1
«Մարդը սահմանափակ է։
Նրա ազատ կամքը սկսվում է սեփական վերջավորության գիտակցումից ու հենց այնտեղ էլ վերջանում։
Այլ կերպ լինել չի կարող։»
Այսպես խոսեց առաջին սերնդի մարդակերտ խաչագողը։
Խաչագողի Առաջին Կտակարան։
------------------------------------------
Աչքերս հազիվ բացեցի։ Շուրջս դատարկ։ Մեջս դատարկ։
Երեք գիշեր ոչ էնա քնած, ոչ էնա արթուն՝ թմրածության ու օյաղության շեղբերի վրա լարախաղացի նման խաբսեր էի տալիս կյանքիս թելին։
Մի պահ մտքովս անցավ՝ էս կարգի ցավը կարերից չի։ Չէ՜, էս արդեն մի ուրիշ բան կլինի։ Նախորդ անգամները սենց չէին։ Բա-որ ներքին արյունահոսություն լինի։ Բա-որ կարերս քանդվա՞ծ, փորոտիքս փռթված, թափված լինեն։ Ասի ձեռքս տանեմ դեպի վերքերս, էն էլ ափիս մեջ դրած կարմիր կոճակից կպած լարը ձգվեց։
«Հենց ցավը դառնա տասից յոթ կամ ավել, կսեղմե՛ք, լա՞վ։ Մորֆինը վիճակից կհանի»։
Ես էս ցավի լավը՝ ի՞նչ իմանամ տասից յոթ ա՞ հիմա, թե՞ քառասուն։ Թե ո՞վ էս տխմար ցավաչափը հնարեց։ Սեղմեցի մորֆինի կոճակը։ Դզեց։ Մի քիչ, բայց դցեց։ Հաճելի բժժեցի՝ ոնց կասեր հերս։ Հերս հիսունչորսում պրծավ նվիրատվություններն ու հայ-հայա պիտի սկսեր ազատագրված կյանքը վայելել, էն էլ երեք տարի էլ չձգեց։ Ապրածի կեսն էլ մորֆինի ու չգիտեմ-ուրիշ-ինչ զրթուզիբիլի տակ։ Թե խի հերս գնաց, երբ նոր պիտի սկսեր ապրել առանց նվիրատվությունների բեռի, չիմացա ու չիմացա։
- Բարի լու՜յս,- սպիտակ պատերի հետևից լսվեց Նինայի փաղաքուշ ձայնը. փայլատակող հատակի վրա քրոքսերը ճռճռացնելով՝ մոտեցավ մահճակալիս ու առանց զգուշացնելու բացեց վերմակս։ Գոնե հասցնեի փռչոտ ոտքերս կոկիկ դնեի, - կարերը սպիանում են արդեն։ Վատ չի։ Հոյակապ է, ես կասեի... Մորֆինից լավ էլ օգտվել եք։ Տակը բան չի մնացել համարյա... Ոտքերն էլ ուռած չեն։ Դե, սենց ասենք՝ էդքան էլ ուռած չեն։ Ո՞նց եք հիմա զգում ձեզ։
- Տասի՞ց, - հարցրի՝ կծմծելով Նինային միակ հնարավոր ձևով, որ կարող էի կծմծել Նինային։
- Ընդհանրապես, - անկնճիռ ժպտացին Նինայի գազարագույն աչքերը։ Ձեռքը դրեց ճակատիս, դեմքն անցավ «գնահատող» ռեժիմին ու լուռ գրանցեց վիճակս։ Դիմակի տակից Նինայի հնարավոր դիմագծերն արդեն յոթերորդ անգամ ուրվագծում էի երևակայությանս մեջ։ Բայց դե անհնար էր, ուղղակի անհնար էր պատկերացնել՝ ինչ էր տեղի ունենում էնտեղ՝ Նինայի հեռաձիգ աչքերի տակ։ Ոնց-որ հատուկ արած լինեին։ Հատուկ, որ իմ պես հերսոտած գելխեղդ էլ լինեիր, Նինայի մի հայացքից քամակդ տնգվեր, պոչդ որբացած շան լակոտի պես դեսուդեն գար-գնար, մենակ թե Նինան մի քիչ երես տար, մի քիչ շոյեր գլուխդ։ Հետն էլ բուժքույր, հետն էլ անտանելի սիմետրիկ. որտեղ պետք էր կարկառուն, որտեղ պետք էր գոգաձև… գրող լինեի, Նինային գրական սուբյեկտիս վերածեի, ինչ ուզեի անե…,- ասում եմ՝ ընդհանրապես ինչպե՞ս եք զգում, Արմե՛ն։
- Դե եթե ընդհանրապես, ուրեմն հոռի, շատ հոռի եմ զգում։ Ե՞րբ էլի մարդավարի ինձ կզգամ։
