«…Հնամենի աստղերը մոռացված տիեզերքի
Ժամանակ առ ժամանակ գալիս են այցի,
Դառնում են աշխարհի կողմն աչքերը ջրալի,
Որ հիշեն իրենց քրոջը՝ վաղուց անհասանելի:
Լեռնային ժողովուրդը թերևս չհիշի՝
Երկնային ծնունդն իրենց վաղեմի,
Երբ ինքնուրաց լուսատուն արար - աշխարհի,
Զոհեց իր բեղուն լույսը հանուն իրենց գալիքի,
Եվ անունն էր նրա՝ Բիայնիլի…»
Ժուկով-ժամանակով, տիեզերքի անծայրածիր խորքերից մեկում, հազարամյա աստեղատան լուսատուները համատեղ երգ էին ասում, երգում էին
լույսի մասին, երբ ընտրյալ հողերում խավարն էր իշխում, երգում էին երկինքը
հատող բարձունքների մասին, երբ Մթին աշխարհը որպես տափարակ էր իրենց
առջև ներկայանում: Երգում էին աստվածներից, մարդկանցից, կենդանիներից,
բույսերից, բայց խլացնող լռություն գեթ ստանում… Եվ, չնայած անարգասաբեր
փորձերի, աստղերի երգը շարունակ հնչում էր՝ ամեն պահ, ամեն տարի, ամեն
դար…
Երգասան եղբայրներն ու քույրերը վեցն էին՝ Արարատը, Վանը,
Ուրարտուն, Արմինան, Նաիրին, Բիայնիլին: Վերջինս խնդրի մեջ ավելի խորն էր
փորում: Նա հասկանում էր, որ առանց ինքնազոհության իրենց պատկերած
աշխարհը խավարից դուրս գալու ոչ մի հնար չունի.
- Գուցե սխալվում ես, քույր իմ։ Կենարար երաժշտությանը մի քիչ էլ
ժամանակ տուր, - խնդրեց Արմինան՝ աստեղատան ավագը, քույրերից ու
եղբայրներից համբերատարը։
- Լսել եմ՝ ժամանակը գործողությունների հետ է ապրում: Դարեր շարունակ
մեր երգերը ո՛չ մի լույս, ո՛չ մի կենդանության նշան չվառեցին ընտրյալ հողերում։
Ես ուրիշ ելք չեմ տեսնում։ Ուրիշ պատասխան չկա։ Հավերժ հիշե՛ք ձեր կրտսեր
քրոջը՝ ում լույսը, հույս եմ կապում, օրերից մի օր երանելի աշխարհի
սկզբնաղբյուր է դառնալու,- թախծոտ շշնջաց Բիայնիլին։ Եվ անհույս եղբայրները
տիեզերքի կողմը դարձան, իսկ քույրերը լինելիք կորստից արցունքների հետ
քարացան:
Բիայնիլին աստղ էր՝ տիեզերքի հնագույն և անսուտ ուժերից մեկը: Ինչքան
անսահման էր լուսատուի իմաստությունը, այդքան էլ ականակիտ էին նրա
ցանկությունները:
Կրտսերի ինքնազոհության մասին տարբեր լեգենդներ էին պտտվում. մի
քանիսը պատմում էին զարմանահրաշ պայթյունի, լուսային մասնիկների մաս-
մաս փշրվելու ու Մթին աշխարհ թափվելու մասին, մյուսները՝ լուսատուի մարման
և հեռու թվացող երաժշտության, իսկ քչերը՝ աստղից մնացած վանող ու խորը
մթության: Ասես Բիայնիլին ու խավարը, չգրված համաձայնությամբ, տեղերով
փոխվել էին:
Վեցերորդն ընդմիշտ գնաց, մնացին հինգը՝ նորաստեղծ աշխարհի
ընթացքին հետևող հնգադեմ թևարկուները… Եվ այդպես սկիզբ առավ կյանքը։
«Կրակային փետրափունջը նպատակասլաց իջնում էր երկնակամարից»
…Երբ բախվեցին Բիայնիլին ու Մթին աշխարհի ցամաքն իրարու, հաջորդեց
սարսափազդու երկրաշարժ: Հուժկու սասանումն իսկույն խռովք առաջացրեց
քնած երկրում, ինչի շնորհիվ ընդերքի հսկայական, սրակատար քարերը դեպի
երկինք խոյացան և անխնա տարածվեցին ընտրյալ հողերում։ Եվ ծնունդ առան
առաջին լեռներն ու ժայռերը, որոնք ապագայում ամեն հարմար պահի կհիշեցնեն
իրենց ծննդյան ընթացքը։
Բայց անտեսելով ակներև հաջողությունը` Բիայնիլին չշեղվեց գերագույն
նպատակից և շարունակեց առաքելությունը։ Նա իր ողջ համառությամբ մխրճվեց
անկենդան հողի մեջ՝ արթնացնելով Մթին աշխարհի ջրերը. տաք ու սառը, ու
