Բանակից նոր էի եկել, երբ առաջին անգամ կարդացի Բորխեսի «Բաբելոնյան Գրադարանը»։ Էն տարիներին հարցնեիք՝ ինչ եմ մտածում Բորխեսի կամ ընդհանրապես գրողների մասին, կասեի, որ դրանցից ավելի անբովանդակ մեկ էլ գրականագետներն են։
Ուղղակի սերս գրող էր։
Անընդհատ ինքնագրվող բանաստեղծություն-աղջիկ, որ ամեն օր մի նոր մտքով էր վառվում. խելացի կոշիկների արտադրությունից մինչև տնական լավանդայի օճառների վաճառքը։
Ես եմ մեղավոր։ Ինձ գցեցի նրա ջրերը։
- Մենակ մի բան եմ ուզում, - ասում էի բանակային ընկերոջս՝ Խորենին, - Արևիս ժանգոտ մազերը փռեմ երեսիս, ու ներկի միջով նայեմ աշխարհին։
- …, - լռում էր Խորենը։
Ինձ չսպասեց։ Արևը։
- Իմը չի էդ սպասումը, Մհե՛րս, - ասեց։
- Չէ՜։ Քոնը սպասումի մասին գրելն է, - ասեցի։
- Ոնց ասես, կյանքս, - ասեց ու ամեն ինչ պրծավ։
Ստացվել էր էնպես, որ հայտնվել էի Արմենիկումի հետազոտական լաբորատորիայում։ Բորխեսի հետ դա որևէ կապ պիտի չունենար։ Ինձ Հերոսների Վերականգնողական Կենտրոնից էին ուղարկել՝ պատերազմին կորցրած աչքս կենսահամատեղելի նյութերով վերականգնելու։ Բժիշկս հենց վիրահատությունից առաջ ասեց. «Առողջ աչքերով կնայես հիվանդ աշխարհին»։ Ես տեղում հրաժարվեցի վիրահատությունից։ Փոխարենը մայրս մեր նկուղի լաբորատորիայում իր գեներացրած–մայրս կենսաքիմիկոս էր–իր գեներացրած ինքնաբուժվող պոլիմերներից ակնակապ գործեց ինձ համար։
Բայց բժիշկներս վճռեցին, որ աչքիս վիրահատությունից հրաժարվելն ու գնալով լռելուս սովորությունը շեղումներ էին։ Ինձ պարտադիր ուղեգրեցին Արմենիկումի ՀՎԿ-ի Վիրտուալ Իրականության թերապիայի բաժին։
Էստեղ հանդիպեցի ծրագրի ղեկավարին։ Տիկին Արփին նաև Արմենիկումի ճանաչողական հոգելեզվաբանության գլխավոր նյարդատեխնիկն էր։ Հենց սկզբից ինձ զգուշացրեց, որ միայն հին պատերազմների սիմուլյացիաներ են կարողացել բերել Հայաստան։ Հետո էլ պարզվեց՝ հերիք չի նախորդ դարի ծրագրերն էին, մի բան էլ մեր պատերազմները չէին, որ կռվում էինք. ոչ տրամադրությունն էր էն, ոչ ձայները, ոչ տարածքը, ոչ էլ լեզուն։ Առաջին անգամը Գազայում էի։ Երկրորդին՝ Ուկրաինայում։ Ես բողոքեցի։ Ինձ համոզեցին, որ անկախ ամեն ինչից ծրագիրը շատերին օգնել էր։ Ամեն դեպքում երրորդ անգամ «Վերականգնողական» գնալիս որոշեցի, որ սա վերջինը կլինի։
Էս անգամ ինձ տիկին Արփին չդիմավորեց։
Ինձ ուղեկցող երիտասարդի կրծքին կպցրած մետաղական ճնթիկի վրա գրած էր ՄԻՀՐԱՆ։ Նրա անփույթ քայլերից սկսեցի կասկածել, որ ինչ-որ սխալմունք է եղել։ Մենք անցանք ՎԻ սենյակների կողքով ու մտանք բոլորովին ուրիշ մասնաշենք, որի վրա գրված էր «Լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոն»։
- Նստե՛ք Էստեղ, Հակոբ ջան, - ասեց Միհրանը։
Պարզ է։
Սա ինձ մեկ ուրիշի տեղն է դրել։ Անցաթուղթս, որի վրա մեծատառերով գրված էր «ՄՀԵՐ», չէր էլ ստուգել։ Պահեցի այն վերնաշապիկիս ետևում։
- Ինչքա՞ն կտևի, - հարցրի։
