Ինչքան կան այս գետը և լեռները, այնքան կանգուն է մեր Շենը:
Պապերը պատմել են թոռներին, թոռներն՝ իրենց թոռներին, թե ինչպես են մետաղ ձուլած հսկաները, որոնք իրենց երկնքի որդի էին կարգել և ուզում էին նվաճել Վերին ծովից մինչև Ներքին ծով՝ բոլոր երկրները, փորձել գրավել մեզ, բայց լեռներ մագլցելիս երկար մորուքները նրանց խանգարել են, իսկ նուրբ մետաղը՝ ծռվել մեր նետած քարերից:
Դեռ փոքր ծառերը չէին մեծացել, երբ այլ մարդիկ, ովքեր խոսում էին այլ լեզվով, բայց կրում էին չարիքի նույն որդը, հայտնաբերեցին սև, ավելի պինդ մետաղ, որը սպանում էր ամեն ինչ, առաջին հերթին՝ հենց իրենց գթությունը, հարձակվեցին, այրեցին մեր խաղողի վազերը: Սակայն մեր նախնիները, օգնության կանչելով մառախուղին, կարողացան թիկունքից հարձակվել և ժայռերի ու անտառների աստվածներին սուրբ զոհ մատուցել:
Չարիքը չկանգնեց և իր կողմը տարավ տափաստանի խրոխտ զինյալներին, օգնեց իրենց ենթարկել ձիերին: Բայց քարից դուրս եկած կայծակի աստվածն ամպրոպ բերեց մեր կողմերը, և շենացիք խորտակեցին թշնամուն: Ազատվելով իրենց տերերից` ձիերը գտան նոր հայրենիք և մինչև այժմ ազատ վազում են մեր լեռներում:
Կրակն իրենց տեր կարգած զինյալները՝ սև գետի նման, փորձեցին ստիպել մեզ ծնկել իրենց տիրոջ առջև: Բայց մեր պապերը ոտք չէին խոնարհի ոչ մեկի, առավել ևս՝ որևէ մեկի աստծո առաջ: Ժայռերին դա զվարճացրեց, ժայռերը ծիծաղեցին, երկիրը դղրդաց, և հրածինները կործանվեցին: Դրանից հետո մենք շատ աստվածներ ենք փոխել, կառուցել տարբեր տաճարներ, բայց բոլորի առաջ կանգնել ենք ամուր` երկու ոտքի վրա:
Երկրային թագավորի բեռը ծանր է: Այդ բեռն անտանելի է դառնում, երբ տերը նաև երկնքի տիրակալի թագն է ուզում փորձել: Դրանից կարելի է խելագարվել: Այդպիսի մեկը փորձեց տիրել աշխարհին, գրավել Արևելյան մեծ գետերի երկիրը, բայց խենթացած մահացավ: Անտեր թողնված նրա զինվորներն իրար սպանեցին:
Երկաթ հագած անդեմ մարդիկ ճիշտ շարք կազմած կառուցեցին ճանապարհներ, կամուրջներ, կտրեցին անտառներ, փոխեցին գետերի հունը: Մեր Շենը չվախեցավ: Լեռնային կածաններում շարքը քանդվում է, իսկ միայնակ մարտիկը վախից փոքրանում է և վերանում:
Հետո եկավ մեր ամենամեծ փորձությունը: Անծայրածիր չոր և ամուլ օվկիանոսում ծնվեցին գայլերի և եղջերուների որդիներ: Նրանք ոչնչացնում էին ամեն բան իրենց ճանապարհին, սպանում ամեն կենդանի էակին, փակում արևն իրենց նետերով, նժույգների սմբակների հարվածներով քանդում քաղաքներ: Ոչ ոք չէր կարող նրանց դիմակայել: Ոչ ոք, բացի մեզանից: Շատ քաջեր կորցրեցինք այդ ժամանակ, բայց գութ աստծո որդու կամքով՝ հաղթեցինք: Քոչվորները, անիծելով մեր սև անտառները, հեռացան:
- Էլի հեքիաթնե՞ր ես պատմում: Երեխաները նորից չեն քնի քո սարսափներից:
Հայրն ընդհատեց իր պատմությունը: Շրջվեց և տեսավ դռան հարևանությամբ՝ պատին հենված կնոջ ստվերը։
- Ոչ, մայրիկ, ես չեմ վախենում, - ասաց Միքայելը, - ես նույնքան խիզախ եմ, ինչքան իմ բոլոր պապերը:
- Լավ, տղաս, վաղը կշարունակեմ: Տիգրանն արդեն քնել է: Իսկ իմ շատ իրական պատմությունները, և ոչ հեքիաթները, - մի պահ շրջվելով մորը՝ ասաց հայրը, - երկուսիդ համար են:
- Բայց ես ուզում եմ իմանալ` ինչպե՞ս հաղթել բոլորին, - չէր համաձայնվում Միքայելը:
- Հաղթելու համար պետք է չվախենալ: Վախը մարդուն ստիպում է չերազել, չմտածել, պարտվել մարտի հենց սկզբում: Իսկ հիմա քնիր, վաղը ես քեզ կպատմեմ մեր գյուղի իմաստուն Պըլը Պուղու և չար Մելիքի պատմությունը:
Արևը գնաց: Եկավ անլուսին լուսավոր գիշերը: Այսպիսի պայծառ երկինք տեսնելու համար պետք է հեռանալ մեծ և փոքր քաղաքներից, հասնել մեր Շենը, որը բարձր սարերին կպած, գրեթե, դիպչում է երկնքին: Շենը պաշտպանված է մարդու արհեստական լույսից և անպաշտպան՝ վառ աստղերի առջև:
«Ինչ-որ մեկը քայլում է մեր բակում»,- մտածեց Միքայելը` լսելով խոտերը ջարդող մանր քայլեր: Լուռ դուրս եկավ անկողնուց, մոտեցավ դռանը, թեթև բացեց և տեսավ ծեր նիհար մարդու, ով փորձում էր մտնել խորդանոց:
Միքայելը սկզբից մտածեց կանչել հորը, սակայն անծանոթի շատ տարօրինակ կերպարը նրան կանգնեցրեց: Վերջինիս գույնզգույն լաթերը, դեպի անվերջություն ձգվող քիթը, սուր մորուքը և ցից արած բեղերը գրավեցին երեխային: Նա մոտեցավ անծանոթին և հարցրեց.
- Ի՞նչ եք անում այստեղ:
- Ես շատ ծարավ եմ և քաղցած, - չկանգնելով և չշրջվելով՝ պատասխանեց ծերունին:
- Իսկ Դուք ո՞վ եք:
Անծանոթն անշարժացավ զարմանքից.
- Ինչպե՞ս, դու չգիտես՝ ո՞վ եմ:
- Ոչ:
- Ես մեծն կատակասաց, իմաստուն, ճշմարտախոս Պըլը Պուղին եմ:
- Հաաա, հայրս խոստացել էր ինձ պատմել Ձեր մասին:
- Այո, իմ փառքն ու համբավն անցնում են դարեդար, - հպարտությամբ ասաց ծերունին:
- Բա, եթե այդքան հայտնի եք, ինչու եք այսքան վատ հագնված, և, նույնիսկ, մի կտոր հաց չունեք ուտելու, - մանկական միամտությամբ հարցրեց Միքայելը:
- Գիտես ինչ, տղա´ս, ես իմաստուն եմ և ճշմարտախոս, բայց ավելի շատ ճշմարտախոս, քան իմաստուն, այնպես որ ինձ մի բան տուր ծարավը հագեցնելու համար:
Միքայելը ոչինչ չհասկացավ ծերունու ասածից, բայց որոշեց օգնել:
- Հիմա ջուր կբերեմ, - ասաց նա:
- Ի՞նչ ջուր: Ջուր իմ քարանձավում էլ կա: Ինձ բեր խմիչք, որին ես կարոտել եմ:
Տեսնելով, որ երեխան չի հասկանում՝ ծերունին շարունակեց.
