top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Դևերի իշխանուհին», հեղինակ՝ Արթուր Առաքելյան




1

 

Քաղաքամայր Վանադվինի փողոցներում եռուզեռ էր տիրում։ Քաղաքի բոլոր ծայրերից ամբոխները շտապում էին գլխավոր հրապարակ` արտասովոր ներկայացում դիտելու։ Պճնված առևտրականներն ու ցնցոտիազգեստ ռամիկները, ալեհեր ծերունիներն ու երիտասարդ կանայք մեկը մյուսին հրելով փորձում էին ավելի լավ դիրք նվաճել գլխավոր տաճարի դիմաց։

Տաճարի աստիճաններին մռայլ կերպարանքով կանգնած էին սևազգեստ ու երկարամորուս մարդիկ` Սուրբ Գահի նվիրյալ սպասավորները։

Երկու զորական հրապարակ բերեցին ծանր շղթաներով կապկպված մի աղջնակի։ Նրա հագին չտեսնված գործվածքից սպիտակ զգեստ էր, որի մասին քաղաքի ամենահարուստ տիկնայք չէին էլ կարող երազել։ Գլուխը փակված էր կեղտոտ պարկով։ Ռազմիկները խորհրդավոր գերուհուն աստիճաններով վեր քարշ տվեցին ու ծնկի բերեցին սևազգեստ մարդկանց առաջ։ Նրանցից մեկը մոտ եկավ ու վեր քաշեց աղջկա գլուխը ծածկող պարկն` ի ցույց դնելով գերուհու դեմքը։ 

Բազմության մեջ ապշանքի ալիք անցավ։

- Մեղա քեզ, Արարիչ… Սա դև է… Սպանե՛լ դևին… Սպանե՛լ ճիվաղին, - լսվեցին բացականչություններ հրապարակի տարբեր ծայրերից։

Շղթայված աղջիկն ուսերից վար թափվող ձյունաճերմակ վարսեր ուներ, մաշկը նուրբ մոխրագույն էր, դեղին աչքերը շողում էին՝ կարծես դրանցում կրակ էր վառվում։ Սովորականից երկար սրածայր ականջները նրան գիշատիչ կատվի տեսք էին տալիս։

- Լեռնածովքի բարեպաշտ ժողովուրդ, այս պիղծ արարածին բռնել են Հարավային լեռների մոտ, - սկսեց խոսել սևազգեստ քրմերից մեկը՝ դիմելով տաճարի առաջ խմբված բազմությանը։ - Նա իր ցեղակիցների հետ համարձակվել էր ոտք դնել մեր սուրբ հողի վրա ու այժմ պետք է կրի իր պատիժը։ Սրբազան պատերազմից հետո հաստատված օրենքի համաձայն՝ դևերը, պայերը, տորքերը, քաջքերը և Արարչի պատկերը չկրող մնացած ճիվաղներն իրավունք չունեն հատելու երկրի սահմանը։

- Գիտե՞ք ինչու են երկրաշարժերն այսքան հաճախ լինում, ինչո՞ւ են հրդեհները վերացնում բերքը դաշտերում, ինչո՞ւ է անապատի ժողովուրդն ասպատակում մեր երկրի սահմանները, - շարունակեց մեկ այլ քուրմ։- Տիրակալը պատժում է մեզ, որովհետև պղծում ենք մեր հողը` սրանց ներս թողնելով։

- Այո, ճշմարիտ է,- բղավեց ինչ-որ մեկն ամբոխի միջից։ 

- Պատասխանի՛ր մեղադրանքներին, անիծյալ դև,- դիմեց քուրմը գերուհուն։

- Իմ խոսքերը չեն փոխելու այն, ինչ արդեն որոշված է,- լսվեց գերուհու պատասխանը։ 

- Լսեցի՞ք, նա չի էլ փորձում հերքել, որ ծառայում է չարին, - ասաց մի քուրմ։ - Բերեք աղվեսադրոշմը, դրոշմեք նրան ու տարեք հանքերում ցմահ աշխատելու, որպեսզի այդպես քավի մեղքերը Տիրակալի առաջ։

Երկու ռազմիկներ բռնեցին սրականջ աղջկա ձեռքերից, իսկ երրորդը շիկացած երկաթը դրեց նրա ճակատին։ Նուրբ մաշկի վրա հայտնվեց մի բոսորագույն անճոռնի խարան։ Ռազմիկները ծիծաղեցին, գոհ լինելով կատարած աշխատանքից, բայց մի ակնթարթ չանցած խարանը սկսեց անհետանալ։

- Պիղծ մոգություն, - բացականչեց քրմերից մեկը՝ տեսնելով, թե ինչպես է ապաքինվում գերուհու դեմքը։

- Մոգության համար միայն մի պատիժ կա, - ասաց մյուսը։

- Մա՛հ, մա՛հ, մա՛հ, - կրկնում էր ամբոխը։ 

Զորականներից մեկը պատյանից դանդաղ դուրս հանեց սուրը՝ պատրաստվելով հրաման ստանալուն պես գործի դնել այն։ Այդ պահին գերագույն քուրմն, ով մինչ այդ լուռ էր, առաջ եկավ ու կանգնեց գերուհու կողքին։ 

- Մի՞թե Արարիչը չի սովորեցնում ներողամիտ լինել, - ասաց նա։ - Եկեք ապաշխարելու ժամանակ տանք այս ճիվաղին։ Եթե 7 օր անց նա հրաժարվի իր պիղծ մոգությունից ու ընդունի ճշմարիտ Արարչին, ապա … 

Ամբոխի մեջ դժգոհության ալիք անցավ։ 

- Գերաշնորհ տիար Սարգոն, ախր սուրբ օրենքն ասում է, որ…, - սկսեց խոսել քրմերից մեկն ու անմիջապես լռեց՝ հանդիպելով վերադասի սաստող հայացքին։

- Որոշված է, վճիռը կհետաձգենք 7 օրով, - շարունակեց Տիար Սարգոնը` անտեսելով հավաքվածների դժգոհությունը։ - Իսկ հիմա գցեք նրան վիրապը։ Եթե 7 օրից դարձի չգա, թող Արարիչն ընդունի նրա մեղսավոր հոգին, եթե, իհարկե, այս ճիվաղը հոգի ունի։ 

Հիասթափված բազմությունը սկսեց ցրվել։ Սպասված արյունոտ ներկայացումը հետաձգվեց։ 


2


Վանադվինի բնակիչները կատարվածի միակ ականատեսները չէին։ Քաղաքի աշտարակներից մեկի բարձունքից դեպքերին էր հետևում մի հսկա թռչուն։ Երբ ամեն ինչ վերջացավ, թռչունը լայն թևերի մի քանի շարժումով օդ բարձրացավ ու սլացավ դեպի հյուսիս։ 

Օր ու գիշեր ճախրելուց հետո, նրա առաջ պարզվեց անտառապատ լեռներով շրջապատված մի ընդարձակ ջրային հայելի` Լեռնածովքի երեք մեծ լճերից մեկը։ Հին էլֆերն այս լիճն անվանել էին Երկնածով` երկնքի կապույտն արտացոլող ջինջ ջրերի պատճառով։ 

Ծովափից ոչ հեռու, ժայռերի վրա բազմել էր Վիշապաց աշտարակը` էլֆերի Հյուսիսային իշխանության սահմանները հսկող երբեմնի անառիկ ամրոցը։ Աշտարակը կարծես միաձուլված լիներ ժայռերի հետ: Եթե տեղ-տեղ չերևային նեղ պատուհանները, այն դժվար կլիներ տարբերել շրջապատող լեռներից։ Մի քանի պտույտ անելով՝ թռչունն իջավ աշտարակի պատուհաններից մեկի գոգին:

- Արծինե՞, այդ դո՞ւ ես, - ձայն լսվեց սենյակի ներսից: - Ի՞նչ լուրեր կան իշխանուհի Լույսելինից։

Լուսամուտին մոտեցավ մի երիտասարդ ռազմիկ։ Նա նույն ցեղից էր ինչ գերուհին, նույն ձյունաճերմակ վարսերն ու սրածայր ականջներն ուներ։ 

Թռչունը պատուհանից ներս ցատկեց և մինչև հատակին հասնելը փոխակերպվեց մի սլացիկ սևահեր աղջկա։

- Վատ լուրեր ունեմ, Արևան,- ասաց աղջիկը՝ շնչակտուր լինելով։ 

- Ի՞նչ, ասա՛, գտե՞լ ես նրան։ Միայն չասես, որ…

- Ոչ, նա ողջ է, չնայած ավելի լավ է մեռած լիներ, քան ընկներ մարդկանց ձեռքը։

- Մարդկա՞նց:

- Այո, Սուրբ Գահի մարդիկ դարանակալել են նրան ճանապարհին։ Թիկնազորը զոհվել է, իսկ իշխանուհուն տարել են մայրաքաղաք։ Քրմերը նրա մահն են տենչում ու 7 օրից պատրաստվում են իրականացնել վճիռը։ Ես մեկ օր առանց հանգստի թռչել եմ լուրը քեզ հասցնելու համար։ 