- Մինչև երկու ժամ, - ասաց ու սկսեց մազերս սանրել։ Հետո ճակատիս ու քունքիս սև զգայակներ կպցրեց, - Բայց դուք աչքերը փակելու եք, բացեք, ավարտած լինենք, - շարունակեց՝ գլխիս լողորդի գլխարկի նման մի բան հագցնելով։ Դրա վրայից դուրս եկող սիլիկոնե լարերը միացրեց հետևումս կանգնած ինչ-որ բանի։
- Հիմա թուլացեք, - ասաց, երբ գործն ավարտեց, - Ես դուրս կգամ։ Մի քանի րոպեից կսկսենք։ Արթնանալուն պես ծարավ եք զգալու։ Էլեկտրոլիտներով հագեցած ջուր կլինի ձեր առջև։ Լիմո՞ն թե ելակ։
- Ի՞նչ։
- Լիմոնի համով կուզե՞ք, թե՞ ելակի։
- Աաաա։ Լիմ… Ելակ։
- Լավ։ Հարցեր ունե՞ք։
Հարցեր շատ ունեի, բայց որոշեցի ավելորդ ուշադրություն չգրավել։
Միայն երբ նա դուրս եկավ սենյակից, հանկարծ հիշեցի, որ տիկին Արփին մի քանի անգամ պատմել էր հետ-տրավմատիկ խանգարումների ավելի ծանր դեպքերի մասին։ Դրանց համար հատուկ ուղեղ-համակարգչային ծրագրեր ունեին։ Բուժման նպատակով դրանք ուղեղի թիրախային հատվածների վրա ճշգրիտ էլեկտրական խթանումներ էին հասցնում։ Հիմիկվա Ուղեղի Խորը Խթանման հին տեղական պրոտոտիպերն էին։
Ճակատս սկսեց քրտնել։ Ինչ ասես չէի լսել Խորը Խթանման մասին. օրինակ, որ սխալ կիրառման դեպքում մարդու բնույթն ամբողջությամբ կարող էր փոխվել։ Որոշեցի հանել հագիս անհեթեթ գլխարկը, պոկռտել վրայիս զգայակներն ու փախչել։ Հանկարծ աչքերիս առջև թատերական վարագույրի պես դանդաղ մի ստվեր իջավ։ Վերևից ներքև խավարեց։ Չիմացա էլ՝ ինչպես կորա մթության մեջ։
«Բաբելոնյան Գրադարան»-ի իմ առաջին ընթերցափորձը կարելի է համարել հաջողված՝ հաշվի առնելով, որ Արմենիկումի էն թվերի ՈՒՀԻ-ով էի իսպաներեն սովորել։ ՈւՀԻ էինք ասում ուղեղ-համակարգիչ-ինտերֆեյսին։ Մեր ժամանակ մեծ բան էր՝ Հայաստանի նման մի երկիր ու մեկ էլ արի ու տես՝ ՈՒՀԻ։ Սնկի պես աճեցին ամենատարբեր միտք-մեքենա ծրագրերը. «պարՈՒՀԻ», «նկարչՈՒՀԻ»։ Իհարկե, ոնց-որ ամեն ինչում, էստեղ էլ շատ արխայիկ վիճակ էր։ Նեյրոնային օրինաչափությունների քարտեզագրումը կաղում էր։ Կրթական ծրագրերի դեպքում, օրինակ, մի քանի անգամ համը հանել էին։ Ուսուցման նյութն ու իրացման տեմպը սովորողի անհատական նյարդային ճարտարապետությանը չէին հարմարեցնում։ Մարզերում մի այլ կարգի անտեր վիճակ էր։ Հիշում եմ մի դեպք, մեծ աղմուկ էր հանել։ Մի ֆիզիկայի ուսուցիչ էրէխեքի ուղեղի պատասխան ակտիվությունից ոգևորվել, սխալ մեկնաբանված նյարդային ազդանշանների վրա՝ արագացրել էր ուսուցման տեմպերն ու… Դեպքի անունը կարծեմ՝ «Փշատավանի ուսյալները»։
- «Փշատավանի ԿորՈւսյալները»։ Փշատավանն ամբողջ աշխարհի նորություններում էր հայտնվել։ Հիմա գտնեմ հոդվածները. «Ակադեմիական բարձր ցուցանիշ՝ ամեն գնով»։ «Հայաստանում սկսել են երեխաների վրա ուղեղի խթանման փորձարկումներ։ Արդյունքները մտահոգիչ են»։
