1.
- Կարող եք ներսում սպասել, մինչև տիկին Հակոբյանը մոտենա, - ասում է ինձ երիտասարդ աղջիկը ու բացում դուռը դեպի մեծ սենյակ։ Մոտենում եմ գրասեղանի դիմաց դրված երկու բազկաթոռին, մեկում տեղավորում ուսապարկս, մյուսում նստում։ Հայացքս գցում եմ աջ կողմիս պատուհանից դուրս։ Երեքուկես տարի Երևանում եմ, որից երեքուկեսն էլ գալիս եմ տիկին Հակոբյանի մոտ, ու թեև կյանքը բավականին մարսելի է թվում, ամեն շաբաթվա այցին ընդառաջ ասելիքներս չեն վերջանում։
- Ողջույն, ո՞նց ենք, - երկու րոպե առաջ մտածս դռնով ներս է գալիս միջին տարիքի կին ու քայլում դեպի գրասեղանի մոտ դրված աթոռը, - լավ տեսք ունեք։
- Լավ եմ, տիկին Հակոբյան, մերսի։
- Ինչի՞ց ենք խոսելու էս անգամ, - հարցնում է՝ նստելով ու շտկելով ակնոցը, - վերջին անգամ սկսեցինք խոսել ձեր հին, իռացիոնալ վախերից։ Որքանով հիշում եմ՝ մտավախություններ ունեք, որ դրանք կարող են վերադառնալ։
- Իրանք էնպես չի, որ լրիվ վերացել են, - ասում եմ՝ նայելով առաջ ու հետ շարժվող ոտքերիս, հետո հայացքս բարձրացնում, - միշտ չի, բայց մեկ-մեկ լինում ա, ու էս վերջերս ավելի շատ, որ անցնում եմ կոնկրետ տեղերով ու չեմ կարում մյուս քայլը դնեմ։ Ոնց որ պարալիզացվեմ։
- Ինչի՞։
- Վախենում եմ ահավոր։ Էդ պահին թվում ա՝ հենց ոտքս դնեմ, ինձ կքաշի ներս, - ասում եմ ու նորից նայում ներքև, - ոնց որ զգամ, որ էնքան ծանր եմ, որ ․․․ հողը ինձ չի պահի։
- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ հողը ձեզ չի պահի։
- Դե հենց ոտքս առաջ դնեմ, հողն ինձ չի պահի։
- Այսի՞նքն, դա ի՞նչ ա նշանակում։ Հողը ձեզ կո՞ւլ կտա, ճի՞շտ եմ հասկանում։
- Դե հա։ Կքաշի ներքև, օրինակ, չգիտեմ։ Չի պահի։
- Մհեր, դուք հասկանո՞ւմ եք, չէ՞, որ տենց բան հնարավոր չի։ Դուք մարդ եք, ծանրություն ունեք, գոյություն ունի գրավիտացիա, ու եթե ճահճի կամ բատուտի մասին չենք խոսում, ոչ մի մակերես չի կարող ձեզ քաշել կամ թռցնել։
- Ես հասկանում եմ, բայց գետնի ինչ-որ հատվածներ որ ասֆալտոտ չեն, արթնացնում են մեջս էդ ահավոր վախը, ու ոչ մի ձև չեմ կարողանում ինձ ստիպել առաջ գնալ։ Ձեռքերս քրտնում են, գլուխս ոնց որ ներսից տաքանա, ինձ շատ վատ եմ զգում ու ստիպված կամ հետ եմ քայլում, կամ ուրիշ կողմ եմ քայլում, որտեղ ասֆալտ կա։
- Գիտեք՝ պետք ա նույնը ասեմ, ինչ էլի ձեր վախերի մասին խոսելուց ասել եմ՝ վախերը չեն վերանում խոսելով, վախերը հաղթահարում են վախենալու բանը անելով, գործելով։ Խոսելով շատ բան կարող ենք ուղղել, բայց բաներ կան, որ գործողություններ են պահանջում։ Էս շաբաթ աշխատեք տենց հողոտ մակերևույթներ գտնել ու փորձել իրանց վրայով քայլել՝ հիշելով, որ հնարավոր չի, որ գետինը ձեզ կուլ
տա։ Նայեք, թե ոնց են նույն տարածքով անցնում ուրիշները, կարող եք հաշվել մինչև տասը, փակ աչքերով անցնել, երգելով, պարելով, գտեք, թե ինչը կարա ձեզ էդ պահին օգնի առաջ քայլել։ Կարող եք մտքում պահել, որ ինչ էլ լինի, կարող եք հետ քայլել, փոխել ձեր ճամփան ու գնալ ասֆալտով, ու էդպես հա փորձեք մինչև քիչ թե շատ ստացվի։ Դուք պետք ա ձեր փորձով տեսնեք, որ գետինն ապահով ա։ Էս հենց էն
դեպքն ա, երբ փաստը ու ինֆորմացիան չեն օգնում, օգնում ա անձնական փորձառությունը։
Մեջս եմ սեղմվում՝ հողի վրա քայլելս պատկերացնելուց, ձեռքերս տագնապից քրտնում են, ինձ հանգստացնելու համար մտքումս արագ նշում եմ անում, որ այս ասածները չեմ անի ու այս թեմային Հակոբյանի հետ կանդրադառնամ, երբ ինձ ավելի ամուր զգամ։ Ինքս ինձ հանգստացնելու մտքերի մեջ շնորհակալություն եմ ասում, որ ԻՄԱԿ-ի գրասենյակ Հայաստանում մենակ Երևանում կա, ոչ թե ասենք ինչ-որ անասֆալտապատ գյուղում, որտեղ եթե հայտնվեի, անընդհատ պարալիչի մեջ էի լինելու։
