Մի քանի օրում Երևանն անճանաչելի էր դարձել: Եվ թեև գիշերվա երեքն էր, մթից էլ մութ էր, ու ես խելագարի պես արագ էի քշում՝ մեքենայից երևում էր փողոցներում անթիվ-անքանակ փոսերից բարձրացող ծուխը… Այդ ծուխը սարսափելի էր նրանով, որ իր քողում պահում ու ծածկում էր ռմբակոծության հետևանքները՝ տների, խանութների, հնագույն շենքերի փլատակները... ես հիմա էլ եմ դժվարանում ասել «զոհերի», մենք այն ժամանակ էլ ամբողջ ուժով ձևացնում էինք, որ նրանք չկան՝ անհետ կորած են: Բայց անհետ էլ ու՞ր է կարելի կորչել բազմահարկ շենքի փլուզումից հետո... Իհարկե, կային փրկվածներ: Չնչին քանակության, բայց և մեզ այնքան երջանկացնող, չափից դուրս, չգտնվածների նկատմամբ մի տեսակ անգութ երջանկացնող: Այդ ցնծությունը կոչված էր լուսավորելու մեր կորուստները: Իսկ պատերազմի՝ ծխի, այրվածքի ու ինչ-որ սարսափազդու խոնավության հոտը, երևի, մեզ միշտ է հետապնդելու, թե աշխարհը մի օր դառնա խաղաղ կանաչ մուլտֆիլմ՝ միևնույն է հետապնդելու է մեզ, երևանցիներիս:
Ի՞նչ էր սա:
Իհարկե՝ տեսիլք: Պարզապես ապագայի տարբերակներից մեկը: Ժամաչափս խախտված էր, և ես երբեմն տեսնում էի ապագայի զարգացման տարբերակներից հատվածներ, ինչպես հիմա՝ քշելիս: Ես գիտեմ, որ իմ գործընկերներից շատերն են դիտմամբ տարիներ շարունակ աշխատում անսարք ժամաչափերով՝ զուտ որոշակի հաճելի պահեր վերապրելու նպատակով՝ ծամոնի պես անվերջ դրանք ծամծմելով: Իսկ իմը փչացել էր այն՝ պիոների պես պարտաճանաչորեն վայրկյանից վայրկյան ճշգրիտ օգտագործելուց: Երևի թե, արտադրողներն իրենք էլ մտքով չէին անցկացնում, որ նրան երբևէ այսչափ բարեխղճորեն վերաբերող մեկը կգտնվի: Երկար չդիմացավ: Քանի որ ժամաչափը տեղադրված է ափիս մեջ, այն փոխելը բավականին տհաճ գործընթաց է և ավելի շատ հիշեցնում է փոքրիկ վիրահատություն՝ տեղային ցավազրկմամբ։ Իբր ցավազրկմամբ ու երկարատև հետվիրահատական ցավերով: Ու քանի որ այդ ամենի հավեսը չունեի, այժմ ստիպված էի կրել հետևանքները՝ տարբեր ժամանակներից անկառավարելի տեսիլքները՝ ծանր ու անցանկալի:
Իրականում ապրիլ էր, դրսում պատերազմը շարունակվում էր, սակայն մայրաքաղաք դեռ իհարկե չէր հասել, և մեզ համար թանկ էր ամեն վայրկյանը: Ես վերցրել էի Նարեկին և Ալիսին՝ տասներեքամյա զույգ եղբորն ու քրոջը, և մենք ուղևորվում էինք Աջափնյակ՝ մեր շտաբ:
Ողջ ճանապարհը լուռ էինք:
Մութ սենյակում էկրանը միացավ, և դրա վրա սկսեցին դողդողալ էլեկտրական մանր կայծեր: Մենք նստեցինք դրա դիմաց կողք կողքի:
Փակեք աչքերը, էրեխեք, - կարգադրեցի ես նրանց ըստ հին սովորության և ինքս էլ փակեցի աչքերս, որ չճառագայթվենք, քանզի վստահ չէի, որ առողջության համար վտանգավոր փոխադրող մեքենաների արտադրությունն իսպառ է վերացել:
Սենյակը լցվեց տհաճ վնգոցով, և մի քանի վայրկյան անց մեր ականջները սկսեցին փակվել վակուումից: Երեխաների և իմ մտքում առաջացավ նույն պատկերը, որը նրանք իրենց կլորացած աչքերով տեսնում էին առաջին անգամ: Ինձ հասավ Նարեկի ձայնը.