- Պետք է տեղյակ պահել Հյուսիսի ու Հարավի բոլոր ցեղապետերին։

- Էլֆերի ուժերն այլևս առաջվանը չեն, նրանք չեն համարձակվի մարդկանց դեմ դուրս գալ։ 

- Ուրեմն ես միայնակ կանեմ դա, - վճռական ասաց Արևանը:

 

3


Հուշկապարիկի հասցրած լուրը ստանալուն պես, Արևանը վճռեց, որ թեկուզ կյանքի գնով պետք է հասնի Վանադվին ու ազատի իշխանուհուն։ Նա վերցրեց աղեղն ու նետերի կապարճը, գոտիից կապեց թուրն ու թամբելով նժույգը՝ պատրաստվեց ճանապարհ ընկնել դեպի մարդկանց երկիր։ Հեռանալով աշտարակից, նա ձիուն քշեց դեպի ծովափ։ Մի վայր կար, ուր պետք էր այցելել վտանգավոր ճանապարհորդությունից առաջ։ 

Ալեկոծվող ջրերի մոտ վեր էր խոյանում հինավուրց վիշապաքարը։ Իջնելով ձիուց Արևանը խոնարհվեց սրբազան կոթողի առաջ։ Վաղնջական ժամանակներում, երբ աշխարհն ու այն բնակեցնող ցեղերը դեռ երիտասարդ էին, վիշապներն իշխում էին Լեռնածովքի բոլոր արարածների վրա, իսկ Էլֆերին շնորհված էր նրանց սպասավորը լինելու պատիվը։ Վիշապներից շատերը բնակվում էին հենց այստեղ` Երկնածովի խորհրդավոր ջրերի խորքում։ Օրերից մի օր վիշապները որոշեցին, որ Լեռնածովքի ժողովուրդներն արդեն բավականաչափ հասուն են ինքնուրույն ապրելու համար ու հեռացան` բնակություն հաստատելով ստվերների աշխարհում։ Հեռանալուց առաջ նրանք թողեցին մոգական վիշապաքարերը, որպես կամուրջ երկու աշխարհների միջև։ Վիշապները, 100 տարին մեկ, կոթողի միջոցով ընտրում էին էլֆերից ամենաարժանիին ու նրան մոգական ուժ շնորհում։ 

Սրբազան կոթողն Արևանի համար մի այլ խորհուրդ էլ ուներ։ Տարիներ առաջ հենց այս վիշապաքարի մոտ նա առաջին անգամ հանդիպեց Լույսելինին։ Նա բազմաթիվ այլ էլֆերի հետ այստեղ էր եկել Հարավային Էլֆքի լեռներից` սրբազան ծիսակարգին մասնակցելու համար։ Սուրբ Գահի սանձազերծած պատերազմից հետո էլֆերի հարավային ու հյուսիսային իշխանությունները կտրվել էին միմյանցից։ Այնուամենայնիվ, երբ վիշապաքարը լույս արձակելով ազդարարում էր, որ ընտրյալին որոշելու ժամանակն է, հարյուրավոր էլֆեր արձագանքում էին կոչին, գաղտնի արահետներով կտրում մարդկանց երկիրն ու հասնում այստեղ։

Երկու իշխանությունների հայտնի ռազմիկները, ցեղապետերն ու այլ երևելի էլֆեր հերթով մոտենում էին լուսարձակող կոթողին ու ձեռքը դնում հինավուրց քարին` բաղձալի ուժը ստանալու ակնկալիքով։ Նրանցից ոչ ոք չարժանացավ այդ պատվին։ Երբ բոլորն արդեն կորցրել էին ընտրյալին գտնելու հույսը, վիշապաքարին մոտեցավ Լույսելինը, ով ընդամենը ցեղապետերից մեկի սպասուհին էր։ Հազիվ էր նա հասցրել դիպչել քարին, երբ կոթողը շողարձակեց կրկնակի պայծառությամբ։ Լույսը փոխանցվեց էլֆուհուն ու նրա շուրջ պայծառ լուսապսակ հայտնվեց։

Բոլոր էլֆերը խոնարհվեցին վիշապի ընտրյալի առաջ ու նրան նոր իշխանուհի հռչակեցին։ Արևանն այդ ժամանակ երիտասարդ ռազմիկ էր, ում վստահեցին իշխանուհու թիկնապահը լինելու պատիվը։

Ամեն երեկո Լույսելինն ու Արևանը միասին զբոսնում էին Երկնածովի ափին, որտեղ լուսնի շողերը խաղում էին ալիքների վրա։ Այդ երեկոների ընթացքում Արևանը հասկացավ, որ Լույսելինը ոչ միայն վիշապի, այլ նաև իր ընտրյալն է։ Նրանց զգացմունքները փոխադարձ էին, բայց երանությունը երկար չէր կարող տևել։ Նորընծա իշխանուհին պետք է վերադառնար Հարավ, որտեղ իմաստունների մոտ պիտի սովորեր տնօրինել շնորհը, իսկ Արևանը պիտի մեկներ Լեռնածովքի հյուսիսային դարպասներն ալքերի ներխուժումից պաշտպանելու։

Վերջին հանդիպման ժամանակ Արևանն ու Լույսելինը խոստացան միմյանց, որ տարիներ հետո կհանդիպեն Վիշապաքարի մոտ ու այլևս երբեք չեն բաժանվի։ Ի նշան խոստման նրանք փոխանակվեցին վզնոցներով, որոնք զարդարված էին Լեռնածովքի ջրերը հիշեցնող բյուրեղներով։

Նախանշված օրը հանդիպումն այդպես էլ չկայացավ։

Այսօր վիշապաքարը սառն ու անկենդան էր։ Արևանը հասկացավ, որ վիշապներից էլ պետք չէ օգնություն սպասել։ Ամեն ինչ միայն իր ձեռքերում էր։ Նա հեծնեց նժույգն ու շարունակեց ճանապարհը։


4


Դուրս գալով անտառից` Արևանը հայտնվեց մի քարքարոտ ամայավայրում։ Այստեղ վերջանում էր Հյուսիսային էլֆքն ու սկսվում էր մարդկանց երկիրը։ Ճանապարհին հանդիպեցին մի քանի լքված գյուղեր ու մի այրված ամրոցի ավերակներ, որոնք հիշեցնում էին անցյալի արյունոտ պատերազմների մասին։ 

Շարունակելով ճանապարհը` Արևանը հասավ մի ընդարձակ դաշտի, որ լցված էր տարատեսակ քանդակներով։ Նա հասկացավ, որ սա մարդկանց գերեզմանատեղ է։ Գերեզմանների մի մասը հին էին, դրանց վրա խոյերի ու ձիերի տեսքով տապանաքարեր էին, մյուսները թարմ էին՝ զարդարված նոր կրոնի խորհրդանիշերով:

էլֆի ականջին հասավ գերեզմանադաշտի մյուս կողմից լսվող օգնության կանչը։ Պարզ չէր, արդյոք կանչողը մա՞րդ է, թե՞ էլֆ, թշնամի՞, թե՞ բարեկամ, բայց վտանգի մեջ գտնվողին նա չէր կարող անտեսել, ուստի խթանեց ձիուն ու սլացավ ձայնի կողմը։

Մի ցածրահասակ արարած լեղապատառ փախչում էր, իսկ նրան հետապնդում էին երեք անհասկանալի հրեշներ, որոնք նման էին շարժվող դիակների։ Էլֆը վերցրեց աղեղն ու մեկական նետ ուղարկեց հետապնդողներից յուրաքանչյուրի ուղղությամբ։ 3-ն էլ անշեղորեն մխրճվեցին հրեշների մարմինների մեջ, բայց չկանգնեցրին նրանց։ Մինչ էլֆը նոր նետ էր դնում լարի վրա, մի քանի հրեշ, չգիտես որտեղից, հայտնվեցին նրա ետևում, ատամներով ու ճանկերով կախվեցին ձիու ոտքերից ու հեծյալի հետ միասին գետին տապալեցին։ Զոհին պատառոտելու պատրաստ հրեշները շրջապատեցին ընկած էլֆին։ Նրա ձեռքում շողշողաց սուրը և հրեշներից մեկը գլխատված վայր ընկավ։ Էլֆական ընտիր պողպատը կտրեց նեխած պարանոցը, ինչպես մանգաղն է ցորենի փունջը կտրում։ Մյուս հրեշներն ընկերոջ ճակատագրի հանդեպ անտարբեր գտնվեցին ու շարունակեցին Արևանին ճանկելու փորձերը։ Բոլոր կողմերից ձգվող թաթերը ջանում էին բռնել նրա կոկորդից։ Սուրը սավառնում էր օդում, աջ ու ձախ հարվածներով ծվեն-ծվեն էր անում ախոյաններին, սակայն նրանք ոչ ցավ էին զգում, ոչ էլ վախ ու աստիճանաբար սեղմում էին օղակը։