Հոգեթերապևտիս հետ ևս մի քառասուն րոպե շարունակում ենք խոսել այլ անհանգստացնող մտքերիցս։
Սեսիայի ավարտից հետո դուրս եմ գալիս շենքից, մտնում մոտակա «Երևան սիթի»՝ տան համար բան առնելու։ Դրամարկղի հերթի մեջ սպասելիս հիշում եմ առաջին այցս սուպերմարկետ երեք ամառ առաջ ու խնդմնդում։
Երևանում առաջին օրերիս ընթացքում Վերգինեն ինձ գրեթե երբեք մենակ չէր թողնում, ամեն տեղ հետս էր գալիս, հաճախ երեխու պես ձեռքս բռնում էր, որ չկորեմ, չխառնվեմ։ Օգոստոսն էր, մտանք խանութ,,
Վերգինեն սկսեց տանս համար բաներ վերցնել՝ զամբյուղ դրվող ամեն իրի հետ ինձ բացատրելով, թե դրա հետ ինչ պիտի անեմ։ Առաջին օրերին մուգ սև ակնոցով էի քայլում․ լույսից աչքերս ցավում էին, համ էլ խորհուրդ էին տվել հնարավորինս շատ պաշտպանեմ ինձ տեսողական իֆորմացիայից, որ ադապտացվելը սահուն անցնի։ Առևտրի վերջում Վերգինեի հետ մոտեցանք դրամարկղին, հիշեց, որ զուգարանի թուղթ չի վերցրել, ասաց՝ արագ կգնա, կվերցնի, հետ կգա․ չանհանգստանամ։ Հիմա, երբ արդեն մի տարուց ավելի հայերենը նորմալ չիմացողիս։
- Տոպրա՞կ, - հոգնած հարցրեց դրամարկղի աղջիկը՝ ինձ վրա հայացքը չբարձրացնելով։
- Ըհը, - Վերգինեին նայելով սովորել էի ամենահեշտ ասվող բառը, որից հետո մարդիկ իրեն հիմնականում հանգիստ էին թողնում։
- Սիթիի քա՞րտ։
- Ըհը։
Աղջիկը գլուխը բարձրացրեց, տեսավ, որ ոչ մի քարտ չկա դրած առջևում, անհավես շարունակեց։
- Բացե՞նք։
- Ըհը։
- Անո՞ւն, ազգանո՞ւն։
- Ըհը։
- Անունը ձեր կասե՞ք, - նույն անհավեսությամբ շարունակեց աղջիկը։
Ձեռքերս քրտնեցին, սկսեցի քսել կրծքավանդակիս, որ չորացնեմ ու սրտիս արագացած զարկը հանգստացնեմ։
- Մհեր։
- Ազգանո՞ւն։
- Ըըը․․․ Փո՞քր։
Աղջիկը նույն մունաթ դեմքով շարունակեց համակարգչի ստեղնաշարին դխկցնելը, հետո հոգնած-ջղային դեմքը բարձրացրեց վրաս։ Վերգինեն հասավ հենց այդ պահին, հանեց ու տվեց դրամարկղի աղջկան իր սիթիի ու բանկային քարտերը ու աջ ձեռքս ամուր բռնեց։
Հիմա «Սիթիում» հերթի մեջ մենակ կանգնած ինքս եմ իմ Վերգինեն դարձել․ մի ձեռքովս մյուսն եմ բռնել ու ինձ հանգստացնում եմ՝ հիշեցնելով, որ ամեն ինչին ծանոթ եմ արդեն, հազար անգամ նույնը արել եմ։
- Տոպրակ պե՞տք ա, - հերթը հասավ ինձ։
- Պետք չի, ունեմ, - ասացի ու սկսեցի իրերը խցկել ուսապարկիս մեջ։ Դուրս եկա ու քայլեցի դեպի տուն։
Վարդանյան փողոցում վերանորոգում էր, մի քանի հատվածներում ասֆալտը քերած էր։ Հակոբյանի ասածները մտքումս՝ շարունակեցի քայլել ասֆալտով․ ոչ այսօր, իռացիոնալ-շմիռացիոնալ վախեր ջան։
Այսօր ուղղակի հանգիստ հասնեմ տուն։
Տանն առաջին բանը, որ արեցի կոշիկներս հանելուց հետո, համակարգչով «Վարիկը» միացնելն էր։ Մի քանի ժամ քիլլ ու լութ էի անում էնփիսիներին՝ հնարավորինս կտրվելով ամեն զգացումից։ Հեռախոսիս
էկրանը պարբերաբար լուսավորվում էր եկող հաղորդագրություններից, բայց իմ ուշադրությունը իմ խաղն էր ու ցանկություն չունեի նորից աշխարհի մեջ մտնել։ Հրեշներին սպանելու հերթական մարտի ժամանակ հեռախոսը լուսավորվող հաղորդագրությունները վերածվեցին վիբրացիա անող զանգերի։
- Հը՞ն, - նյարդայնացած վերցրի ես՝ զուգահեռ խաղը դադարեցնելով։
Զանգում էին ԻՄԱԿ-ից, պիտի գնայի թղթեր ստորագրելու։ Համոզեցի, որ վաղը կգնամ, ու հետ խորասուզվեցի խաղի մեջ․ հիանալի է կյանքը չզգալը։
2.
