top of page
Search
Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Կարեկցանք», հեղինակ՝ Լևոն Մկրտչյան

Տարաման փոքրիկ գյուղ էր։ Ժամանակին մեծ, իհարկե, բայց հետո շատերը սկսեցին Ինաբե գնալ՝ հեշտ փողի հետևից։ Ինաբեն մեծ քաղաք էր, ու էլ ավելի էր մեծացել կողքի պղնձի հանքերը գտնելուց հետո։ Պղնձին կարմիր ոսկի էին ասում, իսկ հանքերում միշտ ավել մարդիկ էին պետք։ Գնացողները սովորաբար ասում էին՝ փող կաշխատենք, կվերադառնանք, տուն կառուցել կտանք այգով, բայց տենց էլ գնում էին, անվերադարձ։ Այդ ամենի հետ մեկտեղ Տարաման բարեկեցիկ էր։ Մարդիկ աշխատասեր էին ու բարի, խրճիթները պարզ էին, հնամաշ, բայց մաքուր ու խնամված։ Բնավ վատ տեղ չէր ապրելու համար, նամանավանդ եթե մարդուն ի սկզբանե այդքան էլ շատ բան պետք չէ։ Կողքը սար էր՝ պատված խիտ, տեղ-տեղ անանցանելի անտառով։


Սեննինը վանական էր։ Ֆուդուրակուսան վանքից, դայմյոյի հրամանով, Ֆուդուրակուսանը պարտավոր էր մոտակա գյուղեր վանականներ ուղարկել։ Ծնունդ, թաղում, բուդդիստական ծեսեր. բայց դա ամենը չէր։ Վանականները, որպես կանոն բանիմաց լինելով տասը հազար արվեստներից, կարող էին բուժել։ Երեխաներին, իսկ երբեմն նաև մեծերին, գրել ու կարդալ սովորացնել։ Շինարարության ժամանակ խորհուրդ տալ, երաշտի ժամանակ անձրևի կամիներին խնդրել՝ շուտ վերադառնալ։ Հազար ու մի կերպ օգտակար լինել մարդկանց։ Դայմյո Սանադան, իրեն առաջադեմ մարդ համարելով, հոգ էր տանում հպատակների գրագիտության, կրթվածության ու բարեկեցության մասին։


Սեննինը անշտապ ու հանգիստ, ինչպես պատշաճ է վանականին, մտավ գյուղ։ Շուրջբոլորը նայեց, ուղևորվեց գյուղապետի տուն։ Գտնելը հեշտ էր․ մեծ էր, տանիքը ծղոտից չէր, իսկ պատերի թուղթը ակներևաբար ավելի սպիտակ էր։ Խոնարհվելով երկու տեղացի պարեկներին՝ ձեռքի նշաններով խնդրեց ուղեկցել գյուղապետի մոտ։ Խոնարհվեց գյուղապետին։ Ստացավ փոքրիկ խրճիթ գյուղի ու անտառի սահմանին, ու գյուղապետի՝ ամեն հարցով օգնելու խոստումներ։


Առաջին օրը վանականն ավարտեց մեդիտացիայով ու թեթև ընթրելով։


---


Յումեն հիվանդացավ Սեննինի գյուղում գտնվելու հինգերորդ ամսում։ Հինգ ամսում Սեննինը արդեն հաջողացրել էր որոշակի հեղինակություն ձեռք բերել՝ օգնելով բազում խնդրողների։ Գյուղի կյանքը իր դուրը գալիս էր՝ հեռու վանքից, բծախնդրորեն կանոնակարգ պահելու անհրաժեշտությունից, վերին աստիճանի հյուծող ուսումից ու վանքի համար սովորական դարձած սակավ սնունդից։ Ազատ էր, երկար զբոսնում էր մոտակա անտառով, մի անգամ նույնիսկ արջ տեսավ։ Արջը փնթփնթաց Բուդդայի մարդու վրա ու հպարտ հեռացավ։


