top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Լուսաբացից առաջ», հեղինակ՝ Լիլի Ֆենգ


Երաժշտությունն ու աղմուկը փոթորկի պես խլացրին: Շփոթված կանգ առա: Լույսերը կայծակնային արագությամբ փոխվում էին՝ կարմիր, կապույտ, կանաչ, դեղին … Մի քանի րոպե անց աչքերս հարմարվեցին միջավայրին: Երիտասարդները ակտիվ պարում էին իրար հրելով, գոռալով, համբուրվելով և հալվելով երաժշտության հնչյունների տակ: Որոշները խմում էին ալկոհոլային խմիչքներ, «կպցնում» մեկ գիշերվա համար զուգընկերներ …

Ես չպետք է մոռանայի՝ ինչու եմ եկել այստեղ: Մեջքս ուղղեցի և «ձանձրացող» հայացքով սուզվեցի ամբոխի մեջ: Գևորգը՝ վաղեմի ընկերս, ասել է՝ որտեղ պիտի գտնեմ փնտրածս: Բայց …նաև նշել էր, որ զգույշ լինեմ: Այստեղ վխտում էին ոչ միայն բարձրագույն աստվածները, այլև նրանց ծառաներն ու թիկնապահները: 

Դանդաղ քայլերով մոտեցա բարին: Կարևորը չտարբերվելն էր ընդհանուր զանգվածից: Հագուստն էլ էի ընտրել տեղին համապատասխան.կարմիր զգեստը ընդգծում էր բարեմասնություններս, բայց միևնույն ժամանակ չէր սահմանափակում շարժումներս: Համենայն դեպս հետս վերցրել էի բաճկոն, թեպետ սեպետմբեր էր, այնուամենայնիվ երեկոները բավականին սառն էին: 

-Ի՞նչ եք ուզում խմել, - լսեցի կողքից: 

Շրջվեցի: Բարձրահասակ բարմենը, հասակով մեկ կանգնած, շեշտակի ինձ էր նայում: Մանուշակագույն մազերի մի փունջ մասամբ ծածկում էր դեմքը: Շագանակագույն աչքերով ուշադիր ինձ էր զննում: Հանկարծ դեմքը խոժոռվեց: 

-Դու այստեղ խմելու չես եկել, - մեռյալի ձայնով խոսեց նա, - տեսնում եմ: 

Վախեցա: Սակայն ոչ շարժումով, ոչ դեմքի արտահայտությամբ ցույց չտվեցի: 

-Ես եկել եմ զվարճանալու, - ուսերս թոթվեցի, - լցրու  «Արամազդի զայրույթ» -ը: 

Հատուկ նշեցի ամենաթունդ կոկտեյլը, որպեսզի բարմենի մոտ կասկածանք չառաջանա: Բայց չօգնեց: Տղամարդը մռայլ հայացքով ինձ նայեց ու մի քանի րոպե անց առջևս դրեց մուգ դարչնագույն, գրեթե սևին խփող խմիչքը: 

-Երբ ալ-կարմիր արևը հալվի քո գլխի վրա, և վերջին կաթիլը ընկնի գետնին, սուրը կոտրվի, ու լացը ճեղքի լռությունը, լույսը կկլանի քեզ հավերժ ու կբաժանի քո սիրտը միլիարդավոր ատոմների, - նույն հնչերանգով շարունակեց բարմենը:

Զգացի, թե ինչպես մարմնիս յուրաքանչյուր բջիջը սարսափից քարացավ: Ես երբեք … երբեք նման բան չէի լսել: Այսինքն՝ Գևորգն ասել էր, որ այստեղ կարող են լինել ճակատագրեր ընթերցողներ: Զգուշացրել էր, որ նրանցից հեռու մնամ, որպեսզի ծրագիրը չխափանվի, բայց … Սա սարսափելի էր: 

Քարացած նայում էի բարմենի ապակիացած աչքերին, իսկ գլխումս թնդում էին նրա խոսքերը: Ոչ, ոչ, գուցե ինձ է թվացել: Ես չեմ կարող ետ կանգնել, երբ այսքան մոտ եմ … 

Արագ վերցրի կոկտեյլն ու թռչող փամփուշտի պես նետվեցի ամբոխի մեջ: Պատահական մեկին տվեցի բաժակս ու սկսեցի շարժվել «Անահիտի համբույր» ակումբի ադմինիստրատիվ կողմը: Շարժման մեջ նկատեցի կոստյում հագած մի քանի պահակների: Սև ակնոցներրի տակից ոչինչ չէր երևում, սակայն վստահ էի, որ հսկում են տարածքը ցանկացած տեսագրման խցիկից էլ լավ: Թվում էր՝ անհնար էր սողոսկել այն կողմ, սակայն …

Աննկատ աչքերիս դրեցի Գևորգի պատրաստած ակնոցներից մեկը: Անհանգստանում էի, որ հնարքը կարող էր չգործել, որ ինձ կբռնեին ու դուրս կշպրտեին: «Այլ տարբերակ չկա, այլ տարբերակ չկա», - մանթրայի նման կրկնում էի: Զգուշորեն սեղմեցի ակնոցի վրայի փոքրիկ կոճակը և գնացի դեպի պահակները: Հավասարվելով նրանց՝ ասացի.

-Տիրուհին հրամայել է բարձրանալ իր մոտ:

Ձայնս հնչում էր խրոխտ, մի փոքր խզված: Հուսով ՝ էի տեսքս էլ բավականին ազդեցիկ էր: 

Պահակները գլխով արեցին: Սիրտս արագ էր աշխատում, երբ անցնում էի նրանց կողքով ու բարձրանում աստիճաններով: Միայն երկրորդ հարկում հասկացա, որ շունչս պահել էի: Կարելի էր մի քանի վայրկյան ուշքի գալ: Բայց, ոչ, ես իրավունք չունեի: Ժամանակը ոսկուց էլ թանկ էր: Բացի այդ, Քնքուշը կանհանգստանար, եթե ես երկար բացակայեի:

Անահիտի աշխատասենյակը գտնվում էր միջանցքի վերջում: Քայլում էի վստահ և արագ: Եթե հանկարծ ինչ-որ մեկին տեսնեի, նախապես պատրաստած լեգենդը պիտի ասեի: Բայց Գևորգը շշնջացել էր, որ այսօր մեծն Անահիտը զբաղված է լինելու: Չմանրամասնեց, թե ինչով, սակայն հաստատ կապ ուներ կամ թմրանյութերի, կամ նոր աղջիկների կամ էլ … չգիտեմ, երևի,ինչ-որ կարևոր էակի պիտի ընդունի: 

Հասա աշխատասենյակի մոտ: Թեթև հրեցի դուռը: Այն բաց էր: Բոլորը գիտեին, որ Անահիտ աստվածուհին դռները երբեք չի փակում: Ով գիտի, երբ ու ինչ կարգավիճակով կարող էր հասնել սենյակ: 

Ներս մտա ու փակեցի դուռը: Ներսում կիսախավար էր: Գևորգն ասել էր, որ առարկան գտնվում էր նկարի տակ թաքնված սեյֆում: Սկսեցի ուշադիր զննել պատերը: Անհրաժեշտ պատկերը փնտրելու ընթացքում հայացքս ընկավ հատակից մինչև առաստաղ ձգվող հայելու վրա: Բարձրահասակ, հաղթանդամ և շագանակագույն մազերով երիտասարդի կերպար ունեի: Ակնոցները թաքցնում էին աչքերս, բայց տեսքս, իսկապես, տպավորիչ էր: 