ԻՄԱԿ-ի գրասենյակն իմ առաջին ծանոթությունն էր նոր Հայաստանի հետ։ Այստեղ էին ինձ բերել մեքենայով՝ գնացքից հետո։ Գնացք նստեցրել էին մի քանի օր քրդական գրասենյակում պահելուց հետո։
Գրասենյակում հայտնվել էի, երբ ժայռից դուրս եկա ու շուրջս լուռ, քարքարոտոտ, շագանակագույն տարածության փոխարեն տեսա փայլող սպիտակ հատակ, մարդկանց, գույներ ու տանիք։ Առևտուր անող մարդիկ ապշած նայեցին իմ կողմ՝ հերիք չէ՝ դեկորատիվ թվացող արևագույն քարը շարժվեց, մի հատ էլ ներսից դուրս եկավ մազոտ, քայքայված շորերից կիսամերկ, միջինից խոշոր տղամարդ։ Մինչև նրանք սկսեին գոռալ, սկսեցի գոռալ ես։ Ձայնս հասավ երեք հարկ ներքև, որտեղից անվտանգության աշխատակիցները բարձրացան ու ինձ քաշեցին վերելակի մեջ։ Վերելակի կտրուկ իջնելուց ավելի բարձր գոռացի։
Ինձ սկզբում տարան ոստիկանություն։ Պապանձված էի, չէի խոսում, չէի շարժվում, աչքերս փակ էի պահում ու ծանոթանում էի շնչառությանս գոյության հետ։ Ինձնից ոչինչ չհասկացան ու ուղարկեցին ԻՄԱԿ։ Քրդական ԻՄԱԿ-ի այդ մի գրասենյակը հայկականի պես էր՝ ապակյա կառույց, լիքը լուրջ դեմքերով մարդիկ, վազվզող աշխատողներ։ ԻՄԱԿ-ում փորձում էին ինձ խոսեցնել, խոսվող լեզուս ու
ազգությունս պարզել, մի քանի պոլիգլոտ թարգմանիչների էին բերել։ Ընտանիքի շաբլոն նկարներ սկսեցին ցույց տալ, առաջին բառը, որ ասացի՝ Դավիթն էր։ Ասելուս վրա մի քանի թարգմանիչ միանգամից լարվեց։
Եբրայերեն, վրացերեն ու հայերեն իմացող թարգմանիչները սկսեցին քննարկել, թե որ մեկը պետք է զբաղվի ինձնով, մինչև չասացի Մհեր՝ ցույց տալով ինձ։ Հայերեն իմացող աղջիկը բարձաձայն շունչ փչեց։
Ի տարբերություն քրդականի՝ հայկական ԻՄԱԿ-ում ես մնացի նաև գիշերները։ Վերգինեին առաջին րոպեից կցել էին ինձ։ Գանգուր շեկ մազերով, գույնզգույն հագնված աղջիկը էպոսը ձեռքը փնտրում էր ընդհանուր բառեր, որոնցով կարող էր հասկացնել ինձ, թե ինչ է կատարվում։ Ասում էր, որ ինձ հետ կապված հիմա որոշումներ են կայացնում։ Առաջին որոշումներից մեկն ինձ լեզվի դասերի ուղարկելն էր։
Հետո որոշեցին, որ ԲՄՀՊՀ ծրագրով ես էլ եմ անցնում․ Վերգինեն պատմում էր, թե ոնց աշխարհում վերջին պատերազմներից հետո ստեղծվեց Իսկական միացյալ ազգերի կազմակերպությունը, թե ոնց գործարկվեց կազմակերպության առաջին նախաձեռնություններից Բոլոր մարդկանց համար պարտադիր հոգեթերապիայի ծրագիրը, ու թե ոնց էին երևանյան օֆիսում որոշել, որ ես էլ եմ անցնում մարդու
կատեգորիայի տակ ու հետևաբար նույնպես պետք է մասնակցեմ ծրագրին։ Չնայած իր ջանքերին՝ լավ չէի հասկանում բառերը, գաղափար չունեի, թե ինչ է ինձ սպասվում, ու հենց այդտեղ էր, երբ Վերգինեն առաջին անգամ ձեռքս բռնեց։
Վերջին տասնըքանի անգամը ԻՄԱԿ մտնում եմ առանց Վերգինեի ու առանց Վերգինեի սպասման։
Լազերային ապարատներով ինքնությունս ստուգելուց հետո ինձ ներս են ուղեկցում Պետրոսյանի գրասենյակ։ Սուրենը ԻՄԱԿ-ի այն բաժնի ղեկավարն է, որը զբաղվում էր ինձնով։ Բացի իրենց բաժնից, Վերգինեից ու Հակոբյանից ոչ մեկը չգիտեր, թե ով եմ․ ԻՄԱԿ-ում որոշել էին, որ որպես սովորական վերաբնակիչ ավելի լավ կլինի ինձ համար։ Անձնական զրույցներում ասում էի՝ Ավստրալիայից եմ եկել, անցնում-գնում էր։
Բարևում եմ Պետրոսյանին, ստորագրում հաշվառմանս թղթերն ու ուզում արդեն գնալ, երբ ինձ կանգնեցնում է․
- Մեզ դիմել են Արծրունի ինստիտուտից, առաջարկում են, որ Դուք էլ ելույթ ունենաք իրենց մոտ։
Պաշտոնական հրավիրատոմս են ուղարկել։
- Հը՞։ Իրանք չե՞ն հիշում վերջին անգամ ինչ եղավ, - ապշում եմ ես։
- Իրանք չեն հիշում, որովհետև իրանք չգիտեն, որովհետև էդ իրանք չէին ու իրանց հետ էդ կապ չուներ։