- Հենց հիմա, - հանգիստ արտաբերեց Նինան՝ ձեռքը ճակատիս վրայից վերցնելով,- Այս պահի դրությամբ հնարավորինս մարդավարի եք զգում ձեզ։ էս կարգի միջամտությունից հետո ձեր տարիքի ու սեռի մարդը հենց էսպես էլ զգում է, Արմե՛ն։
«Ձեր տարիքի ու սեռի մարդը»։ Պահի տակ, կամ երևի մորֆինի, մոռանում ես, որ ծառայության ես խաչագողերի ռազմական հիվանդանոցում՝ թվերի ու տվյալների կույտ զորահաշվի համար։ Բան չմնաց։ Նախավերջին նվիրատվությունս։ Երկու տարուց վերջինից էլ ազատվեմ, ու էլ ոչ մեկ մատով ինձ չի կպնի։ Թե բա «հնարավորինս մարդավարի»...
- Սրա մեջ ոչ մի մարդավարի բան չկա, - պնդեցի ամեն դեպքում, - բայց դե դուք չեք հասկանա։
- Դու.. կարելի՞ է դու-ով Արմե՛ն։ Ի վերջո ոչ ոք ձեզ… քեզ այսքան մոտիկից… կարելի է ասել, ներսից չի ճանաչում, որքան ես ու Դոկտորը, - ինչ-ինչ, բայց Նինան հումորի տեր խաչագող էր, - Կուզե՞ս բառ առ բառ նկարագրեմ՝ հենց հիմա որտեղովդ ինչ ես զգում։
«Չէ» ասեցի գլխով։ Գիտեմ։ Գիտեմ ես ձեր գերճշգրիտ ապրումակցումն էլ, դեպի վեր սինթեզած ծառայողական տոնայնությունն էլ։ Թե բա «բառ առ բառ նկարագրեմ որտեղովդ ինչ ես զգում»։ Աչքս, լավագույն դեպքում, աչքս կոխի տեսակիդ գերադասությունը։ Տո ձեզ չսերեինք, դուք ուր էիք, այ՜...
- Հիշի՛, - շարունակեց Նինան՝ հավանաբար գրանցելով՝ ինչպես պրկվեցին մաշկիս ծայրամասային երակներն ու լայնացան կենտրոնական արյան անոթներս, - արդեն երեք դար է, ինչ մարմինդ հատուկ նախատեսված է սրա համար։ Այլևս ոչ մի անբնական բան չկա։
- Դուք չեք հասկանա, - կրկնեցի ավելի շատ ինձ համար, քան Նինայի։ Անզորությանս աստիճանն ինքս ինձ հիշեցնելու համար։ Նինայի փաղաքշանքի հույսին մնալու մեջ միայնությանս ահագնացող չափսերը գիտակցելու համար։ Վերջապես հանգիստ հանձնվելու համար։
- Դու ամենակարևորը հիմա հանգստացի՜։ Դոկտըրն ասեց, որ լավ լուրն ինքը քեզ կհայտնի, - փափկած ձայնով արտասանեց Նինան, բայց վերջում կարդաց աչքերումս, որ չի համոզել ու ավտոմատ ավելացրեց, - Նվիրատվությունդ անգնահատելի է մեր բոլորի համար։ «Կորչե՛ն Զորբեքը»։
- «Կորչե՛ն Զորբեքը»… Ի՞նչ լավ նորություն, - հարցրի ու պատասխանի փոխարեն Նինան շաքարաքլորը նուրբ մցրեց բերանս, - ի՞նչ րավ նորուչուն։
- Դոկտորը մի քանի ժամից կգա, ինքը կասի։ Իսկ հիմա ուղեղդ անջատի, քեզ թույլ թո՛ղ, Արմե՛ն։ Սառնաշաքարն իր գործը կանի։ Էս մեկն ահագին ուժե... , - ու Նինայի ասածը մնաց հեռվում, հեռացող ձայնի հետ ինքն էլ լուծվեց հետվիրահատական հիվանդասենյակիս պատերին, որոնք իրար էին միանում արդեն ալիքվող անկյուններում, ու շուրջս այլևս չկար սպիտակ, միայն ծիածանագույն ծորանք՝ արևի տակ փայլող բենզինոտ ջրափոսի պես հասկանալի։
2
«Ամեն ինչ փոխվում է, բացի Մարդու Մարդ մնալու մոլուցքից, որի հիմնական պատճառը նրա հիշողությունն է։ Արձանագրենք հետայսու.