պղպջակներով, ու աղի…, բոլոր տեսակի հեղուկները դուրս պրծան փակումից ու
երկրի տակ չորս կողմ վազեցին։ Եվ սկիզբ առան անվերջ ջրերը, որոնք գալիք
լեռնային ժողովրդին երբեք ծարավ չեն թողնի։
Ավաղ, Բիայնիլիի կարողությունները մարում էին, և հասունանում էր
կերպարանափոխության ժամը:
Հողը թաց էր։ Այլևս պտղաբեր։ Երբեմնի լուսատուից մնացել էր փոքրիկ
թրթռացող քար։ Աստեղատան կրտսերն իր վերջին լույսն ու օրհնությունը,
կանխատեսումներն ու ցանկությունները կենտրոնացրեց լոկ գաղափարի շուրջ ու
մի քանի կողմից ճեղք թողեց՝ արմատ գցեց: Հողի խոնավությունն ու աստղի
ջերմությունը ծիլ տվեցին: Իսկ Բիայնիլիի լույսն առմիշտ մարեց: Եվ այդպես
կյանքի կոչվեց Կենաց ծառը:
***
«Ծիլեր տվեց, կենաց ասացին,
Եղբայրները վերևում ձոներգ հնչեցրին:
Հասակ առավ, կենաց ասացին,
Քույրերը վերևում լույս վառեցին…»
Պատմում էին` Մթին աշխարհը լռությամբ դիմավորեց աշխարհածառին։
Չլսվեց ոչ մի ուրախություն, ոչ մի փառաբանություն։ Միայն քույրերն ու
եղբայրներն էին հետևում։ Միայն նրանք էին կենաց ասում.
«…Մթության հետ ուս-ուսի վեր ելավ,
Պատռեց հողն ու դուրս պրծավ,
Ճյուղեր թողեց, եռաժանի էին, առաջ ընկավ,
Կենաց ծառը լեռների հրապարակում ծնունդ առավ»
Տիեզերական ծառը ներքևից սկսեց. սկզբում եռաժանի ճյուղեր աճեցրեց,
հետո` կիսալուսին։ Ամեն ճյուղի վրա պտուղ թողեց. աստղանման թագը գլխին,
ալ կարամիր, խոշոր` հաստ պտղամարմնով։ Պտղի մեջ երեք հարյուր
վաթսունհինգ սերմ շարեց։ Մեկը մյուսից քաղցր, բարեհամ` պատված բաց
կարմրաթույր հյութառատ շերտով։ Սերմերի համար մեկ-մեկ օր նվիրեց ու
համորեն տարի ձևավորեց։
Եվ այդպես երկնային ծառը դարձավ առասպել։ Անմահություն շնչող
առասպելական խորհրդանիշ՝ ում օրոք ընտրյալ հողերը կյանքի ու
պտղաբերության պակաս չեն տեսնի…
«Կրակ, ջուր, երկիր, օդ՝ մեկում»
Եվ ինչպես ամեն մի հերոսական առասպելում, այդպես էլ այս մեկում՝
գլխավոր պահապանի գալուստը սպասեցնել չտվեց: Նա կյանք գտավ Կենաց
ծառի վերջին ճյուղին՝ շնորհիվ հնգադեմ թևարկուների:
Ծառի գագաթին ձևավորվեց ատրագույն, տիեզերքում նմանը չունեցող,
պսակաթերթ ծաղիկ, ում թերթերը հաջորդաբար անմար կրակով պատվեցին ու
մաս-մաս վայր գլորվեցին: Բոցավառված հինգ մասերը հույլ հասան երկիր ու
վերջինիս հետ դաշինք կնքեցին, միահյուսվեցին…
- Երանի՜ թե ստացվի,- երազկոտ շշնջաց Նաիրին ու շարունակեց տիեզերքի
հոգեղեն ուժերից գալիք պահապանի երգը հյուսել:
- Վստահ եմ՝ կստացվի: Մեր պահապանը կտիրանա բոլոր բարձունքներին,
կհաղթահարի բոլոր երկրային խոչընդոտները… Որտեղ կանգնի՝ հողն ամուր ու
պտղաբեր կդարձնի: Նորաստեղծ լեռների պես վսեմագույն հոգի կունենա…,-
անսպառ հույսով լցվեց լուսատու Արարատն ու անշեղ շունչ շնորհեց ընթացքին:
- Ա՜խ, երանի, երանի մեր պահապանը Մթին աշխարհի ջրերի տիրակալը
դառնա, որից անվերջ ջրի հոսանքներ կհորդեն,- կյանքով լցված ասաց Վանն ու
տիեզերական երգի օգնությամբ անկոտրում կապ գցեց դեպի երկիր:
- Ի՞նչ Մթին աշխարհ: Ի՞նչ խավար: Մեր երկիրն այլևս այդպիսի չի լինի:
Կլինի լույս, կրակ, կայծակ… Կլինի պահապան, կլինեն աստվածներ, կլինի
կատարյալ նոր կյանք,- վստահեցրեց Ուրարտուն և ոսկեգույն լույսով վառվեց:
Աստեղատան ավագի կանխատեսումների ու երկնային շնորհի հերթն էլ
հասավ.
