top of page
Search
Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Միջնաբերդյան պատմություններ: Ասք Չորս Գագաթների քաղաքի մասին», հեղինակ՝ Հայկ Հովյան


Որպես Միջնաբերդում ծնված ու իր ողջ կյանքն այստեղ ապրած պատմագիր, ինձ համար բավականին դժվար է հավաքել ու գրի առնել բոլոր այն առեղծվածային պատմությունները, որ պարուրում են այս հնամենի քաղաքը: Սակայն, հաշվի առնելով Մեծն Իշխան և քաղաքագլուխ Թեոդորոսի առջև հանձն առած պարտավորությունները, ես խոստանում եմ գրի առնել գիտեցածս ամենայն անաչառությամբ ու մանրամասնությամբ` ինչը և կվայելի Չորս Գագաթների քաղաք Միջնաբերդի մասին Պատմությանը: *** Չկա որևիցե ստույգ հիշատակում այն մասին, թե ովքեր և ինչպես են հիմնել այս բնակավայրը Արագած կոչվող քառագագաթ լեռան խառնարանում: Ամեն դեպքում, շատ գիտուններ կարծում են, որ դա չէր կարող տեղի ունենալ Մեծ Սառցե դարաշրջանի ավարտից շատ ավելի շուտ, քանզի, նույնիսկ մեր օրերում, ոչ բոլոր մահկանացուներն են ի վիճակի դիմանալ Արագածի խստաշունչ ձմեռներին: Կարելի է ենթադրել, որ քաղաքի բնակեցումը հնարավոր է դարձել ավելի ուշ, երբ հավերժական սառույցները վերջնականապես լքել են Լեռնաշխարհը: Այնուհանդերձ, բուն Միջնաբերդի հիմնադրման պատմության շուրջ բազմաթիվ են լեգենդներն ու հեքիաթները։ Քաղաքի բնակիչների մի մասն, օրինակ, արժանահավատ է համարում այն վարկածն, ըստ որի քաղաքը հիմնադրել են արևմուտքից դեպի Լեռնաշխարհ ներթափանցած, բայց արդեն երկրի երեսից վաղուց անհետացած բարբարոս ցեղերի ռազմիկները, և որպես դրան ապացույց բերում քաղաքի բնակիչների զգալի մասի անսովոր արտաքինը: Եվ իրոք, Միջնաբերդի բնակչությունն արտաքինով տարօրինակ կերպով բաժանվում է երկու իրարամերժ խմբերի: Նրանց մի մասը բարձրահասակ է, խարտյաշ մազերով, գունատ մաշկով և լուսավոր աչքերով, իսկ մյուս կեսն, ի հակադրություն առաջինների, ցածրահասակ է, թխամաշկ ու զարգացած մազածածկույթով: Առաջիններն իրենց համարում են իրական միջնաբերդցիներ և արհամարհանքով վերաբերվում մյուսներին: Թխամաշկ կարճահասակներն էլ, լինելով ավելի մեծաթիվ ու նաև ավելի աշխույժ, ամեն բան անում են տուրուդմփոց հրահրելու ու խարտյաշներին ամեն առիթով մի լավ դնգստոց հասցնելու համար: Այդպիսին է մերօրյա Միջնաբերդը` վեճերի ու տուրուդմփոցների անգերազանցելի ոստան: Բնակիչների մի մասն էլ քաղաքի հիմնադրումը կապում է աստվածային պարգևի, երկնային նախախնամության և հազար ու մի սնահավատ լեգենդների հետ: Սրանց հետ նույնպես ամեն բան հեշտ չէ: Համոզված լինելով իրենց քաղաքի՝ ի վերուստ ընտրյալ և աստվածահաճո լինելու մեջ՝ նրանք տեղի ունեցող ցանկացած իրադարձություն համարում են կանխորոշված երևույթ և ոչինչ չեն անում այն կանխելու կամ փոփոխելու համար: Զորօրինակ անհոգ վերաբերմունքի