top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Վահագն», հեղինակ՝ Շահանե



Արամն այն պատվախնդիր հայերից էր, ում համար աշխարհի կենտրոնը, սկիզբն ու վերջը Լեռնահայաստանն էր։ Անխախտելի, անքննելի միակ օրենքը մինչև վերջին շունչը ծառայել ազգին ու մայր հողին։ Գլուխ խոնարհել միայն Աստծո տաճարում, սուրբ խորանի առաջ ու Բարձրյալի սուրբ անունը շուրթերին։ Այս խենթ հայրենասերը չէր կարող հանդուրժել, որ համագյուղացիները ֆիդային Արամի հետևից ծաղրական խոսքեր ասեին կամ ծիծաղեին, ինչ է Աստված իրեն ու իր Աննային երկու աղջիկ էր պարգև արել։ Ինչ անեին խեղճերը, որ իրենց բախտ չէր վիճակվել ազգի համար զինվոր ծնել, սնել, դաստիարակել ու պարգև անել հայրենիքին։ Չէ որ ամեն անգամ մարտակոչին առաջին արձագանքողը Արամները, ձմռան ցուրտ օրերին հայդուկների համար տաք գուլպա գործողը Արամի Անահիտ մայրն էր, կռվող տղերքի համար թոնրի լավաշ թխողն ու հարիս եփողն իր սուրբ Աննան էր։ Բքի հետ կռիվ տվող, լեռնալանջերի մեջ ընկնող- բարձրացողը, արյունոտ ծնկներով, արմունկներով, ցրտից ճաքճքված այտերով թաքստող հասնողներն իր անվախ դստրիկներն են։ ՉԷ ու էլի չէ։ Մարդը մեղավոր է, որ բնության դեմ կռիվ տալ չի կարող ու արու զավակ ունենալ։ Ա՜խր նա պատրաստ է Աստծո տաճարի ամեն քար ու սրբապատկեր համբուրել իրեն նվիրած աստվածային հայուհիների համար։ Նրանք չքնաղ էին ավելի, քան առավոտյան ցողը ոսկեզօծ հասկի թերթերին, արշալույսը՝  լազուր երկինքը  ճեղքելիս։ Բայց նրանք զինվոր չէին, չէ, այլ ապագայում, գուցե, զինվոր, մարտիկ ծնող հայ մայրեր։ Աղջիկները կարծես երկնային հրեշտակներ լինեին շինական Արամին արված։    Աղջիկներից մեծը՝ Աստղիկը, բարակիրան, գեղանի օրիորդ էր, երկար հյուսերով, սև, ածխե աչքերով, հաստ հոնքերով և երկար կախարդիչ թարթիչենով։ Նա աչքի էր ընկնում խոհեմ  դատողությամբ և տարիքին ոչ հարիր լրջությամբ, որովհետև ամբողջ ժամանակն անց էր կացնում գյուղի ժամում՝ եկեղեցական մատյանների ձեռագրերն արտագրելով ու մինչ ուշ գիշեր սերտելով։ Նա մեծ զգուշությամբ էր անմեղ իր բերանն առնում հայկական տաղերն ու շարականները։ Աստղիկը հոր հույսն էր ու հպարտությունը, նրա պատիվն ու արժանապատվությունը։


 Փոքրը՝ Արևիկը, մեկ բառով ասած բոլորի ուրախությունն էր։ Նա ոսկե գանգուրներով, կապույտ աչքերով, կարմիր այտերով հրե աղջնակ էր, ով իր զրնգուն ծիծաղով լցնում էր հայրական տունն ու բակը, գյուղի փողոցները։ Նա իր խենթությամբ լուսավորում էր գյուղացիների միապաղաղ ու ձանձրալի կյանքը։ Ջերմացնում Արամ հոր կոշտ հոգին ու ժպիտ նկարում նրա կնճռապատ, արևից խանձված տխուր դեմքին։


