Պարող լեռների հյուսիսային լանջերը քարքարոտն էին խիստ և հատկապես մայրամուտին, երբ Լեռնաշխարհը լքող արևի ճառագայթները սողալով անց էին կենում սարերի կատարներից անդին, այդ լանջերը չարագույժ երանգներ էին ստանում: Ցերեկվա տապից բավականաչափ տաքացած ժայռաբեկորները սկսում էին ճարճատյունով սառչել, խորհրդավոր սուլոցներ արձակելով սեղմվում էին ցրտից և թվում էր թե բարձրաբերձ գագաթներն ուր որ է սկսելու էին ուս-ուսի տված շուրջպար բռնել այդ ձայների տակ:
- Հին առասպելն ասում է, թե լեռներում ապրող հսկա օձերը տարին մեկ անգամ կռիվ են տալիս միմիանց դեմ։ Օձասարում ապրող եղջյուրավոր օձերն էլ իջնում են իրենց մռայլ քարափներից և ստորոտներում տեղի Է ունենում կատաղի ճակատամարտ։
Արայի գահի սև օձերը կռվում են ընդդեմ Մասյաց և Պարող լեռների օձերի։ Տեսնողները պատմում էին, որ ճակատամարտը տևում է մի քանի օր, իսկ օձերի ֆշշոցը լսվում է հազարավոր ոտնաչափ տարածության վրա:
Ի վերջո կռիվն ավարտվում է կողմերից մեկի հաղթանակով և մյուսները վերքեր լիզելով հեռանում են դեպի իրենց սարերը` հաջորդ անգամ վրեժ լուծելու ակնկալիքով ,- տարեց հովիվը ծուռտիկ ձեռնափայտով մի լավ խառնշտեց մարմրող կրակի տակ մնացած ածխակտորները` նորից բորբոքելով դրանց:
- Սուտ կլինի հա, Մասյաց լեռան օձերը զորավորն են շատ… հետները կռվել հաստատ չի լինի ,- շիկամորուս մեկը նստած տեղից թեքվեց դեպի պատմողը:
- Ինչ է, վիշապներից են սերու՞մ ,- քիչ հեռվում նստած գանգրահեր պատանին էլ ավելի խցկվեց կիսամաշ թիկնոցի մեջ:
Հովիվները լռեցին:
Երեքն էին և գառների հոտը երկու օր առաջ անց կացնելով Աղի Աղբյուրի լեռնանցքով շտապում էին հասնել իրենց ավանը` Մայր Գետի ափին:
- Վիշապ ասում ե՞ս, - մեջներից տարեցը դեմքը մոտեցրեց տղային, կարծես փորձելով բացահայտել, թե ինչ կա վերջինիս մտքին,- էս կողմերում այդ անունը բարձրաձայն չեն տալիս: Ի՞նչ գիտես նրանց մասին:
Մյուս երկուսը նույնպես հարցական հայացքներն ուղղեցին տղային:
- Եթե այդ անունը բարձրաձայն չեն տալիս, ապա և ի՞նչ իմաստ կա պատմելու այն ինչ գիտեմ,- պատանին իրեն չկորցրեց և ոտքը դեմ տալով կողքին ցցված քարին, թափ տվեց երկարաճիտներին կպած հողի շերտը,- չարժե արգելքը խախտել… այնպես չէ՞:
Տարեց հովիվը պտտվեց ետ, փոխանակվեց հարցական հայացքներով մյուսների հետ, ապա կրկին դարձավ տղային:
-Միտքդ սուրն է, ինչ խոսք,- քնծիծաղ տվեց:
-Եվ լեզուն էլ ոչ պակաս,- ավելացրեց մյուս հովիվը:
Ծիծաղեցին: Տղան ուշադրություն չդարձնելով շարունակեց խնամել կաշվե երկարաճիտները:
- Հետներս ավան կտանենք… քեզ դուր կգան մեր նավասարդյան տոները, տղա,- տարեցը ձեռքը դրեց պատանու ուսին,- ճիշտ է, Նավասարդին դեռ շատ կա…
Ու հռհռաց ձայնեղ: Մյուսները տոն տվեցին:
***
Ավանը մայր գետի ճահճուտների մերձակայքում էր փռված, մարդաբոյ եղեգնուտներով շրջապատված և բավականին հեռու անցանկալի աչքերից: Բազմամարդ չէր: Զբաղվում էին ոչխար ու այծ պահելով, նաև գետից որսում էին բեղավոր հսկա ձկների, որոնց մսից պատրաստված խորովուի համբավը տարածված էր ողջ լեռնաշխարհով:
Տները փռված էին կիսաթեք լանջն ի վեր ու լեռներից սնվող գետակները ողջ տարին սառնորակ ջուր էին հասցնում բնակիչներին:
Բայց այս անգամ ջրերը չէ, որ ողողել էին ավանը, այլ լեռնային մարգագետիններից իջնող մատղաշ գառների առվակները, որ լցվել էին նեղլիկ փողոցներն ու ծածկել դրանց փափլիկ ճերմակով:
Մանուկները վազում էին գառների հետևից, փորձում բռնել նրանց, բայց հիմնականում ապարդյուն: Մեծահասակներն իրենց հերթին հաշվում էին սեփական գառներին ու երբեմն - երբեմն դժգոհություն հայտնում նրանց պակաս քաշի վերաբերյալ:
- Ուշացաք կարծես թե, հա՞ ,- հաղթանդամ տղամարդը կանգնել էր ողջ հասակով ձգված, ձեռքերը կրծքին խաչած, հագին թաղիքից կարված հնամաշ բաճկոն էր ու ոտնամանները յուղերով խնամված:
Հովիվներից ավագը ձեռքով նշան արեց մյուսներին հոտին հետևելու ու դանդաղ քայլերով մոտեցավ մարմնեղ մարդուն:
- Անձրևները դժվարացնում էին ճանապարհը,- քթի տակ մրթմրթաց:
- Դե ինչ արած … իսկ ինչ-որ բան պարզեցի՞ք ,- խոժոռեց ունքերը հաղթանդամը:
- Ոչինչ… չնայած գամփռներից մեկը հետքի էր ընկել, բայց վրա հասած անձրևները գցեցին հետքից,- շշնջաց տարեց հովիվը:
Գանգրահեր տղան սրեց ականջները:
- էս անգամ էլ ենք ձեռնունայն, տանուտեր ,- տարեցը կախեց գլուխը:
- Լավ, դե ինչ արած… գուցե հաջորդ անգամ,- ձեռքը դրեց ուսին,-իսկ նա ի՞նչ մանկամարդ է…
Տղան զգաց իրեն ուղղված հայացքներն ու փորձեց աչքերը փախցնել:
- Ճանապարհին հանդիպեց… մեր կողմերից չէ, բայց … ,- ձայնն իջեցրեց,- վիշապների մասին գիտի:
- Հմմ ,- Տանուտերն էլ ավելի կախեց թավ ունքերը -, վիշապների, ասում էս …
Տարեց հովիվը գլխով արեց ու մի կողմ քաշվելով փորձեց աննկատ հեռանալ:
- Դու սպասիր դեռ, քո հետ չեմ վերջացրել,- ատամների արանքից նետեց հաղթանդամն ու քայլերը լայն-լայն դնելով շարժվեց դեպի տղան:
Ճամփորդությունից մի լավ ուժասպառ եղած հովիվն ակնհայտ դժգոհ թոթվեց ուսերը, բայց ճարն ինչ:
Շուրջն աշխուժություն էր տիրում, ավանի բնակիչները վրա ընկած փորձում էին տարբերել թե որ ոչխարն ումը կլինի և գայլերը որ մի դժբախտի գլխաքանակին էին առավել վնասել:
Տղան այդ աղմուկի մեջ չնկատեց մոտեցող տանուտիրոջը` ավանի առաջնորդին ու ավագանուն:
- Տեսնում ե՞ս ծեր կնոջը, որ անշարժ կանգնած է մամռոտ քարին ,- հաղթանդամ տղամարդը ոտքը դրեց փայտե երկարոտուկի ծայրին ու կռացավ դեպի պատանին:
Վերջինս անակնկալի եկած ետ թեքվեց և քիչ էր մնում ընկներ երկարոտուկի վրայից:
- Ըըը… տեսնում եմ ,- երկմտանքով պատասխանեց:
Տանուտերը լայն ժպտաց, ձգեց մեջքն ու բթամատները խցկեց գոտիքի տակ:
- Պառավն անգամ մի ուլ չունի, բայց առաջինն է կագնած` տուն դարձող հոտը մեջումեջ անելու գործում ,- հաստ ունքը վեր տնկեց:
- Բա ինչու՞,- տղան փորձեց գլխի ընկնել թե ուր է գնում զրույցը:
- Մոլորված ոչխարը առաջին պատահածի դռանն է չոքում ,- թավ ունքերն իրար մոտեցան:
Պառավը խաղուն աչքեր ուներ ու փորձում էր հայացքով գտնել տիրոջը կորցրած գառնուկներին: Տանուտիրոջ մռայլ տեսքից զգաստացավ։
- Եթե զգում էս, որ կորել էս հազարավոր ծանոթ ու անծանոթ մարդկանց շրջապատում , կարելի է համարել, որ մոլերվել ե՞ս…,- թեթև քամին այդ պահին մեծ ջանասիրությամբ մի կողմ տարավ պատանու խոպոպները:
Ավանի տանուտերը, որ արդեն երկու տասնամյակ կլիներ բնակավայրի ավագն էր, կռացավ այնքան, որ կախ բեղերը թվում է թե ուր որ է քսվելու էին տղայի ճակատին:
- Ձեռք էս առնու՞մ ինչէ… էս կողմերում մոլորված մարդիկ չեն պատահում… ի՞նչ ես փնտրում, ինչի՞ էս եկել…,- բառերը հատու էին ու լարվածություն ստեղծող:
Տղան անսպասելիությունից ետ-ետ քաշվեց և կարծես պատրաստվում էր հայացքով փախուստի ճանապարհ փնտրել, երբ մի քանի գառնուկներ ծղրտոց արձակելով հանկարծակի հայտնվեցին տղամարդու ոտքերի տակ և իրար քացի տալով սկսեցին խլրտալ:
- Սրանք ումն ե՞ն,- բղավեց հեռվում հավաքվածներին,- այ ես ձեր….
Դեռ խոսքը չավարտած գառներից մեկը ցատկեց վեր ու ուժգին հարվածեց տանուտիրոջ առաջ ցցված ծնկին: Մարդկային ոսկորների և մատղաշ գառան պնդացած գանգի հանդիպումը ուղեկցվեց մի լավ շրխկոցով:
Հսկա մարմինը անակնկալ հարվածից ճռռոցով ետ ծալվեց` ինչպես դարավոր կաղնին փոթորկին հանդիման:
- Ես ձեր….. ձայնը կախվեց օդում և թվում էր թե հաղթանդամ մարմնի գետնին տապալումն անխուսափելի է, եթե չհայտնվեր օդը ճեղքող ձեռքը: Տղան էր: Վտիտ ուսերը ցցվել էին, մկանները լարվել, ճակատին աստիճանաբար սկսում էին լճանալ քրտնքի կաթիլներ:
Տղամարդու մարմինը կախվել էր օդում և գետնից նոր գլուխ բարձրացրած մատղաշ ընձյուղները շոյում էին շապիկի ցած ընկած փեշերը:
Ձախ ոտքը մի կերպ հարմարեցնելով գետնին նա փորձեց շտկել թիկունքը: Ձեռքը գցեց պատանու դաստակին ու ձգեց մարմինը: Տղան չընկրկեց և մկանները պրկեց այնքան մինչև, որ տանուտերը կարողացավ ոտքի կանգնել:
- Համա թե պինդն էս, տղա´ ,- թափ տվեց կախ փեշերն, ապա պտտվեց դեպի հավաքվածները,- որ մեկդ չի կարողանում տիրություն անել իր գառներին… ձայն հանեք:
Թավ զայրույթը տարածվեց, հասավ մինչև դիմացի կարմրածածկ տներին ու զգաստացրեց հավաքվածներին:
Սպիտակաբաշ գառնուկները դեռ շարունակում էին թռչել այս ու այն կողմ, ծղրտում զրնգուն ու երբեմն էլ ճակատ-ճակատի էին զարնում` օդը լցնելով բախվող գանգատուփերի շրխկոցներով:
- Մարդն ինչ է… չեք դառնում ,- ձեռքը թափ տվեց տանուտերն ու պտտվեց դեպի ուսագլուխը ափով մերսող տղան,- հետևիցս եկ… թևդ դուրս գցած չլինես… էս մարմնի ծանրությունը անգամ մաճկալի զույգ եզերն են դժվարությամբ պահում:
Ու հռհռաց ձայնեղ: Տափարակի վրա կագնած երկու տարեցները ձայնակցեցին ու ծիծաղը տարածվեց հավաքվածների մեջ:
- Դուք ինչի վրա եք բերաններդ բացել… երկու գառն ինչ է, պահել չեք կարում,- հոնքերը հավաքեց իրար վրա:
Տղան ժպտաց ու անգամ թվաց թե մեղմվեց ուսի ցավը:
- Դե վեր, գնացինք… օրը կմթնի արդեն,- տանուտերը լայն քայլ դրեց` շրջանցելով ոտքի տակ ընկած խոշոր քարաբեկորն ու շարժվեց տների միջև ընկած կածանով դեպի վեր ,- հետ չմնաս, տղա՜…
Կարմիր տանիքներով տների արանքով ձգվող մեկ-երկու ոտնաչափ տարածությունը ծածկված էր ծուռմռտիկ սալահատակով և քայլելիս անհրաժեշտ էր ուշադիր լինել, որ ոտքերը հանկարծ չհայտնվեն մեկումեջ դուրս թռած սալերից մնացած անցքերի մեջ, այլապես կարելի կլիներ քիթ ու բերան մի լավ ջարդուխուրդ անել:
Տների պատերը շարված էին սրբատաշ քարերից, չնայած, որ հանդիպում էին նաև անմշակ քարաբեկորներից շարվածքներ` մի քանի հարյուր տարվա պատմության հետքերով:
Տղան փորձում էր հետ չմնալ տղամարդու լայն-լայն քայլերից, բայց նաև ճարպկորեն խուսանավում` սալերի արանքներում առկա փոսորակների մեջ ոտքը ոլորելուց:
Դռների առջև քարկտիկ խաղացող մանկիկները անծանոթին տեսնելուն պես թողնում էին իրենց ուշագրավ զբաղմունքներն ու հայացքով հետևում տանուտիրոջ հետևից շտապող պատանուն:
Մի երկուսն անգամ փորձեցին հետ չմնալ ու վազել ետևներից, բայց տանուտիրոջից երկյուղը թույլ չէր տալիս նրանց շատ մոտենալ տղային:
- Մեր կողմերում գիշերները սառն են լինում ,- տղամարդու ձայնը բավական առջևից էր գալիս ու հազիվ լսելի,- դրսում մնալ չարժի:
Տանուտիրոջ տունն ավանի ամենաբարձրադիր հատվածում էր, ժայռոտ բլրալանջին ուր ձմեռները պատահում էր երկու ոտնաչափ ձյուն էր դնում:
Տունը անմշակ քարերով էր շարված ու շաղախն էլ տեղ-տեղ փուլ էր եկած:
- Էս տանն եմ ծնվել ես… նաև հայրս, պապս ու պապիս պապը ,- տղայի հարցական հայացքին փորձեց պատասխան գտնել,- բայց ավաղ ոչ որդիս…
Լռություն տիրեց:
Տան ներսը դատարկն էր թվում, ցուրտ ու անխնամ: Զգացվում էր, որ վաղուց սիրող տանտիկնոջ ձեռք չի կպել այս պատերին:
- Մահացել է տարիներ առաջ,- անկյունից լսվեց կրակատեղի մլմլացող կրակին նետվող վառելափայտերի շխկրտոցը,- առանց զավակ պարգևելու:
- Մենակ էս ապրու՞մ,- տղան շուրջն էր զննում:
Տղամարդը պտտվեց դեպի պատանին, լռեց որոշ ակնթարթ ու կիսաձայն պատասխանեց:
- Եթե ներս մտնող լինի… աչքերին չնայես ,- տանուտիրոջ ձայնը վախեցնողն էր,- մեր կողմերում մենակ ապրել հնարավոր չէ…
Կրակը բոցկլտաց արևագույն երանգներով, սևացած պատերին երկարավուն ստվերներ հայտնվեցին ու տհաճ սառնությունը սկսեց նահանջել:
Տան հարդարանքը բավականին հին էր: Փայտե մահճակալ, մեկ-երկու փոքրիկ պահարաններ ու երկաթե դարբնեկուռ ջահ, որն այնքան էլ ներդաշնակ չէր աղքատիկ հարդարանքին:
- Ինչ գիտես վիշապների մասին,- տանուտերը նստել էր ցածլիկ աթոռին և թիկունքով պտտվել տղային հակառակ:
- Իսկ ասում են, ձեր կողմերում բարձրաձայն չեն խոսում դրանց մասին,- տղան փորձեց խուսանավել պատասխանից:
- Ինչ գիտես տղա´, պատասխանիր ,- պատանուն թվաց թե տղամարդու ծոծրակին զույգ աչքեր կան` ածուխների պես մխացող: Սենյակի մրոտ պատերն էլ ավելի սեղմվեցին, առաստաղի գերանները ցածրացան ու տղայի շունչը սկսեց կտրվել:
- Ոչ մի կարևոր բան… վիշապ Աժդահակի սերունդներն էլ վաղուց չկան երկրի երեսին: Մնացել են լոկ լեգենդ և առասպել ,- ցածրաձայն արտաբերեց.- ուրիշ ոչինչ, բացի անունից:
Դռան կողքին կախ տված ջահը բոցկլտաց անձայն ու անհարմար լռություն իջավ:
Տղամարդը ձգվեց նստած տեղից, ձեռքերը հենելով կողերին ուղղեց մեջքն ու շրջվեց տղայի կողմը:
- Ոչինչ էլ չգիտես, կամ… ստում ես,- երկար լռելուց հետո ասաց ,- ստում ես:
Դռան շրջանակին ամրացված ջահը բոցկլտաց, տարուբերվեց ու տղան զգաց, որ փայտյա դուռը դանդաղորեն բացվում է:
- Էս կողմերում ամեն սար ու քար ներծծված է մոգական ուժերով… սա քեզ համար Լեռնաշխարհի հարավային խաղաղ քաղաքները չեն,- նետեց ատամների արանքից,- ահ,եկա՜ր…
Դռնից բացվող մթությունից առաջ եկավ մեկը: Տղան լուսավորության պակասի մեջ լավ չէր կարողանում տեսնել ներս մտնողի ով լինելը, բայց նկատեց, որ խոշորակազմն է և երկարավարս:
«Կին է»`մտածեց:
Տանուտերը մոտեցավ, կանգնեց դեմ դիմաց ու մի քանի վայրկյան մտմտելուց հետո արտասանեց վճռական:
- Հյուր ունենք այսօր ,- ու ժպտաց մերկացնելով դեղնած ատամնաշարը:
«Հաստատ կին է»` համոզվեց տղան մինչ նորեկը կհասցներ շրջվել իր կողմը: Դիմագծերը կոպիտ էին, այտոսկրերը ցից ու հոնքերը թավ` տղամարդու բեղերին հարիր, ծնոտն առաջ էր բավականին ու դեմքին կիսալուսնի տեսք էր տալիս: Աչքերը մուգ էին այնքան, որ նկատելի չէր անգամ բիբի կենտրոնի սև շրջանակը: Դա վախեցրեց տղային, թե անձայն հայացքին ուղեկցող կոկորդային թեթև խռռոցը, բայց պատանին կախեց գլուխը` փորձելով փախցնել աչքերը, ինչպես խորհուրդ էր տվել տանուտերը:
Անհարմար լռություն իջավ ու մոմերը սկսեցին տարուբերվել կիսամութ սենյակի տարբեր անկյուններում:
- Լեռնային խոտերով թուրմն իսկը տեղին կլիներ ,- վերջապես ինչ-որ բան ասած տանուտերն ու ձեռքը դրեց լուռ կանգնած կնոջ դաստակին,- հետո տղայի ուսը կնայենք… դուրս գցած չլինի:
Կինն իր խռպոտ ձայնով ինչ-որ հնչյուններ արձակեց ու նորից անհետացավ դռան խոռոչում:
- Ինչու չի կարելի աչքերի մեջ նայել,- տղան էր:
Տանուտերը ուսերից վերցրեց մորթե թիկնոցը, խնամքով ծալեց, դրեց կողքի չորսուին:
- Իրական մոգությունը թուլություն ունի,- հոգոց հանեց,- անհետանում է, երբ դիպչում ես…
Տղան նստեց:
- Խոսել չի կարելի, նայել չի կարելի … մի բան այն չէ այս կողմերում, - քթի տակ մտմտաց, ապա ձայն տվեց ,- լուսաբացի հետ կմեկնեմ, ինձ էստեղ շատ մնալ չի կարելի…
