top of page
Search
  • Writer's picturefrunz8

#Արմկոն2023 «Անդունդ», հեղինակ՝ Լևոն Մկրտչյան

Und wenn du lange in einen Abgrund blickst, blickt der Abgrund auch in dich hinein.

Nietzsche






- Պարոն Վարդանյան, ի՞նչ գիտեք «Անդունդ» համակարգի մասին։


Երբ նման հարց տալիս է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը,

պատասխանը լավ կլինի ձևակերպես արագ, սեղմ ու ստույգ։ Ես մեկ անգամ էլ

աչքի տակով անցկացրեցի Ռյու Նակամուրայի աշխատասենյակը։

Սպարտայական պարզություն, ոչ մի ավելորդ բան։ Դատարկ պատեր,

աշխատասեղան, ձախ պատը ամբողջովին թափանցիկ. «Էոլ» իմերսիվ

տեխնոլոգիայի շնորհիվ քեզ թվում է, թե պատ ընդհանրապես չկա, իսկ դու

աշխարհին նայում ես անասելի ու սիրտը կանգնեցնող բարձունքից։ Իրականում

ուժային դաշտը թույլ չի տալիս օտար էլեմենտներին թափանցել ներս։ Կամ

դուրս, եթե հանկարծ Նակամուրա սանը որոշի դուրս թռչել։ Իհարկե, իր

զորության տեր մարդը կարող է ապակտիվացնել ուժային դաշտը… Բայց,

բնականաբար, իր զորության տեր մարդիկ սովորաբար չեն ցատկում «Անդունդ»

կորպորացիայի երկնաքերի վերջին հարկից։


Հիշում եք, չէ՞, արագ ու սեղմ։ «Անդունդի» հետ սեղմ չի ստացվի։


- Նակամուրա սան,- այո, ես ճապոներեն գիտեի։ Մի շարք այլ արխայիկ լեզուների

հետ մեկտեղ,- «Անդունդի» մասին ես գիտեմ այն, ինչ բոլորը։ «Անդունդն»

արհեստական իրականության իմերսիվ համակարգ է։ Ստեղծողը, Պուջա

Չակրաբորտին, բացի հանճարեղ գիտնական լինելուց, հավանաբար, Նիցշեի

սիրահար էր։ «Անդունդը» տվյալ պահին գեներացնում է մեր ընկալած

իրականության կեսից ավելին, բայց արտաքին տեխնոլոգիաների ու մարդկային

գիտակցության հետ ուժգին սիներգիայի շնորհիվ այն շատ ավելին է, քան

ուղղակի արհեստական իրականության համակարգը։ Ավելի շուտ, այն արտաքին

աշխարհի հետ փոխազդեցություն ապահովող ինտերֆեյս է։ Նյութականացված

երազներ։ Եթե պարզ ու մակերեսորեն, «Անդունդն» այն շարժիչն է, որն

աշխատեցնում է մեր աշխարհը։


- Վարդանյան սան,- Նակամուրան ընդունեց խաղի կանոնները և ունիլինգվայից

նույնպես անցավ ճապոներենի,- իսկ ի՞նչ կլինի, եթե «Անդունդը» կոտրեն։


- Անհնար է։ Պաշտպանությունը անանցանելի է։ «Անդունդը» կոտրելու համար

պետք է նույն հաշվողական ռեսուրսն ունենալ, ինչ «Անդունդը»։ Նույնիսկ

ավելին։ Դա անհնար է։


- Հիպոթետիկ։ Ենթադրեք, ինչ-որ մեկին դա հաջողվել է։


- «Անդունդը» կոտրող մարդը կամ կազմակերպությունը կդառնա գրեթե

ամենակարող։ Համաշխարհային ֆինանսական ինֆորմացիան գրեթե

ամբողջովին անցնում է «Անդունդով»։ Էլի, իմ ոչ մասնագիտական

տեսանկյունից, ես հասկանում եմ որ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ

է․․․


- Վարդանյան սան, դուք գաղտնիության փաստաթղթեր եք ստորագրել, ու

գիտակցում եք, որ այն, ինչ ես կասեմ, այս սենյակից դուրս չի գալու։

«Անդունդն» արդեն կոտրել են։ Բոլորից աննկատ, անսպասելի։ Ու ցավն այն է,

որ մենք չգիտենք, թե ինչպես, ու ինչ է կատարվում կոտրած տարածքում։


- Նակամուրա սան, թույլ կտա՞ք,- Նակամուրան գլխով արեց, ես վառեցի

ծխախոտը։ Վիրտուալ չէ։ Իրական ծխախոտը։ Հազվագյուտ բան է, հիմա գրեթե

ոչ ոք իրական ծխախոտ չի ծխում,- Իսկ ինչո՞ւ ես։ Ես կիբերանվտանգության

մասնագետ չեմ, կիբերհոգեբան չեմ, նույնիսկ ոստիկանության աշխատող չեմ։ Ես

ընդամենը հին մշակույթների մասնագետ եմ, դաս եմ տալիս Ակադեմիայում։

Լսարանս մեծ չէ․․․


- Վարդանյան սան,- Նակամուրան արտաքնապես սառն էր ու հանգիստ,- տվյալ

պահին դուք երևի միակ մարդն եք, ով կարող է մեզ օգնել։ Բնականաբար, շատ

էական վարձատրության դիմաց, ու խնդիրը լուծելու համար նախատեսված

գրեթե անսպառ ռեսուրսներով։ Մանրամասները ես իրավունք ունեմ ասել միայն

ձեր համաձայնությունից հետո, բայց հավաստիացնում եմ, մեզ անհրաժեշտ եք

հենց դուք։


- Հավատս չի գալիս։


- Այնուամենայնիվ, դա այդպես է։ Դե, ի՞նչ կասեք։


Ի՞նչ պետք է ասեի։ Համաձայնվեցի։ Միշտ էլ հետաքրքրասեր եմ եղել։



***


- Մենք երկար էինք փորձում հասկանալ` ի՞նչ է մեզ թողել Պուջան։ Ամեն ինչ

սկսվեց համակարգչային խաղերից։ Քսանմեկերորդ դարում բոլորն էին անցնում

արհեստական իրականության, արհեստական իրականությամբ ծաղկեցնում

օբյեկտիվ իրականությունը, ավելի նոր ու ավելի բարդ սարքավորումներ

նախագծում․․․ Նրանք բոլորը սխալվում էին։ Արխայիկ արհեստական

իրականության համակարգերը զուտ ազդում էին զգայարանների վրա։ Դե,

գիտեք, աչքերին վիզուալ ազդակներ փոխանցող ակնոցներ, ականջակալներ,

անհրաժեշտ բուրմունքները գեներացնող համակարգեր, նույնիսկ ամբողջ մաշկը

ծածկող իմերսիվ դաշտեր։ Միևնույն է, արհեստականը մնում էր արհեստական։

Պուջան իր պարզությամբ հանճարեղ մտքի եկավ։ Ինչու՞ գեներացնել

ազդակները, եթե մեր ընկալած իրականությունն արդեն իսկ ուղեղի գեներացրած

ինտերֆեյս է։ Ի՞նչ կլինի, եթե փոխազդենք անմիջապես ուղեղի հետ։ Պետք չէ

ահռելի ռեսուրսներ ծախսել արհեստական իրականություն գեներացնելու վրա,

ուղեղը դա արդեն անում է։ Պետք է ուղղակի փոխազդել ուղեղի հետ, դրդել

ուղեղին գեներացնել ալտերնատիվ իրականություն։


- Պանօպտիկում Ստուդիոսը․․․


- Այո։ Երբևէ ապրած ամենահանճարեղ նեյրոլոգներից մեկը սկսեց խաղերից։

Միացնում էիր Պանօպտիկումը, փակում աչքերը․․․ Ու խաղում։

Սուպերհերոսներով, վիշապներ սպանող ասպետներով։ Կարող էիր նույնիսկ քո

սեփական արկածները գեներացնել, կիսվել այլոց հետ․․․ Պանօպտիկումը

կատաղի հաջողություն բերեց Պուջային։ Վիսկի՞։ Իսկական, գեներացված չէ։


- Շնորհակալություն, չեմ հրաժարվի։


- Մենք բոլորս գիտենք, որ խաղերը Պուջայի համար ընդամենը միջոց էին։

Տեխնոլոգիայի ամենաակներև կիրառությունը։ Ռեսուրսներ ձեռք բերելու

արահետ։ Մյուս քայլը Պանօպտիկումը մնացած աշխարհի հետ կապելն էր։

Տրանսպորտ, բանկային համակարգ, նույնիսկ տան լուսավորություն։ Ինչ-որ

պահի նույնիսկ արտաքին լուսավորություն պետք չէր, Պանօպտիկումը ինքնին

կարող էր լուսավորել ամեն ինչ։ Համեր հաղորդել ամենապարզ սնունդին։

Հասարակ վիտամինիզացված ջուրը փոխակերպել ամենահազվագյուտ

Ամոնտիլյադոյի։ Բնականաբար, ամենաէքսկլյուզիվ իրականությունը վճարովի

էր, իսկ Պուջան արդեն հանդիպում էր պետական այրերի հետ ու փորձում

Պանօպտիկումով պատել մոլորակը։ Նրան հաջողվեց։ Այսօր մենք ունենք

«Անդունդը» - այն ինչի վերածվել է երբեմնի համեստ խաղային համակարգը։


Ես կում-կում խմում էի վիսկին։ Երբ երիտասարդ էի, Պուջան ամենուր էր։ Լուրեր,

գովազդային վահանակներ, ամսագրեր․․․ Ծեր կին էր, բայց գեղեցիկ էր,

աստվածային։ Բոլորիս կուռքը։ Բոլորս երկրպագում էինք Պուջային, մեմեր

տարածում, որ Պուջան նոր աստվածն է։


- Նակամուրա սան, դուք ճանաչում էիք Պուջային։ Ինչպիսի՞ն էր նա:

Ամսագրերում չէ։ Իրականում։


- Այո, ես Պանօպտիկումի առաջին աշխատողներից եմ եղել։ Պուջա՞ն։ Պուջան

այս աշխարհից չէր։ Մեկ կարող էր բոլորիս ոգեշնչել, բոցավառել իր մտքերով,

ամենադժվար պահերին հույս տալ, ստիպել հավատալ իր տեսլականին։ Այն

Պուջան էր, որին բոլորս գիտենք։ Ժպտում էր, ու բոլորը, բացարձակապես բոլորը

ակամա իր հետ ժպտում էին։ Մեկ էլ կարող էր մեկուսանալ, ու վայ նրան, ով

անհանգստացրեց։ Սովորաբար, այլոց համար ուղղակի արձակուրդ էր գնում,

քչերը գիտեին․․․ Էլի՞ վիսկի։


- Շնորհակալություն, շատ լավն է։


- Դուք գիտեք, ինչ եղավ հետո։ Այսօր «Անդունդը» ամենուր է։ Այն օգնում է

կառավարել ձեր բանկային հաշիվը։ Նստած է ձեր մեքենայի ղեկին, ճանապարհին

գեներացնում է այն պատկերը, որը կուզեք։ Մանկապարտեզներ, դպրոցներ,

համալսարաններ։ Ձեր արհեստական խոհարարը տանը փոխազդում է

«Անդունդի» հետ, պատվիրում բիոմթերք, պատրաստում ձեր պատվիրած

ճաշատեսակը։ Համային երանգներ գեներացնում, փոխում պատկերը։ Համ տալիս

ջրին։ Բուրմունք օդին։ Ահռելի խաղային սերվերներ, անհամեմատելի առաջին

Պանօպտիկումի հետ։ Ամեն ինչ, արկածներից` պոռնոգրաֆիա։ Այդ ամենը չի

պարտադրվում և ոչ մեկի։ Բայց դե ո՞վ կհրաժարվի։ Մենք, բնականաբար,

փոխազդում ենք օբյեկտիվ իրականության հետ, բայց եթե առաջ այդ

փոխազդեցության ինտերֆեյսը գեներացնում էր լոկ մեր ուղեղը, այսօր այն

գեներացվում է «Անդունդի» միջամտությամբ։


- Եվ այն կոտրել են։


- Այո։ Մենք հասնում ենք Պուջա Չակրաբորտիի վերջին մտահղացմանը։ Այն, ինչ

ես ձեզ կասեմ, հասկանալի կդարձնի, ինչու եք մեզ պետք հենց դուք։



***


Մենք խմում էինք վիսկին ու նայում մայրամուտին։


- «Անդունդը» գեներացնում է մեր ընկալած իրականությունը։ Ավելի ճիշտ,

ճանապարհի կեսից խառնվում է իրականության գեներացիային, ուղղումներ

մտցնում, ու մեզ մատուցում փոխված, ծաղկեցված իրականությունը։ Որքանո՞վ է

իրականությունը ուղեղինը, որքանո՞վ «Անդունդինը»: Կախված է նրանից, որքան

խորն է միջամտությունը։ Մակերեսայինն ընդամենը թեթև փոփոխություններ է

մտցնում արդեն ընկալվող իրականության մեջ։ Ջնջում խանգարող ձայները,

գույներ ավելացնում արդեն գոյություն ունեցող մայրամուտին։ Ավելի խորքում

աշխատող «Անդունդը» գեներացնում է մայրամուտն ամբողջությամբ, այնքան

իրական կամ այնքան ֆանտաստիկ, որքան նախընտրում եք։ Ուզու՞մ եք կանաչ

արև։ Խնդրեմ։ Պուջան ընդամենը մեկ քայլ ավել արեց։ Ու այդ քայլը

ամենահսկայական քայլն էր, որ մարդկությունը երբևէ արել է։ Այդ քայլի

պատճառով մենք կանգնած ենք ամենաուժգին ճգնաժամի առջև, որ

մարդկությունը երբևէ ունեցել է։


- Ես դեռ չեմ հասկանում։ Ի՞նչ ճգնաժամ։


- Համբերություն, Վարդանյան սան։ Հիմա կհասկանաք։ Պուջան հարց տվեց - իսկ

ի՞նչ է մեր ուղեղի գեներացրած իրականության գունազարդ պաստառների

հետևում։ Կապ չունի, իրականությունը գեներացնում է մեր ուղեղը, թե

«Անդունդը», այն, միևնույն է, իրականության հետ համագործակցելու ինտերֆեյս

է, ոչ թե իրականությունը։ Ո՞րն է իրականությունը։ Հարց, որ մարդկությունը

բազմիցս տվել է։ Հարց, որի պատասխանները բազմիցս հայտարարվել են,

ժխտվել ու էլի հայտարարվել։


- Եվ ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ ես։


- Երբևէ լսե՞լ եք Պաուլիի և Յունգի նամակագրության մասին։


- Մոտավոր, շատ մոտավոր։ Ֆիզիկոսը ու հոգեբանը քննարկում էին… Կներեք,

լավ չեմ հիշի։ Ֆիզիկայի ու հոգեբանության ընդհանրությունները, թե այդպիսի մի

բան։ Հոդված էի կարդացել ամսագրերից մեկում…


- Ներողություն խնդրել պետք չէ, մոտավոր այդպես էլ կար։ Եթե համառոտ ու

մակերեսորեն, Յունգը ու Պաուլին այլ բաների հետ մեկտեղ քննարկում էին, թե

որտեղից են աճում իրականության արմատները։ Թե արտաքին, մատերիալ,

օբյեկտիվ համարվող իրականության, որով զբաղվում էր Պաուլիի ֆիզիկան, ու թե

ներքին, սուբյեկտիվ, մտավոր իրականության, որը հետազոտում էր Յունգը։

Նրանք եկան համաձայնության, որ այդ արմատները աճում են նույն տեղից։ Որը,

Յունգի առաջարկով, անվանեցին Ունուս Մունդուս։ Մեկ Աշխարհ։ Մի կողմից

ունենք քվանտային մակարդակից վեր աճող առօրյա իրեղեն, այդքան իրական

թվացող աշխարհը։ Մյուս կողմից ունենք անգիտակցականի օվկիանոսից

ձևավորվող առանձին գիտակցությունը։ Բայց եթե երկուսն էլ հետևենք դեպի

ակունքներ, կգտնենք նույն ակունքը։


- Մի րոպե։ Դուք ուզում եք ասել, որ…


- Այո։ Պուջան իր վերջին տարիներին կարծում էր, որ ֆիզիկան, մարդկությանը

շրջապատող աշխարհի մասին ահռելի գիտելիքներ տալով ու մեզ աստղեր

հասցնելով, այնուամենայնիվ չի կարողացել քվանտային մակարդակից ավելի

խորը գնալ։ Դեպի Ունուս Մունդուս։ Կամ ինչպես կասեին գերմանացի

թեոլոգները Նիցշեից դարեր առաջ, դեպի Անդունդ։


- Յակով Բյոմեի մասի՞ն եք։ «Հոգին աչք է անդունդի եզրին»։


- Տեսնու՞մ եք, որ ձեզ ճիշտ ենք ընտրել։ Մեր ժամանակներում շատ քչերն են

Բյոմե կարդացել։


- Բայց ի՞նչ կապ ունի միջնադարյան միստիկ դարձած` կոշկակարի որդի Բյոմեն

այս ամենի հետ։


- Այն կապը, որ թե Պաուլին ու Յունգը, ու թե Յակով Բյոմեն ճիշտ էին։ Հոգին իրոք

աչք է՝ կանգնած անդունդի եզրին։ Պուջան ուներ ամբողջ գործիքակազմը

սեփական գիտակցությունը դեպի իր իսկ ակունքներ տանելու։ Վիրտուալ

իրականություն գեներացնող «Անդունդ» համակարգը։ Նրա վերջին նախագծի

մասին գիտեինք ես ու էլի մի քանի հոգի։ Ով Պուջայի հետ էր ամենասկզբից։

Պուջան «Անդունդ» վիրտուալ համակարգում ճանապարհ էր կառուցում, որը մեր

զգայարանները, ու հետևաբար նաև մեր «Ես»-ը կտաներ դեպի իրական Անդունդ։

Պոետիկ է, չէ՞։ Ըստ իս` շատ։


Արդեն գիշեր էր։ Նակամուրայի աշխատասենյակը մեղմ լուսավորվում էր, իսկ

«Անդունդը», ադապտացվելով տրամադրությանս, ծղրիդների ձայնի ու ծառերի

միջով անցնող քամու գրեթե անըմբռնելի պատրանք էր ստեղծում։ Ինչին

գումարվում էր աշնանային խարույկի հոտը։ Էլի, գրեթե անըմբռնելի,

զգայարանների ամենահեռու սահմանին։


- Պուջան շատ էր վախենում, որ չի հասցնի։ Գիտեք, արդեն ծեր կին էր։ Ասում էր,

որ պարտքով է ապրում, պետք է անպայման կյանքի գործն ավարտի։ Ես արդեն

ծեր մարդ եմ, բայց մինչև հիմա պարզ հիշում եմ, ինչպես մահվան օրը փակեց

աչքերը, միացրեց «Անդունդի» վիրտուալ ինտերֆեյսը ու վիրտուալ տարածքում

սկսեց քայլել իր իսկ կառուցած ճանապարհով։ Մենք չգիտեինք, դեպի ուր։

Այդպես էլ մարեց, քանի դեռ գիտակցությունը վիրտուալ տարածքում էր։ Այո, դրա

մասին իր բազում կենսագրությունները լռում են։ Ինչպես և Պուջայի մահվանը

ներկա մարդիկ։ Իր իսկ կարգադրությամբ մենք մեկուսացրեցինք իր կառուցած

ճանապարհը մնացած համակարգից, ու կենտրոնացանք «Անդունդը»

զարգացնելու վրա։ Կառուցելու այն, ինչ «Անդունդն» այսօր է։


- Զգում եմ, հասնում ենք ճգնաժամին։


- Այո։ «Անդունդի» արտաքին պաշտպանությունը իդեալական է։ Այն, ինչպես

նշեցիք, ահնար է կոտրել։ Դրսից։ «Անդունդը» ժամանակավոր անջատելու է իր

պաշտպանական համակարգը շրջանցել փորձող մարդու զգայարաններն ու

մոտակա ոստիկանական բաժնին իմաց է տալու հանցագործության մասին։

Առաջին տարիներին փորձողները շատ էին, հիմա էլ չէ։ Բայց դա դրսի մասին է։

Մեր մասնագետները ուժգին անոմալիաներ են սկսել նկատել «Անդունդի» ողջ

վիրտուալ տարածքով։ Ներսից գեներացվող։ Ավելի ստույգ, Պուջայի կառուցած

վիրտուալ ճանապարհից։ Այնտեղից, ուր այդ ճանապարհը պետք է տանի։ Մենք

ուզում ենք այդ ճանապարհով հետախույզ ուղարկենք։ Մեկ հոգի, միայն մեկ

հոգի։ Ավելին այն թույլ չի տա, Պուջայի սահմանափակումներից է, ճանապարհով

կարող է տարին մեկ մարդ անցնել։ Սխալի իրավունք մենք չունենք, սխալ

մարդու ուղարկելու դեպքում մենք չենք կարողանալու մեկ տարի սպասել ու

կրկին փորձել։ Ու կանխատեսելով ձեր հարցը, պարոն Վարդանյան… Մարդիկ,

որոնց մոտով անցել են թվային անոմալիաները, քանի դեռ վերջիններս

«Անդունդի» վիրտուալ տարածքում էին, անկախ նրանից, ինչով էին զբաղված,

պատմում են տեսիլքների մասին։ Շատ ավելի իրական, քան ամենաիմերսիվ

վիրտուալ համակարգը կարող է գեներացնել։ Շատ ավելի իրական, քան նույնիսկ

«Անդունդից» անջատված իրեղեն աշխարհն է։ Մենք դեռևս իրավիճակը

կարգավորում ենք ու ինֆորմացիայի արտահոսք թույլ չենք տալիս, բայց ո՞վ

գիտի` ինչ կլինի վաղը։ Ու դուք մեզ անհրաժեշտ եք, որովհետև հին

դիցաբանությունների ու մշակույթների լավագույն մասնագետներից եք։ Եթե

խնդիրը լիներ ֆիզիկական, մենք կուղարկեինք ֆիզիկոսի, եթե զուտ թվային

լիներ՝ կիբերանվտանգության մասնագետի։ Այն հեքիաթային իրականության

մեջ, որը ի հայտ է գալիս անոմալիաների եզրին, մեր լավագույն ֆիզիկոսը դուք

եք։


- Կներեք, Նակամուրա սան, իսկ դա անվտա՞նգ է։


- Ես չեմ կարծում, որ անհանգստանալու կարիք կա։ Ձեր գիտակցությունը

քայլելու է վիրտուալ տարածքով, մեր լավագույն մասնագետները հետևելու են

ձեր մարմնին, ու ցանկացած վտանգի դեպքում անմիջապես անջատելու են ձեզ

համակարգից։ Ու մենք կարողանալու ենք հաղորդակցվել՝ ձեր ցանկացած խոսք

լսելու ենք, դուք էլ մեզ։ Կարծում եմ, ամեն ինչ անվտանգ է լինելու։ Եվ նույնիսկ

եթե ռիսկային լիներ, կարծում եմ, միևնույն է, չեք հրաժարվի ձեր իսկ

