top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Մոռացված աստծո տաճարը», հեղինակ՝ Արթուր Առաքելյան


Աթենքի մարմարակերտ տաճարներից հեռու` քաղաքի ետնախորշում էր գտնվում Զենոբիոսի գինետունը։ Երեկոյան այստեղ էին հավաքվում հասարակ աթենացիներն ու քաղաքի ոչ այնքան ունևոր հյուրերը։ Յուղե լամպերի աղոտ լույսը հազիվ լուսավորում էր սրահն ու զարմանահրաշ ստվերներ գցում բորբոսնած պատերի վրա։ Փայտե սեղանների շուրջ խմբված այցելուները տարված էին զանազան խոսակցություններով։


Գինետան դուռը բացվեց ու ներս մտավ ցնցոտիավոր մի մարդ։ Հազիվ 35 տարեկան լիներ, բայց չարքաշ կյանքն արդեն հետք չէր թողել երիտասարդությունից։ Երբեմնի մկանոտ մարմինը հյուծվել էր վատ սննդից ու հիվանդություններից։ Նրա հանգած աչքերը թաղված էին մաշկի ծալքերի տակ։ Այտից մինչև դունչը ձգվում էր սրի հարվածից մնացած երկար սպի։


- Կասոս, դարձյալ դո՞ւ ես, - ասաց Զենոբիոսը` տեսնելով այցելուին։ - Դեռ նախորդ անգամվա համար չես վճարել։ Մինչև չվճարես` ոչ մի կաթիլ գինի չես ստանա։


- Ինքդ էլ գիտես, որ քսակիս մեջ մի պղնձե լեպտոն անգամ չկա, ժլատ ծերուկ, - պատասխանեց հյուրն ու սկսեց զննել հավաքվածներին։ Նրա հայացքը կանգ առավ երիտասարդ տղամարդու վրա, ով միայնակ նստած էր սեղաններից մեկի մոտ։


- Գուցե՞ ազնիվ պարոնը բարի գտնվի ու հյուրասիրի հին ռազմիկին։


- Ինչի՞ս է պետք քեզ վրա դրամ ծախսելը,- պատասխանեց տղամարդը։ Նա ու Զենոբիոսը քմծիծաղներով փոխանակվեցին։


- Փոխարենը քեզ մի պատմություն կպատմեմ, որ երբեք չես լսել։ Անսովոր պատմություն դեպի հեռավոր երկիր կատարած իմ ճանապարհորդության մասին։


- Պատմությո՞ւն, ես պատմություններ սիրում եմ, - ոգևորվեց երիտասարդը։ - Թող այդպես լինի, հյուրին մի թաս գինի լից, Զենոբիոս։


- Եթե դու ես վճարում, ուրեմն խնդիր չկա, Նիկողայոս, - ասաց ծեր պանդոկապանը։


Ստանալով գինով գավաթը` Կասոսը մի ակնթարթում դատարկեց այն ու քիչ անց սկսեց խոսել.


- Սրանից հինգ տարի առաջ 10.000 խիզախ հույն նիզակակիրներ ուղևորվեցին հեռավոր Պարսկաստան` Կյուրոս Կրտսերի դրոշի տակ կռվելու․․․


- Մի րոպե, - ընդհատեց նրան տղամարդը, - չլինի՞ թե Անաբասիսի մասին ես ուզում պատմել։ Զորավար Քսենոփոնի շնորհիվ բոլորս գիտենք այդ պատմությունը։ Խոստացել էիր այնպիսի բան պատմել, որ երբեք չեմ լսել։


- Ճիշտ ես, Քսենոփոնի աշխատությունը հայտնի է ամբողջ հունաց աշխարհին, բայց մեր զորավարն ամեն ինչ չէ, որ պատմել է։ Ես, որպես հասարակ ռազմիկ, Քսենոփոնի հետ անցել եմ ամբողջ ճանապարհը, բայց ավելին եմ տեսել, քան նա կամ 10.000-ից որևէ մեկը։


- Հմմ… Լավ, դե՛ պատմիր տեսնեմ, - ասաց երիտասարդը` նստարանին հարմար տեղավորվելով։


Կասոսը շարունակեց.


