Գարուն էր։ Քամին ցրել էր ամպերը, երկինքը կարծես հուզված լիներ արևի նորաթուխ ճառագայթներից։ Օդը արցունքի պես թափանցիկ էր։ Վաղորդյան ցողը դեռ նշմարվում էր թփերի վրա։ Ես որոշել էի վաղ ճամփա ընկնել, որ մինչև մութը վրա հասնելը գյուղում լինեի։ Ես հստակ նպատակով էի գնում գյուղ․ երկու ամսով գյուղի երեխաներին պիտի գրականություն սովորեցնեի։ Ինքս ինձ ուսուցչապետ հռչակած ու իմ ինքնահռչակ պաշտոնից գոհ, կպչուն ժպիտով ու երազաշաղախ աչքերս չորս արած՝ գնում էի դեպի Պիծուշեն։ Որոշել էի գնալ փոքր ու մոռացված մի գյուղ, և առաջին տարբերակը Պիծուշենն էր։ Երկար փնտրտուքներից հետո, ցավոք, ոչ մի տեղեկություն չկարողացա գտնել գյուղի անվան մասին, բայց որոշումս անփոփոխ էր։
Երբ պատուհանից դուրս էի նայում, թվում էր, թե դիմացս մի լանդշաֆտային բնանկար էր՝ մի հայտնի նկարիչի ձեռքով վրձնած։ Մեքենայի պատուհանի երկաթե երիզներն ասես շրջանակի մեջ դրած լինեին այդ զվարթ տեսարանը։ Երբ անցնում էինք առավել հյուսիսային կողմով, տեղ-տեղ ձյուն էր երևում՝ գետնի կանաչները գրկած։ Բարձրաբերձ լեռների գագաթները կորել էին սպիտակ ամպերի մեջ։ Լեռներն էլ էին ձյունածածկ, և ձուլվելով սպիտակ ամպերին, ստեղծում էին ճերմակ ու ջինջ մի ներդաշնակություն։ Լռություն էր շուրջբոլորը։ Միայն մոտակա ձորում աղմկում էր գետը։ Թվում էր, թե նա քերում էր իր ափերը խուլ հառաչով, գալարվում էր ու փարվում իր սպիտակ փրփուրներին։ Գետի այս ճերմակափրփուր պատկերն էլ լրացնում էր ամպերի ու լեռների ստեղծած ճերմակ ներդաշնակությունը։ Ձգվում էր ճամփան ուղիղ ու հարթ, իսկ ճանապարհի սկզբից մինչև վերջ՝ ներկով կաղապարված մի սպիտակ գիծ, որ երկու հավասար մասերի էր բաժանում ճանապարհը։Բայց այդ գիծը չէր լրացնում այն ճերմակ ներդաշնակությունը, որովհետև այն գծված չէր այն նկարիչի ձեռքով, որ գծել էր լեռներն ու ամպերը։
Ես լուռ էի ու մտազբաղ։ Հափշտակված տեսարանով՝ ագահորեն փորձում էի հիշողությանս մեջ դաջել տեսածս յուրաքանչյուր քար ու թուփ, լեռ ու ծաղիկ։ Ինձ պիտի դիմավորեին։ Երբ փոքր-ինչ մոտեցա գյուղին, եղանակը կտրուկ փոխվեց։ Օդը սառն էր, մանր ձյուն էր մաղում։ Ես հասկացա, որ այն ճերմակ ներդաշնակությունը, որ տեսել էի մինչ գյուղին մոտենալը, այժմ կատարյալ էր, անթերի։ Մեքենան կանգ առավ․ Սանասար պապն էր ինձ դիմավորողը։ Առաջին հայացքից նա անիրական թվաց, որովհետև այնպիսի հագուկապ ուներ, որպիսին կարելի էր տեսնել միայն հին ֆիլմերում կամ պատկերացնել գրքեր կարդալիս։ Սպիտակ շափաղ արխալուղ ուներ, վրայից՝ չուխա։ Ձեռքին մի բիր կար, որ երևի օգնում էր նրան անցնել ճանապարհը։ Դուրս եկա, նա ջերմ բարևեց ու սկսեց խոսել․
-Բարին գա քեզ հետ, աղջիկս։ Էս ճամփեն էլ մին էլ տեսար փակվում է ձյան հետ, ոչ մեկը ոտք չի դնում մեր անտառները, մինչև հալոցքը չսկսվի։ Հոգնած կլինես, բայց ոտքով անցնելու չամփա ունենք դեռ։
Ճիշտ է՝ հոգնած էի, բայց թե՛ գյուղը, թե՛ եղանակը, թե՛ ճանապարհը թույլ չէին տալիս զգալ այդ հոգնածությունը։ Հեռվում երևացին սարի լանջին թառած մի քանի տներ, որոնց երդիկներից ծուխ էր ելնում։ Սանասար պապին խնդրեցի մի փոքր պատմել գյուղի մասին․ գուցե այդպես իմանայի անվան բացատրությունը։ Երկար ու ձիգ տարիները մաշել էին նրա ձայնը, բայց և ոչ հիշողությունը։ Պատմում էր իր պապից լսած պատմությունները, իր հորից լսած պատմությունները, իր տեսածն ու ապրածը։ Ես սիրով լսում էի, ինչ-որ տեղ զարմանում էի, ինչ-որ տեղ ծիծաղում էի։ Ես լսում էի ու չէի էլ պատկերացնում, որ այդ գյուղը հիմնովին փոխելու էր իմ կյանքն ու ինձ, ու որ ես էլ էի փոխելու ինչ-որ բաներ․․․
***
Գյուղին հարմարվեցի միանգամից։ Ջերմ ու հյուրընկալ մարդիկ էին բացառապես բոլորը։ Ես ժամակաավորապես պիտի ապրեի տիկին Լուսինեի տանը։ Գյուղի արդար կին էր տիկին Լուսինեն, որ միայնակ մեծացրել էր իր որդուն ու աղջկան։ Բաց սրտով ինձ ընդունեցին նրանք։ Երկու օր հանգստանալուց հետո անմիջապես անցա իմ գործին․ պարտքս էի համարում գյուղի բոլոր երեխաներին մեր գրական մեծերին ծանոթացնելը։
Գյուղի դպրոցը կիսաշեն մի սենյակ էր՝ փայտե վառարանով։ Մտա ներս, նախ ինքս ներկայացա, ապա ծանոթացա երեխաների հետ։ Մի փոքր իմ մասին պատմելուց հետո սկսեցի խոսել գրականության ու դրա կարևորության մասին։ Որպես առաջին հեղինակ ընտրել էի Բակունցին։ Հավաքեցի երեխաներին վառարանի շուրջը ու սկսեցի ընթերցել «Ալպիական մանուշակը»։ Բակունցով սկսելը միանգամայն ճիշտ որոշում էր․ գյուղի թեման խոսեց երեխաների սրտերի հետ։
Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, անակնկալ էր ինձ սպասվում։ Երեխաներին այնքան էր դուր եկել մեր դասը, որ ինքնակամ պրպտել, գտել ու սովորել էին Բակունցի կյանքը, ինձ հերթով պատմեցին կենսագրական որոշ հատվածներ։ Հետո մի կարճլիկ ու ժիր տղա մոտեցավ ինձ ու դիմեց․
- Հը, ուսուցիչ, Ձեզ զարմացրինք մեր պատմելով։
Ժպտացի․ երկու ջինջ արցունքի կաթիլ գլորվեց այտերս ի վար։
- Է՜, ուսուցիչ, մենք հո չէինք ուզում Ձեզ լացացնել։ Էրեխեք, մեր ուսուցիչը լաց է լինում։
Նրա այս խոսքերից հետո բոլորը հավաքվեցին շուրջս ու գրկեցին ինձ և սպասում էին՝ խոսեմ։
