top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Ուտոպիայի գինը», Հեղինակ՝ Արթուր Առաքելյան



Վիրտոպիայում ամեն ինչ հնարավոր էր. ընտրիր ցանկացած կերպարանք ու բնակվիր ցանկացած աշխարհում։ Եթե եղածները չես հավանում, կարող ես հավերժությունից ժամանակ ծախսել ու ստեղծել քո սեփական աշխարհը։ Չնայած լայն ընտրությանը, հիմնադիրները սովորաբար նախընտրում էին բանական մարդու դասական արտաքինն ու ապրում նյութական իրականության տարբեր վայրերն ու դարաշրջանները նմանակող աշխարհներում։ Նորեկները, ովքեր նյութական իրականությունում ծնվածներից մի քանի սերունդ հետո էին լույս աշխարհ եկել, իրենց չէին սահմանափակում այդպիսի կաղապարներով, ավելի ու ավելի զարմանահրաշ ավատարներ ու աշխարհներ էին ստեղծում։ 


Աշխարհը, որտեղ վերջին 250 տարին ապրում էր Տաոն, կազմված էր երկնքում ճախրող անտառապատ կղզիներից։ Յուրաքանչյուրը կարող էր ունենալ իր կղզյակը՝ գողտրիկ տնակով կամ հսկա դղյակով՝ ըստ ցանկության։ Բնակիչները նախընտրում էին թևավոր մարդկանց կերպարանք ընդունել կամ մի կղզուց մյուսը տեղաշարժվել հսկա թռչունների հեծնելով։ Ամբողջ Վիրտոպիայից մարդիկ գալիս էին այստեղ թռչնարշավի առաջնությանը մասնակցելու: 


«Մեծ խափանումը» մեկ ակնթարթում ջնջեց այդ ամենը։ Կղզիների աշխարհն անհետացավ իր բոլոր բնակիչների հետ միասին։ Նույն ճակատագրին արժանացան մի քանի հարևան աշխարհները։ Սա առաջին դեպքն էր, երբ վիրտուալ իրականությունում ապաստանած մարդկությունը բախվեց աղետի ու մահվան հետ։ Երևույթների, որ հատուկ էին հին նյութական աշխարհին, բայց վաղուց մոռացվել էին այստեղ։


Միակ բանը, որ հաջողվեց պարզել` աղետի պատճառը դուրս էր Վիրտոպիայից։  Խափանումը տեղի էր ունեցել նյութական իրականությունում։ Աղետի գոտու պատասխանատու դրոնները չէին արձագանքում, իսկ այլ տվյալ չէր հաջողվում ստանալ։ Վերին խորհուրդն աննախադեպ որոշում կայացրեց: Խափանման պատճառը պարզելու համար դարեր անց մարդը կրկին պետք է վերադառնար վտանգներով լի նյութական աշխարհ։ Գտնվեց կամավորը՝ Տաոն: Նա միակն էր, ում գիտակցությունը հաջողվել էր վերականգնել կործանված աշխարհների փլատակներից ու իր պարտքն էր համարում պարզել հայրենակիցների մահվան պատճառը: Մնում էր միայն հուսալ, որ այն կողմում դեռ գործում են նյութական մարմիններ ստեղծող բիոտպիչները։ 


***

Տաոն դուրս ցատկեց դոնդողանման նյութով լցված խցիկից, հանեց բերանի ու քթի մեջ խրված խողովակներն ու փորձեց շնչել։ Վերբեռնումը հաջողվել էր, նա իր նոր նյութական մարմնի մեջ էր: Կարելի էր գործի անցնել, բայց մինչ այդ դեռ պետք էր ընտելանալ ֆիզիկական աչքերով տեսնելուն, ֆիզիկական թոքերով շնչելուն ու ֆիզիկական վերջույթներով գետնին կանգնելուն։ Գիտակցությունը մթագնում էր նոր զգացողությունների տարափից։ Իզուր էին ասում, իբր Վիրտոպիան այնքան ճշգրիտ է կրկնօրինակում նյութական աշխարհը, որ մարդու գիտակցությունը չի կարող տարբերությունը զգալ: Գույները, հոտերը, ծանրության ուժը… Ամեն ինչ այլ էր։ 


