լեռնաշխարհի վերջին վիշապը>>։ Արդեն 20 տարի էր անցել նրանց հանդիպումից և հրաժեշտից, բայց Դավիթը երբեք կասկածի տակ չէր դրել դրանց իրական լինելը։ 

Անգամ եթե ամբողջ աշխարհը կանգներ և ծաղրեր, մատնացույց անելով, պրոֆեսորը երբեք չէր ընդունի, որ դա կարող էր լինել տասնմեկամյա տղայի երևակայության պտուղ։ 

Սակայն պրոֆեսորը ինքը գերադասում էր պահել վիշապի գաղտնիքը, հրապարակելու փոխարեն։ <<Կա ճշմարտություն, որ պետք է պահել միայն սրտում>>, - Դավթին տարիներ պետք եկան, որ հասկանա Հուրի այդ խոսքերը։  

Հուրը իսկական էր։ Իր պատկերացրածից շատ ավելի փոքր, բայց դրանից ոչ պակաս ուժեղ և խիզախ վիշապ։ Իր վիշապը։ Պրոֆեսորը ծիծաղեց, հիշելով Հուրի արձագանքը իր խոսքերին։ <<Ճիշտ է, Հուրը իմ վիշապը չէր։ Այդ ես էի նրա ասպետը>>։   

-Հետաքրքիր է, այսքան տարի անց, ես դեռ կարո՞ղ եմ Հուրի ասպետը կոչվել, - բարձրաձայն մտածեց Դավիթը։  

<<Մարդիկ մոռացել են վիշապների մասին>>։ Դավիթը տխրեց հիշելով Հուրի այդ բառերը։ 

Անցյալ տարի Հուրին այցելելու ժամանակ պրոֆեսորը տեսարան սարքեց, երբ տեսավ հուշարձանի մոտ հայտարարությունը՝ այն թանգարան տեղափոխելու մասին: Ինչպե՞ս կարող էր նա չիմանալ նման նախաձեռնության մասին: Մի՞թե նրա աշխատանքները վիշապաքարերի տարածքի անձեռնմխելիության կարևորության մասին ոչ մեկի չեն հետաքրքրում: Ամսիներ շարունակ նա պայքար էր տանում, որեսզի վիաշապաքարը մնա իր տեղում, սակայն ամենն ապարդյուն էր: 

Դավթին չէր մնում այլընտրանք, քան տեղափոխման աշխատանքների ընթացքում միանալ խմբին որպես էքսպերտ և ընթացքում ստիպել պահպանել քնած Հուրի քարը այնտեղ, որտեղ որ այն կա, անգամ եթե պետք լինի ուժ գործադրել։ Իհարկե, վիշապը գովասանքներ չէր երգի Դավիթի արարքի մասին իմանալուց հոտե, սակայն պրոֆեսորը շատ ավելի մեծ հաճույքով կլսեր վիշապի փնթփնթոցները, քան կհամակերպվեր ընկերոջ վերջնական կորստի հետ։ 

Կապ չունի թե ինչ գնով, բայց նա պետք է պաշտպանի հայոց լեռնաշխարհի վերջին վիշապի քարի քունը։ Չէ՞ որ Հուրը խոստացել էր, որ մի օր նրանք նորից կհանդիպեն։ 20 տարվա ընթացքում Դավիթը գեթ մեկ անգամ չի կասկածել, որ Հուրը կպահի իր խոստումը։  

Ուշադիր զննելով վիշապաքարի ամեն նոր խազը և փորվածքը, Դավիթը ստիպված էր ընդունել՝ թանգարանի ընդունած որոշումը իմաստ ուներ: Գոնե ապակու ետևում լինելը կկանգնացնի հուշարձանները ապականող վանդալներին։  

Պտույտ կատարելով քարի շուրջը, Դավիթը հանկարծ կանգ առավ։ Աչքերին չհավատալով, պրոֆեսորը հանեց ակնոցները, տրորեց ապակիները վերարկուի փեշով, և նորից նայեց կլորավուն քարին, որտեղ քնած էր իր վաղեմի ընկերը։  

<<Դավիթ 2019>>, - ապշած շշնջաց նա, այս անգամ զգալով, թե ինչպես է արագ բաբախող սրտով մեկ տարածվում մի աննկարագրելի տաքություն, ասես Հուրը ուսին նստած խուտուտ է տալիս իր կայծերով։ Հայոց լեռնաշխարհի վերջին վիշապի ասպետը գիտեր, թե ինչ պետք է անի։  

Ձեռքը տանելով տաբատի գրպանը, Դավիթը դուրս հանեց վիշապի կիսադեմի փորվածքով արծաթագույն կրակայրիչը՝ պատվիրված և պատրաստված իր էսքիզով: Չռթ, չթռ, կրակը վառվեց, և պրոֆեսորը զգույշ մոտեցրեց դողացող կարմիր կրակը գրվածքին։  

Դավիթը գիտեր, թե ինչն է հաջորդելու երկրի դղրդոցին և շտապեց հեռանալ կայծակի խփելու էպիկենտրոնից։ Բայց այս անգամ նա չվախեցավ, չփակեց աչքերը (ինչի մասին հետո զղջաց, քանի որ ստիպված էր անդադար թարթել, և տրորել աչքերը, որ վերականգնի տեսողությունը)։ 

Երբ Հուրի կարմիր մարմինը երևաց փշուրների տակից, ծնկի իջած Դավիթը գրկախառնությամբ դիմավորեց թաթից գլուխ փոշու մեջ կորած ընկերոջը։ Վիշապը և իր ասպետը նոր առաքելություն ունեին. բայց դա արդեն ուրիշ պատմություն է։ 




ՎԵՐՋ










<<Վիշապ>> պրոյեկտ* - գիտական համագործակցություն, որի հիմնական խնդիրն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով:

Մանրամասների համար՝ https://iae.am/hy/VishapProject#/2


120 views0 comments

Comments


bottom of page