Յումեի ծնողները եկան գիշերը։ Սեննինը արթուն էր, նայում էր լուսնին։ Արագ տեղից պոկվեց։ Երեխան յոթ տարեկան էր։ Դեմքը գունատ էր, հազում էր։ Ծնողները վախեցած էին, չէին հասկանում՝ ինչ է տեղի ունենում դստեր հետ։ Դեպքը ծանր էր՝ վերին աստիճանի հյուծվածություն, տենդ, սառը քրտինք։ Այդ ամենի հետ թոքերն առողջ էին, աչքերը պարզ, ներքին օրգանների հնարավոր երեսունվեց ախտանիշները բացակայում էին։ Ծնողներին հարցրեց՝ ինչ է աղջիկն արել նախորդ օրը։ Սար էր բարձրացել՝ սունկ հավաքելու։ Վերադառնալիս հանգիստ էր, մի տեսակ՝ կտրված աշխարհից։ Պառկեց քնի, իսկ հետո սկսվեց տենդը։ Երբ հարցրեց աղջկան, Յումեն վախեցած նայեց իր վրա ու սկսեց լաց լինել։ Տենդային դողը դառավ անկառավարելի, Սեննինը ստիպված էր սեղմել Յան Լո կետին և սեղմած պահել։ Աղջկա դեմքը թուլացավ, աչքերը փակեց, քնեց։


Մյուս օրը Սեննինը պայուսակ հավաքեց ու գնաց դեպի վեր։ ---


Ցանկացած մարդ, ապրելով, ուղղակի շնչելով, իր շուրջն անընդհատ կիի՝ սեփական կենսական էության նուրբ, գրեթե անտեսանելի հետք է թողնում։ Անտեսանելի այլոց համար։ Սեննինը գիտեր՝ ինչպես տեսնել։ Այնքան հմուտ չէր, ինչպես դայմյոյի բանակում կիի հետքով լրտես սինոբիներ որսացող մարտական վանականները, բայց ցանկացած վանականի Ֆուդուրակուսանում Նագարե էին սովորացնում ու անց կացնում Ինը Դրոշմերի Ներքին Փոխակերպման Արվեստով։ Կի զգալը բարդ չէր։ Բարդ էր փոքրիկ աղջնակի երեքօրյա հետքը տարանջատել անտառի՝ անհամեմատ ուժեղ, տոկուն, անընդհատ փոփոխվող կիից։ Մարդկանց միջավայրում ամեն ինչ անհամեմատ ավելի պարզ է, քան անտառում։ Սկզբից Յումեի հետքը կանխատեսելի էր։ Գնում էր գետի երկայնքով, կանգնում հատապտուղների թփերի, սնկերի, տասներկու բոդհիսատվաների փոքրիկ մատուռի մոտ։ Հետո ինչ-որ բան աղջկան ստիպեց գնալ վեր՝ դեպի խիտ ու ավելի դժվար անցանելի անտառը։ Սեննինը գնալով ավելի էր մտահոգվում․ այդքան խորը նույնիսկ ինքը չէր գնացել, ու հասկանալի չէր՝ ինչը ստիպեց յոթ տարեկան աղջնակին վերև բարձրանալ։ Քիչ անց անհետացավ նաև արահետը, իսկ հետքը շարունակում էր վեր գնալ։ Արևը մոտենում էր մայրամուտին։ Սեննինը արդեն անտառի վայրի, խիտ, մարդկանցից անտեսված մասում էր։


Հետքի ընդհատվելը անսպասելի էր։ Մարդկանց՝ կիի տարանջատման գործընթացն անընդհատ է, մարդիկ միշտ հետք են թողնում։ Միայն սինոբիներն են տիրապետում սեփական կին մասամբ անտեսանելի դարձնելու արվեստին, կի չեն արձակում նաև դիակները, մեկ էլ․․․ Սեննինը հետ վազեց՝ ամենակարճ ու ուղիղ ճանապարհով, անտեսելով սուր ճյուղերից ճղվող շորերն ու մաշկը, վար քցելով պայուսակը։