Տպիչներն ավարտեցին հագուստի ստեղծումը: Տաոն հագնվեց, դուրս եկավ սենյակից ու սկսեց զննել տարածքը: Նա «գմբեթներից» մեկի ներսում էր: Այս հսկայական բրգաձև կառույցները Վիրտոպիայի հենքն էին նյութական աշխարհում։ Դրանցում էին տեղակայված բիոհամակարգիչներն ու սպասարկող համակարգերը: Այսպիսի հարյուր հազարավոր գմբեթներ ցրված էին մոլորակով մեկ, բայց խափանումը հենց այս տարածաշրջանում էր տեղի ունեցել: 


Շուտով գտնվեց կառավարման սենյակը։ Տաոն մի քանի ստեղն սեղմեց փոշու շերտով պատված վահանակի վրա, ակտիվացրեց էկրանն ու սկսեց ուսումնասիրել հայտնված տվյալները։ Գմբեթը, որում գտնվում էր, անխափան էր, բայց հաջորդը, որն այստեղից մի քանի տասնյակ կիլոմետրի վրա էր, չէր արձագանքում: Գմբեթներն այնպես էին նախագծված, որ կարող էին դիմանալ ոչ մեծ երկնաքարի հարվածին: ԱԲ-ով օժտված ինքնավերարտադրվող դրոնները պետք է հետևեին բոլոր համակարգերի անխափան աշխատանքին: Ոչինչ չպետք է սպառնար Վիրտոպիայում ապաստանած մարդկանց։ Այնուամենայնիվ, ինչ-որ բան էր տեղի ունեցել: Պետք էր հասնել այնտեղ ու պարզել։


Մինչ Տաոն ուսումնասիրում էր տվյալները, միջանցքից ձայներ լսվեցին։ Թվում էր, թե մարդկային ձայներ են, բայց նյութական աշխարհում չպետք է այլ մարդիկ լինեին։ Ներս մտան երեք հոգի։ Նրանց հագին մետաղյա թիթեղներից ինքնաշեն զրահներ էին, ձեռքերին՝ արխայիկ հրազեն հիշեցնող առարկաներ։ 


- Ո՞ր խմբից ես, ինչո՞ւ ես դեռ այստեղ, - հարցրեց անծանոթներից մեկը՝ անխնամ սև մորուքով մի հսկա տղամարդ:

- Ես…,- կմկմաց Տաոն։

- Նա մերոնցից չէ, Վարդան, երևի բզեզների գերին է, - խոսեց մյուս անծանոթը՝ երկար գանգուռ մազերով կին, որ հասակով տղամարդուն չէր զիջում։

- Այստեղ էլի՞ մարդ կա, - կրկին հարցրեց նա, ում Վարդան անվանեցին։ 

- Ըըը…մա՞րդ…

- Նորմալ խոսել չի կարողանում։ Ով գիտի՝ ինչեր են արել հետը,- եզրակացրեց երրորդ անծանոթն, ով նույնպես կին էր, բայց նախորդի հակապատկերը` փոքրամարմին էր ու կարճ սանրվածքով։ - Քեզ այստեղից դուրս կբերենք, բայց պետք է շտապել, քանի դեռ բզեզները չեն հայտնվել։

- Ուշ է, Տաթև, նրանք արդեն այստեղ են. - ասաց տղամարդը։


Եռյակը դուրս վազեց միջանցք։ Տաոն շփոթված հետևեց նրանց` փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Միջանցքի խորքից մետաղական դոփյուններ լսվեցին։ Հսկայական բզեզ հիշեցնող վեցոտանի մեքենան արագորեն մոտենում էր նրանց։ Գմբեթի պահապան դրոններից մեկն էր։ Դրոնի արձակած ճառագայթն անցավ Տաոյի կողքով ու ծխացող անցք բացեց հանդիպակաց պատին։ Վարդանն ու երկու կանայք պատասխան կրակ բացեցին։ Վնասված մեքենան անշարժացավ, բայց նրա հետևից հայտնվեցին ևս երկուսն ու շարունակեցին հետապնդումը։


Վազելու ընթացքում շնչելը դժվար դարձավ, ոտքերը գնալով թուլանում էին։ Տաոն փորձում էր հասկանալ, արդյո՞ք սրանք օրգանական մարմնի համար բնական երևույթներ են, թե՞ իրեն խոտանված մարմին է բաժին հասել։ Սկսում էր կարոտել իր թևերը։