Նրան թվաց թե իր խոսքերից տղամարդը մռայլվեց:
- Կհասցնես գնալ, բայց այսօր իմ կտուրի տակ հյուր ես…. հեսա թուրմն էլ կլինի ու ուսդ կստուգենք, հանգիստ կաց,- ու գլուխն անհամբեր թեքեց դեպի բաց դռան շրջանակը: Ոտնաձայներ կային:
Տղան նույնպես շրջվեց:
Առաջինը հայտնվեց պղնձե սկուտեղը` վրան բաժակներ և սպիտակ փոշով ծածկված չորամրգի փոքրիկ ամաններ:
Սկուտեղի հետևից ներս մտավ կինն ու առանց ոչ ոքի կողմը նայելու շարժվեց դեպի սեղանը:
Տղան ու տանուտերը լուռ հետևեցին:
Թուրմը յուրահատուկ համ ուներ ու պատանուն դուր եկավ: Խոտերն անծանոթ էին, իր մանկության երկրամասերում չկային այսպիսի բույսեր:
Երկրորդ բաժակն էլ խմեց ու զգաց ինչպես է գլուխը ծանրանում:
Փորձեց ոտքի կանգնել, բայց սենյակի պատերը սկսեցին հանկարծ լողալ, աչքերի առաջը պղտորվեց ու հազիվ մի կերպ ձեռքերով հենվեց սեղանին:
- Թուրմը… սա ինչ թուրմ էր, հը՞,- սեփական ձայնը անծանոթ թվաց տղային ու զգաց ինչպես են ճրագների բոսոր կրակները սպիտակ գույն ստանում: Նա փորձեց ձեռքի բաժակի մեջ մնացած թուրմը շփել սպիտակ կրակներին: Վերջիններս դրանից ոչ թե մարեցին այլ ավելի բորբոքեցին` ճերմակ կայծեր բաց թողնելով:
Դռան շրջանակից ներս ընկած խավար տարածությունն ավելի մթնեց ու տղան մի վերջին ճիգով փորձեց նետվել դեպի դուրս` շունչը տեղը բերելու:
Դռնից այն կողմ ոչինչ չկար: Լուռ մթություն էր ու պատանին կանգ առավ, փորձեց լարել լսողությունն ու հոտոտելիքը: Անտառի ու փշատերև ծառերի բույր էր գալիս: Փորձեց շուրջը նայել ու հանկարծ զգաց ինչպես է հայացքը առանձնանում իր իսկ մարմնից ու պտտվում սեփական առանցքի շուրջ:
Տղան սարսափով գիտակցեց, որ ինքը հենց իրեն է նայում` իր սեփական մարմնին, բայց այդ մարմինը տարօրինակորեն պատված էր սև փետուրներով, իսկ դեմքը ծածկում էր հսկա կեռ կտուցը: Աչքերը չկային, փոխարենը մութ ակնակապիճներ էին:
Վախեցած ետ-ետ գնաց ու մեջքը զարնեց թվացյալ ծառաբնին: Փորձեց շոշափել: Սոճի էր կարծես: Ու կողքին ևս ուրիշները կային: Փետրավոր ինքը դանդաղորեն պտտվեց ու դատարկ ակնախոռոչներից սկսեց զննել:
-Ինչ է ուզածդ, հը՞ ,- տղան բղավեց անծանոթ ձայնով:
Փետրավորը լուռ էր, բայց թիկունքից, ուր ծառաբներն էին շարված, ձայներ եկան:
-Քեզ չե՞ն սովորեցրել, որ մյուս կողմում հայտնվելիս ներկայանաս պիտի,- ձայնը խռպոտն էր` հազիվ լսելի:
Տղան պտտվեց, ոչ-ոք չկար
- Ռուբեն է անունս, որ է որդին Թորոսի,- ստեց: Ինչ կարիք կար իրական անունը տալու անհայտ արարածին:
Բնի ետևից քարե կույտեր իրար եկան, կարծես գլորվելով շալակ շալակի ելան:
Ահա հսկա մարմինը, ժայռե բազուկներն ու առաջ եկած դունչը…
- Երկաթը խեղդում է մարմնին… Ռուբեն, որ է որդին Թորոսի,- ձայնը քարերից էր ելնում և վախ ներշնչում ,- ազատիր մարմինը, ազատիր … երկաթը նրան բռնավոր է սարքել, ազատիր ու նա քեզ վնաս չի պատճառի, չի պատճառի….