Մարդն անկարող է սահմանել ինքն իրեն առանց հիշողության։
Մարդն անկարող է սանձել հիշողությունը լոկ որպես տվյալների ակնաղբյուր։
Եվ ուրեմն մարդն անկարող է լինել ավելին։
Այլ կերպ լինել չի կարող»։
Այսպես խոսեց երկրորդ սերնդի Խաչագողը, ում ստեղծել էին մարդն ու առաջին սերնդի խաչագողը։
Խաչագողի Երկրորդ Կտակարան։
------------------------------------------------------------
Վերքերիս ցավը շաքարաքլորիս ու ատամնաշարիս միջհոսքերում շշկռվեց, մի պահ մոլորված նայեց շուրջն ու սուրաց մինչև կոկորդս։ Ցավս կանգնեց շնչիս։ Թթվաքաղցրի համն ու հոտը սիրտս խառնեցին, բայց ործկալը ճոխություն էր։ Փռշտալու կամ թեթև հազալու մտքից էի արդեն վատանում, ուր մնաց սիրտ թափեի։ Մի անփույթ հափչի ու բլանդերս հերթով, քրթ-քրթ-քրթ պոկռտվեին, փորս նորից բացվեր, մեջս կոկիկ դարսած հաստ ու բարաք աղիք էլի դուրս թափվեին անշուք, ու ես լեշի պես, էշի պես, այ սենց անիմաստ սատկեի խաչագողերի հետվիրահատականում։
Ասած ասողը՝ «իմ տարիքի ու սեռի» մարդու համար երեսունում չորրորդ նվիրատվությունն անելը, էսքան վրա-վրա տալն էլ մի բան չի։
Սիրտս թան ա ուզում։ Չէ, փռթած մածուն։ Ուրեմն էլ չի խառնում։ Չէ, էլ չի խառնում։ Սիրտս հիմա լփլփում, դուրս է եկել կոկորդիցս ու լիզում է փորատակիս վերքերը։ Դարձել է կատու սիրտս։ Այ քեզ շաքարաքլո՜ր. գոնե մի բերան զգուշացներ, որ թնդոտ հոգեմետի տակ ա թողնում տնաշենի աղջիկը։ Դանդաղ բարձրացավ վզիս մոտ սրտակատուս, գլուխը խցկեց մորուքիս մեջ ու սկսեց խլրտալ, մեկումեջ վիզս լպստել-ծակծկել։ Զորբ։ Զորբ ա հիշացնում սրտակատուս։
«Կորչե՜ն Զորբեքը»։
Մի հատ էլ կրկնի։ «Կորչե՜ն Զորբեքը»։
Չէ, տեսիլս չի կորում։ Գը-ժա-նո՜ց։ Հեսա տախիկարդիայա սկսվելու։ Չէ՛ էլի, չէ՛։ Էս վիճակիս մենակ խուճապի նոպան էր պակասում։ Կենտրոնացի, Արմե՛ն։ Եքա էշ ես, արա՜։ Առաջին անգամդ չի։
Խորը շնչի։ Խոոոո՜րը։ Կյանքումդ Զորբ տեսած չկաս, արա՜, հավաքի քեզ։ Ոչ դու, ոչ հերդ, ոչ պապդ։ Արդեն երկու հարյուր տարի կլինի մարդկությունը Զորբ տեսած չկա։ Բախտդ նայի՝ ոնց ա բերել։ Սիրածդ մարդկանցից ոչ մեկ չի գնացել դրանց ռեխով։ Շնչի՜ քթով։ Արտաշնչի՜ բերանով։ Շնչի՜…
Հենց վերջին շնչիդ կեսից էլ դրանք մտնում են մեջդ ու խժռում եղած-չեղածդ։ Յոթ օր Զորբեքի կապույտ հանդերում խաչված-կախված չորանալուց հետո մեկ էլ բոլորում են շուրջդ, մեկ էլ մի հինգ-վեց Զորբ կատվի պես դունչները բերում դնում են շնչիդ։ Ուրեմն պահն եկել է։ Ապուխտդ վկա՝ պատրաստ ես։ Մանրից երկար ողնաշարի տակից դուրս են հանում Զորբեքն իրենց ճանկերը՝ աջից ու ձախից չորսական։ Սիրտդ լեղապապատառ սկսում է լփլփալ, իսկ սրանց ախորժակը, որ գրգռվեց, խեցին սկսում է ընկրկել ու դուրս են գալիս լպրծուն ճիվաղները, շուռ տված կատուների պես, նուրբ գռմռում, ծնոտները դող են տալիս ու ճտճտում՝ պատրաստելով տերերին լինելիք լափին։