- Բիայնիլիի անձնուրացությունն անարձագանք չենք թողնի: Չնայած…
չգիտեմ։ Ինձ անհայտ են ինքնազոհ աստղերի հանդերձյալ կյանքի
գաղտնիքները: Ինչ էլ անենք` ետ չենք բերի մեր կրտսեր լուսատուին, բայց մեր
երգը նրա պատվին կհնչեցնենք. թո՛ղ լինելիք ուժը պաշտպան կանգնի ծառ
դարձած մեր քրոջը, թո՛ղ հազարամյա զարթոնք տարածի նրա շուրջը, թո՛ղ
աստվածներն ու կիսաստվածները, կամ սովորական մահկանացուները հավերժ
հիշեն մեր վեցյակին: Նկարագրության համար բոլոր անունները ճիշտ կլինեն և
բարձրաձայն արտասանելու դեպքում՝ կախարդական ուժ կպարունակեն,-
լիասիրտ ցանկացավ Արմինան ու վերջին ձայնանշի վրա կանգնեցրեց երգը: Եվ
բոլորը նույնաժամանակ նայեցին դեպի ներքև:
Հողի միջից կամաց-կամաց դուրս էր գալիս առասպելական ոգի հիշեցնող
մի գերբնական էակ… Եվ այդպես աշխարհ եկավ հինգգլխանի վիշապը։
«Վիշապի երկայնավիզ ուղեցույցերը տիեզերքից իմաստություն էին
կլանում»
Ընտրյալ հողերի առաջին կենդանի արարածը՝ հինգգլխանի վիշապը,
մոխիրն իր վրայից թափ տվեց ու խրոխտ ոտքի ելավ՝ սմբակաձև վերջույթները
մխրճելով խոնավ հողի մեջ: Ամեն շարժման հետ նրա մեծահաղթ մարմինը
թեփուկածածկ, հաստ, ալ կարամիր շերտով պատվեց՝ երբեմնապես հիշեցնելով
աշխարհածառի պսակաթերթ ծաղկի երանգները։ Օձաձև հինգ պարանոցները
դեպի աստղեր ձգվեցին՝ ամեն մեկը գլխի ծայրին ունենալով եղնիկին հատուկ
փոքրիկ եղջերուներ: Աչքերը՝ անեզր խորություն պարունակող տիեզերքի
հայելիները, լցվեցին հնաշունչ իմաստությամբ ու տոկուն
պատրաստակամությամբ, իսկ երկարաձիգ պոչը մնաց երկրին մեխված:
Հրահանգներից ձենուձուն չկար: Զարթոնքի ճամփին թևերի հերթն էլ չհասավ:
Նրանք մնացին մեջքին բանտարկված։ Լռությունը հուշում էր՝ ժամը չէր։
Պատմում էին՝ այդժամ վիշապի անհավանական բարձր սրտախփոցն ու
շնչառությունը կախարդական ուժով օժտվեցին: Ամեն մի զարկի ներշնչման ու
արտաշնչման հետ աշխարհում ապրելու պիտանի մաքրամաքուր օդ լցվեց.
շո՛ւնչ, օդը երկիր գնաց, արտաշո՛ւնչ, օդը լեռներ հասավ, շո՛ւնչ, արտաշո՛ւնչ…
- Քաջախոհ մեծեր, հաջորդ քայլս ո՞րն է,- առասպելական արարածը հարցը
դեպի վեր ուղղեց` հինգ ձայնը միասին արձագանքի վերածելով։
Սպասված պատասխանը պարող զեփյուռի տեսքով հասավ նրա
ականջներին.