զոհ էր դարձել քաղաքի հարավային թաղամասում գտնվող սոսիների հնագույն պուրակը, երբ կայծակի հարվածից բռնկված հրդեհը ոչ ոք այդպես էլ չփորձեց մարել` համարելով դա երկնային պատիժ՝ միմյանց նկատմամբ հարգանք և սեր քիչ տածելու պատճառով: Ինչևէ, այդպիսիները ևս բավականին մեծ խումբ են կազմում և ոչ պակաս մարտական են տրամադրված, քան առաջինները: Բայց կան նաև մարդիկ, ովքեր, իրենց հերթին, առհասարակ ոչնչի չեն հավատում և ամեն ինչի հետևում դավադրություններ են փնտրում, ինչն ընդհանրապես, այս կամ այն աստիճան, բնորոշ է բոլոր միջնաբերդցիներին: Ահա այս բոլոր անհամատեղելի տարաձայնություններն իրենց գագաթնակետին են հասնում Միջնաբերդի քաղաքագլխի ընտրությունների ժամանակ: Թերևս, սա միջնաբերդյան ամենակարևոր իրադարձությունն է, որն անց է կացվում տաս տարին մեկ` տարվա վերջին լիալուսնին նախորդող շաբաթ օրը: Ընտրություններին պատրաստվում են մի ամբողջ տարի, հասցնում տոհմերով անպատվել իրար, հիշել յոթը պորտ նախնիներին և հատկապես իգական սեռի ազգականներին, իսկ ծեծուջարդի տեսարաններ կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր անկյուններում: Թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում է համոզել քաղաքաբնակներին, որ հենց ինքն է Միջնաբերդի առասպելական հիմնադիրների ժառանգը և արժանի է կառավարելու քաղաքը հետագա տասը տարիներին: Որպես արդյունք, թեկնածուները վիճաբանում են, ձեռնամարտի բռնվում ու ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր: Գիտենալով, թե երբեմն թեմայի ամենաչնչին հիշատակումն անգամ ինչ արյունահեղության է հանգեցնում հակառակ պնդումների կողմնակիցների միջև, ես կփորձեմ զերծ մնալ նախապատմական ժամանակների նկարագրությունից` այն թողնելով բազմաթիվ տաղերգուներին, որոնցով այնքան հարուստ է Միջնաբերդը: Առաջին հստակ արձանագրությունը, որ հասել է մինչ մեր օրերը և որը լեգենդներից անցում է կատարում դեպի իրական պատմություն, Արագածի հարավային լանջին ծվարած, Քարե անունը կրող սառցադաշտային լճակի ափին գտնված կոթողն է: Կոթողն այդ իրենից ներկայացնում է հղկված, բազալտե մի սալ, որի վրա փորագրված այծապատկերներից կարելի է ենթադրել, որ պատկերված կոտոշավոր, երկոտանի, հսկա արարածը երկրպագում է լեռնալանջից հորդող աղբյուրին և զոհաբերություն մատուցում դրան: Պատկերները կիսով չափ ջնջված են։ Չնայած դրան, սալի վրա փորագրված արարածի սարսափազդու և առեղծվածային տեսքը բավականին լավ պահպանվել է մինչև մեր օրերը: Պատկերներից բացի, կոթողի վրա պահպանվել է գրավոր արձանագրություն, որն էլ, հավանաբար, կոչված էր լույս սփռելու տարօրինակ արարածի ով լինելու և նրա հերոսությունների վրա: Ցավոք, արձանագրությունն արված է մեզ անհայտ սեպագիր լեզվով, որի ընթերցման բանալիները