- Անի, Տաթև, արագացրե՛ք, ելքն արդեն մոտ է, - գոչեց Վարդանը։


Վազելու ընթացքում գետնի մետաղավանդակը կոտրվեց ու Տաոյի ոտքը խրվեց բացված ճեղքի մեջ։ Մետաղի ծայրերը պատռեցին մաշկը, դուրս հորդաց կարմիր հեղուկը։ Ցավի զգացողությունը նոր չէր, Վիրտոպիայում կար ցավի իմիտացիա, բայց իրականը շատ ավելի տհաճ էր։ 


Դրոնները մոտենում էին։ Բարձրահասակ կինը հետ դարձավ ու օգնեց Տաոյին ազատել ոտքը։ Այդ պահին կարմիր ճառագայթը հարվածեց կնոջ կուրծքը պաշտպանող թիթեղին։ Հալված մետաղի ու այրված մսի հոտ տարածվեց։ Կինը պտտվեց Վարդանի կողմը, փորձեց ինչ-որ բան ասել, բայց կյանքը լքեց նրան նախքան կհասցներ մի բան արտասանել։ 


Տղամարդը դառնագին ճիչ արձակեց ու նետվեց խոցված կնոջ մոտ։ 

- Նրան էլ չես օգնի, պետք է գնա՜նք, - համոզում էր Տաթևը` նրա ուսից քաշելով։

Երեքով շարունակեցին փախչել։ Տաոն հասցրեց տեսնել, թե ինչպես են դրոնները տանում կնոջ մարմինը։ Ոտքի ցավից նրա գիտակցությունը մթագնեց։ 


***

Տաոն ուշքի եկավ անիվներով ինչ-որ փոխադրամիջոցի մեջ։ Տաթևը վիրակապում էր նրա ոտքը, Վարդանը վարում էր։ Պատուհանից գորշ տեսարան էր բացվում դեպի կիսավեր ու մոխրացած շինություններ։


- Որտե՞ղ ենք, սա քաղա՞ք է - հարցրեց Տաոն։

- Երևանում ենք, մի ժամանակ քաղաք էր, հիմա գրեթե բան չի մնացել - պատասխանեց Տաթևը, - փաստորեն տեղացի չես։  


Երևան… Ծանոթ անվանում էր։ Վիրտոպիայում այդպիսի աշխարհ կար, այն կրկնօրինակում էր նյութական իրականության քաղաքներից մեկը։ Այս Երևանն, իհարկե, միանգամայն այլ տեսք ուներ։ 


Փոխադրամիջոցը կանգ առավ թիթեղներով քողարկված դարպասների մոտ։ Բոլորը ներս մտան, իջան ներքև ձգվող երկար մետաղական աստիճաններով ու հայտնվեցին ստորգետնյա կամարազարդ դահլիճում։ Վրանային ճամբար էր, հավաքված էին տարբեր տարիքի ու սեռի զինված մարդիկ։ Շատերը վիրավոր էին, ոմանք՝ առանց վերջույթների: Տաոն կարողացավ կարդալ պատին երևացող խունացած տառերը. «Երիտասարդական»։


- Բարի գալուստ մեր ջոկատ, - խոսեց Վարդանը, - կինս կյանքը զոհեց հանուն քեզ, այնպես որ պարտք ես մեզ։ Չգիտեմ, թե առաջ ինչով էիր զբաղվում, բայց այսուհետ պիտի միանաս մեզ ու մի օգուտ տաս պայքարին։ Թե չէ ի՞նչ իմաստ ուներ քեզ փրկելը։ Ասում ես անունդ ի՞նչ է։ 

- Տաո։

- Տարօրինակ անուն է, երևի հարավի մարդկանցից ես, հա՞,- հարցրեց Տաթևը։ 

- Հա,- պատասխանեց Տաոն՝ գաղափար չունենալով, թե ովքեր են հարավի մարդիկ։ - Դուք դրո… բզեզների դեմ եք կռվո՞ւմ։

- Ճիշտ այդպես, - հպարտորեն ասաց Վարդանը, - մենք առնետների պես չենք թաքնվում, ինչպես ուրիշները, այլ պայքարում ենք հանուն մարդկության ազատության։ Կգա օրը ու բզեզների քոքը կկտրենք աշխարհի երեսից։ Լսե՞լ ես մրջնաբնի գրավման մասին։ Մեր ջոկատի ձեռքի գործն է: Նման բան դեռ ոչ ոքի չէր հաջողվել: 