Վերջապես գտա ուզածս: Զգուշորեն հանեցի նկարը ու տեսա սեյֆը: Այն կոդավորված էր հեշտ թվերով, այն էր՝ երբ աստվածները եկան Երկիր մոլորակ ու ամեն ինչ խառնեցին իրար: Ես չեմ եղել այդ ժամանակ, բայց ծնողներս պատմել են դրա մասին: Ամեն ինչ քաոսի մեջ էր: Պատերազմներ, անմեղ զոհեր, սով … Աստվածները փորձում էին հպատակեցնել մարդկային ռասային ամեն գնով, սակայն չստացվեց: Որպես արդյունք՝ նրանք մնացին և շարունակեցին իշխել՝ միայն թե, առանց արնահեղության, այլ խորամանկ հնարքներով:  

Բացեցի սեյֆը: Իմ ուզած առարկան օդում սավառնում է ու լույս արձակում: 

Անահիտի հմայիլն էր, որը նրան նվիրել էր ինքը՝ Արամազդը: Մի պահ զմայլված նայեցի նրան: Ասում են, որ այն կրում է իր մեջ գլխավոր աստծո ուժը: Այսինքն՝ կարող է օգնել, բուժել, վերականգնել, պաշտպանել: Շշուկներ էին պտտվում, որ այս հմայիլով Անահիտը բուժում է անպտուղ կանանց, իհարկե, որոշակի վճարի դիմաց: 

Երբ առաջին անգամ իմացա մոգական առարկայի մասին, մտածեցի վճար առաջարկել Անահիտին: Ինչ ուզում է լինի, միայն թե Քնքուշը կրկին առողջ լինի ու կարողանա քայլել: Սակայն Գևորգը ինձ հետ պահեց: Ասաց, որ մի անգամ Անահիտի ճանկն ընկնելով՝ երբեք դուրս չեմ գա պարտքի տակից: Ես էլ լսեցի ու … եկա գողանալու այն: 

Արագ վերցրի հմայիլն ու թաքցրեցի գրպանումս: Հիմա նույն կերպ հանգիստ պետք է դուրս գալ այստեղից  ու …

-Կանգնիր տեղում և չշարժվես, - լսեցի մեջքիս ետևից մի խիստ ձայն:

Արյունը սառեց երակներումս: Մի՞թե Գևորգի հնարքն արդեն ավարտվել է: Ոչ, միայն ոչ դա … 

Դանդաղ շրջվեցի և … Գրողը տանի, նման շրջադարձի Գևորգն էլ չէր սպասի: 

Դիմացս կանգնած է այն մարդը, ում արտաքինը նմանակել եմ: Ատրճանակը ձեռքին և հոնքերը կիտած ինձ է նայում: 

-Ո՞վ ես, - հարցրեց տղամարդը, - ցույց տուր իրական կերպարդ: 

Ուղեղս տենդորեն աշխատում է: Ինչպե՞ս դուրս պրծնեմ այս իրավիճակից, որ Գևորգին էլ վնաս չտամ: 

-Երկրորդ անգամ չկրկնեմ, - կոպտեց նա, - արագացրու:

Նա առաջ եկավ այնպես, որ ատրճանակը սեղմեց ճակատիս: Ես վարանեցի: Եթե բացեմ ինքնությունս, լավ չի լինի: Վաղաժամ սպանված լինելու միտքը հաղթեց: Հանեցի ակնոցը: Տղամարդու դեմքի վրա ոչ մի մկան չձգվեց: 

-Դե հիմա դանդաղ նստիր ու բացատրիր՝ ինչ գործ ունես այստեղ, - ասաց նա, - նախապես զգուշացնում եմ, տագնապի ահազանգը արդեն հնչած է: Շուտով այստեղ կլինեն մյուսները: 

Սարսափը քարացնող սառույցի պես բարձրացավ ներսումս: Ես չեմ կարող հանձնվել, ոչ հիմա, երբ հմայիլը ձեռքիս է: Իսկ եթե խղճահարությու՞ն առաջացնեմ: Գրողը տանի, մտածելու ժամանակ էլ չկա:

-Ես կպատմեմ, - հանգիստ խոսեցի, - ամեն ինչ շատ պարզ է: Քույրս ծանր հիվանդ է: Նրա կյանքը օրեցօր մարում է: Հիմա նա չի կարողանում շարժվել ու դուրս գալ տնից, իսկ բժիշկների ասելով՝ մի քանի ամիս անց նա կդադարի ճանաչել ինձ, անգիտակից վիճակում կլինի և, ի վերջո, կմահանա: Մեր ծնողները մահացել են տարիներ առաջ, և նա իմ միակ հարազատն է: Դրա համար եմ դիմել այս քայլին՝ հանուն նրա լիարժեք ապաքինման:

Տղամարդը լսեց ճառս: Մի պահ լռություն տիրեց:

-Դա չի արդարցնում գողությունը, - կոշտ նկատեց նա, - դու կարող էիր գալ և օգնություն խնդրել տիրուհուց:

-Կարող էի, - չհերքեցի, - բայց ի՞նչ գին կպահանջեր նա: Չէ՞ որ ես պատասխանատու եմ ոչ միայն ինձ, այլև քրոջս համար:

Նկատեցի՝  ինչպես ձգվեցին դեմքի մկանները: Լավ նշա՞ն, թե՞ ամեն ինչ կորսված է: 

-Խնդրում եմ, թույլ տվեք գնամ, - շարունակեցի ես, - հմայիլը կփրկի մի մարդու կյանք: Իսկ հետո ես կվերադարձնեմ այն օրինական տիրուհուն:

Տղամարդը չհասցրեց պատասխանել: Դուռը շրխկոցով բացվեց: Մեկ վայրկյան անց տարածքը լցվեց սև կոստյումներով մարդկանցով: Բոլորի ձեռքին մի-մի ատրճանակ կար, և բոլորն էլ ուղղված էին ինձ: 

Սարսափն ու տագնապը գամեցին ինձ տեղում: Մի փոքր էլ, ու ես պատրաստ եմ դիմել հուսահատ քայլերի և անիմաստ մեռնելու, հուշեց գլխումս բարալիկ մի ձայն: 

-Ես առաջինն եմ եկել, - խոսեց ինձ հանցանքի վայրում բռնած տղամարդը, - նրա մոտ տիրուհու հմայիլն է: 

-Ձայնդ կտրիր, - հրահանգեց նրանցից մեկը, - քեզ տեսել են այստեղ մտնելիս:

-Դա ես չեմ եղել, այլ այս աղջիկը, - հանգիստ պատասխանեց նա, - նրա մոտ մոգական ակնոցներ կան, որոնք փոխել են կերպարանքը:

-Եթե այդպես լիներ, գողը վաղուց մեռած կլիներ, - կոշտ խոսեց նույն մարդը, - պարզից էլ պարզ է, որ դուք երկուսդ համախոհներ եք ու միասին որոշել եք գողանալ տիրուհու թանկարժեք նվերը:

Այդ ենթադրությունը այնքան անհեթեթ էր, որ տղամարդու դեմքի սառը արտահայտությունը կոտրվեց: Զարմանքից մերթ ինձ էր նայում, մերթ՝ գործընկերոջը: Էլ չասեմ իմ մասին: 

-Դա լրիվ հիմարություն է, - կտրուկ խոսեց տղամարդը, -  ես բռնել եմ նրան դեպքի վայրում և սպասել, որպեսզի դուք գաք, հասնեք օգնության: 