- Գժանոց, ու դու ամեն անգամ էստեղով ե՞ս…
Հավանաբար, պիտի հարցներ՝ արդյոք ես ամեն անգամ այստեղով եմ անցնում կամ թռչում: Սակայն լույսի արագություն էինք զարգացնում, նա այլևս չէր կարող լսել իմ պատասխանն այն մասին, որ ինձ համար սա հեչ էլ գժանոց չի, ես վաղուց արդեն դրան վերաբերվում եմ ուղղակի որպես կինոյի. Ինչ խոսք՝ լավ կինոյի, այն էլ՝ բավականին տպավորիչ էֆեկտներով, խորը և միաժամանակ պարզ ասելիքով: Չգիտեմ, քանի անգամ եմ այն դիտել, բայց հաստատ՝ երեք հարյուրից ավելի: Դիտել եմ գլխավորապես այն ժամանակ, երբ բոլորովին կինո նայելու տրամադրված չեմ եղել, ինչպես և այս անգամ պատահեց: Կրկնությունը ոչ միայն գիտության, այլև սրտխառնոցի մայրն է:
Ինչևէ, մեր տեսածը ժամանակի խողովակն էր: Ժամանակի խողովակը երկար ու մութ տարածություն է, որի վերջում տեղադրված կլոր անցքից պայծառ լույս է ճառագում: Թեև դանդաղ, բայց մենք առաջ էինք լողում տարածության մեջ դեպի լույս-նշանակետը: Խողովակը մասամբ պայմանական անվանում է. Տեսնես ո՞վ է առաջինը որոշել հեշտացնել այն մարդու պատկերացման համար, քանի որ մեզ շրջապատող մթությունն ու դատարկությունն այլ ոչ մի բան են, քան բաց տիեզերքը՝ մեջտեղում վառվող նշանակետ գալակտիկայով և մանր-մունր աստղերով: Խողովակի տպավորությունը ստեղծվում է զուտ ճամփորդողի մարմնի գերարագությունից:
Չնայած, տիեզերքը կարող էր պարզապես տեսողական խաբկանք լինել՝ ստեղծված ճամփորդողի բորբոքված ուղեղում որպես ինչ-որ չափով տրամաբանական, ծանոթ ու հանգստացնող դեկորացիա: Ինչու՞ եմ հակված այդպես մտածելու: Որովհետև տիեզերքի այս հատվածում բոլորովին ցուրտ չի... Այդ ամենի մասին մտորելու բավականաչափ ժամանակ եմ ունեցել: Մինչև այս պահն ինչն էր շատ մոտս՝ ժամանակը: Բայց այժմ ահավոր նյարդայնացած էի: Երբեք այսքան լարված անցում չէի կատարել: Ուզում էի ծխել ու չէի կարող՝ ֆիզիկապես անհնարին էր: Լավ է, որ երեխաներն ինձնից հետո էին թռչում ու չէին տեսնում՝ ինչպես էի ես ողջ ուժով կծել շրթունքս՝ այս օրերի գլխացավը մի կետում հավաքած:
Ամենապատասխանատու պահը. Պահանջվում է մի փոքր կենտրոնացում ժամանման վայրի վրա: Եթե ուշադիր չլինեի ու ցրվեի՝ համարի կորած էինք բառիս բուն իմաստով։ Բայց հետս երեխաներ էին, և երևի պատասխանատվության շնորհիվ նյարդային համակարգս զարմանալիորեն սահուն ու հավաքված հրաժարվեց բոլոր ուրիշ ազդակներից, որոնք կարող էին խանգարել: Ահա ես թողեցի ինձ համար միայն ներկա պահը: Միայն թե ճիշտ հիշեմ...
Կենտրոնացում: Մեր ընթացքն արագացավ, և լույսը կլանեց մեզ:
* * *
Աչքերս բացելուն պես տարերային ինչ-որ բան այնքան արագ անցավ ու քսվեց քթիս, որ համարյա շուշաթղթեց այն կոշտ մազածածկույթով՝ միաժամանակ ծանր տրորելով ոտքս: Ալիսը ճչաց, ես մեքենայաբար փորձեցի մարմնով ծածկել նրան, բայց հավասարակշռությունն արդեն կորցրել էր, և մենք ընկանք ձյան մեջ:
Այո, ձյուն էր գալիս․․․
Երկնքից առատորեն թափվում էին խոշոր-խոշոր փաթիլներ, ինչպես երազում: Լսվում էին հեռացող ձիու վրդովված խրխնջոցը և կառապանի հայհոյանքները՝ բնականաբար, մեր հասցեին:
Նարեկն օգնեց մեզ բարձրանալ, ես նայեցի նրան, իր քրոջը, շուրջս, ձեռքիս. Ժամաչափի մակերեսը մեղմ կապույտ լույս էր արձակում. Հանգիստ շունչ քաշեցի. ուրեմն ստացվեց, երեքս էլ անվնաս ժամանեցինք:
- Էստեղ միշտ ա՞ ձմեռ,- հարցրեց Նարեկը:
- Չէ, ուղղակի դեկտեմբերի մեջ ենք ընկել... Պետք ա գնանք Վաչոյի մոտ, որ չմրսեք...
- Բայց էս ի՞նչ տեղ ա:
- Թիֆլիս. 1886 թվականի դեկտեմբերի 22, 14:20-ի կողմերը:
Փողոցներով շրջում էին տեսակ-տեսակ կառքեր, սակավաթիվ անցորդները տաք մորթյա վերարկուներով էին և կարծես հայ գրականության 8-րդ դասարանի դասագրքերի նկարազարդումներից լինեին. տղամարդիկ՝ բեղ-մորուքներով, զուսպ գույների նրբաճաշակ գլխարկներով, կանայք՝ բոլորը չափավոր գիրուկ, բայց շատ գեղեցիկ և բոլորովին այլ դիմագծերով, քան մեր ժամանակակից աղջիկները: Դժվար է բացատրել, թե հատկապես որ գծերի որ կորությունն է հատկանշական նման «հին» դեմքերի համար, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրս զգացել է, թե ինչ է դա, երբ նայել է իր ապուպապերի դագեռատիպներին: Ինչևէ, նրանց ազնվատոհմ տեսակը պարզապես վերացել է մեր օրերում:
Մենք վազում էինք նեղլիկ փողոցով՝ աշխատելով չսայթաքել սառած մայթերի ծուռումուռ սալաքարերի վրա՝ դեպի իմ վաղեմի բարեկամ՝ դերձակ Վաչագանի ատելյեն, որ տաքանանք ու երեխաների համար դարին համապատասխան զգեստներ վերցնենք: Վատ է, որ ժամանակ չունեցա Երևանում շորերի մասին հոգալու համար. Մենք հագնված էինք եղանակին, բայց ոչ ժամանակին համապատասխան: Երևի, ավելորդ է նշել, թե ինչպիսի հայացքներով էին մեզ ուղեկցում հին թիֆլիսեցիները:
Վերջապես մի կարմրաթուշ հայ մանչուկ, որը գնդիկ-բոքոնիկի պես՝ իր տաք բաճկոնակի մեջ փաթաթված հազիվ էր քայլում ձյան միջով՝ նույն ձևի բոքոնիկ հոր ձեռքից բռնած, պայթեցրեց մեծահասակների կիրթ լռությունը և մատնանշեց մեզ: Եվ ինչու՞ չմատնանշեր, ես նրա տեղը հաստատ նույնը կանեի:
- Ապի՛, ըշե՛, կլոուններ ին:
- Կլոունը դու ես, քե՛զ նայի, - Նարեկը մի վայրկյան էլ չվարանեց: Ալիսը սկսեց ծիծաղախառը հազալ: Չէր կարելի հիվանդանալ:
- Էստեղ կլիման խոնավ ա, Ալիս... Եկեք մի քանի րոպեով մտնենք խանութ տաքանանք, մինչև Վաչիկը դեռ մի քիչ քայլելու ճանապարհ կա։
Մտանք կոկիկ կարմիր դռնակով փոքրիկ խանութը: Ներսում շատ տաք էր: Դեմքերիս միանգամից փչեց թարմ թխվածքի աննկարագրելի թանձր բույրը: Ալիսը շնչակտուր հառաչեց.
