top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Ասք թրի, նիզակի ու վրեժի մասին», հեղինակ՝ Արթուր Առաքելյան




Կար մի դարաշրջան, երբ աշխարհը լի էր մոգությամբ, առասպելական արարածներն ապրում էին մարդկանց կողքին, ռազմիկները փառք էին վաստակում իրենց արիությամբ, իսկ գուսանները գովերգում էին նրանց սխրանքներն իրենց երգերում։

Այդ դարաշրջանում երկրի վրա սփռված էին բազում թագավորություններ և դրանցից ամենահարուստն ու գեղեցիկը Լեռնածովքն էր։ Մի հսկա լեռնապատ երկիր, որ տարածվում էր երեք ծովերի շուրջ՝ Երկնածովի, Վիշապածովի ու Կապուտանի։  Լեռնածովքից հարավ ընկած էր Մեծ Անապատը, որտեղ ծնվում ու կործանվում էին բազմաթիվ կայսրություններ։ Հազարամյակներ շարունակ Մեծ Անապատի ժողովուրդները փորձում էին տիրանալ Լեռնածովքին, բայց նրանց բանակներն ամեն անգամ ջարդուփշուր լինելով նահանջում էին` այդպես էլ չանցնելով լեռների պատնեշը։

Մեծ Անապատի ու Լեռնածովքի սահմանագծին էր գտնվում անառիկ Սարաբերդը, որի իշխանները միշտ առաջինն էին կանգնում թշնամու անհաշվելի հրոսակների դեմ։ Այդպես շարունակվում էր սերնդեսերունդ։ Բոլորը վստահ էին, որ թշնամին երբեք չի հաղթի Սարաբերդի պաշտպաններին ու չի ներխուժի Լեռնածովք, սակայն ճակատագիրն, ինչպես հայտնի է, անողոք է չափից ավելի ինքնավստահների նկատմամբ…


***


Սարաբերդի հրապարակում մեծ տոն էր` իշխանորդի Ոսկանի հարսանիքը։ Տոնախմբությանը մասնակցելու համար հյուրեր էին հավաքվել ողջ Լեռնածովքից։ Այստեղ էին մայրաքաղաք Վանադվինի ամենահարուստ ազնվականները, Բյուր Տաճարների Քաղաքի հայտնի արհեստավորները և նույնիսկ հեռավոր Մուսասիրի քրմերը։ Ժամանել էին նաև Լեռնածովքի ոչ մարդկային ցեղերի ներկայացուցիչները` կատակասեր պայերը, անտառների բնակիչ խորհրդավոր դևերն ու հաղթանդամ տորքերը` Անգեղտուն գավառից։

Բազմազան ուտեստներով բեռնված երկար սեղանները ճկվում էին ծանրությունից։ Գինու գավաթները լցվում ու դատարկվում էին երկար ու պերճախոս կենացների ներքո։

Հարսանիքին էին հրավիրված Լեռնածովքի լավագույն գուսանները, ովքեր միմյանց դեմ մրցում էին ամենաբուռն ծափահարությունները ստանալու համար։ Տոնական մթնոլորտն ամենուր էր: Նույնիսկ ամրոցի պահապաններն էին թողել պարտականություններն ու միացել խրախճանքին։

Հարսին ու փեսային այս ամբողջ աղմուկն ու իրարանցումը քիչ էր հետաքրքրում, նրանք տարված էին միմյանցով ու շուրջը ոչինչ չէին նկատում։ Ոսկանը ամրակազմ սևահեր երիտասարդ էր, ով դեռ չէր հասցրել իր քաջությամբ փայլել մարտի դաշտում, բայց բոլորը փառահեղ ապագա էին կանխագուշակում նրա համար։ Նրա հարսնացու Գիսանեն հայտնի ռազմիկների տոհմից էր։ Գիսանեին տեսնելով՝ շատերն էին նախանձում Ոսկանին:

Խնջույքի ամենաթեժ պահին բոլորն անմիջապես լռեցին, երբ Սարաբերդի ծեր իշխանը ոտքի կանգնեց իր խոսքն ասելու համար։ Իշխանն, իր ողջ տեսքով, ուժ ու իմաստություն էր ճառագում։ Նրա երկար սպիտակ վարսերը պսակված էին իշխանական արծաթե թագով։ Լայն ուսերից կախված օրորվում էր արնագույն թիկնոցը։ Նրա դեմքն ու ձեռքերը պատված էին բազմաթիվ ճակատամարտերից հիշողություն մնացած սպիերով։

Իշխանը ձեռքով նշան արեց, որ որդին մոտ գա։ Ոսկանը չուզենալով բաժանվեց սիրելիից ու մոտեցավ հորը։ Իշխանը գլխից հանեց թագն ու սկսեց խոսել.

- Հազար տարի առաջ իմ նախնին, ով այս նույն թագն էր կրում, կառուցեց մեր բերդաքաղաքն ու երդվեց պաշտպանել Լեռնածովքի հարավային սահմանը։ Նրա գործը շարունակեցին որդիները, թոռներն ու ծոռները։ Տարիները մեկ ակնթարթի պես են անցնում։ Կարծես երեկ էր, երբ հայրս թագն ինձ փոխանցեց, բայց արդեն ժամանակն է, որ ես էլ այն ժառանգիս զիջեմ։

Ոսկանն ու բոլոր ներկաները շփոթված էին։ Իշխանը ծեր էր, բայց լի էր ուժերով։ Բոլորը վստահ էին, որ նա դեռ երկար տարիներ պիտի իշխի։

- Սիրե՛ք ու հնազանդվե՛ք ձեր նոր իշխանին` Ոսկան Սարաբերդցուն, ինչպես որ ինձ էինք սիրում ու հնազանդվում, - ասաց իշխանն ու պատրաստվեց թագը դնել որդու գլխին։

Այդ պահին մի նետ մխրճվեց նրա կրծքի մեջ։ Թագը վայր ընկավ թուլացած ձեռքերից։ Արյունը սկսեց ներքև ծորալ զրահի վրայով։ Իշխանի անշնչացած մարմինն ընկավ որդու գիրկը։

Մինչ հյուրերը կհասկանային, թե ինչ է կատարվել, չորս կողմից ներս խուժեցին սև զրահներ հագած ռազմիկներ։ Տոնը արյունահեղության վերածվեց, ամրոցը լցվեց ճիչերով ու հառաչանքներով։

Սարաբերդցի փոքրաթիվ ռազմիկները սկսեցին կատաղի դիմադրություն ցույց տալ։ Յուրաքանչյուրի առջև մի բլուր գոյացավ սպանված թշնամիների մարմիններից։

Օգնության հասած հեծյալների ջոկատը մխրճվեց անապատցիների շարքերի մեջ։ Ոսկանը ցատկեց իրեն մոտեցված ձիու վրա ու միացավ ճակատամարտին։ Կռվի թոհուբոհի մեջ նա հայացքով անընդհատ փնտրում էր Գիսանեին, բայց չէր գտնում։ Ամրոցի պաշտպանները սկսեցին դանդաղորեն ետ մղել թշնամու ուժերին։

Տեսնելով դիմադրությունը` անապատցիները գործի դրեցին կախարդանքը։ Երկարամորուս հրամոգերը սկսեցին կրակի մահաբեր գնդեր նետել պաշտպանների ուղղությամբ։ Առաջին շարքում կռվողները չոր տերևի պես բռնկվեցին ու մի ակնթարթում մոխիր դարձան։ Մոգական կրակից խուսափած պաշտպանների գլխին թափվեցին կախարդված նետերը, որոնց դեմ անզոր էին վահաններն ու զրահները։ Նետերից մեկը խոցեց նաև Ոսկանին։ Նրա աչքերի առաջ սկսեց խավար իջնել։ Վերջին բանը, որ տեսավ, գետնին ընկած Գիսանեն էր։ Նրա նախշազարդ զգեստը ներկված էր կարմիրով, անկենդան ձեռքը դեռ սեղմում էր փոքրիկ դաշույնը։

Ոսկանի թուլացած մարմինը կախվեց ձիու մեջքին։ Ղեկավարող ձեռքից զրկված նժույգը, բնազդին հետևելով, շտապեց հեռու վազել մարտադաշտից` իր հետ տանելով վիրավոր հեծյալին։


***


Ոսկանն ուժասպառ վայր ընկավ ձիուց ու հայտնվեց սառը քարերի վրա։ Սև մոգությամբ ներծծված նետն անասելի ցավ էր պատճառում, դանդաղ թունավորում մարմինն ու խլում կենսական ուժերը: Առավել ուժգին էր կորստի ցավը։ Նրանից անվերադարձ խլեցին այն ամենն, ինչ սիրում էր։ Ոսկանը հասկացավ, որ մեռնում է։ Այլևս ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ուներ կլանող խավարին դիմադրելու։ Մահը տառապանքից ազատվելու քաղցր միջոց էր թվում։ 

Վերջին պահին ինչ-որ մեկի ձայնը Ոսկանին դուրս քաշեց անէությունից։ Նա զգաց, թե ինչպես են մկանները կրկին ուժով լցվում։ Աչքերը բացելով` Ոսկանը գլխավերևում տեսավ հսկա գամփռներ հիշեցնող երկու թևավոր արարածների` արալեզների։ Նրանցից մեկը բերանում պահում էր քիչ առաջ Ոսկանի կրծքի տակ խրված նետը։ Իշխանորդին ոտքի կանգնեց ու զննեց վերքը։ Այն հազիվ նշմարվող սպիի էր վերածվել։ Գամփռները սկսեցին բարձրանալ բլուրն ի վեր, Ոսկանը հետևեց նրանց։ Խորհրդավոր ձայնը շարունակում էր լսվել նրա գլխում ու հետզհետե ուժեղանում էր։ Արալեզները Ոսկանին ուղեկցեցին բլրի գագաթին տեղադրված վիշապաքարի մոտ, որից հետո թևերը թափահարելով վեր բարձրացան ու անհետացան գիշերային երկնքում։ 

Ոսկանը զգաց, որ իրեն այդ խորհրդավոր քարակոթողն էր կանչում։ Նա ձեռքը դրեց հինավուրց քարին, ու հենց այդ պահին շրջապատող աշխարհն անհետացավ։ Բլրի փոխարեն հիմա նա կանգնած էր փոքրիկ կղզյակի վրա։ Շուրջ բոլորը անթափանց մշուշով պատված լիճ էր։ Ջրի միջից վեր հառնեց մի հսկայական հրեշ ու օձաձև մարմնով պարուրեց փոքրիկ կղզյակը։ Հրեշը բարձրացրեց թագաձև կոտոշներով պսակված գլուխն ու հայացքն ուղղեց իշխանորդուն։ Ոսկանը հասկացավ, որ իր առաջ վիշապ է։ Շատ անգամներ էր նա տեսել այդ արարածի պատկերը մագաղաթյա հին ձեռագրերում, բայց միշտ մտածել էր, թե դրանք, պարզապես, մանրանկարիչների երևակայության արդյունքն են։ 

- Ինչո՞ւ եմ այստեղ,- հարցրեց Ոսկանը։

- Մենք` վիշապներս, երդվել ենք պաշտպանել աշխարհը, - խոսեց հրեշը։ Բառերն արտասանելիս նրա երախը չէր շարժվում։ Խոսքերը հնչում էին անմիջապես Ոսկանի գլխում: - Երբ տիրակալ Բելը սպառնում էր աշխարհին, նրան հաղթելու համար մենք մոգական նետ ու աղեղ շնորհեցինք ընտրյալ ռազմիկին։ Եկել է նոր ճակատամարտի ժամանակը։ Բելի ժառանգորդը դարձյալ ցանկանում է նվաճել աշխարհը։ Ինչպես քո նախնին, դու ևս մոգական զենք կստանաս ու կառաջնորդես Լեռնածովքի ժողովուրդներին չարի դեմ պայքարում։ Պատրաստ ես արդյո՞ք։

- Վրեժից առավել ոչինչ չեմ տենչում, - պատասխանեց Ոսկանը։

- Թող այդպես լինի, - կրկին լսվեց վիշապի ձայնը։

Երկնքից մի կայծակ շառաչյունով հարվածեց լճի մեջ՝ վիշապի ու Ոսկանի միջև։  

Ոսկանը մոտեցավ հարվածի տեղին։ Ջրի մակերեսին կայծեր էին ցատկոտում, իսկ խորքում ինչ-որ բան էր փայլում։ Ոսկանը տիղմի միջից դուրս հանեց մի անսովոր սուր՝ կայծակ հիշեցնող ալիքաձև շեղբով: Մշուշոտ աշխարհն անէացավ` կարծես երբեք էլ չէր եղել։ Իշխանորդին կրկին հայտնվեց բլրի վրա։ Թվում էր, թե կատարվածն ընդամենը երազ էր, միայն թե սուրը դեռ նրա ձեռքում էր…


***


Երկար քարավանն օձի պես գալարվում էր անտառապատ ձորակի միջով։ Թանկարժեք  բեռներով լցված սայլերի անվտանգությունը հսկում էին Մոգ-կայսրի սևազրահ զինվորները։ Սայլերի վրա ծածանվում էին կայսերական սև դրոշները` բոլորին զգուշացնելով, թե ում է պատկանում բեռը։ Արևն արդեն մայր էր մտնում, ստվերները հետզհետե թանձրանում էին` տեղը զիջելով գիշերվա խավարին։ Շուտով լույսի վերջին ծվեններն էլ անհետացան ու սևազրահ ռազմիկները վառեցին ճրագները։ Անտառի խորքում լսվեց ինչ-որ մեկի ահեղ մարտակոչը, բոլոր կողմերից նետեր սուլացին։ 

- Ավազակները… Պաշտպանե՛լ բեռը, - հասցրեց ճչալ քարավանն առաջնորդող հեծյալն ու նետը կոկորդում ընկավ ձիուց։ 

Ծառերի ստվերները, կարծես կենդանանալով ու ռազմիկների վերածվելով, բոլոր կողմերից թափվեցին քարավանի վրա։ Շողշողացին սրերն ու դաշույնները։ Թակարդում հայտնված անապատցիներն անզոր էին դիմադրել։ Բոլոր ավազակներից առանձնանում էր ծանր սակրով զինված մի սևահեր ռազմիկ։ Նա նետվում էր թշնամու շարքերի մեջ ու տապալում բոլորին` կատաղի փոթորիկի պես։ Թվում էր, թե այս ռազմիկն ամենևին չի խնայում կյանքն ու ամեն ինչ անում է մարտում զոհվելու համար, սակայն սևազրահ զորականների մեջ չկար մեկն, ով կկարողանար խլել նրա կյանքը։ Կռվի ելքն արդեն վճռված էր թվում, երբ վերջին սայլից ներքև ցատկեց երկար մորուքով մի անապատցի` վառվող ճրագը ձեռքին։ Նա սկսեց անհայտ լեզվով բառեր մռթմռթալ։ Նրան ենթարկվելով` կրակի լեզվակները երկարեցին ու սկսեցին հրեղեն օղակներ գծել օդում։ 

Ավազակները սկսեցին ետ քաշվել։ Այսպիսի հակառակորդի նրանք պատրաստ չէին։ Դարձյալ առաջ նետվեց խենթ ռազմիկը։ Հմտորեն խուսափելով հրեղեն մտրակների հարվածներից` նա մոտ վազեց հրամոգին ու սակրի մի հարվածով վերջ տվեց նրա կյանքին։ Հմայախոսքերը մնացին մոգի կոկորդում։ Ողջ մնացած հատուկենտ անապատցիները փախան անտառի խորքը` լքելով իրենց վստահված գանձերը։ 


***


Կեսգիշերին ավազակներն արդեն տոնում էին հաղթանակն իրենց գաղտնի ճամբարում` անտառի խորքում թաքնված մի հինավուրց կիսաքանդ ամրոցում։ Հարուստ ավարն արդեն բաժանված էր։ Հավաքվելով խարույկի շուրջ` ավազակներն, իրար հերթ չտալով,  պատմում էին իրական ու հնարովի քաջագործությունների մասին։ Ամրոցի կիսավեր պատերն արձագանքում էին քրքիջի ձայներից։ Լուռ էր միայն սևահեր խենթը։ Բոլորից հեռու նստած, նա իրար ետևից դատարկում էր գինու գավաթները։ Խմիչքը շատ արագ սպառվեց և նա, այս ու այն կողմ օրորվելով, քայլեց դեպի մառանը` նոր կուժի ետևից։

Մառանի մոտ նրա ճանապարհը կտրեցին կանաչ թիկնոցների ու գլխանոցների տակ թաքնված երկու անծանոթներ։ Սկզբում ռազմիկը կարծեց, թե նրանք իր ավազակախմբից են, բայց համոզվեց, որ չարաչար սխալվել է, երբ նրանցից մեկը, երկար կեռ դաշույններ հանելով, հարձակում գործեց։

Ավազակը ձեռքը տարավ գոտիին, ուր պետք է կախված լիներ սակրը, բայց զենքը խարույկի մոտ էր մնացել։ 

«հոգ չէ, բռունցքներս հո միշտ հետս են», -  մտածեց նա` փորձելով դրանք իջեցնել ախոյանի դեմքին։ Ճարպիկ ու արագաշարժ հակառակորդը հեշտությամբ խուսափում էր հարվածներից։ Ռազմիկն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես գետնին տապալվեց։ Անծանոթը ձեռքով սեղմեց նրա բերանը` զրկելով զինակիցներին կանչելու հնարավորությունից։ Լուսնի լույսը մի պահ լուսավորեց հարձակվողի դեմքն ու ավազակը գլխանոցի տակ կանացի դիմագծեր նկատեց։ Դաշույնով ձեռքը սրնթաց ներքև իջավ։

- Կա՛նգ առ, Լուսան,- հրամայեց երկրորդ անծանոթն, ով ամբողջ ընթացքում չէր խառնվում կռվին։ Դաշույնի սայրը կանգ առավ Ոսկանի կոկորդից մի մազաչափ հեռավորության վրա։ - Նրան սպանելու համար չենք եկել։

- Եղբայր, մի՞թե այս փնթի վարազն է Վիշապի ընտրյալը, - ասաց Լուսանն ու վեր կացավ ավազակի վրայից։ 

Ձայնը կանացի էր, փաստորեն տեսողությունը չէր խաբել։ Մի՞թե իրեն հաղթողը կին էր։ 

- Ովքե՞ր եք, գրողը ձեզ տանի, - հարցրեց ավազակը` ոտքի կանգնելով։ Արբածությունից հետք անգամ չէր մնացել։

Գիշերային այցելուները ետ նետեցին գլխանոցները։ 

Նրանք ձյունաճերմակ վարսեր ունեին, մոխրագույն մաշկ, սրածայր ականջներ ու դեղինով վառվող կատվային աչքեր։ Լեռնածովքի անտառների բնակիչ սպիտակ դևերից էին։

- Ավելի կարևոր է, թե ով ես դու, Ոսկան, - խոսեց տղամարդ դևը։ -  Ավազա՞կ, հարբեցո՞ղ․․․ Մի՞թե սրա համար է քեզ երկրորդ կյանք տրվել։ 

Դևը բարձրահասակ ու նիհար էր։ Մինչև ուսերը հասնող ճերմակ մազերը նրան ազնվական կեցվածք էին հաղորդում։ Կրծքին փայլում էր վիշապաքարի տեսքով մեդալիոնը։ Ոսկանը հիշեց, որ այդպիսի զարդ կրում էին դևերի քրմերը։ 

- Մենք Մեծն Վիշապի սպասավորներն ենք, եկել ենք քեզ հիշեցնելու առաքելությանդ մասին, - քամահրանքով ասաց դևուհին` դաշույնները թիկնոցի տակ թաքցնելով։

Կեցվածքով նա գիշատիչ կատու էր հիշեցնում։ Իզուր չէ, որ եղբայրը նրան Լուսան կոչեց։ Դիվուհու դեսուդեն ցցված կարճ մազերը ավելի էին ընդգծում նրա սրածայր ականջները։ Աջ այտը զարդարված էր վերից վար իջնող բարակ սպիով, որը, սակայն, չէր փչացնում նրա դեմքի վայրի գեղեցկությունը։ 

- Ես ոչ մի առաքելություն էլ չունեմ։ Ձեր մողեսից էլ ոչինչ չէի խնդրել, - հոխորտաց Ոսկանը։

- Մողե՞սից, - հունից դուրս եկավ դիվուհին։ Դաշույնները կրկնին նրա ձեռքերում հայտնվեցին։ - Զարեն, թույլ տուր օծեմ հողն այս երախտամոռի արյունով։

Զարենը կրկին կանգնեցրեց նրան, թեև ակնհայտ էր, որ իրեն էլ բարկացրեց վիշապի հասցեին հնչած կոպիտ խոսքը։

- Շատ բարի - արտասանեց նա` չթաքցնելով խորը հիասթափությունը։ - Եթե սա է քո ընտրությունը, ուրեմն վերադարձրու Թուր-կեծակին։ Դու այդ զենքին արժանի չես։

- Կվերադարձնեի մեծ սիրով, ուղղակի արդեն վաղուց փոխանակել եմ այն երկու տակառ գինու հետ։

- Երկու տակառ գինո՞ւ, - ապշեց Զարենը, - սրբազան սո՞ւրը։

- Գնանք եղբայր, երևում է իմաստուն վիշապներն էլ անսխալական չեն, - ասաց Լուսանը` եղբոր թիկնոցից քաշելով։

Նրանք վազեցին անտառի կողմ ու անհետացան խավարում։ 


***


Ոսկանը երկու կուժ գինի վերցրեց ու վերադարձավ զինակիցների մոտ։ Ոմանք դեռ շարունակում էին գինարբուքը, մյուսներն արդեն քնած էին։ Ոսկանն ընկավ մահճակալին փոխարինող խոտի դեզի վրա։ Շատ չանցած, նա արդեն երազների աշխարհում էր, որտեղ դարձյալ տեսավ վիշապաքարն ու մշուշոտ լիճը։ Մշուշի միջից լսվեց հոր կանչող ձայնը, այնուհետև թանձր գոլորշու միջից դուրս եկավ երկար սպիտակ զգեստով մի կին: Նա քայլում էր լճի մակերեսին, ոտքերն օղակներ էին գծում ջրի վրա։ Կինը մոտեցավ, բարձրացրեց գլուխն ու խիտ վարսերի տակից հայացքն ուղղեց Ոսկանին: Գիսանեն էր…

- Դու մոռացար ինձ,- հնչեց  թախիծով ու դառնությամբ լի նրա ձայնը։ 

- Ոչ, ոչ, երբեք, - սկսեց գոռալ Ոսկանը։  

- Դու մոռացար ինձ,- կրկնեց Գիսանեն` այս անգամ արդեն դատապարտող ձայնով։ 

Ոսկանը ձեռքերն առաջ մեկնեց` սիրելիին գրկելու համար, բայց նրա պատկերը ծխի պես հալվեց ու անհետացավ։ Կատաղի քամին սկսեց ալեկոծել լիճը։ Քիչ անց Գիսանեն կրկին հայտնվեց Ոսկանի առաջ։ Այս անգամ սպիտակ զգեստի փոխարեն նրա հագին զրահներ էին։ Երկար վարսերը ծածանվում էին քամուց։ Ձեռքի մեջ փայլում էր Թուր-կեծակիի ալիքաձև շեղբը։

- Վրեժ լուծի՛ր, - հրամայեց նա, - թող այս սուրը լինի անօրենների դատավորը։

Ոսկանն արթնացավ։ Երազների աշխարհից դարձյալ դուրս շպրտվեց իրականություն։ Սիրտը բաբախում էր թմբուկի պես։ Մի քանի րոպե պահանջվեց շունչը տեղը բերելու համար։ Գիսանեի խոսքերը դեռ արձագանքում էին նրա գլխում։

Լուսաբացն արդեն մոտ էր։ Նա լքեց ամրոցի ավերված պատերն ու երկար քայլեց անտառում մինչև որ գտավ շրջակա ծառերից առանձնացող մի հսկա կաղնի։ Ձեռքերով փորեց հողը, կաղնու արմատների մոտ թաղված երկար կաշվե կապոց գտավ, վերցրեց այն ու վերադարձավ ճամբար։

Ավազակներն արդեն զարթնել էին ու հավաքվել խարույկի շուրջ՝ համեստ նախաճաշ պատրաստելու։ Ավազակախումբը մի խայտաբղետ ջոկատ էր, որ միավորել էր տարբեր տարիքի ու ծագման մարդկանց։ Շատերն էին ճարահատյալ ավազակության ուղին բռնել` Մոգ-կայսեր լծից դրդված 

- Հը՞, Խենթո, հաջորդ անգամ ո՞ւմ գանձերն ենք թռցնելու, - հարցրեց ելուզակներից մեկը` տեսնելով Ոսկանին։

Ոսկանը երբեք չէր ձգտել ավազակախմբի առաջնորդը լինել, բայց բոլորը գիտեին, որ նա խմբի ամենաուժեղ ռազմիկն է, ուստի հենց նրան էին առաջնորդ համարում։ 

- Ուրիշի գանձերը մեզ պետք չեն։ Ժամանակն է, որ վերադարձնենք այն, ինչ մեզանից են գողացել, - ասաց Ոսկանը։ - Անապատցիներին մեր լեռներից դուրս քշելու ժամանակն է։ 

Ելուզակները սկսեցին ծիծաղել, բայց Ոսկանի դեմքին վճռականություն տեսնելով, հասկացան, որ ամենևին էլ կատակ չի անում։ 

- Բայց Խենթո, Մոգ-կայսեր զորքը ծովափի ավազից շատ է, - ասաց մի ավազակ։ - Համ էլ մեզանից ի՞նչ ազատամարտիկ։ Հասարակ ավազակներ ենք, մեր շարքերում դյուցազուն տորքեր չկան։

