ԲԱՌԳԻՐՔ ԴԻՑԱՅԻՆ
Հանրամտչելի տարբերակ: Լրացվող:
Ալ/ք/ - Իգական սեռի մարդակեր չար ոգի` մանուկներին հոշոտող և հղի կանանց վնասող: Ալքը չի կարող դիպչել երկաթին: Եթե նրա հագուստի մեջ ասեղ մտցնեն, նա երկար ժամանակ կզրկվի ուժից:
Աճուճ Պաճուճ - առասպելական մարդկային ցեղ, թզաչափ հասակով և յոթը թզաչափ մորուքով, որ պիտի երևան գան աշխարհի վերջին: Սերնդեսերունդ փոքրանում են և վերջում կարողանալու են անցնել ասեղի անցքով:
Այս - քամու, հողմերի չար ոգի
Արալեզ - ունի թևավոր գամփռ շան տեսք, զոհված հայ մարտիկներին հարություն է տալիս
Արամազդի շղթաները լիզող շներ - Սև շուն- խորհրդանշում է «սև ու մութ աշխարհի» այն է՝ մահվան թագավորությունը, Սպիտակ շուն-կապը «լույս աշխարհի», կյանքի հետ, այսինքն՝ հարության։
Առնակ/հոգեառ- մահվան պահին մարդկանց հոգին տանող ոգի
Արևամանուկ - ոսկեգիսակ և հրեղեն հագուստով մանուկ` անձնավորված Արև
Բախտ - մարդու ծնվելու պահին արտաբերում է նրա կյանքի գլխավոր իրադարձությունները
Գիշերամայրեր- լույսի թշնամի, Արևին հետապնդող և օձերին հմայող գիշերային պառավ վհուկներ
Գրող- մարդու ճակատին գրի է առնում Բախտի ասածը: Իր մատյանում գրանցում է մարդկանց լավ ու վատ արարքները, իսկ մահից հետո նրանց հոգիներն ուղեկցում անդրշիրիմյան աշխարհ: Նույնացվում է Տիր աստծո հետ, որը համարվել է Արամազդի գրագիրը: Գրողի անվան հետ են կապված «գրողը տանի», «գրողի ծոց» արտահայտությունները:Անվանվում է նաև առնակ
Դախանավար- լեռներում ապրող վամպիր, վնասում է միայն թշնամիներին` պաշտպանելով Հայրենիքը
Դյուցազուն/Քաջք- կիսաաստվածային ծագում ունեցող վեհ հերոս
Դովլաթ/Տան դովլաթ - տան պահապան ոգի, ապահովում է ընտանիքի բարեկեցությունը: Կարող է նեղանալ ու հեռանալ տնից: Հակադրվում է շվոտներին:
Դրուժ/ք/- վնասակար դև, արդարության թշնամի, խաբեբա ու մատնիչ
Դև- հանդես է գալիս և’ բարի, և’ չար դերերով, ունի կիսաաստվածային էություն:
Երվանդ/Երվազ վիշապ- մեկ բարի թագավոր է, մեկ` չար վիշապ. վիշապին աքսորում են քաջքերը
Ընգղա- ջրի չար ոգի, մարդակեր փոխակերպուկ
Թպղա/Թղպա/Թեպղ - գորտանման չար ոգի, որ, հղիների արգանդը մտնելով, թունավորում է սաղմը, ինչի պատճառով երեխան մեռած է ծնվում կամ սակավակյաց է լինում: Այս ոգիների ներգործության հետ էին կապում անպտղությունը, ինչպես նաև վեներական հիվանդությունները, որոնք անվանում էին «թպղոտություն»:
Թուխ ու Մուխ Մանուկներ- բնության, զարթոնքի ու բերքատվության կենարար ոգիներ
Ժուկ ու Ժամանակ- Սարի գագաթին նստած ալեհեր ծերունի, որ իր սև ու սպիտակ կծիկներով ապահովում է ժամանակի ընթացքը
Իննակնյա Տեղիք- բարեբուխ և աղբյուրառատ վայր, Անդունդքի դռներ, աշխարհի պորտ/կենտրոն
Խաժ - կապուտաչյա չար ոգի
Խդոդուշ/խթեթիշ - ծնոտ չունեցող չար էակ, ճնշում է քնած մարդկանց ու չարագույժ երազներ ներշնչում: Ծնոտ չունենալը հուշում է գորտի կամ դոդոշի հետ առնչության մասին:
Խիպիլիկ/Գաբուս - մղձավանջի ոգի, որը քնած մարդուն ճնշում է, վնասում կամ քունը խանգարում: Պատկերվում է կարճահասակ, անհամաչափ վերջույթներով ու սրածայր գդակով: Երբեմն ունենում է երեք աչք: Կրում է բրդյա գլխարկ, որի միջոցով անտեսանելի է դառնում:
Խրտվիլակ/Գոռնափշտիկ/Խորթլաղ - մահացած թշնամիների ու այլադավանների, ինքնասպանների չար ոգի: Գերեզմանից դուրս է գալիս գիշերվա ժամերին: Կարող է երևալ մարդու կամ կենդանու տեսքով:
Ծամ/ավոր/ Մանուկներ- հայ ռազմիկների դասին պատկանող մանուկների մազերը սափրում էին` ծամ թողնելով` ի նշան հին հավատքի պահպանության
Ծիր Կաթին- հանդես է գալիս որպես որևէ արարքի հետք՝ մի դեպքում կաթի, մյուս դեպքում՝ գողացված հարդի, երրորդ դեպքում՝ ջրհեղեղի ժամանակ երկնքի պատռվածքի