- Գալուստդ բարի, վիշապ,- թեթևացած պատասխանեց Արմինան,-
շուրջբոլորն այժմ քոնն է, մինչև չգան մյուս պահապանները: Ականջ դի՛ր սրտիդ
թելադրանքին: Դու գիտես քո հարցերի պատասխանը…
- Քեզ ստեղծել են տիեզերքի հնագույն ուժերը: Դու ինքնին կախարդանք
ես, մտացածին էակ,- միացավ աստղ Նաիրին,- ունենալով մեր իմաստությունը՝
բացահայտիր քոնը: Դարձիր տարերքների ճշմարիտ հովանին. ինչպես պատկերել
էր մեր կրտսերը՝ Բիայնիլին:
- Եվ չմոռանաս պարտականություններիդ մասին։ Նշան ենք տալիս` եկել է
մեծ ջրերին ազատություն պարգևելու ժամը: Մարմինդ կհուշի՝ ինչպես,-
ուղղորդեց Վանը:
- Աշխարհածառի զավակ, վերջինիս համար պաշտպանական կառույց
կպատրաստես։ Անթիկունք չթողես,- հուշեց Արարատը:
- Գալիք աստվածների աչքը ճամփին է… Անցարան բացելու
առաքելությունը Քեզ ենք թողնում: Քեզ ենք ապավինում: Կենա՛ցդ, վիշապ,-
հանդիսավոր ավարտեց Ուրարտուն:
Եվ այդպես տիեզերքի ու ընտրյալ հողերի կապը կտրվեց։ Հինգգլխանի
վիշապը վերստին մնաց միայնության մեջ։
«Աշխարհների միջև ճեղք էր բացվում»
«Թը՛խկ-թը՛խկ»
Հինգգլխանին անտեսեց հեռվից եկող ձայնն ու վերհիշեց Արարատի
խորհուրդը.
«Իհարկե,- մտածեց վիշապը,- ծառը, բացի իմ ներկայությունից, մի
ակնկալիք էլ ունի: Նրան պետք է նյութական պաշտպանություն: Հարկավոր է
պատրաստել կախարդանքով հմայված շինություն՝ օժտված քողարկային
կարողությամբ: Հասարակ ու տեղանքին ընդօրինակող մի ամրոց: Բայց ի՞նչ կա
տեղանքում. տակավին միայն լեռներ»:
Վիշապը, գաղափարով հարբած, հավաքեց լեռան ստորոտի մոտ
կուտակված բոլոր չափսի քարերը: Մեծերը տարածք բացելու, ձգելու համար
թողեց, փոքրերը՝ անցքեր խցկելու: Եվ, աստղերը վկա, գործը հինգ օգնականների
շնորհիվ միայն արագ գլուխ բերեց:
Բոլորն իրար վրա շարելուց հետո՝ աշխատանքը, կախարդանքի թեթև
ձեռքով, ամրապնդեց: Կենաց ծառը մնաց քարերի կենտրոնում՝ ապահով ու
միայնակ: Եվ այդպես հիմնվեց առաջին Կիկլոպյան ամրոցը, որն օրերից մի օր իր
հայտնիության զենիթը կունենա:
«Թը՛խկ-թը՛խկ»
Նորեն անտեսեց ձայնը: Վանի հորդորը մտքին եկավ. «Մարմինդ կհուշի թե
ինչպես»:
Պատմում էին՝ ընտրյալ հողերում տիրող լռությունը սկզբում թակոցը
խախտեց, հետո՝ խշշոցը: Առաջինը քչից-շատից ճանաչելի էր վիշապին, իսկ
երկրորդը՝ օդին խոնավություն պարգևողը՝ բոլորովին անծանոթ: Ակնհայտ
հանելուկն ուշադիր հայացքի կարիք ուներ: Ձայնը գալիս էր քարերի անցած
ճանապարհի կողմից, որտեղ հինգգլխանին մի քանի անգամ գնացել ու եկել էր:
Խշշոցի հեղինակը երկրի մակերևույթ հասած ջուրն էր. վիշապն իր անշարժ
պոչը քարշ տալով՝ բացել ու նախանշել էր ջրի ուղիները…
Հանելուկը լուծելուց հետո Հինգգլխանին շտապեց աստղերի համար
ստեղծագործական ներկայացում ցույց տալու… որտեղ կանխամտածված դրեց
պոչը, այդտեղից ջրի հոսանքներ հորդեցին։ Ու տարածվեցին այնքան, ինչքան նա