-Ովքեր ե՞ք ,- տղան բղավեց,- ի՞նչ է ուզածներդ:
-Այն, որ Մասյաց լեռան լանջերին էին ապրում… ,- քարերը նորից գլորվեցին ցած ու կենտրոնում մնաց ողորկ մի սալ: Լռություն իջավ:
Տղան շրջվեց դեպի իր փետրավոր եսը, բայց էնտեղ էլ էր դատարկ: Ոչ մի շունչ չկար շուրջ բոլորը:
Վերադառնալ էր պետք: Նա ետ-ետ գնաց այնքան մինչև ծառաբները կորան խավարում, ապա ընդգծվեց փայտե դռան շրջանակը: Պատանին իրեն ավելի վստահ զգաց ու երկու ձեռքով բռնվելով փայտե հենասյուներից` մարմինը նետեց դուրս:
Սենյակում ցուրտ էր բավականին: Գլուխը վեր բարձրացրեց:Ջահերը մարելու վրա էին, խարույկը մխում էր վաղուց:
« Տեսնես երկար է՞ի հանգել»` մտածեց ու հայացքով փնտրեց տանուտերին:
Սեղանի կողքին ոչ-ոք չկար, կրակատեղու մոտ նույնպես: Վիզն այս ու այն կողմ ձգեց ու հեռավոր խոռոչում նկատեց զույգ մարմինները:
Մորթիների վրա էին պառկած, տանուտիրոջ մազոտ ձեռքը անց էր կացած կնոջ պարանոցի վրայով և մեղմիկ գրկել էր մարմինը: Հանդարտ էին շնչում: «Քնած են»` մտածեց:
Կնոջ մարմինը մերկ էր թվում:
«Տեսնել է պետք»` մտմտաց: Երբեք դեռ մերկ կին մոտիկից չէր տեսել: Հասակակիցների հետ երբեմն թաքուն հետևում էր գետում լողանալ փորձող աղջիկներին, բայց այդքան հեռվից ոչ մի հետաքրքիր բան չէր երևում: Իսկ այստեղ…
Ոտնաթաթերի վրա մոտեցավ:
Կնոջ մերկ հետույքը պեծին էր տալիս: Եթե բավականաչ լույս լիներ կարելի կլիներ նկատել, թե ինչպես տղայի թշերը շառագունեցին: Իսկական կանացի հետույք էր` մսոտ և պիրկ մաշկով:
Ազդրերը լայն էին ու տղային թվաց թե խավով ծածկված: Այդ մտքից մի տեսակ եղավ: Միշտ պատկերացրել էր, որ կանանց մաշկը նորածնինին նման պիտի լինի:
«Մազոտ է անգամ հսկա տանուտերից»` քթի տակ քմծիծաղ տվեց, բայց ամեն դեպքում փորձեց համոզվել՝ էլ ավելի մոտեցավ։
Խիտ աղվամազը նրան իրոք տհաճ թվաց, մինչև այն պահը, երբ նկատեց այդ աղվամազերի միջից ցցված իրը:
«Սա ինչ է»` զգուշորեն կռացավ:
«Քորոց է երկաթից… գրողը տանի»` արագ ետ քաշվեց:
Քորոցը խոշոր էր, միջնամատից փոքր ինչ կարճ: Մխրճված էր մարմնի մեջ ու պատված էր լերդացած արյունով:
«Վաղուց է ոտքին»` մրթմրթաց ու հիշեց ձայները`
-Երկաթը խեդդում է նրան…. ազատի´ր…
Ձեռքը երկարացրեց:
«Գուցե պետք չէ»` մտածեց, բայց կարծես ինչ-որ մի ուժ ստիպեր նրան մատները ձգել դեպի մետաղը: Մի քիչ էլ ու ցուցամատը շոշափեց քորոցի մակերեսը:
«Գրողը տանի… այս ինչ եմ անում»` քթի տակ մրմնջաց, բայց մատերն արդեն ամուր փաթաթվել էին քորոցին:
Կիսամարող կրակի վրայից ածխացած փայտեր շուռ եկան, ընկան և այդ շարժումից մլմլացող մակերեսները մի պահ նորից բորբոքվեցին:
Սենյակը թույլ լուսավորվեց բոսոր երանգներով:
Տղան անշարժացել էր այտերը շառագունած, աչքերը լայն բացված` հանցանք կատարելու սպասումով: Մորթուն պառկած մերկ մարմինները շնչում էին հանդարտ ու մաշկները արտացոլում էին բոցավառ կրակալեզվակների վայրի պարը: Լռություն էր:
Տղան խոր շունչ քաշեց, փակեց աչքերն ու լարված մատներով ձգեց քորոցի ծայրից:
Մլմլացող փայտերից դուրս եկող լեզվակները ստվերներ էին գցում սենյակի երկայնքով մեկ ու տեղից վեր բարձրացող մարմնի ընդգրկուն ստվերը սկսեց աստիճանաբար գրավել ողջ տարածությունը:
Տղան ետ-ետ գնաց: Վեր խոյացող մարմինը ձգվեց գրեթե մինչև առաստաղը, մատներից սկսեցին կախ ընկնել սևացած ճանկերը, թիկունքը պատվեց խիտ մազերով, ծնոտն էլ ավելի առաջ եկավ ու հաստ շուրթերի արանքից դուրս ցցվեցին դեղնած ժանիքները: Աչքերը մութ էին ու նայում էին տղային, ճիշտ այնպես ինչպես այն փետրավոր եսը` իր խորն ակնակապիճներով: Պատանին նահանջելիս սայթաքեց ու թիկունքը հատակին զարնելով թևքով փակեց դեմքը:
«Ալք է… էս ինչ արեցի: Դրանց երկաթե քորոցով են միայն հանդարտեցնում, կապում ու քանի չեն կարում դիպչեն երկաթին, կորցնում են և ուժն ահարկու… էս ինչ արեցի, չարքին բաց թողեցի»` մտմտաց վախից կարկամած:
Ալքը երկար նայեց տղային, ապա շրջվեց ու սարսափելի մռնչոց արձակելով ճանկերը գցեց տանուտիրոջ մարմնին..
-Հը՞… այս ինչ ես անում… սիրելի….,- տղամարդը չհասցրեց ավարտել խոսքը:
Պատառոտվող մարմնից ցայտող արյան շիթերը ներկեցին շուրջ բոլորը: Ալքը ձեռքերը ցած կախեց՝ մագիլներից պինդ պահելով կիսատված մարմինն ու քարշ տալով շարժվեց դեպի դուռը:
Ծանր էր շնչում հսկա արարածը, տխուր հոգոցներով ու անգամ թվաց թե սևացած աչքերին արցունքեր երևացին: Ոտքի հարվածով տապալեց խարխուլ դուռն ու մռնչոցներով ձուլվեց խավարին:
Տղան մի կերպ նստեց արյան լճի մեջ: Պատառոտված փորոտիքի գարշահոտությունները լցրել էին սենյակը։ Մլմլացող փայտերը վերջանակապես մարեցին ու պատուհանի քրտնած ապակուց սկսեց ներթափանցել թույլ կապույտը։ Լուսանում էր…
- Մոգությունը թուլություն ունի,- ձեռքով սրբեց դեմքը,- անհետանում է, երբ դիպչում ես…
Comments