top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Շիլան Շեյա և Խուշթանական հրեշները», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան

-Շիլան, հե՜յ, Շիլան…, - երազներից հանկարծ ետ բերեց փոբնուխներից մեկը: Դե տեսքով բոլորն էլ նույն անգույնն են՝ չտարբերեցի, - Շիլան, Ֆավլիլիանից շտապ պատվեր ենք ստացել: Ավագները քեզ են առաջադրել գործի համար: Մյուս Սպասավորները, հմմ, կարճ ասած՝ պատրաստվիր… ԱՐԱ՛Գ:


Մեր անգույնը «կարևոր» լուրը տեղ հասցրեց ինձ, համոզվեց, որ ստացել եմ ու արագ ջնջվեց սենյակից: Իսկ մարսելու դժվար ու ցավոտ գործողությունները, ինչպես միշտ, մնացին իմ ուսերին: Չէ՜, չմտածեք՝ բողոքում եմ, ամենևին, ուղղակի երեկվանից հետո՞… Մագիոնդայում հազարավոր, եթե ոչ ավել, Սպասավոր է օրական ավելանում, ինչո՞ւ, ինչո՞ւ հենց ես: Բա էս գործի համար արժե՞ր մահանալ...


Մեջ բերեմ, որ անսովոր անունները ծանոթ են նրանց, ովքեր իմ աշխատանքերը գեթ մեկ անգամ տեսել են իրենց գրադարակներում: Հիմնականում այդ «հաջողակները» մագիոնդացիներն են: Իմ աշխարհից դուրս ես պահանջված հեղինակ չեմ: Բայց ովքեր լրիվ անտեղյակ են և հիմա խառնված հետևում են իմ կյանքի իրադարձություններին՝ խորհուրդ կտամ լիցքաթափվել, մի սառը հյութ վերցնել՝ ձեր մոլորակի ճաշակով: Անձամբ ես «Փայտե էլիքսիրի» անվանի հյութերից կառաջարկեի, բայց, ցավոք, նրանք մյուս իրականությունների համար առաքման համակարգ դեռ չեն հնարել: Մի օր դա էլ կկազմակերպենք, չմտածեք: Իսկ հիմա պարզապես կարդացեք...

...Ես արագ ծածկեցի մարմինս ձեռքի տակ ունեցած օկդիանդական շալերով, կեղտոտ գլուխս փաթաթեցի հաստ մանուշակագույն ժապավենով, դէկեշական կաշվե սապոգներն էլ չմոռացա և գնացի ուսումնարանի գլխավոր դահլիճ՝ Օդդա: Սպասվածի համաձայն՝ ավագներն իրենց տեղում էին.


-Շիլա՛ն,- հանկարծ դահլիճի խորքից լսվեց իմ անունը, - առաջացի՛ր:


Անծանոթին կթվար, թե Օնդայի իմաստունները Շիլանին պատրաստվում էին կախաղան հանել, իսկ փաստացի՝ ինձ միայն մեկ կամ մի քանի օրվա միջին դժվարության առաջադրանք էր սպասվում: Արտառոց բան չկար: Ուղղակի մեր ավագները խիստ անհարմար ժամանակ էին ընտրել նոր աշխատանքի համար:

-Շիլան,- կրկնեց հաստավիզ մանուխներից մեկը: Հազար տարվա մագիոնդացի եմ, բայց տեղացիների անունների հետ դեռ չեմ հաշտվել: Եկե՜ք էդ մանուխին Հաստավիզ ասենք ու շարունակենք.

-Մենք Ֆավլիլիանից տեղեկացել ենք, որ մեզանից տասներկու հազար լուսային տարի այն կողմ՝ Խուշթան անվանումը կրող մոլորակում, մեր ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում, և մեր իմաստունները…,- ձախ ոտքն առաջ բերելով՝ դանդաղ իջեցրեց աջ ձեռքն ու ասաց,- թող պահպանե՜ն նրանց Ֆավլիլիանի ջրերը,- մյուսներն էլ միահամուռ կրկնեցին․


-Թող պահպանե՜ն նրանց Ֆավլիլիանի ջրերը,- իսկ երբ բոլորի սիրտը հովացավ ասածից ու արածից՝ Հաստավիզը շարունակեց.

-Խուշթանում իրավիճակն անորոշ է: Մենք ուզում ենք, որ դու գալիք բոլոր արժեքավոր դետալներն արձանագրես, բայց ոչ մի դեպքում չխառնվես իրադարձությունների ընթացքին: Այս անգամ՝ լիովին ինկոգնիտո: Առա՛նց կախարդանքի: Առա՛նց կերպարանափոխությունների: Առա՛նց քո հնարքների: Հասկացա՞նք իրար:

-Հասկացանք,- անտարբեր ասացի ես:

-Շիլան, ստուգելու ենք: Հարեսսին, ուր էլ որ լինի, չխառնես քո գործերին: Էս անգամ արդեն լուրջ ենք ասում,- կողքից էլ լանդուլն իր ճղճղան ձայնով պահը բաց չթողեց.