- Բնականաբար տեղյակ եք, որ Պարսկաստանում մեր գործերը չհաջողեցին ու ստիպված եղանք երկար ու ձիգ ճանապարհ անցնել հայրենիք վերադառնալու համար։ Իմ պատմությունը սկսվում է այն պահից, երբ նահանջի ճանապարհին ոտք դրեցինք Արմենիա կոչվող երկիրը, որին տեղացիները Հայք էին կոչում։ Դա մի լեռնային անանցանելի երկիր էր, որ բաժանում էր մեզ Պոնտական ծովից։ Այդ երկրում այնպիսի հսկա լեռներ կային, որ Օլիմպոսը նրանց կողքին փոքրիկ բլրակ կթվար։ Այնքան խորը ձորեր կային, որ թվում էր, թե հասնում են մինչև Տարտարոս։


Երկար ու դժվար ճանապարհ անցանք հազիվ անցանելի լեռնային կածաններով, մինչև որ մի փոքրիկ հայկական գյուղ գտանք։ Քսենոփոնը կարգադրեց ճամբար խփել այստեղ։ Հայ գյուղացիները խաղաղ մարդիկ էին ու չէին կարող դիմադրել մեզ, ուստի տեղավորվեցինք նրանց տներում ու սկսեցինք անխնա վայելել այդ մարդկանց կուտակած բարիքները։ Հայերը զբաղվում էին անասնապահությամբ ու հողագործությամբ։ Թեև ապրում էին անբարենպաստ քարքարոտ երկրում, բայց կարողանում էին առատ բերք ստանալ։ Նրանց մառանները լիքն էին տարատեսակ գինիներով։ Հայերը մի ոգելից խմիչք ունեին, որ գարու հատիկներից էին պատրաստում։ Շատ ավելի լավն էր, քան քո այս էշի մեզը, Զենոբիոս։


Մտավախություն կար, որ Հայքի սատրապ Օրոնտեսը, կամ ինչպես տեղացիներն էին նրան կոչում` Երվանդը, կարող է զորք ուղարկել մեր ետևից։ Այդ պատճառով մոտակա բլուրների գագաթներին ժամապահներ էինք թողնում` թշնամու մոտենալը ժամանակին նկատելու համար։ Այդ օրը ես նույնպես ժամապահ էի։ Ձանձրույթից այլ բան չէր մնում,  քան հայացքով ուսումնասիրել հանդիպակած լեռների ժայռոտ լանջերը։ Ահա այդ ժամանակ էր, որ բարձունքներից մեկի վրա հեռավոր մի փայլ նկատեցի։ Լարելով տեսողությունս` լեռան գագաթին մի կառույց նշմարեցի, որը շատ նման էր տաճարի։ Հեռավոր փայլը կանչում էր ինձ։ Գիտե՞ս ինչ ընդհանուր բան ունեն բոլոր տաճարները, անկախ նրանից, թե ում կողմից են կառուցված ու ինչ աստվածների են նվիրված։


- Ի՞նչ, -  հարցրեց Նիկողայոսն, ով համակ ուշադրությամբ լսում էր։


- Դրանցում անհամար գանձեր են պահվում, - ասաց Կասոսը։ - Ճամբար վերադառնալուն պես, տեսածիս մասին պատմեցի ամենամտերիմ զինակից ընկերներիս։ Ամբողջ աշխարհում չէիր գտնի նման հավատարիմ ընկերների ու քաջ ռազմիկների։ Ահա նրանք՝ փորձառու սրամարտիկ Անակլետոսը, նետաձիգ Թեսևսը, ով թեև կորցրել էր լսողությունը, բայց փոխարենը բազեի տեսողություն ուներ, Ադրիանոսը, ով ամենամռայլ պահերին անգամ չէր կորցնում հումորի զգացումը, Լեոնիդասը, ով աժդահա մի ռազմիկ էր ու ուժով կարող էր մրցել անձամբ Հերակլեսի հետ։


