Սպիտակ դուռը ճռռաց:
Պատուհանի մոտ նստած երիտասարդը դանդաղ շրջվեց: Նայեց ներս մտնող կնոջը: Շուրթերը ճկվեցին պինդ աղեղնալարի պես: Նշան բռնեց ուղիղ կնոջ աչքերի մեջ:
-Յաաա, ողջույն Գիշերամայր…
2
Հայելիները չեն ստում: Սպիտակ մազերը, ծիկրակելով սևերի արանքից, հիշեցնում են, որ Կարինեն 45 տարեկան է: Չի ներկելու: Հայելուն ստելն իսկական արկածախնդրություն է:
-Վայ Լիլո, մազերիդ փոխարեն կանաչի ա աճել,-կատակում է 12 ամյա որդին: Աղջիկը, որ երեք տարով մեծ է, ծռմռում է բերանը.
-Լավա դե: Ես ապրում եմ ֆոտոսինթեզ անելով:
Լիլիթը մազերը կանաչ է ներկել:
Մոր խիստ հայացքի ներքո վերցնում են իրենց պայուսակները և իջնում բակ: Դպրոց տանող ավտոբուսը ուշացողներին չի սպասելու: Վազում են: Կարինեն բռնում է 7 ամյա որդու՝ ամենափոքրի ձեռքը: «Արագ-արագ…»: Նախքան ավտոբուսի դռների փակվելը մայրը ձայն է տալիս քրոջ և եղբոր կողքին տեղավորված փոքրին:
-Մոնթե, քեզ խելոք կպահես:
3
Մոտ տասը րոպե տղան չի խոսում: Աչքերը կրակահերթով դիատկետի մեջ են պահում մաշված սենյակը: Սպիտակ, տեղ-տեղ կաշին քերթած դուռը, կուչ է եկել շրջանակի մեջ: Նավթի հոտ է գալիս: Դեռևս խորհրդային տարիներից եկած մաքրության բույն է: Եթե վերևից նայենք հատակին, մեկումեջ պոկված մանրատախտակը ծերունու ատամնաշար է հիշեցնում: Դրսից լսվում է ծառերի խշշոցը: Ասես ինչ-որ մեկը կորցրել է իր ռադիոյի բոլոր ալիքները:
Կարինեն ուսումնասիրում է պատանու արտաքինը: Միջինից բարձրահասակ, ամուր մարմնով, պինդ ձեռքերով, հայկական, հաճելի դիմագծերով…Նման տղաներին հաճախ են ընտրում զորակոչը խթանող սոցիալական գովազների համար: Իսկ ահա այս մեկը չի ուզում…
Օրեր առաջ Կարինեին զանգեց թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, որն իր մանկության ընկերուհին էր, և խնդրեց մի քանի հոգեբանական ժամ անցկացնել տղայի հետ:
Պատերազմից հետո փախստականների, այրի կանանց, որդեկորույս ծնողների հետ անցկացրած անվերջ թվացող ժամերը հյուծել էին հոգեբանին: Նրա անսպառ թվացող ներուժը մաշվել ու բարակել էր ծերունու մաշկի պես: Ամեն տեսակ ցավ ու տանջանք տեսնլուց, ապրումակցելուց հետո աշխատել «բանակից խուսափող ինչ-որ ջահելի» հետ: Այս միտքն անգամ հոգնեցնող էր: Կարինեն փորձեց հրաժարվել: Բայց ընկերուհին ասաց.