-Չէ, մենք զգուշացնում ենք,- «հաճելի» նոտայով ամփոփեց Հաստավիզը:


Իմ տեղն ուրիշը լիներ՝ վստահաբար, չէր բարձրաձայնի իր չստացված համբավի մասին, այն էլ պատմության սկզբում ու բոլոր աշխարհներին, բայց ես ուրիշը չեմ՝ Շիլանն եմ և, այո, Մագիոնդայում, մեղմ ասած, այդքան էլ հարգված չեմ: Ունենք այն, ինչ ունենք: Էս ամենի մեջ Հարեսս կոչվածի մատն էլ է խառը... ինչն էլ ինձ հիշեցրեց, որ հազար ու մի կիսատ-պռատ խնդիրներ ունեմ... Ինչևէ: Հավատացնում եմ՝ էս գործը ես միայնակ ու անսխալ եմ ներկայացնելու: Ու կտեսնենք, թե Հաստավիզը վերջում դրան ինչ կասի…

-Էս էր մենակ ինձ պակաս,- քթիս տակ փնթփնթացի ես:


Երբ Օնդայում Սպասավորին աշխատանքի են ուղարկում, սովորության համաձայն, ովքեր արդեն բարով-խերով վերադարձել են հանձնարարությունից՝ իրենց օգտագործած գրիչն են փոխանցում հաջորդին… Այժմ գրանցված աշխարհներում խառը ժամանակներ են, դրա պատճառով էլ մի օր շատ են պատվերները լինում, մի օր էլ՝ չեն լինում: Կախված է նրանից, թե Ֆավլիլիանը եղած-չեղածից ինչ է ընտրում: Էսօր շատ էին և՛ գրիչները, և՛ Սպասավորները…

Քանի որ Ժամանակի խնդիրները դեռևս արդիական են և անլուծելի, պատկերացնում եմ, թե քանի ու քանի աշխարհներ կան տիեզերքում, որտեղ չգիտեն տիեզերական աշխատանքների, այլատեսակ ռասսաների ու մարդու անսպառ հնարավությունների մասին: Պատկերացնում եմ, որովհետև մինչ Մագիոնդա հայտնվելը ես էլ էի էդպես անտեղյակ հովանում մահկանացուների մոլորակում: Ասածս ինչ է՝ հիմա կա մեկը, կամ էլ մի քանիսը, ովքեր առաջին անգամ են կարդում ու փաստացի ապացույց ստանում զուգահեռ աշխարհների ու այլմոլորակայինների մասին: Լավ դե, շատ մի զարմացեք: Մահից հետո, այսպես թե այնպես, հայտնվելու եք դրանցից մեկում: Իսկ ես հիմա ձեր ուղեցույցը կլինեմ՝ ուր էլ որ լինեք…

-Ձեռքերդ բարձրացրո՛ւ,- հրամայական տոնով մտքերս անջատեց մանուխներից մեկը:

Մանուխները մեր մոլորակի առողջության ապահովիչներն են, դրա համար՝ այն ինչ պատրաստվում էր նա ինձ հետ անել՝ եկեք պահենք իմ և նրա միջև: Ես ավելի լավ կանեմ այս անհարմար պահին մեր աշխարհից խոսեմ, օրինակ՝ Սպասավորներից...

Սպասավորի աշխատանքը հիմնականում բարդ չէ, որովհետև յուրաքանչյուր պահին մենք կարող ենք այն թողնել և ետ վերադառնալ՝ եթե զգում ենք, որ գործը մաքուր չի գնում: Բարդություններն ուրիշ աշխարհում են թաքնված, օրինակ, մեր առաջին՝ մահկանացու կյանքում: Բոլորս էլ մի տեղից ենք գալիս: Ես ժամանակին լրիվ ուրիշ անուն ունեի ու պատկերացում չունեի, որ մեր համակարգից դուրս կենդանություն կա: Էս դեպքում կենդանի բառն էլ է հարաբերական ասված, որովհետև ես հիմա կենդանի չեմ: Իմ մոլորակում ինձանից նախ պահանջվում էր մահանալ, հետո նոր արդեն Տիեզերքի աշխատակից դառնալ: Հասկանում եմ՝ հոգեկանի զառանցանք է թվում, ինչևէ, Ֆավլիլիանի անունով եմ երդվում՝ մաքուր ճիշտ է:


Մահկանացուների աշխարհում շատ են սիրում մահանալ, ու շատ դեպքերում՝ հենց ձանձրույթից: Ես, օրինակ, ինչ պետք էր տեսնել՝ տեսել էի արդեն, մնում էր միայն մահանալ՝ դա էլ եղավ ու բավականին ստացված: Հետո Մագիոնդա, Ֆավլիլիան, Սպասավորներ, նոր աշխարհներ, տիեզերական գաղափարներ, աշխատանքներ, վատ հեղինակություն… Պարզ ասած՝ նույն անհեթեթությունները՝ ուղղակի տիեզերական մասշտաբներով ու մի քիչ էլ կախարդանքով: Հենց մի օր գլխիս փչի դրանց մասին գիրք գրել՝ իմաց կտամ: Տիեզերական ռադիոն դեռ մոդայի մեջ է, չէ՞: Չնայած, դուք որտեղից իմանաք: Լավ դե, մահից հետո մի կերպ կգտնեք ինձ...

Իսկ հիմա տեղափոխվենք ներկա. երբ մանուխը վերջացրեց իմ մարմնի բոլոր արգելված ու հասանելի մասերը ճմկթել, ցավոտ նյութեր ներարկել ու ինչ-որ հոտավետ քսուքներով պատել՝ ինձ ուղարկեցին երկրորդ սենյակ: Երկրորդում, հիմնականում, բոլոր գայթակղիչ իրերն էին: Օրինակ՝ Սպասավորների լեգենդար գրքույկները, կախարդանքի ցուցիչը (ամեն աշխարհ իր թույլատրելի սահմաններն ունի), առաջադրանքի նյութերն ու նախորդների գրիչները: Երբեք չես իմանա, թե երբ թանաքի պակաս կլինի: Մեր դեպքում ավելի լավ է ընդհանրապես չիմանանք: Ասում են՝ այդ պահերին Սպասավորները գժվում են ու ամեն բան մոռանում, կամ էլ ուղղակի ավագներն են մեզ վախեցնում:


Հաջորդիվ ինձ սպասվում էր երրորդ՝ վերջին սենյակը՝ Ֆատելյան: Դժվարանում եմ բացատրել, թե Ֆատելյան ինչ է, որովհետև այն բոլորի համար տարբեր է բացվում:


Ես մտա, ընտրեցի Խուշթանի կորդինատներն ու ճանապարհ ընկա…


Այս պահից ես ժամանակավոր կլքեմ ձեզ, ավելի ճիշտ՝ կփորձեմ անձնական մտքերս անջատել ու մեր նոր մոլորակի մասին պատմել, որտեղ հենց այսօր որոշեցին կարևոր բաներով զբաղվել: Հե՛նց ԱՅՍՕՐ:


***

Տիեզերքի անտեսված խորքերում՝ այսպես կոչված՝ Խուշթան գաճաճ մոլորակում, ապրում էր մի խելքի ու գործի ժողովուրդ: Ըստ մագիոնդացիների ճշգրիտ կորդինատների՝ այդ ժողովուրդը մոլորակի հյուսիսային հողերում էր բնակվում: Իսկ էլ որտե՞ղ: Թղթերի համաձայն՝ վերև, ներքև, աջ կամ ձախ խուշթանական հրեշներն էին՝ թե՛ ջրային, թե՛ փոշոտ, թե՛ կրակաբուխ... (Սպասավորի համար հատկապես արգելված էին հարավ-արևելյան հողերը):


Վստահ կարելի էր ասել՝ Խուշթանը գերբնակեցված է հրեշներով, հետո արդեն՝ խեղճ ու կրակ հյուսիսային փոքրաթիվ մարդկանցով:


Խուշթանցիները ժամանակին հյուսիսի կողմն էին բռնել, որովհետև գլխի էին ընկել՝ ոչ մի տեսակ հրեշ ինքնակամ իր հետույքը չի սառեցնի մոլորակի այդ հողերում: Այնտեղ Մագիոնդայի ջերմաչափով գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է հասնել անգամ մինուս յոթ հարյուրի, իսկ այդ ահարկու թվերն անգամ ամենապինդ մարդկանց քունն են գողանում:


Մի քանի թուղթ փորփրելուց հետո պարզ դարձավ, որ խուշթանցիներն այդքան էլ սովորական չեն, ինչպիսին առաջին հայացքից թվում են: Զարմանալի ցրտադիմացկունությունը դեռ մի կողմ, բանից դուրս է գալիս՝ նրանք ժամանակին մոլորակի տերերն են եղել: Իսկ անհասկանալին մնում է այն, որ ոչ մի թղթում չի նշվում խուշթանական դևերի գոյության մասին: Ասես՝ նրանք երբեք էլ չեն եղել: Բա այդ դեպքում որտեղի՞ց են եկել:


Պատասխանները հերթականորեն բացվում էին հին Սպասավորների գրքույկները փորփրելու ժամանակ: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր՝ մագիոնդացիները պաշտոնապես տասն անգամ են այլցելել Խուշթան մոլորակ, բայց ինձ մոտ տասնմեկ գրքույկ է․ վերջինը կիսով չափ պատառոտված, կիսով չափ՝ վառված: Իսկ մյուս տասի մեջ չկա հրեշների մասին գեթ մեկ հիշատակում: Այդ օրվանից մինչ օրս մագիոնդացիները ոտք չեն դրել Խուշթան: Ես, կարելի է ասել, նոր աշխարհի հայտնաբերողն եմ: Հմմ…


Արդեն ժամանակն էր վայրէջք կատարելու. թղթերը մի կողմ տեղավորեցի՝ դրանք այլևս անօգուտ էին իմ գործում, շուտափույթ կերպարանափոխվեցի և Ֆատելյան մաքսիմալ երեք օրով միացրած պահեցի:

***

Չգիտեմ հետաքրքիր կլինի, թե չի լինի, բայց կանկեղծանամ. Խուշթանի օրինակի պես առաջադրանքները, սովորաբար, հազվադեպ են նշականակվում Մագիոնդայում: Օրենքի համաձայն՝ Սպասավորների աշխատանքը մի քանի պարզ մասից է բաղկացած. ցանկացած նոր աշխարհ ոտք դնելիս հարկավոր է նկատի ունենալ մի քանի հանգամանք՝ ինչպիսի՞ տեսք պետք է ունենալ, որտեղի՞ց պետք է գտնել ինֆորմացիայի աղբյուրը և կարևորագույնը՝ ընտրություն կատարել: Բոլորը նշված հերթականությամբ:


Առաջինը տեղացիների կերպարանքի ու հագուստի նախասիրություններն են, երկրորդը՝ գրքերը կամ էլ այն վայրերը, որտեղից կարելի է դրանք ձեռք բերել, օրինակ՝ գրադարաններ, դղյակներ, միջնաբերդեր, իսկ զարգացած աշխարհներում՝ անգամ մեքենայացված գործիքներ, անկենդան ռոբոտներ… Ամեն աշխարհ իր ճաշակին համապատասխան է գիտելիքները միմյանցից թաքցնում:


Իսկ ահա երրորդ քայլն արդեն պատմության ընտրությունն է, որը սովորաբար մենք ենք կատարում՝ շատ երկար փնտրտուքներից հետո:


Սակայն Խուշթանի պարագայում ամեն բան այդքան էլ սպիտակ չէր. նրա ապագան ջնջված է, և ըստ Օնդայի ավագների՝ շուտով այստեղ պատահելու են անդառնալի դեպքեր՝ երկու տարբեր ելքերով: Իսկ Սպասավորից մնում է միայն դրանք արձանագրել ու չխառնվել պատմության բնականոն ընթացքին:


Մահկանացուները ճիշտ են. շատ դեպքերոմ Տիեզերքն անկարեկից է փոքրիկ էակների կյանքերի հանդեպ…


Դե լավ դե, ինչի՞ տխրեցինք: Խոսում եմ էլի: Խուշթանի ժամանակն եմ սպանում: Շուտ եմ հասել:

***

Քանի որ անկոչ հյուրի պես դեպքից շուտ էի ժամանել՝ ստիպված սկսեցի առաջադրանքս՝ դեռևս գեղարվեստական տեսանկյունից: Սկսեցի նկարագրել եղած-չեղածը, մոլորակի բնությունը, յուրահատկությունները, օդը…


Խուշթանը, ինչպես և բոլոր փախած, գաճաճ մոլորակները, աչք ծակող առանձնահատկություններից զուրկ էր: Նույն հյուսիսային եղանակը, նույն սպիտակ փաթիլները, ձյունը, սառնությունը, ուղղակի մի քանի անգամ ավել խոշոր ու սաստիկ սառը: Չնայած այդ անհարմարություններն ինձ չէին վախեցնում: Մանուխի զզվելի ու գարշահոտ նյութերի շնորհիվ առողջությունս անվնաս ձեռքերում էր:


Ի դեպ, Մագիոնդայում պահվում են միլիարդավոր աշխարհների հակաթույներն ու հիվանդությունների բուժիչ նյութերը, բայց մենք, որպես կանոն, չենք կիսվում դրանցով մյուսների հետ: Մեր մասնակցությունն արգելքի տակ է: Նյութերից կարող են օգտվել միայն Սպասավորները, որովհետև հակառակ դեպքում դրանք անպետք ջրեր են, որոնք դարերով փտում են Օնդայի և Մագիոկի նկուղներում:


Ահա և իմ դաժան աշխատավայրը, տիկնայք և պարոնայք, որտեղ ես մահից հետո պատահմամբ աշխատանքի ընդունվեցի: Բայց անգամ այս փաստն իմ մահկանացու մոլորակի սառնասրտությանը չի հասնում: Այնտեղ պա…


-Ո-ո՞վ եք,- հանկարծ իմ մեջքի ետևից լսվեց մի ձայն կամ էլ ինձ թվաց՝ չգիտեմ: Ես մի քանի վայրկյան արհամարհեցի նրան, հույս կապելով, որ կցնդի, կկորչի, բայց նա երկրորդ անգամ էլ համարձակորեն շարունակեց.


-Էս ի՞նչ ա,- ձայնը ետևից քաշեց իմ օկդիանդական շալն ու մարմնիս ներքևի հատվածը կիսամերկ թողեց Խուշթանի ձյունառատ աշխարհում: Հմմ, դե հասկանում եք, կան մասեր, որ հաճելի չէ փետացնել… Բոլոր դեպքերում, երբ շրջվեցի, որ ոչնչացնեմ մեղավորին, աչքերիս դիմաց նկարվեց մի փոքրիկ տղա՝ կանաչ, երկար մազերով ու անուժ աչքերով: Շալեր գողացողի հագին պարկանման հագուստ էր, իսկ վզին կարմիր ժապավեն՝ մի քանի պտույտ երկտակած:


-Հե՜յ, շալս տուր: Արա՛գ:


-Ո՞վ եք, -նորից կրկնեց տղան՝ դանդաղ ու զգույշ օկդիանդական ասեղնագործ շալը վերադարձնելով ինձ:


-Քո խելքի բանը չի: Ձերոնք ո՞ւր են: Ինչի՞ ես մենակ, էն ել սենց բուք ու բորանին,- բղավելով հարցրի, որովհետև քամին չէր թողնում, որ ձայնս ճիշտ տեղ հասներ, և շուտափույթ փաթաթվեցի:


-Ո՞նց ուր են: Լո՞ւրջ չգիտեք: Բա կռվի են իջել,- աջ ձեռքը հեռուն պարզեց,- ԷՆՏԵՂ են: Մեզանից հարավ-արևելք: Ասում են հրեշները մոտենում են:


-Ու դու մենա՞կ ես մնացել:


-Դե ես ի՞նչ կարամ անեմ: Ո՛չ հմայիչ եմ, ո՛չ... էլ մեծ: Մեր ցեղի միակ կենդանի երեխեն եմ,- ասաց ու հետաքրքրաշարժ աչքերով սկսեց ինձ ուսումնասիրել:


«Ըհն, մենակ էս էր ինձ պակաս»,- ուշացումով գլխի ընկա, որ անտեսանելիության կախարդանքը սխալմամբ սովորական կերպարանափոխության հետ էի խառնել,- «Մագիոնդայում ինձ հաստատ փետրահան կանեն, հմմ...»:


-Անունդ գոնե կասե՞ս,-դատապարտված հարցրի ես:


-Էդ մեկը կասեմ,- ասաց ու ինձանից գաղտնի ժպտաց,- անունս Այլդեպպա է: Ա՛յլ:


-Դե լավ, Ա՛յլ… բացատրությունը հետո կտաս: Արի քեզ մի տեղ թաքցնենք, ես էլ գնամ գործիս հասնեմ: Քո պատճառով սաղ հարամ չեմ անի: Էս կողմ...

***

Կանաչահերին Ֆատելյայի մեջ թաքցնելուց հետո ես ճամփա ընկա: Իսկ մինչ այդ՝ փոքրիկ հարցափորձ արեցի: Բանից դուրս եկավ կռվի դաշտը մեզանից այդքան էլ հեռու չէր: Քիչ թե շատ ոտքի ճանապարհ էր...