Հրամանատարներին ոչինչ չասացինք, որովհետև չէինք ուզում ոչ ոքի հետ կիսվել հարստությամբ։ Նույն գիշեր ես և չորս զինակից ընկերներս գաղտնագողի լքեցինք ճամբարն ու ճանապարհ բռնեցինք դեպի հանդիպակաց լեռը։ Դեռ նոր էինք հասել լեռան լանջին, երբ նկատեցինք, որ ինչ-որ մեկը հետևում է մեզ։ Լեոնիդասը ձեռքը մտցրեց թփերի մեջ և այնտեղից դուրս հանեց մի փոքրամարմին ու լղար զինվորի։


- Հեսպերո՞ս, դո՞ւ ես ինչ է, ինչո՞ւ էիր հետևում մեզ, - հարցրեցի ես՝ ճանաչելով զինվորին։


- Տեսա ինչ-որ տեղ եք գնում, հետաքրքրությունից ելնելով մտածեցի հետևեմ, - պատասխանեց Հեսպերոսը։- Հե՜յ, գուցե՞ իջացնես ինձ։


Լեոնիդասն այս ամբողջ ժամանակ նրան կատվի ձագի պես պահում էր օդում։


Հեսպերոսին հետ ուղարկելու համար արդեն ուշ էր։ Որոշեցինք նրան էլ պատմել մեր նախաձեռնած գործի մասին ու հետներս վերցնել։


Վերելքը երկար ու դժվարին էր։ Սկզբում պետք է հաղթահարեինք խիտ անտառներով պատված լանջերն, այնուհետև մագլցեինք գրեթե ուղղահայաց բարձրացող ժայռերի վրայով։ Ճանապարհն էլ ավելի էր բարդացնում մինչև ոսկորները սողոսկող ուժգին ու սառը քամին, որ քիչ էր մնում մեզ վերցներ ժայռերի վրայից ու անդունդը նետեր։ Անընդհատ թվում էր, թե բաղձալի գագաթն արդեն մոտ է, բայց հաջորդ պահին լեռը, կարծես, ավելի էր աճում։ Ծանր զենքն ու զրահը հետներս էր, քանի որ վստահ չէինք, որ տաճարում զինված պաշտպանների չենք հանդիպի։


Վերջապես հասանք գագաթին։ Տեսողությունս ինձ չէր խաբել։ Այստեղ իրոք տաճար էր կառուցված։ Անհավատալի է, թե ինչպես էին մարդիկ այս բարձրության վրա նման շինարարություն իրականացրել։ Տաճարը կանգնած էր հզոր սյուների վրա։ Մուտքի առաջ տեղադրված էին բագիններ, որոնց մեջ արդեն վաղուց ոչ ոք կրակ չէր վառել։


Տաճարի ամենավերևում վեր էր խոյանում նիզակի սայր հիշեցնող, տերևանման մետաղյա ցից, որի արձակած փայլն էլ, հավանաբար, հեռվից գրավել էր ինձ։


Մեծ ջանք գործադրելով բացեցինք տաճարի երկփեղկանի ծանր դարպասներն ու ներս մտանք։ Վառեցինք ճրագներն ու առաջ շարժվեցինք մութ միջանցքներով։


Տաճարը լքված տեսք ուներ։ Երևում է տեղացիներն արդեն վաղուց մոռացել էին այն աստվածներին, որոնց նվիրված էր այս սրբավայրը։ Ամեն ինչ ծածկվել էր դարերի փոշով։ Ժամանակը կարծես կանգ էր առել այստեղ, և հնության ոգին պարուրել էր ամեն մի անկյուն։