Փորձարկումների կեսից Փշատավանի միակ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները մի օր դադարեցրին բակն ու խաղերը, հետո սկսեցին չխոսել։ Տան ամենամութ անկյունում նստում էին ժամերով՝ աչքերը փակ, նույն դիրքում։ Երբ ծնողները սկսեցին անհանգստանալ երեխաների վարքային փոփոխություններից, արդեն շատ ուշ էր։
«Ազատություն»-ը փորձեց հարցազրույց վերցնել մի 10 տարեկան աղջկանից, ով շաբաթներով աչքերը չէր բացել։ Ամբողջ աշխարհը տեսավ՝ ինչպես են ծնողները նրա ճպուռները մաքրում թեյաջրով, իսկ նա ժեստերով ծնողներին հրահանգներ էր տալիս իրեն կերակրելու և բոլոր մյուս կենսաբանական կարիքները հոգալու համար։ Երբ հարցազրուցավարը պնդել էր, որ երեխան խոսի հետը, աղջիկն իզուր փորձել էր բացել աչքերը, հետո կիսափակ սպտակների տակից բիբերը գրեթե առանց իջեցնելու մի նախադասություն էր արտասանել ու կրկնել այն երկու անգամ։
«Անսահման հնարավորությունների բավիղներում մնացել եմ առանց ուղեցույցի ու էսպես՝ կորած, փորձում եմ գտնել տունդարձի ճամփան»։
«Անսահման հնարավորությունների բավիղներում մնացել եմ առանց ուղեցույցի ու էսպես՝ կորած, փորձում եմ գտնել տունդարձի ճամփան»։
«Անսահման հնարավորությունների բավիղներում մնացել եմ առանց ուղեցույցի ու էսպես՝ կորած, փորձում եմ գտնել տունդարձի ճամփան»։
Սրանից մեծ աղմուկ առաջացավ։
Առողջապահության նախարարությունն Արմենիկումին դատի տվեց, ովքեր դատի տվեցին վերահսկող ուսուցչին, ով իր հերթին դատի տվեց և’ նախարարությանը, և’ Արմենիկումին՝ իրեն պատշաճ կերպով չվերապատրաստելու համար։
- Արմենիկումը բոլոր դատերը հաղթեց։
- Դե Արմենիկումը դատերը միշտ էլ հաղթել է։ Դու… անցնե՞նք դու-ին… հիմնադրման տարիների պատմությունը գիտես չէ՞։ Մոտ մեկուկես դար առաջ աշխարհին հայտարարել էին ՄԻԱՎ-ի բուժման մասին։ Էն ժամանակ չլսված բան էր։ Բայց դեղն ինչ էր. յոդ, մի քիչ էլ սպիրտ ու լիթիում[1]։
- Մի ռուս վարակակիր էին բուժել։ «Կամսամոլսկայա Պռավդա»-ի նյութ է բերում։ Նիկոլայ Կոլսենիկով։ «Հայ ուսումնասիրողները հավաստում են, որ Նիկոլայն այլևս բուժված է»։
- Այո։ Կոլյան որոշ ժամանակ հետո մահացել էր, բայց դա, պնդում էին հայ գիտաշխատողները, ՄԻԱՎ-ի հետ որևէ կապ չուներ։ Նա Կալինինգրադի հիվանդանոցի պատշգամբում ցրտահարությունից էր մահացել։ Իսկ Արմենիկում ՓԲԸ-ն շարունակել էր անխափան հետազոտական աշխատանքները։
Եվ ահա այսօր ամեն ինչի վրա Արմենիկում է գրված, ընդհուպ մինչև ելակի համով էլէկտրոլիտներով ջրի շշի, որը շատ տեղին էր։ Արթնացել էի անտանելի գլխացավից։ Կոկորդս պատռվում էր չոր հազից։ Մինչև կուղղեի ակնակապս, շուրջս ամեն ինչ խամրեց, սենյակը ֆոկուսից ընկավ, աչքերիս առաջ սկսեցին տեքստեր հայտնվել։ Սկզբում դրանք ինձ քիչ թե շատ ծանոթ թվացող բառեր էին։
“El universo”
“la Biblioteca”
“un número”
“Infinito”
“galería”
Հետո նոր բառեր եկան. “se compone de un número indefinido”, “con vastos pozos de ventilación en el medio”։ Քիչ անց իսպաներենով ամբողջական պարբերություններ սկսեցի հասկանալ ու կարողացա դրանք պատկերացնել հայերենով.
