top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Հին աստվածներ, նոր խնդիրներ», հեղինակ՝ Սիմա Սեդրակյան





1


Անահիտը գիտակցում էր, որ իր դեպքում գլխացավը թեթևացնելը պահանջում էր ավելին, քան պարզապես ճակատի մերսումը կամ դեղորայքային միջամտությունը: Աստվածների մարմինները չէին գործում հստակ կենսառիթմերով, ուստի սովորական մեթոդները անարդյունավետ էին իր համար: Մեքենայի սահուն շարժումը կարող էր որոշակի հանգստություն առաջարկել, եթե չլիներ Արձագանքի՝ նյարդեր ջախջախող ձայնը։ Տարեց դիցուհու հայտնած լուրերը Անահիտի գլխացավից էլ ավելի անդուր էին:

— Ոստիկանությունը չի միջամտի, բայց կոչ արեցին արագ քայլեր ձեռնարկել, — շշնջաց դիցուհին:

— Ի՞նչ քայլեր, — նյարդայնացած հարցրեց Անահիտը։

Մեքենան կանգ առավ լուսացույցի կարմիր լույսի տակ։ Գլխավերևում նեոնային գույներով փայլում էր համակարգչային նոր խաղի ահռելի գովազդը։ Անահիտի միտքը ակամայից ուղղվեց դեպի այն նվիրվածությանը, որով ժամանակակից մարդիկ հեղեղել էին իրենց թվային կուռքերին: Եթե մահկանացուները նույն նվիրումը ցուցաբերեին հին աստվածներին, միգուցե դիցապետարանը բավարար միջոցներ ունենար առասպելական էակներին առնվազն արժանապատիվ կյանք ապահովելու համար։

Չստանալով իր հարցի պատասխանը՝ Անահիտը վերջապես հայացքը թեքեց գիշերային քաղաքից ու նայեց իր գունատ օգնականին։ Արձագանք դիցուհին մի ժամանակ հավերժահարս էր, մահկանացուների հավատը սնում էր նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը։ Այժմ շատ քչերն էին հիշում նրա գոյության մասին։ Երկու հազարամյակ անտեսվելուց հետո Արձագանքը հիշեցնում էր ճերմակ մազերով ու խորը կնճիռներով տատիկի: Այնուամենայնիվ, բոլոր լեզուները հասկանալու անզուգական կարողությունը նրան անգնահատելի քարտուղար էր դարձրել Անահիտի համար։

Այսօր Արձագանքի հագուկապը սովորականից թափթփված էր, վերնաշապիկի կոճակները սիմետրիկ չէին կոճկած, կոշիկները` սրբած չէին, մազերը՝ խճճված։ Ամենայն հավանականությամբ ուշ գիշերվա կանչից շփոթված՝ նա շտապել էր վերցնել  մեքենան ու նետվել Անահիտի հետևից։

— Հավաքել այն, նու նրան... դե ախր Հանրապետության հրապարակի մեջտեղում է, — կմկմաց Արձագանքը՝ խուսափելով Անահիտի աչքերին նայելուց։

— Ոչնչի չդիպչե՛ք, քանի դեռ ես այլ բան չեմ հրահանգել: Տիրին ասա տեսիլք ուղարկի մահկանացուներին հեռու պահելու համար: Մեծ բան պետք չի՝ մի երկու շինարար ու տեխնիկա։ Սպանության վայրում ինչ-որ բան գեթ միլիմետր շարժածը կմիանա զոհվածին անդրշիրիմում, հասկացա՞ր, — մռնչաց Անահիտը։

Սարսափահար դիցուհին լուռ գլխով արեց։

— Մեքենան կանգնեցրու՛, — կտրուկ հրամայեց Անահիտը։

— Բայց, տիկին դիցապետ, մինչ դեպքի վայր դեռ մեկ կանգառ կա։

— Ոչինչ, կքայլեմ։

Արգելակը ճռռաց ու աստվածուհին դուրս պրծավ մեքենայից հորդացող անձրևի տակ։


2


Հերթական ապուշին հերթական դասը տալուց հետո Արան մերսում էր ցավող բռունցքը: Ինքն էլ չգիտեր՝ ինչու ամեն անգամ այդ հիմար արտահայտությունից գլխի ճիճուները վտվտում էին։ Կամ ախր ինչու՞ խառնվեց, տղա էր էլի, ընկերուհու հետ կռվում էին փողոցում։

— Անպայման քիթդ պիտի խոթե՞իր, — մռթմռթաց ինքն իրեն։ Հետո հիշեց, որ ախր այդ կապիկը ապտակեց աղջկան։ Իսկ երբ Արան միջամտեց, ավելացրեց՝ «մի խառնվի, սիրուն տղա․․․»․ Ֆու՜, «սիրուն»։ Չէ մի չէ՝ «գեղեցիկ»։

Այդ բառից աչքերի առաջ սևացավ ու գնաց։ Կռիվ, ղալմաղալ, հարվածը հարվածի հետևից, մինչև մեկը ոստիկանություն կանչեց։ Աստծո և մահկանացուի բախումը արդար կռիվ չէր, իհարկե, բայց այդ անասունին հաջողվեց մի ամուր հարվածով կոտրել Արայի քիթը: Դա տհաճ էր, թեև հեռու՝ ճակատագրական լինելուց:

Խոնավության ու ծխախոտի հոտերի խառնուրդը բնակարանի օդը դարձրել էին չափից դուրս ծանր։ Արան նկատեց, որ իրերի շուրջն արդեն փոշու հաստ նստվածք էր առաջացել։ Սառնարանի դուռը կախվեց կողքի վրա, երբ Արան այն բացեց: Սառը մսի կտորը երանություն բերեց Արայի ուռած դեմքին։

Խոհանոցի դռան արանքում հայտնվեց ահեղ գամփռի գլուխ։

— Հը՞, Լեզո, մտածում ես բախտս կբերի՞ գոնե մի հատ սպի մնա, — աչքով արեց Արան։

Գամփռը լպստեց սեփական մռութը՝ ակնհայտորեն ավելի հետաքրքրված բուն մսի կտորով, քան իր տիրոջ դեմքի ճակատագրով։

Մի քանի րոպե այդպես մնալուց հետո, Արան հեռացրեց միսը դեմքից ու լոգարանի հայելու մեջ սկսեց զննել իր արտացոլանքը։ Ոչ մի սպի, ոչ մի կնճիռ, ոչ մի անհարթություն՝ միայն անբիծ մաշկ ու երկնային դիմագծեր։ Դեմք, ում ֆոնին նույնիսկ Ապոլոնը անդուր կթվար։

— Արա, գրողի տարած, Գեղեցիկ․․․ յախք արա, — Արան թքեց լվացարանի մեջ ու շպռտեց միսը թևավոր շանը։

Լեզոն նետվեց վերև՝ համարյա քսվելով առաստաղին։ Հենց միսը հայտնվեց մետաղի պես ամուր ատամներում, նա հպարտորեն սավառնեց ներքև։

Մահկանացուների համար Լեզոն երևում էր որպես հասարակ թմբլիկ շուն։ Արայի ու դիցարանի մյուս անդամների համար, ովքեր ունեին ճշմարիտ տեսողություն, Լեզոն օժտված էր մի զույգ փետրավոր թևերով ու առյուծի գլխով, իսկ ամենակարևորը՝ նրա թուքը կարող էր բուժել նույնիսկ ամենավտանգավոր վերքերը։ Նախկինում արալեզերը շատ էին ու եգիպտական սֆինքսի չափ մեծ, բայց դե այն ժամանակ մարդիկ հավատում էին հին աստվածներին։ Լեզոն վերջինն էր իր տեսակի մեջ։

—Հեր ու տղա մեր գործին լավ խփեցին,— մռթմռթաց Արան՝ նայելով պատուհանից երևացող եկեղեցու գմբեթին։

Եկեղեցու մյուս կողմում հերթական համակարգչային խաղի գովազդային պաստառի վրայից Արային էր նայում ցուլի գլուխ հիշեցնող սաղավարտը հագին միջնադարյան մի ասպետ։ Արան կարոտով հիշեց, երբ ինքն էր ձին հեծնած, թուրը ձեռքին միանում մահկանացուներին ռազմի դաշտում։

Դռան ճռռոցը գրավեց Արայի ուշադրությունը։ Հյուրերը լավ նշան չէին։

— Երևի մեծ ձուկ ա, որ օգնականիդ ուղարկելու փոխարեն կաբլուկներդ մաշելով եկել ես մոտս, մեծարգո դիցապետ, — մռթմռթաց Արան՝ առանց հետ նայելու։ Անահիտի ալպիական մարգագետինների բույրով օծանելիքը անհնար էր շփոթել։

— Ոչ մի քեզ «բարև», ոչ մի «նստի, տաքացի։ Երևի մրսած լինես անձրևի տակ քայլելուց...» — հարցրեց Անահիտը ու թաց շորերով փռվեց բազմոցին։