Տաճարի հնագույն պատերին պատկերված էր ահեղ ու խրոխտ աստվածը` հրեղեն նիզակը ձեռքին բռնած, առյուծի մեջքին կանգնած։ Նրան շրջապատում էին զարհուրելի արարածների պատկերներ, որոնք առյուծի մարմին ունեին, արծվի թևեր ու մարդկային գլուխներ։ Խրոխտ աստվածն ու իր գազանները երկյուղ էին ներշնչում՝ կարծես ասում էին, որ ուրախ չեն մեզ այստեղ տեսնելու համար։ Մի պահ նույնիսկ ուզեցի շրջվել ու դուրս գալ տաճարից, փախչել որքան հնարավոր է հեռու։ Ինչ լավ կլիներ, որ այդ ժամանակ լսեի սրտիս ձայնն ու հենց այդպես էլ վարվեի։ Հաղթահարեցի վախն ու ինձ ստիպեցի մյուսների հետ առաջ գնալ դեպի տաճարի խորքը։ Շուտով գտանք այն, ինչի համար եկել էինք։ Տաճարի սենյակներից մեկում մարդու հասակի բարձրության մի մեծ սալիկ տեսանք, այն ամբողջությամբ ոսկուց էր։ Ուրախություններիս չափ ու սահման չկար։ Ուղղանկյուն սալիկը պատված էր սեպաձև անհասկանալի գրերով, որ մեզանից ոչ մեկը չէր կարող կարդալ։ Այդ ժամանակ ոչ մեկիս առանձնապես չէր էլ հետաքրքրում, թե ինչ է գրված։ Սալը կոտրեցինք` բաժանեցինք  հավասար մասերի ու վերցրեցինք մեզ հետ։


- Կասոս, այ դու ստախոս, - բացականչեց Զենոբիոսն ու ծիծաղեց, - բա որ այդպիսի մեծ հարստություն եք ձեռք գցել, հիմա ինչո՞ւ ես մուրացկանություն անում։


- Այդ հարստությունն ինձ չէր պատկանում, ծերուկ, և մեզանից ոչ ոքին վիճակված չէր վայելել այն։


- Լավ, շարունակի՛ր պատմել, - ասաց Նիկողայոսը։


Երբ վերադարձանք գյուղ, պարզվեց, որ հունական զորքն արդեն լքել է ճամբարն ու առաջ շարժվել։ Որոշեցինք գյուղում մնալ մինչև առավոտ, իսկ հետո հասնել նրանց հետևից։


Ամբողջ գիշեր սրտումս անհանգստություն էր տիրում, չէի կարողանում մտքիցս հանել հնագույն աստծո ահեղ հայացքը։ Միայն լուսադեմին հաջողվեց աչք կպցնել, բայց անմիջապես արթնացա սարսափազդու ճիչից։ Դուրս վազեցի վրանից ու հանդիպեցի սարսափած Հեսպերոսին։ Մյուսները նույնպես արթնացան շրջապատեցին նրան ու փորձեցին պատասխան ստանալ։ Նա սարսափած էր ու չէր կարողանում որևէ բառ ասել, միայն ցույց էր տալիս Անակլետոսի վրանի կողմը։ Շուտով բոլորս տեսանք նրա սարսափի պատճառը։ Անակլետոսը մեռած էր, նրա մարմինը պատառոտված ու ծվեն ծվեն էր արված։ Ամբողջ վրանը ներկվել էր նրա արյամբ։ Նրա բաժին ոսկին անհետացել էր։


- Բայց ո՞վ էր այդպիսի սարսափելի ոճիր իրականացրել, - հարցրեց ունկնդիր երիտասարդը։


- Սիրով կպատմեի, բայց, բերանս արդեն չորացավ, իսկ գավաթս, ինչպես տեսնում ես` դատարկ է, - ասաց Կասոսը։