Ճակատագրական վայրին մոտենալուն պես՝ կախարդանքի կայծերը, ժողովրդի գոռգոռոցն ու հրեշների վայնասունն ավելի հստակ զգացվեց: Իսկ մեր Շիլանը կուլմինացիոն իրադարձության մեջ նշանակալի դեր չուներ՝ մասսովկայի պես մի բան էր: Նրանից պահանջվում էր մի հարմար տեղ գտնել, դառնալ անտեսանելի, ու թղթերի հետ «վայելել» ևս մեկ կենդանի ցեղի կանխատեսված անկումը: Ո՜ւխ:


Իրականում Սպասավորները շատ բան կարող են փոխել, բայց դե մեզ ո՞վ է թույլ տալիս: Համ էլ, ավագների անգիր արած խոսքերի համաձայն՝ Ապոկալիպսիսի սցենարն արդեն գրված, տպված ու բաժանված է, մնում է միայն արդյունքին հետևել ու ձեռքի հետ էլ զբաղմունքի խորտիկները չմոռանալ…Ես, օրինակ, «Փրչոտ Պապօկի» օկդիանդական մեղրագինուց կվերցնեի ու Թուրընթարի կանաչ կարկանդակներից կամ էլ «Շանխէական կայծ» էլիքսիրից ու կպչուն փախլավաներից կամ էլ… լավ խորացա, իսկ դո՞ւք:


-Օհո՜,- հանկարծ բացականչեցի ես:


Ուրեմն լսե՛ք… ձյունառատ ժայռից այն կողմ կանաչահեր հմայիչների ու այլանդակ հրեշների մարտն էր բռնկվում: Հրեշները՝ քանակով, ուժով, չափսերով ու կախարդանքով գերազանցում էին խուշթանցիների բանակին: Ենթադրվող խաղադրույքի դեպքում արդեն պարզ էր, թե որ կողմն էր վերջնական ֆավորիտը: Բայց դրանից պատմությունն իր գույները չէր խամրեցնում՝ լրիվ հակառակը: Ես առանց կանգ առնելու գրում ու գրում էի...


Մի կողմից կարմրազգեստ հմայիչների ձեռքերի ու կայծերի խորեոգրաֆիան, մյուսից՝ հրեշների ահարկու հզորությունն ու դաժանությունը: Հրեշներից ամեն մեկը մոտ 30 մետր բարձրություն ու նույնչափ լայնություն ուներ: Մեկը կրակաբուխ էր, իսկ մյուսը՝ լպրծունը, քանդվում ու հավաքվում էր իրարու՝ նույնաժամանակ լափելով ոտքի տակ ընկածներին: Լպրծունի երախը լորձունքով էր կրակում. սկզբում նա զոհին խեղդում էր այդ կպչուն ուռկանի մեջ, հետո խոթում իր բաց ստամոքսն ու քթից խնչում օգտագործված լորձը: Թո՜ւհ:


Իսկ հմայիչները, չնայած պարզ պարտությանը, իրենց դիրքրերը դեռ չէին զիջում: Նրանք դիմում էին ազդու հմայախոսքերի, պատրաստի հմայախոտերի ուժին կամ էլ ձեռքերի ճարպկությանը: Տեղացիները կարծես գույների աճպարար լինեին…

-Ձախի՜ց,- հանկարծ բացականչեցի ես: Չնայած ինձ ո՞վ էր լսում,- թո՜ւհ, ԲՌՆԵ՛Ց: Ափսո՜ս…


Ի միջի այլոց, մեջները մի հրեշ կար, որը ծանոթ արարածի էր հիշեցնում՝ քիշթակի: Նշվածները մանուշակագույն, բարակ ու լպրծուն մարմնով, ջրային անճոռնի գազաններ են, որոնք բնակվում են մի անհայտ աշխարհի՝ Թուրընթար օվկիանոսի հատակում: Նրանք դեմք չունեն, փոխարենը դեմքի հատվածում փոս ունեն ու մեջից դուրս եկող երկար, կպչուն շոշափուկներ: Շոշափուկների արանքում էլ, սովորաբար, փոքր քիշթակներն են բույն դնում ու բազմանում…


Իսկ Խուշթանական օրինակը ցամաքային էր ու բյուրապատիկ սարսափ ներշնչող: Հա՛, չեմ չափազանցնում: Նա մոտ 5 անգամ ավելի խոշոր էր ջրայինից: Ցամաքային անճոռնիի ոտքերն ասես տաշած սրագլուխ դանակներ լինեին, որոնք նա մխրճում էր զոհի որովայնի մեջ և շոշափուկների օգնությամբ խրում բերանը…


-Գոնե միանգամից կերեք անհոգինե՜ր…


Սակայն կային առավել ահաբերները. Նրանք խուշթանցիներին չէին ուտում, այլ խաղում էին նրանց մարմինների հետ՝ անգութ ու անպատմելի եղանակներով… Օրինակ, մի սաղսալամաթ «բախտավորին» մրգի կեղևի պես կլպում ու կլպում էին…


Իրականում շարունակություն անհնար էր դիտարժան անվանել: Շուրջ բոլորը խուշթանցիներից մնացած ջրիկ հեղուկն էր, ողջ մնացածների հառաչանքներն ու կշտացած հրեշների վայնասունը:


Իսկ երբ կռիվը վերջացավ 10-0 հաշվով, ու երբեմնի հզոր ազգից մնաց սպիտակ սառույցի վրա չորացած հեղուկն ու մարմնի տարբեր մասերը, մեր հրեշների հետաքրքրության թիրախն անսպասելիորեն փոխվեց: Նրանք այլևս համախոհներ չէին, այլ մսի կտորներ, որոնց բոլոր կողմերը նպատակ էին դրել խժռելու...