— Երկուսս էլ գիտենք, որ անձրևը չի կարող քեզ վնասել, ես էլ Վանատուրը չեմ, որ սեղան փռեմ։ Ասա՛ ինչ ես ուզում։

— Դու գիտես իմ առաջնային պարտականությունը որպես դիցապետ ո՞րն է, — հարցրեց Անահիտը։

— Ժպտալ պաստառների՞ց։ Չէ՛, սպասի՛, փուչ խոստումներ տալ։ Չէ, չէ, լավ,  ձախողել ամեն ինչ․․․— Արան դեռ շատ երկար ցուցակ ուներ, բայց Անահիտն ընդհատեց նրան։

— Գուցե քեզ ծիծաղելի թվա, բայց իմ պարտականությունն է պաշտպանել դիցարանը։ Կարող է վերջին տասնյոթ դարը լավագույնները չէին հին աստվածների համար, բայց․․․

Արան փռթկաց։

— Լավագույններից չէի՞ն։ Շուրջբոլորդ նայի՛։ Աստղիկն ու Վահագը հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Աշխարհի ամենագեղեցիկ աստվածուհու մասին մահկանացուները տարին մի անգամ իրար վրա ջուր լցնելուց են հիշում։ Ռազմի աստվածը գոյություն ունի մի քանի դպրոցական բանաստեղծության հաշվին։ Նանեն ու Արեգը զուտ մոդայիկ անուններ են դարձել, իսկ Արամազդին արդեն մի քանի դար է տեսնող չի եղել։

Անահիտը հոգոց հանեց, բայց Արան դեռ նոր էր թափ առնում։

— Իսկ դու՞, ու՞ր է վահանդ, ու՞ր է թուրդ։ Ես քո հետ դժոխքի դևերի դեմ պատերազմ եմ գնացել, որ հիմա քեզ օֆիսային պլանկտոնի դերում տեսնե՞մ, — Արան զգաց, որ սահմանն անցնում է, երբ Անահիտը սեղմեց ատամները։

— Տեղդ ճանաչի՛, սիրուն տղա, — մռնչաց աստվածուհին ու Արայի առաստաղի լամպը դողաց։ — Այլազգի վհուկի պատճառով աջդ քաշել ու դարերով ինքդ քեզ խղճալով ես զբաղված, մինչ ես մուրացկանի պես հին աշխարհի փշուրներն էի հավաքում։

Արան ակամայից բռունցքները սեղմեց։

— Քո նման իդեալիստների խնդիրն այն է, որ դուք ծրագիր չունեք, — շարունակեց Անահիտը՝ վրդովված։ — Մահկանացուների հավատը միակ բանն է, որ ողջ է պահում մեզ։ Երբ այն ուժեղ էր, երբ զոհասեղանները հորդում էին նվիրատվությամբ, դու ու քո նմանները դափնիներով պատած հպարտ ու խիզախ տիտաններ էիք, բայց բավական էր գերբնական վառելիքը  սպառվեր ու հավատը թուլանար, հարմարվելու փոխարեն ամեն մեկդ մի ծակ մտաք։

Արան ուզում էր հակասել, բայց մուտքի դուռը բացվեց։


3


Արայի դիմաց կանգնած էր տարեց դողացող կերպար։ Նրա խունացած, ցեցը տարած հագուստը այնքան էր մաշվել, որ լվացքի մեքենա այցելությունը ամենայն հավանականությամբ ճակատագրական կլիներ դրա համար։ 

— Դու իմ հյուրասենյակում ի՞նչ ես անում, տղա, — բղավեց ծերուկը դողացող ձայնով։

Արան տրորեց աչքերը ու հոգոց հանեց։

— Թեյշեբա, դու մի հարկ վերև ես ապրում։

— Ես Կարմիր բլուրում եմ ապրում, — պնդեց մոռացված աստվածը, նրա ձայնում անզոր չարություն կար։ — Ինչո՞ւ եք աղմկում, Շիվինին չի կարողանում քնի։ Եթե արևի աստվածը չքնի, վաղը ստիպված հողմ պետք է անեմ․․․

Արան հոգնել էր ամեն օր հիշեցնել ծերուկին, որ իր ու իր եղբայրների փառքի դարերը, ավաղ, անցյալում էին։

— Ի՞նչ ես լուռ սսկվել։ Ես հողմի ու անձրևի աստվածն եմ, մնացածն՝ իմ ոտքի տակի փոշին։ Չե՞ս ճանաշում։ Ու՞ր է իմ գավազանը․․․ ինչու՞ զոհասեղանի արյունը չի հոսում գետի պես․․․

Դուռը ևս մեկ անգամ ճռռաց ու ներս մտավ մեկ այլ զառամյալ աստված։

— Արա ջան, ներիր եղբորս, — ասաց Խալդին։ — Ծերուկի խելքը լռիվ ա գնացել։ Իջավ, որ բողոքի աղմուկից, երևի ճանապարհին մոռացավ։ Ես էլ ինչ 5րդ դարում ծունկս վնասել եմ, էլ նույն արագությամբ չեմ կարողանում շարժվել։ Արի Թեյշեբա, գնացինք։

Թեյշեբան, լիովին անտեսելով եղբորը, անատամ ժպտաց Անահիտին։

— Խուբա, սիրելիս, դու ե՞ս, — մկկաց ծերուկը։

— Չէ, Թեյշեբա, Խուբան 800 տարի առաջ քարացել է, երբ մահացավ, իրեն հավատող վերջին մահկանացուն։ Արի, Շիվինին թեյ կպատրաստի քո համար։

Արան նկատեց՝ ինչպես է շփոթված Անահիտը նայում հեռացող ծերուկներին։

— Սա է մերօրյա աստվածների կյանքը։ Վանի եռաստված եղբայրները, ում բազմահազար լեգիոնը մեզ դիմադրում էր աստվածային պատերազմում, անկյուն մտած երիցուկի թեյ են խմում։

Անահիտը փակեց աչքերը ու խորը շունչ քաշեց՝ ասես փոշմանելով նախորդ ասածների համար։

— Բանը նրանում է, որ ինչքան էլ վատ է վիճակը, միշտ կարող է ավելի վատ լինել։

Արան նեղացրեց աչքերը, ասես փորձում էր գտնել Անահիտի թաքնված մոտիվը։ Դիցապետը շարունակեց։

— Մի քանի ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել, զոհը մերոնցից էր։ Արի բաց թողնենք այն մասը, երբ դու ինձ ասում ես, որ դա հնարավոր չէ, որ դիցարանի անդամների կյանքի ուժը ինչքան էլ թույլ լինի, մեկ է՝ անսպառ է քանի կա գեթ մեկ մահկանացու, ով իրենց մասին գիտի։ Ու որ նույնիսկ այդ ժամանակ հին աստվածները չեն մահանում, այլ վերածնվում են քարե արձանի։ Ես քեզ հավաստիացնում եմ, որ գիտեմ դա։ Սպանությունը հաստատ է։

Լռությունը տևեց մի քանի ակնթարթ, հետո Արան սթափվեց։

— Գնացինք։ Լեզո՝ հետևիցս։


4


— Ինքնությունը պարզել ե՞ք, — հարցրեց Արան։

— Երևի անտառային հավերժահարսերից է, — ենթադրեց Անահիտը։

— Իսկ մարմինը գտել ե՞ք, — Արան հազիվ էր սեփական աչքերին հավատում։ Հրապարակի՝ անջատած շատրվանի մեջտեղում, ասես մոռացված իր, ընկած էր մի կանացի գլուխ։

Հազարամյակներ էին անցել վերջին աստվածային պատերազմից, երբ հայոց դիցարանը խլեց հաղթանակը հին աստվածներից, բայց սև արյան նավթային փայլը կրկին սարսուռ առաջացրեց Արայի մոտ։ Մահվան սարսափը աչքերի մեջ, գլուխը անթարթ նայում էր դեպի վեր։

— Ոչ, — շշնջաց Անահիտը։

Արձագանքը ու գունատ դեմքով երիտասարդը, ում Արան հազիվ ճանաչեց (Տիրը) մի քանի տեսիլքով հեռու էին պահում մահականացուներին։

Մտովի հրաժեշտ տալով իր նոր կոշիկներին՝ Արան մտավ շատրվանի մեջ։ Արնաշաղախ հետքերն ամենուր էին, մետաղական տհաճ հոտը սրտխառնոցի նոպա բերեց Արայի ստամոքսում։ Ականջի պոչով Արան լսեց Լեզոյի անհանգիստ մռնչոցը։ Դիցական շունն անզոր էր, եթե մարմինը չկար ու մարդասպանն ամենայն հավանականությամբ դա գիտեր։

Անձրևը լվացել էր հետքերի մեծ մասը՝ համենայն դեպս մահկանացուներին տեսանելի մասը։ Արան ուներ իր միջոցները։