Նա աշխատանքից կոշտացած ձեռքերով փակել էր արցունքով լի աչքերը, թիկնել քարե սալին՝ կարծես փորձում էր տարրալուծվել մայր հողին ու անէանալ մայրամուտի վերջին ցոլքերի հետ։ Նրա համար ծանր էր բնության և Աստծո նախախնամությունն իր, կնոջ և ընտանիքի համր։ Աշնան տխուր մեղեդին քարացել էր ականջներում և ծանրացել առանց այդ էլ տանջալլուկ հոգուն։ Քամին անտառի խորքերից հավաքում, թևին առնում, ապա շուրջպար բռնած սահում էր  քարափներն ի վար ու բնության ողջ ներկապնակով զարդարում շուջբոլորը։ Կարծես՝ Արամին համոզելով, որ կյանքը հիասքանչ է, անգամ, եթե որոշների համոզմամբ կատարյալ չէ։ Քամին հետզհետե ուժգնանում էր, ու նրա մեղմ սահքը վեր էր ածվում անսանձ վարգի։ Այն աստիճանաբար թափանցում էր Արամի ոսկորների մեջ ու սթափեցնում նրա  խճճված, թանձրացած մտքերը, որպեսզի վերադարձնի իրականություն, ուր իր գյուղական տնակն էր, սիրելի չորս կանայք, իր ձեռքերով գցած փոքրիկ այգին, անդավաճան գամփռը՝ Արջուկն, ու  հրե նժույգը՝ Կարպիսը։


Նա կամացուկ բացեց ծանրացած կոպերն ու դանդաղ քայլով իջավ դեպի գյուղի  ժամը։ Գլխիկոր մտավ մատուռ և ծնկի եկավ տիրամոր սրբապատկերի առաջ։


-Ո՜վ Սուրբ Տիրամայր, օգնի՛ր մեզ, խնդրում եմ։ Օգնի՛ր ծնել զինվոր որդի, ով կփրկի իր Արամ հոր  ոտնատակ արված պատիվն ու ինքնասիրությունը։ Ես չեմ ուզում, որ գյուղի կանայք խեթ-խեթ հայացքներ նետեն իմ Աննայի ու չքնաղ դուստրերիս ետևից, կարծես թե ակնարկելով, որ նրանք երկրորդ կարգի մարդիկ են։ Առաջինը, որ ի զորու չէ առյուծ որդի ծնելու, երկրորդները, որ հավերժ կմնան անհենարան ու առանց պաշտպանի։ Տիրամայր, գթա իմ խեղճ ընտանիքին ու պարգև արա մեր բաղձալի, այդչափ փափագելի որդուն։ Խոստանում եմ հավերժ ծառա մնալ ազգիս ու Աստծուս։


Արամը սրբեց կարմրած աչքերում քարացած բյուրեղյա արցունքներն ու տուն դարձավ։ Նա քայլում էր լուռ, գլխիկոր՝ ժամանակ առ ժամանակ հայացքն ուղղելով դեպի աստղազարդ երկինքը, որը սովորականից ավելի խորհրդավոր էր ու պայծառ։ Այնտեղ, կարծես, ամեն աստղ հատուկ դասավորություն էր ստացել և բոլորն իրար լրացնելով ներկայացնում էին աստվածային համայնպատկերը՝ դա հրաշք փոքրիկ էր, որ տարածել էր թմբլիկ թաթիկները հորիզոնի վրա ու փորձում էր անանց հեռուներից գրկել մայր հողը ու սեր տարածել։ Արամի սիրտը կծկվեց ցավից, որովհետև նրա երազանքն իրենից հեռու էր այնքան ոտնաչափ, որքան, որ երկինքն ու երկիրն իրարից։ Նա ձեռքերը երկինք պարզեց ու տխուր ժպիտով հրաժեշտ տվեց իր խաբկանքին, իր աստվածային <<որդուն>>։


Արամը հրաժարվեց տաք լավաշից , պանրից ու սարերի բույրով արբեցած ուրձի անուշաբույր թեյից։ Նա պառկեց թախտին և երազի թևով նորից հասավ աստղազարդ երկինք, դեպի փափլիկ տղան, որ հրե աչքերով նայում էր դեպի իր խեղճացած հոգու փակ անկյուններն ու մերկացնում խնամքով պահված թանկագին երազանքները։


Գիշերվա հրաշքները բոլորի համար չեն։Ընտրյալների համար են պահված կախարդիչ աստղերի գիշերային հրաշքները, որոնք իմաստալից են դառնում Աստծո պատգամներով, խրատներով և անբացատրելի հուշումներով։


Աննայի անխռով դեմքին գիշերվա խավարի մեջ նշմարվում էր հրեշտակային ժպիտը, քանի որ իր լուսե երազում Սուրբ Տիրամայրն իր գիրկն էր հանձնում ոսկեգանգուր մանկիկին․