-Տղայի ավագ եղբայրը զոհվել է ռազմի դաշտում…Նախկին երկու հոգեբանների հետ հրաժարվեց խոսել: Բայց քեզ, չգիտես ինչու, համաձայնեց տեսնել….Հասկանո՞ւմ ես, Կարին ջան, ծնողներին լավ եմ ճանաչում: Նորմալ հայ ընտանիք է: Հեչ չեմ ուզի՝ էսքանից հետո էս մի երեխուն էլ հոգեբուժարան ուղարկենք: Հայրը չի խոսում ոչ-ոքի հետ: Հաստատ ամաչումա, որ մի տղեն հերոսա, մյուսը ձևա թափում, թե գիժա… Արի մի քանի սեանս անցկացրու: Եթե դզվի, գնա ծառայի, թե չէ՝ կամիսիա կանչենք…ինչ ասեմ…
4
-Բարի օր, Մհեր:
-Բարև Ձեզ:
-Ինչպես անցավ քո շաբաթը:
-Նորմալ:
Տղան հանգիստ է: Անգամ մի տեսակ հոգնած: Չնայած, որ առավոտ է: Սա արդեն չորրորդ հանդիպումն է: Մհերը շարունակում է պնդել, որ ինքը Փոքր Մհերն է: Հայկական Սասնա Ծռեր էպոսի հերոս, գերմարդկային ուժ ունեցող Փոքր Մհերը: Այն Մհերը, որը վերջում զգացել էր, որ հողը այլևս իրեն չի կարողանում տանել, քանի որ աշխարհը լցված է ստով և մարդկային մեղքերով: Այն Մհերը, որը գնացել և թաքնվել էր ժայռի մեջ ու խոստացել էր վերադառնալ, երբ աշխարհը կմաքրվի: Այն Մհերը, որը պետք է վերադառնար և փրկեր հայ ազգը ամեն տեսակ չարիքից…Մի խոսքով, Մհերը պնդում էր, որ իր ժամանակն եկել է: Բայց, ցավոք, նա ոչ մի տեղ չի կարող գնալ: Անգամ բանակ: Քանի որ Դուռը փակ է: Մհերը տան իր սենյակից դուրս չէր գալիս: Միայն շաբաթը մեկ անգամ գալիս էր պոլիկլինիկա, որտեղ և հանդիպում էր հոգեբան Կարինեին: Չխոսկան էր: Ժիր աչքերով:
Կարինեն նորից ու նորից նայում է նոթատետրին: Զրույցի ընթացքում իր արած գրառումներում նշել է, որ այս տարօրինակ «Դուռը», որը ոչ մի կերպ չի բացվում, ինչ-որ աներևույթ բան է, որը, ըստ տղայի, փակ է, և ոչ-ոք չի ուզում բացել այն:
Մհերի պատմությունները սեփական մանկության, ծննդավայրի մասին բավականին իրատեսական են թվում: Կարինեն կասկածում է, որ տղան չի ստում: Բայց ահա մանրուքներում երևակայությունն իրեն ասում է:
-Մեկ անգամ ևս կհիշացնե՞ս՝ ինչու տեղափոխվեցիք քաղաք:
-Հորս որոշումն էր: Գյուղում հողը շատ էր: Ես խրվում էի հողի մեջ:
-Ինչպե՞ս:
-Հեչ եղելա՞, որ ոտքդ դնես հաստ ձյան շերտի վրա ու խրվես:
-Ըհը:
-Դե տենց…
-Իսկ քաղաքում չէի՞ր խրվում:
-Քաղաքում ասֆալտ կա: Մեկ-մեկ կարողա ճաքեր, բայց մեծ հաշվով նորմալ էր:
-Քաղաքում, փաստորեն, չէիր խրվում:
-Չէ…Մանավանդ եկեղեցու մեջ:
Մհերը մի պահ լռեց:
-Ղազանչեցոցում գետինը պինդ ա:
Մի քանի տարի Շուշիում ապրելուց հետո հայրը Երևանից լավ աշխատանքի առաջարկ է ստանում: Ընտանիքով տեղափոխվում են մայրաքաղաք:
-Դե, որ ճիշտն ասեմ, իրականում ավելի շատ Երևան եկանք, որտև հերս վախում էր՝ հարևանները կիմանան:
-Ի՞նչը:
-Որ Փոքր Մհերն եմ:
Կարինեն կկոցեց աչքերը:
-Դո՞ւ նրանց կասեիր:
Տղան ծիծաղեց:
-Տո չէ, հա: Ուղղակի, երբ 11 տարեկան երեխեն կարում ա ավտոն բրդի, էդ մի տեսակ կասկածելի ա, չէ՞…
Կարինեն զգում է, որ սկսում է բարկանալ: Նա գիտի, զգում է…Այս երիտասարդը լուրջ հոգեկան խնդիր չունի: Բայց ինչ-որ տարօրինակ անկեղծություն ունի: Հավատում է իր խոսքերին: Մի՞թե փորձում է իրեն մոլորեցնել:
-Իսկ հիմա կարո՞ղ ես մեքենա հրել…կամ երևի բարձրացնել, արդեն մեծ ես…
Տղայի հայացքը խամրեց:
-Ուժերս մարում են, Գիշերամայր: Դուռը պետք է բացել:
5
Գիշերամայրերն, ըստ ավանդության, չար վհուկներ են: Նրանք փորձում են արևը որսալ, բայց չեն կարողանում: Ինչո՞ւ է տղան իրեն գիշերամայր անվանում: Կարինեն չար չէր: Չարացած էր: Պատերազմը մարդու մեջ քանդում է երեք հիմք, որոնց վրա կանգնում է իր աշխարհը: Առաջին հիմքը՝ աշխարհն ապահով է: Երկրորդը՝ մարդիկ բարի են: Երրորդ հիմքը՝ դու բարի ես: Եվ հենց այդ երրորդ համոզմունքի սին լինելու հետ հոգին ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել: Մարտընչում է ու խեղդվում սեփական չարությունից: Կարինեն հաճախ հիշում է, թե ինչպես էր նայում համացանցում գտած տեսահոլովակը, որտեղ թշնամու զինվորի մայրը լաց էր լինում՝ իր որդուն հիշելով: Նայում էր նորից ու նորից: Հաճելի չէր, բայց բավարարված էր: Եվ այդ հիշողությունն է, որ հանգիստ չի տալիս: «Գիշերամայր»: Երևի տղան ճիշտ էր:
6
Կարինեն տուն էր վերադառնում: Շտապում էր: Տանը արդուկելու շորերի կույտ ունի, չեփած ճաշ, պետք է փոքրին լողացնի, տնայիններն անեն ի վերջո…Օդը սառն էր ու ծանր: Քաղաքի շենքերը ճռճռում էին: Նրանց վրա կնճիռների պես ձգվող հաստ ճաքերը ճտճտոցով վերքի պես աճում էին ու խորանում: Ահա Օպերայի շենքը՝ վրան օձաձև հաստ ճաք: Թեթև ցնցում և երկու կես կլինի: Կառավարության շենքից քարեր են թափվում, հատկապես քամոտ եղանակին: Ամենուր, ամեն բան ճաքճքում էր: Կարինեն գիտեր՝ դա վառ երևակայությունն է իր հետ խաղում: Հարմարեցնում է ներսի և դրսի պատկերները: Քաղաքում արտացոլում իրեն, ինչպես հայելին է շողշողացնում սև մազերի արանքում թաքնված սպիտակները: Այդուհանդերձ, ճաքերի ճտճտոցն ու թափվող քարերը երբեմն այնքան սուր էր զգում, որ ամաչում էր, գրեթե վախենում էր իր՝ տեսիլքների պես վառ երևակայությունից: Կարինեն տուն էր գնում, իսկ փողոցի երկու կողմից ճտճտում, ճաքապատվում էին շենքերը, երբեմն թափվող քարերը փոշի էին բարձրացնում: Եվ դա ոչ-ոք չէր տեսնում: Եվ դա ամեն օր էր պատահում: Ամեն ժամ: Հատկապես, երբ քամի է: Արդեն մոտ մեկ տարի…