անհետ կորսված են` չնայած այն վերծանելու բազում գիտունների փորձերին: Խորհրդավոր կոթողի ծագման շուրջ տարաձայնությունները ևս չեն շրջանցում Միջնաբերդյան և ոչ մի միջոցառում: Մի մասը համարում է, որ կոտոշավորը մեզ անհայտ ինչ-որ բանական արարած է։ Մյուս մասը կարծում է, թե դա Մարդկանց Թագավորության հիմնադիր` Մեծ Հայրերից մեկի այլաբանական պատկերումն է, իսկ որոշներն էլ ընդհանրապես ամեն բան վերագրում են նախապատմական գեղարվեստական մանրապատումներին: Ես ինքս կրկին զերծ կմնամ սեփական կարծիք հայտնելուց` քանզի, մի կողմից, փաստերն ու հիմնավորումները չափազանց քիչ են պնդումներ առաջ քաշելու համար, մյուս կողմից՝ հայտնաբերված վկայությունները բավականին համոզիչ են, որպեսզի մարդ առերեսվի իրականությանը։

Իսկ ահա այն, ինչ ստույգ հայտնի է յուրաքանչյուր միջնաբերդցու, որպես պատմության սկիզբ, տաղերն են Մեծ Հայրերից առաջիններից մեկի` Հաբեթյան Հայկի մասին: Տիտանյան Բելի հետ Հայկի մենամարտի, նրա հանրահայտ լայնալիճ աղեղի, Թագավորության հիմնադրման և մնացյալ բոլոր իրադարձությունների մասին լայնածավալ գլուխներ կարելի է գտնել միջնաբերդյան ցանկացած դասագրքում, և ես ժամանակ ու միջոցներ չեմ վատնի այդ ամենի մասին ևս մեկ անգամ շարադրելու համար: Ժամանակներ առաջ Միջնաբերդը եղել է ամբողջ Լեռնաշխարհի առանցքն ու պատմությունների կենտրոնը։ Այդ հանգամանքը ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնում, սակայն քչերին է հայտնի, թե ինչու է այդպես ստացվել: Դարերի հեռվից արդեն դժվար է պարզել, թե ովքեր են առաջինը հայտնաբերել լեռան խորքերից հորդող Ուժի աղբյուրների գտնվելու վայրը, սակայն բազում վկայությունները փաստում են, որ հենց այդ Ուժի աղբյուրներներից են սերել Մեծ Հայրերը` մարդկային ցեղի հերոսական նախնիները: Մեծ Հայրերը իմաստուն էին, քաջարի և լի էին հմտություններով: Հենց նրանց շնորհիվ Միջնաբերդը մի քանի դարում կարողացավ առաջ անցնել բոլոր մրցակից քաղաքներից և իրավամբ դառնալ Լեռնաշխարհի կենտրոնը: Քաղաքում կյանքը ծաղկում էր, հողի սակավությունից տները բարձրանում էին միմյանց շալակ ու բնակիչներն օրնիբուն արբենում էին բյուրավոր տոնակատարություններից` ի պատիվ Մեծ Հայրերի: Առևտրականների քարավանները, բեռնված ամենաճոխ իրերով, իրար հերթ չտալով մագլցում էին Արագածի լանջերը, իսկ գիտուն այրերն աշխարհի բոլոր ծագերից շտապում էին Միջնաբերդ` Մեծ Հայրերից իմաստություն սերտելու: Թե ինչպես ու որ ժամանակներում էին պատմական այդ հսկաները կարողացել ներքաշել աղբյուրների՝ միայն ընտրյալներին հասու Ուժը, այդպես էլ կմնա անհայտ, քանզի մեր օրերում ոչ աղբյուրները կան, ոչ Մեծ Հայրերը և ոչ էլ Միջնաբերդի երբեմնի հզորությունը, որն աստիճանաբար իր տեղն ու դերը զիջեց արևմուտքում հզորացող Հավերժական