-Դուստր իմ, Աննա, քեզ եմ հանձնում այս հրե զավակին, որ լուսով լցնի քո և Արամի հոգու խավարը, երջանկությամբ լցնի շենդ ու երկիրդ, գլխատի մայր հողիդ դարավոր թշնամուն և ազատություն պարգևի խեղճ ժողովրդիր, բայց հիշիր, որ որդիդ, ու կկնքես Վահագն, պետք է իր վերջին, ահեղ մարտից հետո վերադառնա նորից իմ գիրկը՝ որպես երկնային բանակի հզոր մարտիկ, որովհետև հրեշտակների տեղը դրախտում է, երբ երկրի վրա նրանք ավարտում են իրենց սուրբ առաքելությունը։ Երբ նա դառնա քսաներկու տարեկան, դուք նրան կհանձնեք իմ և ձեր միջև գոյություն ունեցող  միակ միջնորդին՝ մայր հողին, իսկ նա ինձ կփոխանցի իմ հրե զինվորին։


Աննան արթնացավ բոլորից վաղ։ Անգամ դեռ արևը չէր հասցրել իր հրե շողերով ճեղքել թանձրացած խավարի սիրտը։ Նրա ճակատին քարացել էին սառած քրտինքի մարգարտե շարերը, իսկ սրտի զարկերն այնքան արագ էին , ինչպես երեկոյան հանդից վերադարձող ձիերի երամակների սմբակների դոփյունը կապտավուն քարասալերին։ Նա հազիվ էր զսպում հուզմունքը, որ չհեկեկա մարգարեական երազի բերկրանքից և դրա ավարտին լսած գուժաբեր բառերին․<<-Քսաներկու տարի կվայելեք ձեր որդու ներկայությունը։ Քսաներկու տարեկանում ետ կվերադարձնեք ինձ՝ երկինք>>։ Այդ բառերը քարացալ էին փոքրամարմին կնոջ ականջների մեջ և արգելափակել մտքի ամեն տեսակ դատողությունը։ Նա կամացուկ սահելով դուրս եկավ վերմակի տակից, անձայն քայլերով դուրս եկավ բակ։ Նրա ոտքերը կարծես թե բամբակից շինված լինեին ու չէին կարողանում ուղիղ կանգնել կամ իրենց վրա կրել անկշռելիության հասնող վտիտ մարմինը։ Նրա դեմքին քարացել էին՝ սպասումի, հավատի, վշտի , ցավի գույներով միախառնված բարալիկ դիմամկաները ։ Նա անարձագանք էր աշխարհին այս անեզր աշխարհի մեջ։ Նա դեռ չէր ծնել որդի, բայց գիտեր, որ երազի կյանքի կոչվելու դեպքում նա պարտավոր կլինի ճաշակել նաև դրա դժոխային ավարտը։ Նա լուռ էր։ Նա լռեց, երբ արթնացավ Արամը, ապա աղջիկները։ Աննան չհամարձակվեց կիսվել իր գիշերային տեսիլքով։


Անցան երկար ու ձիգ ինն ամիսները ։ Աստվածամոր բարեգթությմաբ և Արամի անվերջանալի աղոթքներով լույս աշխարհ եկավ Արամի գանգրահեր, արև որդին, ում իր գիրկն առնելուն պես Արամը գոչեց․


-Ծնվեց, ծնվեց իմ ռազմի աստվածը, ծնվեց իմ Վահագն որդին։


Աննան այնքան ուժասպառ էր, որ չկարողացավ հակառակվել Արամին, բայց արցունքի երկու կաթիլ արագ սահեցին նրա մարմարե այտերի վրայով ու անէացան սևորակ երկար վարսերի մեջ՝ խեղդելով նրա երջանկությունը ։Նորածինն իր փափլիկ թաթիկներով հպվեց մոր վարդե շուրթերին՝ կարծես փորձելով ջերմացնել վախից կուչ եկած սիրտն ու հոգին, համոզել, որ դա երազ էր, տեսիլք։ Իրականն ինքն է, իր զրնգուն ճիչն ու ծովի պես խաղաղ կապուտակ աչքերը, ձյունի պես ճերմակ մաշկը ։ Կինը հանդարտվեց, ապա ամուր գրկեց ու կրծքին սեղմեց իր երկար սպասված ձագին՝ համբույրներ դրոշմելով նրա վառվռուն այտերին։ Երջանկությունը տիրեց Արամի տանն ու գյուղին։ Նրանք երեք օր քեֆ, ուրախություն կազմակերպեցին, մատաղ արեցին հնամենի ժամի բակում, որ իրենց աղոթքները վերջապես երկինք հասան։


