top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Օնեիրա», Հեղինակ՝ Մանվել Կարապետյան




- Իմ ամուսինը,- ասաց երիտասարդ, սիրունատես կինը քառասունն անց տղամարդուն,- դարձել է դյուրաբորբոք, չար և օր օրի նմանվում է հրեշի։ Եվ ձեր հավաստիացումը, որ նա կկազդուրվի, չի կատարվել։

Տղամարդը գլուխը կախեց։

- Գիտեք, նման դեպք մեզ մոտ չի եղել։ Ճիշտ է, մենք նորաստեղծ կազմակերպություն ենք, սակայն նման դեպք չի հանդիպել։ Պատմեք ամեն ինչ, սկզբից։

Տղամարդը ստում էր։ Վիճակագրություն նա չուներ։ Ընկերությունը նոր էր ստեղծվել։ Ֆինանսներ էլ չուներ մեծ տարածք վարձելու համար ու հիմա կնոջն ընդունում էր մի ոչ ներկայանալի սենյակում։ Դա իր լաբորատորիան էր, որ այդ ժամի համար քողարկել էր ընդունարանի անվան տակ։

- Իմ ամուսինը հայտնի, լուրջ մարդ էր։ Այդ լրջությունն էր, որ մագնիսի պես հարստությունը դեպի իրեն էր ձգում, իսկ ինձ էլ ձգեց դեպի այդ հարստությանը։ Չէի ասի, թե առաջ նա կենսախինդ էր, բայց շրջահայաց մարդ էր, ու մենք ապրում էինք մեծահարուստներին սազական կյանքով։ Սակայն ֆինանսական մի կատաստրոֆայից հետո ամուսինս պարփակվեց իր մեջ, կորցրեց կյանքի հետաքրքրությունն ու, ինձ թվում է, մտածում է ինքնասպանության մասին։ Ես նկատել էի, որ նա գիշերը հանգիստ չի քնում, կարծում էի, թե մղձավանջ է տեսնում։ Բայց նա ասաց, որ երազներ այլևս չի տեսնում, միայն աղոտ, անշարժ պատկերներ։ Մինչդեռ ջահել ժամանակ նույնիսկ գունավոր երազներ է տեսել։ Գունավոր երազը դա շեղո՞ւմ է։

- Ոչ, նորմալ է։ Ստեղծագործական որոշակի պոտենցիալի առկայության ցուցիչ է։

- Հետո ես տեսա ձեր գովազդը։ Ու մտածեցի, որ եթե նա գիշերները անհոգ երազներ տեսնի, նրա հոգեկան աշխարհը կհանդարտվի ու ագրեսիան անհետանա։ Դուք էլ ամրապնդեցիք իմ կարծիքը, այդպես չէ՞, այլապես ես նման քայլի չէի գնա։ Դո՛ւք վստահեցրիք, որ երազների տրանսպլանտացիան հակացուցում չունի։

- Հետո՞։

- Հետո ես ձեր ընկերությունից գնեցի այդ սարքն ու երեք երազ՝ չիպերը։  Արեցի, ինչպես պատվիրել էիք։ Թաքուն դրեցի նրա բարձի մեջ, որ նա չիմանա։ Ամուսինս չգիտի, որ իր կոշմարները այդ օրվանից սկսվեցին։ Բայց եթե հանկարծ իմացավ, աստվա՜ծ իմ, ապա ինձ կվռնդի, իսկ ձեզ․․․ Կսպանի կամ ավելի վատ։ Մանավանդ այս ագրեսիվ վիճակում։

- Ինձ թվում է տեղի է ունեցել սինապտիկ արտահոսք,- մտքերի մեջ ընկած ասաց տղամարդը։

- Ի՞նչ,- վախեցավ կինը։

- Կամ օտար մարմնի մերժում։ Նախկինում նման դեպք չի եղել։ Բայց լուծումը կա։ Երեք օր ինձ ժամանակ տվեք։ Թողեք այդ խուճապը։ Լուծում կլինի։ Առայժմ չմիացնեք նրա սարքը։

Կինը հեռացավ, իսկ տղամարդը խորասուզվեց բազկաթոռի մեջ։ Այսինքն այն բանի, ինչը բազկաթոռի տեղ էր ծառայում։