7
-Մհեր, արի պատկերացնենք մի պահ, որ այդ դուռը չի բացվում: Ի՞նչ կլինի…
-Ես կմեռնեմ:
Կարինեն հանկարծակիի եկավ: Տղայի պատասխանը կտրուկ էր: Լռեցին:
Հոգեբանը պայուսակից հանեց իր նոթատետրը: Բացեց: Սկսեց կարդալ կոկիկ ձեռագրով արտագրած տողերը:
-Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Երբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանզ ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն:
-Հա,- վստահ ասաց Մհերը և ավելի լավ հարմարվեց աթոռին:
-Այսպիսով, դու ասում ես, որ Փոքր Մհերն ես, որն ունի գերմարդկային ուժ և երկար տարիներ իշխում է Հայոց աշխարհում, բայց հետո հայրը նրան անիծում է: Մհերը մնում է անժառանգ: Մահանում է իր կին Գոհարը, և շուտով նա հայտնաբերում է, որ հողն այլևս չի դիմանում իր ոտքերի տակ: Նա հուսահատ մտնում է Ագռավաքար կոչվող ժայռի մեջ, և քարե դուռը փակվում է: Ու քանի դեռ աշխարհում սուտն է իշխում, Մհերը ժայռի միջից դուրս չի գա:
-Հա…
Լռություն: Մհերը հանկարծ ոգևորովում է:
-Բայց, ախր, հասկացիր, Գիշերամայր, էտ դուռը ես ներսից չեմ կարա բացել: Ինքը դրսից պիտի բացվի:
-Ինչպե՞ս:
-Պիտի գտնվի գոնե մեկ մարդ: Գոնե մեկը, ով կհավատա ինձ, ուրիշ ոչ մի բան պետք չի: Գոնե…պահի տակ: Գոնե կատակով…
Մհերը ձեռքերով փակում է դեմքը: Տրորում է աչքերը: Հոգնում է: Կարինեն գլխով է անում: Նոթատետրի մեջ մի քանի արագ գրառում է կատարում, հպանցիկ հայացքով նայում է ձեռքի ժամացույցին: Ասում է.
-Հիմա՝ հարց: Աշխարհում սուտը չի՞ իշխում:
Տղան նայում է իր ձեռքերին: Ոչինչ չի ասում:
-Դու ինքդ էիր ասում, որ հողը քեզ չէր պահում: Խրվում էիր հողի մեջ:
Մհերը լուռ էր:
-Եթե դեռ հողը չի պահում և սուտը կա, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Փոքր Մհերը պետք է դուրս գա…
Տղան չի խոսում: Կարինեն զգում է՝ հասել է այն կետին, երբ պետք է շատ զգույշ լինել:
-Եթե հողը քեզ չի պահում, Մհեր ջան, ինչպե՞ս է ստացվել, որ պետք է դուրս գաս…
Հոգեբանի ձայնը մեղմ է, գրեթե քնքուշ: Տղան շփոթված մի պահ նայում է պատուհանին, ասես հայացքով բռնվելու տեղ է փնտրում, հետո շշնջում է.
-Արդեն պահումա: Ազգերի մեղքերն արյամբ են մաքրվում:
Հոգեբանը նայում է տղայի աչքերի մեջ:
-Հասկանո՞ւմ ես, Գիշերամայր, հողը պնդացելա: Հազարավոր անմեղ տղեքի արյունա թափվել: Հողը մաքուրա…մաք-մաքուր: Ազգիս մեղքերը սրբել տարելա…
Կարինեն շշնջաց.