Ուշ էր։ Յումեն, փոխակերպվելով բակեմոնոյի, խժռել էր ծնողներին։ Ինչից հետո սկսել էր զբոսնել գյուղով՝ սպանելով, պատառոտելով, հոշոտելով անպաշտպան մարդկանց։ Անտառ փախչողներին բռնում, հետ էր բերում ու, արդեն տեղում, մարմնից մեծ կտորներ պոկելով, կուլ տալիս։ Սնվում էր։ Երբ Սեննինը շնչակտուր մտավ գյուղ, բակեմոնոն կշտացել էր ու գյուղի խաչմերուկին քնած էր։ Հոգնած, հանգիստ՝ պատված չորացած արյունով։ Հետ փոխակերպված յոթ տարեկան աղջնակի, որի փոքրիկ, անպաշտպան արտաքինը ոչնչով նման չէր այն մղձավանջին, որը ինքն էր քիչ առաջ։ Կողքը դիակներ էին։ Դժվար էր ասել, թե ում։ Սեննինը գնաց իր խրճիթ՝ մի քանի կարևոր իր վերցնելու։ Վերադարձավ ու նստեց գետնին՝ պատրաստվելով սպասել։ ---


Երբ Յումեն արթնացավ, լուսինը արդեն դուրս էր եկել։ Սեննինը քթի տակ սուտրաներ էր կարդում, այնպիսի տպավորություն էր, որ չի տեսել։ Աղջնակը ձգվեց ու հորանջեց։ Շուռ եկավ, նկատեց Սեննինին, միանգամից վազեց վրան, ճանապարհին փոխակերպվելով անհավանական, իրականության բոլոր կանոնները խախտող հրեշության։ Թռավ օդ, երեք ճիրանապատ, տարբեր երկարության ու ձևի թաթերով հարվածելով հանգիստ նստած վանականին։ Սեննինը ավելի արագ էր։ Վեր թռչելով՝ խույս տվեց ու անշարժ կանգնեց՝ ուշադիր զննելով հրեշին։ Յումեն անընդհատ փոխվում էր՝ չկարողանալով կաղապարվել որևէ մեկ մնայուն արտաքին տեսքում։ Մեկ գլուխը վերածվում էր երկուսի, երկուսը երեքի՝ ծիծաղացող, ոռնացող, ատամները իրար ճռճռացնող։ Երեքը հետ էին սեղմվում յոթ տարեկան աղջնակի դեմքի, ինչից հետո վերածվում էին թռչունների, գազանների, հեքիաթային հրեշների, խժռած գյուղացիների, Յումեի ծնողների դեմքերի։ Վերջինն ամենաահավորն էր։ Ձեռքերի քանակը նույնպես կայուն չէր։ Մարդկային, գազանային, հրեշավոր։ Ոտքերը մեկ օձային գալարվում էին, մեկ վերածվում յոթ տարեկան աղջկա բարալիկ ոտքերի, մեկ ընդհանրապես լուսնի լույսից կազմված խիտ ծուխի։ Յումեն կրկին հարձակվեց։ Այս անգամ ավելի արագ էր ու նպատակասլաց․ արագ էր սովորում։ Սեննինը էլի խույս տվեց, բայց ճիրաններից մեկը կպավ դեմքին՝ երկար վերք թողնելով։ Չսպասելով երրորդ հարձակմանը՝ Սեննինը դուրս նետեց նախապես էմեյական թանաքով նկարած ֆու թալիսմանը, աղաղակեց համապատասխան բառերը։ Ձայնը մարդկային չէր։ Ոնց որ ամպրոպ խփեր։ Յումեի՝ ցավից խելահեղ ճիչը ավելի բարձր էր։ Ժամանակ չկորցնելով, Սեննինը ինը օղանոց գավազանով բռնեց Յումեին շրջապատող կիի թելերը, քաշեց։ Յումեն մխրճվեց գետնին՝ խեղդվելով ոռնոցից։ Փորձեց էլի կանգնի։ Սեննինը կրկին քաշեց, այս անգամ ավելի խիստ ու ուժեղ։ Հետո գավազանով Մի-Օհի նշանը օդում նկարելով, օդ բարձրացրեց բակեմոնոյին, ու ամբողջ ուժով մեկ անգամ էլ խփեց գետնին։ Հետո էլի։ Ու էլի։ Երբեմն կարեկցանքը մարդկանց անձնուրաց օգնելն է։ Երբեմն՝ անգութ ամրություն ցուցաբերելը ու աշխարհը հրեշներից ազատելը։


