Սիրում էր ձուկ բռնել։ Գետը խորը չէր։ Ափին մոտ գրեթե թզաչափ էր, մանր քարերով առատ։ Հսկա քարերը տեղափոխել էր գետի հունին ընդառաջ, փակել ջրի ճանապարհը, քարերին հանդիման ջուրը հավաքվում էր, լճանում, հետո հեռանում․ շատ հարմար էր որսի համար։ Ձկնորսությունն ավելի էր սիրում, քան օջախի կրակը պահելը, դրանով հիմա հաջողությամբ փոքր եղբայրներն էին զբաղվում։ Ջրում ոտքերը զգում էին քարերի տարբեր ձևերը՝ կլոր, հարթ, երբեմն սուր, որից հանկարծ լարվում ու ցավից ցատկոտում էր, բայց միևնույնն է հաճելի էր տիղմի ու քարերի լպրծուն հպումը, ջրի սառնությունը, մանավանդ ամռան տապին։
Սիրում է իր բնակավայրը։ Շատ մոտ է հոսում գետը, որն իրենց սնունդ տվողն է։ Շուրջը ծիրանենիներով այգիներ են և խաղողի երկար ձգվող վազեր։ Ամեն ինչ լավ է, սակայն ինքն ուզում է քաղաք գնալ, արհեստ սովորել։ Տուշպան շատ է հեռու, երբեմն այստեղ երևացող առևտրականները պատմում են, որ մեծ ու գեղեցիկ քաղաք է, հսկա տներով, պալատներով։ Ասում են նաև, որ լիքն է առևտրականներով, արհեստավորներով, ովքեր ոսկի ու երկաթ են ձուլում, կավից ամանեղեն սարքում։
Արծվին հայացքը ձգեց հորիզոնին, գետից այն կողմ երևում էին ամպերում մխրճված լեռները։ Իր հարազատ հորիզոնը լեռնոտ է, երբեմն այն ամբողջությամբ ճերմակում է, նմանվում տարածված հսկա ամպի։ Անկախ իրենից շրթունքին մոտեցրեց ծիրանափողն ու նվագեց։ Երաժշտությունը լցվեց հոգում, հասավ լեռնագագաթներին, իսկ հետո երկինք՝ Խալդ աստծո մոտ։ Մեղք է գուցե նման բան մտածելը, սակայն, երբ ինքը փչում է այս նուրբ, ծիրանենու ճյուղից տաշած փայտը․ հոգով բարձրանում, հասնում է վերևում երևացող աստղերին, որոնք արեգի լույսի հետ աղոտվում ու չգիտես ուր են թաքնվում։ Իր նվագի ընթացքում գետի ջրերն ասես մի պահ լռում են, ջրի մակերևույթին երևում է հսկայական աչք, հետո ամբողջանում ու հայտնվում է ջրերի դիցուհին՝ Ծովինարը։ Նա գալիս է լսելու, երբեմն ժպտում է, իսկ երբեմն էլ արցունք է հայտնվում նրա աչքերում ու գետի ջուրը չի ծածկում նրա արցունքները, որոնք ցոլկտում են արեգի լույսերի մեջ։ Այն պահին, երբ աչքերը ժպտում են, իր մատները կարծես լույս են ճառագում, իսկ այն պահին, երբ տխրում է՝ մատները սառչում են և շուրջը օդն էլ ասես սառած էր լինում։ Այդ օրը, երբ ավարտեց նվագը, ականջին հասավ ձայն, այդ դիցուհու ձայնն էր․
-Մոտ արի՛, մտի՛ր գետը, մի՛ վախեցիր։ Դու լավ ես նվագում, քո ծիրանափողից դուրս եկող հնչյունները զմայլում են ինձ։ Ես ուզում եմ քեզ նվիրել իմ շնորհներից։
Արծվին ցած դրեց ծիրանափողը։ Դանդաղ մոտեցավ ջրին։ Ճիշտ է վախենում էր, սակայն հրապուրանքն ու կախարդանքն առավել էին վախից։ Դանդաղ մտավ գետը։ Սառը ջուրը հասավ մտքին ու սրտին։ Երբ արդեն գրեթե կենտրոնում էր՝ շուրջը ջրե օղակ առաջացավ և գետը դադարեց հոսել, ջրի շիթը բարձրացավ և ձեռքի ափի հանգույն իջավ գլխին։
-Հասկանաս ջրի ու ձկների, ծառերի ու կենդանիների լեզուն։ Ինչի ձեռքդ կպչի՝ հաջողություն բերի, ջրում ձուկ լինես, ցամաքում՝ մարդ, օդում՝ թռչուն։
Ապա ամեն ինչ վերադարձավ իր հունին՝ օղակն անհետացավ, գետը հոսեց և դիցուհին էլ չէր երևում։