- Վա՜խ...
Մեղմ էր ասված.
Դա շոկոլադի խանութ էր: Շոկոլադի ամենամեծ խանութը, որ երբևէ տեսել էի: Իսկ դրսից բոլորովին պստիկ էր թվում: Ամեն պատին մինչև առաստաղ շարված էին մետաղական դարակներ, իսկ նրանց վրա՝ տասնյակ ու տասնյակ շոկոլադե արձանիկներ, ամեն մեկը՝ ֆուտբոլի գնդակի չափ: Խանութում աշխուժություն էր տիրում. Մոտենում էր Ամանորը, և մարդիկ նվերներ էին գնում իրենց երեխաների համար: Բոլոր արձանիկները տարբեր կերպարներ ու կենդանիներ էին՝ այստեղ կային թզուկներ, թագավորներ, շատ առյուծներ, նույնիսկ առյուծախմբեր, կատուներ, մկներ, ձիուկներ... Երևում էր, որ բոլորը պատրաստած են ձեռքով՝ այնքան մանր ու բարեխիղճ աշխատանք էր տարված նրանց վրա: Ես համոզված էի, որ այդ արվեստի փոքր գործերը հաստատ փուչ չէին, այլ բերնեբերան լի էին նույն համեղ շոկոլադով: Արձանիկներից Ալիսին շատ դուր եկավ կլորավուն մկնիկը, իսկ Նարեկին՝ այրուձիու արձանը: Ես գնեցի դրանք ու մի քանի հատ էլ փոքր առյուծ որպես հուշանվեր, որ տանեն իրենց հետ Երևան: Բարեբախտաբար, ինձ տրամադրված դումանները մինչև այդ օրը չէի ծախսել: Ուզում էի գոնե ինչ-որ բանով փոխհատուցել նրանց այսքան անսպասելի ճամփորդությունը, տնից հեռանալը և կարող էի միայն հուսալ, որ Ալիսը չէր հիվանդանա անսովոր ցրտից:
Որոշեցինք, որ կհանգրվանենք երկաթուղային կայարանի նախկին աշխատող Սուրենի տանը: Ինքը և իր կին Ոսկեհատը մեծ տան տերեր էին և շատ հյուրընկալ էին: Առաջին անգամ չէր, որ գնալու էի նրանց հյուր. մենք հասցրել էինք մտերիմ բարեկամներ դառնալ իմ ամենաառաջին գործուղման ընթացքում, և նրանց ընտանիքն ինձ համար նույնքան հարազատ էր, որքան Նարեկի և Ալիսի ծնողները:
Սակայն նրանցից պահված մի գաղտնիք ունեմ:
Ես երբեք լրիվ չեմ բացահայտում նրանց իմ ով լինելը, և նրանք պատկերացում չունեն, որ իմ նախնիներն են։ Սուրենն իմ մորական տատիկի պապու եղբայրն է: Եվ մենք հանդիպում ենք տասնյակ սերունդներ անց: Կարիք չկար, որ նրանք իմանան դրա մասին՝ հաշվի առնելով, որ ինձ առնվազն չէին հավատալու, իսկ վատագույն դեպքում մեր անկեղծ ընկերության մեջ կմտներ անհարմար լարվածություն՝ կապված իմ հոգեկան անկայունության հետ: Ժամանակի վերահսկման նախարարությունում իմ պետերին առավել ևս դուր չէր գա, որ ես չարաշահում եմ իմ բարեկամական կապերը: Բայց միևնույն է, արյունը ջուր չի դառնում. Մենք շատ նման ենք իրար, մեր կատակելու հեգնական երանգը գրեթե նույնն է, և դա աննկարագրելիորեն ջերմացնում է ինձ:
Ծուռ հայացքների, ֆնչոցների ու փնչոցների ներքո մենք մտանք դերձակ Վաչագանի մոտ, ով տարեց, երբեք չժպտացող նիհար մարդ էր՝ հաստ բեղերով: Նրա ատելյեն իր տան շարունակությունն էր, ինչպես հաճախ է լինում և մեր օրերում: Սրահը փոքր չէր․Ամենուրեք կանգնած սպիտակ խրթվիլակները՝ տարազներով և կոստյումներով, կիսապատրաստ զգեստներով և ուղղակի ուսերին գցած կտորներով, լռության մեջ խորհրդավոր տպավորություն էին թողնում: Պատուհանների կեսից ավելին հաստ վարագույրներ էին փակում, այնպես, որ համարյա կիսամութ էր: Միշտ զարմացել եմ՝ ինչպես է այնտեղ գործ անում: Երևում է՝ լույսը նրան նյարդայնացնում է, մարդիկ նույնպես: Ինչու՞ եմ մտերմացել հենց այդ չխոսկան ու ինքնամփոփ մարդու հետ: Հենց այդ պատճառով. նա երբեք ավելորդ հարցեր չի տալիս, իսկ իմ պես ճամփորդողի համար դա մեծագույն առավելություն է նոր ծանոթի նկարագրի մեջ: Այժմ էլ նա սովորականի պես զուսպ բարևեց ինձ, աննշան, ուղղակի չնչինագույն երկար հայացք գցեց երեխաների վառ կանաչ ու դեղին սինթետիկ վերարկուներին և նորից նայեց ինձ:
- Վաչիկ ջան, մեր կողմերից չեն էս էրեխեքը, իրենց համար մարդավարի շորեր կարող ես չէ՞ ճարել:
Իհարկե, կարող էր: Արդեն մի ժամից երեխաները կարծես փոքրիկ թիֆլիսեցիներ լինեին՝ հարազատ մայթերով տուն ուղևորվող:
- Կպահեք, որ մի օր հանդեսի կամ ներկայացման ժամանակ հագնեք, - կարգադրեցի կեսկատակ:
- Սենց բաներ թատրոններում թափած են… - մրթմրթաց Նարեկը:
Ալիսը, լավ իմանալով եղբոր դժգոհ բնավորությունը, սաստեց նրան.
- Ու՞ր են թափած: Սրանք իսկական հին հայերի շորեր են, Երևանում մենակ մի կին ուներ սրանցից, անունը չեմ հիշում…Էն որ տանն էլ էր տարազով ման գալիս։
- Ի միջի այլոց, - միջամտեցի ես, - ձեզ շատ ա սազում, որովհետև դուք էստեղի երեխաների պես սպիտակամաշկ եք: Հիմա արդեն համարյա ոչ մի բանով չեք տարբերվում, մնաց նորմալ բարբառ սովորեք: Դե էդ հեչ, Ոսկեհատ քեռակինն էնքանն ա խոսում, որ մի երկու օրից դուք էլ ջրի պես կխոսեք:
- Մենք էլ պիտի ղարաբաղցիների պես սենց տարօրինակ խոսե՞նք, - ծղրտաց Նարեկը, - էդ էր մնում պակաս, մերսի:
Այդ պահին հազիվ ինձ զսպեցի: Ալիսը հասկացավ, որ ավելորդ բան է հնչել և վախեցած ու մեղավոր հայացքով լուռ նայում էր ինձ:
- Նարե՛կ, մի հատ հիշի, թե ուր են քո ծնողները, ինչ են անում ու ինչի համար, - ասացի կիսաձայն։
Տղան անհարմարությունից առաջացած անտեղի հետաքրքրվածությամբ սկսեց նայել ձյան մեջ մի պատահական կետի:
- Էն, որ դու քո մայրենիի բարբառներից ոչ մի բան չես հասկանում ու թիֆլիսահայերենը չես տարբերում քո ասած ղարաբաղցիների լեզվից դա մի բան ա: Իմ տղա, ինձ քո վերաբերմունքն ա անհնագստացնում. իրենք այլ լեզվով են խոսում, որովհետև քո պես հայ են՝ ծնված քո երկրի մյուս ծայրում, ու այնտեղ սահմաններն են պահում թշնամուց՝ քո ծնողների հետ միասին, քեզ համար: Դու էլ պարզապես բարի եղի ու արա էն մանր-մունր բաները, որ քեզնից են պահանջվում էս իրավիճակի մեջ, հա, օրինակ հենց նույն տարրական բարբառ սովորելը: Ու մեկ ընդ միշտ հիշի. Ոչ թե ղարաբաղցի, այլ արցախցի: Այսօր այսքանը, հիմա եկեք կառք բռնենք ու գնանք, սոված եք արդեն:
* * *
Իր հիրավի հեքիաթային գեղեցկությունն ու կազմվածքը նույնիսկ միջինց անց տարիքում պահպանած կապուտաչյա ու սևահեր կինը, իրենց երկրորդ հարկի ծածկված փայտե պատշգամբում կարի մեքենայով աշխատում էր, և փոքրիկ լապտերի լույսի ներքո նշմարվում էին նրա՝ կենտրոնացումից կիտած մրե հոնքերը: Արդեն երեկո էր, ձյունն այդ օրն իջնում էր անդադար, ու դրսից մրոտ ապակիների միջով նայողի համար էլ ավելի լղոզում նրա դիմագծերը՝ դարձնելով այնքան երիտասարդ, որքան ես երբևէ չեմ տեսել:
Երբ նա տեսավ կառքը և ինձ, անմիջապես դեմքը պայծառացավ: Նա ոտքի կանգնեց և ուրախ կանչեց.
- Վա՜յ, ես ո՜վ ա եկել, ա՛յ բալա, ու՞ր էիր չկայիր…
Ես ձեռքով արեցի Ոսկեհատին, նա էլ շտապելով մտավ ներս, և քիչ անց դուրս եկավ առաջին հարկից արդեն իր ամուսոնւ՝ Սուրենի ուղեկցությամբ: Որքա՜ն եմ նրանց սիրում: Սուրենը կարծես ավելի սպիտակած էր, քան վերջին այցիս, բայց նույն թիկնեղ և ուժեղ, մի քիչ հեգնական, բայց և ջերմ հայացքով, ձախ աչքը միշտ դեպի դուրս նայող, որն իմացողի համար հանճարի նշան է անշուշտ, հանդարտ ժպիտով իմ հարազատ քեռի Սուրենը:
- Էկա՞ր, խաբլան շուն, - եթե նման մի բան չասեր, քեռի Սուրենն ինքը չէր լինի, բայց ես հո գիտեի, որ իմ պես կարոտել էր:
Նարեկին շատ դուր եկավ ինձ բարևելու այդ ձևը և նա մինչև ականջները ժպտաց: Ալիսը բազմանշանակ ժպիտով ինձ նայեց:
- Հա-ա-ա, հասնում ա ինձ, ինչ խոսք, - խոստովանեցի, - հարյուր տարին մեկ եմ գալիս, գալուց էլ ուշանում եմ: Սուրեն քեռի, Ոսկիկ քեռակին, ծանոթացե՛ք, ինձ շատ հարազատ մարդկանց երեխաներն են՝ Նարեկն ու Ալիսը: Իրենք Ամերիկայից են, եկել են արձակուրդի՝ տոները նշելու, ես էլ նրանց քաղաքի տեսարժան վայրերն եմ ցույց տալիս: Ոզւում էի անպայման ծանոթացնել ձեզ հետ:
- Յա-ա-ա, ի՞նչ եք ասում, ու տեսարժան վայրերից առաջինը քոռ նկարչի տունն էր, չէ՞, - էլի չվրիպեց քեռիս, բոլորս քանդվեցինք:
Ես չսխալվեցի հաշվարկներիս մեջ. նա առաջարկեց օթևանել իր տանը որքան կցանկանանք: Ես, իհարկե, խոստացա, որ իրենց դասերը սկսվելուն պես մենք արագ կչքվենք: Պատասխանն էլ նախապես գիտեի.