Տղամարդը գյուտարար էր։ Նա ֆիզիկոս էր, ծրագրավորող, սակայն գիտության մեջ նրա ճամփան գծել էր իր նյարդաբան ուսուցիչը։ «Հիշի՛ր Տիգրան,- ասել էր նա,- մի օր մարդը կհասկանա երազների բնույթը, կվերծանի դրանք, կզարզանդի, բայց կհիանա այն անվերջությունից, որ կա մարդու երազների աշխարհում»։ Այդ երազների աշխարհն իր ուսուցիչն անվանում էր Օնեիրա։ Այդ աշխարհը նույնքան անհուն էր, որքան տիեզերքը։ Ու մի օր նա հասկացավ, թե ինչպես գրանցել այդ աշխարհի «հիպոկոմպային մոդուլյացիաները՝» արտավիժում-երազները, որոնք արևի բռնկումներ կամ մագմայի ժայթքումներ էին հիշեցնում։ Մեծ ջանքերով նա (ինչպես կոնեկտիկուտցի յանկին Արթուր թագավորի արքունիքում) կարողացավ ստեղծել հարկավոր սարքավորումները մի երկրում, որտեղ անգամ անհրաժեշտ տրամագծի պղնձալար չէր ճարվում։

Որտե՞ղ է ինքը սխալվել։ Երազների դոնոր գտնելը հեշտ էր։ Առաջին երկու կամավորներին անգամ չբացատրեց, թե ինչ է կատարվում։ Նրանք հագան գլխարկը, քնեցին, ինքը գրանցեց նրանց երազները։ Ստանալով իրենց վճարը, դոնորները հեռացան առանց որևէ հարց տալու։ Նույնիսկ ցտեսություն չասացին։ Ովքե՞ր էին դրանք։ Բծախնդիր ընտրության համար շատ փող չկար։ Զուր չէր, որ դրանց երազային արտադրանքը թեստավորելիս անհասկանալի դիսկոմֆորտ զգաց, անգամ նոր բառ ծնվեց իր մոտ․ «երազաթորանք»։ Գուցե երազները համատեղելիություն ունե՞ն, ինչպես արյունը։ Գուցե կա՞ն երազների կարգեր, խմբեր։

Ի՞նչ տարբերակիչներ կարող են ունենալ երազները։ Առաջինը՝ ըստ սեռի։ Տղամարդուն կնոջ երազը հակացուցված պիտի լինի։ Դա սեռափոխության նման կլինի։ Հաջորդը, կա՞ երազի ունիվերսալ տիպ, որն ընդունելի կլինի բոլոր Օնեիրաների համար, ինչպես առաջին խմբի արյունն է։ Մնաց երեք օր։ Այլապես «հրեշը» ինձ կսպանի կամ ավելի վատ։ Ավելի վատը ո՞րն է։ Գուցե ինձ իր երազները կպատմի, նոր կսպանի՞։ Դա հուսահատ խոստում էր՝ լուծել երեք օրում։

Գյուտարարը սկսեց գրանցել խնդիրները։ Ամեն խնդիր մի քանի ենթախնդիր էր ծնում։ Դոնորն ու ռեցիպիենտը հասակակիցնե՞ր պիտի լինեն։ Ֆիլիստեր մարդը կարո՞ղ է դոնոր լինել պասիոնար մարդու համար։ Իսկ հակառա՞կը, քաղքենին կարո՞ղ է պասիոնար մարդու երազների ակցեպտորը լինել։ Նժդեհն ասում էր, որ հոգիների մեջ այնքան տարբերություն կա, որքան արյունների։ Երևի նույնն էլ երազների պարագայում է։ Երազներն, անշուշտ, միայն մտավոր պատկերներ չեն, այլ որոշակի կենսաբանական նյութ։

Հարցերի մի այլ խումբ էթիկական հարթության մեջ է, կապված երազների մասնավոր սեփականության իրավունքի հետ։ Հաջորդը ասպեկտը․․․

Երեք օր փութաջան աշխատելու արդյունքում գյուտարարը հասկացավ Օնեիրայի հիմնական օրենքները։ Նա պարզեց, որ ստեղծագործ, պասիոնար երիտասարդի երազը դյուրությամբ կյուրացվի սպառողական ներաշխարհով մարդու հիվանդ Օնեիրայի կողմից ու կկազդուրի այն։ Մնում էր միայն պատշաճ դոնոր գտնել, պատճենել նրա երազները կրիչի վրա ու փոխանցել «հրեշի» կնոջը։