Քաղաքին: Ժամանակի ընթացքում Միջնաբերդի փողոցները սկսեցին դատարկվել, կյանքը դարձավ ավելի ու ավելի գորշ, իսկ քաղաքի բնակիչների թուլացող մտավոր ունակությունները սկսեցին կասկածի տեղիք տալ երբեմնի հզոր քաղաքակրթության գոյության շուրջ: Չնայած այդ ամենին, յուրաքանչյուր միջնաբերդցի դեռ համարում է, որ ինքը հեռավոր կրողն է այդ մոգական Ուժի, քանզի սերում է նա Ուժով օժտված Մեծ Հայրերից` Հայկից, Արայից, Սասնա դյութազուններից ու մյուսներից: Հավատում են միջնաբերդցիները, որ գալու է օրը և աղբյուրները նորից հորդելու են լեռան լանջերին, Հսկաները վերադառնալու են ավետյաց երկիրը ու Միջնաբերդը նորից վեր է հառնելու, որպես աշխարհների կենտրոն: Իսկ այն, թե ինչու պատմությունն այսպիսի անակնկալ ընթացք ստացավ, ինչու աղբյուրներն ու հսկաները հեռացան Լեռնաշխարհից, ինչպես քաղաքի բնակիչները կորցրին հավատն իրենց ուժերի նկատմամբ և ինչու Միջնաբերդը վերածվեց լեռան գագաթին թառած խղճուկ մի բնակավայրի, ես դեռևս պետք է բացահայտեմ ու հուսով եմ, որ այդ բացահայտումները լույս կսփռեն նաև բազում այն ասեկոսեների վրա, որոնք մշտապես պարուրում են Միջնաբերդը: Գլուխ առ գլուխ ես կփորձեմ ուսումնասիրել ու շարադրել Միջնաբերդի պատմությունն ու լեգենդներն անաչառ և հանգամանալից` խուսափելով ստահոդ դրվագներից ու պատմելով ամենն այնպես, ինչպես հարկն է, հիշատակելով` Մեծն Իշխան Թեոդորոսի հովանավորությունն ու աջակցությունը: Եվ թող Հին ու Նոր աստվածների կամքը բարեհաճ գտնվի այս առասպելական քաղաքի վրա:

Լազարոս Միջնաբերդցի



Այս հատվածը ես կանխամտածված կերպով սկսում եմ նոր էջից, մնացյալ պատումից առանձին, քանզի վստահ չեմ, որ այս տողերի պատճառով իմ ամբողջ աշխատությունը կրակի բաժին չի դառնա։ Հուսամ՝ մտահոգ մեկը կհասցնի պատռել ու դեն նետել այս հատվածը, եթե դրա անհրաժեշտությունը դեպքերի բերումով առաջանա` փրկելով իմ, որպես պատմագրի, բարի համբավն ու անունը։

*** Տարօրինակ այս պատմությունը ես լսել եմ հյուսիսցի մի վաճառականից, ում պնդմամբ իր նախնիները սերում էին Միջնաբերդից և հեռացել էին քաղաքից նախքան Մեծ Հրդեհները, որոնց ժամանակ մի քանի անգամ հասցվել է հիմնահատակ այրվել միջնաբերդյան մատենադարանը (հինավուրց մատյանների և պատմագիտական նյութերի դարավոր պահոցը): Պատահական է եղել հրդեհը, թե ոչ, այլևս դժվար է իմանալ, քանզի ականատեսներից և ոչ ոք կենդանի չի մնացել: Բայց այն, որ Մեծ Հրդեհներից հետո Միջնաբերդի պատմությունը գրվեց նորովի և շատ ու շատ ժամանակաշրջանների մասին տեղեկություններ հիմնովին անհետացան, հիմք է տալիս ենթադրելու, որ ամեն բացահայտում չէ, որ արժե հայտնի դարձնել բոլորին, այն, ինչն ես այժմ փորձում եմ անել: Ինչևէ, վաճառականն իր խոսքերը փորձում էր հիմնավորել ինչ-որ խունացած մատյանից