«Միթե այստեղ կվերջանա իմ ճամփորդությունը», - մտածեց Արևանը։ 

Օղակն այնքան էր սեղմվել, որ կարելի էր զգալ դիականման արարածների գարշահոտ շնչառությունը։ Կարճահասակ անծանոթը հայտնվեց հրեշներից մեկի ետևում ու մեծ քարով ջախջախեց նրա փտած գանգը։ Մահաբեր օղակի մեջ ճեղք բացվեց ու Արևանը դուրս թռավ շրջափակումից։ 

 - Այս կողմ - բղավեց կարճլիկը` քաշելով էլֆի թիկնոցից ու ցույց տալով գմբեթավոր կառույցը։ - Վազենք, քանի դեռ մնացածները ձայնի վրա չեն հավաքվել։ 

Վայրկյաններ անց նրանք երկուսով ներս վազեցին ու փակեցին փայտյա ծանր դուռը։ 

- Կարծես թե այստեղ ապահով է, - ասաց անծանոթն ու հանեց գլխանոցը։

Միայն հիմա Արևանը տեսավ, որ անծանոթը պայ է՝ այծի կոտոշներով, այծի մորուքով, սմբակավոր ոտքերով մի ցածրահասակ արարած։

- Շնորհակալ եմ օգնության համար, էլֆ զորական,- ասաց պայը՝  գլուխը խոնարհելով։ 

- Խնդրեմ, բայց ո՞ւմ հետ էինք կռվում։ 

- Գոռնափշտիկների:

- Գոռնա… Ո՞ւմ

- Գոռնափշտիկների,- կրկնեց պայը,- զավեշտալի անուն ունեն, բայց նրանց հետ հանդիպումը հեչ ծիծաղելի չէր։ Մեռյալ մարդիկ են, երբեմն գերեզմաններից դուրս են գալիս ու հարձակվում ողջերի վրա։ Ես էլ չգիտեմ, թե ինչու է այդպես լինում։ Ասում են` սխալ արարողակարգով թաղելու հետևանք է։ 

- Գիտեի, որ մարդիկ ողջ ժամանակ մի բարի պտուղ չեն։ Փաստորեն մեռած ժամանակ էլ են վտանգավոր, - փորձեց կատակել էլֆը։ 

- Հիմա դուրս գալը վտանգավոր է, մնանք այստեղ մինչև լուսաբաց, թե չէ սրա օրը կընկնենք ու մեզ նույնիսկ արալեզները չեն փրկի։ 

Սա ասելով՝ պայը ցույց տվեց պատի տակ ընկած մի թարմ կմախք։ Սև հագուստի մնացորդներից դատելով՝ հոշոտվածը Սուրբ Գահի սպասավոր էր, իսկ կառույցը, որտեղ հիմա թաքնվել են` տաճար։ 

- Փտածները տանել չեն կարողանում արևի լույսը, - շարունակում էր նոխազոտնը,- ցայգի առաջին շողերը նկատելով` նորից մտնում են իրենց տապանաքարերի տակ։

Արևանը չէր ցանկանում կորցնել թանկագին ժամանակը, բայց այլ հնար չկար, պետք էր սպասել մինչև առավոտ։

- Ի՞նչ է անում պայն իր հարազատ Պայևունքից այսքան հեռու, - հարցրեց էլֆը։

- Թույլ տուր ներկայանալ։ Ես Զեբնաթան Սրակոտոշն եմ` ճանապարհորդ, պոեմագիր, երբեմն էլ գուսան։ Ընկերների համար ուղղակի Զեբո։ Ճանապարհորդում եմ ամբողջ Լեռնածովքով ու ոգեշնչում փնտրում պոեմներիս համար: 

- Արևան` Հյուսիսային Էլֆքից, - ներկայացավ էլֆը:

- Դու էլ ես հեռու էլֆերի կալվածքներից, ի՞նչ կա էս կողմերում։ 

- Գնում եմ Վանադվին,- պատասխանեց Արևանը։ 

- Վանադվի՞ն, մարդկանց մայրաքաղա՞ք: Երևի տեղյակ չես, բայց մեզ նմաններին այնտեղ այնքան էլ չեն սիրում։ Դու կամ շատ քաջ ես, կամ էլ` խենթ։ Ինձ էլ հենց այսպիսի մեկն է պետք նոր պոեմիս համար։ Ինչի՞դ է պետք Վանադվինը։ 

- Սուրբ Գահը երեք օրից պատրաստվում է մահապատժի ենթարկել իմ հարսնացուին։

- Հա՜, պարզ է, քաջ ասպետը փրկում է իր սիրելի աղջկան։ Աշխարհի պես հին սյուժե է, բայց երբեք չի ձանձրացնում։ Երևում է շատ գեղեցիկ է, եթե հանուն նրա այսպիսի խենթության ես պատրաստ։ Չնայած բոլոր էլֆուհիներն էլ գեղեցիկ են։

- Էլֆերն այլ ցեղերի պես չեն, մեզ համար մարմնի գեղեցկությունը չէ, որ կարևոր է,- ասաց Արևանը փոքր-ինչ վրդովված։ Այնուհետև մի փոքր կարմրելով ավելացրեց. - Այնուամենայնիվ, նա ամենաչքնաղն է բոլոր էլֆուհիներից։ Նա սովորական էլֆուհի չի, նրան վիշապներն են ընտրել իրենց մոգությունը կրելու համար։ 

- Գնալով հետաքրքրանում է, - ասաց պայը: - Իսկ ճի՞շտ է, որ վիշապի շնորհը ստացած էլֆերը կարողանում են գողանալ ուրիշների կերպարանքը, բուժել ցանկացած ախտ, ձեռքերով քար կոտրել ինչպես տորքերն ու վիշապների պես հուր արտաշնչել։ 

- Կարծում եմ չափազանցություն է, պատասխանեց Արևանը, - բայց նույնիսկ ես չգիտեմ վիշապի շնորհի բոլոր գաղտնիքները։ 

- Շատ վտանգավոր ճամփորդություն ես նախաձեռնել։ Նշանակում է, որ անպայման պետք է միանամ քեզ։ Չփորձես մերժել, մեկ է, գալու եմ։  

- Բայց ի՞նչի համար,- զարմացավ Արևանը։ 

- Արդեն մոռացա՞ր։ Ասացի չէ՞, որ ես ոգեշնչում եմ փնտրում պոեմներ գրելու համար, իսկ դու պոեմներում գովերգվելու արժանի ճամփորդություն ես նախաձեռնել։ 

 

5


Ճրագներով զինված երեք սևազգեստ մարդ մոտեցան զնդանին։ Դարպասների մոտ կանգնած երկու զորականները, մոտեցողներին տեսնելով, անմիջապես նիզակներն ուղղեցին նրանց կողմը։ 

- Կա՛նգ առեք, - խրոխտ ձայնով կարգադրեց ռազմիկներից մեկը։ 

- Մի կողմ քաշիր փայտիկդ, թշվառական։ Չես տեսնո՞ւմ` դիմացդ ով է, - լսվեց սևազգեստներից մեկի պատասխանը։  

- Ոչ ոքի թույլատրված չէ․․․,- սկսեց բարկանալ ռազմիկը, բայց անմիջապես պապանձվեց՝ տեսնելով, որ իր առաջ կանգնած է գերագույն քրմերից մեկը: - Ներեցեք Տիար Սարգոն, ինչո՞վ կարող ենք ծառայել։  

- Տարեք ինձ ճիվաղի մոտ, - ասաց քուրմը:

- Աչքիս վրա, Տիար։

Զորականը գրպանից հանեց բանալիների խուրցը, հուզմունքից դողացող ձեռքերով մի կերպ ընտրեց անհրաժեշտ բանալին ու բացեց մետաղյա ծանր դուռը։ Առջևում դեպի ներքև տանող ու խավարի մեջ անհետացող քարե աստիճաններ էին։ 

- Մնացեք այստեղ,- կարգադրեց քրմապետը պահապաններին ու իր ուղեկիցներին, - ես միայնակ կիջնեմ վիրապ։ 

- Գերապայծառ, ախր էդ ճիվաղը շատ վտանգավոր է, հազար ու մի կախարդանք կարող է կիրառել,- զգուշացրեց ռազմիկը։ 

- Չի կարող, սա կպաշտպանի ինձ, - ասաց Սարգոնը՝ ցույց տալով պարանոցից կախված հմայիլ մեդալիոնը։  

- Ամեն դեպքում զգույշ կլինեք, Տիար։ Դևերից ամեն ինչ սպասելի է, դրանք մարդ էլ են ուտում, - ասաց ռազմիկը նրա ետևից։ 