Արծվին դուրս եկավ գետից։ Զարմացած ու, դեռևս զգացողությունների ազդեցության ներքո, որ ստացել էր ջրում եղած պահին։ Ինքը լավ լողորդ էր, մանկուց այս ջրերի մեջ էր, առաջին անգամ չէ, որ մտնում էր այս ջուրը, սակայն երբեք ջուրը չէր անշարժացել իր մարմնի շուրջ, երբեք չէր զգացել արյան ու ջրի այդքան մտերմություն։ Միանգամից, ասես գետում ինչքան ձուկ կար հավաքվեցին ու օղակեցին այն շրջանը, որում կանգնած էր։ Դիցուհին բարձրացել էր ջրից, տարածվել գլխավերևում ու շիթացնցուղ շողում էր արեգի լույսից։ Երանության զգացումը, որ հոսում էր երակներում միանգամից ավարտվեց, շուրջը գորշացավ, դարձավ սովորական։ Վեր նայեց՝ Ծովինար դիցուհին չէր երևում։ Դուրս եկավ ջրից։ Դեռ հիպնոսացած, վերցրեց ծիրանափողն ու քայլեց, կողքից կախված օրորվում էին այսօրվա բռնած ձկները։ Հեռվում երևաց գետաքարերից կառուցված իրենց տունը։
Մայրն ինչպես միշտ ուրախացավ առատ որսը տեսնելով։ Հայացքը վեր բարձրացրեց՝ փառք տալով Խալդ աստծո զորությանը, որ իրենց քաղցած չի թողնում, ապա ջրով լի կաթսան դրեց կրակին և սկսեց քերել ձկան թեփուկները։ Ափը ժամանակի ընթացքում կոշտացել էր այդ չեչոտ քարի հպումից և, նա չէր զգում ձեռքի քարի կոշտությունը, որը գլաքարերի համեմատ փափուկ էր ավելի։ Թեթևությամբ սահեցնում էր ձկան երկայնքով մինչև պոչը։ Կրակի ծուխը բարձրանում էր օճորք ու միմյանց խաչաձևված փայտերի արանքից դուրս գալիս բաց օդ։
-Բաբա, ես ուզում եմ գնալ արհեստ սովորելու,- մորը դիմեց Արծվին։
-Հայրդ մենակ կմնա, եղբայրներդ ու քույրերդ շատ փոքր են։
-Կաշխատեմ, կուղարկեմ, հետո կգամ ավելի լավ կլինի։ Բաբա, ես հենց այսօր էլ ճանապարհ եմ ընկնելու։
Արծվին կապեց պարկի բերանը, որի մեջ տեղավորեց մի կտոր պանիր ու մոր թխած բաղարջը։ Գրկեց հարազատներին ու դուրս եկավ։ Մայրը փոքրերին գրկած կանգնեց շեմին ու ճանապարհ դրեց որդուն։
ԱՐՔԱՅԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ
Իշպուինի հզոր արքան որոշել էր ջրատարներ սարքել և երկրի հյուսիսային կողմից աղբյուրների ջրերը բերել, հասցնել քաղաք։ Երկրի հզորության համար շատ անհրաժեշտ էր, որ զարգանար տնտեսությունը։ Տուշպան տարբեր արհեստավորների, վաճառականների քաղաք էր, որ կառուցվել էր Իշպուինիի հոր՝ Սարդուր առաջին արքայի տիրապետության տարիներին և դարձել Ուրարտական պետության մայրաքաղաքը։ Ւշպուինին իրեն անվանում էր՝ «Հզոր արքա, Բիայնիլի երկրի արքա, Տուշպա քաղաքի արքա»։ Իշպուինին կառուցում էր տաճարներ, վերականգնում թշնամու ավերած պարիսպները և ժայռերում պալատ կառուցում։
-Ես երկրի տարբեր կողմերից շինարարներ եմ կանչել, - ասաց արքան։
-Կամքը քոնն է, հզոր Խալդի աստծո զորությամբ, տիրակալ Արարատյան թագավորության։ Սակայն․․․,- խոնարհված գլխավոր քուրմը խոսքը կիսատ թողեց, սպասելով արքայի արձագանքին։
Քուրմը գիտեր, որ արքան լսում է իր խորհուրդները և երբեմն հետևում դրանց։ Նա զգույշ, այնպես էր պահում իրեն, որ թվում էր, թե մտածում է արքան, սակայն միտքը ինքն էր առաջարկում և մնում էր հավատարիմ արքային։
-Շարունակի՛ր խոսքդ, կամ լռի՛ր, իսկ եթե արդեն խոսել ես․ բացատրի՛ր միտքդ և պատճառը այն կիսատ թողնելու։
-Կամքդ մեծ է ու բարի, սակայն մենք չպետք է մոռանանք Կուեռա աստծո պահապանների մասին, որոնք պահպանում են աղբյուրները, իսկ շինարարությամբ տեղափոխել նշանակում է պայքարի մեջ մտնել հսկա վիշապօձերի հետ։ Մեր զինվորները բազմաթիվ անգամ են կռվել նրանց դեմ, սակայն ապարդյուն։