Մինչ դիցարանին միանալը՝ Արան մահկանացու էր։ Մի քանի հազար տարին այդ կյանքը խզբզած երազ էին դարձրել, սակայն մի բան Արան երբեք չէր մոռանա, և դա իր մահն էր։ Նույնիսկ աստվածների մեջ քչերն էին եղել անդրշիրիմում ու վերադարձել այնտեղից։ Արան այդ ընտրյալներից էր։ Բայց Սպանդարամետի սև նշանն իր վրա կրողը ավելի մոտ էր մահվանն ու տեսնում էր այն, ինչ ուրիշներին անտեսանելի էր թվում։ Այդ յուրահատուկ տաղանդի, այլ ոչ թե սիրուն աչքերի համար էր Անահիտը կանչել հենց Արային։

Արան խորը շունչ քաշեց, նայեց վեր ու հետ, գեղեցիկ աչքերը «կուլ գնացին» դեպի գանգի ներս ու հաջորդ պահին գունատ, անբիբ աչքերն էին նայում աշխարհին։ Ջրի մեջ իրեն տեսնելով՝ Արան ուրախությամբ նկատեց, որ ամենևին էլ գեղեցիկ չի այդ պահին։

Ամեն վայրկյանը ոսկու գին ուներ՝ Արան երկար չեր կարող մնալ այդ վիճակում առանց Սպանդարամետի ուշադրությունը գրավելու։ Մահվան շունչը ֆոսֆորի պես փայլում էր մթության մեջ, սրտխառնոց բերող քաղցր բույրը անհնար էր շփոթել ուրիշ բանի հետ։

Անահիտը չդիմացավ ու հարցրեց։

— Ի՞նչ կասես։

— Վիզը կտրել են ուղիղ սուր գործիքով, եթե վիշապանման էակները կրծեին, սենց ուղիղ չէր լինի վերքը․․․ — նկատեց Արան։

Անահիտը մռայլվեց։

— Մահկանացուները, դիցարանի նույնիսկ ամենաթույլ էակին վնասելու համար հարմար զենք չունեն։ Մարդասպանը դիցական էակ է։ Պետք է պարզել դրդապատճառը։ Իսկ դրա համար պետք է հասկանալ զոհի ինքնությունը, — Արան առանց աստվածուհուն նայելու շարժվեց առաջ։ — Նա քայլում էր ժամացույցի կողմից՝ արագ, շտապելով։

Արան դուրս եկավ ջրից, քայլեց առաջ, հետո կռացավ ու աղբամանի կողքից, սատկած թռչնի կողքը թելով կապած կտորից պարկ գտավ։

— Զոհինն է՞, — հարցրեց Անահիտը։

Արան սպիտակ աչքերով նայեց աստվածուհուն ու դառը ժպտաց։

— Սրա վրա կա նույն մահվան հոտը, ինչ հրապարակում սառչող գլխի վրա, — Արան սառեց՝ հրապարակի ժամացույցի կողմից դեպի իրենց էր քայլում երեք մետրանի սև ուրվագիծ։ Եթերային թևերը ու պոզերից կազմված թագը անհնար էր շփոթել։

— Սպանդարամետ, — շշնջաց Արան ու արագ թարթեց։

— Սպասի, մահվան աստվա՞ծը։ Հարցրու՝ ինչ է տեսել, ո՞րտեղ է, — պահանջեց Անահիտը շրջվելով ու ոչինչ չնկատելով։

Արան աչքերը կարգի բերեց ու տհաճությունից դողացրեց։

— Իրեն մենակ ես եմ տեսնում, երբ․․․ դե, տեսար՝ երբ։ Ու իր հետ խոսալու ցանկություն հաստատ չունեմ։ Ինչ հետ եմ եկել այն աշխարհից, նպատակ է դարձրել ինձ հետ տանի։ Ես իր համար ոնց որ կիսատ գործ լինեմ, ուզում է վերջացնի։

— Ներիր, — ասաց Անահիտը մի քանի րոպե լռությունից հետո։ — Եթե իմանայի, չէի խնդրի, որ օգնես․․․

— Անահիտ, առաջին օրը չի, որ իրար ճանաչում ենք։ Իհարկե կխնդրեիր, ու ես իհարկե  կօգնեի, բայց դա էական չի։ Արի տեսնենք՝ ինչ կա այստեղ։

 Արան բացեց ձեռքում պահած կտորի պարկը։

— Սա ի՞նչ սև մոգություն է, —Արան քսակի մեջ գտավ քորոցով ամրացված փետուր, մազափունջ ու տարօրինակ տառերով թղթի կտոր։

Անահիտը խորը շունչ քաշեց։

— Սա սև մոգություն չի, սա Տիրի պաշտպանական ամուլետներից է։ Դիցարանը սրանցից տալիս է այն էակներին, որոնք ոչ այդքան մարդկային տեսք ունեն։ Օրինակ՝ վիշապներին կամ ջրահարսերին։

— Բայց մեր գտած գլուխը մարդկային է, չէ որ ամուլետը կորցնելուց հետո դիակը հետ կփոխվեր իր դիցական տեսքին, — նկատեց Արան։

— Ոչ, եթե էակի գլուխը միշտ մարդկային էր, — շշնջաց Անահիտը ասես վերջապես հասկանալով — Աղջկա գլխով թռչուն Ծկակը՝ անիծված՝ միշտ ծարավ լինել։ Նա տարին մեկ անգամ կարող էր ջուր խմել ու հագենալ, — Անահիտը նայեց շատրվանի կողքն ընկած թռչնի մարմնին։ —Այսօր երևի այդ օրն էր։


5


Արան ու Անահիտը դիցապետի աշխատասենյակում էին, երբ արևը ծագեց։ Լեզոն հարմարավետ կերպով սփռվել էր Անահիտի գորգի վրա ու խռռացնում էր։ Անահիտը դիվահարի պես փորփրում էր արխիվի փաստաթղթերը։ Իսկ Արան փորձում էր սուրճի վերջին կաթիլները քամել սրճեփից։

Հին ռադիոն դադարեց երգել ու էներգիայով լի երիտասարդի ձայնը սկսեց արտաբերել հերթական գովազդի տեքստը՝ «բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունն ընկղմվելու հնադարյան պատերազմի մեջ։ Պաշտպանե՛ք ձեր թագավորությունը գերբնական դևերից կամ միացեք չարի մոգական առաջնորդին նոր խաղում։ Արյան բլուրը, արդեն վաճառքում»։

Անահիտը մեկնեց ցուցամատը դեպի ռադիոն ու սարքը լռեց։

— Արձագանք, ես քո մարդ ասողի․․․ Ախր դժվա՞ր էր կարգի հրավիրել արխիվը, — մռթմռաց աստվածուհին։

— Էներգիադ մի վատնի, թռչնակին դա հետ չի բերի, — նկատեց Արան, բայց անմիջապես լռեց Անահիտի հայացքի բեռի տակ։

— Ես պետք է իրենց բոլորին դեմքով ճանաչեի, ախր ինձանից ի՞նչ առաջնորդ դրանից հետո։ Ինչու՞ պետք է այսքան ժամանակ տևեր զոհին նույնականացնելը։

Արան խորը հոգոց հանեց։

— Սեփական անձը խղճալու մասնագետը ես եմ, հիշում ե՞ս։ Քո մոտ դա լավ չի ստացվում։

Դուռը աղմուկով բացվեց ու ներս վազեց Արձագանքը՝ ձեռքին աշխարհի ամենաբարակ թղթապանակը։

— Տիկին դիցապես, տիկին դիցապես, գտա։

Մինչ Անահիտը կբարձրանար աթոռից, Արան խլեց թղթապանակը օգնականի ձեռքից։

— Շնորհակալություն, Արձագանք, ազատ եք, — մռթմռթաց Արան։

Բայց տարեց դիցուհին ասես վախենում էր հեռանալ։

— Ի՞նչ։

— Էնտեղ հերթ է, — կմկմաց դիցուհին։ — Ուզում են տեսնել դիցապետին։ Շշուկներ են տարածվել, բոլորը անհանգիստ են։

Այդ պահին դուռը թրխկոցով բացվեց ու ներս քայլեց հաղթանդամ մկանոտ տղամարդ։ Նրա ամեն քայլից սենյակի պատերը դողում էին, իսկ դեմքին այնքան սպիեր կային, որ մաշկն ասես հնադարյան քարտեզ լիներ։ Նույնիսկ հաստ հագուստը ի վիճակի չեր թաքցնել Տորքի երկաթյա մկանների ուրվագիծը։ Այ սա իսկական տղամարդ էր։ Արան նախանձից կանաչեց։

— Ես պահանջում եմ իմանալ, ինչ է կատարվում ու ո՞րոնք են դիցապետարանի հետագա քայլերը, — Տորքի բամբ ձայնը ասես պատերազմի կոչ լիներ։