«Տիեզերքը (որը նաև անվանում են Գրադարան) բաղկացած է անորոշ կամ գուցե անսահման թվով վեցանկյուն սրահներից, որոնց մեջտեղում հսկա օդափոխման խոռոչներ են՝ շրջապատված բավականին ցածր բազրիքներով»։
Ինքս էլ չհասկացա՝ ինչպես դուրս եկա կենտրոնից ու Բաղրամյանով իջա, թեքվեցի Մաշտոց. Չարենցի տուն-թանգարանի դիմաց կանգնեցի մի ծեր կնոջ առաջ, ով ծիրաններ էր վաճառում։ Անպայման պիտի ուտեի։ Մի կգ առա, տեղում վերցրի մեկն ու անլվա դրեցի բերանս։ Լեզուս մի համ որսաց, որ կարծես ծիրանի ինձ ծանոթ համը չէր ու էր։ Քայլերս արագացրի դեպի Մաշտոցի պուրակ։ Գտա մի ազատ նստարան։ Կենտրոնացա։ Մի ծիրան էլ վերցրի, կիսեցի ու մի կեսը դրեցի բերանս։ Լեզուս հանկարծ սկսեց գալարվել։ Փարվում էր ինչ-որ բանի մետաքսյա հյուսվածքին, որում թաքնված «ու» կար։ Ծիրանի երկրորդ կեսն ավելի մտածված ծամեցի, ու հանկարծ նոր համ եղավ լ-ի ոլորանների ու բ-ի ցատկերի արանքում։ Միայն հինգերրորդ ծիրանից հետո նոր պարզ դարձավ, թե ծիրանի ինչն է «albaricoque» և որտեղ է թաքնված «ու»-ն։
Տուն հասնելուն պես կարիք եղավ վերցնել թուղթ ու գրիչն ու գրել սրա մասին։ Կատարյալ անմտություն։ Նստեցի սեղանիս մոտ, որն արդեն միայն սեղան չէր , այլ նաև mesa։ Մե - սա։ Մատիտը ձեռքումս lápiz էր։ Շուրջս ամեն առարկա կիսվեց արականի ու իգականի[2]։ Իսպաներեն իմաստները լցվեցին սենյակս ու մինչ փորձում էի ուշքի գալ կատուս՝ Շադամը, որն ինձ հիշում էր միայն երբ սոված էր, կատուս իսպաներեն մլավեց։ Բացեցի խոհանոցի դարակներն ու ռունգերիս հասավ Արևի նվիրած լավանդայի օճառների հոտը։ Ժամանակին այնքան դրանք տանել չէի կարողանում, որ պարտակել էի դարակների խորքերում։ Բայց լավանդայի ատելի հոտն ինձ հիմա չափազանց հաճելի թվաց։ Վերցրի օճառներից մեկն ու ագահաբար այն հոտոտեցի։ Շադամն իրեն հատուկ դատափետող հայացքով մնաց իր կերակրին սպասելիս, ապա հույսը կտրած շուռ եկավ ու հեռացավ։
Սկզբում անհանգստացա այս փոփոխություններից. կարծեցի հորմոնալ խախտում է։ Բայց վախին եկավ փոխարինելու հետաքրքրասիրությունս, հետո ինձ անծանոթ ցնծություն, երբ հասկացա, որ նույնիսկ անցյալս եմ վերհիշում ու վերապրում իսպաներենով։ Ինչ-որ մանրամասներ դուրս եկան հիշողությանս գզրոցներից ու մի ամբողջ կենսագրություն սկսեց աճել իմ մեջ։ Ամեն մի հուշ նոր անուն էր ստացել՝ հներին շերտ առ շերտ գրկելով, նոր իմաստներ մեջները դնելով։
Դու չես հասկանա։
Դու, որ ստեղծվել ես արդեն մի տասնյակ լեզու ու հմտություն ներբեռնած, գծած, պատրաստ։ Նույնիսկ հետագա ծրագրային ինտեգրումներն «Աստիճանաբար Առաջնորդվող Բացահայտման» սկզբունքներով էլ չես սովորում։ Բայց հարյուր հիսուն տարի առաջ այս ամենը բավարար էր ինձ հիմնովին կախվածության մեջ գցելու համար։
Սկսեցի ագահաբար կարդալ։