Գյուտարարը հիշեց, թե ովքեր էին առաջին երկու դոնորները։ Հասարակության տականքը։ Ցավոք, ինքը դրան կարևորություն չէր տվել։ Իսկ հիմա պարզ է, թե որն էր «օտար» երազների մերժման պատճառը։ Անկասկած բիզնեսմենն ավելի առաքինի չէր, քան այդ թափթփուկները, սակայն դրանց Օնեիրաների ինտերֆերենցը հանգեցրել էր «տեղաշարժման թրոմբոֆիլիայի» ու կոլապսի։

Գյուտարարին թվաց, թե դռան զանգը հնչեց։ Երևի հոգնածությունից էր։ Բայց պնդերես զանգը նորեն հնչեց։ Նա վեր կացավ ու գնաց դեպի դուռը։

- Բարև Ձեզ,- զվարթ ասաց հաճելի արտաքինով մի երիտասարդ։- Ես նա եմ, ում փնտրում եք։ Եկել եմ Ձեր հայտարարության հետքերով։


Երիտասարդը մտավ սենյակ ու սկսեց դիտել շուրջը։ Գյուտարարը հրավիրեց նստել ու հարցրեց․

- Ի՞նչ է Ձեր անունը։

- Մեսրոպ,- պատասխանեց հյուրը։

- Ինչո՞վ եք զբաղվում։

- Ես քերթող եմ։ Միջնադարյան իմաստով։ Ստեղծագործում եմ, գրում։ Աչքովս ձեր հայտարարությունն ընկավ․ «անհրաժեշտ է խելացի, ստեղծագործ․․․», քեֆս բերեց։ Մտածեցի՝ գամ, տեսնեմ, փորձեմ։ Կներկայացնե՞ք համագործակցության բնույթը։

- Այո, իհարկե։ Ես կսկսեմ քիչ հեռվից։ Մեսրոպ, արձա՞կ եք գրում, թե՞ չափածո։

- Դուք արդի պոեզիային ծանո՞թ եք։ Եթե այո, ապա ձեզ համար կարդամ մի կտոր, դուք ասեք․ արձա՞կ է, թե՞ չափածո։

- Ուրախությամբ, համեցեք մի քառատող,- ասաց գյուտարարը։

Մեսրոպը ոտքի կանգնեց, գրպանից հանեց մի թղթի կտոր։

- Ինձ մոտ քառատողեր չկան։ Նախկինում կային, իմ դասական շրջանում։ Սա երեկ եմ գրել, դեռ ամբողջական չի, նշումներ եմ անում,- ասաց նա, մտասուզվեց ու արտասանեց․

«Անուրջիս մեջ լույսի շողը թրթռաց, որպես գինու գավաթում կնոջ շունչ, ու երկնքի փեշերին աստղերն սկսեցին պարել, հանց պղնձե զանգակներ՝ արևի շողերով կախված։ Եվ ցողի ամեն կաթիլի մեջ դրախտ կար»։

- Դե, ինչ կասե՞ք,- ժպտաց Մեսրոպը։

- Ես ավանգարդի սիրահար չեմ։ Որևէ դասական բան ունե՞ք։

- Օ՜, միայն Ձեզ համար։ Վաղուց նման ոճով չեմ գրում, բայց կարող եմ հիշել մի կտոր՝ խճանկարի ամբողջացման համար։

Բանաստեղծը շտկեց հագուստը, լրջացավ, մտասուզվեց ու արտասանեց․

Օ՜հ, բացեմ կուրծքս, հերիք մարմրամ,

Կայծերը թող որ երկինք սլանան։

Դուրս քաշեմ հոգիս՝ մի բուռ ծիածան,

Ու քամեմ միջից կաթիլը գարնան։

- Այդ ժամանակ ես․․․- ժպտաց բանաստեղծը։

- Սիրահարված էիք,- միտքն ավարտեց գյուտարարը։

- Ճիշտ է, ինչպե՞ս կռահեցիք։

- Անցել եմ նույն ճամփով,- պատասխանեց գյուտարարը։- Դուք գունավոր երազներ հաճա՞խ եք տեսնում։

Բանաստեղծը անակնկալի եկավ հարցից, ապա ժպտաց, ասես քաղցր վերհուշից։

- Այո, միշտ, բայց վստահ եմ, որ դա շիզոֆրենիայի նախանշան չէ։

Մեսրոպը լռեց, ասես ինչ որ բան հասկացավ, ապա ծիծաղեց․

- Ի միջի այլոց, ես եկա լոկ հետաքրքրությունից։ Ու չէի ցանկանա ձեռառնոցի թիրախ դառնալ։ Լավ, ես գնամ։