Նիկողայոսը նշան արեց Զենոբիոսին, որ նորից լցնի գավաթը։ Կասոսը մի կում արեց ու շարունակեց իր պատմությունը․


- Բոլորով հավաքվեցինք իմ վրանում` կատարվածը քննարկելու համար։


- Ինչ-որ մեկը չի բավարարվել իր բաժին ոսկով ու որոշել է Անակլետոսին հասանելիքն էլ իրենով անել, - ասաց Լեոնիդասը ու խոժոռ հայացքով սկսեց զննել բոլորիս։


- Ինչպե՞ս ես համարձակվում նման մեղադրանքներ հայտնել, - ընդդիմացավ Ադրիանոսը։ - Մի՞թե տասնյակ ճակատամարտեր չենք անցկացրել իրար ուս ուսի կանգած։ Քանի՞ անգամ ենք վտանգել կյանքներս իրար փրկելու համար։


Լեոնիդասը մեղավորի հայացք ընդունեց։


- Ձեզանից յուրաքանչյուրն իմ զինակից եղբայրն է ու բոլորիդ վստահում եմ ինչպես ինքս ինձ, - ասացի ես։ - Մի մոռացեք, որ մենք թշնամիների երկրում ենք` նրանց գյուղում։ Հավանաբար տեղացիներն են որոշել հաշվեհարդար տեսնել։


- Մարդ արարածը չէր կարող այդպիսի բան անել, - ասաց Հեսպերոսը։ Նա դեռևս ուշքի չէր գալիս տեսածից։


Իմ վարկածն ամենահավանականը թվաց։ Գյուղի ավագին կանչեցինք մեր վրան, դաշույնը դրեցինք կոկորդին ու պահանջեցինք, որ պատմի, թե ով է սպանել մեր զինակից ընկերոջը։ Հեսպերոսը փորձում էր պարսկերեն խոսել գյուղապետի հետ, բայց նա լռում էր։


Հանկարծ գյուղապետի հայացքն ընկավ ոսկե սալիկի իմ հատվածին, որն անզգուշորեն մոռացել էի թաքցնել։ Նրա հայացքում սարսափ հայտնվեց, սկսեց հայերենով ինչ-որ բան բացատրել։ Անընդհատ մի բառ էր կրկնում՝ Խալդի։ Այդպես էլ չկարողացանք նրանից մի պիտանի բան իմանալ։


Մարդասպանին այդպես էլ չգտնելով որոշեցինք հեռանալ գյուղից։ Չէինք ցանկանում շատ հետ ընկնել մնացած զորքից։


Անակլետոսի մնացորդներն այրեցինք` ինչպես կարգն էր պահանջում։ Հուսով էինք, որ այդ հեռու երկրում էլ մեր աստվածները կօգնեն նրա հոգուն գտնել մեռյալների թագավորության ճանապարհը։


Երբ հեռանում էինք, տեղացիները հայացքներով ճանապարհում էին մեզ։ Ոմանց աչքերում չարություն էր, նրանք ուրախ էին, որ անկոչ օտարները վերջապես չքվում են իրենց գյուղից։ Ուրիշներն այնպիսի խղճացող հայացքներով էին նայում մեզ, կարծես մահվան դատապարտված լինեինք։


Մենք գաղափար չունեինք այդ օտար երկրի ճանապարհների մասին, ուստի Արտավազդ անունով մի հայ պատանու գերի վերցրեցինք, որպեսզի նա մեր ուղեկցողը դառնա։


Ամբողջ օրը քայլեցինք, բայց այդպես էլ չհասանք բանակի ետևից։ Ճանապարհին հանդիպում էինք վերջերս անցած զորքի բազմաթիվ հետքերին, այնպես որ Արտավազդը մեզ ճիշտ ճանապարհով էր տանում։