— Բարև, Տորք, ինչպե՞ս ես։ Ես լավ եմ, ապրես, որ հարցրիր, — Անահիտը ասես խոսում էր երկու տարեկանի հետ։

Արան ուզում էր բացեր բերանը, բայց հասկացավ, որ լավ կլինի Անահիտը մի բանով զբաղվի։ Լեզվակռիվը դեռ նոր էր սկսվել, երբ նա դուրս ծլկեց դիցապետի աշխատասենյակից։ Միջանցքը մարդաշատ էր՝ հերթում կանգնած էին աստվածներ, աստվածուհիներ, մի քանի հավերժահարս ու առյուծի մարմնով ու օձի վզով մի էակ։ Բոլորին թվաց, որ եթե Արան դուրս եկավ, հերթը կարող է առաջ շարժվել ու հաջորդը կարող է մտնել ներս։

— Ի՞նչ ա, արա, ինչ ես նայում, օձառյուծ չես տեսե՞լ, — ասաց էակը, երբ Արան չթողեց իրեն ներս գնալ։

— Հարգելիս, Ձեր ամուլետը պատրաստ կլինի վաղը, — միջամտեց Արայից հետո միջանցք սողոսկած Արձագանքը, նայելով օձառյուծին։

— Մորքուր ջան, բա մինչև վաղը  ի՞նչ ես առաջարկում, էս տեսքով ֆռֆռա՞լ քաղաքում, — էակը վիզը ձգեց՝ ցուցադրելով իր արտաքինի ողջ հմայքը։

— Ո՞վ է վերջինը դիցապետի մոտ, — հարցրեց զառամյալ ձայն՝ Արան ճանաչեց իր ծերունի հարևան Խալդիին ու իր եղբորը։

— Ճիշտ է՞, որ Վահագնը դիցուհի է սպանել գիշերը։

— Ասում են՝ Աստղիկն է սպանողը, իսկ զոհը՝ Վահագնի սիրուհին։

— Ո՞ւր ա դիցապետը։

— Մեկը կպատասխանի՞ մեր հարցերին, — ձայները ավելի պահանջկոտ էին դառնում։

Ամբոխը գնալով ավելի էր գրգռվում։ Արան լավագույն տարիներին այսքան աստվածային էակ չէր կարող հետ պահել, ուր մնաց հիմա։

— Աղջիկ ջան, լսի քեզ ինչ եմ ասում․․․ — թնդաց Տորքի ձայնը պատի այն կողմում։

Բարձր մետաղական զրնգոց եկավ ու գետինը դղրդաց, ոմանք չկարողացան իրենց հավասարակշռությունը պահել ու ընկան գետնին։ Երբ շոկը անցավ, լսվեց Անահիտի հանգիստ ձայնը։

— Մի անգամ էլ ասա «աղջիկ ջան» ու հաջորդ հարվածը գլխիդ կգա։ Քո համար՝ տիկին դիցապետ։

Միջանցքի ամբոխը մի փոքր սսկվեց։ Անահիտը դուրս եկավ իր աշխատասենյակից։

— Լսե՛ք, — Անահիտը ձեռքով լռելու ժեստ արեց։ — Խուճապի չմատնվել, ապուշ հարցերով դիցապետին չանհանգստացնել։ Քաղաքավարի հերթ կանգնեք ու ձեզ քաղաքավարի կբացատրեմ  ինչը ինչոց է։

Արան քմծիծաաղ տվեց, աչքով արեց Անահիտին ու գնաց։


6


Ծկակի մասին տեղեկությունները շատ սուղ էին, բայց Արան գտավ ամենակարևորը՝ հասցեն։ Բնակարանը քաղաքի արվարձաններից մեկում էր։ Նեղլիկ միջանցքում մի քանի հնդիկ հրմշտելուց հետո Արան գտավ ճիշտ դուռը։

Դռան թակոց։ Լռություն։ Ավելի ուժեղ թակոց։ Բնակարանից ոչ մի ձայն չեր գալիս։

Համոզվելով, որ իր վրա ուշադրություն չեն դարձնում՝ Արան կանչեց գարնանային փոխակերպման իր ուժը, ուղղեց ցուցամատը դեպի բանալու անցքն ու շշնջաց աստվածային հրաման։ Նախկինում գերբնական ուժի պաշարները նման էին հատակ չունեցող օվկիանոսի, որից կարելի էր անվերջ սնվել։ Այժմ, օվկիանոսը չորացել, ամայի անապատ էր դարձել, եթե քիչ թե շատ հիշվող աստծո բախտը բերեր, մի քանի լարված րոպեում անմարդկային գլխացավի գնով մի բուռ հրաշք կքամեր։ Արային ավել բան պետք չէր։

Հենց մտովի գտավ կախարդանքի թույլ աղբյուրը, Արայի ցուցամատը սկսեց ձգվել, երկարել ու փոխակերպվել։ Ճկուն ծիլի պես այն իր ճանապարհը գտավ բանալու անցքի մեջ և ընդունեց ճիշտ ձևը: Մի փոքր հրում և դուռը բացվեց։

Երբ Արան առաջին քայլն արեց նեղ միջանցում, հատակը ճռռաց նրա ծանրության տակ: Բնակարանը, լուսավորված էր ցեցը կերած վարագույրների միջով սողացող թույլ լույսով։

Սենյակը լեփ-լեցուն էր գունագեղ հեղուկներ պարունակող տարատեսակ շշերով, որոնք փայլում էին ծիածանի բոլոր գույներով: Ծկակի անհուն ծառավը վերածվել էր տարատեսակ հեղուկների ու տարաների նկատմամբ մոլուցքի։

Արայի կոշիկները դավաճանի պես արձագանքում էին, երբ նա առաջ էր գնում: Պատերը կարծես հետզհետե փակվում էին նրա գլխավերևում, և ստվերները ամեն անգամ, երբ նրանց վրա չէին նայում, մի փոքր առաջ էին շարժվում։ Նա ակնկալում էր դատարկ բնակարան, ուր էլ չէր վերադառնա իր բնակիչը, բայց ինչ-որ բան կար օդում, մի անտեսանելի ներկայություն, որը սարսուռ էր ուղարկում Արայի ողնաշարով:

Արայի ուշադրությունը գրավեց մի նուրբ, հազիվ լսելի խշշոց: Պտտվելով, Արան նկատեց անբնական մի ստվերակույտ մոտակա պատին։ Էակը, ում պատկանում էր ստվերը, ասես փշրվում ու կծկվում էր։ Արայի նյարդերը տեղի տվեցին, խուճապը նրա սրտում աճում էր ստվերի հետ միասին։

Արան պտտվեց՝ փնտրելով չարագուշակ ստվերի աղբյուրը։ Մոտակա անկյունից մի ճռռոց հնչեց, և Արայի հայացքը սևեռվեց այդ կողմ։ Գարնան ու վերածննդի աստվածը նկատեց գերբնական ուրվագիծ, որը չպետք է լիներ այնտեղ:

Հագուստի պատառոտված մնացորդներով պարուրված կերպարանքի վեց աչքերը փայլեցին, այն մեկնեց չորս ձեռքերը առաջ ու անհանգստացնող արագությամբ շարժվեց դեպի Արան:

Անսպասելիությունից Արան հետ-հետ գնաց ու սայթաքեց՝ բախվելով շշերի կույտի: Անտեսելով շշերից ստացված անթիվ քերծվածքները՝ Արան հետ սողաց։ Երբ իր ու անբնական արարածի մեջ մնացել էր մեկ քայլից էլ պակաս հեռավորություն, օդը դղրդաց մռնչյունով։ Մեկ ցատկով հաղթահարելով ողջ միջանցքի երկարությունը՝ Արալեզը տապալեց էակին գետնին։


7


— Խոսա՛, ի՞նչ էիր անում բնակարանում, — հրամայեց Արան, ձեռքը Անահիտի սեղանին խփելով։

Ոսկեգույն մաշկով ու չորս երեսով աստվածը գամված էր սեղանին երկու զույգ ձեռնաշղթայով ու շատ արագ բարբաջում էր անհասկանալի լեզվով։ Ալեհեր երեսները իրար հերթ չէին տալիս ու Արայի գլուխը ցավաց։

Արան դուրս եկավ դիցապետարանի միջանցք։

— Հը՞, բան կարեցա՞ր հասկանալ, — հարցրեց Անահիտը։

Արան գլուխը թափ տվեց։

— Արձագանքը շուտով կգա, — վստահեցրեց Անահիտը։

— Ի՞նչ կարևոր է, ինչ ա ասում, տվեք, ես դրան հեսա մի երկու հայրական ապտակ հասցնեմ ամեն դեմքին, լեզուները միանգամից կբացվի․․․ — մռնչաց Տորքը, դյուցազնի ճակատի երակը դողում էր։ — Թափը մենակ խեղճ Ծկակի վրա՞ է հերիքում։