- Ինձ օղի բեր:
Երեխան դանդաղ քայլերով մոտեցավ խոհանոցին, բացեց դարակը և տեսավ իրար կողք դրված երկու շիշ: Մեկը գեղեցիկ պիտակով ապակե շիշ էր, մյուսը՝ նախկին կյանքում հյութ պարունակած ծռմռված տարա: Միքայելը հիշեց, որ երկուսում էլ օղի էր: Երևի թե, հայտնի կատակասաց, իմաստուն, ճշմարտախոսի համար ավելի ճիշտ կլիներ գեղեցիկ պիտակով օղին:
Տղան շիշը տարավ Պըլը Պուղու մոտ: Իմաստունն ագահորեն վերցրեց շիշը, մոտեցրեց բերանին: Հազիվ մեկ կաթիլ դիպչեց շրթունքներին, ծերունին ընկավ, սկսեց դողալ:
- Անպե՛տք երեխա, ուզում էիր ինձ թույնել, - մարող ձայնով հազիվ ասաց Պուղին, - այս ի՞նչ էիր ինձ բերել: Հեսա կմահանամ: Արագ ինձ օղի բեր, թթի օղի, թե չէ գնում եմ Տիրոջ մոտ:
Միքայելը վազեց խոհանոց, արագ վերցրեց ծռմռված շիշը, մոտեցրեց ծերունու շրթունքներին: Շիշն անմիջապես դատարկվեց: Իմաստունը սրբեց մորուքը և բեղերը, կարմրած քիթն ու երջանիկ աչքերն ուղղեց տղային:
- Դուք քաղցած էլ էիք, չէ՞:
- Տղաս, ես ծարավ էի և քաղցած, բայց ավելի շատ ծարավ, քան քաղցած:
Պուղին նշան արեց ձեռքով, որ տղան մոտենա իր կողքը նստի:
-Դու բարի խոխա ես: Գիտես, բարիությունից սիրտը մեծանում է, և մարդը կարողանում է այնտեղ շատերին տեղավորել, նույնիսկ ամբողջ աշխարհը: Չարությունից սիրտը քարանում է, փոքրանում, մեջը տեղ չի մնում, մարդը մնում է միայնակ, իսկ վերջում քարի վերածված սիրտը վռնդում է նաև նրան, և մարդու մեջ մարդ չի մնում: Չար մարդը վախկոտ է, քանի որ միայնակ է: Բարի մարդն ուժեղ է, որովհետև իր սրտում է տանում իր ընտանիքը, շենը, երկիրը, ամբողջ աշխարհը:
Հին ժամանակներում այս երկրում կար չար Մելիք: Նախանձից և ժլատությունից տձևացել էր, չորացել: Ամեն օր բարձրանում էր այն բարձր սարի գագաթին, որ հիմա Քաչալ քար են ասում, նայում էր շուրջբոլորը, և տխրում, որ ամեն երևացողը իրենը չի: Գիշերները չէր քնում և մտածում էր` ինչպես հավասարվի աշխարհի մեծերին: Ուզում էր դառնալ ամեն բանի տեր:
Ամեն ինչ արեց Մելիքը․ դավաճանեց մարդկային և աստվածային բոլոր օրենքները, դեմ գնաց մյուս մելիքներին, խաբեց, մոլորեցրեց, բռնացավ, քծնեց, բայց ոչինչ չօգնեց: Շատ դանդաղ էր մեծանում իր ունեցվածքը:
Մի օր շատ հուսահատ ձայն տվեց սատանային և խոստացավ իր հոգին նվիրել:
-Բառձռռացիռ բառձռռ քառռին, - լսեց Մելիքը սև ագռավի ձայնը, - միայնակ բառձռռացիռ: Հանիր սիռռտդ և թաղիռ գագաթին: Ժամանակը կգա կտիռես աշխառռհին:
Խելագար աչքերն ուղղելով բարձր սարին` Մելիքը վերցրեց դանակը և վազեց: Շունչը կտրվում էր, հևում, խեղդվում, բայց չէր կանգնում: Մի անտեսանելի ուժ էր առաջ տանում նրան: Տիրելու ցանկությունը լցնում էին թոքերը, քաշում վերև:
Հասավ գագաթին, հանեց շապիկը, դրանից կտրեց մի կտոր, ծալեց, դրեց ատամների արանքը, և սկսեց բացել սիրտը:
Ցավը խեղդում էր, բայց չէր կանգնում: «Տիրել, տիրել»` գռմռում էր ատամների տակից: Արյան փոխարեն սև մաղձ էր լցվում ձեռքերին, բայց չէր կանգնում: Հասավ, վերջապես, սև քար դարձած սրտին, ոսկի որոնող խելագարի ցնծությամբ հանեց, վերջին ուժերով թաղեց սարի գագաթին:
Այդ պահին գագաթը բոցավառվեց, մեծ կրակ եղավ, որը վառեց Մելիքին և ամեն բան իր շուրջը:
Դրանից հետո ոչինչ չի աճում այդտեղ: Մեր կանաչ երկրի միակ ամայի տեղն է: Դրա համար էլ ժողովուրդը գագաթն անվանում է «Քաչալ քար»:
- Այսինքն` սատանան խաբե՞ց Մելիքին, - հետաքրքրությամբ հարցրեց Միքայելը:
- Կարող է, կարող է և ոչ: Ինձ եթե հարցնես, ես կասեմ, որ սատանան լավ գործընկեր չէ: Դեռ մարդ չեմ տեսել, որ գոհ լինի նրա ծառայություններից: Բայց ես լսել եմ, որ Մելիքը սպասում է իր ժամին, որպեսզի դուրս գա քարից և գրավի ամբողջ աշխարհը: Եվ որպեսզի իր տիրապետությունը մշտական լինի, կսպանի բոլորին, որովհետև ոսկորները չեն ապստամբի: Բայց Մելիքը չգիտի, որ միևնույն է անպարտելի չէ: Իր թուլությունը բարիքն է: Միայն բարին կկարողանա նրան կանգնեցնել, որովհետև բարին խիզախ է: Բարի մարդը չի վախենա: Չարին հաղթելու համար պետք է հարվածել ճիշտ սրտին: Բայց դե, ո՞վ եմ ես, սովորական մի ծերունի` ավելի շատ ճշմարտախոս, քան իմաստուն:
Ասաց Պուղին և սկսեց խռմփացնել:
- Միքայել, ինչու՞ ես դրսում, - լսեց տղան հոր ձայնը:
- Հայրիկ, նայիր, - շրջվելով հորը ասաց նա, - տես` ով է այստ...