- Բալեք ջան, մոռացե՛ք ժամանակի մասին:
* * *
- Ռուբինյա՛ն:
Ռուբինյան, ներքև՛ իջի, հրամայու՛մ եմ: Հե՛լ էդտեղից:
- Կամանդիր ջան, փոխանցեք շտաբին, որ դիրքին էլ վտանգ չի սպառնում։ Էս մեր հողն ա, ես իրան հանձնողը չեմ։
- Գժվել ե՞ս դու արա, էս քեզ կինո չի է՛, արգելում եմ որևէ գործողություն, լսում ե՞ս, Ռուբինյան, իջի՛ հենց հիմա, սա հրամա՛ն ա, արգելում ե՛մ:
Արա էրեխե՛ք ունես դու, իջի՛, Ռուբինյա՛ն:
Ռուբինյա՛ն:
Տիրոջդ մերը՛՛՛…
* * *
Երեխաներն ինձ հետ արդեն երրորդ օրն էին Սուրենենց մոտ և զարմանալիորեն արագ էին ընտելանում՝ օր օրի ավելի ու ավելի նմանվելով այն դաստիարակված ու ջերմ երեխաներին, որոնց ունենալու մասին միշտ միայն երազել է այս գեղեցիկ տարեց զույգը:
Սուրեն քեռին, չնայած որ արդեն վաղուց լավ չէր տեսնում, շարունակում էր նկարել իր արվեստանոցում ինչ-որ աներևակայելի խտության լազուրով, ճերմակով ու մանուշակագույնով, որոնք, եթե ինքս իմ աչքերով չտեսնեի, երբեք չէի հավատա, որ կարող են առանց ֆոտոշոփի գոյություն ունենալ իրական կյանքում: Դրանք հատուկ ուղարկում էր մի հարուստ անգլիացի՝ նրա արվեստի մեծ սիրահարը և, փաստորեն, հովանավորը: Միգուցե, հենց տեսողության հետ առաջացած հազվագյուտ խնդրի շնորհիվ էին այդ նկարները ծնվել կարծես գունագեղ տիեզերական աստղափոշուց և առաջ ընկել իրենց ժամանակից առնվազն 50 տարով...
Նարեկը, ով մինչ այդ ֆուտբոլից բացի որևէ այլ բանով չէր հետաքրքրվում, կարող էր ժամերով դիտել Սուրենի նկարելը: Նրանք համարյա միշտ երկրորդ հարկում էին․ աշխատում էին չվատնել ձմեռվա կարճատև ցերեկների և ոչ մի լուսավոր ժամ:
Իսկ Ոսկիկ քեռակինը և ես սովորեցնում էինք Ալիսին թիֆլիսահայերեն՝ իր իսկ ցանկությամբ: Աղջիկները միշտ էլ ավելի ընդունակ են լեզուների հանդեպ:
Մի երկու անգամ բոլորս միասին իջանք քաղաքի կենտրոնական փողոցներն առևտրի: Սուրեն քեռին հայտնի և սիրված մարդ էր քաղաքում, նա այն մարդկանցից էր, ովքեր ոչ մի առանձնահատուկ ջանք չեն գործադրում բազում ընկերներ ունենալու համար, և նույնիսկ հակառակը՝ կարող են և սիրում են ճշմարտությունը շպրտել դեմքիդ որպես հյուրասենյակում մոռացված կեղտոտ սրբիչ՝ մի պահ էլ չմտորելով, թե որքան կվիրավորվի քո փխրուն հոգին: Եվ ո՞վ չգիտի, որ դեպի նման անձնավորությունը միշտ ձգտում են թե՛ թույլերը և թե՛ ուժեղները, քանի որ նրա անհանդուրժողականության տակ ոչ ավել-ոչ պակաս արդարությունն է: Ահա թե ինչու էին իմ քեռի Սուրենի մասին ասում՝ քաղաքի խիղճը: Իսկ նրա անհամար ծանոթների այն հարցին, թե ովքեր են այս անուշ քույր ու եղբայրը, սովորական քմծիծաղի տակից ակնհայտորեն ծիկրակող հպարտությամբ ասում էր՝ ամերկացի զարմիկներս են, կամաց-կամաց մարդ եմ դարձնում:
Չորրորդ օրը ես արդեն պիտի վերադառնայի Երևան՝ ժամաչափս կարմրել էր և ես մեծ դժվարությամբ էի թաքցնում նրա փոքրիկ լույսը, դրա համար նույնիսկ տան մեջ ձեռնոցներով էի՝ ձևանում էի շատ մրսկան: Եվ ուրախ էի, որ վերադառնում եմ. Միևնույն է, տասը տարվա մեջ այդպես էլ չսովորեցի չկարոտել իմ ժամանակը, թեկուզ և պատերազմական: Մերոնց հենց այդպես էլ հայտնեցի նախաճաշի սեղանին՝ գնում եմ Երևան: Երեխաների վերաբերյալ անհանգստանալու բան չկար՝ այստեղ նրանք արդեն տանն էին:
- Մատաղ ջան, Էրևան մի բան էլ ըլներ, -անկեղծ զարմացավ Ոսկիկը, - էն էլ էս ղըյամաթին:
Ճիշտ էր ասում: Լրիվ մոռացել էի, որ նախանցած դարում Երևանը մեղմ ասած արձակուրդ անցկացնելու տեղ չէր. մեծն Թամանյանի հինգ տարեկանն էլ դեռ չէր բոլորել և նա, հավանաբար, այդ պահին խզբզում էր իր առաջին ռեալիստական փորձերը հայրական տան պատերին:
- Չգիտեմ էլ՝ ինչի եմ սիրում, Ոսկիկ քեռակին, մի բան կա Էրևան… Սիրտս վկայում ա՝ դեռ իր մասին խոսել կտա:
- Ես էլ եմ սիրում, - պաշտապնեց ինձ Նարեկը, - Երևանը մեծ ապագա ունի:
- Հա՛ցդ կեր, էս շպիոնին էլ քիչ լսի, - մատնանշեց ինձ Սուրեն քեռին:
Երեխաներս լավ էին վարժված: Ես տեսա, թե ինչպես նրանք, վիրավորանքը զսպելով, միայն զուսպ ժպտացին:
* * *
Թիֆլիսի իմ փոխադրման մեքենան այդքան էլ հեռու չէր՝ հացի ամենամեծ փռի ներքնահարկի չօգտագործվող խցերից մեկում՝ Սուրենենց տնից տասը րոպե հեռավորության վրա: Նախնիներիս երկինքն ամպամած էր, բայց եղանակը բավականին տաքացել էր: Այ հիմա իսկական, մեղմ վրացական ձմեռ էր: Նախորդ օրը ժամանած արևը հալեցրել էր ձյունը, ազատել քաղաքի գույները, և աչքիս առջև այն Թբիլիսին էր, որ տեսել եմ Էլիբեկյանի նկարների մեջ. Նախշազարդ փայտե պատշգամբներ, կառքեր, բեռնավորված իշուկներ, տաք պուրիների բույր, գորգեր ու գորգեր և վարդագույն հովանոցներով ճվճվան կեկելներ: Այստեղ հաճելի է գալ արձակուրդի, ինչ խոսք, բայց իմ ինքնամփոփ բնավորությունը երկար չէր դիմանա այս ցուցամոլ քաղաքում:
Սիրում ու չեմ սիրում հացի այս փուռը: Այստեղ եմ եկել իմ առաջին գործուղմանը և ծանոթացել Ռուբինյանի հետ, երբ ցրվածության հետևանքով ժամանակի խողովակում կորցրել էի ամեն ինչ՝ պայուսակս, փաստաղթղերս, փողը, լսողությունս, գիտակցությունս... Այդպես հաճախ է պատահում անփորձների հետ, ովքեր դեռ լավ չեն զարգացրել իրենց կենտրոնացումը, սակայն ո՞վ է նրանց օգնության հասնում: Ոչ ոք: Դիպլոմավորված մասնագետ ես՝ պիտի գլխիդ ճարն ինքդ տեսնես: Իսկ ես ընդամենը քսանմեկ տարեկան էի և ժամանաման պահին ուշագնաց վիճակում ընկել էի գլխիվայր: Նա էլ քսան տարեկան էր: Վերադառնում էր հերթական խնջույքից և տեսավ ինձ՝ գիշերով ալյուրի պահեստի մոտ ընկած երիտասարդին և չմտածեց, որ դա ուղղակի հերթական հարբեցող է: Նա մոտեցավ, լսեց շնչառությունս և տարավ ինձ իր տուն… Այդ օրը ես երդվել էի կատարել նրա ցանկացած խնդրանք, չէ՞ որ նա իմ կյանքն էր փրկել: Ահա տասներեք տարի անց պայուսակիս մեջ նրա դստեր՝ Ալիսի շոկոլադե մկնիկն էր, որը նա չկերավ, պահեց և որոշեց իմ միջոցով փոխանցել հայրիկին: Իհարկե, ես նրան զգուշացրել էի, որ նվերը բավականին երկար ժամանակ է հասնելու տիրոջը, եթե ընդհանրապես հասնի, քանի որ սահմանագծին շատ բաներ մեջ-մեջ են անում, եթե վստահելի անձիք չուղեկցեն ծանրոցները մինչև վերջ, և դա պետք է նկատի ունենալ: Ես այն խնամքով փաթաթեցի մի քանի թերթի, հետո էլ դրեցի մի տոպրակի մեջ, որ ճանապարհին չալյուրոտվի իմ պես:
Հետ գնալը շատ ավելի հեշտ էր, երազի պես՝ ոչ լարվում էի, որ վախենում: Վերջ ի վերջո, մենակով լրիվ ուրիշ բան է: Նորից զգացի ազատ թռիչքը, նախաստեղծ դատարկությունը:
Ու հանկարծ մի վայրկյանում սառը վախը փամփուշտի պես ծակեց կուրծքս. Պատերազմն ավելի քան իրական է, և ես վերադառնում եմ դեպի այն: Բայց ես նաև վերադառնում եմ դեպի քեզ, իմ անվախ ընկեր… Մենակ թե այս ամենը շատ թանկ չնստի քո վրա: Աղաչում եմ: Մանր աստղերը հազիվ լսելի զրնգոցով անցնում էին իմ միջով: Այստեղ միշտ հանգիստ է, միշտ: Տիեզերքի ինչ-որ միկրոսկոպիկ հատվածի մեկ միլլիոներորդ մաս կազմող մի համակարգի անկյուններից մեկում պատերազմ է: Իսկ տիեզերքը թքած ունի: Բայց ես, ում աշխատանքը նորակոչիկներին ճանապարհելն է դեպի իրենց վիճակագրված ժամանակներ, ես է՞լ պիտի դառնամ անտարբեր, թե՞ արդեն դարձել եմ ու չեմ զգում… Մի բան էլ մտքիս եկավ ու ակամա ժպտացի՝ սկսեցի կարոտել Նարեկին ու Ալիսին: Փաստորեն, ոչ մի տեղ լավ չեմ զգում ինձ՝ անցյալում ապագան եմ կարոտում, ապագայում՝ անցյալը...
* * *
Երբ դուրս եկա ժամանակի միջանցքից նորից մեր երևանյան շտաբ, ինձ արդեն սպասում էին չորս սափրագլուխ երիտասարդ՝ ութաթև աստղերով սև շապիկներին: Ես պատրաստ էի նրանց տեսնելուն. եթե ոչ այդ պահին և այդտեղ, ապա իմ առաջին իսկ ավտոմեքենա նստելիս կամ ուղղակի մեծ փողոցով անցնելիս ինձ անմիջապես կնշմարեին: Մեջներից հոգնած կապույտ աչքերովը խոսեց.