-Երեխե՛քս, չէ՛, չէ՛, չեմ լացում, սրանք ուրախության ու զարմանքի արցունքներ են։ Շնորհակալ եմ շատ, շա՜տ լավ էիք պատրաստվել։
Ես էլ մի փոքր խոսեցի Բակունցի կյանքից, իսկ հետո հանձնարարեցի, որ իրենց աչքերով նկարագրեն իրենց գյուղը։ Այնքա՜ն պարզ ու զուլալ սեր կար նրանց նկարագրություններում։ Նորից հուզվեցի։ Նրանք ուզում էին, որ նորից հավաքվենք վառարանի շուրջը, ու ես նրանց համար Բակունց ընթերցեմ։
Այդ օրը բավականին երկար մնացինք դպրոցում, չէինք էլ հասկացել, թե ինչպես է այդքան արագ անցել ժամանակը։ Երեխաներից մի քանիսի ծնողներն անհանգստացել ու եկել էին։ Բայց երեխաները համառում էին, որ մինչև չլսեն պատմվածքի վերջը, չեն գնա տուն։
Հոգնած, բայց հոգեպես շատ լեցուն վերադարձա տուն։ Նոր տանեցիներս ինձ էին սպասում սեղանի շուրջ։ Պատմեցի, թե ինչ էին արել երեխաներս, թե ինչքան էի հուզվել․․․
Օրերս անցնում էին աշնանային ծառի տերևների պես․ իրար նման էին, բայց և իրարից շատ տարբեր։ Ուսումնասիրում էինք տարբեր հեղինակների, ընթերցում, ասմունքում։ Երեկոյան աշակերտներիս ծնողներն էին գալիս ինձ հետ ծանոթանալու։ Ես հետզհետե զգում էի, թե որքան եմ սկսում կապվել գյուղին, գյուղի մարդկանց ու երեխեքիս հետ։ Ինձ բոլորն ուսուցիչ էին դիմում․ չգիտեմ՝ անունս չէին հավանել, թե այդպես էր հարմար դիմել։
Ասմունքի երեկո էինք կազմակերպել գյուղի կենտրոնում։ Ամբողջ գյուղը հավաքվել էր մեզ լսելու։ Հավաքվածների մեծ մասը միացավ մեզ․ ով ինչ հիշում էր, փորձում էր ասմունքել։
Այդ գիշեր չքնեցի։ Մի դեպք հոգիս կրծում էր։ Միջոցառումից առաջ աշակերտներիցս այն կարճլիկն ու ժիրը՝ Միրոն, մոտեցավ ինձ․
-Ուսուցի՛չ, կարող եմ Ձեզ մի բան ասել։ Էսօր բոլորի ծնողները գալու են իրենց երեխաներին լսեն, բայց ախր իմ նանին հիվանդ է, չի կարող վեր կենալ։
Միրոն որբ էր, իր սիրելի տատիկը, ում նա նանի էր ասում, նրա միակ խնամակալն էր․․․
***
Պիծուշենի բնությունը հրաշք էր։ Կիսաբողբոջ ծառերին ձյուն էր նստած․ ասես ծառերը նորաթուխ հարսներ լինեին՝ ձյունե սքողի տակ։ Պիծուշենն այդպիսինն էր․ արտաքինից ձյունոտ ու սառը, բայց ներսից՝ կանաչ ու ջերմ։ Եղանակից ու ցրտից դժգոհող չկար, սրտերն ու հոգիները ջերմ մարդիկ էին։ Սիրեցի Պիծուշենն ու մինչև հիմա էլ սիրում եմ։
Սա պարզապես ուղեգրություն չէ գավառասեր մի ուսուցչի մասին, որ արկածներ որոնելու պատրվակով գալիս է մի կորած գյուղ, մի երկու բան սովորեցնում ու նորից հետ գնում քաղաք։ Սա պատմություն է հայի անցյալի ու ներկայի բախման մասին, սա ոգեկոչումն է այն բոլոր հայերի, որոնք հավատում են հարուստ անցյալով, դառնահամ ներկան քարշ տվող, բայց լուսապայծառ ապագա ունեցող հայրենիքի գոյությանը։ Սա ուղեգրություն է ոչ թե գյուղ տանող ճանապարհի, այլ փառահեղ անցյալի առաջին էջի՝ Ուրարտուի մասին։
***
Հերթական օրն էր գյուղում։ Դասս ավարտելուց հետո շտապում էի տուն, խոստացել էի տիկին Լուսինեին շուտ վերադառնալ։ Ճանապարհին փոքրիկ Միրոն մոտեցավ ինձ․
-Ուսուցի՛չ, երեկոյան գալու ենք Ձեզ հյուր, տիկին Լուսինեն էլ գիտի արդեն։
-Միրո ջան, ինչ-որ բան կա՞, որ ես չգիտեմ։
-Դե չէ․․․ Ձեզ մի խնդրանք ունենք։
-Ասա՛, սիրելի՛ս, լսում եմ։
-Հենց էդ խնդրանքով էլ գալիս ենք Ձեզ հյուր։ Էս ծաղիկն էլ Ձեզ,- ասաց, ծաղիկը տվեց ու հեռացավ իմ Միրոն։
Եկա տուն ու միանգամից հարցրի տիկին Լուսինեին, թե ինչ է պատահել։
-Էրեխեքը ասել են, որ ուզում են գան քեզ հյուր, էդքան բան։
Ոչինչ չէի հասկանում, բայց զգում էի, որ կար մի բան, որ թաքցնում էին։
Եկան երեխեքս, զրուցեցինք, երգեցինք, ծիծաղեցինք, բայց կար մի բան․․․
-Ուսուցի՛չ, Ձեզ մի խնդրանք ունենք,- խոսեց Միրոն,- Դուք մեզ կարո՞ղ եք պատմություն պատմել, մեր պատմությունների նման չէ, ուրիշ․․․ ուսուցիչ, մեզ կպատմե՞ք պատմությունը Ու-Ու-Ուրարտուի։
Բլորը լարված ինձ էին նայում։ Ես չէի հասկանում, թե ինչու էին ինձ խնդրում պատմել Ուրարտուի մասին։ Միրոն էլ երկու տխուր աչուկներով նայում էր ինձ ու սպասում պատասխանիս։
-Իհարկե կպատմեմ, բայց ինչո՞ւ հենց Ուրարտուի մասին, ինչո՞ւ եք այսքան լարված բոլորդ։
-Ուսուցի՛չ, Դուք մենակ խոստացեք, որ կպատմեք, մնացածը Ձեզ կասեն․․․երևի․․․
***
Հաջորդ օրը վաղ առավոտյան գնացի դպրոց։ Խոստացածիս համաձայն՝ պատմեցի Ուրարտուի մասին, իրենք էլ մի քանի բան գիտեին։ Երբ վերադառնում էի տուն, լսեցի Միրոյի բարակ ձայնը․
-Ուսուցի՛չ, Սանասար պապը երեկոյան Ձեզ կսպասի։
Ես չհասկացա Միրոյի ասածը, որովհետև Սանասար պապին գյուղ եկած օրվանից հետո ընդամենը մեկ անգամ էի տեսել։
-Միրո ջան, ես Սանասար պապին ոչինչ չեմ ասել, գուցե մի բան շփոթում ես։
-Չէ՛, ուսուցիչ, էդ ինքն է, որ բան ունի ասելու, պատմելու։ Դուք պիտի իմանաք, Դուք մեր գյուղի մասնիկն եք դառել․․․ախր ոնց չիմանաք․․․
Միրոյի խոսքերը շատ անհասկանալի էին ու տարօրինակ։ Տիկին Լուսինեն ևս տարօրինակ ձևով պարտադրեց, որ անպատճառ գնամ Սանասար պապի մոտ։ Ես լսեցի, թե նա ինչպես կիսաձայն մտմտաց՝ «Մեր ուսուցիչն է, մեր գյուղի հյուրն է, ոնց չպատմենք, ով գիտե, գուցե ինքն է էդ միակը»։
Չէի հասկանում, թե ինչ գաղտնիք պիտի հայտներ ինձ Սանասար պապը։ Այնուամենայնիվ որոշեցի գնալ ու պարզել, թե ինչ էին բոլորն ինձնից այդպես հոգատար կերպով թաքցնում։ Միրոն եկավ երեկոյան, որ ուղեկցի ինձ Սանասար պապի տուն։ Տեղավորվեցինք ես ու Միրոն վառարանի մոտ, ու Սանասար պապը սկսեց խոսել․