-Հըըը՜մմ, ամեն անգամ ես զոհ եմ մատուցում բոլոր աստվածներին իմ թագավորության մեջ գտնվող զոհասեղանների վրա։ Մի՞թե այդ բավական չէ, որ թույլատրվի ինձ կատարել շինարարական աշխատանքներ,- բարկացավ արքան։
-Ինձ անհայտ պատճառներով Կուեռա աստվածը հակադրվում է։ Տեսիլքներն ասում են, որ կա քո թագավորությունում այն անվախը, ով համաձայնության կգա և կհաղթի պահապաններին։
-Դե ուրեմն ուղարկի՛ր քո հպատակներին երկրի տարբեր կողմեր, բե՛ր ինձ մոտ այն քաջին, ով կհամարձակվի ճակատվել վիշապօձի հետ։
-Հզոր Խալդի զորությունը քո կամքին՝ տեր արքա։
Ահա թագավորության գլխավոր քուրմն իր քուրմերին ուղարկեց թագավորության տարբեր կողմեր՝ գտնելու և ուղղորդելու դեպի Տուշպա այն քաջին, ով կհաղթի հզոր Կուեռա աստծո պահապաններին։
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՅՈՒՐԸ
Գիշերվա լռության մեջ ահազդու լսվեց դռան թակոցը։ Հայրն անհանգիստ շուռ եկավ։
-Ո՞վ կլինի։
-Անօթևան մեկը։ Մի՞թե Արծվին կարող է վերադառնալ, - մտածեց մտքում, - անօթևան մեկն է, որ հանգրվանի կարիք ունի,- ասաց մայրը։
-Մեր տունն առանց այն էլ փոքր է, երեխաները դժվարությամբ են տեղավորվում, միմյանց գրկած են քնում․ մենք ինչպե՞ս հյուր կընդունենք, այն էլ գիշերով,- քնաթաթախ բողոքեց հայրը։
-Հյուրն աստծունն է։ Խալդը շնորհ է արել մեր օջախի ճանապարհը ցույց տալով անցորդին․ բա՛ց դուռը։ Աստված բարին կատարի։
Հայրը վեր կացավ, քնաթաթախ, ծածկվեց յափնջու փեշերով ու բացեց դուռը։ Դռան դիմաց, մթության մեջ, ճրագի լույսի տակ երևաց ծեր դերվիշի դեմքը։
-Բարև պատվարժան։ Խալդ աստվածն ինձ ուղղություն տվեց և քո դուռը ցույց տվեց։ Մոտակայքում իջևանատուն չկա և, ես համարձակվեցի դուռը թակել։ Օթևան տուր այս գիշեր, բարի մարդ, առավոտ լույսին, բարու հետ կհեռանամ և բեռ չեմ լինի օջախիդ։
Հայրը լսելով Խալդ աստծո անունը․ ձեռքերը վեր բարձրացրեց և, ապա հետ քաշվելով ներս հրավիրեց ծերունուն։
-Իմ տունը փոքր է, եթե քեզ հարմար է տեղավորվել մեզ հետ այս նեղվածքում, խնդրեմ։
-Աստծո լույսը ձեր օջախում, քո ընտանիքին պահապան։ Շնորհակալ եմ բարի մարդ։ Մի ոտք տեղ լինի ինձ բավ է գիշերը լուսացնելու և բաց երկնքի տակ չգիշերելու համար։ Իսկ դրսում ինքդ էլ գիտես, որքան վտանգավոր է, բացի այդ, անձրև է գալիս․ իմ տարիքում թրջվելն այնքան էլ լավ չէ։
Հայրը ծերունուն ցույց տալով անկյունը, որտեղ չոր խոտ էր փռված, իսկ երեխաները քնած էին օջախին քիչ մոտ, որը արդեն մլմլում էր՝ ծխով լցնելով ներսը, պառկեց։ Ծերունին ցած դրեց ձեռքի պարկն ու ցուպը, ապա վրան քաշեց քաթանե վեղարը կծկվեց չոր խոտի վրա։ Քիչ անց լսվում էր ծերունական ծանր շնչառության ձայնը։ Նա քնել էր։
-Օտարն այս ժամին մեր հարկի տակ, իսկ որդիս չգիտեմ որտեղ է,- տրտնջաց կինը։
-Ի՜նչ արած, աստված է նրան մեր դուռը ցույց տվել,- արդարացավ հայրը։
Ճրագի լույսը կավե թասում վերջնական մարեց։ Շուրջն ընդգծելով անանց խավարը։
Ծեգին, երբ հենց նոր, ասես կոկորդը մաքրելով իր ծուղրուղուն էր սկսում աքաղաղը՝ տանն արդեն աշխույժ էր տիրում։ Բաբան վառել էր օջախը, կաթսան դրել կրակին։ Կաթսայում լողում էին երեկվա ձկների մի մասը։
-Բարի լույս։
-Խալդ աստծո զորությամբ՝ բարին բոլորին, - պատասխանեց դերվիշը։ Նայեց շուրջն արթնացած ու վազվզող երեխաներին։
-Մեծ ընտանիք է, բոլորը մանր։ Որսը հերիքո՞ւմ է։