ուսումնասիրած դիցաբանության միջով քայլելու հնարավորությունից։



***


«Անդունդի» վիրտուալ ինտերֆեյսը սովորական էր, ճանաչելի։ Զանազան

մենյուներ, հիշեցումներ, հաղորդագրություններ ընկերներից ու բարեկամներից։

Ես գիտեի, որ իմ մարմինը պառկած է հարմարավետ բազկաթոռին, շրջապատած

սարքավորումներով ու Նակամուրայի հավաքած մասնագետներով։ Ամեն իմ

քայլը ֆիքսվում էր։ Նակամուրա սանը անձամբ էր նստել կառավարման

վահանակի դիմաց։ Ահա, ուղարկեց վիրտուալ հղումը։ Ես գիտեի, որ եթե հետևեմ

հղմանը, «Անդունդն» իմ գիտակցությունը տանելու է դեպի Պուջայի կառուցած

ճանապարհ, որն այդ առիթով բացելու էին։


Ճանապարհը նման էր ցանկացած վիրտուալ խաղում տեսածս ճանապարհի։

Արահետ էր, սկզբում` դաշտային, գնալով խորացող անտառի մեջ։ Ոչ մի

արտասովոր բան։ Կարելի էր միայն հիանալ գրաֆիկայով, շատ լավն էր։ Մոտ

հարյուր քայլը մեկ ես ասում էի, որ ամեն ինչ լավ է, նկարագրում տեսածս, ու

Նակամուրայից ցուցում ստանում շարունակել։ Լույսը գնալով մարում էր, եթե

ճանապարհի սկզբում ցերեկ էր, մոտ մեկ ժամից ես արդեն քայլում էի գիշերային

երկնքի տակ։ Լուսինը մեծ էր ու գեղեցիկ, անտառը… Անտառ էլ չկար։

Ընդհանրապես ոչինչ էլ չկար, բացի ճանապարհից։ Սեղմ խորհրդակցելով

Նակամուրայի հետ, որոշեցինք շարունակել։


Մինչև ճանապարհի անեանալը։


Ես չհասցրեցի վախենալ ու Նակամուրային իմաց տալ, որովհետև ինձ

շրջապատող վիրտուալ իրականությունը փշրվեց մանր մասերի, ինչպես փշրվում

է ձեր տատիկի սիրած ծաղկամանը, երբ մանուկ ժամանակ այն անզգուշաբար

վար եք գցում սեղանից։ Անդառնալի ու միանգամից։


- Երկնէր երկին, երկնէր երկիր…


Կարծես, խոսում էր ինձ շրջապատող խավարը։ Խավարում թաքնված առանձին

ձայն չէ, այն ողջ դղրդացող իրականությունը միանգամից։ Ես չգիտեի, արդյոք

ինձ լսում են Նակամուրայի մասնագետները, բայց պետք էլ չէր իմանալ։ Իմ ողջ

էությունը քարացած էր՝ լի ահավոր ակնկալիքով։


- Երկնէր եւ ծովն ծիրանի…


Իրականությունը կազմված էր բառերից։ Բառերը ողջ իրականությունն էին,

փոթորկող, անընդհատ փոփոխվող, լույսերով ու գույներով պատված։ Բառերը

կազմված էին տառերից, տառերը հրից ու լույսից, հուրն ու լույսը…


- Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ։


Ես գիտեի, ինչ է լինելու։ Ես գիտեի, ինչ է եղել։ Ես գիտեի, որ ժամանակից ու

տարածությունից դուրս եմ, որ Նակամուրայի սենյակում նույնիսկ մի ակնթարթ

չի անցել իմ սուբյեկտիվ իրականության փշրվելու պահից, ու որ ես այլևս