-Ես այլ կարծիք ունեմ, - ընդհատեց նրան թիկնապահը, ըստ երևույթին՝ գլխավորը, - տիրուհին շուտով կգա և իր արդար դատաստանը կանի: Իսկ մինչ այդ մենք կզբաղվենք ձեզնով: Պիտի իմանանք, թե ինչու ես դու որոշել դավաճանել մեզ և համագործակցել գողի հետ:

Այլ պարագաներում ես կըմբոստանայի նման արտահայտությունների դեմ, սակայն ոչ հիմա: Այդ պահին միակ երազանքս ողջ դուրս պրծնելն էր ու հմայիլը քրոջս հասցնելը: 

Տղամարդը թունդ հայհոյեց: Նրա անտարբերության դիմակը վերջնականապես լքեց տաղավարը: Հանկարծ նա կտրուկ ձեռքը տարավ գրպանը և ինչ-որ կլոր բան հանեց: Չհասցրի աչքս թարթել, երբ նա նետեց այն հատակին: Հաջորդ պահին սենյակը լցվեց թանձր գազով: Ոչ ոք նման բանի չէր սպասում: Փորձում եմ չշնչել զզվելի հոտը, բայց չի ստացվում: Խեղդող հազը, աչքերիցս թափվող արցունքները թույլ չեն տալիս խելամիտ ընկալել ստեղծված իրավիճակը: 

Ինչ-որ ձեռք ամուր բռնեց ինձ ու քարշ տվեց: Ես ընդդիմացա, բայց ձեռքը ավելի ուժեղ սեղմեց և կոպտորեն քաշեց: 

Մի քանի վայրկյան անց արդեն միջանցքում էի այն տղամարդու հետ, ում կերպարը կրկնօրինակել էի: Փորձում էի ազատվել երկաթյա ձեռքից, սակայն չէր ստացվում:

-Եթե ապրել ես ուզում, սուսուփուս ինձ հետևիր, - շպրտեց նա:

Վախից գլխով արեցի: Այլ տարբերակ չունեի. կամ պիտի հետը գնայի, կամ էլ մնայի այստեղ ու սպասեի, երբ սենյակի հսկաները ուշքի կգային և կսկսեին տանջամահ անել: Երկու տարբերակն էլ վատն էին, բայց առաջինի դեպքում գոնե մի փոքրիկ հույս կար, որ հնարավոր էր խույս տալ վատթարագույն տարբերակից:

Տղամարդը արագ վազում էր միջանցքներով: Հազիվ էի հասցնում նրա ետևից: Իսկ թիկունքումս արդեն լսվում էին գոռոցներ և կրակոցներ: Ճանապարհին կողմնային սենյակներից սկսեցին դուրս գալ մարդիկ: Ոմանք նետվեցին մեր առջև, սակայն տղամարդը հեշտությամբ մի կողմ շպրտեց նրանց: 

Ի վերջո, հասանք պարասրահին: Կարծեցի, որ ամբոխի միջով դուրս կգանք, սակայն ուղղվեցինք հակառակ կողմը: Գլխի ընկա.այստեղ կար գաղտնի ելք: 

-Մի կողմ քաշվեք, - գոռում էր տղամարդը հանդիպող մարդկանց:

Շատերը վերջին պահին էին ցատկում այլ կողմ և մի քանի նախադասություն ասում մեր հասցեին: 

Մի քանի րոպե անց արդեն դրսում էինք: Պարզվեց՝ դուրս ենք եկել մեքենաների կայանատեղի: Տղամարդը առաջին պատահած ավտոմեքենան կոտրեց, կարտոֆիլի պարկի նման նետեց ինձ ներս ու նստեց ղեկի դիմաց: 

-Ամրագոտին կապիր, - փնթփնթաց նա՝ ինչ-որ մանիպուլյացիաներ անելով ղեկի տակ:

Նայեցի դեմքին ու հասկացա՝ լավ էր, որ տանը ոչինչ չէի կերել, քանի որ հիմա ինձ սպասում էր կատաղի երթ: 

Այդպես էլ եղավ: Հենց շարժվեցինք, ակումբից դուրս եկան մեզ հետապնդողները: Հասկանալով, որ մենք մեքենայով ենք փախչում՝ նրանք նույնպես գտան փոխադրամիջոց և նետվեցին մեր ետևից: 

Տղամարդը վարում ր վստահ և առանց ավելորդ խոսքերի: Ինձ վրա ուշադրություն չէր դարձնում: Դա և՛ լավ է, և՛ վատ: Նախ արագությունից ու կտրուկ շրջադարձերից էի ինձ վատ զգում, հետո՝ չէի հասկանում ինչ նպատակ էր նա հետապնդում: Եթե չլինեին մեզ հետևողները, վաղուց դուրս ցատկած կլինեի մեքենայից: Ուզում էի հարցնել, թե ինչ էր ուզում անել, սակայն դրա փոխարեն ստուգեցի հմայիլը: Այն գրպանումս էր: Նրանից տարօրինակ ջերմություն էի զգում, գուցե կախարդանքն էր արձագանքում: 

-Լավ կլինի պահես, - նկատեց տղամարդը՝ նայելով ետևի հայելուն:

Լսեցի ու թաքցրեցի: Հերթական ցնցման ժամանակ այն կարող էր դուրս թռչել: 

-Կարծես թե պոկվեցինք, - շարունակեց նա՝ դանդաղեցնելով մեքենայի ընթացքը, - պետք է փոխել մեքենան:

Մենք հասանք Կիևյան կամրջի մոտ, հետո իջանք ցած: Տղամարդը կագ առավ ուղիղ կամրջի տակ ու … արգելափակեց դռները: Գրողը տանի, ինչպե՞ս գլխի ընկավ:

-Տեղդ նստիր ու չշարժվես, - զգուշացրեց նա:

Գլխի կտրուկ շարժումով շագանակագույն երկար մազերը ետ տարավ, և ես նկատեցի նրա հետաքրքիր երանգ ունեցող աչքերը՝ սառած լճի գույնի:

-Ի՞նչ եք ուզում, - միանգամից հարցրի:

-Ինչ եմ ուզու՞մ, - կրկնեց նա, - ձե՞ռք ես առնում: Քո պատճառով ես  անախորժության մեջ ընկա, և դու հարցնում ես՝ ինչ եմ ուզու՞մ:

Ինչ-որ տեղ հասկացա նրա զայրույթը: Բայց ես ի՞նչ իմանայի՝ ում կերպարն էր ընտրել Գևորգը: Կամ ընդհանրապես, ի՞նչ իմանայի, որ այսպես կլիներ:

-Լավ, հարցադրումս փոխեմ, - ասացի ես, - ի՞նչ եք մտադիր անել:

-Չգիտեմ, գրողը տանի, - սրտնեղած բացականչեց նա և ուժեղ հարվածեց ղեկին, - այդքա՜ն դժվարությամբ էի մտել այդ գործի մեջ, իսկ հիմա … Չէ, դու հենց այնպես ձեռքիցս չես պրծնի: Մենք միասին կգնանք Անահիտի մոտ ու ամեն ինչ կբացատրենք:

-Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա, - կտրականապես հրաժարվեցի ես:

-Այն էլ ինչպե՜ս կգաս, - սպառնալից ինձ նայեց նա:

-Եթե ստիպես, չեմ հերքի այն փաստը, որ դու իմ համախոհն ես, - անմիջապես խոսեցի ես, - մանրամասներ էլ կհորինեմ, չմտածես:

Գիտեի, որ կրակի հետ էի խաղում, բայց այլ տարբերակ չունեի: Հասկանում էի, որ իմ պատճառով էր խնդիրների մեջ ընկել: Սակայն քույրս առաջին տեղում էր: 