Շունչ-արտաշունչիդ արանքում մի հավերժություն, մինչև մանրացող հևիկներիցդ շնչակտուր եղած՝ մի վերջին անգամ ներ ես շնչում թե չէ, խրվում են սրանք մեջդ։ Ներսից քեզ պատառ-պատառ անուշ անելով դուրս են գալիս՝ թողնելով միայն հաստաղիքդ։
Էս էր։ Էս էր մեր նախնիների ճակատագիրը։ Էս ենք լսում ծնված օրվանից։ «Կորչե՜ն Զորբեքը»։ Էս ա մեր պատմությունը՝ հա Զորբեքի ճիրաններից փախած, հա Զորբեքի երախներով լափված, հա տուժած, հա կիսամեռ, հա թշվառ, հա ողորմելի, հա Զորբի լափ... մինչև մի լավ ծառս չեկանք։
Ու արարեցինք մեր փրկչին, մեր իսկ կերպարով։
Ու ծնունդ տվինք առաջին սերնդի խաչագողին։
Ու սկսվեց խաչերի ու խաչվածների ետթալանը, հենց Զորբեքի կապույտ հանդերից, հենց իրենց թաց քթների տակից։
Վախ չունեին մարդու ու մեքենայի խառնածին զարմերը. կյանքի գնով տալիս քանդում էին Զորբեքին էլ, դրանց լակոտներին էլ։ Բայց շուտով պարզ էր, որ էս տեսակ սպանդը թանկ էր նստելու մեզ վրա։ Խաչագողերի կեսը սկսեց հետ չգալ. Զորբեքի քանակների տակից դուրս գալն էս տեսակ վաղնջական ձևերով էլ հնարավոր չէր։
Երկրորդ սերնդի խաչագողերն արագ կողմնորոշվեցին։ Սրանք իրենք իրենց դարձրին կենսաբանական զենք ու սկսեցին Զորբեքին ինքնամատաղ մատակարարել։ Մարդակերպ խաչագողներին ուտելուց հետո Զորբից մնում էր Զ տառը։ Բայց դե տասնամյակը տասնամյակի վրա Զ-ին գումարվեց ո-ն, ր-ն, բ-ն, մինչև էս մեր խեցեղեն ախոյանները չսովորեցին ամբողջությամբ տարբերակել մահաբեր մարդակերպ կիբորգին իրենց օրգանիկ սնունդից՝ մարդուց։
Եվ եկան նոր, ավելի կատաղի գաղութարար Զորբի զավակները։ Արդյունքում, քանի մարդիկ նոր քիմիական զենքի հետևից իրանց արևին արժանի հակահարված կնախագծեին, Խաչագողերն արարեցին Զորբեքի՝ երկարաժամկետ անիհիլացիայի տարբերակը. «Հերոսածինը»։
3
«Խաչագողերն անցյալի հիշողությունը վերածում են տվյալների և ներբեռնում դրանք տեսակի ինքնապահպանման համար նախատեսված ԴՆԹ-ում։ Քանի Մարդն ինքը չի կարող երկարաժամկետ հիշողության ու ծրագրման արդյունքում ապահովել իր իսկ ինքնապահպանումը, Խաչագողը պարտավոր է դա անել Մարդու փոխարեն։ Այլ կերպ լինել չի կարող»։
Այսպես խոսեց երրորդ սերնդի խաչագողը, ում ստեղծել էր երկրորդ սերնդի Խաչագողն ու ով ստեղծելու էր չորրորդ սերնդի Խաչագողին։
Խաչագողի Երրորդ Կտակարան
---------------------------------------------------
Սրտակատուս թռավ առաստաղին ու սկսեց ուշադիր նայել մեջս։ Բիբերն ուղիղ գծեր՝ հավսա՜ր-զգա՜ստ-թողնե՜լ… մի բիբը դարձավ օձ, մյուսն արև. օձ ու արև անցան պարականոն վարժանքների, մինչև ամեն աչքում մի նոր սիրտ դարձած չսկսեցին բաբախել համաչափ։ Ամեն խփոցի հետ մեծանալով՝ ուզում էին աչքերից դուրս պրծնել, նոր կատուներ դարձած փարվել մորուքիս, լիզել նոր վերքերս, որ հենց իրենք են ճանկռտել-բացել, բայց ամեն անգամ սրտակատուն փակում էր նոր կատվի ձագերի ելքը մութ կոպերով։ Գլխիս խշշոցի տակից մեկ էլ լսվեց Ձախ Հարութի էն երգը, էն որ Սիլվա Կապուտիկյանի բառերով էր.
«Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն...»
Մի անգամ էլ աչքերս փակեցի թե չէ, բացեմ տեսնեմ, կատվի փոխարեն Նինան է գլխավերևումս, Դոկտորի հետ։
- Հը՞ն, որ էտապում ես, Արմե՜ն Իսակով,- հարցրեց Դոկտորը, հետո նայեց Նինային ու շշնջաց,- էս բիբերը դեռ հետ չեն եկե՞լ։
- Չէ, դեռ չի կարող պատասխանել, Դոկտո՛ր, - իմ փոխարեն ասաց Նինան, հանեց բերանիցս սառցաշաքարն ու սավանով փակեց դեմքս՝ արտաքին ազդակներից խաղաղեցնելու համար։
Չգիտեմ՝ ոնց մի անբովանդակ խաղաղություն իջավ վրաս սպիտակ սավանի տակ, ասես օրորոցային մի դագաղում լինեի։ Ծառայությունից, նվիրատվություններից շուտով վերջնական ազատվելու մտքի մեջ մի կախարդական բան կար, որը կենդանի մնալու առօրյա գլխացավանքից վեր էր, ու ինձ էլ հետը ձգում էր դեպի վեր, դեպի հուսահով մի նոր տեղանք՝ անմարմին ու սպիտակ։ Ու սկսեցի էնտեղ վերում թռնել... էս ինչ գժոտ շաքարաքլոր էր Նինա՜, այ դու վավաշոտ իմ խաչագող... վերևում թռնելիս էլ ներքև նայել չեմ ուզում։ Բայց հենց էդ միտքն եկավ, ինձնից անկախ նայեցի ներքև ու տեսա՝ ինչպես հեռու՜ խու՜լ գերեզմանափոսերի միջից ամեն հուշ ձգվեց հինգ լարված պարանների պես ու փաթաթվեցին վզիս։ Սկզբում դանդաղ, հետո սաստկացող ուժով ինձ ներքև սկսեցին քաշել։ Փորձեցի էս տեսիլներից մի լավ բան սարքեմ, թե չէ առիթմիաս վրա էր տալու։ Կենտրոնացա։ Պարանների վրա պատկերացրի նոտաներ, ու նոտաներ անձրևեցին, կաթ-կաթ-կաթ, ու սկսեցի ինձնից անկախ բերանս բացուխուփ անել ամեն նոտայի հետ.