Սարգոնը սկսեց իջնել աստիճաններով, մինչև որ հասավ խորքում տեղակայված գետնափոր խցին։ Այստեղ տիրում էր խավարն ու սառնությունը, որ խախտվում էր միայն իր ձեռքի ճրագով։

Էլֆուհին նստած էր խցի հեռավոր անկյունում։ Նրա սպիտակ զգեստը վերածվել էր կեղտոտ ցնցոտիների։ Հայացքը գետնին էր ուղղված, կարծես չէր նկատում այցելուին։



- Հավանո՞ւմ եք ձեր նոր պալատը, իշխանուհի, - հարցրեց Սարգոնը՝ ծաղրական ձևով շեշտելով վերջին բառը։

Էլֆուհին շարունակում էր արհամարհել նրան։ 

- Չփորձես հերքել։ Այն, ինչ երեկ տեսա, հասարակ հնարք չէր, այլ վիշապների մոգությունը, որը հասու չէ շարքային դևերին։ Այն միայն իշխանուհուն կարող է տրվել։ 

Էլֆուհին ոչինչ չպատասխանեց։

- Նայի՛ր ինձ, երբ հետդ եմ խոսում, - բարկացավ քրմապետը,- կյանքովդ ինձ ես պարտական։ Այդ ես համոզեցի, որ քեզ ողջ թողնեն։

Գերուհին դանդաղ բարձրացրեց գլուխը։ Խավարի մեջ նրա դեղին աչքերը շողում էին զույգ աստղերի նման։ 

- Չեմ կարծում, որ գթասրտությունն էր պատճառը, - ասաց նա:

- Ճիշտ ես, դու կարող ես օգտակար լինել ինձ։ Պայման կապենք։ Ես կօգնեմ, որ փախչես այստեղից, փոխարենը դու ինձ կփոխանցես, քո մոգության գաղտնիքը։ Հին մագաղաթներում ասվում է, որ վիշապի ընտրյալն ընդունակ է իր ուժը փոխանցել ուրիշին։ 

- Ավելի շուտ արևը կծագի արևմուտքից, քան ես կհամաձայնվեմ դրան, -ասաց գերուհին: 

- Գիտեի, որ կհամառես։ Ոչինչ, դեռ մի քանի օր ժամանակ ունես մտափոխվելու համար։ Տեսնենք՝ ինչքան կդիմանաս առանց հացի ու ջրի։

Սարգոնը հեռացավ` իր հետ տանելով ճրագը։ էլֆուհին կրկին հայտնվեց կատարյալ մթության մեջ։ 


6


Արևի առաջին շողերը դեռ չէին հասցրել ցրել խավարը, երբ գերեզմանադաշտում կատարյալ լռություն իջավ։ էլֆն ու պայը զգուշորեն բացեցին ճռճռան դուռն, ու համոզվելով, որ վտանգ չկա, դուրս եկան թաքստոցից։

Տաճարից ոչ շատ հեռու ընկած էր Արևանի հոշոտված ձին։ 

- Մնաս բարով հավատարիմ բարեկամ, -  արտասանեց էլֆը` տեսնելով իրեն երկար տարիներ ծառայած կենդանու աննախանձելի ճակատագիրը։ 

- Լավ ենք պրծել,- ասաց պայը,- հիմա մեր ոսկորներն էլ կարող էին փռված լինել այս ձիու կողքին։ Ա՜յ քեզ ճակատագրի հեգնանք, իմ ու քո ցեղակիցների մահը ցանկացողների տաճարն այս գիշեր փրկեց մեր կյանքերը։ 

- Առանց ձիու դժվար կլինի ժամանակին հասնել Վանադվին, - հուսալքված ասաց Արևանը։

- Մի անհանգստացիր, ես գիտեմ, թե որտեղից կարող ենք նժույգներ գտնել։ Այստեղից ոչ հեռու մի գյուղ կա։

- Նկատի ունե՞ս մարդկանց գյուղ, - զարմացավ էլֆը։

- Հա, ի՞նչ կա որ… Այդքան խտրական մի եղիր, բարեկամ, բոլոր մարդիկ չէ, որ վատն են։ Ես շատ անգամներ եմ եղել Ձորապարտեզում։ Վստահիր ինձ, խոստանում եմ, որ այնտեղից ճանապարհը ձիերով ենք շարունակելու։ 

Էլֆն ու պայը ճանապարհ ընկան արահետով։ Գլխավերևում կուտակվող մռայլ ամպերները հուշեցին էլֆին, որ անձրև է սպասվում։ Պայը ևս զգաց մոտալուտ տարափն ու շտապեց գլխանոցով ծածկել պոզավոր գլուխը։ Քիչ անց կայծակը պատռեց երկինքն ու ներքև թափվեց հեղեղը։

Անձրևի սառը կաթիլներն օտարության զգացում արթնացրին Արևանի սրտում։

Հարազատ անտառներում ու քարանձավային քաղաքներում միշտ կարելի էր թաքնվել անձրևից` ծառերի խիտ սաղարթների կամ էլ ժայռերի տակ, բայց այստեղ՝ մարդկանց երկրի մերկ դաշտերում, էլֆն իրեն անպաշտպան ու խոցելի էր զգում։ 

Ձորապարտեզը բլուրների արանքում ծվարած մի գողտրիկ գյուղ էր։ Քարակերտ տնակները շարված էին իրար կողք կողքի և յուրաքանչյուրի երդիկից ծուխ էր բարձրանում։ Տները շրջապատված էին փոքրիկ այգիներով, որոնցում աճում էին ծիրանենիներ, խնձորենիներ ու այլ պտղատու ծառեր։ Հուրախություն Արևանի` դրսում մարդ չկար, բոլորը թաքնվել էին անձրևից։ Նա չէր ցանկանա, որ իրեն մարդիկ շրջապատեն։ Գուցե արժեր հեռանալ այստեղից, քանի դեռ ոչ ոք իրենց չի տեսել։ էլֆն առաջին անգամ էր մարդկանց բնակավայր մտնում։ Այստեղ ամեն ինչ անսովոր էր։ Անհանգստության ու հետաքրքրության զգացումները պայքարում էին նրա սրտում։ Զեբոն ուղեկցեց էլֆին գյուղի խորքը՝ երկհարկանի մի շինության մոտ, որը տեսքով առանձնանում էր մնացած տնակներից։ 

- Սա իմ հին բարեկամ Խոսրով Կաղնաոտի պանդոկն է, - բացատրեց պայը` փայտյա դուռը ծեծելով։ - Նրան կարելի է վստահել։

Դուռը ճռռալով բացվեց ու ճամփորդների առաջ հայտնվեց մի հաղթանդամ տղամարդ` սպիոտ դեմքով ու կարճ սև մորուքով, որի մեջ նկատվում էին առաջին սպիտակ մազերը։ 

- էս ո՞ւմ պոզավոր ընկերն ա, - բացականչեց նա` տեսնելով Զեբոին։ - Էս ո՞ւր էիր կորել։ 

Չսպասելով պատասխանի նրա հայացքը թեքվեց էլֆի կողմ։

- Ո՞վ է ընկերդ…Պահո՜, վաղուց մեր կողմերում էլֆ չէի տեսել։ Նե՛րս եկեք, ի՞նչ եք կանգնած թրջվում։

Զեբոն իրեն ներս նետեց։ Արևանը, մի ակնթարթ հապաղելով, հետևեց նրան։ էլֆը գլխի ընկավ, թե ինչու էր պայն ընկերոջը «Կաղնաոտ» անվանում, երբ նկատեց, որ պանդոկապետը կաղում է և ձախ ոտքը բարձր թխկոցով է գետնին դնում։ 

Պանդոկի ներսում բավականին մարդաշատ էր։ Ներկաները միանգամից սկսեցին զննել հյուրերին, սակայն հայացքներում ամենևին թշնամանք չէր զգացվում։ Ճամփորդները թաց թիկնոցները կախեցին բուխարու մոտ չորանալու և տեղավորվեցին մոտակա ազատ սեղանի շուրջ։ Պանդոկապետը նստեց նրանց հետ և ձեռքով նշան արեց օգնականին։ Մի ակնթարթում սեղանի վրա հայտնվեց խորոված միս, պանիր, լավաշ ու թարմ բանջարեղեն։ Զեբոն սկսեց ագահորեն կլանել դրանք, մինչդեռ էլֆը շարունակում էր զգուշությամբ զննել շրջապատող մարդկանց՝ փորձելով հասկանալ արդյո՞ք վտանգավոր չեն։ Նրա անհանգստությունը չվրիպեց պանդոկապետի հայացքից։ 

- Առաջին անգամ ես մարդկանց երկրո՞ւմ։ Գիտեմ` դուք էլֆերդ այնքան էլ բարձր կարծիքի չեք մարդկանց մասին ու դրանում, իհարկե, մեր մեղքն էլ կա։ Կար մի ժամանակ, երբ մեր ժողովուրդներն ապրում էին իրար կողքի։ Լեռնածովքն ուժեղ էր, երբ մենք միասնական էինք։ Առանց Էլֆերի օգնության չէինք հաղթի տիրակալ Բելին։ 