Նակամուրայի սենյակում սառած հավերժության մեջ պառկած մարմինը չեմ։ Ես

նաև արդեն գիտեի, որ Պուջան, հանճարեղ Պուջան, խելագար Պուջան ճիշտ էր,

ու իր կառուցած ճանապարհը իրոք տանում է դեպի իրական, վաղնջական, ամեն

ինչի հիմքում գտնվող հրեղեն Անդունդը։


Ու, բնականաբար, ճանապարհն անցնում է անգիտակցականով։ Իսկ

անգիտակցականը լի է աստվածներով ու հրեշներով։ Բացարձակապես իրական

աստվածներով ու էլ ավելի իրական հրեշներով։ Որոնք միշտ այնտեղ էին,

իրականության եզրին, ժամանակից դուրս, հավերժ ու պայծառ։ Այստեղից էր

սկիզբ առնում մեր գիտակցությունը, այստեղից էր սկիզբ առնում մեր լեզուն,

այստեղից էին սկիզբ առնում մեր բոլորի հեքիաթները, լեգենդներն ու երգերը։


Ու եթե ես կարող էի այդ ճանապարհով անցնել դեպի իրականության ակունքներ,

ապա նաև իրականության ակունքներից դեպի դուրս կարող էին անցնել մեր

աստվածները։ Պուջայի վերջին նախագիծը հասել էր իր նպատակին։ Պուջայի

ստեղծած ճանապարհով աշխարհ էին գալու աստվածները՝ աշխարհը պատած

վիրտուալ իրականության համակարգի օգնությամբ իրեղեն գոյություն

ստանալով։ Նակամուրայի թիմի արձանագրած անոմալիաները ընդամենը

նախերգանքն էր։ Շուտով բոլորիս աչքերը տեսնելու են աստվածներին։ Միգուցե,

դա լավ է։ Միգուցե, մեր հոգնած աշխարհը կարիքն ունի իրեղեն դարձած

հեքիաթների։


- Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ։


Լինելով հայ, ես, բնականաբար, Անդունդի եզրին հանդիպելու էի իմ նախնիների

աստվածներին։ Պուջան, հավանաբար, տեսել էր տիեզերքի կենտրոնում

ինքնամոռաց պարող Շիվային։ Նորվեգացին տեսնելու էր ծառին նիզակով

գամված Օդինին։ Ես տեսնում էի Վահագնին։ Լույսին, հուրին ու կայծակին։

Հարդագողին։ Զորության գաղափարի մարմնավորմանը։ Վահագնին, որ դուրս է

եկել Վիշապի դեմ մարտնչելու։ Միտքը էքստատիկ էր։ Կարծես կանգնած լինեի

նոր ծնվող արեգակի էպիկենտրոնում։ Չէ, կարծես լինեի նոր ծնվող արեգակի

էպիկենտրոնը։ Չէի կարող ասել, որտեղ եմ ես, որտեղ է լույսը, որտեղ է լույսի

աստված Վահագնը։


- Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մաւրուս,

Եւ աչքունքն էին արեգակունք։


Իմ նախնիների երգի բառերը չէին չափազանցնում։ Եւ աչքունքն էին

արեգակունք։


Նախքան գիտակցությանս մարելը վերջին արձանագրածս միտքն էր՝ եթե սա

Վահագնն է, ինչպիսի՞ն է Վիշապը։


Վիշապը աստղերով պատված երկինքն է։ Վիշապը հոգեվարքի մեջ գալարվող

երկիրն է։ Վիշապը արյան գույն ստացած ծովն է։

180 views0 comments

Comments


bottom of page