Տղամարդը ատամները կրճտացրեց: Մի պահ վախեցա, որ վերջս կտա: 

-Ի՞նչ ես առաջարկում, - զսպելով զայրույթը՝ հարցրեց նա:

-Հմայիլը բուժում է քրոջս, իսկ հետո ես և դու՝ մոգական առարկայի հետ միասին, գնում ենք Անահիտի մոտ, ու ես ամեն ինչ բացատրում եմ, - պատասխանեցի ես:

Տղամարդը կասկածանքով լի հայացք նետեց ինձ վրա: Չի հավատում: Ես էլ չէի հավատա:

-Ինձ համար կարևոր է քրոջս ապաքինումը, - ավելացրի ես, - չեմ ուզում վաճառել կամ իմ նպատակների համար օգտագործել հմայիլը: Կարող ես ինձ հետ միասին գալ մեր տուն, ինքդ համոզվել ամեն ինչում: Հետո միասին կգնանք Անահիտի մոտ:

Նա երկար չմտածեց: 

-Լավ, - փնթփնթաց, - բայց եթե հանկարծ ինձ խաբես …

-Եթե խաբեմ, կարող ես հանգիստ ինձ սպանել կամ քարշ տալ տիրուհուդ մոտ, - ընդհատեցի նրան:

-Համլետ, - ներկայացավ նա:

-Գիսանե:

-Գնանք քրոջդ մոտ: Հուսով եմ գիտես ինչպես օգտագործել հմայիլը:

-Իհարկե գիտեմ:

Նա ապաշրջափակեց դռները, և մենք դուրս եկանք: Համլետը արագ գտավ նոր ավտոմեքենա, կոտրեց պատուհաններից մեկը, և տասնհինգ րոպե անց մենք ընթանում էինք կիսով չափ քնած քաղաքով: Ասացի հասցեն: Ճանապարհը երկար կտևեր ցերեկը, սակայն հիմա պահանջվեց մոտ քսան րոպե տեղ հասնելու համար: Ողջ ընթացքում հավատս չէր գալիս, որ ստացվեց իրագործել այս վտանգավոր ծրագիրը: Այո, հիմա ոչ ոք չի ցանկանում աստվածներից որևէ մեկի զայրույթը գլխին բարդել, որովհետև հետևանքները անհավանական կարող էին լինել: Ես գիտակցում էի այդ ամենը, բայց չէի կարող այլևս նայել ինչպես էր հանգչում Քնքուշը: 

Հմայիլը տաքացավ գրպանումս: Ես գիտեմ, որ մոգական առարկաները չափից դուրս զգայուն են մարդկանց մտքերի հանդեպ: Դրա համար աննկատ շոյեցի այն, վստահեցնելով, որ անվնաս կվերադարձնեմ նրան տիրուհուն: Հուսով եմ՝ Անահիտը այնքան բարեգութ կգտնվի, որ իր հեղինակային անեծքները չի կիրառի: Գևորգը պատմում էր, որ մի կնոջ այնպես էր անիծել, որ ողջ կյանքի ընթացքում պիտի երեխա ունենար. այդպես էլ եղել էր, խեղճ կինը հիմա հոգեբուժարանում է: 

-Հասանք, - խոսեց Համլետը որոշ ժամանակ անց:

Մեքենան կանգնեցրեց այնպես, որպեսզի այն հեռու լինի տեսախցիկներից: Հետո առաջինը դուրս եկավ, զննեց տեղանքը ու նշան արեց, որ դուրս գամ: 

Ես ու Քնքուշը ապրում էինք հին շենքում: Այն երեքհարկանի էր, բոլոր բնակարանները ընդարձակ էին, սեփական այգիներով ու ավտոտնակներով: Մենք ապրում էինք առաջին հարկում: Քրոջս հիվանդության պատճառով ստիպված եղա ավտոտնակը վաճառել, իսկ այգին օգտագործել որպես բանջարանոց.ապրուստի հարցը բավական սուր էր դրված: 

-Նրբի՛կ, ես տանն եմ, - բարձրաձայն ասացի ես:

Թեպետ խորը գիշեր էր, վստահ էի, որ նա քնած չի:

Համլետը դռան մոտ անվստահ կանգ առավ:

-Նե՛րս արի, - ասացի ես:

Տղամարդը առաջ գնաց: Ես էլ ուղևորվեցի ննջասենյակ: Քնքուշը անկողնու մեջ նստած էր: Մի ձեռքում հեռախոսն էր, մյուսում՝ գիրք: Հայացքը տագնապած էր: Ինքնաբերաբար նայեցի ժամին: Օհո՜, մի՞թե բացակայել եմ չորս ժամ: 

-Գի՛ս, ու՞ր էիր, - հարցրեց նա, - տեղս չէի գտնում:

-Ամեն ինչ կարգին է, - աշխույժ պատասխանեցի ես՝ չմանրամասնելով գտնվելուս վայրի մասին, - հիմա քեզ կտեղափոխեմ հյուրասենյակ, մենք հյուր ունենք: Համ էլ մի շատ լավ բան եմ բերել, որը կօգնի քեզ մեկընդմիշտ ազատվել հիվանդությունից:

Քնքուշը տագնապած ինձ նայեց:

-Ասա ինձ, որ ոչ մի վտանգավոր գործի մեջ չես մտել, - նրա հնչերանգը չափից դուրս աղերսական էր:

-Իհարկե ոչ, - ստեցի, - մտածիր քո ապաքինման մասին:

Նա ոչինչ չպատասխանեց: Կարծես թե չհավատաց: Ինչևէ, դա կարևոր չէր: Շուտով նա կկարողանար քայլել ու ընդմիշտ կմոռանար, թե ինչ է ցավը: 

Գրկեցի նրան ու տեղափոխեցի անվասայլակի մեջ: Լավ փաթաթեցի վերմակով և տարա հյուրասենյակ:  

Երբ ներս մտանք, Համլետը անսպասելիությունից վեր թռավ: Շփոթված նայեց մերթ ինձ, մերթ քրոջս: Դառը քմծիծաղս թաքցրեցի: Երևի մտածում էր, որ ստել եմ հիվանդ հարազատի մասին: 

-Նրբի՛կ, սա Համլետն է, իմ ծանոթը, - ներկայացրի, - Համլե՛տ, քույրս է՝ Քնքուշը:

-Հաճելի է ծանոթանալ, - միասին ասացին երկուսը: 

-Դուք շփվեք, ես հիմա կգամ:

Դուրս եկա, որպեսզի զանգեմ Գևորգին: Երևի արդեն թաղումս է կազմակերպել:

-Գրո՛ղը տանի, - հայհոյեց նա, երբ լսեց ձայնս, - ուզում էի արդեն գալ ակումբ ու մասնատված դիակդ հավաքել:

-Շատ դրական մարդ ես, - քծնեցի ես:

-Դե՛, ասա տեսնեմ, ինչպես ամեն ինչ ընթացավ:

Կարճ պատմեցի: Գևորգը մի երկու նախադասություն ասաց այն պահին, երբ հանդիպեցի Համլետին, որի արտաքինին նմանակել էի:

-Լա՛վ չի, լա՜վ չի, - փնթփնթաց նա, երբ ավարտեցի, - եթե ազդանշանը հասել է Անահիտին, ուրեմն վերջինս քեզնից պոկ չի գա:

-Բայց ես ինքս եմ պատրաստվում գնալ նրա մոտ, - առարկեցի ես:

-Դու դեռ գլխի չե՞ս ընկել՝ ում հետ գործ ունես: Նա աստվածուհի է: Կուզի՝ ձեռքի մի շարժումով փոշի կսարքի քեզ: Պատկերացրու՝ քո սիրելի սուրը ինչ-որ մեկը առանց ասելու վերցնում է, հետո հետ վերադարձնում՝ վրան հետքերով: Ի՞նչ կանես:

Մռայլվեցի: Սուրը մնացել է ինձ հորիցս՝ որպես ժառանգություն: Նա շատ էր սիրում սառը զենքը: Սակայն տարիների ընթացքում ստիպված եմ եղել բոլորը վաճառել, որպեսզի կարողանամ ինձ ու Քնքուշին պահել: Եվ թողել եմ միայն մի սուր, որը հայրիկիս ամենասիրելին էր: 

-Գև՛, դու գիտե՞ս՝ ի՞նչն է ինձ համար կարևոր, - լուրջ ասացի ես, - Քնքուշը կառողջանա, հետո կմտածեմ մյուս հարցերի մասին:

-Լավ կլինի հիմա մտածես, - փնթփնթաց նա, - ինչևէ, զբաղվիր քրոջդ բուժմամբ: Հենց ավարտես, զանգիր կամ գրիր: Կփորձենք խելք խելքի տալ: 

Անջատեցի հեռախոսը և խոհանոցի պահարանի բարձր դարակից հանեցի բաղադրատոմսերի գիրքը: Բացեցի ուղիղ մեջտեղը և հանեցի հին, ճմրթված մի թուղթ: Նրա վրա գրված էին մոգական բառեր, որոնք ակտիվացնում էին հմայիլը: Խոսքերը հին հայերենով էին: Մոտ մեկ ամիս շարունակ գիշեր-ցերեկ կարդացել էի դրանք, որպեսզի սահուն արտասանեմ, առանց սխալների: Կախարդանքը ձեռք բերելու համար ստիպված եմ եղել մեկ շաբաթ շարունակ աշխատել գրադարանում և աշխատակիցների հետ բարեհամբույր լինել՝ գաղտնի բաժին մտնելու համար: 

Վճռականորեն գնացի հյուրասենյակ: Տեսա, որ Համլետն ու Քնքուշը լեզու են գտել: Երբ ներս մտա, երկուսն էլ լռեցին ու սպասողական ինձ նայեցին: Գլխով արեցի: Ժամանակն է:

Համլետը անվասայլակը տարավ սենյակի մեջտեղը և կանգնեց կողքիս: Քույրս փոքր-ինչ անհանգստացած էր: Հասկանում էի նրան: Այդ պահին թե՛ ես, թե՛ նա երկար էինք սպասել: 

-Նրբի՜կ, չվախենա՜ս, - մեղմորեն ասացի ես, - շուտով դու լիարժեք առողջ կլինես:

Հանեցի հմայիլը: Այն թեթև լույս արձակեց ու տաքացավ ափիս մեջ: Մի պահ զմայլված նայեցի խուճուճ զարդանախշերին, առյուծանման կենդանիներին, որոնք այնպես էին կազմված, որ ստեղծում էին եռանկյունի, մատների ծայրով շոշափեցի անհարթությունները: Հմայիլը պատասխանեց իմ յուրաքանչյուր հպմանը ջերմության ալիքներով: Կարծես հետս զրուցում էր կամ համաձայնություն էր տալիս:

Նայեցի Քնքուշին, ժպտացի ու սկսեցի կարդալ.

-Հո՛ղ և օ՛դ, կրա՛կ և ջու՛ր, ձուլվե՛ք իրար, հպվե՛ք իրար, հոգու ուժը կերտե՛ք հիմա: Լցրե՛ք Քնքուշի մարմինը զորությամբ, կառուցե՛ք այն, ինչ քանդված է և ամրացրե՛ք այն, ինչ թուլացած է: 

Ուզում էի շարունակել, սակայն հանկարծ հմայիլը շիկացավ: Անսպասելիությունից ու տաքությունից ձեռքիցս ընկավ գետնին: Եռանկյունու միջից շլացուցիչ լույս դուրս եկավ և մեկ ակնթարթում պարուրեց քրոջս ու թափանցեց նրա մարմնի մեջ՝ ստեղծելով շուրջը հսկայական էներգետիկ ուժ: 

Փորձեցի մոտենալ նրան, սակայն Համլետը ետ պահեց:

-Հիմա դու կարող ես խախտել ընթացքը, -  ասաց նա, - թող կախարդանքը իր ուժն անի:

Նայեցի Քնքուշին: Դեմքին սառել էր տագնապի և տառապանքի դիմակը: Հավանաբար, նրա ներսում կատարվում էին փոփոխություններ և դա այնքան էլ անցավ չէր: Իսկ լույսը թափանցում ու թափանցում էր նրա մեջ: 

Ողջ գործընթացը տևեց առավելագույնը հինգ րոպե, սակայն ինձ հավերժություն թվաց: Կախարդանքը կամաց-կամաց մարեց և, ի վերջո, հետ քաշվեց հմայիլի մեջ: Էներգետիկ դաշտը նույնպես անհետացավ: Ամեն ինչ վերադարձավ իր հին տեսքին, իբրև ոչինչ էլ չէր եղել: 

Քնքուշը անշարժ նստած է անվասայլակում: Նրա ձեռքերը կամքից զուրկ տիկնիկի նման կախված էին կողքերից, իսկ հայացքն ուղղված էր առաստաղին: Ծնկաչոք մոտեցա նրան ու դեմքը առա ափերիս մեջ: 

-Նրբի՜կ, - զգուշորեն ասացի ես:

Թարթիչները դողացին, և շագանակագույն աչքերը ինձ նայեցին: 

-Ի՞նչ ես զգում, - սրտի թրթիռով հարցրեցի:

Նա ոչինչ չպատասխանեց: Ուղիղ նստեց, հետո վերմակը մի կողմ նետեց ու … շարժեց ոտքերը: Նայում էի դրան չհավատացող աչքերով: Քույրս մեղմորեն ազատվեց ձեռքերիցս և ոտքի կանգնեց: Մի քանի անվստահ քայլ արեց, հետո սենյակի մի ծայրից մյուսը գնաց, ձեռքերը վեր բարձրացրեց, մարզանքի պես մի բան արեց: Հայացքը բարձրացրեց, և ես առաջին անգամ հինգ տարվա ընթացքում տեսա նրա անկեղծ, երջանիկ ժպիտն ու արցունքներով լի աչքերը: 

-Ես քայլո՜ւմ եմ, - շշնջաց նա: 

Ուրախության ալիքը այնքան ուժեղ էր, որ ես նույնպես չդիմացա ու լաց եղա: Ես դա արեցի: Քնքուշը հիմա առողջ է: Ճիշտ է, հարկ կլինի գնալ բժշկի մոտ, սակայն դա էական չէ: Նա ՔԱՅԼՈՒՄ է: Մենք գրկախառնվեցինք իրար և արդեն միասին շարունակեցինք լացը:

Երջանիկ մթնոլորտը խաթարվեց շատ հանկարծակի: Սենյակը կտրուկ մթնեց: Տարօրինակ էներգետիկ դաշտին չդիմանալով՝ լամպերը զրնգոցով պայթեցին: Չգիտես՝ որտեղից հայտնվեց սառը քամին: 

-Ես գտա քեզ, - լսեցի սահմռկեցուցիչ մի ձայն, - տենչում եմ քեզ պատժել հանդգնությանդ համար: Դատավճիռը շուտով ի կատար կածվի:

Ես չէի հասկանում՝ որտեղից էր այդ ձայնը և չգիտեի ինչպես վերջ տալ դրան: Համլետը ինձնից շուտ գլխի ընկավ: Նա բռնեց իմ ու Քնքուշի ձեռքերը և արագ քաշեց դուրս:

-Նա մեզ գտել է, - համառոտ բացատրեց տղամարդը, - պետք է հեռանալ այստեղից, եթե չենք ուզում մսային ապուր դառնալ: 

-Սպասիր:

Արագ ետ վերադարձա, վերցրի հմայիլը և հայրիկի սուրը, որից հետո մենք երեքով դուրս եկանք տնից: 

Մեքենան տեղում էր: Դեռ կարգին չնստած՝ Համլետը վարեց այն մեր տնից հեռու: 

-Ինչու՞ փախանք, - հարցրի ես, - պիտի սպասեինք նրան ու ամեն ինչ բացատրեինք:

-Դու աչքիս լավ չես հասկանում՝ ում հետ գործ ունես, - ատամների արանքով խոսեց նա, - Անահիտը զգաց, որ հմայիլից ուժ գնաց և կատաղեց: Ըստ քեզ՝ ի՞նչ կաներ նա, երբ հասներ մեզ. կլսե՞ր, թե՞ կոչնչացներ:

Ոչինչ չպատասխանեցի: Նա ճիշտ էր, գրողը տանի: Մեր նախնական ծրագիրը պարզապես փլվեց ավազե տնակի նման: Կատաղած աստվածուհու հետ հնարավոր չի հանգիստ խոսել: Բայց ի՞նչ անել: 

-Գի՛ս, ես վախենում, - բարալիկ ձայնով խոսեց Քնքուշը:

-Ուշ է վախենալ, - պատասխանեց իմ փոխարեն Համլետը, - հիմա պիտի ողջ կյանքում փախնենք, եթե նա մեզ ավելի շուտ չի գտնի:  

Քույրս հեծկլտաց: Ոչնչացնող հայացք նետեցի Համլետի վրա: 

Հետ նստեցի, գրկեցի քրոջս ու սկսեցի մխիթարել: Տագնապից ու անհանգստությունից  քնեց: Ծածկեցի բաճկոնովս ու նայեցի Համլետին:

-Հիմա ի՞նչ պիտի անենք, - հարցրի շշուկով: 

Համլետը լարված հետևում էր փողոցին ու հազվադեպ ընթացող մեքենաներին: 

-Գիտե՞ս՝ ով է նվիրել Անահիտին այդ հմայիլը, - հանկարծ հարցրեց նա:

-Արամազդը, - պատասխանեցի ես, - լսել եմ, որ հմայիլի մեջ նրա ուժն է: Բայց դա ինչպե՞ս կարող է մեզ օգնել:

-Գլուխդ մեկ-մեկ աշխատացրու, - զայրացավ տղամարդը, - մենք կարող ենք դիմել նրան՝ որպես գլխավոր աստված: Նրա դատաստանը կարող է տարբերվել Անահիտի պատժից:

Ցանկացա առարկել, բայց լռեցի: Անահիտը կենթարկվի գլխավոր աստծո խոսքին: Այլ հարց է, թե ինչ որոշում կկայացնի Արամազդը: 

-Որքանո՞վ ես վստահ, որ նա չի ոչնչացնի մեզ, - տվեցի ինձ հուզող հարցը:

-Ես ոչ մի բանում վստահ չեմ, - կտրուկ պատասխանեց Համլետը, - բայց, ի տարբերություն Անահիտի՝ գոնե կլսի մեզ, հետո կասի դատավճիռը:

Լռեցի: Ինձ բացարձակ դուր չէր գալիս որևէ աստվածության հետ կապ հաստատելը, բայց … Հայացք նետեցի Քնքուշի վրա: Այո, նա առողջ է: Սակայն ինչպե՞ս կապրի առանց ինձ: Չէ՞ որ այսքան տարի ես եմ աշխատել և հոգացել մեր կարիքները: 

-Լավ, - դժկամորեն ասացի ես:

-Դուրս գանք քաղաքից և կփորձենք կանչել:

-Գիտե՞ս…

-Գիտեմ: Տեսել եմ, ինչպես է Անահիտը կանչում:

Լռեցինք: 

Գիշերվա խավարը կարծես ավելի էր թանձրացել: Մայրիկը սիրում էր ասել՝ «Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»: Ես դա ընկալում էի բառացի: Այդպես էլ կար, սակայն հիմա տարօրինակ հանգստություն ու հավատ էր մտել մեջս, որ այս գիշերվա մութը շուտով կավարտվի: 

Մեքենան դուրս եկավ քաղաքից դուրս տանող մայրուղի: Համլետը հասավ անտառի հատվածին ու խորացավ ծառերի մեջ: Քնքուշը չզարթնեց անհարթ ճանապարհից: Մանկան պես կուչ էր եկել հետևի նստատեղին, փաթաթվել բաճկոնիս մեջ ու անուշ-անուշ քնել: Մի պահ նախանձեցի նրան: Ո՜նց կուզեի այդպես պառկել և քնի մեջ մոռանալ բոլոր խնդիրների մասին: 

-Հրաշք քույրիկ ունես, - խոսեց Համլետը:

Հայացք գցեցի վրան: Մեջքով հենվել էր նստատեղին և հոգնած նայում էր ծառերի ուրվագծերին: 

-Իսկ դու ունե՞ս քույր կամ եղբայր, - անկախ ինձնից հարցրեցի ես:

-Ավագ եղբայր, - պատասխանեց նա, - հենց ինքն էլ տեղավորել է ինձ աշխատանքի Անահիտի մոտ: 

-Նու՞յնպես աշխատում է նրա մոտ:

-Աշխատում էր: Հիմա ամուսնացել է, տեղափոխվել է գյուղ: 

Ինձ մի փոքր զարմացրեց այդ փաստը: Սովորաբար գյուղից են տեղափոխվում քաղաք, ոչ թե հակառակը: 

-Մտածում եմ, Անահիտը հանկարծ նրան էլ չգտնի, - մռայլ շարունակեց տղամարդը, - եղբայրս հազիվ է ուշքի եկել աշխատանքից ու դրա հետ կապված … նրբություններից:

-Ի՞նչ  նկատի ունես, -չհասկացա:

Համլետը քմծիծաղեց: 

-Քեզ ի՞նչ է թվում, մայրության և պտղաբերության աստվածուհին ինչպե՞ս է ընդունում աշխատանքի:

Սկզբում չհասկացա, բայց հետո … Զգացի, թե ինչպես այտերս սկսեցին այրվել: Գրողը տանի, ես չէի մտածում, որ նա … 

-Քննադատու՞մ ես, - հարցրեց տղամարդը:

-Ես ո՞վ եմ, որ քննադատեմ: Դա յուրաքանչյուր մարդու գործն է:

-Վատն այն է, որ միշտ չէ, որ մարդը կարողանում ճիշտ ընտրություն կատարել: Նրան թվում է, թե այլ ելք չկա, խարխափում է խավարի մեջ՝ փնտրելով երևակայական դռներ, իսկ դրանք չկան: Միակ ելքը հենց այն է, որը գտնվում է մակերեսին մոտ: 

-Ամեն մարդ ունի ընտրության իրավունք: Օրինակ՝ ես: Կարող էի, չէ՞, գալ Անահիտի մոտ  ու խնդրել օգնել քրոջս: Բայց ես գիտեի, թե ինչ վճար կպահանջի,  ու չգնացի: Ընտրեցի անօրինական ճանապարհը: Եվ հիմա հետևանքների ողջ պատասխանատվությունը ինձ վրա եմ վերցրել: 