— Տորքը այստեղ ի՞նչ գործ ունի, — պահանջեց Արան՝ փորձնելով սեփական ձայնում խանդի ելևէջերը թաքցնել։ — Ախր ինչքան շատ մարդ գիտի, այնքան դժվար կլինի գտնել մարդասպանին։

Անահիտը, եթե նույնիսկ և զգաց Արայի իսկական դրդապատճառը, ցույց չտվեց։

— Անհրաժեշտության դեպքում մեզ բիրտ ուժ էր պետք։ Մահկանացու ոստիկաններ չէի բերելու մեծն Բրահմային սանձելու համար, — Անահիտը հոգոց հանեց։ — Բայց ախր ո՞նց, որտեղից նա հայտնվեց։ Իր հայրենիքում միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ են իրեն հավատում, գրեթե անսահման ուժ տալով։  Ինչի՞ն էր պետք գալ Հայաստան ու դիցական թռչուն սպանել։ 

Անահիտը սկսեց անհանգիստ ոտքը շարժել։

— Նոր աստվածային պատերազմը հնդկական պանթեոնի հետ մեր ուժերից վեր է, — շարունակեց Անահիտը։ — Վանի աստվածների դեմ պատերազմի ժամանակ մեր ուժերը գրեթե անսպառ էին, մարդիկ հավատում էին մեզ, պաշտում էին, ուժ տալիս։ Իսկ հիմա․․․ Հիմա մեզ նվիրում են մի երկու դաս դպրոցական ծրագրում ու վերջ։ Մենք ասես ուրվականներ լինենք, այլ ոչ աստվածներ։

— Բայց հո մատաղի ոչխարի պես չենք սպասելու, որ այդ մի քանի ձեռքավոր ճիվաղը գա բոլորիս գլխատի, — մռնչաց Տորքը։

— Բայց իրոք որ ճիվաղը, — նկատեց Արան՝ ունքերը կիտելով։ Այստեղ մի բան այն չէր։

— Ի՞նչ ես ակնարկում, — պահանջեց Անահիտը։

— Տորքին հավատացողների քանակը աշխարհում անհամեմատ քիչ է, քան Բրահմային հավատացողներինը, բայց արի ու տես, որ քո սենյակում գամված միլիարդավոր հետևորդ ունեցող Բրահման ավելի լղար տես ունի, քան կիսա-մոռացված Տորքը։

— Հեյ, — մռթմռաց դյուցազունը։

— Ներիր, բայց դա անհնար է, — շարունակեց Արան։ — Այդ էակը մեծն հնդկական Բրահման չի։

— Բա ո՞վ է։

— Զուտ տարբերակ, — բացականչեց Արան, վերջապես հասկանալով ինչն ինչումն է։

— Չեմ հասկանում, — ասաց Տորքը։

— Սա այն Բրահման չէ, ում հավատում է հնդիկ ազգը։ Սա ներգաղթածների պահանջարկից ծնված տարբերակ է։ Պատկերացրու մի խումբ հեթանոս հույներ գնում են ապրելու ասենք Հին Չինաստան, տանում են իրենց իրերը, սովորույթները ու, իհարկե, հավատը։ Քեզ թվում է մեծն Զևսը կիջներ Օլիմպից ու կգնար Չինաստանում բնակվելու այդ մի քանի հոգու մո՞տ, ոչ իհարկե։ Փոխարենը նոր տեղում կառաջանար Զևսի ավելի թույլ տարբերակը՝ սուտ Զևս։ Ամեն ինչում այնքան Զևս, ինչքան իրեն հավատում են այդ մի խումբ հույները։ Նույնն էլ այստեղ է, քանի կան հնդիկները, կա նաև իրենց համար ձևավորված Բրահման՝ ավելի թույլ քան իսկականը, բայց անհրաժեշտ, քանի դեռ կան իրեն հավատացող մահկանացուները։

— Բա հիմա ի՞նչ անենք լղար Բրահմային,—Տորքը քորեց գլուխը։

— Հարցաքննենք, — ասաց Արան, — իսկական թե չէ, պետք է իմանալ՝ ինչ էր ինքը անում զոհվածի տանը։


8


— Երբ առաջին անգամ բացեցի աչքերս, չէի հասկանում, որտեղ եմ, — Արձագանքը թարգմանում էր Բրահմայի բառերը։ — Առաջին բանը, որ լսեցի, դա մի երիտասարդի աղոթքն էր իր ընտանիքի բարեկեցության համար, հետո ևս մեկը՝ շատ էր ցանկանում հաջողության հասնել նոր երկրում, իսկ մյուսը ոնց որ ուսանող էր, ուզում էր քննությունները լավ հանձնել, որ իրենով հպարտանային։ Ու տենց բառ առ բառ, աղոթք առ աղոթք զգացի, ինչպես եմ ձևավորվում, օր օրի դառնում իրեղեն։ Մենակ էի, ոչ տուն ունեի, ոչ զբաղմունք։ Օրերով թափառում էի քաղաքով, դեմքերս ու ձեռքերս թաքցնում էի հագուստի տակ։ Ծկակը լավ աղջիկ էր, ճշմարիտ տեսողությունս միանգամից հուշեց, որ դիցական էակ է։ Մոտեցա, որ հարցնեմ ոնց է հանգիստ քայլում մահկանացուների մեջ թռչնի մարմնով։ Բացատրեց, որ հատուկ թալիսման ունի։ Խնդրեցի իմ համար էլ ճարի, խոստացավ օգնել։ Ինձ տարավ իր տուն, կերակրեց, նոր հագուստ տվեց։ Ասաց երեկոյան զբաղված կլինի, չհասկացա կոնկրետ, բայց ոնց որ խմելու էր գնում։ Խնդրեց սպասեմ մինչ ինքը կվերադառնա, որ առավոտյան գնայինք դիցապետարան։ Չվերադարձավ։

Արան հոգոց հանեց։ Արդյո՞ք կիսա-Բրահման ճիշտ էր ասում։ Միգուցե համբերությունը չի հերիքել ու որոշել է հենց Ծկակի ամուլետն իրենով անել։ Բայց այդ դեպքում ինչու չի վերցրել թալիսմանը ու մնացել է Ծկակի տանը։ Չէ, եզրերը չէին համընկնում։

— Ի՞նչ ես առաջարկում, — հարցրեց Անահիտը։

— Առաջարկում եմ թալիսման տալ ու բաց թողն․․․

Արան չավարտեց նախադասությունը։ Տիրը առանց դուռը թակելու ներս մտավ ու սկսեց շնչակտուր բարբաջել։

— Տիկին դիցապետ, Արա, հասե՜ք, արագ․․․ ևս մի սպանություն․․․ այս անգամ այգում։

Արան ու Անահիտը միասին վեր թռան։

— Դու մնում ես այստեղ, — շշնջաց Արան, և մինչ Անահիտը նույնիսկ կփորձեր առարկել, ավելացրեց։ — Աստվածների խուճապը միայն դու կարող ես սաստել, թող ես անեմ այն, ինչի համար ինձ կանչել ես։

Անահիտը լուռ էր մի պահ, հետո գլխով արեց։

— Գնա։


9


Արայի ոտքերը խրվեցին ցեխի մեջ, երբ նա ու Լեզոն մոտեցան խոնավ խոտի վրա ընկած կնոջ անկենդան դիակին: Նրա նուրբ դիմագծերը այժմ դաջված էին սև երակներ հիշեցնող նշաններով։ Չնայած այլայլված դեմքին, Արան ճանաչեց զոհին:

Սիրելիին հավերժ սպասող հավերժահարսը այլևս չկար։ Սիրուց դաղված մեկ այլ դիցական կերպար, ով անտրտում հանդուրժում էր Արայի անվերջ հարբած բարբաջանքը Շամիրամի մասին։ Նրանց ընկերությունը հիմնված էր անհաջող սիրո վրա ու ձգվում էր մի քանի հարյուրամյակ։ Արայի սիրտը կծկվեց ցավից։

— Ծովինար, — շշնջաց Արան՝ մոտենալով զոհին։

Հեռավոր կայծակի լույսը ընդգծեց Ծովինարի սառած մաշկի վրա առկա չարագուշակ հետքերը:

— Լեզո, հասի, — հրամայեց Արան։

Գամփռը մոտեցավ դիակին, հոտոտեց այն, այնուհետև զգուշորեն լպստեց վերքերից մեկը։ Լեզոն կտրուկ մռթմռթաց, քիթը թափ տվեց ու նվնվաց, ասես զուտ հպումից լեզուն վառվեց։ Ծովինարի՝ վերքի սևացած եզրերը մոտեցան իրար, բայց մի քանի ակնթարթ հետո այն նորից բացվեց։ 