-Չենք դժգոհում, մեծ որդիս օգնում էր հորը, բայց գնաց արհեստ սովորելու, չգիտեմ ինչպես է լինելու, փոքրերը մեծանում են, շուտով մեկն էլ կծնվի, իսկ Արծվին չգիտենք, թե ե՞րբ կգա, կամ կօգնի։ Ասում են Տուշպան մեծ քաղաք է և շատ արհեստավորներ են աշխատում։
-Լսել եմ, բայց որդիդ ինձ մոտ էլ կարող էր արհեստ սովորել, ափսոս, եթե չհավաներ կգնար ուրիշի մոտ։ Ես էլ այն կողմ եմ գնում, եթե հանդիպեմ կփոխանցեմ ձեր մտահոգությունները և կօգնեմ ինչով կարող եմ։
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՇՊԱ
Ճանապարհը երկար էր։ Արծվին անցնում էր այգիներով ու դաշտերով, բարձրաբերձ լեռներով։ Երբ հոգնում էր, նստում էր ճանապարհի եզրին, հանում մոր թխած բաղարջն ու քիչ ուտում։ Ձիու գործը հեշտ էր, փառք աստծո, օրերը տաքանում էին, բուսականությունն առատ էր։ Քնում էր ընտրելով որևէ թուփ, որի տակ կարող էր պատսպարվել, կամ բարձրանում էր ծառը։ Մենակ չէր․ նրան ուղեկցում էին թռչուններն ու միջատները, կենդանիները։ Լսում էր նրանց բողոքներն ու ուրախ զրույցները։ Հետաքրքիր էր․ նրանք էլ մարդկանց նման մտահոգ էին՝ ինչպես բույն հյուսեն, ձագուկներ ունենան, պահեն, կերակրեն ու մեծացնեն։ Նստում էր որևէ քարի, հանում ծիրանափողն ու նվագում։ Մի օր, նվագելու ընթացքում, դեպի Արծվին սողաց հսկա վիշապօձն ու օղակվեց շուրջը։ Գլուխը դրեց սեփական պոչին ու անշարժացավ։ Սկզբում Արծվին տարված նվագով չէր տեսել, իսկ երբ տեսավ, սարսափով զգաց ներկայությունը՝ վախից սարսռաց, սակայն չդադարեց նվագել։ Շատ հոգնած էր, տեսավ վիշապօձը քնել է, ինքն էլ քնեց։ Երբ արթնացավ՝ վիշապօձը չկար, հեռացել էր։ Կատարվածից մտահոգ ու զարմացած նա շարունակեց ճանապարհը։ Երկար ժամանակ անցավ, որքան առաջանում էր, այնքան ավելի շատ էին երևում դաշտերում աշխատող գյուղացիներ։ Մտածեց, որ քաղաքն արդեն մոտ է։ Ճանապարհին հանդիպեց արքայական զորախմբին։ Բոլորը խոնարհվեցին ճանապարհ տալով նրանց։ Հորիզոնում գծագրված էր քաղաքի պարիսպները։
ԻՋևԱՆԱՏԱՆ ՏԵՐԸ
Հացատան հաստափոր տերը ձեռքով փորը տրորելով կանգնած էր դռան առջև։ Դերվիշին տեսնելով գլուխը խոնարհեց․
-Բարի ես եկել,- ասաց։
-Տիրոջ կամոք բարի է, գիշերակաց եմ ուզում,- ասաց դերվիշը։
-Վերի սենյակը քեզ,- ասաց իջևանատերը,- Հզորն օրհնի ու պաշտպանի չարից։
Դերվիշը ներս մտավ, ապա շրջվելով, որոշեց հարցնել իջևանատիրոջը։
-Հարկավոր է, որ դու ինձ տեղեկություն տաս մի երիտասարդի մասին․ ես քեզ լավ կվճարեմ։
Իջևանատերը խոնարհվելով, հլու հնազանդ, իսկ մտքում ուրախանալով ստանալիք ոսկիների փայլով, պատասխանեց․
-Այդպիսի հյուր չունեմ, սակայն անպայման կունենամ, եթե նա այս ճանապարհով է գնում, որովհետև մոտակայքում ոչ մի ուրիշ իջևանատուն չկա, իսկ հեռվից եկողն անպայման կանգ է առնում այստեղ։
Դերվիշը գոհ պատասխանից բարձրացավ քարե աստիճաններով։
ԴԱԴԱՐ
-Քիչ հանգստանամ այս իջևանատանը, հետո կշարունակեմ։
Ձին կապեց ցանկապատին։ Ներս մտավ։ Իջևանատերը երիտասարդին տեսնելով լայն ժպտաց։
-Համեցեք։ Տիրոջ զորությունը ձեզ։ Ինչ եք կամենում։
Երիտասարդը թոթվեց ուսերը, պարզ երևում էր, որ ոչինչ չունի բացի դատարկ պարկից։
-Հաց ու ջուր,- խնդրեց։
-Իսկ գիշերելու օթևա՞ն։
-Քաղաքը մոտ է։ Կարիք չկա։ Ավելի լավ է քաղաքում գտնեմ օթևան։
Իջևանատերը չափազանցված սիրալիրությամբ առաջարկեց մոտակա աթոռն ու սեղանը։ Տվեց հաց ու գավաթ ջուր և վազեց վեր։
Դերվիշը լուրը լսելով, նրա պարզած ձեռքում դրեց մի քանի ոսկեդրամ ու ցած իջավ։