Վահագնը մեծանում էր ժամ առ ժամ։ Նա խելացի աչուկներով նայում էր հոր դեմքին, ապա նրա դեմքին մեկնում թմբլիկ թաթիկներն ու ջերմությամբ լուսավորում հոր դեմքը։ Փոքրիկը խառնում էր,խաղում էր նրա մազերի հետ, ապա տնեցիներին վարակում իր հակարծահաս անսաստ ծիծաղով։


Օրվա որոշ մասը նստում էր Անահիտ տատի ոտքերի տակ ու խճճում նրա ճնամքով փաթաթված կծիկը։ Չարաճճի փիսիկի պես գլորվում էր մեկ աջ, մեկ ձախ, կամ էլ թելը ձգում էր դեպի բակի թթենին ու կապում շվաքում պառկած Արջուկի պոչին։ Խեղճ կենդանին անխռով ենթարկվում էր տղայի խաղերին, քաշքշոցին, պտույտներին իր պոչիկի շուրջը։ Սպասում էր այնքան, մինչև փոքրիկը հոգնում էր իր խաղից ու մում-մուշ քուն մտնում հավատարիմ գամփռի տաքուկ մորթու վրա։


Աստղիկն ու Արևն էլ անմասն չէին մնում չարաճճի տղայի խորամանկ խաղերից, երբ գորգի նախշերը հանելիս քույրերն ուշադիր հատերն էին հաշվում վահագն իրար էր կապում քույրերի երկար ծամերն ու քրքջում նրանց ծղրտոցից, երբ փորձում էին կանգել ու տեղերով փոխվել։ Վահագնի համար այդ ծամերը գիշերվա ու ցերեկվա տրամաբանական հերթափոխն էին հիշեցնում, որովհետևը Աստղի մազերը սև էին, քան ամենախավար գիշերն աշխարհում, իսկ Արևինը՝ ոսկեգույն և փայլուն, քան արևի հրե շողերը։


Տանը ոչ-ոք չէր բարկանում Վահագնի վրա, չէ, որ նրան երկար էին սպասել, հենց նրան էին սպասել, այդ լուսավոր, չարաճճի թմբլիկ տղային։


            Վահագն իր տարեկիցներից խելացի էր, առույգ, կողմնորոշվող, ուժեռ ու տարբերվող։ Արդեն հինգ տարեկանում առանց թամբքի հեծնում էր Կարպիսին ու իր հավատարիմ Արջուկի ուղեկցությամբ չափում Լեռնահայաստանի հպարտ լեռնաշխարհը։ Նա սլանում էր քամու թևով դեպի դրախտային ծաղկեպատ դաշտերն, ապա նույնքան էլ արագ վերադառնում տուն Աննա մայրիկի սիրելի նարգիզների խնամքով հավաքված փունջը ձեռքին։ Նա վարժ հեծյալի նման թռչում էր Կարպիսի մեջքից ու վազում մոր սիրառատ գիրկն ու համբուրում նրա  այտը, որը թոնրի ջերմությունից ավելի տաք էր թվում , քան առավոտյան, երբ Աննան հպվելով տղայի սիրունիկ դեմքին փորձում էր արթնացնել ու կանչել նախաճաշի։

Վահագն ամեն օր Աստղիկի հետ գնում էր գյուղի ժամը։ Մինչ քույրն արտագրում էր ձեռագիր մատյանները տղան խորաթափանց հայացքով զննում էր տառերն ու նշանները։  Բոլորի զարմանքն ավելի մեծացավ , երբ յոթ տարեկան  հասակում փոքրիկ Վահագնը սկսեց արտասանել այբուբենը, երգել եկեղեցական շարականներն ու կարդալ գյուղի սրբավայրերի հին ու անհասկանալի արձանագրությունները։


Նա ու իր փառքը մեծանում էին միմյան զուգահեռ, երբեմն էլ իրարից առաջ անցնելով։


Արամը հպարտ էր, որ Աստված հենց իրեն ու իր Աննային է ընտրել որպես ծնողներ, որպես կյանք տվողներ այս աստվածային արարածին։ Վահագն իր քույրերի պաշտպանն էր ու անսասան թիկունքը, ծնողների հույսն ու ապագան։