- Սպասեք,- գոչեց գյուտարարը,- դուք ուզում ե՞ք աշխատել։ Ես լուրջ եմ ասում։ Հաջո՞ղ են ձեր գրական գործերը, տպվո՞ւմ են։

- Ո՜ւր էր թե ․․․ Ոչ ոք չի վերցնում պոեզիան, ասում են, անաքրոնիզմ է։ Ատավիզմ։

- Ես հարցրի գունավոր երազների մասին։ Պարզաբանեմ հարցիս իմաստը։ Ես հայտնագործել եմ մի խրթին տեխնոլոգիա, հոլոգրաֆիկ հիշողության ալիքների գրանցում և վերլուծում՝ երազների տրանսպլանտացիա իրականացնելու համար։ Սարքը գրանցում է REM փուլում գտնվող դոնորի երազը, քարտեզագրում, ապա այն փոխանցվում է կարիքավոր ռեցիպիենտին։

- Դա ահասարսուռ է հնչում։ Ես ո՞վ եմ լինելու այդ շղթայում։

- Դու դոնորն ես։ Շղթան քեզնից է սկսվում։ Դու «հեքիաթային» երազներ տեսնողն ես։

- Իսկ ո՞վ է շղթայի մյուս ծայրում։

- Մյուսում ռեցիպիենտն է։

- Չհասկացա, ավելի պարզ։

- Ավելի պարզ՝ ակցեպտորն է։

- Ավելի հասկանալի չեղավ։ Բայց լավ, հետո՞։

- Մյուս ծայրում երազ տեսնելու կարողությունից զրկված մարդիկ են, կարելի է ասել հաշմված մարդիկ։

- Այսինքն հիմնական առաքելությունը բժշկո՞ւմն է։

- Տարբեր, ստեղծագործական ներուժի խթանում, երազացանցի ստեղծում։ Դա երազների համացանցն է լինելու։

- Ես, թերևս, ամբողջությամբ չեմ հասկանում տեխնոլոգիական մասը, սակայն զգում եմ, որ դուք ցնդելու բան եք հնարել։ Հավատալու հեքիաթ չի։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ի՜նչ եք հնարել։ Ֆանտաստիկա՜։ Հիմա փորձե՞նք։

- Նախ Ձեզ պիտի թեստավորեմ, պարզեմ, թե ո՞ր տիպի երազատես եք։

- Շատ տիպեր կա՞ն։

- Ոչ, հիմնական երկու տիպ կա, պայմանական՝ «Վարդանի զարմից» և «Վասակի զարմից»։ Կռահում եք, հավանաբար, ինչ անվանումներ են։ Այժմ արդյունահանման մասին։ Բառը հաջող չի, իրականում երազները պատճենվում են կրիչի վրա, չխախտելով դոնորի Օնեիրան։

- Կռահում եմ, որ Օնեիրան մարդու երազների լանդշաֆտն է։

- Այո, մարդու ներսում ծնված, ինքնահարստացող, փոխկապակցված երազների մի մեկուսի աշխարհ է, դեռ խորապես չուսումնասիրված։ Գնանք սարքերի մոտ։

Նրանք անցան պատշգամբ, որտեղ հանգրվանել էր պատկառելի չափերի մի սարքավորում՝ Երազագիրը։ Կենտրոնում դրված էր մի բազկաթոռ, միացված համակարգիչներին։ Պատշգամբից երևում էր Արարատ լեռը։ Մեսրոպը նստեց։ Նստելը որն է, ամբողջությամբ սուզվեց բազկաթոռի մեջ։

- Ես կհետևեմ սարքերին, իսկ դու պիտի դնես այս գրանցող գլխարկը։ Շատ նուրբ սարք է, ամենակարևոր մասը։ Պիտի քնես ու երազ տեսնես։ Բայց մինչ այդ նայիր Արարատին։

- Դա ծիսակարգի մա՞ս է։

- Դու կհամակվես նրա վեհությամբ։ Ես գտել եմ, որ հայ ժողովրդի ստեղծագործ ուժը կապված է մեր լեռան հետ՝ մեր ենթագիտակցության խորքում։ Երբ հայը նայում է Արարատին, նրա ուղեղում ակտիվանում են այն կոգնիտիվ հանգույցները, որոնք պատասխանատու են հիշողությունների և զգացմունքների համար։ Սակայն միայն դա չի։