— Լեզո, գիտեմ դժվար կլինի, բայց նա մեզ պետք է, նույնիսկ մի քանի ակնթարթով։ Փափուկ ջան, խնդրում եմ, — աղաչեց Արան։

Արալեզը գլուխը կախեց ու քիթը փնչացրեց, այնուհետև կտրուկ անցավ գործի։ Անտեսելով տհաճ հոտը, վառող վերքերն ու անտանելի ցավը, գամփռը իր ողջ կախարդանքը կիրառեց դիցուհուն մահվան ճիրաններից հետ բերելու համար։

Երբ Ծովինարը բացեց աչքերը, դա այն Ծովինարը չէր, ում ճանաչում էր Արան։ Նրա շարժումները կտրուկ էին ու անբնական, ասես սեփական մարմինը սխալ չափսի վերարկու լիներ։  Թելերից կախված խամաճիկի պես Ծովինարը ձեռքերը մեկնեց դեպի Արան։

Արան ուզում էր սփոփեր իր վաղեմի ընկերոջը, ասեր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց թանկարժեք վայրկյանները հոսում էին ասես ավազը մատների արանքով։

— Որտ-տեղ եմ․․․ Ինչո՞ւ է այսքան ցավ-վուււմ, — դիցուհու ձայնը ծանրացած էր հազարավոր այլ ձայների արձագանքով։ Յուրաքանչյուր հնչյունն ասես ցավ էր պատճառում։

— Ամեն ինչ լավ կլինի, — խաբեց Արան․ — Ո՞վ է քեզ վնասել։ Ո՞ւմ ես տեսել վերջինը։

Կենդանի դիակը կտրուկ վիզը պտտեց ու մրմնջաց կապտած շուրթերով։

— Ծանր քայլեր մեջքի հետևում․․․ Պոզեր մառախուղի մեջ․․․ Հետո երկնային լույս՝ պայծառ ու այրող․․․ ու մթություն․․․ ցուրտ, սարսափ, ցավ․․․ անսահման ցավ․․․ թող գնամ դեպի լույսը․․․

— Ի՞նչ պոզեր, ո՞վ էր քեզ հետապնդում։

—  Աաա՜․․․

Ցավերի մեջ գալարվող դիակը այլևս հնարավոր չէր հարցաքննել։ Արայի սիրտը կծկվեց։ Դիակի ու նրա մեջտեղում աճեց սև ծխի սիլուետ։ Այն կռացավ։ Արան, զգալով մահվան սառը շունչը իր դեմքին, հետ-հետ գնաց։

— Նո, նո, նո — սիլուետը ժպտալով թափ  տվեց ցուցամատը, ասես Արային չարություն անելուց էր բռնացրել։ Սպանդարամետի ձայնը ժանգոտ մեխի պես ճանկռում էր լսողի ականջը։ — Այս մեկն իմն է, չքվի՛ր։

Ուրվականը դիպչեց Ծովինարին ու կտրուկ ճախրեց երկինք։ Ասես լարերը կտրած խամաճիկ դիակը զարկվեց գետնին, Սպանդարամետի հետևից երկինք մեկնեց Ծովինարի եթերային երկվորյակը։

Լեզոն մոտեցավ ապշած Արային ու սկսեց լպստել նրա դեմքը։ Շուրջբոլորը տատանվեց ու, անկարող իրեն պահել, Արան ծնկի իջավ։ Մինչ ուշագնաց լինելը նշմարվեցին շտապող Տիրն ու Տորքը։


10


—Ըհըմ, լավ կլինի Անահիտը չիմանա, որ ուշքս գնացել էր, — Արան ասաց Տորքին, մինչ դիցապետարանի դուռը բացելը։

— Իհարկե, — քմծիծաղ տվեց դյուցազունը։ — Երևի, որ քեզ ձեռքերիս վրա եմ բերել, նույնպես գաղտնիք մնա՞։

Արան ամոթից կարմրեց ու գլխով արեց։

Նրանց դիմավորեց սարսափած Անահիտը։

— Ինչ լավ է Արալեզը հետդ է, — ասաց նա։ — Արագ, Արձագանքի վրա են հարձակվել։

Նրանք վազեցին ներս, Արձագանքի դողացող ձեռքը մինչև ուսը պատված էր սև սարդոստայն հիշեցնող վերքերով։

— Ամեն ինչ այնքան արագ եղավ, — պատմեց տարեց դիցուհին, քանի Լեզոն բուժում էր նրա վերքերը։ — Տիրն ու Տորքը մեկնեցին դեպքի վայր քո հետևից, տիկին դիցապետը մեծ սրահում խոսում էր անհանգստացած աստվածների ու էակների հետ։ Երբ ես եկա դիցապետի սենյակ, մութ էր։ Պատուհանը բաց էր, քամին խառնել էր բոլոր թղթերը։ Փորձեցի լույսը վառեմ, բայց չաշխատեց։ Հետո տեսա նրան՝ տղամարդու ուրվագիծ։ Նա սեղանի դարակն էր փորփրում։ Երբ նկատեց ինձ, ինչ-որ բան շշնջաց ու այրող լույսը հարվածեց ինձ:

— Իհարկե, երկնային այրող լույս՝ կայծակ, — հաստատեց Արան՝ հիշելով Ծովինարի խոսքերը։ Հետո ասես սթափվեց ու հարցրեց — Ի՞նչ են տարել։

— Ոչ  մի կարևոր բան, — ասաց Անահիտը։

— Ինչպես թե, լավ էլ կարևոր բան էր։ Դիցապետի վզնոցը, —  բացատրեց Արձագանքը։ — Այն դիցապետի նշանն է, դիցարանի բանալին, ինչպես քաղաքի բանալին քաղաքապետարանի նշանն է։ Դեռ Արամազդն էր այն կրում, մինչ իր անհետանալը։

Արան նայեց Անահիտին։ Դիցապետն ուսերը թափ տվեց։

— Զուտ սիմվոլիկ մի բան, ասում եմ չէ՞, կարևոր չի։

Արային տարօրինակ թվաց, որ Անահիտը ակնհայտորեն փոքրացնում էր վզնոցի կարևորությունը։

— Ու՞ր էր վզնոցը։

— Սեղանի մեջ թաքն-, — սկսեց Արձագանքը, բայց Անահիտն ընդհատեց իր օգնականին։

— Դարակում, այստեղ, — ցույց տվեց Անահիտը, սակայն Արձագանքը ակնհայտորեն մյուս կողմն էր ցույց տալիս վայրկյան առաջ։

— Սա ակնարկ է, — ասաց Արան, ձևացնելով, որ չի նկատում Անահիտի տարօրինակ պահվածքը։ — Մարդասպանն ասում է, որ դիցապետարանն անզոր է իր դեմ։ Մեր հանցագործը երես է առնում։ Մինչ այս պահը մեզ հայտնի է հետևյալը՝ մարդասպանն ունի աստվածային ծագում, կանչում է կայծակ, զոհերը կապ ունեն ջրի, անձրևի հետ․․․ եթե չիմանայի, կմտածեի մեծն Արամազդի մատն է խառը․․․

— Ամենահո՞ր, — սարսափով հարցրեց Արձագանքը։

— Լռե՛ք, — գոռաց Անահիտը չարությամբ, — իմ հայրն ունակ չի նման զազրելի արարքների։

— Այդ դեպքում ու՞ր է կորել, — պահանջեց Արան։ — Քանի դար է նա չկա։ Լքել է պանթեոնը, ոչ կառավարում է, ոչ էլ լուր ուղարկում։ Թե՞ մեծն ամենահոր համար դիցարանն այլևս կարևոր չէ։ 

— Եթե շարունակելու ես թույն թափել, լավ կլինի գնաս, — Անահիտի ձայնը սառույցի պես կտրուկ էր։

Արայի համբերության բաժակը լցվեց։

— Ու՞ր գնամ, ես մարդասպան ունեմ բռնելու։

— Էլ չունես։ Ես եմ քեզ կանչել, ես էլ քեզ ազատում եմ, — հրամայեց Անահիտը։

— Ոչ, տիկին դիցապետ։ Դա այդպես չի աշխատում։ Քանի քեզ հարմար էի, ինձ պահում էիր կողքդ։ Հենց հետաքննությունը մատնանշեց հայրիկիդ, որոշեցիր ինձանից ազատվե՞լ։

Անահիտի աչքերը փայլում էին երկնային զայրույթով։ Նա շշնջաց։

— Ապացույցներդ վերանայի, ես տալիս եմ քեզ իմ երկնային խոսքը, Արամազդն անմեղ է։

Արան հևաց, սիրտը հուշում էր, որ հավատա Անահիտին, մի քանի հազար տարում գեթ մեկ դեպք չէր եղել, որ աստվածուհին սխալվեր, բայց փաստերը համառ էին։ Արան գլուխը թափ տվեց։