Մարդիկ հիմա շատ են, Մհեր, - անհասկացող երեխային դիմելու պես սառը ժպտում է տղամարդը։
- Կմտածեմ, - ատամներս սեղմած արտաբերում եմ ես, վերցնում հրավիրատոմսն ու դուրս գալիս ԻՄԱԿ-ից։
Բարկանալուս ու պոռթկալուս տենդենցի վրա Հակոբյանի հետ շատ ենք աշխատել, հատկապես «վերջին անգամից» հետո։
«Վերջին անգամը» երկուսուկես տարի առաջ էր։ ԻՄԱԿ-ում լավ գաղափար էին համարել ինձ Վերգինեի ուղեկցությամբ ուղարկել մասնակցելու Արժեքների վերաիմաստավորման ֆորումի՝ Սասնա Ծռերին վերաբերող պանելին։ Ես չպիտի խոսեի, ելույթ ունենայի, պետք է ուղղակի սովորական ունկնդրի պես նստեի ու լսեի ելույթները. ԻՄԱԿ-ում կարծում էին դա կօգնի մոտեցնել ինձ համար իրարից անդունդային տարբերվող երկու իրականությունները։
Ավարտվեց ամեն ինչ իմ պոռթկումով։
Անգույն հագնված մարդիկ հերթով ամբիոնի մոտ էին բարձրանում ու խոսում «հերոսների հերոսականությունից», հիմնականում՝ Դավիթի։ «Հայրենասեր, ժողովրդասեր, մարդասեր, խաղաղասեր», սերասեր․ աչքերս էի ոլորում ու Վերգինեի ձեռքը պինդ բռնում։ Վերջին կաթիլը մի գիտնականի ասածն էր, թե՝ Դավիթը հազար անգամ ավելի շատ պատճառ ուներ աշխարհից նեղանալու ու բոլորից թաքնվելու, քան
իր որդին հետագայում, բայց Դավիթը, հավատարիմ իր բնույթին, ուժեղ եղավ մինչև վերջ։
- Կուզեմ գնալ, - ասացի Վերգինեին։
- ․․․ Դավիթն էլ էր անհայր մեծացել Մհերի պես․․․ - շարունակում էր պանելիստը։
- Հիմա, - արդեն ավելի բարձր ասացի Վերգինեին։
- ․․․ բայց իրեն չէր պահում կորած որբուկի նման․․․
- Ըըը, - մռնչացի։
- ․․․ ու չէր մեղադրում բոլորին իր անհաջողությունների մեջ․․․
Բարձր դոփյունով կանգնեցի տեղիցս, ձեռքիցս թափ տվեցի ու դուրս հանեցի Վերգինեի ձեռքը։
- Ձեր տիրու հե՛ր, - բարձր ասացի ֆորումի ուղղությամբ ու ավելի բարձր դոփյուններով դուրս եկա։
Վերգինեն վազեց հետևիցս․ դեռ չէի սովորել չափավորել քայլերս։
- Իրար կողք կդնեն, երբ հեր ու մեր մեռնին երեխու համար, ու երբ հեր կկորուսի երեխու կյանքից, ման կելնի ու խեղճի տեղ կդնի իրան, թե չճանաչեց, անիծեմ, - սկսեցի ջղային պոռթկալ Վերգինեին։
- Իրանք մենակ մի կողմն են տեսնում․․․ - սկսեց Վերգինեն։
- Ո՞ւժ ա քսան տարի երեխուն ու կնկան չտեսնի, հետո տղուն անիծի քսան տարի չտեսած հորը չճանաչելու
ու հաղթելու համար, - շարունակում եմ ես։
- Տիկին Հակոբյան, - վախվորած Վերգինեն հեռախոսը ականջին էր, - մի քիչ արտակարգ իրավիճակ ա, հնարավո՞ր ա էսօր Մհերին կարողանաք ընդունել։ ․․․ Թրիգեր, փաթեռն, էդ սաղ, ինչ ասում էիք, ոնց որ եղավ, հենց հիմա լինում ա, - ահաբեկված նայեց ինձ։
Հոգեթերապևտը հանդիպում նշանակեց մի ժամից։ Վերգինեի հետ գնացինք, հոգեբանական կենտրոնի շենքի մոտ ասաց՝ կսպասի ինձ ներքևում, ման կգա մինչև սեսիաս ավարտեմ։
Տիկին Հակոբյանի գրասենյակում շարունակեցի նեղացած պատմել եղածը․
- Ասին, թե Փոքր Մհերը հայոց պատմության ամենավախկոտ, նեղացած, փախնող մարդն ա։
- Տեսեք, Մհեր, ակադեմիկոսների, գրականագետների, պատմաբանների համար երբեմն հեշտ ա բարդ եղելությունները պարզացնել, մտցնել իրենց հայտնի շրջանակների, սևուսպիտակի մեջ։ Իրանք վերցրել են պատմության մի մասը, կարծիք ձևավորել ու առաջնորդվում են դրանով։ Հաշվի չեն առնում, ասենք, թե ինչ
թանկ կարող էր մարդու վրա նստել կենդանի հայր ունենալով անհայր մեծանալը։ Թե ինչքան կոմպլեքսներ, վիկտիմիզացիա ա հարուցել դա, - իմ անհասկացող հայացքը բռնելով՝ Հակոբյանը ավելի պարզեցրեց խոսքը, - ինքներդ ձեզ մեղադրելու, ինքներդ ձեզ քննադատելու, նեղացնելու, ներքին ատելության առիթ ա դարձել։ Հետո էլ գումարած՝ էդ նույն հոր կողմից անիծվելը։