Երբեմն ոչ առաջինը և ոչ էլ երկրորդը։


Սեննինը դանդաղ մոտեցավ ցավից գետնին մանր դողացող բակեմոնոյին։


- Դու երկու ընտրություն ունես, աղջիկ, - վերջին տասը տարում լռությունը մենակ ամենաարտասովոր դեպքերում խախտած Սեննինի ձայնը չոր, անսովոր ու խորթ էր իր համար։ - Կամ դու ինձ ցույց ես տալիս, որ գիտակցության ու մարդկայնության նշույլներ ես պահպանել, ու շարունակում ես ապրել՝ գործով քավելով մեղքերդ Մահավայրոչանա Բուդդայի առջև։ Կամ ես քեզ սպանում եմ, և ո՞վ գիտի ում կամ ինչի դու կվերածվես մյուս կյանքում։ Քո մահը վատն է լինելու, բայց Բուդդան կարեկցող է, կօգնի անցնել դժոխքով։ Երկու դեպքում էլ․․․ ոչ մեկ չի կարող ասել՝ քո համար կենդանի մնալն է ավելի լավ, թե մեռնելը։ Բայց սպանելը դեմ է Բուդդայի ուղուն, ու ես կնախընտրեի դա չանել։ Եթե դու ինձ հասկանում ես, գլխով արա։


Յումեն դադարեց դողալ, ու աննկատ, գրեթե անէական գլխով արեց։ Աչքերից արցունքներ էին գալիս։ Սեննինը տեսավ, ու ևս մեկ անգամ սեղմեց Յումեի Յան Լո կետին։ Ավելի երկար ու ուժեղ։


---


Բակեմոնոները տարօրինակ էակներ են։ Ի տարբերություն օնիների, կապպաների կամ տենգուների, նրանք սահմանափակված չեն արտաքին տեսքով։ Կերպարանափոխվում են, ճամփորդում Յամատոյի ճանապարհներով, սնվում մարդկանց ուժեղ հույզերով ու զգացմունքներով։ Բայց ժամանակի հետ մոռանում են մարդկային տեսքը, փախչում սարերը, ու ապրում այդտեղ՝ սնվելով կորած ճամփորդների վախերը քամելով։ Հիշելով, որ մարդ են եղել, ամաչում են, ու դեպի մարդկային ապրելավայրեր գրեթե դուրս չեն գալիս՝ մարդկային հարևանության փոխարեն նախընտրում անտառն ու սարերը։


Հիմնականում անվնաս, ամաչկոտ ու սեփական մենությունը վերին աստիճանի սիրող ու գնահատող արարածներ են։ Բայց քանի որ բակեմոնոները ազատ են որոշակի բնական օրենքների ազդեցությունից, երբեմն, տարօրինակ ու տառապալի հանգամանքներից ելնելով, նրանք մոռանում են Բուդդայի օրենքը ու կարող են զարգանալ՝ վերածվելով դժոխային հրեշների, ստանալով ռուդիմենտար մոգական ունակություններ, սննդակարգը փոխելով արյան, մարդկային մսի ու տառապանքների։


Այդպիսինները ծայրահեղ վտանգավոր են։ Ասում են, որ հին պատերազմների ժամանակ կարող էին ամբողջ գյուղեր ու քաղաքներ բնաջնջել, մինչև չէին կուտակում ահռելի վատ կարմա ու ոչնչացվում հին ժամանակների մոգերի կողմից։ Մեր օրոք այդպիսի հրեշներ արդեն չեն հանդիպում։ Այդպիսի մոգեր թերևս նույնպես։ Մենակ լեգենդներում ու հեքիաթներում։