Շրջապատում երբեք լսելի չէին Վահագնի նվնվոցը, լացը, անգամ՝ մանկահասակ տարիքում։ Չնայած իր ապրած քսան տարիների ընթացքում նա հասցրել էր չորս անգամ լաց լինել ։ Առաջինը , երբ ճեղքեց երկինքն ու երկիրը բաժանող խավարը, երկրորդ անգամ, երբ սեփական ձեռքերով հողին հանձնեց իր մանկության մեծ հեքիաթասացին՝ Անահիտ տատին, իսկ հաջորդ երկուսին , երբ իր սիրասուն քույրերին հարսի շորերով ուղեկցեց գյուղի հնամեն ժամը։


Տղան դեռ պատանի հասակում ստիպում էր հորը , որ իրեն սովորեցնի մարտարվեստի գաղտնիքները, ռազմական դասավորություններն ու պատերազմի տեսակները։ Մայրն ամեն անգամ արցունքոտ աչքերով փաթաթվում էր Արամի պարանոցին ու խնդրում․


-Արամ, լսի՛ր ինձ, հեռու պահիր Վահագնին այդ ամենից, մենք արդեն մի կռվող ունենք, երկրորդը հարկավոր չէ։ Հասկանու՞մ ես, նա մեր միակ հույսն է ծերության դժգույն օրերի։

-Աննաս, հասկացի՛ր, ամեն հայորդի ի ծնե ռազմիկ է, զինվոր ու մարտիկ։ Նա պարտավոր է իմանալ ռազմի գաղտնիքները։ Մեր թշնամին երկար ժամանակ է քնած է, բայց դեռ չի սատկել։ Երբ զարթնի, կսկսի անկուշտ գազանի նման խժռել մատաղ կյանքեր, հայորդիների արյունը խմել։ Իմ Վահագնը մատաղացու գառ չի լինի թշնամու ձեռքում։ Նա առյուծ է, Աննա, թշնամուն խեղդամահ անող առյուծ, որ չի կարող ու չպետք է թաքնվի մեր ժողովրդի օրհասական պահերին։ Դու մայր ես, իմ Աննա, իսկ մայրերն եսասեր էակներ են։ Նրան կարծում են, որ որդին ծնել են իրենց համար, որ ծերության ժամանակ տունը չդղրդա դժոխային լռությունից։ Աննաս, դու ուրիշ ես, որովհետև հենց դու ես ծնել մեր Վահագնին,տարբերվողին։ Երբեմն լեռան դոշին նստած միտք եմ անում ու նախանձում։Գիտես, թե ՞ում եմ նախանձում։ Ինձ ու քեզ , Աննաս, որ ունենք Վահագնին։ Նա Աստծո պարգև է, մեր պարգևն է։


Աննան այս խոսքերից ավելի էր թուլանում, քանի որ երազը ամենայն կոնկրետությամբ և նմանությամբ կյանքի էր կոչվում։ Նա միայն մի բան էր կարողանում աչալրջորեն կատարել՝ հաշվել Վահագանի երկրային կյանքը։ Մնաց երկու տարի։ Դա այնքան քիչ էր, որ Աննային չէր բավարարի որդուն ջերմացնել իր սիրով ու վայելել նրա սուրբ ներկայությունը։


-Մա՛մ։

-Ասա՛, մինուճարս, իմ դեղուճարս։

-Մա՛մ, մի շաբաթից դառնում եմ քսաներկու տարեկան։ Ուզում եմ, որ ծննդյանս օրը նշենք։ Նշենք մեծ շուքով, երգով, պարով, ծափ ու ծիծաղով։ Ուզում եմ ողջ գյուղը գա Արամի որդու ծննդին։ Ուզում եմ քսաներկու ղոչ մորթել ու բաժանել գյուղացիներին, ուզում եմ քսաներկու առվից ջուր հավաքել, որ Տեր Արշավիրը խառնի սուրբ մյուռոնին ու ինձ կնքի։ Մա՛մ, գիտե՞ս թե անցած ժամերգությանն ինչ ասած, որ անգամ ամենանվիրյալ հայորդիները չեն կարող դրախտում հայտնվել, եթե չեն մկրտել։ Մա՛մ, ես Աստծուն շատ եմ սիրում, որ ողջ հավերժություն նրանից հեռու ապրեմ։ Ես ուզում եմ քսաներկու ծաղկից պսակ հյուսեմ և իմ ձեռքերով Ասյայիս գլխին դնեմ, որ ամեն տղա հասկանա, որ նա իմն է ու իմն է լինելու, քո ու իմ Արամ հոր հարսն է լինելու։