Ուշադիր ընկալում էի Հակոբյանի ասածները, այդ օրն առաջին անգամ կարողանալով հանգիստ շնչել։
- Ես էդքան մանրամասն չեմ հիշում պատմությունը, բայց Ձեզ բազում չլուծված քաղաքական ու սոցիալական պրոբլեմներ էին ժառանգել, հետն էլ մենակ թողել, էն էլ կրկնակի մենակ՝ չթույլատրելով չափահաս դառնալուց հետո սեփական ընտանիքը կազմել։
- Կուզեք ասել․․․ նախնինե՞րն են մեղավոր։
- Չէ, չէ, քանի անգամ ենք խոսել, որ չէ, - Հակոբյանի կտրուկացած տոնը կանգ առավ, - այսինքն՝ կներեք՝ հա, ձեր դեպքում՝ հա։ Ուղղղակի ինձ ուրիշ պացիենտի հիշեցրիք, ինքն էլ ա համարյա էդ ձեր ասածը ասում, քանի տարի ա չեմ կարողանում էդ միտքը փոխել, խառնվեցի իրար, հոգեբանների հետ էլ ա լինում, - Հակոբյանը թեթև ժպտաց, շունչ քաշեց, հավաքեց դեմքը ու վերադարձավ պրոֆեսիոնալ կեցվածքին, - ձեր
նախնիների, ձեր հոր մեղավորությունը, իհարկե, կա ձեր կյանքի հանգամանքների մեջ, ձեր սովորեցված անզորության մեջ, ձեր մի քանի հարյուրամյա փակվածության, դրա հետևանքով ահռելի հյուծվածության, կյանքին անծանոթ լինելու, դրա պատճառով կյանքից վախենալու հետ։ Բայց էդ չի ամենաէականը, էական
ա էն, որ դուք ձեր հանդեպ պարտավորություն ունեք ձեր կյանքը ձեր ձեռքը վերցնել։ Ես հաճախ եմ մի ներքին ու արտաքին վիճակը կարգի չի բերի։ Ձեր ձեռքերում ա լավ ու հանգիստ կյանք կառուցել ձեզ համար։
- Հմմ։
- Ինձ մի ուրիշ հարց էլ ա մտահոգում, Մհեր։ Դուք պատմեցինք, թե ոնց ձեզ ջղայնացրին, բորբոքեցին էդ ակադեմիկոսների ասածները, ոնց լիքը բան ունեիք ասելու, լիքը փաստարկներ ունեիք։ Ինչի՞ չասացիք իրանց, Մհեր։ Ինչի՞ մենակ հայհոյեցիք ու դուրս եկաք դահլիճից։
- Ես հայ լեզվիս վստահ չեմ։
- Իսկ ձեր հայհոյելու վրա վստահ եք, - հարց չտվեց, այլ հաստատեց, - որովհետև հայհոյելու փորձն ունեք, իսկ փաստարկված խոսելունը՝ ոչ։ Փորձը ձեռք ա բերվում անելով, Մհեր, աշխատեքմ որքան հնարավոր ա, խոսել ձեր ցանկություններից ու զգացումներից մարդկանց հետ։ Դա՝ մեկ։ Երկրորդն էլ․․․
Տիկին Հակոբյանը շարունակեց, թե տաղանդավոր, հատնի, իրենց պատկերացումներով ինչ-որ մեծ բանի հասած ծնողների երեխաները հաճախ ինքնակամ ստվերի մեջ են մտնում, հասկանալով, որ իրենց ծնողների
փառքին երբեք չեն հասնի, դե էլ ինչ փորձեն։
- Մի արտահայտություն կա, - շարոնակում էր Հակոբյանը, - թե բնությունը հանգստանում ա տաղանդավոր մարդկանց երեխաների վրա։ Իմ համոզմունքն ա, որ բնությունը ստեղ կապ չունի, երեխաներն իրենք են հանգստացնում, սպանում իրենց տաղանդները ու ցանկությունները՝ որպես ներքին ու արտաքին մեծ
ճնշումից խուսափելու պաշտպանական մեխանիզմ, - ուզում էի էլի չհասկացող հայացք անել, երբ Հակոբյանը ավարտեց, - հիմա մեր ժամանակը վերջացավ, դուք մտածեք էս երկու հարցերի շուրջ, խնդրի առաջին քայլը, ոնց խոսել ենք, գիտակցելն ա։ Հաջորդ շաբաթ թեման կշարունակենք։
Երբ դուրս եկա շենքից, Վերգինեն մոտակա նստարանին սպասում էր ինձ։
- Ո՞նց ես, - հարցրեց՝ տեղից բարձրանալով, - չգիտեմ՝ կօգնի քեզ, թե չէ, բայց դու մենակ չես։ Իմ հերը, օրինակ, չի գնացել ընտանիքից, բայց ես կուզեի քոնի պես գնար ու երբեք իրան չտեսնեի։ Խաղացող էր, մեր տան ամեն իրը հերթով վաճառում էր, որ խաղար։ Հետո տունը ստիպված ծախեցինք, դպրոցս փոխեցի, բակս։ Անընդհատ մամաս լացում էր։ Իմ սաղ մանկությունը վարի տվեց։
Ուզում էի ոչինչ չասել, հետո հիշեցի Հակոբյանի՝ մտքերս բարձրաձայնելու խորհուրդը, ու Վերգինեի հայացքը բռնելով գլուխս տարա աջ ու վերև ուղղությամբ։
- Դե գոնե քո հոր համար արձաններ չեն կանգնեցուցե։
Հակոբյանի գրասենյակը Տիգրան Մեծի վրա էր։
3.