պատառիկներ ցուցադրելով,որոնց իսկությունը ես ոչ կարող էի ստուգել, ոչ էլ այնժամ ցանկանում էի, այնպես որ կփորձեմ հիշողությամբ վերտառել ամբողջ այդ պատմությունը դրվագ առ դրվագ, իսկ դրան հավատալը կամ չհավատալը կմնա յուրաքանչյուրի խղճին: Վաճառականի պատմությունը խորհրդավոր մի ասք էր Միջնաբերդի, Ուժի աղբյուրների, Հաբեթյան Հայկի և վիշապների մասին: Հյուսիսցի վաճառականը համոզված պնդում էր, որ Լեռնաշխարհի առաջին տիրակալներն ու Միջնաբերդի հիմնադիրները ամենևին էլ Մեծ Հայրերը չեն եղել: Նա տալիս էր առեղծվածային և սարսափազդու մեկ այլ անուն ` վիշապներ: Մոտ երեք մետր հասակ և քարե մարմին ունեցող այդ հսկաները օժտված էին ահասարսուռ ուժով, նենգությամբ և իշխելու մոլուցքով: Ինչպես ամեն հողեղեն արարած, նրանք սակայն նույնպես ունեին իրենց թուլությունը և թուլությունն այդ նրանց կարճակեցությունն էր: Այո, վիշապներին տրված չէր երկար կյանք ապրել երկրի վրա: Քարե մարմինները կոփված չէին երկրի մակերևույթի պայմաններին, և դա թույլ էր տալիս որոշ գիտունների ենթադրել, որ Վիշապների ծագումը գալիս է, ամենայն հավանակությամբ, ընդերքի խորքերից: Ժամանակի ընթացքում նրանց ժայռկեն մարմինները կարծրանում էին, կորցնում շարժվելու ունակությունը և վեր էին ածվում անշունչ քարակույտերի: Վիշապաց աշխարհը վաղընջական ժամանակներում գտնվում էր Մասյաց Լեռան վրա և հազվադեպ էր պատահում, որ նրանք հեռանային այդ հսկա լեռնազանգվածից դեպի այլ երկրամասեր: Կյանքը չափազանց կարճ էր վիշապների համար, որպեսզի այն ծախսվեր ճանապարհորդությունների վրա: Մասյաց վիհի ստորոտները այն սահմանն էին, որից այն կողմ վիշապներ գրեթե չէին հանդիպում: Այդպես շարունակվեց մինչև վիշապների գահակալության երրորդ շրջանը, երբ գահի ժառանգորդ համարվող վիշապազուններից մեկին, ով այն հանդուգն եզակիներից էր, որ խիզախել էլ անցնել Մայր Գետից հյուսիս, Արագած կոչվող լեռան լանջերի վրա հաջողվում է հայտնաբերել առեղծվածային Ուժ պարգևող մի աղբյուր, որն էլ անշրջելիորեն փոխեց վիշապների թագավորության ամբողջ պատմությունը: Ուժի աղբյուրը ամոքում էր վիշապների ամենախոցելի թուլությունը` պարգևելով երկարակեցություն: Աղբյուրը հայտնաբերած պատանի այդ իշխանիկին անվանում էին Բյուրասպ: Դժվար չէ գուշակել, որ կենսական Ուժի շնորհիվ Բյուրասպին հաջողվում է տիրանալ վիշապների գահին, հիմնադրել սեփական արքայատոհմն ու իր անունը դրոշմել պատմության էջերում: Վիշապ Բյուրասպի գահակալության դարաշրջանը նշանավորվեց Վիշապաց Թագավորության ծաղկմամբ, բովանդակ Լեռնաշխարհին վերջնական տիրապետմամբ ու բազմաթիվ նոր քաղաքների հիմնադրմամբ: Այդ քաղաքներից կարևորագույնը Միջնաբերդն էր: Իրավմամբ ամենավսեմն ու գեղեցիկը Լեռնաշխարհի բոլոր քաղաքներից: Չորս գագաթների քաղաք Միջնաբերդը: Բյուրասպն իր ապարանքը Մասյաց Լեռից տեղափոխեց Միջնաբերդ, ուր եղանակն էր դուրեկան և ջրերն էին ավելի անապակ: Նա առաջինը կառուցեց Միջնաբերդի հանրահայտ պարիսպները և նշանավորեց Արագածի Հյուսիսային Պատը, որպես պաշտպանական հենասյուն: Քաղաքը սկսեց ծաղկել ու զարգանալ, ինչպես ոչ մի այլ քաղաք ամբողջ լեռնաշխարհում: Այո, վիշապների ժամանակաշրջանը երկրի վրա թվում էր հավերժ, ու, կարծես, ոչինչ չէր կարող ստվերել այդ թվացյալ կատարելությունը: Բայց ինչպես պատմում էր կորսված մագաղաթը, վիշապաց տոմարի չորորդ շրջանի քսաներկուերորդ ամսում Բյուրասպի որդի` երիտասարդ վիշապազուն Աժդահակը մի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել, այն շարունակաբար սկսվում է կրկնվել օրը օրվա ետևից: Երազում այդ տարօրինակ, Աժդահակը տեսնում է, թե ինչպես լեռան լանջերից բխող Ուժի աղբյուրից երեք հեծյալ է ծնվում: Առաջինն առյուծ հեծած` սլանում է դեպի արեւմուտք, երկրորդն` ընձառյուծ հեծած՝ հյուսիս է գնում, իսկ երրորդը, վիթխարի մի գազան սանձած, արշավում է Վիշապաց երկրի վրա: Հեծյալներն այդ ոչ մի ծանոթ կերպարանքի նմանություն չունեին, սակայն նրանց աչքերում վիշապն արհավիրք է տեսնում: Երիտասարդ Աժդահակը գիշերը գիշերի ետևից արթնանում է սարսուռի մեջ` երազում տեսնելով միևնույն երազը` արշավող հեծյալներին: Երկարուձիգ տառապանքներից, արքունական երազահանների ու խորհրդականների մեկնաբանությունների շուրջ մտորումների արդյունքում պատանի վիշապը կայացնում է իր կյանքի ամենաողբերգական որոշումներից մեկը` բոլորից թաքուն ոչնչացնել աղբյուրը՝ թույլ չտալով հեծյալ արարածների ծնունդը: Բայց ինչպե՞ս դա անել, երբ աղբյուրը գիշերուզօր պահպանում են Բյուրասպի ամենահավատարիմ զորականները: Իր տարիքի համեմատ մեծ խորամանկություն ու նենգություն դրսևորող Աժդահակը, սպասելով լիալուսնին հաջորդող առաջին խավարման օրվան, ծածուկ հասնում է աղբյուրին և խարդախությամբ` իբրև թե հոր հրամանի պատրվակով, մի պահ հաջողացնում է ձերբազատվել աղբյուրի պահապաններից և, կատարելով հին գրերում հայտնաբերած ծիսակարգը, հիմնահատակ ավիրում է աղբյուրը: Բայց ի՞նչ իմանար երիտասարդ Աժդահակը, որ աղբյուրի հետ կանհետանա նաև կենարար այն Ուժը, որը վիշապներին անհաղթ էր դարձրել: Ուժի հետ չի կարելի վարվել սովորական, հողեղեն կերպով, այն բարեհաճ է այնժամ միայն, երբ անսասան է հավատքն իր նկատմամբ: Աժդահակը կասկածել էր, կորցրել հավատամքը և ի վերջո ելել Ուժի դեմ: Ուժն անվերապահ հավատարմություն ու հավատք էր պահանջում, այդպես էր աշխարհի կարգը` ամեն բան իր գինն ուներ և, առավել ևս, երբ այն մոգական էր: Իր գործն ավարտած համարելով և շուտափույթ վերադառնալով Միջնաբերդ՝ Աժդահակին սկսում է պատել այն տարօրինակ զգացումը, որ ինչ-որ բան, կարծես, փոխվել է