top of page
Search
Writer's picturefrunz8

#Արմկոն2021 «Կայսերական Դիկխենը և Մեծն եռյակը», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան

Updated: Sep 24, 2021

«...Քամոտ հողերի արեգակները, որպես կանոն, Դէկեշի կողմից են ծագում, հետո՝ Յանխենի և ավարտում են իրենց ուղին Շանխէի հողերում: Նրանք աստիճանաբար լուսավորում են Բռունդ ու Խայհ, Մոռգոն, Սահլառ... լեռնաշղթաների մթին անկյունները՝ արթնացնելով ներսում հոսող Սախշենին, Խորշենդին և Նաանին…»




...Արևագալը միշտ էլ խորհրդանշական է եղել Քամիների կայսրության համար: Սերնդե-սերունդ դիկխենցիները նախորդել են մնացած ազգերին և ոչ միայն արևների հարցում. նրանք հմուտ հմայիչներ են, անփոխարինելի ռազմիկներ, բնության հետևորդներ և կարմիր վիշապի տեր ու տիրակալներ: Կայսերական Դիկխենի իշխանությունը, անկասկած, հաստատուն է․ բոլորը գիտեն այդ մասին, և բոլորն էլ համաձայն են:


Թեև դիկխենցուն երբեք չի հետաքրքրել մյուս ազգերին իշխելու հեռանկարը՝ դարերի ընթացքում, այդպես էլ չունենալով արժանի հակառակորդ, նրանք իրենց ամբողջական ուժը կենտրոնացրել են մտքի ճանապարհորդությունների վրա: Ինչո՞ւ տիրանալ Վաալիսի գանձերին, եթե կարելի է ունենալ մյուս աշխարհների բոլոր գոհարները…


Դիկխեն շանխէերեն նշանակում է քամի։ Քամիների կայսրությունն իր անվանումը ստացել է տեղանքի ուժեղ պտտահողմերի պատվին, որոնք, առայժմ, կարմիր վիշապների մշտական հսկողության տակ են... Այդ հսկա արարածները բնության տարրերի հանգստացնողներն են.

«... Երբ Դիկխենի ալ վիշապը

Արևելքում երկինք է ելնում,

Քմահաճ քամիները բնիկ

Արևմուտք են դառնում...»


(Քառատող՝ շանխէերենից օկդիանդերեն թարգմանված «Կ-խեն» բանաստեղծությունից)


Քարտեզի վրա ամենախորհրդավորը հենց Դիկխեն մայրցամաքն է։ Այն տիեզերքից վիշապ է հիշեցնում. մարմնի վերին մասն՝ ավելի հավաքված ու սեղմված, Դէկեշն ու Յանխենն են, իսկ ստորինը՝ Շանխէն է, ընդգծված ու նկատելի, հատկապես պոչի հատվածը, որտեղից էլ օվկիանոս են թափվում Նաանի կարմերանգ ջրերը։ Դէկեշը, Յանխենն ու Շանխէն Դիկխենի Մեծագույն Եռյակն է, Քամիների կայսրության միսն ու արյունը։


Կայսրության մասին խոսելիս՝ վարկածներն ու առասպելները, որպես կանոն, չափ ու սահման չեն ունենում: Դրանք ծնունդ են առնում արևմուտքում (Օկդիանդայում մի լեգենդ կա, ըստ որի՝ Դիկխենն աստղերի ստեղծագործությունն է) ու տարածվում ամենուր, անգամ՝ արևների իրականության սահմաններից դուրս: Հիմնականում դրանք հենց վիշապաձև մայրցամաքի մասին են լինում:


Բայց մեր պատմությունն առասպելների և հորինվածքների մասին չէ: Այն մտքի ուժի, տեղացիների կախարդանքի և երկար սպասված մրցույթի մասին է, որն ամեն տասը տարին մեկ մեկնարկում է արևելքի հողերում, իսկ ավելի կոնկրետ՝ Յանխենում:


Յանխենը կենտրոնական թագավորություն է, և, ի տարբերություն մյուս երկուսի, չի առաջնորդվում արյան կանչով կամ հաստատուն օրենքներով: Այնտեղ գերագույն հրամանատարը ոչ թե թագավորն է կամ թագուհին, այլ՝ առաջնորդը, ում ընտրում են դժվար փորձություններից հետո: Իսկ ընտրությունն իրականացվում է երեք հիմնական տոհմերի՝ Լեռնային, Խորշենդ գետի և Սևորակ հողերի ժողովրդի միջև: Մեծագույն Եռյակի նմանությամբ՝ տոհմերն այս ստացել են Մեծն եռյակ անվանումը։ Երեքն էլ ունեն առաջնորդներ, բայց քանի որ առաջնորդ է անհրաժեշտ նաև Յանխենին, նրան ընտրում են երեք տոհմերից: Նա, ով պահանջված հատկություններով գերազանցում է մյուսներին, նստում է Խենն անունը կրող պալատի գահին: Պալատը երեք տոհմերի տարածքների մեջտեղում է՝ Խեննասիա քաղաքում՝ Յանխենի հարավային կողմը տանող հողերում:


Հենց Խեննասիայում էլ սկսվելու է մեր պատմությունը...