-Այս պատմությունը, որ պիտի պատմեմ քեզ, աղջի՛կս, ո՛չ հեքիաթ է, ո՛չ լեգենդ, ո՛չ էլ ինձ նման զառամյալ ծերունու ցնդած մտքերի ծնունդ։ Դու երկար ժամանակ է՝ էստեղ ես, կապվել ես գյուղի ու մարդկանց հետ, զգում եմ՝ սիրտդ տաք է էս տեղի վրա։ Ով գիտե, գուցե դու ես էն միակը, ում արդեն երկար տարիներ է՝ սպասում եմ, ու ոչ միայն ես․․․
Ու Սանասար պապը պատմեց ինձ մի անհավատալի բանի մասին, որին սեփական աչքերով տեսնելուց հետո հավատացի և ոչ միայն․․․
-Հարյուրավոր տարիներ առաջ, երբ դեռ ողջ էր իմ պապը, որն ի դեպ ապրեց 102 տարի, մի բացահայտում էր արել, իսկ մեր գյուղը չէր հավատում նրան, ասում էին Միհրդատը գժվել է, մի ճար է պետք անել։ Բայց պապս չէր գժվել, ուղղակի գտել էր մի բան, որ ինքդ պետք է տեսնես։ Ե՛կ, աղջի՛կս, գնանք՝ քեզ ցույց տամ, դու էլ ինձ գիժ չհանես։
Ես ոչինչ չէի հասկանում, ասես երազի մեջ լինեի։ Մենք միասին եկանք մի կիսավեր եկեղեցու մոտ։ Միրոյի դեմքի արտահայտությունից դժվար չէի կռահելը, որ նա առաջին անգամը չէր, որ լսում էր այս պատմությունը։ Եկեղեցին դարավոր էր, պատերը խոնարհված էին, միայն խորանն էր կանգուն մնացել։ Կանգնեցինք խորանի մոտ, ու Սանասար պապը շարունակեց իր պատմությունը․
-Պապիս ժամանակ էլ էր եկեղեցին էս վիճակում, բայց էն ժամանակ խորանի սրբապատկերը դեռ կար, ու պապս հաճախ էր լինոււմ այստեղ, ծնկի գալիս ու աղոթում։ Բայց իմ պատմությունը ոչ թե այս եկեղեցու մասին է, այլ այն մասին, թե ինչ է թաքնված խորանից այն կողմ։ Միհրդատ պապս, պատահական մոտենալով խորանին, տեսել է, որ այն դռնանման մի հատված ունի, բացել է այն ու հայտնվել անցյալում․․․ Գիտե՞ս, որ Մհերի դուռը (Խալդիի դարպասը) համարվում է խորանի նախատիպ՝ իր կառուցվածքով, խորշերով։
-Սանասար պապ, շարունակեք, խնդրում եմ, ո՞ւր էր տարել Ձեր պապին այդ Ձեր ասած «պորտալը»։
-Ուրարտու էր տարել, աղջի՛կս, մեր պատմության խորքերն էր տարել։ Վերադառնալուն պես բոլորին հավաքել էր գյուղամեջ պապս, որ պատմեր իր գլխովը անցածը։ Պատմում էր էնտեղի թագավորների, մարդկանց, աստվածների, ամենի մասին։ Չէին հավատում մարդիկ, շատերը գնում էին փորձում էին, բայց զարմանալի է՝ չէին կարողանում անցնել այդ պորտալով․ միայն պապիս էր հաջողվում։ Նա ասում էր, որ մենք էնտեղից շատ սովորելիք ունենք, էստեղ էլ շատ անելիք ունենք։ Երբ նրան հարցնում էին, թե էդ ոնց է ստացվում, որ մենակ ինքն է անցնում այդ պորտալով, նա տալիս էր հետևյալ պատասխանը․ «Մենակ երկու հոգի կարան անցնեն էդ պորտալը՝ դիցակիր անուն ու ազնիվ արյուն ունեցողները»։
Պապիս մեռնելուց հետո էլ ոչ մեկը չի կարողանում անցնի էդ պորտալով։ Եկվորներին պատմում ենք, որ իրենք էլ փորձեն անցնել, գուցե ստացվի։ Մեր գյուղի էրեխեքն էլ են շատ հավատում էդ պորտալի գոյությանն ու ուզում են, որ գոնե մեկը կարողանա բացի էդ պորտալը։ Աղջիկ ջան, հիմի դու մեր գյուղի ուսուցիչն ես՝ մաքուր սրտով ու հոգով։ Տեսնում եմ՝ ոնց ես սիրել մեր գյուղը, մեր էրեխեքին, մեզ։ Հը՞, ի՞նչ կասես, էսքան տարի անց կարող է քեզ մոտ ստացվի։ Կփորձե՞ս։
Ապշահար կանգնած էի, ոչինչ չէի զգում, ինձ թվում էր՝ ես էլ եմ այդ եկեղեցու քարերից մեկը։ Լեզուս պապանձվել էր, բառ անգամ չէի կարողանում արտաբերել։ Չգիտեի հավատալ լսածիս, հարցեր տալ, թե փորձել։ Ի վերջո կարողացա ինձ հավաքել ու խոսել․
-Սանասար պապ, չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել, որ միտքս հայտնեմ, բայց ես ո՛չ դիցակիր անուն ունեմ, ո՛չ էլ արյան հատուկ բաղադրություն։
-Չեղավ, չէ՛, չեղավ։ Դու ինչ գիտես, փորձը փորձանք չէ։ Հենե Միրոյին էլ հետդ տար։
Երկար ծանրութեթև անելուց հետո որոշեցի փորձել, բայց ինքս համոզված էի, որ նույնիսկ եթե այդ ամենն իրական էր, ես չէի այդ միակը։
Բռնեցի Միրոյի փոքրիկ ձեռքը, դողացող ոտքերով մոտեցա խորանին, բարձրացա ու տեսա քառակուսի, դռան նմանվող մի խորշ։ Մի ձեռքով Միրոյի ձեռքն էի բռնել, մյուս ձեռքով փորձում էի բացել դուռը ու․․․
***
Այլևս ոչինչ չեմ հիշում, քուն մտնելու պես մի զգացողություն էր։ Երբ աչքերս բացեցի, ժայռի քարերին էի, կողքիս էլ Միրոն էր։ Հետ շրջվելուն պես հասկացա, որ այդ ժայռը իրականում Մհերի դուռն էր։ Միրոն հրճվում էր տեսածից․
-Ուսուցի՜չ, մեզ հաջողվե՜ց, մենք՝ ես ու Դուք ենք էդ ընտրյալները։ Ուսուցիչ, մենք հիմա Ուրարտուում ե՞նք։ Հիմա թագավորին կտեսնե՞նք իր ձիերով, հա՞, ուսուցիչ։ Ինչ լավ է էստեղ, հետո բոլորի մոտ կհպարտանամ։ Ուսուցիչ, ինչի՞ չեք խոսում, ուրախ չե՞ք։
Ես մոտեցա Միրոյին, գրկեցի նրան․ աչքերն ասես արևներ լինեին, փայլում էին։
-Իմ Միրո, ես հիմա չգիտեմ՝ մենք որտեղ ենք, ում ենք հանդիպելու, ինչպես ենք հետ գնալու։ Գուցե վտանգավոր է այստեղ, այդ պատճառով ինձանից մի քայլ անգամ պիտի հեռու չգնաս։
-Ուսուցիչ, սա մեր հայրենիքն է, էստեղ մեզ նման հայեր են ապրում։ Արի գնանք, տեսնենք՝ ում կհանդիպենք։ Ուսուցի՜չ, մենք հիմա Ուրարտուում ենք,- երկու ձեռքը վերև պարզելով՝ գոչեց Միրոն։