Բայց անկոչ հյուրն արդեն չկար:
- Ասում էի` պետք չէ քո հիմար հեքիաթները պատմես երեխային, նա շատ ազդվող է,- բարձր, բայց շշուկով ասաց կինն ամուսնուն, երբ վերջինը երեխային պառկեցնելուց հետո մտավ ննջասենյակ:
- Ոչինչ, կանցնի: Կամ չի անցնի. դա, երևի, ավելի լավ է:
Վաղ առավոտյան եղբայրները որոշեցին իջնել ձոր: Այնտեղ էին աճում աշխարհի ամենաբարձր ծառերը: Այնքան խորը և այնքան նեղ էր ձորը, որ ծառերը, հաղթելով մեծ երկրի ձգողությունը, ստիպված երկարում էին, որ մի փոքր դիպչեն արևի տաք ճառագայթներին: Ներքևում երբեք լույս չէր ընկնում:
Ներքևում միայն գետն էր: Ուժգին հարվածում էր ժայռերին, ատելությամբ համբուրում և սլանում առաջ: Նա սիրում էր այս ձորը, որովհետև հենց այստեղ էր ազատ, արագ, ուժեղ: Դարերով կռվելով քարերի հետ՝ բացում էր իր ճանապարհն այնպես, ինչպես ուզում էր:
Իսկ ներքևում թշնամի հարթավայրն էր, որն իրեն գերի էր վերցնում, դանդաղեցնում, ծռմռում: Դաշտերի մարդիկ սվիններով ծակոտում էին իրեն, ցամաքեցնում, տանում իրենց անպետք բերքը ջրելու համար, պատնեշներ դնում: Անգութ արևն էլ այրում էր, գոլորշիացնում, և ամպերով հետ շպրտում դեպի արևմուտք:
- Օձը՜, - գոռաց Տիգրանը, - փախա՛նք:
Միքայելն իր դիմացը տեսավ սողունին, որը գալարվում է ծառից ընկած թռչնի ձագի հետևից: Մի պահ վախեցավ. միայնակ էր մնացել: Բայց հավաքեց ուժերը, վերցրեց գետնից քարը և ուժգին հարվածով ուղղեց այն օձի գլխին: Նետումը ճշգրիտ էր: Օձն անշարժացավ:
Բայց պետք էր ձագին իր բույնը տանել: Միայնակ չէր դիմանա: Ձեռքը վերցրեց վախից կիսամեռ կենդանուն: Գլխին կարմիր նշան էր: Հիշեց, որ հայրը պատմում էր Շենի օրթախների մասին, որոնցում թաքնվում էին գյուղացիները՝ թշնամիներից պաշտպանվելու համար: Հիշեց նաև, որ այժմ այնտեղ բնակվում են կարմիր նշանով թռչուններ: Չմոռացավ նաև հոր զգուշացումը, որ պատսպարաններ չի կարելի բարձրանալ, որովհետև ճանապարհը կիսավեր էր: Բայց դե, հո՞ չէր թողնի թռչնակին: Որոշեց բարձրանալ:
Խրոխտ ժայռերը զարմանքով նայում էին նրան, սակայն Միքայելը բարձրանում էր ու բարձրանում: Շունչը կտրվում էր, քարերն ընկնում էին ոտքերի տակից, բայց մի անտեսանելի ուժ տանում էր նրան վեր: Չէր կարելի կիսատ թողնել ճանապարհը: «Եթե կանգնեմ և թռչնակին այստեղ թողնեմ, նշանակում է՝ ես եմ սպանում նրան»:
Մտքին գալիս էին այն բոլոր պատմությունները, որ պատմում էր հայրը` իր նախնիների, թշնամիների, հերոսական զոհերի, վշտերի և հաղթանակների մասին: «Իրենք այստեղ բարձրանում էին զենքով, ընտանիքներով, իրերով, թշնամիների նետերի տակ: Իմ արածն ի՞նչ է դրա համեմատ»:
Հասավ օրթախներին: Կարմիր նշանով թռչունների երամը դուրս եկավ տղային եւ վիրավոր թռչնակին դիմավորելու, շնորհակալական թռիչք կատարեց և ծլվլաց հաղթական քայլերգ՝ Միքայելի պատվին:
Սկսեց շրջել քարանձավում: Նկատեց տարբեր նշաններ, տառեր: Կային խաչեր, անվերջ գալարվող շրջանակներ, կայծակի նշաններ, կենդանիներ, անհայտ լեզուներով տառեր: Հանդիպեց նաև իր հարազատ տառերից կազմված բառերի` մի մասը կարողացավ հասկանալ, մյուսը` ոչ:
Վերցրեց մի քար, քանդակեց իր անվան երեք տառը` «ՄԻՔ» և իջավ:
- Միքայե՜լ, - լսեց մոր ձայնը:
- Միքայե՜լ, - լսեց դրան հաջորդող փոքր եղբորը:
- Այստեղ եմ, - գոռաց ի պատասխան և վազեց այդ ուղղությամբ:
Հանդիպեց վախեցած, ջղայնացած մորը:
- Անպե´տք երեխա, - ցավացնելով բռնեց տղայի ձեռքը, - սպասիր հասնենք տուն, ես քեզ ցույց կտամ, սպասիր: Մի ժամ է քեզ ենք փնտրում, ամեն բան մտքովս անցավ: Սպասիր, սևը կբերեմ՝ հասնենք տուն: Հիմա՛ր տղա: Ես եմ մեղավոր, որ համաձայնեցի ամառները գալ այս կորած տեղը: Այլևս երբե՛ք:
Մի քանի րոպե մայրը փնթփնթում էր՝ քաշելով տղայի ձեռքը: Հետո կանգ առավ, ծնկեց, պինդ գրկեց որդուն:
Մնացած ճանապարհին լուռ էին, անխոս, դանդաղ քայլում էին: Միքայելը միայն նկատում էր մոր աչքերից թափվող ժլատ արցունքները:
Ինչքան կան այս գետը և լեռները, այնքան կանգուն է մեր Շենը: Այն կանգուն է եղել բոլոր թշնամիների առաջ: Ամեն հաջորդը նախորդից ավելի ուժեղ է եղել, բայց մենք դիմացել ենք, որովհետև ձգտել ենք բարուն, բաց ենք պահել մեր սրտերը և չենք վախեցել: Այս խոսքերն ասաց հայրը՝ որդուն ճանապարհելիս: Միքայելը չէր մոռանում հոր խրատը:
Երբ կռիվը սկսեց, Քաչալ քարից սկսեց մարմանդ ծուխ գալ: Այդ պահին պատերազմն այնքան հեռու էր թվում:
Այս անգամ թշնամին այլ էր` անհասկանալի, անշոշափելի, անհաս, անճանաչելի, թվում էր` անպարտելի: Նա բոլոր նախորդներից զորեղ էր: Մութ ամպերը զոհին հիպնոսացնող գիշատիչի նման դանդաղ հարձակվում էին և ոչնչացնում ամեն բան: Ոչ ոք չէր հասկանում` ո՞վ է հարձակվում, ինչո՞ւ, ինչպե՞ս պայքարել:
Սկզբնական ոգևորությունը կորել էր առաջին մի քանի օրվա ընթացքում: Դրանից հետո զոհեր, վախ, նահանջ, զոհեր, վախ, նահանջ, նահանջ, նահանջ:
Ինչքան պատերազմը մոտենում էր, այնքան ավելի ուժեղ ու թանձր էր դառնում Քաչալ քարից դուրս եկող ծուխը: Շենը կորել էր դրա մեջ, չէր երևում:
Երբ անվերջանալի նահանջներից հետո Միքայելի ջոկատը հասավ այդտեղ, բնակավայրը դարձել էր անճանաչելի: Հազիվ նշմարվող տները միայն վկայում էին, որ առաջ այստեղ մարդ է եղել:
Անգութ խավարը մոտենում էր:
- Տղերք, շարունակում ենք նահանջել, - դողացող ձայնով ասաց հրամանատարը: Կամ չասաց: Բառերը կարող էին չասվել, միևնույն է բոլորի սրտերը պատած վախն այլ խոսքեր չէր ընդունի: Գուցե և, բոլորի սրտերը միաժամանակ ասացին նույն բանը: Նահանջը դարձել էր կենսակերպ. ամեն ինչ թողնել, չպայքարել․ իմաստ չկար:
Եվ վախը չէր թողնում հասկանալ, որ տեղ չկա նահանջելու՝ սա վերջն է: Սրանից այն կողմ օտար երկիրն է` բերրի դաշտերով և գերեվարված գետերով: Այդ երկիրը սիրելը հեշտ էր, որովհետև այդտեղ ջանք չկա, քար չկա, ծռմռված բարդ ճամփեք չկան: Բայց փախչելու դեպքում էլ պետք է կրես քեզ հետ վախը, որից չես փախչի, անգութ խավարը կգա հետևիցդ:
Բոլորն էին այս ցնորքի մեջ: Կուրացած աչքերով ստվերները դանդաղ քայլում էին, հեռանում: Զինվորներից մեկի հայացքը գրավեց հայրենի Շենի ուրվագիծը, իսկ գետի վայրենի խշշոցն արթնացրեց ննջից:
- Տղե´րք, ես չեմ գալիս, նահանջելու տեղ չկա, - ասաց Միքայելը:
- Խելագար ես: Մենք ոչինչ չենք կարող անել, - ասաց դեմքը կորցրած մարդկային բազմույթը:
- Ես կարող եմ: Իմ սրտում վախ չկա:
- Լսիր, ձև չկա: Մենք չգիտենք՝ սա ինչ է, մենք չգիտենք՝ որտեղից է եկել, մենք չգիտենք՝ ինչպես պայքարել: Մեր զենքերը չեն աշխատում, մեծ մասը ոչնչացվել է: Քանի անգամ ենք տեսել քեզանից ավելի խիզախների մահեր: Մի խելագարվիր:
- Ոչ: Ես չեմ գալիս: Սկզբից մենք նահանջում էինք, որ դիրքավորվենք, հետո, որ հակահարձակում կազմակերպենք, հետո որ շատ կորուստ չունենանք: Իսկ այժմ ուղղակի փախչում ենք: Դա ինձ համար չի: Իմ նախնիները ծնկի չեն իջել որևէ մահկանացուի և նույնիսկ անմահ աստվածների առջև: Մեր տաճարներում, ընդհուպ, մենք կանգնած ենք աղոթում: Ես գնալու եմ չարի հենց սրտի մոտ և խոցեմ այն: Խավարն ինձ չի վախեցնում:
Միքայելը վազեց սարի գագաթին, որտեղից դուրս էր գալիս թանձր ծուխը: Անտեսանելի ուժը քաշում էր նրան: Հետևում լռեցին անդեմ մարդկանց ձայները, որոնք իր մահն էին կանխատեսում: Միայն գետի խշշոցն էր լսվում:
- ՉԱՐԻՔ, ԵՍ ՔԵԶԱՆԻՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ:
- Էլի հեքիաթնե՞ր ես պատմում: Երեխաները էլի չեն քնի քո սարսափներից:
Հայրն ընդհատեց իր պատմությունը: Շրջվեց և տեսավ դռան հարևանությամբ՝ պատին հենված կնոջ ստվերը։
- Ոչ, մայրիկ, ես չեմ վախենում, - ասաց տղան, - ես Միքայելի նման խիզախ եմ: Շարունակի՛ր, հայրիկ:
- Տղաս, վաղը կշարունակեմ: Եղբայրդ արդեն քնել է: Իսկ ես կուզեմ, որ ինքն էլ լսի իմ պատմությունը:
- Լավ, գոնե ասա, ինչ եղավ Միքայելին: Կարողացա՞վ կոտրել չար Մելիքի սիրտը:
- Վաղը կպատմեմ: Բայց հիշիր, եթե դու բարի ես, սիրտդ մեծանում է և լցվում քո սիրելի բոլոր մարդկանցով, քո ընտանիքով, շենով, հայրենիքով և ամբողջ աշխարհով: Եվ այդ դեպքում, քեզ ոչինչ չի կարող վախեցնել: Իսկ առանց վախի դու կարող ես հաղթել բոլորին:
Comments