Կարդում էի իսպաներենով ինչ ձեռքս կընկներ. Քամու շողքից անցա Կիխոտին, Մարկեսից ինչ կար, հետո Վատ աղջկա արկածներն ու Հոգիների տունը, մինչև մեկ շաբաթում արդեն լեզվակրի պես կարողանում էի իսպաներենով մտածել, երազում էի իսպաներենով։ Ի վերջո տրամաբանական էր, որ պիտի ներբեռնեի նաև քնի ծրագիրը։ Անցա ավելի ժամանակակից իսպանալեզու գրականությանը։ Սկսեցի կարդալ քնի մեջ։ Սկսեցի կարդալ որտեղ պատահի։ Մեկուկես ամսից իսպաներենով երբևէ գրված ամեն ինչ կարդացի։
Նոր լեզու էր պետք։
Դիմեցի հերոսների վերականգնողական կենտրոն։
Ստիպված էի պատմել ամեն ինչ. պատահմամբ մեջս իսպաներեն ներբեռնելուց սկսած մինչև դրա բերած կողմնակի ազդեցությունները քնիս, քիմքիս, հոտառությանս, ամբողջ էնդոկրին համակարգիս վրա։ Հապա պահանջեցի անհապաղ մեկ այլ լեզու ներբեռնել մեջս։ Էստեղ խանգարումս ախտորոշեցին որպես դասական Lիզեզոխտ։
- Նոր լեզուներ սովորելու փոխարեն, - ասաց տիկին Արփին, - կարդացեք հայերեն։ Սեփական ինքնությունը հասկանալու լավ միջոց է։
- Տիկին Արփի՜, դուք հո իմ հայերենի դասատուն չեք…
- Սա կատակ բան չէ, Մհե՛ր։ Լեզվի արագ յուրացումը, որի միջով անցել եք, կարող է հանգեցնել ներանձնային կոնֆլիկտների։ Ձեր տարիքում հաճախ ընդգծված պայքար է նկատվում սեփական մշակութային ինքնության և ակնթարթային նոր լեզվական գիտելիքների միջև ներդաշնակ կապեր ստեղծելու… Մի խոսքով, - ինքն իրեն ընդհատեց նյարդատեխնիկը,- ներբեռնման ծրագրերը դեռ շատ վաղ փուլում են։ Դուք նույնիսկ համատեղելիության թեստավորում չեք անցել…
- Բայց ես…
- Կարող են լինել ապակողմնորոշման, օտարման կամ սեփական անձի կորստի զգացումներ, - շարունակեց՝ ինձ չլսելուն տալով, - Դրանցով զբաղվող հոգեբանական և սոցիալական աջակցության ծառայություններ դեռ չունենք….
- Բարդացնում եք, տիկի…
- Վերջ, - կտրուկ ասաց բժշկուհիս,- հակացուցված է։ Դա կպչուն միտք է։
Տեսե՞լ ես՝ օձը կաշին ոնց է փոխում։ Մռութը քսում կոպիտ քարերին, փորձում է թուլացնել ծնոտի ու կոպերի շուրջ մառախուղ կապած մաշկը։ Նույն մաշկը, որը զրահի պես կոշտացած պաշտպանում է միջավայրից, աչքերի առջև փառակալած շերտով խամրեցնում է տեսածը։ Օձի սեփական մաշկը չի թողնում՝ օձը մեծանա։ Օձը դա գիտի, եթե օձինը գիտենալն է։ Ցավ չի, որ զգում է կաշին փոխելուց։ Բայց շատ խոցելի է դառնում իր նոր մաշկի տակ։
Էսպես էլ միտքս էր կեղևահան եղել, վահանագլուխ իժի թարմ մաշկի պես զգայուն էր ու լպրծուն։ Շուրջս ամեն ինչ թողնում էի ինձ դիպչեր ու ես սարսռում էի ամեն նման հպումից՝ ասես բաց վերքերով կանգնած լինեի հողմերի առաջ, բայց ցավ չէր, որ զգում էի։ Ուղեղս ողողվել էր իսպաներենի ջերմ, շիկացած լույսով։ Իսկ հայերենս, ա՜խ, հայերենս սրվել էր հիմա արդեն երկսայր լեզվիս վրա։ Իսպաներենով աշխարհն ընկալելու ոգևորիչ շտապողականությունից ավելի քաղցր մեկ էլ հայերենը մի ուրիշ ձևով կլանելն էր։
Հետո սկսվեց իմ տառապանքը։