Ոչ ոք չգիտի, թե ինչու էլ չկան։ Երևի բուդդաների ու բոդհիսատվաների անդադար ջանքերով մեր աշխարհում տառապանքը իրոք նվազել է։


  • Կուկայ, Տաս Հազար Գետերի Ակունքներ


---



Ճանապարհը դեպի Ֆուդուրակուսան երկար էր։ Սեննինը քնած Յումեին տանում էր ձեռքերի վրա։ Գիշերներով հատուկ բույսեր էր խնկարկում՝ պահպանելով աղջկա անհանգիստ քունը ու կանխելով նոր փոխակերպումը։ Անցորդները հետաքրքրությամբ էին նայում վանականին, բայց ոչինչ չէին հարցնում։ Դեպի վանք որբեր կամ հիվանդ երեխաներ տանող վանականների պատկերը այդքան էլ սովորական տեսարան չէր․ Յամատոն ցնցած պատերազմները ու էպիդեմիաները գրեթե կես դար առաջ էին դադարել։ Բայց առանձնապես անսովոր բան էլ չէր։


Վանք հասնելով աղջկան թողեց եղբայրների հոգսին։ Ինչից հետո գնաց աբբահոր մոտ՝ պատմելով ողջ եղելությունը։ Աբբահայրը մի քիչ մտորելուց հետո որոշեց, որ դայմյոյին սուրհանդակ կուղարկի։ Տարամա ավազակներ են մտել։ Բնակչությանը գերել ու տարել։ Սեննինը հաջողացրել է երեխաներից մեկին փրկել ու հետը փախչել։ Իհարկե, արտասովոր է։ Բայց այդքան էլ չէ։ Յումեի հետ, երբ ուշքի գա, կխոսեն, կբացատրեն, ցույց կտան դայմյոյի քննիչներին։ Կասեն, որ հարազատներին կորցնելուց շոկի մեջ է, չի կարող երկար խոսել։ Ինչից հետո կսկսվի մարդկայնության նշույլները ուժեղացնող ու սեփական քաղցը սաստող դանդաղ, դժվարին աշխատանքը։ Ֆուդուրակուսանում գիտեին՝ ինչպես աշխատել Յումեի նմանների հետ։ Նագարեի դանդաղ շարժումներ։ Կին զգալու ու կառավարելու հմտություններ։ Սեփական էության ինը դրոշմերը բացելու, կառավարելու ու սեփական կամքն ու ուժը բռունցքի մեջ պահելու ամենօրյա դաժան դիսցիպլինա։


Բայց Տարամայով էլ է պետք զբաղվել։ Հասկացա՞ր․ աբբայայրը նայեց Սեննինին։ Հասկացա՝ աբբահորը խոնարհվեց Սեննինը։ Մյուս օրը վանականը էլի ճանապարհ ընկավ։ Շտապել էր պետք՝ դայմյո Սանադայի քննիչ սամուրայները Տարամայում էին լինելու մի քանի օրից։ Պետք չէր, որ տեսնեին այն, ինչ տեսնելու էին։


---

Մարմինները հավաքեց ու խարույկի տվեց։ Հատուկ ֆու թալիսմաններով ուժեղացրած խարույկը վառվում էր երկար՝ անհետ ոչնչացնելով, աճյունի վերածելով պատառ-պատառ արած մարմինները։ Սեննինը սուտրաներ էր երգում՝ մահվան ճանապարհը բռնած մարդկանց ցույց տալով Բուդդայի օրենքը։ Հետո անցավ գյուղով՝ վերացնելով տեղի ունեցած սարսափի հետքերը, նմանեցնելով եղելությունը այն պատրանքին, թե իրոք ավազակներ էին ներխուժել և բոլորին տարան՝ ծովահենական նավահանգիստներից մեկում վաճառելու ստրկության։ Տները հրդեհած են։ Արյան հետքեր չկան։ Ոչինչ չի մնացել։ Պատահում է։