***


Նախ և առաջ, համաձայն հնագույն ավանդույթի, մրցույթի մեկնարկի մասին լուրը շտապում է թակել Դէկեշի դուռը՝ այլ կերպ Դիկխենում պարզապես ընդունված չէ: Մեծագույն Եռյակի գերագույնը Դէկեշն է, ինչպես շատ ու շատ դարեր առաջ, այնպես էլ ներկայում... Ցամաքում սողացող մրագույն օձի ու ջրային կապտականաչի հմայիչները միշտ էլ մի քանի քայլ առաջ են եղել մյուս երկուսից:


Դէկեշում արդեն մի քանի դարաշրջան է, ինչ մեծանուն Դիռխալայհ արքայատոհմն է իշխում: Ինչպես նախորդների, այնպես էլ երիտասարդ կայսրուհու՝ Նեն III-ի գահասրահն անապատում է՝ Շեքք քաղաքի մատույցներում, որտեղից բացվում են մոգական տեսարաններ, երբ եղանակը տեղացիների կողմից է լինում:


Դէկեշցիները մի սովորություն ունեն՝ նրանք իրերի միջոցով են հիշեցնում երկրային ազգ լինելու փաստի մասին, այդ իսկ պատճառով էլ նրանց գահը պատրաստվում է հարյուրավոր օձերի կմախքներից՝ թե՛ ջրային և թե՛ ցամաքային, որոնց ժամանակին հմայել ու վարժեցրել են Դէկեշի բոլոր տիրակալները:


Կայսերական աթոռի կմախքներն իրար մեջ են հյուսված և վեր սլանալու փոխարեն՝ գլխամասով աջ, ձախ ու ներքև են վերջանում: Խորհուրդը բացատրվում է այն հանգամանքով, որ չնայած նրանք օրվա մեծ մասը երազներում են անցկացնում՝ դէկեշցիների իրական տունը հողի վրա է…


Իսկ հիմա եկեք մի պահ շարժվենք դեպի հարավ՝ Շանխէ, որտեղ լուրը փոքր ինչ ուշ է հայտնի դառնում, բայց չի սպասեցնում: Այն հասնում է թագուհու նստավայր՝ Խեքար, որը Նաան գետի և Թուրընթար օվկիանոսի մեջտեղում է: Այնտեղ արևմուտքն ասես հովացնում է շանխէցու կրակային բնույթը, իսկ Նաանի ջրերը՝ կրկին բռնկում՝ ամեն բան հավասարակշռության մեջ պահելով:


Գուշակ ագռավների տիրուհի Ասինէ Իգնիսսը ստանում է արդեն իսկ սպասված հրավերը և թագավորական շքախմբով ճամփա ընկնում դեպի հյուսիս…


Վե՛րջ: Կարծես մրցույթի մեկնարկն ի պաշտոնե տրված է:


***


Հարկավոր է չմոռանալ, որ Մեծն եռյակի մասնակիցներն ամենևին պատահական ընտրության արդյունք չեն: Մինչև Խեննասիա հասնելը՝ նրանք, ամենից առաջ, իրենց տոհմի փորձություններն են հաջողում: Այս դեպքում տոհմերի համար ոչ այնքան հաղթանակն է կարևորվում, որքան արժանի մասնակցի առաջադրումը: Ընտրյալը դառնում է տոհմի պաշտոնական դեմքը, ով պետք է լավագույնս տիրապետի արևելյան կախարդանքի հմտություններին ու մարտարվեստին: Եվ, չնայած դրանց անհերքելի կարևորությանը, առաջին հերթին ընտրյալի միտքը պետք է համապատասխան կշիռ ունենա, իսկ լեզուն՝ դանակի նման սուր և գրքերի չափ իմաստուն:


Եվ ահա, այս տարվա եռամսյա ընտրության արդյունքը. Սևորակ հողերի ներկայացուցիչ՝ Սոմն Յենիլիոս, Խորշենդ գետ՝ Ռիվէ Խանշ, և Լեռնային ժողովուրդ՝ Արէմ Քարքար:


Այսուհետև Յանխեն թագավորությունը մի ամբողջ տասնամյակ առաջնորդելու է նշվածներից միայն մեկը, և համաձայն աստղերի կանխատեսումների՝ հաղթողի իշխանությունն ամուր ու հաստատուն է լինելու: Իսկ մենք քաջատեղյակ ենք՝ Դիկխենի աստղերը ստել չեն սիրում:


***


Մրցույթի օրերին Խեննասիան իր երկրորդ վերելքն է ապրում. չկա մի փողոց, որտեղ չլսվի երաժշտություն, մի անկյուն՝ որտեղ ուտելիքի բույրն իսկույն քաղց չառաջացնի… Քաղաքն օրեր շարունակ խոսում է դրույքների, հարևան թագավորությունների ու սպասվող փորձությունների մասին: Այն կրկին արթնացել է (Յանխենում կյանքը գլխավորապես երազներում է անցնում) և դեռևս քնելու մտադրություն չունի:


Քաղաքի հյուսիսային կողմը լրիվ դատարկ է, բոլորը հարավում են՝ Խեննի մատույցներում... Պալատից դեպի արևմուտք՝ անեզր հարթավայրում, որը բնիկների նեղ շրջանակի համար Մոխրամած հողեր անվանումն է կրում, կայանալու է սպասված մրցույթը:


Մոխրամած հողերի փոքր հատվածը բաժանված է երեք մասի՝ երեք տարբեր փորձությունների համար։ Տարածքի աջ թևում կիսաքանդ մեկ հարկանի շինություններ են, առանց տանիքի ու պատուհանների։ Մեջտեղում Վիշապաց հնագույն ամրոցի փլատակներն են՝ վեր խոյացող ահռելի սյուներով։ Կիկլոպյան պատերի հետևում հնագույն արքայական դահլիճն է, որի շինարարների ու նախկին բնակիչների մասին ընդամենը մի քանի մամռակալ գիրք է պահպանվել։ Այս դահլիճի հակառակ պատի զգալի մասը զբաղեցնում է Քամիների կայսրության սրբության սրբոցը՝ հսկա երկփեղկ Կարմիր դուռը։ Ամրոցի աջ կողմում կրկին հնագույն շինությունների փլատակներ են։ Փորձությունների տարածքի երկու կողմերում հանդիսատեսի տրիբունաներն են:


Վիշապաց ամրոցի դիմաց՝ բարձր տեղակայված մարմարե հարթակի վրա, Քամիների կայսրության ղեկավարների՝ Մեծագույն Եռյակի տիրուհիների և Յանխենի նախկին առաջնորդի օթյակն է՝ ձևավորված Դիկխենի լավագույն ավանդույթներով: Յուրաքանչյուր գահ խորհրդանշում է տվյալ թագավորության հավատքն ու զորությունը: Օրինակ՝ ձախից Ասինէ Իգնիսսի գահն է՝ հսկա ագռավների փետուրներից հյուսված, իսկ մեջտեղում՝ Նեն III-ի կայսերական գահը՝ պարզապես բնօրինակի ավելի համեստ տարբերակը: Յանխենի դեպքում ամեն բան ավելի մանրակրկիտ է. աթոռի վերին հատվածը լեռնային գծանկարներ են, մեջտեղում՝ ջրի ալիքներ, իսկ ներքևի հատվածում՝ չորացած ու սև հողեր: Երեքը միասին խորհրդանշում են ուժ ու միասնություն, ինչն անկասկած դժվարին բարձունք է, բայց այլևս իրագործելի:


***

Մրցույթի մեկնարկին ժամեր ու րոպեներ են մնացել, այնուհանդերձ թվում է, թե հյուրերի հոսքը երբեք էլ չի դադարելու… Մարդկանց հետ միասին ամեն պահի ուժեղանում է պտտահողմերի առաջացման վտանգը: Տարվա այս ժամանակահատվածում դրանք մաքսիմալ վնասաբեր են: Իսկ և իսկ ժամանակն է Կարմիրներին ազատություն տալու...


-Բա՜ց թողեք ՎԻՇԱՊՆԵՐԻՆ…,-հանկարծ ամբոխի միջից բացականչում է մի խիզախ ու իր առաջարկով վարակում բոլորին: Անկասկած, իսկը ժամանակն է: Եթե մի փոքր էլ ձգձգեն՝ արևելքի քամիներն ամեն բան կավերեն:


Սկզբում երկինք է սլանում վիշապներից ամենածերը` Ղահնը, ով, եթե գրքերը մեզ չեն խաբում, իր ողջ կյանքի ընթանցքում միլիոնից ավելի քամու հետ է կռիվ մղել՝ դեռևս իր դիրքերը չզիջելով անտեսանելի հակառակորդներից և ոչ մեկին: Իսկ հետո նրան հետևում են երիտասարդները… Եվ համաձայն «Կ-խեն» բանաստեղծության՝ արևելքի քամիները քշվում են Թուրընթարի կողմը:


Ի դեպ, դրանց հաջորդ հարձակումն անհնար է ճշգրիտ կանխորոշել: Կայսրության հողերում քամիների իշխանությունը հնագույն է և այն սկսվել է մարդկանց թվարկությունից անհաշվելի ժամանակներ առաջ: Այստեղ տեղացիներն են հարմարվում քամիներին, ոչ թե հակառակը: Նրանք ունեն միայն մեկ զենք և մինչ օրս այն հաջողությամբ օգտագործում են: Բայց ի՞նչ կլինի, երբ բոլոր ռեսուրսները սպառվեն․ ցավոք, մենք դրա պատասխանը չունենք...


***

Ներկաները շունչը պահած սպասում են բացման արարողությանը…


Դիկխենում ընդունված է խավարը լռությամբ ճամփել, լույսը՝ երգով դիմավորել, իսկ վերջալույսը՝ հակառակ հերթականությամբ: Դիկխենցիների համար յուրաքանչյուր երևույթ իր գեղեցկությունն ու նշանակությունն ունի և նրանց պետք է հավասարապես պատվել:


...Երբ հնչում են երաժշտության առաջին ելևէջները՝ հայտնվում են տիրուհիներն՝ իրենց շքախմբերով: Երկուսի զգեստավորումն էլ խորհրդանշական շեշտադրումներով է.


Նեն III-ի զգեստն ու կոշիկները պատրաստված են ջրային օձի կաշվից: Դրանք կապտականաչ երանգներ ունեն և աչքերի համար հազիվ որսալի փայլում են: Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում բնավ հագուստը չէ: Կայսրուհու սանրվածքը բրգանման հյուսք է, ու թվում է՝ հյուսված վարսերը գալարվող օձեր են, որոնք ամեն պահի դեպի վեր են ձգվում... Հյուսքերի ավանդույթը հին է ինչպես ժամանակը, իսկ եկել է այն օձերին նմանվելու ցանկությունից:


Կայսրուհուն հաջորդում է հարավի տիրուհին, ով, ինչպես և սպասում է հանդիսատեսը, բավականին վայրի տեսք ունի՝ փետրանման երկար, սև, խառնափնթոր զգեստով, ազատ ու հրաշեկ վարսերով: Ուղեկցում է նրան թագավորության հին ագռավներից Ասսանը…


Երբ արևելքի գեղեցկուհիները զբաղեցնում են իրենց տեղերը՝ երաժշտությունը դադարում է: Սպասելի լռությունը հիշեցնում է բոլորին, որ եկել է նախկին առաջնորդի ելույթի ժամը:


Հասակն առած մի մարդ՝ ճաղատ գլխով ու համեստ հագուստով, կանգնում է հանդիսատեսի առաջ: Այս մարդու արտաքինն առաջին հայացքից ոչինչ չի պատմում նրա մասին: Սակայն, եթե մյուսներն ուշադիր լինեն՝ կնկատեն՝ ճաղատն, անկասկած, միայն մեկ կյանք չի ապրել: Նրա ուղեբեռում կան բազում աշխարհներ, որոնց մասին գիտի միայն ինքը և դրա պատճառով էլ այս իրականությունում մեն-մենակ է… Սակայն այս մարդը նաև հասկանում է, որ մեծ պատասխանատվության առաջ է կանգնած և միակ ելքը բեռնաթափումն է. «Թո՜ղ ժամանակավոր չքանան մյուս աշխարհները, չէ՞ որ այս մեկում հազարավոր մարդիկ հիմա իմ ելույթին են սպասում…»:


Յասոնը խորը շունչ է քաշում, կենտրոնանում է ու սկսում.