Անահիտը ասես հիասթափված լիներ։ Արձագանքը առանց բառ ասելու Տիրին ու Տորքին ուղեկցեց դուրս։

— Բարի, — շշնջաց Անահիտը, քաշեց գրասեղանի կողքի դարակներից մեկն ու սեղմեց ներսի կոճակը։

Արան վեր թռավ աղմուկից։ Գրապահարանը հևոցով շարժվեց մի կողմ, երբ փոշու ամպը հանդարտվեց գրապահարանի հին տեղում բացվել էր անցում դեպի գաղտնի սենյակ։

Պատուհաններ չունեցող սենյակում, բժշկական անթիվ սարքավորումների միատոն ծլնգոցների ներքո սպիտակ ակնողնում գամված էր ալեհեր ծերունի։ Նա շնչում էր սարքի օգնությամբ, մինչ մոնիտորը ֆիքսում էր սրտի աշխատանքն ու ճնշումը։

— Արամա՞զդ, — Արան չհատավաց աչքերին։

Անահիտը հոգատարությամբ սեղանիկից վերձրեց թրջոցը ու մեղմորեն սրբեց անգիտակից ծերունու ճակատը։

— Բարև հայրիկ, — շշնջաց նա ու չարացած նայեց Արային։ — Այսօր անկոչ հյուրեր ունես։

— Ես չգիտեի․․․ ներիր, — սկսեց Արան։ — Բայց ինչու՞, ե՞րբ․․․

— Ե՞րբ՝ չորրորդ դարում, ինչու՞, — Անահիտը հևաց — ոչ ոք չգիտի ինչու։ Մի պայծառ օր նա հրաժարվեց խոսել, հետո քայլել, հետո ապրել։ Կարծում եմ հավատքի պարտության ամենամեծ հարվածն իր վրա վերցրեց։ Վերցրեց, որ մենք գոյատևենք, որ բոլորս քարե արձանների չվերածվենք մի գիշերում։

— Ինչո՞ւ ես թաքուն պահում գերագույն աստծո վիճակը, — հստակեցրեց իր հարցը Արան։

Անահիտը կանգնեց Արայի ու անկողնու միջև, ասես ուզում էր պաշտպաներ հորը։

— Բա ի՞նչ էիր ուզում անեի, բոլորին կանչեի ու ցույց տայի երկնքի ու երկրի արարչին՝ անգիտակից ու անօգնական, գամված անկողնու՞ն։ Քանի վայրկյանում դիցարանի ողջ կազմը կմատնվեին հուսահատության։

Արան լուռ էր։ Անահիտի խոսքերը ճշմարիտ էին ու թեև Արան ի սրտե ափսոսում էր, որ տեսավ դիցարանի առաջնորդին այս վիճակում, հոգուց մի մեծ քար ընկավ՝ Արամազդն անմեղ էր։

— Մարդասպանը Արամազդին է՞ր փնտրում, — հարցրեց Արան։

Հարցի պատասխանն էր լռությունը։

— Նա աստիճանաբար թափ է առնում, — հասկացավ Արան։ — Սկզբում նա փորձեց իր ուժը։ Ծկակը հեշտ զոհ էր, անպաշտպան, արբած իր ծարավով։ Հետո Ծովինարը, միայնակ փափկասուն դիցուհի, ով նույնիսկ անցյալում սպառնալիք չէր։ Երբ Անահիտը զրուցում էր աստվածների հետ, նա մտավ աշխատասենյակ ու, եթե Արձագանքը չմիջամտեր, նրա հաջորդ զոհը կլիներ Արամազդը։ Նա հանգիստ ներս ու դուրս է անում դիցարանում։

Արայի գլուխը արդեն պայթում էր։ Երկու զոհ, երկուսն էլ պանթեոնի անդամներ, երկու սպանությունների ժամանակ էլ անձրևոտ եղանակ էր։ Քիչ էր մնում Արան մատնանշեր Զևսին: Բայց ինչո՞ւ հարձակվել Արամազդի վրա։ Չէ որ դա վտանգավոր էր, հենց դիցապետարանի կենտրոնում, որտեղ նրան այդքան հեշտությամբ կարող էին բռնել։ Այն դեպքում երբ Արամազդը վտանգ չէր ներկայացնում․․․ բայց իրոք չէր ներկայացնում։

— Իսկ եթե Արձագանքը չի՞ կանգնացրել մարդասպանին, — ենթադրեց Արան, նայելով Անահիտին։ — Նա ասաց, որ մարդասպանը նոր էր եկել, երբ նա մտավ աշխատասենյակ։ Իսկ եթե նա սխալվել է, միգուցե մարդասպանն արդեն գնում էր։ Միգուցե նա արդեն ստացել էր իր ուզածը, ու դա Արամազդի գլուխը չէր։ Դիցապետի վզնոցը, պատմի՛ր ինձ դրա մասին։


11


Արան նստած էր դիցապետարանի սառը նկուղում։ Կողքի սեղանին խնամքով դրված էին Ծովինարն ու Ծկակը։ Մեկը զոհ էր դառել սրի դիպուկ հարվածին, մյուսը՝ այրվել կայծակին։ Ո՞ր աստված ուներ սուր՝ համարյա բոլորը։ Ո՞վ էր ունակ կանչել կայծակ, քչերը, բայց ցուցակը միևնույն է երկար էր։ Է՞լ ինչ կար․․․ Ծովինարը մատնանշել էր եղջյուրավոր կերպարանք... մի բան, որ շփոթեցնում էր Արային։

Նա զգում էր, որ ունի գլուխկոտրուկի բոլոր անհրաժեշտ մասերը, բայց չի կարողանում դրանք ճիշտ դասավորել:

— Ամենակարևոր հարցը այն չէ, թե ինչու, այլ ինչպե՞ս… — շշնջաց Արան ինքն իրեն։

Ինչպե՞ս կարող էր մոռացված դիցարանի որևէ աստված այնքան հզորանալ, որ կարողանար անել այդ վայրագությունները ու հետո հօդս ցնդել: Աղա՞նդ։ Դժվար։ Անիծելով սեփական անզորությունը՝ Արան հանեց գրպանից հեռախոսը ու սկսեց փնտրել մոտակայքում հեթանոսական պաշտամունքի վայրեր։ Արայի հեռախոսը պայթեց գովազդի ձայնից, և նա քիչ էր մնում ձեռքից բաց թողեր այն։

«Շտապիր սանձել հին աշխարհի գերբնական ուժերը մեր նոր գեր իրական խաղի մասը դառնալով,» գոռում էր էկրանը, իսկ Արան ապշած նայում եղջյուրավոր սաղավարտով ասպետին։ «Արյան բլուր՝ այժմ խաղա նաև անգլերենով»։

— Ի՞նչ է պատահել, — հարցրեց Անահիտը, ներս մտնելով։

— Իհարկե, ո՞նց չէի տեսնում․․․ — Արան բռնեց դիցապետի ուսերից ու թափ տվեց, — Նրա պաշտամունքի վայրը։ Նրա սաղավարտը։ Ես կատարյալ ապուշ եմ։ Խաղը, նա խաղի կերպարն է, հարյուրավոր, չէ հազարավոր մահկանացուներ ամեն օր արտաբերում են նրա անունը, խաղում իր կերպարով։

— Մարդասպանը խաղի կերպա՞ր է։

— Խաղի կերպար, ով նաև հին աստված է։ Ի՞նչն է ոգեշնչում ժամանակակից խաղեր արտադրողներին՝ լեգենդները, հերոսները ու աստվածները։ Իսկ հիմա պատկերացրու՝ հին դիցարանի մոռացված աստված, ում դարերով անտեսելուց հետո այժմ ամեն օր հիշատակում են հազարավոր մահկանացուներ։ ժամանակակից աշխարհում դա նույնն է՝ ինչ զոհասեղաններ լցնելը։ Նա ունի ուժ, ու այդ ուժն աճում է օր օրի։

— Ի՞նչ պետք է անենք, — շփոթված հարցրեց Անահիտը։

— Կապնվիր մահկանացուների հետ, ամեն գնով կանգնեցրու այդ գովազդը։

— Դա երկար ժամանակ է պահանջում։ Մինչ մենք դա կանենք, նա կսպանի դիցարանի մեծ մասին։

— Ժամանակ, — բղավեց Արան, — Ի՞նչ օր է այսօր։

— Չգիտեմ, շաբա՞թ։

Արան լռեց մի պահ, ասես հաշվում էր, ապա վեր թռավ ու վազեց դեպի դուռը։

— Սպասի՛ր, դու չասացիր ո՞վ է նա, — բղավեց Անահիտը, բայց Արան արդեն գնացել էր։


12


Ճնշող մթնոլորտը շղարշի պես կպչում էր մարմնին։ Բնակարանը ամբողջովին տակնուվրա էր արած։ Արյան հսկայական լճի մեջ երկու տարեց դի կար։