Մենք առաջ գնացինք ու միանգամից հանդիպեցինք երկու զինվորների՝ սաղավարտներով ու վահաններով։ Նրանք մեզ ողջունեցին ու առաջարկեցին ուղեկցել։ Մենք լուռ էինք ճանապարհին։ Չորս կողմը աշտարակներ էին ու ամրոցներ, զինվորներ ու ձիեր, բազում պարտեզներ ու խաղողուտներ։ Մենք կանգ առանք մի հսկա տաճարի մոտ։ Պատմության գրքերից լավ հիշում էին կառույցի այդ տեսակը․ սուսի տաճար էր, որը կառուցվում էր թագավորի կամ աստվածների համար։ Տաճարի դարպասների վրա սեպագրերով ինչ-որ բաներ էին արձանագրված։
Երբ ներս մտանք, հսկիչ զինվորները խոնարհվեցին ու հայտնեցին իրենց սրտերի ուրախությունը, որը պայմանավորված էր մեր ժամանմամբ։
-Ուսուցիչ, էս մարդիկ մեզ ճանաչու՞մ են, որ գլուխ են տալիս, մի բան էլ ուրախանում են, որ եկել ենք։
Միրոյին ոչինչ չպատասխանեցի, որովհետև նրան տանջող հարցերն ինձ ևս տանջում էին։ Անցանք տաճարի ներսը։ Պատերին կարելի էր տեսնել որմնանկարներ՝ տարբեր տեսարաններով։ Տաճարի հարավային մասում ինչ-որ քանդակ էր դրված, որը, երևում էր, մեծ նշանակություն ուներ։ Մոտեցանք քանդակին, ու ես անմիջապես մտաբերեցի․ Հարժիսն էր՝ հինգ գլխանի կուռքը, որի նկարը տարբեր տեղերում տեսել էի։
Երկու սպասավորներ մոտեցան մեզ, գլուխ տվեցին ու հայտնեցին, որ թագավորն ու թագուհին ուզում են մեզ տեսնել։ Ճիշտն ասած՝ ես շատ էի վախենում թե՛ իմ, թե՛ հատկապես Միրոյի համար։ Մի երկու սրահ անցնելուց հետո մտանք գլխավոր սենյակը, որտեղ իրենց գահավորակին նստած էին թագավորն ու թագուհին։ Մեզ տեսնելուն պես՝ թագուհին բարձրացավ տեղից, մոտեցավ մեզ ու խոսեց․
-Ես սպասում էի քեզ, ինչպե՞ս ես։
Ես լուռ էի ու շփոթված։
-Ինչպե՞ս ես,- կրկնեց հարցը թագուհին,- վախեցած եք երևում երկուսդ էլ։ Ախր սա ձեր հողն է, ձեր տունն է, ինչո՞ւ եք վախեցել։ Հավելեմ, որ մենք ձեզ շա՜տ երկար ենք սպասել։ Հոգնած կլինեք, առաջ անցեք, ես հիմա կասեմ՝ ձեզ հագուստ տան, ու միասին կճաշենք, խոսելու շատ բան կունենանք։
***
Մեզ տվեցին նոր հագուստ՝ ուրարտական ավանդական հագուստ։ Միրոյին շատ էր դուր եկել այդ հագուստը, ինձ՝ նույնպես։
Ճաշելիս իմ ուշադրությունը գրավեց սպասքը։ Ամբողջը կավից թրծված ընտիր ամաններ էին՝ նախշազարդ ու ջնարակապատ։ Մի պահ մտովի պատկերացրի, թե ինձ որքան կնախանձեին հնագետներն ու պատմաբանները, որ ինձ բախտ էր վիճակվել այդ ամենը տեսնել սեփական աչքերով։
Ճաշելուց հետո Միրոն գնաց թագավորի հետ զբոսնելու, իսկ ես մնացի թագուհու մոտ։ Մինչ մենք կսկսեինք զրուցել, ես համարձակությունս հավաքեցի ու թագուհուն խնդրեցի ներկայանալ, քանի որ հստակ չէի հասկացել, թե որ ժամանակաշրջանն էր, և ով էր գլուխը Բիայնա երկրի։ Թարիրիա թագուհին էր՝ Մենուայի կինը։
Թարիրիա թագուհուն հետաքրքրում էր իր համար ապագա, ինձ համար՝ ներկա հայրենիքի վիճակը։ Ես նրան հնարավորինս մանրամասն ներկայացրի մեր հայրենիքի ծանր դրությունը, անդառնալի կորուստները, երկրի փոխված դեմքը։ Դառը հոգոց լսվեց նրա կրծքից․
-Խորապես ցնցված եմ․ ինչպես կարող էր այսպիսի հզորություն ունեցող երկիրը կուչ գալ, խեղճանալ, փոքրանալ։ Հոգիս ցավեց, սիրելի՛ս։ Բայց ոչինչ անպատճառ չի լինում, գիտե՞ս։ Գուցե դարերի ընթացքում աշխարհի սուտը կուրացրել է մեր հայրենի աչքերը, նախանձը ահավասիկ լռեցրել է խիղճը հայոց, անհիմն սպառնալիքները գուցե տապալել են մեր ոգեղեն առյուծին։ Հապա մի շուրջդ նայի՛ր, տե՛ս, թե ինչ հզոր ենք։ Երկիրը շեն է ու ծաղկուն, օր օրի Մենուայի զորքերը նոր տարածքներ են գրավում ու ընդլայնում մեր սահմանները։ Մարդիկ արդար աշխատանքով են ապրում՝ անասուն են պահում, կավ են թրծում, երկաթ կեռում։ Իսկ թշնամին քարանում է զինվորներին տեսնելիս՝ սաղավարտներով, զրահներով, վահաններով, նիզակ ու կապարճով։
Ես հասկանում էի, թե որքան ճիշտ էին թագուհու խոսքերը։ Իսկապես ահարկու ու հզոր էր Ուրարտուն, կամ ինչպես իրենք էին անվանում՝ իրենց երկիր Բիայնան։ Զինվորները հոյակապ զինված էին, քաջ ու աներեր, մարդիկ՝ հասարակ ու պարզ։ Մի տեսակ խորը պարզություն կար Ուրարտուում։ Ես տեսա այնտեղ այն, ինչ կորցրել էինք։
Թարիրիա թագուհին մի թովիչ պարմանուհի էր՝ արևագույն մազերով ու բաց աչքերով։ Հագին ուներ երկար զգեստ, կրում էր զանազան արծաթյա զարդեր ու գլխակապ և, իհարկե, ուրարտական թագ։ Իր գլխակապի նմանությամբ մեկն էլ ինձ էր տվել։ Բայց մինչ այն իմ գլխին դնելը, ասաց, որ թույլտվություն է պետք ստանալ։ Ես չհասկացա նրա միտքը․ ըստ իս՝ թագուհին որևէ մեկից թույլտվություն վերցնելու կարիք չուներ։
Նա կանչեց իր ծառաներին ու հրամայեց պատրաստել կառքը։ Անցնում էինք խճաշար փողոցներով, երևում էին պարզ կացարաններն ու զանազան աշտարակները։ Ի վերջո մենք հասանք մի հսակայական կառույցի , որը ձևով սուսի տաճարի էր նման, բայց ավելի շքեղ էր ու մեծ: Ներս մտնելուն պես ես հասկացա, թե որտեղ էի․ ուրարտական գերագույն եռյակին նվիրված տաճարն էր՝ աստվածների տաճարը։ Աջ ու ձախ կողմերում երկու մեծ արձաններ էին դրված։ Աջ կողմինը Թեյշեբա աստվածն էր, ձախ կողմինը՝ Շիվինին։ Ինձ առավել հետաքրքրում էր Խալդի աստծո տաճարը, քանզի նա էր գերագույն աստվածը, և նրա մասին շատ էի լսել։ Թարիրիա թագուհին կռացավ ու սկսեց երկրպագել․
-Թագուհի՛, ինձ հասկացիր, բայց ես չեմ կարող․․․ ես նրան աստված համարել չեմ կարող։ Ես մի Աստված ունեմ ու նրան եմ դավանում առմիշտ։
