top of page
Search
  • Writer's picturefrunz8

Մի փոքր ինքնախոստովանություն, «մի փոքր» ամփոփում


2007-2008 թվականներին, երբ ես ու Ստեփան Սմբատյանը սկսեցինք Արմկոնը, երազողներ էինք։ Ու մենք փնտրում էինք համախոհների, որպեսզի միասին երազենք։ Երկուսս պատահաբար հանդիպել էինք աշխարհահռչակ, արցախյան արմատներ ունեցող ռուս գրող Նիկ Պերումովի գրական ֆորումում, որտեղ նման մրցույթները արդեն լավ ավանդույթ էին։ Մենք փորձեցինք ներբերել այդ մշակույթը։ Ավելի քան 10 տարի անց հասկանում եմ, որ երևի ստացվեց։


Երկրորդ Արմկոնի ժամանակ մենք արդեն փորձ էինք անում Հայաստանում զարգացնել ֆանտաստիկան` որպես գրական ճյուղ։

2013-ին Արմկոնն ուներ ավելի մեծ մասշտաբ, անվանի և միջազգային ժյուրի, թվով ավելի մեծ մասնակիցներ։ Երջանկահիշատակ Կարեն Ա. Սիմոնյանը մեզ խորհուրդներ էր տալիս, իսկ աշխարհահռչակ ֆանտաստ գրող Գայ Գևրիել Քեյն ուղերձով դիմեց մասնակիցներին։ Ունեցանք կլոր սեղան, քննարկումներ։


Ստացվե՞ց զարգացնել ճյուղը։


Ավաղ մենք հասկացանք, որ դրա համար հարկավոր է ավելին, քան պարբերական գրական մրցույթները։ Հարկավոր է մշտական տքնաջան աշխատանք։ Ինչպես Կարեն Սիմոնյանն էր ասում՝ հարկավոր է ստեղծել աշխատանոց, որտեղ պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանք կտարվի։ Ես լիահույս եմ, որ այդ օրը կգա։

Լուսավոր ու տարբեր էր երրորդ, ներկա Արմկոնի ի հայտ գալը։ Ինձ դիմեց մեր նախկին երկու Արմկոնների մասնակից, մեր հարազատ ընկեր Արսեն Թավադյանը և առաջարկեց նորից անցկացնել մրցույթը` հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտը... Վերջ ի վերջո նման մրցույթները տոն են երևակայության համար, թույլ են տալիս ամպերից վեր թռչել։ Իսկ ամպերը շատ էին և մութ։ Դրա համար էլ առաջին անգամ մենք ընտրեցինք խորագիր` «Դեպի վեր»։


Այս խորագիրը ալտերնատիվ չունի կյանքում և հատկապես այս դժվարին ժամանակներում։


Ձևավորվեց էներգիայով լցված համախոհների հավես թիմ, և մենք անցանք գործի:

Մի փոքր մրցույթի թվերի մասին։


Մրցույթին դիմել է 71 մասնակից, 86 աշխատանքներով։ Տեխնիկական կանոններին համապատասխանել են 53 աշխատանք։ Այդ ցանկից ժյուրին ընտրել է 10 աշխատանք։


Ինչո՞ւ 10։


Չնայած ստացել ենք բավականին տպավորիչ ու կրեատիվ աշխատանքներ՝ ժյուրին դժվարացավ ընտրել 10-ից ավել աշխատանք ժողովածուի մեջ ընդգրկելու համար։ Գործերը կամ ինտեսիվ խմբագրական աշխատանք էին պահանջում, կամ հեղինակը հապաղում էր կատարել այդ վերջին վճռորոշ քայլը։ Նույնը վերաբերվում է կայքում հրապարակելուն. ներկայումս դժվարանում եմ ասել, թե որ աշխատանքները կհրապարակվեն կայքում և երբ: Այս փաստը կրկին բերում է աշխատանոցի ստեղծման անհրաժեշտությանը, երբ արհեստավարժ ուղղորդմամբ յուրաքանչյուրը կկարողանա կատարելագործել իր հմտությունները։


Ես` որպես համահիմնադիր, խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր դիմորդներին անխտիր։ Այն պահին, երբ մենք դադարենք երազել, կորած ենք:

Ի՞նչ է սպասվում մեզ առաջիկայում։

  • Առաջնայինը՝ աշխատանքների վերջնական խմբագրում և ալմանախի տպագրության նախապատրաստում

  • Հանդիպումների շարք, միգուցե նաև կլոր սեղան քննարկումներ։ Դեռ վերջնական պատկերացում չկա՝ երբ, ինչպես և որտեղ

  • Ալմանախի շնորհանդես 2022-ի գարնանը

Մենք ժամանակ առ ժամանակ կկիսվենք նորություններով, հետևեք էջին։


Կարդացե՛ք, կատարելագործվե՛ք, շարունակե՛ք ստեղծագործել․․․


Շնորհակալություն բոլորին Ֆրունզ Մարան Հարությունյան


345 views3 comments
bottom of page