Համլետը կտրեց հայացքը պատուհանից և շեշտակի ինձ նայեց: Կիսախավարի մեջ փայլեցին նրա սառած լճի գույն ունեցող աչքերը: 

-Ճիշտ ես, - դանդաղ խոսեց նա, - ես ունեի ընտրության հնարավորություն, բայց ընտրեցի չարիքից ամենամեծը: Ինչ-որ տեղ զղջում եմ դրա համար: Բայց միևնույն ժամանակ, շնորհակալ եմ:

-Ինչի՞ համար, - զարմացա ես:

-Եթե չաշխատեի Անահիտի մոտ, քեզ ու քրոջդ չէի հանդիպի, և աչքերիս մշուշը այդպես էլ կծածկեր ինձ իմ իրական երազանքներից ու նպատակներից: Շնորհակալ եմ, Գիսանե՛: Եթե չոր դուրս գամ այս իրավիճակից, հստակ գիտեմ՝ ինչ եմ անելու:

Չգիտեի ինչ ասել: Ախր, ոչ մի հազվագյուտ բան չէի ասել: Երանի՜ ես էլ ունենայի այդ գիտակցումը: Ի՞նչ երազանքներ կամ նպատակներ ունեի: Չէի հիշում: Երկար տարիներ իմ միակ նպատակն է եղել հոգ տանել Քնքուշի մասին, հետո՝ բուժել անբուժելի հիվանդությունից: Իսկ հիմա՞: 

Հանկարծ զգույշ հպում զգացի ձեռքիդ: Զարմացած ցած նայեցի: Համլետը բռնեց այն և ամուր սեղմեց: Նայեցի նրան:

-Երբեք ուշ չէ նոր նպատակներ ու երազանքներ ունենալ, - կամացուկ ասաց նա, - մի ամբողջ կյանք կլինի դրանք իրականացնելու համար: 

Չգիտակցելով՝ ինչ եմ անում՝ առաջ գնացի ու համբուրեցի նրան: Երբեք նման համարձակ քայլ չէի արել, իսկ հիմա կարծես գիտակցում էի, որ հետո-ն կարող է և չլինել: 

Համլետը ապշեց, սակայն մի քանի վայրկյան անց մեր շուրթերը միախառնվեցին հուսահատ համբույրի մեջ: Ուղեղիս վերջին բջիջները անջատվեցին ու տեղի տվեցին կենդանական բնազդին: 

Մի պահ կտրվեցի նրանից: Նրա ձեռքերը զննում էին մարմինս ու փորձում ազատել հագուստից:

-Ոչ այստեղ, - շշնջացի ես:

Նա գլխով արեց: Մենք դուրս եկանք: Համլետը հանեց բաճկոնը, փռեց ցողից խոնավացած խոտին և պառկեցրեց ինձ: 

-Համոզվա՞ծ ես, - կամացուկ հարցրեց նա:

-Առավել քան, - պատասխաենցի: 

Մենք սիրեցինք իրար մինչև արևի առաջին ճառագայթները: Մի պահ մոռացա ամեն ինչի մասին՝ հմայիլի, Անահիտի, խնդիրների, անգամ քրոջս մասին: 

Երբ ամեն ինչ ավարտվեց, գլուխս դրեցի Համլետի ուսին և հայացքս ուղղեցի երկինք: Սառը օդը թարմացրեց ու սթափեցրեց միտքս: Իսկ գուցե … գուցե ամեն ինչ լա՞վ լինի: Ես կարող եմ նոր կյանք սկսել, փոխել քաղաքը, լինել Համլետի հետ … Մի պահ պատկերացրի՝ ինչպես ենք ապրում որպես ընտանիք, գուցե ունենք փոքրիկ այգի, որը խնամում ենք և երջանիկ ենք: Երևակայությունս մեկը մյուսի ետևից ցույց էր տալիս պատկերներ: Ես չէի ուզում, որ այդ հոսքը դադարեր: Ինձ դուր էր գալիս մտածել, որ կա այլ կյանք, որտեղ կարիք չկա գոյատևել և գողություն անել:

Համլետը ծուլորեն շոյում էր մեջքս: Չգիտեմ՝ ինչի մասին է մտածում, բայց համոզված եմ, որ երկուսս էլ կուզեինք երկարացնել այս պահը: Սակայն լուսաբացի հետ միասին տագնապային մտքերը վերադարձան: 

Քար լռության մեջ հագնվեցինք, կարգի բերեցինք մեր արտաքինը և վերադարձանք մեքենա: Քնքուշը դեռ քնած էր: Ստիպված արթնացրեցի:

-Ի՞նչ է պատահել, - վախեցած հարցրեց քնաթաթախ աղջիկը:

-Նրբի՜կ, - մեղմ ասացի ես, - պիտի կանչենք Արամազդին:

Պատմեցի նրան ծրագիրը: Քույրս ոչինչ չասաց, բայց զգացվում է, որ է՛լ ավելի շատ վախեցավ: 

-Քնքո՛ւշ, ամեն ինչ լավ կլինի, - խոսեց Համլետը, - կտեսնես: Պարզապես կպատմես գլխավոր աստծուն ողջ ճշմարտությունը՝ առանց ստելու և ուռճացնելու: 

Նա անվստահ գլխով արեց: Մենք դուրս եկանք մեքենայից: Համլետը նստեց գետնին, իբրև պատրաստվում էր մեդիտացիա անել: Աչքերը փակեց, հանդարտեցրեց շնչառությունը և բարձրաձայն մի քանի բառ ասաց հին հայերենով: 

Լարված հետևում եմ շրջակայքին: Որքան էլ որ զգոն լինեմ, այնուամենայնիվ, չհասկացա՝ ինչպես բառացիորեն օդից հայտնվեցին մի հաղթանդամ ու հուժկու տղամարդ և նրբագեղ կին: Եթե առաջինը պարզ էր, ով էր, ապա երկորդի մասին կարելի էր միայն գուշակել:

-Հա՛յր, տես ինչ հանդուգն են, - գոռոզ խոսեց կինը, - համարձակվել են քեզ կանչել, այն ամենից հետո, ինչ արել են: Թույլ տուր վերացնել նրանց:

-Ո՛չ, - կտրուկ պատասխանեց Արամազդը, - եթե ինձ են կանչել, ուրմեն կլինի իմ դատը: 

Գլխավոր աստվածը նայեց մեզ: 

-Ո՞վ է գողացել Անահիտի հմայիլը, - հարցրեց նա:

-Ես, - պատասխանեցի՝ առաջ գալով:

Սիրտս արագ աշխատեց, երբ նրա խիստ հայացքը գամվեց վրաս: 

-Պատմիր ողջ եղելությունը, - պահանջեց նա: 

Պատմեցի ամեն ինչ՝ առանց թաքցնելու: Հետո խոսեց Քնքուշը և հաստատեց իր հիվանդության մասին հատվածը: Համլետն էլ պատմեց իր տեսանկյունից: 

Արամազդը լուռ լսեց: 

-Որտե՞ղ է հմայիլը, - հարցրեց նա:

Գրպանիցս հանեցի այն ու մեկնեցի նրան: Տղամարդը լուռ զննեց մոգական առարկան և հանձնեց Անահիտին: Վերջինս միանգամից թաքցրեց այն զգեստի տակ: 