-Եղբորդ արյո՞ւնը…
Մհերը քարացավ:
Մանրիկ ձայնով ֆշշացող լռությունը լցվեց սենյակ, ինչպես վնասված խողովակից թունավոր գազը կգար: Օդը թանձրացավ:
-Մհեր,-Կարինեն խաղաղ էր: Դանդաղ:- Քո եղբոր մահը իզուր չի եղել, չէ՞, այն պիտի ինչ-որ նպատակ ունենար…
Մհերն այդ օրն էլ ոչինչ չասաց:
8
Տուն գնալուց առաջ Կարինեն մտավ տնօրենի՝ Ալվարդ Զաքարյանի սենյակ: Ասաց, որ տղան պատրաստ է: Վաղը պոլիկլինիկայի հոգեբանը, Կարինեն և տնօրենը միասին վերջին անգամ կխոսեն տղայի հետ և ամեն ինչ կորոշվի: Տիկին Ալվարդն ուրախությունից ուժգին կարմրեց: Շատ գոհ էր: Կարինեն իրեն չորացած հողի պես էր զգում: Ճաքճքած ներաշխարհով: Գիշերամայր…
Քանդվող շենքերով շղթայված փողոցներով Կարինեն տուն գնաց: Կարմիր տուֆից բարձրացած փոշին միայն նա էր տեսնում:
9
-Այո-այո, շատ շնորհակալ եմ, որ զանգեցիք: Ես այսպես չեմ թողնի: Մենք անպայման այդ հարցով կզբաղվենք:
Կարինեն անջատեց հեռախոսը և մի պահ դեմքն առավ ափերի մեջ: Տրորեց ճակատը, որ ուշքի գա: Փոքրիկ Մոնթեն արդեն հասցրել էր հասկանալ,որ հեռախոսազրույցն իր մասին է։ Լուռ նստած էր խոհանցի սեղանի ծայրին:
-Մոնթե ջան, ինչո՞ւ ես վերցրել ընկերներիդ գրիչները:
Երեխան լուռ էր:
-Դա շատ վատ արարք է: Դու նրանց հարցրե՞լ ես: Գիտե՞ս, որ դա կոչվում է գողություն:
Երեխան սեղանի վրա մատով երևակայական պատկրներ էր գծում: Չէր խոսում:
-Տես, Գոռիկի մայրիկն էր զանգել: Ասումա՝ Մոնթեն Գոռիկի գրիչն է գողացել: Դու գրիչ չունե՞ս:
Խոհանոց է մտնում Լիլիթը: Ծորակը բացում է, որ ջուր խմի: Մազերը կարմիր են:
-Մամ, էսօր քեզ կզանգի դպրոցի տնօրենը: Կբողոքի, որ մազերս կարմիր են:
Կարինեն մի պահ քարանում է, հետո պոռթկում:
-Հրաշալի: Պարզապես հանճարեղ է: Մի երեխաս գրիչա գողանում, մյուսից բողոքումա տնօրենը, իսկ աշխատասենյակում նստածա Փոքր Մհերը: Հանճարեղ ա:
Լիլիթը, որ հանգիստ ջուր էր խմում, փռթկացրեց ջուրն ուղիղ խոհանոցի պատին:
-Ո՞վ ա նստած,-ծիծաղելով հարցրեց աղջիկը:
-Հեչ…Մի տղա ա..եղբայրը զոհվել ա: Ասումա՝ ես Փոքր Մհերն եմ:
-Դզեեեց,-Լիլիթի աչքերը փայլեցին,- Մամ, բայց ճշտել ե՞ս, կարողա չի խաբում:
Կարինեն ուրիշ անգամ կժպտար, կատակի կտար, բայց ոչ այսօր: Ճռթճռթոց լսվեց, տան պատին օձի նման սողաց հաստ ճաքը:
-Դու,-նա մատով ցույց տվեց Լիլիթին,- գնա մազերդ արագ սև ներկիր: Իսկ դու, Մոնթե տղա, բոլոր գրիչները կվերադարձնես դասընկերներիդ: Մեկ էլ նման բան եմ լսել, ձեռքիցս չես պրծնի:
Վերջին խոսքերը բղավեց ամբողջ ուժով: Ամբողջ ուժով շխկացրեց խոհանոցի դուռը։ «Գիշերամայր»:
10
Ավտոբուսի մեջ առավոտյան հանգիստ էր ինչպես նոր մաքրած սենյակում: Կարինեն գնում էր պոլիկլինիկա: Զննում էր հանդիպակաց շենքերը: Ճաքեր չկային: Հետո, չգիտես ինչու, հիշեց, որ երբ 18 տարեկան էր, երազում էր ռեժիսոր դառնալ: Մտածում էր լքված, կիսաքանդ «Նաիրիտ» կաուչուկի գործարանում, որ մի ահռելի տարածք էր զբաղեցնում, կինոպիես բեմադրել: Օրինակ՝ Շեքսպիրի «Համլետը»: Դերասանները կխաղային գործարանում, ժանգոտած ու ծռմռված լայն խողովակների արանքներում: Եվ այնպես պետք է խաղային, ասես գործարանը չկա: Ասես նրանք նայում էին այդ ժանգին և դանիական պալատներ էին տեսնում: Կինոդիտողն էլ կհասկանար, որ հերոսները ապրում և տառապում էին մի աշխարհում, որը միայն իրենց մտքերի մեջ էր…Լավ միտք էր: Հետո Կարինեն որոշեց, որ լավ ռեժիսոր դառնալու համար պետք է ոչ թե թատերական ընդունվել, այլ նախ հոգեբան դառնալ: Այդպես էլ արեց: Բայց էլ ռեժիսոր չդարձավ: Չէ, նա չէր դժգոհում, բայց երբեմն կարոտում էր ռեժիսոր դառնալու իր երազը, և մտքում հնչում էր՝ «իսկ ի՞նչ կլիներ եթե…»:
Հեռախոսազանգը ցրեց հուշերը:
-Լսում եմ, Լիլիթ,- ցածր և սառը ձայնով պատասխանեց Կարինեն:
Աղջիկը ոգևորված պատմեց, որ Մոնթեն ոչ մի գրիչ էլ չէր գողացել: Մաթեմատիկայի ժամին բարդ վարժություն էր լուծել ու թույլ էր տվել բոլորն արտագրեն: Ընկերներից մեկը հետո նրան իր գրիչն էր նվիրել, մնացածը նույնպես միացել էին:
-Որտեղից՞ գիտես:
-Ընկերները պատմեցին:
Սա լիովին փոխում էր իրավիճակը: Սակայն առջևում Կարինեին սպասում էր երկար խոսակցություն Մոնթեի հետ պարզապես լավություն անելու և դրա դիմաց ոչինչ չսպասելու կարևորության մասին:
-Բայց Լիլ, Մոնթեն ինչո՞ւ ինձ դա չասաց երեկ:
-Դե, մամ…դու արդեն ամեն ինչ որոշել էիր…
«Գիշերամայր»…
11
Տիկին Ալվարդ Զաքարյանն իր փարթամ մարմինը մխրճել էր մոդայիկ վարդագույն կոստյումի մեջ: Նրա կողքին նստած էր նիհար, մաշված դիմագծերով մոտ 70 տարեկան ալեհեր տղամարդ: Հակոբ Գրիգորիչը պոլիկլինիկայի 20 տարվա հոգեբանն էր: Սեղանի ծայրին աթոռ էր դրված Կարինեի համար: Տնօրենի սենյակը մեծ էր և, համեմատած ամբողջ պոլիկլինիկայի վիճակին, լավ կահավորված: Լարված էին: Կարինեն վախենում էր՝ եթե հիմա էլ Մհերը պատմի հին հեքիաթը, գործի կանցնի հոգեկան առողջությամբ զբաղվող բժիշկների հատուկ հանձնաժողովը: Թվում է թե՝ քե՞զ ինչ: Դու քո գործն արել ես: Բայց մեկ ամիս շարունակվող հանդիպումներից հետո Կարինեի սիրտը մի տեսակ տաքացել էր: Տղայի ցավն իրենն էր դարձել: Հոգեբանության տեսակետից՝ սխալ դիրքորոշում: Բայց ոչինչ անել չէր կարող: «Գիշերամայր…»:
Դեռևս խորհրդային տարիներից մնացած երկաթյա, կաշեպատ ծանր դուռը բացվեց: Մհերը ներս մտավ: Դուռը փակվեց:
Մեծ սեղանի դիմաց, որի ետևում նստած էին հոգեբաններն ու տնօրենը, աթոռ էր դրված: Մհերը նստեց: Նայեց բոլորին: Տրամադրությունը լավ էր: Հայացքով ժպտաց տնօրենին, Գրիգորիչին գլխով արեց, հետո Կարինեին նկատելով՝ աչքերը սառեցին: Մտահոգվեց:
-Գիշերամայր, սաղ շորերդ փոշի են: Կարմիր տուֆի փոշի…
Կարինեն սփրթնեց: Նա միայն հասցրեց «Գիշերամայր» բառը լսել։ Ուրեմն կշարունակի իր խաղը: Ամենն իզուր էր:
Գրիգորիչը հազաց, հետո ակնոցների վրայից նայեց տղային:
-Երիտասարդ, անունդ կասե՞ս:
-Մհեր: Մհեր Հարությունյան:
-Որտե՞ղ ես ծնվել:
-Քարվաճառ: Արցախի Հանրապետություն:
Տիկին Ալվարդը հոգոց հանեց: Մհերը շարունակեց:
-Հետո տեղափոխվեցինք Շուշի: Հետո՝ Երևան:
Գրիգորիչը նայեց իր առջև դրված թղթերին: Նորից հազաց:
-Այս տարի ձմռան զորակոչին բանակ գնալու քո հերթն է տղաս, գիտես՞:
-Հա:
-Պատրա՞ստ ես:
Մհերը նայեց Կարինեին: Հետո Գրիգորիչին: Հանգիստ էր:
-Եղբայրս անցած տարի զոհվեց Ջրականում…Ես վախենում էի, որ…դե մի խոսքով որոշեցի տարբեր բաներ անեմ, որ ազատվեմ: Էն էլ տիկին Կարինեի հետ խոսացի, վախերս անցավ:
Կարինեն զգաց, որ այս ամբողջ ընթացքում պահել էր շունչը: Սկսեց խաղաղվել: Տիկին Ալվարդը նայեց իրեն: Աչքով արեց: Հաղթանակ: Հետո Գրիգորիչը ևս մի քանի հարց տվեց, այնուհետև ստորագրեց իր առջև դրված թուղթը: Մեկնեց այն Մհերին: Ժպտաց: Տղան վերցրեց թուղթը: Գլխով արեց: Շրջվեց: Մոտեցավ դռանը: Ձեռը դրեց հաստ բռնակին:
Գրիգորիչը ակնոցների վերևից քմծիծաղով նայեց տղային: Մլավեց:
-Բարի ծառայություն, Փոքր Մհեր:
Դռնակի վրա դրված տղայի ձեռքը քարացավ: Մարմինը սառեց: Խորը շունչ քաշեց Մհերը: Թվաց, թե լարվեցին մեջքի մկանները: Ավելի ամուր բռնեց երկաթե բռնակը: Ձեռքի կտրուկ շարժումով դուռը տեղից պոկեց: Մի ձեռքով Մհերը դուռը տեղափոխեց և հենեց կողքի պատին, այնպես՝ ասես դուռը թեթև պլաստիկե խաղալիք լիներ:
Մհերը հաստատուն քայլով դուրս եկավ սենյակից: Հոգեբաններն ու տնօրենը տեղներում քարացած նստած նայում էին պոկված դռնից մնացած հանդարտվող սպիտակ փոշուն: Դռան կողքի պատից մեկ-մեկ ընկնում էին գաջի ճաքճքած կտորները:
Հանկարծ պոլիկլինիկայի միջանցքի արձագանքը զնգուն ծիծաղ բերեց: Մհերն էր:
-Ծառայում եմ Հայրենիքիս:
コメント