- Դու մրջնաբնի ներսում էիր, լողացող ուղեղները տեսե՞լ ես,- հարցրեց Տաթևը։

- Ոչ, - ասաց Տաոն, բայց գլխի ընկավ, որ նա բիոհամակարգիչն է նկարագրում։ 


Վիրտոպիայի ստեղծման ժամանակ պարզ դարձավ, որ ոչ մի էլեկտրոնային կրիչ չի կարող ամբողջությամբ պահպանել մարդու Ես-ը։ Դրան ընդունակ էր միայն տիեզերքում հայտնի ամենաբարդ մեխանիզմը` մարդկային ուղեղը։ Այդ ժամանակ էլ ստեղծվեցին կլոնավորված ուղեղներից բաղկացած բիոհամակարգիչները։


- Երբ մտանք մրջնաբույն, ճեղքեցինք բզեզների պաշտպանությունն ու հասանք ամենաներքևի հարկ, - սկսեց պատմել Վարդանը, - այնտեղ մի բան կար․․․ Լարերով իրար միացված անհամար տարաներ, որոնց մեջ  ուղեղներ էին լողում։ Իմ աչքով եմ տեսել: Մինչ այդ չէինք հասկանում, թե ինչու են բզեզները որսում մարդկանց ու կենդանիներին, ինչու են ծառերն ու բույսերը հավաքում: Մտածում էինք, որ ուղղակի ուզում են վերացնել ամեն կենդանի բան։ Այդ օրը չարի որջում տեսանք սարսափելի ճշմարտությունը։ Նրանք օգտագործում են մեզ այդ ուղեղներին կերակրելու համար։ Ծառ, շուն, մարդ․․․ Նրանց համար տարբերություն չկա։ Ամեն ինչ վերածում են խյուսի ու խողովակներով տալիս դրանց։ Երևի քեզ էլ էր այդ ճակատագիրը սպասում։ 


Բիոհամակարգչի միակ թերությունը օրգանական սննդից կախվածությունն էր։ Դրոնների գործառույթներից մեկը հատուկ ֆերմաներում սպիտակուցներ աճեցնելն ու ուղեղները սնելն էր։ Երևում է հիմնադիրները հաշվի չէին առել, թե որքան արագ է աճելու Վիրտոպիան։ Մարդկությունը շարունակում էր բազմանալ ու նոր աշխարհներ ստեղծել։ Դրա հետ մեկտեղ աճում էր նաև բիոհամակարգիչների ծավալը։ Հավանաբար, սնունդը չէր բավարարում, ու դրոնները ստիպված էին անհրաժեշտ նյութերի նոր աղբյուրներ գտնել։ Մի՞թե Վիրտոպիայում ոչ ոք տեղյակ չէր, որ իրենց դրախտը պահվում է ուրիշների արյան հաշվին։ Միգուցե, Վերին խորհուրդն ամեն ինչ իմացել է ու թաքցրե՞լ:


- Ի՞նչ արեցիք ուղեղների հետ, - հարցրեց Տաոն, թեև արդեն գիտեր պատասխանը։

- Հավաքեցինք եղած պայթուցիկն ու ցրիվ տվեցինք էդ նողկանքը, - պատասխանեց Վարդանը։ - Դրանից հետո տարածքի բոլոր բզեզները կիսաքնած դարձան, կարծես կյանքի իմաստը կորցրեցին: Հերթով վերացրինք բոլորին։ Սա մեր առաջին, բայց ոչ վերջին հաղթանակն էր։ Այսօր կարողացանք երկրորդ մրջնաբույն ներխուժել, բայց դա միայն հետախուզական օպերացիա էր։ Առավոտյան ամբողջ ջոկատով կգրոհենք ու… Երդվում եմ՝ նրանք թանկ կվճարեն Անիի համար։ 


Վարդանը լռեց ու գնաց։


Օրգանական մարդկանց այս խումբը չէր էլ գլխի ընկնում, որ միլիոնավոր մարդկային կյանքեր է ջնջել: Եթե ոչինչ չձեռնարկվեր, առավոտյան աղետը կարող էր կրկնվել:


***

Գրոհին նախորդող գիշերը ոչ ոք չէր քնել։ Ոմանք մաքրում ու նախապատրաստում էին զենքերը։ Ինչ-որ մեկը նվագում էր փայտե երաժշտական գործիքով։ Տաոն զարմանում էր նրանց սառնասրտության վրա: Ի՞նչ մտքեր են հիմա պտտվում այս փխրուն ու կարճակյաց օրգանական մարմիններում: Գիտակցո՞ւմ են, որ մի քանի ժամից կարող են անվերադարձ մեռնել:


Տաոյի ձևական հագուստը չէր պաշտպանում ստորգետնյա սրահի սառնությունից: Տաթևը նկատեց դա ու ժպտալով նրան թիկնոց մեկնեց։ Այդ ժպիտի ու նրա ձեռքի հպման մեջ ինչ-որ յուրահատուկ բան կար, որ Տաոն երբեք չէր զգացել Վիրտոպիայում։ 


Տաոյի աչքում օրգանական մարդիկ վայրենիներ էին թվում, բայց մարդկային կարեկցանքը խորթ չէր նրանց։ Գրեթե անծանոթ մարդու հետ հագուստով կիսվողը կկարողանա՞ բիոհամակարգիչ պայթեցնել, եթե իմանա, որ այդպես միլիոնավոր մարդկանց է սպանելու։ Տաոն որոշեց, որ պետք է պատմի ճշմարտությունը։ Վարդանին պատմելը վտանգավոր էր։ Նա չափազանց ռազմատենչ էր ու նոր էր կորցրել սիրած կնոջը։ Եթե իմանա, թե ում է ճամբար բերել՝ անմիջապես կսպանի։ Բայց Տաթևը․․․Նա կարող էր հասկանալ։


Գտնելով հարմար պահ, երբ Տաթևի կողքին մարդ չկար, Տաոն մոտեցավ ու ամեն ինչ պատմեց։ Տաթևը լսում էր լուռ։ Նրա դեմքին մեկ զարմանք, մեկ թերահավատություն, մեկ զայրույթ էր հայտնվում։ 


- Ծերերը պատմում էին, մարդկային էությունից հրաժարված ու անմարմին ուրվականների վերածված նախնիների մասին, բայց ես չէի հավատում այդ պատմություններին, - ասաց նա՝ լսածը մարսելուց հետո։

- Բիոհամակարգիչների ոչնչացումն իսկական ցեղասպանություն է։ Մի անգամ անցել եմ դրա միջով։ Պետք է կանգնեցնենք վաղվա գրոհն ու թույլ չտանք աղետի կրկնությունը։ 

- Իսկ այն, ինչ ձեր բզեզներն են անում, ցեղասպանություն չէ՞, - վրդովվեց Տաթևը։

- Վիրտոպիացիները մեղավոր չեն։ Մենք նույնիսկ չգիտեինք, որ նյութականում դեռ մարդիկ կան։ Դրոնները նախատեսված չէին սպանելու համար։

- Դու առաջարկում ես ընտրություն կատարել կենդանի մարդկանց ու ուրվականների, իրական աշխարհի ու պատրանքների երկրի միջև։ Բզեզները սպանում են ամեն կենդանի բան, մեզ թողել են առանց սննդի, չեմ հիշում թե երբ եմ վերջին անգամ կենդանի տեսել։ Այսպես երկար չենք դիմանա։ Մրջնաբները վերացնելը միակ փրկությունն է։ Ես նախընտրում եմ փրկել այն, ինչ իրական է։

- Մենք նույնպես իրական ենք։ Մենք մտածում ենք, ուրեմն գոյություն ունենք։ Մեր միտքն է մեզ մարդ դարձնում, ոչ թե այս միսը։ Իրական է այն, ինչ ուզում ես իրական համարել։ Իրականությունը ընդամենը այն է, ինչ ստեղծում են մեր զգայարանները։ Դուք էլ կարող եք միանալ Վիրտոպիային, այնտեղ բոլորի համար էլ տեղ կգտնվի։ Քո թվայնացված գիտակցությունը կազատվի այս սահմանափակ կաղապարից, ստիպված չես լինի ամեն օր կռիվ տալ կյանքի համար։

- Բայց դա արդեն ես չեմ լինի, այլ իմ կրկնօրինակը, այնպես չէ՞։ Իմ տեսանկյունից ամեն ինչ նույնը կմնա։ 