Դուրսը մթնել էր, բայց սենյակի լույսերը շարունակում էին ցերեկային ռեժիմով մնալ՝ անջատված։
Էկրանից տարբեր վառ գույներ էին արտացոլվում դեմքիս։
- Սատկի, դու էլ, դու էլ, ա՛ռ, - մռթմռթում էի քթիս տակ։ Համակարգչի ալտեր էգոս օնլայն մրցակիցներին սլեշելով թռվռում էր, լութ անում իրենց հետևից ու քարտեզով առաջ գնում։ Հասա նոր տեղ, որտեղ դեռ չէի եղել, մինչև հասցրի կողմնորոշվել տեղանքում, հակառակորդները պաշարեցին ու հաղթեցին ինձ։
- Ես ձե՛ր, - շպրտեցի ջոյստիկը ձեռքիցս։ Քանի որ մեռա, հերոսս մեռավ, մի քանի րոպե պիտի հետևեմ խաղին առանց ինձ՝ մինչև նոր կյանք ստանամ։ Շպրտեցի ինձ աթոռից դուրս ու գնացի խոհանոց սուրճ սարքելու։ Երբ բաժակը ձեռքերումս վերադարձա սեղանիս մոտ, աչքս նետեցի համակարգչին՝ չնայած գիտեի, թե ինչ եմ տեսնելու․ խաղ մտնել դեռ չեմ կարող։ Բաժակը դրեցի կողքս, փորձեցի խմել ու հետևել
ուրիշների խաղին, բայց ձանձրացա, սկսեցի կողքերս նայել։ Նկատեցի ականջակալներիս կողքը նետված՝ էսօր Պետրոսյանից վերցրած հրավիրատոմսը։ Թղթի հակառակ կողմում գրված էր միջոցառման անունը՝ տարբեր մասնագիտությունների, կարողությունների, փորձառությունների տեր մարդկանց, որոնք վերջին հինգ տարում են Հայաստան տեղափոխվել։ Միջոցառման ամսաթիվը մտքումս արագ հաշվեցի՝ մոտավոր էլ պատրաստվեմ, կկարողանամ գնալ ու մասնակցել․ Հակոբյանը միշտ ասում է՝ եթե կարող ես, էներգիա ունես, ավելի լավ է անելիքը անես, քան թե չանես, նորում ու անծանոթում գտնում ես նոր ու անծանոթ
ինքդ քեզ։ Հանրային ելույթն այդքան էլ ձեռք քրտնացնող չի լինի ինձ համար, եթե իմանամ՝ ինչ ասել, ավելի տագնապացնող է մարդանց մեջ լինելը ելույթիցս առաջ ու հետո։ Ուրեմն նախ պետք է հասկանամ՝ ինչ կարող եմ ասել, հետո էլ ամրացնեմ մարդկանց աղմուկին դիմակայունությունս։
Արծրունի ինստիտուտը Սարդարապատի փողոցի վրա էր։ Ավազագույն գեղեցիկ շենք էր՝ շրջապատված կանաչ այգով։ Բարձր ցանկապատի սյուների միջից արևը դիսկոտեկ էր խաղում աչքերիս հետ՝ մեկ վառվելով ու աչքերս կկոցեցնելով, մեկ չէ։ Վերգինեի՝ Երևանին հետս ծանոթացնելու շրջագայության կետերից մեկն էր այս շենքը, պատմում էր, թե ժամանակին այս ցանկապատների ներքո փակ էր այգին,
հետո բացվել էր, հետո էլի փակվել, ասում էր, որ շենքի գլխի վրով ինչ ասես չի անցել, մարդիկ սպանել են, սպանվել են, գրավել են, հարձակվել են․ ու բոլորը՝ հայեր։
Բարձրացա աստիճաններով, ներս մտա, ինձ ուղեկցեցին նախադահլիճ։ Դահլիճում ելույթ էր ընթանում, նախադահլիճում մի տասը հոգի սուրճով ու քաղցրավենիքով զրուցում էին։ Որոշեցի ես էլ սուրճ վերցնեմ․ ելույթի կեսից դահլիճ չեմ մտնի, անիմաստ ուշադրություն կգրավեմ ինձ վրա, ավելի լավ է՝ դադարից հետո
կմտնեմ։
- Օ, կակիե լյուձի, Մհեր, բարև, - դիմեց ինձ ցածրահասակ տղամարդը՝ թխվածքը ձեռքին ու մյուս ձեռքով աջ ձեռքս սեղմեց, - ինձ կհիշես, քեզ նայել եմ մեր կլինիկայում, ՆՕՕՆ-ի հետ գալիս էիք մի քանի անգամ, պոմնի՞շ, - երևի կասկածելով, որ չեմ հիշի, ներկայացավ, - թերապևտ Վագռամիչ։
- Բարև Ձեզ։ Դուք է՞լ եք ելույթ ունենալու։
- Ես անցյալ տարի եմ խոսել, պա-մոեմու անցյալ տարի մենակ Էսէնգէից էկածներով էինք։ Էս անգամ կանչել էին, թե կուզեմ գամ լսեմ, ես էլ եկա։ Դու խոսելո՞ւ ես, հա՞։
- Ըհը, - ասացի՝ աջ ձեռքս գրպանիս մեջ մի քանի անգամ բռունցք սարքելով ու բաց թողելով՝ լարվածությունը թուլացնելու վարժություններից էր, որ սովորել էի Հակոբյանի հետ։
- Ո՞նց ես, - շարունակեց ավելի հոգատար ձայնով բժիշկը, - հիշում եմ՝ բեսպլոդիայիցդ, կակ էտը․․․ հա, անպտղությունիցդ շատ հարցեր չէիր տվել, մտածեցի՝ շոկ էր մոտդ, հիմա ո՞նց ես դրա հետ, կուզե՞ս՝ մի օր գաս, ալտերնատիվնի մետըդների՞ց խոսենք։