- Այդ ժամանակները վաղուց անցյալում են,- պատասխանեց Արևանը,- Քրմերը վաղուց համոզել են բոլոր մարդկանց, որ մենք պիղծ ճիվաղներ ենք։ 

- Ոչ բոլորին,- առարկեց Խոսրովը։

Պանդոկապետի աչքերում թախիծ հայտնվեց, նա մի պահ խորացավ մտքերի մեջ, կարծես սկսեց ինչ-որ բան հիշել իր անցյալից։ 

- Էլ ի՞նչ հյուրասիրեմ թանկագին հյուրերիս, - հարցրեց նա, վերագտնելով կենսուրախությունը։ - Լավ գարու ջուր ունենք։ Կնեղանամ, եթե հրաժարվեք։ 

Պանդոկապետը ձեռքով նշան արեց մատռվակին։ Վերջինս անհետացավ դռների մեջ և շուտով նորից հայտնվեց հսկա գավաթներով սկուտեղը ձեռքին։ Գավաթներում ոսկեգույն փրփրակալած ըմպելիք էր, որում գարու հատիկներ էին լողում։ 

- Փորձեք, չեք փոշմանի։ Ամբողջ Լեռնածովքում այսպիսի գարու ջուր չեք գտնի, - հպարտացավ Խոսրովը։

Էլֆը մի կում արեց ու ձեռքով հավանության նշան ցույց տվեց, մինչդեռ իրականում հազիվ զսպեց հեղուկի դառնությունից առաջացող սրտխառնոցը։ Երևում է մարդկանց խմիչքներն էլֆերի համար չեն ստեղծված։ Զեբոն, ընդհակառակը, հաճույքով դատարկեց գավաթը։ 

Պայն ու պանդոկապանը սկսեցին պատմություններ հիշել իրենց համատեղ արկածներից։ 

Շուտով անձրևը դադարեց ու պանդոկում հավաքված գյուղացիները, սեղաններին պղնձե դրամներ թողնելով, գնացին իրենց գործերով։ 

Զեբոն ու Խոսրովը շարունակում էին իրար ետևից դատարկել գավաթներն ու հիշել հին օրերը։

- Հիշո՞ւմ ես, որ ընկել էիր արծվառյուծի ճանկը, մի կերպ քեզ փրկեցի, - հպարտորեն հայտարարեց Խոսրովը։ 

- Մի րոպե, - վրդովվեց պայը, ես լավ հիշում եմ, որ արծվառյուծ չէր, այլ փիաթեկ։ Համ էլ այդ դու էիր նրա ճանկն ընկել ու ես էի, որ քեզ փրկեցի։ 

- Շնորհակալ ենք հյուրասիրության համար, բայց մենք միայն խմիչքի համար չենք այստեղ եկել, - միջամտեց էլֆն ու սեղանի տակ ոտքով հրեց պային։ 

- Հա, Խոսրով, մեզ քո օգնությունն է պետք։ Կարո՞ղ ես պարտքով երկու նժույգ տալ։ 

- Աչքիս վրա, կկարգադրեմ, որ վաղն առավոտյան պատրաստ լինեն։ Մինչ այդ, երկրորդ հարկում ձեզ համար սենյակներ կպատրաստեն։ 

- Այստեղ գիշերելու համար ժամանակ չունենք, պետք է շտապենք,- առարկեց Արևանը։

- Ո՞ւր եք շտապում,- հարցրեց Խոսրովը,- այդպես էլ չպատմեցիք։

Էլֆը պատմեց իր առաքելության մասին։ 

- Եկեք հենց հիմա գնանք ախոռ և երկու լավ ձի ընտրենք ձեզ համար, - ասաց պանդոկապետը` լսելով նրա պատմությունը։ - Մի անհանգստացիր, մեր գավառի ձիերն ամենաարագն են ողջ Լեռնածովքում, քամու պես տեղ կհասցնեն։ 

Սեղանի մոտից վեր կենալով` եռյակը քայլեց դեպի դուռը։ էլֆը զգաց, որ հազիվ է կանգնում ոտքերի վրա, խմիչքի ազդեցությունն էր։

Բացելով դուռը` նրանք տեսան շեմքի մոտ կանգնած մի զորականի։ Նա կլորացած աջքերով նայում էր իր առաջ կանգնած էլֆին ու պային։ Նրա աջ ձեռքը սառել էր օդում։ Երևում է` դուռը բացվել էր այն պահին, երբ զորականը պատրաստվում էր թակել այն։ Բակում կանգնած էին յոթ զրահավորված հեծյալներ։ 

- Ճի…ճի…ճիվաղները, - բղավեղ ռազմիկն ու ձեռքը տարավ գոտիից կախված սրին։ 

Պայն ինչքան ուժ ուներ գլխով հարվածեց նրան, ռազմիկը շրմփաց ցեխի մեջ։

Մյուս ռազմիկներն արդեն ցատկել էին ձիերից, մերկացրել զենքերն ու շտապում էին օգնության հասնել զինակցին։ Էլֆն ու պայը ներս նահանջեցին ու փորձեցին փակել դուռը, բայց վրա հասած հաղթանդամ ռազմիկներից մեկը ոտքի ուժգին հարվածով կոտրեց այն։ Դուռը պահող Զեբոն գետնին տապալվեց։ 

- Պարոնայք, ի՞նչ եք անում,- փորձեց ռազմիկներին կանգնեցնել Խոսրովը։ 

Ռազմիկը նրան մի կողմ հրեց ու հսկա սակրն իջեցրեց գետնին ընկած Զեբոի վրա։ Պայը վերջին վայրկյանին մի կողմ գլորվեց ու սակրը մինչև կոթը խրվեց հատակի մեջ։ Մինչ աժդահան փորձում էր ազատել զենքը, Արևանը նրան խոր քուն ուղարկեց մի կավե կուժ գլխին կոտրելով։ Ներս խուժեցին մնացած ռազմիկները և անհավասար մարտ սկսվեց։ Պայը, կոտրված դուռը որպես վահան օգտագործելով, հարձակվողների վրա էր նետում ձեռքի տակ ընկած իրերը։ Էլֆը սրով ետ էր վանում հարձակվողների բազմաթիվ հարվածները։ Նա հմուտ սրամարտիկ էր, բայց հիմա շարժումները լղոզված էին ստացվում։ Անիծյալ խմիչքն էր մեղավոր։ Ինչ-որ մեկը հաջողացրեց սրի կոթով հարվածել նրա գլխին։ Էլֆը գետնին տապալվեց, աչքերի առաջ խավար իջավ։


7


Վանադվինում կեսօր էր, բայց արևի ճառագայթները չէին հասնում զնդանի խորքը, որտեղ շարունակում էր տիրել անթափանց խավարը։ Սարգոնը հերթական անգամ ճրագը ձեռքին իջավ իշխանուհու մոտ։ 

- Դու ավելի դիմացկուն գտնվեցիր, քան կարծում էի, ասաց նա, - բայց վստահ եղիր` ես ավելի համառն եմ։ Քո ուժը իմն է լինելու։

- Ինչո՞ւ ես ուզում տիրանալ իմ մոգությանը,- հարցրեց էլֆուհին հյուծված ձայնով, - չէ որ այն պիղծ է, ինչպես դու ես քարոզում ցեղակիցներիդ։

- Ամբոխին ասվում է այն, ինչ պետք է նրանց հնազանդ պահելու ու պետք եղած ժամանակ մեր թշնամիների վրա քսի տալու համար։ Կրոնը միայն գործիք է իշխանության հասնելու համար։ Կար ժամանակ, երբ դուք, վիշապների պաշտամունքն օգտագործելով, իշխում էիք Լեռնածովքում։ Վերևից էիք  նայում մեզ։ Հիմա, երբ վիշապները չքվել են, ձեր ցեղի խղճուկ մնացորդները թաքնվում են լեռներում ու անտառներում ու շուտով կանհետանան երկրի երեսից։ Սուրբ Գահը մեծ իշխանություն է ձեռք բերել, բայց ես այլևս չեմ ցանկանում այն կիսել մնացած քրմապետերի հետ։ Դու չես էլ գիտակցում, թե ինչ ուժ է քեզ տրված։ Անգամ չես փորձում օգտագործել դրա բոլոր հնարավորությունները։ Ստանալով վիշապի ուժը` ես կսկսեմ հրաշքներ գործել, ինձ Արարչի ընտրյալ կհռչակեմ, կազատվեմ մյուս քրմապետերից, կհնազանդեցնեմ ողջ Լեռնածովքը, իսկ հետո…

- Ուզո՞ւմ ես նոր Բել դառնալ, չե՞ս վախենում արժանանալ նրա ճակատագրին։ 

- Ավելի լավ է սեփական ճակատագրիդ մասին մտածես։ Քեզ չեմ կարող անվերջ կենդանի պահել։ Դիվուհու հանդեպ իմ գթասրտությունն արդեն կասկածներ է հարուցում քրմերի մոտ։ Շատ քիչ ժամանակ ունես մտածելու համար…