-Ը՜հն, մեկը սկսեց... փախուստի ժամանակն է, - ինքս ինձ հետ երկկողմ համաձայնության եկա, աշխատանքի թղթերն արագ հավաքեցի ու Ֆատելյայի կողմն ինձ գցեցի,-սրանք հաստատ օդն էլ կուտեն: Դե արա՛գ, ԱՐԱ՛Գ:


***

-Ոչ մի բանի ձեռք չես տվել, չէ՞,- Ֆատելյա հասնելուն պես միանգամից հարցրի կանաչահերին:

-Ձե՞ռք, չէ, չեմ տվել, բայց հեռվից մի երկու բառ կարդացել եմ: Ինչքան գիտեմ կարդալու վրա արգելք չկար:

-Պարզ ա,-անտարբեր ասացի ես: Մի խնդիր ավել, մի խնդիր պակաս: Արդեն եղանակ չէր փոխում,- դե հարցերդ սկսի, մինչև տեղ հասնենք: Ամեն 5 րոպեն մեկ հ...

-Հը՞ն: Չեղավ: Խուշթանից գնո՞ւմ ենք: Բա մամա՞ս, բա մյուսնե՞րը,-խուճապահար հարցրեց ու նետվեց դռան կողմը,- Պարոն չ-չգիտեմ ինչ, ինձ բաց թ-թողեք գնամ: Դե՛...

-Ա՛յլ: Էդպես էր, չէ՞ անունդ,-մոտեցա տղային ու շարունակեցի.

-Ձերոնք չկան: Ո՞ւր ես գնալու,- չէ, ինձանից հաստատ հոգեբան դուրս չի գա:

-Չկա՞ն: Ո՞նց: Հրեշնե՞րը,- ես գլուխս դրական շարժեցի, - Մա՜մ, - մի քանի վայրկյան լուրջ դեմքով գետնին նայեց ու սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել:

Իրավիճակի լրջությունը գիտակցելով՝ ես մի քանի ժամ ծպտուն չհանեցի: Մտքերով ընկա: Չգիտեմ ուր էին տանում իմ ինքնաբուխ քայլերը, բայց մի տեղ անկասկած տանում էին: Վատագույն դեպքում՝ Մագիոնդայից աքսորման:

Խուշթանի պատմությունն ավարտվելու էր բոլորի բնաջնջմամբ, բայց արի ու տես, որ նրանց ցեղից մեկը՝ այն էլ արական ներկայացուցիչը, դեռ ողջ էր ու ճանապարհորդում էր Սպասավորի հետ միասին: Չէ, մենակ վռնդվելով չեմ պրծնի: Մեր ավագներն ավելի անհարմար բան կմտածեն՝ իրանց հիվանդ երևակայությամբ: Լավ, ի՞նչ անեմ…

***

Եթե դեռ հետաքրքիր է՝ մենք արդեն երկու օր է, ինչ լռության մեջ շրջում էինք բաց տիեզերքում: Ես ամեն կանգառ ստուգում էի տղային՝ պատասխան չկար: Երբ արթուն էր՝ անձայն էր, բայց հիմնականում քնած էր: Քնած ժամանակ էլ խուշթաներեն էր խոսում՝ գլխի չէի բերում խոսքը… Բայց մի բան պարզ էր՝ տղայի երազները հաստատ ավելի հետաքրքրաշարժ էին, քան մեր երկուսի իրականությունը…

Իմ անտրարբերության շնորհիվ՝ ես միայն երկրորդ օրը սկսեցի նկատել, որ խուշթանցին սովորական երազներ չէր տեսնում: Հիմա որ ասեմ ինձ հաստատ սխալ կհասկանաք, դե իմ դեպքում նորություն չի, բայց թվում էր, թե տղան երազներում կախարդությամբ էր զբաղված և, ամենևին, ոչ հասարակ:

-Հե՜յ,- ուսը շարժեցի ես,- Ա՛յլ, վեր կաց: Դե՜:

Կանաչահերի երազները մի քանի վայրկյան էլ դիմադրություն ցույց տվեցին, հետո արդեն ձեռնթափ եղան: Տղան վերջապես արթնացավ տասնյոթ ժամ տևած քնից: Հիասթափված աչքերով ինձ նայեց, հետո շուրջ բոլորը, ուրիշ նոր բան չգտավ ու սկսեց նորից լաց լինել:


-Այլ, կպատմե՞ս՝ ինչ էիր անում երազում, - ես արդեն էմոցիաներից անձեռնմխելիություն ունեի՝ ինձ այլևս չէին կառավարում:


-Մամայիս էի հետ բերում՝ չստացվեց: Իսկ հրեշների դեպքում ոնց էր ստացվել, հը՞ն…


-Մի րոպե, մի րո...,- ապշահար ասացի ես,- հրեշներն իրական չէի՞ն: Երա՞զ էին:


-Հա բա: Բա դուք ի՞նչ էիք մտածում: Երազները հո՜ մենակ այլ աշխարհներ ճամփորդելու համար չեն...


-Կմանրամասնե՞ս:


-Դե…,- տղայի թաց աչքերը միանգամից չորացան,- բոլոր հմուտ հմայիչներն ու կախարդները գիտեն, որ մեր երազների թաքուն անկյուններում հրեշներ են բնակվում... Երազային հրեշները երևան են գալիս միայն էն ժամանակ, երբ չափից շատ ենք քնած մնում, գումարած էլ նախօրոք պատրասված չենք լինում: Մեր ցեղը քնից առաջ միշտ հատուկ ծիսակարգեր էր անում էդպիսի հանդիպումներից խուսափելու համար: Իսկ ամենակարևորը՝ մենք միշտ խմբակային էինք քուն մտնում: Մեր բոլորի քունը մին էր՝ նույն ժամին ու նույն երազի մեջ, մինչ էդ չարաբաստիկ օրը...