տիեզերքում, որ ինչ-որ բան այլևս ոչ թե հանուն վիշապի է, այլ ընդեմ վիշապի: Սարսուռն ու տարակուսանքը կրկին սկսում են բզկտել նրա հոգին: Մի՞թե չարագուշակ երազը ուրիշ բան էր նշանակում և Ուժի աղբյուրը ոչնչացնելը նախերգանքն է միայն իրականանալիք մարգարեության: Երեք հեծյալ` երկրի երեք ծագերուն: Աժդահակն իրեն կործանված էր զգում, և դա միայն սկիզբն էր: Բյուրասպը որդու արարքի մասին իմացավ ամենից վերջինը: Արքունիքում սարսափում էին նրա ցասումից: Եվ ցասումը, գուցե, ուժգին կլիներ, բայց որդու պատիժը անտեսելով, վիշապն առաջին հերթին փորձեց հավատարիմների հետ նետվել դեպի աղբյուրը` այն փրկելու: Սակայն ապարդյուն, այն այլևս վերադարձնել հնարավոր չէր: Ջուրը հեռացել էր դեպի լեռան խորքերը, և աղբյուրից ի հիշատակ մնացել էր միայն երկու կես եղած ժայռկեն կամար: Կորսված էր աղբյուրը, իսկ նրա հետ՝ նաև Ուժն ու վիշապների զորությունը: Պատմում են, որ Վիշապ Բյուրասպի՝ անկարողությունից արձակած մռնչոցը դղրդացրեց Միջնաբերդի երկինքը երեք օր ու գիշեր, և երեք օր ու գիշեր մռայլ ամպեր հավաքվեցին քաղաքի գլխին: Եվ ահա երրորդ օրվա ավարտին` մթնշաղի մեջ, Արագածի փեշերին տարածվող նոսրանտառներում սկսեցին երևալ առաջին ճրագները: Պատանի Աժդահակը պարսպի իր թաքստոցից տեսնելով բոցկլտացող նարնջագույն կետերը՝ հասկացավ` երազներից նյութականացած հեծյալներն են: Նոսրանտառներից դուրս եկող, վիշապներին անծանոթ այդ արարածների առաջնորդը Հայկն էր: Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Նա իր հետ եկողներին իր ժողովուրդ էր կոչում, իսկ իրենց`մարդիկ: Դեպի անծանոթ արարածները առաջինը նետվել փորձեց Բյուրասպը` իր հավատարիմների զորախմբով: Ընդհարումը կենաց ու մահու էր: Վիշապներն, իրենց ուժին հավատարիմ, փորձում էին արագորեն առավելության հասնել` ջախջախելով անծանոթ արարածներին: Մի պահ թվաց, թե դա հնարավոր է: Արյան գետի մեջ թաղված Բյուրասպն արդեն պատրաստվում էր հաղթական մռնչոցն արձակել, երբ նրա աչքերը դեմ հանդիման հանդիպեցին Հայկի աչքերին: Բյուրասպը միանգամից ճանաչեց այդ հայացքը: Նույն վճռականությունը, ինքնավստահությունն ու ուժն, ինչ ժամանակին բնորոշում էր այն երիտասարդ թագաժառանգ Բյուրասպին, ով հենց նոր հայտնաբերել էր խորհրդավոր աղբյուրը: Մի՞թե Ուժն անշրջելիորեն երես է թեքել վիշապներից, մի՞թե այն արդեն բարեհաճ է այս թուլամորթ, փոքրամարմին արարածների նկատմամբ, մի՞թե աղբյուրն արդեն նրանց համար է հորդում: Մի՞թե... Բյուրասպը մռնչաց հանկարծակիի եկած, փորձեց նետվել Հայկի վրա, բայց դեռ չէր հասցրել մագիլներն ուղղել դեպի ախոյանը , երբ նրանց միջև ծառս ելավ վրեժի ծարավով լցված պատանին` Աժդահակը: Հայկը չփորձեց խուսափել բախումից, լայնալիճ աղեղը խնամքով մի կողմ դրեց և մարտակոչ արձակելով՝ նետվեց դեպի