-Քամոտ հողերի արեգակները Դէկեշի կողմից են ծագում, հետո՝ Յանխենի, և ավարտում իրենց ուղին Շանխէի հողերում… Այո՛, մենք տարբերվում ենք միմյանցից: Մենք հմայում ենք տարբեր արարածներ կամ երևույթներ: Մեր կախարդանքն ուրիշ է: Մեր իշխանության օրենքները տարբեր ձեռագրեր ունեն... Տարբերություններն անհաշվելի են: Բայց և այնպես, իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, մեր արեգակները հավերժ նույնն են: Մեր եղբայրությունն անկոտրում է: Մեր նպատակը մեկն է: Եվ, ի վերջո, մենք կարմիր վիշապի տիրակալներն ենք, քիշթակը տանի, - երկար ու բուռն ծափահարություններից հետո Յասոնը շարունակում է.


-Թո՜ղ արևների լույսի ներքո օրհնվի մեր միասնությունը: Եվ գալիք ընտրությունն ավելի զորեղ դարձնի մեր ոգին,- նա աջ ձեռքը վեր է բարձրացնում՝ դեպի թռչող վիշապն ու ելույթին պաշտոնական վերջնակետ տալով՝ ասում, - ես՝ նախկին առաջնորդս, պատիվ ունեմ ազդարարելու այս տասնամյակի մրցույթի սկիզբը: Թող որ գալիք առաջնորդը լրացնի այն բացերը, որոնցում ես, ցավոք, թերացել եմ: Հաջողությո՜ւն բոլորին:


-Հաջողությո՜ւն…,- կրկնում են բոլորը,- փա՜ռք Յասոնին, փա՜ռք Մեծն եռյակին...

Առաջին փորձություն



Յանխենում ուսումը հիմնական խթանն է: Առասպելական լեգենդները հիմք ընդունելով՝ այն դարեր շարունակ ձևավորում է կատարյալ ռազմիկի կերպարը: Ընտանիքն ու խրատատուն առաջին հերթին հոգ են տանում աշակերտի բնավորության կազմավորման մասին: Սերմանում են քաջություն, տոկունություն և համբերություն: Բացի ֆիզիկական վարժանքներից, կրտսեր յանխենցիները դաստիարակվում են որպես անվախ և զգոն մարդիկ: Այլ կերպ ասած՝ մեկտեղում են հատկություններ, որոնք Դիկխենում համարվում են ամենակարևոր առաքինությունները:


Օրինակ՝ յանխենցի ռազմիկն առանց երկմտելու կարող է զոհաբերել իր կյանքը հանուն մեկ ուրիշի... Այդ մանրակրկիտ ուսումը ստանում են միայն արական սեռի ներկայացուցիչները, իսկ կանանց և աղջիկների ուսերին մնում են երազները։ Դրանք ոչ պակաս կարևոր են:


Հարկավոր է նշել, որ ոչ բոլորն են ավարտում ուսումը... Դեռ վաղ տարիքից յանխենցուն փորձարկում են՝ դրական կողմերն աշխատացնելով, իսկ վատերը՝ հնարավորինս խլացնելով: Սակայն, քչերն են հաջողում սկզբնական փորձերը: Հավատացե՛ք, ընտրյալի ուղին ամենևին էլ դյուրին չի լինում:


Այո՛, կատարյալ ռազմիկ դժվար չէ պատկերացնել՝ նա, ով իր մեջ միավորում է մարդկությանը հայտնի բոլոր արժանի հատկանիշները: Այդպիսի կերպարները սովորաբար ապրում են մեր հորինվածքներում: Իրական կյանքում անգամ «անթերին» է գաղտնի հետքեր ունենում… Իսկ ի՞նչ հետքեր են թաքցնում մեր մրցակիցները: Առաջին փորձությունը նպատակադրված է ստուգելու վերը նշված հատկանիշների ներկայության ու զորության չափը:


Ամենից առաջ եռյակին պառկացնում են տանիք չունեցող սենյակում՝ պատրաստի հմայախոտը ձեռքերին: Կախարդական թուրմը հազիվ վերջացնելուց հետո մասնակիցները կորցնում են իրենց գիտակցությունը և ճանապարհորդությունը շարունակում մտքում՝ կտրվելով երկրային կապանքներից: Դարչնագույն նյութը նրանց տեղափոխում է անցյալ, իսկ ավելի կոնկրետ՝ իրենց նախկին կյանքեր:


Իբրև համընդհանուր կանոն՝ այդ հմայախոտից օգտվում են միայն վարպետներն ու խրատատուները (սովորական մարդկանց համար անգամ մեկ կումը կարող է մահացու լինել): Նրանք ճանապարհորդում են իրենց անցյալ՝ փորձ և իմաստություն հավաքելու նպատակով: Հիմնականում հենց այդ ճամփորդներն են զբաղվում կայսրության ամենակարևոր խնդիրներով:


Առաջին փորձության գլխավոր նպատակն է պարզել մասնակցի հոգու տարիքը, ճանաչել հնարավորությունները, տեսակն ու իրական առաքելությունը… Նրանք հմայախոտի օգնությամբ կերպարանափոխվում են՝ հայտնվում մեկ այլ մարմնի մեջ՝ լրիվ օտար թվարկությունում: Ճանապարհորդության ընթացքում նրանք ծանոթանում են իրենց վաղեմի ԵՍ-ի հետ և ամենակարևորը՝ զգում իրենց հոգու աճը:


Սովորաբար, անցյալի փորձությունը գնահատանքի չի արժանանում և ոչ ոք չի լսում նրանց պատմությունը: Մասնակիցները ճանաչում են ամենազորեղ հակառակորդին՝ իրենք իրենց և արդյունքում կամ ուժեղանում են, կամ էլ ավելի խճճվում… Հանդիպումը չի խղճում և ոչ մեկին:


Ո՞վ են եղել ժամանակին, ինչո՞վ են զբաղվել, ինչպե՞ս են մահացել, քանի՞ անգամ են ապրել այս աշխարհում, արդյո՞ք ծեր է նրանց հոգին... Հավատացե՛ք, եթե ազատություն պարգևենք այդ հարցերին, վերջը դեռ երկար չենք տեսնի: Բայց կտեսնենք պատասխանների սկիզբը...


Օրինակ՝ Սևորակ հողերի ներկայացուցիչ Սոմն Յենիլիոսը ճանապարհորդության ժամանակ բացահայտում է, որ դարեր առաջ եղել է հարևան մայրցամաքի պատվելի բնակիչ, Մավիկուռի ծաղկման տարիների գլխավոր խորհրդատուն: Այնուհետև, ավելի խորը անցյալ շարժվելով, տեսնում է իրեն ծովագնացի, հետո՝ վաճառականի դերում… Մի ակնթարթում Սոմնն իր մաշկի վրա զգում է միմյանցից խիստ տարբեր մարդկանց կյանքն ու աշխատանքը, ցանկություններն ու վախը…


Իսկ ի՞նչ են տեսնում մյուսները. Լեռնային ժողովրդի ներկայացուցիչ Արէմ Քարքարը պարզում է, որ ժամանակին եղել է Կխունանդու մայրցամաքի Օկդիանդա թագավորության արքաներից մեկը, հենց ինքը՝ Էյոսս անպարտելին: Իսկ Ռիվէ Խանշն իմանում է, որ իր հոգին ութ հարյուր տարի առաջ հայտնաբերել է Վաալիս կղզին… Սակայն, լինում են նաև տհաճ բացահայտումներ: Ուրիշ կերպ աճը հնարավոր չէ:



...Ամբողջ ընթացքում հանդիսատեսն անդադար երգում ու պարում է՝ քշելով վատն ու վտանգավորը: Սովորաբար, այդ երգերն օգնում են մասնակիցներին հետդարձի ճանապարհը հեշտ գտնել:


Առաջինն աչքերը բացում է Ռիվէն, հետո՝ Արէմը և վերջում Սոմնը՝ երեքն էլ կասկածանքով են դիմավորում ներկան:


Հանդիսատեսին մեկ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ են իմացել մասնակիցներն իրենց նախկին կյանքերի մասին։ Այդ հարցը մնում է անպատասխան:


Երկրորդ փորձություն

«...Երբ Դիկխենի ալ վիշապը

Արժանի հեծյալ է գտնում,

Երկուսի կապը վայրկենապես

Արյունով է կնքվում:


Ուստի, եթե մահանա մեկը,

Կդադարի շնչել և մյուսը...»



Անցյալի փորձությունն անցնելուց հետո տոհմերը սկսում են նախապատրաստվել երկրորդ հանդիպմանը, որը, ի տարբերություն նախորդի, գնահատվելու է: Եվ դատելու են նրանց բոլոր ներկաները: Հաղթողը միանգամից երկու պարգև է ստանալու, իսկ պարտվողը՝ ոչ մի:


Վաղուց հայտնի է՝ Երկրորդ փորձության պաշտոնական հակառակորդը դիկխենի վիշապն է, և մրցակիցները պետք է հեծնեն նրանցից մեկին:


Իրականում այս փորձությունը հաղթահարել քչերի մոտ է ստացվում... Արևելքի վիշապներին դժվար է ընտելացնել կամ վարժեցնել, հմայելու մասին անգամ խոսք չի գնում (հարկ է նշել՝ վիշապները քամիների հետ մենամարտում են, որովհետև գիտեն՝ այդպես է պետք: Արևելքի հսկաները ցեղակցի բարօրության համար պատրաստ են մարտնչել մինչև վերջին շունչը: Սակայն նրանք չեն ծառայում մարդկանց: Նրանք հավասար են: Եվ, երբ բանը հասնում է պարտադրանքներին, հակահարվածն իրեն սպասեցնել չի տալիս):


Դիկխենի ողջ պատմության ընթացքում, ընդհանուր հաշվով, հսկաներին վարժեցրել է վեց հարյուր ռազմիկ: Նրանք, ովքեր քաջատեղյակ են Դիկխենի հիմնադրման թվականությունից և անցած ճանապարհից, շատ լավ գիտակցում են, որ դրանք խղճուկ, անհուսադրող թվեր են:


Ելնելով վերը նշված փաստից՝ այս անգամ փորձությունը սովորական բարդությունը չի ունենալու: Առաջադրանքը կատարված համարելու համար մասնակիցներից պահանջվելու է վիշապին հեծնելու գոնե մեկ փորձ: Եթե խելամիտ գլուխ բերեն, ապա կշարունակեն պայքարը:


Երկրորդ փորձության սկիզբն ազդարարելու համար ոտքի է կանգնում հարավի տիրուհին՝ ուսին Ասսան անունով ագռավը: Իգնիսսը պարզում է աջ ձեռքն ու շանխէերեն հմայախոսք արտասանում՝ բոլորի ուշադրությունը հիպնոսի ենթարկելով: Երբ ավարտում է կախարդանքը՝ քայլում է դեպի Կարմիր դուռը: Ծնկի գալով դռան առաջ՝ Իգնիսսը սկսում է քթի տակ օտար լեզուներով կախարդել…


Ի զարմանս բոլորի՝ ծանր դուռն ինքնուրույն բացվում է.