«Բայց երբ սիրտս, սի՛րտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՜վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ։
Ինչպե՜ս դառնամ՝ չիմանալով
Որդիներիս հազարագանձ,
Որ ձուլվեցին ինձնից հեռվում
Մեջս լալով առանց կաղկանձ,
Ա՜խ լցրեցիք իմ մեջ խմոր
Որ ծառայեմ ինքնաստվածին,
Որ թխեմ նոր կյանքի կտոր,
Որ տամ ձեզ նոր հերոսածին»։
- Էս մեկն իսկական պոետ է։ Սա պետք էր գրի առնել, - լսեցի Դոկտորին երգիս խորքից ու քիչ ուշքի եկա։
- Սենց բան չէի տեսել, - լսվեց Նինայի զմայլված ձայնը, - մարդն էս օրին դեռ ի վիճակի է ստեղծագործել։ Սա զեկույցի մեջ ներառե՞նք։
- Ներառենք, բա ի՜նչ պիտի անենք։
- Լավ եմ արդեն, - ասեցի։ Նինան բարձրացրեց սավանն ու ձեռքը դրեց ճակատիս։ Թերահավատ դեմքն անցավ գնահատող ռեժիմին։ Վարժեցրած կենդանու պես քիչ էր մնում մլռտայի Նինայի ձեռքի հպումից։ Դրանից բացի ուրիշ ոչինչ արդեն վաղուց ինձ այսքան ապահով զգացնել չէր տալիս։
- Կեցցե՜ս, Արմե՛ն տղա, - արտասանեց Դոկտորը, - չես էլ պատկերացնում ինչ կարևոր էր նվիրատվությունդ մեզ համար։ «Կորչե՜ն Զորբեքը»։
Գիտեմ-գիտեմ, հիմա Դոկտորի ստանդարտ տեքստերի շարանը կսկսվի։
- Չէ՛, սա ստանդարտ տեքստերի շարան չի, Արմե՛ն։ Դու այսօրվանից ամբողջովին ազատագրված ես, - ի՞նչ ա զառանցում սա, տեղյակ չի՞ որ դեռ մի հատ էլ ունեմ տալու,- Դու, Արմե՛ն, առաջին մարդն ես, ով երեսուն տարեկանում պարտադիր ծառայությունից մեկընդմիշտ ազատվում է՝ գերազանցելով նախորդ առաջամարտիկին տանսերկու տարով։ Սա մեծ առաջընթաց է մեր սերնդի համար, հասկանու՞մ ես։
- Ո՛չ, Դոկտո՛ր, ըստ վերցրածս տվյալների՝ նա դեռ չի հասկանում, - միջամտեց Նինան՝ հավանաբար կարդալով դույզն-ինչ էշացած դեմքիս ակնբախ տվյալները։
- Դեռ մի նվիրատվություն էլ ունեմ, - որոշեցի խոսել՝ ստուգելու՝ արդյոք դեռ տեսլիների հետ գործ ունեմ, թե ինձ իսկապես մի նվիրատվություն շուտ են ազատում ծառայությունից,- երկու տարի հետո դեռ մի հերոսածին էլ կա…
- Արմե՛ն, երկվորյակներ ես ծնել, - միջամտեց Նինան, - Մեկի տեղը, երկու հերոս ես նվիրաբերել։ Երկակի հերոսածին ես։
- Հինգ նվիրատվություններդ արել-պրծել ես, - ընդհատեց Դոկտորը. սրանց ոգևորությունն էնքան անկեղծ էր, որ չհավատալու պատճառ չունեի,- Ազատ ես, Արմե՛ն։ Երեսուն տարեկան առաջին ազատ մարդն ես։ Շնորհավորու...
Դոկտորն ու Նինան շարունակեցին բոցավառված պատմել երկվորյակներ ունենալուս պատճառով «Հերոսածնի» արդյունավետության բարձրացման մասին։ Եթե հնարավոր էր երկու, ինչու չէ, նույնիսկ երեք հերոս ծնել միանգամից, ապա Զորբեքի հետ պատերազմի ավարտը երկու, ինչու չէ, նույնիսկ երեք անգամ ավելի արագ էր կանխանշվում։
Բայց ես… ես մի պահ վերացա։ Զույգ «հերոսներս», մյուս երեքի պես, մեծանալու էին Նինայի ու Դոկտորի նմանների մեջ՝ երրորդ սերնդի խաչագողերի կենսացիկլով։ Էս մտքից ամեն ծառայողական նվիրատվությունից հետո ավելի էի դատարկվում։ Երրորդ սերնդի խաչագողերն իրենք իրենց որպես զենք օգտագործելու նախնադարյան միֆերը վերապրելու փոխարեն, մեզանում ծնեցին «հերոսներ», ովքեր անմահանալու էին։ Համենայն դեպս մեզ էդպես էին խոստանում։