-Ես հասկանում եմ ու չեմ պարտադրում։ Դու էլ պիտի ինձ հասկանաս․ նրանք են այժմ սյուներն իմ հավատի, ու նրանց ենք հռչակել Բիայնա ամենազոր աստվածներ, մեզ էլ՝ Խալդիի զավակներ՝ խալդեր։
Ես նայում էի Խալդիի սառը ու հուժկու քարե կերտվածքին։ Պատվանդանի վրա կանգնած է մի ցուլ, ցլի վրա՝ Խալդին, իսկ շուրջը արևի քարակերտ ճառագայթներ են, ու նա ասես մի աստվածություն է, որ դուրս է գալիս արևի թևատարած սկավառակի միջից։ Խալդիի ձեռքին շուռին է՝ նիզակը, որ Ուրարտուի հզոր ուժն է խորհրդանշում։
Մինչ ես ուսումնասիրում էի Խալդիի արձանը, թագուհին երկրպագում էր նրանց։ Ավարտելուց հետո նա մոտեցավ ինձ ու գլխակապը ամրացրեց վարսերիս ու օրհնեց ինձ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան ու խնդրեցի ավելի մանրամասն պատմել իրենց աստվածությունների մասին։
-Մեր գերագույն աստվածը, ինչպես տեսար, Խալդին է։ Նա մեր բոլոր հաղթանակաների ու հաջողությունների հովանավորն է ու առհավատչյան։ Մյուս երկու աստվածները Թեյշեբան ու Շիվինին են։ Թեյշեբան ամպրոպի ու փոթորիկի աստվածն է, իսկ Շիվինին՝ արևի։ Այլ աստվածներ էլ կան, ինչպես Ուարուբանի, Բաբա, Տուշպուես, բայց Խալդին, Թեյշեբան ու Շիվինին իշխում են պանթեոնում։ Նրանք առավել զորավոր են ու գերազանցում են մյուսներին՝ այսպիսով ձևավորելով գերագույն եռյակը։ Խալդի աստծո դարպասների վրա ամրագրված է կանոնադրությունը։ Հավանաբար տեսել ես, քանի որ այդ դռնով ես եկել մեր աշխարհ։
-Շնորհակալ եմ, թագուհի՛, ավելի լավ հնարավոր չէր ծանոթանալ ուրարտական աստվածների հետ։ Իսկ ինչ մնում է այդ արձանագրված կանոնադրությանը, անշուշտ տեսել եմ, բայց սեպագրերը կարդալ չեմ կարող։
-Ամեն անգամ մոռանում եմ, որ ձեր ժամանակի գիրը շատ տարբեր է մեր սեպագրերից։ Ուրեմն լսի՛ր․ կանոնադրության մեջ նախ թվարկված են բոլոր աստվածները, ապա՝ նրանց զոհեր մատուցելու կարգը։ Օրինակ՝ Խալդի մեծազոր աստվածը ստանում է 6 ձի, 17 եզ ու 34 ոչխար, Թեյշեբան՝ 6 եզ ու 12 ոչխար, Շիվինին՝ 4 եզ և 8 ոչխար։ Մնացածը, ինչպես նշեցի, ավելի քիչ են կարևորված ու ստանում են միայն 1 եզ ու 2 ոչխար։
Այսպես շատ ու շատ նորանոր տեղեկություններ ստանալով Ուրարտուի մասին՝ մենք վերադարձանք թագավորական տաճար, որտեղ մեզ էին սպասում Մենուա թագավորն ու իմ Միրոն։ Միրոն գրկեց ինձ ու սկսեց ոգևորված պատմել․
-Գիտե՞ս, ուսուցիչ, ես թագավորի հետ ման եկա, նրան գժվացրել եմ իմ հարցերով։ Թագավորն ինձ նիզակով որս անել է սովորեցրել, ում պատմեմ, չեն հավատա։
Թագավորը ժպտում էր, ես էլ ժպտացի ու շնորհակալություն հայտնեցի։
-Միրո ջան, ժամն արդեն ուշ է, դու էլ հոգնել ես, արդեն պիտի քնես։
Առանց հակառակվելու սպասավորներից մեկի հետ գնաց իր օթյակը, իսկ ես մնացի թագավորի ու թագուհու հետ։ Թագուհու հետ արդեն մտերմացել էի, բայց Մենուայի ներկայությունից դեռ շփոթվում էի։ Ես որոշել էի զրուցել թագավորի հետ, պատմել երկրում տիրող իրավիճակի մասին, գուցե կարողանար ինչ-որ ձևով օգնել։
Քարի վրա գծված քարտեզով նա ինձ բացատրեց՝ որոնք էին Ուրարտուի տարածքները, որ տարածքներն էին պատրաստվում գրավել։ Տեսնելով ուրարտական քարտեզի մեծությունը՝ մի պահ սարսուռ անցավ մարմնովս․ երնեկ հիմա էլ նույնքան մեծ ու հզոր լիներ մեր հայրենիքը։
-Թագավո՛ր, ես ցավով եմ նշելու, որ ձեր գրաված հողերի կեսից էլ քիչն է մնացել, չափից դուրս շատ կորուստներ ենք ունեցել վերջին չորս տարիների ընթացքում։ Կիսացամաք մի Սևան է մնացել ու շատ քիչ հող։ Միայն լեռներն են անխոնջ ու գլուխները բարձր շարունակում կանգնած մնալ։ Մարդիկ էլ են հոգնել, շատ են խեղճացել կյանքի բեռան տակ։ Մի հնար արա, մի ճար ցույց տուր, թագավո՛ր։ Ախր ինչպե՞ս ենք այսքան թուլացել։ Հիմա, երբ ամենն իմ աչքերով տեսա, մեր խեղճությունն ու թուլությունն ավելի մեծացավ։ Երբեմնի հզոր ու մեծ այս տերությունը մի չար հնարքով ասես գլխիվայր շուռ եկած լինի։
Թագավորը մռայլվեց․
-Սիրտս ցավեց քո խոսքերից։ Իմ հայրը, իմ պապը, ես, վստահ եմ՝ ինձ հաջորդողներն էլ ջանք ու եռանդ չխնայելով ամրացնում ու ծաղկեցնում ենք մեր հողը, Խալդին մեզ զորավիգ։ Բայց մենք վստահ էինք, որ ապագան վտանգված չէ, մինչդեռ․․․
-Գիտեմ, Մենուա թագավոր, շատ լավ հասկանում եմ ու չափազանց ափսոսում, գլխիկոր եմ հիմա կանգնած Ձեր առաջ։ Սակայն ես վստահ եմ, որ ես պատահական չեմ այստեղ, որ ես այստեղից ինձ հետ տանելու շատ բաներ ունեմ։
- Ճիշտ ես, աղջիկս, դու պատահական չես այստեղ։ Բայց ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, ինքդ գլխի կընկնես ու կհասկանաս։ Հիմա ուշ է արդեն, դու էլ քնիր, Խալդին պահապան քեզ։
Չկարողացա քնել։ Չէի հասկանում ցնորք էր այդ ամենը, թե իրականություն։ Ականջումս դեռ զրնգում էր թագավորի այն խոսքը, որ ինքս պիտի հասկանամ՝ որն է առաքելությունս այստեղ։
***
Ուրարտական առավոտը ուշ բացվեց։ Ժամանակն այստեղ դանդաղ էր առաջ գնում, կամ գուցե ինձ էր այդպես թվում։ Բոլորը քնած էին, երբ վեր կացա։ Հետո թագավորն արթնացավ, նստեց իր գահավորակին, ու նրան անմիջապես կարմրագույն մի ըմպելիք մատուցեցին։