- Դեռ չկան, - ասաց Ոսկանը։


***


Լեռան լանջը պատված էր խորը վերքեր հիշեցնող քարանձավներով: Շղթայված հսկաները, մրջյունների նման, հերթով իջնում էին ներքև ու վեր բարձրանում` ծանր քարաբեկորներ դուրս բերելով։ Ուրիշ հսկաներ անզեն ձեռքերով մանրացնում էին քարերն ու դրանցից առանձնացնում ոսկին: Սևազրահ ռազմիկները հետևում էին աշխատանքներին ու երկաթագամ մտրակներով հարվածներ հասցնում դանդաղողներին: 

Ոսկանն իր երկու ամենահավատարիմ զինակիցների հետ հետևում էր այս տեսարանին ժայռերի բարձունքից։ Ծանր էր տեսնել, թե ինչպես են երբեմնի հպարտ դյուցազունները, վերածվել խղճուկ ստրուկների։ Տորքերի նախնին հռչակավոր դյուցազուն Տորք Անգեղն էր, ումից էլ ժառանգել էին անունն ու անհավանական ուժը։ Լեռնածովքում տորքերը հայտնի էին, որպես հավասարը չունեցող ռազմիկներ ու հմուտ շինարարներ։ Այժմ նրանց ուժը Մոգ-կայսրին էր ծառայում։

Հնչեց աղոթքի ժամն ազդարարող շեփորը։ Սևազրահ ռազմիկները մեկ մարդու պես թողեցին գործերն ու հավաքվեցին ձորակում տեղադրված քարե կուռքերի ու բագինների առաջ։ Սրանից հարմար պահ հնարավոր չէր պատկերացնել։ Ոսկանն ու երկու ելուզակները տարբեր կողմերից իջան հանքավայրի մոտ։ Առանց հսկողության մնացած տորքերը շարունակում էին աշխատանքը, թեև արդեն պակաս ջանասիրությամբ։

Ոսկանը մոտեցավ նրանցից մեկին, մատը դրեց շուրթերին՝ հասկացնելով, որ լուռ մնա։ 

Տորքին կապող շղթան չափազանց բարակ էր թվում ձեռքերով ժայռեր փշրող հսկային պահելու համար։ Ոսկանը սկսեց սակրով հարվածել շղթային։ Հանքավայրի աղմուկը քողարկում էր հարվածների ձայնը։

- Այդ ի՞նչ ես անում, մկնիկ, - հարցրեց հսկան, ով ափշած նայում էր Ոսկանին։

- Պա՞րզ չէ, մկնիկը փորձում է ազատել քեզ, - ասաց Ոսկանը։ Տորքի համեմատ նա - իրոք մկնիկ էր, այնպես որ ամենևին չվիրավորվեց այդպիսի դիմելաձևից։

- Դմբո, եթե նույնիսկ ես չեմ կարողանում այդ շղթան պոկել, դու ո՞նց պիտի կտրես։

«Իրոք որ` դմբո եմ», - մտածեց Ոսկանը, - պետք է գլխի ընկնեի, որ շղթան կախարդված է։ Միայն մոգությամբ է հնարավոր զսպել հսկաներին։ Ոսկանը ևս մի փորձ արեց` ամբողջ ուժը դնելով հարվածի մեջ։ Սակրը կոտրվեց, մինչդեռ շղթայի վրա ոչ մի խազ չավելացավ։ Ոսկանը տորքի հայացքից հասկացավ, որ մի բան այն չէ։ Շրջվելով տեսավ իր գլխավերևում կանգնած երկու անապատցու։ Նրանք արդեն պարզել էին կեռ թրերը հարված հասցնելու համար։

Մի սուլացող նետ մխրճվեց առաջին անապատցու թիակների միջև։ Երկրորդը շրջվեց նետն արձակողին տեսնելու համար և անմիջապես ընկավ` կրծքին մեկ այլ նետ ստանալով։ Ո՞վ էր նետաձիգը։ Երկու ելուզակները մարտի էին բռնվել հանքավայրի մյուս կողմում։ Ժայռերի վերևում Ոսկանը տեսավ կանաչ թիկնոցով մեկին։ Նույն պահին, չգիտես որտեղից, նրա կողքին հայտնվեց Լուսանը։

- Ի՞նչ ես ապշել, ազատի՛ր տորքերին, թե չէ բաններս բուրդ է, - ասաց նա։

- Ինչպե՞ս, - տարակուսեց Ոսկանը։

- Սրանով,- ասաց դիվուհին` ցույց տալով ավազակապետի մեջքից կախված կաշվե կապոցը։

Ոսկանը կապոցից դուրս հանեց Թուր-կեծակին։ Հազիվ էր ալիքաձև շեղբը դիպչել շղթային, երբ հակադիր մոգական ուժերի բախումից այն կայծեր արձակեց ու ծայրից ծայր փշրվեց։

Տորքը չհավատացող աչքերով նայեց ազատություն ստացած ձեռքերին, ապա ցասումով լի հայացք նետեց գրոհող անապատցիների ուղղությամբ ու ահեռ մռնչոցով հարձակվեց նրանց վրա։ Ժամանակ չկորցնելով` Ոսկանը սկսեց ազատել մնացած Տորքերին։ Այդ օրը անապատցի վերակացուներից ոչ մեկը չխուսափեց ազատված ստրուկների ցասումից։


***


- Հետևո՞ւմ էիք ինձ, - հարցրեց Ոսկանը դևերին, երբ Զարենն աղեղը ձեռքին ներքև իջավ։ 

- Կարծո՞ւմ էիր, որ այդքան հեշտ կազատվես մեզանից, - ասաց Զարենը։- Թուր կեծակին այսօր ճիշտ գործի ծառայեց։

Լուսանն անապատցու ջախջախված դիի կողքից վերցրեց նրա մտրակը, հետաքրքրությամբ ուսումնասիրեց ծայրին ամրացված մետաղյա գամերն ու պահեց թիկնոցի տակ։

Մի տորք առաջ եկավ ցեղակիցների խմբից ու մոտեցավ ավազակապետին։ Նա բարձրահասակ էր նույնիսկ տորքերի չափանիշներով։ Հողը դողում էր նրա ծանր քայլերից։ Մտրակների հարվածներից բզկտված մաշկի տակ խաղում էին պիրկ մկանները։ Քամին օրորում էր երկար սև մորուքը։ 

- Ես Ժայռահատ Տորքունին եմ՝ Անգեղտան իշխանը, - խոսեց հսկան։ Նրա ձայնը նման էր որոտի: - Կարո՞ղ եմ իմանալ մեզ ազատություն նվիրողի անունը։

- Մենք նրան Խենթո ենք կոչում, - ասաց ավազակներից մեկը։

- Իմ անունը Ոսկան է, իշխան Ոսկան Սարաբերդցի։ 

Տորքերի իշխանը կռացավ ու զգուշորեն սեղմեց Ոսկանի ձեռքը։


***


Մեկ ամիս էր անցել այն օրից, երբ Ոսկանն ու իր ավազակները ազատեցին տորքերին։ Այս ընթացքում նրանց ջոկատն աճել էր ու իսկական բանակի վերածվել։ Մոգ-կայսեր հրոսակների դեմ տարած մի քանի հաղթանակներից հետո Ոսկանի ու նրա մարտիկների փառքը տարածվել էր ողջ Լեռնածովքով։ Ապստամբության հրդեհը վառվում էր երկրով մեկ: Անապատականների լծից հոգնած ժողովուրդը երկրի տարբեր ծայրերից շտապում էր միանալ Ոսկանի բանակին։ Ապստամբներն իրենց ճամբարը տեղակայել էին Վիշապաց ծովի արևմտյան ափին:

Ոսկանը որոշեց դուրս գալ վրանից ու շրջել ծովափով` գիշերային ծանր մտքերը ցրելու համար: Ալիքների մեղմիկ խշշոցն օգնում էր մոռանալ ընթացող արյունալի պատերազմի մասին։ 

Անցնելով ճամբարի պահակակետերից մեկի կողքով` Ոսկանը նկատեց, որ ժամապահը պառկած է գետնին: 

«Մի՞թե քնած է, երբ թշնամին կարող է ամեն պահի հարձակվել» - մտածեց Ոսկանը։ 

Նա մոտեցավ և ոտքով հրեց ժամապահին։ Զինվորը չշարժվեց։ Ոսկանը շրջեց նրա գլուխն ու հասկացավ, որ մեռած է: Քիչ այն կողմ ընկած էր նաև երկրորդ ժամապահի մարմինը: Երկուսի անկենդան հայացքներում սառել էր սարսափը։ Մարմինների վրա ոչ մի վերք չկար: Նրանց մաշկը ձյան պես գունատ ու սառն էր: Ի՞նչը կարող էր այս ձևով կյանքից զրկել մարդկանց։ Ոսկանն ակամայից հիշեց մանուկ հասակում ծերերից լսած պատմությունները մարդկանց կենսական ուժերով սնվող ալքերի մասին։ Այն ժամանակ կարծում էր, թե դրանք ընդամենը մռայլ հեքիաթներ են, երեխաներին վախեցնելու համար։