Արծվին ուտում էր իր ցամաք հացն ու ջուր խմում։
-Տեսնում եմ այդքան էլ հարուստ չէ ուտելիքդ, երիտասարդ։
Ծերունուն տեսնելով Արծվին ոտքի ելավ, աթոռ առաջարկեց ու գլուխը խոնարհեց, ապա առաջարկեց դերվիշին իր հետ կիսել ցամաք հացն ու ջուրը։
-Հասկանում եմ։ Գնում ես Տուշպա, թե՞ սխալվում եմ, ճանապարհդ ավելի է ձգվում։
-Ճի՛շտ եք, մեծ հայր, Տուշպա եմ գնում։ Արդեն հասել եմ, բայց ձիս հոգնել էր երկար ճանապարհից։ Որոշեցի քիչ դադար առնել։ Դժվարն անցել եմ։
-Գաղտնիք չէ կարծում եմ, ինչո՞ւ ես երկար ճանապարհ կտրել։ Նպատակդ ո՞րն է։
-Ուզում եմ արհեստ սովորել։
-Լավ է։ Փառավոր ցանկություն է։ Խալդի զորությամբ հասնես նպատակիդ, իսկ թե չստացվի․ ես կօգնեմ քեզ։ Աստծո կամոք է, աստծո կամոք։ Կյանքում ամեն բան կատարվում է այն ժամանակ, երբ պետք է կատարվի։
Ապա խոնարհվելով գլխանոցի տակ, խորհրդավոր հեռացավ։
Արծվին կարծես ոչնչից չէր զարմանում այլևս։ Վեր կացավ։ Հրաժեշտ տվեց իջևանատիրոջն ու ձին նստելով սուրաց քաղաք։ Քաղաքի դարպասները կրնկի վրա բաց էին։ Դրանք փակում էին գիշերվա ժամերին։ Դարպասից ներս եռուզեռ էր։ Շատ անսովոր էր իր աչքերի համար։ Արծվին սովոր էր գյուղական հանդարտությանը, լռությանը, գետի ջրի խշշոցին ու թռչունների աղմուկին։ Այստեղ մարդկային ձայների խառնիխուռն գվվոց էր։ Սկզբում կլանված ապշանքով հետևում էր անցուդարձին, բայց այդ էլ հոգնեցրեց, մանավանդ, որ ո՛չ դարբնի մոտ, ո՛չ հյուսնի, ո՛չ էլ հացթուխի մոտ աշակերտելու հնար չկար։ Բոլորը, խոսքները մեկ արած գլուխներն էին տարուբերում։ Երբ դուրս եկավ ոսկերչի խանութից․ դռան դիմաց հայտնվեց դերվիշը։ Նայեց աչքերի խորքն ու կրկնեց․
-Աստծո կամոք է, աստծո կամոք։ Կյանքում ամեն բան կատարվում է այն ժամանակ, երբ պետք է կատարվի։
Ապա ինչպես հայտնվել էր, այնպես էլ չքացավ, ասես տեսիլք լիներ։
Արծվին հուսահատ թափառում էր քաղաքի փողոցներում։ Տեսավ մարդիկ հավաքվել են կենտրոնական հրապարակում։ Ինքն էլ հրմշտելով մի քանիսին մոտեցավ լսելու։ Համհարզը կարդում էր արքայի հրամանը։
-Էրինու երկրի, Ախիունի քաղաքի մոտ մի բնական աղբյուր կա։ Արքան ուզում է աղբյուրը կառուցի և նրա ջրերը հասցնի Տուշպա։ Սակայն աղբյուրը պահպանող Կուեռա աստծո հպատակ վիշապօձը թույլ չի տալիս այնտեղ շինարարական աշխատանքներ սկսել։ Նա, ով կփորձի վստահություն ձեռք բերել Կուեռա աստծո հպատակից, կամ կհաղթի նրան․ Արքայից կստանա մեծ պարգև։
Ամբոխն ալեկոծվեց, բողոքեց, անհամաձայնության արտահայտություններ ու բացականչություններ թողեց ու քիչ անց ցրվեց։ Արծվիի դիմաց հայտնվեց դերվիշը․
-Աստծո կամոք է, աստծո կամոք։ Կյանքում ամեն բան կատարվում է այն ժամանակ, երբ պետք է կատարվի։
Ապա կրկին չքացավ։
Արծվին լսելով հրամանը և ապա դերվիշի խոսքերը կրկնելով մտածեց․
-Աստծո կամոք է, կատարվում է այն ժամանակ, երբ պետք է կատարվի։ Իզուր չէ, որ ես այստեղ եմ և, իզուր չէ դերվիշն անընդհատ հայտնվում ու կրկնում։ Համաձայն եմ։ Միևնույնն է, քնելու տեղ չունեմ, աշխատանք չունեմ։ Մնում է փորձեմ բախտս։
Մտածեց ու գնաց պալատ։ Տվեց իր համաձայնությունը, որ ցանկանում է բախտը փորձել։ Արքան տղայի հետ ուղեկցող զինվորներ կարգեց, հրամայեց զենք ու զրահ տալ։
Վանա լճի հյուսիսային ափի մոտ, քաղաքից ոչ հեռու․ Արծվին կանգնեցրեց ձին։ Նստեց քարին, հանեց ծիրանափողն ու սկսեց նվագել։ Զինվորները զարմացան այս տղայի հանգստության վրա։