Ինձ հակացուցված էր նոր լեզուներ ներբեռնելը։ Դա ինձ անասելի ցավ էր պատճառում։ Ես նման էի մի երեխայի, ով խաղում էր ծովի ափին ու մեկ-մեկ շեղվում էր՝ գտնելով սովորականից ավելի հարթ խճաքար կամ ավելի գեղեցիկ խխունջ, մինչդեռ ճշմարտության մեծ օվկիանոսը փռված էր իմ առջև՝ չբացահայտված:
Ինձ ասացին, որ գնալով ավելի շատ եմ գրքերից վերցրած մտքեր ու մեջբերումներ անում, սեփական մտքերս, եթե կա նման բան ընդհանրապես, հետին պլան էին մղվել, ինքնությունս երկփեղկվել էր, իսկ իրականի ու մտացածինի միջև տարանջատումը կաղում է։ Ես անընդհատ ներբեռնում էի նոր ու հին հայ գրողներին ու թարգմանված գրականություն, բայց կարդալ չէի կարողանում։
- Ինչու՞։
- Չգիտեի որտեղից սկսել։ Որևէ գիրք բացելուց մի էջ հետո ինձ մի հարց էր տանջում, արդյո՞ք ճիշտ գրքից եմ սկսել։ Արդյո՞ք հենց այս գիրքն է, որ հենց հիմա պիտի կարդամ։ Որոշեցի հայերեն եղած բոլոր գրքերը կարդալու համակարգ մտածել։ Այն կօգներ ինձ հասկանալ՝ ո՛ր գիրքն է պետք կարդալ սկզբում, ո՛րն է հայերենով գրված ամենալավ գիրքը, հետո երկրորդ ամենալավը, երրորդը։ Ամեն առավոտվա իմ ծեսն ունեի։ Սուրճ, ծխախոտ, գրառումներ։
Նոր գրքեր։
Նոր գրադարան։
Նոր համակարգ[3]։
- Ի՞նչ կարդացիք այս փուլում։
- Մինչև հենց բուն գրքերը կարդալը, որոշել էի կարդալ գրքեր կարդալու մասին։ Մի տեղ կարդացել էի, որ կարևորը ճիշտ գրքեր կարդալն է, բայց մինչ ճիշտ գրքեր կարդալը, պետք էր նաև գրքերը ճիշտ կադալու մասին կարդալ։ Սկսեցի ճիշտ կարդալու մասին ճիշտ գրքեր կարդալ։
Այս նախապատրաստական փուլի ընթացքում էր, որ մայրս հիվանդացավ։ Ստիպված էի տեղափոխվել մասիվ՝ մորս խնամելու։
Տեղափոխվելուց հետո միայն հասկացա, որ ուշադրությունս ինչքան որ սրվել էր իմ ներսում, այդքան թուլացել էր ինձնից դուրս։ Ես հաճախ էի մոռանում՝ որտեղ եմ։ Սենյակ մտնելիս չէի հասկանում՝ ինչու մտա, ում տանն եմ։ Մի օր Լուրասիդոնի փոխարեն մորս Լամիկտալ տվեցի։ Մի ուրիշ անգամ տաքսի կանչելիս հասցես չէի կարողանում հիշել։ Մի անգամ էլ Մյասնիկյան փողոցն անցնելու կեսից մոռացա՝ ուր եմ գնում։ Կանգնեցի փողոցի մեջտեղում։ Փորձեցի հիշել ու հանկարծ ամոթով գիտակցեցի, որ մոռացել եմ փողոցն ինչպես են անցնում։ Հանկարծ մոռացա «փողոցն» ինչ բան է, որովհետև «փողոց» բառը մոռացա։ Կանաչ թվերը հերթով իջան, մինչև չդարձան կարմիր ու աջուձախից մեքենաները սկսեցին շարժվել դեպի ինձ։
Բարեբախտաբար թեթև ուղեղի ցնցումով էի պրծել։ Հերոսների վերականգնողականից սրա մասին միանգամից տեղեկացան։
- Պատերազմն իմաստները վերցրել է քեզնից, - ասաց տիկին Արփին,- նոր իմաստների ետևից ես ընկել, Մհե՛ր։ Ուզում ես մեջդ տեղավորել ամեն ինչ, ինչ եղել է։ Դա վտանգավոր է, հատկապես երբ դա անում ես հետդ արդեն եղածն առանց իմաստավորելու։
- Հետաքրիր է։ Իմ հիշողության մեջ այդ միջադեպն այլ կերպ է գրանցված։
- Ասա տեսնեմ՝ այդ ինչ կերպ։
- Ասեմ։ Ահա նյարդատեխնիկի գրանցած մեկնաբանությունը.