Հետո երկար նստած էր՝ լիալուսնին սպասելով։ Երբ ամպերի հետևից երևաց լուսինը, շորերը հանեց ու մերկ մտավ անտառ։ Տարօրինակ տեսարան էր՝ փոքրամարմին, վանականի ճաղատ գլխով, բայց տակավին մերկ մարդը անշտապ քայլում էր անտառով։ Մեկ-մեկ կանգ առնում, կարծես փորձելով հասկանալ՝ ուր է պետք գնալ։ Հետո վճռորոշ շարունակելով քայլել։


Ինչ որ պահի գտավ օրեր առաջ կորցրած պայուսակը։ Վերցրեց` քննիչները այդքան խորը դժվար մտնեին, իհարկե։ Բայց մարդ ես, մեկ էլ տեսար։ Պայուսակը չպետք է գտնեին։


Ուսին գցելով՝ շարունակեց բարձրանալը։ --- - Դու կարողացար ինձ խաբել, օ-բակեմոնո սամա։ Կներես, չգիտեմ անունդ։ Կներես, չգիտեմ՝ ով ես եղել անցյալում, ու ինչու ես սկսել անել այն, ինչ անում ես։ Չգիտեմ՝ ոնց ես հաջողել թաքնվել այսքան ժամանակ, մարդկանց խժռել, ուժ հավաքել։ Կորցրել քո միջի մարդկայինը։ Վերածվել նրա, ինչի վերածվել ես։


Բացատը պատված էր լիալուսնի լույսով։ Սպիտակ ծաղիկներ էին ու բարձր խոտ, լուսնի լույսի տակ գեղեցիկ էին նայվում։ Բացատում մենակ Սեննինն էր՝ մերկ կանգնած զրուցելով կարծես ինքն իր հետ։ - Դու թերևս կարծում ես, որ իրավունք ունես անելու այն, ինչ անում ես։ Վարակել մարդկանց քեզնով, ու վարակված տիկնիկի օգնությամբ խմել մարդկանց տառապանքը, ցավն ու վախը։ Ես միանգամից չհասկացա, որ անտառում քեզ նմանը կա։ Մտածում էի հասարակներից ես, ու ես ժամանակ ունեմ։ Կարող եմ քեզ գտնել, համոզել, փրկել ինքդ քեզնից։ Չէի կարծում, որ արդեն կարող ես մարդկանցից տիկնիկ սարքել։ Մտածում էի՝ նոր ես բակեմոնո դարձել, ու ուղղակի վախով ես սնվում։ Տարամայի հետ տեղի ունեցածը իմ մեղքն է, ու իմ անզգուշության ու տգիտության արդյունքը, այդ մարդիկ իմ պաշտպանության տակ էին։ Իմ սխալն էր քեզ միանգամից չճանաչելը։ Քո սխալն էր այստեղ գալ ու սնվելը։


Սեննինը էլ մենակ չէր։ Լուսնի լույսը Սեննինի առջև խտացավ՝ վերածվելով անհնարին, սահմռկեցուցիչ, բազմագլուխ, բազմատամ ու բազմաաչք մղձավանջի,որն անընդհատ շարժման մեջ սկսեց մոտենալ Սեննինին։ - Դու յուրովի գեղեցիկ ես։ Ես զղջում եմ, որ ստիպված եմ քո նման հրաշքի գոյությունը ընդհատել։ Քեզ նմանները քիչ են, շատ քիչ, բայց ես քեզ այլևս չեմ կարող փրկել։ Մենակ Բուդդան։ Հրեշը դանդաղ գալարվում էր՝ իր բազմաջիլ օղերով շրջապատելով վանականին ու փակելով փախուստի ճանապարհը։ Հանկարծ մեղմ մռնչյունը վերածվեց հոդաբաշխ մարդկային ձայնի։ - ՍՆՈՒՆԴ․․․․․․․․ ՎԱԽ․․․․․ ՄԱՀ․․․․․․․․․ ՏԱՌԱՊԱՆՔ․․․․․․․․․․