Ծով Ծիրանի- Երկնային ծով՝ աստվածներին ծնող տիեզերական հարթություն: Աշխարհի եռաստիճան կառուցվածքի մաս:
Ծովինար- ամպրոպի, կայծակի, ջրի ցասումնալից դիցուհի` կարկուտ կամ պտղաբեր անձրև ուղարկող
Կաթնաղբյուր- առասպելական կենարար աղբյուր
Կաղ դև- կապվում է ստորերկրյայքի կրակի հետ, հեռացնում է Իննակնյա Տեղիքի սուրբ կրակի մոխիրը: Ըստ այլ ավանդության` դևը Մշո Սուրբ Կարապետի վանքում էր բնակվում և հեռացնում էր այդտեղի փռի մոխիրը:
Կաղանդ պապ/Ձմեռ պապ/- Ամանորի պահապաններ
Կենաց Ծառ- աշխարհի առանցք, բացարձակ իրականության խորհրդանիշ
Հազարան Բլբուլ- դյութական հրաշք թռչուն, կյանքի և անմահության խորհրդանիշ
Համբարու- առասպելական հրեշ, մինչև մեջքը կին, մեջքից ներքև՝ ձուկ
Հոգեգէշ - մեռած մարդու ուրվականը, որ, ըստ ավանդության, գիշերները դուրս է գալիս գերեզմանից և այլ կերպարանքներով թափառում է երկրի վրա մինչև լույս
Հուրեշտ/Հրեշտակ/- հրեղեն բարի ոգի
Ճիվաղ- նիհար ու տձև, երազում կամ արթնության մեջ այլանդակ կերպարանքով վախեցնող ոգի
Մազե Կամուրջ- դժոխքն ու դրախտը միմյանցից բաժանող Հրեղեն գետի վրայի կամուրջ
Մանկտիք Աղեկ- չարաճճի, երեխաների հետ խաղացող, երբեմն նրանց վնասող հավերժամանուկներ
Մարդագայլ-դարձվոր, որ ցերեկը մարդ է, իսկ գիշերը փոխակերպվում է գայլի
Մեզնէ աղէկները - բարի ոգիներ
Յանհատակ/Անհատակ/ Ծով- ամենաստորին Անդունդի կործանարար ու քաոսային Սև ջրերի Ծով
Յավերժահարս/ունք- չքնաղ գեղեցկության և անբասիր իմաստնության տեր հրեղեն թևավոր բարի ոգի: Բնակվում են մարգերում, մայրի ծառաստաններում, գետեզերքներում
Նեանգ/Նհանգ- ջրաբնակ չար էակ, գետերում բնակվող օձանման հրեշ, ջրային վիշապ, փոխակերպուկ: Մարդկանց մոլորեցնելու նպատակով կարող է կնոջ տեսք ընդունել:
Նուրին- Անձրևի կամ Համբարձման դիցուհուն մարմնավորող հարս-տիկնիկ։
Շահապետներ- տներում (Շվոդ), այգիներում և արտերում (Շվազ), անտառներում բնակվող պահապաններ: Սովորաբար պատկերվում են օձի տեսքով:
Շիդար /Շիվար/- միտքը կուրացնող, խելագարեցնող ու խենթացնող դև
Շվոտ - Տոմարային ոգի, որ կապված է ձմեռ-գարուն անցման հետ: Ձմռանը շվոտները թաքնվում են տներում ու ամբարներում, փչացնում ձմռան պահուստը: Գարնանամուտին կանայք իրականացնում էին «շվոտահանության» ծես՝ շվոտներին տանից քշելու համար:
Չանգղի /Զանգղի/ Փիր- երգասաններին, գուսաններին ներշնչանք պարգևող ոգի
Չարք (Չարեր)- չար ոգիների ընդհանրական անվանում
Սոսյուն/Սոսյան- սոսենու բարի ոգի
Վիշապ- ծովերում, լեռներում ապրող զորավոր, իմաստուն, թևավոր օձանման էակ
Վիշապաքար- առավելապես ջրային տարերքը խորհրդանշող վիթխարի ձկնակերպ քարակոթող
Վուշկապարիկ/Հուշկապարիկ- կես մարդ, կես կենդանի: Աառասպելական ոգի, որ ըստ ավանդության բնակվում էր ավերակներում։
Տնապահ/Պահ/Պայ- պահապան ոգիներ` Տնապահ, Անտառապահ, Մարդապայ, Պայափիս և այլոք: Երբեմն նույնացվում են նոխազոտնի (այծամարդու) հետ: Տան պահապան ոգին սիրում է, երբ իրեն լավ են վերաբերվում և ուտելիք հյուրասիրում
Ուրվական/Ուրու/Ուրհի - մահացած ազնվականների հոգի
Փիաթեկ- մեծ կտուց ունեցող, ցից մազերով, անթև գրիֆոնի նման էակ
Քաջանց գիտուն- քաջքերի երազատեսները և/կամ գուշակները
Քաջք- Բարի կամ չար առասպելական ոգիներ` հիմնականում անմարմին: Ապրում էին լեռներում և քարանձավներում, կարող էին հանդես գալ որպես պատժիչ ուժեր: Ըստ ավանդույթի նրանք են շղթայել Արտավազդին: Կարող են մտնել մարդկանց մեջ:
Օրորացագող (Սև տուր ) Զարկս - չար ոգի, որ ծնողների քնած ժամանակ օրորոցում սպանում է երեխային կամ գողանում է նրան ու տեղը դև դնում: