top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Պատը», հեղինակ՝ Արման Գասպարյան




Բաբկենին իմպրովիզացված բեմահարթակ բարձրացրին ձեռնաշղթաներով, աչքերն ու բերանը կեղտոտ լաթերով կապած։ Հավաքվածները հոգոց հանեցին։ Լավ մարդ էր Բաբկենը։ Ամբողջ կյանքը գլուխը կախ աշխատել էր իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Երբեք ոչ ոքի հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնի, աչքն ուրիշի ունեցվածքին չէր դնի։ Հանգիստ, ժպտերես, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։


Մի մատնաչափ բնակավայրի միակ տրանսպորտային միջոցը Բաբկենի՝ երկու ծանրաքաշ ձիերին կապված «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի թափքն էր, Բաբկենի «մաշինան», որի ուղևորները, վճարելով ընդամենը մեկ դիմակ, ոչ միայն հարաբերականորեն հարմարավետ կարող էին ճամփորդել Սևանի մի ծայրից մյուսը, այլև ամբողջ ընթացքում լսել Բաբկենի հետաքրքիր պատմությունները պարիսպներից այն կողմ կյանքի մասին։ Որովհետև Բաբկենն էնքան լավ մարդ էր, որ հաճախ էր բնակավայրից դուրս գալու ուղեգիր ստանում քաղաքապետարանից։


Հիմա իրավիճակը փոխվել էր։


- Ժողովո՜ւրդ, մի հատ սու՛ս եք, շեֆը բան ունի ասելու,- բղավեց քաղաքապետի օգնական Ստեփանը՝ կարճահասակ, ճաղատ մի երիտասարդ։


Շշուկներն ու հեծկլտոցներն անմիջապես դադարեցին։ Բեմ բարձրացավ հաղթանդամ, արևի տակ անդադար աշխատանքից մուգ շագանակագույն դարձած դեմքով միջին տարիքի մի տղամարդ։ Քաղաքապետ Երանոսյանն էր։ Հաստ ունքերի տակ խորը դրված աչքերով հավաքվածներին չափելուց ու լռության՝ լիակատար լինելու մեջ համոզվելուց հետո մաքրեց կոկորդն ու սկսեց.


- Ժողովուրդ ջան,- թաշկինակով սրբեց քրտնած ճակատը,- էսօր սենց վատ օր ա,- կոկորդը մաքրեց, մոտ կես րոպե ուշադիր զննեց իր կողքին կիսագիտակից վիճակում կանգնած Բաբկենին: - Վատ օր ա, շուտվանից սենց վատ օր չէր տեսել մեր քաղաքը։ Բայց դե ի՞նչ արած, հենա, օրենքը պարտադրում ա, որ սենց վարվենք սենց պահի,- «հենա» արտաբերելիս Երանոսյանը հայացքն ուղղեց առաջին շարքում կանգնած ակնոցներով ու կոկիկ կոստյումով տղամարդուն։ Վերջինս գլխով հավանության նշան արեց։ Երանոսյանը խորը հոգոց հանեց, ստացված անձայն հրամանը նույնքան անձայն փոխանցեց Ստեփանին ու արագ լքեց բեմը։


***

Երանոսյանի մեղա եկող տոնայնությունը քիչ մնաց հունից հաներ Դավիթին։ Ոչինչ, մանր չինովնիկության վարքագծի առանձնահատկությունն է, պետք է ենթակաների մոտ որքան հնարավոր է անմեղ տեսք ընդունել ու մեղքը բարդել ավելի բարձր պաշտոնյաների, օրինակ՝ Երևանից ժամանած տարածքային տեսուչ Դավիթ Բաղդասարյանի վրա։ Մյուս կողմից, կարելի է հասկանալ Երանոսյանին։ Դավիթը մի քանի ժամից լքելու էր Սևանը, իսկ քաղաքապետը մինչև մահ ապրելու է իր համաքաղաքացիների հետ։


«Դե շուտ պրծեք էս ցիրկը»,- մտածեց Դավիթն ու գլխով նշան արեց, որ սկսեն։ Քաղաքապետը ցուցադրաբար հոգոց հանեց, կարծես ինքն էր ձեռքերն ու երեսը կապած, ոտքերի վրա հազիվ կանգնած սպասում մահապատժի, ու քթի տակ մռթմռթալով իջավ բեմից։

- Մոտեցի դրան, ասա, հանկարծ չգնա,- շշնջաց Դավիթն իր օգնական Դիանայի ականջին,- ինքն օրենքով պարտավոր ա մինչև վերջ ներկա գտնվել։

Աղջիկը գլխով արեց ու ամբոխի միջով արագ շարժվեց դեպի հեռացող Երանոսյանը։ Բեմ բարձրացան սև դիմակներով երկու տղամարդ։ Մեկը սկսեց արագ, բայց ճշգրիտ շարժումներով Բաբկենի ձեռնաշղթաներն ամրացնել բեմին ձուլված պողպատյա օղակներին։ Մյուսը շրջվեց դեպի Բաբկենն ու բարձրաձայն սկսեց աղոթել.


- Հա՜յր մեր, որ երկնքում ես։ Բոլոր աստվածների՝ հողի ու ջրի, օդի ու կրակի, մտքի ու խղճի, բոլոր-բոլորի արդար Տիրակա՜լ։ Մեր օրենքների հեղինակ։ Մեր արդարության ռահվիրա,- տղամարդը մատով ցույց տվեց ծնկի եկած, ամբողջ մարմնով դողացող Բաբկենին,- ամոքի՜ր այս մարդու ցավերը։ Թույլ մի՛ տուր, որ պղծությունը կլանի նրա անմահ հոգին:


Մյուս տղամարդը սկսեց եռանդով ինչ-որ հեղուկ լցնել Բաբկենի վրա։ Վերջինս հեծկլտաց, ամբոխով հառաչանքի ու բացականչությունների ալիք անցավ։ Դավիթի քթին խփեց սպիրտի թունդ հոտը։ Աղոթող տղամարդն ուղղահայաց բարձրացրեց աջ ձեռքն ու ամբողջ ուժով բղավեց․


- Ընդունի՜ր մեր սիրասուն եղբորը։


Աղիողորմ լացի ու բացականչությունների ձայները խլացրին դատապարտվածի հեկեկոցները։ Երկրորդ տղամարդը ջահը ձեռքին մոտեցավ Բաբկենին։ Դավիթը գոհունակությամբ նկատեց, որ Երանոսյանն իր տեղում է։ «Ապրի Դիանաս»,- մտածեց Դավիթը, երբ երկինք խոյացան սև ծուխը, հրի լեզվակներն ու Բաբկենի զարհուրելի ճիչը։


***

- Բայց դե շատ դաժան ա, էլի,- աչքերը կկոցելով՝ ասաց Դիանան՝ Դավիթի համար պահելով սննդի օբյեկտի խարխուլ դուռը։


- Անհրաժեշտություն ա,- Դավիթն աղբարկղը նետեց ճմրթված անձեռոցիկը,- ո՞վ ա ընդհանրապես բիստրոյի անունը դնում «Տուքսոյի օջախ»։ Չէ մի չէ, Օգսենի դղյակ։


- Ինչի՞ ա սենց հանրային միջոցառումն անհրաժեշտություն,- Դիանան փակեց դուռն ու հավասարվեց Դավիթին։


- Նրանով, որ հին ու բարի պուբլիչնի պատիժը միլիոն հատ հորդոր արժի։


- Նենց ես ասում պատիժ, ոնց որ էդ խեղճն ինադու էր դիմակը հանել,- Դիանան ցուցամատը դրեց իր դիմակի վրա։


- Օրենքը տարբերություն չի դնում միտումնավորի ու պատահականի միջև, Դիանիկ,- Դավիթը կանգնեց՝ փորձելով ճշտել ուղղությունը։


- Ո՞ւր ենք գնում,- օգնականը ձեռքը տարավ ծոցագրպանը, շոշափեց ատրճանակը։


- Հանգիստ, աղջիկ ջան։ Հանգիստ,- Դավիթը մի քանի վայրկյան նայում էր դատարկ փողոցին:- Վաղուց Սևանում չեմ եղել, լրիվ մոռացել եմ,- ասաց նա ու վստահ քայլերով շարժվեց դեպի աջ։ Դիանան հետևեց նրան։


- Չասացիր ուր ենք գնում։


- Կոմիսարիատ։


- Օհո՛, - Դիանան արագացրեց քայլերը,- ես կարծում էի էսօր կգնանք Երևան։


- Էլի կգնանք, մի ժամվա գործ ա, մինչև ձիերը հանգստանան, սնվեն։


Դիանան սկսեց փնթփնթալ։


- Ահա, ու մինչև հասնենք Չայնու ոլորաններին, մութը կընկնի։


- Մութը որ ընկնի, ջիգյարիկ ջան, գիշերակաց կխնդրենք Չարենցավանի լավագույն մոթելներից մեկում, լա՞վ,- Դավիթն աչքով արեց, բայց աղջիկը ըստ արժանվույն չգնահատեց ժեստը։


- Չի՜ կրկնվելու, շեֆ։ Դա առաջին ու վերջին անգամն էր, - Դիանան գռեհիկ ժեստով ձեռքի ափը դրեց շեքին,- Մուտքը փակ ա,- ասաց նա ու լեզու ցույց տվեց։


***

Սևանի Կոմիսարիատը համայնքի պարիսպներից ներս գերագույն իրավապահ մարմինն էր Կենտրոնական տեսչությունից հետո։ Շինության փայտյա կմախքը պատված էր դեղնավուն կավի հաստ շերտով։ Տեղ-տեղ կավի խոշոր կտորների բացականչությունը մերկացնում էր ժամանակից սևացած գերանները։ Կավն ու փայտը խիստ տարածված շինանյութ էին։

- Էս շենքն աչքիս կանգուն ա եղել դեռ մինչև Մեծ Անկումը,- Դավիթը մոտեցավ երկաթյա դռանն ու բռունցքով երեք անգամ ուժգին հարվածեց։


- Զգո՜ւյշ, կփլվի,- ծաղրական նկատեց Դիանան։ Դավիթը կրկին հարվածեց դռանը՝ այս անգամ ավելի եռանդով։


- Էկա՜, էկա՜, համբերե՛ք,- ներսից լսվեց խլացած ձայնը, ապա՝ բանալիների զնգոցն ու հնագույն կողպեքի մետաղական ճռռոցը։ Դռան հետևում կարմիր կոմիսարական դիմակով ծերունին էր։ Դավիթը հանեց ակնոցները, թաշկինակով մաքրեց, նորից դրեց։ Ծերունին ամբողջ ընթացքում լուռ էր։


- Միգուցե ներս հրավիրե՞ք,- նյարդային տոնով լռությունը խախտեց Դավիթը։


- Իսկ դու ո՞վ ես, ումուդ,- հարցրեց ծեր կոմիսարը։ Դավիթն ուզեց մի կծու բան ասել՝ համեմված մոր մասին թունդ հայհոյանքով, բայց զսպեց իրեն։


- Տարածքային տեսուչ Դավիթ Բաղդասարյանն եմ, ձյաձ։


Ասածը մոգական ազդեցություն գործեց ծերունու վրա։ Վերջինս լայն բացեց դուռը՝ իր տարիքի համար տարօրինակ առույգ շարժումով ճանապարհ տալով հյուրերին.


- Վայ, խազեին ջան, ներող կլնես, տեղը չբերի,- ապա ուշադիր նայեց Դավիթի եռագույն դիմակին,- Իմ մեղքն ա, ուշադիր չեղա, ներող։

- Բան չկա,- Դավիթը մտավ փոշոտ ընդունարան, որի մեջտեղում հերթապահի հինավուրց սեղանն էր ու աթոռը։ Սեղանի վրա բացված մատյան կար, երկու հատ կրծած մատիտ, ապակյա բաժակ ու շիշ, որի մեջ, վստահաբար, օծված ջուր չէր։ Ծերունին արագ շարժվեց դեպի սեղանը՝ փորձելով այն կարգի հրավիրել ու արագ-արագ արտաբերելով.


- Բա, խազեին ջան, իմանայի գալու ես, պատրաստություն տենայի, գոնե Տուքսոյի մոտից խորոված զակազ տայի... ափսոս էր Բաբկենը, տղուս մոտիկ ընկերն էր, բայց ի՞նչ արած, ճակատագիր ա։ Ուրդու՞ց իմանար, որ ակը փչելուց նասոսը կխփի դեմքին, մասկեն կընկնի, չէ՞, խազեին։


- Չէ,- չոր տոնով պատասխանեց Դավիթը,- դրա համար կա կանոնադրություն, դիմակը ամրացնելու անվտանգության կանոններ։ Ու դրանք սիրուն աչքերի համար չեն գրվել, անվտանգության համար են։


- Ջոկում եմ, ջոկում եմ, վերադաս ջան,- ծերունին շիշն ու բաժակը պահեց սեղանի դարակում,- լավ եմ հիշում, քառսունքանի տարի առաջ, ես էլ ջահել էի։ Մեր հարևան Իշխանի կնիկը վարակվել էր, ոչ մեկ չէր ջոկել։ Հետո որ տեղը բերին, ուշ էր, քանի հոգու սպանել էր, իրա սեփական ճժին կերել էր։ Իշխանը մտել էր տուն, տեսել կնիկը ճժի ոտերն ա կրծում:


Դիանան հոգոց հանեց։


- Անվտանգությունն ամենակարևորն ա, հորոխպեր,- ասաց Դավիթն ու ավելացրեց՝ թույլ չտալով ծերունուն շարունակել,- կոմիսարին կանչի ստեղ, ինձ էլ տար ձեր բանտարկյալի մոտ։


***

Գարշահոտ մեկուսարանի հատակը հողից էր, պատերն էլ փտել էին խոնավությունից։ Երեք բանտախցերից երկուսն ազատ էին։ Երկրորդում փակվածը հազիվ քսանը բոլորած շեկ տղամարդ էր՝ պատառոտված ցնցոտիներով, թևերը, պարանոցն ու ճակատը ծածկող կապտուկներով։ Միանգամյա օգտագործման դիմակն ինչ-որ հրաշքով էր մնում դեմքին։ Նա կուչ էր եկել բանտախցի անկյունում՝ սննդախորանի կողքին, գլուխը կախ, ծնկները ձեռքերով գրկած։

- Էրկու շաբաթ առաջ են բերել, խազեին,- ասաց ծերունին՝ վառելով ճաղերից կախված լամպը, չնայած նեղ պատուհանից ընկնող լույսը լրիվ բավարարում էր:- Մենք չենք մշակել, սենց բերել են Երևանից։


- Դիմակը գոնե կարայիք փոխեիք,- հանդիմանեց Դավիթը,- Մի բան որ ըլնի, ո՞վ ա պատասխան տալու։ Դո՞ւ։


- Շեֆ ջան, ախր ես պրի չյո՞մ, հենա վերադասս բան չի ասել,- ծերունին դպրոցականի նման հենվում էր մի ոտքից մյուսին։

- Գնա նորմալ դիմակ բեր,- հրամայական տոնով ասաց Դավիթը։ Ծերունին հեռացավ՝ քթի տակ «ախր էդ անտերը հո գեդնին չի աճում» փնթփնթալով։ Դիանան ծպծպացրեց ու միջնամատ ցույց տվեց հեռացողին։ Դավիթը ժեստը չնկատելու տվեց։ Մոտեցավ ճաղավանդակին։


- Սամվել Հովհաննիսյան։ Էս որտե՞ղ են քեզ սենց մշակել։


Բանտարկյալը դանդաղ բարձրացրեց գլուխը։


- Որտեղ, որտեղ,- ձայնը գրեթե կտրված էր, ավելի շատ նման շշուկի,- Սիսիանի ճանապարհին։

- Ովքե՞ր էին։


Բանտարկյալը ոտքի կանգնեց։ Բարակ ոտքերը դժվարությամբ էին պահում վտիտ մարմինը։


Դանդաղ մոտեցավ ճաղերին։ Դավիթը տեղից չշարժվեց։


- Պատի պահապանները։ Սիսիանի ջոկատը։


Դավիթը մի պահ լուռ էր։


- Ի՞նչ էիր անում Պատի մոտ։ Ո՞նց էիր հասել էդքան հեռու։


Սամվելը ծիծաղեց։ Ձայնն ավելի շատ հիշեցնում էր խռխռոց, քան նորմալ մարդկային ծիծաղ.


- Պատի մո՞տ։ Ես ուղղակի պատի մոտ չէի։ Ես Պատից դուրս եմ եկել։ Ու վերադարձել։


Դիանան հոգոցի ու հառաչանքի միջև ինչ-որ ձայն հանեց։ Դավիթն անվրդով էր.


- Ու ո՞նց հաղթահարեցիր քառասուն մետր բարձրությամբ Պատը։ Անտառներն ու պահապանների ջոկատներն էլ չհաշված։


***

Սամվել Հովհաննիսյանը սովորական որսորդ էր։ Ընդամենը վերջերս էր համալրել Վայքի որսորդների հպարտ շարքերը։ Մինչ այդ նախրապան էր, կովաելակների նախիրն առավոտյան քշում էր սարը, երեկոյան բերում։ Լպրծուն ու գարշահոտ այդ արարածների ընկերակցությունն այնքան էլ հաճելի չէր, բայց դա միակ հնարավորությունն էր Վայքի պարիսպներից դուրս գալու։ Պարիսպները լքելու համար կա՛մ պետք է նախրապան լինեիր, կա՛մ որսորդ։ Կամ էլ կոմիսար, առևտրական, տեսուչ. բոլոր երեքը Սամվելի համար ընդհանրապես անհասանելի մասնագիտություններ էին։ Ոչ ծագումն էր բավարար, ոչ ունեցվածքը, ոչ էլ կրթությունը, չնայած՝ կարդալու համար խելքն իրենը չէր։


Բնականաբար, մի քանի հարյուր կովաելակը դեմն առած միայնակ սարն ի վեր բարձրանալը ինքնասպանություն կլիներ։ Դրա համար Սամվելը գործընկեր ուներ՝ որսորդ Հովիկը, որը անասուններին պաշտպանում էր տարատեսակ գիշատիչներից։ Մի անգամ եղևնաշների խոշոր ոհմակը շրջապատել էր նախիրը։ Ամբողջովին կանաչ փշատերևներով պատված այդ փոքր արարածները ճարպկորեն ցատկում էին հսկա կովաելակների մեջքին ու, սուր ատամները խրելով կարմիր, փափուկ մարմնի մեջ, ամբողջական կտորներ էին պոկում։ Հովիկը միայնակ կարողացավ փրկել նախիրը։ Հարձակմանը զոհ դարձավ ընդամենը մեկ երինջ, սակայն դրա փոխարեն Սամվելն ու իր որսորդը քաղաք վերադարձան տասնմեկ եղևնաշան մարմին շալակած։ Հովիկի կինը դրանցից ընտիր ղավուրմա ու մուրաբա էր փակել ձմռան համար։


Հենց այս դիպվածից հետո Սամվելը որոշեց բարձրացնել իր մասնագիտական հմտություններն ու դառնալ որսորդ։ Հովիկը շատ արագ ներգրավեց երիտասարդին որսորդների համայնք, ու արդեն երեք շաբաթ անց նա, որպես շարքը փակող, Վայքի որսորդների հետ գնում էր որսի։ Իհարկե, դեռ ոչ ոք ռիսկ չէր արել նրան, օրինակ, արջասարդի որսի տանել, բայց պրակտիկ ուսուցման երկրորդ ամսում Սամվելը ստացավ իր առաջին հրացանն ու փամփուշտները։


***

- Ինչի՞ որոշեցիր լքել Վայքն ու գնալ չգիտես ուր,- բանտարկյալի պատմությունն ընդհատեց Դավիթը։

- Շունչս կտրվում ա պարիսպներից, պատերից,- Սամվելը ձեռքի ափը դրեց դիմակին՝ կարծես շնչահեղձ լինելով,- Հայաստանում չկա տենց քաղաք կամ գյուղ, որ իր սեփական պարիսպներով ծածկված չլնի։ Ու տեղի ժողովրդի մեծ մասն ամբողջ կյանքում դուրս չի գալիս, խաբար չի դրսում ինչ կա։


- Ո՞ւ։ Քեզ հայտնի չէ՞ նման միջոցներ ձեռնարկելու պատճառը։


- Հայտնի ա,- Սամվելը երկու ձեռքի ափերը միացրեց իրար՝ հրեշի բացվող ու փակվող երախ պատկերելով,- դրսում մոնստրներ են, գիտեմ։ Բայց հերիք չի, որ մեր երկրի ներսում ամեն համայնք փակված ա իրա սեփական պարիսպների մեջ, ու դուրս գալու համար հատուկ թույլտվություն ա պետք, մի հատ էլ ամբողջ հերն անիծած Հայաստանն ա փակված քառասուն մետրանոց Պատով, որից դուրս գալու ձև չկա ոչ մի թույլտվությամբ ու փաստաթղթով,- հևաց բանտարկյալը։


- Ու դու որոշեցիր անտեսել բոլոր օրենքներն ու գնալ Պատի կողմ,- Դավիթը նշան արեց Սամվելին, որ շարունակի պատմել։


- Բա ոնց։ Ես շատ արագ հոգնեցի որսորդությունից ու իմ որսորդ եղբայրներից։


***

Սամվելին չէր վախեցնում ոչ անտառներում լափված լինելու, ոչ էլ պատի մոտ գնդակահարվելու հեռանկարը։ Նա ամենից շատ վախենում էր ամբողջ կյանքը նախիր պաշտպանողի դերում անցկացնելուց։ Հերթական անգամ արոտավայր գնալիս Սամվելն առանց խղճի խայթի լքեց իր գործընկերոջը՝ նախրապան Սեդրակին, ու շարժվեց դեպի արևելք։ Ինչո՞ւ արևելք։ Որովհետև, ասում են, արևմտյան կողմում Պատի հսկողությունը չափազանց խիստ է։ Պահապաններն առանց զգուշացնելու կգնդակահարեին մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Արևելյան կողմի մասին ահասարսուռ պատմությունները շատ ավելի քիչ էին։


Բայց արևելյան կողմի վտանգները պակաս էական չէին։ Քաղաքի պարիսպներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվում էին սաղարթախիտ անտառները, որոնք ձգվում էին ընդհուպ մինչև պատը։ Անտառներն արդեն շատ վաղուց կլանել էին Վայքից դեպի արևելք բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որտեղ երբեմն արշավներ էին կազմակերպում առավել խելագար ու խիզախ որսորդները։ Ու հետո ոչ բոլորն էին վերադառնում։


Առաջին մի քանի օրն անցավ առանց միջադեպերի։ Սամվելն անընդհատ ուղղությունը համաձայնեցնում էր կողմնացույցի հետ, շարժվում հնարավորինս անձայն (որսորդ ընկերների դասերն իրենց արդյունքը տալիս էին), սնվում էր այծաձմերուկի աղի դրած մսով ու մանր կումերով խմում ծննդյան օրով իրեն նվիրված օծված ջրի սրվակից։ Մութն ընկնելուն պես ընտրում էր հնարավոր ամենաբարձր ու սաղարթախիտ ծառը, բարձրանում որևիցե ամուր ճյուղի վրա, մոտ երկու ժամ ծախսում սեփական մարմինը ճյուղին ամրացնելու վրա, ապա՝ նիրհում։ Այնքան հոգնած էր լինում, որ գիշերային անտառի զարհուրելի ձայները նրա վրա գրեթե չէին ազդում։ Լուսադեմին էլ մոտ մեկ ժամ ծախսում էր պարաններն արձակելու վրա՝ ինքն իրեն հիշեցնելով, որ եթե այդ վիճակում որևիցե գիշատիչ հարձակվի, մնալու է միայն բոլոր աստվածներին աղոթելը։ Ճիշտ և ճիշտ շամփուրին հագցրած մսի կտոր։


Հինգերորդ օրը հենց լուսադեմին տեղի ունեցավ արջասարդի հարձակումը։


***

- Արջասարդի՞,- աչքերը կլորացրեց Դիանան։ Դավիթը ձեռքի նյարդային շարժումով հրամայեց աղջկան լռել։


- Հա, արջասարդի,- շշնջաց Սամվելը:- Մեծ Անկումը շատ կենդանիների այլասերեց, այլանդակեց, բայց էս ուռոդները բոլորից վախենալու են։ Եթե անտառում ռաստվավ, հաշվի մեռած ես։


- Բայց դու դեռ ողջ ես,- նկատեց Դավիթը։


- Իմ բախտը բերեց,- Սամվելը մատով ցույց տվեց բանտախցի հատակը,- իսկ դուք գիտեի՞ք, որ արջասարդերի բները գետնի տակ են, որ դրանք թունելներ են փորում։


***

Սամվելը նկատեց արջասարդին, երբ արդեն ուշ էր որևիցե բան անելու համար։ Շրջակայքի հետ ձուլված գիշատիչը, հնարավոր է, արդեն երկար ժամանակ է դարանակալել էր զոհին։ Կանացի աղիողորմ ճիչ հիշեցնող ոռնոցով հրեշը նետվեց որսորդի վրա։


Մեծ Անկում կոչվող հիվանդության տարածումից հետո առաջացած առաջին արարածներն արջասարդերն էին։ Պատկերացրեք, հսկա արջի գլուխ ու որովայն՝ դրված սարդի ութը մազածածկ վերջույթների վրա։ Մղձավանջային արարածի պատկերն ամբողջացնում էր նրա թիկունքից աճող կարիճի պոչը՝ ծայրին մահաբեր խայթով։ Սամվելը հաճախ էր որսորդական գրադարանի գրքերում անհետացած կենդանիների, այդ թվում՝ արջերի, կարիճների կամ սարդերի պատկերներ հանդիպում։ Սակայն իր կյանքի օրոք երիտասարդը երբեք այդ կենդանիներին չէր տեսել։ Հոգևորականներն ասում էին, որ մղձավանջային արջասարդն առաջացել է, երբ Մեծ Անկման դևերը հերթով համբուրել են բնում քնած արջին, սարդոստայնին նիրհող սարդին ու արևի տակ տաքացող կարիճին։ Հայաստանի ողջ կենդանական աշխարհն է կրում դևերի համբույրի դրոշմը։


Չէր հասցրել Սամվելը բարձրացնել հրացանի փողը, երբ հրեշի երախը սրտխառնոց առաջացնող շրխկոցով փակվեց իր դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Սամվելի կյանքն այդ պահին փրկեցին գետնին ընկած ճյուղերը, արարածի հետևի զույգ ոտքերը մնացել էին դրանց արանքում։ Նեխած մսի հոտը խփեց քթին։ Հրեշը կրկին ոռնաց ու իր զանգվածեղ մարմինն առաջ նետեց այն պահին, երբ երիտասարդը շրջվել էր փախուստի դիմելու համար։ Արարածի երախը փակվեց մեջքին գցած ուսապարկին (փա՜ռք Պոսեյդոնին), արջասարդը կտրուկ հետ քաշեց գլուխը՝ գետնից պոկելով նաև Սամվելին։ Հետագա իրադարձությունները, որոնք տևեցին ընդամենը մի քանի վայրկյան, Սամվելը կարող էր բաժանել առանձին կադրերի ու գեղարվեստականորեն նկարագրել յուրաքանչյուրը։


Ահա նա գետնից մոտ երկու մետր բարձրության վրա է։ Ահա նրա ձեռքը շոշափում է ուսապարկի ամրակն ու սեղմում կոճակը։ Սամվելը ցավոտ ընկնում է գետնին, ոտքի կանգնում ու վազում։ Անելով ընդամենը մի քանի քայլ, զգում է, թե ինչպես է գետինը կտրուկ հեռանում ոտքերի տակից ու ինչպես է անկառավարելի դարձած մարմինը կրկին հայտնվում ազատ անկման վիճակում, այս անգամ՝ ավելի երկար, անվերջ թվացող վայրկյանի ընթացքում։


***

- Շատ խորը փոս էր,- Սամվելը զգուշությամբ շոշափեց ծունկը,- մինչև հիմա ցավում ա։ Սկզբում ինձ թվաց կոտրվածք ա, ասեցի՝ վերջ, ստեղ էլ կվերջանա իմ պատմությունը։


- Բա արջասարդը ի՞նչ եղավ,- կրկին միջամտեց Դիանան։ Դավիթը ուշադրություն չդարձրեց։


- Դեռ մթությանն էլ չէի սովորել, էդ անտերը վերևից սկսեց խցկվել փոսը։ Կախվեց ուղիղ իմ գլխավերևում։ Ոռնոցից ականջներս խլացել էին։ Հետո զգացի սպիրտի հոտը։


- Սպիրտի՞,- Դավիթը սկսեց հասկանալ։


- Խնձորաճանճի մաքուր սպիրտի,- Սամվելն այնպիսի տոնայնությամբ դա ասած, կարծես խոսքը ֆրանսիական ընտիր գինու մասին էր,- Ես ինքս խմող չեմ։ Բայց Սեդրակը մի լավ շիշ նվիրել էր։ Էհ, Սեդրակ, Սեդրակ։ Ի՞նչ իմանայիր, որ ընկեր կոչվածս գել ու գազանի դեմ քեզ մենակ ա թողնելու։ Սպիրտը մեկ-մեկ օգտագործում էի ցերեկները (մենակ ու մենակ ցերեկները) թեթև կրակ վառելու համար։ Դժվար ա անընդհատ ուտել էդ անտեր աղի դրած միսը։ Եռացող ջրի մեջ մի քանի րոպե պահելուց հետո ավելի հաճելի բան ա դառնում։

- Ու շիշը հայտնվեց արջասարդի երախում, երբ կենդանին խժռում էր ուսապա՞րկը,- հետաքրքրվեց Դավիթը։


- Հա։ Անասունի ամբողջ բերանը սպիրտ էր։ Ես հենց հոտն առա, հասկացա՝ ինչն ինչոց ա։ Ու հասկացա, ինչ եմ անելու։


***

Ձեռքը մտքից անկախ շոշափեց գրպանում ընկած կրակայրիչը, կտրուկ հանեց, վառեց ու նետեց մոտեցող երախի ուղղությամբ։ Գրեթե պայթյունի ուժգնության կրակը կուրացնելու աստիճան լուսավորեց փոսը։ Հրեշի ոռնոցը կարող էր ընդհանրապես զրկել լսողությունից փակ տարածությունում, եթե կենդանին, այս ու այն կողմ նետելով այրվող գլուխը, դուրս չթռներ իր իսկ փորած փոսից։ Սամվելը դեռ մի քանի րոպե լսում էր արջասարդի հեռացող աղեկտուր ձայնը։ Մոտ տասը րոպե հետո երանելի լռություն տիրեց։


Որոշ ժամանակ անց աչքերը սովորեցին մթությանն ու Սամվելը մտքում արձանագրեց մի քանի փաստ իր վիճակի մասին։ Նախ, փոսը, որտեղ նա ընկել էր, գրեթե ուղղահայաց էր, իսկ ողորկ պատերը զրկում էին դուրս գալու հնարավորությունից։ Խորությունը շատ չէր՝ մոտ տասը մետր, բայց դա էլ բավական էր հույսը կորցնելու համար։ Այստեղ ու այնտեղ պատերին արջասարդի մազածածկույթի մնացորդներ էին, նաև՝ արարածի առաջին երկու վերջույթներին աճող սրածայր աքցանների հետքերը։ Ակնհայտ էր, որ փոսը փորել էր հենց արջասարդը։


***

- Որջ էր, էլի,- մտածկոտ հայացքով արտաբերեց Սամվելը,- ու էդ փոսի հատակին շատ մոտ՝ գրեթե գետնին կպած, թունելի մուտքն էր։ Քանի որ դուրս գալու ձև չկար, ոչ էլ ցանկություն կար ռաստվելու լավ խորովված արջասարդին, որոշեցի քամակս խցկել էդ թունելի մեջ։


- Տրամաբանական ա,- նկատեց Դավիթը։


- Ու վախենալու,- համաձայնեց Սամվելը,- թունելը գնալով լայնանում էր ու թեթև անկյան տակ խորանում։ Ինձ մոտ լույսի միակ աղբյուրը ֆոսֆորային փայտիկն էր, էն էլ՝ արդեն վերջին շնչի վրա։


- Թունելներն արջասարդերի ձեռքի գործն էին, հա՞,- Սամվելի խոսքը կտրեց Դավիթը։


- Իհարկե։ Ամենուր դրանց հետքերն էին։ Մազերը։ Հոտը։ Բայց ահավոր ակուրատնի էին թունելների պատերը։ Մեկ-մեկ դրանց կեղտն էր ռաստվում, բայց առանձին փոսերի մեջ, ասենք՝ թունելի պատի մոտ։ Ոնց որ զուգարան, էլի,- Սամվելը մատնացույց արեց իր բանտախցի զուգարանը։


- Մենակ չասես, որ արջասարդերը խելացի են։


- Նու, բավական խելացի են իրենց տան մեջ չքաքելու համար։ Նենց չի, որ անցյալի կենդանիները տենց չէին անում,- քմծիծաղ տվեց Սամվելը,- ու թունելներն անընդհատ ճյուղավորվում էին։ Ինձ թվում էր՝ մոլորվելու եմ։


- Բա լավ, փորված հողը ի՞նչ էին անում,- կրկին միջամտեց Դիանան։


Սամվելը նայեց աղջկան՝ ոտքից գլուխ չափելով։ Վերջինս անգամ չկարմրեց։


- Ես տեսություն ունեմ։ Փորելուց դրանք հողը կուլ են տալիս, լցնում են իրենց փորի մեջ, հետո թունելից դուրս գալիս ու փսխում։ Հիշում եմ, անտառում՝ ճամփին, հողի ու կավի խառնուրդ թմբեր էին ռաստվում։ Ես էլ մտածում էի՝ տենաս դրանք ի՞նչ են։

- Թունելներում էլ արջասարդ չկա՞ր,- կրկին ընդհատեց Դավիթը։


- Կար։ Ձեները լսվում էին, կամ հեռվից խշխշոց, ճպճպոց էր գալիս, ես տուտժե շունչս պահում էի, որ անցնի,- Սամվելը ցուցադրաբար ափով փակեց դիմակը։

- Ինչքա՞ն ժամանակ մնացիր թունելներում։


Բանտարկյալը մտահոգ մատը դրեց դնչին։


- Դժվար ա ասել, ահագին։ Ժամացույց, բան, սաղ մնացել էր պայուսակիս մեջ։ Մոտս միայն կողմնացույցն էր ու օծված ջուրը, բայց ռիսկ չարեցի էդ թունելում սննդախորան սարքեմ։ Չնայած, որ սարքեի էլ, ուտելու բան չկար, մի կտոր կիսակծած աղի միս էր գրպանումս։ Մի քսանչորս ժամ հաստատ մնացի, որովհետև երբ թունելը սկսեց էլի բարձրանալ, ահավոր հոգնած էի ու սոված։




***

Թունելը Սամվելին դուրս բերեց արևով ողողված տափաստան։ Քիչ էր մնում կուրանար երկար ժամանակ կիսախավարում մնալուց հետո։ Ափերով ծածկեց մռմռացող աչքերը, նստեց չոր խոտի վրա։ Քթին միանգամից խփեց անտանելի գարշահոտը։ Լույսին մի կերպ սովորելուց հետո Սամվելը բացեց աչքերն ու ուսումնասիրեց շրջակայքը։


Առաջինը, ինչ նկատեց, թունելի սև երախն էր։ Արջասարդի փորած խողովակը փոքր անկյան տակ դուրս էր գալիս ուղիղ մակերևույթ, առանց ուղղահայաց փոս-ծուղակի։ Երկրորդը լեշերն էին։ Արջասարդերի տասնյակ լեշեր` թունելի շուրջը։ Որոշներից մնացել էին միայն ոսկորները, մյուսները նեխման սկզբնական փուլում էին։ Երրորդը, երևի ամենատարօրինակը, լանդշաֆտն էր. ամենուր, որտեղ հասնում էր հայացքը, ցածր բլուրներով ընդհատվող չոր տափաստան էր։ Մինչև հորիզոն։ Շրջակայքի միապաղաղությունը խախտում էին միայն այստեղ ու այնտեղ տնկված արծաթագույն սյուները, որոնցից հազիվ լսելի ձայն էր գալիս։ Սամվելը դրանց վիբրացիան ավելի շատ զգում էր ատամներով, քան լսում ականջներով։ Տարածքը կտրուկ կոնտրաստի մեջ էր սաղարթախիտ անտառների հետ, որոնցով նա թափառում էր վերջին օրերին։


Շրջվելով՝ Սամվելը քիչ էր մնում շնչահեղձ լիներ։ Նրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա վեր էր խոյանում Պատի սև զանգվածը՝ ձգվելով աջ ու ձախ ու կորչելով հեռվում։


***

- Արջասարդերի լեշերը։ Չոլը։ Էդ ամեն ինչը մի տեսակ անհանգիստ կասկած առաջացրին, ու հենց հանեցի կողմնացույցն ու հասկացա, թե որ ուղղության վրա ա պատը, ջոկեցի, որ վիճակս տխուր ա,- շշնջաց Սամվելը։


- Ուզում ես ասել, որ արջասարդերի թունելներն անցնում են Պատի տակով ու դուրս գալիս մյուս կողմո՞ւմ,- հարցրեց Դավիթը։


- Էդպես էլ կա,- արտաբերեց Սամվելը։


- Ի՞նչ լեշեր էին։


- Արջասարդե՞րը,- Սամվելը ձեռքով շոշափեց ծնոտը՝ կարծես բարդ մտավարժանք անելիս լիներ:- Տպավորություն էր, որ էդ հայվանները թունելից դուրս գալուց հետո միանգամից սատկել էին։


- Ու ի՞նչ ես կարծում, ինչի՞ց։ Լավ, արի ավելի հետաքրքիր հարց տամ։ Էդ ի՞նչ սյուներ էին, որ, ոնց դու ես ասում, «գվվում էին»։ Ի՞նչ դևեր էին դրանք տնկել։


Սամվելը մոտեցավ ճաղերին, որքան հնարավոր է զրուցակցին մոտ ու դավադիր ձայնով շշնջաց.


- Դրանք կա՛մ դևերի ձեռքի գործն էին, կա՛մ էլ,- մի պահ դադար տվեց ու հազիվ լսելի արտասանեց,- … մարդկանց։


Դավիթը կտրուկ հետ քաշվեց, կարծես՝ էլեկտրական հոսանքի հարվածից։ Սամվելը քրքջաց.


- Մենք բոլորս օրորոցից գիտենք, որ Պատից էն կողմ մարդ չկա,- արագ-արագ արտաբերեց բանտարկյալը:- Մեզ ասել են, որ Մեծ Անկումն աստվածների անեծքն էր, որը լցվեց մարդկանց գլխին, ինչից հետո մենակ հայ ազգը մնաց։ Մեզ սովորեցնում են, որ Պատից էն կողմ մենակ դևեր են, որոնց դեմ արջասարդը խեղճ կենդանի ա,- Սամվելը ծիծաղեց։ Ծիծաղը նման էր խեղդամահ լինողի խռխռոցի։


- Ի՞նչն ա ծիծաղելի, դատապարտյա՛լ, - մռնչաց Դավիթը՝ սեղմելով բռունցքները։ Հիմա Սամվելի հերթն էր ընկրկելու.


- Պարոն տեսուչ, չեմ ուզում, որ պատմությունս որպես սրբապղծություն ընկալես,- Դավիթը բարձրացրեց ափերը։


- Շատ մոտ ես դրան, բայց շարունակիր։ Մի քիչ ավելի հարգալից,- Դավիթը հանդարտվեց։


***

Առաջին տպավորության շոկն ու վախը մի փոքր հաղթահարելուց հետո Սամվելը որոշեց գնահատել իրավիճակը։ Պատից դուրս նրան դժվար թե հաջողվեր երկար ժամանակ ողջ մնալ։ Վերադարձի միակ ճանապարհն էլ՝ թունելը, լի էր արջասարդերով, ու մի քանի օր, սոված ու ծարավ մթության մեջ անցկացնելու հեռանկարն այնքան էլ չէր ոգևորում։ Պատին մոտենալու մասին անգամ խոսք չկար, պահապաններն առանց հարցեր տալու միանգամից կգնդակահարեին։ Մնում էր միայն անկենդան տափաստանով թափառելը, առանց սնունդ կամ խմելու ջուր գտնելու հույսի, որևիցե անհայտ գիշատչի կողմից խժռված լինելու մեծ հավանականությամբ։


Ամեն դեպքում, թունելով վերադառնալը կարող էր չարյաց փոքրագույնը լինել։ Սամվելը մոտակա սյանը կապեց իր կարմիր վերնաշապիկի թևքը, մյուս թևքով գլխաշոր պատրաստեց՝ կիզիչ արևից գլուխը պաշտպանելու համար, ու քայլեց դեպի մոտակա բլուրը։ Գագաթին հասնելով՝ հնարավոր կլիներ գոնե գնահատել տափաստանի մեծությունը, տեսնել ամբողջ լանդշաֆտը։ Միգուցե, մոտակայքում լքված հնագույն մարդկային բնակավայր գտնի, որի արտեֆակտները սև շուկայում ահռելի գումարներ կարժենան։ Իսկ եթե ոչինչ չլինի, միշտ էլ կարելի է վերադառնալ թունելի մոտ։


Դանդաղ ու զգույշ քայլելով՝ Սամվելը շարժվում էր դեպի բլուրը՝ մտքում հաշվարկելով որևիցե դևի հարձակման դեպքում իր գործողությունները։ Հրացանը կազմ-պատրաստ էր, սակայն Սամվելը վստահ չէր, որ դրսի արարածների դեմ այն կարող է օգտակար լինել։


Հետո տեղի ունեցավ այն, ինչ Սամվելն ընդհանրապես չէր սպասում: Հազիվ էր արել հերթական զգույշ քայլը, երբ խոտերի արանքից դուրս պրծավ ինչ-որ փոքր կենդանի ու շեշտակի արագությամբ սլացավ առաջ: Անսպասելիությունից Սամվելը բացականչեց, կորցրեց հավասարակշռությունն ու դեմքով ընկավ խոտերի մեջ: Հրացանի ծանրությունը մի կողմ քաշեց աջ ձեռքը, կտրուկ շարժումից մատը սեղմեց ձգանը: Որոտաց կրակոց, որը մի վայրկյանով խլացրեց ամեն ինչ: Իսկ հետո սկսվեց իսկական քաոս:

***

Դավիթն աչքերը լայն բացած նայում էր Սամվելին: Վերջինս միտումնավոր ընդմիջեց պատմությունը՝ կարծես վայելելով դիմացինի արձագանքը: Դավիթը վերջապես ուշքի եկավ.


- Մողեսներ ու օձե՞ր,- հարցրեց նա:


- Հա, հերն անիծած մողեսներ ու հերն անիծած օձեր,- Սամվելը սկսեց քայլել բանտախցով:- Ես դրանց փոքր ժամանակ հին գրքերում եմ տեսել, բայց հո չէի մոռանա, թե ինչ տեսք ունեն: Մողեսները՝ չորս ոտքով, պոչով, օձերն էլ՝ դե տեղով պոչ ու գլուխ: Բայց ամենակարևորը, էդ կենդանիները մաքուր կենդանի էին, բուսական ոչ մի բան չունեին:


- Եթե էս ամեն ինչը քո հորինած հեքիաթներն են, իսկ ես հենց էդպիսի տպավորություն ունեմ, ուղղակի չեմ հասկանում, թե ինչի ես դու ծախսում իմ ժամանակը,- զայրացած ասաց Դավիթը:


- Հեքիաթներ չեն: Թուղթ ու գրիչ տաս, կարամ նկարել: Ասեմ քեզ, մենակ օձեր ու մողեսներ չէին, էլի լիքը մանր կենդանիներ կային, մի քանիսը դաժե բզզոցով թռնում էին, բայց դրանց չեմ հիշում: Ու ոչ մեկի վրա բուսական ոչ մի բան չկար, ասում եմ,- Սամվելը խաչակնքվեց,- Եթե իմ բառերի մեջ թեկուզ մի կտոր սուտ կա, թող աստվածները հենց ստեղ ինձ սատկացնեն:


Դավիթը թերահավատորեն ձեռքով նշան արեց Սամվելին, որ շարունակի պատմել:

***

Բլրի գագաթին հասավ երեկոյան: Ճանապարհին տեղի ունեցածը ցնցել էր Սամվելին, սակայն այն, ինչ նա տեսավ՝ հասնելով գագաթին, կարող էր զրկել նրան գիտակցությունից: Մի պահ Սամվելը դադարեց շնչել, հետո դժվարությամբ հետ բերեց շնչառությունը, մի քանի անգամ խորը շունչ քաշեց ու ուժասպառ նստեց մոտակա քարին:

***

- Պարոն տեսուչ, հիմա հասանք մի պահի, որ էն աստիճան ինձ չես հավատա, որ կա՛մ հանելու ես հենց ստեղ գյուլես, կա՛մ էլ գժի թուղթ ես տալու, ղրգես Քյավառ,- Սամվելը նստեց գետնին,- չգիտեմ էլ, պատմե՞մ, թե՞ շառս քաշեմ, ձենս կտրեմ, տեսնեմ հետո ինչ ա լինելու:


- Պատմի՛ր, ես լսում եմ:


- Լսում ես, բայց չես հավատալու, հաստատ եմ ասում,- Սամվելը ձեռքերով գրկեց ծնկներն ու սկսեց հետ-առաջ տատանվել:- Երբեմն անգամ ես չեմ հավատում իմ տեսածին: Ո՞ւր մնաց դուք:


- Ի՞նչ տեսար բլրի գագաթից,- Դավիթի համբերությունը սպառվում էր:


Սամվելի ինքնավստահությունից նշույլ անգամ չէր մնացել: Նա վախվորած նայում էր տեսուչին: Ծնոտը դողում էր: Կախելով գլուխը՝ նա վերջապես արտաբերեց.


- Քաղաք: Իսկական մարդկային քաղաք: Մեռած չէ, մարդկանցով բնակեցված ու առանց պարիսպների:


Դիանան խորը հոգոց հանեց: Դավիթը որևիցե կերպ չարձագանքեց, սակայն հայացքում ակնհայտորեն կարդացվում էր էլ ավելի խորը թերահավատությունը: Միաժամանակ, տեսչական հոտառությունը ստիպեց նրան անմիջապես միջոցներ ձեռնարկել: Նա նայեց Դիանային.


- Մի հատ նայիր՝ Կոմիսարը ե՞րբ ա բարեհաճելու մոտենալ,- ինչն իրականում նշանակում էր «հետագա խոսակցությունը քո ականջների համար չէ, իմ սիրելի օգնական»:


Աղջիկը ֆշացրեց, բայց ենթարկվեց՝ արագ դուրս գալով սենյակից: Դավիթը համոզվեց, որ դուռն ամուր կողպված է, շրջվեց դեպի հանգիստ գետնին նստած բանտարկյալն ու հրամայական տոնով ասաց.


- Շարունակիր:

***

Հենց նույն գիշերը Սամվելը շարժվեց դեպի բլրի հակառակ փեշին փռված, լույսերով ողողված քաղաքը: Բնակավայրը փոքր էր, առանց պարիսպի, հատուկենտ մարդկային ձայներ էին լսվում: Առավել տարօրինակ էր լուսավորությունը: Սամվելը սովորել էր Հայաստանի բնակավայրերի գիշերային լուսավորությանը՝ ջահերի դեղնավուն, թանձր լույսին, որը, կարծես, առանձնակի չէր էլ ուզում քշել խավարը: Այս բնակավայրի լուսավորությունը տարօրինակ վառ էր, ամենակուլ, բայց սառը, առանց ջահին հատուկ տատանումների: Լույսը հորդում էր բարձր սյուներից, տների պատուհաններից:


***

- Առանց ձիերի շարժվող մաշինաներից:


- Ի՞նչ,- հարցրեց Դավիթը:


- Մաշինաներից,- Սամվելը ոտքի կանգնեց:- Դե, մենք էդ հին ժեշտերը կապում ենք ձիերին, որովհետև բենզին չկա, համ էլ դրանց մասերը վաղուց փտել, թափել են: Պապս պատմում էր, որ ժամանակին դրանք առանց ձիերի են շարժվել: Ես դեռ փոքրուց չէի հավատում նման բաների, չնայած գրքերում էլ էի տեսել, ուղղակի ոնց որ չպատկերացնեի: Մինչև էդ քաղաքում չտեսա: Շարժվում էին արագ, համարյա անձայն, ու նենց լույս էին քցում, որ քոռանում էիր նայելով: Բայց դե հայացք կտրել էր չէր լինում:


- Իսկ մարդի՞կ: Դրանք հաստա՞տ մարդիկ էին: Դևե՞ր չէին,- Դավիթը բարձրացրեց ունքը:- Հնարավոր ա, որ դևերն ուղղակի քեզ պատկերներ էին կերակրում, մտածե՞լ ես դրա մասին:


- Դժվար դևերը կարողանային տենց ձևացնեին- գլուխը թափ տվեց Սամվելը։- Էդ ի՞նչ դևեր պիտի լինեն, որ համ էլ հայերեն խոսեն:

***

Սամվելի համար նոր ցնցում էր այն, որ մոտակա տան հետևում թաքնվելով ու լսելով ճանապարհի եզրին կանգնած երիտասարդների զրույցը, որսաց ծանոթ հնչյուններ: Հայերենի ինչ-որ բարբառ էր: Իրեն անծանոթ, սակայն ակնհայտորեն հայերեն էր: Ստամոքսն արդեն ճմլվում էր սովից, իսկ զարմանալու ուժ այլևս չէր մնացել: Խնդիրը լուծելու համար Սամվելն ամբողջ գիշերն անցկացրեց աղբանոցից աղբանոց անցնելով ու ուտելու որևիցե բան փնտրելով: Մեծ մասը ինչ-որ անհասկանալի ստվարաթղթի կտորների մեջ մնացած փշրանքներ էին, սակայն կարողացավ գտնել հացի մի քանի պատառ ու անգամ մսեղեն: Ծարավը հագեցնելով մոտակա շատրվանից (Հայաստանում գործող շատրվան չկար, բայց կային մնացորդներն ու, իհարկե, հիշատակումները գրքերում)՝ Սամվելը համեմատաբար մութ տեղ գտավ երկու տների արանքում, իրեն ծածկեց տարատեսակ աղբով ու քնեց:


***


- Կարծում եմ, հիմա կարելի ա մի քիչ արագացնել իմ պատմությունը,- Սամվելը ձեռքերը խաչեց,- Կոմիսարը հեսա կգա, դրա համար կարճ եմ կապելու: Չեմ մանրանա, թե քանի օր եմ էդտեղ անցկացրել ու ինչեր եմ արել: Նենց չի, որ հպարտանում եմ դրանով, բայց սոված քարշ գալն էլ մի բան չի:

- Ինչ-որ մեկի հետ շփվե՞լ ես:


- Չէ, ոչ մի ձև,- Սամվելը ծիծաղեց:- Տո սկի ինձի մարդու տեղ դնող էլ չկար, երևի մտածում էին՝ բոմժ եմ, ինչ եմ, մեր մոտի բոմժերի նման: Ես էլ դե օգտվում էի առիթից: Եթե տեսնում էի, որ ինչ-որ տանը լույս չի վառվում, մտնում էի պատուհանից՝ հաց ա, բան ա, ճարելու:


- Իսկ վերադառնալու մասին չէիր մտածո՞ւմ,- հարցրեց Դավիթը:


- Ճիշտը որ ասեմ՝ չէ,- դատապարտյալը մոտեցավ ճաղերին:- Նենց չի, որ ստեղ իմ կյանքը մանուշակ էր: Ընդեղ լրիվ նոր աշխարհ, բան, ինձ հետաքրքիր էր, ամեն օր նոր բան էի գտնում:


- Քաղաքի անունը իմացա՞ր գոնե,- հետաքրքրվեց Դավիթը:


- Ցուցանակներ կային, բայց տառեր չէին, ինչ-որ քառակուսի նշաններ էին: Մարդիկ մոտենում էին դրանց, ձեռքներին թափանցիկ ապակու կտոր կար, պահում էին ցուցանակի վրա, ու ինչ-որ լույս էր, ուղիղ սրանց աչքերի մեջ էր ընկնում: Ու դրանցից ամեն տան մեջ կար,- Սամվելն անհանգիստ քայլում էր բանտախցով:- Ես նման մի բան մեր մոտ՝ զիբիլանոցում եմ մի անգամ տեսել, տարա բազազի մոտ, ասեց հին ժամանակները մարդիկ դրանցով խոսում էին իրար հետ: Շատ խնդալու էր:


- Կարճ ասած՝ քաղաքի անունը չիմացար,- ընդհատեց Դավիթը:


- Չիմացա: Բայց իմացա էն, ինչի համար, էս պատմությունս ավարտելուց հետո, դու ինձ գյուլելու ես:

***

Հերթական տուն ներխուժելուց հետո Սամվելը հայտնաբերեց հսկայական գրադարան: Գրքերը երիտասարդի կիրքն էին դեռ մանուկ հասակից, սակայն Վայքում ցանկացած գիրք թանկ հաճույք էր ու երկար ժամանակով որևիցե մեկի ձեռքին չէր մնում: Իսկ այստեղ մի ամբողջ գանձարան էր. գույնզգույն շապիկներ՝ թղթից կամ կաշվից, հին կամ նոր, տարբեր լեզուներով, որոնցից Սամվելին ծանոթ էին միայն հայերենն ու ռուսերենը: Ռուսերեն խոսում էր Հայաստանի բնակչության զգալի մասը, այդ լեզուն այնքան էր կարծրացել հանրության շրջանում, որ անգամ մարդկությանը պատուհասած աղետից հետո էլ շրջանառվում էր ու փոխանցվում սերնդե սերունդ:


Հետագա մի քանի օրը Սամվելն անցկացրեց գրադարանով տանը՝ միայն մի քանի ժամ ծախսելով սնունդ հայթայթելու ու քնելու վրա։ Օծված ջրի մնացորդները ծախսելով գրադարանի դատարկ պահապաններից մեկը սննդախորանի վերածելու վրա՝ նա անգամ սնվելիս չէր դադարում կարդալ։


Գրքի պարունակությունն էական չէր. բացելով առաջին էջը՝ Սամվելը շատ արագ հայտնվում էր վերջին էջում ու վերցնում նորը։ Տանը չկար գեթ մեկ լուսանկար կամ այլ առարկա, որը կպատմեր այստեղ ապրած ընտանիքի մասին։ Միայն փոշու հաստ շերտն ու սարդոստայններն էին հիշեցնում, որ տունը վաղուց լքված է, ու ոչ ոք չի շտապում վերադառնալ։


Սամվելն արդեն ամուր որոշել էր կյանքի մնացած մասն անցկացնել հրաշքների այս աշխարհում, սակայն հերթական գիրքը խառնեց բոլոր պլանները։ Դա պատմության դասագիրք էր։ Դողացող ձեռքերով ընթերցելով գիրքն առաջին էջից մինչև վերջինը՝ սառը քրտինքով պատված Սամվելը տենդագին փնտրում ու գտնում էր մյուս բոլոր գրքերը, որոնց հղում էր անում դասագիրքը, ապա՝ դրանք կարդալուց հետո՝ գրքերը, որոնց հղում էր արվում այդ գրքերում։ Հատորը՝ հատորի հետևից, ձեռնարկներ ու մենագրություններ, հանրագիտարաններ ու գեղարվեստական գրքեր, ու բոլորը, կտոր առ կտոր, բացահայտում էին մի սոսկալի սուտ։ Առանց սննդի ու քնի, մղձավանջ հիշեցնող տառապալի ընթերցանությունը (անհնար էր պատկերացնել, որ այդքան հաճույք պատճառող պրոցեսը կարող էր վերափոխվել նման տառապանքի) ավարտվեց հստակ կայացած որոշմամբ՝ վերադառնալ Հայաստան ու պատմել բոլորին ճշմարտությունը։


***

Դավիթը գրպանից հանեց թաշկինակն ու սրբեց քրտինքը։ Սամվելը հարցական նայում էր նրան։

- Դե ի՞նչ,- շշնջաց Դավիթը,- հիմա ունես հանդիսատես, էն էլ՝ պաշտոնյա։ Ես Երևանից քարշ եմ եկել էստեղ քեզ լսելու համար։ Տես մնացած պատմությունը պակաս հետաքրքիր չլինի։


Սամվելը կրկին նստեց գետնին։


- Էս էն պահն ա, որ իմ կյանքը մազից ա կախված,- ասաց Սամվելը:- Ես չգիտեմ, ինչ տիպի մարդ ես դու։ Չեմ կարող վստահ լինել, որ ասածիս կեսից չես գժվի ու հանես ճակատիս շարես։ Իսկ ինձ համար հիմա ամենակարևորն էն ա, որ գոնե մի հոգու, մտածող մի մարդու իմ իմացածը փոխանցեմ։


- Շարելու լինեի, վաղուց շարած կլինեի, լիքը պատճառ կար,- Դավիթը ցուցադրաբար բացեց կոստյումի փեղկերը,- համ էլ իմ մոտ զենք չկա, օգնականիս մոտ ա։


Սամվելը վախվորած նայեց դեպի դուռը.


- Սաղ, ինչ ասելու եմ, գրքերից եմ իմացել։ Մի քանիսը հետս բերել էի, Սիսիանում պահապանները խլեցին։ Ամեն ինչ սկսվել ա մեկ-մեկուկես դար առաջ։ Աշխարհում ինչ-որ վիրուս ա տարածվել, սկսել ա մարդկանց հնձել։


- Էդ մենք գիտենք,- ընդհատեց Դավիթը,- Մեծ Անկման հիվանդությունը կամ Մեծ Անկման վիրուսը։


- Չէ, լրիվ չգիտեք,- չհամաձայնեց Սամվելը,- էդ վիրուսը չէր կոչվում Մեծ Անկման վիրուս։ Համենայնդեպս, էն հին ժամանակներում։ Ինքը կոչվում էր կորոնա, այսինքն՝ թագ։ Ու էդ կորոնան ահագին լավ բուժվում էր պատվաստումներով։


- Ինչո՞վ,- տարակուսեց Դավիթը։


- Տենց դեղեր էին, ես էլ մինչև վերջ լավ չհասկացա, բայց ասում են՝ անգամ առանց աղոթքի էլ՝ բուժող դեղ էր։


- Հնարավոր չի,- սկսեց զայրանալ Դավիթը,- անգրագետ բան ես ասում, համարյա սրբապղծություն։


- Մի րոպե, դու խոստացար մինչև վերջ ինձ լսել,- Սամվելը ձեռքը դրեց գլխին։


- Չեմ խոստացել, եթե սրբապղծություն ես թույլ տալու,- Դավիթը նայեց դռան կողմը։


- Լավ, լավ, առանց դրա,- Սամվելը գլուխն առավ ափերի մեջ:- Ուրեմն, ամբողջ աշխարհում էդ դեղը բոլորին սրսկում էին, բայց Հայաստանում մարդիկ էնքան էլ չէին վստահում դրան։ Քիչ մարդ ստացավ էդ դեղից։


- Այ, ապրե՜ս,- ոգևորվեց Դավիթը:- Մենք աստվածների օգնությունը մերժող ու անաղոթք սրբապղծություն ընդունող ազգ չենք, դրա համար սաղ աշխարհը վարի գնաց, իսկ մենք մնացինք ու դեռ լինելու ենք։

- Չէ,- Սամվելն ընդհատեց զրուցակցի ինքնամոռաց մենախոսությունն ու ուշադրություն չդարձնելով վերջինիս ապշած դեմքին՝ շարունակեց,- վիրուսը սաղ աշխարհում գրեթե վերացավ, իսկ Հայաստանը դառավ դրա բնական ռեզ... ռեզերվ... ռեզեր-վու-ար... մի խոսքով՝ ստեղ վիրուսը մնաց, փոխվեց ու իրա հատկություններն էլ փոխվեցին: Ինքը սկսեց ազդել մարդկանց, կենդանիների ու բույսերի վրա… բանը... գեների հորիզոնական փոխանցմամբ: Ոնց որ սկսեց բույսերի ու կենդանիներին խառնել, նոր բան ստանալ... ասենք, տենց կենդանիներ կային՝ արջ, սարդ, կարիճ, բույս կար՝ սիզամարգ, դրանք խառնեց, սարքեց արջասարդ…


- Մենք էդքանը գիտե՜նք,- գրեթե բղավեց Դավիթը:


- Հա, բայց չգիտեիք, որ էդ վիրուսը փաստացի մեր պատճառով ա առաջացել, որ ոչ թե մենք ենք մեզ Պատով փակել մնացած աշխարհից, որը իբր մեռած էր ու լցված պիղծ դևերով,- Սամվելը ոտքի կանգնեց ու քայլեց դեպի այլայլված Դավիթը,- էդ աշխարհն ա մեզ փակել պատի հետևում, շուրջը վիրուսն ու վարակված կենդանիներին սպանող սյուներ տնկել, որ հանկարծ դուրս չգանք ու էս չարիքը չտարածենք…


- Բավակա՜ն է,- բղավեց Դավիթը։


- Իսկ աշխարհն իրա համար ապրում ու զարգանում ա, տասնյակ միլիոններով հայեր կայֆեր են անում,- չհանձնվեց Սամվելը,- Իսկ մեզ անասունների նման փակել են,- նա ափով փակեց դիմակն ու շշնջաց:- Մոռացա ասել: Պատից դուրս քաղաքում ոչ մեկ, բացի ինձնից, դիմակ չէր կրում…


- Ասում եմ՝ բավակա՜ն է, շան որդի,- մռնչաց Դավիթն ու քայլեց դեպի ճաղերը։


- Իսկ մենք մեր միջնադարում իրար ենք վառում առանց դիմակ օդ շնչելու պատճառով, դիմակների վրա հիմնված տնտեսություն ենք կառուցել, կարծում ենք, թե վիրուսն օդում ու ամենուր ա, էն դեպքում, երբ ինքը մենակ շփման միջոցով ա տարածվում…


- Դիանա՜,- բղավեց Դավիթը,- Դիանա՜…


- Իսկ վիրուսի միակ կրողները հիմա կենդանիներն են, ու վարակվելու համար կա՛մ պիտի կենդանին կծի, կա՛մ հում միս կամ բուսական մասն ուտես…


- Դիանա՜, - օգնականը կտրուկ իրեն ներս գցեց՝ ատրճանակը ձեռքին։ Դավիթը նետվեց աղջկա ուղղությամբ, խլեց ատրճանակը, շրջվեց դեպի Սամվելն ու քարացավ. դատապարտյալը հանել էր դիմակն ու լայն ժպտում էր անատամ, արյունոտ լնդերով.


- Ու էս սաղ նրա համար, որ մենք ստեղ դաժե վախենանք շնչել ու մանրից սատկենք, որովհետև էլ աշխարհին պետք... ,- խլացնող որոտով հինգ փամփուշտներ հարվածեցին Սամվելի կրծքավանդակին՝ հետ նետելով նրան։ Մարմինը հարվածեց հանդիպակաց պատին, ընկավ ու անշարժացավ։


***

Կոմիսարի աշխատասենյակում Դավիթը փոքր-ինչ հանգստացավ։ Խեցգետնընկույզի թունդ սուրճն այնքան չվերականգնեց նյարդերը, որքան Կոմիսարի պատմածը, ըստ որի՝ Սամվել Հովհաննիսյանին ձերբակալել էին ներսի կողմից Պատին մոտենալու փորձ կատարելիս՝ մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա։ Նրան տեղափոխել էին Սևան՝ հետագայում Գավառի հոգու բուժման կենտրոն փոխանցելու համար։ Ու քանի որ դատապարտյալն ամեն օր տեսուչի հետ հանդիպում էր պահանջում, Կոմիսարը կարծել էր, որ քաղաքում Դավիթի ներկայությունը հրաշալի առիթ է Սամվելի պահանջը բավարարելու համար։


- Ապուշ ա էդ Կոմիսարը,- շշնջաց Դիանան, երբ դուրս էին գալիս կոմիսարիատի շենքից։


Ծերունին նրանց հետևից դուռը շխկացնելով փակեց։ Դավիթը զայրացած էր ինքն իր վրա։ Եթե Սամվելի հեքիաթներն իր վրա տպավորություն չթողնեին, չէր բռնկվի ու զեկուցագիր գրելու կարիք չէր լինի։


- Լսի, Երևանում ասում ենք, որ դատապարտվածը հանեց դիմակը, ինչից հետո ես, որպես տեսուչ, կայացրի ու կյանքի կոչեցի դատավճիռը, եղա՞վ,- դիմեց նա Դիանային,- նենց չի, որ սուտ ա։


- Եղավ, շեֆ։ Բայց առանց աղոթքի կյանքի կոչեցիր,- ժպտաց օգնականը։


- Էդ մանրամասներն էական չեն։ Էս պարագայում։ Սրբապիղծ անասունը աստվածների բարությանն արժանի չի,- Դավիթը կանգնեց, հանեց ակնոցները: Մոտ կես րոպե լուռ էր։ Հետո ասաց․


- Մի բան էլ։ Հասնենք Երևան, հիշեցրու, որ կապվեմ Սիսիանի պահապանների հետ...


868 views0 comments
bottom of page