-Դիկխենի ալ վիշապնե՛ր, սպասված ժամը եկել է: Ցուցադրե՛ք բոլորին ձեր զորությունը և արևելքի ճշմարիտ կախարդանքը…Այս պահից դահլիճը ձերն է: Թո՜ղ օրհնվի երկու տեսակների հանդիպումը,- տիրուհու խոսքերից հետո վիշապները դանդաղ և զգուշավոր քայլերով դուրս են գալիս մթությունից, իսկ դահլիճի մյուս կողմից մուտք են գործում մրցույթի մասնակիցները... (Կարևոր է իմանալ, որ մրցույթի համար ընտրվել են նորածին վիշապներ, որոնց դեռ կարելի է վարժեցնել: Սովորաբար փոքրերն ավելի հնազանդ ու անվտանգ են, քան մեծերը: Հասակ առածները, պարզ է, վաղուց հասկացել են իրենց զորության և կարևորության չափը):


Եվ ահա, առաջին համարձակը՝ Ռիվէն, դանդաղ քայլերով մոտենում է վիշապներից մեկին, փորձում կախարդել քնային հմայախոսքով, բայց ապարդյուն: Քնած ձևանալով՝ վիշապը խաբում է մասնակցին ու պոչի ուժգին հարվածով տապալում գետնին՝ վնասելով մասնակցի գլուխը: Ռիվէի անգիտակից մարմինը անմիջապես դուրս են հանում տարածքից ու առաջին օգնություն ցուցաբերում՝ հատուկ դեղամիջոցներ ներարկելով... Մյուս երկուսը, տեսնելով մրցակցի անմիտ ձախողումը, հնարավորինս երկարաձգում են կարմիրների հետ դեմ առ դեմ հանդիպումը:


Իհարկե, ինչպես ասում է ժողովուրդը, փորձը փորձանք չի բերում: Բայց այս խոսքերն իրենց ուժը կորցնում են, երբ բանը հասնում է արևելքի հսկաներին: Կարմիրները երբեք չեն մոռանում նրանց, ովքեր իրենց վրա կախարդանք են փորձարկել: Իրականում դրա մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն չի կարելի վստահել նրան, ում առաջին քայլը հենց դա է:


Երկրորդ համարձակը Սոմն է: Վերջինս մյուսներից ավելի ինքնավստահ է շարժվում: Հանդիսատեսն անմիջապես նկատում է, որ ռազմիկի նշանակետը հանգիստ վիշապն է:


Սոմնն իր ոտնաքայլերը հաշվարկելով՝ կամաց-կամաց մոտենում է թիրախին: Եվ երբ հասնում է բավականաչափ հեռավորության՝ զգույշ ու անհամոզիչ խոնարհվում է նրա առաջ: Իսկ ի՞նչ եք կարծում՝ վիշապը գնահատո՞ւմ է այդ ժեստը: Դրան հաջորդում է ուժեղ հոգոց, խոնավությունից հողը փլվում է և մասնակցին տապալում դրա հոսքի մեջ... Վերջին պահին Սոմնը վերհիշում է հայտնի «Կ-խեն» բանաստեղծության տողերը. «...հողն անթաց, անբնակ, իսկույն խոնավ է դառնում»:


Տեսնելով ընկերների ձախողումը՝ Արէմը մտածում է. «ի՞նչ կլինի, եթե այլ կերպ սկսեմ... Ենթադրում եմ՝ վիշապները զգում են կեղծիքը: Բարի, ես խաբելու մտադրություն չունեմ: Չե՞ն սիրում կախարդանքը՝ խնդիր չկա՝ իրենց դեմ չեմ գործածի: Իսկ ի...»: Արէմի մտքերն ընդհատում է հեռվում բռնկվող քամիների մռնչյունը: Դրանք գալիս են հարավից և շարժվում ուղիղ Մոխրամածի վրա:


Հասունացող տագնապից կարմիրների բնազդն ինքնին արթնանում է… (Արևելքի տիրակալները հետաքրքիր կառուցվածք ունեն․ կործանիչ քամիների առաջացման մասին վիշապին զգուշացնում են իր չորս մետրանոց զույգ բեղիկները։ Դրանք ընկալում են մթնոլորտի նրբագույն տատանումները, ու եթե քամու իրական վտանգ կա, վիշապի գիտակցությունից անկախ, գալարվելով, հյուսվում են հսկայի թիկունքի հատվածում՝ հուշելով, որ օդ բարձրանալու ժամանակն է): Ազդանշանից հետո կարմիրները միաժամանակ բաց են թողնում խլացուցիչ գոչյուն՝ որպես թռիչքի նախազգուշացում, ու սկսում պատրաստվել…


Յանխենում ուսուցման կարևոր նախադրյալը կարճ ժամանակում գործելու հմտությունն է. հարմար պահը բռնելով՝ Լեռնային ժողովրդի ներկայացուցիչ Արէմ Քարքարը կայծակի արագությամբ վազում է ամենափոքր վիշապի կողմը, իսկ վիշապը, բնականաբար, չի էլ նկատում մասնակցին: Ի՞նչ մասնակից, ի՞նչ մրցույթ, ո՞ւմ է դա պետք: Չէ՞ որ նրա ժամը եկել է: Գրեթե նորածին վիշապը (ընդամենը երկու հարյուր տարեկան) վերջապես պատրաստ է կռիվ մղել անտեսանելի հակառակորդի դեմ՝ ում դարեր շարունակ չեն կարողացել հաղթել անգամ ամենափորձառու ցեղակիցները:


«Քամիներին կարելի է միայն քշել, քամիներին կարելի է միայն քշել...»,- մտքում շարունակ կրկնում է վիշապը՝ լրիվ մոռանալով մրցույթի, մասնակիցների և Իգնիսսի կախարդանքների մասին: Այդ խոստումնալից պահին Արէմը թռչում է նրա մեջքին՝ վնասելով իր աջ ոտքը, և երկուսը միասին սլանում են երկինք…


Երբ կռվից հետո հարցափորձ են անում ներկաներին, բոլորը միաձայն պնդում են. «Վիշապն այդ պահին ավելորդ բեռ չուներ: Մենք միաժամանակ հասկացանք, որ այդ երկուսի հանդիպումը կանխորոշված էր: Չէ՞ որ երկուսի կապը վայրկենապես արյունով կնքվեց»:


Երրորդ փորձություն



Երրորդ փորձությունը Դիկխենի հնագույն ավանդույթների հայելին է: Այն չի առանձնանում բարդ մեխանիզմներով կամ անանցանելի առաջադրանքներով: Փորձությունը ժամանակից էլ հին է և մարդու բնազդներից էլ պարզ: Երբ դարեր առաջ տղամարդիկ ֆիզիկական ուժով պաշտպանում էին իրենց տունը վնասաբեր եղանակներից կամ իրենց հանապազօրյա որսի համար մորթում յուրաքանչյուրին՝ այդժամ սկսվեց փորձության արմատավորումը:


Իսկ այժմ, հիմնվելով փորձված, բայց ժամանակի հետ կատարելագործված կարգերի վրա՝ դիկխենցիները պատրաստել են մի մրցում, որի ժամանակ տոհմերի նվիրակները ստիպված են լինելու մարտնչել և՛ բնության տարրերի, և՛ մասնակիցների դեմ:


Հասկանալի պատճառներով Խորշենդ գետի ներկայացուցիչ Ռիվէ Խանշը դուրս է գալիս մրցակցությունից: Մնում են միայն Արէմն ու Սոմնը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սոմնը ձախողել է երկրորդ առաջադրանքը, ավելի կոնկրետ՝ մինչև վերջ գլուխ չի բերել: Սակայն, հանուն արդարության, կարելի է ասել, որ փորձել է: Եվ հանդիսատեսի հարկադրական որոշմամբ՝ նա անցնում է հաջորդ և եզրափակիչ փուլ:


Մայրամուտի կարմիր երանգների ներքո ոտքի է կանգնում Դէկեշի վեհասքանչ կայսրուհի Նեն III-ը: Ձեռքերը տարածելով աջ և ձախ՝ դեպի Յանխենի ու Շանխէի կողմը, հետո իրար միացնելով, նա սկսում է իր ելույթը.


-Ամեն ինչի հարատև պատասխանը հյուսիսն է: Մեծագույն Եռյակի միավորող ուժը հյուսիսն է: Եթե բացենք անցյալի ճմռթված գրքերն ու թերթենք Դիռխալայհ արքայատոհմի հիմնադրման էջերը՝ կտեսնեք մեր եղբայրության սկիզբն, ընթացքն ու ծաղկունքը: Եվ այսօր այդ ուժը բացարձակ է՝ ինչպես երբևէ: Թո՜ղ օրհնվի ընտրյալի լինելիք տերությունը և թո՜ղ զբաղեցնի նա իր պատվավոր տեղը՝ չգրված էջերի կողքին… Ես՝ Դէկեշի կայսրուհին, պատիվ ունեմ ազդարարել Երրորդ և ամփոփիչ փորձության սկիզբը… Դահլիճը մասնակիցներին է: Դեպի վե՛ր, դեպի երկի՛նք:


Կայսրուհու ելույթից հետո մասնակիցները հրավիրվում են դահլիճ՝ մեկական թուր ձեռքներին... Շանխէական թրերը կոր ծայրով, պողպատյա զենքեր են, որոնց բռնակը զարդարված է բազմիմաստ նախշերով: Հին ավանդույթի համաձայն՝ նախքան տերը պարտություն չի կրում, թուրը նրա ձեռքից չի փախչում:


Այսպիսով, առաջին հարվածը ստանում է Արէմը՝ Սոմնի ձեռքից: Վերջինս հարձակվում է անսպասելի ու կատաղի: Զենքի սուր ծայրով վնասում է հակառակորդի մարտունակ ձեռքն ու տապալում գետին: Սակայն, երբ հասունանում է վճռական հարվածի պահը, Սոմնի դիմաց անակնկալ կրակ է բռնկվում... Ինչպես կանխորոշված էր՝ բնության տարրերը նույնպես միանում են կռվի ընթացքին:


Արէմը հրե սավանի ներքո ժամանակավոր անհետանում է հակառակորդի տեսադաշտից... Ի՞նչ անել, ո՞ւր գնալ, ինչպե՞ս վիրավոր ձեռքով հարված հասցնել․ գլխում ոչ մի հուշում չկա: Անցած դասերն առանց որևիցե հետք թողնելու անէացել են: Ցավը բթացրել է գիտակցությունը: Նա նկատում է, որ վաղուց չի լսել հանդիսատեսի ձայնը: Տարօրինակ է: Մթնագույն դատարկությունն էլ մի կողմից: Բոլորն ասես ջնջվել են դրա մեջ կամ եղե՞լ են առհասարակ: Ի՞նչ անել...