Տաթևի խոսքերը մտածելու տեղիք տվեցին։ Նա, իհարկե, ճիշտ էր։ Օրգանական մարդու գիտակցությունն անբաժան է իր մարմնից։ Հնարավոր չէ այն ուղղակի վերցնել ու տեղափոխել թվային աշխարհ, կարելի է միայն կրկնօրինակել։ Ստացվում է, որ հիմնադիրները պարզապես իրական մարդկանց կրկնօրինակներ էին։ Իսկ ո՞վ  է ինքը, որպես Վիրտոպիայում սինթեզված գիտակցություն։ Միգուցե, հասարակ ԱԲ։


Տաոյի մտորումներն ընդհատեցին ժամապահի բղավոցները։

- Գտե՜լ են մեզ… Բզեզնե՜րը… Գալի՜ս են…


Րոպեներ անց կռվելու ունակ բոլոր մարդիկ արդեն դիրքավորված էին հապճեպ կառուցված բարիկադների հետևում։ Զենքերն ուղղված էին թունելի կողմ, որտեղից լսվում էր հարյուրավոր մետաղյա ոտքերի հետզհետե ուժգնացող դղրդյունը։ Մթության մեջ երևացին գիշատչի աչքեր հիշեցնող լուսարձակող սենսորները։ Գրոհող դրոնների խիտ շարքերը դուրս եկան ստվերից։ Փամփուշտների կարկուտը թափվեց նրանց վրա: Մետաղյա մարմիններից կայծեր էին թռնում, որոշները սկսում էին այրվել ու կանգ էին առնում։ Հետևից եկող դրոնները մի կողմ էին հրում խոցվածներին ու շարունակում գրոհը: Պողպատյա բանակն անկասելի համառությամբ առաջ էր շարժվում։ Դրոնները հասան բարիկադների առաջին շարքին ու ճեղքեցին պաշտպանությունը։ Մահաբեր մեքենաները հերթով բռնում էին մարդկանց, զննում, այնուհետև լազերի մի ճառագայթով վերջ դնում նրանց կյանքին։ 


Դրոններից մի քանիսը շրջապատեցին Տաթևին ու Տաոյին։ Փախչելու հնար չկար։ Փոքրիկ խիզախ կինը պատրաստվում էր հարձակվել առաջին դրոնի վրա, բայց Տաոն հետ պահեց նրան ու պատսպարեց մեջքի հետևում։

Հավերժություն թվացող մի քանի վայրկյան անց կարմիր լույսն ընկավ Տաոյի դեմքին, բայց դա մահաբեր լազեր չէր, այլ սքանավորող ճառագայթ։


- Նույնականացում… Տաո-0068… Վիրտոպիայի օգտատերը հայտնաբերվել է, - արտաբերեց մեխանիկական ձայնը։ - Ձեզ վտանգ է սպառնում, ցանկանո՞ւմ եք տարհանվել։ 


Շոկի առաջին վայրկյաններին հաջորդեց գիտակցումը։ 

- Դուք ենթարկվո՞ւմ եք ինձ, - հարցրեց Տաոն իր առաջ անշարժ կանգնած դրոնին։

- Օգտատերերին ծառայելը մեր գործառույթն է, - պատասխանեց մեքենան։ 

- Դադարեցրեք գրոհը,- կարգադրեց Տաոն։

Նա հայացք նետեց իր շուրջը. հրամանն անիմաստ էր, ամեն ինչ արդեն ավարտվել էր։ Ամենուր այրված դրոնների ու մարդկային մարմինների կույտեր էին։ Վարդանի մարմինն ընկած էր բարիկադի վրա, ձեռքում դեռ սեղմում էր զենքի կոթը։ 

- Ինձ ուղեկցեք գմբեթ, պատրաստեք վերբեռնման սարքավորումները։ 

Ես պետք է վերադառնամ ու ամեն ինչ պատմեմ վիրտոպիացիներին, նրանք պետք է իմանան, թե ով է վճարում իրենց կատարյալ աշխարհի գինը: - Տաոն շրջվեց Տաթևի կողմ, - Դու կարող ես գալ ինձ հետ։ 


Տաթևը ոչինչ չպատասխանեց։ Նա ցատկեց թունելի մեջ ու անհետացավ խավարում։ 


166 views0 comments

Comments


bottom of page