- Հայաստանի Հանրապետության Ժամանակի Նախարարության Գլխավոր Շտաբի մայոր Կոստանյան: Դուք ձերբակալված եք ըստ Հայաստանի Հանրապետության Ժամանակի Զինված Ուժերի Օրենսգրքի թիվ 304 ժամանակի մեջ ծառայությունից ազատված ՀՀ քաղաքացուն ժամանակի մեջ տեղափոխելու և ըստ Ժամանակի Միջազգային Կոնվենցիայի թիվ 588 անչափահաս անձանց ժամանակի մեջ տեղափոխելու արգելման մասին հոդվածների, հետևեք մեզ:
Չէ, որոշ բաների հանդեպ, անշուշտ արդեն անտարբեր եմ, և դա այդքան էլ վատ չէ: Ես կատարեցի իմ խղճի պարտքը, ես կատարեցի իմ հարազատ ընկերոջ խնդրանքները, և հիմա ինձ համար արդեն էական չէր, թե ինչ է լինելու ինձ հետ: Ես գլխով արեցի և ձեռքերս միանգամից անզգայացան մագնիսաշոկերից: Մնում էր իմանալ, արդյո՞ք ես իզուր էի գոռգոռում Ռուբինյանի վրա ու փորձում համոզել նրան, որ հիմարություն չանի: Ես միշտ գիտեի, որ նա ամենաիսկական հերոս է, թեև ծնվել էր հեռավոր ու խաղաղ 1841-ին և օրենքով չպիտի էլ մտածեր ապագայի մասին: Բայց մտածում էր, էն էլ ոնց...Այնքան էր մտածում, որ այստեղ էր հաստատվել, ունեցել Նարեկին ու Ալիսին, որ նրանք էլ ընտելանան ապագայի հայրենիքին և դառնան նրա ամենաբարդ, ամենավտանգավոր ու հակասական, սպիտակ ցեղասպանություններով ու դավաճանություններով լի ժամանակների զինվոր ու պաշտպան...
- Ես հիմա ունե՞մ խոսքի իրավունք, պարոն մայոր:
- Կարճ կապեք:
- Իմ հրամանատարության տակ գտնվող շարքային Ռուբինյանից նորություն… ունե՞ք
- Դու երևի ձեռ ես առնում, կապիտա՛ն կոչեցյալ: Բա ես ի՞նչ եմ հաչում էսքան վախտ ա: Թիվ 304 հոդվա՛ծ: Հա, նորություն ունենք: Չկա՛ էլ Ռուբինյանը: Ձեր անուշադրության ու մասնագիտական անբավարար պատրաստվածության պատճառով: Ժամանակի մեջ “Թբիլիսի 1859” նշանակետի փոխարեն “Երևան 2016” նշանակետ ուղարկելու… Մի հատ էլ դնեմ դասագրքով հոդվածները հիշացնեմ, չէ՞: Ինչի պիտի էդ մարդը վերջը մենակով դիրք պաշտապներ, հը՞, ինչի՞, փոխարենը նստեր զորամասում իրա համար խախանդ լռվցներ հրամանին համաձայն… Բերանս բացել մի՛ տուր, այ ոչնչությու՛ն, դու արժանի չես, որ էսքան էլ ժամանակ ծախսվի քո վրա, առա՛ջ ընկի:
Էլ ես ոչ մի բան չէի լսում: Չեմ հիշում, ինչպես քայլեցի դեպի մեքենան ու նստեցի, չեմ հիշում ուր գնացինք ու ինչքան մնացինք, այդ ամենը պարզապես թեթևակի խանգարում էր մտքերս, ինչպես անվերջ փոփոխվող, անիմաստ գովազդային հոլովակներ, որ ոչ ոքի պետք չեն: Ռուբինյան... իմ հերոս, իմ համեստ, իմ հայրենասեր, իմ ինքնամոռաց, իմ թիֆլիսեցի երևանցի... Դու սխալ ժամանակ էիր ընտրել ծնվելու, իմ եղբայր, բայց երկրորդ սխալդ աններելի էր... ես երդվել էի կատարել քո ցանկացած խմդրանք այն բանից հետո, երբ դու փրկել էիր ինձ անծանոթ ու օտար հին Թբիլիսիում, բայց ես ի՞նչ իմանայի, որ վերջը սա պիտի լիներ...
Ցանկացած խնդրանք:
Խնդրանքը պարզ ու հանճարեղ էր՝ տեղափոխի՛ր ինձ ապագա: Տեղափոխեցի: Շատ թղթեր կեղծեցի, ստորագրություններ արտանկարեցի, սղոսկել էի արձակուրդին շտաբ, որ ոչ ոք չիմանա... Խնդրանքդ թելադրված էր ապագայի ազատ ու անկախ, նորացված հայրենիք արտագաղթելու մոլի ցանկությամբ, թեև մեռա քեզ բացատրելով, որ սա ամենևին այն դրախտը չէ, որ դու պատկերացնում ես... Տեղափոխեցինք քեզ: Ամեն ինչ հարթ անցավ: Ես ձևակերպեցի քեզ որպես ՀՀ քաղաքացի՝ ծառայության մեջ գտնվող իմ՝ Աջափնյակի զորամասում, թեև դու իմ ցուցակներում երբեք չես եղել ո՛չ անցյալում, ո՛չ էլ ապագայում: Ես ընդհանրապես չպիտի երբևէ ճանաչեի քեզ:
Ռուբինյան, ես պիտի մնայի այն օրը հացի փռի մոտ...
Ես մեքենայաբար նկատեցի, որ դա դարձավ իմ առաջին կպչուն միտքը... Գիտակցում եմ, որ առջևում մի ամբողջ հավերժություն է՝ քո մասին մտքերից հյուսված... Դեռ ինքա՞ն պիտի քշենք... Մեկ է... Ես դեռ կհասցնեմ քո ողջ կյանքն աննպատակ հազարավոր անգամներ համր ֆիլմի պես աչքիս առաջ անցկացնելու, ես արդեն սկսել եմ, և դրան վերջ չի լինելու... Ոչ ոք որևէ բան չէր իմանալու քո տեղափոխման մասին, ոչ ոք, դու երջանիկ ամուսնացար երևանցի աղջկա, ապագայից աղջկա հետ, ունեցար նրանից զույգ երեխա, Ռուբինյա՛ն, իսկական կինո էր արածդ: Դու այժմ քո տեղում էիր, դու ապագայի մարդ էիր, ես ինքս տեսա, որ ճիշտ ընտրություն ես կայացրել...