- Չէ, - ասում եմ՝ չուզենալով խոսակցությունը շարունակել։ Բժիշկներին ԻՄԱԿ-ենք, բնականաբար, չէին ասել ով լինելս ու առաջին հերթին ուզում էին ստուգել անմահ-անժառանգի պահը։ Անմահությունը ստուգել չէր հաջողվել։
- Դու էդ դիագնոզով էլ կարաս ամուսնանաս, - շարունակեց բժիշկը, - մա՞րդ չկա աչքիդ առաջ։
Աղվեսագույն գանգուրները զսպանակեցին մտքումս․
- Չէ։ Չկա։
Մեր խոսակցությունը մի լուրջ դեմքով կին կտրեց, ներկայացավ կազմակերպիչներից, ճշտեց անունս ու գրանցեց, որ երկու ելույթ անց ես խոսեմ։ Նույն պահին դահլիճից մարդիկ սկսեցին դուրս գալ․ ներսում ելույթն ավարտվեց։ Ամենավատ ժամանակն էր մարդկանց մեջ լինելու ու ամենալավ ժամանակը դատարկ դահլիճ գնալու ու նստելուս տեղը անշտապ որոշելու համար։ Բժշկի ձեռքը թեթև սեղմեցի ու մտա դահլիճ։
Երկու ելույթ լարված սպասում էի իմ հերթին՝ առանց կարգին լսելու, թե ինչ են խոսում։ Փորձում էի ինձ ստիպել գոնե մի քանի նախադասություն լսել, նրանց ելույթների կառուցվածքները հասկանալ, ճշգրտել ուղեղումս իմ ասելիքները։ Բայց հազիվ կարողանում էի խոսողների դիրքավորմանը ու ժեստերին ուշադրություն դարձնել։
Հերթս հասավ։ Գնացի ամբիոնի մոտ գլուխս կիսակախ, փորձելով ոչ մեկի հայացքը չբռնել, որ տակը չընկնեմ։
- Բարև, - սկսեցի, - ես Մհերն եմ։ Ուրախ եմ, որ էստեղ եմ։ Շատ բան չեմ պատրաստել ասելու, չգիտեմ էլ, թե ինչքանով եմ համապատասխան էստեղին, ինչքանով ա իմ փորձը տեղին, ինչքանով կարա ծանոթ լինի ձեզ։ Ես չեմ եկել էստեղ հնչած երկրից կամ քաղաքից, շատ հեռու ավստրալական քաղաքում էի ապրում, որի անունը ձեզ ոչինչ չի ասի։ Շատ մեռած վիճակ էր էդ քաղաքում, - դահլիճում թեթև ծիծաղ
լսվեց, - ժամանակը կանգնած էր, ոչ մի բան չէր կատարվում։ Ոնց որ էդ քաղաքը ավելի շատ ժամանակային հարթության վրա լիներ, ոչ թե տարածական։ Չնայած, իհարկե, դա տարածք էր, քարտեզի վրա կար, կոնկրետ անուն ուներ, - խոսքիս պահին հիշեցի՝ ոնց էր Վերգինեն «Ագռավաքար» գրել նոր տանս դարակի վրա ու խնդալով ասում էր՝ հենց տագնապես, մտիր մեջը։ Աշխատեցի չժպտամ ու հետ գամ մտքերիս, -
Հայաստանը, որտեղ ես եկա, լրիվ ուրիշ էր իմ իմացածից։ Ավելի լավը կամ վատը չէր, ուրիշ էր։ Ես օգնության մեծ կարիք ունեի կողմնորոշվելու հարցում, երևի բոլորիցդ ավելի, որովհետև շատ բաներ էին տարբերվում ․․․ ավստրալական քաղաքից։ Փորձում էի հասկանալ տեղի ունեցողը, հին սովորածներիցս հետ սովորել, նոր սովորելիքներ տեղավորել, - ողջ ելույթի ընթացքում նայում էի անորոշ ֆոկուսով՝ առանց
հայացքս կոնկրետացնելու, բայց այստեղ մի պահ ստիպեցի ինձ նայել մարդկանց։ Ենթագիտակցաբար փնտրում էի հարազատ աչքեր, որոնք ընդամենը երկու զույգ էին ինձ համար քաղաքում։ Մոգականորեն տաքացավ, - շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որ ինձ էստեղ լավ նայեցին, օգնեցին, կողքս եղան։ Շնորհակալ եմ ձեզ էլ, որ ինձ խոսք տվեցիք, շնորհակալ եմ, որ Հայաստանն ինձ տուն դարձավ, տուն տվեց, նոր Հայաստան եղավ։
Ծափերի ներքո իջա ու նստեցի տեղս։ Դադարի ժամանակ մյուսների հետ դուրս եկա նախադահլիճ։
Քայլելուս ընթացքում տարբեր անծանոթներից հասցեիս բարի խոսքեր էի լսում, ձգված ժպտում ի պատասխան ու մտքումս շենքից փախնում․ փորձառությունը լավ էր, բայց տանը ավելի լավ է։ Հարազատ ձայն լսվեց մեջքիս ետևից․
- Չգիտեմ էլ՝ ուզում էի նկատեիք ինձ, թե չէ։ Ուզում էի տեսնել՝ ոնց կլինեք էստեղ մեր
պատրաստությունից հետո։ Շատ ուրախ եմ Ձեզ համար ու հպարտ Ձեզնով, Մհեր։
- Շնորհակալ եմ, տիկին Հակոբյան, - լարված ժպիտս մի քիչ թուլացրի ու միանգամից զգացի ձգվածության հետևանքով այտերիս ցավը։
- Մինչև մյուս չորեքշաբթի՞, - հարցրեց տիկին Հակոբյանը ցտեսության տոնով։