- Հետաքրքիր է։

- Արարատը կատալիզատոր է։ Նա, ով «Վարդանի զարմից» է, նրա երազները դառնում են ավելի կենդանի ու վառ հույզերով լի։ Իսկ ով «Վասակի զարմից» է, նրա երազները դառնում են թույլ, խամրած, անորոշ։ Քանի որ նրանք իրենց տեսիլներին հավատարմություն չունեն։

Բանաստեղծը պոկվեց բազկաթոռից ու մոտեցավ պատուհանին։ Նա նորովի զգաց լեռան տպավորիչ ուժը՝ հսկա, անխախտ և խորհրդավոր, ասես լեռն իրեն դիտում էր դարերի խորքից։

- Ֆանտաստիկա՜,- ծոր տվեց երիտասարդը։

Մեսրոպը դրեց գլխարկը, ընկղմվեց բազկաթոռի մեջ ու հայացքը հառեց Արարատին։ Գյուտարարը միացրեց սարքն ու սկսեց հետևել գրանցման գործընթացին։ Պոետի աչքերն աստիճանաբար փակվեցին ու նա քուն մտավ։


- Իմ ամուսինը,- ասաց երիտասարդ, սիրունատես կինը գյուտարարին,- գնալով վերականգնվում է։ Հիմա նա իրեն նախկինի պես լավ է զգում։ Եվ ձեր հավաստիացումը, որ նա կկազդուրվի, իսկապես տեղի ունեցավ։ Դեռ ավելի՜ն․․․

- Ես ուրախ եմ,- ասաց գյուտարարը,- որ կարճ ժամանակում հաջողվեց նրան օգնել։ Մեր նոր դոնորի երազները հրաշագործ են։ Պատմեք ինձ բուժման ընթացքը։

- Վերջին մեկ ամսում նա ընդունեց տասնհինգ երազ, երկու օրը մեկ, ինչպես հանձնարարել էիք։ Սկզբում անհետացավ ագրեսիան, ապա՝ հիստերիան, հետո՝ ապատիան, վերջում էլ հայտնվեց հետաքրքրությունը։ Իսկ երկու օր առաջ նա ինքնուրույն երազ տեսավ՝ առանց սարքը միացնելու։

- Նա գիտի՞ բուժման մանրամասները։

- Ոչ, նա ենթադրում է, թե իր նոր սիրուհին է պատճառը։ Կարծում է՝ տեղյակ չեմ։

- Ի՞նչ նկատի ունեիք ասելով․ «դեռ ավելին»։

- Դեռ ավելի՜ն, նա ժպտում է, օրը մեկ հումոր է անում, առայժմ անհաջող։ Առաջվա մռայլությունը, որ ես լրջության տեղ էի ընդունել, պակասել է, ու դեմքին թեթև կենսախնդություն է հայտնվել։ Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ։

- Ձեր ամուսինը պատմեց իր ավտոտրոֆ երազը։

- Այո, պատմեց մի ոգևորությամբ, ասես նոր շոր հագած երեխա լիներ։ 

Ու կինը խանդավառությամբ պատմեց ամուսնու երազը, գունազարդելով եղածը։ 

- Ահա այդպիսի մի գունագեղ երազ։ Իսկ վերջում նա տեսնում է, թե ինչպես մի ոսկեհուր թռչուն, (ամուսինս ներքուստ զգում է, որ Հազարան բլբուլն է), ճախրելով իջնում է ու գալիս նստում է իր ուսին։ Դրանից ամուսինս սարսափում է ու զարթնում։ Բայց ինչպե՜ս էր նա պատմում, մանկան պես, ով առաջին անգամ գազանանոցում փիղ է տեսել։

Կինը ոտքի կանգնեց գնալու մտադրությամբ։ Ցույց տալով իր հետ բերած տուփը, նա ասաց․

- Հարգելիս, ես նվեր եմ բերել մեր հրաշագործին։ Սա ամուսնուս երազի` Հազարան բլբուլի արձանիկն է։ Պատրաստված է ամուսնուս նկարագրածով՝ կիսաթանկարժեք քարերով, տեղ-տեղ ագուցված սուտակներով ու ոսկեզօծված է։ Խնդրում եմ այն փոխանցեք մեր երազատեսին՝ ի նշան մեր երախտագիտության։ Բացե՞մ տեսնեք։