ցանկացավ։ Եվ այդպես գոյացան ընտրյալ հողերի մեծ ջրերը, որոնց կողքին
գալիք բուսականությունը մշտատև հարևանության տոմս կունենա։
«Թը՛խկ-թը՛խկ»
Արդեն անտեսելու հնար չկար։ Խորհրդանշական լուր բերող ձայնը
ապառաժի ժայռափոր դռնից էր գալիս և ակնհայտ արագանում էր:
Թը՛խկ, աստիճանաձև ճանապարհ բացվեց դեպի դուռ, թը՛խկ, շուրջը՝
անձավներ: Թը՛խկ, դռան կերպարանքով հարթակն ուղղանկյունաձև եռախորշ
տեսք ստացավ ու նորեն ձայն տվեց. թը՛խկ-թը՛խկ:
Այդժամ Ուրարտուի խոսքերը հիշվեցին. «Աստվածների աչքը ճամփին է…
անցարան բացելու առաքելությունը Քեզ ենք թողնում»:
Հինգգլխանին, աստղի կանխատեսությունը մտքում մեխած, հերոսական
քայլվածքով ճամփա ընկավ: Այն պահին, երբ կանգնեց դռան դիմաց, անցյալում
թողնելով ժայռափոր աստիճանների շարանը, թակոցն իսկույն կտրվեց ու համայն
աշխարհը ճնշող լռության մեջ խրվեց: Անգամ նորաստեղծ գետերը կանգնեցրին
իրենց վազքը, իսկ օդը դարձավ ծանր ու անշարժ:
Պատմում էին՝ լռակյաց քաոսի մեջ վիշապի շունչն ու արտաշունչն էր
միայն լսվում։
Շնորհիվ այդ կախարդական շնչառության՝ դռան երեսը հիմնովին
բևեռագրերով ծածկվեց. լույս արձակող ձեռագրություններ, որոնք չլսված
անուններ հայտնեցին վիշապին, անհայտ լեզվի նշաններ, որոնք վերջին անվան
հետ խուլ դուռը բաց արին:
Եվ այդպես աշխարհների միջև ճեղք բացվեց ու մահկանացուների աշխարհ
եկավ Խալդին:
«Ողջ Խալդիայում ավելի մեծը չկար, քան նա` Երկնքում և Երկրում»
Երկնավոր արքաներից գերագույնը՝ ռազմի աստվածը, առաջինը մուտք
գործեց ընտրյալ հողեր: Ինչպես պատկերել էին աստղերը՝ Խալդին
բարձրահասակ, մորուքավոր, նիզակազեն ռազմիկ էր՝ կանգնած վսեմ առյուծի
մեջքին, ում հաջորդում էր կինը՝ պտղաբրերության աստվածուհի Արուբաինի-
Բարբարտուն։
Հինգգլխանին խոնարհվեց նրանց առջև և աստվածներին հարիր
գովասանք սկսեց.
- Երկնքի ու երկրի տիրակալ, Ձեր առջև ընտրյալ հողերն են,- արարչի
հպարտությամբ ներկայացրեց վիշապն ու շարունակեց ճառը,- աստեղատան
մեծերը վաղուց կանխագուշակել էին գալիք թագավորության անվանումը, ինչն
ուղղակիորեն Ձեր անվան հետ էին կապել: Մեր առջև հաղթության երկիրն է`
Խալդիան, աստղերի ստեղծագործությունը։
- Ողջունում եմ քեզ, տարերքների հովանի,- զորեղ ձայնով սկսեց Խալդին,
իսկ առյուծը տիրոջ հետ համաձայն մռնչաց,- ի՞նչ է եղել մեզանից առաջ և ի՞նչ
են ակնկալում մեզանից հետո. աստղերի կամքը միայն դու գիտես, վիշապ։
Կիսվի՛ր:
- Ամենասկզբում կյանքի հիմքը Բիայնիլին է դրել իր ինքնազոհությամբ,
հետո հնգադեմ թևարկուները` իրենց սիրով, վերջում էլ ես` իմ
պատրաստակամությամբ։ Անկեղծ կլինեմ՝ ուժերս սահմանափակ են։ Խալդիան
աստվածների օգնության կարիքն ունի։ Չավարտած գործերը շատ են, իսկ
մահկանացուների գալու ժամը՝ մոտ…
Խալդին թաքուն ժպիտ նվիրեց Արուբաինիին ու ձեռքերը հարգանքով վեր
պահեց.