-Փոխարեն մարտի պատրաստվես վիշապօձի հետ․ դու նստել նվագո՞ւմ ես։
Արծվին հանգիստ ու անտարբեր շարունակեց իր նվագը։ Այդպես ինքը կարող է կենտրոնանալ ու որոշել հետագա անելիքը։
Սուլոց լսվեց։ Զինվորները վախից սարսռացին ու ամեն մեկը թաքնվեց մի թփի ու ժայռի հետևում։ Վիշապօձը դանդաղ սողաց դեպի երիտասարդը։ Մոտեցավ, օղակվեց շուրջն ու գլուխը պոչին դրած ննջեց։ Սարսափահար զինվորները փախան՝ արքային լուր տալու, թե ինչպե՞ս տղային կուլ տվեց վիշապօձը։
Արծվին ավարտեց մեղեդին։
-Ես չեմ հասկանում, թե ինչո՞վ եմ շահել իմաստունիդ ողորմածությունը, սակայն շնորհակալ եմ, և գլխի եմ ընկնում, որ դու ինձ չես վնասի։ Եվ համարձակվում եմ ասել գալուս պատճառը։ Ես եկել եմ արքայի հրամանով և խնդրում եմ քեզ թույլ տալ, որ արքան կարողանա աղբյուրի ջուրը քաղաք հասցնել։ Տո՛ւր ինձ քո համաձայնությունը, կամ թե կուլ տուր ինձ, միևնույնն է, եթե չկատարեմ հրամանը արքան ինձ կգլխատի։
-Ուտե՞լ։ Ես չեմ կարող քեզ ուտել։ Քո վրա ջրերի դիցուհու կնիքն է դրված, իսկ ես բնության աղբյուրի պահապանն եմ։
-Դե, ուրեմն, տո՛ւր քո նշանը, որ ցույց տամ արքային, իսկ արքան իր զոհաբերությունը կանի Կուեռա աստծո համար։
Վիշապ օձը դղրդաց, ասես ամպրոպ ճայթեց երկնում։ Ոլորվեց, փայլատակեց ու չքացավ։ Նրա պառկած տեղում մնաց օղակված կաշին, որը փայլում էր ոսկու պես՝ արեգի ճառագայթների տակ։
Արծվին վերցրեց ոսկեհուր կաշին ու հեծնեց ձին։
Տուշպան սգում էր երիտասարդի կորուստը։ Զինվորները տարբեր հնարված պատմություններ էին պատմել, թե ինչպե՞ս է վիշապօձը կուլ տվել, հիմար երիտասարդին, ով մարտի փոխարեն նախընտրել էր նվագելը։
Իշպուինի հզոր արքան զարմացած ու հիացած ընդունեց Արծվիին պալատում։ Վերցրեց նրա բերած նշան նվերը և հրամայեց տղային կերակրել ու ընդունել պալատի ձիանոցում աշխատանքի։ Թեև Արծվին ավելին չէր էլ սպասում, սակայն գոհ էր, որ քնելու տեղ կունենա և աշխատանք։
ՎԱՆԻ ՏԻՐԱԿԱԼԸ
Վանի տիրակալ Իշպուինին ցանկանում էր իր փոքր թագավորությունը դարձնել հզոր՝ Հզոր Վանի թագավորություն և ինքն էլ դառնալ այդ հզոր երկրի աշխարհակալը։ Նա երկրում կրոնական բարեփոխումներ արեց։ Երկրի տարբեր հավատալիքներով շրջանները հավաքեց մեկ դիցարանի շուրջ։ Եվ որոշեց այդ դիցարանը քանդակել ժայռի վրա։
-Ես հզոր Խալդ աստծո համար կկառուցեմ դուռ։ Այն կկոչեմ Խալդի դուռ, իսկ այդ դուռը հզոր աստծո համար ճանապարհ կդառնա դեպի իմ թագավորություն։ Եվ հրամայեց․
-Հազար դրվագող, հազար շինարար, հազար բրիչ, հազար կարդացող․․․
Այսպես հրաման տվեց հզոր արքան Վանի թագավորության։
-Շատ չե՞ն արդյոք այդքանը տեր արքա,- խոնարհաբար հարցրեց գլխավոր քուրմը։
-Որքան շատ, այնքան արագ կընթանա աշխատանքը,- ասաց արքան։
-Մենք ամրոցի պատերի ամրացման, մեծ տիկնոջ քնարանի դրվագման գործերն էլ կիսատ ենք թողել,- միջամտեց խորհրդականը։
-Թող սկսեն դարպասի աշխատանքները, եթե կտեսնես, որ շինարարները շատ են Խալդի դարպասի մոտ, և, նրանք միմյանց խանգարում են, կամ անգործ մնում, կուղարկես հետ պալատ։ Խալդի դարպասը պետք է կառուցվի քաղաքի հայացքին հանդիման, որ արեգի առաջին ճառագայթի հետ հայ մարդու աչքն ու լեզուն փառք տա հզոր Խալդին ու բոլոր աստվածներին, նայելով Խալդի դարպասին։
Արքայի հրամանն իրագործելու համար մունետիկներ ուղարկեցին երկրի արևելք ու արևմուտք, հարավ ու հյուսիս և, հավաքեցին արհեստավորներին ու շինարարներին։