Ճամբարի կողմից ճիչ լսվեց։ Ոսկանը վազեց աղմուկի կողմ ու վրա հասավ այն պահին, երբ սև ստվերի նմանվող ինչ-որ բան իր երկար շոշափուկներով պատել էր տորքերից մեկին։ Հսկան դեռ փորձում էր ազատվել մղձավանջային հրեշի ճիրաններից, բայց կենսական ուժերն արագորեն լքում էին նրա մարմինը։ 

Ոսկանը դուրս հանեց սուրն ու օգնության նետվեց։ Կեծակիի փայլը կարծես վախեցրեց ստվերին, նա բաց թողեց զոհին ու ետ նահանջեց։ Տորքի գունատ մարմինը ժայռի պես տապալվեց գետնին։ Աղմուկն աննկատ չէր մնացել։ Զարենը, Լուսանն ու ևս մի քանի ռազմիկ վրա հասան ու կանգնեցին Ոսկանի կողքին։ Ծառերի ետևից ևս երկու ստվեր դուրս սողացին ու միացան առաջինին։ Նրանք շրջապատեցին ռազմիկների խմբին ու սկսեցին պտտվել նրանց շուրջ։ Երկար շոշափուկները պարբերաբար դուրս էին թռչում խավարից ու հարվածներ հասցնում։ Ռազմիկներից մեկին դուրս քաշեցին խմբից։ Նա սարսափած ճիչ արձակեց ու հանկարծակի լռեց։ Լուսանն իր դաշույններից մեկը նետեց ստվերների ուղղությամբ, բայց վրիպեց։ Մահաբեր շուրջպարը գնալով սեղմվում էր։ Եվս երկու ռազմիկ զոհ գնացին շոշափուկներին։

Թիկունքից վտանգ կանխազգալով` Ոսկանն արագ շարժումով ետ շրժվեց։ Նրա սուրն օդում շրջան գծեց։ Առաջ պարզված շոշափուկներից մեկը կտրվեց ու գետնին ընկավ։ Լսվեց մի սարսափազդու ոռնոց։ Ստվերներից մեկը թանձրացավ ու խիտ սև մորթով պատված մարդանման արարածի տեսք ստացավ։ Նրա մի թաթը կտրված ու ընկած էր Ոսկանի ոտքերի մոտ։ Թրի կտրուկ հարվածով Ոսկանը գլխատեց գազանին։ 

- Մետաղին դիպչելով ալքերը կորցնում են իրենց ուժը, վերադառնում են իսկական տեսքին ու խոցելի դառնում, - բացատրեց Զարենը։

- Բա ինչո՞ւ շուտ չէիր ասում, - ասաց Լուսանը։ 

Նա գոտիի վրայից հանեց մտրակն ու սկսեց պտտել օդում։ Ալքերը խուսանավում էին մետաղյա գամերից։ Նրանք արագաշարժ էին, բայց Լուսանն էլ չէր զիջում։ Մտրակի տակ ընկած ալքերից մեկը մի քանի ակնթարթով մարդանման տեսք ստացավ ու Լուսանը հասցրեց նրա մազածածկ կրծքի մեջ խրել իր երկրորդ դաշույնը։ Ոսկանն ու դևերը շրջապատեցին վերջին ալքին։ Մտրակի պտույտներից փախչելով՝ նա հանդիպեց Ոսկանի առաջ պարզած սրին։ 

Ճամբարի բոլոր կողմերից աղաղակներ էին լսվում…


***


Մղձավանջային գիշերը մի ամբողջ հավերժություն թվաց։ Շատերն այդպես էլ չտեսան լուսաբացը։ Ալքերի ոհմակը փոթորիկի նման անցել էր ճամբարով ու ամենուր մահ սփռել։ Տասնյակ զորականներ ընկել էին համառ կռվում, Հարյուրավորները սպանվել էին նույնիսկ չհասցնելով արթնանալ քնից։ Գրոհը հաջողվեց կասեցնել, բայց ոչ մեկ չէր համարձակվի դա հաղթանակ կոչել։ Սպանվել էին 40 ալքեր, թե քանիսին էր հաջողվել փախչել` հայտնի չէր։

Ոսկանն իր վրանում ժողով հրավիրեց կատարվածը ծանր ու թեթև անելու համար։

- Հայտնի փաստ է, որ ալքերը միայնակ են գործում, - խոսեց ապստամբներին միացած պայերի հրամանատար Գոռակ Երկարակոտոշը`այծի կոտոշներով ու սմբակներով մի ռազմիկ: - Նրանք միշտ թույլ զոհեր են ընտրում, հարձակվում են հղի կանանց վրա, գողանում են նորածիններին։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ոհմակ կազմեցին ու հանդգնեցին գրոհել ռազմիկներով լի ճամբարի վրա։

- Կատարվածին միայն մի բացատրություն կա՝ նրանք սեփական կամքով չեն գործել, - ասաց Զարենը: - Ալքերը սև մոգության ծնունդ են։ Բավականաչափ հզոր կախարդը կարող է սև մոգության միջոցով  ենթարկեցնել ալքերին ու նրանց հլու-հնազանդ  զինվորներ դարձնել։ Միայն մի կախարդ կա, ում ուժերը բավարար են այդպիսի մոգության համար։

- Մոգ-կայսրը, - կռահեց Ոսկանը։

Զարենը գլխով համաձայնության նշան արեց։

Ներս մտավ Ժայռահատը: Նա քարշ էր տալիս շղթայված թաթերով մի ալքի։ 

- Սպարապետ, սրան բռնեցինք ճամբարի մոտ, - ասաց տորքը` գերուն Ոսկանի ոտքերի առաջ գցելով: - Ուսի մեջ նետ էր խրված, դրա համար էլ չէր կարողացել տեսքը փոխել։

Ալքը փորձեց հարձակվել Ոսկանի վրա, բայց Ժայռահատը շղթայից քաշելով ետ պահեց նրան։

- Խենթացե՞լ եք, ինչո՞ւ եք այս հրեշին կենդանի թողել, - վրդովվեց  Գոռակ Երկարակոտոշը։

- Նա անվնաս է, մետաղյա շղթաների մեջ չի կարող ուրվականի վերածվել, - հանգստացրեց նրան տորքը: - Մտածեցինք` գուցե սպարապետը ցանկանա հարցաքննել։

- Հարցաքննե՞լ, այս գազանը խոսե՞լ գիտի, - հարցրեց Լուսանը` ալքին զննելով։

- Այստեղ բերելուց լավ էլ խոսում էր, - ասաց տորքը, - ուղղակի այնպիսի բաներ էր ասում, որ կնոջ մոտ չեմ համարձակվի կրկնել։

- Քեզ նման քանի՞սն են ծառայում Մոգ-կայսրին, - հարցրեց Ոսկանը։ 

Պատասխանի փոխարեն ալքը միայն ցուցադրեց սրածայր ժանիքները։

- Եթե չես խոսում, իմաստ չկա քեզ ողջ թողնելու, - ասաց Լուսանը դաշույնը սեղմելով հրեշի կոկորդին։ Դեղնավուն արյան մի քանի կաթիլ գլորվեց շեղբի վրայով: - Ձերոնց սպանելուց մեծ հաճույք ստացա, էլի եմ ուզում։

- Դուք չեք պատկերացնում մեր ուժը, - լսվեց ալքի անմարդկային խռպոտ ձայնը: - Տիրակալը բոլոր ալքերին հավաքում է իր մոտ՝ Սարաբերդում։ Շուտով մենք բազմահազար բանակ կդառնանք։  

Ոսկանը ցնցվեց լսելով հայրենի տան անունը։ Ուրեմն խանը Սարաբերդում է։ Փաստորեն, ապստամբությունը ճնշելու համար անձամբ է ժամանել Լեռնածովք, բայց չի համարձակվել երկրի խորքը մտնել ու նախընտրել է սահմանային ամրոցը։

- Շուտով Լեռնածովքը մերը կլինի, այլև ստիպված չենք լինի թաքնվել անբնակ տեղերում։ Մարդիկ, դևերը, տորքերը, նոխազոտները… Բոլորը մեր կերը կլինեն։ Եկել է …

Ոսկանի սուրն ընդհատեց հրեշի խոսքը։ Նրա մարմինը գետնին փռվեց։

- Մեզ վերացնելու համար կայսրը ոչ մի բանի առաջ չի կանգնի, պատրաստ է ամենապիղծ արարածներին հավաքել, - ասաց Զարենը։