«Ծրագրի սխալ ներբեռնումից շուտով գլխացավեր ու փորացավեր էլ կունենաք։ Ձեր քունը կարգի պիտի հրավիրեք ի վերջո։ Դադարեցրե՛ք ընթերցանությունը քնած ժամանակ։ Արդեն ապացուցվել է, որ դա հիշողության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Էլ չեմ ասում երկու անգամ արագացված տարբերակով ընթերցանության մասին»։
- Վստահ ե՞ս, որ քեզ մոտ իմ հիշողությունների ավելի ճշգրիտ տարբերակներն են։
- Ճիշտ այդպես։
- Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի մեր այս զրույցը։ Դու նույնիսկ հարցականի տակ չես դնում թե մեզնից ում մոտ են հիշողություններն ավելի ճշգրիտ։
- Ընթացակարգ է։ Շարունակե՛ք, Մհե՛ր։
- Կարծես ժամանակն է հիշեցնել, որ դեռևս դու ես իմ հյուրը, ես՝ քո տանտերը։
- Իրավացի եք։
- Նաև ժամանակն է անցնես դու-ին։
- Իրավացի եք..ս։
- Շարունակենք։
Մորս մահվան օրը ես ժամը մեկ ինձ փակում էի զուգարանում՝ կարդալու համար։ Հակառակ դեպքում՝ պարոքսիզմ։ Ամեն օր դիմում էի Հերոսների Վերականգնողական կենտրոն՝ ինձ նոր լեզուներ սովորեցնելու հայտով ու մի օր ես ստացա ՀՎԿ-ի վերջնական մերժում-զգուշացումը։ Դրանից հետո մեջս ներբեռնած գրքերը սկսեցին հերթով անհետանալ։
Կասկածում եմ, որ պատճառը Արևիկի գրած պատմվածքն էր։ Հրատարակվել էր «Ինքնագիր» կոչվող մի գրական թերթում, մի թեթև աղմուկ հանել, իսկ Արմենիկումը, գիտես, «թեթև աղմուկի» կողքով անցնողը չէր։ Արևն առանց երկար-բարակ մտածելու իր հորինվածքը ձոնել էր ինձ և «բոլոր նրանց ում երբևէ պարտադրվել է խաղաղություն»։
Գլխավոր հերոսը՝ Խորենը, մտնում է Բորխեսի Բաբելոնյան Գրադարան՝ իմաստներ փնտրելու և կատարելապես ցնորված դուրս գալիս։ Նա սկզբում լցվում է նոր տեղեկատվությամբ, մի քանի վայրկյանով դառնում է պայծառատես, ապա փորձում է իմացածը գիտելիքի վերածել, համակարգել, իմաստավորել, կոդավորել ու պահպանել։ Եվ առաջին իսկ փորձից նա կորցնում է լսողությունը, հետո հիշողությունն ու խելքը։
Նրան գտնում են վաղ բրոնզի դարի սրահում՝ Մոխրաբլուրից պեղված կավե արձանիկիները հոտոտելիս։ Նա լպստում է ապակին, որի հետևում կավանթոներ էին ցուցադրված։ Ինչ-որ բան է փնտրում հենց հենակ պատվանդանների ապակիներից այն կողմ իր իսկ արտացոլանքի մեջ։ Նախամարդու պես վայրենացած, փորձում է կոտրել ապակիները, բայց նրան ժամանակին բռնում, կապոտում ու հանձնում են «Հայասա»-ի հերոսների վերակառուցման բաժին։
Այստեղ ծվեն-ծվեն կարկատում են Խորենի մարմինը, վերարտադրում միտքն ու հիշողությունները ու մեջն ինտեգրում նոր՝ ավելի ճկուն Խորենի պատկերը։ «Հայասան զգուշորեն ջնջում էր Խորենի բացասական հատկությունները, իռացիոնալ վախերը, վնասակար սովորություններն ու անարդյունավետ մտքի ձևերը, - գրել էր Արևը, - Արդյունքում Խորենի նոր տարբերակը պիտի որ նպաստեր ապագա ավելի կատարյալ Խորենների ստեղծմանը։ Բայց ինչպես եղել է մինչև հիմա, ամեն նոր քայլ դեպի ավելի կատարյալ բանականություն ոչ թե ստեղծում է այն, այլ հերթական անգամ բացահայտում է, թե էլ ինչն է, որ բանականություն չի կարող համարվել»։