Աննան այլևս անզոր էր զսպել վերահաս լացն ու արցունքները։ Քսաներկու տարի խնամքով թաքցրած իր ցավն ու հոգու ճիչը։

Վահագնը շիվարած կանգնած էր մնացել հայրական օջախի կենտրոնում ու չգիտեր, թե մոր հետ ինչ է կատարվում։


-Մա՛մ, մամ ջան,ի՞նչ պատահեց քեզ։ Ա՜խր ի՞նչ ասացի որ։ Խնջու՞յք չես ուզում։ Այ մեր, գուցե Ասյայիս չես ուզում։ Ինչի՞, որ հայրը վիրավորվելուց հետո կաղում է ու հորս խմբի հետ դիրքեր չի գնում դրա՞ համար։ Մա՛մ, մարդիկ սիրում են փուչ-փուչ խոսել։ Մի՛ հավատ։ Համ էլ մեր մեջի ամուսնացողը ես ոմ, քո բաժինն իմ հայր Արամն է։ Մա՛մ, դե ժպտա, հերիք լաց լինես։ Մա՛մ ջան, խոսիր ինձ հետ։ Լավ դե ուրեմն ես էլ եմ սկսում լաց լինել։ Այ տե՛ս։


Տղան խոսքը չէր հասցրել ավարտել, երբ արցունքի երկու բյուրեղյա կաթիլ դուրս թռան կապույտ աչքերի միջից ու ցած գլորվեցին այտերի սիրուն փոսիկների միջևով։


-Վահա՛գն, տղես, արգելու՛մ եմ, լսու՞մ ես արգելում եմ քեզ հաջորդ անգամ այդպես կատակել։ Քո սիրուն աչքերին արցունքը չի սազում։ Քո ծեր մայրը կլացի իմ առյուծ տղա։ Դու ծիծաղի՛ր, ականջներս լցրու քո զրնգուն ձայնով ։ Ձագս։

Ասաց Աննան  ու նվաղած սրտով ընկավ Վահագնի ամուր ու տաքուկ գիրկը։

Աննան իր շնչառության մեջ անգամ ուզում էր խնամքով պահել իր Վահագնի եդեմային բույրը, որ օրը գա չգժվի, չխենթանա կորստի ցավից։


-Երջանկությունն ի՞նչ է, մա՛մ։


Լռությունն առաջինը խախտեց Վահագնը։


-Երջանկությունն <<ինչ>> չի,տղաս, երջանկությունը <<ով>> է։ Իմ երջանկությունը դու ես Վահագն։


Զրույցին խառնվեց շեմին կանգնած հայրը։


-Երանի ինձ, Վահագն տղա։ Ինձ ուղարկել ես Քոթոթանց տուն, Աշոտին խնդրեմ, քիչ էր մնում տնաշենը պնդի, որ աղաչեմ, թույլ տա, որ իր Ասյան մկրտությանդ ներկա լինի, ապա գա մեր տուն ու խնջույքին մասնակցի։ Դու եկել Աննա մորդ ես պաչպչում։ Է՜հ անարդար աշխարհ, ո՞վ չարչարվի, ու՞մ սիրտը շահեն։ Դե հեչ, մեր տան անսիրտը ես եմ։


-Պա՜հ, Արամ հայրիկը բարկացել է։ Թե՞ Նանար զոքանչիս գինին է խոսում։ Արի, արի քեզ էլ պաչպչեմ, կամ էլ լուռ նախանձի՝  ծեր մարդ ես։


-Ծերը հերդ է։ Շան տղա։ Ես ջահելներից առույգ եմ։ Բա, որ թշնամու շներին սատկացնելիս տեսնես։

-Վա՜, վա՜յ, Նանարի գինին ուրիշ է էլի, բայց ավելի  ուրիշը  Նանարի Ասյան է։ Շուտով իմ Ասյան։

         -Կնի՛կ, ձեն հանի։ Հլը էս անամոթի ճառերին,- ասաց Արամն ու շպրտեց ձեռքի գլխարկը դուրս վազող ու քրքջացող Վահագնի հետևից։