 

8


- Վերջապես ուշքի եկար, - կարծես մշուշի միջից լսվեց Զեբոի ձայնը, երբ Արևանը սկսեց դուրս գալ թմբիրից։

Էլֆին մի քանի րոպե պահանջվեց, հասկանալու համար, թե որտեղ է գտնվում։ Նա ու Զեբոն ճանապարհով շարժվող սայլի մեջ էին, երկուսի ձեռքերն ու ոտքերը կապված էին մետաղյա ծանր շղթաներով։ 

- Հաստատ էդ քո ընկերն է մեզ ծախել ճիվաղորսներին։ Ասում էի չէ` մարդկանցից պետք է հեռու մնալ, ասաց Արևանը։

- Մի շտապիր եզրակացություններ անել, սրականջ բարեկամ,- լսվեց ետևից։ 

Էլֆը շրջվեց և տեսավ Խոսրովին ետևից եկող մյուս սայլի մեջ։ Նա ձեռքերը վեր բարձրացրեց ու ցույց տվեց, որ ինքն էլ է շղթայված։ 

- Բա քեզ ինչի՞ են բռնել, -  հարցրեց էլֆը։

- Ճիվաղասեր դավաճանը, ճիվաղներից էլ վատն է, - նրա փոխարեն պատասխանեց սայլերը հսկող հեծյալը։

- Թե ասա, որ քամին քշեց ձեզ մեր կողմերը,- հոգոց հանեց Խոսրովը։

- Ձայնդ կտրիր, ցեղուրաց, - սաստեց նրան հեծյալն ու հարվածեց նիզակի պոչով։ - Բողոքներ էինք ստացել, որ ձեր կողմերում գոռնափշտիկներ են երևացել։ Սուրբ Գահը մեզ ուղարկել էր դրանց հարցերը լուծելու, այն էլ ավելի վտանգավոր ճիվաղների գտանք։ Հենց հասնենք Վանադվին դու էլ, ճիվաղ ընկերներդ էլ արժանի պատիժը կստանաք։ Մեծ հաճույքով հենց այստեղ բոլորիդ վերջը կտայի, բայց մեկ էլ տեսար Սուրբ Գահին պետք գան ձեր ողորմելի կյանքերը։ 

- Հանքերում միշտ աշխատուժի կարիք կա, - ասաց մյուս հեծյալը։  

Զեբոն նայեց էլֆին ու սկսեց ժպտալ։

- Քեզ զվարճացնո՞ւմ է մեր վիճակը, - հարցրեց Արևանը։ 

- Խոստացել էի, չէ՞, որ ձիերով ենք հասնելու Վանադվին։  Տեսնո՞ւմ ես, մեզ ձիերով տանում են։ 


9


Մի օր էր արդեն, ինչ գերիները ճանապարհին էին, սակայն թվում էր, թե մի ամբողջ հավերժություն է անցել: Շարասյունն անցնում էր քարքարոտ բլուրների արանքով ձգվող խորդուբորդ ճանապարհով: Սայլերն անընդհատ դղրդում էին անիվների տակ ընկնող քարերի վրա: Անիվների ու ձիերի բարձրացրած փոշու քուլաները անհնար էին դարձնում լիաթոք շնչելը։ Հեռվից ճամփորդների ականջներին սկսեց հասնել մի մեղմիկ ձայն։ Կարծես քամին էր սկսել երգել։ Սկզբում ձայնը հեռու էր, հետո սկսեց ավելի ու ավելի մոտենալ։ Զորականները հարցական հայացքներով փոխանակվեցին։

- Դու էլ ես երգը լսո՞ւմ, թե՞ իմ ականջներին է թվում,- հարցրեց Զեբոն էլֆին:

- Չէ, իրական է, բայց լավ կլինի փակես ականջներդ։

- Ինչո՞ւ, այսքան գեղեցիկ երգ երբեք չէի լսել։

- Վստահիր ինձ, քիչ անց կիմանաս, թե ինչու։ 

Զեբոն չուզենալով ենթարկվեց։ 

Մոռանալով գերիներին հսկելու անհրաժեշտության մասին` զորականները շեղվեցին ճանապարհից ու ձիերին քշեցին դեպի ժայռոտ բլուրները, որտեղից լսվում էր նրանց կանչող դյութիչ ձայնը։

Ժայռերի ետևից հայտնվեցին բազմաթիվ էլֆեր, օդում սկսեցին սուլել նետերը։ Ռազմիկներից մի քանիսը խոցվեցին այդպես էլ չհասկանալով, թե ինչ կատարվեց։ Մյուսները, զինակիցների մահը տեսնելով, դանդաղորեն սկսեցին ումքի գալ թմբիրից ու փորձեցին պատսպարվել, սակայն երկու կողմերից թափվող մահաբեր նետերը նրանց էլ գտան։ 

Գերիներին մնում էր միայն լուռ հետևել այդ տեսարանին։ Երբ ամեն ինչ ավարտվեց, էլֆերից մեկը մոտեցավ ու ազատեց նրանց։

- Արծինե, ո՞ր աստվածները քեզ այստեղ ուղարկեցին, - բացականչեց Արևանը` տեսնելով ծանոթ հուշկապարիկին էլֆերի ջոկատում։

- Վիշապաց աշտարակում մեր հանդիպումից հետո ես անմիջապես ճախրեցի դեպի Հարավային Էլֆք, որպեսզի իշխանուհու ճակատագրի մասին հայտնեմ նրա հայրենակիցներին։ Ճանապարհին հանդիպեցի Աստղեոնի ջոկատին, ով արդեն շտապում էր Վանադվին։ Բախտներդ բերեց, որ ձեզ նկատեցինք։

- Ի դեպ, հրաշալի ձայն ունեք, օրիորդ,- ասաց Խոսրովը։

- Ես կասեի` կախարդական, - ավելացրեց Զեբոն։ 


10


Արևանը կանգնած էր ժայռի ծայրին, հեռվում երևում էր Վանադվինը` մարդկանց թագավորության սիրտը։ Մի հսկա մարդկային մրջնանոց, որ շրջապատված էր անառիկ ատամնավոր պարիսպներով։ Ինչ-որ տեղ այդ պարիսպներից ներս, այսքան հեռու և այսքան մոտ, նրա սիրելի Լույսելինն էր, ում կյանքը կարող էր ընդհատվել հաջորդ առավոտյան։ Դժվարություններով լի ճանապարհը մնացել էր Հետևում, իսկ առջևում վերջին ամենակարևոր փորձությունն էր։ 

Խոսրովը բարձրացավ նրա մոտ։

- Ինչո՞ւ ես օգնում ինձ։ Դու էլ հո պոեմ չես գրո՞ւմ,- ժպտալով հարցրեց էլֆը։ 

- Ես միշտ չէ, որ պանդոկապան եմ եղել։ Մի ժամանակ Գետեզերք գավառի իշխանն էի։ Երբ Սուրբ Գահն իշխանության եկավ, նրանք պատերազմ սկսեցին ոչ մարդկային ցեղերի, ասել է թե «ճիվաղների» դեմ։ Իմ ամրոցը Հյուսիսային Էլֆքի սահմանին էր, այնպես որ ես էլ իմ զորքով անմասն չմնացի պատերազմից։ Արշավանքներից մեկի ժամանակ ալքերը հարձակվեցին մեզ վրա։ Ողջ ջոկատը հոշոտեցին։ Իմ բախտը բերեց, ես միայն ոտքս կորցրեցի։ Մի էլֆուհի կիսամեռ վիճակում գտավ ինձ։ Չնայած նրան, որ իր թշնամին էի, որոշեց փրկել կյանքս։ Մեկ ամիս ես մնացի էլֆերի անտառային գյուղում, որտեղ Լուսնաշողը, այդպես էր նրա անունը, խնամում էր ինձ ու թուրմերով բուժում վերքերս։ Այդ ընթացքում մենք մտերմացանք իրար հետ ու ես որոշեցի, որ նա պետք է իմ կինը դառնա։

Արևանը չէր հավատում ականջներին։

- Ես հրաժարվեցի ծառայել Սուրբ Գահին, Գետաբերդը դարձրեցի ապաստարան` էլֆերի, պայերի, տորքերի ու այլ ցեղերի համար։ Կալվածքս դարձավ մի վայր, որտեղ նրանք կարող էին թաքնվել հալածանքներից։ Սուրբ Գահը երկար չէր կարող սա հանդուրժել։ Իմ կարճատև բացակայության ժամանակ նրանք հարձակվեցին ամրոցի վրա։ Տուն վերադառնալով միայն ավերակներ ու մոխիր գտա։ Բնակիչների մեծ մասին կոտորել էին, մյուսներին քշել հանքեր։ Այդ օրը սպանվել էր նաև իմ Լուսնաշողը, սպանվել էր իմ մեղքով։ Ես չկարողացա սիրելիիս փրկել մոլեռանդ դահիճներից։ Չեմ ուզում, որ դու էլ նույն բախտին արժանանաս։ Գուցե քեզ օգնելով քավեմ մեղքերս…