Շուտով մթնեց ու ստիպված եղանք դադար առնել։


Մոտակա անտառները հարուստ էին բազմազան կենդանական աշխարհով։ Թեսևսն ու Ադրիանոսը որոշեցին որսի գնալ։ Թարմ միսը չէր խանգարի։ Թեսևսը իր սուր տեսողության շնորհիվ հմուտ նետաձիգ էր։ Լսողության կորուստը փոխհատուցվել էր արծվի սուր տեսողությամբ։ Նա երբեք դատարկաձեռն չէր վերադառնում որսորդությունից։ Ադրիանոսը գլուխ գովաց, որ այս անգամ ինքը Թեսևսից ավելի ճոխ որսով է վերադառնալու։


Մեկ ժամ անց Թեսևսը միայնակ վերադարձավ անտառից` մի խոշոր լեռնային այծ ուսերին գցած։ Սկսեցինք մշակել միսը։ Սպասում էինք, որ շուտով Ադրիանոսն էլ կվերադառնա, բայց ժամեր անց նա այդպես էլ չհայտնվեց։


- Երևի նեղսրտել է, որ Թեսևսը որսով է վերադարձել, իսկ ինքը` ոչ։ Ամոթից ետ չի գալիս, - կատակեց Լեոնիդասը։


Կատակը` կատակ, բայց Ադրիանոսից արդեն վաղուց լուր չկար։ Բոլորով գնացինք նրան փնտրելու։ Երկար խուզարկեցինք մոտակա անտառը մինչև որ վերջապես գտանք նրան՝ նրա պատառոտված մարմինը։


Նա ընկած էր մի հաստաբուն ծառի տակ։ Հայացքում սառել էր սարսափը, անկենդան ձեռքը դեռ սեղմում էր կոտրված տեգը, որով փորձել էր պաշտպանվել։ Թե ումից, այդպես էլ չիմացանք։ Դեռ մի քանի ժամ առաջ նա խարույկի շուրջ կատակներ էր անում, իսկ հիմա…


Մենք արդեն բավականին հեռու էինք գյուղից։ Մի՞թե ինչ-որ մեկն այսքան ժամանակ հետապնդել է մեզ։ Գուցե Լեոնիդասն իրավացի էր ու մարդասպանը մեզանից մեկն է։ Ես, Լեոնիդասը, Հեսպերոսը ու հայ գերին խարույկից չէինք հեռացել։ Մի՞թե Թեսևսն էր սպանել Ադրիանոսին, երբ միասին որսի էին գնացել։ Տասնյակ հարցեր էին ծագում, որոնց պատասխանները չկար։


Որոշեցինք կանգ առնել այն վարկածի վրա, որ հայերը գյուղից հետևել են մեզ։


- Հայ ընկերնե՞րդ են, հետևիցդ են եկե՞լ, ուզո՞ւմ են սպանել բոլորիս ու ազատել քեզ, դե ասա՛, - հարցաքննում էր Լեոնիդասը Արտավազդին` նրա հագուստից քաշքշելով։ Պատանին ոչինչ չէր պատասխանում։ Նա ամենևին չէր վախենում աժդահա Լեոնիդասից։


- Նրա ընկերները չեն, - ասաց Հեսպերոսը, - ասում եմ ձեզ, մեզ հետապնդողը մարդ արարած չէ։


Վաղ առավոտյան շարունակեցինք ճանապարհը։ Դարձյալ ամբողջ օրը քայլեցինք, բայց այդպես էլ չհասանք բանակին։


Արևմուտքը սկսեց կարմիրով ներկվել։ Մոտենում էր հերթական գիշերը։ Այլևս չէինք պատրաստվում ընկերներ կորցնել։ Որոշեցինք խորամանկությամբ պարզել, թե ով է հետապնդում մեզ։