- Չենք նստելու ու սպասենք, մինչև տարբեր հրեշներ ուղարկելով բոլորիս վերջը տա։ Վճռական քայլերի ժամանակն է։ Վաղը ևեթ կհավաքենք բոլոր ուժերն ու կշարժվենք դեպի Սարաբերդ։ 

- Մենք դեռ պատրաստ չենք,- առարկեց Զարենը։

- Մեզ հետ են տորքերը, պայերի ու դևերի լավագույն ռազմիկները, իսկ իմ ձեռքում Թուր-կեծակին է։ Ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել։

- Գիշերվա գրոհը ցույց տվեց մեր խոցելի կողմերը։ Սրերն ու նիզակներն անզոր են մոգության դեմ։ Սարաբերդի պարիսպները հսկում են հմայված նետերով նետաձիգները, դեռ մոտ չեկած կկոտորեն բոլորիս։

Հմայված նետերի մասին լսելով Ոսկանը ակամայից ձեռքը տարավ կրծքի սպիին։

- Եթե անգամ հաջողվի պարիսպներից ներս մտնել, մեզ կդիմավորեն հրամոգերը, ալքերը ու էլի չգիտես, թե ինչ հրեշներ։ Վերջիվերջո ինքը կայսրը մեր ժամանակների ամենահզոր մոգն է ու առանց իր բանակի էլ վտանգավոր հակառակորդ է։

- Ի՞նչ ես առաջարկում, ես չեմ կարող ուղղակի անջատել մոգությունը։

- Կարող ես, - ասաց Զարենը։ 

Նա կաշվե պայուսակից զգուշորեն հանեց մի մագաղաթյա մատյան ու դրեց սեղանին։ Թերթելով հնամաշ էջերը՝ կանգ առավ մի մանրանկարի վրա, որում շողշողացող նիզակով զինված թևավոր մարդ էր պատկերված։ 

- Այս մատյանում շարադրված է հին աստվածների դարաշրջանից մեզ հասած մի առասպել։ Մատյանում պատմվում է, որ վիշապներից առաջ Լեռնածովքում իշխել է Խալդի անունով աստվածը։ Նա տիրապետում էր մի մոգական զենքի, որն անվանում էին «Շուրի»: Դրա միջոցով հնարավոր է կառավարել մոգական ուժը։ Ըստ ավանդության` այն մինչ օրս պահվում է Տուշպայի լեռներում։

- Որտեղի՞ց գիտենք, որ այդ Շարին իրականում գոյություն ունի, - հարցրեց Ոսկանը։

- Շուրին,- ուղղեց Զարենը։

- Թող լինի Շուրի։ Ինքդ ասացիր, որ առասպել է։

- Բոլոր առասպելների հիմքում իրական պատմություններ են։ Դարերի ընթացքում ճշմարտությունն ու հորինվածքն իրար են խառնվում։ Վստահ կարող եմ ասել միայն, որ Մոգ-կայսեր դեմ պայքարում մեզ պետք է այդ Շուրին։


***


Ոսկանը, Զարենն ու Լուսանը մի փոքրիկ նավակով ճանապարհ ընկան դեպի Վիշապածովի արևելյան ափ։ Բարենպաստ քամին գրկեց առագաստներն ու նավակն առաջ սլացավ։ Շուտով հանդիպակած ափին նշմարվեց հինավուրց Տուշպա քաղաքը։ 

Աղքատ ճանապարհորդներ ձևանալով` Ոսկանն ու նրա ուղեկիցները մտան քաղաք։ Միջնաբերդի հզոր պարիսպներն ու երկինք խոյացող բարձր աշտարակները վկայում էին քաղաքի երբեմնի փառքի մասին, բայց տեղ-տեղ թափված քարերն ու ճաքճքած պատերը հուշում էին, որ այդ փառքն անցյալում է մնացել։ Քաղաքում ամենուրեք կախված էին կայսերական սև դրոշները։ Անապատցի զինվորները շրջում էին փողոցներում, իսկ տեղացիները նրանց տեսնելուն պես կուչ էին գալիս ու թաքնվում։ Քաղաքի կենտրոնական հրապարակում շինարարություն էր եռում։ Բազմաթիվ ստրուկներ պարաններով պատվանդանի վրա էին բարձրացնում երկու հսկա արձան։ Առաջին արձանը պատկերում էր Մեծ Անապատի կիսաառասպելական տիրակալ Բելին, երկրորդը` մի հաղթանդամ ու խրոխտ ռազմիկի, ով հավանաբար Մոգ-կայսրն էր։

- Նզովյալ բռնակալին հանգիստ չի տալիս նախնու փառքը, - ասաց Լուսանը, - իր կերպարը տնկում է Բելի կողքին, որ նրան հավասար երևա։

- Կարծես թե իր արձանը փոքր ինչ ավելի բարձր են քանդակել, քան Բելինը, - քմծիծաղով նկատեց Զարենը։

- Երկու արձաններն էլ շուտով փոշի կդառնան, - ասաց Ոսկանը, - Մի մոռացեք, որ Բելն իր մահը գտավ Լեռնածովքում։ Ես կօգնեմ Մոգ-կայսրին, որ կրկնի իր կուռքի ճակատագիրը։ 

Եռյակը հեռացավ հրապարակից` ավելորդ ուշադրություն չգրավելու համար։ Նրանք սկսեցին հարցուփորձ անել քաղաքի ետնախորշերի բնակիչներին։ Մի կույր ծերունի պատմեց քաղաքից ոչ հեռու գտնվող մի վայրի մասին, որն անվանում են «Խալդիի դարպասներ»։ Սա չէր կարող հասարակ զուգադիպություն լինել, ուստի զինակիցներն այնտեղ ուղևորվեցին։

Դարպասը ժայռի մեջ փորված եռախորշ ուղղանկյուն էր։

- Ախր սա դուռ չէ, պարզապես ժայռի մեջ փորված խորշ է, - ասաց Լուսանը։  

- Այն պատված է հնագույն սեպագրերով, - նկատեց Զարենը։ - Գուցե կարողանամ վերծանել դրանք ու պարզեմ, թե ինչպես ներս մտնել։

- Ընթերցանության համար ժամական չկա, - ասաց Ոսկանը։ - Եթե Շուրին այս քարի ետևում է, ուրեմն կփշրեմ այն։ Մի կողմ քաշվեք:

Ոսկանը գլխավերևում բարձրացրեց Կեծակին ու իջեցրեց այն քարի վրա` հարվածի մեջ դնելով մարմնի ամբողջ ուժը։ Շեղբը ոչ մի դիմադրության չհանդիպեց։ Թուրը, կարծես, դատարկության միջով անցավ։ Ոսկանը կորցրեց հավասարակշռությունն, ընկավ դեպի դուռն ու անցավ դրա միջով։

Նա հայտնվեց մի կանաչ այգում։ Ետևում հարթ քարն էր՝ դարպասի հակառակ կողմը։ Ոսկանը բռունցքով հարվածեց քարին։ Ժայռը, որի միջով հենց նոր անցավ, կարծր ու անթափանց էր։ Ետ դառնալու հնար չկար։ Երկինքը չէր երևում, այգին տեղակայված էր ընդարձակ ժայռափոր դահլիճում։ Ինչ-որ հրաշքով ծառերն աճում էին առանց արևի լույսի։ 

Այգու կենտրոնում՝ սեպագրերով պատված բարձր պատվանդանի վրա, խրված էր մի ոսկեգույն շողարձակող նիզակ։ Կարծես թե այս նիզակն էր լուսավորում ողջ քարանձավը։ Ոսկանը գլխի ընկավ, որ հենց սա է շուրին ու քայլեց նիզակի մոտ։

- Չհամարձակվես դիպչել, - լսվեց ինչ-որ մեկի խռպոտ ձայնը։

Ոսկանը շրջվեց ու տեսավ երեք ռազմիկների։ Նրանք կոնաձև սրածայր սաղավարտներ ու կլոր վահաններ էին կրում, զինված էին բրոնզե թրերով։ Ինչ-որ տարօրինակ բան կար այդ ռազմիկների մեջ, նրանց հայացքները սառած ու անկենդան էին։

- Վաղուց հյուրեր չէինք ունեցել, շա՜տ վաղուց, - խոսեց ռազմիկներից մեկը։ - Ի՞նչ ես փնտրում այստեղ։