Արևանը փորձում էր բառեր գտնել Խոսրովին ասելու համար, բայց չէր գտնում։ Այդ պահին Արծինեն ներքևից կանչեց նրանց։ Ջոկատը հավաքվել էր հետագա անելիքները քննարկելու։


***

 - Մի պարզ հնարք կա,– սկսեց ծրագիրը ներկայացնել Արևանը,– մեզանից ոմանք վանադվինցի զորականներ կձևանան, մյուսները` նրանց մոտ գերի ընկած էլֆեր։ Հանդերձանքը կվերցնենք սպանվածներից։

- Կարծում եք կհաջողվի՞,- հարցրեց Աստղեոնը։ 

- Իհարկե, այս հնարքը շատ եմ հանդիպել հերոսական պոեմներում, - խոսեց Զեբոն,- փորձված բան է։

- Պարիսպներից ներս անցնելը դեռ գործի կեսն է, - նկատեց Խոսրովը։

- Կարծում եմ քաղաքի ներսում այդքան խիստ հսկողություն չկա, ներսից հարձակում չեն սպասում, - ասաց Արևանը։

- Իսկ օրիորդ հուշկապարիկը չի կարող դյութել պահապաններին, որ գործը հեշտ լինի,- հարցրեց մի էլֆ:

- Իմ կարողությունները կօգտագործենք դուրս գալու ժամանակ, - ասաց Արծինեն։ -  Երկու անգամ նույն հնարքը չի ստացվի: Ուշքի գալուց հետո պահապանները կհասկանան, որ կախարդվել են ու տագնապ կբարձրացնեն, երբ մենք դեռ քաղաքում կլինենք:

- Խենթ ծրագիր է, մաքուր ինքնասպանություն, լավ հնարավորություն է պատվով մեռնելու համար - ասաց Աստղեոնը։


11


Ծրագիրն իրոք խենթ էր, բայց իշխանուհուն ազատելու այլ տարբերակ չկար։ Որոշվեց, որ Խոսրովը կգլխավորի շարասյունն ու հրամանատարի դերը կխաղա, քանի որ խմբում միայն նա է իսկապես մարդ։ Տարօրինակ կլիներ, եթե տասնյակ գերիներին միայն մեկ զինվորական ուղեկցեր, այնպես որ Արևանն ու ևս երեք էլֆ ստիպված եղան հագնել մարդկանց զրահները` մազերն ու սրածայր ականջները մի կերպ թաքցնելով սաղավարտների տակ։ Մնացածները տեղավորվեցին սայլերում` ստանձնելով գերիների դերը։ Մութն ընկնելուն պես նրանք  շարժվեցին դեպի քաղաք՝ հույս ունենալով, որ գիշերվա խավարն իրենց դաշնակիցը կդառնա ու կօգնի իրագործել խաբեությունը:


- Ո՞վ է գալիս, - լսվեց քաղաքի պահապաններից մեկի ձայնը, երբ շարասյունը մոտեցավ դարպասին։ Ստվերից դուրս եկան ճրագներով զինված երեք զորականներ։ 

- Մենք հարյուրապետ Վահան Լեռնունու ջոկատից ենք, գերիներ ենք բերել Սուրբ Գահի համար, - վստահ ձայնով խոսեց Խոսրովը։

- Ի՞նչ գերիներ, - հարցրեց ավագ զորականը։

- Ճիվաղներ են։ Նրանց Արմակերտի ճանապարհին բռնեցինք, արգելված մոգությամբ էին զբաղվում, ուզում էին թուղթ ու գիր անել դաշտերն ու փչացնել բերքը:

Պահապանը զզվանքով լի մի հայացք նետեց գերիներով վանդակի կողմը, այնուհետև ճրագը մոտեցրեց Խոսրովին ու կասկածամտորեն սկսեց զննել նրա դեմքը։ 

- Ես ինքս ծառայել եմ հարյուրապետ Լեռնունու մոտ, բայց քեզ չեմ ճանաչում։ 

- Ես նորեկ եմ, նախկինում ծառայել եմ հարյուրապետ … ըըը… Տրդատ Հյուսիսեցու մոտ։ 

- Առաջին անգամ եմ լսում այդպիսի հարյուրապետի մասին, - պահապանի հայացքն ավելի կասկածամիտ արտահայտություն ստացավ։ 

«Պետք է շտապ մի բան մտածել, թե չէ բանը բուրդ է», - մտածեց Արևանը։

- Բարեկամ, երկար ճանապարհ ենք անցել, թող հասնենք քաղաք ու շուտ ազատվենք սրանցից։ Ռազմիկները հանգստի կարիք ունեն։ Դու էլ մեզ նման զինվորական մարդ ես, պիտի լավ հասկանաս, - խոսեց Արևանը` փորձելով հնարավորինս ընկերական հնչել։ 

- Սրանք էլ են նորեկ, հա՞, - շարունակեց պահապանը` զննելով քողարկված էլֆերին։ - Մինչև բոլորիդ չզննենք` քաղաք չեք մտնի։ 

- Համը հանեցիր արդեն։ Առ, սուրս մոտիկից զննիր, - բղավեց Աստղեոնը ու սուրն իջեցրեց պահապանի գլխին։ Սաղավարտն երկու կես եղավ, զորականը երերաց ու գետնին ընկավ։ 

- Ի զե՛ն, - ճչացին մյուս երկու պահապաններն ու սրերը մերկացնելով նետվեցին էլֆերի վրա։ 

- Ի սեր վիշապների, Աստղեոն, ի՞նչ արեցիր, - ասաց Արևանը, թեև ինքն էլ էր հասկանում, որ միևնույն է բռնվել էին։

Դարպասից դուրս վազեցին բազմաթիվ զինվորներ։ Մարտակոչերն ու սրերի զրնգոցները խախտեցին գիշերվա լռությունը։ Առաջին հարձակվողներն ընկան էլֆերի սրերից, սակայն քաղաքի դարպասներից հեղեղի պես դուրս էին թափվում մինչև ատամները զինված նորանոր ջոկատներ։ Նետաձիգները սկսեցին նետերի անձրև թափել պարիսպների վրայից։ Նետերից մեկը խոցեց Խոսրովի ձիուն, նա վայր ընկավ ու հայտնվեց թշնամու շրջապատում։ 

- Ամբողջ կայազորի դեմ չենք կարող կռվել, պետք է նահանջել, - ասաց Զեբոն։

- Նահանջե՛ք, - բղավեց Խոսրովը, - ես կզբաղեցնեմ նրանց… Լուսնաշող, շուտով կրկին կտեսնվենք։ 

Խոսրովը նետվեց գրոհող զինվորների շարքերի մեջ` կատաղի թափահարելով թուրն ու հարվածներ հասցնելով իրեն շրջապատած զորականներին։ Արծինեն, հսկա թռչունի կերպարանք ստանալով, թռավ նրա կողմ, ճանկերով բռնեց ուսերից ու փորձեց օդ հանել։ Այդ պահին նետը խոցեց նրա թևն ու երկուսով ներքև ընկան: 

 

 12


- Իզուր ես եկել, իմ որոշումը չի փոխվել, - ասաց Լույսելինը` տեսնելով ճրագի լույսն աստիճանների վրա։ 

- Գուցե սա կօգնի մտափոխվել, - ասաց Սարգոնն ու գետնին նետեց բյուրեղով զարդարված մի վզնոց: - Երբ քեզ բռնեցինք, մոտդ այս նույն բյուրեղից կար։ Ենթադրում եմ, որ զուգադիպություն չէ։  

Լույսելինն իսկույն ճանաչեց զարդը: Դե իհարկե, Արևանը չէր լքի իրեն ու անպայման կգար փրկելու։ Եթե կախազարդը քրմի մոտ է, ուրեմն…

- Մի խումբ ճիվաղներ այնքան հիմար են գտնվել, որ կարծել են, թե կարող են ազատել քեզ: Հիմա նրանք կողքի զնդանում են փակված: Երևում է վաղը Վանադվինի հրապարակում շատ ավելի փառահեղ ներկայացում է սպասվում: Եթե իհարկե… 

- Ես կտամ այն, ինչ ուզում ես,-  ընդհատեց նրան էլֆուհին։

- Այսքան ժամանակ հերոս էիր խաղում, ինչո՞ւ հիմա սառույցը կոտրվեց։ 

- Մի բան է զոհել սեփական կյանքն, այլ բան է` ուրիշներինը: Ես քեզ կփոխանցեմ ուժը, բայց փոխարենը նրանց ևս կազատես… Բոլորին։