վիշապները: Մկանները զարնվեցին ապառաժներին, և բոլորը շունչները պահած քարացան տեսարանից: Փոքրամարմին այդ արարածը հավասարը հավասարին մարտ էր մղում երկու հսկաների` Բյուրասպի ու Աժդահակի դեմ: Նա ճարպկորեն խուսանավում էր վիշապների ժայռե հարվածներից՝ հասցնելով նաև ուժգին ցավեցնել: Ամեն նման հարվածի հետ հասկանում էր Բյուրասպը` Ուժն լքել է վիշապներին, այն այս տարօրինակ արարածների հետ է։ Պարտությունն անխուսափելի է լինելու: Վիշապների դարաշրջանը երկրի վրա մոտենում էր ավարտին, ու միայն պատանի Աժդահակն էր անզիջում շարունակում մարտնչել՝ հուսալով ետ պտտել անշրջելիորեն տեղից պոկված իրադարձությունների անիվը: Ինչպես հիշատակվում էր վաճառականի վկայակոչած մագաղաթում՝ մարտն այդ տևեց 3 օր ու 3 գիշեր: Հաբեթյան Հայկն ու իր հետևորդները պարտության մատնեցին ուժասպառ եղած Աժդահակին, Բյուրասպին ու մնացած վիշապներին: Ըստ մագաղաթի հեղինակ ժամանակագիրների, Արագածի լանջերը դեռ երկար ժամանակ կրում էին այդ ճակատամարտի հետքերը և, գուցե, այժմ էլ առավել հետաքրքրասերները կարողանում են երբեմն հայտնաբերել ինչ-ինչ մասունքներ` վերագրելով դրանք սույն ճակատամարտին: Ինչ վերաբերում է վիշապների հետագա ճակատագրին, հյուսիսցի վաճառականին հայտնի էր միայն այն, որ ցավալի պարտությունից հետո նրանք հեռացան Միջնաբերդից դեպի Մասյաց Լեռը և դեռ տևական ժամանակ շարունակում էին իրենց պայքարը Հայկի սերունդների դեմ, բայց մագաղաթի պատառիկներում ես անձամբ հանդիպեցի հիշատակություններ երկրի երեսից վիշապների վերջնական վտարման, նրանց քարե դամբարանների վերածելու և այլ արգելված ծիսակատարությունների մասին, որոնց ինքս թերահավատությամբ կմոտենամ:

Վերջում վաճառականը պատմեց, թե ինչպես են հետագա դարերի ընթացքում մարդիկ վերացրել վիշապների արքայության մասին բոլոր տեղեկությունները, մատյաններն ու մասունքները` իրենց Թագավորության ծաղկմանը զուգընթաց: Մեծ Հրդեհները նույնպես նա կապում էր վիշապների հետքերը վերացնելու մութ մտայնությունների հետ: Վաճառականի բարեկամական հորդորները ինձ հիմնավոր թվացին, և տուրք տալով նրա դավադրապաշտական մտքերին՝ ես փորձում էի համառ զգուշավորություն ցուցաբերել և Միջնաբերդի պատմության այս կասկածելի էջերը հնարավորինս թաքցնել հետաքրքրասեր աչքերից: Այնուամենայնիվ, բազում անքուն գիշերներից և վաճառականի խոսքերը մասամբ հավաստիացնող որոշակի ուսումնասիրություններից հետո ես որոշեցի թողնել այս հուշումը հետագա սերունդների համար: Հուսամ, ժամանակը լույս կսփռի առեղծվածային այս իրադարձությունների և իմ հայրենիք Միջնաբերդի պատմության վրա: Եվ թող Հին ու Նոր աստվածների կամքը բարեհաճ գտնվի այս առասպելական քաղաքի վրա...


Լազարոս Միջնաբերդցի


335 views0 comments

Comments


bottom of page