-Զուր ես այն պահում, - իմիջիայլոց ասաց Արամազդը, - այն կորցրել է իր ուժը:

-Ինչպե՞ս, - ապշեց կինը:

-Իմ ուժը լիարժեք բժշկել է աղջկան հիվանդությունից:

-Հա՛յր, մի՞թե հնարավոր էր սպառել այն … Ուրեմն, նրանք արժանի են ոչ միայն մահվան, այլև հավիտենական տառապանքի:

Զգացի՝ ինչպես էներգետիկ դաշտը փոխվեց: Անահիտից կատաղության ալիքներ էին գալիս: Մարմնովս հապճեպ ծածկեցի Քնքուշին, իսկ Համլետը՝ երկուսիս:

-Հանդարտվի՛ր, - հրամայեց Արամազդը, հետո շրջվեց դեպի մեզ, - աղջի՛կս, պիտի բացատրեմ քեզ մեր օրենքները: Դու ազնիվ նպատակների համար ես գործածել իմ ուժը, դա գովելի է: Սակայն, եթե գայիր ինձ մոտ և խնդրեիր բժշկել քրոջդ, հիմա ես ստիպված չէի լինի ասելու այն, ինչ պիտի ասեմ: 

Մռայլ նայեցի նրան: 

-Եթե մարդը պաշտոնապես դիմում է ինձ կամ ցանկացած այլ աստծուն խնդրանքով, ապա այն կատարվում է, եթե վատ նպատակների համար չի, - շարունակեց նա, - Անահիտը … գերագնահատել է իր հնարավորությունները և իշխանությունը:

-Բայց, հա՛յր …, - սկսեց կինը, սակայն Արամազդը թույլ չտվեց, որ շարունակի:

-Ես կհետաքննեմ այդ հարցը, չկասկածես: Հարցը դրանում չէ: Դու գողացել ես աստվածային ուժով օժտված հմայիլը, իսկ դա, ըստ մեր օրենքների, հավասարազոր է մահվան: Քո դատավճիռը մահն է: 

-Ո՜չ, -  ճչաց Քնքուշը, - մի՛ սպանեք նրան:

-Քնքուշը դուրս պրծավ գրկիցս ու դուրս վազեց առաջ:

-Իմ կյանքը վերցրեք նրա փոխարեն, - աղիողորմ լացելով ասաց նա, - քույրս դիմել է այդ քայլին իմ պատճառով, ուրեմն ես եմ մեղավոր: Խնայե՜ք նրան:

-Այս կո՛ղմ արի, - ճչացի ես, - դու չգիտես՝ ինչ ես խոսում: 

-Հայր, սպանիր նրան, - միջամտեց Անահիտը չար ժպիտով, - այդ ժամանակ ուժը կրկին կվերադառնա հմայիլ: Բացի այդ, օրենքը թույլ է տալիս նման զոհողություն: 

Ես սարսափեցի՝ պատկերացնելով, որ Քնքուշը կարող է այլևս չլինել: Եթե նա չլինի, ամեն ինչ զուր կլինի՝ գողությունը, հետապնդումը, սարսափները … Ո՛չ, ո՛չ, դա չի կարելի թույլ տալ … Մյուս կողմից հիշեցի գիշերվա իրադարձությունը: Այն, ինչ տեղի էր ունեցել իմ ու Համլետի միջև … Ես … գուցե եսասիրական հնչի, բայց տարիներ անց ես վերջապես մի փոքրիկ հույս ունեի ապրել այլ կյանք: Չգոյատևել, չգողանալ, խարդախություններ չանել …

-Տեր, գուցե կա այլ ճանապարհ, - խոսեց Համլետը, - ես կարող եմ կատարել ձեր ցանկացած հրաման, միայն թե խնայեք Գիսանեի կյանքը:

-Չկա, զավա՛կս, - խորին վշտով պատասխանեց Արամազդը, - նա պիտի զոհի իր կյանքը, իսկ դու և աղջնակը ազատված եք օրենքը կատարելուց, քանի որ մեղավոր չեք: 

Համլետը կրճտացրեց ատամները: Հանկարծ նա շապիկի տակից հանեց հայրիկիս սուրը: Ե՞րբ էր հասցրել վերցնել այն՝ չէի նկատել: 

-Ես թույլ չեմ տա նրան վնասել, - խոսեց նա, - ինքներդ լսեցիք, որ նա հենց այնպես չի վերցրել հմայիլը:

-Տես, դու նրան ազատություն ես շնորհել, իսկ նա դեռ համարձակվում է քեզ վրա սուր պահել, - կշտամբանքով խոսեց Անահիտը, - անշնորհակալի մեկը:

Արամազդը պարզապես նայեց սրին, և այն մի ակնթարթում երկու մասի բաժանվեց: Նույն պահին հանկարծ հիշեցի բարմենի խոսքերը. «Երբ ալկարմիր արևը հալի քո գլխի վրա, և վերջին կաթիլը ընկնի գետնին, սուրը կոտրվի, ու լացը ճեղքի լռությունը, լույսը կկլանի քեզ հավերժ ու կբաժանի քո սիրտը միլիարդավոր ատոմների»:  Սուրը կոտրվեց, գլխավերևում կարմիր արևն էր, ստացվում էր … Ախր նա կարողանում էր նաև ճակատագրերը կարդալ …

Բոկոտն առաջ գնացի: Գլխումս դատարկություն էր: Կարծես մտքերն էլ էին որոշել փախչել ինձնից: Ամեն քայլի հետ վստահությունս աճում էր, իսկ համարձակությունս՝ նվազում: Փորձում էի դուրս նետել գիշերվա պատկերները:

-Ես ընդունում եմ դատավճիռը, - որքա՜ն դժվար է արտասանել այս բառերը, երբ արդեն կազմել էի կյանքիս հետագա ծրագիրը:

-Գիսանե՜, - լսեցի Համլետի ու Քնքուշի հուսահատ ձայները: 

Չեմ շրջվում, որպեսզի չտեսնեմ նրանց դեմքերը: Ուզում եմ հիշել նրանց միայն ժպիտով: 

-Հոգ տար նրա մասին,  - խոսեցի ես:

-Ուշքի եկ, Գիսանե՛, ի՞նչ ես անում, - Համլետի ձայնի մեջ աղերսանք կար: 

-Նա քո կարիքը կունենա, - շարունակեցի, - չթողնես նրան:

Պատասխանը չեմ լսում, քանի որ Քնքուշի լացը ուժգնացավ: Լռության մեջ միայն նրա ողբն էր: Չէի կարող դա այլևս տանել:

Նայեցի Արամազդին:

-Սկսե՛ք, - պահանջեցի ես:

Գլխավոր աստվածը ցավով նայեց ինձ (իսկ միգուցե ցավը կե՞ղծ էր) և աջ ձեռքի ցուցամատը պահեց վրաս: 

Մտածեցի, որ ցավ կզգամ, կտառապեմ, կգոռամ, բայց ոչ: Ես միայն զգացի ինչպես մարմինս դարձավ եթերային, փետուրից էլ թեթև: Սահմաններն անհետացան, ամենուրեք սկսեցին թռչել լույսի կայծեր: Հաճելի թուլություն պատեց ինձ: Փակեցի աչքերս ու տրվեցի լույսի հոսքին: Վերջ, ես հասա իմ կյանքի միակ նպատակին: Քնքուշը ողջ է, իսկ ավելին չեմ էլ կարող երազել: 

Իսկ ինձ … ինձ սպասում էր կատարյալ ճերմակ ու հանգստացնող լույսը: 

27 views0 comments

Comments


bottom of page