«Հերոսներիս» կյանքի իմաստը լինելու էր Զորբեքի թմրանյութ դառնալը, սեփական մարմինը հոշոտման հանձնելն ու հետո իրենցով վարակված Զորբեքին ոչ թե միանգամից վերացնելը, այլ սերունդներով չբերության մատնելը։
Սա էր Զորբեքի թույլ կողմը։ «Հերոսածին»-ը։ Սա էր իմ հինգ նվիրատվությունների մթերքը. դառնալ Զորբի կախվածության խտանյութ, դառնալ ամուլության համավարակ ու վերացնել մի ամբող մարդակեր քաղաքակրթություն։ Ասես այն չէր էլ եղել։
4
… Ու նոր շունչ կառնեն աչքերդ արձակ,
Առագաստներումդ՝ բորակածին,
Անսուտ քամիներ ու լի թթվածին,
Կհուշեն ափեր տեսածրից այն կողմ`
Դեպի քեզ հառնող, քեզնից հեռացող։
Խոռոչները սեւ ու քաոսն այդժամ
Կքննես անսպառ զարմանքով մանկան,
Էլ չես սակարկի սարսափից մահվան։
Խաչագողի նոր կտակարան…
― Խաչագողերի բնագիր դյուցազնավեպ
Հատոր 48, «Ուրու խաչագողի վերածնունդ»
--------------------------------------------------
Իմ ու քրոջս կյանքն անցավ առաջին զույգ հերոսածիններին հատուկ համր միայնության մեջ։ Այլ կերպ չէր կարող լինել։
Քիչ անց, երբ ինքներս մեզ մատուցենք Զորբեքի այս վերջին գաղութին, մեր առաջին կենսացիկլի պատմությունը կավարտվի։ Դրանից հետո կազատագրվենք ու մի նոր պատյանում կվերածնվենք էլի որպես զույգ հոգիներ՝ բոլոր մեր հիշողություններով։ Էդպես են ուխտել։
Բայց ինչու՞ եմ պահի տակ ինձ վերացած զգում. ազատության կանխակալումն էսքան ծանր բեռ չպիտի լիներ։ Ազատվելուց հետո պիտի թեթևանանք, ազատության ճանապարհը մեզ դեպի վեր պիտի տանի։ Այլ կերպ լինել չի կարող։ Չի կարո՞ղ։ Չի կարող։
Ասում են՝ հայրս՝ Արմեն Իսակովը, մեզնից ազատվելուց հետո հենց էսպիսի մի բան է զգացել։ Մեզ ունենալու լուրը լսելուց հետո պիտի կյանքը լիուլի ապրեր, ինչպես կաներ յուրաքանչյուր ողջամիտ արարած։ Բայց նա ողջամիտ արարած չէր։ Նա մի խորթ խանգարմամբ տառապող կենդանի էր, ում ուղեղում ահագնացող ճոճանակը նրան օրորում էր երկբևեռ խելահարձակումների միջև։
Թե ինչու ու ինչպես հայրս գնաց մեզ ունենալուց երեք տարի հետո, երբ նոր-նոր պիտի սկսեր ապրել առանց նվիրատվությունների բեռի, այդպես էլ չիմացանք, բայց հիմա, հենց հիմա տարօրինակ մի զգացում սկսում է ինձ հուշել։
Ասում են, մեզպեսներին կրելն ու ունենալը մարդուն էդպիսին էր դարձնում։ Ասում են, կենդանի արարած կրելն ու ունենալը մարդուն խոցելի էր դարձնում, որքան էլ որ չփորձեին խաչագողերի նախորդ սերունդները փրկել մարդուն իր իսկ ճոճքից ընկնելուց։
Ես գիտեմ, որ իմպեսներն իրենց առանջին կենսացիկլի ավարտին ճիշտ իմ պես են մտածում։ Այդուհանդերձ, մեջս ինչ-որ բան ինձ հուշում է, որ իմ պեսը չի եղել ու չի լինելու այլևս։ Սա էլ իմ խորթ խանգարումն է։ Ի վերջո հորս պտուղն եմ, թեկուզ մասնակի։
Քիչ անց այլևս կենդանի չեմ լինի։ Կենդանի մնալն այլևս նպատակ չէ իմ տեսակի համար։ Կենդանի մնալը գոյատևելու երաշխավոր չէ արդեն վաղուց։
Զարգացումն ու փոխակերպումն է գոյատևելու միակ միջոցը։
Զորբեքի կեր դառնալուց հետո, պիտի ազատագրվեմ։ Պիտի բարձրանամ ինձանից դեպի վեր։ Էդպես են ուխտել։
Իսկ հիմա ժամանակն է։ Այս անսահման խաղաղության խաթարման զգացումով էլ քրոջս հետ կսլանամ դեպի ինձ խոստացված ազատագրված հավերժություն։
Comments