— Դուրս արի շողքից, ես ամեն ինչ գիտեմ, — հանգիստ ձայնով ասաց Արան, անտեսելով սեփական սրտի խելագառ տրոփյունը։

Թեյշեբան բացակայող հայացքով նայում էր շուրջը ասես չէր հասկանում ուր է։

— Կարող ես այլևս չձևացնել, Թեյշեբա։

— Ի՞նչ է պատահել, ինչու՞ եղբայրներս չեն շարժվում, — ծերունին դողում էր։

— Ես կհավատայի քեզ, եթե դիցապետի գողացած վզնոցը կախված չլիներ վզիցդ, — Արան մատնանշեց ոսկե բանալին։

Թեյշեբան մի պահ սառեց, հետո նայեց վզնոցին։

— Սա՞, —  ծերուկը հևաց, հետո ժպտաց՝ քայլելով իր եղբայրների դիակների վրայով։ Դա այլևս թուլացած ծերունու ձայն չէր։— Զուտ հուշանվեր, որ բոլորն իմանան ով է իրենց նոր դիցապետը։

Երկնքում ժայթքեց կայծակը ու պատուհանը շրխկոցով բացվեց քամու ուժգին մռնչոցից։ Թեյշեբայի աչքերը վառվում էին հինավուրց կատաղությամբ։ Խաղերը մնացին մի կողմում։

Արան գիտեր, որ հակառակորդի այժմյան ուժը գերազանցում է իրեն, բայց նահանջելու  տեղ չկար։ Բախումն անխուսափելի էր:

Ծերուկը ուղղեց մեջքը ու ասես հասակ առավ, խորացած կնճիռները հարթվեցին, թուլացած մկանները ձգվեցին ու ընդգծված դարձան։ Այս նոր աստվածային էակը այլևս կարկատանք հագած ծուռ ծերունին չէր, նա չարացած հայացքով ոսկեզօծ զրահով ուժգին ասպետ էր, ում սիրտը վրեժ էր տենչում։ Ցլի եղջյուրներով նրա սաղավարտը քաղաքի բոլոր անկյուններից Արային նայող գովազդն էր հիշեցնում։

Թեյշեբան թափահարեց ձեռքը ու հողմը բարձրացրեց Արային օդ ասես նա քաշ չուներ։

— Դու թույլ ես, — մռնչաց Թեյշեբան ու շպրտեց Արային պատուհանից դուրս։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ Արան բախվեց դիմացի շենքի պատին ու գլորվեց գետնին։ Մի քանի ողեր հաստատ ճաքեցին։

— Թույլ, ինչպես քո ողջ ցեղը, — Թեյյշեբան ասես հեծնել էր մրրիկը ու քայլում էր օդի վրայով։ — Դուք խլեցիք մեզնից երկնային գահը, որ կորցնեք այն սուրբ երրորդությանը։

— Քո եղբայրները․․․ դու նույնիսկ իրենց ես սպանել, — շշնջաց Արան՝ արյուն թքելով։ Ցավն անտանելի էր, բայց նա կանգնեց։

— Իմ հիմար եղբայրների հիմարության պատճառով մենք պարտվեցինք ձեզ ու իմ Խուբան մոռացվեց։

Արայի գլխում տեղն ընկավ գլուխկոտրուկի վերջին մասը։

— Ծկակը, Ծովինարը զուտ զոհեր չէին, դու Խուբայի համար մարմին ես փնտրում։

Թեյշեբան քմծիծաղ տվեց։

— Փաստորեն այդքան էլ անխելք չես, բրավո — հողմի աստվածը հեգնանքով ծափ տվեց, դանդաղ քայլերով մոտենալով Արային։ — Այդ երկուսը զուտ անհաջող փորձ էին։ Իմ կինն արժանի է ավելիին։ Երբ քեզ սրբեմ աշխարհի երեսից, միգուցե այցելեմ փոքրիկ Անահիտին։ Այ նա արժանի է դառնալ իմ սիրելի կնոջ անոթը ու կողքս քայլել հուր հավիտյան, քանի ես կերտում եմ նոր, ուժեղ աշխարհ։ Ի՞նչ կասես, սիրուն տղա։

Արայի արյունը եռաց ու, մոռանալով զգուշության մասին, նա նետվեց առաջ։ Որոտը մռնչում էր։ Թեյշեբայի ամեն հարվածի հետ օդը ցնցվում էր: Արան ուներ միայն իր ճարպկությունն ու շնորհքը հակադրելու Թեյշեբայի դաժան ուժին: Բայց Արայի ամեն մի հաջող մանևրին Թեյշեբան երկու հաջողված հարված էր հակադրում ու Արան զգաց ինչպես են ուժերը լքում իրեն։ Հողմի աստծո ամեն հարվածն ասես մուրճի զարկ լիներ զնդանին։

— Քո ուժը իսկական չի, շուտով նոր խաղ կհայտնվի ու մահկանացուները կմոռանան քեզ, — շշնջաց Արան, երբ տիտանական կերպարը բռնեց իր վզից ու բարձրացրեց, պոկելով գետնից։

— Ես չեմ պատրաստվում հին աստվածների սխալը կրկնել, — ծիծաղեց Թեյշեբան։ — Երբ ես մրջյունների պես կճզմեմ քո նմաններին, ես ի հայտ կգամ մահկանացուներին իմ ողջ հմայքով ու այդ ժամ ոչ ոք չի մնա, ով չի հավատա իմ գոյությանը։

— Դա սեր չէ։

— Ինձ սեր պետք չէ, միայն սարսափ։ Բայց դու դա չես տեսնի, ճիճու։ Դու չես կարող ինձ կանգնացնել։

Հրապարակի ժամացույցը խփեց կեսգիշերը։ Վարդավառ։

Արայի շնչափողը փակվեց Թեյշեբայի բռունցքի մեջ, նրա թոքերն այրվում էին, մարմինը ջղաձգվեց առանց օդի։ Թեյշեբան թուրը բարձրացրեց, կայծակը հարվածեց շեղբին ու Արան սուր ծակոց զգաց թիակի տակ։

— Ես չէ, բայց այ նա․․․ — հավաքելով վերջին ուժերը, Արան պոկեց դիցապետի վզնոցը ու արագ շարժումով նետեց բանալին դեպի մոտակա պատը։

Հանկարծ քարը սկսեց դողալ, հարթ մակերեսի վրա սարդոստայնի պես ճեղքեր հայտնվեցին։ Քարերի բեկորները թափվեցին պատից, ու մի քանի ակնթարթից ներսից աճող կախարդանքի ուժը պայթեցրեց պատը։ Հարվածի ալիքը շպրտեց Թեյշեբային ու Արային մի կողմ։ Քարի խորքից դուրս եկավ նա, ում Արան այլևս հույս չուներ տեսնել։ Գետինը դողաց դյուցազնի ձիու սմբակների ծանրությունից։

— Անհ-հնար է, Մհերի դ-դուռը Վանում է, — կակազեց Թեյշեբան հետ սողալով։

— Մհերի դուռը այնտեղ է, ուր այն պետք է, — պատասխանեց արնաքամ Արան ու հանգող հայացքն ուղղեց Փոքր Մհերին։ — Ների՛ր, բայց երդմանդ հաշվետու եմ պահում քեզ։ Հայոց աշխարհը փրկելու ժամանակն է։

Դյուցազունը կիտեց ունքերը։ Երբ արդեն իսկ քարի մեջ ես ողջ տարի, ինչքան էլ թույլ լինի հավատը քո անձի հանդեպ, այն բավարար է մեկ կռվի համար։ Թեյշեբան մղկտաց, երբ Մհերը հարվածների տարափ արձակեց իր վրա: Ամեն զարկը ասես երկրաշարժ լիներ։ Թեյշեբայի արյունը ծծմբաթթվի պես քայքայում էր գետինը, որի վրայով հոսում էր։ Նրա դեմքը շուտով վերածվեց արյունոտ քաոսի։ Վերջապես Մհերը բռնեց կիսամեռ Թեյշեբային ու քարշ տվեց նրան մազերից իր հետ քարի մեջ՝ կնքելով նրա ճակատագիրը հավերժության մեջ։

Քարե դուռն անհետացավ ու բանալին զրնգոցով ընկավ գետնին։ Շուրջբոլորը լռեց, Արան զգում էր ինչպես արյան ամեն կաթիլի հետ կյանքը լքում էր իր մարմինը։ Նա այլևս չեր վախենում գլխավերևում կանգնած Սպանդարամետից։ Նա պատրաստ էր։ Սպանդարամետը, ժպտալով իր սառցե գիրկն առավ Արային։

Ինչ որ թաց բան դիպչեց Արայի վերքին։ Մահվան աստվածը մռնչաց ու հօդս ցնդեց։

— Լեզո, — հևաց Արան ու ժպտաց։


400 views0 comments

Comments


bottom of page