-Ուրարտական ազնիվ ըմպելիք է, որ մեր խաղողուտներից ենք ստանում։ Լույսը մի գավաթ ըմպելով ենք բարիացնում։ Վստահ եմ՝ այս ավանդույթը քեզ ծանոթ է։ Վերցրո՛ւ բաժակը։
Երբ խմեցի, հասկացա, որ խաղողից ստացված այդ ուրարտական ազնիվ ըմպելիքը այժմյան գինին է։
-Թագավո՛ր, ըմպելիքն անկասկած ծանոթ է ինձ։ Հիմա այս ըմպելիքի բազում տեսակներ ունենք, խաղողի մշակումը լավ է զարգացել։ Բայց այս ավանդույթը․․․
-Ինչպե՞ս թե, սա պատգամն է եղել սերմնական, ու խախտողը պիտի անիծվեր իր ողջ զարմով։ Սա հայոց արմատներին մոտ պահող ավանդույթ է՝ դեռ շատ ժամանականեր առաջ սկիզբ առած։ Ինչպե՞ս են համարձակվել մոռանալ սա էլ․․․
Ես գլխահակ էի․ դառն էին ու ճշմարիտ Մենուայի խոսքերը։
Արթնացավ Թարիրիա թագուհին։ Նա խնամքով հարդարեց ոսկե ծամերը, արծաթե ապարանջանն ու գոտին շողում էին նրա վրա, իսկ երկարափեշ զգեստի ծալքերը շրշելիս լաջվարդ էին բուրում։ Գլխակապն էլ կապեց, թագն էլ դրեց։ Ես անխոս ու հիացած նայում էի նրան․
-Այնպես զարմացած ես նայում, կարծես քեզ խորթ են այս զգեստներն ու զարդարանքները։
-Դե, թագուհի՛, հիմա այդպիսի զգեստներ այլևս չենք կրում, իսկ նման զարդեր, գլխակապեր, գոտիներ միայն թանգարաններում է հնարավոր տեսնել։
Այս ասելով՝ ես նկատեցի, թե ինչպես այլայլվեց թագուհու դեմքը։ Նրա համար անսպասելի էր լսել այն մասին, թե ինչ էին մենք հագնում, ինչպես էինք զարդարվում։
-Մի՞թե այդ քո ասած հագուստները գեղեցիկ են ավելի, իսկ զարդերը՝ ազնիվ առավել։ Հապա մի նայի՛ր, այս զգեստներից ողջ աշխարհում միայն ուրարտացի կնոջ հագին կտեսնես։ Զարդերին նայի՛ր, յուրաքանչյուր նախշը մանրամասն հորինված է՝ իր մեջ մի իմաստ թաքցնելով։ Առանց գլխակապի կինն էլ ինչո՞վ պիտի նազ գա։
Խորը կսկիծով սա էլ հասկացա․ մենք այստեղ էլ էինք հեռացել մեր արմատներից։
Քիչ հետո Միրոն արթնացավ։ Քնել էր շատ լավ ու լավ տրամադրությամբ էլ արթնացել։ Թագավորի հետ որոշեցին գնալ որսի։
Ես թագուհու հետ գնացի խաղողուտներում զբոսնելու։ Խոստացել էի պատմել այժմյան հայրենիքի ու մարդկանց մասին։ Իմ ամեն խոսքից մռայլվում էր Թարիրիա թագուհին, ամեն մանրուքից՝ զարմանում։ Ես պատմում էի նրան, որ հիմա մեր հայրենիքում ամեն ինչ այլ է։ Ժամանակի ու կյանքի թելադրողները ինչ-որ անարմատ ու պատմություն չունեցող երկրներ են, որոնցից շատերը ձևավորվել են ուրարտական հողերի վրա։ Սրտիս խորքից հառաչելով՝ նրան պատմում էի, որ ազգային հագուստ կրելը հնաոճություն է համարվում, ազգային ուտելիքները թանկարժեք վայրերում միայն օտարերկրացիներն են համտեսում, իսկ ազգային ճարտարապետությունը շատ քիչ է պահպանվել։ Վերջին տարիների մասին արտասվաշաղախ խոսքերով պատմեցի։ Նկատեցի՝ ինչպես Թարիրիայի աչքերից բյուրեղյա կաթիլները գլորվեցին մարմարյա այտերն ի վար։ Գուցե նա պատկերացրեց, թե ինչքան դժվար ձևով են կռիվ մղել ուրարտացի ռազմիկները, թե ինչ մեծ ցավով ենք լքել մեր կորցրած երբեմնի ուրարտական տարածքները…
***
Հնարավորության դեպքում ես ու Միրոն այնտեղից հետ չէինք վերադառնա, բայց այդպես չէր լինի։ Ես հստակ հիշում էի Մենուա թագավորի այն խոսքերը, թե ամեն ինչ ինքս պիտի հասկանամ։ Ես շատ բաներ էի հասկացել․ ես հասկացել էի, թե որն էր իմ առաքելությունը այնտեղ, թե ինչ դասեր պիտի քաղեի, թե ինչպես կարող էի օգնել հայրենիքիս։ Ես միայն մի բան չէի հասկանում․ ինչո՞ւ հենց ես ու Միրոն, չէ՞ որ միայն դիցակիր անուն ու ազնիվ արյուն ունեցողները կարող էին գալ այստեղ, իսկ մեզանից ոչ մեկը․․․ այդ ամենը պարզվեց ավելի ուշ։
Մենք որոշեցինք այդ օրն էլ անցկացնել Ուրարտուում ու հաջորդ առավոտյան արդեն վերադառնալ։
-Ուսուցի՛չ, ես չեմ ուզում՝ վերադառնանք։ Հա՛, շա՜տ եմ կարոտել մեր գյուղը, իմ նանիին, Ձեր դասերը։ Բայց էստեղ էնքան լավ է, ուսուցիչ։ Մարդիկ էնքան բարի են, մեր երկիրը շատ մեծ ու հզոր է էստեղ։ Ինձ Մենուա թագավորը պատմել է։ Մեր շորերին նայի՛ր, ուսուցի՛չ, էս տեսակ շորեր մենակ Ձեր պատմած գրքերի հերոսների հագին եմ պատկերացրել, բայց հիմա ես եմ հագել։ Էնքան հարազատ է էատեղ ամեն բան՝ շորերը, ուտելիքը, շենքերը, մարդիկ․ քարերը․․․միայն իրենց աստվածն է ուրիշ։ Էստեղ սիրտս ուրախ է, ուսուցի՛չ, արի չգնանք, խոստանում եմ՝ ինչ ասես, կլսեմ, լավ կսովորեմ, ամեն ինչ կանեմ, միայն թե չգնանք իմ Ուրարտուից։
Միրոն սկսեց լաց լինել, ես գրկեցի նրան ու ասացի․
-Իմ Միրո, ես համաձայն եմ՝ քո բոլոր ասածներն էլ ճիշտ են։ Երանություն է այսպիսի երկրում ապրելը։ Մենք պետք է վերադառնանք։ Եթե մնանք այստեղ, կստացվի, որ միայն մեր մասին ենք մտածում, իսկ այդպես չի կարելի։ Մենք գործ ունենք անելու՝ հսկայական գործ։ Մեր ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած։ Հականո՞ւմ ես՝ մենք չենք կարող մնալ այստեղ։ Մենք պիտի վերադառնանք, որ օգնենք մեր երկրին։ Հիմա պատկերացրու ՝ մեծ ու հզոր Ուրարտուն մի թռչուն է։ Թշնամիները պոկել են նրա փետուրները, որոնք այս դեպքում մեր հողերն են։ Ու հիմա վիրավոր թռչունը արնաշաղախ սպասում է ինչ-որ փրկող ձեռքի, մի հրաշքի, որը մեր դեպքում տարածքները հետ բերելն է՝ փետուրները նրան վերադարձնելն է։ Իսկ այդ անելու համար ուժ, խելք, ցանկություն և ժամանակ է պետք։ Հիմա, երբ մենք տեսանք, թե ինչպիսին է եղել մեր երկիրը, համեմատեցինք այժմյան մեր երկրի հետ, շա՜տ բաներ հասկացանք։ Վստահ եմ՝ զգացել ես, թե հիմա որքան հեռու ենք երբեմնի հզոր հայրենիքից, թե որքան շատ ու անդառնալի հետևանքներով սխալներ ենք արել։ Մեր վերադարձը ծայրահեղ անհրաժեշտություն է։