Սակայն ոչ ոք չկարողացավ մոտենալ ժայռին։ Գլխավոր քուրմը հուսահատ վազեց թագավորի մոտ․
- Հզոր արքա Իշպուինի, ժայռը շրջապատված է։ Ժայռի ոգին հավաքել է իր զինվորներին, շրջապատել ժայռն ու չի թողնում մոտենալ։
-Զոհաբերության բոլոր ծեսերը արված չե՞ն, չեմ հասկանում, ինչո՞ւ չեն հեռանում ոգիները,- բարկացավ արքան։
-Արված են տեր, նույնիսկ դեռ շարունակվում է։
-Նույն խնդրի առջև ենք կրկին։ Ուղարկիր այն քաջին, գուցե այս անգամ էլ կարողանա հաղթահարել։
ԵՐԲ ՀԵՐՈՍԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴ Է
-Երկար ժամանակ է չեմ տեսել ծնողներիս, եղբայրներիս ու քույրերիս։ Չեմ կարողանում օգնել նրանց, մինչդեռ խոստացել էի։ Ինչպե՞ս են ապրում, ինչպե՞ս են հարմարվում դժվարություններին։ Ինչպես է հայրս հասցնում և՛ ձուկ որսալ, և՛ անասուններին հետևել, փայտ հավաքել, չգիտեմ։
Ձին գլուխը մսուրի մեջ մտցրած խոտ էր ուտում։ Արծվին խոսում էր ու լսում ձիու պատասխանը։
-Ես շատ փոքր էի, որ հեռացրին ծնողներիցս ու վաճառեցին։ Բախտս բերեց, որ քո հայրն ինձ գնեց և դու ինձ ընկեր դարձար, և տեր։
-Առանց քեզ ինձ համար դժվար կլիներ։ Դու իմ ճանապարհի ընկերն էիր և փոխադրողը։
-Ես դրա համար եմ ծնվել։ Իսկ արքան չի հանդարտվելու․ նա նոր փորձություն է հնարել քեզ համար։ Եվ դու չես կարող հրաժարվել։
-Ի՞նչ փորձություն։
-Շուտով կգա գլխավոր քուրմը և դու կիմանաս այդ մասին։
-Վախենում եմ։ Վախը մտքիցս հոսում, վազում է երակներովս, չգիտեմ, արդյո՞ք կարող եմ,- շշնջաց Արծվին։
-Ժայռի սրտում է գտնվում Հավերժի անիվը, որը մարդկությանը կարող է և՛ վերացնել, և՛ հավերժություն պարգևել։ Ժամանակը աստվածների արյունն է։ Այնտեղ են պահված նաև անթիվ անհամար գանձեր,- խոսեց ձին։
-Ժամանակ, տարածություն, անսահմանություն։ Հետ մի՛ նայիր, մի՛ քննիր արյանդ մեջ արթնացող վախերը։ Ոչինչ հարատև չէ, ոչ ոք չգիտի ինչպես է ստեղծվել աշխարհը և ինչո՞ւ է ստեղծվել։ Միայն աստվածներին է հայտնի։ Դու ապրում ես անցյալի ու ապագայի միջև, բռնիր պահը, բա՛ց թող անցյալը և ապագան քոնն է,- ասաց չգիտես որտեղից հայտնված դերվիշը։
-Բայց դրանք իմ հիշողություններն ու ապրումներն են,- բողոքեց Արծվին։
-Քո հիշողությունները կմնան քո ներսում, ոչ ոք քեզանից դրանք չի խլի, քանի այդ կամենում է Խալդ աստվածը։ Այժմ դու հզոր արքային ես հարկավոր։ Թամբի՛ր ձիդ։ Դու պետք է կռվես ժայռը պահպանող ոգիների հետ, -հրամայեց գլխավոր քուրմը։
ՀՐԵ ԺԱՅՌԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
Արծվին շրջապատված արքայի զինվորներով մոտեցավ ժայռին։ Հեռվից արդեն երևում էր․ երկինքը շառագունած էր հրե լեզվակներից, ժայռն ասես հրդեհվում էր։ Ներքևում, լեռան լանջին հավաքված ամբոխն աղոթում էր, քուրմերը զոհ էին մատուցում Շիվինի աստծո համար, բայց նրա հրեթև ոգիները չէին հեռանում։ Զորախումբը կանգ առավ ստորոտին։
-Արյունալի մարտ է սպասվում,-մտածեց Արծվին։
Նիզակներն ու տեգերը պարզած զինվորները նետվեցին մարտի։ Դեռ ստորոտում դյուրին էր բարձրանալը, սակայն քանի բարձրանում էին այնքան ոգիները բարկացած նետվում էին զինվորների վրա, իրենց հրե ճառագայթներով այրում ու ցած գլորում։ Լափլափող կրակի լեզուները կուլ էին տալիս առաջացող զինվորներին ու նրանց հեռվից արձակված նետերը։ Արծվին իր ձիով փորձեց առաջ անցնել, բայց ձին խրխնջոցով հետ պահեց ու չենթարկվեց ձիավորին։