Վառեցինք խարույկն ու կողքին վրան խփեցինք։ Արտավազդին կապեցինք ծառից՝ խարույկի մոտ։ Ինքներս, վրանում տեղավորվելու փոխարեն, թաքնվեցինք մոտակա ժայռերի ետևում։ Մեր փոքրիկ ճամբարը պարզորոշ երևում էր այստեղից։ Եթե ինչ-որ մեկը որոշեր հարձակվել վրանի վրա կամ ազատել Արտավազդին, ապա անպայման կտեսնեինք նրան։ Անցավ մի քանի ժամ, ոչ մի բան չկատարվեց։ Սպասումից ու լարվածությունից արդեն խելագարվում էինք։


Գիշերը ցուրտ էր, քամին ոռնում էր ծառերի արանքում։ Մեծ էր գայթակղությունը թողնել թաքստոցն ու գնալ խարույկի ու տաքուկ վրանի մոտ։ Գուցե՞ դահիճներն արդեն կորցրել էին մեր հետքն ու այլևս չէին հետապնդում մեզ։ Հանկարծ վրանների մոտ ինչ-որ շարժ նկատվեց։ Ծառերի արանքում ինչ-որ բան էր շարժվում։

Մի հսկա կենդանի դանդաղ մոտենում էր վրաններին։ Նա նման էր առյուծի, բայց արծվի թևեր ուներ, գլուխը նման էր մարդկային դեմքի։ Այդ ահասարսուռ արարածի տեսքից արյունը սառում էր երակներում։


Հրեշը դանդաղ մոտեցավ Արտավազդին։ Պատանին վախից սեղմվել էր ծառի բնին։ Հրեշը կանգնեց նրա դիմաց։ Թվում էր, թե նրանք խոսում են իրար հետ։ Այնուհետև Արտավազդը ձեռքով ցույց տվեց մեր թաքստոցի կողմը։ Հրեշը բարձրացրեց գլուխն ու ու սկսեց նայել ուղիղ մեզ վրա։


- Նա գալիս է, մենք բոլորս կմեռնենք, - սկսեց բղավել Հեսպերոսը։ Նրա նյարդերը տեղի տվեցին։


- Լռի՛ր, մատնում ես մեր տեղը, - ասաց նրան Լեոնիդասը։


Հեսպերոսը չէր լսում, նա դուրս թռավ թաքստոցից ու փախավ։ Ես ու Լեոնիդասը փորձեցինք հասնել նրա ետևից, բայց ապարդյուն։ Ետ շրջվելով տեսանք Թեսևսին, ով կանգնած էր ժայռի վրա։ Հրեշը նրա մեջքի ետևում էր։ Ես ու Լեոնիդասը սկսեցինք գոռալ ու թափահարել ձեռքերը, որպեսզի զգուշացնենք նրան վտանգի մասին, բայց ամեն ինչ ապարդյուն էր, Թեսևսը չէր լսում։ Հրեշը բռնեց նրան ու անհետացավ խավարի մեջ։

  

Անտառից դարձյալ սկսեցին խշշոցներ լսվել, կարծես մեկը շարժվում էր թփերում։


- Դե, այստեղ արի անիծյալ հրեշ, նիզակս քեզ է սպասում,- բղավեց Լեոնիդասը։


Ես կանգնեցի նրա կողքին, վահաններն ու նիզականերն ուղղեցինք ձայնի կողմը։ Աղմուկը գնալով մոտենում էր։ Ինչ-որ բան անտառի խորքից արագորեն գալիս էր մեր փոքրիկ ֆալանգի ուղղությամբ։ Երբ ձայնն արդեն շատ մոտ էր, Լեոնիդասն այլևս չհամբերեց, ահեղ մարտակոչ արձակեց ու երկար նիզակն ամբողջ ուժով նետեց անտեսանելի թշնամու ուղղությամբ։ Անտառում լսվեց ինչ-որ մեկի ճիչն ու լռություն տիրեց։ Մի ամբողջ անվերջություն երկուսով կանգնած մնացինք, մինչև որ համարձակվեցինք առաջ գնալ ու նայել թե ինչ է պատահել։