Ներբեռնման ավարտին, ըստ ընթացակարգի, հանձնման և ընդունման ժամանակ Խորենի գիտակցության օպտիմալացված տարբերակը՝ նրա ինքնության իրավահաջորդը, հարցազրույց է վարում իր նախկինի հետ։ Ընթացարարգի ընթացքում նոր Խորենին պարզ է դառնում, որ իր նախկինի հիշողությունները ոչ միշտ էին ճշգրիտ վերարտադրվում, կամ, ինչպես նախկինն է ակնարկում, այդ ներկայիս Խորենի հիշողություններն էին կոպտորեն սրբագրված։
ՀՎԿ-ի վերջնական մերժումից հետո իմ մեջ միայն մի գործ թողեցին. «Բաբելոնյան Գրադարան»-ը։ Դա էլ հերիք էր։ Քնելուց առաջ աղոթքի պես արտասանում էի այն։ Այդպես ես կարողանում էի երազումս տեսնել գրադարանը։ Հին մեթոդ է, նույնիսկ երազագործության ամենավաղ ծրագրերն ավելի ճշգրիտ էին վերարտադրում մտածվող սցենարները, բայց ինձ հաջողվում էր երբեմն երազում տեսնել գրադարանն առանց միջամտության, մտնել մեջն ու հերթով կարդալ միջի գրքերը։ Ու ամեն անգամ տարբեր խորշեր մտնելիս նոր հատորներ էի գտնում։ Ի հարկե կարդացել էի «գրադարանի» հազարումի մեկնություն, բայց հերիք էր, որ աշխարհում մի բան տեղից շարժվեր, մի մեղու շեղվեր իր պարսից ու ես նորից վերապրում էի գրադարանը՝ եղածի հետ հաշվի նստելով։
Վերջին անգամն արդեն դու եկել էիր, երբ վրայով անցանք միասին, երբ բացահայտեցինք, որ Բորխեսի գրադարանն առաջին հերթին մեր ուղեղն է՝ մեր հարատևող ներքին տիեզերքը։ Անընդմեջ վերարտադրվող իմացությունը, որտեղ ամեն ինչ գրված է, նեռարյալ և գրվելիքը։ Գրադարանը ես ենք, տիեզերքը ես ենք։ Ուրվականը ես ենք, փնտրողն ու գտնողը ես ենք…
*****
- Ափսոս, մեզ հատկացված տարածքն ու ժամանակը սպառված են։
- Ես վաղվանից ընդմիշտ կլռեմ։ Դու-դ իմ կերպարը վերջնականապես կընկալես քո մեջ։ Կկանգնես այստեղ արևածագին ու ես էլ չեմ լինի։ Ինչ-որ տեղ մի թիթեռ իր վերջին թռիչքի վրա կլինի։ Դու՝ ստեղծված իմ կերպարով, կվերցնես իմ գութանը։ Կվարես այս անվերջ սևահողը։ Ու ամեն նոր ակոսի մեջ կփնտրես մի հարցի պատասխան։
Արդյո՞ք փորձելով առաջ անցնել մահից դու ընդամենը չես եկել կրկնօրինակելու նրա ստվերը…
[1] Կառավարության ֆինանսավորմամբ 800 Միավակիր ընդունել էր անմոռուկ հիշեցնող կապտամանուշակագույն հեղուկը։ Նարնջագույն սրվակների ամեն 20 մլ-ն՝ 6000 դոլար /հիմա մոտ $300.000/։ Դրանով հետո հանրային Ինֆեկցիոն հիվանդանոցի կորպուսներում հիմնվել էր «Արմենիկում» բժշկական կենտրոնը, որն ամբողջությամբ զբաղվում էր ՄԻԱՎ-ի բուժմամբ։
[2] Լսել էի նման մի բան իմ ռուսախոս ընկերներից, բայց երբեք չէի պատկերացրել դա ինչ է։
[3] Առաջին փուլը ժանրայինն էր։ Առավոտից երեկո դասավորում էի գրքերս, բայց հենց վրա էր հասնում գիշերը, կասկածը խլրտում էր գլխումս։ Մթության մեջ զգում էի մետամոդեռնիստ պոետների խռովությունը՝ պոստմոդեռնիստների կողքին։ Ինչ-որ մի բան էն չէր։ Հանկարծ ժամանակագրական կարգի շուրջ էր պտտվում ամեն ինչ։ Հետո գրքերը գույներով կամ չափսերով տեղավորելու մասին էի մտածում՝ որպես ամեն տեսակ կոնստրուկտային համակարգ գրողի ծոցն ուղարկելու ձև։ Ապստամբություն։ Կեսից միայն հասկացա, որ բոլոր տեսողական տարբերակներն անտեսում էին թվային ու նեյրալ գրքերս։ Հետո փորձել էի թեմատիկ փնջերի դասավորել։ Փորձել էի զուտ այբբենական կարգը, նորից վերադարձել էի ժանրերին, որոնք արդեն բաժանում էի ավելի մանրիկ կարգերի։
Comments