-Դե՛, դե՛, ի՞նչ պատահեց, առա՜ջ։ Դու էիր ինձ քաջություն ներշնչում ու մարտի մղում։ Առա՜ջ։
-Կանչի՛ր Կուեռայի պահապաններին, աստվածները միմյանց հետ լեզու կգտնեն։ Այսպես պայքարը մահ է,- պատասխանեց ձին։
Հեռանալով ժայռից որոշ տարածություն․ Արծվին հանեց ծիրանափողը, նստեց քարին ու նվագեց։ Շատ չանցած վիշապօձը սողաց ու օղակվեց Արծվիի շուրջը։ Երբ մեղեդին ավարտվեց նա լեզու առավ․
-Գիտեմ ինչու ես կանչել։ Այսպես դու չես հաղթի Շիվինի աստծո զորքին։ Գնա՛ արքայիդ մոտ, պատրաստել տուր հսկա վահաններ, այնպիսի մետաղից, որում կանդրադառնա Արտուուարասիի նետած հրե շիթը և հետ կդառնա իրեն։ Նրանք կցրվեն իրենք իրենց ներսում։
Այդպես էլ եղավ։ Արծվին գնաց արքայի մոտ, պատվիրեց պատրաստել հայելանման վահաններ։ Մի քանի օր ու գիշեր դարբինները պատրաստեցին այդ վահանները և, երբ պատրաստ էին, դրանք տեղադրեցին ժայռի շուրջը՝ հանդիպակած ոգիներին։
Եվ եղավ այնպես, ինչպես ասաց վիշապօձը։ Իրենք իրենց կրակն ու հուրը կուլ տալով հեռացան Շիվինի աստծո զինվորները։
Իշպուինի արքան հրամայեց սկսել Խալդ աստծո դարպասի շինարարությունը։
Սուսի տաճարի ներսի խավարը քիչ, թե շատ ցրում էր կրակի թրթռացող լույսը, որը սենյակի մեջտեղում էր։ Գլխավոր քուրմը, կրակի շուրջը պտտվելով աղոթում էր, երբեմն ծնկում, երբեմն վեր-վեր ցատկում, հետո կրկին ծնկում։
Կրակի առաջ ծնկած գլխավոր քուրմի դիմաց տարբեր տարաներ էին, որոնք լցված էին քուրմերի ձեռքով պատրաստված բուսական, կենդանական թուրմերով։ Կրակի բարձրացող հրե լեզվակները կլանում էին կրակ լցվող թուրմերի կաթիլները․ նրանց ազդեցությամբ փոխում գույնը և բարձրացող ծխի քուլան։ Ծխում սկսվեց ուրվագծվել տարբեր կերպարանքներ, որոնց ստվերախաղը տեղափոխվելով պատերին խորհրդավոր ու սարսափելի ազդեցություն էին թողնում քուրմերի վրա։
Գլխավոր քուրմը գուշակություն էր անում․ բարեգթություն խնդրելով Խալդ աստծուց։
Քուրմ-գրիչները փայտե տախտակների վրա փորագրում-գրանցում էին զոհաբերության համար անհրաժեշտ կենդանիների քանակն ու անունները։
Գլխավոր քուրմը հերթական գավը դատարկելուց հետո բարձրացնում էր խոնարհված գլուխն ու աչքերը երկինք հառած արտասանում․
6 ուլ Խալդի աստծո համար թող այրվի 17 ցուլ 34 խոյ Խալդի աստծուն թող զոհաբերվի
Թեյշեբա աստծուն 6 ցուլ 12 խոյ
Խուտուինի աստծուն 2 ցուլ 4 խոյ
Տուրանի աստծուն ցուլ 2 խոյ
․․․
Կուեռա աստծուն ցուլ 2 խոյ ․․․
Առաջին տախտակը դրվագելուց հետո քուրմն այն տարավ արքայի մոտ, ցույց տվեց արքային, արքան տվեց իր հավանությունը, դրեց իր կնիքը վրան, իսկ հետո քուրմերը հանդիսավոր թափորով․ տախտակը տարան ժայռի վրա աշխատող շինարարներին, դրվագողներին ու քարտաշներին։
Այդպես շարունակվեց մի քանի օր ու գիշեր, ապա տարիներ մինչև ավարտվեց Հզոր Խալդի աստծո բոլոր աստվածների անունների ու անասունների քանակ-դրվագումը, որոնք պետք է զոհաբերվեն։
-Խալդի աստվածն ինձ արքայություն տվեց և, ես նրա պատվին զոհ եմ մատուցում․
Իմ ժողովուրդը թող ուրախանա, թող ընմբշամարտիկները մրցեն, նիզակ նետեն նետաձիգները, վազքում հաղթեն երիտասարդները։
Նազանի աղջիկները պարով ու երգով բարձրանում էին դեպի ժայռը։ Բոլորի գլուխները զարդարված էին ծաղկե պսակներով։
Արծվիի հայացքը հանդիպեց աղջկա աչքերին։ Աղջիկը խոնարհեց աչքերը։
Վարդավառ էր։
Comments