-Հիմա հասկանում եմ, ուսուցի՛չ։ Ուեմն պիտի ետ դառնանք ու շատ աշխատենք։ Աշխատենք էնքան, որ այ էս հզորությունն ու մեծությունը հետ բերենք։
Միրոս հասկացել էր ամեն ինչ, ես՝ նույնպես։ Երեկոյան ճաշելուց հետո մինչև ուշ գիշեր զրուցում էինք թագավորի ու թագուհու հետ։ Միրոն քնեց ծնկներիս, իսկ մենք շարունակեցինք զրուցել, մինչև լույսը կբացվեր։
Առավոտյան ես Միրոյին արթնացրի։ Մեծ ափսոսանքով հետ վերադարձրինք հագուստները ու զարդերը, որովհետև մեզ հետ տանել չէինք կարող։ Թագուհին խնդրեց ինձ գնալ իր սենյակ։
-Սիրելի՜ս, չեմ ուզում հրաժեշտ տալ քեզ, բայց վստահ եմ՝ հասկացել ես այստեղ լինելուդ պատճառը, հասկացել ես նաև, թե ինչ ես անելու վերադառնալուց հետո։ Հուսալից եմ, որ մեզ հաջողվեց ընդունել ձեզ բաց սրտով ու ինչ-որ չափով օգնել մեր հայրենիքի կարեվեր ապագային։
-Թագուհի՛, շնորհակալ եմ, աշխարհաչափ շնորհակալ եմ ամենի համար։ Դուք շա՜տ եք օգնել, հուսով եմ՝ ես էլ կկարողանամ ինչ-որ բան փոխել հայրենիքումս։ Ես միայն մի բան եմ ուզում հարցնել, թագուհի, ինչո՞ւ հենց ես ու Միրոն։ Մենք ո՛չ հատուկ անուն ենք կրում, ո՛չ էլ ազնվական արյուն։
-Ես սպասում էի այս հարցին։ Դու չգիտես, որ հիմա քո երակներում հին Բիայնա արյուն է հոսում։ Մի՛ զարմացիր։ Ես քո նախամայրն եմ։ Այո՛, կարող ես հպարտորեն ասել, որ դու Թարիրիա թագուհու ժառանգն ես, և որ իմ արյունն է բաղադրում քո երակները։ Իսկ Միրոն խեղճ ու որբ մի մանուկ է, որ չգիտեմ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ դիցակիր անուն ունի՝ Միհրդատ։ Նա էլ եղավ քեզ ուղեկից այստեղ, բայց քո ուսերին է ծանրանում մայրաբար նրա մասին հոգ տանելը։
Ասես ցնորքում լինեի, հավատս չէր գալիս։ Գրկեցի թագուհուն ու արտասվեցի։ Հիմա ամեն ինչ պարզ էր։
-Պարզի՛ր ձեռքդ,- դիմեց թագուհին՝ ձեռքիս ափի մեջ ինչ-որ բան դնելով,- իմ թալիսմանն է։ Օրհնում եմ ամենամքուր սիրով որպես քեզ հարազատ հոգի։ Միշտ կպահես քեզ մոտ։ Այս թալիսմանը շատ հարցերիդ պատասխան կտա ու ուղեկից կլինի քեզ, այն քեզ երջանկություն ու հաջողություն կբերի։ Համարիր՝ ինձանից մի մասնիկ քեզ հետ տանում ես ապագա։
Ես նայեցի թալիսմանին․ արծաթյա շղթա էր՝ կախազարդով, որի վրա արձանագրված էր․
-Թագուհի՛ս, մեծարժեք է նվերդ անչափ։ Խոստանում եմ պահել աչքիս լույսի պես։ Միայն խնդրում եմ՝ ասա, թե ինչ է գրված այստեղ։
-Ես չեմ ասի, թե ինչ է գրված կախազարդի վրա։ Սա այն է, ինչ դու չէիր հասկանում, և այն է, ինչ պակասում է քեզ։ Խալդին քեզ պահապան, օրհնանքներս էլ քեզ հետ,- ասաց թագուհին, ամրացրեց կախազարդը պարանոցիս շուրջը, ու դուրս եկանք միասին։
Կառքն արդեն պատրաստ սպասում էր մեզ․ գնալու էինք Խալդիի ժայռափոր դարպասների մոտ։
Արդեն դռան դիմաց էինք։ Մի պահ նայեցի Թարիրիային ու Մենուային․
-Ես շնորհակալ եմ, Դուք եք իրական հայրենասերն ու առաջնորդը։ Այս օրերի ընթացքում շատ բաներ եմ սովորել, որոնք պիտի ծառայեցնեմ ի գործ հայրենյաց։ Խոստանում եմ ոտքի կանգնեցնել մեր հայրենիքը։ Ափաչափ կարոտս էլ այստեղ նորից վերադանալու հույսով կփարատեմ։,- այսպիսին եղան իմ վերջին խոսքերը, որ հնչեցրի մեկնելուցս առաջ։
Միրոն լալիս էր․
-Ես էլ եմ շնորհակալ։ Ես շատ եմ ուզում մնալ էստեղ, բայց ուսուցիչս ամեն ինչ բացատրել է։ Խոսք եմ տալիս, որ մեր հայրենիքը հզորացնելուց հետո նորից եմ էստեղ գալու, ես շատ եմ սիրում Ուրարտուն ու ձեզ։
Հրաժեշտ տվեցինք։ Ես մի ձեռքով բռնեցի Միրոյի ձեռքը և դողացող ոտքերով մոտեցա դռանը․ ճիշտ այնպես, ինչպես մոտենում էի եկեղեցու խորանին գյուղում։ Մյուս ձեռքով թալիսմանն ամուր սեղմել էի կրծքիս։ Պորտալը բացվեց, ու քիչ անց մենք արդեն եկեղեցու խորանում էինք։
***
Երկար ժամանակ պահանջվեց իրականություն վերադառնալու համար, բայց շտապել էր պետք։ Ճանապարհին որոշեցինք առաջինը այցելել Սանասար պապին ու պատմել ամենը։ Հետո ես շտապեցի տիկին Լուսինեի տուն, իսկ Միրոն՝ իր նանիի մոտ։
-Բարեխոս Աստվածամոր օրհնանքներով վերադարձար, աղջի՜կս։ Նստի՛ր՝ տեսնեմ՝ ոնց ես, քաղցած ու հոգնած, գլխովդ հազար ու մի փորձանք անցած։
Ես հրաժարվեցի ուտելուց ու հանգստանալուց, որովհետև վայրկյան առաջ ուզում էի հավաքել ողջ գյուղին ու խոսել։ Հանկարծ մեկը արագ վազքով ներս մտավ, փլվեց ծնկներիս ու սկսեց հեկեկալ։ Ես փորձում էի նրան հանդարտեցնել, հասկանալ՝ ինչ է եղել, բայց չէր ստացվում։ Մեր բացակայության ընթացքում Միրոյի տատիկն էր մահացել՝ որբ մնացած մանկան միակ հույսն ու ապավենը։
Անցան օրեր։ Ես դեռ գյուղում էի։ Միրոն ողջ գյուղի հոգատարությամբ ու սիրով փորձում էր հաղթահարել իրեն վրա հասած դժբախտությունը ։ Օրվա մեծ մասը նա ինձ հետ էր անցկացնում, փորձում էի նրան մենակ չթողնել։
Գյուղի բնակիչներին պատմել էի ամեն ինչ, մանրամասն բացատրել, ոմանք հավատացել էին, որոշները՝ ոչ։ Մենք կարողացանք ծրագիր կազմել, որը հնարավորություն կտար գոնե մի փոքր վերադառնալ մեր արմատներին։ Ի զարմանս մեզ՝ մեր ծրագիրը մեծ արձագանք ստացավ երկրում։ Սփյուռքից էին նույնիսկ մեզ աջակցում։