- Դե, ո՞ւմ ես սպասում, - ուրախացավ Սարգոնը։

- Դու մոգական հմայիլ ես կրում, այն արգելափակում է իմ ուժը, - ասաց Լույսելինը։

- Լավ, - ասաց Սարգոնն ու մի կողմ նետեց մեդալիոնը։ - Միևնույն է հիմա չես համարձակվի ինձ վնասել, թե չէ առավոտյան քո վերջն էլ կգա, ընկերներինդ էլ։

Իշխանուհին վեր կացավ տեղից ու երկու ձեռքերը դրեց քրմապետի գլխին։ Նրա դեղին աչքերը վառվեցին կրկնակի պայծառությամբ։ 

 - Ցանկանո՞ւմ ես ինձ նմանվել: Թող այդպես լինի։ Իմացիր, որ սուր բարձրացնողն ինքն է ընկնում սրից ու ատելություն տարածողն ինքն է դրա զոհը դառնում։ Շուտով կհասկանաս…


***

Քիչ անց քրմապետը դուրս եկավ վիրապից։  

- Ամեն ինչ կարգի՞ն է, Գերաշնորհ - հարցրեց պահապաններից  մեկը` նկատելով, որ նա փոքր-ինչ շփոթված տեսք ունի։ 

- Ավելի լավ չի էլ լինում, - պատասխանեց քրմապետը։

- Ի՞նչ կկարգադրեք։

- Դևն այդպես էլ դարձի չեկավ, առավոտյան նրան կտանեք հրապարակ ու…


13


Զնդանում բոլորը լուռ էին ու գլխիկոր։ Խոսրովը զոհվեց, էլֆերից շատերը` նույնպես։ Վիրավոր Արծինեն արյունահոսում էր։

Դուռը բացվեց ու երևաց քրմապետը` մի քանի ռազմիկների ուղեկցությամբ։

- Դո՛ւրս եկեք, - կարգադրեց նա։

Գերիներին դուրս բերեցին զնդանից ու տարան Վանադվինի դատարկ փողոցներով։ Լուսաբացից առաջ վերջին ժամերն էին, քաղաքը դեռ քնած էր: Ի զարմանս բոլորի, քրմապետը կարգադրեց գերիներին տանել չարաբաստիկ դարպասների մոտ։ Կռվից մի քանի ժամ էր անցել, գետնին դեռ երևում էին արյան հետքերը։

- Գերաշնորհ, սրանց ո՞ւր եք տանում այս վաղ ժամին, - հարցրեց դարպասի պահապանը։

- Սուրբ Գահի գործերը քեզ չեն վերաբերվում, զորական։ Բացի՛ր դարպասները, - կարգադրեց Սարգոնը։ Ռազմիկը ենթարկվեց։ Խումբն անցավ դարպասներով ու սկսեց հեռանալ պարիսպներից։

Արևանը տանջվում էր անզորությունից։ Նա զննում էր կապերը` փորձելով ազատվելու հնար գտնել։ Բոլորը կապված էին մի պարանով, եթե հնարավոր լիներ մի տեղից կտրել։ Բայց ախր ինչպե՞ս։ 

Արծինեն արնաքամ էր լինում ու արդեն հազիվ էր կանգնում ոտքերի վրա։

- Զեբո, ի՞նչ անենք, - շշնջաց Արևանը առջևից քայլող պային։- Մի հնար գտիր, թեկուզ այդ քո պոեմներից։

- Վախենամ, որ մեր պատմությունը երջանիկ ավարտ չի ունենալու, - ասաց Զեբոն։

- Տիար, արդեն շատ ենք հեռացել քաղաքից, եկեք հենց այստեղ էլ վերջները տանք, - առաջարկեց զինվորներից մեկը։

- Լավ, բայց սուրդ ինձ տուր, այս մեկին ես ինքս պիտի Յանատակ ուղարկեմ, - պատասխանեց Սարգոնը։

- Սպանելուց առաջ գոնե թույլ տվեք տեսնել նրան,- աղաչեց Արևանը։

- Շուտով կտեսնես, - ասաց Սարգոնն ու վերևից հարված հասցրեց։

Հաջորդ վայրկյանին Էլֆը հասկացավ, որ սրի հարվածը կտրել է իր ձեռքերը կապող պարանը։ Մինչ նա կհասցներ հասկանալ, թե ինչ է կատարվում` քուրմն արդեն կոթի կողմով իրեն էր մեկնել զենքը։ 

Ապշահար զինվորները փորձեցին Սարգոնից բացատրություն ստանալ, բայց չհասցրեցին անգամ մի բառ ասել, երբ Արևանն ու մյուս էլֆերը հարձակվեցին նրանց վրա։ Ամեն ինչ վերջացավ վայրկյանների ընթացքում։

Քրմապետը մոտեցավ Արծինեին ու ձեռքը դրեց նրա վերքի վրա։ Մատերի արանքում լույս շողաց։ Երբ Սարգոնը հեռացրեց ձեռքը, հուշկապարիկի վերքից հետք անգամ չէր մնացել։ 

Արևանը թուրն ուղղեց Սարգոնի վրա։

- Չգիտեմ ինչու մեզ օգնեցիր ու ինչպես ես ստացել վիշապի մոգությունը, բայց եթե հենց հիմա չտանես մեզ իշխանուհու մոտ, երդվում եմ հին ու նոր աստվածներով, որ այս սուրն արյունովդ կներկվի։

- Ինչ հիմարն ես, Արևան, -  ասաց քուրմն ու սկսեց ծիծաղել։ 

Այդ պահին արշալույսի առաջին շողերն ընկան նրա երեսին: Lույսը կարծես մաքրեց ծերունու մռայլ դեմքը՝ փոխարենը թողնելով էլֆուհու ծանոթ դիմագծերը։

- Լույսելի՞ն, - շշնջաց Արևանը։

Մնացած էլֆերն անմիջապես ծնկի իջան՝ ճանաչելով իրենց իշխանուհուն։

Ուրախության արցունքները գլորվեցին Արևանի աչքերից։ Առանց զգացմունքները զսպելու՝ նա երկար ու ամուր գրկեց Լույսելինին։ Այդ պահին աշխարհը դադարեց գոյություն ունենալ։ Այլևս ոչինչ կարևոր չէր…

Զեբոն ապշահար նայում էր այդ տեսարանին։ 

- Բան չհասկացա, հիմա ո՞վ էր ում փրկում գերությունից։ Մենք` իշխանուհուն, թե նա` մեզ։

- Բայց ինչպե՞ս հաջողացրիր, - հարցրեց Արևանը։

- Դեռ ժամանակ կլինի ամեն ինչ պատմելու համար, իսկ հիմա արի, որքան հնարավոր է շուտ, հեռանանք այս երկրից…


14


Սահմանված ժամին զորականներն իջան վիրապ և այնտեղ գտան խելագարի պես բղավող ու իրեն պատեպատ տվող էլֆուհուն:

- Ո՞ւր եք այսքան ժամանակ, անիծյալներ, - բղավում էր նա։ - Ամբողջ գիշեր կոկորդս պատռում էի ձեզ կանչելով։

- Չես համբերո՞ւմ մինչև մահապատժիդ ժամը, ուշանո՞ւմ ես Սպանդարամետից, - զարմացավ զորականը։ 

- Անմիտներ, չեք հասկանո՞ւմ, որ ես Տիար Սարգոնն եմ։ Դևը ծլկել է, նա իր պիղծ մոգությամբ քնեցրեց ինձ, իսկ երբ ուշքի եկա, արդեն այս տեսքով էի։ 

- Հա, բա չէ, ես էլ Հայկ Նահապետն եմ, - ծաղրեց զորականն ու ընկերոջ հետ սկսեց ծիծաղել։ - Լրիվ խելքը գցել է մահվան ահից։

Զորականները բանտարկյալին զնդանից դուրս հանեցին ու քարշ տվեցին դեպի հրապարակ։ Ամբողջ ճանապարհին նա չէր դադարում բղավել ու անվայել բառեր շռայլել իրեն տանողների հասցեին։ 

Չնայած վաղ ժամին` ամբոխն արդեն հավաքվել էր հրապարակում։ Գիշերվա հարձակումից հետո մարդիկ էլ ավելի էին լցվել ատելությամբ։ Տեսնելով էլֆուհուն` նրանք սկսեցին քարեր նետել նրա ուղղությամբ։ 

Չքվի՛ր, պիղծ արարած, - բղավում էին նրանք։

Քարերից մեկը դիպավ բանտարկյալի գլխին, արյունը ծորաց դեմքի վրայով։ Նա անշնչացած ընկավ գետնին` այդպես էլ չհասնելով կառափնաբեմին։ 

Հավաքվածների ապշած հայացքների ներքո՝ գետնին փռված մարմինը սկսեց կերպարանափոխվել: Դևի փոխարեն հրապարակում ընկած էր քրմապետ Սարգոնը: 


21 views0 comments
bottom of page