Վահագնի քսաներկուամյակին գյուղը եկավ։ Տեր Արշավիրը գյուղի ժամում նրան կնքեց։ Վահագնը նոր անուն ստացավ՝ Վարդան։ Ասյան էլ էր եկել։ Վահագնի Ասյան։ Թափանցիկ մաշկով նազենի հայուհին,ով Վահագնի ամեն նայվածքից ավելի էր կարմրում , քան իրենց բակի ալ վարդերը։


Ամեն ինչ հրաշալի էր, միայն Աննան էր անհաղորդ տոնակատարությանը, որովհետև այլևս տրվել էր իր Վահագնի վերջին օրերի հետհաշվարկը։

Մի քանի օր անց Արամը շնչակտուր տուն մտավ։


-Վահագն, հագնվի՛ր արագ, թշնամին գիշերն առաջ է եկել , արդեն գյուղի կամարներին են հասնում։

-Մի րոպեից պատրաստ եմ։


Բակ դուրս գալուն պես տղամարդիկ նկատեցին Աննային։ Կինը քալում էր Ասյայի հետ ու մեղմ ժպտալով զրուցում։  Աղջկա ուսին Աննայի կուժն էր։ Երևի ջրի տեղն էին հանդիպել։ Վահագն առաջ վազեց, անխոս գրկեց փորամարմին մորը, ապա համբուրեց ճակատն ու ասաց․


- Մա՛մ, ժամանակն է, որ Արամի որդին զենք առնի ու կռվի բոլորի պես։ Չլացես, խնդրում եմ։ Կաղոթես, մամ, մինչև ետ գամ։


Աննան քարացել էր ու չէր կարողանում ըմբնել Վահագնի խեսքերը։ Նրան սթափեցրեց միայն կուժի գետնին ընկնելու ձայն ու ջրի քչքչոցը։ Ասյան ի վիճակի չէր լսել Վահագնի խոսքերը։ Դա էր պատճառը, որ սրտի ծակոցից հետո բաց թողեց ուսին դրած կուժը։


         -Այ աղջի, Ասյա, սաղ գյուղն էր երազում քեզ հարս տանել, բայց հիամ էլ կուրախանան, որ ինձ բաժին հասար, -ասաց Վահագնը համբուրելով աղջկա արցունքոտ աչքերը։- Դու իմ Ասյա, կսպասե՞ս չէ քո խենթ Վահագնին։


Ասյան ցավից կուչ էր եկել, երբ լսեց Արամի ձայնը։

-Վահագն, թող կանանց , նրանք մեկ է լացելու են։ Վազի՛ր, ուշանում ենք։

- Մա՛մ, Ասյա, վերջացրե՛ք, ինձ ժամանկից շուտ թաղու՞մ եք։

-Լռի՛ր Վահագն, չհամարձակվես, թե չէ կյանքում առաջին անգամ խեղճ մայրդ քեզ կապտակի։

-Լավ, լռում եմ, մենակ էլ չլացեք։

-Վահագն, երդվի՛ր, որ ետ կգաս։ Հրամայում եմ քեզ։

-Օ՜, դե, որ հրամայում ես , երդվում եմ։ Դու էլ երդվիր, որ ինձ չոր աչքերով կդիմավորես։


Վերջին գրկախառնություն ու վերջին <<Մնաս բարով>>։

Վահագն ու հայրն անհետացան լեռան ետևում։


Երկար ու ձիգ չորս ամիս  կատաղի մարտեր մղեցին։ Վահագնն, անխոս, լավագույնն էր։ Նա միայնակ կարողանում էր ծնկի բերել թշնամու հարյուր լամուկի։Նրա փառքն արդեն տարածվել էր ողջ Լեռնահայաստանով մեկ, անգամ թշնամու եզերքում, ուր զօրուգիշեր մոլլաներն աղոթում էին մզկիթների կենտրոններում, որ վերջապես ազատվեն Վահագնից։


-Իմ Վահագ որդի, իմ հպարտություն,-ասաց Արամն ու համբուրեց տղայի ձեռքերը,- դու ազգի նվիրյալ որդին ես, որ քսաներկու տարի  առաջ  ընծայվեցիր ինձ, Աննայիս, ու մեր ազգին։