Գյուտարարը հրաժարվեց։

- Ոչ, ուզում եմ, որ դա առաջինը մեր դոնորը տեսնի։ Իսկ ձեր ամուսնուն թողեք, թող մեկ ամիս ինքնուրույն երազներ տեսնի։ Ապա միասին հետևություն կանենք։

Կինը հրաժեշտ տվեց ու հեռացավ։

Չնայած ակնհայտ տրիումֆին, գյուտարարի մոտ մոտալուտ ֆիասկոյի զգացողություն կար։ Հազարան բլբուլը երազանքների մարմնավորումն է։ Բլբուլը վերադարձել է։ Նույն է, թե վերադարձել է Օնեիրան։ Ո՞ւր էր հեռացել, ինչո՞ւ։ Բայց ավելի կարևոր խնդիր էր ծագել այս մեկ ամսում։

Մեկ ամսում Մեսրոպը ներքին մետամորֆոզ էր ապրել։ Դադարել էր ծիծաղել, միայն թեթև ժպտում էր։ Խոսում էր միայն պարզ ընդարձակ նախադասություններով։ Իսկ առավել ակնհայտն այն էր, որ քսաներորդ օրից սկսած նա այլևս գունավոր երազներ չէր տեսնում։ Ինքը ստիպված հին երազների անոտացված տվյալներով էր նորերը գունավորում։

Որտե՞ղ է կրկին սխալվել։ Զուր չէր իր ուսուցիչն ասում, որ երազների աշխարհը խրթին է ու անհատնում, ինչպես տիեզերքը։ Օնեիրան նաև քմահաճ է, անկանխատեսելի։ Բայց այս պահին կարևորը Մեսրոպն է։ Եվ նա կգա օգնության ակնկալիքով։ Գուցե փրկությա՞ն։

Հնչեց դռան զանգը։ Գյուտարարին պարզ էր, թե ով է դռան մոտ, քանի որ այդ զանգի մեջ անգամ վհատություն կար։ Նա գնաց ու բացեց դուռը։

Մոլոր տեսքով ներս մտավ Մեսրոպը։ Մեկ ամիս առաջ այս դռնով ներս մտնելիս նա կենսահորդ, ժպտուներես երիտասարդ էր։ Հիմա ասես թոշնել է։

- Տիգրան,- դողդոջ ձայնով արտաբերեց երիտասարդը։- Ես ինձ լավ չեմ զգում։ Գլուխս լավ չի աշխատում։ Արդեն երազ էլ չեմ տեսնում։ Ոչ մի երազ չեմ տեսնում։

Գյուտարարը մեղսավոր կախեց գլուխը։

- Ես այլևս երազատես չեմ կարող աշխատել, չէ՞։

- Երևում է, որ հիմա չես կարող, Մեսրոպ։ Ես դեռ պատասխան չունեմ, թե ինչ է կատարվել։ Գուցե ուղեղդ հասկանալով, որ իր երազները վաճառվում են, բնազդորեն «փակվել» է՝ պաշտպանելով իրեն: Ես չգիտեմ․․․

- Իսկ ես գիտեմ։ Գլխարկը քամում էր ինձնից երազներս։

- Դա հնարավոր չէ։ Սարքը միայն գրանցում է, պատճենում, սկզբնաղբյուրը չփոփոխելով։ Քո երազների լանդշաֆտը․․․- սկսեց գյուտարարը, բայց կանգ առավ, որովհետև հենց այդ պահին հասկացավ, թե ինչ է եղել։

- Ինչպե՜ս գլխի չէի ընկել,- ծոր տվեց նա։

Գյուտարարը ինքն իր գլխին իջավ բռունցքներով։ Երկու անգամ։

- Օնեիրան, անկասկած, քվանտային էություն է, իսկ ամեն քվանտային օբյեկտ ենթակա է «դիտորդի էֆեկտին»։ Պատճենումը հենց միջամտություն է, այն փոխում է օբյեկտի հատկությունները։ Այսինքն երազը «copy» չի արվում, այլ՝ «cut» իր բնածին ծննդավայրից։ Եվ յուրաքանչյուր գրանցված երազ պոկված ծաղկաթերթ է դառնում: Հասկանո՞ւմ ես․․․