- Գովերգում եմ քեզ, վիշապ։ Սիրտդ այս աշխարհի պես պարզ է, մաքուր։
Թո՛ղ լսելի դառնա կամքս. ճանապարհը բաց է, համեցե՛ք,- բարձրաձայն
հրամայեց Խալդին ու առյուծի մեջքին կանգնած շարունակեց իր ճանապարհը
դեպի ներքև։ Շատ չանցած երեքն էլ ջնջվեցին տեսադաշտից։ Եվ այդպես
ժայռափոր դռնից աշխարհ մտան Խալդիայի մեծանուն աստվածները։
«Եղբայրներն իրենց հետ լույս էին բերում»
Խալդիին հաջորդեց գերագույն եռյակի թվով երկրորդ աստվածը՝
Թեյշեբան: Կայծակի և պատերազմի տիրակալը՝ կանգնած ցլի մեջքին, իր կնոջ՝
աստվածուհի Խուբայի, որդու՝ ծիածանի աստված Տուրանիի հետ, ոգևորիչ
դիմավորեց աշխարհը.
- Տուրանի, մի տե՛ս,- ասաց Թեյշեբան՝ ձեռքի թրթռացող շանթերն
աշխարհին ի ցույց դնելով,- տիեզերքը մեր պատվին է ստեղծել այս հողերը:
Բոլորս պատասխանատու ենք դրանց բարօրության համար: Մեր առաքելությունն
է սովորեցնել գալիք ժողովրդին՝ ինչպես ապրել, ստեղծել, բնության լեզուն
հասկանալ, օգուտ քաղել, կռվել, հաղթել… Այդ բեռը մեր ընտանիքն է կրելու
այնքան, ինչքան աստղերը կհուշեն:
- Հիրավի,- համաձայնվեց վիշապը,- թո՛ղ աստեղատան մեծերն իրենց աչքը
Ձեր ընտանիքի վրա պահեն:
Հինգգլխանին խոնարհաբար ողջունեց ու ճանապարհ բացեց չորսի համար
և մթության միջով բոլորը շանթերի լույսի հետևից գնացին:
Գերագույն եռյակի թվով երրորդի հերթն էլ հասավ. արևի աստվածը՝
Շիվինին՝ թևավոր արեգակի սկավառակը գլխավերևում, իր աստվածուհու՝
Տուշպեայի և եղբոր՝ լուսնի աստված Շիելարդիի հետ, մուտք գործեց Խալդիա:
Հատկանշական էր նրա գալը, քանզի Մթին աշխարհն այլևս այդպես չի կոչվի:
- Մինչև այժմ կոչումս հնգադեմ թևարկուների ուսերին էր դրված, բայց
ժամանակները փոխվում են,- արևի աստվածը ծնկի եկավ ու ձեռքերը վեր
պարզեց,- հայտնում եմ. այսուհետև ես եմ տանելու բեռը` Խալդիայի լույսն իմ
շալակն առած: Բայց մենակ չեմ լինելու այդ առաքելության ժամանակ: Իմ
կողքին են կանգնելու կինս ու եղբայրս, ովքեր թեթևացնելու են ծանրության
չափը: Իսկ դու, վիշապ,- Շիվինին թեքվեց Հինգգլխանու կողմն ու ոտքի ելավ,- դու
օգնելու ես այդ առաքելությունը սկսել:
- Հնազանդվում եմ Ձեր կամքի առաջ, լույսի տիրակալ,- խոնարհվեց
գերբնական էակը,- ի՞նչ եք ակնկալում Ձեր ծառայից:
- Տեսնո՞ւմ ես իմ գլխավերևում թռչող սկավառակը,- ցուցամատով նշան
արեց Շիվինին,- շնորհիվ վերջինիս կախարդանքի՝ երկինք ես ելնելու…
Շիվինին ձեռքով շարժում արեց ու թևավոր արեգակի սկավառակից երեք
լուսավոր նռան հատիկ դուրս եկավ: Իսկ և իսկ Կենաց ծառի պտղի հատիկներից,
բայց տարբեր գույների: Արևի աստվածը վերցրեց ոսկեգույնը, իսկ Շիելարդիին
տվեց արծաթագույնը: Երրորդը՝ կարմրագույնը, մնաց վիշապին:
Այնժամ, երբ Հինգգլխանին ընդունեց իր բաժին հատիկը՝ բանտարկված
թևերը պոկվեցին մեջքից ու օդի մեջ արձակվեցին: Պատմում էին՝ Խալդիայի
պահապանին վայել թևերը վայրկենապես գեղեցկացրին չորս կողմը:
- Շնորհակալ եմ, տեր իմ,- վիշապի հինգ ձայներն ուրախությամբ
արձագանքեցին:
- Ամեն բան դեռ առջևում է, թևավոր վիշապ,- ժպիտը դեմքին
պատասխանեց Շիվինին ու շրջվեց Տուշպեայի կողմը,- աստվածուհիս, երեքիս
գլխավոր նպատակը վերևում է: Մեր բացակայության ժամանակ հսկի՛ր խալդյան
դարպասը: Խոստանում եմ՝ լույսով ետ կդառնանք:
Եղբայրները միասին ցատկեցին վիշապի մեջքին ու երեքով դեպի վեր
շարժվեցին: Այդժամ ներկաների ոգևորության չափն իսկապես սահման չէր
տեսնում: Հեռվից անգամ Թեյշեբայի խրախուսիչ ծիծաղն էր երկինք հասնում:
Շիվինին ու Շիելարդին հերթականությամբ կախարդեցին տիեզերքը՝ ամեն
շարժման հետ իրենցից մի մասնիկ տալով նվիրական գործին… Այսպիսով,
առաջին աստծուն ցերեկային հերթափոխը բաժին հասավ, իսկ երկրորդին՝
գիշերային: Ինչպես կանխագուշակել էին. արևը ծնունդ առավ ոսկեփայլ նռան
հատիկից, լուսինը՝ արծաթափայլ: Եվ այդպես Մթին աշխարհը պարտվեց
աստվածազարմ լույսին, իսկ Շիվինին շահեց արևի ծագման ամսվա անունը
կրելու պատիվը:
«Բոլորը նրանց գալուն էին պատրաստվում»
Արևի ծագման տոնի ժամանակ աշխարհ եկան ոչ պակաս նշանակալի մի
շարք աստվածներ. ամենահաղթ Խուտուինի, լեռների հովանավոր՝ Արնի, ջրերի
աստված՝ Աուինինա, հողի՝ Էբանի, քարանձավների՝ Աիրաինի, ճանապարհների՝
Խարա, լեռնային երկրի աստված՝ Բաբանիա…
Առանց բացառության, յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ աշխարհի
ուժեղացման ու գեղեցկացման գործում. Արուբաինիի ու Էբանիի
գլխավորությամբ Խալդիայի հողերը միաժամանակ բերք տվեցին՝ տարատեսակ
բանջարներ, տիեզերքում նմանը չունեցող մրգեր ու հատապտուղներ… Թեյշեբայի
կամքով երկարատև անձրևներ եկան։ Շիվինիի կախարդանքը տարին չորս
եղանակի բաժանեց: Արնին ու Բաբանիան լեռներ գնացին, իսկ Աիրաինին
ընդունեց Խալդիի դարպասի ու քարանձավների հսկողությունը: Խարան բացեց
ընտրյալ հողեր տանող բոլոր ճանապարհները, իսկ Աուինինան ջրային աշխարհ
ետ դարձավ…
Այդժամ միայն Խալդին էր Կենաց ծառի կողքին՝ աչքը ժայռափոր դռան
վրա պահած: Վերջինս, տագնապն ու ոգևորությունը սրտի մեջ, մարդկանց գալուն
էր սպասում.
- Բիայնիլի,- երկնային արքան բարձրաձայն դիմեց ծառին,- անեզերք
շնորհակալությունս փոխարկելի չէ, բայց ես կփորձեմ. իմ անունով ուխտ եմ
անում՝ Լուսավոր աշխարհը երբեք չի մոռանա կրտսեր աստղի խիզախ
ինքնազոհությունը: Վեց անուն, որոնք հավերժ կհիշվեն ընտրյալ հողերում, իսկ
բնության ստեղծագործությունները և, ինչու ոչ, լինելիք թագավորությունն այդ
անունները կրելու պատիվը կունենան: Չմտածեք, պահապանին էլ աչքաթող չենք
անի: Նրա պատվին մի շարք վիշապաքարեր կպատրաստենք՝ տիեզերքին ի ցույց
դնելով իրական հերոսի կերպարանքը… Եվ, երբ խոստացված պահը գա,
աշխարհների միջև ճեղք կբացենք ու Հինգգլխանիի հետ միասին կհեռանանք
թագավորությունից: Այդօր իմ դարպասը հավերժ խուլ կմնա, բայց դա չի
խանգարի նոր ու ավելի հետաքրքիր առասպելների առաջացման: Խոստանում
եմ՝ աստեղատան աշխարհը երբեք չի դադարի իր գոյությունը,- Խալդին վերջին
բառի հետ ջուր տվեց ծառին ու շարունակեց մենախոսությունը.