-Այսինքն մեկը բա՞ց էր թողել դրանց:


-Դե հուսով եմ դիտավորյալ չէր արել,- միամիտ ասաց տղան,- Բոլորս էլ մեր մտքում ու երազներում պատեր ունենք…ինձ տենց էին սիրում բացատրել: Ուրեմն էդ պատերը մեզ սովորաբար պաշտպանում են ամենավատ հիշողություններից, մտքերից և այլն: Երբ տեսնում ես մեկին, ով միշտ խառն է, վախեցած կամ ուղղակի դժբախտ՝ ուրեմն էդ մեկը հաստատ իր գլխի պատերին լավ չի հետևում: Մերոնք միշտ ասում էին էդպիսի մարդիկ անհաջող են…


-Իսկ հրեշների պատե՞րը…


-Էս դեպքը մի քիչ ավելի լուրջ է: Ամեն պատահածի չի, որ կհաջողվի էդ դռանը հասնել: Դրա համար նախ տարիների աշխատանք, երազային պրակտիկա ու խորը քուն է պահանջվում: Իսկ հետո, երբ արդեն գլուխ ես բերում երազի կառուցվածքը, եղած-չեղածը, սկսում ես դասավորել քարերը, պատն ավելի հաստացնել, հրեշներին վանող նշաններ ու հմայախոսքեր դաջել… Էսպես էլի:


-Մեկնումեկը չէ՞ր արել:


-Մենք տենց էլ չիմացանք, թե ով էր մեղավորը՝ չխոստովանեց: Ինչ էլ որ է: Մերոնք պատմում էին. էդ ժամանակ հյուր ունեինք ուրիշ աշխարհից՝ Սպասավոր էր իրեն կոչում: Ի դեպ, մեր ցեղի պատմության ամենալավ տարիներն էին: Ափսոս չեմ տեսել: Լավ, իմաստից չհեռվանամ... Ուրեմն էդ «Սպասավորը» հրեշների առաջին զոհն էր: Ոտքից գլուխ վառել էին, մոխիրն էլ օդին տվել: Մենակ ինչ-որ գրքույկ էր մնացել: Հետո ասում են իր հետ ցնդել էր: էսքանը պարոն չգիտեմ ինչ:


-Շիլա՛ն:


-Էսքանը պարոն Շիլան,- ասաց ու էլի մտքերով մեկուսացավ:


-Ա՛յլ, չգիտեմ կհավատաս, թե չէ, բայց վստահ եմ մայրդ հիմա մի կարևոր գործով է զբաղված: Արի՛ դու իրան էլ մի անհանգստացրու: Երազներում շարունակի հանդիպել, բայց հետ մի կանչի: Թող նոր բաներ տեսնի: Ասում են՝ հրեշներից հետո առողջությանը խիստ ցուցված են նոր զգացողություններ: Լա՞վ:


-Լո՞ւրջ, դե ավելի լավ: Մամայիս առողջությունն էդքան էլ հաջող չէր: Հենց երազում տեսնեմ՝ կփոխանցեմ պարոն Շիլան,- ասաց Այլն ու առանձնացավ մի անկյունում:


***

Խոսակցությունից մեկ օր անց ես վերադարձ կատարեցի Մագիոնդա: Եվ ամենից առաջ՝ քաղաքի ներքին խոհանոցի գիտակներից ճշտում կատարեցի. պարզվեց՝ այս օրերի ընթացքում Սպասավորների աշխարհում փոփոխություններ չէին գրանցվել: Փա՜ռք Տիեզերքին:


Մագիոնդայում բնականոն կյանքը շարունակվում էր. նույն առաջադրանքները, թադրուկների վերջ չունեցող խնդիրները (նրանք էդպես էլ չկարողացան ուղիղ ու կայուն տներ կառուցել), մանուխների նոր դիսերտացիաներն ու հմայախոտերի վտանգավոր փորձարկումները, լանդուլների սխալ ձայնանիշերով երգերը, փոբնուխների ձանձրալի փաստերն ու գլուխ տանող փիլիսոփայությունը, որի ժամանակ ես շարունակ անջատվում եմ, և Սպասավորները՝ ինչպես միշտ խառնված ու անարձագանք դեմքերով…


Բախտի բերմամբ՝ ամեն բան իր տեղում էր, բացի ինձանից:


Երբ հայտնի դարձավ իմ ժամանման մասին՝ ավագներն ինձ կրկին դահլիճ հրավիրեցին, բայց այս անգամ արդեն աշխատանքս գնահատելու նպատակով:


Դահլիճի ձախ կողմում Մագիոկի բնակիչներն էին, աջում՝ Սպասավորները, իսկ հոգնած Շիլանն անվերջ հերթի մեջ էր:


Առջևի խեղճերին հարցափորձ անելուց հետո հազիվհազ իմ հերթն էլ հասավ: Ես ներկայացրի իմ աշխատանքը՝ մյուս Սպասավորների գրքույկների ու գրիչների հետ միասին:


-Հմմ, ուրեմն մեր կանխատեսումներն իրականացել են,- սկսեց խոսքը Հաստավիզը,- Խուշթանն այլևս պատմություն է: Դե ի՞նչ կարող եմ ասել... Ի միջի այլոց, վերջաբանից գոհ ու շնորհակալ ենք, Շիլան: Արտակարգ պատկերավոր էր... մի խնդրի մասին արդեն կարելի է մոռանալ, - վերջին նախադասությունը քթի տակ ասաց, բայց իմ ականջները բռնացրին այն:


-Ի՞նչ խնդրի,- պահը բաց չթողեցի:


-Օ՜…,- քմծիծաղով շարունակեց Հաստավիզը,- Մենք հատուկ էինք քեզ պես մարդուն ուղարկել, Շիլան: Դու անգամ հեշտ գործերը գլխի չէիր բերում, ուր մնաց... Մտքովդ չէր անցել, չէ՞: Մեզ ՊԵՏՔ էր, որ Խուշթանն անկում ապրեր: Հնուց ի վեր էդ ժողովուրդը մեծ վտանգ էր իրենից ներկայացնում: Իսկ քո պես վախկոտ, անբանը հաստատ համարձակ քայլեր չէր անի: Չէր օգնի խեղճերին: Կթաքնվեր մի տեղ և լուռ ու մունջ իր գործը կաներ: Ճիշտ չե՞մ: Այնուամենայնիվ, շնորհակալ ենք մաքուր աշխատանքի համար: Մաքուր էր, չէ՞: Բոլորը բարով-խերով մեռա՞ծ են:


-Իհարկե հարգելի՜ Հաստա… թո՜ւհ, բոլորն իմ պես մեռած են,- ինչքան հնարավոր էր լայն ժպտացի, որ հեռվից տեսանելի լիներ,- Ազա՞տ եմ:


-Հմմ, մի քանի օր գործ չես ունենա: Ազատ ես: ՀԱՋՈ՛ՐԴԸ,- իսկույն բացականչեց Հաստավիզը,- առաջացի՛ր…


***

Մագիոնդան հայտնի է իր ինտերնացիոնալ կառույցներով, սրճարաններով, պանդոկներով և հանգստի վայրերով: Մեր հողերում, մասնավորապես Օնդայում, դրանք այլատեսակ են և խառը: Դա պայմանավորված է նրանով, որ Սպասավորները նվան ռոմանտիկներ են և յուրաքանչյուրի ուշքն ու միտքը միայն առաջին կյանքի հիշողությունների, մշակույթի, ազգային առանձնահատկությունների վերաստեղծումն է… Այսինքն՝ նույն փողոցի վրա կարելի է միաժամանակ տեսնել երեսուն տարբեր աշխարհների ավանդական ուտեստներն ու մշակութային շինությունները: Պատկերացրի՞ք: Չէ: Շատ խիստ կասկածում եմ: Էդքան աշխարհ անգամ ես ոտք չեմ դրել: Իսկ մեր Սպասավորները դեռ ավելանում ու ավելանում են…


Ես, պահի դրությունից ելնելով, որոշեցի էսօրվա իմ հանգիստն ավելի էկզոտիկ միջավայրում անցկացնել:


Փնտրողն անխոս գտնում է, բայց ուշացումով, իսկ իմացողն արդեն ճանապարհին է, օրինակ՝ «Կասիոպեայի գահը» փողոցի ճամփին: Սպասավորների իրականության ամենաազատ տարածքն է, որտեղ մենք չենք վախենում մեր խոսքերի ու արարքների համար: Այստեղ այնքան են հիմնավորվել աշխարհների սովորությունները, որ թվում է թե մենք դրանցից մեկում ենք, ոչ թե անհոգի Օնդայում:


Այս անգամ ընտրությունս ընկավ «Տիեզերքի ֆանատիկներ» ակումբի վրա. ես մտա, պատվիրեցի երկու բաժակ խոստումնալից ըմպելիք: Համտեսելուց հետո գլուխս բարձին դրեցի ու տափիկ-մափիկ մտքերիս ազատություն տվեցի...


«...հմմ, ուրեմն տղան ապահով ձեռքերում է: Ոչ ոք երբեք գլխի չի ընկնի փնտրել նրան այնտեղ, որտեղ ես եմ տեղափոխել:


Ավագները անտեսում են փոքր ու աննշան թվացող իրերը կամ աշխարհները: Մակերեսային են տեսնում կյանքը, նույնպես էլ գնահատում են դրա միջի պարունակությունը… Ու շատ իզուր:


Եթե հետաքրքիր է՝ մեր կանաչահերին դեռ երկար վտանգ չի սպառնալու, լրիվ հակառակը: Զգացի՞ք թե ինչպիսի հանգստություն ապրեցին մեր ավագները, երբ հասկացան, որ գալիք խնդրից խուսափել են: Մեր Այլն ինչ-որ բան ապագայում հեղաշրջելու է: Ես էդպես եմ զգում: Բայց ի՞նչ:


Մեր ավագները չէին սխալվում: Իրենք իսկապես վախկոտ մարդու էին ընտրել առաջադրանքի համար, ով չկարողացավ ահարկու կանաչահերի հախից գալ: Էսպես, որ բացատրեմ, մարդիկ իմ հանդեպ կարեկցանք կզգա՞ն: Հըն, ի՞նչ եք կարծում: Դե երբեք չես կարող ասել, թե ում ես փրկել: Լա՛վ, ժամանակից շուտ չխորանանք...»


Ըմպելիքը շարունակում էր գլուխս խառնել, բայց լրիվ դրական կերպով: Այն էր՝ ինչ պետք էր, եթե հասկանում եք ինչ եմ ասում... Ես մի բաժակ էլ պատվիրեցի ու խմելուց առաջ բարձրաձայն կենաց ասացի.


-Դեպի վեր, Այլ: Դեպի վե՜ր: Բոլորի հախից գալու ենք...


Հետո մտքիս երազային հրեշներն ու խորհրդավոր պատերը եկան.


-Հը՞ն: Չփորձե՞մ, - բարձրաձայն հարցրի ինքս ինձ ու նույն պահին անջատվեցի փափուկ բարձին...



390 views0 comments
bottom of page