Արէմը չի հասցնում ուշքի գալ խուճապից, երբ ձախ կողմից հանկարծ հայտնվում է Սոմնը: Այս անգամ նա առավել նպատակասլաց է թվում: «Չի կարելի կորցնել հնարավորությունը, - կրկնում է նա ինքն իրեն, - չի կարելի»:


«Վիշապի փորձությունն ինչ-որ բան փոխել է նրա մեջ»,- մտածում է Արեմը:


Սևորակ հողերի ներկայացուցիչը, մի քանի վայրկյան զենքն օդում ձևական խաղացնելուց հետո, ի վերջո հարվածում է: Սակայն շանխէական թուրը նպատակին չի հասնում: Արէմը կտրուկ շարժումով խուսափում է հարվածից և ոտքի շեշտակի հարվածով գետին փռում հակառակորդին:


-Հը՞ն, հ-հանձնվո՞ւմ ես,- ծխից շունչը կտրված հազիվ հետաքրքրվում է Արէմը:


-Էդ էր պակաս:


Պատասխանին հաջորդում է Սոմնի դիվական ճկուն շարժումը. պառկած դիրքից նա կայծակնային արագությամբ բռնում է մրցակցի ձեռքը, մի քանի պտույտ ոլորելուց հետո ներքև է ձգում և, վնասվածքի մեջ մատները մխրճելով, այնպիսի ցավ է պատճառում, որ վերջինս անելանելիությունից ուժեղ ճիչ է արձակում:


-Զենքդ ցա՞ծ ես դնում, թե՞ շարունակում ենք: Դե՜…


Արէմը տեղնուտեղը Սոմնի խոսքերից կերպարանափոխվում է… Անխոս, ծանոթ զգացողություն է, երբ ամեն ինչ այնքան անհուսալի է, որ հանձնվելու փոխարեն՝ մտափոխվում ես. «Իսկ ի՞նչ ունեմ կորցնելու»,- մտածում է լեռնայինն ու խենթ հայացքով ոտքի կանգնում:


-Դե հարձակվի՛ր, ո՞ւմ ես սպասում:


Սոմնը, տրվելով կատաղի զգացմունքներին, կոր ծայրով զենքը պտտեցնում է ու նետում Արէմի գլխի ուղղությամբ... Բարեբախտաբար, հողերի մասնակիցն այս անգամ էլ ավարտին չի հասցնում սկսածը: Նրան նախորդում է բնությունը. երկուսի մեջտեղում վայրկենապես մի հսկա ժայռ է խոյանում՝ դահլիճն ու օդում թռչող զենքը բաժանելով երկու մասի...


Աստղերն իրենց որոշումը բարձրաձայնում են: Նախապատվությունը տրվում է Արէմին (հարկ է նշել, որ դահլիճի կախարդանքը չի կարող ֆավորիտներ ունենալ․ երբ գալիս է ժամանակը՝ այն գործում է)... Մրցույթի սկզբից մինչ այս պահը Բնությունն արդեն երրորդ փորձն էր ձեռնարկում Լեռնային Արէմին փրկելու համար: Եթե սա նշան չէ, ուրեմն ի՞նչ է:


Պատից այն կողմ, սեփական մտքերի հետ մեն մենակ մնալով, Սոմնը սկսում է հասկանալ իր գործողությունների տրամաբանությունը: Վիշապի փորձությունից հետո նա ինքն իրեն նման չի: Եվ դրա պատճառը պարտության մեջ չէ, որ պետք է փնտրել: Ոչ: Նա չի համակերպվել ընձեռնված հնարավորության հետ.


«Ո՞ւմ եմ խաբում: Ի՞նչ ունեմ ապացուցելու: Չէ՞ որ իմ նախկին կյանքերում երբեք ոչինչ չեմ թագավորել: Իմ հոգին ուրիշ ճանապարհ ունի: Իսկ ահա Արէմը դրա համար է ծնված: Բնությունն էլ է նրա կողմից: Եվ ինչո՞ւ եմ ես, քիշթակը տանի, նրանց մեջտեղում...»:


-Դադարեցրե՛ք մրցույթը,- բղավում է Սոմնը,- ես հրաժարվում եմ իմ մասնակցությունից: Իրական առաջնորդը պատից այն կողմ է: Պետք է զգալ կանգ առնելու ժամանակը…


***


Օրեր են անցել հիշարժան մրցույթից և Խեննասիայի բնականոն կյանքն աստիճանաբար կարգավորվում է: Յանխենցիները, սովորության համաձայն, տանն են անցկացնում իրենց հանգիստը՝ օրվա մեծ մասը երազներին նվիրելով:


Ցերեկային ժամերին քաղաքում դատարկություն է տիրում: Ո՞ւր են կորել համեղահամ ուտեսներն ու հաճելի երգերը… Ճիշտ է՝ անցել են պատմության գիրկը:


Խեննասիան ուրիշ քաղաք է: Այստեղ լռությունը ոսկու գին ունի: Իհարկե, տասը տարին մեկ կարելի է խախտել ավանդույթը, բայց խորհուրդ չի տրվում այն ժամանակից շուտ սկսել: Վստահ եղեք՝ յանխենցին կպաշտպանի իր հանգիստն ամեն գնով:


Իսկ Խեննում պալատականներն ամբողջ ուժով զբաղված են նոր գաղափարների մշակմամբ: Նախագծում են կառուցել ռազմիկների դպրոցներ, քամիներից պաշտպանվելու քարից տնակներ... Եվ վերահսկում է նրանց Սոմն Յենիլիոսը՝ առաջնորդի աջ ձեռքը, ում աշխատանքն անկասկած գովելի է...


Ամեն բան կարծես իր տեղում է: Երբ մարդը բացահայտում է իր իրական նշանակությունն ու առաքելությունը՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ճիշտ է դառնում:




651 views0 comments

Comments


bottom of page