- Փնտրում եմ առասպելական Շուրին, - ասաց Ոսկանը, - և, կարծես թե, արդեն գտել եմ։ 

- Այստեղ միայն քո մահը կգտնես, - ասաց ռազմիկը։

- Իմ ժամանակը դեռ չի եկել, - պատասխանեց Ոսկանն ու ձեռքը տարավ թրին։ 

«Մեկը երեքի դեմ, - մտածեց նա, - ոչինչ, ավելի դժվար կռիվներ էլ ենք տեսել»։

- Ա՜խ, այս անմիտ ողջերը, -դարձյալ խոսեց ռազմիկը, - կառչում են իրենց խղճուկ կյանքերից, ամեն ինչի պատրաստ են գեթ մեկ ակնթարթով մահը հետաձգելու համար։ Մի՞թե չեք հասկանում, որ կյանքը միայն տառապանք է։ Նա, ով մեկ անգամ վայելել է մահվան հավերժական անդորրն, այլևս երբեք չի ցանկանա վերադառնալ ողջերի աշխարհ։ Ավաղ, մեզ բաժին է հասել այդ մեծագույն անեծքը։ 

- Չգիտեմ ովքեր եք, բայց եթե խանգարեք ինձ, ապա ստիպված կլինեմ այդ հավերժական անդորրն ապահովել ձեզ համար։

- Մեռածներին չես կարող սպանել, - ծիծաղաց ռազմիկն ու սրով հարված հասցրեց։

Ոսկանը կայծակնային արագությամբ դուրս հանեց սուրն ու կասեցրեց հարվածը։ Կեծակիի հետ բախվելով` բրոնզե շեղբը կոտրվեց ու զրնգոցով գետնին ընկավ։ Ժամանակ չկորցնելով Ոսկանը գրոհ ձեռնարկեց ու խորը կտրվածք թողեց ախոյանի ուսին։ Նրա վերքը, սակայն, փակվեց` առանց մի կաթիլ արյուն դուրս թողնելու։

- Այդ սուրը… Որտեղի՞ց այն քեզ, - հարցրեց ռազմիկը։ Նա զարմանքով նայեց ձեռքում մնացած անպիտան թրակոթին։

- Նվեր է մի ծանոթ վիշապից, hավանո՞ւմ ես: 

Երեք ռազմիկները փոխանակվեցին հայացքներով ու սկսեցին շշուկով խոսել։ 

- Մարգարեության մեջ ասվում էր, որ վիշապի սրով ռազմիկը վերջ կդնի մեր տառապանքին։

- Միթե հարյուրամյակներ անց մեր առաքելությունը վերջապես ավարտված է։

- Չգիտեմ, թե ինչ եք խոսում, բայց եթե դեմ չեք ես վերցնում եմ նիզակն ու գնում այստեղից, - ասաց Ոսկանը։ 

- Ես Ռուսան եմ, իմ զինակից ընկերները՝ Սարդուրին և Լուտիպրին։ Դարեր առաջ, երբ կենդանի էինք, որոշեցինք Խալդիից գողանալ Շուրին։ Երեքս էլ սպանվեցինք նրա ձեռքով։ Տիրակալը համարեց, որ մահը բավարար պատիժ չէ մեր հանդգնության համար։ Նա վերադարձրեց մեզ ողջերի աշխարհ և կարգադրեց հսկել Շուրին։ Մեր ծառայությունը կավարտվեր միայն այն ժամանակ, երբ նիզակի հետևից կգար վիշապի թրով զինված ընտրյալը։ Վերջապես կարող ենք քեզ հանձնել մեզ վստահված գանձն ու վերադառնալ հավերժական քուն։ 

- Ուրեմն, եթե վերցնեմ նիզակը դուք կմեռնե՞ք, - հարցրեց Ոսկանը։

- Մենք վաղուց ենք մեռած, - պատասխանեց Ռուսան  

- Մեզ կենդանի է պահում նիզակի կախարդանքը, - խոսեց Լուտիպրին։

- Շուրին կարող է և ուժ պարգևել, և զրկել դրանից։ Դու ես որոշում, թե ինչպես օգտագործել այն։ Նիզակը երկու սայր ունի, մի կողմը բազմապատկում է մոգության ուժը, մյուս կողմը` իսպառ վերացնում այն։ Դուրս հանիր նիզակը և հակառակ կողմով խրիր հողի մեջ։ Այդպիսով դու կազատես մեզ գոյության տառապանքից։ 

Ոսկանը բռնեց նիզակից ու դուրս քաշեց պատվանդանից։ Ոսկե կոթը երկու կողմից վերջանում էր տերևանման սայրերով։ Մեկը վառվում էր սպիտակ լույսով, իսկ մյուսը` կարմիր։ Ոսկանը պտտեց նիզակն ու սպիտակ կողմով խրեց գետնի մեջ։ Երեք ռազմիկները Ոսկանի աչքի առաջ վերածվեցին հազարամյա կմախքների ու ոսկորների կույտի տեսքով թափվեցին գետնին։ Այգին մի ակնթարթում չորացավ։ 

Ներս վազեցին Լուսանն ու Զարենը։ Առանց մոգության անհետացել էր նաև քարե դուռը։ 


***


Արևածագին ապստամբների բանակը մոտեցավ Սարաբերդի մատույցներին։ Ժայռերի վրա վեր խոյացող պարիսպների ու աշտարակների ծանոթ ուրվագծերը վաղուց մոռացված հուշեր արթնացրին Ոսկանի սրտում։ 

- Եկել է կորսված տունը ետ վերադարձնելու ժամանակը, ասաց նա զինակիցներին։ - Այստեղից սկսվեց Լեռնածովքի անկումն ու այստեղից այն դարձյալ կվերածնվի։

Անապատցիների կայազորը հապճեպ զբաղեցնում էր դիրքերը պարիսպների վրա։

- Ինչ-որ բան է կատարվում, Ոսկան, - ասաց Զարենը, - մոգության ալեկոծում եմ զգում։

Չէր հասցրել նա ավարտել խոսքը, երբ կենտրոնական աշտարակից հրեղեն սյուն բարձրացավ։ Այն բաժանվեց ճյուղերի, նմանվեց հսկայական հովանոցի, որի ծայրերը, ներքև ձգվելով, ծածկեցին ողջ Սարաբերդը։ 

- Աստվածնե՜ր, այս ի՞նչ է, - արձագանգեց Ժայռահատը։

- Կրակե վահան, - ասաց Զարենը, - երբեք չէի պատկերացնի, որ դրանով հնարավոր է մի ամբողջ բերդաքաղաք ծածկել։ Այսպիսի կախարդանքի համար աներևակայելի ուժ է պետք։

Ոսկանը ձեռքով նշան արեց նետաձիգներին։ Նետերի տարափն օդ բարձրացավ ու թափվեց կրակե պատնեշի վրա։ Բոլոր նետերն այրվեցին օդում ու գեթ մեկը չհասավ նշանակետին։ Այնուհետև զորքի միջից առաջ եկան տորքերը` հսկայական ժայռաբեկորները ձեռքներին։ Ժայռահատից ազդանշան ստանալով՝ նրանք քարերը նետեցին ամրոցի ուղղությամբ։ Պատնեշը կլանեց ու փշուր-փշուր արեց դրանք։ Պատասխան հարվածը չուշացավ։ Պատնեշի ետևից դուրս թռած մահաբեր նետերի անձրևը սկսեց ռմբակոծել ապստամբների շարքերը։ Ոսկանը հրամայեց նահանջել անվտանգ հեռավորության վրա։ 

***

Ոսկանը դարձյալ հավաքեց իր զորավարներին ու ասաց.

- Մոգ-կայսրը սնում է պատնեշը կենտրոնական աշտարակից։ Ուրեմն, եթե բավականաչափ մոտ գանք ու գործի դնենք Շուրին, կկարողանանք նրան զրկել ուժից ու պատնեշը կանէանա, այնպես չէ՞։

- Այո, բայց ինչպե՞ս ենք ամրոց մտնելու, - հարցրեց Զարենը։

- Մոռացե՞լ ես, որ Սարաբերդում եմ մեծացել ու գիտեմ բոլոր ծակուծուկերը, պատասխանեց Ոսկանը, - պարիսպներից ներս տանող ստորգետնյա գաղտնուղի կա: Բանակին չի հաջողվի աննկատ ներս անցնել, բայց ես կկարողանամ։

- Ուզո՞ւմ ես ամբողջ փառքը քեզ հասնի, - ասաց Լուսանը: - Ես էլ եմ հետդ գալիս։

- Որտեղ դուք, այնտեղ էլ ես, - միացավ Զարենը։ 

- Հուսով եմ այդ գաղտնուղին բավականաչափ լայն է ինձ համար, - ասաց տորքերի իշխանը։


***


Ժայռահատը մի կողմ գլորեց Ոսկանի ցույց տված քարը։ Ետևում մի մութ քարանձավ բացվեց։ 

- Ձեր խղճուկ աչքերը մթության մեջ բան չեն տեսնում։ Ես ու եղբայրս կգնանք առջևից, - ասաց Լուսանն ու ներս մտավ։ Մյուսները հետևեցին նրան։ Սկզբում` Զարենը, հետո` Ոսկանը, վերջում` տորքը։ Վերջինս ստիպված էր չորեքթաթ սողալ։ Թունելն ավարտվում էր մետաղյա նեղ դռնակով։ 