- Աշխարհածառ, առանց նեղության ծաղկես-ծիրանես աստղերի հովանու
ներքո և երբեք ոչ մեկի առջև չխոնարհվես: Թեև ամրոցի կախարդանքը կսևացնի
փնտրողի միտքը, քեզ կճանաչեն բոլորն ու անվանդ հետ պեսպես առասպելներ
կհմայեն: Իմ բացակայության ժամանակ խոսքերս միտդ կպահես,- գերագույն
արքան ժպիտով ավարտեց խոսքն ու հայացքը նորից դեպի դարպասն ուղղեց:
Աստվածներից հետո Խալդիա ժամանեցին կախարդական հոգիները, ում
անունները հետագայում ժողովրդական խոսքի մեջ կդրոշմվեն: Այնուհետև
կիսաստվածները, ովքեր պատմություն կփոխեն: Վերջում՝ կենդանիները,
թռչյունները, միջատները… Եվ բոլորի գալը, ավանդույթի համաձայն, հսկեց
Հինգգլխանին:
Ավաղ, աշխարհի ստեղծման հիմնական շարժառիթը սպասված ժամից
ուշանում էր:
- Տեր իմ, Լուսավոր աշխարհը պատրաստ է,- հաղթանակի աստվածը
խոնարհվեց Խալդիի առջև ու հարմար տեղ զբաղեցրեց ծառի կողքին:
- Մնացին մարդիկ,- մտազբաղ շշնջաց Խալդին,- ի՞նչ ես կարծում, մեր
խոստումները կիրագործվե՞ն:
- Հաղթանակի աստծո հեռանկարում կասկածներ չեն լինում,- կրակ կտրած
ժպիտով պատասխանեց Խուտուինին,- ընտրյալ ժողովրդին վայել ուշանում են,
ուրիշ ոչինչ: Երբ ժամանեն, ամեն բան իր տեղը կընկնի: Հարցերն ու
պատասխանները նույնպես:
- Լավատեսությամբ ես լցված: Հարգի սովորություն է,- ռազմի աստվածն իր
ձեռքը Խուտուինիի ուսին դրեց ու աչքով նշան տվեց,- մտքիցդ չհանես ներսիդ
լույսով կիսվելու առաքելությունը:
- Երբեք, տեր իմ: Աստղերը վկա՝ ես կսովորեցնեմ գալիք ժողովրդին
հաղթել:
- Կենա՛ցդ, հաղթանակող,- ասաց Խալդին ու գավաթը՝ լի նորահաս
խաղողի ջրով, հպարտությամբ վեր պահեց:
- Պատիվ ունեմ: Կենա՛ցդ, երկնային արքա,- երկուսն աստվածավայել
դատարկեցին գավաթները…
***
Որոշ ժամանակ անց աշխարհածառի մոտ հավաքվեցին համայն մեծերը:
Անմահ երկրի էակները բնության հետ միասին հոյակապ տեսարան բացեցին
լեռնային ժողովրդի պատվին. չքնաղները՝ կարմրագույն ծաղիկերով ու ձեռագործ
շորերով, ուժեղները՝ զենքերով ու զրահներով:
Փոփոխությունն արդեն շոշափելի էր օդում, ջրում, լեռներում… Թռչյունները
միավորված վեր էին սլանում՝ թևարկուներին լուրը ճամփելու նպատակով:
Ոսկեփայլ արևն անիրական ճառագայթում էր ամբողջ թագավորությունում, իսկ
երկինքն անեզր ծովի էր վերածվում: Հինգգլխանին կախարդական շնչառության
հետ խաղ էր անում՝ ծաղիկների թերթերը զեփյուռի հետ պարացնելով: Խալդյան
անմահներն այլևս չէին թաքցնում իրենց ոգևորությունը: Բոլորի աչքերն
ակնկալման ապրումով էին վառվում…
Եվ հանկարծ մի հիասքանչ պահի տոնախմբությունն ընդհատվեց ու
ներկաների ուշադրությունը Խալդիի դարպասը գրավեց: Պատմում էին՝ այդժամ
նորահնար թագավորությունը շունչը պահած վերջին պակասող ձայնն ունկնդրեց.
թը՛խկ-թը՛խկ…
Համաձայն ճշմարիտ առասպելի՝ թակոցի հետ Լուսավոր աշխարհ եկան
առաջին մահկանացուները, ովքեր հետագայում մեկ այլ անունով
կանվանակոչվեն…
«…Թևավորող պատմությունը կրտսերի,
Ով իր լույսը զոհեց հանուն լեռնային ժողովրդի,
Պատմում էին քույրերն ու եղբայրները հնամենի,
Եվ կոչում էին աստղին՝ Բիայնիլի»
Comments