Հիմա արդեն ուրիշ բաներ եմ սկսում հիշել... կնոջդ գունատ դեմքն ու քո հիմար ու երջանիկ ժպիտը, թե բա՝ հա, կամավոր եմ, վաղը չէ մյուս օրը գնում ենք: Մարդ ու կին գժերի պես նույն բաներն էիք պնդում՝ Ռուբինյանը մեկ ա ապրիլի կեսից ա գնում դիրքեր, պիտի որ արդեն էդքան վտանգավոր չլինի, ուղղակի գնումա ջահելներին բարոյական օգնություն ցուցաբերի... կգնա-կգա... Իսկ երբ դադարեցինք Մարտակերտից զանգեր ստանալ, ես հասկացա, որ երեխաներին պետք ա շտապ տեղափոխել գոնե ժամանակավոր, որովհետև եթե պաշտպանության նախարարությունը սկսեր բացահայտել քո ինքնությունը, նրանք հայտնվելու էին օրինական հարվածի տակ:
Քեզ տեղափոխելիս ես գիտեի, որ օրենք եմ խախտում և պատրաստ էի դա անելու, միայն թե դու հագեցնես Հայաստանի ապագայի վրա ազդելու քո քմահաճույքն առանց հետևանքների... Այդ ժամանակ մտքովս էլ չէր կարող անցնել, որ մի օր դու՝ արդեն տարիքդ առած մարդ՝ անցյալում ծնված, կորոշես մի օր գրվել ապագայում կամավոր: Եվ ահա եկավ այս տարվա ապրիլը:
Ես դեռ չգիտեի՝ ինչպես ես դու մահացել: Բայց համոզված էի, որ կռվել ես մինչև վերջին շունչդ: Արանքներում էլ կատակել ես:
Ոչ ոք չէր բացահայտելու քո ով լինելը, եթե չգնայիր կամավոր:
Նույնիսկ ես:
Հիշողությունների տեղատարափից ժամաչափը փոքրիկ կայծեր էր արձակում: Պատուհանի ետևում սահում էր քաղաքը այգաբացի՝ հավերժական թվացող ծխի մեջ: Վառվածի հոտ էի առնում: Իսկ դու միշտ լինելու ես իմ պահապան հրեշտակը՝ գոհ ու երջանիկ վերջին ժպիտով, որ պարգևեցիր ինձ, երբ իմացար, որ ստացվեց, որ դու իսկական ապագայի զինվոր ես...
Վերջաբանի փոխարեն
Հիմա համեմատաբար հանգիստ է, հրադադար: Շտաբի պետն անձամբ խոստացավ տանել և հասցնել շոկոլադե մկնիկին այնտեղ, ուր վերջին անգամ մարտնչել է Ռուբինյանը: Նրա կինը որոշեց գնալ անցյալ՝ Թբիլիսի, երեխաների մոտ և Ժամանակի Միջազգային Նիստի որոշմամբ և աջակցությամբ մեր օրերում ձևակերպվեց որպես անհայտ կորած: Մեր օրերի նրա բոլոր փաստաթղթերը ոչնչացվեցին, իսկ Թբիլիսիում խոստացան հատկացնել բավականաչափ գումար տուն առնելու համար: Մինչ այդ նրանք բոլորով կապրեին Սուրենենց տանը:
Մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով՝ ինձ տվեցին 14 տարի, որոնցից մեկն արդեն անցել է: Մեկ-մեկ մտածում եմ՝ երբ մի օր ինձ ազատ արձակելու որոշում կայացնեն, ես ինձ ամբողջովին կնվիրեմ ժամանակի նորակոչիկների ու կամավորների զինվորական պատրաստությանն աջակցելուն: Ես կանեմ դա և օգտակար կլինեմ, որքան որ առողջությունս ների: Միևնույն է, ինքս ինձ ներելու ոչ մի հնարավորություն չունեմ ու չեմ ունենալու:
Վերջերս իմ խուց նամակ փոխանցեցին Թբիլիսիից՝ գրված հինգ տարբեր ձեռագրով՝ ճակատագրի բերմամբ հավաքված նոր ընտանիքի բոլոր անդամներից: Նրանք գրել էին, որ կարոտում են ինձ: Նարեկն արդեն ընդունվել է գեղարվեստի ակադեմիա և պլանավորում է չափահաս դառնալուն պես վերադառնալ ներկա՝ Երևան, նոր կտավներով և այն շշմեցուցիչ աշխարհայացքով, որ ժառանգել է իր մեծ ուսուցիչ քեռի Սուրենից: Ալիսը դեռ նման ցանկություններ չէր հայտնում. Նա ավելի շատ զբաղված էր զգեստներ կարելով և, պետք է ասել, արդեն բավականին հաջողություններ ուներ այդ ասպարեզում: Միգուցե, նրա արյան կանչն ավելի ուժեղ էր, և ապագայի ջիղը միայն եղբորն էր տրված: Ինչևէ, նամակի մեջ կար և անակնկալ. Դա Ռուբինյանի մոտ գտած ծոցատետրի վերջին գրառումներից մեկն էր, որ նրա կինը խնամքով արտագրեց ինձ համար:
Ահա այն.
“Մենք լուռ ենք, որովհետև ուժեղ ենք: Որովհետև վստահ ենք և համբերել գիտենք: Մենք հավասար ենք և սիրող: Ժամանակի ընթացքը մեզ համար արդեն վաղուց խորհրդանշական բնույթ է կրում․․․Որովհետև այստեղ այն պարզապես չկա՝ չկան ժամեր, չկան դարեր․․․ Մենք ուղղակի հարգում ենք ձեր վախն ու սպասումը, այդ պատճառով էլ ընկերակցում ենք ձեր հառաչանքին:
Բայց մենք կոչված ենք ձեզ պաշտպանելու, ձեզ էլ դիմում ենք այս խոսքերով՝ մի երկնչեք և թևաթափ մի եղեք… Վերաբերվեք այս ժամանակին որպես ընդամենը մի փորձության, որը պետք է անցնեք գերազանց: Միայն առաջ, միայն առաջ, ինչպես վայել է մեզ”.
Comments