- Դու, թերևս ճիշտ ես։ Ահա միակ դասը, որը ես քեզ կարող եմ տալ։ Գոյությունը տառապանք է։


Սեննինը աչքերը սկսեցին նեֆրիտե կանաչ լույս արձակել։ - Ամեն ինչ փոփոխական է։ Սեննինը սկսեց փոխակերպվել։ Ու եթե բակեմոնոն դուրս էր եկել մարդկային ամենախորը, ամենավայրենի մղձավանջներից, ապա այն, ինչի վերածվում էր Սեննինը, հազարապատիկ ավելի վատն էր։ Աժդահա, մեծ ու խավարով պատված։ Տարբեր, շատ տարբեր այն ամենից, ինչ կարելի է այս կողմում տեսնել։ Խորթ ու սահմռկեցուցիչ նույնիսկ բակեմոնոյի պես հրեշների համար։ Բակեմոնոյի աչքերում առաջին անգամ իր անիրավ ու դաժան կյանքում վախ երևաց։ - Իրական Ես չկա։ Ձայննայլևս մարդու ձայնի նման չէր։ Բակեմոնոն, խելագարված վախից, փորձեց փախչել։ Սեննինը չթողեց։ Բռնելով, պատառոտելով, խժռելով։ Առանց երկմտանքի, առանց խղճալու։ Արագ։ Երբեմն կարեկցանը մարդկանց անձնուրաց օգնելն է։ Երբեմն՝ անգութ ամրություն ցուցաբերելը ու աշխարհը հրեշներից ազատելը։



---


Ֆուդուրակուսանը հին վանք է։ Լի բարի վանականներով։ Օգնում են մարդկանց, անձնուրացորեն ու առանց երկմտանքի։ Մոտակայքում գյուղ չկա, որ վանական չունենա։ Մարդկանց բուժող, կրթող, դժվար ժամանակներում հույս ու հավատի լույս ներշնչող։ Հարգված են։ Դայմյո Սանադայի ամենամոտ խորհրդատուն էլ վանականներից է։ Ծեր, դեռևս Սանադայի հորն էր բարի խորհուրդներով օգնում։ Ճամփորդները գիտեն՝ երբ երկար ճանապարհ ես ընկնում, անպայման անցի Ֆուդուրակուսանի կողքով։ Վանականները հյուրընկալ են․ կկերակրեն, մոտակա հյուրատանը անվճար տեղ կտան։ Եթե հիվանդ ես, կբուժեն, կորած ես, ճանապարհ ցույց կտան։ Ֆուդուրակուսանը հին վանք է։ Լի հրեշներով։ Հրեշներով, որոնք պահպանել են գիտակցությունը, ու գիտակցության հետ ահռելի, անտանելի մեղքի զգացումը։ Ֆուդուրակուսանում չկան հրեշներ, որոնց անցյալը լի չլինի խավարով, տառապանքով ու արյունով։ Բայց Ֆուդուրակուսանի հրեշները, սկսած իրանց հիմնադրից, Յոթ Աչքանի Վիշապ Ամացուից, հրաժարվել են մարդկանց սպանելուց, ու ընդունել են Բուդդայի օրենքը։ Երբ քաղցը անտանելի է դառնում, վանականների կերպարանքով գնում են գյուղերով ու քաղաքներով, սնվում մարդկանց ավելցուկային ուժով՝ փոխարենը ամեն տեսակի օգուտ տալով՝ մեծ ու փոքր։ Ֆուդուրակուսանը հին վանք է։ Բուդդան կարեկցող է, ու Ֆուդուրակուսանի պատերի ներքո նույնիսկ հրեշներն ունեն փրկության ու դեպի վեր գնալու իրավունք։



469 views0 comments

Comments


bottom of page