Առաջին քայլով հին ուրարտական ոճին բնորոշ ազգային հագուստներ կարել տվեցինք։ Գյուղի երիտասարդությունը մեծ սիրով ու հպարտությամբ էր կրում այդ հագուստը ամեն օր։
Ահա այսպես բոլորի ուշադրությունը գրավեց Պիծուշենը։ Ես շարունակում էի դասերս, երեխաներն ավելի եռանդով էին հաճախում։ Ինձ մոտ կամաց-կամաց ամեն ինչ ստացվում էր։ Սակայն ինձ տանջում էր երկու բան՝ թալիսմանի գրությունը և գյուղի անվան բացատրությունը։
Հետո շատ խաղողուտներ տնկեցինք գյուղում, գինեգործությունը մեծ թափ առավ։ Վերականգնեցինք հին ուրարտական սովորույթը՝ լույսը հայոց ազնվական ըմպելիքով՝ գինիով բարիացնելը։
***
Ողջ հայության ուշադրության կենտրոնում էր Պիծուշենը։ Օտարազգիները ևս հետաքրքրվում էին մեր գյուղով, և մենք հաճախ էինք հյուրեր ունենում։
Գյուղի հյուրերի մեջ էր սփյուռքահայ Վահագնը, որ ծնվել էր Երուսաղեմում, եղել շատ երկրներում, բայց պահպանել էր իր հայ ոգին ու լեզուն։ Նա երգիչ էր ու ,զարմանալի է, երգում էր հին հայկական երգեր՝ տարբեր բարբառներով ու գեղեցիկ մշակումերով։ Նա շատ հավանեց Պիծուշենը և որոշեց մի քանի օր մնալ։ Առիթը բաց չթողնելով՝ ես առաջարկեցի գյուղում համերգ կազմակերպել։ Համերգը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները․ ոչ միայն գյուղն էր եկել լսելու, այլև տարբեր տեղերից էին մարդիկ ժամանել՝ Պիծուշենը տեսնելու և Վահագնին լսելու։
Մի քանի օր անց նկատեցի, որ թալիսմանս կորցրել եմ։ Ոչ մի տեղ չկար։ Ախր ինչպես կարող էի ես այն կորցնել․ չէ՞ որ այն չափազանց թանկ էր ինձ համար, քանի որ Թարիրիա թագուհին էր այն նվիրել, և հետո ես դեռ չէի բացահայտել, թե թալիսմանն ինչ գաղտնիք էր պարունակում։
Հերթական դասից հետո, երբ մտամոլոր տուն էի վերադառնում, մեկը ձայն տվեց․ Վահագնն էր։ Թալիսմանս էր գտել։ Այն տեսնելուն պես իսկույն մտաբերել էր, որ այն ես եմ կրում։ Մտապահել էր, որովհետև թալիսմանս սովորական զարդի տեսք չուներ․․․
***
Այժմ մենք միասին ենք՝ ես ու Վահագնը։ Միրոյին էլ որդեգրել ենք։ Գյուղը օր օրի ծաղկում էր։ Վահագնը իր երգերով շրջում էր Հայաստանի տարբեր անկյուններով՝ հայոց երգի բիայնա հնչյունները ծորելով ամեն քար ու թփի վրա։
Մենք միասին վերադարձանք քաղաք հատուկ նպատակով՝ վերծանել թալիսմանիս գրությունը։ Միակ հնարավոր տեղը, ուր կարելի կլիներ կարդալ սեպագրերը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր։ Այնտեղ մեզ ցույց տվեցին սեպագիր արձանագրության մի հատված, որտեղ ես գտա ճիշտ այնպիսի սեպագրեր, որպիսին փորագրված էին իմ կախազարդի վրա։ Սեպագիր այդ հատվածը վերծանվում էր «Մենուա Էուա Թարիրիա պիծուշե», որը նշանակում էր «Մենուա և Թարիրիա՝ երջանկություն»։ Իմ թալիսմանին գրված էր
,
որը ընթերցվում էր «պիծուշե», այսինքն՝ «երջանկություն»։
Թագուհին ճիշտ էր․ թալիսմանի գաղտնիքը բացահայտելը տվեց ինձ շատ հարցերի պատասխաններ։ Հենց թալիսմանի միջոցով գտա ես իմ երջանկությունը։ Գյուղի անունն էլ էր արդեն ինձ պարզ՝ «Պիծուշեն»՝ «Երջանկության գյուղ»։ Հիրավի․ երջանկության գյուղը երջանկացրեց ինձ։
Երջանկության գյուղը կարողացավ որոշ բաներ փոխել հայոց աշխարհում։ Հայկական հագուստները մեծ տարածում գտան ողջ երկրում, բոլորը սկսեցին լսել հայկական երաժշտություն, կարծես թե սկսեցին խոհանոցում նախընտրությունը տալ ավելի շատ հայկական ուտելիքներին։ Ճիշտ է, ինձ չհաջողվեց հետ բերել ուրարտական հզորությունն ու մեծությունը, բայց հաջողվեց փոխել ազգային գաղափարախոսությունը․ միայն սեփական արմատներից չհեռանալու, ազգայինը սիրելու ու պահպանելու և սեփական պատմությունը ուղենիշ դարձնելու դեպքում է հնարավոր պահպանել ազգային դիմագիծը։
Տարիներ անց, աշխատանքիս պտուղներից գոհ, որոշեցի հետ գնալ։
Մեզ օրհնեցին Մենուա թագավորն ու Թարիրիա թագուհին․
-Ես վստահում էի քեզ, և դու հույսերս ի չիք չդարձրիր,- դիմեց թագավորն ինձ, այնուհետև դարձավ Վահագնին, ով ի զարմանս ինձ կարողացավ անցնել պորտալով․
-Վահա՛գն, թող մեղեդիդ միշտ զուլալ ու խաղաղ հնչի։ Ուրախ եմ, որ այստեղ ես։ Այստեղ ես ոչ միայն դիցակիր անունիդ, այլև՝ հին ու ազնվական արյունիդ շնորհիվ։ Իմ ժառանգն ես դու, Վահա՜գն։
Թագուհին ևս խոսեց․
-Երջանիկ եմ, որ հասկացար թալիսմանի իմաստն ու կարևորությունը։ Խալդի զորությունը ձեզ հետ։ Դուք մեր հետնորդներն եք։ Գնացեք ու շենացրեք մեր ու ձեր հայրենիքը, ու թող Ուրարտու անունը երբեք չջնջվի սերունդների հիշողությունից։
Կյանքը չէր դադարում ինձ զարմացնել։ Ստացվում էր, որ իմ նախամայրը Թարիրիա թագուհին էր, իսկ Վահագնի նախահայրը՝ Մենուա թագավորը։
***
Սա սովորական մի ուղեգրություն չէ գյուղ եկած ուսուցչի մասին, որ հանկարծակի գտնում է իր երջանկությունը։ Սա պատմություն է ծագման ու սեփական արմատներին մոտ մնալու կարևորության մասին։ Սա պատմություն է այն հայրենիքի մասին, որ պիտի դարձի գա ու ոտքի կանգնի, այն հայրենիքի մասին, որ պիտի դառնա ապագայի Ուրարտուն։ Իսկ մենք կշարունակենք ապրել Պիծուշենում ու վայելել մեզ բաժին հասած «պիծուշե»-ն՝ չմոռանալով հոգ տանել մեր երկրի ապագայի մասին՝ որպես Մենուայի ու Թարիրիայի ազնվարյուն ժառանգներ։
コメント