- Ահա, իհարկե, - վերջին վանկը կուլ տալով շարժվեցի դեպի դուռն ու դուրս եկա պատերից։
Սարդարապատի փողոցի վերջում մանկական խաղայգի էր։ Լիքը հող կար գետնին, որի միայն մի հատվածում էին երեխաներ խաղում։ Միջոցառման՝ առանց տատանումների ու սպասվածիցս ավելի հանգիստ անցնելը ինձ մի քիչ ուժ էր տվել։ Բայց հողին նայելով էլի ներսս փոքրացավ․ չէ, հողը ինձ չի պահի, ես չեմ կարող,
այսօր ելույթի փորձը արդեն հերիք էր։ Հակոբյանի ասածները հողով անցնելու մասին շատ ճիշտ են, շատ կարևոր են, բայց հենց սա, հենց այս պահին ինձ չեմ կարող ստիպել հաղթահարել։ Մենակով չեմ կարող անել։ Օրինակ առաջին տարիս էսկալատորից սարսափում էի, բայց Վերգինեի հետ կարողացա կանգնել ու
իջնել։
- Հեչ բան ա, դու էդքան արաբ ես սպանել, էդքան կռիվ ես հաղթել, քեզ ի՞նչ պիտի լինի, բոյի՞դ նայեմ, թե՞ դողալուդ, - խնդմնդում էր՝ գանգուրները աչքերից հեռացնելով։
Երկու տարի առանց Վերգինեի, մենակս հանգիստ իջնում եմ էսկալատորներով։ Եթե հիմա կողքս լիներ, նույն ձև խնդմնդար, պաշտպաներ ու պատսպարեր իրենով ինձ իմ մտքերից, գուցե կկարողանայի այս հողի
վրայով էլ անցնել։
Խաղայգուց հեռացա ու սկսեցի կարգավորել շնչառությունս։ Հասա Երևանի Ամենակարևոր հրապարակ, որտեղ տասնյակ մարդիկ էին քայլում ու խոսում։ Բոլորն ընկերներով էին, խմբերով, զույգերով, ժպտում էին իրար, բարձր զրուցում։ Բռունցքներս սեղմեցի՝ երեքուկես տարի այստեղ եմ ու երկու ինձ չվանող
մարդիկ հետս ստիպված են շփվել, աշխատանքի բերումով։ Հենա՝ մեկի հետ ծրագիրը վերջացավ, անհետացավ։ Վերգինեի հետ չշփվելս Հակոբյանը մի օր համեմատեց ժայռում մենակությանս հետ։ Միտքը չկանգնեցրի, բայց ժայռում ես ինքս ինձ չէի զգում, չէի զգում սով, չէի զգում հոգնածություն, չէի զգում շփման, տեսնվելու, հասկացվելու ցանկություն․ չունեի ցանկություն։ Հիմա հոգնած ու թուլացած պահերիս
լինում է, որ նյարդայնանում եմ թարթիչներիս փակվելը զգալուս, բերանում թուք հավաքվելը ու անպայման կուլ տալը զգալուց, մարմնի ամեն սանտիմետրում ֆոնային քոր զգալուց, անընդհատ քթով օդ ներս գցելու
ու դուրս շպրտելու գործընթացը զգալուց։ Դրան էլ գումարվում է արտաքին գլխավոր ցանկությունը՝ զգացվելու կարիքը։ Վերգինեի ուղեկցության վերջին օրն էր, մտքումս ամուր ընկերություն էի պատկերացնում, թե ոնց իրար տուն կգնանք, խաղեր կխաղանք, երկար կխոսենք՝ արդեն առանց գործնական շրջանակների, հայերենս կզարգացնենք իր հետ, նոր բառեր կսովորեցնի ինձ, նոր հասկացություններ։
Ասացի, որ ուրախ կլինեմ, եթե հյուր գա, կարող ենք, օրինակ, օր որոշել, որ ամեն շաբաթ այդ օրը այցելի։
Ժպտաց, ասաց՝ իհարկե, կմտածենք, կորոշենք։ Մեր վերջին նամակագրությունում հիշեցրի հրավերիս մասին, պատասխանեց, որ նամակն իրեն ուրախացրել է, ոնց եմ, ինչ եմ անում։ Երկար նկարագրեցի՝ ոնց եմ։ Չի պատասխանել նամակիս, չի տեսել, չի բացել։ Երկու ամիս առաջ էր։
Մի օր էլ Հակոբյանի հետ կվերջացնենք աշխատանքս, ու լրիվ մենակ կմնամ՝ առանց մտքերս մեկի հետ բաց թողելու հնարավորության։ Դե լավ, ես հարյուրամյակների կուտակած էնքան տրավմա ունեմ, որ դեռ Հակոբյանի հետ աշխատելիք կա ու կա, քմծիծաղով հանգստացրի ինձ։ Ինձ չի սպասվում սարսափելի մենակ կյանք։
Հիանալի՛ մենակ կյանք, ժպտացի ինքս ինձ՝ տուն մտնելով, ուսապարկս ու կոշիկներս շպրտելով ու համակարգչի մոտ գնալով։ Հեռախոսս էս անգամ անջատեցի, որ էլ ինձ չանհանգստացնեն ու մտա խաղի մեջ։ Վաղը կոնկրետ ժամի արթնանալու կարիք չունեմ, կսպանեմ հրեշներին մինչև վերջ, մինչև հասնեմ քարտեզի նոր, բարդ մակարդակներ։ Մինչև չզգամ ոչ մի զգացում, ոչ մի քոր, ոչ մի սովածություն, մինչև
չհիշեմ, չուզեմ հիշել, չհիշել ուզել ու չուզենամ ուզել։ Լավ է, որ Ագռավաքարից դուրս եմ եկել։
Comments