- Ես ոչինչ չեմ հասկանում։ 

- Չեղա՜վ, պետք չի ընկճվել։ Միշտ էլ լուծում լինում է։ Անդառնալիության կետը դու չես անցել։ Երեք օրից ես կգտնեմ լուծումը, հավատա։ Քո Օնեիրան կվերականգվի, կտեսնես։ Երեք օրից արի։ Դու նորից առաջվա պես երազներ կտեսնես, դու ինձ հավատո՞ւմ ես։

- Ոչ, ոչ,- պոետը հուզվեց։- Ես էլ երազ չեմ տեսնի։ Այդ անիծյալ գլխարկը քամեց ուղեղս։

Մեսրոպը զսպեց հուզմունքը, սրբեց քիթն ու ասաց․

- Դու դեռ ամբողջը չգիտես։ Այսօր ցանկացա մի քիչ գրեմ։ Տես, թե ինչ է ստացվել։

Առանց պատասխանի սպասելու Մեսրոպը ոտքի կանգնեց, գրպանից մի թուղթ հանեց ու կարդաց։

Ծառը կանաչ է, ճյուղերը՝ բարակ,

Ու գետի ջուրն էլ հոսում է արագ,

Երկինքը լուրթ է, և արևը՝ տաք

Հողն էլ քնած է, ու հոգիս է փակ։

- Տեսնո՞ւմ ես։ Բանաստեղծության փոխարեն՝ տավտալոգիա։ Վաղը դա էլ չի լինի։ Ու սիրտս տագնապում է։

- Դու հիշո՞ւմ ես քո վերջին երազը։

- Այո։ Դա մի թռչուն էր, որ թևերը թափահարելով համատարած խավարի մեջ թռավ հեռացավ ինձնից։

Գյուտարարը մոտեցավ սեղանին, քանդեց կնոջ բերած տուփը ու դուրս հանեց նվերը։

- Սրան նմա՞ն էր,- հարցրեց գյուտարարը։

Սեղանի վրա հայտնվեց բյուրեղյա թևաբաց մի թռչուն՝ թանկարժեք քարերով ագուցված ու տեղ-տեղ ոսկեզօծ։ Մեսրոպը աչքերը պլշեց թռչնի վրա, ասես ճանաչեց այն՝ իր երազների բյուրեղյա մարմնացումին։


- Ես երեք օրից կգամ,- վերադառնալով իրականություն ասաց Մեսրոպը և ուղղվեց։- Ինձ փրկելու համար պետք չէ ուրիշին դոնոր դարձնել։

Երեք օր անց Մեսրոպը թակեց դուռը։ Գյուտարարի դեմքին ոչ մի էմոցիա չնկատելով նա համրաքայլ առաջացավ դեպի սենյակ։ Իսկ այնտեղ նրան կայծակը շանթահարեց։ Սենյակի մեջտեղում կանգնած ու միայն իրեն ծանոթ գորովանքով իրեն էր նայում իր առաջին ու միակ սերը։ Մեսրոպը նետվեց դեպի աղջիկը։

- Բայց ինչպե՞ս գտար նրան,- զարմացավ նա։

Գյուտարարը վերջապես ժպտաց։

- Այդ հեղակարծ միտքը միայն երեկ առավոտյան ուղեղումս փայլատակեց։ Կայծակի՛ պես։ Հիշո՞ւմ ես, մեր վերջին հանդիպման ժամանակ ասացի, որ Օնեիրան քվանտային էություն է։ Հետևաբար անառողջ Օնեիրան կարող է բուժվել ավելի ազդու ու առավե՛լ քվանտային ֆենոմենով։ Դա կարող էր լինել միայն սոցիալական ֆենոմեն։ Իսկ ի՞նչը կարող է ունենալ երազներից ավելի «քվանտային խճճվածություն», միաժամանակ տարբեր վիճակներում գտնվելու «սուպերպոզիցիա», ո՞ր սուբստանցն է երազից ավելի հոլոգրաֆիկ։ Միայն սե՛րը։ Երազները, որքան էլ խորհրդավոր են, բայց նրանք ընդամենը սիրո գույնզգույն ստվերներն են: Ու ես գլխի ընկա, թե ինչ է պետք անել։ Քո գրանցված երազների անոտացված տվյալների մեջ հայտնաբերեցի նրա դեմքն ու անունը, ապա սոցիալական ցանցում գտա նրան։ Ես պատմեցի Լիլիթին տեղի ունեցածի մասին, իսկ մնացյալը՝ կարևորը ինքը կպատմի։


64 views0 comments

Comments


bottom of page