-Այստեղից կարող ենք դուրս գալ կենտրոնական աշտարակի նկուղ ու աննկատ բարձրանալ վերև, - ասաց Ոսկանը։ Նա ու դևերը բացեցին դռնակն ու ներս անցան։

Մի քանի տասնյակ զինված անապատցիներ ապշած նայում էին գետնի տակից հայտնվածներին։ 

-Ասում ես «աննկատ», հա՞, - ասաց Զարենը։

-Ո՞վ է ուզում առաջինը գնալ Սպանդարամետ, - գոչեց Լուսանը` զույգ դաշույններն առաջ պարզելով։

Այդ պահին անապատցիների ոտքերի տակ գետինը սկսեց ցնցվել: Սալահատակի քարերի տակից, հսկա խլուրդի նման, դուրս եկավ Ժայռահատը։ Անապատցիները ցիրուցան գետնին թափվեցին։

-Վազե՛ք, ես կպահեմ սրանց, - բղավեց Տորքը` բռունցքներով անապատցիներին պատեպատ նետելով։ Ոսկանն ու դևերը, օգտվելով հնարավորությունից, հասան աստիճաններին ու հաջորդ հարկ բարձրացան։ Նրանք հայտնվեցին երկար միջանցքում, որտեղ վխտում էին ալքերը։ 

Զարենը քսակից մետաղյա մեխեր հանեց ու նետեց նրանց ուղղությամբ։ Առաջին մի քանի ալքերը մարմնեղեն կերպարանք ստացան։ Լուսանն ու Ոսկանը սկսեցին հնձել նրանց։ Զարենը ևս մի բուռ մետաղ ցանեց ու ամեն ինչ կրկնվեց։ 

Ալքերն անվերջ գրոհում էին ու զոհվում, նրանց վերջը չէր երևում: Ալքերից ամենահամառը, գամերից խուսափելով, հասավ Ոսկանի մոտ ու շոշափուկը նետեց նրա կոկորդի ուղղությամբ։ Լուսանն իր մարմնով փակեց Ոսկանին ու ընկավ։ Այլևս հնար չկար ո՛չ դիմադրելու, ո՛չ առաջ գնալու: Ոսկանը հանեց Շուրին ու այն ամբողջ ուժով խրեց հատակի մեջ։ Մոգական ուժի մի անկասելի ալիք դուրս եկավ նիզակից, փոթորիկի պես տարածվելով, սրբեց տարավ բոլոր ալքերին։ Մի ակնթարթում նրանք փոշի դարձան։ Ալքերը չէին կարող գոյություն ունենալ առանց իրենց սնող սև մոգության։ Միջանցքը դատարկվեց, ճանապարհը բաց էր։ Զարենը գրկել էր քրոջ արյունոտված մարմինն ու աղերսում էր, որ նա բացի աչքերը։

-Հոգ տար նրա մասին, մնացած ճանապարհը ես միայնակ կանցնեմ, - ասաց Ոսկանն ու անհետացավ դռների մեջ։

Նա բարձրանում էր աշտարակով վեր։ Ոխերիմ թշնամին մոտ էր, ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան վրեժի ճանապարհին։ Աշտարակի նեղ պատուհաններից արդեն լսվում էին կռվի ձայները։ Ուրեմն Շուրին հասել էր իր նպատակին։ Պատնեշը չկար ու ապստամբները ներխուժել էին ամրոց։

Վերջին հարկում Ոսկանին էին սպասում վառվող բագինի մոտ կանգնած երեք հրամոգեր։ Պարզելով ձեռքերը՝ նրանք փորձեցին կրակն ուղղել Ոսկանի վրա, բայց հասկացան, որ հուրն այլևս չի ենթարկվում իրենց։ Թուր-կեծակին իջավ առաջին մոգի վրա, երբ նա տարակուսած նայում էր իր ձեռքերին՝ չհասկանալով թե ուր է կորել իր ուժը։ Մյուս երկուսը հասցրեցին հանել դաշույնները բայց դա էլ չփրկեց նրանց։

Ոսկանը դուրս հանեց թուրը վերջին մոգի մարմնից, ոտքով հրեց կաղնե ծանր դռներն ու ներս մտավ իշխանական դահլիճ։ Հոր գահին նստած էր մի կարճահասակ գիրուկ։ Նրա հագին փայլփլուն քարերով պատված ճոխ զգեստ էր։ Տեսնելով ոտքից գլուխ արյան մեջ կորած ռազմիկին նա սարսափահար վեր թռավ տեղից, ոտքերով բարձրացավ գահի վրա և առաջ պարզեց ոսկեզօծ թուրը։ Ոսկանը շփոթված էր: Մի՞թե այս երկչոտ արարածն է աշխարհակալ Մոգ-կայսրը, ում այդքան հաղթանդամ ու ահեղ են պատկերում քանդակագործները, մի՞թե նրա հրամանով են քաղաքներ այրվում ու ազգեր ոչնչացվում։ Նա ոչինչ էր առանց իր մոգության։ 

-Ոսկան, դու հաղթեցիր ինձ ու արժանի պարգևներ կստանաս, - խոսեց կայսրը։ Ասա՛, ի՞նչ է ուզածդ։ Ուզո՞ւմ ես վերադարձնել այս ամրոցը, դու կիշխես այստեղ, որպես իմ տեղակալ։ Իմ բանակում պետք են քեզ նման քաջ զորավարներ։ Գիտեմ, մի բան էլ կա, որ շատ ես ուզում, ցանկանում ես վերադարձնել նրան` քո հարսնացուին։ Ես դա էլ կարող եմ անել։

-Կարո՞ղ ես կենդանացնել Գիսանեին, - հարցրեց Ոսկանը։

-Այո, մոգությամբ շատ բաներ է հնարավոր։ Իմ հզորությունն աներևակայելի է, բայց Շուրիի հետ կարող է առավել անսահման դառնալ։ Այո, ես շատ լավ գիտեմ, թե ինչով ես փակել իմ ուժը։ Ես այդ զենքը վաղուց էի փնտրում ողջ Լեռնածովքով։ Տուր ինձ Շուրին ու փոխարենը կստանաս այն, ինչի մասին երազում ես:

-Գեղեցիկ խոսքեր ես շռայլում, բայց դրանք քեզ չեն փրկի, - ասաց Ոսկանն ու սկսեց մոտենալ Մոգ-կայսրին։

Վախվորած մարդուկը թողեց գահն ու փախավ դեպի պատշգամբ։ 

-Չմոտենաս, չմոտենաս, - սարսափահար բղավում էր նա թափահարելով թուրը։

Ոսկանը մի պահ նույնիսկ խղճաց նրան։ 

Մոգ-կայսրը, նահանջելու տեղ չունենալով, փորձեց բարձրանալ պատշգամբի գոգին ու քիվի վրայով փախչել մյուս սրահ: Նա խճճվեց սեփական զգեստի մեջ ու ներքև ընկավ։ 


***


Ոսկանը կանգնած էր Սարաբերդի բարձունքից ներքև հոսող գետի ափին։ Նրա գլխին շողշողում էր արծաթե թագը։ Շուրին դրված էր նրա առջև` քարի վրա։

- Համոզվա՞ծ ես, որ ուզում ես ոչնչացնել այն, - հարցրեց Զարենը։ 

Լուսանը կանգնած էր նրա կողքին` ձեռնափայտի վրա հենված։ Ժայռահատը նույնպես այստեղ էր, նրա մարմնին մի քանի սպի էլ էր ավելացել։

- Ինքդ էլ գիտես՝ որքան վտանգավոր կարող է դառնալ Շուրին, եթե սխալ ձեռքերում հայտնվի, - ասաց Ոսկանը։

Նա Կեծակիով  հարվածեց  նիզակին, այն ոսկեգույն փոշու վերածվեց, քամին անմիջապես տարավ փոշին` անգամ հետք չթողնելով։

- Իսկ թրի հետ ի՞նչ ես պատրաստվում անել, - հարցրեց Զարենը։

Ոսկանը մի քանի րոպե մտորեց, այնուհետև սուրը պտտեց օդում ու նետեց գետի մեջ` որքան կարող էր հեռու։ 

- Թող ջրերն առայժմ թաքցնեն Թուր-կեծակին։ Գուցե մի օր, երբ Լեռնածովքին դարձյալ վտանգ սպառնա, մի ուրիշ հերոս կգտնի այն։

Գետի հոսող ջրերի վրա` թրի խորտակվելու տեղում, երևաց մի սպիտակազգեստ կին։ Նա ժպտաց ու ծխի պես հալվելով անհետացավ։

- Ես լուծեցի քո վրեժը, - շշնջաց Ոսկանը։


196 views0 comments

Comments


bottom of page