Խեղճ Հեսպերոսն էր… Նրան էր խոցել Լեոնիդասի նիզակը։ Հուժկու հարվածով անցել էր կրծքի միջով ու գամել ծառին։


ժամանակ չունեցանք նրա մահը սգալու համար։ Հրեշը դուրս եկավ խավարից ու կանգնեց ուղիղ մեր առաջ։ Լեոնիդասը պատյանից հանեց սուրն ու մռնչաց այնպես, որ լեռները դղրդացին։ Նա վազեց հրեշի վրա։ Ես այդքան համարձակ չէի։ Ես ուղղակի փախա։


Միայն մի պահ ետ շրջվեցի, երբ արդեն հեռու էի։ Այդ ժամանակ ես տեսա նրան` Տաճարի ահեղ աստծուն, մի ձեռքում բռնել էր հրեղեն նիզակը, մյուսում՝ ոսկե սալաքարը, որը կրկին ամբողջական էր։ Թևավոր առյուծը նստած էր նրա ոտքերի մոտ, ինչպես փոքրիկ հնազանդ կատու։ Նրա փառքի ու ուժի համեմատ ես մի փոքրիկ բզեզ էի, փոքրիկ ու վախեցած բզեզ, որ այնքան հիմար էր գտնվել նրան մարտահրավեր նետելու համար։


Ես փախա, վազում էի այնքան արագ, որքան ոտքերս թույլ էին տալիս։ Ընկնում էի, նորից վեր կենում ու վազում։ Վախը ստիպում էր մոռանալ վերքերիս ու հոգնածության մասին։ Ամեն գնով ուզում էի որքան հնարավոր է հեռու փախչել ահեղ աստծուց։ Չգիտեմ, թե քանի օր այդպես վազեցի, մինչև հասա Պոնտաց ծովի ափերին ու ուժասպառ ընկա ավազի վրա։


Երբ ուշքի եկա, արդեն նավի վրա էի` Հունաստանի ճանապարհին։ Բախտի բերմամբ, թե աստվածների կամքով ես ուշագնաց էի եղել հունական զորքի ճամբարից ոչ շատ հեռու։ Ռազմիկները գտել էին մարմինս ու ճանաչել իրենց կորած զինակցին։


***

Նավը հանդարտ սահում էր ալիքների վրայով։ Օտար երկրի ափերը մնացել էին հորիզոնից այն կողմ, բայց սրտիս խորքը մխրճված սարսափը դեռ կեղեքում էր ինձ։ Հայրենիք հասնելուց հետո ինքս ինձ համոզեցի, որ վտանգն այժմ հեռու է։ Երբեմն էլ սկսում էի հավատալ, որ ինձ հետ ոչիչ էլ չի եղել, պարզապես արբել եմ հայերի պատրաստած գարու գինուց ու ցնորական երազներ տեսել։ Այդպես մի որոշ ժամանակ խաբում էի ինքս ինձ, բայց հետո սարսափը սկսեց վերադառնալ։ Ամեն մայրամուտից հետո, գիշերվա շշուկների մեջ ես լսում եմ ահեղ աստծո ձայնը։ Արդեն վաղուց կորցրել եմ քունս ու հանգիստս։ Միայն գինին է օգնում, որ վերջնականապես չխելագարվեմ։ Մեր պատիժն արդար էր։ Մենք հյուր էինք այդ օտար երկրում, բայց մեզ պահում էինք տերերի պես։ Չգիտեմ, արդյո՞ք օտար աստվածը ներել է ինձ, թե՞ պարզապես հարմար պահի է սպասում կյանքս խլելու համար։


Ավարտելով պատմությունը՝ Կասոսը դատարկեց գավաթում մնացած վերջին կումն ու հեռացավ գինետնից։ Այդ օրվանից նրան այլևս ոչ ոք չտեսավ։ Ով գիտի, գուցե մոռացված աստվածը վերջիվերջո նրա ետևից էլ եկավ։

 

232 views0 comments

Comments


bottom of page