-Հայր, մենք հաղթեցինք վերջին մարտում, պատերազմը մեր օգտին ավարտվեց։

-Որովհետև այն վարում էր ռազմի աստվածը, իմ Վահագնը,- առանձնակի հպարտությամբ արտաբերեց Արամը։

-Ա՜խ հայրիկ։

-Հետայսու, դու ես մեր գոյի վկայությունը, իմ Վահագ։


Գրկախառնությունից հետո, երբ Վահագնը քայլում էր դեպի ընկերոջ՝ Նարեկի կողմը, մի խուլ կրակոց լսվեց ու Վահագնի աժդահա մարմինը տապալվեց գետնին։ Թշնամին տանուլ էր տվել պատերազմը և իր սողունների միջոցով ուզում էր պատժաել մեղավորին։ Պատժեց։


-Վահագն, որդիս, բացի՛ր սիրուն աչքերդ։ Խոսի՛ր խեղճ հորդ հետ։

Ռազմիկը հավաքեց վերջին ուժերն ու ասաց․

-Մայրիկին կասես, որ չանիծի իր սև բախտն ու նոր գլխաշորը։ Ա՜խ իմ քնքուշ ու լուռ մամ, դու գիտեիր, դու գիտեիր, որ գարուններս ժամանակից շուտ աշուն կդաառնան, դրա համար էիր ընդդիմանում, որ գամ ու մարտնչեմ թշնամու դեմ։ Հա՛ր, լսիր։

-Լսում եմ, իմ Վահագն։

-Ասյային կասես, որ պսակվի, մեկ է ում էլ, որ բաժին հասնի իմ սերը, թող, որ լավ հիշի՝  հաջորդ կյանքերում, հավերժի գրկում Ասյան իմն է լինելու։

-Հայր, խոստացի՛ր ինձ։

-Ի՞նչ խոստանամ, իմ Վահագնա։

-Որ մեր գյուղի կործանված ժամի տեղում մեծ եկեղեցի կկառուցես, որ հայը հասկանան, որ դու Աստծուց ու քո բախտից խռոված չես։ Սա նախախնամություն էր , իմ ճակատագիրը։ Թող ինձ չմոռանան։ Դարերի փոշին անգամ չկարողանա խունացնել կամ էլ ջնջել ռազմի աստված Վահագնի անունը։

-Խոստանում եմ, իմ Վահագն։

Վահագնի աչքերը հավերժ փակվեցին։ Նրա հոգին վերջին ճախրանք կատարեց Լեռնահայաստանում ու բարձրացավ վեր՝ Աստծո արքայություն , որ առաջնորդի արդեն երկնային բանակ։

Աննան հեռվում նշմարեց Արամին, ով  քայլում էր Արջուկին զուգահեռ՝ ձեռքում պահելով Կարպիսի սանձը։ Վահագնը չկար։ Քանի մոտենում էին պատկերն այնքան ըմբռնելի էր դառնում։ Կարպիսն իր մեջքին էր առել Վահագնի անշնչացած մարմինը։

Աննան մի ճիչ արձակեց ու տապալվեց գետնին։

Վահագնին հերոսին վայել հողին հանձնեցին։

Աննան սկսեց սև գլխաշոր կրել։ Արամն Ասյային փոխանցեց Վահագնի վերջին բառերն ու արգելեց սև գլխաշոր կրել։

Քառասուն օր անց Արամն ու գյուղի քարտաշները գործի անցան։ Օր օրի եկեղեցին ձգվում էր վեր՝ Արամին մոտեցնելով իր Վահագնին, գյուղացիներին՝ Աստծուն։ Երեք տարի անց շինարարությունն ավարտվեց։

Արամն ու Աննան տաճարում զգում էին իրենց խենթ հայրենասերի՝ Վահագնի , ներկայությունը ու սփոփվում։

Աննան այդպես էլ չպատմեց իր երազը։ Նա խեղդվելով ապրես քսաներկու տարի, բայց Արամին խնայեց, խնայեց, անգամ Վահագնի սրբադասվելուց հետո։

Դաժան է որդի թաղելը․ բայց դաժան է նաև պահելը, երբ գիտես, որ մի օր սեփական ձեռքերով նրա սիրուն դեմքը պետք է թաքցնես հաստ հողաշերտի տակ։

Մարդիկ, ամուր պահեք ձեր երազանքները, որովհետև դրանք թանկ արժեն, դրանք կյանք արժեն․․․․

58 views0 comments

Comments


bottom of page